Թումանյան Հովհաննես՝   Պատմվածքներ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 Next Last

Գիտեմ ոչ Շորագյալ եղել եք թե չէ, Հոռոմ անունով մի գեղ կա. էդ գեղիցը դուրս ենք եկել գալիս ենք դեպի Արթիկ: Եկանք, ճամփին մութն ընկավ: Ծնկահար ձյուն. ցուրտն էլ հո թրի նման մարդի երես է կտրատում: Ճամփեն էլ լավ չգիտենք: Գնա թե պետք է հասնես Արթիկ:

Էս մեր Դավիթն առաջին էր գնում: Մին էլ թե` տղեք եկեք, որ գեղը գտել եմ:

Այ տղա, ո՞ւր է:

Թե` հրեն ճրագները երևում են:

Մտիկ տանք տեսնենք, ճշմարիտ որ հեռվում շատ ճրագներ են երևում: Միայն ես նկատում եմ, որ էս ճրագները ժաժ են գալի, դես-դեն են գնում:

Ասի` տղեք:

Թե` ինչ է:

Ասի` էս գեղ չի: Մին, որ ձմեռը սրանց գեղերի տների դուռն ու կտուրը փակ, ճրագները չեն երևալ, մին էլ որ` էս ճրագները որ տեսնում եք` ման են գալի:

Թե` բա էս ի՞նչ են:

Ասի` գելեր են: Գիլի բոլուկի բերան ենք ընկել, պատրաստվեցեք: Ես լսել եմ, որ զուռնի ձենին գելըէլ վախենում է, թե ինչ, — մոտ չի գալի: Զուռնա-դհոլը սարքեցեք: Էս խոսքումն ենք, տեսանք ճրագները մոտենում են, մթնումը, ձնոտ դաշտումը, դեսուդեն վազում են, ցրվում են, ուզում են մեզ շրջապատեն: Էնքա՛ն են, էնքան են, որ էլ հաշիվ չկա:

Ես ու Ակոփը զուռնեն զլեցինք, էս Դավիթն էլ դհոլը-դը՛մբ հա դը՛մբ, կեսգիշերին, էս վերանա դաշտումը ածում ե՛նք: Զուռնա դհոլի ձենը վեր էլավ թե չէէս գելերս, ոնց որ տեղնուտեղը մեխես, մնացին իրենց տեղերը մեխված:

Մին էլ ոռնոց վեր քաշեցին, տեր աստված, ի՛նչ ոռնոց: Զուռնի հետ ձեն ձենի են տվել, ոռնում են:

Վայ ծիծա՜ղ, — էս ու էն կողմից բացականչեցին գյուղացիք: — Ուստա Սարգիս, լավ է ծիծաղներդ գալիս չէր:

Այ տղա, ի՞նչ ծիծաղ կգար, սիրտներս սևացել էր. դանակ տայիր` արյուն չէր կաթիլ:

Ետո՞, ետո՞...

Ետո մենք ճամփա ընկանք, սրանք էլ մեզ հետ: Մենք ածելով գալիս ենք, սրանք էլ չորս կողմերս կտրած հեռու մթնումը ցինգիր-ցինգիր անելով գալիս են: Կարծես պար են գալիս: Գլուխներդ ինչ ցավեցնեմ. էսպես գնալով գիշերվա մի ժամանակը առաջներս մի շան հաչոցի ձեն լսեցինք հեռու: Էս հաչոցի վրա մի քանի շներ սկսեցին հաչել ու ոռնալ, ու մին էլ տեսնենք մոտիկ գեղի ճրագները դուռը դուրս եկան: Մարդկանց ձեները հասնում է մեզ:

Ուրախությունից զուռնա-դհոլի ձենն ավելի զլեցինք:

Քանի գեղին մոտենում ենք, գելերը ետ են ընկնում: Վերջապես հասանք գեղին, սրանք ետ դառան, կորան:

Գեղացիք ճրագներով, աղմուկով առաջ եկան-մնացին զարմացած: Տեսնում են` երկու զուռնաչի ու մի դհոլչի ածելով գալիս են ու հետները հարսանքավոր չկա:

Այ ուստեք, բա հարսանքավորնե՞րը որտեղ են:

Ասում ենք` հարսանքավորները ետ դառան գնացին: Չուզեցին ձեր գեղը մտնեն:

Էդ ո՞վ էին որ...

Գելերը...

Ո՞նց թե գելերը...

Ախպեր, ասինք, պատմելու ժամանակը չի, ցրտատար էլանք, մեռնում ենք, մեզ մի տաք տուն տարեք, էնտեղ կպատմենք:

Տարան մի տաք օդա. բուխարին թեժ արին, հացը դրին առաջներս, գլխներիս հավաքվեցին էսպես, ինչպես որ մենք հավաքվել ենք, ու սկսեցինք պատմել: Պատմում ենք ու ծիծաղում, պատմում ենք ու ծիծաղում:

Վերջն էլ իմանանք, որ էն գեղը չենք եկել, որտեղ գալիս էինք, ճամփեն կորցրել ենքընկել ենք Պարնի գեղ:

7

Դուք հո կրակն ու զուռնեն եք ասում, բայց գելը մի բանից էլ է վախենում, թե իմանաք ընչի՞ց, — հարց տվեց օտարականը:

Թոկից, — ձեն տվին մի քանիսը:

Ո՞նց թե թոկից, — զարմացան չգիտեցողները:

Հա՜, ճշմարիտ է, թոկը որ ետևիցդ քաշ տամ` գելը կվախենա, մոտ չի գալ, — հաստատեց քեռի Անդրիասը:

Ա՜յ տղա, թոկն ի՞նչ է, որ գելը թոկից վախենա:

Ո՞վ գիտի, օձի տեղ է դնում, ինչ է, ի՞նչ իմանաս:

Մեր գեղումը Եղո անունով մի ջահել մարդ կար, — պատմեց Շորագյալցին: — Մի շատ սրտոտ ու քաջ մարդ: Երեսին որ թուր բռնեիր` երեսը ետ չէր թեքիլ: Ինքն էլ թրի-թվանքի հետ խաղացող մարդ էր:

Սրանից մի 4-5 տարի առաջ մի ձմեռ գործով գնում է մեր հարևան գյուղերը ու մի քանի օր ուշանում: Մի երեխա ուներ, շատ էր սիրում: Մի իրիկուն լուր է առնում, թե բա` երեխեդ հիվանդ է, քեզ է ուզում: Վեր է կենում, թե` պետք է գնամ: Սրա առաջն են ընկնում, բռնում են, համոզում են, թե մութը գիշերհազար ու մի չար փորձանք, հազար ու մի գել ու գազան, սպասիր, ասում են, գիշերը լուսանի, կլուսանա կգնաս երեխիդ կտեսնես: Սա պըպին է կանգնում թե` չէ որ չէ, հենց էս կես գիշերին պետք է գնամ, թուրը վրես, ձին տակիս, ի՞նչ պետք է պատահի: Ինսանի թարսություն էլի: Չեն կարում հաղթեն, կես գիշերին ձի է նստում, ճամփա ընկնում: Կիսաճամփին գիլի բոլուկը սրան շրջապատում է: Դու մի ասիլ հետը թոկ ունի, ինքն էլ փորձված, բանգետ մարդ է. թոկը երկար բաց է թողնում ու ձիու ետևից քաշ տալիս: Գելերն էլ մոտ չեն գալիս, երկու կողմից թոկին մտիկ տալով վազ են տալի: Էսպես բավական տեղ անց է կենում: Մի տեղ էլ, ո՞նց է լինում, ի՞նչ է լինում, թոկի ծերը ձեռքից դուրս է պրծնում ու վեր է ընկնում: Սա ձին քշում է: Մի քիչ տեղ գնում է, գելերը վրա են տալիս: Թուրը հանում է հենց առաջին հասնողին տալիս... Դե գելերի սովորությունն էլ գիտեք էլի. մինը թե վիրավորվեցմյուսները նրա վրա կթափվեն, կուտեն: Էդպես էլ ձիավորին թող են անում, վրա են թափում էս վիրավորվածին: Եղոս ձիուն մտրակում է, քշում, բավական տեղ քշած գնում է: Գելերը վիրավորվածին լափում են պրծնում, ետ նորից ընկնում սրա ետևից: Սա էլի ուզում է թուրը հանի, որ զարկի, քաշում է, քաշում, դուրս չի գալի: Տեսնում է` հասնում են իրենհերսից պատյանը ատամով կրծոտում է, ինչ անում է, չի անում` թուրը դուրս չի գալիս: Դու մի ասի` գիլին որ զարկել է, առանց արյունը սրբելու տեղն է դրել, արյունոտ թուրը կպել է պատյանին, ամրացել:

Էլ ի՞նչ երկարացնեմ, գելերը վրա են տալի, իրեն էլ են ուտում, ձիուն էլ:

Մյուս օրը լուրն եկավ. գնացինք տեսանք արնոտ ձյունի վրա իր ոսկորներն էլ, ձիունն էլ, թուրն էլ, պատառոտած շորերն էլ թափված, ցրված դեսուդեն:

Բա էն մարդին, որ գելերը կերել էին` ձեզ էդ բոլորն ո՞վ պատմեց, — հարցրեց մի գյուղացի:

Հապա մարդուս խելքն ու փորձն ընչի համար է, — պատասխանեց պատմողը: Գնացինք տեսանք ձընի պարզ հետքերը Երևում են, որ կողմից է եկել ու որտեղ է շրջապատել գիլի բոլուկը, որտեղից է եղոն սկսել թոկը քաշ տալ, մինչև որտեղ է քաշ տվել, որտեղ է ձեռիցն ընկել: Մի քիչ էլ գնացած է ու հետքերն իրար են խառնված, տակնուվրա են եղած, ու թափված են գիլի բուրդն ու ոսկորները: Նրանցից բավական հեռու էլ իրեն ու ձիուն են կերել: Թուրն էլ բերինք, տեսանք պատյանը մարդու ատամներով կրծոտած: Քաշեցինք, քաշեցինք, չկարացինք դուրս քաշել, տվինք վարպետին, քանդեց. հանեց. տեսնենք արյունոտ, կպած պատյանին:

Ափսոս մարդ, — էս ու էն կողմից ափսոսացին գյուղացիք: Ա՜յ թե ընչի համար են ասել, թե համբերությանը կյանք է: Ասա, հեր օրհնածի մարդ, մի քիչ համբերի, լուսանա էլի...

8

Տղե՛ք, հավատա, գիլիցն էլ վերը վնասակար գազան չլինի, դուք ի՞նչ եք ասում, — խոսեց մի գյուղացի էս պատմությունից հետո:

Էդպես էլ իմացած կենաք, որ չի լինել, — հաստատեց քեռի Անդրիասը ու դիմեց ինձ.

Դու ի՞նչ կարծիքի ես, պարոն:

Ես էլ էդ կարծիքին եմ, — պատասխանեցի ես: — Արդեն գրքերից էլ հայտնի է, որ ոչ մի գազան գիլի չափ վնաս չի տալիս մարդուն: Մանավանդ էն երկրներում, որտեղ գլխավորապես անասնապահությամբ են պարապում: Ամեն տերության մեջ էլ ահագին վնաս է տալիս: Միայն Ռուսաստան տարեկան մոտ մեկ միլիոն անասուն է փչացնում:

Հապա ի՞նչպես է, որ տերությունները դրա մասին չեն մտածում, մի ճար անում, — խոսքս կտրեց մի գյուղացի:

Ի՞նչպես չեն մտածում: Տերություններ կան, որ առանձին վարձատրություն են տալիս գել սպանողներին: Կանոնավոր կռվում են գիլի դեմ: Դրա համար էլ էնպես տերություններ կան, որ մեջներն էլ գել չկա. օրինակ Անգլիան, Գերմանիան...

Վա՛հ, — զարմանքից բացականչեցին գյուղացիք: — Ո՞նց թե... հիմի էդ երկիրներում էլ գել չկա՞:

Չկա...

Ա՛յ երկիր... Ապրանքդ ազատ բաց թող ու հանգիստ գնա քու գործին...

Էնպես տերություն էլ կա, — շարունակեցի ես, — որ հաշվով գիտեն, թե քանի գել կա իրենց երկրում, չորսը թե հինգը...

Էդ ի՞նչ բան է, — ավելի զարմացան գյուղացիները, — մեզանում իսկի մարդի հաշիվը գիտեն ոչ, նրանք գելն էլ են հաշվել:

Որ ասում ես գելը վերջացնում են, ի՞նչպես են անում, վարժապետ, — հարցրեց մի ծերունի, որին Սահակ էին ասում:

Զանազան միջոցներով, բի՛ձա Սահակ: Ինչպես ասի` տերություններն առանձին վարձատրություն կամ պարգև են տալիս ամեն մի սպանած գիլի համար, որսկաններն էլ աշխատում են շատ գել սպանեն, որ շատ փող ստանան: Մինչև անգամ կազմակերպված ընկերություններ կան, որ միայն գիլի որսի համար են: Էնպես երկիր էլ կա, օրինակ, Իսպանիան, որ եթե տերությունը չի վարձատրում գել սպանողին-ժողովուրդն է վարձատրում: Սպանողը գելը գցում է իշի կամ ձիու վրա ու գեղե գեղ ման ածում, ապրանքատերերից փող է հավաքում: Եվ ամենքն էլ ուրախությամբ տալիս են:

Չէ՛, ես էդ չէի հարցնում, պարոն ջան, ես էն էի հարցնում` թե ընչո՞վ են սպանում, ինչպես են կոտորում:

Հա, էդ ես հարցնում: Ասեմ, բիձա Սահակ, էդ էլ ասեմ:

Իհարկե, հրացանով սպանելն ու թակարդով բռնելը արդեն դուք էլ գիտեք: Բացի հրացանն ու թակարդը, էնպես տեղեր էլ կան, որ խորը փոսեր են փորում, օրինակ մի սաժեն ու կես խորությամբ, մի սաժեն էլ լայնությամբ: Երեսը ցախ ու մախով ծածկում են, վրեն միս են դնում, չորս կողմն էլ դեռ ցած ցանկապատում, որ գելը թռչի, հանկարծ ընկնի մեջը: Սրանով, իհարկե, չի կարելի շատ բան անել:

Էնպես տեղ էլ կա, որ ամբողջ հասարակություններով հավաքվում են, գնում են շրջապատում անտառի որոշ մասերը: Որսկանները հրացանները ձեռներին պատրաստի երեք կողմը կտրում են, իսկ չորրորդ կողմից մի բազմություն անտառ է մտնում ու հրացան արձակելով, աղմկով, հարայ-հրոցով, շանով-բանով գազաններին քշում, բերում գցում որսկանների բերանը: Էս էլ անտառոտ տեղերն է լինում, ու էս միջոցն էլ չի մեծ արդյունք տալիս: Պատահում է, որ ահագին աղմուկից հետո մեջտեղը մի կամ երկու նապաստակ են հայտնվում կամ պատահում է, որ դուրս եկող գազանները անվնաս էլ փախչում, ազատվում են: Շատ քիչ են սպանվում:

Ռուսաստանի ձնոտ դաշտերումն էլ մի ուրիշ տեսակ որս են անում: Ձիով ընկնում են գիլի ետևից: Ծնկնահար ձյանի մեջ թաղվելով` գելը զոռով է վազում և շուտ էլ հոգնում է: Ետևիցը հասնում են` հենց տեղնուտեղը դագանակով սպանում: Բայց ավելի շատ գիլին կոտորում են թույնով: Սատկած ոչխարը մաշկում են, միսը շերտ-շերտ կտրատում, արանքները թույն են լցնում, ետ նորից մորթին վըրեն քաշում ու տանում գիշերը հանդերում վեր գցում: Սոված գելեր-գալիս են ուտում ու տեղնուտեղը կոտորվում:

9

Վարժապետ, ճշմարիտ է, գելը գազան է ու մարդուն էլ շատ է վնաս տալիս, միայն էդ որ պատմեցիր, ախպեր, ինչ թաքցնեմ, մեղքս եկավ, — խոսեց ծերունի Սահակը:

Հետո գիլին մեղք կգա՞ն որ, Սահակ բիձա, — ձեն տվեց մի հովիվ:

Ինչի՞, գելը շունչ կենդանի չի՞, — սկսեց վիճել Սահակ բիձեն:

Գելն ի՞նչ է որ, — մեր շան պես անասուն էլի, — խոսքն առավ քեռի Անդրիասը: — Ուղիղ շան պես: Որ էն շունն էլ չոլերը գցես` անտեր, սոված թողնես, հալածեսկվայրենանա, կդառնա գիլի պես մի բան, էլի: Ինչպես որ էն սոված, վայրենի գելն էլ, որ բերես կուշտ պահես, պահպանես, խնամես, կընտելանա, կդառնա մեր շան պես տանու կենդանի:

Հետո գելը տանու կըլնի՞ որ, քեռի Անդրիաս:

Լա՜վ: Շատ է պատահել: Գիլի ճուտը բռնի բեր տանու արա, տես կլինի թե չէ:

Հապա ինչո՞ւ է ասած` գելն ինչքան էլ տանու անես-էլի աչքն անտառումը կլինի:

Էդ էլ է ճշմարիտ: Մի սերնդի, երկու սերնդի աչքն անտառումը կլինի, բայց կամաց-կամաց անտառը կմոռանա-կդառնա տանու կենդանի շան նման: Եվ հենց ինքն էլ շան ցեղից է, էլի: Գելն էլ կազմված է էնպեսինչպես շունը: Գելն էլ շան պես տարին մի անգամ 3-10, բայց սովորաբար 4-6 ձագ է ծնում, ու ինչպես շունն իրեն համար բուն է փորում կամ մի անկյուն է գտնում ու էնտեղ ծնում ու մեծացնում ձագերը, էնպես էլ գելը: Կամ գետնում բուն է փորում, էնտեղ ծնում ու մեծացնում իր ձագերը կամ ընկած ծառի փչակում, կամ մերում, կամ հենց ծմակի խիտ տեղերը: Նա էլ է էնպես սիրում իր ձագերին, ինչպես ամեն մի ծնող կենդանի: Մի վտանգի հոտ առնելիս բերանով` շատ զգույշ ու քնքույշ իրենց տեղից տանում է ավելի ապահով տեղ: Եվ երբեք իր բնի մոտերքում որս չի անիլ ու վնաս չի տալ, որ կասկած չբերի էդ տեղի վրա:

Գիլի էգն էլ, ինչպես շանը, ավելի քնքույշ է, դունչն ավելի սուր ու պոչն ավելի բարակ: Գելն էլ պատահում է, որ նույնպես կատաղում է, ինչպես շունը: Եվ կատաղած գիլից շատ են վախենում ու սարսափով հեռու են փախչում բոլոր վայրենի կենդանիները:

Վերջապես գելն էլ շան պես 12-15 տարի է ապրում: Ավելի երկար շատ քչերն են ապրում, ինչպես և շների մեջ:

Մի խոսքով, միևնույն կենդանիներն են. մինը խնամքի տակ ու կուշտ, մյուսը վայրենի, հալածված ու սոված: Իսկ սովը...

Սովն ինչ ասես կանի, ձեզ մատաղ: Սովը մարդին էլ կդարձնի սարսափելի, ո՞ւր մնաց էն անտառի գիլին, — խոսքը վերջացրեց քեռի Անդրիասը:

ճշմարիտ ես ասում, քեռի Անդրիաս, — ասացի ես: Մեզանում սովորություն չկա, միայն լուսավոր երկրներում շատ է պատահում, որ մարդիկ վայրենի անասուններին ու գազաններին բռնում են, բերում են տանու անեն. փորձում են, վարժեցնում են, բան են սովորեցնում: Մինը երկու գիլի ճուտ էր բռնել բերել տանը պահել: Կարճ ժամանակում էնքան էին ընտանիացել, որ ազատ տան մեջն ամենքի հետ էլ խաղ էին անում ու շան հետ միասին միևնույն բնումը քնում: Մի քանի ժամանակից ետը մինը սատկում է: Ասում է` մենակ մնացածը քանի ժամանակ էր էլ ոչ խաղ էր անում, ոչ կարգին կերակուր էր ուտում: Տխուր վեր ընկած դարդ էր անում ու ոռնում: Իհարկե հետզհետե մոռացավ ու էլ ետ աշխուժացավ: Մեծացավ, ու ասում է, մեզ հետ էնքան էր կապվել, որ որտեղ նստում էինք, միշտ կողքներիս վեր էր ընկնում և ուրիշներին չէր թողնում, որ մեզ մոտենան: Ասում է` վախեցինք մարդու վնաս տա, շղթայով կապեցինք, իսկ մի քանի ժամանակից ետը մի շրջիկ գազանանոցի վրա ծախեցինք: Անցավ դրանից մի տարի ու կես թե երկու տարի, լավ չի միտս, էդ գազանանոցին պատահեցի մի քաղաքում: Հետաքրքրվեցի, ներս մտա, ասի տեսնեմ իմ գելը կենդանի է, թե` չէ: Ներս մտա հարցրի: Դու մի ասիլ գելը մոտիկ վանդակում պառկած է եղել: Ձենս իմացավ թե չէ` վեր թռավ, ճանաչեց, ուրախացավ, ու ի՛նչ էր անում, ի՛նչ էր անում, չեք կարող երևակայել: Աշխատում էր ինձ մոտենալ, պոչը շարժելով, ծմըրալով դեսուդեն է ընկնում վանդակում: Ինձ էլ թվաց թե մոտիկ, հարազատ արարածի հանդիպեցի, և դուրս գալիս մի տեսակ ցավ զգացի:

Ինչ կասեք սրան: Ահա պատահած դեպքը: Եվ ճշմարիտ է ասում քեռի Անդրիասը. գելն էլ շան պես մի արարած է, միայն վայրենի, հալածված ու սոված:

Արդեն գիշերվա կեսն էր, որ մեր զրույցը վերջացրինք: Շները դուրսը հաչում ու երկար ու ձիգ ոռնում էին:

Անտերը գեղի վրա պտիտ է գալիս. հեռանում չի: Հանգստանալու չի, մինչև էս գիշեր մի վնաս չտա: Տղե՜ք, զգույշ կացեք, ապրանք չտաք ռեխը, — ասավ քեռի Անդրիասը գյուղացիներին, որ բարի գիշեր ասելով, իրար ետևից դուրս էին գնում մեր օթախից: Դուրսը նրանցից մինը երկար ու զիլ հե՜յ հե՜յ աղաղակեց, ու գյուղի շները հեռու թաղերից սկսած ավելի կատաղի սկսեցին հաչել ու ոռնալ խմբովին:

Սոված գելը պտտվում էր գյուղի չորս կողմը:

1914

ԻՄ ԸՆԿԵՐ ՆԵՍՈՆ

Մի խումբ ընկեր երեխաներ էինք: Գյուղացի երեխաներ:

Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն. ազատ էինք միանգամայն ու խաղում էինք. ի՜նչքան էինք խաղում: Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել: Սոված ժամանակներս էլ` վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց հանում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ: Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում:

Մի ընկեր ունեինք, անունը Նեսո: Է՛նքան հեքիաթ գիտեր, է՛նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը:

Ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջ-բոլոր նստոտում էինք, հիացած պլըշում Նեսոյի` ոգևորությունից գեղեցկացած դեմքին: Ու պատմում էր նա Հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու Մութ աշխարհից...

Նեսո ջան, Նեսո, հիմի էլ Կուր Թագավորի հեքիաթը պատմի, հիմի էլ Թութի ղուշի հեքիաթը պատմի... հիմի էլ Քաչալի ու Քոսակի հեքիաթը պատմի...

II

Էնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բաց արին: Ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի քսան-երեսուն երեխա: Ամեն մի երեխի համար տարեկան երեք ռուբլի վարձ էին ուզում. էս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան երեք ռուբլի տան, մնացին դուրսը: Դուրսը մնացին և իմ խաղընկերների մեծ մասը, նրանց հետ և Նեսոն:

Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ: Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե` ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ: Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. — Կա ո՛չ, կա ո՛չ, ա՜յ ոչ ու փուչ, ո՞րտեղից տամ... Երեք մանեթ ունենամ` կտանեմ հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած, կա ո՜չ...

Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում` մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր: Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում մեզ հետ խաղան, ասում էր` կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու: Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում` սպասում էին մինչև դասներս վերջանար, որ միասին գնայինք:

Էսպեսով էլ առաջին տարին ուսումնարանում ես մոտեցա նոր ընկերների հետ, Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս էլ տարվա վերջը էլ չէին գալիս ուսումնարանի պատի տակին նստոտում ու սպասում ինձ:

III

Մի երկու տարի մեր գյուղի ուսումնարանումը կարդալուց ետը` հերս ինձ տարավ մեր կողմերի գյուղաքաղաքը, էնտեղի ուսումնարանը տվավ: Էս արդեն բոլորովին ուրիշ աշխարհք էր: Տները սիպտակ, կարմիր տանիքներով, ժողովուրդը զուգված ու մաքուր. ուսումնարանն էլ մեծ ու գեղեցիկ, ու ոչ թե մի վարժապետ, ինչպես մեր գյուղումն էր, այլ մի քանի վարժապետ ու մինչև անգամ վարժուհիներ, որ նորություն էր ինձ համար ու զարմանալի, սակայն շատ դուրեկան:

Տեղին ու դպրոցին վայել իմ հագուստն էլ փոխեցին: Քաղաքացի աշակերտի շորեր հագա, գեղեցիկ, մաքուր, — ու էսպես կերպարանափոխված էլ տոների արձակուրդին վերադարձա մեր գյուղը:

Նեսոն ու հին ընկերներս իմացել էին, թե վերադարձել եմ, առավոտից եկել էին մեր տան չորս կողմը պտտվում էին ու պատատակերիցը ծիկրակում: Դուրս եկա, գնացի մոտեցա: Չեմ հիշում ինչպես բարևեցինք. միայն էն է միտս մնացել, որ նրանք էլ առաջվա նման մտերիմ ու համարձակ չէին ինձ հետ: Ամենից առաջ ուշադրություն դարձրին իմ շորերի վրա: Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ` մյուսներին դառնալով ասավ. — Կասենաս պոչատ կաչաղակ ըլի... Նրանք ծիծաղեցին: Ես վշտացա, բայց բան չասացի: Ապա թե Նեսոն ձեռքը քսեց իմ շորերին, նրան հետևեցին մյուսները ու զարմանք հայտնեցին, թե ինչ փափուկ են: Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռտված: Եվ առհասարակ մեր ամբողջ գյուղը թվաց աղքատ ու կեղտոտ:

IV

Երկու տարուց հետո էստեղից էլ հերս ինձ տարավ մեծ քաղաք, ավելի մեծ ուսումնարան: Երբ էնտեղից էլ վերադարձա` իմ առաջվա խաղընկերները, որ արդեն մեծ տղերք էին, եկան բարևեցին մյուս գյուղացիների նման ու նրանց հետ էլ հեռու կանգնեցին: Միայն մի անգամ, խոսակցության մեջ, երբ ուրիշները ինձ հարցնում էին, թե հիշո՞ւմ եմ արդյոք, որ միասին կարդում էինք, Նեսոն էլ հարցրեց թե` «Միտդ ա, որ ձեր դռան գերանների վրա գիշերները հեքիաթ էինք ասում...»

Վա՛, ի՞նչպես չի միտս... Միթե կմոռանամ: Էդ իմ մանկության ամենալավ հիշողություններից մինն է, — պատասխանեցի ես:

Նեսոն կարծես թե ուրախացավ, բայց դարձյալ մնաց օտար ու հեռու:

Իսկ քաղաք վերադառնալու Ժամանակ էնպես պատահեց, որ Նեսոյի հոր ձին վարձեցինք, որ ես հեծնեմ: Նեսոն էլ պետք է ձիու հետ ոտով գար: Եվ երբ ճանապարհ ընկանք, ես ձիու վրա, իսկ Նեսոն իր ցնցոտիներով ու պճեղները դուրս պրծած տրեխներով ոտով` ձիու ետևիցինձ սաստիկ ծանր եկավ: Մի քիչ անցնելուց հետո հայտնեցի, թե ես ոտով գնալն ավելի եմ սիրում քան ձիով, ու ձիուց իջա: Եվ այնուհետև կամ միասին ոտով էինք գնում, կամ հերթով էինք ձի նստում: Նեսոն սրա վրա ուրախացավ, բայց նկատեցի, որ նա իմ արածը վերագրում է ոչ թե իմ բարեսրտությանն ու ընկերական զգացմունքին, այլ իմ հիմարությանը: Ես վշտացա իմ մեջը, բայց ավելի մեծ վիշտը առաջըս էր:

Ճանապարհին մի տեղ իջանք, հանգստացանք ու հաց կերանք: Ձմերուկ ուտելու ժամանակ իմ գրպանի դանակը հանեցի տվի Նեսոյին, որ ձմերուկը կտրի: Ճամփա ընկնելու ժամանակ դանակը կորավ: Նեսոն պնդում էր, թե դանակն ինձ տվավ, գրպանս դրի: Ես թեև լավ գիտեի, որ ինձ չէր տվել, բայց գրպաններս ման եկա ու ճանապարհ ընկանք: Ես պարզ նկատեցի, որ նա իմ դանակը տակով արավ, վերջն էլ ուրիշները տեսել էին ձեռին: Եվ ճանապարհ ընկանք սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր... Իսկ երբ տեղ հասանք, ու Նեսոն պետք է ետ վերադառնար, ես նրա համար մի ալխալուղացու առա նվիրեցի, բացի ձիու վարձը, իսկ նա ինձ դիմեց թե` «Բա մի չայի փող չես բախշում...»:

Ես սաստիկ ամաչեցի ու էդ չայի փողն էլ տվի: Բայց նրանից հետո, ամեն անգամ, երբ հիշում էի իմ մանկության օրերը և էն երեկոները, գերանների վրա, լուսնյակի տակ նստած մեր խումբը ու Նեսոյին` հեքիաթ ասելիս-ամեն անգամ սիրտս լցվում էր ցավով ու ափսոսանքով:

V

Նեսոն աղքատ է... Նեսոն տգետ է... Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով... Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ` լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը...

Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ արդարացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ էնպես, ինչպես սիրում էի էն ժամանակ: Ուզում եմ` շարունակ էն խաղաղ, աստղալի լուսնյակ գիշերների Նեսոյի պատկերը լինի աչքիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում. իսկույնևեթ առաջ է գալիս մի ուրիշ պատկեր, մի շատ ամոթալի ու ցավալի պատկեր:

Երբ արդեն ուսումս ավարտած, կյանք մտած մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ: Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը մի հաչից թոկով կապած ու գլխակոր կանգնած էր Նեսոն:

Իմ հարցին պատասխանեցին, թե` գողություն է արել: Ես միջամտեցի, բաց թողնել տվի նրան: Բայց իմ երևակայության մեջ նա դեռ մնում է թեժ արևի տակ թոկերով հաչիցը կապած ու գլխակոր, իսկ շուրջն աղմկում է մեր գյուղը:

Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն:

ՇՈՒՆԸ

Մի երկու խոսք

Լավ չեմ հիշում` երկրորդ թե երրորդ դասարանի աշակերտ էի: Մի ուսումնական ծանոթ ունեինք. օտար մարդ էր, մե-մեն մեր տունն էր գալիս, մերոնց հետ գրույց էր անում:

Էդ ժամանակները մի էսպես դեպք պատահեց: Մեր հարևան հովիվը մեռավ: Նա երեք շուն ուներ: Էս երեք շունը իրենց տիրոջ մեռնելուց մի քանի օր առաջանդադար ոռնում էին էնքան ողբալի ու չարագուշակ, որ ահ ու սարսափ էին գցել ամենքի սիրտը:

Չո՛ռ, չո՛ռ, ձեր գլուխն ուտեք, քա՞նի ոռնաք, — կանչում էր երիտասարդ հովվի մերն ու փետով զարկում շներին: Շները կլանչկլանչելով էս կողմ, էն կողմ էին փախչում ու մի քանի րոպեից հետո նորից սկսում ոռնալ: Հովիվը մեռավ թե չէ` բոլոր հարևանները բացականչեցին.

Ա՛յ, ընչի համար էին շները ոռնում...

Սրանից հետո մի անգամ էլ, երբ մեր ուսումնական ծանոթն եկել էր զրույց անելու, մերոնք էս դեպքը պատմեցին ու խոսքն ընկավ շան վրա:

Օ՛, չգիտեք թե ինչ տեսակ կենդանի է շունը, — լուրջ ու խորհրդավոր խոսեց նա:

Շունը իմաստուն կենդանի է, — նույն լրջությամբ վրա բերեց հերս:

Ա՜յո, շունը իմաստուն կենդանի է, լավ է նկատել ժողովուրդը, — ասավ մեր ծանոթն ու ավելացրեց.

Մարդկային կյանքի զարգացումը շան վրա է հիմնված: Մենք դեռ լավ չգիտենք, թե ինչ կենդանի է շունը, դեռ լավ չի ուսումնասիրված շունը...

Հակառակի նման իմ դասն էլ շունն էր, ու լավ էլ անգիր էի արել: Իսկույն մեջ մտա: Ասի. — Ես գիտեմ: Մենք շունը սովորել ենք:

Չէ, էն քո սովորածը շունը չի, — մեղմ ու բարի ժպտալով նկատեց մեր բարեկամը: Ես վիրավորվեցի: Ո՞նց թե իմ սովորածը շունը չի... Ինքն ասում է` լավ չգիտենք... իսկ մեր ուսուցիչն էնտեղ... իմ տետրակն էնտեղ — ... ես էլ գրեթե անգիր գիտեմ... և առանց լսելու ասում է` քո սովորածը շունը չի...

Լա՛վ, լա՛վ, նեղանալ մի՛, դե ասա տեսնենք ո՞րն է քու սովորած շունը, — նույն մեղմ ժպիտով հարցրեց նա ու թևիցս բռնեց իրեն մոտ քաշեց:

Ես սկսեցի.

«Շունը չորքոտանի, կաթնասուն, մսակեր, ընտանի կենդանի է: Նա ունի մի գլուխ, երկու աչք, մի քիթ, մի պոչ, երեսունչորս ատամ: Նրա մորթին ծածկված է մազով: Նա ծնում է սովորաբար 4-6 ձագ, բայց պատահում է, որ մինչև 12 էլ է ծնում: Շան ձագերը ծնվում են առաջին ատամներով, բայց կույր են լինում և միայն 10-12 օրից հետո են աչքները բաց անում: Շունը ապրում է 15-20 տարի: Նա մարդուն շատ օգուտ է տալիս...»:

Մեր ծանոթը շարունակ ժպտում էր: Ես սկսեցի շփոթվել, մանավանդ գիտեցածս էլ հատնում էր:

Այո՛, այո՛, ճիշտ ես ասում, սիրելի՛ս, — վրա հասավ նա: — Դասդ լավ ես սովորել, բայց... էդ շունը չի:

Ո՞նց թե էս շունը չի: Հապա էլ ո՞րն է շունը... Դուք հիմի մեր վարժապետիցը լավ գիտե՞ք...

Սո՛ւս, — բարկացավ վրես հերս:

Հա՛, սո՜ւս... իրենք չգիտեն ու` սո՛ւս...

Եվ, հիշում եմ` էն օրը բավական անհամություն արի, մինչև որ վերջապես ինձ լռեցրին: Այնինչ մեր ծանոթը շարունակ ժպտում էր:

Վաղուցվա խոսք եմ ասում. մեր էն բարի, ուսումնական ծանոթն էլ վաղուց է մեռել: Նրանից հետո ես մեծացա, զանազան գրքեր կարդացի, նոր-նոր բաներ իմացա ու սովորեցի: Ու ինչքան սովորեցի՝ էնքան էլ տեսա, որ ես շատ ու շատ քիչ բան գիտեմ: Շան մասին էլ կարդացի: Համ կարդացի, համ լսեցի, կյանքում տեսա, և ահա էդ բոլորից հետո հիմի գրում եմ շան մասին: Բայց համ գրում եմ, համ մտածում, թե ո՞վ գիտի, դեռ ի՜նչքան բան կա, որ ես չգիտեմ:

Այժմ առանձին սիրով եմ հիշում մեր հին ծանոթին ու տեսնում եմ` ճիշտ որ, էն, ինչ որ ինձ ու իմ ընկերներին սովորեցրել էին` իսկի շունը չէր: Շունը շատ ավելի մեծ բան է եղել, քան թե ես էի կարծում էն ժամանակ, և դեռ ո՞վ գիտի, մեզանից հետո էլ գիտությունն ինչեր է բաց անելու:

I

Գիտությունը դեռ չի կարողացել որոշի, թե ո՞ր ժամանակից է շունը մարդուն ընկերացել, միայն կարծիք կա, որ ձեռնասուն կենդանիների մեջ շունը մարդու ամենահին ընկերն է:

Քրիստոնեությունից առաջ եղած հին կրոնները իրենց հոգեվոր երգերի մեջ փառաբանում էին շան հավատարմությունն ու մարդուն արած ծառայությունները:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 Next Last