Թումանյան Հովհաննես՝   Հեքիաթներ

Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last

Մի՛ վախիլ, աղջիկ ջան, մի՜ վախիլ, հա՛նի...

Ետ է նայում, տեսնում` սիպտակ միրուքը մինչև գոտկատեղը մի ծերունի: Ասում է.

Ո՞նց հանեմ, չեմ կարող, պապի ջան, ձեռներ չունեմ:

Հա՜նի, հա՜նի, աղջիկ ջան, ձեռներ ունես, մեկնի...

Լուսիկը կռները մեկնում է, ձեռները բացվում են, ու երեխեն ջրհորից հանում է: Ետ է դառնում թե շնորհակալություն անի, տեսնում է ծերունի չկա, աներևութացել է:

Սրան էստեղ թողնենք իր երեխի հետ ու հիմի ո՞ւմնից տեղեկություն տանք: Հիմի տեղեկություն տանք թագավորի տղիցը:

Թագավորի տղեն օտարությունից վերադառնում է, ամեն բան իմանում է, ու էլ տուն չի մտնու., դռնից ետ է դառնում, գնում է աշխարհքե աշխարհք ման գա, որ իր կնկանն ու երեխին գտնի:

Գնում է ման է գալի. էս կողմը հարցուփորձ, էն կողմը հարցուփորձ, մի տեղ պատահում է մի մարդու:

Բարի օր:

Աստծու բարին:

Ո՞ւր առաջ բարի:

Իմ քրոջն եմ ման գալի:

Դե մին չլինենք, երկու լինենք, գնանք, ես էլ իմ կնկան երեխիս եմ ման գալի:

Ընկերանում են, գնում են ման են գալի, մի տարի, երկու տարի, երեք տարի, ոչ տեղն են իմանում, ոչ տեղեկություն: Էս թագավորի տղեն վերջը գալիս մի մեծ ճանապարհի վրա քարվանսարա է պահում, ընկերն էլ իր տուն ու տեղը, իր կնկանը բերում է ու էնտեղ ապրում են, որ գուցե թե գնացող-եկողից մի բան իմանան:

Մի անգամ էս քարվանսարի դուռն է գալի մի աղքատ կին իր փոքրիկ տղի հետ:

Թագավորի տղեն իր ընկերոջը ասում է.

Եկ ներս կանչենք էս աղքատ կնկանն ու իր երեխին: Սրանք լավ հեքիաթներ են գիտենում ու լավ էլ պատմում են. հեքիաթ կպատմի, մենք էլ դարդի տեր մարդիկ ենք, կլսենք, գիշերն անց կկենա:

Ընկերոջ կնիկն էն կողմից հակառակում է, թե` մենք հազիվ ենք տեղավորվում, դրանց ո՞րտեղ բերենք:

Թագավորի տղեն որ շատ խնդրում է, ներս են թողնում մուրացկան կնկանն ու իր երեխին: Մերը պատի տակին կուչ է գալի, երեխեն էլ կողքին: Թագավորի տղեն ասում է.

Քուններս չի տանում, քուրիկ, հեքիաթից, առակից կիմանաս, պատմի լսենք, գիշերն անց կենա:

Ես ոչ հեքիաթ գիտեմ, ոչ առակ, — պատասխանում է աղքատը, — ես մի ճշգրիտ պատմություն գիտեմ, մի պատահած դեպք և շատ հետաքրքրական. թե կուզեք, պատմեմ, լսեցեք:

Լավ, էդ պատմի:

Ու աղքատ կինը սկսում է պատմել:

Մի ժամանակ մի աշխարհքում լինում են, չեն լինում, մի քույր, մի ախպեր են լինում: Ախպերը պսակվում է, կին է բերում, մի չար ու նախանձոտ կին:

Տանտիկինը էն կողմից բարկանում է:

Հը՜, սկսեց գլխիցը դուրս տալ:

Ա՜յ կնիկ, ի՞նչ ես ուզում, ինչո՞ւ ես խանգարում, թող պատմի, — նեղանում է մարդը: — Պատմի, քույրիկ, դու պատմի...

Աղքատ կնիկը շարունակում է իր հեքիաթը.

Քույրը մի գեղեցիկ ու բարեսիրտ աղջիկ է լինում, ամենքը սիրում են նրան: Ախպերն էլ ամեն տուն գալով միշտ նրա համար մի բան է բերում` կամ ծաղիկ, կամ միրգ, կամ հագուստ և կամ թե չէ` մի քաղցր խոսք է ասում: Նախանձում է չար հարսը, հնարքներ է մտածում, թե ինչպես անի, որ կորցնի գեղեցիկ աղջկանը:

Հը, դե տեսեք ինչ է ասում է՜ս անզգամը... — կրկին մեջ է ընկնում տանտիկինը:

Ա՛յ կնիկ, ի՞նչ պատահեց քեզ. թող լսենք, տեսնենք ինչ է ասում: Դու շարունակի, քույրիկ, սրան ականջ մի դնիլ:

Աղքատ կնիկը շարունակում է.

Հնարքներ է մտածում չար հարսը: Մի օր տան կահկարասին է ջարդում ու դնում անմեղ աղջկա վրա, մյուս օրը մարդու սիրած ձին է բաց թողնում, կորցնում ու մեղադրում քրոջը. տեսնում է բան չի դառնում, վերջը իր երեխին օրորոցի մեջ մորթում է, դանակը դնում քնած աղջկա գրպանը...

Ձենդ կտրի, լիրբ, անզգամ, ո՞վ է իմացել, որ մերն երեխին մորթի, — ճչում է տանտիկինը:

Ինչ ես ընդհատում, — գոռում է մարդը կնոջ վրա: — Թող պատմի, չե՞ս տեսնում` ինչ հետաքրքրական բան է պատմում:

Աղքատը շարունակում է.

Դատաստան են անում, կտրում են անմեղ աղջկա կռները ու էնպես կռնատ հալածում, կորցնում հեռո՜ւ, հեռո՛ւ...

Հալածված թափառում է նա անծանոթ անտառներում: Էն երկրի թագավորի տղեն օրերից մի օր որսի է դուրս գալի էն անտառները, գտնում է գեղեցիկ աղջկանը ու պսակվում է նրա հետ: Թագավորի տղեն հեռու երկիր է գնում: Նրա գնալուց հետո կինը ծնում է մի ոսկեգանգուր երեխա: Աչքալուսի նամակ են գրում հորը: Նամակատարը ճամփին հյուր է ընկնում կռնատ աղջկա եղբոր տունը:

Չար հարսը գիշերը փոխում է նամակը, նոր նամակ է գրում թագավորի տղին, թե` «քու կնիկը ծնել է, շան լակոտ է բերել...»

Սո՛ւս, հերիք էր ինչ որ տակից-գլխից դուրս տվիր, դուրս կորի գնա, — կատաղում է տանտիկինը:

Ախպեր, կնկանդ ասա հանգիստ կենա, լսենք, տեսնում ես ինչ պատմություն է անում, — խնդրում է թագավորի տղեն ընկերոջը:

Աղքատը շարունակում է.

Թագավորի տղեն կարդում է փոխած նամակը, վշտանում է. բայց էլի գրում է, որ պահեն, մինչև ինքը կգա: Նամակատարը վերադարձին կրկին հյուր է ընկնում նույն տունը: Էս նամակն էլ է փոխում չար հարսը ու գրում է, թե` «նամակն ստանալուն պես իր ծնածը կրծքիցը կապեցեք ու դուրս արեք իմ կնոջը»: Էս նամակն ստանում են թագավորն ու թագուհին, շատ են զարմանում, շատ են տանջվում-բայց ինչ անենկատարում են ինչ որ գրած է. երեխին մոր դոշիցն են կապում ու դուրս անում:

Էս ո՞րտեղից եկավ էս շունը, — աղաղակում է տանտիկինը:

Բավական է, — գոռում են վրեն մարդն ու թագավորի տղեն: — Պատմի, քույրիկ, հետո՞... հետո՞...

Աղքատը շարունակում է.

Հետո թագավորի տղեն տուն է գալի: Լսում է ինչ է պատահել, ետ է դառնում, գնում է իր կնոջն ու երեխին ման գալու: Պատահում է կռնատ աղջկա եղբորը: Նա էլ դուրս էր եկել իր քրոջը ման գալու: Ընկերանում են ու ման են գալի: Շատ են ման գալի, չեն գտնում: Գալիս են, մեծ ճանապարհի վրա մի քարվանսարա են պահում...

Սուտ է ասում, — գոչում է տանտիկինը: Իսկ մարդն ու թագավորի տղեն ապուշ կտրած սպասում են վերջին: Եվ աղքատ կինը հասնում է վերջին:

Սոված ու ծարավ թափառում է հալածված մերը իր ոսկեգանգուր երեխի հետ, վերջը աղքատ, տկլոր գալիս է, հասնում էդ քարվանսարայի դուռը... Ախպերն ու ամուսինը մեղքանում են, ներս կանչում, խնդրում են, որ մի հեքիաթ ասի իրենց համար...

Վա՜յ... — ուշաթափվում է տանտիկինը:

Լուսիկ ջա՜ն... մի՞թե դու ես... — վեր են թռչում թագավորի տղեն ու ընկերը, — Լուսիկ ջան...

Հա՜, ձեր Լուսիկն եմ ես, ահա իմ ախպերը, ահա իմ ամուսինը, ահա իմ ոսկեգանգուր երեխան, և ահա չար հարսը...

Լեզվով չի պատմվիլ, թե ինչպես են ուրախանում ամենքը, որ իրար որոնում էին ու գտնում են վերջապես:

Իսկ չար հարսին կապում են կատաղի ձիու պոչից ու բաց են թողնում արձակ դաշտերում: Որտեղ արյունն է կաթում, էնտեղ փուշ ու տատասկ է դուրս գալի, որտեղ արտասուքն է թափվում, էնտեղ լիճ է գոյանում: Էն լճի խորքում երևում է մի երեխա` քնած օրորոցում, դանակը դրած գլխի տակին: Ասում են` երևում է և մի վանք. էն վանքում չոքած է մի կին ու լալիս է, լալիս է, անվերջ լալիս է:

1909

ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ

Լինում է չի լինում` մի աքլոր է լինում:

Էս աքլորը քուջուջ անելիս մի ոսկի է գտնում:

Կտուրն է բարձրանում, ձեն է տալի.

Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ...

Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է` գնան խլեն բերեն:

Նազիր-վեզիրը գնում են` խլում բերում:

Աքլորը կանչում է.

Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց...

Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր-վեզիրին, ասում է.

Ետ տարեք իրեն տվեք, թե չէ սւշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը...

Նազիր-վեզիրը ոսկին տանում են ետ տալիս աքլորին:

Աքլորն էլ կտուրն է բարձրանում.

Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց...

Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է.

Գնացե՛ք, — ասում է, — բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք բերեք ուտեմ, պրծնեմ դրանից:

Նազիր-վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն: Տանելիս կանչում է.

Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՜ լ...

Տանում են մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի.

Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք-տաք բաղնիք է ղրկե՜լ...

Եփում են բերում թագավորի առաջն են դնում, կանչում է.

Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ...

Թագավորը շտապով վերցնում է կուլ տալի: Կոկորդով գնալիս կանչում է.

Նեղ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՜ւ...

Թագավորը որ տեսնում է` կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր-վեզիրին հրամայում է թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի-զարկեն:

Նազիր-վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում էն մինը էս կողմը, մյուսը էն:

Աքլորը որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի.

Լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ...

Զարկեցե՜ք... — հրամայում է թագավորը: Նազիր-վեզիրը զարկում են, տալիս էն թագավորի փորը պատռում:

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում ձեն տալի.

Ծուղրուղո՛ւ...

1910

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում: Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում:

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում:

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն: Կնիկը բարկանում է.

Ա՛յ, որ ասում եմ հիմար ես, չես հավատում. էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել, հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում:

Ի՞նչ քելեխ, ի՜նչ հարսանիք, ա՜յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է:

Կնիկը հանգստանում է, տանում է պահում:

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի: Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում: Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի.

Ա՛խպեր, ա՜խպեր, հալա մի կանգնի:

Տղեն կանգնում է:

Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս: Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է` հա՜ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի:

Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում:

Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք: Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր... չես ամաչո՞ւմ... Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում...

Դե էլ ի՞նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալիս, չէի գտնում:

Դե արի տար:

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը:

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է.

Հա՛, էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ:

Ի՞նչ բարեկենդան... ի՞նչ բաներ...

Ա՛յ էն եղն ու բրինձը... Մին էլ տեսնեմ` վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի. կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի, տարավ:

Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես-հիմար ես էլի... Ո՞ր կողմը գնաց:

Այ էն կողմը:

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից: ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է` մի ձիավոր քշած գալիս է: Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի:

Գալիս է հասնում իրեն:

Բարի օր, ախպերացու:

Աստծու բարին:

Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ:

Անց կացավ:

Ի՞նչ ուներ շալակին:

Եղ ու բրինձ:

Հա, հենց էդ եմ ասում: Ի՞նչքան ժամանակ կլինի:

Բավականին ժամանակ կլինի:

Որ ձին քշեմ, կհասնե՞մ:

Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով: Մինչև քու ձին չորս ոտը կփոխիմի՛ն, երկո՛ւ, երե՛ք, չո՛րսնա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա:

Բա ի՞նչպես անեմ:

Ինչպես պետք է անես. ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես:

Հա՜, էդ լավ ես ասում:

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում: Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում:

Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է չհասավ, ետ է դառնում: Ետ է դառնում, տեսնում` ձին էլ չկա: Գալիս է տուն: Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրինձի համար, կնիկը` ձիու:

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ: Սա նրան է ասում հիմար, նա սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում:

ՍՈԻՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով-թվանքով որսի գնացինք: Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք որսի...

Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար` սուս ու փուս գնացինք, որտեղ ահ էր` կուզ ու կուզ գնացինք...

Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ. երկուսը ցամաք, մինի մեջ էլ ըսկի ջուր չկա: Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են ճչում երեք հատ սիպտակ բադ, երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի:

Հադի՛, տո՛ւր հա, տո՛ւր:

Թե` թվանք չունեմ:

Հյուդի՛, տո՛ւր հա, տո՛ւր:

Ես էլ չունեմ:

Չատի... Մատի...

Մենք էլ չունենք:

Բա ի՞նչ անենք...

Հորս ձեռին կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կար. երեսն առավ, նշան դրեց, մին էլ տրա՛ք, որ կրակեց... Նա կրակեց, ես զարկեցի. որ զարկեցի` փռվեց էսպես-ամեն թևը հինգ գազ ու կես...

Հադի, դանա՜կ...

Թե` դանակ չունեմ:

Հուդի, դու...

Ես էլ չունեմ:

Չատի՞, Մատի՞...

Մենք էլ չունենք...

Բա ի՞նչ անենք...

Հերս էլ ունի, բերան չունի:

Էս անբերան դանակը քաշեցինք: Հադին մորթեց, չկարաց. Հյուդին մորթեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս քաշեցի մորթեցի:

Մորթեցի, վեր գցեցի. բադ մի ասիլմի գոմեշ ասա: Հադին շալակեց, չկարաց, Հյուդին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս շալակեցի: Շալկեցի, գնացինք:

Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մընումն էլ իսկի շենլիկ չկա: Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը երեք պառավ, երկուսը մեռած, մընի բերնումն էլ շունչ չկա:

Տղերք, ասինք, եկեք բադով փլավ անենք:

Էս անշունչ պառավը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը ծակ, մինն էլ իսկի տակ չունի:

Ջուրը լցրինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք: Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը:

Որսից եկած սոված մարդի՜կ, վրա եկանք, կերա՛նք, կերա՜նք. ոչ աչքներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ:

1911

ԱՆԲԱՆ ՀՈԻՌԻՆ

Լինում է, չի լինում՝ մի կնիկ: Էս կնիկը մի աղջիկ է ունենամ, անունը՝ Հուռի: Մի ծույլ, անշնորհք աղջիկ: Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած:

Բանն ինչ կանեմ` կեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է:
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մթնի, քնեմ:

Հարևանները անունը դնում են Անբան Հուռի: Ինչ մերն է` աղջկանը գովելով ման է գալի. լիդրը գզող, լիդրը մանող, հա՜մ խճճող, հա՜մ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով` հուրի-հրեղեն, մատները ոսկի:

Էս գովասանքը գնում, մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում: Էս երիտասարդ վաճառականն ասում է` իմ ուզածն էլ հենց սա է, որ կա: Գլխապատառ գալիս է Անբան Հուռնին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը: Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ է առնում, տալիս կնկանը, թե` ես գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գցի, մանի, գամ տանեմ ծախեմ, հարստանանք:

Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի: Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կռկռում են:

Փե՛փել... Կե՛կել... Փե՛փել... Կե՛կել...

Վո՜ւյ, աղջի Փեփել, Կեկել, — ձեն է տալի անբան Հուռին, — որ բամբակը բերեմ ձեզ տամ, կգզե՞ք...

Բե՛ր, բե՛ր, բե՛ր...

Անբան Հուռին ուրախանում է: Գնում է բամբակը կրում բերում, ածում գետը:

Դե գզեցե՜ք, մանեցե՜ք: Մի քանի օրից ետը կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք:

Գնում է մի, քանի օրից ետ է գալի:

Գորտերը էլի կռկռում են.

Փե՛փել-Կեկել... Փե՛փել-Կեկել...

Աղչի Փեփել, Կեկել, դե մանածը բերեք:

Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում:

Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը:

Վո՜ւյ, — ասում է, — քոռանամ ես, տե՜ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար:

Ձեռը ճակատին է դնում, ձեն տալի.

Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք:

Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը: Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի: Հանում է տեսնում` մի կտոր ոսկի: Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն: Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս: Գալիս է տեսնում` իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր:

Ա՜յ կնիկ, էս ի՞նչ ոսկի է:

Թե` բա չես ասիլ բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի. բամբակի փողն է:

Մարդը ո՛նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք: Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել: Քեֆ է սարքում. նստում են քեֆի:

Զոքանչը խորամանկ կին է լինում: Իմանում է, թե բանը ինչպես է պատահել. վախենում է՝ փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի: Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բըռռացնելով պտտվում սենյակում: Էս զոքանչը վեր է կենում, գլուխ է տալի բզեզին: Ասում է.

Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես. ո՛րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում... Ախր քեզ ո՞վ էր ասում՝ էդքան բան անես, որ էդ օրն ընկնես...

Փեսեն մնում է զարմացած: Ասում է.

Ա՜յ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց. էդ բզեզին էդ ի՞նչ ես ասումմորքո՞ւրս որն է...

Զոքանչը թե.

Ա՜յ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես: Չես ասիլ՝ էս բզեզն իմ մորքուրն է: Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր: Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ. որ դառավ բզեզ: Մեր ցեղն էսպես է: Շատ աշխատասեր ենք: Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում:

Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի. էն է լինում որ էն, արգելում է Հուռնին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա:

ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ

Ա

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը: Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ` շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում: Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով: Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում: Կանգ է առնում, միտք է անում միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում: Ներս է մտնում տեսնում` դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տան տերն ու երաժիշտները: Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում:

Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ, — ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տան տիրոջը:

Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստըծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք, — խնդրում է տան տերը: Դերվիշին էլ նստեցնում են իրենց հետ ու շարունակում են քեֆը:

Գիշերվա մի ժամին տան տերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփա դնում: Երբ երաժիշտները հեռանում են` դերվիշը տան տիրոջը հարցնում է.

Անունդ ի՞նչ է, բարեկամ:

Հասան:

Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՛նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անց կացնում քո ժամանակը:

Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա, — պատասխանում է տան տերը: — Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել: Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում: Երեկոները բերում եմ մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար: Նստում ենք, ուրախանում: Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է` ավելի լավ:

Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի` ի՞նչ պիտի անես:

Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա:

Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք. հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի:

Է՛հ, թագավորի դարդը կտրե՞լ է ընկնի փինաչիների ետևից... կամ ի՞նչ են արել նրան փինաչիները: Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք. այժմ քնենք, դերվիշ բաբա: Աստված ողորմած է. քեֆ անողին քեֆ չի պակսիր: Աշխարհքի բան է` ինչպես բռնես` էնպես էլ կերթա:

Լա՜վ, աստված տա, որ էդպես լինի, — բարեմաղթում է դերվիշն, ու քնում են:

Բ

Առավոտը վաղ դերվիշը գնում է: Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան. էս օրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու: Զանցառուների գլուխները կթռչեն:

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում:

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու: Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում է ուրախ Հասանը: Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից: Ներս է մտնում:

Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա. համեցեք, նստիր քո տեղը:

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կես գիշեր:

Կես գիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են հեռանում: Մնում են տան տերն ու հյուրը:

Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա:

Ի՞նչ պատահեց:

Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն: Էսօր թագավորը հրաման հանեցմեր արհեստն արգելեց...

Ի՞նչ ես ասում, — զարմանում է հյուրը: — Հապա որտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր:

Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում: Օրական ինչ աշխատում եմ` մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը` երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում:

Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու:

Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալիս, որ արգելի: Եվ ի՞նչու էսօրվանից դարդ անեմ դրա համար: Երբ որ կարգելի, էն ժամանակ կմտածեմ: Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ:

Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ով Հասան, — բարեմաղթում է դերվիշն ու հեռանում:

Գ

Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում. ջուրը աստըծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու: Պատռել բոլոր ջրկիրների տիկերն և ջարդել նրանց կժերը:

Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում:

Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու: Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը: Դարձյալ ուրախության և երգի ձայներ: Ներս է մտնում:

Ա՜յ, դերվիշ բաբա՜, համեցե՜ք, համեցե՛ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք: Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմել:

Իհարկե, ուրախությունը ավելի լավ է: Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է, թող ուրախանա, — բացականչում է դերվիշն ու նստում Հասանի կողքին:

Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում: Մնում են դերվիշն ու տանտերը:

Հասան ախպեր. Էսօր ի՜նչ լսեցի. ասում ես թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք:

Ինչպե՛ս չէ, ինչպե՛ս չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին: Ա՜խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել. ինչ ասում ես` մյուս օրը կատարվում է:

Հապա ի՞նչպես է, որ դու դարձյալ քեֆ ես անում: Ո՞րտեղից ես գտել էս փողը:

Երանի թե մարդու պակասը փողը լինի: Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա: Գնացի մի գործատիրոջ մշակ մտա. օրական մի բան է տալիս. բերում եմ մի մասը ապրուստս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը: Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա:

Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատական լինեիր դու, — բացականչեց դերվիշը:

Վա՜հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞:

Ինչո՞ւ չի կատարվի, աշխարհքում անկարելի բան չկա, — պատասխանեց դերվիշն ու բաժանվեցին:

Դ

Առավոտը վաղ տերության պաշտոնյաները կտրեցին Հասանի աղքատ տնակի դուռը:

Էստե՞ղ է կենում քեֆ սիրող Հասանը:

Ես եմ, — պատասխանեց զարմացած Հասանը:

Թագավորի հրամանով հետևիր մեզ:

Ուղիղ պալատը տարան Հասանին: Հայտնեցին, որ թագավորը իրեն պալատականի պաշտոն է տվել: Պալատականի զգեստ հագցրին, մի թուր էլ կապեցին մեջքը ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև: Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը: Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն, թե` գնա, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու:

Գիշերը դարձյալ դերվիշի շոր մտավ Հարուն Ալ Ռաշիդ թագավորն ու գնաց քաղաքը շրջելու:

Գնաց մոտեցավ Հասանի տանը: Ականջ դրեց: Զարմանքով լսեց, որ դարձյալ հնչում են երգն ու երաժշտությունը: Հասանը քեֆ է անում դարձյալ: Ներս մտավ:

Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի, արի է՜. երեկվա խոսքդ էլ կատարվեց, թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել:

Ի՜նչ ես ասում:

Աստված վկա:

Եվ երևի շատ փող է տվել...

Չէ՜ ինչ փող. մի գրոշ չտվին: Դատարկ տուն ղրկեցին:

Հապա որտեղի՞ց ես փող գտել, որ դարձյալ քեֆ ես անում:

Նստի՛ր, ասեմ որտեղից: Մի թուր են կապել մեջքս: Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե` հո ես մարդ չեմ սպանելու: Տարա պողպատի շեղբը (մեջը) ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի` եկա տուն: Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի: Լավ եմ արել, չէ՞, դերվիշ. ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր:

Հա՜, հա՜, հա՜, — ծիծաղեց դերվիշը: — Լավ անելը` լավ ես արել, Հասան, բայց եթե էգուց քեզ թագավորը հրամայի, թե` կտրի էս հանցավորի գլուխը` ի՞նչ ես անելու:

Բերանդ բարի բաց արա, ա՛յ չարագուշակ դերվիշ, — բարկացավ Հասանը: — Հակառակի նման ինչ էլ ասում ես, կատարվում է. չե՞ս կարող մի լավ բան ասել....

Ու շատ վշտացավ Հասանը: Սիրտը երկյուղ ընկավ, ամբողջ գիշերը չկարողացավ քնի:

Իրավ որ, մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի:

Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը:

Ապրած կենաս, մեծ թագավոր, — պատասխանեց սարսափած Հասանը, — ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող: Փորձված մարդիկ շատ կան քո պալատում. հրամայիր մի ուրիշը կտրի...

Ես քեզ եմ հրամայում, — սաստեց թագավորը, — եթե մի վայրկյան էլ ուշացրիր, գլուխդ կթռչի: Հանի՛ր թուրդ...

Էս խոսքի հետ թշվառ Հասանը մոտեցավ հանցավորին, ձեռքերը տարածեց ու աղաղակեց դեպի երկինք.

Տեր աստված, արդարն ու մեղավորը դու գիտես: Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը, իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը...

Ասավ, դուրս քաշեց թուրը... Փա՜յտ: Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած: Էստեղ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ, պատմեց իր պալատականների առջև: Շատ ծիծաղեցին պալատականները ու շատ գովեցին թե՛ ուրախություն սիրող Հասանին, թե՛ թագավորին: Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը, որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրի զարկին: Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը, իսկ Հասանին դառնալով` հոչակեց նրան իր սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս, ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորեցնի ուրախ ապրել աշխարհքում:

ԵԴԵՄԱԿԱՆ ԾԱՂԻԿԸ

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last