Թումանյան Հովհաննես՝   Հեքիաթներ

Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last

Սրանց միջի խելոքը հերն է լինում: Ասում է.

Ա՛յ հիմարներ, ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անում: Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի: Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք. լացով ի՞նչ պետք է անենք: Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա:

Դու մի՛ ասիլ` սրանց ունեցած-չունեցած չորսոտնանին մի եզն է լինում, ունեցած փոշին էլ մի քթոց ալյուր:

Գալիս են էս եզը մորթում, էս մի քթոց ալյուրն էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են:

1914

ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս: Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է` ձախ է գնում: Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս: Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին:

Մի օր եզնիքը սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի: Անտառում էս Փանոսը միտք է անում, թե` մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ` ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է` հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը:

Ասածն արած է:

Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում վերի կողմը, կացինը քաշում-թրը՜խկ հա թրը՜խկ: Շատ է քաշում, թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը: Փանոսը մնում է ապշած կանգնած: Ի՞նչ պետք է անի: Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն:

ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում: Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում: Ասում է` գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս: Ասում է ու կացինը պտըտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի. բադերը ճղճղալով ցրվում են, փախչում, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում: Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս: Ի՞նչ անի, ի՞նչ չանի: Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի: Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի:

Դու մի՛ ասիլ` Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում:

Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա: Մնում է տկլոր կանգնած:

Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՛ւր գնամ»:

Սպասում է մինչև մութն ընկնի: Մթան հետ վեր է կենում, գնում գյուղը: Որ գյուղին մոտենում է, ասում է` էսպես տկլոր որ գնամ մեր տունը-տանըցիք ի՞նչ կասեն: Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ` էնպես գնամ կնկանս մոտ:

ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը:

Դո՜ւ մի ասիլ` էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է: Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա. հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում: Փանոսը ցավից վայ-վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՜, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս: Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են` մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից: Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա` սա սատանա է:

Բավական տեղ ղըչրղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները: Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով` խեղճ Փանոսը գնում է կորչում:

Մյուս օրը գյուղում տարածվում է, թե «հապա չեք ասիլ` Փանոսը կորել է: Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»: Գեղահավան հավաքվում են գնում. գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված-ինքը չկա:

Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ:

Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ:

Թե` ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի:

Գնում են լճի չորս կողմը պտըտում, կանչում` «Փանո՛ս, Փանո՛ս», Փանոսը չկա:

Վճռում են, որ Փանոսը խեղդվել է:

Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս: Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում, գնում:

Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last