Մուրացան՝   Անմեղ զրույցներ

Հա՛, շատ ապրիք, ես էլ հենց ձեր կարծիքին էի: Եվ այդ պատճառով շունչս բռնած ու սրտատրոփ սպասում էի թե ահա, ուր որ է, մեկի գավազանը կիջնե մյուսի գլխին, ճակատներից մինը կպատռվի, աչքերից մինը դուրս կպրծնի, իսկ արյունը, համենայն դեպս, կծորե մեկի կամ մյուսի երեսից: Բայց, ցավելով պիտի ասեմ, այդպիսի բան չպատահեց և քահանաները, երևի, միայն հասարակ տեսակի հայհոյանքներ ու անեծքներ տալով միմյանց, հեռացան: (Կղերականներն, ասենք, միշտ երկչոտ են. այդ ամենքս գիտենք): Ի՞նչ մեղքս ծածկեմ, շատ կոտրվեցա: Որովհետև ինքս տաք խառնվածքի տեր լինելով և մանավանդ թե կյանքով ու կրակով լի սիրտ ունենալով, չափազանց սիրում եմ վեճ, աղմուկ, կռիվ, հայհոյանք, և նամանավանդ հանդիսավոր գավազանահարություն, — միայն թե այդ բաները ինձ չպատահեն, (այդ դեպքում, առհասարակ, շատ խաղաղասեր եմ), այլ պատահի ուրիշներին, ինձանից հեռու մարդկանց, իսկ ես մեր պատշգամբում կանգնած, հանգիստ սրտով դիտեմ ու զվարճանում: Չեմ սիրում, մինչև անգամ, երբ ինձ վկա են տանում դատարան, այդպիսի դեպքում ես միշտ ասում եմ` «թե ոչինչ չեմ տեսել», որպեսզի ապագա գլխացավությունից ազատվեմ: Որովհետև բանը հո չէ վերջանում հաշտարար դատարանով, նրանից հետո գալիս է նահանգական դատարանը, դատաստանական պալատը, կառավարիչ սենատը, մինչև այդտեղ ո՞վ ունի գլուխ թրև գալու: Ա՛յ, ուրիշ բան է լրագիրը, մի լուր հաղորդում ես, սու՞տ թե ճշմարիտ, հարցնող չկա, մարդիկ վրդովվում են, իրար վրա են հարձակվում, իրար միս գզգզում, և դու հանգիստ նստած դիտում ես ու ծիծաղում, սրանից էլ լավ բա՞ն:

Բայց մենք խնդրից շեղվեցանք:

Հա, այն էի ասում, թե քահանաները հեռացան առանց կռվելու և այդ հանգամանքը սիրտս շատ կոտրեց. բայց մի փոքր հետո, հենց նույն հանգամանքը մի երջանիկ միտք ծնեցրեց իմ գլխում, — «արի, ասացի, այս դեպքը լուր շինեմ, մի փոքր էլ ծաղկեցնեմ և ուղարկեմ մեր թերթերից մինին, անպատճառ կտպեն: Եվ եթե տպեցին, այդ արդեն ապացույց է, որ ես գրելու տաղանդ ունեմ, ուրեմն և համարձակ կարող եմ իջնել գրական ասպարեզ»:

Ասելս ու գործելս մեկ եղավ:

Ներս մտա իսկույն սենյակ, նստեցի սեղանի առաջ, առա թուղթ ու գրիչ և շարադրեցի հետևյալը.

«Մեր քաղաքում երկու քահանա փողոցում միմյանց հետ կռվեցին գավազաններով և իրար ջարդեցին»:

Երկու անգամ կարդացի այս տողերը: Առաջին անգամ նրանք դուր եկան ինձ, բայց հետո տեսա, որ խիստ կարճ են, (ես առհասարակ շատ էի սիրում երկար գրել, թեպետ չէի կարողանում): Ինչ անեմ, որ թղթակցությունս մի փոքր երկարի, մտածում էի ես: Եվ, ահա՛, հանկարծ հիշեցի, որ հայոց լրագրները կարդալիս, նրանց մեջ պատահած գեղեցիկ բառերն ու դարձվածները միշտ օրինակում եմ մի առանձին տետրակում, որպեսզի նրանցից գործածեմ երբեմն՝ բարեկամներիս նամակ գրած միջոցին, (այդ ժամանակները ո՞վ էր կարծում, թե կգա մի օր, երբ ես լրագրի իսկական թղթակից էլ կդառնամ): — «Այս դեպքում էլ օգուտ կարող եմ քաղել ժողովածուից», — մտածեցի ինքս ինձ և սեղանի արկղից հիշյալ տետրակը հանելով, ընտրեցի նրանից հետևյալները.

1) «Իրենց կոչման բարձրության վրա». 2) «անվայելչաբար». 3) «պատկառելի». 4) «սոսկալի» (այս բառը առհասարակ ես շատ եմ սիրում). 5) «քիթ ու պռունկ». 6) «մխիթարական կամ անմխիթար երևույթ». 7) «բարձր հոգևոր կառավարություն». 8) «ոստիկանության լուրջ ուշադրությունը». 9) «հրավիրում ենք ուշադրությունը» և 10) «գարշապար» (այս էլ իմ սիրած բառերի թվին է պատկանում):

Այս տասն ընտիր բառերն ու դարձվածներն առնելով սկսա ետ ու առաջ դնել նրանց և հարմարեցնել իմ գրվածքին: Երկու ժամվա անխոնջ պարապմունքից ետ այդ գրվածքն ստացավ հետևյալ ձևը.

«Մեր քաղաքի երկու պատկառելի քահանաներ, որոնք իրենց կոչման բարձրության վրա չեն կանգնած, փողոցում անվայելչաբար կռվեցին միմյանց հետ և իրար քիթ ու պռունկ ու գարշապար ջարդեցին: Հրավիրում ենք բարձր հոգևոր կառավարության և ոստիկանության լուրջ ուշադրությունը այս անմխիթար երևույթի վրա»:

Առաջին անգամ, որ կարդացի այս լուրը, գրեթե հիացա: Այնպես լավ էր գրված, այնպես լավ, որ կարծես, իսկ և իսկ, լրագրից էր օրինակված: Միայն թե «գարշապար» բառն ինձ մի փոքր տարակուսանքի մեջ ձգեց: Գարշապարը գիտեի, որ մարմնի մի մասն է, բայց թե ո՞ր մասը, հաստատ չգիտեի, դժբախտաբար, բառարան էլ չունեի, որ նայեմ, իսկ հանել իմ գրվածքից այդպիսի մի սիրուն բառ, ափսոսում էի:

Ի՞նչ անեմ, ի՞նչ չանեմ, մտածեցի ես և վերջը հետևյալ հնարը գտա: Միևնույն ավուր երեկոյան գնացի եկեղեցի, (ուր, իբրև ինտելիգենտ մարդ, շատ հազիվ էի լինում) և երբ ժամասացությունն ավարտվեց, դուրս եկա բակ և այնտեղ հանդիպելով մեր քաղաքի գիտնական, բայց խիստ ետադեմ տեր Սեղբոսին, հարցրի նրան ծիծաղելով.

Տեր հայր, ի՞նչ կնշանակե «գարշապար»:

Հա, ի՞նչ է, ֆարմասոն, ուզում ես իմ գիտությունը վարձե՞լ, — հարցրեց քահանան ժպիտով, (նա բոլոր լրագիր կարդացողներին ֆարմասոն էր անվանում):

Այո՛, — ասացի հեգնորեն:

Դե լավ, որ այդպես է, կասեմ. «գարշապար» նշանակում է ճակատ, պատասխանեց քահանան լրջությամբ:

Ճշմարի՞տ:

Այո՛, ճակատին գրաբար լեզվով ասում են «գարշապար»:

Չեք կարող երևակայել, թե որքա՞ն ուրախացա, երբ տեսա սիրածս բառը ամենահարմար տեղն եմ գործածել:

Ես, իհարկե, իսկույն հեռացա տեր Սեղբոսից: Եվ չնայելով, որ նա իմ ետևից ինձ անվանեց «ապուշ», այսուամենայնիվ ես չլսելուն դրի, որովհետև պարզ տեսա, որ նա վիրավորվեց այն պատճառով, որ ես արժան չհամարեցի փոխանակել նրա հետ դարձյալ մի քանի խոսք, այլ արհամարհելով հեռացա:

Վերջապես հասնելով տուն, օրինակեցի իմ շարադրած լուրը և դրի ծրարի մեջ:

Այժմ առաջ եկավ մի ուրիշ, ավելի ծանրակշիռ հարց. — արդյոք ո՞ր լրագրին դիմեմ, ազատամիտ «Հնձվորի՞ն», թե՞ պահպանողական «Սայլորդին»: Մտածեցի երկար, չափեցի, կշռեցի և վերջը եկա այն որոշման, թե՝... բայց ոչ, որոշումս ձեզ հայտնելուց առաջ անհրաժեշտ է մի խորհրդածություն:

Արդյոք սլատահե՞լ է ձեզ երբևիցե գտնվել իմ դրության մեջ, այսինքն այնպիսի դրություն, որ դուք ձեր անձնական մտքերը, հասարակական գաղափարները և քաղաքական հայացքները աշխարհին հայտնի անելուց, կամ ինչպես գեղեցիկ լեզվով ասում ենհասարակության սեփականություն դարձնելուց առաջ, նստեք և մտածեք թե՝ «ո՞ր ուղղության դիմեմ, ո՞ր բանակին միանամ...»: Օ՛, մարդուս կյանքի մեջ այդ խնդրի մասին մտածելու վայրկյանը ամենից փառավորը և հանդիսավորն է... Այդ վայրկյանն է, որ քեզ առաջին անգամ զգալ է տալիս, թե դու ազատ մարդ ես և իրավունք ունես ինչ կամենաս լինելու. այսինքն և՛ ազատամիտ, և՛ պահպանողական, և՛ ետադեմ, և, մինչև անգամ, կղերական... Եվ իրավ, ո՞վ իրավունք ունի ասել քեզ թե «պարոն, ինչո՞ւ ես դու կղերական»: Այդպիսի ապուշին դու ուղղակի կարող ես պատասխանել թե՝ «հենց այն պատճառով, որ դու ազատամիտ ես»: Այդ կնշանակե թե՝ որևէ ուղղության կամ բանակի պատկանելը ոչ թե խելքի կամ խոր իմաստության գործ է, այլ ազատ կամքի: Երևակայեցեք, որ դուք վերարկու չունիք և ձեզ առաջարկում են գնել մեկը չորս վերարկուներից, որոնք բոլորն էլ նոր, գեղեցիկ, փափուկ և վայելուչ են և դուք ձեր սեփական փողը վճարելով՝ նրանցից մեկը գնում եք: Ո՞վ իրավունք ունի ձեզ ասել` «պարո՛ն, ինչու այս վերարկուն ընտրեցիք և ոչ մյուսը»: Չէ՞ որ ընտրությունը ճաշակի գործ է և դրա նկատմամբ երբեք չեն վիճում: Եվ ահա՛ դուք ընտրելով այն, որը կամեցել եք, դրանով կատարել եք ձեր կամքի ու ճաշակի պահանջը: Ընտրության միջոցին, իհարկե, չեք կարող որոշել, թե եղածներից ո՞րն է փտած և ո՞րը դիմացկուն, որովհետև ձեր աչքում բոլորն էլ դեռ նոր են: Իսկ փտածն ու դիմացկունը կորոշե ապագան: Այսպես էլ ուղղությունը, բանակը կամ կուսակցությունը: Այսօր երիտասարդ լինելով պատրաստվում ես իջնել գրական ասպարեզ, դրա համար հարկավոր է ընտրես մի կուսակցություն, ինչպես որ ձմեռը հասած ժամանակ վերարկու չունեցողն ընտրում է մի վերարկու: Սկզբում, իհարկե, դու ուշադրություն կդարձնես արտաքին փայլին և մեծահնչյուն անվանը, — իսկ թե հետո ի՞նչ դուրս կգա, այդ արդեն քո բախտն է, չպիտի տրտնջաս:

Ահա՛ ճիշտ այս մտքով գործեցի և ես, երբ հարկ եղավ որոշել, թե ո՞ր լրագրին դիմեմ. — «բոլոր աշխարհն, ասացի, առաջ է գնում, ես ինչո՞ւ եմ ետ մնում: Վերջին վարսավիրան էլ չի ընդունում, որ իրեն չանվանես առաջադեմ կամ ազատամիտ, մի՞թե կվայելե, որ ինձ նման ինտելիգենտը չպատկանի նույնպես ազատամիտների խմբին»:

Այսպիսի գեղեցիկ որոշման գալով ծրարս փակեցի և ուղարկեցի նրան՝ ազատամիտ «Հնձվորի» խմբագրությանը: Եվ որպեսզի աշխատությունս անկորուստ հասներ նրան, ես ծրարը ապահովացրի: Որովհետև մտածեցի, թե կարող է պատահել, որ նամակս Թիֆլիս հասնելուց անցնե հարբած մի ցրիչի ձեռք և սա փոխանակ «Հնձվորին» հանձնելու, տանե և տա պահպանողական «Սայլորդին»... Աստված մի արասցե այդպիսի մի թյուրիմացության շնորհիվ ես ուղղակի զոհ կդառնայի իմ լուրջ սկզբունքներին, այսինքն ստիպված կլինեի պահպանողական դառնալու: Որովհետև պարզ է, որ ինչ թերթում տրվում է մարդու անդրանիկ գրվածքը, այն թերթի ուղղությանն էլ նա պիտի հետևե: Հո չի կարելի սեփական մտքի ստեղծագործությունից հրաժարվել այս ու այն ուղղության պատճառով:

Ինչևէ, փոստային մի ավելորդ մարկա ապահովացրեց իմ համոզմունքը և պարզապես որոշեց իմ ուղղությունը:

Այնուհետև ամեն անգամ, որ Թիֆլիսից ստացվում էր «Հնձվոր» թերթը, ես նյարդային հուզմունքով սկսում էի նրա մեջ պտրտել իմ լուրը: Իմ աչքը չէին գալիս ո՛չ այդ թերթի առաջնորդողները, ո՛չ արտաքին տեսությունը, ո՛չ բանասիրականը... Ես զբաղվում էի միայն նրա ներքին տեսությամբ, որովհետև իմ «երկը» միայն այդտեղ կարող էր լինել: Եվ ես պտրտում էի... բայց ինչպե՞ս էի պտրտում, սրտատրոփ, շնչասպառ... ո՛վ քաղցր վայրկյաններ իմ գրական անդարձ անցյալի...

Եվ ահա՛ մի օր, բայց ո՛չ , մի երջանիկ օր, երբ այլևս հույս չունեի, թե կարող եմ իմ «երկը» տպագրված տեսնել, ստանում եմ «Հնձվորը» և, ըստ սովորականին, նրա ներքին տեսությանը նայում: Հանկարծ, ո՛վ զարմանք, գավառական լուրերի շարքում տեսնում եմ տպված իմ «հաղորդագրությունը»... Տպված եմ ասում, հասկանո՞ւմ եք: Բայց ո՛չ , անկարելի է, որ հասկանաք, կամ գոնե այնպես հասկանաք, ինչպես որ ես էի հասկանում... Դրա համար պետք է, որ կարողանաք հուզվել, ոգևորվել, տքնության ժամեր անցնել, ինչպես որ ես էի անցրել, որպեսզի հասկանաք, թե ի՞նչ է նշանակում «սեփական աշխատությունը» տպագրված տեսնել...

Եվ ես սկսա կարդալ իմ «աշխատությունը» մեկ, երկու, երեք, չորս և վերջապես տասն անգամ կարդացի և էլ չէի կշտանում: Զարմանալի է, որքան էլ որ թղթի վրա գրվածը լավ է թվում գրողին, լրագրի մեջ տպագրվածը նրանից տասն անգամ ավելի լավ է թվում: Եվ դրա գաղտնիքը, ես կարծում եմ, նրանումն է, որ մարդ յուր գրվածքը տպագրելուց հետո է միայն համոզվում թե ինքը, արդարև, «թղթակից է»:

Եվ այսպես, մեծ երանություն պատճառեց ինձ իմ անդրանիկ «երկի» տպագրությունը: Ցավալի էր միայն, որ նրանից հանել էին երկու բառ, առաջինը «ոստիկանություն» և երկրորդը՝ «գարշապար»: Ոստիկանությունը ոչինչ, բայց գարշապար բառի անհետանալը շատ վրդովեց ինձ:

Մեկ մտածեցի, թե վեր կենամ մի նախատական նամակ գրեմ խմբագրությանը և բացատրություն պահանջեմ «թղթակցի» պատվի հետ այդպիսի կոպտությամբ վարվելու համար, մեկ էլ ինքս ինձ ասացի, «ո՛վ գիտե, ո՞ր անգութ ձեռքն է հանել այդ բառերը, նույնիսկ խմբագրի կամքի հակառակ... ավելի լավ է լռել, ապա թե ոչ կարող են մեզ նույնիսկ քաղաքական հանցավոր ճանաչել...»:

Եվ այսպես, ես հաշտվեցի իրողության հետ, մխիթարելով ինձ ա՛յն քաղցր մտածությամբ, թե ես ուրեմն, «գրող» եմ և կարող եմ այսուհետև համարձակ իջնել գրական ասպարեզ և կանգնել այն մարդկանց շարքում, որոնք իրենց անվանում են «թղթակից-հրապարակախոս»:

Հետո «Հնձվորում» տպված իմ լուրի շուրջը կարմիր թանաքով մի հաստ ու գեղեցիկ շրջանակ քաշեցի և թերթը կախեցի իմ սեղանի առաջ՝ հանդիպակաց պատին, լուսանցքի վրա նախապես գրելով հետևյալը. «Այս է իմ գրական առաջին երկը», որ լույս տեսավ 1873 թվականի մայիսի 25-ին: Իմ գրական գործունեության քսանհինգամյակը լրանում է 1898 թ. մայիսի 25-ին»:

Բ

Ասում են՝ դիպվածները շատ անգամ «փոքրիկ» մարդկանց դարձնում են «մեծ»: Եվ այդ ճիշտ է: Եթե տեր Շմավոնի գավազանը իջա, չլիներ տեր Սիմոնի գլխին (գրական էտիկետը պահանջում է, որ մի անգամ հայտնածս ճշմարտության վրա պնդեմ մինչև վերջը), ես, իհարկե, այսօր թղթակից չէի դառնալ ազատամիտ «Հնձվորին», այն էլ ոչ թե պատահական, այլ «հատուկ»:

Այժմ կհետաքրքրվեք իմանալ, թե ե՞րբ դարձա ես «հատուկ թղթակից», քանի որ այդ մասին դեռ ոչինչ չեք լսած: Պատմեմ համառոտ:

«Հնձվորի» համարը մեր քաղաքում ստացվելուց մի օր հետո դուրս եկա փողոց իմանալու համար, թե ի՞նչ են խոսում արդյոք լույս տեսած լուրի մասին: Որքա՛ն մեծ եղավ իմ ուրախությունը, երբ թեմական դպրանոցի ծանոթ ուսուցիչներից մինը հայտնեց, թե այդ լուրը մեծ իրարանցում է ձգել քահանաների մեջ, իսկ սրբազան առաջնորդն այնքան է վրդովել, որ հրամայել է գործակալներին քննություն կատարել և, հանցավորներին գտնելով խստությամբ պատժել:

Հետաքրքրական է իմանալ, թե ո՞վ է գրել այդ լուրը, — հարցրի ես կեղծ միամտությամբ:

Ով որ գրել է, շատ լավ է գրել, թեպետ լուրը կարճ է, բայց երևում է, որ գրողի գրչում թույն կա. երկու խոսքով քաղաքն իրար է տվել:

Քիչ էր մնում, որ այս գովեստը լսելուց խելքս թռցնեի և գրկելով վարժապետին՝ բացականչեի.

Գրողը ես եմ, ես, պարոն Ճաճուռյան, այդ թունավոր գրիչն ինձ է պատկանում. այդ ե՛ս եմ, որ երկու խոսքով քաղաքն իրար եմ տվել:

Այո՛, ուզում էի այս խոսքերն ասել, բայց չգիտեմ ինչպե՞ս, քաջություն ունեցա ինձ զսպելու: Եվ հենց այդ վայրկյանին մի մեծ գյուտ արի, այսինքն՝ եկա այն համոզման, թե ինը մուսաներից մինը անպատճառ «լռեցնող է»: Եվ իրավ, եթե բոլոր մյուսները ոգևորում են մարդկանց գրելու, խոսելու կամ երգելու, չէ՞ որ մեկն էլ պետք է լինի, որ խիստ եռանդոտների աշխույժը չափավորե՝ գրողի ձեռքը, խոսողի լեզուն և երգողի ձայնը տկարացնելով: Եվ, իմ կարծիքով, այդ «լռեցնող» մուսան ամենից ավելի բարեկամ է մարդկանց, որովհետև յուր ներշնչումով արգելք է լինում անտեղի ստեղծագործություններին: Իսկ այդպիսի ստեղծագործություններ որքա՞ն շատ կարող են լինել աշխարհում: Եվ, ահա, ուրեմն, այդ բարեսիրտ մուսայի շնորհիվ ես չբացականչեցի Ճաճուռյանի առաջ և չմատնեցի ինձ:

Բայց նույն ավուր երեկոյան գնացի եկեղեցի իմանալու համար, թե ի՞նչ հետևանք է ունեցել գործակալի քննությունը: Եվ որքա՛ն մեծ եղավ իմ զարմանքը, երբ իմացա, որ տեր Շմավոնի ու տեր Սիմոնի փոխարեն պատժվել են տեր Գրիգորն ու տեր Սահակը, որոնց մասին, ինչպես գիտեք, ոչինչ չէի գրած: Իմ հարցին, թե ինչի՞ համար են դրանք պատժվել և ոչ թե ուրիշները, քանի որ լրագրում անուն չէ հիշված, — պատասխանեցին թե՝ «հարցուփորձից պարզվել է, որ դրանք մի օր կռվել են իրար հետ գերեզման օրհնելիս»:

Ուրեմն, ճշմարտություն դուրս եկավ թաքստից, կեցցե՛ լրագիրը,— բացականչեցի ես:

Հա, ֆարմասոն, չլինի՞ թե դու ես լուր տվել «Հնձվորին», — խոսեց հետևիցս տեր Սեղբոսը, որ լսել էր իմ բացականչությունը:

— «Ահա՛ գրելու նյութթղթակցին պտրտում են...» մտածեցի ես և, չնայելով որ այդ քահանային արհամարհում էի, իբրև հետադեմ կղերականի, այսուամենայնիվ որոշեցի այս անգամ չարհամարհել, մտածելով, թե քանի որ սա ինքն ընդունում է, որ ես կարող եմ լուրեր տալ լրագրին, թո՛ղ այդ պես էլ իմանա և երկյուղ կրե ինձանից:

Հա, դիցուք, թե ես եմ տվել, ի՞նչ եք ուզում ասել, — հարցրի ես մի առանձին խստությամբ:

Այն եմ ուզում ասել, որդի, — պատասխանեց նա ձայնը մեղմացնելով, — որ երբ մի բան գրում եք, ուղիղը գրեք:

Ինչ որ լրագրում գրվում է, նա անպայման ուղիղ է, սովորեցեք, վերջապես, պատկառիլ տպված խոսքից, — բարկացա ես արդար բարկությամբ:

Տեր Սեղբոսը, կարծեմ, երկյուղից կորցրեց իրան:

Ոչ, այդ չէի ասում... — կակազեց նա, — կարծեմ պատժված քահանաներն իրար չեն խփել, այլ միայն հայհոյել են:

«Ահա՛ գրելու երկրորդ նյութիսկությունն ուրանում են», մտածեցի ես և ապա հարցրի.

Եթե այդպես է, գործակալն ինչո՞ւ էր պատժում նրանց:

Այդ մեկը չգիտեմ. ա՛յ, հենց նա ինքը գալիս է այստեղ. հարցրու, մենք չենք կարողանում նրա հետ այդպիսի հարցերից խոսել:

Ինչո՞ւ չեք կարողանում:

Ինչպե՞ս կարողանանք, գործակալ մարդ է, մեկ էլ տեսար գնաց սրբազանի առաջ մեզ զրպարտեց, նա էլ հրամայեց, թե գնա՛ տեր Սեղբոսին պատմիր: Այն ժամանակ ո՞վ է մեզ պաշտպանում:

Մենք, գրականության մշակներս, — բացականչեցի ես խրոխտաբար և այդ վայրկենին ինձ թվաց, թե մի առանձին ուժ ստացա տկարներին է անմեղներին պաշապանելու համար:

Վերջապես մոտեցավ գործակալ քահանան: Դա մի տգետ գյուղացի էր. բայց երեսի պնդությամբ կարողացել էր ոչ միայն գյուղից փոխադրվել քաղաք, այլև այդտեղ կարգվել էր գործակալ:

Իմ հարցին թե ինչո՞ւ պատժել եք տեր Գրիգորին ու տեր Սահակին, նա կոպիտ, գավառական բարբառով պատասխանեց.

Ինչպե՞ս թե ընչի՞, հեր օրհնա՛ծ, նրանց անիրավութենի համբավը հասել ա Թիֆլիս. սաղ աշխարհը նրանց վրա ա խոսում, հմի դու ասում ես ընչի՞ ենք պատժել:

Բայց ի՞նչ են արել նրանք, — հարցրի ես խստությամբ:

Կռվել, հայհոյել, իրար ծեծել են, էլ ի՞նչ պտի անեն:

Իսկ ես լսել եմ, որ նրանք կռվել են խոսքով, բայց չեն ծեծել իրար:

Հա, իմ քննության վախտն էլ տըհենց ասեցին, ամա դե ես պատժեցի:

Էլ ինչո՞ւ էիր պատժում, քանի որ քննությունն այդ լուրը չէ արդարացրել:

Ընդուր, որ լրագրումը տպված ա ըլել թե ծեծել են: Լրագրի խոսքը թողանք, մարդկանց հավատա՞նք, տպած խոսքը սո՞ւտ կըլի:

Գործակալի այս պատասխանը շատ դուր եկավ ինձ: Չնայելով յուր արտաքին կոպտության, երևաց, որ բավական լուսամիտ է նա, որովհետև ճանաչում է տպագրված խոսքի արժանիքը:

Կեցցես, տեր-հայր, մինչև այսօր ես նախապաշարված էի քո վերաբերմամբ, բայց այժմ արդեն տեսա, որ արժանավոր գործիչ ես, — ասացի ես:

Խրախուսվելով իմ գովեստից, գործակալը հայտնեց մի խելոք միտք, որը ինձ վրա խորը տպավորություն արավ:

— «Լուր» ասած բանը նման ա ձյունի կլոնդրակի (գնդակի), որ երեխաները գնդելով գցում են ձյունի վրա, եդո սկսում են թոլ տալ (գլորել), որքան շատ ա թոլ ըլում էդ կլոնդրակը, էնքան էլ ձյունը վրան ավելանում ա, հու ենդուց եդը էնքան մեծանոմ, որ էլ երեխաները կարում չեն տեղից ժաժ տալ: Ուրեմն, եզրակացրեց գործակալը, մարդիք չպետք ա ձյունը գնդեն, այսինքն ամենափոքր անկարգություն էլ ա անեն, չուն էդ անկարգության լուրն ըստեղից մինչև Թիֆլիս հասնիլը տասն անգամ պտի մեծանա, ոնց որ բնական ա: Մեղավորն էլ պետք ա պատժվի, ոչ թե էն չափով, որ մեղք ա գործել, այլ էն չափով, որ գրված ա լրագրումը:

Բայց տեր-հայր, ձյունի գունդն ուրիշ բան է, չոր լուրն` ուրիշ բան, ձյունը գլորվելով կմեծանա, դա բնական է, բայց լուրը պիտի տեղ հասնի ճշտությամբ, առանց մեծանալու, կամ փոքրանալու, — նկատեց գործակալին մի նորընծա քահանա, որ կարծեմ, պահպանողականներից էր:

Սխալվում ես, որդի, — պատասխանեց գործակալը. — ճանապարհ գնալուց լուրն էլ ընենց մեծանում ա, ոնց որ ձյունի կլոնդրակը, այ, մի օրինակ պատմեմ, լսիր: Օղորմած հոգի դեր (տեր) Պուղին մեր գեղի պատվական քահանաներից մինն էր: Մի առավոտ զարթնելով կնկանն ասում ադերակին, էս գիշեր էրազումս էնքան տանջվեցի, էնքան չարչարվեցի, որ ուզում ի մեռնեմ: — Խի՞, ա դեր, — հարցնում ա կնիկը, — ընդուր որ, մի ագռավ ծնեցի, — ասում ա դերը: — Բա՛ քու տունը չքանդվի, ըդենց էլ բան կլի՞, արմանում ա կնիկը, հու ձեռաց վազում իրենց դրացի Օհանի կնկանը ասում` — աղջի, Սաբեթ, չե՛ս ասել, մեր դերը էս գիշեր Էրկու ագռավ ա ծնել: — Վա՛յ, քոռանամ, Էդ ի՞նչ ես ասում, — ծնկներին տալիս ա Սաբեթը, հու ինքն էլ վազում իրա հարևանի մոտ ասում. — Աղջի, Սառումի թոռը, ախր դեր Պուղին ես գիշեր իրեք ագռավ ա ծնել: — Էդ ի՞նչ զուլում (պատիժ) ա, ա՛ կնիկ, — ասում ա Սառումի թոռը, — հու վազ տալի իրա տալի տունը: — Սոփի, Սոփի, — ասում, ա, արմացք բան ասեմ. դեր Պուղին էս գիշեր չորս ագռավ ա ծնել:

«Ինչ գլուխներդ ցավացնեմ, բանը որ հասնում ա քյոխվին, դեր Պուղին օխտը ագռավ ա ծնած ըլում: Քյոխվան, իհարկե, իրա գեղի խեր ու շառին հոգատար մարդ, հավաքում ա գեղականը հու գալիս դեր Պուղու մոտ:

Ա դեր, էս ի՞նչ զուլում ա հասել մեր գեղին, Էդ խի՞ օխտը ագռավ ես ծնել, — հարցնում ա նրան: Խեղճ դեր Պուղին մնում ա շվարած:

Էդ ո՞վ ասեց, քյոխվա, — հարցնում ա նրան:

Ո՞նց թե ո՞վ ասեց, սաղ գեղը դրնգում ա (թնդում է), — պատասխանում է քյոխվեն: Հանկարծ դերի միտն ա գալիս իրա երազը, կանչում ա կնկանը հարցնում.

Դերակին, էս ագռավի բանը քեզ եմ ասել, Էն էլ ասել եմ թե մի ագռավ եմ ծնել, հմի էս խի՞ Էլլիկը (հասարակությունը) ասում ա օխտն եմ ծնել:

Ի՞նչ գիտամ, ես Օհանի կնկան էրկուսն եմ ասել,— պատասխանում ա դերակինը:

Բա խի՞ ես երկուսն ասել:

Ընդուր, որ մտածեցի թե մի ագռավ որ ծնել ա, հալբաթ (երևի) մի ճուտ էլ հետը կըլեր:

Այ Օհանի կնիկ, դո՞ւ ինչ ես ասել, — հարցնում են նրան:

Ես էլ ասել եմ իրեքն ա ծնել:

Բա խի՞:

Չուն մտածեցի, թե երկու ագռավ որ ծնել ա, հալբաթ նրանց էլ մի ճուտ կըլեր: — Եվ ըսենց պատասխանում են բոլորը:

Բանն իհարկե պարզվում ա, բայց էդ օրից խեղճ քահանի անունը մնում ա «օխտը ագռավ ծնող դեր Պուղի»:

Հիմի, ա դեր, — դարձավ գործակալը նորընծային,— դու ասըմ ես լուրը մեծանալ չի: Էս հլա փոքր գյուղում ա, որ մի ագռավը օխտն ա դառնում, բա լուրը, որ ըստեղից Թիֆլիս գնա, տես քանի անգամ պիտի մեծանա է՛...

Գործակալի պատմությունը համոզիչ ազդեցություն արավ լսողների վրա, իսկ ինձ, առանձնապես, հիացրեց: Այդ պատճառով ձեռքս պարզելով նրան ասացի.

Հայտնում եմ ձեզ իմ անկեղծ համակրությունը: Քանի որ դուք էլ մեր բանակից եք, ուրեմն գործենք միասին:

Գործակալը, կարծես, ասածներս չհասկանալով, քաշվելով հարցրեց.

Ձեր պաշտոնն ի՞նչ ա:

Իմ պաշտո՞նը... այդ թող ուրիշներն ասեն, — պատասխանեցի ես ժպտալով և համեստությամբ հեռացա:

Բայց որովհետև քայլերս արագ չէի փոխում... ուստի լսեցի, որ տեր Սեղբոսը մի առանձին անկեղծությամբ ասում էր. — «Հնձվորի» թղթակիցն է, լուրն էլ դա է հաղորդել:

Գործակալը մի զարմացական բացականչություն արավ և, կարծեմ, տեղն ու տեղը սառեց:

Գ

Հա, դուք կամենում էիք իմանալ, թե ինչպես դարձա ես «հատուկ» թղթակից, բայց ես միջանկյալ պատմություն արի, հոգ չէ, այդ էլ հարկավոր էր, այժմ կդառնամ բուն խնդրին:

Վերադառնալով տուն, նախ սկսա մտածել այն մասին, թե ի՛նչ լավ բան է շփումն ունենալ հասարակական գործիչների հետ, կարծիքներ լսել, մտքեր փոխանակել կամ չգիտցածը սովորել:

Առաջին գրական երկս «Հնձվորին» ղրկելու ժամանակ խոստովանում եմ, երկո՞ւ թե երեք վայրկյան խղճի խայթ ունեցա, որովհետև մտածեցի, թե արդյո՞ք լավ եմ անում, որ չեղած բանը գրում եմ թե՞ ոչ: Ասենք դա սկի խղճի խայթ էլ չէր, այլ լոկ անփորձության երկյուղ: Իսկ ա՞յժմ, հայ գործակալի բերած օրինակները լսելուց հետո այնպիսի մի անհողդողդ քաջություն եկավ վրաս, որ կարծես պատրաստ էի աշխարհը գլխի վրա շուռ տալու, եղածը չեղած, սպիտակը սև, փոքրը մեծ, կարճը երկար, հաստը բարակ, մի խոսքով, աներևույթը երևութական դարձնելու, միայն թե կարողանայի շարունակ գրել և այդպիսով ծառայել գրականաթյանը: Օ՛, ի՞նչ ոգևորություն էր այս և ինչ չէ կարող անել մարդ հափշտակության այդպիսի վայրկյաններում:

Եվ ես սկսա գրել: Բայց ի՞նչ եք կարծում, ի՞նչ... Մի որևէ լո՞ւր, երբե՛ք: Այս անգամվա ոգևորությանը լուրի ոգեվորություն չէր, այլ մի ամբողջ թղթակցության, որ գրական աշխարհը հուզեր, կրքեր վառեր, մտքեր բորբոքեր... Այո՜, և ես սկսա գրել, ո՜չ, շարադրել այդ թղթակցությունը: Եվ շարադրում էի, ի՞նչ եք կարծում քանի՞ օր, — ուղիղ տասներկու, առավոտից սկսած մինչև երեկո: Առաջին երկու օրը զբաղված էի միայն իմ տետրակից բառեր ու ոճեր քաղելով: Հետո կարգի բերի այն հարցերը, որոնց մասին պետք է գրեի: Ապա սկսա իսկական շարադրությունը, որ ինձանից խլեց ուղիղ հինգ օր հետո շարադրությանս մեջ զետեղեցի իմ ընտրած բառերն ու ոճերը, վերջն արտագրեցի, օրինակեցի, միավ բանիվ դուրս եկավ մի հսկայական աշխատություն: Եվ ուրիշ կերպ էլ չէր կարելի, երբ մարդ մի լուրջ բան է գրում, պետք է լրջորեն էլ պարապե, քննե, հետազոտե, ուսումնասիրե...

Որովհետև այդ թղթակցությունն ամբողջապես առաջ բերել չէի կարող, ուստի համառոտ հիշեմ, թե ի՞նչ խնդիրներ էի շոշափել դրա մեջ:

Սկզբում հարձակվեցի այն բոլոր ստոր արարածների վրա, որոնք սկսել Էին որոնել լուր հաղորդող թղթակցին, ինչպես օրինակ տեր Սեղբոսը և նրա նմանները: Այս պարբերության համար հատկապես իմ ոճերի տետրակից արտագրել էի հետևյալ գեղեցիկ խոսքերը՝ «Պարոններ, իզուր եք որոնում, կամ հալածում թղթակիցներին, նրանք հանցավոր չեն, որ գրում են ճշմարտությունը, իսկ ճշմարտությունը մի հայելի է, որի մեջ ցոլանում է ձեր պատկերը. հայելին մեղավոր չէ, որ այդ պատկերը նրա մեջ երևում է տգեղ և զզվելի»:

Այս կտորն այնքան գեղեցիկ էր, որ ես հինգ անգամ, իրար վրա կարդացի:

Հետո սկսա խոսել, «մտրակողական» ուղղության մասին, անվանելով նրան «ժողովրդի փրկություն»: Եվ այդ անունն արդարացնելու համար առաջ բերի այն հզոր ազդեցությանը, որ արել էր «Հնձվորը», հրապարակ հանելով քահանաների տգեղ արարքը: «Նույնիսկ կղերականությունը չկարողացավ անտարբեր մնալ այդ մերկացումի առաջ և ստիպված էր պատժել հանցավորներին» ասում էի ես:

Այս առիթով, սակայն, ես հարձակվեցի սրբազանի վրա, անվանելով անարդար և կողմնապահ, որովհետև իսկական հանցավորներին թողած, նա պատմել էր բոլորովին անմեղ մարդկանց (այս մեկն հո հաստատ գիտեի), և այդ արել էր, ասում էի, այն պատճառով, որ պատժվողները սրբազանի հետադեմ ուղղության կուսակից չէին: (Այս մասին թեպետ խոսք չէր եղել իմ ու տեր Սեղբոսի մեջ, այնուամենայնիվ ես պիտի գրեի, որովհետև իբրև թղթակից պարտավոր էի կատարված իրողության իսկական պատճառները հետազոտել, գտնել)...:

Չխոսելով այլևս մյուս հարցերի մասին, այսքանը միայն կասեմ, որ թղթակցությունս այնքան գեղեցիկ էր դուրս եկել, որ նա, մինչև անգամ, նմանվում էր իսկական թղթակցության: Հենց այս պատճառով էլ սիրտ արի նրա վերջում ավելացնելու իմ անձի վերաբերմամբ հետևյալ տողերը.

«Հանձն առնելով թղթակցի պատասխանատու պաշտոնը, մենք դրանով նպատակ ունինք ծառայել հասարակության իսկական շահերին: Մեր պարտքը կլինի ամեն մի դեպքում պաշտպանել արդարությունը, ճշմարտությունը, գեղեցիկը և բարին, իսկ իրավունքը` հալածել ու հարվածել անարդարությունը, սուտը, տգեղը և զզվելին»:

Այս ամենից հետո առաջ էր գալիս ստորագրության խնդիրը: Եթե իմ գրածների տակ դնեի միշտ իմ անունն ու ազգանունը, որ էր Հովսեփ Ավետիսյան Օհանյանց, դա շատ երկար կլիներ, և բացի այդ, ես կարող էի հաճախ ենթարկվել հարձակումների, կամ հրավիրվել դատարան: (Չէ՞ որ իբրև իմ կոչման հավատարիմ թղթակից, ես չէի կարող միշտ ճշմարտություններ գրել, մի տեղ որ ուղղություն կա, բանակ կա, կուսակցության շահեր կան, մի՞թե կարելի է միշտ ճշմարտություն խոսել): Այդ պատճառով էլ որոշեցի ընտրել մի կեղծ անուն: Բայց թվելով մի քանի տասնյակ բառեր, օրինակ` Բեղզեբուղ, Որոմնացան, Սանտարամետ, Մտրակահար, Հառաջադեմ և այլն, տեսի, որ դրանք բոլորն էլ թեպետ գեղեցիկ, բայց երկար բառեր են: Ես կամենում էի կարճը և քաղցրահնչյունը: «Արի իմ անվան, հորանվան և ազգանվան գլխատառերն իրար մոտ դնեմ և տեսնեմ, թե ի՞նչ դուրս կգա», — մտածեցի ես, և այդպես էլ արեցի, դուրս եկավ ՀԱՕ, որը ոչինչ չէր նշանակում: Բայց որովհետև պապիս անունն էլ Կարապետ էր, ուստի երբ նրա գլխատառն էլ մեջը դրի, դարձավ ՀԱԿՈ: Ի՞նչ գեղեցիկ ու հրաշալի բառ, բացականչեցի ես և այդ անունով էլ թղթակցությունս կնքելով ուղարկեցի «Հնձվորին»:

Անցավ տասն օր: Տասր դժվարատար, հույսով, ցնորքով և հուզմունքով լի օրեր... Անցուցե՞լ եք դուք երբևիցե այդպիսի օրեր... Իհարկե ոչ: Այդ ծանր, թեթև, քաղցր և դառն, միշտ տանջող և միշտ հաճելի օրերը միայն մեզ` գրականության մշակներիս է վիճակված... Այո՛, գրել, ստեղծագործել և սպասել, որ այդ ստեղծագործությունը լույս տեսնե, մտքեր ու սրտեր հուզե, կարծիքներ ծնեցնե, վեճեր հարուցանե և ստեղծագործողի անունը փառավորե կամ... խայտառակե: Վերջին բառն, իհարկե, ինձ չէ վերաբերում. բայց լինում են նաև այդպիսի դժբախտներ, մուսաներից ատված մարդիկ, որոնք գրում, կամ, իրենց կարծիքով ստեղծագործում են և վերջը խայտառակվում: Բայց թողնենք այդ դժբախտներին:

Տասն օր անցավ: Ստացվող «Հնձվորում» չէր երևում իմ թղթակցությունը. սկսում էի հուսահատվել... Հեշտ բան չկարծեք նստել 12 օր, գրել, շարադրել, միևնույն բանը տասն անգամ օրինակել և վերջը նրա տպագրությունը չտեսնել... Օ՛ դա զարհուրելի է... Բայց ինչպես երևում է, ինձ ոգևորող մուսան հսկում է եղել թղթակցությանս: Տասն և մեկերորդ օրը, այո՛, ճիշտ այդ օրը... բայց ոչ, նկարագրեմ, թե ի՞նչ օր էր այդ. — Պայծառ և գեղեցիկ, արևն առավոտը ծագել էր, իսկ երեկոյան պետք է մայր մտներ, հետո լուսինը պիտի ծագեր, մարդիկ և անասուններ եռանդով գործում էին, թռչունները երգում. բույսերը բսնում և ծաղիկները ծաղկում... դրանից կարող եք երևակայել, թե ի՞նչ հրաշալի օր էր այն: Եվ ահա, այդ հրաշալի օրը ստացա «Հնձվորի» մի համար: Տենդային հուզմունքից դողացող ձեռքերով բացի թերթը: Առաջին երեսում ոչինչ չկար, իսկ երկրորդում... Տեր ասավա՛ծ, մի՞թե ճշմարիտ էր, աչքերիս չէի ուզում հավատալ... Այդտեղ, այդ երկրորդ երեսում տպված էր, բայց ո՛չ, լույս էր տեսած, կամ ավելի ճիշտ ասած հրատարակված էր իմ թղթակցությունը... Առաջին անգամ, որ աչքս ընկավ ՀԱԿՕ-ի վրա, քիչ էր մնում, որ ուրախությունից խելագարվեի... ուրեմն դա երազ չէր և ոչ էլ ցնորք: Այո՛ դա իմ թղթակցությունն էր տպված հայոց ազգի պարծանք «Հնձվորում»: Եվ ես սկսա կարդալ: Բայց, ո՛վ զարմանք, ուրախությունն այնքան էր շշմեցրել ինձ, որ ամենից կարևորը, իմ ներկան ու ապագան փառավորողը դեռ չէի տեսել: Իմ հոդվածի սկզբում, «Նամակ խմբագրության» վերնագրի տակ, փակագծի մեջ նոսր գրերով տպված էր «Հատուկ թղթակցից»... Հասկանո՞ւմ եք, հատուկ թղթակցից, ուրեմն ես, Հովսեփ Ավետիսյան Օհանյանցս, կամ ըստ անվանակոչության Հակօ-ս, «Հնձվորի» «հատուկ», կամ որ նույնն է ասել «պաշտոնական» թղթակիցն էի: Եվ այս պատվաբեր կոչումը ոչ մի մահկանացու չէր կարող այլևս խլել ինձանից, որովհետև դա արդեն հաստատված, սրբագործված էր տպագրված տառերով ճշմարտության պաշտպան և ընդհանուր աշխարհին հայտնի «Հնձվոր» լրագրում... Ընդհանուր աշխարհին հայտնի եմ ասում, որովհետև նրա ճակատին պարզ գրած էր թե «արտասահմանից մեզ դիմում են հետևյալ հասցեով Tiflis, Redaction «Hindzvor». կնշանակե արտասահմանում նա հայտնի էր ամենքին: Այդպիսով, ուրեմն, ես էլ դառնում էի աշխարհահռչակ, իմ անունն էլ այնուհետև պիտի կարդացվեր ոչ միայն Կովկասում ու Ռուսաստանում, այլև Եվրոպայում, Ամերիկայում, Աֆրիկայում և Ավստրալիայում...

Следующая страница