Մուրացան՝   Ռուզան

Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last

ՋԱԼԱԼ. — (դառնալով Ումեկին) Տե՛ր տաճարապետ, տուր քո հրամանները, թափորը սպասում է մեզ:

ՈԻՄԵԿ. — (բարձրաձայն) Օ՛ն, ուրեմն, իշխաններ և իշխանուհիներ. թողնենք սեղանն յուր բախտին. դիմենք այժմ այնտեղ, ուր մեր ուրախությունը պիտի պսակվի: Եպիսկոպոսը վաղուց սպասում է վանքում: Ճանապարհը հեռի է, եթե մի փոքր էլ այստեղ ուշանանք՝ սրբազանը կբարկանա և մեզ պատժելու համար վանքի դռները կփակե:

ՀԱՆԴԻՍԱԿԱՆՔ. — Պատրաստ ենք, իշխան, առաջնորդիր մեզ: (Վեր են կենում տեղերից):

ՈՒՄԵԿ. — (առաջ անցնելով) Օ՛ն, ուրեմն, թող երաժշտությունն սկսե. թմբուկները թնդացնեն լեռները. ոչ մի մահկանացու տխուր չմնա այստեղ: Հառա՛ջ, բարեկամներս:

ԶԱՔԱՐԵ. — (պատուհանից նայելով) Ա՞յս ինչ է... Սպասեցեք, իշխաններ, սպասեցեք... (Գլուխը բռնած ետ է գալիս):

ՀԱՆԴԻՍԱԿԱՆՔ. — (թափվելով Զաքարեի վրա) Ի՞նչ կա, իշխանք, ի՞նչ պատահեց քեզ:

ՄԱՄՔԱՆ. — (վախեցած և շտապով) Սիրելի տա՛գր...

ՋԱԼԱԼ. — Ի՞նչ եղավ քեզ, եղբայր իմ...

ՌՈՒԶԱՆ. — Այս ի՞նչ է, աստված իմ:

ՏԵՍԻԼ Գ

Առաջինները և մի գուժկան

(որ մտնում է քրտնաթոր, շնչասպառ, օձիքը պատառած)

ՊԱՊԱՔ. — (տեսնելով գուժկանին և ինքն իրեն) Հա՜, ուրեմն չեմ խաբված:

ՋԱԼԱԼ. — (բոլորին լսելի ձայնով) Ա՛հ... գուժկա՛ն...

ԲՈԼՈՐԸ. — (բոլորը սարսափած ետ նայելով) Գուժկա՜ն...

ՌՈԻԶԱՆ. — (հարելով Ներսեհին) Աստվա՛ծ իմ:

ՄԱՄՔԱՆ. — (սարսափած) Այս ի՞նչ է պատահել:

ՋԱԼԱԼ. — (գուժկանին) Ի՞նչ պիտի գուժես, թշվառական, ասա՛ շուտ:

ԳՈԻԺԿԱՆ. — (բոլորին լսելի ձայնով) Չարմաղան զորապետի եղբայր Ջոլան ահագին բանակով հասել է Առջաձոր. նրա գունդերից մի քանիսը դիմում են այս ամրոցը, իսկ ասպատակները ցրվեցան դեպի գյուղերը: Թշնամու անցած տեղերը Գետաբակ, Շամքոռ, Բարտավ, ավերված և բնակիչները սրե անցած են:

ԶԱՔԱՐԵ. — (վշտահար) Աստվա՛ծ իմ, աստված իմ, այս ի՞նչ արիր դու: (Ընկնում է աթոռի վրա):

ՄԱՄՔԱՆ. — Այս ի՞նչ լսեցի. այս ինչ թշվառություն հասավ մեզ:

ՌՈԻԶԱՆ. — Ներսե՛հ... հայր իմ...

ՆԵՐՍԵՀ. — Հանգիստ եղիր, Ռուզանս, չարժե մի լուրից այդպես շուտով այլայլվիլ:

ԹԵՆԻ. — Օ՛, մեր մեղքերի համար պատժում է մեզ աստված...

ՋԱԼԱԼ. — (կատաղի բարկությամբ) Աստվա՛ծ իմ, աստվա՛ծ իմ, աստվա՛ծ իմ, այս ի՞նչ հարվածներ ես բերում մեր գլխին... Մի՞թե, արդարև, այս պատիժները կրելու չափ հանցավոր ենք քո առաջ... պակասե՞լ է, արդյոք, Հավիտենականի գութը, թե՞ չարարվեստ դժոխքն երկինքն է փոխադրվել... մի տարի, մի տարի անգամ այս ապաբախտ ժողովրդին միջոց չես տալիս ազատ շունչ քաշելու, և դառնության բաժակը նա մինչև մրուրն է քամում...:

ԶԱՔԱՐԵ. — (սթափվելով) Ջալալ, եղբայր իմ, այդ ի՞նչ ասացիր, դու հայհոյեցիր ամենակարող աստծուն:

ՋԱԼԱԼ. — Ի՞նչ, սարսափո՞ւմ ես ապագա գեհենից, մենք այստեղ արդեն դժոխքի մեչ ենք: (Ընկնում է աթոռի վրա և գլուխը ձեռքերով բռնում):

ՆԵՐՍԵՀ. — (առաջ գալով) Իշխաններ, ինչո՞ւ եք սառել, արյուն չէ՞ վազում ձեր երակներում: Գերվելո՞ւ եք սպասում, թե՞ երկնքից օգնության:

ՍՄԲԱՏ. — Ի՞նչ կարող ենք անել այս անակնկալ ժամուն:

ՆԵՐՍԵՀ. — Ինչ կարող ենք անե՞լ... Եվ այդ դո՞ւ ես ասում, Սմբատ իշխան, մի՞թե քո նախահարց փառքը քո ձեռքով ես կամենում մրոտել: Կռվի դաշտը ընդարձակ է, սուր և մահ... ահա մեր գործը:

ՈԻՄԵԿ. — Ինչ կամենում եք անել, խոհեմությամբ արեք, որ թշվառությունը չծանրանա մեր գլխին:

ՆԵՐՍԵՀ. — (բարկացած) Հեռո՛ւ, վատարանց, խոհեմության մասին միայն դու մտածիր...

ՋԱԼԱԼ. — (բարձրանալով աթոռից) Եվ իրավ, իշխաններ, ինչո՞ւ եք սառել: Մի՞թե մահն այդքան վախեցնո՞ւմ է ձեզ: Մեր մանկությունը պատել են արյունոտ խանձարուրում, մեր հասակն աճել է կռվի արհավիրներում, հոգիներս էլ պիտի փչենք ռազմի դաշտի վրա: Թշնամու սրին, մինչև նրա մեզ հասնելը, զոհվել են արդեն բյուր մեզ նմաններ, ինչո՞ւ, ուրեմն, հապաղենք մեր եղբարց բախտին կցորդ լինելու: Օն ա՛նդր, դեպի սուր. անպաշտպան ժողովուրդը սպասում է մեզ:

ՆԵՐՍԵՀ. — (սուրը հանելով) Դեպի սուր, քաջե՛ր:

ԲՈԼՈՐԸ. — (սրերը հանելով) Դեպի սո՛ւր և դեպի մա՛հ:

Վարագույր

ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ

Տեսարանը ներկայացնում է Խոխանաբերդ ամրոցի տակ մի հովտաձև դաշտավայր՝ մի կողմից բարձրացած բլրակով, որի ստորոտում զարկած է զորապետի շքեղ ու ընդարձակ խորանը: Նրա մեջ նստած են Ջոլա և Բուրա-Նուին, ետևները կանգնած ունենալով մի-մի սպառազինյալ թիկնապահ: Խորանի հատակը ծածկված է գորգով, որի վրա ձգված են մի քանի թավշյա օթոցներ: Դրանցից մինի վրա չոքած է Համտունը: Զորապետի խորանից հեռու, դաշտավայրի երկարությամբ, զարկած են զորքերի բազմաթիվ վրաններ, որոնց մոտերքը անցուդարձ են անում զինվորներ:

ՏԵՍԻԼ Ա

Ջոլա, Բուրա-Նուին, Համտուն, երկու թիկնապահ

ՋՈԼԱ. — (Համտունին) Այո՛, Ջալալ-Տոլան այս անգամ արդեն գործել է այնպիսի հանդգնություն, որը մենք նրան չի պիտի ներենք: Համարձակվել թաթարաց զորքերը ջարդե՞լ, այն զորքերը, որոնք իմ եղբոր՝ Չարմաղանի ամենաընտիր գնդերն էին կազմո՛ւմ. այդ աններելի է հավիտյան:

ԲՈԻՐԱ. — Եվ հանդգնել մեր գնդապետներին բանտարկել յուր ամրոցո՞ւմ:

ՋՈԼԱ. — Արդյոք ձեր լեռներում ի՞նչ էին մտածում մեր մասին: Մի՞թե կարծում էին թե՝ թաթարաց ուժը սպառվել, կամ նրանց սուրը հողի մե՞ջ է թաղվել:

ՀԱՄՏՈԻՆ. — Ո՛չ այս և ո՛չ այն, պայծառափայլ տեր: Մեր լեռներում բոլորն էլ գիտեն, որ թաթարաց ուժը անսպառ է, և նրանց սուրը՝ միշտ փայլուն և հատու: Միայն իշխաններն են, որոնք երբեմն թեթև հաջողություններից շլանալով` մոռանում են պարտ ու պատշաճ հարգանքը տալու թե՛ հզոր իշխաններիդ (գլուխը խոնարհելով) և թե մեծ խանին: Եվ եթե այդ իշխանների մեջ գտնվում են այնպիսիներն, որոնք ձեր մեծությանց զորությունը ճանաչելով` ծառայում են խանին հավատարմությամբ, դրանք էլ, դժբախտաբար, ծաղրի են ենթարկվում ստահակ իշխանների կողմից:

ՋՈԼԱ. — Այդպիսի ջերմեռանդ և մեզ հավատարիմ իշխաններից մինը դու ես, հավատացած եմ:

ՀԱՄՏՈԻՆ. — (խոնարհությամբ) Մինչև այսօր իմ պարտքից ավելի ոչինչ չեմ արել:

ՋՈԼԱ. — Մեզ էլ հենց այդ է հարկավոր: Ով որ ճանաչում է յուր պարտքը, նա էլ վայելում է իրավունքներ: Մենք, իհարկե, չենք թողիլ, որ քեզ նման հավատարիմները ճնշվին ստահակներից: Մենք քեզ ոչ միայն կպաշտպանենք, այլև կհասցնենք բարձր աստիճանի: Քո հավատարմությունը մեզ հայտնի եղավ ա՛յն ժամանակ, երբ սուրհանդակդ հասնելով Սևան՝ գուժեց եղբորս՝ մեծ զորապետ Չարմաղանին յուր գունդերի ջարդվիլը: Մենք իսկույն առինք մեր զորքերը և մտինք Արցախ: Տիրելով Ջալալի մի քանի գավառներին, այսօր ահա գտնվում ենք նրա ամրոցի առաջ: Այսուհետև արդեն դու պետք է մեզ առաջնորդես: Եթե քո խորհուրդը կօգնե մեզ` Ջալալի բերդն առնելու, այն ժամանակ ես նրանից կխլեմ Աղվանից բոլոր իշխանությունը և կհանձնեմ քեզ: Եվ որպեսզի դու այլևս հակառակորդ չունենաս, ես կգերեմ ինձ հետ այն բոլոր իշխաններին, որոնց ցույց կտաս:

ՀԱՄՏՈԻՆ. — Պատրաստ եմ ծառայելու մեծափառ խանին:

ՋՈԼԱ. — Առավոտվանից արդեն մեր զորքերը պաշարել են Խոխանաբերդը և մի քանի անգամ էլ հարձակվել են նրա մատչելի կողմերի վրա: Բայց, ինչպես տեսնում եմ, ներսի դիմադրությունը բավական զորեղ է: Ասա՛ ինձ, որքա՞ն զորք ունի Ջալալն յուր ամրոցում:

ՀԱՄՏՈԻՆ. — Հինգ հարյուր զինվորից ավելի չկա, բայց այդ էլ մեծ ուժ է, քանի որ նրանց կառավարում են փորձառու և ընտիր զորապետներ:

ՋՈԼԱ. — Այսինքն ովքե՞ր:

ՀԱՄՏՈԻՆ. — Առաջին՝ իշխան Հասան-Ջալալը, որ հուսաբեկ զինվորին իսկ հոգի է ներշնչում: Երկրորդ՝ նրա եղբայր ծերունի Զաքարեն, որի մազերը սպիտակել են պատերազմների մեջ, և երբեք չի հաղթվում ա՛յն գունդը, որին նա առաջնորդում է: Երրորդ՝ Գուգարաց Սմբատ իշխանը, որ լեռնականների ահ ու սարսափն է: Չորրորդ՝ Ձորոգետի Ներսեհ իշխանը, որ նշանավոր է յուր միշտ աներկյուղ, և նամանավանդ հանդուգն քաջությամբ. և հենց այս վերջինն էր, որ ձեր գունդերը ջարդեց Մռավի մոտ:

ԲՈՒՐԱ. — Եվ մենք, ուրեմն, այդ վերջինին գլխատման կարժանացնենք. իսկ մնացյալները գերի վարվելով` կարող են մեզ ծառայել Սմրղանդի բաղնիքներում:

ՋՈԼԱ. — Բայց ինչո՞ւ այդ իշխանները հենց այս միջոցին հավաքվել են այդտեղ: Մի՞թե Ջալալը մեր գալուստը գիտեր:

ՀԱՄՏՈԻՆ. — Ո՛չ, տեր իմ. նրանցից մի երկուսն յուր ազգակիցներն են, որոնք գրեթե միշտ գտնվում են իշխանի հետ, մյուսները հրավիրված են, որովհետև իշխանը հարսանիք ուներ:

ՋՈԼԱ. — Հարսանի՞ք:

ՀԱՄՏՈԻՆ. — Այո՛:

ՋՈԼԱ. — Որդի՞ն է ամուսնացնում:

ՀԱՄՏՈԻՆ. — Ո՛չ, տեր իմ. որդիքն անչափահաս են. նա ամուսնացնում է դուստրը:

ՋՈԼԱ. — Ու՞մ հետ:

ՀԱՄՏՈԻՆ. — Զորագետի Ներսեհ իշխանի, որի համար ասացի թե՝ ձեր բանակը ջարդողն էր: Նա Ջալալի աղջիկն առնում է իբր մրցանակ յուր հաղթության:

ՋՈԼԱ. — Մի՞թե. ուրեմն մենք նրա համար ավելի լավ հարսանիք կանենք, քան կարող էր անել Հասան-Ջալալը:

ԲՈԻՐԱ. — (խղճահարվելով) Բայց ինչ որ էլ լինի, հորեղբայր, պետք է խոստովանել` որ մեր արշավանքը վատ ժամանակ պատահեց: Ես, գոնե, չէի կամենալ` այսքան անգթաբար խանգարել մի ուրախություն: Ես խղճում եմ Ջալալին:

ՋՈԼԱ. — Քեզ պես երիտասարդին բնական է խղճահարվիլը. բայց երբ իմ հասակը կառնես, այն ժամանակ կցանկանաս ավելի արդարությամբ պատժել` քան թուլությամբ խղճահարվիլ:

ՀԱՄՏՈԻՆ. — Ճիշտ ես հրամայում, տեր. որովհետև Ջալալը նույնպես կարող էր խղճալ ձեր զորքերին և չկոտորել տալ նրանց. բայց նա հակառակն արավ, համոզված լինելով թե՝ արդարությամբ պատժում է յուր թշնամիներին:

ՋՈԼԱ. — Կեցցես, իշխան, դու արժանի ես Աղվանից տիրապետը լինելու. և ես այդ պատվին կարժանացնեմ քեզ: Միայն ասա, իրա՞վ, որ լսածիս չափ մեծ գանձեր ունի ձեր Ջալալ-Տոլան:

ՀԱՄՏՈԻՆ. — Գրեթե այնքան, որքան կարող էր ունենալ մեծափառ խանը:

ՋՈԼԱ. — Ճշմարի՞տ:

ՀԱՄՏՈԻՆ. — Ստել քո մեծության առաջ ինչպե՞ս կհամարձակվիմ:

ՋՈԼԱ. — (ուրախությամբ) Ա՛հ, ուրեմն մենք այս բերդի ստորոտից հեշտությամբ չենք հեռանալ: Մենք կբանանք Ջալալի սնդուկները և կհրամայենք հենց իրեն՝ իշխանին, փոխադրել յուր գանձերը մեր լայն քսակները:

ԲՈԻՐԱ. — Հորեղբայր, միթե կարծում ես, թե այդ գանձերի մեջ կարող ես գտնել մի այնպիսի հազվագյուտ բան, որ մեր Թաթարստանը չունենա՞ր: Չարժե ուրեմն այդքան ուրախանալ այն բանի համար, որից ինքդ շատ ունիս:

ՋՈԼԱ. — Երիտասարդ ես, Բուրա, երիտասարդ: Երբ ինձ պես վաթսուն տարիքդ կառնես, այն ժամանակ, եթե կենդանի լինեմ, կհարցնեմ. «Ինչպե՞ս է, որդի, քո բարեկամությունը ոսկվո հետ», և դու կպատասխանես՝ «մտերմական է, հորեղբայր»:

ՀԱՄՏՈԻՆ. — (Բուրային) Ջալալի գանձերի մեջ, տեր-Նուին, դուք, արդարև, չեք գտնիլ այնպիսի մի հազվագյուտ բան, որից հարուստ Թաթարստանը չունենար. բայց յուր սնդուկներից դուրս նա ունի մի այնպիսի գանձ, որի նմանը, արդարև, մեծ Թաթարստանը չունի. և արժե, տեր, որ այդ գանձը դո՛ւ ունենաս:

ՋՈԼԱ. — (հետաքրքրությամբ) Ինչպիսի՞ գանձ է այդ:

ՀԱՄՏՈԻՆ. — Մի աղջիկ, որ հրեշտակից ավելի գեղեցիկ է և արշալույսից ավելի հրաշալի:

ՋՈԼԱ. — (տեղը հանգստանալով) Ա՛, հասկացա, դատարկ բան է:

ԲՈԻՐԱ. — (լարված հետաքրքրությամբ) Մի աղջիկ, որ հրեշտակից ավելի գեղեցիկ է և արշալույսից ավելի հրաշալի՞, և անո՞ւնը...

ՀԱՄՏՈԻՆ. — Ռուզան:

ԲՈԻՐԱ. — Որ դեռ ամուսնացած չէ՞:

ՀԱՄՏՈԻՆ. — Որի հարսանիքն էր այս օրերս, բայց այդ հարսանիքը ձեր գալովը խանգարվեց:

ԲՈԻՐԱ. — Ասացիր, որ շա՞տ է գեղեցիկ:

ՀԱՄՏՈԻՆ. — Ամբողջ Թաթարստանը կնախանձի քեզ, տեր, եթե նրան քո ամուսին տեսնե:

ԲՈԻՐԱ. — (ոգևորված) Այդ գեղեցկուհին իմը կլինի: Եթե բոլոր աշխարհն անգամ ինձ ընդդիմանա, այսուամենայնիվ, ես նրան կառնեմ: (Դառնալով դեպի Ջոլան) Հորեղբայր, ի՞նչ կասեիր, եթե ես իմ հոր՝ Չարմաղանի կողմից հրամայեի բերդի պաշարումը վերցնել և Ջալալ իշխանի դուստրը ինձ կնության առնելով՝ բարեկամություն հաստատեի նրա հետ և մեր զորքերը նրա երկրից հանեի:

ՀԱՄՏՈԻՆ. — (ինքն իրեն վախեցած) Ի՞նչ է ասում...

ՋՈԼԱ. — (նեղանալով) Հապա ո՞ւր կմնա քո հոր զորքերի ջարդվելու վրեժը և այս բանակի այսքան ժամանակ հոգնեցնելու արդյունքը:

ՀԱՄՏՈԻՆ. — (Բուրային) Տեր-Նուին, Ռուզանն առանց այն էլ քոնը կլինի. բայց պետք է քո հոր համար էլ բաժին տանես Ջալալի գանձերից: Առանց օժիտի աղջիկ չեն առնիլ, այն էլ ամենահարուստ հայ իշխանի աղջիկը:

ԲՈԻՐԱ. — Իրավունք ունիս: Բայց քանի որ, քո ասելով, այդքան զորություն կա Ջալալի բերդում, ուրեմն ո՛չ մեր զորքերը նրա բերդը կառնեն, և ո՛չ էլ ես՝ նրա աղջիկր:

ՀԱՄՏՈԻՆ. — Երկար պաշարումը կստիպե նրանց անձնատուր լինել:

ԲՈԻՐԱ. — Նախ՝ մենք չենք կարող երկար ամիսներով նստել այս բերդի տակ: Երկրորդ` պաշարյալները կարող են համառիլ և սովից մեռնիլ:

ՋՈԼԱ. — Ավելի լավ. թող բոլորը կոտորվին: Այն ժամանակ մեր զորքերը անաշխատ կառնեն բերդը:

ԲՈԻՐԱ. — Բայց ես չեմ կամենում, որ այն աղջիկը ևս սովից մեռնի ամրոցում:

ՀԱՄՏՈԻՆ. — Ուրեմն, եթե ինձ կլսեք, ես ձեզ կտամ մի խորհուրդ, որով հեշտությամբ ձեր նպատակին կհասնեք:

ՋՈԼԱ. — Ասա՛ տեսնեմ:

ՀԱՄՏՈՒՆ. — Հրամայեցեք այս շրջակա հայ գյուղերից հավաքել հազար հոգի, կին թե տղամարդ, աղջիկ թե երիտասարդ, մանուկ թե ծեր: Դրանց բոլորին ձեռնկապ կանգնեցնել տվեք այս հովտում, որ հանդիպակաց է Ջալալի պալատին: Հազար կապյալների ետևում թող կանգնեն հազար սուսերամերկ զինվորներ: Ապա պատգամ ուղարկեցեք Ջալալին և հայտնեցեք նրան ձեր մեծությանց հրամանը, այն է՝ հանձնել ձեզ բերդը և յուր դուստրը: Եթե կհամաձայնի՝ բարի, եթե ոչ՝ հենց որ պատգամավորը կվերադառնա բացասական պատասխանով, իսկույն կհրամայեք հազար կապյալները կոտորել: Այս միջոցը դուք գործ կդնեք ամեն օր, մինչև որ կամ Ջալալը յուր հպատակների կոտորածը դադարեցնելու համար կհանձնե ձեզ բերդը և կամ ներսի իշխանները ապստամբելով՝ ամրոցը կմատնեն ձեզ:

ԲՈՒՐԱ. — Այդ հնարը լավ է, բայց չափազանց անգութ է:

ՀԱՄՏՈԻՆ. — Քո մեծությունը չէ ճանաչում հայի համառությունը:

ՋՈԼԱ. — Անշուշտ, որովհետև այս առաջին անգամն է, որ սա գործ ունի ձեր կամակոր ազգի հետ:

ԲՈԻՐԱ. — Լավ, թող այդպես լինի:

ՋՈԼԱ. — (դառնալով յուր թիկնապահին) Ջափա՛ր, շուտով հասիր մեր պաշարող զորքերին և ասա Գիուգ զորապետին, որ հարձակումը դադրեցնե. ապա թող գյուղերից ժողովել տա հազար հոգի և ամեն բան կարգադրե այնպես, ինչպես իշխանն ասաց: Դեհ, շուտ:

ՋԱՓԱՐ. — Այս րոպեին, տե՛ր:

(Դուրս է գնում):

ՏԵՍԻԼ Բ

Առաջիններն եվ մի բարապան

ԲԱՐԱՊԱՆ. — (ներս մտնելով) Պայծառափայլ տյարք, ձեր մեծությանց ներկայանալու համար եկել են Ջալալ իշխանի մարդիկն՝ ընծաներով, կհրամայե՞ք ընդունել և բերել նրանց այստեղ:

ՋՈԼԱ. — Ընդունի՛ր: (Բարապանը դուրս է գնում) Անշուշտ խաղաղություն խնդրելու համար են եկել: Բայց ես նրանց և ոչ մի առաջարկությունը պիտի ընդունեմ: Ինձ հարկավոր է Ջալալի ամրոցն, որ այս երկրի ապստամբության ծննդարանն է, և որն ես հիմնահատակ պիտի անեմ: Իսկ իշխանի գանձերն առանց յուր բարեհաճ կամացն իսկ մերը կլինին: Այս բերվածները դեռ կընդունինք իբրև առհավատչյա:

ՀԱՄՏՈԻՆ. — Այո՛ տեր, դուք զրկած կլինիք ձեր բանակը հարուստ ավարից և ձեր քսակներն՝ անգին գանձերից, եթե նրա խաղաղության առաջարկությունն ընդունեք, կամ բավականանաք նրա ղրկած ընծաներով, որոնք, անշուշտ, ոչ այլ ինչ են, եթե ոչ նրա իշխանազն հյուրերի գրպանների թափթփունքը:

ԲՈԻՐԱ. — Իսկ որ ամենից ավելի է, մինչև որ նրա դուստր Ռուզանն իմ վրանը չբերվի, և ոչ մի խաղաղության դաշն պիտի կռվի: Ռուզանն առնելուց ետ՝ մենք ձեռք չենք տալ նրա ամրոցին. ես իմ հոր անունով կշնորհեմ Ջալալին յուր ազատ իշխանությունը:

ՋՈԼԱ. — Բուրա՛, ուրեմն դու կամենում ես իմ դիտավորությունը խանգարե՞լ և մի հայի աղջկա համար զոհում ես պատիվը քո հոր, որի զորքերը հենց այս իշխանի հրամանով այնպես անգթաբար ջարդվեցան, և որոնց վրեժը դու պարտավոր ես լուծել:

ԲՈԻՐԱ. — Դու արյուն խմելով ես ծերացել, Ջոլա հորեղբայր, և չես կշտանալ, եթե երկրի երեսի բոլոր քրիստոնյաների արյունը ծծես: Բայց ես բավական եմ համարում այն կոտորածն, որ մինչև այստեղ հասնելնիս մեր զորքերն արին: Այդ էլ բավական մեծ վրեժ էր մեր ջարդված զորքի համար: Ես վճռել եմ:

ՀԱՄՏՈԻՆ. — Տեր-Նուին, եթե դու այս անգամ հաճիս Ջալալին շնորհել յուր իշխանությունը, դրանով այս կողմերում թաթարաց համար կպատրաստես մի անպարտելի թշնամի: Եթե Ջալալն այժմ խաղաղություն է խնդրում, այդ նրա համար է, որ ձեր բանակները հանկարծ վրա հասան, և նա խնջույքով պարապած լինելով` ժամանակ չունեցավ պատրաստվելու: Բայց եթե նրա աչալուրջ ժամանակ այս երկիրը մտնեիք, դուք այստեղ կգտնեիք այնպիսի դիմադրություն, որի նմանին թաթարը չէ հանդիպել ոչ մի տեղ:

ՋՈԼԱ. — (Բուրային) Ինչպե՞ս ես գտնում այս հայի խորհուրդը, որ ինձանից ու քեզանից ավելի լավ է ճանաչում յուր ազգն ու իշխաններին:

ԲՈԻՐԱ. — (անուշադիր աչքերը խորանի դռանը սևեռած) Քո խոստման համաձայն՝ իրեն նպաստավոր, իսկ մեզ՝ աննպաստ: Բայց ահա գալիս է Ջալալի պատգամավորը, թող նրան լսենք:

ՀԱՄՏՈԻՆ. — (ինքն իրեն) Չէ հաջողվում: Ի՞նչ հիմարություն արի Ռուզանի անունը հիշելով: (Դեպի դուռը): Ա՛հ Զաքարե իշխանը...

ՏԵՍԻԼ Դ

Առաջիններն, Զաքարե, հինգ ընծայակիրների եվ մի

դրոշակրի հետ

ԶԱՔԱՐԵ. — (մտնելով և խորը գլուխ տալով, որի ժամանակ դրոշակիրը դրոշը խոնարհում և այնպես պահում է մինչև խոսակցության վերջը): Տեր-զորապես, տե՛ր Նուին, իշխան Հասան-Ջալալ-Տոլան խոնարհ բարեկամությամբ ողջունում է ձեր մեծությանց մուտքը մեր երկիրը: Եթե այսօրվանից ձեր մի քանի գունդերը հարձակված չլինեին մեր բերդի վրա, մենք ձեր գալուստը կընդունեինք իբրև շնորհաբեր այցելություն խանի հեռավոր կալվածներին: — Բայց որովհետև այդ հարձակումը տեղի ունեցավ, ուստի մենք ստիպվեցանք պաշտպանվել: Բայց իշխան Ջալալ-Տոլան բնավ չէ ցանկանում սրով դիմադրել խանի զորքերին, ըստ որում նրան ծանոթ է ձեր սրի ուժը և հաջողությունը: Ուստի խոնարհելով ձեր զորության առաջ, իմ բերանով խնդրում է, որ բարեհաճեք նվիրել իրեն ձեր թանկագին բարեկամությունը և յուր երկրից հանել ձեր զորքերը: Դրա փոխարեն նա խոստանում է յուրաքանչյուր տարի վճարել վեհափառ խանին ձեր կողմից որոշված հարկը: Իսկ առայժմ խնդրում է ընդունել այս (ցույց տալով ընծաները) առհավատչյան:

ՋՈԼԱ. — Ես ընդունում եմ Հասան-Ջալալի ուղարկած ընծաները. (ընծայակիրներն ընծաները դնում են գետնին) և նրա խոնարհած դրոշը. բայց սպասում եմ, նաև, բերդի բանալիներին և յուր դուստր Ռուզանին, իմ եղբորորդի Բուրա-Նուինին (ցույց տալով Բուրային) կնության համար: Սրանք ղրկելուց ետ՝ նա յուր իշխաններով կիջնե իմ բանակը՝ անձամբ յուր իշխանությունը իմ ձեռը հանձնելու, որովհետև ես այն պիտի տամ առավել արժանավոր (ցույց տալով Համտունին) մարդու...

ԶԱՔԱՐԵ. — (խոնարհած դրոշը խլելով, կանգնում է հաղթական ձևով և ապա նայում է Համտունին, որին մինչև այն չէր նշմարել) Ա՛... դու այստե՞ղ ես... այդ դո՞ւ ծանոթացրիր նրանց Ջալալի դստեր հետ:

ՀԱՄՏՈԻՆ. — (իբր անտարբերությամբ) Այո՛:

ԶԱՔԱՐԵ. — Եվ ո՞ր սատանան ներշնչեց քո մեջ այդ գարշելի մատնությունը:

ՀԱՄՏՈՒՆ. — Նա, որին դու քեզ եղբայր ես անվանում:

ԶԱՔԱՐԵ. — Թող դժոխքը վարձատրե քեզ, հայրենիքի դավաճան:

ՋՈԼԱ. — (Զաքարեին) Իմ ներկայությամբ համարձակվում ես հայհոյել իմ հյուրի՞ն:

ԶԱՔԱՐԵ. — Ես հայհոյում եմ վատարանց մատնիչին:

ԲՈԻՐԱ. — Պատգամավոր, դու ուշանում ես. քո իշխանն սպասում է քեզ: Գնա՛ և հայտնիր նրան Ջոլա զորապետի պատասխանը: Իսկ իմ՝ Չարմաղանի որդվո Բուրա-Նուինի կողմից ավելացրու, որ ես իմ հոր անունով կշնորհեմ Ջալալին յուր ազատ իշխանությունը, եթե միայն նա կհամաձայնվի կնության տալ ինձ յուր Ռուզան դուստրը: Իսկ եթե ոչ, հենց որ մեր պատգամավորը կվերադառնա բացասական պատասխանով, մենք կսկսենք կոտորել ա՛յն հազար կապյալները, որ այդ իսկ նպատակով ժողովել պիտի տանք այստեղ: Եվ այդ կոտորածը մենք կշարունակենք ամեն օր, մինչև որ Ջալալը կզիջանի մեր կամքին: Այժմ ազատ ես, գնա՛: (Դառնալով յուր թիկնապահին): Աբու, ընկերացի՛ր պատգամավորին և նրա իշխանի պատասխանը բեր մեզ շուտով:

ԱԲՈԻ. — Գլխիս վրա, տեր:

ՋՈԼԱ. — (հուզված) Բուրա, դու շատ ողորմածությամբ ես վարվում քո հորդ անարգող թշնամու հետ:

ԲՈՒՐԱ. — Ես այդպես եմ կամենում: (Զաքարեին): Դու ազատ ես (Զաքարեն դրոշակը ձեռքին շրջում է ելնելու յուրայիններով):

ՋՈԼԱ. — (բարկությամբ Զաքարեին) Կամակո՛ր հայ, դու չլսեցի՛ր, երբ քեզ ասացի թե՝ ընդունում եմ ընծաները...

ԶԱՔԱՐԵ. — (ցույց տալով ընծաները) Ահա՛ ընծաները:

ՋՈԼԱ. — Եվ դրոշա՛կը:

ԶԱՔԱՐԵ. — Երբ իմ իշխանապետի առաջարկությունը չնդունեցիք, դրոշակն ազատ ետ պիտի դարձնեմ նրան:

ՋՈԼԱ. — (կատաղությամբ) Հանդգնում ես մինչև այդտեղ. (թիկնապահ Աբուին): Առ դրա ձեռքից այդ դրոշակը: (Թիկնապահը մոտենում է խլելու):

ԶԱՔԱՐԵ. — (ձախ ձեռքով մի կողմը հրելով թիկնապահին) Հեռո՛ւ այդ պիղծ ձեռքերով... առաջ հոգիս այս մարմնից, հետո դրոշակն իմ ձեռքից:

ՋՈԼԱ. — Հոգիդ կքաղեն հենց այս րոպեին: (Կոչելով դեպի դուրսը): Զինվորնե՛ր (Ներս են թափվում մի քանի սուսերամերկ զինվորներ): Սատակեցե՛ք այդ անզգամին: (Զինվորները բարձրացնում են սրերը, Զաքարեն աներկյուղ կանգնած է նրանց մեջ):

ԲՈՒՐԱ. — (շտապով վեր թռչելով տեղից և բարկացած դեպի զինվորները գոչելով) Դարձրե՛ք սրերդ իրենց պատյանները: (Ջոլային): Հորեղբայր, ինչո՞ւ չես հարգում զինաթափ ծերությունը: Մի՞թե մենք իրավունք ունինք սպանել ա՛յն մարդուն, որ մեր մեծահզորության վրա վստահանալով` մտել է մեր վրանը իբրև մի ապահով տեղ: (Զինվորներին): Դո՛ւրս կորեք և չհամարձակվեք այսուհետև սուր բարձրացնել անզեն մարդու վրա: (Զինվորները դուրս են գնում):

ՋՈԼԱ. — (բարկությամբ և ինքն իրեն) Ահա՛ իմ եղբոր անմտության հետևանքը... ո՞վ է տեսել, որ մի համբակ այս իրավունքը բանեցնե...

ԶԱՔԱՐԵ. — (Բուրային) Գերազնիվ տեր, մատուցանում եմ քեզ իմ անկեղծ հարգանքը: Դու արժանի ես իշխելու, որովհետև մեծահոգի ես և գիտես հարգել պատգամավորի իրավունքը: Եթե մենք սուր ի ձեռին կռվելու լինինք քո դեմ, դարձյալ քո արժանիքը պիտի մեծագրենք... մնաս բարյավ: (Դուրս է գնում յուրայիններով):

ՋՈԼԱ. — (բարկությամբ բորբոքված) Բուրա՛, դու անարգեցիր քո հորեղբորն օտարի և յուրայինների առաջ:

ԲՈՒՐԱ. — Ընդհակառակը, հորեղբայր, ես քեզ ազատեցի մի անպատվությունից, որ նաև մեր սուրն ու անունը պիտի արատավորեր:

ՀԱՄՏՈԻՆ. — (ինքն իրեն) Այս էլ բավական է, որ Ջալալի աղջկան Թաթարստան կուղարկեմ:

Վարագույր

ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ

ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ

Ջալալ իշխանի խորհրդարանը, աջ ու ձախ բացվում են երկու խոր, ընդարձակ

դռներ, որոնք ծածկված են վարադույրներով: Սենյակի մեջտեղը սեղան և աթոռներ:

ՏԵՍԻԼ Ա

Ռուզան (խիստ վրդովված)

Եվ ուրեմն այսպես. թշնամին չէ գոհանում մեր հպատակությամբ և ղրկած ընծաներով. նա ինձ էլ պահանջում է յուր կնության. հակառակ դեպքում սպառնում է կոտորել հազարավոր անմեղներ... Եվ այս դժոխային լուրը ես լսեցի իմ ականջով, թեպետև ջանացին ծածկել: Այո, լսեցի. սա ուրեմն երազ չէ և ոչ էլ ցնորք... վշտերից ծանրագույնը հասնում է ինձ հենց այն օրը, երբ ես այնքան մոտ էի երջանկությանը... Ո՛վ դառն ճակատագիր... Ուրեմն ես, դժբախտության աղջիկս, պատճառ պիտի լինիմ արյունահեղ կոտորածի՞. ես, որ մանկությունից սովորել եմ ծառայել իմ հոր ժողովրդին. ես, որ խնամել եմ նրա որբը, մխիթարել այրին, պատսպարել աղքատին. ես, որ անքուն հսկել եմ հիվանդների մահճի մոտ և իմ ձեռոք սրբել այնքա՛ն շատ արտասուք. այսօր, ուրեմն, պատճառ պիտի լինիմ արյան ու անեծքի... օ՛հ, ո՛չ. անկարելի է. այդ չի պիտի լինի... իմ աչքերը չեն տեսնիլ ադպիսի աղետ...եթե պետք է զոհ, ապա թող զոհեն ինձ, թող ուղարկեն թշնամուն, թող մատնեն ինձ թաթարին, ես չեմ տրտնջալ. և ոչ էլ կհակառակեմ, միայն թե աղետը վերանա ժողովրդից... միայն թե նրա լացի ձայնը չհասնե իմ ականջին: Ո՞վ է գալիս այստեղ: (Նայելով վարագույրի ետևից) Հայրս և իշխանները. գալիս են խորհրդի. պահվիմ այստեղ, տեսնեմ՝ ինչ են որոշում... (մտնում է աջ դռան վարագույրի ետևը):

ՏԵՍԻԼ Բ

Ջալալ, Զաքարե, Ներսեհ, Մամքան, Սմբատ, Ումեկ, Պապաք:

ՈԻՄԵԿ. — (Ջալալին) Այսպես է, իշխան, դրությունը ծանր է, պետք է շտապել մի ելք գտնել:

ՋԱԼԱԼ. — (մտախոհ և տխուր) Պետք է շտապել, այո՛: Բայց խնդիրն այն է, որ շտապելով էլ չենք կարող ելք գտնել:

ԶԱՔԱՐԵ. — Դանդաղելով նույնպես չենք շահիլ ոչինչ:

ՈԻՄԵԿ. — Ուրե՞մն:

ԶԱՔԱՐԵ. — Պետք է որոշենք թե՝ չարիքներից ո՞րն է փոքրագույնը, և այն էլ ընտրենք:

ՋԱԼԱԼ. — Թշնամու պահանջը պարզ է. երկուսից մինը պիտի զոհենք՝ կա՛մ ժողովուրդը, կա՛մ իմ Ռուզանը:

ՄԱՄՔԱՆ. — (վշտահար) Իմ Ռուզա՞նը... Օ՛, մի ասեք այդ, մի՛ արտասանեք նրա անունը:

ՋԱԼԱԼ. — Ուրեմն որոշեցեք. ո՞րն է փոքրագույնը... (ամենքը լուռ են): Ինչո՞ւ չեք խոսում... (դառը ժպիտով) Հո ամենքդ գիտեք, որ մի հատ ոսկին ավելի քիչ արժե, քան թե հազարը:

ԶԱՔԱՐԵ. — Եղբա՛յր իմ...

ՋԱԼԱԼ. — Անանիա Շիրակացին1 անշուշտ կտարակուսեր, եթե նրան ասեի թե՝ իմ մի ոսկին ավելի արժե, քան ուրիշների նման հազարը... Իսկ դո՞ւք, դո՞ւք ինչ եք ասում:

ԶԱՔԱՐԵ. — Սիրելի եղբայր, ժողովուրդը նույնպես բաղկանում է իշխանի հարազատ որդիներից. հայրը չպետք է խտիր դնե յուր զավակների մեջ:

ՋԱԼԱԼ. — Ուրեմն, քո կարծիքով պետք է մեկը զոհել` որ հազարը փրկվի:

ԶԱՔԱՐԵ. — Արդարությունն ու պարտքս հրամայում են ասել` այո՛:

ՋԱԼԱԼ. — (եռանդով և վշտահար) Ուրեմն ե՛ս եմ միայն, որ մեղանչում եմ պարտքի և արդարության դեմ... Օ՛, ինչպես հեշտ է դատապարտել... բայց եկեք առաջ կուրծքս պատառեցեք՝ հանեցեք այստեղից ծնողի սիրտը և նրա փոխարեն դրեք իշխանինը. այն ժամանակ գուցե հայրը չզգա ոչինչ, և իշխանն յուր դուստրը զոհե ժողովրդին: (դառնությամբ)... Ո՞վ արդյոք ձեզանից կարող է բանալ այս տախտակն, որ աստված ամրացրեց...

ԶԱՔԱՐԵ. — Հիշի՛ր Հեփթայեին, սիրելի եղբայր....

ՋԱԼԱԼ. — Հեփթայեն յուր աղջիկը զոհեց աստծուն, իսկ ես պիտի զոհեմ գարշելի թաթարին:

ԶԱՔԱՐԵ. — Այս զոհն էլ, անշուշտ, աստված է պահանջում:

ՄԱՄՔԱՆ. — (հուզված) Մի՛ ասիր այդ, սիրելի տագր, աստված անիրավ զոհ չի պահանջիլ:

ԶԱՔԱՐԵ. — Նրա խորհուրդն անքննին է և կամքն անհասանելի:

ՋԱԼԱԼ. — Եթե անքննին է, ուրեմն չքննենք և դառնանք մեր խնդրին: (դառնալով Ներսեհին): Դու ինչո՞ւ չես խոսում, որդյա՛կ:

ՆԵՐՍԵՀ. — Ես սպասում եմ քո հրամանին:

ՋԱԼԱԼ. — Խոսի՛ր, հայտնի՛ր քո կարծիքը: Եթե ես կորցնում եմ իմ դուստրը, դու կորցնում ես քո կյանքի լուսատուն:

ՆԵՐՍԵՀ. — Երբե՛ք: Ավելի շուտ Խաչենը դեպի ակունքը կդառնա, քան թե Ռուզանը կխլեն իմ ձեռքից:

ՋԱԼԱԼ. — Ի՞նչ անենք ուրեմն:

ՆԵՐՍԵՀ. — Պիտի մերժենք բռնավորի պահանջը:

ԶԱՔԱՐԵ. — Պիտի մերժե՞նք:

ՆԵՐՍԵՀ. — Բացեիբաց:

ՄԱՄՔԱՆ. — Օ՛, այդպես խոսիր, սիրելի որդյակ...

ՈՒՄԵԿ. — Իսկ այդ մերժման հետևա՞նքը:

ԶԱՔԱՐԵ. — Կլինի այն, որ բռնավորը կհրամայե կապյալները կոտորել:

ՆԵՐՍԵՀ. — Մենք թույլ չենք տալ այդ:

ԶԱՔԱՐԵ. — Ի՞նչ կարող ենք անել:

ՆԵՐՍԵՀ. — Մեր ունեցած ուժերով կհարձակվենք նրա դեմ:

ԶԱՔԱՐԵ. — Բայց այդ ուժն հինգ հարյուր զինվորից ավելի չէ, մինչդեռ թշնամին մեզ պաշարել է տասնյակ հազարով: Եթե նրա հարձակումն անակնկալ չլիներ, մենք կարող կլինեինք դրսի ուժերը ժողովել և քաջաբար դիմադրել. բայց նա հասավ անսպաս և փակեց մեզ այստեղ՝ ինչպես զնդանում:

ՆԵՐՍԵՀ. — Խոխանաբերդն ամուր է և ունի առատ պաշար: Մեր զորքի մի քառորդը կարող է պաշտպանել նրան. իսկ մնացածով մենք անակնկալ թշնաու վրա կհարձակվենք և եթե չկարողանանք մեծ կոտորած անել, գոնե կպատառենք մեզ փակող շղթան և կանցնենք շուտով Խաչենի հովիտը: Այնուհետև հեշտ կլինի զորք ժողովել գավառից և անընդհատ հարձակումով նեղել թշնամուն:

ՍՄԲԱՏ. — Մինչև այն էլ Գուգարքից իմ զորքերը կհասնեն, և դրացի իշխանները մեր շուրջը կժողովվին:

ՄԱՄՔԱՆ. — Եվ աստծու աջը զորավիգ կլինի ձեզ:

ԶԱՔԱՐԵ. — Սիրելի որդյակներս, Հայրենիքի համար կռվիլը և նրա ազատության զոհվիլը մեծագույն փառքն է աշխարհի մեջ: Այդ ճիշտ է: Բայց պետք է զոհել այնտեղ, ուր հույս կա փրկության. զոհն ապարդյուն է, եթե նա յուր ետևից բերում է միայն կորուստ և թշվառություն: Մեր զորքերն, այո՛, կարող են բեկանել թշնամու շղթան. նրանք հաջողությամբ կելնեն նաև դաշտը, բայց նրանց կհետևի բազմաթիվ թշնամին: Հինգ հարյուր զինվորը չէ կարող ճակատել մի բյուր զորքի դեմ. նա փախուստ կտա կամ իսպառ կջնջվի: Բացի այդ, մենք զորաժողովի համար պետք ունինք ժամանակի. մինչդեռ թշնամին կազմ է և պատրաստ. նա ոչ միայն կխանգարե մեր զորք ժողովելն, այլև Խաչենը կավերե հիմնովին. նա սուր կքաշե անպաշտպան ժողովուրդը և գյուղերն ամեն տեղ կդարձնե մոխրակույտ: Այս ամենը պետք է դուք աչքի առաջ ունենաք:

ՋԱԼԱԼ. — Այդ ամենը, հարկավ, ես հաշվել էի վաղուց, այդ պատճառով էլ խոնարհեցա և իմ իշխանական հպարտությունը զոհեցի ժողովրդի փրկության: Ես նվեր ղրկեցի թշնամուն իմ գանձի մեծ մասը և, իբրև հպատակ, խոստացա հարկ տալ խանին. բայց նա այդ ամենը առ ոչինչ դրեց:

ԶԱՔԱՐԵ. — Այդպես արավ Ջոլան: Բայց Բուրա-Նուինը, որ ըստ երևույթին, ավելի իրավունքներ է վայելում, քան ծերուկ հորեղբայրը, խոստացավ ազատել ժողովուրդը սրածությունից և թողնել քեզ ազատ քո իշխանության մեջ...

ՋԱԼԱԼ. — Բայց դրա համար խնդրում է իմ դուստրը իբրև փրկանք:

ԶԱՔԱՐԵ. — Այո՛:

ՋԱԼԱԼ. — Օ՛, և ի՛նչ քիչ բան է խնդրում: Եվ Հասան-Ջալալը պիտի ստորացնե իրեն ա՛յն աստիճան, որ յուր իսկ ձեռով հանձնե թաթարին յուր հրեշտակ աղջկա՞ն: Ոչ. այդ չի լինի: Ես կամենում էի, արդարև, ձեր բոլորի խորհուրդը լսել, որպեսզի իմանայի, թե քանի՞սը ձեզնից իրավունք են տալիս հորը՝ պաշտպանել դստերը: Այժմ գոհ եմ տեսնելով, որ միայն դո՛ւ ես զլանում ինձ այդ իրավունքը, սիրելի եղբայր: Եվ դու, իհարկե, կատարում ես քո պարտքը: Բայց ես վճռել եմ. ես բաց աչքերով չեմ մատնիլ իմ գառը` անգութ գազանին, թող թաթարն յուր սուրը նախ այս կուրծքը խրե և ապա թե մարմնիս վրա կոխելով՝ իմ գանձն հափշտակե:

ՆԵՐՍԵՀ. — Մենք նրա սուրը կփշրենք յուր իսկ գլխի վրա:

ՍՄԲԱՏ. — Ուրեմն վճռված է, կանչենք թշնամու պատգամավորին և հայտնենք նրան մեր պատասխանը:

ՋԱԼԱԼ. — Հրամայի՛ր կանչել:

ՍՄԲԱՏ. — (գնալով դեպի ձախ դուռը և վարագույրը բանալով) Բարապա՛ն, ներս բեր պատգամավորին:

ԶԱՔԱՐԵ. — Քանի դեռ ուշ չէ, նորեն մտածեցեք. ձեր պատասխանը տալուց առաջ թող խոհեմությունս առաջնորդե ձեզ:

ՋԱԼԱԼ. — Խոհեմությունը մինչև այժմ չօգնեց մեզ, եղբայր. գործենք այժմ անխոհեմությամբ. գուցե այդպիսով բախտը ծիծաղի մեզ:

ՏԵՍԻԼ Գ

Առաջիններն եվ Աբու

ՋԱԼԱԼ. — (դառնալով Աբուին) Ի՞նչ է պահանջում ինձանից քո տերը:

ԱԲՈՒ. — Քո դուստր Ռուզանը իրեն կնության:

ՄԱՄՔԱՆ. — Թող պապանձվի այդ լեզուն...

ՆԵՐՍԵՀ. — (ձեռքը դեպի սուրը տանելով) Դժոխքն է խոսում այս:

ՋԱԼԱԼ. — Ասա՛ այն բռնավոր գազանին, թե հենց այս րոպեին ես կիջնեմ դաշտը՝ իմ սրովս նրան պատասխանելու, դեռ այնքան թույլ չեն մեր բազուկները, որ չկարողանան տապալել իրենց թշնամուն: Գնա և հայտնիր այս քո տիրոջը:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last