Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 Next Last

ԱՐՁԱԿ ԵՐԿԵՐ

1880

ԵՍ ՆՇԱՆԱԾ ԷԻ

(Ճշգրիտ անցք իմ հիշատակարանից)

185* թվականի ձմեռը այնպիսի ցրտեր էր անում, որ մինչև քաղաքիս վաղուցվա բնակիչները զարմանում էին, և նոցա մըտքին չէր գալիս, որ այդպիսի ցուրտ եղանակ նոցա ժամանակները պատահած լիներ: Ձյունը ցրտութենեն կարծրացած, պնդացած` ման եկողի ոտերի տակ ճըզճըզում, ճռնչում էր, մարդոց բերնեն գոլորշիքը այնպիսի առատությամբ էր դուրս գալիս, որ աչքի առաջ թանձր մեգ էր ձևացնում և խափան էր լինում յուրմեն երկու քայլափոխ կեցած առարկաները ջոկելու, զանազանելու: Մարդ չէր համարձակվում յուր մարմնու որևիցե մասը դուրս հանել. թե՛ ձեռքի մատները, թե՛ քիթը, թե՛ ականջները, եթե տաք չլինեին փաթաթած, երկու րոպեում սառում-փետանում էին: Դժվար էր շունչ առնելը, ամեն շունչ առնելիս` ասես թե կայծակներ էիր կուլ տալիս: Ոտով ման եկողը չէր գնում յուր սովորական քայլվածքով, այլ զորությունը հասածի չափ վազում էր, որ ոտերը ցրտին չտար:

Այս այն չարաշուք ձմեռն էր, երբ քաղաքումս գռիփ ցավը և խոլեռան իրար հետ դաշնակից էին դարձել և սաստիկ կոտորած էին անում սոսկացած ժողովրդի մեջ: Եթե մարդը համբերություն ունենար կանգնելու նորաշեն քարե կամրջի վրա (որ քաղաքը Վասիլի կղզիի հետ միավորվում է) և առավոտից մինչև մթնակոխը մնար այնտեղ` հավատացնում եմ, որ մինչև երկու հարյուր հուղարկավորություն կհամրեր զանազան աստիճանի և կոչման մեռելներու. բայց մանավանդ մեռնող աղքատներու թիվը շատ էր այն ձմեռ: Թեպետ այսպիսի մեծ և բազմամարդ քաղաքումը, ինչպես որ Պետերբուրգն է, առանց մահտարաժամի էլ մեռնողներու թիվը շատ է, բայց թե հետաքրքրություն անեիր և հարցնեիր ամեն մոտեդ անցկացրած հանգուցյալը ի՞նչ մահով է մեռել, համարձակ կարող եմ ասել, որ հիսունից մեկը հազիվ բնական մահով կլիներ մեռած, մնացյալները կամ գռիփով, կամ խոլեռայով կլինեին բռնված:

Երկու ամսվա հասած էի քաղաքս, Եզոպոսի ծղրիդի նման` ձմեռվա համար վաղօրոք չէի հոգս տարել. մի թեթև չուխայի վերարկու առանց աստառի, մի ուսանողական հին նշանազգեստ, — այս էին ահա իմ մրսոտ մարմնու պաշտպանները, միանգամայն պանդուխտ էի այս օտար տեղումն. բացի քանի մի չքավոր հայ ուսանողներե` ոչ ոքի հետ ծանոթություն չունեի. ոչ մեկի հետ գնալ-գալ չունեի. ի՞նչ եմ ասում. կարոտություն ևս ունենալու չէի ոտս տնեն դուրս կոխելու, եթե բնակարանիս տաքության աստիճանը դրսի եղանակին չհավասարեր: Բայց այնպիսի բնակարան, ինչպես որ մերն էր (ես կենում էի Գեղարվեստից ճեմարանի աշակերտի հետ, անունը Հովհաննես, ազգավ հայ), կասկածելի է, որ հյուրասիրություն խոստանար նաև բուն հյուսիսումն ծնածին, այսինքն ցրտի սովորած մարդու: Մեղք է ասելը, որ հնոցը չէին վառում կամ վառելիքը խնայում էին, ո՛չ. բայց երբ որ տանը չորս պատից, տափից և վերևից փչում էր քամին, երբ որ հնացած պատուհաններից ծեփը փշրվել ցած էր ընկել և նոցա թողած ծակերից ցուրտը ազատ ներս էր մտնում` ի՞նչ վառելիք կդիմանար այդպիսի ախոռին: Ճարերս ի՞նչ էր. ո՛չ ես և ո՛չ ընկերս փող ունեինք, որ կարողանայինք բնակարաններս փոխել. բայց այս, ուր կենում էինք` ձրի էր մեզ տված մարդասիրությամբ մեկ բարերարի…: Ո՞վ գիտե, գուցե ասում կլիներ մտքումը, «խեղճ հայեր են... տունը դատարկ կա... թող կենան իրանց համար…»: Եվ մենք կրկնելով առածը թե` անճարը ուտում է բանջարը, կենում էինք, վա՛յ էն հալին: Ահա՛ այն ձմեռն էր, որ ստացա հազը, որն որ մինչև այս օրս չարչարում է կուրծքս

Ինչպես ասացի, բոլոր այն ձմեռը գրեթե շարունակ չորս ամիս սաստիկ ցուրտը կայնել էր. ուրեմն և այն օրը, որտեղից սկսում եմ փոքրիկ պատմությունս, նմանապես ցուրտ էր:

Ցերեկվա ժամը 11-ն էր, որ վազեվազ հոգնած տուն էի շտապում Գաբրիել Ա...ի մոտից: Նոր կամրջին որ հասա` առաջ գնալը արդեն անհնարին էր. մի հարուստ հանգուցյալ էին տանում թաղելու. կառքերը, ոտով գնացողները այնքան շատ էին, որ պետք էր կես ժամ սպասել, որ նոքա անցնեին և ապա թե ազատ կարողանայի առաջ գնալու: Գրեթե կամրջի կեսին էի հասել, մին էլ տեսնեմ հետևիցս վազեվազ մեկ ուրիշ մեռելակառք էր գալիս. երևի որ աղքատ հանգուցյալ էր դորա մեջինը, որովհետև բացի երկու պառավե և մի մատաղահաս աղջկանե` ուրիշ ոչ ոք չէր հուղարկավորում նորան: Պառավները իրար հետ պինդ-պինդ խոսում էին, ինչպես կարծում եմ, իրանց առօրյա ապրուստի վրա, և որքան կարողացա նկատելու` նոքա ամենևին կարեկից չէին հանգուցյալին, այլ ասես թե ակամա էին կատարում այդ սրբազան պարտավորությունը:

Բայց ուրիշ մտածողություն կաներ ով և իցե, եթե մեկ բարակ նայեր աղջկա վրա: Ճշմարիտ է, որ նա աղիողորմ ձայնով չէր չալիս, մազերը չէր փետփետում, երկինք, գետին, ծով ու սարեր չէր կանչում, կարեկից իր սրտի վշտին. բայց նորա տխուր և անմխիթար կերպարանքին, նորա արյունկոխ աչքերի մեջ պարզ նկարված էին այն ներքին պատերազմը, այն կսկծեցուցիչ դարդը, որ նորա հոգին էին տանջում:

Չգիտեմ, ինչո՞ւ գրավեց սիրտս այս տեսարանը, որովհետև կենալով Սմոլենսկու գերեզմանատան մոտերումը` պատուհանես ամեն օր տեսնում էի հարյուրավոր այդպիսի տխուր ծեսեր և աչքս արդեն սովորած էր այդ բանին: Բայց մեկ գաղտնի ձայն ասում էր ինձ` «դու էլ գնա այդ մեռելակառքի հետևից. կարեկցիր ոչ այնքան հանգուցյալին, որ արդեն երկրավոր օգնության կարոտ չէ, որքան այս մենավոր որբուկին, որ գուցե յուր վերջին ապավենը տանում է հողին ավանդելու»:

Ի՞նչ ասեմ, քրիստոնեական պարտավորությունն էր արդյոք, թե միայնակ մատաղահաս աղջկա ներկայությունը, որ ստիպեց ինձ, բայց ես առանց ինքս ինձի հաշիվ տալու գնացի այդ աղքատ հուղարկավորության հետևեն: Ո՛չ աղջիկը, և ո՛չ պառավները ուշադրություն դարձուցին վրաս. ամենքն էլ իրանց մտքերովն էին զբաղված:

Ժամանակ առ ժամանակ աչքերս ծածուկ դարձնելով աղջկա վրա, տեսա որ նա գեղեցիկ էր. հասակը բարձր, իրանքը նազուկ և ճկուն, երեսի գծագրությունքը ազնիվ, խելոք և բարի, մազերը թուխ, աչքերը սև (հյուսիսային երկրումը հազվագյուտ է այդ), ունքը կամարաձև, գնացքը հանձնապաստան: Եթե նորա արտաքին հանգամանքեն եզրակացության անելու լինեի` աղջիկը աղքատ հոր ու մոր զավակ պիտի լիներ, իսկ եթե նորա դեմքեն բան ուզենայի հասկանալու` նա ազնիվ գերդաստանե պիտի լիներ: Մի անթափանցելի գաղտնիք կար, որ ես իզուր աշխատում էի մեկնելու. բայց այն ներքին ձայնը, որ ամեն ծանրակշիռ պարագայում մարգարեաբար խոսում է մեջս և որ երբեք չէ խաբել ինձ, ասում էր թե` արդեն մեկիս մեկի վիճակը վճռվել է. բայց դեպի բարին կամ չարն` ոչ ոք չէր կարող նախագուշակելու այն միջոցին:

Այսպես` չորս հոգի լուռ ու տխուր հասանք մինչի Սմոլենսկի կամուրջի մոտ. այս այն տեղն է, ուր ճանապարհը երեք ճյուղի է բաժանվում. մեկը տանում է դեպի ռուսաց գերեզմանատունը, մյուսը հայոց, իսկ երրորդը` կաթոլիկի և լուտերականաց: Կառապանըերևի թե առաջվանե խրատած չէր, — մեռելակառքը ուղիղ դեպի ռուսացն էր տանում:

Պառավներեն մեկը ասաց մյուսին. «Կարծեմ որ հանգուցյալը ռուս չպիտի լինի. խոսելից երևում էր որ նեմքա1 էր, ինչո՞ւ ապա կառապանը դեպի ռուսաց գերեզմանատուն է տանում»:

Չգիտեմ, — պատասխանեց մյուս պառավը, — կարելի է, որ կնքված է մեր հավատին:

Ուրեմն լավ է, որ աղջկանեն հարցնենք: Լսե՛, աղջիկ, դու ի՞նչ հավատի ես:

Աղջիկը յուր տխուր մտածության մեջ ընկղմված` ուշք չէր դարձնում, թե ինչ էր կատարվում նրա չորս կողմը: Պառավը յուր հարցմունքը առավել պինդ կրկնեց և այս անգամին ռուսի գռեհիկ ժողովրդին սեփական կոպտությամբ քաշեց նորա թիկնոցի փեշը և ավելացուց. «Սատանան գիտե, թե ինչպես հիմար ազգ է այս նեմեց ազգը. ռուսերեն պարզ ասում եմ` չի հասկանում, անիծածներ, տե՛ր, դու ներե իմ մեղքը»:

Աղջիկը շվարած նայեցավ նոցա երեսին և պատասխան չտվեց: Ես հասկացա իսկույն, որ նա ռուսերեն չէ խոսում և հարցուցի գաղղիերեն:

Mademoiselle, ces dames ignorent la rèligion de la dèfunte et elles sont dans un grand embarras (Օրիորդ, այս կանայքը չգիտեն, հանգուցյալը ի՛նչ կրոն էր դավանում, այդ պատճառով մեծ վարանաց մեջ են):

Ma mère était luthérienne (մայրս լուտերական էր), — ասաց և նորից ընկավ յուր առաջվա հոգեկան թմրության մեջ:

Իսկույն հրամայեցի կառապանին, որ ձիերը դարձնե և տանե դեպի լուտերականաց գերեզմանատունը, որից փոքր-ինչ հեռացել էր: Կառապա՞նն էր հարբած, անիվնե՞րն էին ծույլ, թե ձիերը շշկլված, չգիտեմ, միայն թե կառքը դարձնելիս մազ մնաց, որ դագաղը ցած ընկներ, և եթե ես աչքս անդադար նորա վրա չունենայի` անշուշտ կառքը և նորա վրայի մեռելով դագաղը գետնին պիտի գլորվեին: Ժամանակ չկորցրած, իսկույն վազեցի, աջ ուսս դեմ տվի մեռելակառքին և ձեռով դագաղը բռնեցի և այդպես մնացի, մինչև որ կառապանը հաջողությամբ դարձուց կառքը: Բայց երբ որ վտանգը անցավ, և մենք մտանք գերեզմանատան բակը` ի՞նչ տեսնեմ, հալավս արյունով թաթախվել էր, երևի թե դագաղը բռնելու ժամանակ` անզգուշությամբ ձեռքս սուր երկաթի էի կպցրել, որովհետև լայն խոցված կար վրան:

Mein Gott sie sind verwundet (Աստված իմ, դուք վիրավորված եք), — ասաց ինձ աղջիկը գերմաներեն:

Մի՛ վախենաք, թեթև քերթված է, — պատասխանեցի, ցավից ատամներս կրճտելով, որովհետև խոցի բերանը ցրտին չդիմանալով` այնպես կսկծում էր, որ ցավը ուղեղս էր հասնում: Ձեռս տարի գրպանս, որ թաշկինակս հանեմ և փաթաթեմ խոցը, բայց ավա՛ղ, Գաբրիելի տանն էի մոռացել: Աղջիկը հասկացավ կարոտությունս, կարմրելով հանեց տվավ իր բեհեզյա թաշկինակը և ժամանակ չտվավ շնորհակալություն անելու, իսկույն գնաց մինչև մեռելակառքի կանգնած տեղը: Այս բոլոր անցքը այնպես շուտ կատարվեց, որ պառավները չնկատեցին նորա բացակայությունը, և երբ որ գլուխները դարձուցին` աղջիկը արդեն նոցա մոտ էր: Վիրավորված ձեռքս թաշկինակով փաթաթելիս` տեսա նորա վրա M. V. տառերը ասեղնագործած կարմիր թելերով: Քիչ մնաց, որ խելքս գլխիցս թռչեր. այս ի՞նչ անթափանցելի գաղտնիք է, մտածեցի, մի՞թե իմ և նորա անվանց և մականվանց սկզբնատառերը միևնույնն են. մի՞թե կույր դիպվածը ուզում է ծիծաղել վրաս. մի՞թե նախախնամությունը անտեսանելի ճանապարհներով իմ և այս աղջկա վիճակը միավորում է. ինչպե՞ս մեկնեմ կամրջի վրա իրար հանդիպելներս, իմ կարեկցելը այս աղջկան (որ ուրիշ անգամ կարելի է առանց տպավորության կթողնեի մոտես անցնելու), իմ ասպետական անձնազոհությունը` կառքը և դագաղը գլորվելե ազատելիս, և վերջապես` իմ անունը և մականունը դրոշմած այս չնաշխարհիկ աղջկա թաշկինակի վրա: Կրկին և կրկին անգամ նայում էի տառերու վրա, և աչքերուս չէի հավատում. կարծում էի, որ այդ ամենը երազ էին: Բայց ո՛չ. ամեն բան առաջվա պես էր, լուտերականաց գերեզմանատունը, մեռելակառքը դագաղով, սիրուն աղջիկը տխուր դեմքով, ես` վիրավորված ձեռքով, ցրտից սառած մարմնով...

Ուզում էի երթալ աղջկա մոտ և այս տարօրինակ պատահմունքի մեկնությունը խնդրել, բայց հետո խելքս գլուխս ժողովելով` զսպեցի ինքս ինձի. մի՞թե ներելի է, մտածեցի, այսպիսի հանդիսավոր ժամանակ իմ անտեղի և տխմար հետաքրքրությունը լցնելու և, դիտավորությունս թողի ուրիշ և առավել հաջողակ ժամանակվա:

Երբ որ մոտեցա կանանց` նոքա վարանաց մեջ էին, թե ինչպես ցած առնուն դագաղը մեռելակառքեն: Թեպետ բակը մարդիկով լիքն էր, բայց ամենքը իրանց գործով և մտածմունքով զբաղած` ոչ ոք չէր շտապում վերջին պարտավորությունը հատուցանելու անտեր մեռելին: Աղջիկը անհանգիստ աչքերը դարձուց իր չորս կողմը, ու ես իսկույն հասկացա նորա մտքի խորհուրդը: Խնդրեցի կառապանին, որ բռնե դագաղի մեկ ծայրը, մյուսը ես առի ձեռս և այնպես դյուրությամբ ցած դրինք դագաղը, այնպես թեթև էր, որ եթե կառապանն ևս չհոժարեր օգնելու` ես մենակ կարող էի բարձրացնել. երևի, կարծեցի մտքումս, երկարատև ծյուրախտով տանջվել է խեղճ հանգուցյալը: Հետո նորից բարձրացուցինք դագաղը, տարինք դրինք նոր վարած գերեզմանի մոտ: Այն օրը գերմանացոց գերեզմանատանը տասնից ավելի մեռելներ կային թաղելու. պաստորը գլուխը կորցրել էր. չգիտեր որի՞ն առաջ թաղեր. ի՞նչ ասել կուզե, որ մեր անտերունչ հանգուցյալը միանգամայն երեսե ընկած մնացել էր:

Գնացի պաստորի մոտ, ամեն բան մեկնեցի և խնդրեցի, որ շտապե մեկ վերահասություն անելու` կարեկցելով աղջկա ցավալի վիճակին: Պաստորը կարճ և անհամբեր կերպով ասաց. «Ո՞ր մեկիդ հասնեմ... մի՞թե աղքատությունը իրավունք է տալիս լրբանալու... համբերեցեք, կամ եթե ավելի լավը ուզում եք` ինքներդ առանց ինձ թաղեցեք, ես հետո կուգամ և կկարդամ հանգստյան աղոթքը. մի՞թե չեք տեսնում, որ ժամանակը ստիպողական է...»:

Երևի դոցա սովորությունը այսպես է, ասացի ինքս ինձի ու գնացի աղջկա մոտ և կրկնեցի նորա առաջ պաստորեն լսածս:

Ինչպես գիտեք` այնպես արեք, — ասաց աղջիկը:

Երկու պառավը անհամբերությամբ առաջ ու ետ ման էին գալիս և ամենևին միտք չէին անում այս դժվարությանը օգնություն հասցնելու: Նոցա ճմռոտած և դեղնած շուրթերից անորոշ և անկապ խոսքեր էին դուրս գալիս, և ես կարծում եմ, որ շուտով անեծք լինեին, քան թե հանգստյան աղոթք խեղճ մեռելի վրա: Արդեն զորություն չունեի դիմանալու. սիրտս սկսավ մղձկալ, արտասուքը պլլաց աչքերես և սառեցավ երեսիս վրա, ձայնս դողդողաց: Չգիտեմ, ի՛նչ քարե սիրտ պիտի լիներ, որ չշարժեր այսպիսի արտասվելի վայրկենին. խեղճ հանգուցյալը հեռի ամենայն սիրելի բարեկամե, (գուցե) օտար երկրումը, մարդկային վերջի օգնութենեն զրկված և կամ, որ առավել վատթար է` այս անգութ, անսիրտ պառավների հոգսին ձգած. այս թշվառ որբուկը` յուր մոր առջև կանգնած, թմրած հոգվով և մարմնով, նմանապես, հեռու կարեկից սրտե, որի թեթև հագուստը ամենևին չէին արգելում դառնաշունչ ցրտին նորա քնքուշ մարմինը փետացնելու.. Ա՛խ, քսմտնելի էր այս պատկերը, որ, տարաբախտաբար, շատ սովորական է մայրաքաղաքումս: Բայց պետք էր վերջ դնել դորան:

Օրիո՛րդ, — ասացի աղջկանը, — տվեք վերջին մնաս բարևը Ձեր հանգուցյալ մորը, ժամանակն է արդեն թաղելու:

Կարծես թե խորը քնից զարթեցավ թշվառականը, կարծես թե այս ամենը երազումն էր տեսել: Մոլորված աչքերը դարձուց վրաս. Was wallen sie?2 ասաց, չճանաչելով ինձ: Ես կրկնեցի ասածս և մատով ցույց տվի նորան մոր դագաղը:

Und ist das wahr, dass meine Mutter gestorben ist!? (Ուրեմն ճշմարի՞տ է, որ մայրս մեռած է), — ասաց նա կողկողագին ձայնով, ընկավ դագաղի վրա, պինդ գրկեց և թալկացավ:

Պառավները առաջվա պես անշարժ և անզգա մտիկ էին անում այս սրտաշարժ տեսարանի վրա, — ոչ մի կարեկից խոսք, ոչ մի մարդասեր գործ: Հինգ րոպեի չափ մնաց աղջիկը այդ դրությամբ: Ես արդեն սկսա երկյուղ կրելու, չլինի՞ թե աղջկան մեկ չար դիպված պատահի. ուժս մեկ արի, մոտեցա և սկսա մխիթարական խոսքեր ասելով` կամաց-կամաց ուշքի բերելու:

Առանց մեկ դիմադարձության աղջիկը հեցավ ուսիս վրա և ոտքի կանգնեցավ. արդեն երեսի վրա չէր երևում այն հուսահատ տխրությունը, որ քանի մի ժամանակ առաջ երևել էր:

Իմ բախտից գերեզմանը խոր չէր փորած, մտա մեջը և նորից խնդրեցի կառապանին, որ ինձ օգնե դագաղը փոսի մեջ իջեցնելու: Երկար ժամանակ ցրտումը կենալով` մատերս փետացել, անզգայացել էին. և երբ որ դագաղի օղակը բռնեցի` քիչ մնաց որ ձեռքես բաց էի թողնում, այնքան անզորացել էին մատերս: Այս անգամ գերեզմանի մեջ ավելի դժվարությամբ իջեցրինք դագաղը, քան թե փոքր առաջ` մեռելակառքից. բայց ինչ և ինցե` երկու հոգի արինք այն, որ ուրիշ և առավել հաջողակ դիպվածներումը տասը-քսան հոգի են կատարում: Շեղ փոսի մեջ հազիվհազ տեղավորվում էր դագաղը, բայց և այնպես ես ստիպված էի նորա մեջ առաջ ու ետ շարժիլ, որ դագաղին վայելուչ դրություն տամ. ինչ որ ես այն ժամանակ քաշեցի` արյունածարավ թշնամիիս չեմ ցանկանում

Վերջապես ամեն բան կատարելուց հետո` դուրս եկա փոսեն, եռանկյունակս3 (այն ժամանակ տակավին սաստիկ արգելված էր ուսանողներուն գդակ հագնելը) լցրի հողով և առաջարկեցի աղջկանը, որ մոր վրա հող ածե: Աղջիկը հանեց ձեռքի թաթպանները և երեք անգամ լիքը ագուռով հող ցանեց մորը վրա. Auf wicdersehen, meine gute Mutter!4 ասաց հազիվ լսելի ձայնով, ծունր դրեց փոսի մոտ. գլուխը դրավ գետնին և սկսավ աղոթք անելու: Քամին, որ անդադար փչում էր, այն րոպեին այնպես սաստկացավ, որ հարյուրամյա եղևնիները սկսեցին շարժիլ, և նոցա ճյուղերից շատ եղյամ թափվեցավ և կիսով չափ ծածկեց աղջկանը. երանի չէ՛ր լինիլ, որ մի անգամով թաղել էի այս երկու թշվառականներն, որոնցից մեկը մեռած էր, մյուսը կիսամեռ: Ա՛խ, կան ուրեմն մարդուս կյանքումը այնպիսի րոպեներ, երբ նա մահը առավել մեծ երջանկություն է համարում, քան թե կյանքը... Կարդացո՛ղ, ինչո՞ւ զարմանում ես դու, որ ես այդ աղջըկանը մահ էի ցանկանում, դու որ արդեն սկսել ես նկատել իմ սերը դեպի նա, մի՞թե չես կարծում, որ այդ ցանկությունս խելացնորություն էր: Լսե՛ ուրեմն իմ արդարանալը: Ես` որ աչքես չէի բաց թողնում աղջկա ամենափոքրիկ շարժմունքը, մորը վրա հող ածելու ժամանակ տեսա նորա մատին մի ոսկյա մատանի, որ պարզ նշան է նորա հարսնախոսությանը: Չգիտեմ ինչո՛ւ, բայց այն րոպեին եթե աղջիկը տեղն ի տեղ մեռել էր` ես ինձի ամենաերջանիկ մարդը կհամարեի աշխարհիս երեսին: Հանկարծ թուլացավ կարեկցությունս դեպի նա. նախանձը արդեն սպրդել էր հոգուս մեջ. քանի մի ժամանակ առաջ ես կարծում էի, որ նորա միակ տերը և պաշտպանը ես եմ. բայց ոսկե մատանին ցույց տվավ, որ կա մեկ ուրիշը, որ առավել իրավունք ուներ նրա երախտագիտության. թերևս (կարծում էի) այս րոպեիս ծունր դրած մորը գերեզմանի առաջ` նա սոսկալի երդումներ է տալիս հավատարիմ մնալու յուր սրտի ընտրածին... Այսպիսի անհիմն կասկածներով թունավորում էի հոգիս և պղծում էի այս վեհ րոպեներու մեծահանդիսությունը:

Աղջիկը տեղեն վեր կացավ, արտասուքը սրբեց թիկնոցի փեշով, բայց գլուխը քարշ արած անդադար նայում էր ձյունաթաղ դագաղի վրա և մտքով մնաս բարև էր անում յուր մորը: Նորա երեսը նայելիս` միանգամայն ցրվեցան իմ սև կասկածանքը. մի՞թե կարծում էի մտքումս, այս անմեղ հոգին թաքցնել գիտե հոգու շարժմունքը, մի՞թե բացի այդ օրհասական մատանիեն ուրիշ ապացույց չէի կարող նկատել նորա վրա. եթե դա սիրում է` ո՞ւր է ապա նորա սիրո առարկան. ինչո՞ւ թողել է իր նազելիին բախտի կամացը և այս երկու ջատուկներու հոգացողությանը. եթե դա փեսա ունի` ինչո՞ւ ապա այս ցուրտ եղանակին այսպես աղքատ հալավ է հագած... այս անհիմն եզրակացությունները բավականին մխիթարեցին վրդոված երևակայությունս, ու ես նոր եռանդով սկսա հոգս տանել աղջկա վրա:

Փոսի մոտ կար մեկ թի ու մեկ բահ. բահը ես առի, թին տվի կառապանին և միասին սկսանք գերեզմանը հողով լցնել: Անհամբեր պառավները կամենալով շտապեցնել այս տխուր ծեսի վերջը` ոտերով հողը շպրտում էին գերեզմանի մեջ: Ամբողջ կես ժամ հազիվ կարողացանք փոսը լցնել: Պառավները չսպասեցին պաստորի գալուն և հեռացան մեզանից. կառապանը նմանապես գլխարկը հագավ ու գնաց իր բանին: Մնացինք ես և աղջիկը:

Եկավ պաստորը, իր ձեռքը բռնած գրքից ի՛նչ ասես կարդաց, փոքրիկ մխիթարական ճառ ասաց ժողովրդին (այսինքն` ինձ և աղջկանը) իբր թե` մահը անհրաժեշտ ամենիս հասնելու է. առաքինին համբերում է, միայն ցնորամիտը հուսահատում է, և այլն, և այլն, և կարծելով որ աղջկա հոգու մեջ լիովին թափեց հոգեշահ բալասանը` ինքն իրմեն բավական, գնաց շարունակելու յուր կոչումն ուրիշ հանգուցյալներու վրա:

Քամին սաստկագին փչում էր, գետնին նոր ընկած ձյունը հավաքում էր ու բարձր դեպի երկինք էր ձգում. գերեզմանատան շիրիմներու և ծառերու մեջ պտուտակվելով` հազար կերպ անճոռնի նվագներ էր հորինում, որ խիստ հարմար էր այսպիսի տխուր ժամին: Արդեն ժամը երեքի մոտ էր. այլևս զորություն չկար վրաս ցրտին դիմանալու, երեսս պնդացուցի ու ասացի աղջկանը:

Օրիորդ, այսուհետև ոչինչ օգնել չէ կարելի ձեր ցավին` լալով և հուսահատվելով այստեղ. պետք է ձեր վրա ևս փոքր-ինչ հոգս անեք. եղանակը անտանելի ցուրտ է. ձեր վրայի թեթև հալավը հյուսիսի դառնաշունչ եղանակի համար կարած չէ՛... Եվ միտս չէ` էլ ի՞նչ դորա նման բաներ ասացի, որոնք խիստ անտեղի էին այսպիսի սրտաշարժ պարագայում:

Աղջիկը աչքերը ցած խոնարհած պատասխանեց.

Այժմ ես չեմ կարող գտնել իմ կեցած տունը. տանտիկինս թողուց ինձ այստեղ և միտք չարավ, որ ես ամենևին չեմ ճանաչում Պետերբուրգի փողոցները. ամիս ավել չկա, որ այստեղ եմ:

Գոնե գիտե՞ք, ո՛ր փողոցումն է ձեր բնակած տունը:

Ո՛չ:

Ունի՞ք որևէ ծանոթ կամ բարեկամ:

Ո՛չ:

Ի՞նչ անեի, ո՞ր քարին տայի գլուխս, ո՞ւր տանեի, ո՞րին հանձնեի այս որբուկ թշվառականին այնպիսի ապականված տեղումն, ինչպես որ Պետերբուրգն է, որի պիղծ շնչից խամրում, թառամում է ամենայն դալար հոգի:

Ինչպես վերը ասացի, իմ բնակարանը Սմոլենսկի գերեզմանատան մոտերումն էր, ուրեմն շատ մոտ էր մեր կեցած տեղին:

Երթանք, — ասացի աղջկանը, գուցե աստուծո օգնությամբ մեկ բան կարողանամ մտածելու այս դժվար հանգամանքումն:

Ուսանողին պատշաճ քաղաքավարությամբ` աջ կուռս առաջարկեցի աղջկանը և խնդրեցի, որ փոքր-ինչ շուտ ման գա և միասին գնացինք դեպի իմ կեցած տունը: Երբ հասանք դրան մոտ` խնդրեցի նորան, որ փոքր-ինչ սպասե, խոստանալով որ շուտ հետ կդառնամ:

Մտա ներս: Ընկերս մեջքի վրա պառկած անկողնակալի վրա, ձեռքերը գլխի տակ դրած, աչքերը դեպի վեր դարձուցած` աշխատում էր թուքը առիքին հասցնելու:

Էդ ի՞նչ ես անում, Հովհաննես, — ասացի նորա տարօրինակ պարապմունքի վրա ծիծաղելով:

Ոչինչ, մեկ սահաթ է որ` էս անպիտան տառաքանին ուզում եմ թքով ցած ձգել:

Մեկ պահ թող որսդ, լսե, բան ունիմ քեզ ասելու:

Ասա էլի, որսս քեզ ի՞նչ զարար է տալի. — ու նորից սկսավ թքերը բերնեն դեպի առիք արձակելու:

Մոտդ քսան կոպեկ չունի՞ս, — ասացի, թեև առաջվանե հաստատ գիտեի, որ «չէ» պիտի ասեր:

Ո՞ր քսան կոպեկն է քու ասածը, — պատասխանեց Հովհաննեսը զարմացած. — ես կարծում էի, հետդ գոնե վեց կոպեկ կբերես` երեքը ճրագի համար և երեքը` երկու գրվանքա սև հացի, մի՞թե չգիտես, որ երեկվանե մեկ կտոր հաց էր մնացել, որ այսօր առավոտը թեյի հետ կերա. ժամը 11-ից բերանս բան դրած չեմ. ես քու գալուն սպասում էի, ինչպես ջհուդները Մեսիայի գալուն. շաքար էլ չունինք. վերջի ծխախոտն էլ երկու ժամ առաջ քաշեցի պրծա:

Աչքս դարձուցի դատարկ սենյակի չորս խորշերին, բացի քանի մի գրքե և համալսարանական ձեռագիրներես` ոչինչ չտեսա: Աչքս դարձուցի վրաս... ո՛վ սքանչելիք... խելացնորի պես դուրս թռա սենյակեն:

Միքայե՛լ, սպասի՛ր, բան եմ ասում, — ասաց ետևես Հովհաննեսը, բայց ես չսպասեցի նորա ասելու բանին, և երբ որ դուրսն էի` ականջիս հասնում էին խեղճ սոված ընկերոջս կողկողագին աղաչանքը, որ ետ դառնամ և լսեմ նորա խնդիրքը, որ ըստ երևույթին այս պիտի լիներ. «Ինչպե՞ս ճարենք փոքր-ինչ ճրագ, փոքր-ինչ հաց և փոքր-ինչ ծխախոտ», ուսանողի և ուսանողի նման մարդոց չափավոր պիտույքը աշխարհիս երեսին:

Ավա՛ղ, իմ ականջը խլացել էր ու սիրտս փակվել էր ընկերոջս համար: Ուրիշ հոգացողություն ծնել էր մեջս, որ մինչև այն օրը ինձ միանգամայն չէր հայտնի: Եթե իմանայի, որ Նևայի խոր հատակումը քանի մի ռուբլի փող կա` առանց երկար միտք անելու, մահը գլխովս առած, կվազեի ու կհանեի...

Գուցե՛ կարդացողը կհարցնի, թե ի՞նչ է պատճառը, որ ես խելագարի պես սենյակես դուրս փախա. ի՞նչ հույս ունեի ցավիս ճար ու դարդիս դարման անելու: Ահա՛, կարճ խոսքով մեկնեմ շտապով տնից դուրս վազելուս պատճառը:

Գաբրիելի մոտ որ էի` դուրս գալիս սխալմամբ իմ հին կրկնակոշիկի տեղ` նորա նորը հագա ոտիս, և երբ որ աչքս ընկավ նորա վրան` գլխումս բան ծագեցավ: Հիմի հասկացա՞ք միտքս: Կարծու՞մ եք, թե ծախել էի ուզում. ոչ: Առանց ծախելու ևս կարելի էր նորան դեպի բարին գործածել: Այս տեղումը մեկ առօրյա սովորություն կա, որ ընդհանրապես տարածված է ուսանողաց և ուսանողի նման մարդոց մեջ. այդ սովորության անունը գրավ դնել է. զոր օրինակ, եթե գիտես, որ ծանոթիդ մեկը ունի ժամացույց, մատանի, կրծքի քորոց և այլն. եթե մեկ օր տեսար այդ ծանոթիդ առանց այդ իրեղենների` հենց իմացիր, որ հարցմունքիդ` թե «ո՞ւր է այս կամ այն ինչ առարկադ», պատասխան ստանալու ես «ուսում առնելու եմ տվել», որ ուրիշ խոսքով նշանակում է` թե «ջհուդի մոտ գրավ եմ դրել»: Հիմի հասկացա՞ք, որ ոտիս նոր կրկնակոշիկները միևնույնն էին, թե գրպանումս մանեթ կամ մանեթուկես ունենայի:

Գնա՛նք, — ասացի աղջկանը. աստված մեզ օգնեց, այժմ ամեն բան դեպի լավը կերթա:

Անմեկնելի շնորհակալ եմ ձեզնեն. ինչո՞վ արժանացել էի ձեր այդպիսի մեծահոգությանը, — ասաց նա այնպիսի քաղցր ձայնով, որ ես միանգամայն մոռացա այն չարչարանքը, որ կրել էի ամբողջ չորս ժամ` այս ցուրտ եղանակին բաց օդի տակ մնալով:

Կառապա՛ն, շո՛ւտ, — ասացի այնպիսի հրամայական ձայնով, որ ով գիտե ինքը հարուստ Լ... Մ...քը արտասանած չլիներ յուր կյանքումը:

Մեկ ակնթարթում չորս հինգ կառապան վազեվազ եկան, մեկը մյուսի ձին պարսավելով և յուր ձիուն արագոտնությունը գովելով` առաջարկեցին յուրյանց ծառայությունը:

Արդեն մեկ ոտս սահնակի մեջն էր և մյուսը գետնին, որ ետևես մեկ ծանոթ ձայն կանչեց.

Միքայել, էս ո՞ւր, քանի վախտ ա հառա եմ տալի` չես լսըմ: Էս ի՞նչ ա իլել քեզ, հմպարտացել ես... էս ղուշը հորտեղա՞ն ես խփել:

Ա՛, Ալեքսան, դու ես...

Ախպեր, տրիստն ասեմ` հորսդ լավ ես արել...

Խնդրեմ, թող էդ խոսքերը, դրա վախտը չէ. քեզ մեկ ասելու բան ունեմ:

Հրամայի՛ր, մատաղ:

Ասա, պաժալստա (խնդրեմ), ո՞ւր ա կենըմ էն ջհուդը, որ գրավ ա վեր առնըմ, — ասացի, նորա Հաշտարխանի ոճին նմանեցնելով խոսակցությունս:

Վա՛հ, մոռացե՞լ ես. Большой мещанск-ումը в доме Глазунова, էնտեղ դվորնիքը շանց կտա: Ի՞նչ ա, գրավ տինելի պան ունես, ի՞նչ ա:

Հա՛, կոլոշներս ուզում եմ գրավ տինել:

Հե՞ր ես էնտեղ տանըմ, էս պոռտեռնի չէ՞ (ասաց ցույց տալով գարեջրի խանութը). նրա տերը իմ ճանաչն ա, ուզո՞ւմ ես տանեմ, գրավ տինեմ նորա մոտ: Ինչքա՞ն է պետք:

Ինչքան շատ` էնքան լավ, — պատասխանեցի` ոտես կրկնակոշիկները հանելով և նրան տալով:

Էս խոմ թափ թազա կոլոշներ են. ո՛վ ա խաբար, բալքամ երկու կոլոր (մանեթ) տա. ի՞նչ ես ասըմ:

Լավ, էնքան ա, որ շո՛ւտ արա. վախտ չունիմ սպասելու:

Էս ղուշին հո՞ր... ես տանըմ, — ասաց եղալի աչքերով:

Գարշելի թվեց այս լիրբ և անպարկեշտ հարցմունքը և մանավանդ այն կասկածը, որ առանց մեկ հիմնավոր պատճառի, ընկավ խեղճ որբուկի վրա:

Գնա՛, գնա՛ խելքիդ շատ զոռ մի տալ, բան ես անըմ` բան արա, թե չէ խո` գլուխդ քարը` առանց քեզ էլ յոլա կերթանք:

Ինչ փալանդ վեր քցար. քեզետ խոշտապ անել չի՞ կարելի, ինչ ա: Դա խո սոխ ա, պան չի հասկանըմ, քու գորա ի՞նչ:

Բայց ես նորա փիլիսոփայությունը ընդմիջեցի` փոքր-ինչ անքաղաքավարի քռուշ տալով և շտապեցնելով դեպի գարեջրի վաճառանոցը:

Քանի որ նա այնտեղումը գրավի համար հոգացողություն է անում` ես կաշխատեմ ընթերցողներիս կարճառոտ կերպով ի մոտո ծանոթացնել այս չնաշխարհիկ արարածի հետ, որի տեղական անունը տեսնատա է, որ կնշանակե նեղություն: Ի՞նչ մարդ է այս մարդը, ինչո՞ւ նորա մականունը այդպես է` կիմանաք հետագա տողերես:

Բ

Օրես տասը-տասնըմեկ տարի առաջ` չգիտեմ ո՞ր քամին, ո՞ր տեղից և ի՞նչ նպատակով բերել ձգել էր Պետերբուրգումը այս հայ տղին: Եթե նորա խոսքերին հավատաս` դա առուտուրի մտքով, իբր թե, եկել է այստեղ. բայց ես, որ ի բնե այնքան դյուրահավատ չեմ, ճշմարիտը ասեմ` չեմ հավատում, որ նա միայն այդ բարի դիտավորությամբ եկած լիներ. առավել հավանականը այն է, իմ կարծիքով, որ այս պարոնը լսած կլիներ մայրաքաղաքի անթիվ անհամար զբոսանքը, որ հայաբնակ քաղաքներումը, ծանոթ բարեկամներե ամոթ քաշելով` գրեթե անհնարին է արձակ համարձակ վայելելը. լսել է, ո՞վ իմանա, թե ինչ զվարճություն է ազատ գլուխ մարդու համար, մանավանդ երբ որ փոքր-ինչ էլ փող կա գրպանումը, Պետերբուրգի բազմաթիվ և բազմատեսակ պանդոկները, հյուրանոցները, սրճանոցները և շատ ուրիշ անվանի և անանուն տեղեր քաշ գալը. լսել է, ո՞վ իմանա, Նևսկի պրոսպեկտի հռչակավոր անունը, նորա լուսավորված սալարկները (թռոթուար), ուր գիշեր ցերեկ ժվժվում է ժողովրդի բազմությունը... լսել է վերջապես, թե ինչպես շատերը եկել են այստեղ գրեթե մեկ շապիկով և քանի մի աբասիով գրպանումը և հետ են դարձել յուրյանց տեղը` հարստացած, փառք ու պատվի հասած (օրինակները քիչ չեն): Ավա՛ղ, Պետերբուրգի հռչակը շատ բախտախընդիրներու գլուխ է պտըտցրել, ուրեմն ի՞նչ զարմանք, որ մեր պարոնն էլ նույն փայլուն հույսերը աչքի տակ ունենալով, ճանկը ձգած կլիներ քանի մի թուման ու վազեվազ եկած հասած այստեղ` իր բախտը որսալու: Բայց խեղճը մոռացել էր, որ Պետերբուրգը ամենի համար միատեսակ հաջողակ չէ. նա չէ իմացել առաջվանե, որ բախտախնդիրները այս երկու հատկություններից մեկը պիտի ունենան, որ մայրաքաղաքումս բախտ կարողանան որսալ, որ է` ուստայություն և շնորհալի դեմք. Տարաբախտաբար իմ դյուցազնը (?) երկուսիցն էլ զուրկ էր: Երևակայեցեք այսպիսի մի հրեշ. հասակը ոչ ավել ոչ պակաս` երկու գազ ու մի քառորդ, մարմինը չոր-չոր, բրդոտ, սև, մազերը նմանապես սև, բայց այնպես սև, որ առաջին անգամ տեսնողը դժվար կիմանա` բոշա՞ է դա, թե հայ. քիթը այնչափ մեծ, որ գրեթե գլխու երկայնության կես մասն է բռնում, ոտները ծուռ-ծուռ ու կարճլիկ, բերնի ատամներից շատերը մնացել են մուշտի կռվումը, ուրեմն խոսելիս դժվար է նորան հասկանալը, եթե սովորած չլիներ նորա արտասանության, զոր օրինակ շ, ժ, չ, ճ, ջ, ծ տառերը անտարբեր ս, զ, է արտասանում: Գիտե փոքր-ինչ ռուսերեն, հայերեն էլ խոսում է, վա՛յ էն հալին, թուրքերենիցն էլ միանգամայն անտեղյակ չէ՛. բայց խոսակցության ժամանակ բոլոր այդ լեզուները իրար հետ խառնելով կենդանի պատկերացնում է Բաբելոնի լեզվախառնության օրը: Տարիքը 3035 է. ուղիղը չգիտեմ:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 Next Last