Չարենց Եղիշե՝   Երկեր

1929

ԹՈԻՂԹ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԲԱՐԵԿԱՄԻՍ՝
N.N. ԳՐՎԱԾ ԵՐԵՎԱՆԻՑ

Ահա կրկի՛ն գրում եմ քեզ,
Իմ լավ ընկե՛ր, իմ բարեկա՛մ, —
Օ, քե՛զ, անհայտ, բայց մե՛ծ երգիչ,
Ողջո՛ւյն, ողջո՛ւյն պոետական: —
Գրում եմ քեզ ես պարզ հանգով,
Ռիթմո՛վ հստակ, յամբով մեկին,
Գրում եմ քեզ կարոտանքով,
Ինչպես Պուշկինը՝ Դելվիգին...

Սրտով խաղաղ եմ ես հիմա
Ու խոհերով հստակ, մաքուր:
Իջել է իմ սրտի վրա
Զարմանալի հանգստություն:
Չեմ իմանում ի՛նքս էլ սակայն,
Թե ինչը ինձ այսպես փոխեց.
Քա՞յլ էր սա մի հերոսական,
Թե՞ տարիքս են արդեն կոխել: —

Դարձել եմ լուրջ, ինքնավստահ,
Ձեռք եմ քաշել հիմա մանրից
Իմ սենյակում երեկ նստած
Կարդում էի Ալեքսանդրին:
Կարդում էի... Եվ իմ հոգին
Հսկա մի խինդ էր ողողում. —
Այդքան պայծառ ու ահագին
Արեգա՛կն է միայն շողում:

Եվ կարդալով Ալեքսանդրին՝
Կրկի՛ն անգամ ես հասկացա,
Թե ինչո՞ւ է նրա անդրին
Սերունդների սրտում կեցած:
Թե դարերի հորիզոնում
Չսուզվելով՝ ինչո՞ւ է նա
Անվերջ շողում ու բարձրանում
Եվ միշտ պայծա՛ռ պիտի մնա: —

Գրում եմ քեզ ահա ես հին
Պատասխանը այդ հին հարցի:
Թե ուզում ես երգդ լսեն՝
Ժամանակիդ շո՛ւնչը դարձիր: —
Կապվի՛ր նյարդով յուրաքանչյուր
Քո օրերին ու քո դարին,
Կյանքը սիրիր լիահնչյուն
Ու մի՛ դավիր քո քնարին: —

Հարկավոր է ձուլվել դարին,
Ասում եմ եսԲայց կա արդյոք
Այդքան անհուն ու դժվարի՛ն,
Այդքան թե՛ պարզ, թե՛ բարդ մի գործ:
Մարդիկ կան, որ կարծում են, թե
Ով ավելի բարձր է գոռում՝
Նա է միայն դարի տենդով,
Դասակարգի խանդով եռում:

(Մի ժամանակ, դժբախտաբար,
Ե՛վ էլ էի այդպես կարծում,
Բայց վերցրած պայծառ քնար՝
Ազատվել եմ ահա փորձում
Այդ մարմաջից... թեկուզթեկուզ...
Ապագայում գուցե ցավեմ,
Քանզի դա և հեշտ էր, և պարզ,
Ե՛վ անվնաս, և շահավետ...)

Մեր շուրջը, տե՛ս ինչքա՛ն դեմքեր,
Ինչքա՛ն մարդիկ, շեփոր առած,
Երգում են գործ, երգում են տեմպ,
Երգում երգեր բարձրաշառաչ: —
Երգում է, տե՛ս, գիշեր ու զօր,
Պոետների մի ողջ բանակ,
Սակայն երգեր քիչ կան այսօր,
Այլ կա հաճախ թուղթ ու թանաք:

Մե՛ծ է այսօր բանակը մեր.
Թե բոլորիս քշեն զինվոր՝
Կառնենք գյուղեր ու քաղաքներ, —
Բայց երգեր ենք գրում այսօր:
Երգում ենք սեր, երգում ենք մահ,
Երգում պայքար ու աշխատանք,
Մեր երգերում, սակայն, չկա
Այսօր ո՛չ սեր, ո՛չ խոհ, ո՛չ կյանք: —

Ի՜նչ են մեր մեծ դարի հանդեպ
Երգերը մեր թոթովախոս
Մենք, որ մի նոր կյանք ենք կանգնել,
Չունենք երգեր հատու ու խոր:
Ինչ գրել ենք մինչև հիմա՝
Եղել է լոկ առաջաբան
Մի վիթխարի երգի համար,
Որ գալու է, բայց դեռ չկա:
Չհավատա՛ս դու ինքնագոհ
Պոետներին մեր այն բազում,
Որ հմայված իրենց երգով՝
Ներբողներ են իրար ասում:
Շա՛տ է չնչին մեր ապագան,
Թե որ դրանց երգին նայես. —
Օ, դարը մեր հերոսական
Այդ երգին է միթե վայել...

Բայց նա կգա, պոետն այն մեծ,
Մեր երազած պոետը նոր,
Եվ ներկայիս մարդուն կերգե
Երգով իր վեհ, ու բորբ, ու խոր:
Պղնձաձույլ իր քնարով
Շո՛ւնչը կերգե այս մեծ դարի,
Կայրե սրտերը սուրբ հրով
Ու չի՛ դավե իր քնարին...

Մեր վիթխարի դարը ահա
Կառաչելով, ընդդեմ հնի,
Բարձրացրել է, որպես վահան,
Հսկա անունը Լենինի:
Եվ ուր առաջ բանտ էր խավար,
Ճորտությունն էր ուր լուռ քսել
Ալեկոծվում են հողմավար
Անծայրածիր բազմություններ:

Աղմկում է հողմանման
Սոցիալական ծովը հիմի,
Կյանքը այսօր օրհասական
Բախումների օվկիան է մի:
Լեռնացել են իրար հանդեպ
Երկու հսկա դասակարգեր,
Ընկնում են հին գահեր այնտեղ,
Այստեղ կանգնում չեղած կարգեր: —
Եվ այս անդուլ դարում ահա,
Այս լեռնացող օվկիանում
Ապրում են բյուր մարդիկ հիմա,
Տխրում, տքնում, ուրախանում, —
Մարդն է ապրում, ինչպես առաջ,
Հուզումներով իր կենդանի.
Ունի կրքեր բազմաշառաչ,
Սրտում հազար հույզեր ունի, —

Եվ ինչ... այս բորբ, այս կենդանի
Հույզերը հորդ երգելու տեղ
Միաչքանի, միոտանի
Մարդն են երգում հիմա անթև.
Մարդն են երգում, որի կրծքում
Երգեհոն է դրված կարծես,
Որ ճիչեր է միայն փղձկում,
Չունի ո՛չ խանդ, ո՛չ խինդ, ո՛չ սեր:

Սակայն դու չե՛ս գտնում արդյոք,
Որ վիթխարի այս մեր դարում
Իր հույզերով ու կրքերով
Ավելի՛ է մարդը հարուստ:
Ինչե՛ր է նա այսօր տեսել,
Ինչե՛ր ապրել ու զգացել,
Եվ ի՞նչն է նա համարել սեր,
Եվ ինչո՞վ է ուրախացել...

Տեսել է նա Հոկտեմբերի
Անօրինակ պայքարը մեծ,
Ընդվզումի տարիների
Օրերը բորբ ու հողմածեծ: —
Կործանո՛ւմն է տեսել հնի,
Պալատների անկումն անդարձ,
Տեսել է մահը Լենինի,
Կորուստն այս խոր, անվերադարձ:
Տեսել է նա անկումը այն
Տարօրինակ առաջնորդի,
Որ օրերին այն փորձության
Առաջնորդեց կարմիր զորքին,
Մղվեց մեզ հետ կամքով հաստատ
Դեպի պայքար ու հաղթանակ
Եվ երկրից դուրս հիմա նստած
Թափում է լոկ թույն ու թանաք

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ինչքա՛ն է այս ամենը բարդ...
Այս ամենի հետ միասին
Մարդը էլի՛ մնում է մարդ,
Որ ունի սեր, որ ունի սիրտ:
Կարող ես դու՝ երգի՛ր նրան՝
Իր հույզերով մեծ ու մանրիկ,
Բայց այսպիսի երգի համար
Քնա՛րն է պետք Ալեքսանդրի:

Քնարն է պետք Ալեքսանդրի,
Ու քնարի հետ միասին՝
Այդքան անհուն ու ահագին,
Այդքան պայծառ ու վեհ մի սիրտ: —
Իր մի՛տքն է պետք պայծառատես,
Որ օրերի վեճի միջից
Հիմնականը մանրից զատե
Եվ կարկաչե ջինջ ու վճիտ: —

Որ առօրյա աղմուկների
Միջից տեսնի օրը գալիք
Եվ չդառնա ոգով գերի
Ծնծղաներին աղմկալի,—
Տեսնի ոգով, թե ինչն է, որ
Դառնալու է էգուց անցյալ,
Եվ ինչն է, որ հեռու մի օր՝
Պիտի կանգնի բա՛րձր ու պայծառ...

Եվ նա կգա, պոետն այդ մեծ,
Մեր երազած պոետը նոր,
Եվ ներկայիս մարդուն կերգե
Երգով իր վեհ, ու բորբ, ու խոր: —
Պղնձաձույլ իր քնարով
Շունչը կերգե մեր մեծ դարի,
Կայրե սրտերը սուրբ հրով
Ու չի՛ դավե իր քնարին...

Վերջացրի: — Գիշեր է խոր: —
Եվ գիշերվա այս խոր պահին
Գլխիս վրա թառել է լուռ...
Իմաստուն բուն Միներվայի:
Եվ առույգ է սիրտս շնչում,
Կասկածանքներ իմ մեջ չկան: —
Դե՛, ընդունիր հազա՛ր ողջույն,
Պոետական իմ բարեկամ...

1929, Երևան

ԹՈԻՂԹ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻՆ,
ԳՐՎԱԾ ԼԵՆԻՆԳՐԱԴԻՑ

Իմ սիրելի Ակսե՛լ, չեմ մոռացել ես քեզ...
Ահա նստած այստեղ, այս խստաշունչ հեռվում,
Մտաբերում, հիշում, — ու, տե՛սգրում եմ ես
Քեզ հանգավոր նամակ: — Այս ափերում,
Հյուսիսային այս ցուրտ, դժկամ հեռուներում
Եռում է կյանք մի այլ, անօրինակ ու նոր: —
Միայն Նևա՛ն է, որ իր դարավոր հունով
Քշում է ջուրն իր գորշ դեպի անհայտ ափեր,
Այս ծանրանիստ Նևան՝ անեզրական ու վեհ:

Այս քաղաքում, ուր ցոփ արքաներ են ապրել,
Ուր շաչել է մտրակը ստրուկների վզին,
Որպես վերին պարգև, — ուր հյուսիսի
Մառախուղի նման այս անտարբեր
Իշխաններն են դարեր առևանգել, հարբել,
Կախաղաններ կանգնել հարյուրներով, —
Այս քաղաքում հիմա եռում է կյանք մի նոր,
Զարմանալի մի կյանք: — Այստեղ հիմա
Բանվորական դեմքեր դու կտեսնես միայն, —
Երևանից մինչև օվկիանոսը Խաղաղ,
Օ, աշխարհո՛ւմ ամբողջ դժվա՛ր լինի մի այլ
Այսքան անխոնջ, զգաստ, խստաբարո քաղաք: —
Այստեղ զգաստ դեմքեր լոկ կտեսնես քո շուրջը,
Պարզ, հասարակ դեմքեր, դեմքեր, որ լուրջ են,
Ինչպես տարիքը, հոգսը, ինչպես «վերին»
Իմպերատիվը սերունդների...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Այս հասարակ մարդկանց բազմություններն ահա.
Որ դեմքերի վրա ունեն պահած
Մի անխորտակ վճիռ, — այս մարդկանց ես
Տեսա գործի ժամին, տեսա հրկեզ
Հնոցների առաջ, — տեսա ինչպես
Գուրգուրանքով, սիրով, լրջությամբ խոր
Այդ ժխորում գործի, այդ պայքարում
Ընդդեմ նյութի , — անդուլ, գիշեր ու զօր,
Ընդվզում են նրանք ու մաքառում: —
Ինձ հմայեց այդ տենդը: — Այդ պայքարում վսեմ
Օ, ո՛չ թե մարդն էր լոկ խոփեր կոփում,
Այլ ներշնչում էր և՛ նյութը մի անհուն սեր
Աշխատանքում կոփվող նրանց ոգուն:
Տե՛սա հետո նրանց ես հանգստի ժամին,
Թատրոններո՛ւմ տեսա, Միտինգներո՛ւմ, —
Եվ ամենուր նրանց այդ լուրջ, այդ խստամիտ,
Այդ մաքառող ոգի՛ն էր խանդից եռում: —
Եվ ամենուր նրանց հայացքների միջից
Աննինջ, հոգսը դեմքին, հետապնդում էր ինձ
Այն ղեկավարը մեծ, խստաբարո,
Որ մկանուտ մարդկանց բազմություններն այս հոծ
Մի առավոտ մղեց դեպի գրոհ...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Եվ նայելով նրանց, աշխատանքի բոցում
Իրենց ոգին կոփող այդ մարդկանց ես
Տեսա, որ մի՛տք է մի ուղեղս սղոցում
Ինձ անդադար կրծող մի միտք, թե մենք
Ունեցել ենք արդյոք մեր առօրյա գործում,
Մեր երգերում, գրած գրքերում մեր, —
Ունեցե՞լ ենք արդյոք մեր խոհերի խորքում
Այս խստությունը խոր ու անչափ վե՛հ:
Մեր երգերում, գրած մեր գրքերում բազում,
Մեր գործերում, թեպետ պոետական,
Մեր մտքերում՝ հաճախ թե՛ մեղկ, թե՛ գունազուրկ,
Մեր հույզերումայնքա՛ն լիրիկական, —
Մենք չե՞նք եղել արդյոք զարմանալի անհոգ,
Զարմանալի անփույթ, հաճախ թեթև, —
Եվ պահեր ենք վսեմ մենք ունեցել եթե
Դա չի՞ եղել արդյոք պատահական արդյունք
Պատահական ժամի... Կոփե՞լ ենք մենք
Մեր խոր խոհերն արդյոք աշխատանքի բոցում,
Կռե՞լ ենք խոսքը մեր, որպես պողպատ,
Որ նա տոկա, կիզվի, ու անդադար շողա
Սերունդների սրտում... Եվ հնոցում
Այս օրերի, որ մեզ հրկիզում են անդող,
Հրո՛վ, հրո՛վ սրբում մեր պիրկ ոգին
Տքնե՞լ ենք մենք արդյոք աշխատանքով հանդուգն,
Որ մեր գործի վրա ժանգ չչոքի
Մտածե՞լ ենք արդյոք, որ խոսքըթո՛ւջն է նույն`
Դիմադրող, համառ, — և եթե մենք
Չհրկիզենք նրան մեր խոհերի հունում,
Աշխատանքով անդուլ թե չձուլենք
Նա կխամրի, հանգած, կանոսրանա,
Կփուխրանա, ինչպես մգլած պտուղ, —
Եվ բշտիկներ կուռչեն, լցված օղով,
Այդ փչացած թուջիայդ խոսքերի վրա...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Տրված է մեզ երգի անեզրական շնորհք
Տրված է, թափ, թռիչք, մտքի խոյանք ու թև, —
Իսկ մենք սահում ենք դեռ, զարմանալի թեթև,
Այն փոշապատ, մաշված ուղիների հունով,
Որ հունն է բութ մտքի, տրաֆարետի, սերտած
Երկու խղճուկ հանգի, երկու կռտած
Դատողության, — (թեկուզ հիմնականում
Դատողությունն այդ վեհ է, սակայն հաճախ
Բզկտում են նրան, փետրահանում
Ու կմախքը նրա խեղճ ու կրակ
Թրջում ճղճիմ, հիմար հիացմունքի թուքով: —
Այդպես կարող է լոկ ստրո՛ւկն հոգով
Անմտության, անշունչ հնչնախաղի փոխել
Հանճարեղ խոհն անգամ: — Այդպես ահա՛
Արծիվների թևե՛րն են մարդիկ կտրում մեկ-մեկ
Եվ վանդակում պահում նրանց կմախքը լոկ
Փետրահանած ու մերկ): —
Հիմա խոհե՛ր կան` այդ արծիվների նման: —
Ու պոետներ բազում, որոնց համար
Հիմնականը փետո՛ւրն էմի ամեհի խանդով
Փետրաթափ են անում նրանց անդուլ:
Այդ խոհերից վսեմըաշխատա՛նքն է գուցե. —
Կարդա` նրանց երգերը՝ աշխատանքին ձոնած,
Կարդա՛ սրտով մաքուր, — և ինձ Ասա՛ հիմա՝
Աշխատե՞լ են նրանք երբևիցե
Գիտե՞ն նրանք արդյոք, որ խոսքըԹո՛ւջն է նույն,
Որ պահանջում է ջանք ու քրտնաջան լարում,
Մաքառման շունչ ջերմին, հոգնության տենդ ու թույն,
Պահանջում է խոնջենք. . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Մենք շա՜տ էինք անփույթ մեր հանճարի հանդեպ,
Մեր օրերի, գրչի, մեր խոհերի բազում: —
Վայե՞լ է մեզ լինել անինքնուրույն, անդեմ,
Եվ օրերում վատնել մեզ տրված գանձը զուր,
Ինչպես վատնել է այն ճորտը լեգենդական: —
Մենք երգեր ենք գրել: — Իմացե՞լ ենք, սակայն,
Որ խոսքը, շեշտը մեր յուրաքանչյուր,
Բաժանվելով մտքի՛ց մեր, մեր խոհերից
Դառնում է ո՛չ թե լոկ դատարկ հնչյուն,
Այլ բարձրացող, ելնող սերունդների
Սրտին, մտքին, ոգուն ու տենչանքին
Նետած
Մի դրոշակ, կամ սև նշավանքի նշան:
Որ խոսքը, երգը մեր` մեր խոհերով նշած`
Կամ կարող է լինել հուրհուր դրոշ,
Կամ անկումի ժամին մեր խոհերից պոկած
Ողորմելի մի լաթ, մի սև ծվեն, որով
Ցանկացել ենք մենք մեր եղկությունը ծածկել.
Մերկությունը ոգու ու անճարակ մտքի,
Որպեսզի սուր մի սև մեզ չծակե,
Որպեսզի միտքը մեր չբարձրանա ոտքի: —
Որ խոսքընյո՛ւթն է նույն, որ կոփում են սրանք,
Այս մկանուտ մարդիկ, — ու մեզանից
Պահանջում է նա սեր, ու տքնություն, ու ջանք,
Ու գերագույն լարում: — Եվ մենք քանի
Չենք սովորել դեռ մեր յուրաքանչյուր բառին
Նայել սիրով այս վեհ, այս խստությամբ ազնիվ, —
Դժվար թե խոսքը մեր հորիզոններ վառե
Եվ բարձրացող, ելնող սերունդներին հասնի
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Հասել ենք մենք արդեն այն սահմանին, որից
Սկսվում է մի նոր ու դժվարին վերելք:
Սին տենչերի փոշին մեր խոհերից քերենք
Ու ճանապարհ ընկնենք, մե՛ծ ճանապարհ, նորից: —
Ես տեսնում եմ հիմա տարիների հեռվում
Հորիզոններ` բազում փորձությունով հղի,
Հերոսություն, պայքար, և աննահանջ ուղի,
Որ մի՛ անգամ է լոկ մեզ աշխարհում տրվում: —
Ճանապարհին այս մեծ, այս վերելքին ահեղ
Մենք չե՛նք հոգնի երբեք, չե՛նք կորցընի ուղին,
Չկտրվենք եթե սերունդների հողից,
Սերունդների՛ աչքով թե մեր երթին նայենք...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Հիմա խոհերն են այս իմ ճակատին նստել:
Ինձ այսպիսի՛ խոհեր ներշնչեցին նրանք,
Այն խստադեմ մարդիկ, որ կոփում են այստեղ,
Այս ցրտաշունչ հեռվում, չտեսնված մի կյանք: —
Այն մկանուտ մարդիկ, որ պահանջկոտ են, լուրջ են,
Ինչպես այս գորշ Նևան, այս աղջամուղջը,
Ինչպես տարիքը, հոգսը, ինչպես «վերին»
Իմպերատիվը սերունդների
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

1929. <հոկտեմբերի> 16. Լենինգրադ

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻՆ

(Ներբող քաղաքական)
О чём шумите вы?
А. Пушкин

Լծված տերերի շառաչուն կառքին`
Հռնդում եք դուք այդտեղ վայրահաչ.
Ժանգոտած սուսեր ձեռքերիդ պահած`
Անկում եք կարդում իմ նոր աշխարքին»:
Օ, դո՛ւք, ողբալի պնակալեզնե՛ր
Բռնակալների մի հետին քուրջում
Կծկըված արդյոք կարո ղ եք տեսնել
Թե ինչո՛վ ենք մենք ապրում ու շնչում:
Կարո՞ղ եք արդյոք ձեր դեղին ոգին,
Որ սնվել է լոկ հրով ու արյամբ
Ծառս չլինի ու չբողոքի
Իմ երկրի հանդեպ, որ հավե՛տ հարյավ:
Դուք չե՞ք հրդեհով միշտ շառագունել
Ու երկիրն հանձնել սրի ու հրի,
Օ, դո՛ւք, արշինի երկրպագուներ:
Ասպետներ ոսկու ու մաուզերի:
Դուք չէի՞ք արդլոք, որ բախտը այս մերկ,
Բազում սրերով զարկած աշխարքի
Ձեր պիղծ ձեռքերով կապեցիք երեկ
Բռնակալների արնածոր կառքին:
Դուք չէի՞ք, որ մեր այս բազմալեզու
Երկրի առաջին այգաբացին դե՛ռ,
Գործերով ձեր պիղծ, ու ժանտ, ու քսու
Դարձաք բռնակալ ցարերին ընկեր:
Եվ ըմբոստության շունչը գեղեցիկ,
Որ հառնում էր այն դժնի օրերում
Դուք չէի՛ք, որ ձեր ձեռքով խեղդեցիք
Այն ազգամիջյան սև նախճիրներում:
Դուք չէի՞ք, որ ողջ ժողովուրդը իմ
Այն անօրինակ փորձության ժամին
Քշեցիք դեպի դաշտերը ռազմի,
Որպես հավելյալ թնդանոթի մի՛ս: —
Անշե՛ղ է եղել ձեր ուղին միշտ է՛լ,
Դուք պատվով եք ձեր պայքարը տարել.—
Եվ դատերերի պայքարն է եղել
Իր երթին ելած ժողովրդի դե՛մ:
Դա չդադարող պայքա՛րն է եղել
Ձեզ կյանքի կոչած դասակարգերի, —
Եվ ձեր գործերի պսակն հրեղեն
Եղել է երկիրն արցունքի հեղեղ,
Եվ ժողովուրդը՝ կրկնակի՛ գերի: —

Ո՞ր դժոխքն է էլ ձեզ այդպես հեգնել
Ու չցրել այդքան անմիտ ցանկությամբ,
Որ տե՛ր եք ուզում դուք այսօր կանգնել
Դարերի՛ ավանդ մեր ժառանգության: —
Դուք տեր եք ուզում ձեզ հայտարարել
Այն հերոսական, հսկա պայքարի,
Որ ժողովո՛ւրդն է իմ երեկ վարել
Ընդդեմ բռնակալ սուլթանի՛, ցարի՛ :
Դժգոհ է եղել իր վզին նստած
Բռնակալներից նա բազմապիսի, —
Դուք նրա վսեմ ընդվզումը այս
Ենթարկել եք միշտ ձեր մութ երազին: —
Նա ծա՛ռս է եղել տիրողների դեմ`
Լինելով անհաց վաստակի գործիք, —
Դուք ըմբոստության այդ տենչը վսեմ
Աշխատել եք միշտ ցանցել ու լծել
Թե՛ հայ, թե՛ օտար տերերի գործին: —
Լեռնացել է նա, իր սիրտը սրբել
Արհավիրքների հրե հորձանքում
Դուք նրան դավել, մեջքից եք խփել
Ու տարել անվերջ անկումից-անկում:
Ձգտում եք հիմա պայքարը այդ մեծ
Ձե՛րն հայտարարել մտքերով մթին, —
Մենք չե՛նք աա սակայն այդ պսակը ձեզ.
Չի՛ սազում նա ձեր արնոտ մռութին:
Իզո՛ւր եք ոռնում այդպես վայրահաչ
Դուք անկախության պայքարի մասին. —
Դա մե՛րն է հիմա, դա մե՛րն էր առաջ,
Որքան էլ դավով դուք բազմապիսի
Փորձեր եք արել, փորձում եք հիմա,
Ինչպես միշտ՝ ահա կրկի՛ն ու կրկի՛ն
Մեզ քշել դեպի կործանում ու մահ,
Մեզ լծել, ծախու գրաստի նման.
Թե՛ հայ, թե՛ օտար տերերի կառքին:

Ինչպես աշխարհի ճորտերին բոլոր,
Այնպես էլ գերի աշխարհին իմ հին
Երկինք մի մաքուր, արև մի բոսոր
Լոկ հոկտեմբերյան հողմերը տվին:
Մեզ ասին նրանք, որ կյանք մի վսեմ
Կերտելու համար հարկավոր է նախ
Ձեր դե՛մ մահացու պայքար սկսել,
Ձեզանի՛ց լինել հեռու ու անկախ:
Եվ կրում ենք մենք այդ պայքարը վեհ
Մեր երկրի անկախ արևի ներքո,
Որ Լենի՛նն է մեծ մեզ մի օր տվել`
Պրոլետարիատի հաղթական ձեռքով:
Ոռնացե՛ք այդտեղ, որքան կամենաք,
Ու սրե՛ք մեր դեմ սուսեր ժանգոտած, —
Մենք կլնենք անհա՛ղթ, մենք կլնենք անա՛հ,
Երբ թնդանոթը մեր դեմ որոտա: —
Իսկ մինչ այդ կապված ամբողջ աշխարհի
Պայքարի ելած ստրուկների հետ՝
Կերտում ենք ահա մի շենք վիթխարի,
Որ շիրիմն է ձեր լինելու հավետ: —
Մաքառում ենք մենք՝ մեր երթին լծված,
Աշխատում անդուլ, կերտում, կառուցում, —
Եվ վաղվա անմար հավատով լցված՝
Երգում է քնարն իմ պղնձաձույլ...

ԽՈՀ

Սերը-ահա նրա միակ մեղքը:

ՕՎԻԴԻՈՍ ՆԱԶՈՆ

Ես մարդ եմ, պոետ ու քաղաքացի,
Ապրում եմ ահա լենինյան դարում,
Գրում եմ երգեր, գնում եմ գործի, —
Ապրում եմ այնպես, ինչպես աշխարհում
Ապրել է մարդը բազմաթիվ դարեր.
Իմ երակներում արյունն է եռում:

Եվ սիրում եմ ես «աշխարհ ու արև»:
Իմ սրտում ունեմ ես անթիվ սերեր,
Ու ցանկություններ, ու խոհեր բազում. —
Ես ինձ հետ այսօր աշխարհ եմ բերել
Հազա՛ր մտորում, հազա՛ր զգացում:

Եվ այնպես, ինչպես բոլո՛ր դարերում
Կապված է, եղել մարդը իր դարին, —
Ես իմ մեջ այսօր տենչերն եմ կրում
Մեր ժամանակի անդուլ պայքարի:
Եվ ինչպես ճորտը շվայտ Հռոմում
Պատրիկների հետ չի՛ նստել ճաշի
Այնպես ես այսօր, լենինյան դարում,
Չե՛մ կարող լինել բռնակալ դասի՝
Պատրիկների հետ... Հազա՛ր թելերով
Կապված եմ ես այս հսկա պայքարին
Եվ մաքառումի այս ճանապարհին
Ես ամե՛ն տանջանք տարել եմ սիրով:
Ես դարիս ահեղ փորձության պահուն
Ո՛չ միայն հատու երգեր եմ կռել,
Այլ մարտ եմ մղել կյանքի ու մահու,
Որպես մի զինվոր: -Պատրաստ եմ կրել
Ես կրկի՛ն սվին, երբ օրերը գան.
Հազար թելերով քաշում է ներկան
Ինձ հորձանուտը իր լուռ պայքարի.
Ես կապված եմ իմ վիթխարի դարին:

Բայց չե՛մ մոռանում ես երբե՛ք, երբեք,
Որ տրված է ինձ մարդկային մի սիրտ,
Տրված են սերեր, կարոտներ, կրքեր,
Եվ կա աշխարհումմի «հիմար լուսին»: —
Վարդեր կան կյանքում, կրքե՜ր կան անանց,
Կան գրքե՛ր, գրքե՛ր հազարաչքանի
Մրգե՛ր կան հասուն, մարգե՜ր կան կանաչ
Եվ ես աշխարհում ապրում եմ քանի, —
Չե՛մ կարող սիրով, սրտով իմ անհագ
Զգացմունքներիս հորձանքով բեղուն
Չսիրել կյանքի լիությունն անհաս,
Ամբողջությունը այս բազմաբեղուն...

Հազար հույզերով հուզում է ներկան
Ու փռում իմ դեմ հուզումների բերք. —
Ողջո՛ւյն քեզ, կարո՛տ, ու խո՛հ, ու պայքա՛ր,
Ողջո՛ւյն քեզ, կյանքի բազմալեզու եր՛գ:
Պայծա՛ռ եմ նայում աշխարհին հրմա,
Իմաստություն է իմ սրտին իջել.
Հնձի եմ ելել հնձվորի նման
Եվ ո՛չ մի ցողուն չե՛մ ուզում զիջել:
Չե՛մ ուզում լինել արճիճ ու երկաթ,
Այլ, սիրտս սրբած վաղվա հավատով
Ընդունում եմ ինձ այնպես, ինչպես կամ`
Իմ ոգու ամբո՛ղջ տենդով ու տապով:

Եվ դո՛ւ, գալիքի երջանի՛կ ընկեր,
Համաշխարհայի՛ն դու քաղաքացի.
Լսում ես` մարտիկ լինելուց բացի
Ես է՛լ քեզ նման մի մարդ եմ եղել:
Ես է՛լ քեզ նման ունեցել եմ բյուր
Կարոտներ, կրքեր ու զգացմունքներ,
Տքնել եմ, հոգնել, պայքարել անքուն,
Թափել խնդության, ցավի արցունքներ, —
Սիրել եմ, սիրվել, ատել ու ներել,
Ընկել եմ հաճախ, բարձրացել էլի
Եվ բազմապիսի երգեր եմ գրել՝
Խոհով, պայքարով ու կրքերով լի՛: —

Եվ երբ հուշ դառնա այսօրվա ներկան,
Ու դարը այս մեծ փոխվի երազի,
Եվ դու, իմ հեռու, գալի՛ք բարեկամ,
Կարդալու լինես իմ կյանքի մասին, —
Իմացի՛ր, որ մեր օրերի խորքում
Ե՛ս էլ եմ եղել կրքերին գերի, —
Հասկացի՛ր սրտիս հույզերը հորդուն
Եվ պայծա՜ռ նայիր անցած պատկերիս...

1929

ԷԼԵԳԻԱՆԵՐ ԵՎ ԱՅԼ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԷՊԻՔԱԿԱՆ ԱՌԱՎՈՏ

Աղջամուղջը նայում է աչքիս
Այսօր խստաբարո, զգա՛ստ:
Առավոտը շուտով կբացվի,
Եվ սիրտս խնդություն կզգա:
Ինչ լա՛վ է՝ բարձրանալ կանուխ
Եվ տեսնել, ճեղքելով մառախուղը,
Թե ո՜նց է ձգվելով բարձրանում
Ծխնելույզի ծուխը: —
Զգալ, որ հո՛գսն է արթնանում ,
Որ ուղի՛ պիտի դեռ գնաս,
Մի ուղի, որ վե՛ր է դեռ տանում,
Մի ճանապարհ անհաս...

Դու այդպե՛ս բացվեցիր գլխիս,
Իմ վերջի՛ն հասունություն...
Դժվարին է հիմա իմ ուղին
Եվ գնում եմ ահա ես արթուն:
Դիմացից հո՛գսն է նայում, —
Հարկավոր է երկա՛ր մաքառել,
Որ գործը լինի մնայուն,
Ինչպես միջօրեի արև: —
Դիմացից սերունդնե՛րն են նայում,
Սաստում են, որ գնամ զգաստ, —
Ինձ անտես մի ձեռք է պահում
Ճանապարհին իմ այս...
Սիրո՛վ եմ բաժանվում քեզանից,
Իմ հախո՛ւռն անփութություն,
Իմ անհոդ օրե՛ր պատանի,
Իմ շռա՛յլ ջահելություն:
Ողջունում եմ քեզ խնդությամբ
Եվ ո՛չ թե դառը ցավով,
Իմ վերջի՛ն, վերջի՛ն այգաբաց,
Իմ էպիքական առավոտ...

1929

ՄՈԻՍԱՅԻՍ

Ահա կրկին ինձ հետ ես, ահա կրկի՛ն,
Իմ բարեկա՛մ, ընկե՛ր, իմ զինակի՛ց:
Ունկնդիր եմ լինում ահա երգիդ
Ես կա՛րոտով, սիրով վաղվաղակի:

Քո խոսքերում հիմա, քո մտերիմ
Զրույցներում և խո՛ր, և չմարող
Զարմանալի հստակ քո երգերում
Թախի՛ծ, թախի՛ծ կա ջինջ, անափ կարոտ: —

Ինչքա՛ն եմ ես, գիտես, սիրում հիմա
Ոգի՛, ոգի՛ սրբող, բայց չկրծող
Այդ ջինջ թախիծը քո խինդանման,
Այդ տխրությունը քո ստեղծագործող...

Հայացքներում պահած պայծառ թախիծ՝
Այդպես ճամփորդն է լոկ տխրում արի,
Այն հոգնաջան ճամփորդը, որ կատարից
Ե՛տ է նայում՝ անցած ճանապարհին:

Այդ երբ է նա անցել այդքան ուղի,
Եվ օրը ոնց դարձավ արդեն կեսօր...
Բայց չի փոխվում այդ վիշտը մառախուղի,
Այլ քրտինք է դառնում՝ մաքրող ու զով: —

Եվ սրբելով քրտինքն իր ճակատից՝
Նա բարձրանում է վեր, քայում կրկին,
Բայց աչքերում մնում է արդեն թախիծ
Եվ կարոտ է ձուլվում նրա երգին...

Մենք դեռ երկա՛ր պիտի քեզ հետ գնանք,
Իմ բարեկա՛մ, ընկե՛ր, իմ զինակի՛ց: —
Օ, թո՛ղ թախիծը այդ պայծա՛ռ մնա
Ու չցնդի երբեք քո ճակատից: —

1929

ԱՅՐԱԾ ԵՐԳԵՐ

Երբ երեկոն իջավ, որպես հոգնած ճամփորդ,
Եվ փոշեպատ նստեց տանիքների վրա, —
Ես սենյակս մտա իմ խոհերի ճամփով
Եվ հանեցի երգերըս մի երեկո գրած:
Ես հանեցի երգերըս ու կարդացի կրկին
Պատմություններ, հուշեր մի ավերված հոգու,
Եվ խորշեցի ես ինքըս իմ հուսահատ երգից,
Եվ ամոթի թախիծն էր իմ ճակատին չոքում, —
Երբ տողերի միջից իմ երգերի, իմ այդ
Մի երեկո գրած նվագների տակից
Հառնեց հանկարծ, նայեց ու ժպիտով ժլատ
Ինձ ողջունեց նազով արդեն մեռած մի կին:
Ու տողերիս միջից ինձ պարզեցին երկու
Նախատինքի սրեր երկու աչքեր մեռած,
Հե՛տո սրբեց ճակատըս նա իր նրբին ձեռքով,
Եվ խո՛ր հանգիստ իջավ իմ աչքերի վրա:
Նա ինձ ասաց, այդ կինը, իմ տողերի միջից.
«— Արիացիր, ընկե՛ր իմ, ամրապնդվիր ոգով,
Մաքրի՛ր հոգնած քո սիրտը կարոտներից չնչին,
Որ վերանա խավարը քո հուշերին չոքող: —
Թե հիշատակն իմ թանկ է դեռ քո սրտին հիմա,
Թե ուզում ես, որ հուշըս չխավարի քո մեջ, —
Կրիր պայծառ անունըդ մարտիրոսի նման,
Եղիր ոգով անդո՛ւլ դու, ու մաքառող, ու մեծ»…
Օ, հարազա՛տ ընկեր իմ, իմ բարեկա՛մ, իմ քո՛ւյր,
Անվերադարձ անցած հերոսակա՛ն իմ կին, —
Ահա կրկի՛ն արև է իմ խավարած հոգում
Եվ կենսատու ժպիտ է իմ տարամերժ դեմքին: —
Երբ դադարեց քո ձայնը այն երեկոհանգիստ
Ես շոյեցի ճակատըս ու վառեցի կրակ,
Եվ հանձնելով իմ կյա՛նքը հերոսական կամքիդ՝
Ես այրեցի երգերըս մի երեկո գրած...

1929

ՕՎԿԻԱՆԻ ԵՐԳԸ

Երգի՛ր, պոե՛տ, երգի՛ր, երգի՛ր երգը քամու,
Երգի՛ր երգը սիրո ու պայքարի,
Որպես մրրիկ՝ երգի՛ր, երգի՛ր, որպես սամո՛ւմ, —
Եվ քո սրտում այդ երգը թող չմարի ...

Ես հիշում եմ օվկիանը փոթորիկի ժամին. —
Օրորելով կրծքին անհուն ջրեր`
Որոտում էր անդունդըև ահռելի քամին
Մռնչալով երգում էր մի վայրի երգ:
Նրա երգում հնչում էր մի անսահման թախիծ,
Մի վիթխարի հոգու անափ կարոտ,
Որ օվկիանի հախուռն մթնշաղից
Խելագարված` կանչում էր անհուն սիրով:
Խելակորույս՝ կանչում էր անծայրածիր մի սիրտ,
Մռնչալով կանչում իր սիրուհուն,
Որ երգելով փախչում էր փոթորիկի միջից
Եվ թնդալով թռչում անծայր հեռուն:
Եվ հողմերի միջից շառաչելով փախչող
Իր սիրուհուն վսեմ չհասնելով երբեք

Այդ ամեհի քամին, զարմանալի թախծոտ՝
Հեռուներում երգում էր հաղթական Ե՛րգ...
Դա ամեհի պայքար էր ջրերի և քամու,
Երկու իրար խանդող թշնամու սեր, —
Անհանգչելի սիրո մի վիթխարի Սամո՛ւմ,
Որ տալիս էր քամուն պայքարի երգ:
Դա հաղթական մի երգ էր անեզրական կրքի,
Հերոսական մի երգ անափ սիրո, —
Եվ հանձնըված սիրո այդ հաղթական երգին
Այդ խոլ քամին թռչում էր դեպի գրոհ...

Երգի՛ր, պոե՛տ, երգի՛ր, երգի՛ր երգը քամու.
Երգի՛ր երգը սիրո ու պայքարի,
Ինչպես մրրիկ՝ երգի՛ր, երգի՛ր,
ինչպես սպասում,
Եվ քո սրտում այդ երգը թող չմարի: —

Այն կատաղի հողմի մթնշաղի միջից
Շառաչելով կանչող այն քամու պես
Քեզ հրկիզեց կյանքում անեզրությամբ վերջին
Մի անսահման կարոտ, մի անափ սեր:
Նա քեզ ցնցեց, այդ սերը, ինչպես շաչող քամին
Ալիքներն էր ցնցում իր խոլ թափով,
Անցավ սրտից նա քո այս պայքարի ժամին,
Որպես երթի ելած ցասման թափոր:
Նա որպես շանթ՝ պայթեց քո խոհերի վրա,
Որպես կայծակ շաչեց հողմաշառաչ, —
Եվ լեռնացան խոհերըդ օվկիանի նման,
Եվ որոտաց քո սերը հողմահալած

Երգի՛ր, պոե՛տ, երգի՛ր, երգի՛ր երգը քամու,
Երգի՛ր երգը սիրո ու պայքարի,
Ինչպես մրրիկ՝ երգի՛ր, երգի՛ր, ինչպես սամո՛ւմ,
Եվ քո սրտում այդ երգը թող չմարի:

Այս անսահման սիրո անհանգչելի բոցում,
Այս պայքարում ահեղ, այս մարտում խոլ
Թող կարծրանա ոգիդ որպես պողպատ դաշույն,
Թող շողշողա, որպես հանճարեղ խոհ:
Քո մեջ եռա թող նա, ինչպես անմար եռանդ,
Ինչպես վսեմ մի խանդ՝ թող բորբոքի, —
Եվ կլինես դու մե՛ծ, և կլինի անպարտ
Այս պայքարում կոփված քո խոլ ոգին:
Քո հույզերի, քո խոր կարոտների խորքից
Թող որոտա այդ ե՛րգը անափ սիրո
Եվ, ունկնդիր նրա այդ հաղթական երգին`
Թող քո ոգին թռչի դեպի գրոհ: —

Երգի՛ր, պոե՛տ, երգի՛ր, երգի՛ր երգը քամու,
Երգի՛ր երգը սիրո ու պայքարի,
Ինչպես մրրիկ՝ երգի՛ր, երգի՛ր, ինչպես սամո՛ւմ,
Եվ քո սրտում այդ երգը թող չմարի ...

1929

ՄԵՌԱԾ ՊՈԵՏԻՆ

Նրանք ասում են, որ դու անցել
Ու հնացել ես, ու հեռացել,
Որ լքել են քեզ ու մոռացել
Օրերում այս խենթ ու դարձդարձիկ.
Բայց տե՛սկանչում է ահա մի ձեռ
Եվ մի սիրտ, որ քեզ սիրում է դեռ.
Վերադարձի՛ր, օ, վերադարձի՛ր...

Վերադարձի՛ր, օ, մենք քեզ կտանք
Թե՛ սեր, թե՛ հուրեր, թե խնդություն.
Ինչպես սիրած մի թափառական
Դու կրկի՛ն, կրկի՛ն կմտնես տուն...
Կգգվի դեմքիդ քամի մի զով,
Օրերի շունչը, արդեն հնչե՛ղ,
Կլցնի հոգիդ անհուն հույզով
Ու նո՛ր, նո՛ր երգեր կներշնչե...
Վերադարձի՛ր, օ, վերադարձի՛ր...

Այն ճանապարհով, որով մի օր
Անցար սրտաբեկ ու գնացիր
Անցան թափորներ արևավոր
Ու նոր բյուրավոր դռներ բացին...
Այն երկրում, ուր դու մի օր լացիր
Ու մորմոքացիր այն սև բոցում
Ահա գարուններ արևածին
Ու շռինդ, ու վառք, ու կառուցում...

Վերադարձի՛ր, օ, վերադարձի՛ր...

ԵՐԿՈԻ ՍՈՆԵՏ ԱՐՓԻԿԻ

ՀԻՇԱՏԱԿԻՆ

I

Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսակա՛ն ընկեր,
Դու ապրեցիր, անցար և էլ չկաս հիմա,
Սակայն դեռ կյանքը կա և չի դարձել ամա,
Եվ ո՛չ մի աստղ վերից դեռ ներքև չի ընկել:

Ահա կրկին իմ դեմ ծաղիկներ ու կյանքեր`
Քո գարունքին բացված ծաղիկների նման,
Կրկի՛ն ճիգեր անդուլ, անօրինակ ջանքեր`
Մարդկային կյանքը մեր կառուցելու համար: —

Մշտահոլով, աննինջ, հավերժորեն հոսուն,
Օվկիանի անխոնջ ալիքների պես վեհ՝
Աղմկում է ահա հուզումների լեզուն:

Եվ ինձ տալիս է թափ ու պայքարի թևեր
Այս առօրյան կրկին, որ եռանդից եռում
Ու մղում է դեպի անեզրական հեռուն:

II

Մենք ապրեցինք քեզ հետ մի վիթխարի դարում,
Որ բյուրավոր մարդկանց խանդաղանքով ահա՛
Բարձրացրել է որպես հաղթանակի վահան,
Մի վիթխարի մարդու այգանման անուն: —

Մեր սրտերում անդուռ մի ափսոսանք պահած`
Մի օր ճամփա դրինք նրա դագաղը մենք, —
Եվ քարացել էին, ինչպես ռազմի պահակ,
Ճանապարհին` անթի՛վ բազմություններ: —

Դա թաղում չէ՛ր, ընկե՛ր, այլ շառաչուն մի այգ,
Որ բացվում էր այս հին մոլորակի վրա, —
Եվ ողջունում էինք մենք այգաբացը այդ: —

Եվ հառնելով՝ արդեն կերպարանքը նրա
Հուրհուրում էր գալիք հրդեհների հրով`
Արնանման, ինչպես հաղթանակի դրոշ

1928

ՄԱՀՎԱՆ ՔԱՅԼԵՐԳ

(Հերոսական)

ԼԵՆԻՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ո՛չ փող զարկինք...
Մ. ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆ

Մենք փող զարկինք և արձագանքն ահավոր
Երկրից-երկիր որոտաձայն շառաչեց,
Եվ սրտերում միլիոնավոր, բյուրավոր
Ըմբոստությունն ահագնացավ ու աճեց:

Զնդաններում, խրճիթներում, հանքերում,
Ուր տառապած մա՛րդն է ՜հարթում իր ուղին, —
Ոտքի ելան ահազանգի զանգերով
Գնդերն անդուլ գործարանի ու հողի:

Եվ ոտնաձայնը գնդերի ընթացող
Եվ շառաչյունը զենքերի մահահոտ
Խրճիթներում հնչեց, որպես մարտակոչ,
Պալատներում պայթեց, իբրև մահվան բոթ:

Եվ թափորի ելած բոլո՛ր գնդերի,
Բոլո՛ր ըմբոստ բանակների առաջում
Արդեն ննջած առաջնորդի պանծալի,
Անձեռագործ դիակառքն էր շառաչում...

Երթը ձգվեց հերոսական, փառավո՛ր,
Եվ կայծակներ շռնդալով շողացին,
Եվ դրոշներ հազարավոր, բյուրավոր
Նրա վերև արնանման դողացին:

Եվ լուռ ննջած Առաջնորդի դագաղի
Երթին ելած բազմություններն այդ անահ
Երդո՛ւմ տվին պայքարելու կատաղի
Մինչև վերջի՛ն, մինչև վերջի՛ն հաղթանակ...

Следующая страница