Չարենց Եղիշե՝   Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից

Այո՛, մութը, կասկածելի, խորհրդավոր դեպքեր էին, որ տեղի ունեցան այդ շաբաթվա ընթացքում Նաիրյան այդ քաղաքում, և այդ դեպքերից ամենամութն ու ամենակասկածելին Կարո Դարայանի մահն էր, նրա անսպասելի սպանությունն անհայտ չարագործների ձեռքով: Եվ իզուր էր, իր՝ միլիցիապետի բոլոր կարողությունները գործի դնելով, քրտնաթոր որոնում նրա դիակը և նրան սպանողներին ընկ. Վառոդյանը. — նրանք չգտնվեցին: Ոչ միայն չգտնվեցին նրանք (այսինքն Կարո Դարայանի դիակը և Դարայանին սպանողները), այլև շատ շուտով կորցվեց, հայտնի չէ, թե Նաիրյան այդ քաղաքից ո՞ւր հեռացավ... պ. Մարուքեն: Ընկ. Վառոդյանը կասկած էր հայտնում, որ, ամենայն հավանականությամբ, Կարո Դարայանի սպանության հետ որոշ առնչություն պիտի որ ունենար պ. Մարուքեի անհետանալը, բայց այդ կասկածը կասկած էլ մնում էր և չէր կարող փարատվել, քանի դեռ չէր գտնված պ. Մարուքեն: Իսկ թե ուր էր գտնվում պ. Մարուքենմիայն իրեն էր հայտնի և մեկ էլ ծխականի վարժուհի, մեզ վեպիս առաջին մասից արդեն բավականին ծանոթ, օր. Սաթոյին, որ արդեն մի շաբաթից ավելի էր, ինչ երեկոյան դասընթացներ էր կազմակերպել կայարանի մոտ գտնվող ինչ-որ կասկածելի մի տեղում, ուր նա ինչ-որ բաներ էր պարապում վակզալի բաշիբոզուկների, այսինքն կայարանի բանվորների հետ օրական մի ժամ պարբերաբար, տոն օրերիներկու, անգամ երեք ժամ: Բայց այդ մասին, իհարկե, ոչ ոք չգիտեր, չգիտեր անգամ ինքր՝ ընկ. Վառոդյանը: Եվ այժմ էլ քաղաքում այդ օր. Սաթոն էր ահա, որ բռնել էր պ. Մարուքեի տեղը զանազան լուրեր, զրպարտություններ և մութ կասկածանքներ տարածելու գործում: Բայց օր. Սաթոյի և պ. Մարուքեի մեջ կար մի խոշոր տարբերություն, նախ՝ օր. Սաթոն կին էր, իսկ պ. Մարուքենտղամարդ (ամենաէական տարբերությունը) — և ապաոր ավելի կարևոր է գուցե, քան առաջին հանգամանքը, — այս հարցում մեր կարծիքը տարբերվում է Հաջի Օնիկ էֆենդու կարծիքից, օր. Սաթոն ավելի էր զգույշ, խորամանկ, քան պ. Մարուքեն: Փա՞ստ, թեկուզ հենց այն, որ, չնայած օր. Սաթոյի տարածած մի շարք բավականին մութ ու պատասխանատու լուրերինոչ ոք չէր իմանում այդ լուրերի իսկական աղբյուրը, օր. Սաթոն այնպես էր տարածում այդ լուրերը, որ լուրերի սկզբնական աղբյուրը, այսինքն օր. Սաթոն, մնում էր, ինչպես ասում են, ստվերում, մնում էրանհայտ: Ահա այս էր պատճառը, որ, չնայած ընկ. Վառոդյանի թափած գերմարդկային ջանքերիննրան, ընկ. Վառոդյանին, այնպես էլ չէր հաջողվում այդ լուրերի առաջն առնել, իսկ այդ բանում ո՞վ կարող էր ավելի շահագրգռված լինել, քան ինքը միլիցիապետը, այսինքն նույն ընկ. Վառոդյանը: Եվ իր այս շահագրգռման համար, ասում են, ընկ. Վառոդյանն ուներ ավելի քան ծանրակշիռ պատճառներ: Օրինակ՝ թեկուզ հենց այն, որ այդ լուրեր տարածող աղբյուրը քաղաքում բաց էր թողել այնպիսի մի լուր, որից նույնիսկ ընկ. Վառոդյանի մազերը, ինչպես ասում են, բիզ-բիզ էին կանգնումէլ ո՞ւր մնաց ուրիշներինը: Այդ լուրեր տարածող աղբյուրը Կարո Դարայանի սպանության առթիվ քաղաքում տարածել էր, որ զուր տեղն է պ. միլիցիապետն այնքան եռանդուն կերպով որոնում Դարայանի սպանողներին: Այդ աղբյուրին նայելով՝ միլիցիապետը Դարայանին սպանողներին կարող էր գտնել... իրենից չափազանց մոտիկ, եթե ոչհենց իր մեջ... Այսպիսի ահա անպատկառ լուրեր էր տարածում ստախոսության այդ անպատկառ աղբյուրը, և նրան շատ թանկ կնստեր նման հանցագործությունը, եթե նա ընկներ հեղափոխական իշխանության, այսինքն՝ ընկ. Վառոդյանի ձեռքը: Բացի այս ստերի այդ աղբյուրը, տարածում էր լուրեր, որ իբր թե քաղաքում նոր հաստատված հեղափոխական իշխանությունը, այսինքն Տեղական Կոմիտեն հանձինս Համո Համբարձումովիչի, բժշկի, ընկ. Վառոդյանի և այլոց, ազատ է արձակել, երևակայում եքգավառապետին, ոստիկանապետին և «Մութ Տեղի» գլխավոր վարիչինահա՛ թե ինչ: Եվ մի՞թե այդ միևնույն աղբյուրը չէ՞ր, որ շըրջանառության էր հանել մի այլ, ոչ պակաս անպատկառ, զըրպարտություն ևս այն մասին, թե քաղաքի պարետը (բարձրահասակ սպան) գաղտնի պահվում էհենց իրա Համո Համբարձումովիչի բնակարանում: — Այսպիսի լուրեր էր տարածում ահա Կարո Դարայանի սպանությունից և պ. Մարուքեի անհետանալուց հետո ստոր պրովոկացիաների (ինչպես ասում էր ընկ. Վառոդյանը) այդ աղբյուրը, այսինքն օր. Սաթոն, և այս լուրերն այնքան էին ջղայնացնում ու անհանգստացնում քաղաքի հեղափոխական իշխանությանը (Տեղական Կոմիտեին), որ նա, այսինքն քաղաքի իշխանությունը (Տեղական Կոմիտեն) հարկադրված եղավ ի վերջո մի ընդարձակ հայտարարությունով պաշտոնապես հերքել քաղաքում տարածված այդ պրովոկացիաները, որոնք, ինչպես ասված էր հայտարարության մեջ, նպատակ ունեն փորել ժողովրդական իշխանության դեռ նոր հաստատված հիմերը և վերականգնել ցարական լպիրշ ոեժիմը: — Այսպես էր ասված այդ հայտարարության մեջ. ավելին՝ ժողովրդի թշնամի և ցարական ստոր վարձկան էր հայտարարվում այդ հայտարարության մեջ նման պրովոկացիաներ տարածողը, իսկ հայտարարության ամենավերջում ասված էր, որ, ճիշտ է, հեղափոխության թշնամի մի շարք ցարական վարձկանների ջանքերով բանտից փախած են եղել գավառապետը, ոստիկանապետը, «Մութ Տեղի» գլխավոր վարիչը և քաղաքի պարետը, բայց հեղափոխական իշխանության (կարդա՝ Տեղական Կոմիտեի) ջանքերով, նրա ձեռք առած կտրուկ միջոցներով ժողովրդի թշնամիները գտնված են և վերստին փակված բանտում: Եվ ճիշտ որ, վերոհիշյալ անձնավորությունները վերստին ձերբակալված և փակված էին, բայց — «Ո՞ր բանտում» — հարցնում էր օր. Սաթոն խորամանկ: Ու ինքն էլ պատասխանում էր հարցին «Զինվորական բանտում»: — Լավ, լինի զինվորական, ի՞նչ տարբերություն, — կարող էր ասել միամիտ խոսակիցը, և եթե այդպես ասեր միամիտ խոսակիցըօր. Սաթոն բաց կաներ նորից իր ստերի տոպրակը և արագ արագ, զանազան «լսել եմ»–ներով ու «ո՞վ գիտի»-ներով քողարկված, մանվածապատ նախադասություններ կթափեր խոսակցի գլխինկարծիքներ ու կասկածներ: Չտեսնված լեզու ուներ այդ ծամը կտրած օրիորդը, որի «օրիորդությունը» վաղուց արդեն կասկածի էր ենթարկել ընկ. Վառոդյանը: Գիտեր՝ ո՞ւմ հետ պետք է խոսել և ո՞ւմ հետ ի՛նչ լեզվով պետք է խոսել: Ինչպես ասում էին քաղաքում՝ «դարմանի տակի ջուր» էր իսկ որ օր. Սաթոն. տեսքից՝ անմեղ, ներսից՝ սատանա: Երևակայո՞ւմ եք՝ անգամ վերոհիշյալ «վերստին ձերբակալությանց» մասին օր. Սաթոն տարածել էր քաղաքում անհավատալի ստեր, տարածել էր, որ իբր վերոհիշյալ անձնավորություններին «վերստին ձերբակալել է ոչ թե քաղաքի իշխանությունը (այսինքն՝ Տեղական Կոմիտեն), այլ զինվորական. — եկեք ու հավատացեք... Մի խոսքով ստերի կատարյալ տոպրակ էր դարձել Կարո Դարայանի սպանությունից և պ. Մարուքեի անհետանալուց հետո այդ օր. Սաթոն, և մենք ցավում ենք, որ նա ժամանակին չընկավ հեղափոխական իշխանության, այսինքն ընկ. Վառոդյանի ձեռքը:

Բայց սուտը սուտ, իսկ ռուսական առածն ասում է — «Չիք ծուխ առանց կրակի»: Իհարկե, ռուսական այդ առածը ևս կարելի է այնպես շուռ տալ, որ դուրս գա, — սատանան գիտե, թե ինչ. որ դուրս գա այն, ինչ ով ուզում է նայած քեֆին ու ճաշակին: Օրինակ՝ այդ առածից ելնելով կարելի է ասել, որ ներկա դեպքում «ծուխը» օր. Սաթոյի տարածած ստերն էին, իսկ «կրակը» — հենց ինքը՝ օր. Սաթոն... Եվ սա այսպես էլ էր, որովհետև վերստին ձերբակալությանց օրից մի երկու օր անց այնպիսի մի ծուխ տարածեց այդ կրակը, այսինքն օր. Սաթոն, որ բոլոր քաղաքացիք, մանավանդ Համո Համբարձումովիչը, բժիշկը և ընկ. Վառոդյանը ստիպված Հին քթները պահել, որպեսզի չխեղդվեն այդ ծխից, ավելի լավ է ասել այդ ծխանման գարշահոտությունից, որ տարածում էր այդ «կրակը»: Իսկ այդ ծուխը կայանում էր նրանում, որ օր. Սաթոն, ո՞վ գիտե ի՞նչ անիմանալի միջոցներով ու ճանապարհներով, ձեռք էր բերել ինչ-որ մի միֆական նամակի պատճեն և կարդում էր սրան-նրան, այսինքն նրանց, ում վրա ինքը վստահություն ուներ, և դրանք էլ իրենց հերթին տարածում էին, ում վրա որ վստահություն ունեին, վերջ ի վերջո այնպես էր դուրս գալիս, որ ոչ ոք չգիտեր, թե ո՞վ է այդ լուրերի իսկական ակը. մեկը լսում էր մյուսից և պատմում էր մյուսինահա և ամբողջը: — Ինձ էլ է կարդացել այդ միֆական նամակի պատճենն օր. Սաթոն, բայց ես, դժբախտաբար, մոտավորապես միայն հիշում եմ հիմա ա՛յդ միֆական նամակի բովանդակությունը: Հետաքրքիր նամակ էր այդ նամակը, ընթերցող, բայց ավելի հետաքրքիր էին օր. Սաթոյի կոմենտարիաներն այդ նամակին: Եվ ավելի քան հետաքրքիր էր այն (և այս հանգամանքը մինչև վերջ էլ ինձ համար չլուծված առեղծված մնաց), թե ինչպե՞ս էր այդ նամակը, հասցեագրված լինելով իրենՄազութի Համոյին,— ընկել օր. Սաթոյի ձեռքը, նու, եթե ոչ իսկական նամակը, գոնե պատճենը: Գուցե՞ օր. Սաթոն հենց ի՛նքն էր հնարել այդ միֆական նամակը և իր հնարածից պատճեն հանել, որպեսզի յուղ լցնի իր առանց այդ էլ բավականին լավ աշխատող անիվին, այսինքնլեզվին... Ո՞վ իմանա: Մենք պատմում ենք այն, ինչ որ լսել ենք իրենիցօր. Սաթոյից, և թողնում ենք, որ ընթերցողն ինքը հավատա կամ չհավատա օր. Սաթոյին:

Այդ միֆական նամակը դրված էր զինվորական բանտից և հասցեագրված Համո Համբարձումովիչ Ասատուրովին: Նամակի հեղինակն էր — (եթե, իհարկե, ընդունենք, որ նամակն իսկապես գրված էր մեկի կողմից և ոչ թե հնարված օր. Սաթոյի ուղեղում) — վերստին ձերբակալված գավառապետը:

Այստեղ կարելի է ավելացնել օր. Սաթոյի հետաքրքիր կոմենտարիան: Օր. Սաթոյի ասելով՝ նամակը գրելուն գավառապետին առիթ է տվել վերստին ձերբակալությունը, որի մեջ, գավառապետի կարծիքով՝ անշուշտ մատ ունեցել է Մազութի Համոն: Օր. Սաթոն ևս այս հարցում համամիտ էր գավառապետին, իսկ թե ինչո՞ւ է Մազութի Համոն մատ խառնել գավառապետի վերստին ձերբակալությանըդա պարզ է ինքնըստինքյան, ասում էր օր. Սաթոն. թեկուզ մեզ համար դա այնքան էլ «պարզ չէ ինքնըստինքյան», ինչպես ասում էր օր. Սաթոն: Բայց անցնենք նամակին: Հիշում եմ նամակն սկսվում էր « — Հարգելի պ. Ամո Ամբարձումովիչ» խոսքերով, և ես այդ խոսքերը կարդալիս, չգիտեմ ինչու, իսկույն պատկերացրի գավառապետի՝ չոր, դեղնած, իսկապես որ սոխի գլուխը զայրացկոտ զինվորականի նույնպես չոր, պաշտոնական հայացքը և ցանցառ մորուքը: Զայրույթի ու ցասման ահասարսուռ բոթ փչեց դեմքիս գավառապետի այդ հասարակ, քաղաքավարի խոսքերից և, թերևս, մասամբ էլ իմ այս հոգեկան շփոթմունքն էր պատճառը, որ ես հիմա այնքան էլ լավ չեմ հիշում նամակի առաջին նախադասությունները: Հիշում եմ միայն այն, որ նամակն սկսվում էր հարձակողական նախադասություններով: Նամակի առաջին իսկ խոսքերից երևում էր, որ հաստատ կերպով վճռել է կյանքի ու մահվան գրոհի դիմել այդ կալանված առյուծը, այդ հուժկու զինվորականը, որի պատահական անկումից օգտվելով` ինչպես ասված էր նամակում, քացի էին տալիս նրա ազնվական կողերին անգամ երկարականջ քեռիները: — Այսպիսի մի այլաբանական նախադասությունով էլ, կարծեմ, հենց սկսվում էր գավառապետի նամակը, նախադասությունը չեմ հիշում, բայց հիշում եմ օր. Սաթոյի կոմենտարիան «երկարականջ քեռիների» մասին, նրա կարծիքով այդ այլաբանական խոսքի տակ պետք է նապաստակներ հասկանալ, այնինչ իմ կարծիքը բավականին տարբերվում էր օր. Սաթոյի կարծիքից: Այո՛, ինչո՞ւ նապաստակներ, և ոչ ուրիշ մի բան... Բայց անցնենք նամակին: Կրկնում ենք՝ մենք բառացի չենք հիշում այդ միֆական նամակի բովանդակությունը, բայց բավականին լրիվ հիշում ենք նամակի ընդհանուր իմաստը, որ դժբախտաբար պիտի պատմենք մեր տկար լեզվով, տեղ-տեղ միայն բառերի մեջ բերելով նամակի այն ցայտուն տողերը, որ այն ժամանակ մեխվեցին մեր ուղեղում և մնացին այնտեղև, կարծում ենք, որ այդպես էլ մեխված կմնան այնտեղընդմիշտ ու հավիտյան:

Նամակն, ինչպես ասացինք, սկսվում էր դառնագին հոխորտանքով, բայց գնալով փոխվում էր դառնաթախիծ տրտունջի և նորից ծայր էր առնում հոխորտանքն ու մեղադրանքը և, նորից տրտունջի ու դառնության փոխվելով վերջանում էր հույսով, որ «ամենակարող տերը» կվերականգնի արդարությունն Ահեղ Դատաստանի օրը, որին նա հավատում էր այնպես, ինչպես հավատում է Նորին Կայսերական Մեծության մոտալուտ հաղթանակին: Բայց այս չէ էականը և ամենահետաքրքիրն այդ նամակում, այլ այն, թե ի՞նչ լեզվով էր այդ նամակում խոսվում Համո Համբարձումովիչի և մանավանդ բժշկիՍերգե Կասպարիչի մասին, այստեղ է ահա նամակի ամենայուղալին ու ամենահյութալին, և նամակի այդ տողերն էին ահա, որ հատուկ բավականություն էին պատճառում օր. Սաթոյին, վառում նրա հայացքը ու թքակալում նրա, ինչպես ասում էին քաղաքումշնական շրթունքները: — «Մի՞թե դուք չէիք, հարգելի Ամո Ամբարձումովիչ» — ասվում էր այդ միֆական նամակում — «որ լիզում էիք իմ պնակները և բռնում իմ շուբան ամեն անգամ, երբ իմ բնակարանն էիք գալիսև մի՞թե ձեր անզուգական դուստր Սևաչյա Պրիմադոննան չէ՞ր, որ հանգստացնում էր իմ, ծանր պաշտոնից քայքայված, ծերությունից հյուծված, վաստակած ջղերը... Իսկ ո՞վ էր, ո՞վ էր, արդյոք»,— ասվում էր ապա այդ միֆական նամակում, — «որ Նաիրյան գեղեցկուհիներ էր մատակարարում գաղտնի բաժանմունքի վարիչ Անգելեևին, եթե ոչ այսօրվա «Շրջանային Կոմիսար» Սերգե Կասպարիչը, երեկվա քաղաքային բժիշկը... Իսկ ո՞վ էր,— ասվում էր նամակում,-Որ Տեղական Կոմիտեի կնիքով և «Տեղական Կոմիտե» ստորագրությամբ ահաբեկող նամակ ուղարկեց երկու տարի առաջ մեր քաղաքում հսկայական պրակտիկա ձեռք բերած բժիշկ Կարչևսկուն, որպեսզի վերջինս իսկույն ևեթ թողնի մեր քաղաքը և հեռանա սատանաների գիրկըո՞վ էր այդ անողը, եթե ոչ նույն ինքը, ձեր (այսինքն Մազութի Համոյի, անզուգական բարեկամ, ներկայումս «Շրջանային Կոմիսար», Սերգե Կասպարիչը, նախկին քաղաքային բժիշկը... Եվ ո՞վ էր, որասվում էր ապա այդ զարմանալի նամակում, — իր տան արտաքնոցի տախտակները թակարդի նման հարմարեցնելով՝ օրը ցերեկով իր տան արտաքնոցում խեղդեց իր հարազատ, խելագարված կնոջը, որպեսզի ազատվի նրանից, իբր մի ավելորդ բալաստից. — ո՞վ էր, ո՞վ էր այդ ամենի դիվային հեղինակը, եթե ոչէլի ինքը, նույն ինքը, բժիշկ Սերգե Կասպարիչը, մեր Տեղական Կոմիտեի անդամը, ներկայումս «շըրջանի կոմիսար» բժիշկ Սերգե Կասպարիչը... Իսկ դո՞ւք, — դիմելով իրան Համո Համբարձումովիչին՝ ասում էր ապա գավառապետը, այսինքն՝ միֆական այդ նամակը, — դուք չէի՞ք միթե, հարգելի Ամո Ամբարձումովիչ, որ իմ ստորադաս պաշտոնյա, շրջանի նաչալնիկ Շմերլինգի միջոցով ձեր «Լույսի» պահեստներից աբոզներով նավթ էիք ուղարկում մեր և մանավանդ ձեր դարավոր ոսոխին, անօրեններին, և ոսկիներ դիզում մեր ու ձեր եղբայրների թափած ծով արյան գնով... Դո՛ւք էիք, հարգելի Ամո Ամբարձումովիչ, դո՜ւք, — է իզուր եք դուք այսօր բանտ քշում ինձ, ծերուկիս, մոռանալով այն աղուհացը, որ տարիներ շարունակ վայելել եք իմ լիառատ սեղանից...»: Այսպիսի ահա ասված ամբաստանություններ կային իրա` Համո Համբարձումովիչի և բժիշկ Սերգե Կասպարիչի հասցեին այդ միֆական նամակում, և մենք չենք կասկածում, որ այդ միֆական նամակը հետևանք չէր օր. Սաթոյի փչացած ուղեղի: Այո՛, ես չեմ էլ կասկածում՛, որ այդ միֆական նամակը կարող էր այլ աղբյուր ունենալ, քան օր. Սաթոյի փչացած ուղեղը, որ ի բնե փչացած լինելուց, բացի՝ տարիներ շարունակ կրել էր իր վրա մի ավելի ևս փչացած, ավելի քան շնական ուղեղիպ. Մարուքեի ուղեղիազդեցությունը:

Ինչևէ, ընթերցո՛ղ... Մութ ու խորհրդավոր պատմություններ էին դրանք, որ մինչև վերջ էլ ինձ, հեղինակիս համար այնպես էլ մութ մնացին ու մնացին խորհրդավոր: Հիմա էլ, երբ այստեղ նկարագրած դեպքերից անցել, են արդեն բավականին տարիներ, երբ բավականին ջուր է հոսել ինչպես ասում են, պատմության ջրաղացի անիվին, և մեր, նկարագրած դեպքերից ու անձնավորություններից շատ շատերն արդեն պատմության, այսինքն անգոյության գիրկն են անցելՀիմա անգամ, ընթերցող, երբ ես մտքով շուռ եմ գալիս, դառնում եմ ետ և աշխատում եմ վերհիշել ու հասկանալ այն ժամանակ կատարված դեպքերն ու պատմություններըայդ դեպքերն ու պատմություններն ինձ պատկերանում են, ինչպես պղտոր մի հոսանք, մութը մի գետ, որ անցնում է հորդած և խեղդուկ իր դեմն առնել ցանկացող ամեն մի խթան ու արգելք: Հիշում եմ՝ մի անգամ, երբ ես դեռ երեխա էի, հորդել էր մեր այդ նկարագրած քաղաքի գետը, գիշեր էր, երբ ես ու եղբայրս, տնից փախչելով, գնացինք հորդած գետին նայելու: Մութն էր. կարծես մազութ էին քսել երկնքին, ու հոսել էր մազութը երկնքից և ծածկել քաղաքը, փողոցները, շենքերն ու մարդկանց: Մենք ապրում էինք Վարդանի կամուրջի մոտերքը, Բերդի տակ, և տնից իջնելիս մենք կարծում էինք, որ կհասնենք գետափնյա փողոցը և այնտեղից կնայենք հորդած ջրին: Բայց մենք չարաչար սխալվեցինք: Մեր տնից դեպի Հիշյալ փողոցն էր իջնում ծուռումուռ մի արահետ, դեռ նոր էինք շուռ եկել այդ քարքարոտ արահետի վերջին ոլորտը, որից հետո արահետն ուղիղ դեպի գետափնյա փողոցն էր իջնում, երբ մեր աչքերի առաջ փռված խավարի մազութը բաժանվեց երկու մասի, վերը մուգ, իսկ ներքևը բաց գույնի մազութ էր, որ հազիվ էր տարբերվում վերի մազութից: Վարի համեմատաբար բաց գույնի մազութըհորդած գետն էր, ջուրը, որ լցրել էր գետափնյա փողոցն ու ծանր շնթռկել լայն ու ահավոր, ինչպես մի առասպելական վիշապ: Մի ծանր, ճնշող, դեպի իր գիրկը քաշող խոնավություն էր շնչում հորդած գետը, ու ես կպչում էի եղբորս, որ ինձ իր գիրկը չքաշի, չխեղդի, կուլ չտա առասպելական այդ վիշապը: Դեմը, բաց գույնի մազութի խոնավ գրկից ելնելով՝ իր համեմատական մուգությամբ հետզհետե լուծվելով վերի մութ մազութին՝ տեսիլանման երերում էր ահռելի մի սևություն, հսկա մի քարակույտ, Վարդանի կամուրջն էր այդ, որ սևին էր տալիս մազութանման մշուշում: Մեր մոտ կանգնած մարդիկ վիճում էին, թե կդիմանա՞ արդյոք Վարդանի կամուրջը հեղեղած ջրի ահռելի հոսանքին, թե ոչ. կային, որ կարծում էին կդիմանա, ու կային, որ կարծում էին, թե ոչ: Այդ միջոցին էր ահա, որ գետի վերի կողմից, ծանր ողողած հեղեղատի միջից, լըսվեց զարհուրելի, սիրտ կեղեքող, անպատմելի մի ճիչ, ու ճիշտ նույն վայրկյանին սրընթաց հեղեղատի վրա երևաց փոքրիկփոքրի՜կ, վախկոտի պուշ աչքի նման ահաբեկված թարթող, սրընթաց մի կրակ: Ես ավելի պինդ սեղմվեցի եղբորս, գըրկեցի նրա ոտքը, շուրջս հավաքված մարդիկ բարձրացրին մի ահախառն աղմուկ, շարժվեցին տեղերում ու, չգիտեմ ինչու, հայհոյեցին իրար, այդ ժամանակ մի վերջին անգամ ևս խոնավ հեղեղատի ծանրանիստ մազութի միջից լսվեց զարհուրելի սրտակեղեք ճիչը, վախկոտի աչքի պես ահաբեկված թարթող պուշ կրակը սրընթաց սուրաց դեպի Վարդանի կամուրջի սևասև ուրվականըև ամեն ինչ կորավ, լռեց, սուզվեց մազութանման հեղեղատում: Պարզվեց, որ քաղաքի գետափնյա փողոցներից պոկված մի նավակ էր դա, որ հոսանքի մեջ ընկնելով՝ քշվել էր դեպի Վարդանի կամուրջը: Եղբորս կողքին կպած դողալով տուն եկա ես, պառկեցի մորս կողքինև ամբողջ գիշերը մինչև լույս իմ մանկական ուղեղի միջից ծանրանիստ ընթանում էր հորդած գետը, ուղեղիս ահաբեկված մազութում կախված՝ օրորվում էր Վարդանի կամուրջի սևասև ուրվականը, ու այդ սևասև ուրվականին դիպչելով սրտակեղեք մի ճիչ էր արձակում վախկոտի աչքի պես ահաբեկված թարթող, պուշ կրակը: Առավոտյան արթնանալիս իմ առաջին գործն այն եղավ, որ ես շնչակտուր վազեցի դեպի գետը ևօ՜, զարմանք և ուրախություն, տեսա, որ գետափնյա փողոցից արդեն քաշվել էր առասպելական վիշապը, գետն իր ափերն էր մտել և հոսում էր հանդարտ, իսկ Վարդանի կամուրջը գետի մեջտեղն արքայաբար նստած չորացնում էր իր թրջած կողերը ելնող արևի պայծառ ճառագայթների ներքո... Մանկական միամտությամբ նայեցի Վարդանի կամուրջի կողերին դիպչող մթափրփուր ջրին, կարծելով, որ այնտեղ կգտնեմ որևէ հետք գիշերվա սրընթաց սահող նավակից և անգամ, — օ՛, մանկական անմեղություն, — վախկոտի պուշ աչքի նման ահաբեկված թարթող այն կրակից. .» Բայց ո՛չ մի հետք, իհարկե, չկար, և չէր էլ կարող լինել այդ բոլորից: Վարդանի կամուրջն էր միայն, որ արքայաբար կուրծքը դեմ էր տվել մթափրփուր ջրերին... Մանկությանս օրերին կատարված այս ինքնին աննշան դեպքից անցել են համարյա քսանից ավելի երկար ու ձիգ տարիներ, բայց ես հիշեցի հանկարծ ինքնին աննշան այդ դեպքը Նաիրյան մեր նկարագրած քաղաքի վերոհիշյալ դեպքերն ու պատմությունները մտաբերելիս: Իսկ պատահական բա՞ն է արդյոք, երբ մարդ այս կամ այն դեպքի կամ պատմության առիթով հիշում է մի ուրիշ, այլ դեպք կամ պատմություն: — Իհարկե, պատահական բան չէ, ընթերցողև խորը, խորը, խորագույն իմաստ կա նման, գիտական տերմինով ասած գաղափարների ասոցիացիայում, և ներկա դեպքում այդ խորագուն իմաստն ինձ համար պարզ է ավելի, քան արևի լույսը: Եվ իրոք, իր ափերից ելած, հորդած գետ չէ՞ր միթե այն օրերում Նաիրյան այդ քաղաքի կյանքը, մի կյանք, որի վրա, ինչպես հայտնի է քեզ, ընթերցո՛ղ, վաղուց հետե կախված էր մազութանման մշուշը, որը վաղուց հետե ծածկել էր, ինչպես հայտնի է քեզ, Նաիրյան այդ քաղաքն ու բնակիչներին, շենքերն ու մարդկանց: Հեղեղել էր կյանքը, ելել էր այդ օրերին իր սովորական ափերից և, թերևս, իզուր էր Կարո Դարայանը փորձել լույսի նշույլ մտցնել, վերոհիշյալ դժբախտ նավաստիի նման թարթել իր տարտամ կրակը, մազութանման մուժում: — 0, պիտի իմանար, պիտի հասկանար այդ Կարո Դարայանը, որ զարնվելու է իր նավակը «Վարդանի կամուրջի» Արքայանիստ քարակույտին, որ վաղուց սովոր էր արդեն իր քարակերտ կուրծքը դեմ անել ամեն հոսանքի ու հեղեղատի: Եվ ճիշտ որ. վերը նկարագրած դեպքից հետո ես հեռացա Նաիրյան այդ քաղաքից և վերադարձա մի տարի անց, ու ի՞նչ . նույնն էր տպավորությունս, ճիշտ նույն տպավորությունը, որ ես ստացել էի մանկությանս օրերին՝ հորդած գետը տեսնելու գնալու հաջորդ առավոտը, ճիշտ այն ժամանակվա նման ես տեսա, որ համարյա թե իր սովորական ափերն է մտել Նաիրյան այդ քաղաքի առօրյա կյանքի այն ժամանակ այնպես մթափրփուր հորդած, հեղեղած գետըև նույն ակնածանքով ու ահավոր հիացմունքով ես տեսա մեր ամենահարգելի Մազութի Համոյին, որ, ինչպես գետի հորդելուց հետո Վարդանի կամուրջը, արքայակերպ կեցել էր կյանքի արդեն բավականին հանդարտած, համարյա իր ափերը մտած հոսանքի մեջտեղը և այլևս իզուր էին նրա, այսինքն՝ Մազութի Համոյի, հասարակական դիրքի քարակերտ պատերին դիպչել փորձում արդեն իջած գետի մի քանի մանրիկ, մթափրփուր ալիքները... Բարեբախտաբար այլևս երեխա չէի ես այդ ժամանակ, որպեսզի այդ լղրճուկ (ընկ. Վառոդյանի խոսքով ասած) ալիքների փրփուրում փնտրեի ինչ-որ նավաբեկման հետքեր: Օր. Սաթոն էր միայն, որ դեռ շարունակում էր տարածել քաղաքում իր անսպառ ստերն ու պրովոկացիաները , — բայց էլ ո՞վ էր օր. Սաթոյին, այդ «ծամը կտրած լրփին», կարևորություն տվողը: Մազութի Համոն կար ու կանգնած էր էլի, ինչպես Վարդանի կամուրջը, անսաստ ու քարակերտ: Կանգնած էր Նաիրյան այդ քաղաքի ու իսկական, այո՛, համարյա թե մարմնացած Նաիրիի, այսպես կոչված, «գրավված վայրերի» կենտրոնում, որպես «Ընկերության» լիազոր ներկայացուցիչ, Տեղական Կոմիտեի և Քաղաքային Խորհրդի նախագահ, Զինվորական Գերագույն Ատյանի անդամև այլն, և այլն, և այլն, — և նրա, Մազութի Համոյի ուղեղում էլի Նաիրյանն էր ու հավիտենականը՝ արդեն մարմնավորվել սկսող երկիր Նաիրին...

Շատ ջրեր էին հոսել Նաիրյան այդ քաղաքի և ընդհանրապես Նաիրիի ու աշխարհի վրայով այդ մի տարվա ընթացքում, երբ ես բացակայում էի քաղաքից ու Նաիրիից, և ամենանշանավորն ու կարևորն այն էր, որ այդ ջրերի հետ մեկտեղ հոսել էին նաև բանակները Նաիրիից ու այդ քաղաքից, և Նաիրին ու քաղաքը մնացել էին Մազութի Համոյին ու նաիրցիներին, երազյալը, կարծես, երկրային էր դարձել. Մազութի Համոյի ուղեղից սահելով՝ մարմնավորվել էր կարծես երկիրը Նաիրի: Հավաքել էր «Ընկերությանը» և գրավված վայրերն էր ուղարկել բազում ու անհամար Նաիրյան ռազմիկներ, դարերի մուժից, մշուշից ելնելով՝ հառնել էր, վերջապես, Նաիրյան կարծր ոգին, գրավել էր շեներ ու քաղաքներ, բռնել էր բերդը: Անթիվ տարիներից, դարերից հետո վերստին Նաիրյան դարձած Առաքելոց եկեղեցում Նաիրյան հնամյա բարբառով աստվածահաճո պատարագ էր անում արդեն տեր Հուսիկ քահանանԽաչագողը, ու բերդի ամենաբարձր աշտարակի վրա եռագույն դրոշ պարզած՝ բերդի հրամանատարն էր արդեն ընկ. Վառոդյանը: Քաղաքի ու շրջանի, արդեն ամբողջովին Նաիրյան դարձած, դպրոցների վարիչ էր Արամ Անտոնիչը, դպրոցի (այսինքն ռեալականի) տեսուչը, իսկ Գեներալ Ալոշը, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, կոշկակար ՍիմոնըԿլուբի մեյմունը, մանրավաճառ Կոլոպոտյանը և շատ ու շատ ուրիշ պատկառելի նաիրցիներ դարձել էին Քաղաքային Խորհրդի անդամներ: Մենակ Մեռելի Ենոքն էր իր տեղը մնացել. Քոռ Արութի հետ մեկտեղ նա էլի չայ ու կալբաս էր ծախում վակզալի մեյդանում,— և ոչինչ՝ գոհ էր իր վիճակից: Մոռացանք (Օսեփ Նարիմանովին. հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը միանգամայն լքել էր իր հաշտարար գործունեությունը և բժիշկ Սերգե Կասպարիչի հետ միասին դարձել էր Զինվորական Գերագույն Ատյանի անդամ, այսինքն մենակ ինքը, Օսեփ Նարիմանովն էր՝ անգամ, իսկ բժիշկ Սերգե Կասպարիչըայդ Գերագույն Ատյանի նախագահն էր, քաղաքի ու շրջանի ամենաազդեցիկ մարդը, այո՝ նույնիսկ ասողներ կային, որ ավելի ագդեցիկ, քան ինքը՝ Մազութի Համոն: — Բայց մենք, իհարկե, չենք հավատում նման երեխայամիտ կարծիքներին: Այսպիսով, ինչպես տեսնում եք, ամեն ինչ փոխվել էր և ընդունել միանգամայն Նաիրյան կերպարանք: Նաիրի՜ն էր, հին, երազյալ, հավիտենական Նաիրին, որ տարիների մուժից, մշուշից ելած՝ առել էր իրական կերպարանք: Եվ ամեն ինչ լավ էր գնում, նույնիսկ կարելի է ասել, որ կատարյալ հանգիստ ու խաղաղություն կտիրեր Նաիրյան այդ քաղաքում և շրջանում, եթե չլինեին մի շարք ստոր, անպատկառ, նաիրադավաճան մարդիկ, որոնք խանգարում էին նորաստեղծ նաիրապետության հանգիստը: Եվ ո՞վ գիտե կկատարվեի՞ն արդյոք հետագա դժբախտ ու ահավոր դեպքերը, եթե չլինեին այդ ստոր, անպատկառ, նաիրադավաճան մարդիկ: Երևակայո՞ւմ եք՝ դրանք, այդ ստոր, դավաճան, անպատկառ մարդիկ, դեմ էին «գրավված վայրերի» պաշտպանության, ինչ-որ խաղաղություն էին պահանջում այդ ստոր, դավաճան, ազգուրաց մարդիկ, երբ դեռ չէր գետնահարված ոսոխը, ավելին՝ երբ իր վերջին հորդաները հավաքած՝ թափթփուկ բանակներով պատրաստվում էր «գրավված վայրերը» խուժել, վերստին հրի ու սրի մատնել այնքան դժվարություններով վերջապես ազատագրված երկիրը Նաիրի... Հասկանո՞ւմ եք՝ ղուշը, ինչպես ասում էր Հաջի Օնիկ էֆենդին, երկնային թոչունը եկել, իր ոտքով մեր ձեռն էր ընկել, իսկ այդ ստոր պարոնները պահանջում էին, որ մենք մեր ձեռքով վերցնենք ու բաց թողնենք այդ ղուշըհանուն ինչի՞, կամ, ինչպես նույն Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆն էր ասումանունն ի՞նչ դնենք... 0, ոչ մի անուն չէր կարելի դնել այդ նաիրուրաց տխմարությանը, քան այն անունը, որ դրել էր Տեղական Կոմիտեն, ո՛չ «Ընկերությունն» ինքը, և այդ անունն էր, ինչպես քանիցս կրկնել ենք արդեն ի միջի այլոց — «Ագգային դավաճանություն»: Եվ ո՞վքեր էին դրանք, և ո՞վ էր դրանց ղեկավարը. — մի քանի լղրճուկ սինլքորներ, ինչպես ասում էր Համո Համբարձումովիչը, կամ հայվարա սանքյուլոտներ, ինչպես կարծում էր անգլիախոս Հաջի Օնիկ էֆենդին և չհասկացողին թարգմանում ու հասկացնում, որ սանքյուլոտներ նշանակում էանվարտիք շներ, կարծես թե վարտիքավոր շներ էլ են լինում... Եվ ո՞վ էր, ո վ էր, ինչպես ասացինք, դրանց ղեկավարը, կամ, ինչպես էլի նույն Հաջին էր ասում — «վերի գլուխը». — արյունարբու մի սկյութ, ռսացած մի մոնղոլ, մի գերմանական լրտես, որ պլոմբած վագոնով հայրենիք վերադարձած՝ չին զորքերու և անվարտիք ավարաներու օգնությամբ ներսերում Խլել էր արդեն իշխանությունն ու հանձնել այն գերմանացիներին՝ այդպիսով գլուխ բերելով իր այն խոստումը, ու՝ տվել էր արյունարբու Վիլհելմ կայսեր... Ահա՛ թե ո՞վքեր էին դրանք և ահա թե ո՛վ էր դրանց «ամենավերի գլուխը», այսինքն՝ ամենամեծ ղեկավարը: Եվ, երևակայո՞ւմ եք, ընթերցողայդ ժամանակ արդեն պարզվել էր (գոնե այդպես էր ինձ հավատացնում պ. Աբոմարշը), որ Նաիրյան այդ քաղաքում այդ սանքյուլոտների այսինքն անվարտիք շների ղեկավարն է եղել, — հասկանո՞ւմ եք սույն Հաջու խոսքերով ասած՝ այն «շանսատակ եղած» Կարո Դարայանը, որի սպանողներին զուր տեղն էր իր թանկագին ժամանակն ու անսպառ եռանդն անձնվիրաբար մսխելով այնքան տենդագին որոնում ընկ. Վառոդյանը: « — Շունը շան մահով կսատկի» — ասում էր այդ առթիվ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, և նա, թերևս, իրավունք ուներ, որովհետև, պե՞տք է վերջապես մի կերպ արտահայտություն գտներ այդ պատկառելի նաիրցու անձնուրաց նաիրասիրությունը: Ահա թե ով է եղել Կարո Դարայանը, ընթերցող, իսկ մենք դեռ ցավում էինք նրա եղերական մահվան համար և անվերապահ հավատ էինք ընծայում նրա ամեն մի խոսքին: Իսկ նրա ընկերնե՞րը. ովքե՞ր էին նրանք

Նաիրյան այդ քաղաքում առաջինը՝ Կարո Դարայանի խորհրրդավոր սպանությունից հետո քաղաքից անհայտ անհետացած պ. Մարուքեն էր, ընկ. Վառոդյանի հորջորջած այդ պ. Դրաստամատը, և ապամեզ քաջ ծանոթ «ծամը կրտրած» չակերտավոր «օրիորդ» օր. Սաթոն և էլի մի քանի նման արարածներ, մի երկու հոգի, որ վակզալի մոտերքը հավաքված՝ գլխահան էին անում վակզալի բաշիբուզուկներին, այսինքն երկաթուղային բանվորներին ու ծառայողներին և ֆրոնտից փախած դեզերտիրներին: — Ահա՛, ահա՛, ընթերցող, թե ովքեր էին Նաիրյան այդ քաղաքի և նորաբողբոջ նաիրապետության հանգիստը խանգարողները, դրանք էին, այդ ստոր, նաիրուրաց, նաիրադավաճան մարդիկ, որ մրոտ, կամ, տեր Հուսիկ քահանաԽաչագողի խոսքով ասած՝ «խլնքոտ» քթներն ամեն տեղ խոթելով ջուր էին պղտորում, որ ձուկ որսան: Եվ դա, հասկանո՞ւմ եք (կրկնում ենք, ընթերցող, որ լավ գլխի ընկնես և հարկ եղածի չափ լավ պատկերացնես դրության ամբողջ խայտառակությունը) — և այդ ամենն այն ժամանակ, երբ գրավված վայրերը, այսինքն արդեն իրողություն դարձած Նաիրյան երկիրն անցնելով՝ արդեն անկախ Նաիրի էր հայտարարել Նաիրյան հայտնի հերոս, այժմ հայտնի զորավարը, — այն ժամանակ, երբ ինչպես ասում են՝ քար ու քրտինք կտրած՝ Նաիրյան ռազմիկներ էր ուղարկում գրավված հայրերը, այսինքն երկիր Նաիրին պաշտպանելու համար, Տեղական Կոմիտեն, ոչ՝ տեղական, այսինքն Նաիրյան իշխանությունը, — երբ, մյուս կողմից, արդեն ստույգ լուրեր ուներ ստացած Նաիրյան իշխանությունը, որ, վերջին հորդաները հավաքած, թափթփուկ բանակներով մտադրություն ունի գրավված վայրերը խուժելու Հավիտենական Հիվանդը, — այդ ժամանակ ահա այդ ստոր, դավաճան, նաիրուրաց մարդիկ դեգերտիրություն էին քարոզում Նաիրյան բանակում և խոսում էին հաշտության մասին, ո՞ւմ հետ. — հավիտենական ոսոխի ու Հավիտենական Հիվանդի, որին նաիրցի մի ռազմիկի քացին անգամ բավական էր,— ինչպես ասում էր Մազութի Համոն, որպեսզի նա հավիտենապես փչեր իր շունչը, և նա, իհարկե, կփչեր իր շունչը, եթե չլինեին այդ նաիրուրաց, ստոր, նաիրադավաճան մարդիկՈ՛ւշ, շատ ուշ գլխի ընկան (և դեռ հարց է՛ գլխի կընկնեի՞ն արդյոք մյուսները, եթե չլիներ էլի նույն Մազութի Համոն) և ուշ, շա՜տ ուշ հարկ եղած խստագույն միջոցներին դիմեցին հիշյալ լրբերի վերաբերմամբ Նաիրյան իշխանավորները,— բայց թե ի՞նչ կարող էին անել այլևս նրանք, երբ արդեն մեր նկարագրած քաղաքի համարյա պարիսպների տակ էր ոսոխը, երբ, երկու օր անց, ինչպես հետագայում մանրամասն կիմանանք, դեպքերի թավալգլոր արագությամբ ընկավ Նաիրյան այդ քաղաքը, և Հավիտենական ոսոխը ոտք դրեց վառվող քաղաքի մոխիրների վրա...

Следующая страница