Չարենց Եղիշե՝   Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից

Մենք արդեն անցնում ենք Նաիրյան այդ քաղաքի և սույն այս պոեմանման վեպի վերջին դեպքերի նկարագրությանը, և մի սատ, անողոք, դառնաթախիծ կսկիծ սկսում է ուտել մեր սիրտը, ձեռքս կրկին սկսում է դողալ, և գրությանս տառերը գրվում են ծուռ ու դողդոջ, կարծես օրորում է տողերս աներևույթ մի հողմ... Սև, մրուրոտ, արյունալի են այդ դեպքերը, որոնց նկարագրությանն անցնելու ենք հիմա, ընթերցող, և չգիտենք՝ կարողանալո՞ւ է արդյոք մեր տկար գրիչը պատկերել այդ դեպքերն այնքան սրտակեղեք ու ահավոր, որքան սրտակեղեք ու ահավոր էին նրանք իրականում: Մենք ավելի քան կասկածում ենք դրան, ընթերցո՛ղ, որովհետև դժվար թե մեր հնամյա արևի ներքո գտնվի մի գրիչ, որ պատկերել կարողանա այդ վերջին դեպքերը, պատկերել այնպես, որ բիզբիզ կանգնեն ընթերցողի մազերը, կսկծից ու ցավից խորովվի ընթերցողի սիրտը, և այրող, այրող, այրող արցունքներ թափվեն ընթերցողի աչքերից: Մենք չենք հավատում, որ դա կհաջողվի մեզ, ընթերցո՛ղ, և բարկությունից ու ցավից ուզում ենք դեն նետել մեր գրիչը, չգրել, չվերջացնել պոեմանման այս վեպը, որ առանց այդ էլ բավականին երկարեց, — բայց ահա իմ, հեղինակիս, ուղեղի խորհրդավոր գաղտնարանից ելնելով՝ խուժում են հոգևոր հայացքիս առջև սև, մրուրե, արյունալի դեպքեր ու դեմքեր, — և ես կրկին վերցնում եմ գրիչը ընդհատված պատմությունս շարունակելու:

Այս անգամ ևս պատմությունն սկսվեց նրանիցայսինքն էլի իրանից՝ Համո Համբարձումովիչից-Մազութի Համոյից...Եվ ինչպե՞ս կարող էր իրանից, այսինքն՝ Համո Համբարձումովիչից Մազութի Համոյից չսկսվել, երբ, ինչպես հայտնի է արդեն, ոչ միայն Նաիրյան այդ քաղաքը, այլև ամբողջ Նաիրին նրա շուրջն էր դառնում, և ոչ միայն շուրջը դառնում, այլև, ինչպես գիտենք, հասել էր նրա ուղեղից՝ նրա, Մազութի Համոյի ուղեղից սահելով՝ ուղեղայինը դարձել էր, կամ համարյա թե դարձել էր երկրային. դարձել էրհամարյա փաստ... Այո՛, այս անգամ ևս սկսվեց նրանից, որ քաղաքում հանկարծ լուրեր տարածվեցին, թե Համո Համբարձումովիչ ԱսատուրովըՄազութի Համոն գրավված վայրերն է մեկնում, իբր արտակարգ լիազոր՝ տեղում դիմադրություն կազմակերպելու համար: Դրա հետ զուգընթացաբար քաղաքում պտտվել սկսեցին լուրեր, թե շարժվել է արդեն ոսոխը և զալիս է Նաիրյան այդ քաղաքի վրա. գալիս է սելավանման, քար ու քանդ անելով այն ամենը, ինչ որ գտնում է իր ճանապարհին: Այսպիսի՛ ահա լուրեր պտտվել սկսեցին այդ առավոտ քաղաքում, և այս լուրերի հետ մեկտեղ, սրանց զուգընթաց՝ պտտվել սկսեցին քաղաքումոչ թե ուրիշ լուրեր, այլ կենդանի մարդիկ, քաղաքում պտտվող այդ ոչ թե լուրերը, այլ կենդանի մարդիկ մտնում էին տները և տներից դուրս էին բերումոչ թե իրեր, այլ զենքի ընդունակներին ու քշում կայարան, քշում ֆրոնտ: Եվ այս ամենը կատարվում էր ոչ թե այնպես, քամու բերածով, այլ այն պատերին փակցրած սպիտակ, բայց այս անգամ նաիրատառ, և ոչ թե հայտարարությունների, այլ հրամանների հիման վրա, հրամաններ, որոնց ներքևըօ՜, զարմանալի զարմանք, — դրված էր ոչ թե ընկ. Վառոդյանի, կամ Տեղական Կոմիտեի, կամ զինվորական իշխանության, և կամ, վերջապես, իրա՝ Համո Համբարձումովիչի անունը, այլայդ նաիրատառ հրամանների ներքևը գրված էրերևակայո՞ւմ եքոչ թե անուն, ազգանուն, կամ հիմնարկության անուն ասենք, այլերեք տառ միայն, երկու Հ. և մի Դ. (Հ. Հ. Դ.) — Եվ այդ երեք տառերի ազդեցությունն ավելի էր ուժեղ ու զարհուրելի, քան հազար-հազար թեկուզև Մազութի Համոների, կամ զանազան իշխանությանց անուններ... Մահվան սարսուռ էր փչում այդ երեք տառիցահա թե ինչ: Երեք այդ զարհուրելի տառերով ստորագրված հայտարարությունը, ներողությունորասանըսկսվում էր «Նաիրցինե՛ր» դիմումով, կարճ ու ազդու: Այո՛, կարճ ու ազդու էր այդ դիմումը, ինչպես կարճ ու ազդու էր այդ դիմումի, այսինքն՝ հրամանի, ներքևի ստորագրությունը, — բայց հասկացողի համար մի ամբողջ, այո՛, մի ամբողջ տիեզերք կար այդ մի հատիկ բանում, և այս բանը հասկանում էին ոչ թե ընտրյալները միայն, ոչ թե բացառությունները, այլև ամենքը, բառացի ամենքը, — առանց բացառության: Ավելին՝ ոչ միայն հասկանում էին, այլն, մտնում էին մեջը, այդ մի հատիկ բառի մեջամենքը, սա՛ էր ահա զարմանալին: Այո, այդ մի հատիկ բառի մեջ էին մտնում թե Համո ՀամբարձումովիչըՄազութի Համոն ինքը, թե ընկ. Վառոդյանը, թե Սերգե ԿասպարիչըԲժիշկը, թե Օսեփ Նարիմանովը, թե Հաջի Մանուկոֆ էֆենդին, թե մանրավաճառ Կոլոպոտյանը, թե Մեռելի Ենոքը ու Քոռ Արութը և անգամ վակզալի բաշիբուզուկներն ու դեզերտիրները, այսպիսի ահա տիեզերական տարողություն ուներ այդ դիմումը, այդ մի հատիկ բառը, որով սկսվում էր հրամանը: — «Նաիրցինե՛ր» — ասված էր այդ հրամանում, «Hannipal ad portas…!» Հենց այսպես էլ տպված էր՝ ինգլիզի լեզվով, ինչպես կարծում էին սարսափած քաղաքացիները, և թերևս սա էր պատճառներից մեկը, բացի վերոհիշյալ դիմումմի հատիկ բառից, որ այդ հրամանը բոլոր նաիրցիների վրա թողեց մի զարհուրելի, համարյա միստիկական տպավորություն: « — Թշնամին մոտենում է մեր դարպասներին» — ասվում էր ապա այդ հրամանում, — «և ամեն մի նաիրցի պետք է պարզ հաշիվ տա իրեն, թե ի՞նչ է նշանակում այդ...»: — «Նաիրցինե՛ր» — կրկնված էր ապա տիեզերապարփակ դիմումն այդ հրամանում, « — Մեր չքնաղ երկիրը, դարեր շարունակ երազված և այժմ մեր զավակների հավելյալ արյունով վերջապես ձեռք բերված մեր հայրենիքը, մեր դրախտավայր Նաիրին, կանգնած է անասելի վտանգի առաջ. մոտեցել է ոսոխը և կրկին, կրկին սրի ու հրի կոխան է կամենում դարձնել մեր երկիր Նաիրին»... « — Նաիրցինե՛ր» — երրորդ անգամ դիմում էր հրամանը տիեզերքին ու ամենքին. — « — Մի բան է մնում անել այսօր ամեն մի իսկական նաիրցու՝ վերցնել զենք և ճակատ գնալ իր սեփական արյունով պաշտպանելու մեր աննման երկիրը, — ծծկեր երեխայից մինչև իննսուն տարեկան ծերունին պետք է այսօր ռազմաճակատ գնա և իր կուրծքը դեմ անի ոսոխի սվիններին և իր սրբազան արյունով փրկի անկումից ու ավերումից նվիրական հայրենիքըմեր դրախտանման Նաիրին»: — Եվ — «Նաիրցինե՛ր» — չորրորդ ու վերջին անգամ դիմում էր հրամանը տիեզերքին ու ամենքին — «Հասել է վճռական րոպեն և Հ. Հ. Դ. մի կոչ ունի միայն անելու իր սիրեցյալ Նաիրյան ժողովրդին. — Դեպի կռիվ... Ի զեն, վերջի՛ն անգամ ի զեն, տառապյալ Նաիրյան ժողովուրդ. Նաիրին վերջին անգամ կանչում է քեզ: Եվ թող հեռանան մեր ճանապարհի վրայից վախկոտներն ու թուլամորթները, թող վտարվեն, անարգանքի սյանը գամվեն բոլոր նրանք, ովքեր այս ճակատագրական վայրկյանին իրենց անձնական կաշին ավելի բարձր կդասեն, քան նաիրասիրական վեհ գաղափարը: Հ. Հ. Դ. կայանում է նրանով, որ տեղնուտեղը հրացանազարկ են արվելու բոլոր նրանք, ովքեր վարձ կանեն իրենց ողորմելի կաշին փրկելու համար ռազմաճակատ չգնալ, կամ փախչել ռազմաճակատից: Այդ է պահանջում մեզնից այսօր հայրենիքը, այդ է պահանջում այսօր մեր նվիրական Նաիրին: Օն, ուրեմըն՝ ի զե՜ն, նաիրցինե՜րդեպի ռազմաճակատ...»: Այսպես էր վերջանում հրամանը, և ապա գալիս էին վերոհիշյալ երեք տառերըՀ. Հ. Դ..: — Էլ կարո՞ղ է արդյոք զարմանալի թվալ, որ այդ հայտարարությունը, ներողություն, հրամանը բոլոր քաղաքացիների վրա թողեց մի անասելի, շշմեցնող, զարհուրելի տպավորություն: Այնպիսի մի անասելի իրարանցում ընկավ քաղաքում, որ, ինչպես կասեր Մեռելի Ենոքը՝ «մերը մանուկը մոռցավ». ժաժք եղավ կարծես, կարծես եկավ ահեղ դատաստանի օրը: Եվ, եթե ճիշտը կուզեք, հենց այդ օրվանից էլ պետք է հաշվել Երկրի Նաիրի և այդ քաղաքի վախճանի սկիզբը, և դա ոչ թե վերոհիշյալ հրամանի պատճառով, այլ այն, մեզ համար միանգամայն հասկանալի, իսկ այլ քաղաքացիների համար այնպես էլ անհասկանալի մնացած պատճառով, որ Մազութի Համոն, թեկուզ և ժամանակավորապես, թողեց իր հայրենի քաղաքը. իսկ ի՞նչ կարող էր անել այդ քաղաքն առանց Մազութի Համոյի, այսինքն՝ առանց այն առանցքի, որի շուրջը դառնում էր քաղաքը: Պարզաբանենք մեր միտքն օրինակով: Օրինակ՝ « — Ո՞րն է ֆայտոնի նպատակը» — հարցնում է մի անգամ Քոռ Արութին Մեռելի Ենոքը. բայց Քոռ Արութը չի իմանում, և քանի որ Քոռ Արութը չի իմանում՝ իր տված հարցին պատասխանում է ինքը, Մեռելի Ենոքը. « — Ֆայտոնի նպատակը օսն է»: –Այսպես է պատասխանում իր դրած հարցին Մեռելի Ենոքը ու պարզաբանում հետո. — «էնիկ որ չեղնիֆայտոնը չի էրթա»: — Եվ մենք միանգամայն համամիտ ենք Մեռելի Ենոքին: – Այդպես էլ տվյալ դեպքում: Երևակայեցեք, ընթերցո՛ղ, որ, ինչպես Նաիրյան այդ քաղաքը, այնպես էլ ամբողջ Նաիրին, Մեռելի Ենոքի տերմինով ասած մի հսկա «ֆայտոն» է, իսկ Համո ՀամբարձումովիչըՄազութի Համոն՝ նրա «օսը», ի՞նչ կարող է անել «ֆայտոնը», այսինքն Նաիրյան այդ քաղաքը, կամ ամբողջ Նաիրին, առանց «օսի» — այսինքն Համո ՀամբարձումովիչիՄազութի Համոյի: Հարցնում ենք՝ ի՞նչ կարող է անել: Պատասխանը մեկն է. — ոչինչ ու ոչինչ: — Կքանդվի, տեղում կմնա կփտի ու կթափվեն մասերը, ինչպես քայքայվող դիակի մասեր: Եվ այս հանգամանքն ավելի պարզ ու հասկանալի կլինի, եթե հիշենք, որ Մազութի Համոն ոչ միայն «օսն» էր Նաիրյան այդ քաղաքի, այլև հոգին: Դե երևակայեցեք հիմա մարմնի դրությունը առանց հոգու, ի՞նչ կլինի մարմինը, եթե հեռանա հոգին: — Սրա էլ պատասխանը մեկն է. — կքայքայվի, կտարրալուծվի, մարմին կազմող քիմիական տարրերն ամենքը մի կողմ կփախչեն ու կմնա ի՞նչ, ոչինչ. կմնա-մահ, մոռացության մշուշբաց տարածություն: Եվ նույնը, ճիշտ նույնը կատարվեց Նաիրյան այդ քաղաքի, ապա և ամբողջ Նաիրիի հետ, հենց որ Մազութի Համոն թողեց այդ քաղաքը և գրավված վայրերը գնաց՝ տեղում դիմադրություն կազմակերպելու...

Մե՛ծ, ՛մե՜ծ, անասելի սխալ էր Մազութի Համոյի բացակայելը քաղաքից, հետո, երբ նա վերադարձավ գրավված վայրերիցարդեն ուշ էր, քայքայվել էր արդեն քաղաքի մարմինը և ոչ մի հոգի չէր կարող այլևս կենարար շունչ փչել ու վերստին գոյություն պարգևել այդ քայքայված մարմնին: Ավելին՝ հետո, երբ Մազութի Համոն վերադարձավ արդեն գրավված վայրերից ոչ միայն ի վիճակի չեղավ կենարար շունչ փչել քայքայվող քաղաքի սառած երակները, այլև շուտով ստիպված եղավ փչել իր սեփական շունչը, փչելհավիտյան ու անդարձ, փչելընդմիշտ... Եվ նրա հետ միասին իրա շունչը փչեց երազյալն ու հավիտենականը երազյալ ու հավիտենական, իրա, Մազութի Համոյի հանճա՛ր եռագույն ուղեղից դեպի երկրայինն ու գոյացյալը ձգտող, համարյա գոյացած Նաիրին... Համոզված, այո՛ խորին համոզմունքով մենք կարող ենք ասել, որ գուցե իսկի էլ տեղի չունենային թավալգլոր արագությամբ Մազութի Համոյի գնալուց հետո Նաիրյան այդ քաղաքում կատարված դեպքերն ու իրողությունները, եթե Մազութի Համոն չհեռանար քաղաքից. — երկրորդ, բայց առաջինից ավելի կարևորագույն սխալն էր այս, որ Մազութի Համոն ինքը, մասամբ և ամբողջ «Ընկերությունը» կատարեցին այդ ժամանակ. — առաջին սխալը, ինչպես մասամբ արդեն գիտենք, այն ստոր, նաիրուրաց, նաիրադավաճան մարդկանց հանդեպ խստագույն միջոցների չդիմելն էր ժամանակին. իսկ երկրորդ, և, ինչպես ասեցինք, ամենակարևորագույն սխալըՄազութի Համոյի քաղաքից հեռանալը: Այո՛, Մազութի Համոն չպետք է հեռանար քաղաքից, բայց նա, ինչպես տեսնում եք, հեռացավ, և անսպասելի, եղերական, ահասարսուռ դեպքերն ու իրողությունները, Նաիրյան այդ քաղաքի վերջին դեպքերն ու իրողությունները, իրար հաջորդեցին, ինչպես ասացինք՝ թավալգլոր արագությամբ...

Մազութի Համոյի քաղաքից հեռանալու օրը, ինչպես արդեն գիտենք, քաղաքում լույս տեսավ վերոհիշյալ զարհուրելի, համարյա միստիկական տպավորություն թողնող, հայտարարությունը, այսինքն հրամանը: Եվ դրա հետ մեկտեղ, ինչպես գիտենք, քաղաքում պտտվել սկսեցինոչ թե լուրեր, այլ կենդանի մարդիկ, որոնք մտնում էին տները և հանում տներիցո՛չ թե իրեր, այլ զենքի ընդունակներին: Բացի այս ընկեր Վառոդյանը կայարանում կանգնեցրել էր մարդիկ, արտակարգ փափախավորներ, որոնք խստիվ արգելում էին հեռանալ քաղաքից: Սխալվեցինք, սկզբներում դեռևս թույլատրվում էր քաղաքից հեռանալ, բայցմիմիայն կանանց ու երեխաներին, և ահա սկսվեց նրանից, որ քաղաքից հեռանալ սկսեցին կանայք ու երեխաները: Եվ զարմանալին այն է, որ մի շարք այլափոխություններ տեղի ունեցան Նաիրյան այդ քաղաքում այդ օրերին. քաղաքում խոսում էին, որ, վերին հրաշքով, կնոջ կերպարանք են ստացել մի շարք պատկառելի նաիրցիներ, ինչպես, օրինակ՝ պ. Աբոմարշը, կոշկակար ՍիմոնըԿլուբի մեյմունը, մանրավաճառ Կոլոպոտյանի երիտասարդ տղան և ուրիշ շատ շատերը. — բայց հավատացնում եմ, ընթերցող, որ այստեղ ոչ մի հրաշք չկար, պարզապես բռնել էին դրանց կայարանում կանգնած արտակարգ փափախավորներըկանացի շորերով, ահա՛ և ամբողջը: Ի՞նչ հրաշքով, չգիտենք, բայց այդ պատկառելի նաիրցիներն ազատվեցին գնդակահարությունից, ավելին՝ շուտով իմացվեց, որ նրանք բոլորն էլ անհոգ թռչունների նման թափառում են, թեպետև Նաիրիից դուրս գտնվող, բաց համարյա Նաիրյան, չքնաղագույն մի քաղաքի լազուր երկնքի ներքո և նույնիսկ զարմանում են, որ մնացած նաիրցիները չեն հետևում իրենց գեղեցիկ օրինակին... «Չե՜ն հետևում...»: — Բայց ո՞նց հետևեին, երբ քաղաքի պատերից, օր օրի հետևից, շշմած քաղաքացիների գլխներին էին թափվում մեկը մեկից զարհուրելի, մեկը մեկից անողոք ու սարսափ տարածող հրամաններ, այնպես որ ի վերջո քաղաքի խեղճ բնակիչները զարհուրում էին քթները բարձրացնել և չէին էլ բարձրացնում, որպեսզի իրենց այդ պատկառելի, Նաիրյան քթներով չդիպչեն որևէ զարհուր եռագույն հրամանի: Ինչպե՞ս, ինչպե՞ս կարող էին հետևել պ. Աբոմարշի և ընկերների օրինակին սարսափած նաիրցիները, երբ շուտով, ընկ. Վառոդյանի մի նոր խստագույն հրամանով, արգելվեց քաղաքից հեռանալ անգամ կանանց ու երեխաներին, որպեսզի, ինչպես ասված էր ընկ. Վառոդյանի հրամանում, — «խուճապ չառաջանա»: «Թշնամին պարտված է» — ասվում էր ապա այդ հրամանում, — «և բոլորը կարող են հանգիստ տեղները նստեն»: — Դե եկեք ու ընկ. Վառոդյանի այսպիսի հրամաններից հետո հետևեք պ. Աբոմարշի և ընկերների գեղեցիկ օրինակին... Բայց բանն այն է, որ չնայած ընկ. Վառոդյանի ու մյուսների խստագույն հրամաններին, չնայած կայարանում կանգնած արտակարգ փափախավորներին, որոնց ձեռքին էր իրապես գտնվում այդ ճակատագրական օրերին քաղաքի բանալին, — չնայած այդ ամենին քաղաքի բնակչությունն օր օրի ետևից նոսրանում էր ու նոսրանում, և նոսրանում էին ամենից առաջ քաղաքի վարի, այսինքն կենտրոնական թաղերի: Ո՞նց, ինչպես, ի՞նչ հրաշքով, չգիտենք, բայց վաղուց արդեն առանց Նունուֆար հանըմի ու իր, արդեն 18-ը տարեկան դարձած, «պզտիկի» էր իր ամենօրյա չորբան խմում Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, և վաղուց արդեն նույն այդ դառը մենակությանն էր ենթարկված Արամ Անտոնիչը, դպրոցի տեսուչը (այժմ քաղաքի ու շրջանի բոլոր Նաիրյան դպրոցների վարիչը): Եվ նույն այդ դառնադառը մենակության վիճակին էին վաղուց արդեն ենթակա թե Օսեփ Նարիմանովը, թե Գեներալ Ալոշը, թե տեր Հուսիկ քահանաԽաչագողը, — բոլո՛րը, բոլո՛րը, բոլոր պատկառելի նաիրցիները՝ Ալեքսանդրյանի ու Լորիս-Մելիքյանի բնակիչները: Ասենք բացառություններ էլ, իհարկե, կային, ու այդ տխուր բացառությունների մեջ էին Տելեֆոն Սեթոն, Մեռելի Ենոքը, Քոռ Արութը, հայտնի ճաշարանատեր Բոչկա Նիկոլայը և շատ ու շատ նման, թեկուզև Ալեքսանդրյանի ու Լորիս-Մելիքյանի վրա խանութ ունեցողները, բայց էապես հասարակ, մանր-մունր մարդիկ: Սրանք բոլորն էլ իրենց ընտանեկան հարկի ներքո դեռևս վայելում էին ընտանեկան կյանքի բոլոր քաղցրությունները: Իսկ ինչ վերաբերում է վերի թաղերի, այսինքն Բերդի և Առաքելոց եկեղեցու թաղերի բնակիչներին դրանք բոլորն էլ տեղները նստած էին մնացել, և ընկ. Վառոդյանի հրամաններին հետևելով՝ նստած էլ մնում էին, որպեսզի խուճապ չառաջացնեն: Բայց շա՞տ բան էր կախված այդ վերի թաղերի բնակիչներից, այդ «բռի անասուններից», ինչպես անվանում էր նրանց վարսավիր Վասիլը, որը, ի դեպս, վաղուց արդեն փակել էր իր հռչակավոր վարսավիրանոցը և ռազմաճակատ էր գնացել, ուր, ընկ. Վառոդյանի կողմից նշանակված լինելով՝ մթերքներ էր հայթայթում Նաիրյան բանակին: Թե ինչո՞վ բացատրել վարսավիր Վասիլի այս տարօրինակ քայլըչգիտենք, սակայն այդ բանն ավելի քան լավ գիտեր Հաջի Մանուկոֆ էֆենդին, որ նույնպես «հայթհայթող» էր, բայց ոչ թե «փինթի», ինչպես վարսավիր Վասիլը, այլխոշոր, անգամ ամենախոշոր, խոշորագույն «հայթհայթող»: Այո՛, նոսրացել էր քաղաքի բնակչությունը, սակայն այս նոսրացումն հարկավոր է հասկանալ ոչ թե քանակի, այլ որակի իմաստով, քաղաքից հեռացել էին արդեն ամենապատկառելի քաղաքացիների ընտանիքները, բայց դրանց տեղը շրջանի գյուղերից քաղաք էին թափվել հազարավոր նոր ընտանիքներ, որոնք լցրել էին փողոցները սայլերով, եզներով, կովերով, երեխաներով և տնային այլ անասուններով, բացի տղամարդկանցից, որոնց վաղուց արդեն ռազմաճակատ էին ուղարկել ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները: Քաղաքի որակն էր փոխվել ամբողջովինահա՛ թե ինչ ու փոխվել էր քաղաքի տեսքը: Եվ այս հանգամանքը մեծ մտահոգություն էր պատճառում ընկ. Վառոդյանին. բայց, չնայած նրա մի շարք ավելի քան խստագույն հրամաններինայնպես էլ չհաջողվեց շրջանից փախած այդ «վախկոտ ոչխարներին» իրենց տեղերն ուղարկել. նրանք չգնացին, չնայած անգամ նրան, որ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները քանիցս փորձեցին մըտրակային լեզվի փոխել ընկ. Վառոդյանի հրամանների Նաիրյան քաղցր լեզուն: Չօգնեց, ոչինչ չօգնեց, դրանք մնացին քաղաքում, անբան անասունների նման թափված մնացին Նաիրյան չքնաղ այդ քաղաքի ոչ այնքան էլ չքնաղ փողոցներում ու լցրին այդ ոչ այնքան էլ չքնաղ փողոցներն իրենց ահռելի գարշահոտությամբ: — Երևակայում եք հենց այդտեղ, Նաիրյան չքնաղ այդ քաղաքի ոչ այնքան էլ չքնաղ փողոցներում էլ նրանք ուտում էին ու քնում և կատարում իրենց բոլոր բնական առաքումները: Բայց ընկ. Վառոդյանին ջղայնացնողը գերազանցապես այն էր, որ դեզերտիրների կատարյալ բույներ էին դարձել փողոցներում, բակերում ու այգիներում թափված մարդկային այդ գարշահոտ կույտերը, ռազմաճակատից փախչում էին ռազմիկները և պահվում դրանց մեջ, դրանց սայլերի արանքում, վերմակների տակերը և նույնիսկ իրենց կանանց ու մայրերի փեշերում: Եվ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները, իրենց ամոթխածությունը մի կերպ զսպելով՝ շատ անգամ ստիպված էին լինում դեզերտիրներ որոնել... շրջանից փախած այդ կանանց փեշերում: Բայց այս բոլորը դեռ էլի ոչինչ, մի կերպ կարող էր հարթվել, սակայն քաղաքի մեծագույն դժբախտությունն այն եղավ, որ մի գեղեցիկ օր էլ ընկ. Վառոդյանը և Սերգե Կասպարիչը նկատեցին, որ քաղաքում փակվել են համարյա բոլոր խանութները: Ընկ. Վառոդյանը և Սերգե Կասպարիչը, որ Մազութի Համոյի գնալուց հետո նրա տեղակալն էր Տեղական Կոմիտեում և Քաղաքային Խորհրդում, շուտափույթ կերպով մի հրաման արձակեցին, որ խանութները բացվեն, բայց, ավաղ, խանութները չբացվեցին, իսկ ժողովուրդը մթերք էր ուզումչայ, սապոն, նավթ, լուցկի և էլի հազար ու մի նման զահրումար: Տեսնելով, որ անելանելի է դրությունը, Քաղաքային Խորհրդում մի ինչ-որ վերի թաղեցի հարց բարձրացրեց, որպեսզի խանութներից մի քանիսը ջարդեն, և Քաղաքային Խորհուրդը իբր վաճառել սկսի այդ. խանութների ապրանքները: Ինչպես և կարելի էր սպասել, առաջարկն ընդունվեց միաձայն: Բայց ցավալին այն է, որ երբ ջարդեցին խանութներըդուրս եկավ, այսինքն ոչինչ էլ դուրս չեկավ խանութներիցխանութները դատարկ էին, ինչպես Քոռ Արութի ձախ աչքը... Հարց` ուր էին այդ խանութների ապրանքները: Պատասխան չկայինև ուրիշ ոչինչ: Եվ այն էլ ոչ միայն ապրանքները չկային, այլև իրենքապրանքների տերերը, զարմանալի հրաշքով վերացել էին նրանք Նաիրյան այդ քաղաքից, չնայած կայարանում կանգնած արտակարգ փափախավորներին: Գուցե ռազմաճակա՞տ էին գնացել նրանք, կարող է հարցնել ընթերցողը, բայց մենք ստույգ տեղեկություններ ունենք, որ նրանք այնտեղ չէին: Եվ սա էլ, այս ամենն էլ դեռ հեչ, եթե չլիներ քաղաքը և ռազմաճակատը քայքայող ամենամեծ չարիքը, որի մասին քանիցս թեթևակի հիշատակեցինք, — դեզերտիրությանը: Ամեն առավոտ տներից ու փողոցներում թափված մարդակույտերից, սայլերի արանքից և նույնիսկ կանանց փեշերի տակից հազարներով հանում էին ու ռազմաճակատ ուղարկում դեզերտիրների հարյուրավոր խմբեր, — բայց գիշերը, մութն ընկնելուն պես, նրանք կրկին փախչում ու քաղաք էին վերադառնում բազմաթիվ խմբերով, և հաջորդ առավոտ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորների կողմից էլի ճակատ քշվում, որ մութն ընկնելուն պես նորից վերադառնան քաղաք: Չարիք էր, անասելի չարիք, Նաիրյան խայտառակություն: Ինչ միջոցներ ասես, որ ձեռք չէին առնում անասելի այդ չարիքի առաջն առնելու համար Զինվորական Գերագույն Ատյանի նախագահ բժիշկ Սերգե Կասպարիչը և Բերդի հրամանատար ընկ. Վառոդյանը. սրանց հրամանով՝ ծեծի, հրապարակային ամբաստանության, թքի ու մրի էին ենթարկվում այդ նաիրադավաճան լրբերը, բայց չէր օգնում ոչինչ, դրությունը նույնն էր մնում, նորից փախչում էին ռազմաճակատից, ինչպես սարսափած ոչխարներ, և ընկ, Վառոդյանի արտակարգ փափախավորների կողմից նորից ճակատ էին քշվում թքելով ու մրելով: Պարզ է, որ այսպես չէր կարող շարունակվել, հարկավոր էր գերագույն միջոցի դիմել, բայց այդ գերագույն միջոցին դիմելուց առաջ հարկավոր էր գտնել չարիքի արմատը: Եվ չարիքի արմատը գտնվեց, և այդ չարիքի արմատը գտնողը, այսինքն ոչ թե գտնողը, այլ այդ արմատի վրա առաջին անգամ մատ դնողը էլի՛ ինքն էր, նույն ինքը՝ հանճարեղագույն Մազութի Համոն, որ համապատասխան բովանդակությամբ գրություն էր ուղարկել ռազմաճակատից: Այո, նա՛ էր էլի, էլի նույն հանճարեղագույն Մազութի Համոն, որ իր վճռական մատը վերջապես կարողացավ դնել չարիքի իսկական արմատի վրա. ասում ենք կարողացավ «մատը դնել», որովհետև այնքան էլ, վերջ ի վերջո, դժվար բան չէր այդ արմատի գտնելը, որովհետև նա, այդ արմատը, ոչ թե թաղված էր գետնում, ինչպես ամեն մի արմատ, այլ ցցված էր դուրս, ինչպես Նաիրյան մի քիթ, և վաղուց արդեն բոլորն էլ տեսնում էին այդ չարաբաստիկ քիթը, այսինքն արմատը: Բայցմի բան տեսնելը, տարբեր բան՝ տեսածի վրա վճռական կերպով մատ դնելը: Տեսնում էին, այդ չարաբաստիկ արմատը բոլորն էին տեսնում, բայց, կրկնում ենք, Մազութի Համոն էր միայն, որ ժամանակին մատնանիշ արավ այդ արմատը և առաջարկեց այն հիմքից պոկել և դեն շպրտել, ինչպես վարակող մի սպի: « — Դեգերտիրության արմատը հարկավոր է տեսնել այն նաիրադավաճան սրիկաների մեջ, որոնց առաջնորդն էր մեր քաղաքում անհայտ չարագործների (հարկավոր է ասել բարեգործների, փակագծում ավելացրել էր Մազութի Համոն) ձեռով շանսատակ եղած Կարո Դարայանը» — այսպես էր գրել ռազմաճակատից ուղարկած իր նամակ-հրահանգամ Մազութի Համոն. — » — Դրանք լցվել են հիմա ռազմաճակատը և դեգերտիրաթյուն են քարոզում մեր արի զինվորներին, դրանք խոստանում են զինվորներին հող, խաղաղություն ու հանգստություն և նման լկտի միջոցներով քայքայում են մեր բանակը«– դրել էր Մազութի, Համոն իր այդ հրահան-նամակում: Դրանց վերաբերմամբ հարկավոր է ամենախիստ միջոցների դիմել, չքաշվել անգամ գնդակահարությունից» — հրահանգել էր վերջում Մազութի Համոն և հրահանգի վերջին տողերը երեք անգամ ընդգծել. Մազութի Համոյի այդ ընդգծումներն են ահա, որ մենք անվանում ենք «մատ դնել»: — Եվ իրոք որ. Մազութի Համոյի այդ հրահանգ-նամակն ստացվելուց հետո բոլորը բաց արին աչքերը ու մնացին, ինչպես վարսավիր Վասիլը կասեր — «էշ կտրած». — այդ ո՞նց էր, որ իրենք չէին հասկանում այդպիսի հասարակ մի բան, հասարակ, նու, ինչպես օրվա լույսը: Այսպես թե այնպես չարիքի արմատը գտնված էր արդեն և ահա ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորներն սկսեցին այդ արմատը պոկելու համար արտակարգ պատրաստություններ տեսնել: Հիշում եմ՝ քաղաքի մեյդանում ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները գեղեցիկ մի օր իրարից մի հեռագրասյան հեռավորությամբ կանգնեցրին երկու հեռագրասյուն և դրանց վրա խփեցին երըորդը: — «էդ ի՞նչ կշինեք, եղբա՛յր»–հարցրեց փափախավորներից մեկին այդտեղ կանգնած երեխաներից մեկը, որ խորին հետաքրքրությամբ ու ակնածանքով հետևում էր երրորդ հեռագրասյան վրա նստած արտակարգ փափախավորի արտակարգ շարժումներին: — «Քյանդրբազի չվան կըշինենք, որ դեզերտիրները վրեն քյանդրբազ խաղան», — պատասխանեց փափախավորը, և երեխաներն ուրախ հռհռացին, պատկերացնելով երևի, որ բավականին զվարճալի մի բան պետք է լինի այդ զվարճալի դեզերտիրների քյանդրբազությունը: «Քյանդրբազի չվանը», ճիշտ է, շինեցին, բայց, ցավոք սրտի, հարկավոր է ասել, որ ոչ արտակարգ փափախավորները և ոչ էլ հիշյալ երեխաներն առիթ ունեցան այդ զվարճալի դեզերտիրների «քյանդրբազությունը» տեսնելու, հեռագրասյուները կանգնեցնելուց երկու օր հետո, դեպքերի թավալգլոր արագությամբ, Նաիրյան այդ քաղաքն ընկավ, և արտակարգ փափախավորների շինած այդ «քյանդրբազի չվանի» վրաօ, ճակատագրի եղերական հեգնանք,— հարկադրված եղան քյանդրբազություն անելերևակայո՞ւմ եք-ինքն ընկ. Վառոդ յանը, Սերգե Կասպարիչըբժիշկը, և Համո Համբարձումովիչ ԱսատուրովըՄազութի Համոն... ճակատագրի տարօրինակ մի խաղ, բախտի եղերական մի հեգնանք էր դա, ընթերցո՛ղ, որ դեպքերի այնքան ողբերգական ու սխրալի բերումով եզրափակելու եկավ Նաիրյան այդ քաղաքի աղետալի պատմությունը...

«Հեռագրասյունները» կանգնեցնելու օրն էր հենց, որ Մազութի Համոն անսպասելի կերպով վերադարձավ քաղաք: Բանն այն է, որ արդեն գրավված էին գրավված վայրերը. ավելին՝ ոսոխը, Հավիտենական Հիվանդը, անսպասելի մի հրաշքով արդեն անցել էր սահմանի այս կողմը և եկել, իր թափթփուկ բանակներն էր դրել քաղաքից 30 վերստ հեռավորության վրա: Սարսափ առած նախիրների նման՝ նաիրցի ռազմիկները փախել էին ոսոխից ու լցրել քաղաքը, էլ ոչ «դեզերտիր» էր մնացել, որ քյանդրբազ խաղացնեին, ոչ բան. հո չէ՞ր կարելի մի ամբուր բանակ երեք հեսագրասյան վրա քյանդրբազ խաղացնել: Թե ի՛նչ էր ներկայացնում քաղաքն արդենդժվար է նկարագրել: Երևակայեցեք, ընթերցո՛ղ, որ մի առավոտ վեր եք կենում ձեր տեղից և ուզում եք շորներդ հագնել, բայց տեսնում եք, որ անհասկանալի մի հրաշքով քանդվել են ձեր շորերի բոլոր կարերը, վերցնում եք ձեր շապիկըթափվում են շապկի մասերն առանձին առանձին՝ թևը մի կողմ է դնում, օձիքը մի կողմ, մնացածըուրիշ մի կողմ, վերցնում եք ձեր վարտիքընույնը, դե հիմա սրան ավելացրեք և այն, որ հանկարծ հրդեհ է ընկնում ձեր բնակարանը. — ի՞նչ պիտի անեք, դուրս վազեք, բայց դուրսը կանգնած են կանայք և երեխաներ, տկլոր հո չե՛ք երևա կանանց և երեխաների աչքին. — նե՞րսը մնաք. — Բայց ներսում էլ ձեզ խեղդում է ծուխը, և մի վայրկյան չանցած հրդեհի ալ-կարմիր բոցերն արդեն լիզել կսկսեն ձեր մարմինը... Այսպիսի՛ ահա անելանելի մի դրության մեջ ընկավ Մազութի Համոն գրավված վայրերից վերադառնալիս, քաղաքի, պատկերավոր ասած՝ բոլոր կարերն արդեն քանդվել էին, մասերից ամեն մեկը մի կողմ էր փախել, իսկ քաղաքի շուրջըՀըրդեհ էր. ծուխը լցվել էր արդեն քաղաքը և մոտենում էին արդեն քաղաքի ծխախեղդ մարմնին ահավոր հրդեհի ալ-կարմիր բոցերը: Ի՞նչ էր մնում անելու Մազութի Համոյին, փախչե՞լ, մնա՞լ. — Բայց ինչպե՞ս կարող էր, ասացեք խնդրեմ, փախչել Մազութի Համոն. կարո՞ղ էր արդյոք փախչել մարդու հոգին և իր սեփական, հարազատ մարմինը թողնել հրի բերան... Եվ Մազութի Համոն մնաց, ոչ միայն մնաց, այլև իր վրա վերցրեց բովանդակ իշխանությունը, մի վերջին ճիգ ևս, գերմարդկային մի ճիգ գործադրել կամեցավ Մազութի Համոն, որ փրկի դրությունը, բայց դրությունը չփրկվեց ուշ էր, բավականին ուշ էր արդեն, և դրությունը չէր կարող փրկել այլևս ոչ մի, թեկուզև գերմարդկային, ճիգ...

Ո՞նց, ո՞նց փրկեր դրությունը Մազութի Համոն, երբ, ինչպես ասացինք, քանդվել էին արդեն քաղաքի բոլոր կարերը և ոչ մի, թեկուզև հանճար եռագույն, դերձակ չէր կարող այլևս իրար միացնել այդ ոչ միայն իրարից բաժանված, այլև զարմանալի թափով իրարից խույս տալ սկսող, մասերը. Համո Համբարձումովիչի բացակայության ընթացքում այնպիսի մի չտեսնված զարգացման էին հասել քաղաքի, ինչպես ասում են՝ կենտրոնախույս ուժերը, որ այլևս անհնարին էր դրանք ոչ միայն ոչնչացնել, այլև չեզոքացնել: Երևակայեցեք՝ ընդամենը մի ամիս բացակայությունից հետո քաղաք վերադարձավ Մազութի Համոն, — և ի՞նչ, առաջին հերթին դեպի Բերդը վազեց Մազութի Համոն և նրա աչքերի առաջ պատկերացավ... 0, այն, ինչ որ պատկերացավ Մազութի Համոյի աչքին Բերդումթող ոչ մի գերագույն հրամանատարի չպատկերանա... բերդը. Նաիրյան արքաների շինած և դարեր շարունակ հազար չարի ու ոսոխի իր քարակերտ կուրծքը դեմ դրած այդ Բերդը, Մազութի Համոն գտավ ողբալի վիճակում: Զարթնեցին՝ տարիների մուժից, մշուշից ելնելով թունդ առան Մազութի Համոյի սրտում... երագները, ելան, Մազութի Համոյի դառնաթախիծ սրտից ելնելով՝ Մազութի Համոյի վշտից ու դառնությունից բորբոքված հանճարեղագույն ուղեղը խուժեցին... դարավոր սպասումները... Մի՞թե այսպես էր երազել Մազութի Համոն այս օրը. մի՞թե այսպես էր նկարվել Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղումԲերդը, նաիրյան այս Բերդը՝ հույսով ու սպասումով հարուստ այն հեռու օրերին, երբ «Լույսի» գրասենյակում նստած այս օրերն էր երազում ինքը, այն ժամանակ դեռ միմիայն «Լույսի» կառավարիչ Մազութի Համոն... Այստեղից, այո՛, բերդի այն ժայռակերտ պատնեշների վրայից պիտի ռումբեր տեղային մի օր, եթե այդ օրը գար... Այստեղից, այո՛ բերդի այս ժայռակերտ պարիսպների վրայից իջներ պիտի մի օրպիրկ, անպարտ կորովը Նաիրյան ցեղի... Որպես երկաթե մի բռունցք՝ իջներ պիտի մի օր թշնամու գլխին: — Այստեղից, բերդի այս անառիկ բարձրություններից հառնելով՝ պիտի ելներ ահասաստ, պիտի հառներ հաստատ նաիրյան ոգինկորովը, ուժը հազարամյաՆաիրյան աշխարհի... Ու պիտի վառվեր նորից, պիտի ժպտար խնդագին երկիրը հազարամյահնամյա նաիրին... Ահա՛ թե ի՛նչ էր երազել Մազութի Համոն «Լույսի» գրասենյակում անցկացրած իր անքուն գիշերներին այս օրվան սպասելիս... Օրը եկավ: Դեպքերի անսպասելի, հեքիաթային բերումով քաշվեցին բանակները Նաիրյան աշխարհից, դեպքերի անսպասելի, հեքիաթային բերումով՝ հանկարծ մարմնավորվեց, իրողություն դարձավ երկիրը «Նաիրի» Եվ ի՞նչ: Հավիտենական Հիվանդի հորդաներից սարսած, Մահամերձի թափթփուկ բանակներից սարսափահար՝ նախիրների նման պուկ տվին Նաիրյան բանակները, մնացել է Բերդը միայն, Նաիրյան այս բերդը, որ վաղը ոտնակոխ պիտի արվի հավիտենական Հիվանդի հորդաների կողմից, պիտի լիզե նորից Հավիտենական Հիվանդի հորդաների ոտները, Հավիտենական Հիվանդի թափթփուկ բանակների չաքմաների փոշին... Ուր է, ո՞ւր է ուժը, ո՞ւր է կորովն հնամյա Նաիրյան ցեղի, ո՞ւր է երկաթե բռունցքը... Ո՞ւր է, — հարցնում էր, դառնացած Եհովայի նման մազերը պոկելով, Մազութի Համոն. — «Ո՞ւր է»: Դառնացած Եհովայի նման պոկոտում էր մազերը ու Նաիրյան արքաների կորովն էր ոգեկոչում բերդի ամենաբարձր աշտարակի վրա կանգնած, Նաիրյան եռագույնի դողդոջ փայտին կռթնած, Մազութի Համոն. — «Ո՞ւր է» — հարցնում էր Մազութի Համոն, բայց պատասխան չկար, բերդի հազարամյա, մռայլ պարիսպներն էին միայն լուռ նայում Մազութի Համոյին, վերջին այդ արքայակերպ նաիրցուն, որ պոկոտում էր մազերը և Նաիրյան կորովը ոգեկոչում: Ու չկար կորովը, ու լուռ էր բերդը: Ու բերդի ամենաբարձր աշտարակի վրա կանգնած, Նաիրյան եռագույնի դողդոջ փայտին կռթնած՝ դառնաթախիծ թախծեց, լաց եղավ, ինչպես այն ժողովում, Մազութի Համոն, և Մազութի Համոյի, վերջին այդ արքայակերպ նաիրցու բոցե արցունքներն այրեցին Նաիրյան հնամյա այդ բերդի հազարամյա պատերը... «Ո՛չ» — ձեռքը Նաիրյան եռագույնի ղողդոջ փայտին խփելով, դառնաթախիծ լացի, հրե արցունքների միջից բացականչեց հանկարծ Մազութի Համոն. «Չի՛ լինի»: — Ցնցվեց. վայրկենական քնից, կամ կաթվածից արթնացածի նման ցնցեց իր գլուխը Մազութի Համոն. հանեց թաշկինակը և սրբեց աչքերը: Եվ նոր կարծես տեսավ, որ կանգնած են շուրջն ընկ. Վառոդյանը, բժիշկը, մի երկու Նաիրյան գեներալ և մի քանի նաիրցի սպաներ, անհուն պատկառանքով նայում էին նրանք Մազութի Համոյին ու լուռ, լուռ, լուռ ու տխուր էին, ինչպես բերդի պատերը: «Ո՞ւր են» — ցասման շանթեր տեղալով աչքերից հարցրեց որոտաձայն Մազութի Համոն. — «Ո՞ւր են մյուսները»: Բայց «մյուսները», որոնց մասին հարցնում էր Մազութի Համոն, իր քիչ առաջ ոգեկոչած Նաիրյան կորովի և ուժի նման, չկային. — պարզվեց, որ Բերդի սպայության բավականին նկատելի մասը գիշերը հեռացել է բերդից և չի վերադարձել: — «Իսկ ո՞ւր է բերդի գարնիզոնը» ավելի մեղմ, կարծես կոտրած ձայնով, շարունակեց իր ռեիզյան Մազութի Համոն: Ընկ. Վառոդյանը ցույց տվեց մատով. Մազութի Համոն նայեց ընկ. Վառոդյանի մատի ուղղությամբ. և Մազութի Համոն տեսավ: — Այնտեղ, բերդի երկրորդ աշտարակի վրա Մազութի Համոն տեսավ ի մի խռնված Նաիրյան տրեխավոր ռազմիկների բավականին բազմամարդ մի խումբ,որ զբաղված էր իրեն, Մազութի Համոյին նայելով: « — Ներողություն...» — ասաց Մազութի Համոն — «դրանք... թոփ գցել... գիտե՞ն...». — «Այո՛, ճիշտ այդպես է» — զինվորական պատիվ բռնելով՝ պատասխանեց գեներալներից մեկը, և Մազութի Համոյի արքայակերպ դեմքը մեղմիվ լուսավորվեց մի մանկական, համարյա իդիոտային, ժպիտով: Հասկացավ Մազութի Համոն՝ վերջացած է. ուղեղում, հատնող մոմի վերջին բոցերի նման, հիսախառն երերաց, կողքե-կողք ընկավ... երկիրը Նաիրի: Բայց — «Ո՜չ» — բացականչեց մտքում, վերջին ուժերը հավաքելով, Մազութի Համոն. — «Չի՛ լինի»: Ու հրամայեց նոր ռազմիկներ բերել բերդ, թնդանոթներ դնել, անգամ ցույց տվեց, թե ի՞նչ ուղղությամբ է հարկավոր դնել այդ թնդանոթները, հետո կառք նստեց և վերադարձավ քաղաք:

Следующая страница