Շիրվանզադե Ալեքսանդր՝ Արհավիրքի օրերին | |
ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Ի՞նչ եք կամենում ասել դրանով:
ՏԻՐԱՆ. Հասկացեք, ինչպես կամենաք:
ՄԻՀՐԴԱՏ. (Մեկուսի): Այդ տղան խելագարվել է: (Մոտենում է խորքի դռներին և Սաթենիկից ընդունում մատուցարանը, որի վրա դրված են մի քանի փոքրիկ գավաթներ՝ սուրճով լի):
ԳԱԼՈ– Բեյ, թույլ տվեք ինձ պարզել իմ եղբոր միտքը: Նա ուզում է ասել, որ մենք քրիստոնաներս, լինելով մուսուլման պետության հավատարիմ հպատակներ, պարտավոր ենք հարգել նախ և առաջ մուսուլման ավանդությունները: Այսօր, օրինակ, ինչպես դուք արգելում եք ձեր կանանց երևալ մեզ, այնպես և մենք պարտավոր ենք արգելել մեր կանանց ձեզ երևալու:
ՄԻՀՐԴԱՏ. (Մատուցարանը բռնելով Անթարի առջև): Բեյ, հրամայեցեք:
ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Ուշադրություն չդարձնելով Միհրդատի վրա): Հայի տղա, շատ ճարպիկ խոսեցիր եղբորդ պաշտպանելու համար: (Միհրդատին արհամարհանքով): Չեմ ուզում, (վեր է կենում):
ՏԵՍԻԼ 17
ՆՈՒՅՆՔ և ԴԱՆԻԵԼ, հեըո ՍԱԹեՆԻԿ և ՆիԳԱՐ
ԴԱՆԻԵԼ. (Գալիս է աջ կողմի դռներով և, Անթար-բեյին տեսնելով, ցնցվում ու մնում է դռների առջև):
ՍԱԹԵՆԻԿ. (Գալիս է խորքի դռներով):
ՆԻԳԱՐ. (Երևում է խորքի դռների մեջ և կանգ է առնում այնտեղ):
ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Կատաղի Տիրանին): Ստրուկ հայ, դուք ռուսական լրտես եք:
ԱՄԵՆՔԸ. (Ցնցվում են):
ԴԱՆԻԵԼ (Մեկուսի): Աստված իմ, մենք կորած ենք:
ՏԻՐԱՆ. Չեմ վախենալ և այդ անունից, եթե կամենաք:
ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Աա, չե՞ք վախենալ: Եվ դուք մինչև այսօր ազատ շրջո՞ւմ եք: Ինչպես երևում է, այստեղի ժանդարմերիան շատ էլ պարտաճանաչ չէ: (Մոտենալով Տիրանին՝ մտրակի ծայրը դնում է նրա ուսի վրա): Հանուն օրենքի ես ձեզ ձերբակալում եմ:
(Ընդհանուր շփոթություն):
ՄԻՀՐԴԱՏ. Բեյ, մի անեք այդ, աղաչում եմ:
ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Ոչ, Էֆենդիմ, նախ ձեր տունը պիտի մաքրել վտանգներից, ապա միայն փաշային բերել այստեղ: Ես գլխովս եմ պատասխանատու նրա կյանքի համար: (Տիրանին կատաղաբար): Առաջ ընկիր լակոտ:
ՏԻՐԱՆ. (Հազիվ զսպելով իրեն): Ես իմ կամքով չեմ գալ, տարեք ինձ ուժով, եթե կարող եք:
ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Աա, դու դիմադրո՞ւմ ես օրենքին: Ես գիտեմ ինչպես քեզ ստիպել: (Ուզում է թուրը մերկացնել):
ՍԱԹԵՆԻԿ. (Սարսափած): Աման, աստված:
ՆԻԳԱՐ. (Վազելով դեպի Գալոն): Օգնիր, Գալո, նա կսպանե Տիրանին:
ԳԱԼՈ. (Հանգիստ): Մի վախենար: (Անթար-բեյին): Բեյ, թույլ տվեք ինձ մի խոսք ասել, հետո արեք, ինչ կամենաք:
ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Տեսնելով, որ Տիրանը ձեռքը տարել է դեպի ատրճանակը, զսպում է իրան), ասա, ստրուկ:
ԳԱԼՈ. Բեյ, մեր հայրենիքը վտանգի մեջ է, թշնամին մտել է մեր երկիրր և ավերումներ է գործում: Բեյ, մի՞թե ժամանակ է ներքին խռովություններով զբաղվելու: Մի՞թե վայել է ձեզ նման մի ասպետի կատարել ոստիկանի նվաստացուցիչ պաշտոն: Մի՞թե այն ձեռքը, որ պատրաստվում է պատերազմի դաշտում գերիներ վերցնելու, այստեղ, այս չորս պատերի մեջ պիտի ձերբակալե մի ինչ-որ խելառ պատանու, որ ոչ իր արածը գիտե, ոչ խոսածը: Բեյ, մի ստորացնեք ձեր զինվորական համազգեստը և թողեք, որ ոստիկանները կատարեն իրենց գործը:
ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Ձեռքը հեռացնելով թրից): Տղա, դու դարձյալ վատ չխոսեցիր: Այո, Աբդուրահման փաշայի թիկնապահին վայել չէ իր ձեռները կեզտոտել մի լակոտի վրա: Ես գործը կհանձնեմ ոստիկանությանը: (Տիրանին): Եվ մենք կհանդիպենք այնտեղ: (Գնում է աջ կողմի դռներով: )
ԳԱԼՈ. (Ուղեկցում է Անթար-բեյին, նրա հետ գնալով աջ կողմի դռներով):
ՏԵՍԻԼ 18
ՆՈՒՅՆՔ առանց ԱՆԹԱՐ-ԲԵՅԻ և ԳԱԼՈՅԻ
ՄԻՀՐԴԱՏ. (Անթար-բեյին ուղեկցում է մինչև աջ կողմի դռները ու վերադառնում): Փախիր այս վայրկյանիս, փախիր, ապա թե ոչ կորած ես:
ՍԱԹԵՆԻԿ. Գնա, որդի, գնա. այժմ ես էլ չեմ ուզում որ մնաս:
ՆԻԳԱՐ. Ահ, նամակս: (Նստում է գրասեղանի քով և նամակն ավարտում):
ՄԻՀՐԴԱՏ. (Համբուրվելով Տիրանի հետ): Գնա, որդի, և ասա ռուսին, որ Թուրքիայի ճնշված ու հալածված քրիստոնեությունը նրանից է սպասում իր ազատությունը: Ասա ռուս զորաբանակին, որ մեր գոմերն ու շտեմարանները բաց են նրա համար, ինչպես և մեր սրտերը: Մենք ոչինչ չենք խնայի նրա համար, ոչ կյանք և ոչ գույք, միայն թե գան և տիրեն մեր երկրին:
ՍԱԹԵՆԻԿ. Եվ ոչինչ չենք պահանջի փոխարենը, բացի մեր զավակների կյանքի և մեր պատվի ապահովությունից: (Համբուրվում է Տիրանի հետ և արտասվում է):
ՏեՍԻԼ 19
ՆՈՒՅՆՔ և ԳԱԼՈ,որ վերադառնում է խորքի դռներով
ԳԱԼՈ. Ոստիկաններն իսկույն կգան, շտապիր: Իմ բարեկամ քուրդերից մեկը սպասում է քեզ փողոցում: Նա քեզ կթաքցնե մի ապահով տեղ մինչև երեկո, իսկ մութն ընկնելիս կարող ես քաղաքից դուրս ելնել: Հաջողություն: (Համբուրվում է Տիրանի հետ):
ԴԱՆԻԵԼ. (Մոտենալով Տիրանին): Ես էլ եմ քեզ մաղթում հաջողություն, թեև կրկնում եմ, զենքը չէ, որ պիտի փրկե մեզ: (Համբուրվում է Տիրանի հետ):
ՆԻԳԱՐ. Կտաս այս նամակը հայրիկիս և կհամբուրես նրան:
ՏԻՐԱՆ. (Նամակր ծոցը դնելով): Արի համբուրվենք, Նիգար, չէ՞ որ մենք քույր ու եղբայր ենք:
ՆԻԳԱՐ. (Շփոթվելով ու կարմրելով համբուրվում է): Չգիտեմ պետք է ուրախանա՞լ, թե լաց լինել: Իհարկե պետք է ուրախանալ: (Ուղում է ծիծաղել, բայց լաց է լինում):
ՏԻՐԱՆ. Դե, ամենայն բարիք: (Քայլերն ուղղում է դեպի աջ կողմի դռները):
ԳԱԼՈ. Կաց, մյուս դռնով գնա:
ՏԻՐԱՆ. (Գնում է խորքի դռնով):
ՆԻԳԱՐ. Ես քեզ ճանապարհ կդնեմ մինչև փողոց (Հետևում է Տիրանին):
ՏԵՍԻԼ 20
ՄԻՀՐԴԱՏ, ՍԱԹԵՆԻԿ և ԳԱԼՈ
ՍԱԹԵՆԻԿ. (Ընկճված նստում է թախտի վրա): Կտեսնե՞մ արդյոք նրան նորեն:
ՄԻՀՐԴԱՏ. Ինչո՞ւ Տիրանին չթողիր այն դռնով գնալու:
ԳԱԼՈ. Որովհետև իսկույն այն դռնով կգան նրան ձերբակալելու: (Նայում է լուսամատով): Ահա, եկան: Բայց Տիանն արդեն փրկված է:
ՄԻՀՐԴԱՏ. Անիծվածներն ավերելու են մեր տունը:
ԳԱԼՈ. Մի վախենար, ես կազատեմ քո տունը: (Գնում է աջ կողմի դռնով):
ՍԱԹԵՆԻԿ. Տեսնո՞ւմ ես, նա քո որդուն ազատեց: Գնաց քեզ էլ ազատելու:
ՄԻՀՐԴԱՏ. Այնուամենայնիվ, ես նրան ատում եմ:
Վարագույր
ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ
ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ
Զորավայր: Հայ կամավորների բանակը: Կիսավեր հայկական գյուղ Եփրատ գետի ափերի վրա: Բեմի ձախ կողմը, առաջին գծի վրա, ներկայացնում է մի հսկայական կիսախարխուլ հայկական վանքի ճակատը մի քանի նեղ երկայնաձև լուսամուտներով, որոնք ապակիներ չունին: Լուսամուտների միջև մի ցածր լայն կամարաձև դուռ, առանց փեղկերի: Հնադարյան շինության խոշոր քարերի արանքներից վար են ձգվել ինչ-որ բույսեր: Վանքի գմբեթն ու կտուրը, որ երևում են կիսով չափ, ծածկված են սևագույն մամուռով: Բեմի խորքը ներկայացնում է անկանոն փողոց, աջ ու ձախ տնակներ, տափակ հողե կտուրներով: Ավելի խորը երևում է Եփրատը, որ հոսում է ձախ կողմից դեպի աջ: Գետի ափերին կանաչազարդ ծառեր: Շատ հեռու դաշտեր, ձորեր, ապա ձյունազարդ լեռներ: Բեմի աջ կողմը, առաջին գծի վրա, ներկայացնում է ամայություն, կենտրոնում ընկած են մի քանի մեծ, մամռապատ քարեր, որոնք ծառայում են որպես նստարաններ: Պարզ արեգակնային առավոտ է: Կամավորները ցրված են բեմի խորքում, գետի ափերին: Ոմանք լվացվում են, ոմանք գետնի վրա նստած կամ պառկած են: Տիրում է զվարթ տրամադրություն: Խոսում են, ծիծաղում, իրար բոթում ու հրում:
ՏԵՍԻԼ 1
ԵՐԵՔ ՊԱՐԵՆԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ և ԶԱՐՄԱՅՐ
ԱՌԱՋԻՆ ՊԱՐԵՆԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐ. (Բեմի ձախ կողմում, վանքի պատի տակ կանգնած է, առջևը մի քանի տոպրակներ հացով լի: Գոռում է): Հա՜ց, հա՜ց...
ԵՐԿՐ. ՊԱՐ. ԿԱՄԱՎ. (Դուրս է գալիս վանքի դռնից, բերելով մի տոպրակ շաքարով լի: Անցնելով բեմի աջ կողմը, գոռում է): Շաքա՜ր:
ԵՐՐՈՐԴ. ՊԱՐ. ԿԱՄԱՎ. (Դուրս է գալիս վանքի դռնից, քերելով ծխախոտով մի արկղ և անցնելով բեմի աջ կողմը, գոռում է): Ծխախո՜տ, ծխախո՜տ:
ԿԱՄԱՎՈՐՆԵՐ. (Իրար հրելով, շրջապատում են պարեն բաժանողներին և, իրենց բաժիններն ստանալով, անցնում են բեմի խորքը):
ԶԱՐՄԱՅՐ. (Գալիս է վանքի դռնից: Փոքրահասակ, նիհարադեմ, մեծ միրուքով, արագաշարժ, արագախոս մարդ է, մոտ 40 տարեկան: Գոռում է բարձր ձայնով): Է՜յ, ինձ լսեցեք, ամեն մեկին երկու կտոր շաքար, տասը ծխախոտ: Լավ համրեցեք, ոչ ավելի, ոչ պակաս: Լսո՞ւմ եք:
ԿԱՄԱՎՈՐՆԵՐ. (Ծիծաղում են և Զարմայրին գրգռելու համար ձայները նմանեցնում են նրա ձայնին): Լսո՞ւմ ենք, լսում ենք: (Միաձայն ծափ տալով): Հրես եկավ մեր Զարմայրը, պստիկ-չստիկ զարհումարը, պստիկ-չստիկ զահրումարը: (Ծիծաղում են):
ԶԱՐՄԱՅՐ. Այ կոտորվեք դուք, ինչպես կոտորվելու եք: Ձեզ պետք է քաղցած թողնել, որ խելքի գաք:
ԿԱՄԱՎՈՐՆԵՐ. (Մհերին տեսնելով): Մհերն եկավ, Մհերն եկավ, զահրումարը ծակուռ մտավ, զահրումարը ծակուռ մտավ:
ՏԵՍԻԼ 2
ՆՈՒՅՆՔ և ՄՀԵՐ
ՄՀԵՐ. (Գալիս է բեմի խորքից, իր հուժկու ձեռքերով իր համար հանապարհ բանալով: Հաղթանդամ մարդ է, մոտ 35 տարեկան): Հե, հե, ինձ ծխախոտ տվեք, այսօր դեռ չեմ ծխել: (Մոտենում է ծխախոտ բաժանողին և իր բաժինը վերցնում):
ԶԱՐՄԱՅՐ. Տասը հատ, ոչ ավելի, տասը հատ:
ՄՀԵՐ. Էհե, այդ դո՞ւ ես, սատանայի ոջիլ: Ո՞ւր ես, ձայնդ լսում եմ, քեզ չեմ տեսնում: (Իբրև թե փնտրում է, ինչպես մի ասեղ):
ԶԱՐՄԱՅՐ. Ես սատանայի ոջիլ չեմ. ես տնտեսապետ եմ: Ես քեզանից չեմ վախենում, Սասունի արջ:
ՄՀԵՐ. Ի՞նչ, Սասունի ա՞րջ: (Բռնում է Զարմայրին և բարձրացնում է իր գլից վերև): Ես քեզ ցույց կտամ, ինչ է Սասունի արջը:
ԿԱՄԱՎՈՐՆԵՐ. (Ծիծաղելով): Ուռա, ագռավը թռավ ելավ փղի գլխին:
ՄՀԵՐ. Տղերք, ո՞րտեղ գցեմ սրան:
ԿԱՄԱՎՈՐՆԵՐ. Վանքի կտուրը: Չէ, չէ, մեզ վրա: Չէ, գցիր Եփրատի մեջ: Մկրտիր նրան: Նա ջհուդ է:
ԶԱՐՄԱՅՐ. (Ճիդ է անում դաշույնը պատյանից դուրս բերելու, չի կարողանում: Կատաղում է և սկսում է Մհերի ձեռքերը կրծոտել): Բաց թող, արջ, բաց թող, մոլթանի, բաց թող, ազգային գոմեշ:
ՄՀԵՐ. Շուն, ձեռներս կրծոտեց: (Դնում է Զարմայրին գետնի վրա:
ԶԱՐՄԱՅՐ. (Տնքտնքալով): Ահ, ոսկորներս ջարդ ու փշուր արավ անօրենը:
ՏԵՍԻԼ 3
ՆՈՒՅՆՔ և ՍԱՔՈ
ՍԱՔՈ. (Մոտ 35 տարեկան զվարթ դեմքով տղամարդ է: Առաջ է գալիս բեմի խորքից: Զարմայրին): Լավ, քիչ ծվծվա, փառք տուր աստծուն, որ էժան պրծար:
ԿԱՄԱՎՈՐՆԵՐ. (Ցրվում են բեմի խորքը):
(Բեմի հետևից՝ կամավորների ցրվելուց հետո լսվում է երաժշտություն: Նվագում
են նախ քյամանչա ու թառ, ապա սրինգ):
ԶԱՐՄԱՅՐ. (Մհերին): Ես քեզ կպատժեմ: (Բարձր՝ պարենապահներին): Էհ, այսօր երեք ֆունտից ավելի հաց չտաք այդ ջանավարին: Թողեք քաղցած սատկե: (Գնում է վանք):
ՄՀԵՐ. Փիշտ:
ՊԱՐԵՆԱՊԱՀՆԵՐ. (Մնացորդ պարենը ժողովում են ու տանում վանք):
ՏԵՍԻԼ 6
ՀՐԱԶԴԱՆ, ՍԱՔՈ և ԱԼԻՇԱՆ
ՀՐԱԶԴԱՆ. (Մռայլ, գլուխր շարժելով): Դարերի անասելի տանջանքները մեզ դարձրել են մարմնացած թույն: Եվ թույն ենք մենք ոտքից մինչև գլուխ, (Սաքոյին): Ի՞նչ նորություն կա:
ՍԱՔՈ. Կամավորների նոր խմբեր են եկել և զենք են պահանջում:
ՀՐԱԶԴԱն. Ո՞րտեղից են:
ՍԱՔՈ. Ռումանիայից, Բուլգարիայից, Ամերիկայից, Լնդկաստանից. աշխարհի բոլոր վայրերից, ուր կան մի բուռը հայեր:
ԱԼԻՇԱՆ. (Ոգևորված): Օրհնվին եկողները. Հինգ դար է՝ հայությունը այդպես չի շարժվել իր ազատության համար:
ՍԱՔՈ. (Հրազդանին): Ի՞նչ կհրամայես անել:
ՀՐԱԶԴԱն. Թող բժիշկը քննե բոլորի առողջությունը, իսկ դու փորձիր նրանց զինավարժությունը: Պետք է ընդունել այնպիսիներին միայն, որոնք անպայման առողջ են, դիմացկուն և գիտեն զենք գործածել:
ՍԱՔՈ. Լսում եմ: Եկել են երկու երիտասարդ օրիորդներ՝ մեկը հայ, մյուսը ռուս:
ՀՐԱԶԴԱն. Գթության քույրե՞ր են:
ՍԱՔՈ. (ժպտալով): Ոչ, եկել են իբրև զինվորներ՝ կռվելու համար:
ՀՐԱԶԴԱՆ. Ասա նրանց, որ թե գեներալը և թե ես հակառակ ենք կանանցից կամավորներ ընդունելուն:
ԱԱՔՈ. Ասել եմ շատ անգամ, բայց նրանք շարունակ հետևում են մեզ: (Հետ նայելով): Ահա նրանք: Գալիս են անձամբ խնդրելու:
ՏԵՍԻԼ 7
ՆՈՒՅՆՔ և ՏԱՏԻԱՆԱ ՍԿՎՈՐՑՈՎԱ ու ԳԱՅԱՆԵ ՇԱՀԻՆՅԱՆ, որ գալիս են բեմի խորքից:
ՀՐԱԶԴԱՆ. Ի՞նչ եք կամենում:
ՏԱՏ. ՍԿՎՈՐՑՈՎԱ. (Մոտ 22 — 23 տարեկան օրիորդ է՝ կամավորի համազգեստով: Ձեռները դրած է վերարկուի գրպաները): Զենք:
ԳԱՅԱՆԵ ՇԱՀԻՆՅԱն. (Մոտ 22 — 23 տարեկան օրիրոդ է՝ կամավորի շրջազգեստով: Ձեռները դրած է վերարկուի գրպանները): Զենք:
ՀՐԱԶԴԱՆ. Կինը ստեղծված է գթության և ոչ արյունահեղության համար:
ՏԱՏԻԱՆԱ ՍԿՎՈՐՑՈՎԱ. Գթության քույրեր շատ կան. իսկ մենք ուզում ենք արյունով սրբագործել այն գաղափարը, որ մեզ բերել է այստեղ:
ՀՐԱԶԴԱՆ. Ո՞րն է այդ գաղափարը:
ՏԱՏԻԱՆԱ ՍԿՎՈՐՑՈՎԱ. Ստրկի ազատությունը բռնության շղթաներից:
ԳԱՅԱՆԵ ՇԱՀԻՆՅԱՆ. Բռնաբարված մայրերի և պղծված աղջիկների վրեժը:
Տ. ՍԿՎՈՐՑՈՎԱ. Հանուն քաղաքակրթության և մարդկային իրավունքների:
ՀՐԱԶԴԱՆ. (Սկվորցովային): Օրիորդ, դուք ռուս եք: Դեռ մի փոքր հասկանալի է ձեր ընկերուհու ցանկությունը մեր շարքը մտնելու: Նա հայ է: Իսկ դուք ի՞նչ կապ ունիք մեր գործի հետ:
Տ. ՍԿՎՈՐՑՈՎԱ. Պարոն հազարապետ, թշվառությունը ոչ ազգություն ունի, ոչ հայրենիք: Ես շատ եմ կարդացել ու լսել ձեր ժողովրդի տառապանքների մասին և իմ սիրտն այսօր նույնչափ լեցուն է թույնով, որչափ և ընկերուհուս սիրտը: Թողեք, որ ես էլ հետևեմ նրա օրինակին:
ՍԱՔՈ. Հրացան գործածել գիտե՞ք:
ԳԱՅԱՆԵ ՇԱՀԻՆՅԱն. Սովորել ենք:
ՍԿՎՈՐՑՈՎԱ. Փորձեցեք, եթե հարկավոր է:
ՀՐԱԶԴԱՆ. (Խորհելով): Ոչ, ես ձեզ ընդունել չեմ կարող:
Տ. ՍԿՎՈՐՑՈՎԱ. Եվ չեք էլ կարող մերժել: Միևնույն է, մենք հետևելու ենք ձեզ, ուր որ գնաք:
ՀՐԱԶԴԱՆ. Որ այդպես է, թույլ տվեք մի անգամ ես խոսեմ ձեր մասին գեներալի հետ: Իսկ առայժմ համաձայնվեցեք վարել գթության քույրերի պաշտոն:
Տ. ՍԿՎՈՐՑՈՎԱ. Առժամանակ կարող ենք:
ՀՐԱԶԴԱՆ. Ցտեսություն:
ՍԿՎՈՐՑՈՎԱ ԵՎ ՇԱՀԻՆՅԱՆ. Յտեսություն: (Զինվորական նշան անելով, գնում են բեմի խորքը):
ՏԵՍԻԼ 8
ՀՐԱԶԴԱՆ և ԱԼԻՇԱՆ
ԱԼԻՇԱՆ. (Նայելով օրիորդների հետևից): Օրհնվի ձեր ծնունդը:
ՀՐԱԶԴԱՆ. (Մտախոհության մեջ է):
ԱԼԻՇԱՆ. Ինչի՞ մասին ես մտածում:
ՀՐԱԶԴԱՆ. Երկրի մասին: Մենք տեղեկություններ չունենք, չգիտենք ինչ է կատարվում այնտեղ: Ինձ հալածում են հազար ու մի մռայլ մտքեր:
ԱԼԻՇԱՆ. Որոնց թվում անշուշտ և քո զավակի հոգսը:
ՀՐԱԶԴԱն. (Վեր է կենում): Այո, և իմ զավակի հոգսը: Ես չեմ թաքցնում:
ԱԼԻՇԱՆ. Մի հոգար. շուտով դու նրան կգրկես ու կհամբուրես, և դա կլինի թուրքահայ ժողովրդի ազատության առաջին նշանը:
ՀՐԱԶԴԱՆ. (Ոգևորվելով): Ահ, թուրքահայ ժողովրդի ազատության առաջին նշանը: Երանի կատարվի քո գուշակությունը, տեր հայր:
ԱԼԻՇԱՆ. Չլինի՝ թե կասկածում ես:
ՀՐԱԶԴԱՆ. 0, ոչ, երբեք: Վատ է այն զինվորը, որ պատերազմի դաշտում հուսահատության որևէ զգացում ունի իր սրտում: Տասնհինգ տարի շարունակ ես իմ փոքրաթիվ քաջերով կռվել եմ օսմանյան բռնապետության դեմ ու չեմ հուսահատվել: Ա՞յժմ պիտի հուսահատվեմ, երբ ռուս հաղթական բանակի մի մասնիկն ենք կազմում: Ոչ, երբեք հայ ժողովուրդի աստղն այնպես պայծառ չի փայլել իմ աչքում, որքան այսօր: Ահ, երանի հրաման ստանայինք այսօր ևեթ առաջ շարժվելու:
ԱԼԻՇԱՆ. Ահա գալիս է գեներալի թիկնապահը: Տեսնենք՝ ինչ հրաման է բերում:
ՏԵՍԻԼ 9
ՆՈՒՅՆՔ և ՄԻԼՈՎԻԴՈՎ
ՄԻԼՈՎԻԴՈՎ. (Արագ քայլերով գալիս է աջ կողմից: Մոտ 30 տարեկան երիտասարդ պորուչիկ է թիկնապահի էքսեյ–բանդով: Թեթև, գինվորական պատվի նշան է անում և հետո բարեկամաբար սեղմում է Հրազդանի և Ալիշանի ձեռքը): Մեր կողմն են անցել մի քանի հայ երիտասարդներ թշնամու բանակից: Գեներալը նրանց ուղարկեց ձեզ մոտ, խնդրելով քննության ենթարկել և հետևանքի մասին զեկուցանել իրան: (Ձեռքով նշան է անում դեպի աջ կողմ): Առաջ եկեք:
ԱԼԻՇԱՆ. Նրանք մեզ տեղեկություններ կհաղորդեն երկրի մասին:
ՀՐԱԶԴԱՆ. Տեսնենք:
ՏԵՍԻԼ 10
ՆՈՒՅՆՔ և ՏԻՐԱՆ իր չորս ընկերների հետ, որ գալիս են մի քանի կոզակների ուղեկցությամբ: Տիրանը և իր ընկերները հոգնած են, նիհարած, բոլորի հագուստները փոշոտ են ու պատառոտված:
ՄԻԼՈՎԻԴՈՎ. (Կոզակներին): Դուք հեռացեք:
ԿՈԶԱԿՆԵՐ. (Գնում են աջ կողմով):
ՀՐԱԶԴԱՆ. (Միլովիդովին): Ասացեք գեներալին, որ իր հրամանը կատարելով, իսկույն կներկայանամ իրեն:
ՄԻԼՈՎԻԴՈՎ. Ցտեսություն: (Գնում է աջ կողմով):
ՏԵՍԻԼ 11
ՆՈԻՅՆՔ, առանց ՄԻԼՈՎԻԴՈՎԻ և ԿՈԶԱԿՆԵՐԻ
ՀՐԱԶԴԱՆ. Ո՞վքեր եք դուք:
ՏԻՐԱՆԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ. Փախստականներ.
ՀՐԱԶԴԱՆ. Ո՞ր կողմից:
ԱՄԵՆՔԸ. Մերձակա գավառներից:
ԱԼԻՇԱՆ. Թողեք մեկը պատասխանի:
ՀՐԱԶԴԱՆ. Ինչո՞ւ համար եք եկել:
ՏԻՐԱՆ. Մեր ազատության գործին ծառայելու համար:
ՀՐԱԶԴԱՆ. (Խորը դիտելով Տիրանին): Տղա, ձայնդ ու դեմքդ ինձ ծանոթ են թվում: Ո՞վ ես դու:
ՏԻՐԱՆ. Հորեղբայր, ես Տիրանն եմ: (հարձակվում է Հրազդանի վրա և գրկախառնվում):
ՀՐԱԶԴԱՆ. Ինչպես փոխվել ես. բավական է: (Բաց է թողնում Տիրանին իր գրկից): Ասա, կենդանի՞ են ձերոնք:
ՏԻՐԱՆ. Հինգ օր առաջ կենդանի էին, այժմ չգիտեմ:
ՀՐԱԶԴԱՆ. Ուրեմն վտա՞նգ էր սպառնում:
ՏԻՐԱՆ. (Երեսը դարձնում է՝ հուզմունքը թաքցնելու համար):
ՄԵԿԸ ՏԻՐԱՆԻ ՉՈՐՍ ԸՆԿ. Գեշ է մեր վիճակը, տեր, շատ գեշ, ժողովրդին ընդհանուր կոտորած է սպառնում և արդեն սկսել են կոտորել:
ԱԼԻՇԱՆ. (Սարսափով): Ողորմած աստված: (Լռություն):
ԱՄԵՆՔԸ. (Նայում են Հրազդանին):
ՀՐԱԶԴԱՆ. (Ցնցվել է ու հուզվել: Զսպում է իր հուզումը): Ի՞նչ տեղեկություններ կարող եք տալ մեզ թուրք զորքերի մասին:
ՏԻՐԱՆ. Ամենաստույգ տեզեկութուններ, հորեղբայր: Տուր մեզ հարցեր, կպատասխանենք:
ՀՐԱԶԴԱՆ. Շատ լավ: Գեներալն ինքը ձեզ կտա հարցեր:
Առայժմ դուք բոլորդ երևի հոգնած եք ու անոթի:
ՏԻՐԱՆԻ ԸՆԿ. ՄԵԿԸ. Երկու օր է ոչինչ չենք կերել:
ՀՐԱԶԴԱն. Ալիշան, հրամայիր Զարմայրին դրանց կերակրել և մի ձեռք հագուստ տալ:
ԱԼԻՇԱՆ. Հետևեցեք ինձ: (Գնում է վանք):
(Տիրանի ընկերները հետևում են Այիշանին):
ՏԵՍԻԼ 12
ՀՐԱԶԴԱՆ և ՏԻՐԱՆ
ՏԻՐԱՆ. (Մնալով անշարժ):
ՀՐԱԶԴԱՆ. Դու չե՞ս ուզում հանգստանալ:
ՏԻՐԱՆ. Ասելիք ունեմ: (Ծոցի գրպանից դուրս է բերում Նիգարի նամակը ու տալիս Հրազդանին): Նիգարիցն է:
ՀՐԱԶԴԱՆ. (Նամակը համբուրելով). Յոթը տարի է չեմ տեսել նրան: Գեղեցի՞կ է նա առաջվա պես: (Ուզում է նամակը բաց անել):
ՏԻՐԱՆ. Չկա իր նմանը մեր ամբողջ գավառում: Հորեղբայր, նամակը կկարդաս հետո. առայժմ ինձ լսիր: Երկրում ոչ մի հայ ապահով չէ վտանգից, բայց ամենաառաջին վտանգը Նիգարին է սպառնում:
ՀՐԱԶԴԱՆ. (Ցնցվելով): Իմ զավակի կյանքի՞ն:
ՏԻՐԱն. Ոչ միայն կյանքին, այլև պատվին, հորեղբայր:
ՀՐԱԶԴԱՆ. Ո՞ւմից է սպառնում այդ վտանգը:
ՏԻՐԱՆ. Մի թուրք սպայից, որ Աբդուրահման փաշայի թիկնապահն է:
ՀՐԱԶԴԱՆ. (Սրտատրոփ): Պատմի՛ր:
ՏԻՐԱՆ. Իմ ուղևորվելու օրն այդ սպան եկավ մեր տունը գրավելու փաշայի համար: Նա տեսավ Նիգարին և իսկույն հափշտակվեց նրա գեղեցկությամբ: Լիրբն այնքան հանդուգն եղավ, որ իր գարշելի մտադրությունը չթաքցրեց: Մեր մեջ տեղի ունեցավ մի խուլ ընդհարում, որ անշուշտ արյունով կվերջանար, եթե չմիջամտեր Գալոն, իր սովորական խոհեմությամբ:
ՀՐԱԶԴԱՆ. Այժմ այդ սպան ձեր տա՞նն է:
ՏԻՐԱՆ. Չգիտեմ, բայց պետք է ենթադրել, որ դեռ այնտեղ է:
ՀՐԱԶԴԱՆ. (Կատաղի): Եվ իմ դուստրը գտնվում է նրա հետ մի հարկի տա՞կ:
ՏԻՐԱՆ. Այո, հորեղբայր, բայց շատ էլ չպիտի անհանգստանալ, Գալոյի խելքն արժե հարյուրավոր զինված պաշտպանների: Գալոն սիրում է Նիգարին, իսկ սերը հորեղբայր, զորեղ զենք է սիրածին պաշտպանելու համար:
ՀՐԱԶԴԱՆ. Գալոն սիրում է Նիգա՞րին, ասացիր:
ՏԻՐԱՆ. Այո, հորեղբայր, սիրահարված են:
(Լռություն):
ՀՐԱԶԴԱՆ. (Կռվելով ինքն իր հետ): Քո, լուրերը տակն ու վրա արին իմ էությունը: Այդ թուրք սպայի ներկայությունը միևնույն տանը... Ոչ, ոչ, անկարելի է արշավանքը հետաձգել մինչև վաղը: Ես կխնդրեմ գեներալին, որ նա թույլ տա ինձ իմ խմբով իսկույն ևեթ առաջ շարժվել: Իսկույն՝ առանց մի րոպե հետաձգելու: (Նամակը դնում է գրպանը): (Բեմի խորքից լսվում է Մհերի խմբի ռազմական երգը: Երգվում է «Բամբ որոտան» և այլն):
ՏԻՐԱՆ. Այդ ի՞նչ է:
ՀՐԱԶԴԱՆ. (Արիանալով): Մեր ռազմական երգը: Մհերի խումբը գնում է քուրդերի դեմ: Գնանք հաջողություն մաղթելու: (Անցնում է մի փոքր բեմի խորքը):
ՏԻՐԱՆ. (Հետևում է Հրազդանին և կանգնում նրա մոտ):
ԱԼԻՇԱՆ ԵՎ ՏԻՐԱՆԻ ԸՆԿ. (Դուրս են գալիս վանքից և միանում Հրազդանին):
ՀՐԱԶԴԱՆ. (Երբ Մների խումբը մոտենում է, բարձր): Տղերք, թող թշնամին երբեք ձեր թիկունքը չտեսնե:
ԿԱՄԱՎՈՐՆԵՐ. Կեցցե հազարապետը: (Երգելով անցնում են բեմի ձախ կողմից դեպի աջ՝ Մհերի առաջնորդությամբ):
Վարագույր
ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
ՆՈՒՅՆ ԶՈՐԱՎԱՅՐԻ ՄԻ ՈԻՐԻՇ ՄԱՍԸ
Ռուս զորաբանակ: Բեմը ներկայացնում է ընդարձակ դաշտավայրը: Հեռուն դարձյալ երևում է Եփրատը: Առաջին գծի վրա՝ աջ կողմում մի մեծ վրան գեներալ Նելիդովի համար: Երկու ուրիշ վրաններ քովե-քով բեմի ձախ կողմում: Խորքում՝ աջ ու ձախ վրաններ մինչև հեռու հորիզոն: Վրանների միջև բեմին ուղղագիծ երկայն տարածություն, ուր երևում են կոզակներ և հետևակ զինվորներ:
ՏԵՍԻԼ 1
ԵՐԿՈՒ ՊԱՀԱՊԱՆ ԿՈԶԱԿՆԵՐ, որ մերկ թրերը ձեռքներում պահած՝ կանգնած են գեներալի վրանի առջև:
ԽՈՐՔԻՑ. (Լսվում է հարմոնիայի ձայնը, որ տևում է բավական միջոց, հետո լսվում է բալալայկայի ձայն,որ տևում է ավելի երկար միջոց:
ԱՌԱՋԻՆ ԿՈԶԱԿ. Կեսօրն անցավ, եղանակը ցրտեց:
ԵՐԿՐՈՐԴ ԿՈԶԱԿ. Երեկոն կգա, շներր կսկսեն ոռնալ:
Ա. ԿՈԶ. Ատում եմ նրանց վայնասունը:
Բ. ԿՈԶ. Ասում են՝ նրանք ողբում են իրանց տերերին:
Ա. ԿՈԶ. 0, ցրտում է, այս ի՞նչ երկիր է. ցերեկը՝ շոգ, երեկոն՝ ցուրտ:
Բ. ԿՈԶ. Տարօրինակ երկիր է: Ձորեր, լեռներ, մութ-մութ անդունդներ:
(Լռություն):
Ա. ԿՈԶ. Դյաչենկո:
Բ. ԿՈԶ. Ի՞նչ է:
Ա. ԿՈԶ. Այդ հայերն ի՞նչ ազգ են:
Բ. ԿՈԶ. Ազգ են էլի, ես ինչ գիտեմ:
Ա. ԿՈԶ. Նրանք ցար ունե՞ն:
Բ. ԿՈԶ. Ոչ:
Ա. ԿՈԶ. Բա էլ ինչի՞ համար են:
Բ. ԿՈԶ. Քրիստոնյաներ են:
Ա. ԿՈԶ. Մի՞թե:
Բ. ԿՈԶ. Դե, իհարկե, չե՞ս տեսել խաչեր նրանց աղոթատների վրա:
Ա. ԿՈԶ. Ճշմարիտ որ... Բայց սատանան տանե, ես չեմ կարող հայերին քրդերից զատել:
Բ. ԿՈԶ. Գիտես, ես հայերի գյուղերն էլ կարողանում եմ հեռվից զատել քուրդերի գյուղերից:
Ա. ԿՈԶ. Այդ ինչպե՞ս:
Բ. ԿՈԶ– Ծառերով: Որ գյուղում որ ծառեր տեսնես, գիտցիր, որ հայեր են:
Ա. ԿՈԶ– Խե, խե, խե, ծիծաղելի է:
ԲԵՄԻ ԽՈՐՔԻՑ. (Լսվում է շեփորի ձայն, որ զինվորներին կերակուրի է կանչում: Անմիջապես խորքում սկսվում է իրարանցում: Զինվորներն ու կոզակները աջ կողմից անցնում են դեպի ձախ՝ ձեռներում փոքրիկ կաթսաներ):
Բ. ԿՈԶ. Վերջապես, մեզ կանչում են ուտելու: Ես շան պես քաղցած եմ:
Ա. ԿՈԶ. Ահա գալիս են մեզ փոխարինելու:
(Երկու ուրիշ կոզակներ մի երրորդի առաջնորդությամբ գալիս են խորքից և փոխարինում առաջիններին):
ՏԵՍԻԼ 2
ԳԵՆԵՐԱԼ ՆԵԼԻԴՈՎ, ՄԻԼՈՎԻԴՈՎ, ՀՐԱԶԳԱՆ, ԱԼԻՇԱՆ և մի խումբ սպաներ դուրս են գալիս աջ կողմի մեծ վրանից:
ԳԵՆԵՐԱԼ. Ցավում եմ, որ չեմ կարող թույլ տալ ձեզ այսօր ևեթ առաջ շարժվելու: Մթերքների և պարենի տրանսպորտը միայն վաղն առավոտյան է այստեղ հասնելու: Անխոհեմ կլինի առանց պաշարի և ուտելիքի գործ սկսել: Բացի դրանից, ես չեմ կարող ձեզ կռվի ուղարկել առանց գնդացիրների:
ՀՐԱԶԴԱՆ. Ձերդ գերազանցություն, իմ մարդիկդ ունին բավականաչափ փամփուշտներ, ուտելիքը կգտնենք ճանապարհին, իսկ գնդացիրները կգան հետո:
ԳԵՆԵՐԱԼ. Հրազդան, դուք խոսում եք անվեհեր զինվորի ոգով. բայց մի մոռանաք, որ մեր դեմ կանգնած է կանոնավոր զորքերի մի բանակ՝ զինված կռվելու բոլոր կատարելագործ միջոցներով. հետևաբար մենք ևս պիտի դեմ ելնենք մեր բոլոր միջոցներով:
ՀՐԱԶԴԱՆ. Ձերդ գերազանցություն, այնտեղ անզեն, անպաշտպան ժողովրդին կոտորում են, պետք է օգնության հասնել:
ԳԵՆԵՐԱԼ. Զգում եմ ձեր ժողովրդի տխուր վիճակը և համակրում, բայց ես հրամանատար եմ, պարտավոր եմ ենթարկվել պատերազմի կանոններին: Ինձ վրա է ընկած ձեր ամենքի պատասխանատվությունը, ուստի չեմ կարող ձեր խումբը մատնել անհաշիվ վտանգի մի անհավասար կռվում:
ԱՀԻՇԱՆ. (Մեկուսի Հրադդանին): Պետք է հնազանդվել:
ՀՐԱԶԴԱՆ. Ես խոնարհվում եմ ձեր փաստաբանության առաջ, ձերդ գերազանցություն: ԳԵՆԵՐԱԼ. Շնորհակալ եմ, (Դառնում է սպաներին): Այդպես, ուրեմն, պարոններ, հայտնեցեք մեր որոշումը ձեր մասերին: Թող նրանք պատրաստ լինեն առավոտյան կանուխ՝ փողը հնչելուն պես՝ առաջ շարժվելու մեր որոշած կարգով, մինչև այժմ մենք գործ ունեինք քրդական խմբերի հետ, իսկ վաղը մեր դեմ է լինելու Աբդուրահման փաշայի զորաբաժինը: Պարոններ, քաջ ճանաչելով յուրաքանչյուրիդ, լիահույս եմ, որ ինչպես մինչև այսօր, այսուհետև էլ կարդարացնեք իմ հավատը որպես հայրենիքի անվեհեր պաշտպաններ: ԱՄԵՆՔԸ. (Խրոխտ): Պատրաստ ենք զոհվելու հայրենիքի համար: ԳԵՆԵՐԱԼ. Շնորհակալ եմ,պարոններ: Ձեր ոգևորությունն արդեն ապահովում է մեր սրբազան գործի հաղթությունը: Միլովիդով:
ՄԻԼՈՎԻԴՈՎ. (Խմբից բաժանվելով, առաջ է գալիս և պատվի նշան անում): Լսում եմ, ձերդ գերազանցություն:
ԳԵՆԵՐԱԼ. Ո՞րտեղ են այն երիտասարդ փախստականները, որ մեզ համար այնքան գնահատելի տեղեկություններ են բերել թշնամու զորքերի մասին:
ՄԻԼՈՎԻԴՈՎ. Կհրամայե՞ք կանչել նրանց:
ԳԵՆԵՐԱԼ. Այո:
ՄԻԼՈՎԻԴՈՎ. (Արագ քայլերով մոտենում է ձախ կողմի վրաններից մեկին և ձեռով նշան է անում):
ՏԵՍԻԼ 3
ՆՈՒՅՆՔ և ՏԻՐԱՆ ԻՐ ՉՈՐՍ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ՏԻՐԱՆ ԵՎ ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ. (Աշխույժ քայլերով գալիս են զինվորական կարգով՝ Տիրանի առաջնորդությամբ: Հագած են կամավորական համազգեստ: Զվարթ ու ոգևորված են):
ԳԵՆԵՐԱԼ. Երիտասարդներ, ձեր արած ծառայությունն այնքան կարևոր է մեզ համար, որ ես պարտք եմ համարում հրապարակորեն հայտնել ձեզ իմ շնորհակալիքը: Հարկավ, դուք կստանաք ձեր արժանի պարգևը, բայց չպիտի մոռանաք, որ պատերազմի դաշտում որքան արժանավորն է առատորեն վարձատրվում, նույնքան և անարժանն է անողոք պատժվում: Արդ հույս ունենամ, որ ձեր տված տեղեկությունները արժանի են լի ու լի հավատի:
ՏԻՐԱՆ. (Համարձակ): Ձերդ գերազանցություն, ես և իմ ընկերները պատրաստ ենք կախաղան բարձրանալու իբրև ստոր դավաճաններ, եթե մեր բերած տեղեկություններից որևէ մեկը չճշտվի:
ԶՈՐԱՎԱՐՆԵՐ. (Իրար հավանության նշաններ են անում):
ԳԵՆԵՐԱԼ. Մի մոռանաք նաև, որ մեր զենքի հաջողությունիցն է կախված ձեր մայրերի ու քույրերի վիճակը: Ձեր յուրաքանչյուր գիտակցական սխալը կարող է անդրադառնալ ձեր ազգի բարոյական վարքի վրա:
ՏԻՐԱՆ. (Նույն համարձակությամբ): Գիտենք, ձերդ գերազանցություն, և խորապես զգում ենք ձեր խոսքերի իմաստը: Եվ ես ու իմ ընկերները կարող ենք մեր գլխով երաշխավորել, որ յուրաքանչյուր թուրքահայ՝ մեծ թե փոքր, կին թե տղամարդ, համակված է խորին սիրով դեպի հզոր Ռուսիան: Գեներալ, մանկական օրորոցիս ենք լսել մեր մայրերից ու տատերից, որ դուք եք արևելյան քրիստոնյաների հովանավորն ու պաշտպանը դարերից ի վեր: Հավատացեք, Ձերդ գերազանցություն, որ մենք ամենքս զգում ենք, որ մեր ամեն մի ծառայությունը ձեր հաղթական զորքերին ծառայություն է նախ և առաջ մեր տառապյալ ժողովրդին:
ՀՐԱԶԴԱՆ ՈՒ ԱԼԻՇԱՆ. (Հրճանքով նայում են Տիրանի վրա և հետո իրար հավանության նշաններ անում):
ԶՈՐԱՎԱՐՆԵՐ. Բրավո՜, բրավո:
ԳԵՆԵՐԱԼ. Ուրեմն, կարո՞ղ ենք վստահ լինել, որ ձեր երկրի հայ ազգաբնակությունը մեզ կընդունե բարեկամաբար:
ՏԻՐԱՆ. Գեներալ, ձեր հարցն ինձ իրավունք է տալիս կատարեմ իմ հոր մի պատվերը: Թույչ կտա՞ք ասել:
ԳԵՆԵՐԱԼ. Ասացեք:
ՏԻՐԱՆ. Հրաժեշտիս վայրկյանին, երբ հայրս ինձ օրհնում էր, ասաց. «Գնա, որդի, և ասա ռուսին, որ Թուրքիայի ճնշված ու հալածված քրիստոնեությունը նրանից է սպասում իր ազատությունը. Ասա ռուս զորաբանակին, որ մեր գոմերն ու շտեմարանները բաց են նրա համար, ինչպես և մեր սրտերը: Մենք ոչինչ չենք խնայի նրա համար, ոչ կյանք, և ոչ գույք, միայն թե գան և տիրեն մեր երկրին»: Այս էին բառ առ բառ իմ հոր խոսքերը:
ԶՈՐԱՎԱՐՆԵՐ. (Դարձյալ իրար հավանության նշաններ են անում):
ԳԵՆԵՐԱԼ. Հիանալի է, հրաշալի: Բայց ո՞վ է ձեր հայրը:
ՏԻՐԱՆ. Մեր նահանգի ամենաազդեցիկ մարդր և մեկը հարուստ կալվածատերերից: Նրա ընդարձակ ամբարները լի են ցորենով և գարիով, նրա արգավանդ դաշտերը լեցուն են կովերով, եզներով ու ոչխարներով: Սակայն կարող եմ գլխովս երաշխավորել, որ իմ հոր խոսքերը բխում են ամբողջ թուրքահայ ժողովրդի սրտից: Վստահ եղեք, Ձերդ գերազանցություն, որ, անցնելով մեր երկիրը, մի ծայրից մինչև մյուսը, չեք հանդիպի մի հատիկ հայի, որ յուր վերջին ոչխարը չմորթե ռուս զինվորի ոտների տակ:
ԳԵՆԵՐԱԼ. Հիանալի է, սքանչելի: Ձեր ժողովրդի այդ համակրանքը մենք կաշխատենք գնահատել ու վարձատրել արժանավորապես:
ԲԵՄԻ ՀԵՏԵՎԻՑ. (Լսվում է մի քանի անգամ «ուռա, ուռա»):
ՄԻԼՈՎԻԴՈՎ. (Շտապ գնում է դեպի բեմի խորքը):
ԳԵՆԵՐԱԼ. (Իր զորավարներին): Այդ ի՞նչ է:
ԶՈՐԱՎԱՐՆԵՐ. (Զարմացական նշան են անում): Չգիտենք:
ՀՐԱԶԴԱՆ. Այդ՝ Մհերի խումբն է, Ձերդ գերազանցություն, որ վերադառնում է կռվից: Ձեր հրամանով այսօր առավոտյան ես նրան ուղարկեցի մեր թիկունքը մաքրելու քուրդերից:
ՄԻԼՈՎԻԴՈՎ. (Շտապով վերադառնում է խորքից և պատվի նշան է անում): Պատիվ ունեմ զեկուցանել, ձերդ գերազանցության, որ կամավորների խումբը Մհերի առաջնորդությամբ վերադառնում է հաղթանակով, բերելով գերիներ և ավար: (Նորից գնում է բեմի խորքը և ետ է գալիս Մհերի հետ):
ԳԵՆԵՐԱԼ. (Հանդիսավոր): Պարոններ, խնդրում եմ պատվի նշան անել օրվա հերոսին: (Ինքն ևս պատվի նշան է անում):
ՏԵՍԻԼ 4
ՆՈՒՅՆՔ և ՄՀԵՐ, քուրդ գերիներ, հայ կամավորներ, զինվորներ, կոզակներ գալիս են խորքից և տեսարանս լեցնում
ՄՀԵՐ. (Առաջ է գալիս հոգնած, փոշոտ ու հրացանը ձեռքին):
ԵՐԿՈՒ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ. (Մհերի հետևից բերում են քուրդերի գլխավորին): (Բեմի ետին գծի վրա շարեշար կանգնում են գերիները՝ կամավորներով շրջապատված):
ՄՀԵՐ. (Բռնելով քուրդերի գլխավորի օձիքից, ձգում է նրան գեներալի ոտքերի տակ): Չոքիր> անասուն, գեներալի ոտքերի առաջ:
ԳԵՆԵՐԱԼ. Ո՞վ է այդ մարդը:
ՄՀԵՐ. (Պատվի նշան առնելով): Սա է, ձերդ գերազանցություն, հայտնի քուրդ ցեղապետ , կողոպտիչ, հափշտակիչ, առևանգիչ, գող և սրիկա Աբդուլ-Հուսեին բեյ կոչվածը: Նա ավերել է յոթը հայկական գյուղեր, սրի է անցկացրել բոլոր անզեն տղամարդկանց, բռնաբարեք է երիտասարդ կանանց ու աղջիկներին, աքսորել է ծերերին ու երեխաներին: Սրա մարդիկն են սպանել մեր մթերակիրներին: Ընդունեցեք ձեր ոտների տակ այդ չարագործին՝ երկու հարյուր գերիների և երեք հարյուր հիսուն հրացանների հետ:
ԳԵՆԵՐԱԼ. (Ոգևորված): Սեղմում եմ ձեր ձեռը և համբուրում եմ ձեր ճակատը, պարոններ, ուռա ի պատիվ հերոսի:
ԱՄԵՆՔԸ. (Ամենքը, բացի հայերից): Ուռռա, ուռռա:
ԳԵՆԵՐԱԼ. Գնդապետ Մարտինով, անմիջապես կազմեցեք հաղթության ռելացիան և հաղորդեցեք գլխավոր շտաբին (Ձեռքով ցույց է տալիս քուրդ ցեղապետի վրա, որ չոքած է): Տարեք դրան այդ վրաններից մեկը և պահեցեք մինչև նոր կարգադրություն, իսկ մյուս գերիներին ուղարկեցեք էտապ:
Next page |