Շիրվանզադե Ալեքսանդր՝ Արհավիրքի օրերին | |
ՏԵՍԻԼ 6
ՆՈՒՅՆՔ առանց ԱԼԻՇԱՆԻ
ՏԻՐԱՆ. Ի՞նչ է պատահել այդ մարդուն: Նրա դեմքը տարօրինակ է:
ՀՐԱԶԴԱՆ. Խելագար քահանայի անեծքը շատ խորն է ազդել նրա վրա: (Բեմի հետևից լսվում է ատրճանակի պայթյուն):
ԴԱՆԻԵԼ. (Ցնցվելով). Քուրդերը:
ԿԱՆԱՅՔ և ԵՐԵԽԱՆԵՐ (Ցնցվում են):
ՀՐԱԶԴԱՆ. Մի վախենաք: Քուրդերը չեն հանդգնի հարձակվել ինձ վրա:
ՏԻՐԱՆ. (Շտապով գնում է դեպի ձախ և իսկույն ետ է գալիս տխուր):
ՀՐԱԶԴԱՆ. Ի՞նչ է պատահել:
ՏԻՐԱՆ. Ալիշանն իրան սպանեց:
ՀՐԱԶԴԱՆ. Թուլամորթ, ես արհամարհում եմ թուլամորթներին: Թող դիակը դնեն սայլերից մեկի վրա և ուղարկեն իր ծննդավայրը: (Բարձր) Գոռա, որ կարավանը շարժվե:
ՏԻՐԱՆ. (Մի քանի քայլ դեպի բեմի խորքը գնալով) Շարժվեցե՜ք: (Հետ է գալիս և շտապով գնում է դեպի ձախ):
ՁԱՅՆ. (խորքից) Շարժվեցե՜ք:
ՁԱՅՆ. (Ավելի խորքից) Շարժվեցե՜ք:
ՁԱՅՆ. (Բոլորովին հեռվից) Շարժվեցե՜ք:
(Գաղթականների կարավանը շարժվում է դեպի ձախ): Բեմի խորքում երևում է զառամյալ քահանան իր խմբով, որ շարունակ «Առավոտ լուսո», երգելով, անցնում է դեպի ձախ:
ՎԱՐԱԳՈՒՅՐ