Շիրվանզադե Ալեքսանդր՝ Պատմվածքներ և վիպակներ | |
Արզաս Պետրովիչը, ժպտալով, ցույց տվեց գարեջրի դատարկ շիշը: Գևորգը, ծառային կանչելով, հրամայեց մի շիշ ևս գարեջուր բերել: Ծառան բերեց շիշը, և Արզաս Պետրովիչը մի բաժակ լցրեց ու միանգամից դատարկեց:
— Ну-с, իմ սիրելի Գևորգ, — շարունակեց նա, բերանը սրբելով մետաքսյա թաշկինակով, — ինչպես ասացի, ես պարզեցի իմ գլուխն ու սիրտը Լիզայի առջև, այսինքն՝ արեցի մի աններելի հիմարություն որ ինձ շատ վնասեց, բայց շատ էլ օգուտներ տվեց վերջը: Թե ինչ օգուտներ — այդ հետո կիմանաս ինքդ, ես կպատմեմ միայն թե ինչպես վնասեց: Երբ Լիզան, մինչև, այսպես ասած, ոսկորներիս ուղեղն ինձ ճանաչեց, այնուհետև ես նկատեցի նրա մեջ ինչ-որ փոփոխություն: Դա սառնություն չէր դեպի ինձ, այլ ինչ-որ անորոշ վերաբերություն: Թվում էր, որ Լիզան ինձ առաջվա պես սիրում է, բայց առաջվա պես այլևս չի հրճվում ինձանով: Շատ անգամ, խոսակցելու ժամանակ, նկատում էի նրա դեմքի վրա մի ժպիտ, որ արտահայտում էր մի տեսակ կասկած դեպի իմ խոսքերի ճշմարտությունը: Այդպիսի րոպեներին ես շարունակ նայում էի նրա երեսին, որ հասկանամ միտքը և կարծում էի, որ նա կշփոթվի այդ հայացքից և ինքը կզղջա իմ առջև յուր կասկածի մասին: Բայց ոչ ես էի նրա միտքը լավ հասկանում և ոչ էլ իմ սուր հայացքներն էին նրա վրա ազդում: Այս նկատելով, ես ինքս էի սկսում զղջալ: «Ի՞նչ մանրակրկիտ մարդ եմ», — կրկնում էի ինքս ինձ և, միևնույն ժամանակ դարձյալ սկսում էի կասկածել: Պիտի ասեմ, Գևորգ, որ մինչև այդ կասկածանքն իմ մեջ հղանալը, մեր բացատրությունից հետո, ես էլ փոքր առ փոքր փոխվում էի դեպի Լիզան: Միայն այդ փոփոխությունն այն չէր, ինչ որ Լիզայինը: Մի փոքր առաջ նկարագրեցի Լիզայի կերպարանքը, և դու տեսար, որ նա, թեև ոչ շատ գեղեցիկ, բայց հրաշալի էակ էր: Նա հափշտակեց ինձ, կուրացրեց միանգամայն, և ես, հիացած, չգտա ոչ մի պակասություն նրա մեջ: Առաջին անգամ իմ մեջ ծագեց մի ցանկություն. «Երանի թե քեզ հետ խոսեմ», — ասացի մտքումս: Երբ Լիզան երկրորդ անգամ դաշնամուրի վրա ածում էր, իսկ ես նայում էի նրա մատներին՝ մտածեցի. «Երանի թե կարողանամ գրավել քեզ, Լիզա»: Երբ մի փոքր համոզվեցի, որ գրավել եմ Լիզային, «Երանի թե կարողանամ համբուրել քո ձեռը», ասացի ինքս ինձ: Իսկ երբ ստացա իրավունք նրա ձեռներն էլ, թշերն էլ, շրթունքներն էլ անթիվ անգամ համբուրել, այն ժամանակ միայն սկսեցի զննել Լիզայի դեմքն և շատ պակասություններ գտա այդ դեմքի վրա: Մի օր ինձ թվաց, թե նրա քիթը կարճ է, մյուս օրն ես նկատեցի, որ նրա ծնոտը մի փոքր մեծ է և չի համապատասխանում դեմքի ուրիշ մասերին: Եվ այսպես, ես ամեն օր մի ֆիզիկական պակասություն էի գտնում Լիզայի մեջ: Այս ամենն ես հայտնում էի իրան, միևնույն ժամանակ, իմ սերը դրանով չէր պակասում, ընդհակառակը, օրըստօրե նա զորեղանում էր: Բայց մի զարմանալի բան, Գևորգ, որի վրա արժե մտածել — երբ իմ մեջ ծագեց կասկած, թե Լիզան մի քիչ փոխվել է դեպի ինձ, նրա դեմքի այդ բոլոր պակասություններն իսկույն անհետացան իմ աչքում, և դարձյալ Լիզան թվաց ինձ աննման հրեշտակ: Թե ինչու և ինչ պատճառներից էին առաջանում այդ փոփոխությունները — չեմ կարող բացատրել:
Այսպես, Գևորգ, ես Լիզայի մեջ նկատեցի մի տեսակ փոփոխություն դեպի ինձ: Կարո՞ղ էի գուշակել, որ այդ փոփոխությունն արմատապես պիտի փոխեր իմ կյանքը, հիմնահատակ աներ կնոջ վրա կազմած բոլոր իմ գաղափարներն, այնպես, որ այսօր ես նրա վրա նայեի բոլորովին թշնամական աչքով: Բայց այսպես եղավ, Գևորգ, և ուրիշ կերպ չէր կարող լինել: Իմ նշանակությունը թուլացավ Լիզայի աչքում այն ժամից, երբ նա ճանաչեց ինձ, նրա համար պարզվեց իմ, հասարակ մահկանացվիս կյանքը: Ազատասիրական գաղափարներով հափշտակված, ես աշխատում էի նայել Լիզայի վրա իբրև ինձ հետ հավասար մի էակի վրա: Ես չէի օգտվում իմ մտավոր զարգացման առավելությունից և չէի ձգտում բարձրից նայել նրա մտավոր կարողության վրա: Թեև մենք շատ բաներում համաձայն չէինք իրարու մտքերով, և ես շատ անգամ հերքում էի նրա հայացքները կյանքի վերաբերմամբ, բայց հարգում էի այդ հայացքները և երբեք, երբեք չէի արհամարհում նրան: Եվ, հավատացի՛ր, Գևորգ, որքան հարգում էի և որքան խոնարհվում էի Լիզայի առջև, նույնքան նա աշխատում էր ինձ վրա բռնանալ և նույնքան ձգտում էր արհամարհել իմ մտքերը: Այս բոլորը ես Արգոսի աչքերով տեսնում էի և ոչ մի կետ բաց չէի թողնում, տեսնում էի և, միևնույն ժամանակ, չէի կարողանում պատճառը գտնել: Որպեսզի վերջ տամ Լիզայի այս անախորժ վարմունքին դեպի ինձ, վճռեցի մի համարձակ քայլ անել: Կամենում էի միանգամից իմանալ նրա միտքը:
— Լիզա, — հարցրի մի օր, երկար վիճաբանությունից հետո, — ե՞րբ պիտի վերջնականապես վճռվի մեր վիճակը:
Այս հարցն առաջարկեցի հանկարծ: Լիզան չհասկացավ նրա միտքը: Նա զարմացած նայեց երեսիս և հարցրեց, ի՞նչ ես ուզում ասել:
— Կամենում եմ իմանալ, թե ե՞րբ պիտի պսակվենք, — պատասխանեցի ես համարձակորեն և շտապով, որպեսզի չվհատվեմ և չփոշմանեմ:
Լիզան աչքերը խոնարհեցրեց և պատասխանեց.
— Չգիտեմ:
— Իսկ ես կարծում եմ, որ միայն դու գիտես: Մի՞թե հորդ կողմից արգելք կա:
— Ես հանձնված եմ իմ իրավունքին, ոչ ոք չի կարող իմ կամքին հակառակել:
— Ուրեմն էլ ի՞նչ պատճառ կա սպասելու:
— Դեհ համբերիր, — կրկնեց Լիզան մի այնպիսի հրամայողական եղանակով, որ ես այլևս չհամարձակվեցի երկարացնել:
Նույն օրը ես բաժանվեցի Լիզայից տխուր և աչք-ունքս թափած: Եկա տուն: Լիզայի անորոշ պատասխանն ինձ սկսեց տանջել: Այո, Գևորգ, տանջել: Ինչ տեսակ էակ է Լիզան, մտածում էի ես: Ինձ թվում էր, Գևորգ, թե նա ինձանից հեռանում է, ինչպես երկնքի երեսին շարժվող ամպերի ստվերը: Ես ձգտում էի հասնել ստվերին, պահել նրան, չթողնել առաջ շարժվելու: Սակայն չէի կարողանում, հարկավոր էր նախ ամպերը պահել, որպեսզի նրանց ստվերը կանգնի, իսկ ես շատ հեռու էի ամպերից: Նրանք երկնքումն էին, իսկ ես երկրի երեսին: — Դա Լիզայի անգութ սիրտն էր: «Ի՞նչ պիտի անեմ, ի՞նչ կարող եմ անել», — կրկնում էի անդադար, գլխիս մազերը փետելով: Երկար ժամերով մտածում էի այդ մասին և ոչ մի իմ սրտին նպաստավոր եզրակացության չէի հասնում: Օրըստօրե ինձ համար ավելի ու ավելի պարզվում էր, որ Լիզայի սերը թուլանում է դեպի ինձ: Ինչո՞ւ, ի՞նչ էր պատահել, ի՞նչ մի չար զորություն հանկարծ փոխեց Լիզայի սիրտը կամ ինչ մի աներևույթ ուժ ինձ կերպարանափոխեց Լիզայի աչքում: Մի՞թե ես նախկին Արշակը չէի, որի մեջ նա զգում էր ինչ-որ ձգող զորություն: Ճշմարի՞տ էր ասում նա, թե նա կեղծավորում էր կամ գուցե դա մի ժամանակավոր հափշտակություն էր նրա կողմից: Բայց չէ՛, մի՞թե Լիզան կարող է հափշտակվել, այն Լիզան, որի սիրտը մինչև քսանուվեց տարեկան հասակը, ոչ մի երիտասարդի համար չէր բաբախել: Էհ, գուցե բաբախել էր, բայց Լիզան դիմակ էր հագնում իմ առջև, սուտ էր ասում, որ իմ աչքում իրան ցույց տա իբրև մի հերոսուհի: Կարո՞ղ ես զգալ, Գևորգ, թե որքան ինձ տրորում էին, չարչարում էին այդ չարագուշակ հարցերը: Ես չեմ կանգնիլ երկարորեն քեզ նկարագրելու, թե ինչ էի զգում այդ օրերում: Այսքանը կասեմ, որ իմ աչքում ամեն ինչ անհետացել էր, բացի Լիզայից: Իմ ուղեղը կաշկանդված էր նրանով. Ես սկսեցի ատել ամեն ինչ, նույնիսկ ինքս ինձ, բացի Լիզայից: Ես ատում էի մինչև անգամ անմեղ բնությունն և նրա գեղեցկությունը: Լուսին երեկոներին ես, հակառակ իմ սովորության, չէի դուրս գալիս փողոց: Առաջ, այդ երեկոները ինձ վրա թեև ծանր, բայց ախորժելի տպավորություն էին անում, իսկ այժմ աննկարագրելի դառն ազդեցություն էին գործում: Այդպիսի երեկոներին ես փախչում էի տուն, փակվում սենյակում, որ չտեսնեմ լուսնի երեսը:
Այսպես անցավ, Գևորգ, մոտ մինչև երեք շաբաթ, — շարունակեց Արզաս Պետրովիչը, հառաչելով: — Ես շարունակում էի տեսնվել Լիզայի հետ, բայց միշտ նրա դեմքին նկատում էի նույն կասկածավոր ժպիտը, միշտ նա իմ հարցերին տալիս էր անորոշ պատասխաններ կամ ամենևին չէր տալիս: Վերջապես մի օր... Բայց թույլ տուր, Գևորգ, մի քիչ հանգստանալ:
Անցան մի քանի րոպեներ, Արզաս Պետրովիչը հանգցրեց ծխախոտը և շարունակեց.
— Մի օր, իրիկնադեմին, ես գնացի Բադամովների տուն: Այդ այցելությունը պատկանում էր Մարտին Բուղդանիչին: Քանի ժամանակ էր նրա երեսը չէի տեսել: Ես ծառային հրամայեցի հայտնել իմ մասին, և քանի մի վայրկյանից հետո, նա վերադառնալով, մի հեգնական ժպիտ երեսին (գուցե ինձ այնպես թվաց) հրավիրեց ինձ դահլիճ: Մարտին Բուղդանիչը, մեջքը բազկաթոռին տված, ծխում էր իր երկայն չիբուխը: Նրա աջ կողքին նստած էր Եվգենյան իր լպստածի հետ, որ մի ինչ-որ գիրք էր թերթում ձեռքում: Լիզան նստած դաշնամուրի դեմ, շտապով դեսուդեն էր թերթում նոտաների տետրը: Մարտին Բուղդանիչի դեմուդեմ նստած էր մի ինձ համար անծանոթ հյուր: Երբ ես ներս մտա, Մարտին Բուղդանիչը բարձրացավ տեղից՝ ինձ բարևելու: Լիզան կես պաշտոնական քաղաքավարությամբ մոտեցավ և հարցրեց շտապով. «Ինչպե՞ս եք»: Ես ամենին ձեռ տվեցի: Երբ հերթը հասավ Եվգենյային, նա ինձ վրա ձգեց առաչվանից ավելի հեգնական և, կարող եմ ասել, անպատկառ մի հայացք: Իսկ նրա ֆրանտը յուր հիմար լնդերքը բաց արավ և նեղ ճակատի տակից նեղ աչքերն ինձ վրա հառեց:
— Սերգեյ Միխայլովիչ, ներկայացնում եմ ձեզ բարեկամիս, բժիշկ Արզաս Պետրովիչ Մագսուտյանին, — ասաց Մարտին Բուղդանիչը:
Բազկաթոռը ճռճռաց, Գևորգ, և նրա միջից բարձրացավ մի վիթխարի: Նա, մի փոքր իմ կողմ շուռ գալով, քթի տակ մրթմրթաց յուր ազգանունը և լայն ու երկայն ձեռը մեկնեց դեպի ինձ: Ես սեղմեցի այդ հսկայական ամուր ձեռը և հազիվ-հազ լսելով նրա ազգանունը՝ «Սեթյան», տեղավորվեցի բազկաթոռներից մեկի վրա: Վիթխարին ուղղելով յուր սև սյուրտուկի երկայն փեշերը, կրկին թաղվեց բազկաթոռի մեջ: Դա մոտ երեսունևհինգ տարեկան, պարթև հասակով, լայն թիկունքով, երկայն բազուկներով, խոշոր աչքերով և գեղեցիկ, բայց մռայլ դեմքով մի տղամարդ էր: Ես նայեցի նրա կարճ խուզած սև մազերին ու միրուքին, թանձր բեղերին, որ հովանավորում էին նրա սեղմված շրթունքները, նայեցի նրա հայկական արծվանման քթին և, չգիտեմ ինչու, մտքումս ասացի «լավ է»: Լիզան դաշնամուրը թողեց, որի վրա մինչև իմ գալը պատրաստվում էր ածելու, և եկավ նստեց մեր շարքում, հսկայի դեմուդեմ: «Ինչո՞ւ իմ դեմ չնստեց», անցավ իսկույն մտքովս, բայց ես իսկույն էլ մոռացա այդ:
Մարտին Բուղդանիչը համառոտ ծանոթացրեց ինձ և նոր հյուրին իրարու հետ: Ես նրա հատ ու կտոր բացատրություններից իմացա, որ Սեթյանն յուր ամենահին բարեկամներից մեկի որդին է, նոր է վերադարձել Գերմանիայից ուր ուսումնասիրել է ինչ-որ մասնագիտություն և այժմ մտադիր էԹիֆլիսի շրջակայքում գործարան բանալ: Թե ինչ էր նրա մասնագիտությունն և ինչ գործարան պիտի բանար — չիմացա: Ինքը Սեթյանն էլ ոչինչ չասաց: Փոքր առ փոքր խոսակցությունը տաքացավ:
Սեթյանը լուռ էր, միայն երբեմն Մարտին Բուղդանիչի այս կամ այն հարցին պատասխանում էր «այո» կամ «ոչ» և ուրիշ ոչինչ: Նա ոչ ոքի երեսին չէր նայում: Բայց երբ թանձր բեղերը բարձրացնում էր, որ արտասանի իր «այո»-ն կամ «ոչ»-ը, ամենը նայում էին նրա երեսին: Որովհետև ամենի հայացքների կենտրոնը նա էր, ուստի ես էլ բնազդաբար նրան էի մտիկ անում: Իրավ, Գևորգ, արժեր նայել այդ առնական, գեղեցիկ, մռայլ և գրավիչ դեմքին: Բայց ես այնքան հավատ չէի ընծայում այդ դեմքին և զգում էի, որ նրա զորությունը լռության մեջ է և եթե Սեթյանը սկսի շատ խոսել, իսկույն կկորցնի բոլոր յուր նշանակությունը: Ես ներում էի ամենին և նույնիսկ ինձ, որ այդպես ստրկաբար հպատակվում էինք այդ մարդուն, բայց չէի կարողանում ներել միայն Լիզային: Ինչո՞ւ է նա այդպես խոր մտիկ անում այդ նոր հյուրին, մինչդեռ սա արժանի էլ չի համարում երեսը շուռ տալ նրա կողմը: Դեռ այս ոչինչ. ինչո՞ւ Լիզան ինձ վրա չի ուզում նայել: Ինչո՞ւ, երբ նա մեզ մի հարց է առաջարկում և երբ ես եմ պատասխանում այդ հարցին ուշադրություն չի դարձնում ինձ վրա:
Կասկածը դարձյալ սկսեց որդի նման ուտել իմ սիրտը, ծագեց իմ մեջ մի նոր, մինչև այդ ժամանակ անծանոթ զգացում, որ ավելի վտանգավոր էր, քան թե հասարակ կասկածը: Դա այն զգացումն է, Գևորգ, որ մի քանի իմաստասերներ հերքում են զարգացած մարդու մեջ: Չհավատաս, Գևորգ, սուտ է, այդ մարդիկ, իրանք երևի չեն սիրահարվել և այդ պատճառով չգիտեն, որ ինչ տեղ կա սեր, այնտեղ կա նույնպես և խանդ: Մեկն առանց մյուսի անհասկանալի է և որքան զորեղ է մեկը, նույնքան զորեղ է և մյուսը: Է՛հ, ինչ երկարացնեմ, ես տանջվում էի, բարկանում էի Լիզայի վրա, տաքանում էի ինքս իմ մեջ, շփոթվում էի: Լիզան հասկանում էր այդ, բայց, միևնույն ժամանակ, կարծես, իմ մեջ այդ նոր զգացումն ավելի զորեղացնելու համար, չէր փոխում իր վարմունքը: Վերջապես, մեր խոսակցությունը դարձավ բժշկականության վրա: Այդ տարի Թիֆլիսում կար մի ինչ-որ վարակիչ հիվանդություն, որ ընդհանուր խոսակցության առարկա էր: «Ահա, վերջապես, իմ ասպարեզը, — մտածեցի ես. — այժմ ես կդառնամ ամենքի ուշադրության կենտրոնը, բոլորն ինձ կլսեն, իսկ քեզ Լիզա, ցույց կտամ, թե ո՞վ է հաղթողը»:
— Արզաս Պետրովիչ, — դիմեց ինձ, վերջապես, Մարտին Բուղդանիչը, — ինչպես եք կարծում, ինչո՞ւ բժշկականությունն անկարող է այդպիսի հիվանդությունների առաջն առնել:
— Դա առողջապահության գործն է և ոչ թե բժշկականության, — պատասխանեցի ես, ամեն մի բառն առանձին շեշտելով, որպեսզի ունենամ իմ ցանկացած ազդեցությունը: Ես նայեցի Լիզային, բայց նա երեսը շուռ տվեց ինձանից: Դա ինձ շփոթեց, բարկացրեց և հուզեց:
— Մինչև հիվանդության երևալը, բայց երբ նա երևո՞ւմ է, — երկին հարցրեց Մարտին Բուղդանիչը:
— Այնուհետև, իհարկե, բժշկականության գործն է, — պատասխանեցի ես տաքացած, — իսկ թե ինչու չի կարողանում բժշկականությունը վերջ տալ այդպիսի հիվանդությունների, դա նրանից է, որ այդ հիվանդությունների մասին դեռ շատ մութ խնդիրներ կան նրա համար չպարզված:
Այս ասելով, անգիտակցաբար նայեցի Սեթյանի երեսին: Ինչո՞ւ — ինքս էլ չգիտեի: Իսկ նա դարձյալ ոչ ոքին չէր նայում, դարձյալ լուռ էր և կարծես վճռել էր բնավ չխոսել:
Մարտին Բուղդանիչը չբավականանալով իմ պատասխանով, դիմեց նոր հյուրին.
— Ձե՞ր կարծիքն ինչ է, Սերգեյ Միխայլովիչ:
Սերգեյ Միխայլովիչ Սեթյւսնը գլուխը թեքեց բազկաթոռի մեջքին, ձեռները տարածեց աջ ու ձախ, բեղերը դանդաղությամբ շարժեց և խորհրդավոր եղանակով պատասխանեց չորս խոսք:
— Բժշկականությունը դրական գիտություն չէ:
Այնուհետև նա կրկին գլուխը թեքեց կրծքին, բեղերը հավաքեց և լռեց: Ամենքն իրանց հայացքները բևեռեցին նրա բերանին, կարծես, սպասելով, որ նա շարունակի: Բայց նա լռեց: Ես մտիկ արեցի նրա երեսին, և նա այս անգամ ինձ վրա մի ահագին ժայռի տպավորություն գործեց: Թվում էր, թե ոչ մի ուժ չի կարող նրանից ավելի խոսք դուրս քաշել: Բայց ինչ ասաց նա, ոչինչ, — գրեթե միևնույնը, ինչ-որ ես ասացի մի քիչ առաջ: Ինչո՞ւ ոչ ոք չնայեց ինձ վրա, ոչ ոք նշանակություն չտվեց իմ պատասխանին: Ինչո՞ւ այժմ Լիզան ստրկաբար նայում է նրա երեսին, կարծես սպասելով, որ այդ ժայռը գոնե մի թեթև հայացք ձգի յուր վրա:
— Իհարկե, — շարունակեցի ես Սեթյանի փոխարեն, — բժշկականությունը մաթեմատիկական գիտություն չէ, նա չունի որոշ և անսխալ ֆորմուլներ, որոնց հիման վրա կարողանար անհերքելի եզրակացություններ անել: Բայց նա, այնուամենայնիվ, գիտություն է և շատ օգտավետ գիտություն... Այս վերջին խոսքերն ավելացրի տաքացած և ձայնս բարձրացնելով: Ինչպես տեսնում ես, Գևորգ, անտեղի էին այդ խոսքերը, բայց ես չհամբերեցի և, զգալով, որ Սեթյանը ծաղրում է իմ մասնագիտությունն, ուզեցի ինձ պաշտպանել:
— Այն իսչ գիտություն է, որ որոշ եզրակացություններ չգիտե անել, — մեջ մտավ Լիզան, մի սպանող հայացք ձգելով ինձ վրա, որն իսկույն մեղմացնելով, դարձրեց դեպի Սեթյանը:
Արյունս գլխովս տվեց:
— Բժշկականությունը ես չեմ սիրում, — ավելացրեց լպստած ֆրանտն, իր կարմիր լնդերքը ցույց տալով ինձ:
— Շատ շահասեր մարդիկ են բժիշկները, նամանավանդ, հայ բժիշկները, — ներս պրծավ ատելի Եվգենյան, յուր արհամարհական հայացքը ձգելով ինձ վրա:
Գուցե, եթե զսպեփ ինձ, կարողանայի տանել այդ ինկվիզիցիան, բայց, ես, Գևորգ, չզսպեցի, և ոչ թե այդ կոպիտ նկատողությունների պատճառով: — Ո՛չ, ես կարող էի Եվգենյայի և ֆրանտի նման իդիոտների կարծիքն արհամարհել, բայց չկարողացա մարսել Լիզայի նկատողությունը: Ամենից առավել ես նրա դեմ վրդովվեցի:
— Զարմանում եմ, — ասացի ես, բարկությունիցս կարմրելով և շրթունքներս կրծոտելով, — զարմանում եմ, ինչպես են համարձակվում մարդիկ դատողություն անել այնպիսի բաների վրա, որոնց մասին գրոշի հասկացողություն չունին:
Լիզան ժպտաց: Սեթյանն աչքի տակով սառնությամբ նայեց երեսիս: Եվգենյան քըռքըռ անամոթ սկսեց ծիծաղե: , Լպստած ֆրանտը հետևեց նրան: Մարտին Բուղդանիչը դարձավ ինձ և ասաց մեղմությամբ.
— Արզաս Պետրովիչ, ներեցե՛ք, ես կարծում եմ, որ, Եվգենյան և Իվան Տարասիչը (լպստածի անունն այսպես էր) ձեզ վիրավորելու նպատակով չասացին այդ:
Ավելի հիմար դրություն չէր կարող լինել: Խելոք մարդն իմ տեղն իսկույն գդակը կվերցներ և դուրս կգար: Այնինչ ես կես ժամու չափ ևս նստեցի, որպեսզի մի կերպ կարողանամ վրեժս հանել ինձ վիրավորողներից: Բայց այլևս ոչ ոք չխոսեց: Մարտին Բուղդանիչն, այդ անախորժ դեպքի տպավորությունը ջնջելու նպատակով, խնդրեց Լիզային դաշնամուր նվագել: Այս անգամ Եվգենյան կտրեց քրոջ առաջը, որ ինքը խաղա: Ես մի փոքր լսեցի և հետո գլխարկս վերցրի ու ջախջախված սրտով դուրս եկա չնայելով Մարտին Բուղդանիչի հրավերին՝ թեյի սպասելու:
Թե ինչպես անցկացրի մնացյալ օրն ու գիշերը, ես չեմ պատմիլ քեզ, Գևորգ: Հետևյալ առավոտ վճռեցի գնալ և Լիզայից բացատրություն պահանջել:
Սովորական ժամանակն էր, երբ ես մտա նրա մոտ: Բարեբախտաբար, նա մենակ էր: Մարտին Բուղդանիչը կլուբում լրագրեր էր կարդում, իսկ Եվգենյան իր լպստածի հետ չգիտեմ ինչ տեղ էր կորել: Լիզան ընդունեց ինձ սառնությամբ և, հազիվ իր մատների ծայրերը շփելով ձեռիս, հրավիրեց նստել: Ես վճռեցի իսկույն ևեթ սկսել:
— Լիզա, ես եկել եմ քեզանից բացատրություն խնդրելու, — ասացի ես:
— Ասա՛:
— Ի՞նչ էր նշանակում երեկվա քո վարմունքը:
— Ես չեմ հասկանում, ինչ ես ուզում ասել:
— Մի՛ թաքցնիլ, Լիզա, ուղիղն ասա, ինձ սիրո՞ւմ ես:
Լիզան լռեց:
— Չե՞ս սիրում, նրա՞ն ես սիրում:
Լիզայի դեմքը շառագունեց: Ես այնքան հուզված էի, որ Սեթյանի անունը չէի կարող հիշել:
— Սիրո՞ւմ ես, սիրո՞ւմ ես նրան, — հարցրի ես, բռնելով նրա թևը:
— Ո՞ւմ համար ես ասում, — հարցրեց, վերջապես, Լիզան, թևը վրդովված խլելով ինձանից:
— Սեթյանի, — պատասխանեցի, հազիվհազ կարողանալով արտասանել այդ չարագուշակ անունը:
— Չգիտեմ ինչ հիման վրա ես դու այդպես կարծում:
— Հիմնվելով երեկվա քո վարմունքի վրա:
— Օրինա՞կ:
— Դու ամբողշ ժամանակ նայում էիր նրա երեսին:
— Մի՞թե արգելված է մարդուն՝ նայել մարդու երեսին:
— Բայց ինչո՞ւ ինձ վրա չէիր նայում:
— Հա՛ հա՛ հա՛, — ծիծաղեց Լիզան:
Ես ավելի վրդովվեցի:
— Դու ծիծաղո՞ւմ ես ինձ վրա, Լիզա, դու ծաղրո՞ւմ ես ինձ, — ասացի ես, կրկին բռնելով նրա թևը:
— Կան հարցեր, որոնց պատասխանը միայն ծիծաղն է, — պատասխանեց նա, կրկին թևը խլելով ձեռիցս:
— Ուրեմն իմ հարցը շա՞տ հիմար հարց է քո կարծիքով:
— Չգիտեմ, ինքդ դատիր:
Մի քանի վայրկյան ես լռեցի: Չգիտեի ինչ ասել:
— Լիզա, պարզի՛ր ինձ քո մփտքը, — խոսեցի ես վերջապես:
— Ի՞նչ ես ուզում:
— Ինձ սիրո՞ւմ ես:
Լիզան գլուխը թեքեց կրծքին, մի քանի վայրկյան մտածեց և հանկարծ, կրկին բարձրացնելով, վճռողական եղանակով ասաց.
— Չեմ սիրում:
— Պատճա՞ռը:
— Պատճառը... չգիտեմ, — պատասխանեց Լիզան...
— Բայց ես քեզանից բացատրություն եմ պահանջում:
— Ես ասացի քեզ, որ չեմ սիրում:
— Պատճառն եմ հարցնում:
— Լսի՛ր... Լսեցե՛ք: Ես քո, ներողություն... ես ձեր մեջ այլևս չեմ տեսնում այն ուժը, որ ինձ հափշտակեց, ինձ, որ մինչև քսանուվևց տարեկան հասակս ոչ ոքով չէի հափշտակվել:
— Ինչո՞ւ, մի՞թե ես փոխվել եմ:
— Չգիտեմ, գուցե դուք միևնույնն եք, բայց այն օրից, երբ ես ձեզ բոլորովին ճանաչեցի, դուք իմ աչքում հավասարվեցիք հասարակ մարդկանց հետ:
— Մի՞թե դու կարծում էիր, որ ես հասարակ մահկանացու չեմ:
— Այնքան էլ թեթևամիտ չեմ, որ ձեզ անմահի տեղ ընդունեի: Բայց ես ձեր մեջ չեմ տեսնում այն զորությունը, որ հպատակեցնում է կնոջը, որ ստրկացնում է նրան: Տղամարդը պետք է ունենա այդ ուժը:
— Ախար դա ի՛նչ զորություն է, Լիզա, որ դու ինքդ էլ բացատրել չես կարողանում, — հարցրի ես խեղդված ձայնով:
— Առաջ չգիտեի ինչ զորություն է, այժմ պարզվեց ինձ համար: Դա այն զորությունն է, որ տղամարդին պահում է կնոջ համար մի անհասանելի բարձրության վրա: Կինը միշտ պիտի ձգտի մոտենալ այդ բարձրությանը, բայց չկարողանա հասնել: Հենց որ հասավ, այն օրվանից տղամարդը կընկնի նրա աչքում, և նա այլևս չի կարող սիրել տղամարդին, ինչպես այժմ ես չեմ կարող սիրել ձեզ, պարոն Մագսուտյան:
— Լիզա, դու հերոս ես որոնում, ախ, ո՛չ, ներողություն, դուք, դուք հերոս եք որոնում:
— Դիցուք, թե հերոս եմ որոնում, մի՞թե չի կարելի գտնել:
— Հերոսները գոյություն ունեն միայն վեպերում: Վիպասանի երևակայությունն է ստեղծում նրանց: Դո՛ւրս բերեք ձեր գլխից այդ ցնորքը:
— Քաղաքավարության սահմանից մի՛ դուրս գաք, — ընդհատեց ինձ հանկարծ Լիզան հրամայողական ձայնով: — Ես ցնորված չեմ, ոչ էլ հափշտակված վիպասանների երևակայության պտուղներով; Լսեցե՛ք: Մարդը բնությունից ծնված է կամ ստրուկ լինելու կամ ստրկացնելու ձգտումներով: Երբ երկու էակներ, դիցուք, այր և կին միանում են բախտավոր ապրելու համար, նրանցից մեկը պիտի լինի ստրուկ, մյուսը նրա տերը: Ուրիշ կերպ անհնարին է, որ նրանք բախտավոր լինին: Նրանց միացնող կապը չի կարող առանց դրան ամուր լինել:
— Այսինքն՝ այնպես, ինչպես ասիական ընտանիքներո՞ւմ, ուր մարդը կնոջ տերն է, — հարցրի ես, ավելի ու ավելի զարմանալով:
— Ամենևին, — պատասխանեց Լիզան, — ամենևին: Այնտեղ տիրում է բռնակալություն և ոչ թե ստրկություն: Այնտեղ կինը հպատակվում է մարդու արտաքին իրավունքներին: Ես խոսում եմ այն բարոյական և հոգեկան առանձնահատկությունների մասին, որոնք մի էակին անգիտակցաբար հպատակեցնում են մյուսին: Լա՛վ լսեցեք, անգիտակցաբար եմ ասում և ոչ թե գիտակցաբար:
Այս խոսքերից հետո Լիզան լռեց:
— Բայց ինչո՞ւ պիտի միայն տղամարդն ունենա իր մեջ այդ ձեր ասած հոգեկան զորությունը, — հարցրի ես:
— Ես զգում եմ, որ կնոջ համար ավելի դյուրին է և քաղցր հպատակվել, քան թե հպատակեցնել: Հենց այդ հպատակությունն է, որին մարդիկ անվանում են կնոջ սեր: Ես այսպես եմ հասկանում:
— Դա սխալ գաղափար է, օրիորդ, — ընդհատեցի ես:
— Սխալ թե ուղիղ, բայց իմ համոզմունքն է:
— Եվ դուք երբեք չե՞ք փոխելու:
— Երբե՛ք:
— Ուրեմն իմ մեջ չկա՞ այդ զորությունը:
— Չգիտեմ, բայց, ո՛վ գիտե, գուցե կա — ես չեմ զգում: Սակայն ինձ թվում է, որ եթե զգայի, այս խոսակցությունը մեր մեջ չէր լինիլ և ես կհետևեի ձեզ անգիտակցաբար, ուր որ գնայիք:
— Բայց ո՞ւմ մեջ եք զգում, — հարցրի ես:
— Բավական է, — պատասխանեց Լիզան խստությամբ:
— Ուրեմն ձեր սերը դեպի ինձ...
— Ես պատասխանեցի արդեն այդ հարցին, — ընդհատեց խոսքս Լիզան և ձեռով մի վճռողական շարժում անելով, բարձրացավ տեղից:
Ես ոչխարի պես մի րոպե ապշած նայեցի նրա երեսին, հետո կոկորդիս մեջ զգացի մի ճնշում: Կարծես մեկը խեղդում էր ինձ:
Լիզան նայեց ինձ և ասաց.
— Դուք արտասվո՞ւմ եք, դա թուլություն է...
Իրավ, որ ես հիմարս արտասվում էի, Գևորգ, և շատ դառն էի արտասվում: Բայց Լիզայի հանդիմանությունը մի րոպե իմ մեջ վառեց առնական ինքնասիրությունս: Ես գլխարկս վերցրի և ասացի.
— Մնացեք բարով:
— Գնացեք բարով, կարող եք այցելել, եթե ուզում եք, — պատասխանեց Լիզան, ձեռը մեկնելով ինձ:
— Ոչ, հավիտյան, հավիտյան, — կրկնեցի ևս և շտապով դուրս եկա:
Այստեղ Արզաս Պետրովիչը հանկարծ լռեց և, գրպանից թաշկինակը հանելով, սրբեց ճակատը, ուր քրտինքի նշույլ անգամ չկար: Նա այնպիսի արագությամբ և ամուր էր քսում թաշկինակը, որ, կարծես, այդպիսով ուզում էր հեռացնել իրենից անցյալի վշտալի հիշատակները: Գևորգը, որ մինչև այդ Ժամանակ լուռ ու մունջ, աչքերը հառած իր բարեկամի երեսին, խորին ուշադրությամբ լսում էր նրա պատմությունը, անհամբերությամբ հարցրեց.
— Հետո՞:
— Հետո, էլ ինչ հետո, — պատասխանեց Արզաս Պետրովիչը, խոր հառաչելով: — Հետո, բարեկամս, ընկա այն դրության մեջ, որից դուրս գալու համար միայն երկու ելք ունեի — կամ ինքնասպանություն, կամ մոռացություն: Բարեբախտաբար, կարողացա դիմել երկրորդ միջոցին: Հանգամանքների բերմամբ կառավարությունն ինձ պաշտոնով փոխադրեց ուրիշ քաղաք: Այստեղ ինձ հաջողվեց մի տարվա ընթացքում դուրս բերել սրտիցս Լիզային: Լիզայի հետ իմ մեջ մեռան և՛ սիրո զգացումը, և՛ հավատը դեպի կին ասված էակը: Իսկ թե որքան ծանր և տաժանելի էր ինձ համար այդ մի տարին, ես չեմ պատմիչ, Գևորգ, որովհետև առանց այն էլ պատմությունս խիստ երկարացավ:
Արզաս Պետրովիչն արագությամբ բարձրացավ տեղից, ժամացույցին նայեց և ասաց.
— Բարի գիշեր:
— Սպասի՛ր, — պահեց նրան՝ Գևորգը, — դու դեռ չես ավարտել քո պատմությունը, ո՞ւր ես շտապում:
— Ես ավարտեցի, — ասաց Արզաս Պետրովիչը, գլխարկը դնելով:
— Իսկ Լիզա՞ն:
— Մի՞թե այդ հետաքրքրելի է:
— Գոնե ինձ համար խիստ հետաքրքրելի է:
— Հիշում ե՞ս այն երեկոն, երբ Մուշտայիդում ես ու դու զբոսնում էինք:
— Հիշում եմ, — պատասխանեց Գևորգը, նույնպես բարձրանալով տեղից:
— Հիշո՞ւմ ես, երբ մենք նստած թեյ էինք խմում, մեր առջևով անցավ մի առողջ զույգ, որին ես բարևեցի:
— Այն գեղեցիկ կինն և այն բարձրահասակ տղամա՞րդը, — հարցրեց Գևորգը հետաքրքրվելով:
— Գեղեցիկ կինը Լիզան էր, բարձրահասակը տղամարդը մռայլՍեթյանը:
— Ուրե՞մն...
— Պսակվել են վաղուց:
— Բայց ի՛նչպես են ապրում:
— Չգիտեմ, միայն համոզված եմ, որ Սեթյանն այժմ էլ լռում է և Լիզայի տասը հարցին մի պատասխան չի տալիս: Տասը հարցին մի պատասխան չի տալիս և յուր գլուխն ու սիրտը չի պարզում նրան, ինչպես ես արեցի հիմարաբար:
— Տասին մեկ պատասխան չի տալիս, — կրկնեց Գևորգը:
— Տասին մեկ:
— Ուրիշ ոչինչ:
— Ուրիշ ոչինչ: Բարի գիշեր, արդեն տասներկու ժամն է:
— Սպասիր, իսկ Եվգե՞նյան, լպստա՞ծը, Մարտին Բուղդա՞նիչը, — հարցրեց իրարու հետևից Գևորգը:
— Ну, դա հետաքրքիր չէ: Բարի գիշեր, քունս տանում է:
Արզաս Պետրովիչը հեռացավ: Գևորգը մնաց մենակ:
— Ողորմելի՛ մարդ, — ասաց նա, — միայն մի փորձով կնոջ վրա այդպիսի գաղափար է կազմել:
Այնուհետև նա մի քանի վայրկյան ընկավ մտածման մեջ և հետո, ձեռը ճակատին խփելով, ավելացրեց.
— Բայց արժե մտածել Լիզայի փիլիսոփայության մասին:
ՆՈՐԵՐԻՑ ՄԵԿԸ
Պատկեր
Օրը մթնեց: Ծանր, վշտալի օր. նա անցավ... Գիշեր է, կլուսանա, արեգակը դուրս կգա, և դարձյալ կսկսվի նույն տաղտկությունը, նույն ձանձրալի կյանքը, որն ահա ուղիղ հինգ տարի է նրան մաշում է: Անհնարին է այդպես շարունակել, այդ արդեն չափազանցություն է, ստորություն է և, վերջապես, անբարոյականություն է: Դառն է այդ ճշմարտությունը, բայց ճշմարտություն է, և, վերջապես, ժամանակն է ուղիղ նայել այդ ճշմարտության երեսին: Հարց, ի՞նչ է անում նա ո՞ւր է գնում, ինչո՞ւ համար է ապրում: Գտել է. խնդիրը հենց այդ չորս բառերի մեջ է կայանում : «Ինչո՞ւ համար է ապրում», այսինքն, ի՞նչ է նրա գոյության նպատակը: Մի՞թե միայն ապրելը: Բայց լոկ ապրելն, արդյոք, կարո՞ղ է բարոյական մարդու կյանքի նպատակ լինել: — Ոչ: Ապրել միայն ապրելու համար — այդ ստոր և զզվելի կյանքն է, որ արժանի է միայն անբան կենդանուն: Բայց ի՞նչ ասել է կյանքի նպատակ: — Նա մարդկային գոյության հենարանն է: Սուտ է, որ ասում են, թե կան մարդիկ առանց նպատակի: Նա չի հավատում: Աննպատակ կյանքը մահ է: Հարուստի և աղքատի, տգետի և իմաստունի, բարոյական մարդու և անբարոյականի կյանքն ունի որևէ հենարան: Ամեն մարդ ձգտում է հասնել յուր ցանկացածին, և ահա այդ ցանկացածին հասնելու հույսն է, որ պահում է յուրաքանչյուրի գոյությունը: Հակառակ դեպքում, նա չի կարող ապրել, կանհետանա, կշոգիանա յուր անբովանդակ կյանքի անբովանդակ տարածության մեջ: Բայց ի՞նչ է նա: — Ոչինչ. դատարկ տարածություն, եթերական էություն:
Քամալյանը բարձրացավ աթոռից, որ դրած էր փոքրիկ, հնամաշ գրասեղանի քով: Այդ սեղանի վրա դարսված էին անկանոն կերպով զանազան բովանդակության, մեծ ու պստիկ, կազմած ու անկազմ գրքեր, լրագրերի թերթեր, մի քանի գրչակոթեր, մի հայելի և ուրիշ հարկավոր ու անպետք իրեղեններ: Իսկ սեղանի առաջի կողմում, աթոռի դեմ ընկած էր մի բաց ձեռատետր:
Այս — Քամալյանի հիշատակարանն էր:
Փոքրիկ ապակյա հասարակ կանթեղն աղոտ կերպով լուսավորում էր նեղ և ցածր առաստաղով սենյակը: Ձեռները դնելով վարտիքի գրպանները, գլուխը թեքելով դեպի կուրծքը, Քամալյանը սկսեց քայլել սենյակի մի անկյունից դեպի մյուսը, հետ ու առաջ: Նրա դեմքը գունատ էր, նրա պայծառ ճակատը կորցրել էր յուր պարզությունը և ծածկվել այնպիսի կնճիռներով, որոնք երևում են միայն տարիքն առած մարդկանց ճակատի վրա: Բարակ սևագույն հոնքերի տակից նայող մուգ աչքերը, զրկվելով իրանց նախկին կրակոտ փայլից, ընկել էին խոր խորշերի մեջ: Երկու խոշոր գծեր այդ աչքերը բաժանում էին սփրթնած երեսի մյուս մասից:
Մի քանի րոպե լուռ ու մունջ շրջելուց հետո, Քամալյանը կրկին մոտեցավ սեղանին: Նա սկսեց թերթել սեղանի վրա դրած ձեռատետրը, երբեմն ձեռը տանելով ճակատին և հետ դարսելով երկայն, փայլուն ու կակուղ մազերը, որոնք շուտ— շուտ ցրվում էին առաջ:
— Հեռացի՛ր աչքիցս, — գոչեց նա հանկարծ, հիշատակարանը ձգելով սեղանի մի անկյունը:
Այն ավելի կրկնապատկում էր նրա վշտերը, երբ աչքի առջև էր: Այն հիշեցնում էր նրան յուր պախարակելի անցյալը, պատկերացնում էր նրա առջև մի դատարկ, մի հիմար կյանք, և ինքն իսկ քննադատում այդ կյանքը: Պիտի չորանար այն ձեռը, որ գրել էր այդ թերթերը, այն ձեռը, որ անշունչ առարկայիդ բերանը լեզու է դրել, որպեսզի այսօր այդ լեզվով անեծք կարդացվի նույն այդ ձեռը բանացնողի դեմ: Եվ ի՞նչ ես դու, զզվելի թղթի կտոր: Ի՞նչ ես դու և ի՛նչ են ահա սրանք (Քամալյանը ձեռքը մեկնեց դեպի մեծակազմ գրքերը), որոնք խաբում են մարդկությանը, բախտավորություն են խոստանում, իսկ հետո դառնություն և կսկիծ են տալիս այդ բախտավորության փոխարեն: Բայց ո՛չ, դուք, թղթեր, մեղավոր չեք. մեղավոր են դարձյալ նրա նման զզվելի կենդանիները, մեղավոր է մարդ կոչված ստոր արարածը: Այո՛, մեղավոր են նրանք, որոնք սևացնելով իրանց կեղտոտ մատներով ձեր լույսի նման մաքուր երեսը, հավաքում են ձեզ միասին, սփռում են աշխարհի չորս կողմերը — նրա նման անօգուտ արարածների թիվը ավելացնելու և մարդկության թշվառությունը բազմապատկելու համար:
Следующая страница |