Շիրվանզադե Ալեքսանդր՝ Պատմվածքներ և վիպակներ | |
Բացառություն էր կազմում յուր մարմնի կազմվածքով միայն մի երիտասարդ: Սա բարձրահասակ, նիհար և դեղնած մի մարդ էր, սև ու նոսր միրուքով և տափակ կրծքով: Նայելով երիտասարդի դեմքին, կարելի էր ասել, որ նա գոնե քառասուն տարեկան է, բայց իսկապես նրա տարիքը քսանույոթից չէին անցնում: Անցյալի զեխ և շռայլ կենցաղն այդ դեմքի վրա դրոշմել էր արդեն ծերության կնիքը: Նրա թուխ ու լղար երեսի կաշին, եփած խնձորի կճեպի պես, մի քանի ծալք կուչկուչվել էր և հավաքվել քնթի երկու կողմերում: Թերթերունքներից զուրկ աչքերի տակ նույնպես գոյացել էին մի քանի կապտագույն կնճիռներ: Աչքերից վեր երկու դժվար նշմարելի գծեր, շնորհիվ դեռ պահպանվող մի քանի մազերի, հազիվհազ համոզում էին, թե մի ժամանակ այդ մարդը զուրկ չի եղել հոնքերից — մարդկային կերպարանքի այդ գեղեցիկ զարդից, առանց որի մարդ կատարելապես կապիկի է նմանվում: Իսկ նրա ամբողջ դեմքն արտահայտում էր խորին վավաշոտություն, նրա փոքրիկ սևագույն աչքերի մեջ փայլում էր անասնական կիրք: Նա հագած էր սպիտակ մետաքսյա կտորից կարած ամառային հագուստ, որ ավելի մաքուր էր և ավելի նուրբ ձևով կարված, քան նրա ընկերակիցներինը: Դեղնագույն հարդյա գլխարկի լայն ծայրը սքողել էր նրա ճակատը, որ ծածկված էր բազմաթիվ մանր ելունդներով: Մի նշան, որ հետևանք էր նրա անբարոյական կենցաղավարության: Երիտասարդի ժիլետի վրա նույնպես փայլում էր մի ահագին ոսկե շղթա: Իսկ շղթայից քաշ էր ընկած հինգկոպեկանոցի չափ ոսկե մեդալիոնը` զարդարված մանրիկ ադամանդներով: Նրա բարակ դեղնագույն ձեռնոցներից մեկի տակից, աջ ձեռքի միջամատի վրա ցցված էր մատանու մեծ փիրուզեն: Ճերմակ ատլաս յա փողպատի վրա մեխված էր մի մեծ ոսկե գնդասեղ նույնպես ադամանդներով զարդարված: «Պետր Ստեփանիչ Դոլմազով» — այսպես էր փորագրված երիտասարդի անունը նրա ձեռնափայտի չորս մատնաչափ ոսկեպատ կոթի վրա:
II
Խումբը տաքացած խոսում էր ու վիճաբանում հանքերի, գործարանների, նավթի և ուրիշ այսպիսի հետաքրքրական նյութերի մասին: Մի քանիսը խոսողներից այնքան ոգևորվել էին, որ քիչ էր մնում փոխեին իրանց կանգնած դիրքն և քանդեին մեջտեղի օղաձև տարածությունը: Մեկը կամենալով համոզել ինչ-որ բանում յուր դեմուդեմ կանգնողին, մի փոքր առաջ շարժվեց, և երկուսի փորները մի քիչ ընդհարվեցին:
Խոսակցությանը չէր մասնակցում միայն երիտասարդը: Նա երեսը դարձրել էր դեպի ծովն և հեռադիտակով անդադար նայում էր եկող շոգենավին, որն այդ ժամանակ այնչափ մոտեցել էր կայարանին, որ պարզ նշմարվում էին տախտակամածի վրա խմբված ճանապարհորդները:
— Պետր Ստեփանիչ, ինչո՞ւ ես այդպես անհամբեր մտիկ անում, երևի, մարդի ես սպասում, — դիմեց երիտասարդին հաստափորներից մեկը, աջ ձեռը դնելով նրա ուսին, երբ խոսակցությունը մի քանի վայրկյան ընդհատվեց:
Պետր Ստեփանիչը չպատասխանեց: Նա խորասուզված շարունակ նայում էր դեպի շոգենավը:
— Պետր Ստեփանիչ, ախար քեզ հետ են՝ խոսում, — կրկնեց հետաքրքիր հաստափորը, կանգնելով նրա դեմուդեմ և ձեռով ծածկելով հեռադիտակի բերանը, որպեսզի Պետր Ստեփանիչի ուշադրությունը յուր վրա դարձնի:
— Հը՛մ, — ասաց միայն Պետր Ստեփանիչն և, հեռադիտակն ազատելով նրա ձեռից, կրկին սկսեց նայել:
— Ումի՞ն ես սպասում, ասա տեսնեմ, — շարունակեց հաստափորն, այս անգամ Պետր Ստեփանիչի ձեռից խլեչով հեռադիտակն և թաքցնելով յուր մեջքում:
— Սպասում եմ:
— Ո՞ւմին:
— Կարլ Մարկիչի ընտանիքին:
— Ո՞րտեղից:
— Հաշտարխանից:
— Ի՞նչ ասացիր, Կարլ Մարկի՞չ, ո՞վ է Կարլ Մարկիչը:
— Իմ կառավարիչը:
— Նեմե՞ց է:
— Հայ է, հաշտարխանցի:
— Կարլ Մարկիչ, — կրկնեց Սերգեյ Իվանիչը (այսպես էր հաստափորի անունը), աչքերը չռելով և յուր դեմքի վրա խաղացնելով զարմացական ժպիտ:
— Գասպարն է, ծերունին, ճանաչո՞ւմ ես խո նրան:
— Գասպարը... հը՛մ... ես էլ ասում եմ այդ ինչ Կարլ է, — ասաց Սերգեյ Իվանիչը հառաչելով, կարծես մի ծանրությունից ազատված: — Ինչո՞ւ է բերել տալիս Գսապարը յուր ընտանիքը:
— Ես եմ ասել, խեղճն առանց կնոջ տխրում է, ասացի մի լավություն անեմ, Տներիցս մեկում նրա համար մի լավ բնակարան եմ նշանակել, թող ապրեն, քեֆ քաշեն: Արժե Կարլ Մարկիչը. նա շատ լավ գործակատար է:
— Արժե, արժե, շատ ճշմարտասեր մարդ է, ղալբություն չգիտե: Ես նրան լավ եմ ճանաչում: Առաջ նա Հաշտարխանի ամենաառաջին վաճառականներից մեկն էր, բայց ընկերները խաբեցին, փողերը ձեռքից խլեցին և չոր տափի վրա թողեցին: Նրա ընտանիքն էլ եմ ճանաչում: Ռուսաստանից գալիս ես Հաշտարխանում նրանց մոտ գնացի, ինձ սուրճով հյուրասիրեցին: Մի լավ տղա ունի և մի լավ աղջիկ: Նրանք էլ գալի՞ս են:
— Գալիս են: Որդուն ես շատ եմ հավանել, ուզում եմ Բալախանիի նավթահանքերից մեկի վրա գործակատար նշանակել:
— Շատ լավ կանես, շատ լավ կանես, Պետր Ստեփանիչ, լավ տղա է, հոր նման ղոչաղ է: Բայց ուրիշ բան է նրա աղջիկը, հրեշտակի գեղեցկություն ունի, Պետր Ստեփանիչ, ամբողջ Հաշտարխանի մեջ հատը չկա:
Այս ասելով, Սերգեյ Իվանիչն յուր յուղալի աչքերի բիբերը ոլորեց և ատամների վերին շարքով ներքին պռոշի ծայրը թեթևությամբ կծեց, նայելով ուղղակի Պետր Ստեփանիչի աչքերին: Սա նույնպես մի վայրկյան նայեց նրա երեսին, ոչինչ չասաց և, կրկին հեռադիտակը մոտեցնելով աչքերին, սկսեց նայել շոգենավին:
— Առաջին անգամ, երբ ես նրան տեսա, քիչ մնաց որ խելքս կորցնեի, — շարունակեց շատախոսել Սերգեյ Իվանիչը: — Ասացի, այ սրա նման կնիկ ունենա մարդ, որ պարզերես կարողանա հասարակության մեջ դուրս գալ: Ինչ ֆորտոպիանի վրա ածել, ինչ պար գալ, ինչ խոսել թե՛ հայերեն և թե՛ ռուսերեն, մի խոսքով, ոսկի է ոտքից մինչև գլուխ: Ա՛յ, նրա նման կնիկ ունենաս, հետդ տանես Ռուսաստան և, բոլորին զարմացնես: Բայց ափսոս, որ հայրն աղքատ է, Պետր Ստեփանիչ, թե չէ քեզ համար շատ լավ հարսնացու կլիներ:
Պետր Ստեփանիչը հեռադիտակի տա կից ժպտաց և ոչինչ չպատասխանեց:
— Բավական հասակավոր աղջիկ է, բայց մինչև օրս ուզող չկա հոր աղքատության պատճառով: Անիրավ Հաշտարխանում առանց օժիտի ոչ մի տղա աղջիկ չի վերցնում:
Պետր Ստեփանիչը հեռադիտակը հեռացրեց և, սպիտակ ու մաքուր թաշկինակով աչքերը սրբելով, միայն արտասանեց «հը՞մ», կարծես հարցնելով յուր խոսակցի միտքը:
— Ասում եմ մի մեծ ողորմություն կանես, — շարունակեց Սերգեյ Իվանիչը, — եթե նրան այստեղ մի լավ տղի տաս:
Պետր Ստեփանիչը, հեռադիտակը դնելով գրպանը, պատասխանեց.
— Նրա հայրը հարուստ եղած ժամանակ շատ անգամ է օգնել հորս... իհարկե, ես էլ պարտավոր եմ փոխարենը վճարել լավությունով:
— Ապրե՛ս, Պետր Ստեփանիչ, Գասպարն արժե, նա խեղճ, կորած, մոլորված մարդ է:
Լսվեց կայարանին մոտեցող շոգենավի սուլոցը: Ամբոխը սկսեց հրելով մոտենալ կայարանի եզրին: Շոգենավը, շվշվալով, շոգին կողքերից բաց թողնելով և խարիսխների շղթաները զնգացնելով, մեղմիկ սահում էր առաջ:
Պետր Ստեփանիչը յուր որոնող հայացքը ձգեց տախտակամածի վրա, բարձրանալով ոտների ծայրերի վրա: Այնտեղ նա նկատեց ճամփորդների մի խմբակ, բաղկացած երեք հոգուց: Մեկը միջահասակ, մոտ քառասունուհինգ տարեկան կին էր եվրոպական հագուստով, գլուխը սև շալով փաթաթված: Մյուսը 23 — 24 տարեկան մի երիտասարդ էր բարձր հասակով, սև, փոքրիկ միրուքով, համակրելի դեմքով և բավական մեծ քթով: Երրորդը մի օրիորդ էր ամառային բաց գույնի հագուստով և հարդյա դեղնագույն լայնեզր գլխարկով: Սա կլիներ մոտ 25 տարեկան, բարձրահասակ էր, դեմքի բավական նուրբ գծերով, ոչ այնքան գեղեցիկ, որքան սիրուն և համակրելի:
Պետր Ստեփանիչը Սերգեյ Իվանիչի ուղեկցությամբ դիմավորեց նրանց: Երկուսն էլ, հերթով նորեկներին բարևելուց հետո, շտապով վերցրին մի-մի կտոր ճանապարհային իրեղեններից և իջան կայարան:
— Բաս ի՞նչտեղ է Կարլ Մարկիչը, — հարցրեց պառավ կինը:
— Գործարանումն է, շուտով կգա, ես ցույց կտամ բնակարանը, կառքս սպասում է ձեզ, — պատասխանեց Պետր Ստեփանիչը քաղաքավարությամբ, մի դիտող հայացք ձգելով օրիորդի վրա:
Սերգեյ Իվանիչն արմունկով բոթեց նրան և զգուշությամբ շշնջաց նրա ականջին.
— Լուսնյակ է, մուշտարու աչքով մտիկ արա:
— Կատերինա Կարլովնա, շա՞տ է նեղացրել ձեզ ծովը,՝ — դիմեց Պետր Ստեփանիչն օրիորդին:
— Օ՛խ, օխ, էլ մի հարցնիր, ցավդ առնեմ, մեր ոսկորները փշրտել է, պատասխանեց մայրն աղջկա փոխարեն,
— Մամա, ի՛նչ ես ասում, ինձ չի նեղացրել ծովը, նա շատ խաղաղ էր, — հակառակեց Կատերինա Կարլովնան, բռնելով յուր եղբոր թևից:
— Դո՞ւք ինչպես եք, Արտեմ Կարլիչ, — քաղաքավարության համար հարցրեց Պետր Ստեփանիչն երիտասարդին:
— Ինձ համար շատ ուրախ անցավ ժամանակը, — պատասխանեց Արտեմ Կարլիչը համեստությամբ, գլուխը քիչ թեքելով կրծքին:
Այսպես խոսելով հասան փողոց, ուր Պետր Ստեփանիչի շքեղ կառքն երկու առույգ ձիերով լծված սպասում էր նրանց: Պետր Ստեփանիչն օգնեց օրիորդին և մորը կառք նստել, իսկ ինքն Արտեմ Կարլիչի հետ տեղավորվեց նրանց դեմ: Մի քանի րոպեում արագընթաց ձիերը կառքը սլացրին դեպի ծովեզրյա ընդարձակ փողոցի ծայրը, ուր նա անհետացավ: Սերգեյ Իվանիչը մնաց նրանց հետևից նայելով:
— Շառլատան, անառակ Դոլմազով, ես քո միտքը հասկացա, — արտասանեց նա:
Հետո, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով, կրկին վերադարձավ շոգենավ:
III
Կառքը կանգնեց քաղաքի լայն փողոցներից մեկի վրա գտնվող երկհարկանի նորաշեն տան առջև: Դյուրաշարժ Պետր Ստեփանիչն արագապես ցած թռավ կառքից և օգնեց ցած իջնելու Կատերինա Կարլովնային ու նրա մորը: Նա, առաջնորդելով տարավ նրանց ներս և ցույց տվեց բակի ներսի շինության ներքին հարկում մի բնակարան, որ բաղկացած էր երեք սենյակներից:
— Այ, այս եմ պատրաստել տվել ձեզ համար: Բավակա՞ն է ձեզ, Մարիա Իվանովնա, երեք սենյակ, թե՞ չէ, — հարցրեց Պետր Ստեփանիչը պառավից, միևնույն ժամանակ նայելով աղջկա երեսին:
— Ցավդ առնեմ, ինչ կանենք այդքանը, չորս հոգուս համար երկուսն էլ բավական էր, — պատասխանեց Մարիա Իվանովնան, թեև հոգով շատ ուրախ կլիներ, եթե բնակարանն ավելի ընդարձակ լիներ:
— Կարլ Մարկիչը գիշերները գործարանումն է լինում: Արտեմ Կարլիչին էլ նշանակել եմ կառավարիչ Բալախանի, ուրեմն քաղաքում մնալու եք դուք և Կատերինա Կարլովնան և ոչ թե չորս հոգի: Բայց վնաս չունի, թող ձեր տեղը լայն լինի, ես խոմ վարձով չեմ տալիս: Տունն իմն է, ինչպես ուզում եմ, այնպես էլ անում եմ:
— Ցավդ առնեմ, շատ ապրես, բայց, Պետր Ստեփանիչ, Արտեմիս համար քաղաքում որ տեղ տաք — լավ կլինի: Առանց նրան սիրտս կնեղանա:
— Հեշտ բան է, թող մի քիչ այնտեղի գործերի հետ ծանոթանա, հետո նրան քաղաքում մի լավ պաշտոն կտամ:
— Չէ, մամա, Բալախանին լավ է, ասում են այնտեղ զարմանալի բաներ կան, — մեջ մտավ Արտեմ Կարլիչը:
— Իհարկե, ինչ որ կա այնտեղ է, օդն էլ ավելի առողջարար է, քան թե այստեղ, քաղաքում, ուր փոշու և ծխի մեջ խեղդվում ենք:
— Ինչպես ձեր քեֆն է, այնպես արեք, մենք էլ ձերն ենք, Պետր Ստեփանիչ, — ասաց Մարիա Իվանովնան և սկսեց դիտել բնակարանը:
Քառորդ ժամ նորեկները Պետր Ստեփանիչի հետ միասին պտտեցին սենյակները, հետո խոհանոցը, ուշադրությամբ զննելով ամեն մի անկյուն:
— Այ, մամա, այս իմ սենյակը կլինի, — ասաց օրիորդը, — կանգնելով սենյակներից մեկում: Ես այս պատուհանի տակ կդնեմ իմ դաշնամուրը: Իսկ դու և պապան մյուս սենյակում կապրեք, այն կողմինն էլ Արտեմի համար կսարքենք:
Բոլոր ժամանակ Պետր Ստեփանիչն յուր հայացքը չէր հեռացնում Կատերինա Կարլովնայից: Նա հափշտակված էր օրիորդի իրանի նուրբ կազմվածքով, պարզ և հրապուրիչ դեմքով, փայլուն աչքերով, նազելի շարժվածքով: Ամեն անգամ օրիորդը խոսելիս, նա աչքերը հառում էր նրա երեսին և ագահությամբ նայում: Այդ ժամանակ նրա ամբողջ մարմնով, կարծես, անցնում էր էլեկտրական ցնցում, և նրա փոքրիկ կապկային աչքերի մեջ փայլում էր անասնական կիրքն յուր բոլոր ուժով: Նա անդադար աչքերը կուչ բերելով, քաղցրությամբ ժպտում էր օրիորդի երեսին, և այդ ժամանակ նրա դեմքը մի ինչ-որ անախորժ, ինչ-որ զզվելի, վավաշոտ, արտահայտություն էր ստանում: Օրիորդը, կարծես, այդ չէր նկատում և անտարբերությամբ խոսում էր նրա հետ: Սակայն երբ մի անգամ Պետր Ստեփանիչը շարունակ նայեց նրա երեսին և բոլորովին անտեղի և անժամանակ ժպտաց, գլուխը թեքեց դեպի կուրծքը, և նրա դեմքը թեթև կարմրեց: Մարիա Իվանովնան դիմեց յուր որդուն.
— Վազի՛ր Արտեմ, շուտուվ ապրանքը հավաքիր շոգենավից ու բեր:
— Իսկ դուք, Կատերինա Կարլովնայի հետ գնանք ինձ մոտ ճաշելու, — մեջ մտավ Պետր Ստեփանիչը:
Մարիա Իվանովնան համաձայնվեց, և Դոլմազովը, յուր տան հասցեն տալով Արտեմ Կարլիչին և նրանց հետ միասին կառք նստելով, շտապեց տուն:
Իրիկնադեմ էր, երբ նորեկները ճաշելուց հետո կրկին վերադարձան իրանց բնակարանը: Արտեմ Կարլիչը բոլոր իրեղենները արդեն բերել էր: Նրանք սկսեցին կարգի բերել իրանց բնակարանը: Մարիա Իվանովնան յուր որդու հետ պատրաստում էր վերջին սենյակը, իսկ Կաւտերինա Կարլովնան նույնպես պատրաստում էր յուր սենյակը Պետր Ստեփանիչի օգնությամբ: Չնայելով օրիորդի թախանձանքին, որ նա նեղություն չքաշի աշխատելու ու գնա հանգստանալու, հոգատար Պետր Ստեփանիչը քայլ անգամ չէր ուզում հեռանալ օրիորդից և ոտքի-ձեռքի ընկած մեծ պատրաստակամությամբ օգնոււմ էր նրան: Հետզհետե Կատերինա Կարլովնան սկսեց ձանձրանալ նրա օգնությունից: Պետր Ստեփանիչն այնքան չէր օգնում, որքան յուր ծանր ու խոր հայացքներով և անտեղի քաղցրախոսությունով ձանձրացնում էր օրիորդին:
Կատերինան այդ հայացքներն ընդունում էր իբրև սովորական քաղաքավարության արտահայտություն երիտասարդի կողմից դեպի մի օրիորդ, բայց երբ Պետր Ստեփանիչը սկսեց անցնել սովորական չափավորության սահմանը, այն րոպեից օրիորդի սրտում ծագեց ինչ-որ կասկած: Պետր Ստեփանիչի ներկայությունը սկսեց նրան ճնշել, և նա աշխատում էր խույս տալ նրա հայացքներից:
Պատահեց մի դեպք: Կատերինա Կարլովնան յուր հագուստեղենները տեղավորում էր պահարանի մեջ: Նրա մայրն ու եղբայրը մյուս սենյակումն էին: Պետր Ստեփանիչն անշարժ կանգնած, նայում էր օրիորդին: Երբ Կատերինան, վերջացնելով գործը, կամենում էր կողպել պահարանը, բանալին մի քանի անգամ շուռ տվեց ու չկարողացավ կողպել: Պետր Ստեփանիչի սուր հայացքն իսկույն այդ նկատեց: Նա շտապով մոտեցավ օրիորդին:
— Թույլ տվեք, որ ես կողպեմ, Կատերինա Կարլովնա, դուք ուժ չունեք, ափսոս է, ձեր քնքուշ ու գեղեցիկ մատները կցավեն:
— Ոչ, խնդրեմ նեղություն մի՛ քաշեք, այդ պահարանը բացի ինձանից ոչ ոք չի կարողանում կողպել և բանալ:
— Ես կարող եմ, այ, տեսնո՞ւմ եք, ձեր ձեռները ինչպես կարմրեցին:
Այս ասելով, Պետր Ստեփանիչը ձախ ձեռով սիրալիր հեռացրեց օրիորդի ձեռը բանալիից, իսկ աջով սկսեց պտտեցնել բանալին, միևնույն ժամանակ մյուս ձեռում սեղմած պահելով օրիորդի աջը: Օրիորդն աշխատեց զգուշությամբ ազատել յուր ձեռը, բայց չհաջողվեց: Պետր Ստեփանիչը նրան շատ ամուր էր սեղմել: Օրիորդը չգիտեր ինչ աներ: Նա մի անգամ ևս փորձեց դուրս բերել ձեռը նրա ձեռից, բայց, չկարողանալով, սկսեց դողալ: Պետր Ստեփանիչի մեջ եռաց բուռն կիրքը: Նա, շարունակելով բանալին ոլորել կողպեքի մեջ, յուր շրթունքները զգուշությամբ մոտեցրեց օրիորդի երեսին և կամենում էր... Բայց զսպեց իրան:
Այդ վայրկյանին ներս մտավ Մարիա Իվանովնան: Փոքր անցած՝ գնդակի նման ներս գլորվեց մի լղար, կարճահասակ մարդ ճերմակ մազերով:
— Պա՛պա, պա՛պա, — գոչեց Կատերինա Կարլովնան և, առաջ վազելով, ընկավ ծերունու գիրկը:
IV
Ներս վազողը Կարլ Մարկիչ Պոպովն էր, Կատերինայի հայրը: Մի քանի րոպե հայր ու աղջիկ իրարու գրկած համբուրվում էին: Վերջապես, Կարլ Մարկիչն ազատեց աղջկան յուր գրկից և նույն կարոտությամբ ընկավ որդու, Արտեմ Կարլիչի գիրկն ու մի քանի համբույրներ դրոշմեց նրա ճակատին: Հետո բարևեց ամուսնուն, մի անգամ միայն, համբուրելով նրա բերանի անկյունը: Պետր Ստեփանիչն ինչևիցե օտար էր, համեստությունը Կարլ Մարկիչին ստիպեց չափավորել յուր ամուսնական զգացմունքները:
— Ես պարտավոր եմ հազար անգամ շնորհակալություն հայտնել ձեզ սեմեյստվոյիս խաթրու, — դարձավ Կարլ Մարկիչը Պետր Ստեփանիչին, որը մի կողմ քաշված նայում էր այդ ընտանեկան տեսարանին:
Կարլ Մարկիչը քիչ մոտեցավ նրան, ձեռները քարշ ձգեց կողքերին, ոտները կպցրեց իրարու և, մեջքից երկու ծալ թեքվելով, երիտասարդական աշխուժությամբ մի քանի անգամ գլուխ տվեց նրան:
— Չարժե, չարժե, — արտասանեց անտարբերությամբ Պետր Ստեփանիչն, յուր հայացքը չհեռացնելով Կատերինա Կարլովնայից, որն այդ ժամանակ ինչ-որ բանի մասին խոսում էր յուր եղբոր հետ:
— Մարիա, Կատյա, Արտեմ մոտեցեք, շնորհակալություն արեք Պետր Ստեփանիչին, էնդուր որ նա է րասպորյաժենիյե արել ձեզ Բաքու բերելու:
Կարլ Մարկիչի ընտանիքը սեղմեց Պետր Ստեփանիչի ձեռը: Դա առաջին շնորհակալությունն էր, որ ստացավ բարեսիրտ խնամատարն երախտագետ ընտանիքից:
— Տեսնում ես, Մարիա, ինչ աղավարի քվարթիրա է, — շարունակեց Կարլ Մարկիչը, պտույտ գալով Պետր Ստեփանիչի առջև: Ես Պետր Ստեփանիչից շատ շնորհակալ եմ, շա՛տ. իմ պարտքս է ստարայտցա իլիլ նրան չեսնո, բլագորոդնո ծառայելու, էնդուր որ նրա պես խոզյային ես գրանիցայումն էլ չեմ կարող գտնել:
Կարլ Մարկիչը խոսելու ժամանակ ձեռներով, գլխով և ուսերով այնպիսի շարժումներ էր անում, որ, կարծես քսանուհինգ տարեկան երիտասարդ լիներ, այնինչ մոտ վաթսուն տարեկան էր:
Պետր Ստեփանիչն ուշադրություն չէր դարձնում յուր կառավարչի շատախոսություն վրա: Նա խորասուզված էր ինչ-որ մտածողության մեջ: Սակայն այդ երկար չտևեց. հանկարծ նա դիմեց Մարկիչին լուրջ ձայնով.
— Գործարանն այսօր բանե՞լ է:
— Ի՛նչպես չէ, ի՛նչպես չէ, աղա ջան:
— Ո՞վ կա այնտեղ այժմ:
— Ամենքն այնտեղ են: Ես, աղա ջան, զավոդը պորուչիյտ արի գլավնի պրիկաշչիկին մինչև էգուց առավոտը:
— Հը՛մ, — արտասանեց միայն Պետր Ստեփանիչը, կրկին մտածողության մեջ ընկնելով և բեղերը կրծոտելով:
Կարլ Մարկիչը քիչ շփոթվեց:
— Բեզպոկոյիտցա մի՛ լինեք, աղա ջան, ամեն ինչ պորյադկայով կգնա:
— Առավոտը շուտով գնացեք, որ գործարանը չդադարի, եթե ոչ, գիտեք, որ մի օրվա դադարելն ինձ կզրկի հազար մանեթ աշխատանքից, — ասաց Պետր Ստեփանիչը քիչ հրամայական եղանակով, աշխատելով յուր դեմքի հպարտությունը պահել:
Պետք է ասած, որ Պետր Ստեփանիչը մի քիչ սուտ ասաց: , Գործարանն առանց Կարլ Մարկիչի ևս կարող էր վաղը գործել և եթե դադարեր էլ, մի օրվա վնասը երբեք հազար մանեթ չէր կարող լինել: Բայց նա այդ ասաց առաջինը նրա համար, որ Կարլ Մարկիչի վրա ունեցած յուր իշխանությունը ցույց տա նրա ընտանիքին և երկրորդ, մի օրվա վնասը քսան անգամ ավելի ցույց տալով, լուր հարստությունով մի փոքր փոշի փչի այդ ընտանիքի աչքերին: Այս պարզ էր, ըստ որում, յուր հրամանը կրկնելուց հետո, նա մի առանձին ինքնաբավականությամբ նայեց բոլորին հերթով, որ տեսնի, ինչ ազդեցություն արին յուր խոսքերը լսողների վրա, իսկ նամանավանդ Կատերինա Կարլովնայի վրա: Եվ հիրավի նա մասամբ չսխալվեց:
Լսելով նրա խոսքերը, Մարիա Իվանովնան այնպես զարմացավ, որ աչքերը ճլզեց և բերանը բաց մնաց: «Օրական հազար մանեթ փող է աշխատում, երանի նրան, որ սրա նման փեսա կունենա», — անցավ իսկույն նրա մտքով, և գլուխը թեքեց կրծքին, ձեռները խաչաձև ծալեց ծոցում և սկսեց ագահությամբ նայել Պետր Ստեփանիչին: Պակաս չզարմացավ և Արտեմ Կարլիչը: «Օրական հազար մանեթով կարելի է թագավորի պես ապրել արտասահմանում, այն էլ Փարիզի մեջտեղում, ախմախն ինչո՞ւ է այստեղ քամու ու փոշու մեջ խեղդվում», — այսպես մտածեց նա և սկսեց նույնպես նայել Պետր Ստեփանիչի երեսին:
Միայն Կատերինա Կարլովնան էր, որի վրա կարծես ոչինչ ազդեցություն չարին Պետր Ստեփանիչի փքուն խոսքերը: Նա երեսը շուռ տվեց և անցավ մյուս սենյակը:
— Առավոտը, խորոզը կանչելիս, ես զավոդում կլինեմ, աղա ջան, ես չեմ թողնիլ, որ ձեզ ուբիտկա լինի, — միամտացրեց Կարլ Մարկիչը Պետր Ստեփանիչին:
Կատերինա Կարլովնան մյուս սենյակ անցնելուց հետո Պետր Ստեփանիչի դեմքն ավելի փոխվեց: Սովորական ուրախ ու կեղծ ժպիտը նրա դեմքից անհետացավ: Նա կնճռեց ճակատն և առանց այն ևս քացախած երեսն ավելի թթվեցրեց:
— Նստեցե՛ք, պոժոլստա, Պետր Ստեփանիչ այսօր շատ եք նեղացել, — առաջարկեց Կարլ Մարկիչը, վերին աստիճանի խոնարհությամբ և երկյուղով մոտեցնելով աթոռներից մեկն և ոտները սենյակի հատակին քսքսելով:
— Ո՛չ, ես գնում եմ, դուք կարգի դրեցեք բնակարանը, ես վաղը դարձյալ կգամ: Թո՛ղ Արտեմն առավոտն ինձ մոտ գա, որ ճանապարհեմ Բալախանի. իսկ դուք, Կարլ Մարկիչ, շուտ կզարթնեք և կգնաք գործարան:
— Նեպրեմեննո, նեպրեմեննո, ի՛նչ ասել կուզի, աղա ջան, բաս չայ անուշ չե՞ք անում: Կատյա, Պետր Ստեփանիչի համար չայ զավարիտ արա բեր:
— Շնորհակալ եմ, ես գործ ունիմ, գնում եմ, մնաք բարով:
Պետր Ստեփանիչը ձեռ տվեց միայն Մարիա Իվանովնային, իսկ Կարլ Մարկիչին և նրա որդուն միայն թեթև գլուխ տվեց:
— Ցտեսություն, Կատերինա Կարլովնա, — ասաց նա, մոտենալով մյուս սենյակի դռներին և այնտեղից ձեռն ուղղելով օրիորդին:
— Գնաք բարով, — սառնությամբ պատասխանեց վերջինն, յուր մատների ծայրերը տալով նրան:
Պետր Ստեփանիչը զգաց այդ սառնությունը: Նկատեց նույնպես և՛ Կարլ Մարկիչը, նկատեց և մի խոշոր հանդիմանական հայացք ձգեց յուր աղջկա վրա:
Վերջապես, Պետր Ստեփանիչը Կարլ Մարկիչի ուղեկցությամբ դուրս եկավ փողոց և հեռացավ, վրդովված առաջին անհաջողությունից: Կատերինա Կարլովնան վիրավորել էր նրա սահմանափակ ինքնասիրությունը: Այդ նա զգում էր և չէր կարող անտարբերությամբ տանել: Նրա համար դժվար էր մարսել օրիորդի կոշտ վարմունքը: «Աղքատ լինիս ու այդքան հպա՛րտ, — մտածում էր նա, անցնելով փողոցով: Արժան չհամարեց մինչև անգամ կարգին ձեռ տալու ինձ, միայն մատների ծայրերը մոտեցրեց: Այ գոռոզություն: Հարցնող լինի, ինչո՞վդ ես պարծենում, այն էլ ինձ մոտ, որ, եթե ուզենամ՝ կարող եմ քաղցած սպանել: Բայց սպասենք, կարծեմ, երկար չի տևիլ այդ հպարտությունը, սպասենք...»:
— Բայց ի՛նչ հասակ, ի՛նչ կազմվածք... ի՛նչ դեմք... Վատ չէր լինիլ, եթե Կարլ Մարկիչը մի հարուստ վաճառական լիներ և ոչ թե այսօրվա նման մի չնչին գործակատար, դատարկ գրպանով և անհայտ անունով: Այն ժամանակ ես մինչև անգամ չէի հրաժարվիլ Կատերինայի հետ օրինավոր կերպով պսակվելուց, թեև բժիշկները... Հը՛մ, բժիշկնե՛րը... Է՛հ, թքել եմ նրանց գիտության վրա...
Պետր Ստեփանիչը մեկ փողոց անցավ ոտով և հետո, նստելով առաջին պատահած կառքը, գնաց կլուբ:
V
— Մաշա, դուշա մոյա, ասա տեսնեմ, ի՞նչպես ես, քանի ժամանակ է առանց քեզ մենակ էի, — սկսեց նորից Կարլ Մարկիչը, փաթաթվելով յուր ամուսնու վզին, երբ, Պետր Ստեփանիչին ճանապարհ դնելով, վերադարձավ սենյակ:
— Հեռու գնա՛, հեռու գնա՛, շորերիցդ նավթի հոտ է փչում, սիրտս խառնում է, — պատասխանեց Մարիա Իվանովնան, հրելով նրա կրծքին:
— Մաշա ջան, ի՛նչ ես ասում, դա իմ պարադնի կոստյումն է, նոր եմ կարել տվել:
— Լավ է, բավական է, ձեռ քաշիր, ամաչի՛ր երեխեքից, — հակառակեց կրկին Մարիա Իվանովնան, երբ Կարլ Մարկիչը կամեցավ համբուրել նրան:
— Ումի՞ց ամաչեմ, Արտեմի՞ց, հե՛յ, սպասի՛ր, նա էլ ժենիյտցա կլինի, էն վախտը կիմանա, թե ինչ քաղցր բան է սուպրուգան: Տեսա՞ր, Մարիա, ինչ լավ խոզյային ունիմ, պրոստո զոլոտո: Ինձ շատ է ուվաժայտ անում, ամեն կիրակի կոֆեով ուգաստյիտ է անում, մի խոսքով, շատ լավ խոզյային է: Հենց այս մոտերս ինձ զավոդի ուպրավլյայուշչի շինեց: Կատյա, քե՞զ ինչպես դուր եկավ Պետր Ստեփանիչը, շատ լյուբեզնի տղա է, չէ՞, — դարձավ Կարլ Մարկիչն աղջկան, որն այդ ժամանակ թեյ էր ածում:
Կատերինա Կարլովնան ոչինչ չպատասխանեց:
— Շատ լավ մարդ է երևում, — պատասխանեցին նրա փոխարեն միաբերան մայր և որդի:
— Շատ օբրազովաննի տղա է, — շարունակեց գովաբանել Կարլ Մարկիչը: — Քանի տարի է Ռուսիայում պուտեշեստվովայտ է անում, ռսերեն խոսում է մոսկվիչի պես, քո քեֆն էլ կգա, Կատյա քան: Ամեն ջուռայի գազեթներ է կարդում, իրան նման պրեֆերանս խաղացող չիմանաս կլուբում: Պրեֆերանսը օբրազովաննի խաղ է, Մարիա, ուրիշ բան չմտածես, ամեն մարդ չի կարողանում խաղալ: Բարիշնաների համար այն տեսակ կավալերություն է անում, այն տեսակ նեժնի խոսում է, որ հենց իմանաս ախտյոր իլի: Օօ՛օ՛, չէ, շատ աղավարի, շատ աբրազովաննի տղա է: Ես զարմանում եմ, որ Կավկազում այդպես տղա եմ տեսնում, էնդուր որ Կավկազը դիկիյ է, մեր կողմերի պես ցիվիլիզովաննի չէ: Ամա դու, Կատյա ջան, նրա հետ դելիկատնի պոստուպիտցա չիլար հա՛ա, էտի, իմանում ես, լավ չի հա՛ա:
— Ինչպես հարկն էր այնպես վարվեցի, խո քեզ պես մինչև փողոց ճանապարհ չէի դնելու, — ընդհատեց նրան Կատերինա Կարլովնան բավական սառն ու խիստ եղանակով:
— 0՛հո՛, ինչ ես ասո՞ւմ: Ես պարտավոր եմ նրա հետ լյուբեզնի լինել. էնդուր որ ես նրա պոդչինյոննին եմ, նա իմ խոզյայինն է, — տաքացավ Կարլ Մարկիչը, փողպատն ուղղելով և գլխի կարճլիկ ճերմակ մազերն երկու ձեռներով հարթելով:
— Դու պարտավոր ես, բայց ես — ոչ: Դու կարող ես նրա չորս կողմով պտույտ գալ, իսկ ինձանից մի պահանջիր նույնը, — պատասխանեց Կատերինա Կարլովնան ավելի սառնությամբ:
— Մամա ջան, ինչե՞ր ես խոսում սկուչնա ես, քեֆդ լավ չէ, լիխորադկա ունիս, — փոխեց յուր խոսքը Կարլ Մարկիչը, իսկապես կասկածելով աղջկա առողջության մասին:
— Շկապը կողպելիս ձեռը ցավեցրել է, — պատասխանեց Մարիա Իվանովնան աղջկա փոխարեն:
Կարլ Մարկիչի մարմնին կարծես էլեկտրական թեյի ծայր դիպցրին: Սա այնպես վեր թռավ տեղից, որ աթոռն ընկավ, սեղանը սաստիկ շարժվեց, թեյի բաժակը շուռ եկավ, և թեյը սեղանի երեսով սկսեց հոսել սենյակի հատակը, Մարիա Իվանովնան և Արտեմը, շփոթվելով Կարլի այդ արագ շարժումից, նույնպես բարձրացան իրանց տեղերից:
— Դուշա մոյա, աբա, աբա, աբա տեսնեմ, — գոչեց Կարլ Մարկիչը, հարձակվելով յուր աղջկա վրա:
Կատերինա Կարլովնան, բավական վախեցած յուր հոր տարօրինակ շարժումից, անգիտակցաբար մի քայլ հետ գնաց:
— Կարլ, այդ ինչե՞ր ես անում, գժվել խո չե՞ս, վախեցրիր մեզ, — բացականչեց Մարիա Իվանովնան ծիծաղելով:
Սակայն Կարլ Մարկիչն ուշադրություն չդարձրեց նրա վրա:
— Ցույց տո՛ւր, աբա, տեսնեմ, դուշա:
— Հանգստացիր, պապա, ոչինչ չկա, ցավը վաղուց է անցել, — խոսեց, վերջապես, Կատերինա Կարլովնան շփոթված:
Կարլ Մարկիչը քիչ հանգստացավ և բաց թողեց աղջկա թևը: Նա հետ նայեց և, տեսնելով յուր տարօրինակ շարժման հետևանքը, կարծես ամաչեց յուր արարմունքից:
— Ինչպե՛ս վախեցրիր ինձ, Մարիա, հենց իմացա, որ մատը ռազդավիյտ է արել Կատյան, — ասաց նա կրկին յուր տեղը նստելով:
— Քիչ էր մնում, որ դու մեզ ռազդավիյտ անեիր սեղանով, այնպես վեր թռար տեղիցդ, — պատասխանեց Մարիա Իվանովնան ծիծաղելով:
Ընթրիքի ժամանակ նորեկները մանրամասը պատմեցին Կարլ Մարկիչին իրանց կյանքի մասին նրա բացակայության ժամանակ ու ստիպեցին նույնն անել և՛ Մարկիչին: Կարլ Մարկիչը, կարծես, հենց մի այդպիսի հարմար առիթ էր որոնում: Նա, մի քանի բաժակ գինով գլուխը տաքացնելով, սկսեց երկար ու բարակ պատմել յուր մի տարվա կյանքը: Նա նկարագրեց գործարանը, նավթահանքերը, ծանոթացրեց նրանց նավթային արդյունաբերության հետ: Պատմեց, թե ինչպիսի գանձ է Բաքուն, թե ինչպես հեշտ են հարստանում այնտեղ մարդիկ և ինչպես շուտ, թե ինչպես է Պետր Ստեփանիչը հարստացել, առաջ ուրիշի մոտ գործակատար լինելով: Կրկին սկսեց գովաբանել վերջինին, ավելացնելով, թե հույս կա, որ ինքը, Կարլ Մարկիչը, նրա օգնությամբ, մի օր գործարանատեր դառնա և օրինակ բերեց շատերին, որոնք մի քանի տարվա ընթացքում, ոչինչ չունենալով հարստացել են: Ասաց, նույնպես, որ Պետր Ստեփանիչին ինքը մի քանի անգամ այս մասին ակնարկել է: Պետր Ստեփանիչը հույս է տվել ժամանակով անկախ գործարանատեր դարձնել նրան, եթե միայն լավ կծառայի: Այժմ Կարլ Մարկիչն ինքն՝ աշխատում է լավ ծառայել Պետր Ստեփանիչին, որպեսզի օրեցօր ավելի գրավի վրա սերն ու հովանավորությունը: Այնուհետև Կարլ Մարկիչը, ավելի ու ավելի տաքացնելով գլուխն և հափշտակվելով յուր պատմությունով, սկսեց նկարագրել յուր մոտիկ ապագան խիստ գեղեցիկ գույներով: Ասաց, որ շատ ժամանակ չի քաշիլ և ինքը կրկին կդառնա առաջվա «պերվոյ գիլդի կուպեց Պոպովը» և գուցե մի քիչ էլ ավելի: Այն ժամանակ թող մտիկ անեն «Հաշխանի» թշնամիներն ու նախանձից սիրտները տրաքի: Վերջապես, Կարլ Մտրկիչն ասաց, թե այսուհետև ինքը նյութապես ապահովված է և ոշինչ հոգս չունի: Հարկավոր է միայն մտածել առողջության մասին, ուրիշ ոչինչ: Նա սկսեց խրատել յուր ընտանիքին, որ պահպանեն իրանց առողջությունը: Խոսելով Կատերինա Կարլովնայի վերաբերությամբ, նա կողմնակի կերպով ակնարկեց, թե Բաքվում կարելի է լավ փեսացու ճարել նրա համար, որովհետև ազատ տղերք շատ կան, բոլորն էլ հարուստներ, իսկ գեղեցիկ, լուսավորված և շնորհքով աղջկերք — շատ քիչ: Սրա պատճառն այն է, ասաց Կարլ Մարկիչը, որ Կովկասը դեռ «դիկիյ ստրանա» է, կանայք մեծ մասամբ չարսավի մեջ փաթաթված են, «օբրոզովայտցա» չեն եղել և այլն: Ի վերջո Կարլ Մարկիչի երևակայությունը այնքան բորբոքվեց Կատերինա Կարլովնայի վերաբերությամբ, որ նա վստահացավ մի հանդուգն հույս ևս արտահայտել: Բայց իսկույն շտապեց ավելացնել, որ այդ հուսո իրագործումը կախված է Կատերինա Կարլովնայից, թե ինչպես սա իրան ցույց կտա և ինչպես կվարվի Պետր Ստեփանիչի հետ և թե վերջինն ինչպես կնայի Կատյայի վրա... Պատվիրեց Մարիա Իվանովնային, որ Պետր Ստեփանիչին միշտ պատվով և հարգանքով ընդունի և ամեն անգամ «կոֆեով ուգաստիյտ անի»: Խնդրեց նույնպես Կատերինա Կարլովնային, որ սա ևս յուր կողմից շատ քաղաքավարությամբ վերաբերվի Պետր Ստեփանիչին, հետը ռուսերեն խոսի, «դելիկատնիյ պոստուպիյտցա» անի, «էնդուր, որ Պետր Ստեփանիչն ինքը ցիվիլիզովաննիյ կավալեր է և սիրում է նեժնի մանիերնեք»:
Մի խոսքով, Կարլ Մարկիչը բան չմնաց, որ չպատմի և պատվերներ ու խրատներ չմնաց, որ չտար Մարիա Իվանովնային, նամանավանդ Կատերինա Կարլովնային:
— Ընթրիքն ավարտվեց: Կարլ Մարկիչ Պոպովը բորբոքված երևակայությամբ հեռացավ յուր սենյակը: Արտեմը, Մարիա Իվանովնան և Կատերինան նույնպես գնացին իրանց սենյակները քնելու:
Առավոտը Կարլ Մարկիչը ճիշտ որ, ինչպես ինքը խոսք էր տվել Պետր Ստեփանիչին, «խորոզը կանչելիս» գործարան գնաց: Իսկ Արտեմ Կարլիչը տասը ժամին ներկայացավ Պետր Ստեփանիչին և մի քանի անհրաժեշտ պատվերներ ստանալով նրանից, իսկույն ճանապարհվեց Բալախանի՝ գործակատարի պաշտոնով:
VI
Հետևյալ օրը, կեսօրվա դեմ, Պետր Ստեփանիչը կրկին ներկայացավ Կարլ Մարկիչի ընտանիքին, այս անգամ ուրիշ և ավելի շքեղ հագուստով: Մարիա Իվանովնան խոհանոցում կերակուր էր պատրաստում ճաշի համար: Կատերինա Կարլովնան մեքենայի վրա մի ինչ-որ բան էր կարում:
Լսելով յուր հետևից Պետր Ստեփանիչի բարևի ձայնը, նա իսկույն ընդհատեց գործը, բարձրացավ տեղից և, սառն քաղաքավարությամբ պատասխանելով նրա բարևին, ձեռ տվեց և դիմեց խոհանոց, որ մորը հայտնի:
— Ոչինչ, ոչինչ, նեղություն մի՛ քաշեք, Կատերինա Կարլովնա, — ասաց Պետր Ստեփանիչը, կտրելով օրիորդի ճանապարհը, որ դուրս չգնա:
Բայց օրիորդը չլսեց նրան: Մի վայրկյանից ներկայացավ Մարիա Իվանովնան, թևերը մինչև արմունկները ծալած: Պետր Ստեփանիչը թռավ տեղից և քաղաքավարությամբ բարևեց նրան:
Следующая страница |