Շիրվանզադե Ալեքսանդր՝   Զուր հույսեր

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 Следующая Конец

Բոլոր ընկերները վճռել են վաղը ուղևորվել, նրան են սպասում, իսկ նա...

Վա՞ղը, — ընդհատեց Մարիամը, հազիվ կարողանալով յուր շփոթությունը քողարկել:

Նույն օրը երեկոյան Ռուբենը գնաց Բագրատյանի մոտ: Տուն եկավ բավական ուշ: Մարիամը անհամբեր սպասում էր նրա վերադարձին:

Այժմ դարձյալ փոխվել է, վաղը անպատճառ գնում է, — պատասխանեց Ռուբենը նրա շտապ հարցին:

Անպատճա՞ռ:

Անպատճառ:

Մարիամը գունաթափվեց:

Մարո, ի՞նչ պատահեց, ինչո՞ւ այդպես փոխվեցիր:

Վաղը նա կգա՞ այստեղ, — հարցրեց Մարիամը դողդոջուն ձայնով:

Ոչ:

Մարիամը թուլացած նստեց աթոռի վրա և ձեռները ամուր սեղմեց ճակատին:

Հասկացա, — ասաց Ռուբենը, — դու նրան խղճում ես, այո, նա կզոհվի յուր հանդուգն ձեռնարկությանը:

Այդպես հասկացավ եղբայրը քրոջ այլայլման պատճառը, և քույրը չցրեց նրա մոլորությունը:

Հետևյալ առավոտ Մարիամը թախանձեց Ռուրենին, որ իրան տանի Բագրատյանի մոտ երեկոյան, երբ պետք է վերջինը ուղևորվեր:

Ի՞նչ գործ ունես նրա մոտ, — հարցրեց Ռուբենը զարմացած:

Ուզում եմ նրան բարի ճանապարհ մաղթել:

Ոչ, չեմ կարող քեզ տանել: Նա կբարկանա ինձ վրա: Երեկ նա ակնարկեց, թե չէ ուզում կանանց երես տեսնել: Ինչո՞ւչեմ իմանում... Նա կանանց մեջ ուրիշ ծանոթներ էլ չունի, բացի քեզանից...

Բայց Մարիամը շարունակեց յուր թախանձանքը ամբողջ օրը: Բարկացավ, հանդիմանեց Ռուբենը, բայց վերջապես համաձայնեց:

Բագրատյանը բնակվում էր մի պառավ կնոջից վարձած մի ոչ այնքան ընդարձակ անշուք սենյակում: Երեկոյան ինն ժամն էր, երբ Մարիամը Ռուբենի հետ եկավ նրա մոտ: Առաջ ներս մտավ Ռուբենը, նրա հետևից Մարիամը: Կանթեղի աղոտ լուսավորությունը մի քանի վայրկյան չթույլ տվեց տեսնել, թե ինչ է կատարվում սենյակում: Ապա նրանց աչքերը ընտելացան կիսախավար մթնոլորտին, և պարզվեց հետևյալը: — Սենյակում հավաքված էին այն անծանոթ երիտասարդները, որ վերջին օրերը երբեմն երևում էին և Ռուբենի մոտ: Ամենը հագած էին ճանապարհային հագուստ, — երկար կոշիկներ, կարճ բաճկոններ: Ամենի աչքերը կրակոտ էին, դեմքերը վառված, եռանդոտ: Հատակի վրա սփռված էին զանազան փոքրիկ կապոցներ, սեղանի վրա դրած էին մի ատրճանակ և մի կարճ սուր: Երիտասարդները, չնայելով իրանց հուզված դրությանը, խոսում էին առանց աղմուկի, գրեթե շշնջյունով: Բագրատյանը յուր շորերն էր կապկպում: Նրան օգնում էին երկու երիտասարդներ: Նա այնքան զբաղված էր գործով, որ մի քանի վայրկյան չնկատեց Մարիամին, որ մի անկյունում կանգնած լուռ և հոգեզմայւված դիտում էր երիտասարդներին: Հանկարծ նա նկատեց օրիորդին, և նույն վայրկյանին նրա ձեռները թուլացան: Բաց թողնելով ճանապարհային «խուրջինի» թոկերը նա հանդիմանաբար նայեց Ռուբենի երեսին:

Հավատացիր, որ ես շատ՝ ընդդիմացա, բայց ի՞նչ անեմ, համառեց, — ասաց Ռուբենը:

Մարիամը շփոթված և լուռ կանգնած էր: Նա ժպտաց, առաջ դիմեց և, ձեռը մեկնելով Բագրատյանին, արտասանեց.

Կամեցա վերջին անգամ սեղմել այն ձեռքը, որ պետք է գործե...

Նա չավարտեց յուր ասելիքը: Նա անչափ զգացված էր, ձայնը դավաճանեց նրան: Նա նայեց ուղիղ Բագրատյանի աչքերին: Րոպեաբար հաղթվելով այդ քնքուշ, սիրալիր և զգացմունքով լի հայացքից, երիտասարդը կրկին ճիգն արավ իրան զսպելու և, արտասանելով «շնորհակալ եմ», վճռական շարժվածքով շարունակեց յուր գործը: Նա սեղանի վրա դրած սուրը տվեց ընկերներից մեկին, ատրճանակը դրեց յուր գրպանը: Մյուս երիտասարդները զարմացած նայում էին Մարիամին: Բարեկազմ, գեղեցկադեմ, գունատ, խոշոր և խելացի աչքերով օրիորդի երևույթը այդ ուշ երեկոյին, այդ կիսախավար անշուք պատերի մեջ, կարծես, նրանց թվում էր մի երկնային խրախուսանք... Նրանց, դեմքերը ժպտացին, նրանց աչքերի մեջ փայլեց մռայլ ուրախության նշույլը:

Պարոններ, — դարձավ Մարիամը նրանց, — թույլ տվեք ձեր գաղափարը պաշտող մի հայ օրիորդի սեղմել ձեր ազնիվ ձեռքը... Ես ինձ բախտավոր եմ համարում, գոնե մի քանի րոպե ձեր շրջանումն եմ...

Շնորհակալ ենք, շնորհակալ ենք, — արտասանեցին գրեթե բոլորը միաբերան:

Եվ Մարիամը սեղմեց յոթ երիտասարդական առողջ և կոշտ ձեռներ:

Ես պատրաստ եմ արդեն, — լսվեց Բագրատյանի անհողդողդ ձայնը:

Յոթ երիտասարդներ միաժամանակ շտապեցին վերցնել նրա իրերը, միմյանց հրելով և միմյանց ձեռքից խլելով:

Սպասեցե՛ք, — գոչեց Բագրատյանը, — համբուրվենք մեր ընկերական ուխտը վառ պահելու համար:

Տեսարանը սրտաշարժ էր: Անկեղծ սրտով, մաքուր զգացմունքներով, յոթ երիտասարդները հերթով համբուրվում էին իրեն՝ Բագրատյանի հետ: Եվ այդ անկեղծ ընկերական համբույրների մեջ զգացվում էին նրանց սրտի փափկությունը, գաղափարի վսեմությունը և հոգու անվեհերությունը: Զգացված Մարիամը ջանք էր անում զսպելու յուր կանացի տկարությունը: Սակայն իզուր: Արցունքը սրտի ամենախորին թելերի շարժումից առաջացած մաքուր արցունքը դուրս ձգտեցին: Նա թաշկինակը սեղմեց աչքերին: Այդ այն վայրկյանն էր, երբ Բագրատյանը համբուրվում էր նրա եղբոր հետ...

Մնացեք բարև, — հնչեց նրա ականջին այն ձայնը, որ հենց առաջին օրից այնպես ազդել էր նրա վրա:

Նա թաշկինակը հեռացրեց աչքերից: Ինչպես ոգևորիչ հրեշտակ, նա այժմ կանգնած էր սենյակի մեջտեղում կարմրած և վառվռուն աչքերով, ոգևորված դեմքով: Նրա շուրջը կանգնած էին յոթ երիտասարդները և հիացմունքով նայում էին: Նրա աջ կողմում կանգնած էր Ռուբենը, սղմված, փոքրացած, կարծես, յուր ոչնչությունը զգալով մյուսների մոտ: Իսկ դեմուդեմ կանգնած էր Բագրատյանը, զորավոր և հաղթական պարագլուխը, յուր հսկայական ուժեղ ձեռը առաջ տարածած: Մարիամը յուր աջը դրեց նրա ափի մեջ և զգաց մի անասելի ցնցումն ամբողջ մարմնի մեջ:

Լավ պաշտպանիր քրոջդ, նա հազվագյուտ սիրտ ունե, — լսեց Ռուբենը:

ճիշտ է արդյոք, իրավ Բագրատյանն էր այդ խոսքերի արտասանողը, թե՞ Մարիամին այդպես թվաց: Նրա գլուխը պատեց, աչքերը մթնեցին: Երազի նման նրա առաջից հերթով անցնում էին ուղևոր երիտասարդները: Վերջինը Բագրատյանն էր:

Եթե վերադառնամ, կտեսնվենք, — այս խոսքերը լսեց Մարիամը:

Նա փոքր-ինչ սթափվեց, նայեց յուր շուրջը: Ոչ ոք չէր մնացել սենյակում, բացի Ռուբենից: Նա ևս արտասվում էր...

XVIII

Օրեցօր բժիշկ Մելիք-Բարսեղյանի ասպարեզը ընդարձակվում էր: Ձմեռվա ընթացքում ձեռք բերած, ծանոթները, ուժեղներին և իրավատերերին դուր գալու ձիրքը, վերին աստիճանի փափուկ և սիրալիր վարվողությունը, — այս բոլորը և ուրիշ շատ առավելություններ նպաստում էին նրան: Այլևս նա կարիք չուներ Գոլովինսկի պրոսպեկտով օրական մի քանի անգամ կառքով անցնելու արտաքին ցույցի համար: Կարիք չուներ նույնպես հիվանդանոցներում ձրի հիվանդներ ընդունելու: Այժմ նրա յուրաքանչյուր ժամը փող էր: Ամբողջ օրը կառքը նրան պտտեցնում էր քաղաքի մի ծայրից մյուսը, մեկ հիվանդից մյուսի մոտ, և ամեն օր նրա ընդունարանը լիքն էր հիվանդներով:

Արհեստակիցները նախանձում էին նրան, հասարակությունը զարմացած էր նրա արագ հառաջադիմությանը: Ոմանք նրա հաջողությունը վերագրում էին մի քանի անհուսալի հիվանդների առողջացնելուն և հիշում էին այս կամ այն մարդուն, որին նա «ազատել էր մահից»: Իսկ թե քանիսին էր «կյանքից ազատել», այս մասին մարդկանց հիշողությունը թույլ էր, քանի որ հասարակության մեջ արդեն կազմվել էր այն կարծիքը, թե Մելիք-Բարսեղյանը լավ բժիշկ է: Միջին և ստորին դասակարգերը նրա մասին ասում էին «ձեռքը թեթև է», բարձր դասակարգը՝ лечит симпатиею: Այո՛, այժմ ամենքը նրան «սիմպատիչնի» երիտասարդ էին համարում, որովհետև ամենքի սիրտը այս կամ այն կերպ կարողացել էր հրապուրել:

Կային միայն մի քանի տաքգլուխներ, որ չէին ենթարկվում ընդհանուրի կարծիքին և համառ կերպով պնդում էին, թե Մելիք-Բարսեղյանը «ճարպիկ շառլատան է», ուրիշ ոչինչ: Այդպիսիներն էին նրա նախկին ընկերներից ոմանք, որոնք մի առանձին դիրք և ձայն չունեին հասարակության խավերում, ուստի և նրանց խոսքը ազդեցություն չէր անում լսողների վրա: Ինքը Մելիք-Բարսեղյանն էլ մի առանձին ուշադրություն չէր դարձնում այղպիսիների կարծիքին: Սակայն հարմար դեպքում չէր մոռանում նրանց սիրտն ևս շահել, զգալով, որ, էհ, ինչևէ, դարձյալ ավելի լավ է նրանց ևս բարեկամ ունենալ, քան չարակամ:

Եվ քանի-քանիսն էին պարծենում նրա ծանոթությամբ, քանի-քանիսն էին պատիվ համարում նրա հետ բարեկամանալ:

Ախ, ներիր, հոգյակս, երեկ չկարողացա քեզ մոտ գալ, դոկտոր Մելիք-Բարսեղյանը մեր տանը հյուր էր:

Ես պարել չեմ սիրում, բայց անցյալ օրը Մայկոյի երեկույթում դոկտոր Մելիք-Բարսեղյանը այնքան զոռեց, որ էլ չկարողացա ձեռքից ազատվել:

Այսօր դոկտոր Մելիք-Բարսեղյանը մեր տանն էր:

Պարծությամբ արտասանված այս դարձվածքներն էին պտտում տիկինների և օրիորդների մեջ: Խնջույք, մեծարանք, երեկույթ, ամեն տեղ և ամեն կողմից նա հրավիրվում էր և հազիվ ժամանակ էր գտնում հնգից մեկի տոմսը գնալու: Իսկ երբ գնում էր, ստեպ-ստեպ նայում էր ժամացույցին և հանկարծ վեր թռչում տեղից, սովորաբար ուղղելով տանտիրուհուն միևնույն փքուն դարձվածքը:

Արհեստիս ծանր պարտականությունը ստիպում է ինձ զրկվել ձեր հյուրասիրությունը վայելելու քաղցր զվարճությունից:

Մինչդեռ բժշկի գործերը այնպես հաջող էին ընթանում, նրա վրա աչք ունեցող մայրերի և հարսնացուների թիվն էլ օրեցօր ավելանում էր: Բայց նա տակավին հետամուտ էր երկուսինօրիորդ Վարինկա Ագամովային և այն վաճառականի աղջկանը, որի հետ ծանոթացել էր Ագամովների տանը:

Առաջինը նշանավոր ազգականների, երկրորդը օժիտի քանակությամբ գերազանցում էին բոլոր մյուսներից: Եվ բժիշկը տատանվում էր, չգիտեր որին ընտրել և որից հրաժարվել: Սակայն, երբ ձեռք բերեց ծանոթների մեծ շրջան, հետզհետե սկսեց թեքվել վաճառականի աղջկա կողմը: Նա վճռեց, վերջապես, լուրջ կերպով հետամուտ լինել վերջինին: Փոքր առ փոքր գրավեց նրա ծնողների սիրտը, բարեկամացավ, և ստեպ-ստեպ այցելում էր նրանց: Սկզբում, նա օրիորդի կողմից հանդիպեց սառնության, ապա նկատեց, որ այդ սառնությունը արվեստական է և օրիորդը սրտում իսկապես համակրում է:

Ավելի ի նչ էր մնում անելու, եթե ոչ ուղղակի առաջարկություն: Բայց տակավին նա զգույշ էր վարվում, չէր շտապում: Նա տեղեկացել էր, որ օրիորդի հայրը ահագին կարողություն ունե և աղջկա համար նշանակած օժիտը այդ կարողության համեմատ շատ չնչին է:

Քաղաքում սկսվեց հռչակվել այժմ, որ դոկտոր Մելիք-Բարսեղյանը ամուսնանում է վաճառական Մեհրաբովի աղջկա հետ: Լուրը հասավ և Ագամովներին: Տիկին Ագամովան զայրացավ, օրիորդ Վարինկան վերավորվեց, տխրեց:

Դարձյալ Մելիք-Բարսեղյանի անունը ընկավ հասարակության բերանը, դարձյալ սկսվեցին թեր ու դեմ խոսակցությունները: Ոմանք պնդում էին, թե հարցը դեռ վճռված չէ, բժիշկը դեռ չի կապել յուր պայմանագրությունը օրիորդի ծնողների հետ: Ասում էին, թե նա Մեհրաբովից պահանջում է, որ տասնուհինգ հազար ռուբլի էլ ավելացնի յուր աղջկա օժիտի վրա և, բացի դրանից, պարտավորվի մի քանի հազար էլ տալ՝ պսակվելուց հետո արտասահմանում ճանապարհորդելու:

Այդ լուրերը, հարկավ, զբաղեցնում էին և տիկին ու Օրիորդ Սադափյաններին: Վերջին ժամանակ, երբ տիկին Սոփիոյի հույսերը Հալաբյանի վերաբերմամբ խորտակվեցին, նա սկսել էր ուշադրություն դարձնել բժիշկ Մելիք-Բարսեղյանի վրա, որ երբեմն այցելում էր նրանց: Սկզբում երիտասարդ բժիշկը բոլորովին մի արժանավոր փեսացու չէր թվում նրան, ոչ դիրք ուներ, ոչ փող, ոչ անուն: Բայց երբ հասարակության մեջ նա հարգանք ձեռք բերեց, երբ մայրերը ընկան նրա հետևից, փոխվեց հետզհետե տիկնոջ կարծիքը: Նա տեսավ, որ շատ էլ չի կարելի արհամարհել այդպիսի մեկին, թեկուզ Հալաբյանից հետո:

Նույն կարծիքի էր և օրիորդ Նատալիան, որի աշխարհայեցողությունը գրեթե ոչնչով չէր տարբերվում մոր աշխարհայեցողությունից: Մայր և աղջիկ ավելի սիրալիր հարաբերություն սկսեցին բժշկի հետ: Սակայն երբ լսեցին, որ նա արդեն ընտրություն արել է, օրիորդը դադարեց անունը հիշելուց, մայրըանզուսպ տիկին Սոփիոնշտապեց կազմել բժշկի թերությունների ցանկը և տարածել յուր ծանոթների շրջանում:

Մի օր բժիշկը եկավ այցելության, օրիորդ Նատալիան չդուրս եկավ սենյակից նրան հանդիպելու: Տիկին Սոփիոն սառն ընդունեց և ուղղակի շնորհավորեց:

Բժիշկը շփոթվեց:

Թիֆլիսի հասարակությունը զարմանալի է, — ասաց նա վիրավորված մարդու եղանակով, — բավական է, որ մեկի տունը մի քանի անգամ գնում ես, իսկույն սկսում են բամբասել:

Բայց այդ բամբասանք չէ, ասում են, նշանվել եք, ինչո՞ւ եք թաքցնում, — գրգռվեց համառ տիկինը:

Բժիշկը, շրթունքը կծելով, լռեց:

ճշմարիտն այն էր, որ օրիորդ Մեհրաբովայի ծնողները ընդունել էին նրա պայմանները: Բայց նա դարձյալ տատանվում էր: Այժմ նա ափսոսումէր, որ ավելի մեծ պայմաններ չառաջարկեց, քանի որ առևտուրը այնպես հաջողվում էր:

Բայց կար մի հանգամանք, որի վրա սկզբում նա ուշադրություն չէր դարձրել և որ հետո դրեց նրան նեղ դրության մեջ և ստիպեց վճռական քայլ անել: Բանն այն է, նա նկատում էր, որ, լուրը տարածվելուց հետո, շատ ընտանիքներում սառն են ընդունում իրան: Սադափյանների և Ագամովների տանը այդ սառնությունը արտահայտվում էր խիստ կերպով: Մյուս ընտանիքներում ևս չէր վայելում առաջվա հարգանքն և հյուրասիրությունը:

Երկդիմի դրությունը նրան վտանգավոր թվաց ոչ միայն բարոյական, այլև նյութական տեսակետից: Այսպես թե այնպես, «արկածախնդիր» մարդու հռչակ վայելելու միտքը սարսափեցրեց նրան: Նա վճռեց, վերջապես, պսակվել... օրիորդ Մեհրաբովայի հետ:

Նշանդրոլթյունը կատարվեց զատկի երկրորդ օրը: Պսակը տեղի ունեցավ յոթ շաբաթ անցած: Օրիորդի ծնողները մի շռայլ հարսանիք տվեցին իրանց միակ դստեր համար: Նրանք հրավիրել էին քաղաքի ամեն դասակարգի մարդիկ. վաճառականներ, չինովնիկներ, բանկիրներ, կապալառուներ, օֆիցերներ, իրավաբաններ, մի քանի վրացի իշխաններ և այլն: Բժիշկը յուր կողմից հրավիրել էր յուր արհեստակիցներից ոմանց, մի քանի հասարակական գործիչներ, երկու հեղինակ, երկու հայ խմբագիր, մի ռուս խմբագիր, չորս ուսանող, մի քանի ուսուցիչներ...

Հանդեսը բազմամարդ էր, ճոխ և շռայլ: Հարսանիքը կատարվում էր աղջկա ծնողների տանը, որ գտնվում էր քաղաքի կենտրոնում: Ամբողջ փողոցի բնակիչները իրարանցման մեջ էին: Պատուհանները և պատշգամբները լիքն էին հետաքրքիր հանդիսասերներով: Եկեղեցու բակում խռնվել էր ահագին բազմություն: Եկեղեցու մեջ ասեղ գցելու տեղ չկար: Տիրում էր մի անասելի աղմուկ: «Դեդիները» և պառաված ու պառավող օրիորդները, միմյանց հրելով, առաջ էին ձգտում, որ տեսնեն նորահարսը ինչպե՞ս է զուգվել, նորափեսան ի՞նչ կերպարանք ունե, խաչեղբայրը ո՞վ է և այլն, և այլն: Պսակ կատարող քահանան, մի քանի անգամ ընդհատելով պսակի խորհուրդը, ամբոխին հրավիրեց խաղաղ կենալ: Բայց նրան լսող չկար:

Փառահեղ պսակադրությունը վերջացավ: Նորապսակները շքեղ կառքով վերադարձան տուն: Ուղիղ մի ժամ ու կես նրանք կանգնած շնորհավորություններ էին ընդունում, այնքա՛ն մեծ էր հանդիսականների բազմությունը: Միմյանց հետևից, թնդալով, բացվում էին շամպանիայի շշերը: Երաժշտությունը դղրդեցնում էր վաճառականի փարթամ դահլիճը: Նորապսակները զգացված էին: Բազմաթիվ ճրագները լուսավորում էին նրանց ուրախ դեմքերը: Բժիշկը մի քիչ գունատված էր, նորահարսի դեմքը վարդի պես կարմրած:

Ընթրիքը սկսվեց գիշերվա երկու ժամին, վերջացավ լուսաբացին:

Նույն օրը երեկոյան նորապսակները ուղևորվեցին արտասահման:

Այլևս չքացան հետամուտ եղող մայրերի հույսերը բժիշկ Մելիք-Բարսեղյանի վերաբերմամբ...

Ամառն էր: Քաղաքի բնակիչները ցրվում էին ամառանոցները: Հետզհետե դատարկվում էր Սոլոլակը, ուր այնպես տարածվել էր բժիշկ Մելիք-Բարսեղյանի անունը, ուր ամեն ընտանիք խոսում էր նրա մասին:

Տիկին Սոփիոն, տխուր սրտով, իզուր անցած հույսերով յուր կիսաթառամ աղջկա հետ, ուղևորվեց Բորժոմ, և այնտեղ շարունակում էր պարսավել բոլոր փեսացուներին...

Արտասահման ուղևորվելուց մի ամիս անցած Ախշարումյանը Հալաբյանից ստացավ մի նամակ: Ամուրին յուր մասին մի քանի համառոտ տեղեկություններ տալուց հետո խնդրում էր ընկերոջը՝ հաղորդել իրեն հանձնված գործերի դրությունը:

Ախշարումյանն արդեն կատարել էր նրա պատվերները, բացի մի քանիսից: Նա դիմել էր և Նիկողայոս Սադափյանին, առաջարկելով վճարել յուր պարտքը Հալաբյանին: Բայց Նիկողայոսը խնդրում էր դարձյալ հետաձգել:

Գործերս հաջող են, բայց փողի պակասություն ունեմ, — ասում էր նա:

Ախշարումյանը հաղորդեց Հալաբյանին, ի միջի այլոց և այդ բանը: Ամուրին իսկույն պատասխանեց, թե Սադափյանի պարտքր հետաձգել չի կարող և խնդրում է Ախշարումյանին յուր պարտապանի հետ վարվել ամենայն խստությամբ: Առհասարակ նրա նամակը տոգորված էր դեպի Սադափյանները ատելությամբ և ամեն տեղ վրդովմունքով էր հիշում այդ ազգանունը: Ախշարումյանը ստիպված եղավ կրկին և կրկին անգամ դիմել Նիկողայոսին և վերջը մի օր սպառնաց դատաստանի անունով: Մեջտեղ ընկավ իշխան Սահարունին, հեռագրով խնդրեց Հալաբյանին համբերել:

Պատասխանը եղավ «չեմ կարող», և մի շաբաթ անցած իշխանը ստացավ մի կոշտ նամակ, ուր Հալաբյանը արտահայտում է մի տեսակ արհամարհանք նորին պայծառափայլությամբ:

Վերջապես, Նկողայոսր ստիպվեց Հալաբյանի պարտքը վճարել Ախշարումյանին: Իսկ իշխան Սահարունին յուր կողմից մի գոռոզ և վիրավորական նամակ ուղարկեց Կարլսբադ ամուրիին: Եվ այսպես ընդհատվեց նրանց բարեկամությունը հավիտյան...

Աշնան սկզբին Ախշարումյանը, վերջացնելով յուր և Հալաբյանի գործերը, ինչպես խոստացել էր, ուղևորվեց Վիեննա: Այնուհետև Հալաբյանի մասին Թիֆլիսում այլևս ոչ ոք տեղեկություն չէր ստանում և ոչ ոք էլ չէր մտածում նրա վրա: Միայն նրա քրոջ որդիները, որոնց հետ նա ոչինչ հարաբերություն չուներ, երբեմն հիշում էին, որ արտասահմանում մի հարուստ քեռի ունեն: Եվ հիշում էին այն մտքով, որ գուցե մի օր կարողանան տիրանալ նրա ժառանգությանը: Սակայն նրանց հույսերն էլ խաբվեցին: Քաղաքում մի օր լուր տարածվեց, թե Հալաբյանը այլևս մտադիր չէ յուր հայրենիքը վերադառնալու: Նա վճռել է մնալ արտասահմանում և մտադիր է յուր բոլոր կարողությունը կտակել ազգին:

Լուրը քաղված էր Ախշարումյանի մի նամակից, և սխալ չէր...

Մարիամը նստած էր դեպի փողոց նայող սենյակի պատուհանի մոտ և նայում էր դուրս: Հոկտեմբերի խոնավ և ցուրտ օրերից մեկն էր, երկինքը հետզհետե մթնում էր միմյանց վրա կուտակվող խիտ-խիտ ամպերից: Երբեմն նա վեր էր կենում տեղից, քայլում էր սենյակում և կրկին նստում, կրկին հայացքը ուղղում դեպի փողոց:

Անձրևը սկսեց թեթև շաղել, կառքերը անցնում էին բաց ծածկոցներով, մարդիկ նույնպես: Մարիամը թույլ, մոլոր քայլերով շարունակում էր անցուդարձ անել, ձեռները կրկին ծալած: Երբեմն նա ցնցվում էր, կանգ էր առնում, նայում յուր շուրջը: Կարծես աչքերով որոնում էր մի բան, որով կարողանար թեթևացնել յուր սրտի ճնշող ծանրությունը:

Վեց ամիս է անցել Բագրատյանի գնալուց, և նրա մասին ոչ մի տեղեկություն չկար: Միայն առաջին ամիս Ռուբենը ստացավ նրանից մի նամակ, որով հայտնում էր, թե յուր ընկերների հետ հասել է ճանապարհորդության կեսին... Ուրիշ ոչինչ:

Արդյոք ի՞նչ պատահեց նրան, արդյոք կենդանի՞ է, թե՞ արդեն զոհ է դարձել յուր վտանգավոր ձեռնարկությանը: Այս էր մտածում Մարիամը, և եղանակի վատությունն ավելի ծանրացնում էր նրա սրտի վիշտը:

Նախընթաց օրը նա թախանձել էր Ռուբենին հայտնել ճիշտը՝ ո՞րտեղ է գտնվում Բագրատյանը: Բայց Ռուբենը ինքն էլ չգիտեր նրա տեղը, և աշխատում էր մի կերպ իմանալ: Այսօր մեկը խոստացել էր ճիշտ տեղեկություն տալ նրան: Նա գնացել էր, և այժմ Մարիամը նրան էր սպասում անհամբեր:

Այլևս Մարիամը չէր թաքցնում ոչ Ռուբենից, ոչ Սաթենիկից յուր զգացմունքը: Հայտնի էր Բագրատյանի նրա սրտում զարթեցրած խորին, անհաղթելի զգացմունքը, որին ոչ նրա բացակայությունը և ոչ ժամանակի ընթացքը չէին մեղմացնում, այլ ընդհակառակը...

Այն օրից, երբ Բագրատյանը հեռացել էր : Այն օրից Մարիամի դեմքի վրա մի ժպիտ չէր երևում, այն օրից չուներ մի րոպե հանգստություն: ժամերով նստում էր նա անգործ, լուռ, մտազբաղ, ոչ մի բան նրան չէր զբաղեցնում, ոչ մի բան չէր շարժում նրա հետաքրքրությունը: Նրան տիրել էր մի տեսակ ծուլություն: Կարուձևով նա համարյա այլևս չէր պարապում, և եթե երբեմն յուր ձեռքն էր առնում կարի մեքենան, լոկ Սաթենիկի թախանձանքից ստիպված և Ռուբենից ամաչելով: Իսկ տնային գործերը կատարում էր ռուս աղախինը, որին երկու ամիս էր արդեն վարձել էին:

Այժմ Ռուբենի նյութական դրությունը համեմատաբար ապահով էր: Սեպտեմբերի մեկից նրան տվել էին նույն ուսումնարանում ուսուցչի մի պաշտոն: Նա ստանում էր այնքան վարձ, որ կարող էր միջակ ապրուստ վարել: Բագրատյանի գնալուց հետո նա դարձյալ փոխվել էր, պարապում էր յուր սովորական խաղաղ գործերով: Նա զբաղված էր այն գիտական գրավոր աշխատությամբ, որ սկսել էր մի տարի առաջ:

Նա արդեն վճռել էր ձմեռը ամուսնանալ Սաթենիկի հետ: Սկզբում երկուսն էլ մտադիր էին հետաձգել մի տարով: Բայց Մարիամի համառ թախանձանքը փութացրել էր վճիռը: Նա ցանկանում էր օր առաջ տեսնել յուր սիրելի եղբոր և ընկերուհու բախտը ընտանեկան խաղաղ կյանքում: Նրա խռովված հոգին և փոթորկալից սիրտը ձգտում էին մտերիմների փոխադարձ երջանկության մեջ գտնել մեղմ մխիթարություն:

Արդեն սկզբնական պատրաստությունները տեսնվել էին: Ռուբենի այժմյան բնակարանը նոր էր վարձված: Այն սենյակը, ուր այնպես հանգիստ անցուդարձ էր անում Մարիամը, բավական ընդարձակ էր: Կահ-կարասին նոր էր. յուր առաջին ամսվա ռոճիկը Ռուբենը այդ բանին էր հատկացրել: Պատի տակ դրված էր ծաղկանկար բարձերով և մութաքաներով զարդարված թախտը: Մի անկյունում երևում էր մի սևագույն փոքրիկ պահարան, որի հարկերի վրա կանոնավոր դարսված էին երկու տասնյակ կազմած գրքեր: Մյուս անկյունում դրված էր մի գահավորակ, երեք թեր բազկաթոռներ, որոնց մուգ-մոխրագույն ասվյա ծածկոցը համագույն էր պատերի պաստառին:

Այս բոլորը դասավորված էին մեծ խնամքով: Մարիամի ճաշակն էր երևում ամեն տեղ, նա էր ղեկավարել աղախնի գործը: Մաքրությունը օրինակելի էր, ոչ մի տեղ, ոչ մի անկյունում չէր երևում ավելորդ կամ անկանոն ձգված բան: Սեղանները՝ իրանց վրա դրած պարագաներով, աթոռները, հատակը, նույնիսկ դռները փայլում էին իստակությունից: Պատուհանների ապակիների վրա չէր երևում մի փոքրիկ արատ, և ցերեկվա լույսը ներս էր տարածվում անխափան:

Ամեն ինչ այստեղ տրամադրում էր ընտանեկան խաղաղ կյանքի: Միայն Մարիամի հոգու խռովութունը այդ բոլորի հակապատկերն էր արտահայտում նրա դեմքի վրա:

«Եթե վերադառնամ, կտեսնվենք», կրկնում էր նա մտքում Բագրատյանի վերջին խոսքը: Եվ նա հուսով էր, որ կվերադառնա, ապրում էր ու շնչում այդ հույսով: Անշուշտ կվերադառնա և անշուշտ կկամենա տեսնել Մարիամին: Նա զգում էր Բագրատյանի այդ խոսքի բուն միտքը, և ճիշտ էլ զգում է:

Դռները բացվեցին: Նա ցնցվելով հետ նայեց: Ռուբենն էր ներս մտնողը:

Լուր կա՞, — եղավ Մարիամի առաջին հարցը:

Կա, — պատասխանեց Ռուբենը և, գրպանից մի կեղտոտված ու սևացած նամակ հանելով, տվեց քրոջը:

Մարիամը շտապով բաց արավ նամակը: Նրա ձեռները դողում Էին անհամբերությունից: Հասցեն Ռուբենի անունով էր գրված: Կարդալով երեք Էջերից բաղկացած նամակը, Մարիամի դեմքը մերթ մռայլվում էր ավելի, մերթ պայծառանում և փայլում ներքին գոհունակությունից:

Բագրատյանը տեղեկություն էր տաղիս յուր մասին, նկարագրում էր յուր ձեռնարկության դժվարությունը:

«Հեռվից ավելի դյուրին էր թվում ինձ, բայց այն չէ, ինչ որ կարծում էի, — գրում էր նա: — Առայժմ ես բավականանում եմ խոսքով, մինչև որ գործը հիմք ստանա: Շատ հավանական է, որ հանկարծ, վրա հասնի վճռական քայլ անելու ժամը, որովհետև մեր կամքր մեզանից չէ կախված, այլ... Հակառակ կողմը կարող է ինքը առիթ տալ խոսքից գործին դիմելու... Այդ ժամանակմնացեք բարևիմ վերադարձը ցնորք է...»:

Մարիամը գունաթափվեց, կանգ առավ, նայեց Ռուբենի երեսին:

Այնուհետև Բագրատյանը գրում էր մասնավոր բաների մասին:

Մարիամը որոնում էր յուր անունը, և գտավ նամակի վերջում, ստորագրությունից հետո, երկու տողի մեջ:

«Բարևիր օրիորդ Մարիամին և ասա, որ աղոթե մեր գործի հաջողության համար…»:

Մարիամը թուլացած նստեց թախտի վրա, նամակը ձեռում ամուր սեղմած, կարծես, վախենալով, մի գուցե խլեն նրանից:

Դժվար, շատ դժվար դեր է հանձն առել, — ասաց Ռուբենը:

Նա կկատարե, նա կարող է կատարելգոչեց Մարիամը վրդովվելով յուր եղբոր հուսահատության դեմ:

Կկատարե, բայց յուր կյանքի գնով...

Մարիամը մի ծանր հայացք ձգեց եղբոր վրա: Մի հայացք, որ արտահայտում էր և կծու հանդիմանություն, և վիշտ, և հուսալու, անպայման հուսալու բուռն կարոտ: Ռուբենը զգաց այդ և շտապեց յուր սխալն ուղղել: Մարիամը լուռ լսում էր նրա հուսադրական խոսքերը, աշխատելով հավատալ՝ յուր ալեկոծված հոգուն սակավ ինչ հանգստություն տալու համար:

Օր օրի վրա անցնում էր, Մարիամն ավելի ու ավելի անհանգիստ ու նյարդային էր դառնում: Ամեն օր նա գնում էր Սաթենիկի մոտ յուր տխրությունը փարատելու համար: Ամբողջ ժամերով նստում էր ընկերուհու մոտ, և նրա խոսակցության միակ նյութը Բագրատյանն էր, նրա ասածները, նրա բնավորությունը և գաղափարները, որոնց անձնատուր էր եղել այդ մարդը...

Սաթենիկն երբեմն լսում էր սիրով, երբեմն ձանձրանում էր մտքում, բայց և երբեք դժկամություն չէր արտահայտում: Նրա անդորր բնավորությանը և մեղմ ձգտումներին չէր համապատասխանում Մարիամի հոգեկան տրամադրությունը և այսպիսով ընկերուհիների հայացքների տարբերությունը քանի գնում, այնքան ավելի խստանում էր: Սակայն երկուսն էլ փոխադարձաբար հարգում էին իրարու գաղափարները: Հաճախ Սաթենիկը խոսք էր բաց անում Ռուբենի մասին, և միշտ նրա ասածների մեջ զգացվում էր հոգու բուռն ձգտումը՝ օր առաջ արժանանալ ամուսնական կյանքի երջանկությանը:

Տեսնելով այդ, Մարիամը մտքում վճռեց առժամանակ մի կերպ զսպել յուր մտադրությունը և զբաղվել այլ խնդիրներով: Այս պատճառով նա աշխատում էր Ռուբենի և Սաթենիկի առջև ուրախ ձևանալ:

Վերջապես նրա թախանձանքով ամուսնության օրը որոշվեց: Երկար հետաձգելու կարիք չկարմի ձեռք պսակադրության զգեստ Սաթենիկի համար և մի նոր հագուստ Ռուբենի համարահա ինչ էր մնում անելու: Սաթենիկն ինքը ձևեց և. կարեց իր զգեստը Մարիամի օգնությամբ: Հասավ որոշված օրը:

Ռուբենը հրավիրեց յուր նախկին ու նոր ընկերներից ոմանց և մի քանիսին իր պաշտոնակիցներից: Սաթենիկը հբավիրեց յուր ընկերուհիներին և մի քանի ազգականներ: Երիտասարդ հանդիսականների ընկերության զվարթ շրջանում համեստ հարսանիքն անցավ շատ ուրախ: Ուրախ ու զվարթ էր այդ երեկո և Մարիամը:

Դեկտեմբերի վերջն էր: Մի սառը և քամի օր: Հարսանիքից անցել էր ամիս ու կես: Այն սենյակում, ուր երկու ամիս առաջ Մարիամը կարդացել էր Բագրատյանի մռայլ նամակը, նստած էր Սաթենիկը և անհամբերությամբ նայում էր դեպի դուրս: Կեսօրից հետո էր, արդեն երկու ժամ էր, որ նա սպասում էր Ռուբենին, և վերջինը չէր երևում:

Ներս մտավ տասր տարեկան մի գեղեցկադեմ աղջիկ սևահեր և սևաչյա:

Ի՞նչ ես ուզում, Անահիտ, — հարցրեց Սաթենիկը բարկացոտ ձայնով:

Գրքերս բերե՞մ:

Ոչ, այսօր չեմ կարող քեզ հետ պարապել:

Աղջիկն ուրախացավ:

Մարիամն էլ չի ուզում պարապել Վարդուհու հետ, այսօր մեզ համար տոն է, — գոչեց փոքրիկը և թռչկոտելով դուրս վազեց:

Անահիտն ու Վարդուհին Սաթենիկի փոքրիկ քույրերն էին, որ այժմ ապրում էին իրանց ավագ քրոջ հետ և նրա հովանավորության տակ:

Սաթենիկը դարձյալ մենակ էր և դարձյալ անհամբեր նայում էր պատուհանով դեպի փողոց:

«Ուշացավ, շատ ուշացավ, երևի, չի կարողանում գտնել ճիշտ տեղեկանք», ասում էր նա մտքում անդադար:

Արդեն օրը մթնում էր, երբ, վերջապես, Ռուբենը եկավ ոտքից մինչև գլուխ թրջված ձյունախառն անձրևից: Նա գունատ էր, աչքերի մեջ երևում էր արցունքի հետքը:

Վերջապես, — գոչեց Սաթենիկը, ընդառաջ վազելով:

Նա մի քանի քայլ մնացած կանգ առավ և սարսափած նայեց ամուսնու այլայլված երեսին:

Ուրեմն ճի՞շտ է:

ճիշտ է, — պատասխանեց Ռուբենը և հոգնած ու շնչասպառ նստեց թախտի վրա:

Դժբա՛խտ Բագրատյան, — արտասանեց Սաթենիկը խորին դառնությամբ:

Դժբախտ, բայց նախանձելի

Ի՞նչպես է պատահել սպանությունը և ո՞րտեղ:

Մի լեռնային կիրճում նա անցնելիս է եղել յուր յոթ ընկերներից չորսի հետ: Հանկարծ առաջ է դուրս եկել կիրճի խորքից մի ստվար խումբ: Ուժերը եղել են անհավասար: Բագրատյանը սպանել է երկուսին, չորս ընկերները նույնպես մի քանիսին: Հինգ հոգուց ընկել են երեքը, որոնց թվում է Բագրատյանը:

Ով պատմեց քեզ:

Նրա դիակը իր աչքով տեսնողներից մեկը:

Խե՛ղճ Մարիամ, — ասաց Սաթենիկը և հեկեկաց, — ինչպես պիտի հայտնենք նրան:

Ո՞րտեղ է նա:

Յուր սենյակում:

Նախազգո՞ւմ է մի բան:

Ինձ թվում է, այո, երբեք նրան այսօրվա պես անհանգիստ չեմ տեսել: Ահ, ի՛նչպես նա սիրում է Բագրատյանին, ի՛նչպես, այդ միայն ես գիտեմ...

Լռի՛ր, կարծեմ, նա գալիս է:

Դռների հետևից լսվում էր հետզհետե մոտեցող քայլերի ձայնը:

Ռուբենն ու Սաթենիկը ճիգն արին իրանց հուզումը թաքցնելու:

Մարիամը ներս մտավ հուշիկ քայլերով և նայեց յուր շուրջը:

Ո՞րտեղ էիր այս վատ եղանակին, — դարձավ նա Ռուբենին:

Վայրկենաբար քույր ու եղբոր հայացքները խաչաձևվեցին, և Մարիամը անմիջապես գուշակեց գուժաբեր լուրը: Նա ցնցվեց, կանգնեց եղբոր առջև և, բռնելով նրա ձեռը, գոչեց.

Անխի՛ղճ, ինչո՞ւ ես լռել, ասա՜:

Սաթենիկը հեկեկաց և գրկեց նրան:

Մարիամի երեսը թղթի գույն էր ստացել: Նրա դեմքի մկանունքները, կարծես, քարացել էին, նրա բարակ շրթունքները սառել կպել էին ատամներին

Հանկարծ այդ քարացած դեմքը փայլեց ինչ-որ ներքին լույսից, և աչքերը վառվեցին...

Նա սպանվել է, ես էլ պիտի զոհվեմ նրա գաղափարներին...

Ասաց Մարիամը, և նրա ուժերը սպառվեցին վերջին բառի հետ: Նրա գլուխը թուլացավ, թեքվեց կրծքին: Ուշքը կորցնելով, նա ընկավ Ռուբենի և Սաթենիկի գիրկը:

Թիֆլիս, 1890 թ.

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 Следующая Конец