Շիրվանզադե Ալեքսանդր՝   Զուր հույսեր

Այդ քնքուշ ձեռների թափանցիկ, բարակ կաշին կոշտացել էր, քիչ սևացել, մատների ծայրերը բիրտացել էին, եղունգները, կարծես, զրկվել էին իրանց նախկին հայելանման փայլից: Եվ այդ՝ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում:

Բժիշկը ցավեց օրիորդի երիտասարդության, գեղեցկության, կրթության մասին: Մի՞թե նրանց վիճակված է մաշվել աղքատության մեջ: Դա խղճի խայթոց չէր, դա և մի օտար, անտարբեր մարդու սառն կարեկցություն չէր, այլ բուն եսականության զգացմունքը:

Չէ՞ որ նա սիրում էր Մարիամին յուր տեսակի, չէ՞ որ երազում էր կապել նրա հետ յուր ապագայի խնդիրը: Ինչո՞ւ նա ստիպված է ձեռք վերցնել յուր փայփայած ծրագրից, ինչո՞ւ Մարիամը աղքատ է, բոլորովին աղքատ:

«Ինչո՞ւլ գոնե ես հարուստ չեմ»:

Բայց ա՞յժմ, այս դրության մե՞ջ... Երբե՞ք, չքավորության հետ կատակ անել չի կարելի: Կանցնի ամուսնության առաջին ամիսը, ամիսները, վերջապես, շատ-շատ տարին, նրանք կսթափվեն արբեցողոլթյունից, և առօրյա անողոք պահանջները կսկսեն թունավորել նրանց կյանքը: Այն ժամանակ գնա ու ապրիր: Դեռ երկուսով ոչինչ, հետո՞, զավակները, չպիտի նրանց մեծացնել, կրթություն տալ:

«Կարո՞ղ եմ ես նրանց այնպես պահել, ինչպես իմ հայրս է ինձ պահել տկլոր, քաղցած: Ոչ, ոչ, Մարիամը երեխա չի, նա կարող է մտածել այս բոլորի մասին, նա պետք է մտածի...»:

Երկու շաբաթվա ընթացքում կազմված և պատրաստված խորհրդածությունների այս շարքը մի վայրկյանում կրկին անցավ բժշկի մտքով: Նա թեթև հառաչեց, կարծես, ազատվելով մի ճնշող ծանրությունից:

Մարիամը լուռ էր: Խոսում էր Ռուբենը կցկտուր: Երեքն էլ զգում էին, որ խոսակցությունը չէ տաքանում, որ մեջտեղ կա մի սև թել, որ նրանց մտքերի հաղորդակցությունը արվեստական է դարձնում:

Վերջապես, բժիշկը նայեց ժամացույցին և իսկույն ոտքի վեր կացավ: Նա ստիպողական գործ ունի, «ցավում է», որ չի կարող երկար նստել:

Փողոց դուրս գալով, նա ագահությամբ յուր թոքերը լցրեց ազատ օդով: Փոքրիկ բնակարանի ցածր առաստաղը, Մարիամի թախծալի դեմքը, Ռուբենի ակներև անփութությունը դեպի յուր ընկերը, այս բոլորը ծանր ազդեցություն էին գործել նրա վրա: Նա չէր կարող միանգամից, խստորեն ընդհատել յուր հարաբերությունները նրանց հետ, այդ կլիներ արդեն վերին աստիճանի կոպիտ: Իսկ նա չէր կամենում կոպիտ լինել: Պետք է հետզհետե, փոքր առ փոքր հեռանալ: Ահա ինչու, «ցտեսություն» ասելով, նա տվեց Ռուբենին յուր մանրամասն հասցեն և խնդրեց այցելել:

Այդ օրը մինչև երեկո Ռուբենը և Մարիամը չխոսեցին Մելիք-Բարսեղյանի մասին: Նրանք ճաշեցին շտապով, հատ-հատ անկապ, աննշան խոսքեր փոխանակելով: Թվում էր, որ երկուսին էլ միևնույն միտքն է զբաղեցնում, որ երկուսն էլ ցանկանում են բացատրել այդ միտքը, բայց միմյանցից քաշվում են:

Երկու օր անցած Ռուբենը իրիկնադեմին տուն վերադառնալով, Մարիամին տեսավ պատշգամբի վրա: Օրիորդը մի սյունից մինչև մյուսը մի պարան կապած, փռում էր լվացած շորերը: Նրա թևերր ծալած էին մինչև արմունկները, թանձր մազերը բարակ թաշկինակի տակից սփռվել էին ուսերի վրա:

Մի ծանր զգացմունք ճնշեց Ռուբենի սիրտը, երբ տեսավ քրոջ կարմրած և սապոնի բծերով ծածկված բազուկները: Առաջին անգամ նա զգաց աղքատության դառն լուծը: Միթե այդպիսի ապագա երազել էր նա յուր սիրեցյալ քրոջ համար: Նա զսպեց յուր հառաչանքը, շտապեց ներս: Վառեց կանթեղները, հակառակ Մարիամի ընդդիմության ինքը սամովարը դրեց, հետո սկսեց օգնել քրոջը, խոհանոցից կեղտոտ ջուրը գավիթ տանելով:

Չայ խմելուց հետո նա նորից նստեց պարապելու, չկարողացավ միտքը կենտրոնացնել: Նա կանչեց Մարիամին յուր մոտ: Երբ քոլյրր եկավ նստեց, անցավ այն րոպեական լռությունը, որ սովորական է երկու մտերիմների լուրջ և ծանր խոսակցությունից առաջ:

Սկսելով շատ հեռվից, Ռուբենը շատ զգույշ, շատ նուրբ կերպով ակնարկեց Մելիք-Բարսեղյանի մասին: Սակայն այդ զգուշությունը հուզեց Մարիամին:

Ինչո՞ւ ես տանջում ինձ քո հետաքրքրությունով, — գոչեց նա հանկարծ, մի դառն խստությամբ, որ հատուկ չէր նրան, — միթե ամեն ինչ հայտնի չէ քեզ, միթե չգիտե՞ս ինչ եմ զգում ես...

Մարո, ես երբեք չեմ ձգտել իմանալ այն, ինչ որ դու կամեցել ես ինձանից թաքցնել, երբեք չեմ ուզեցել կպչել քո սրտի գաղտնիքներին: Բայց լսի՛ր, ես չեմ կարող սառնարյուն մնալ, քանի տեսնում եմ քեզ այդպես փոխված, այդպես տխուր: Ինձ համար պարզ է, որ մի միտք, մի ծանր վիշտ, քեզ օրից-օր, ինչպես ասեմ, հալում է...

Մարիամի նշմարելի կերպով նիհարած այտերը կարմրրեցին: Անցավ մի քանի վայրկյան: Նա վերջին ճիգն արավ պահելու յուր սառնությունը և... պատմեց այն բոլորը, որ վաղուց արդեն զգում էր Ռուբենը և այն բոլորը, որի մասին միայն կասկածում էր կամ միանգամայն չգիտեր: Նա վաղուց էր կամենում հայտնել, բայց կարծում էր, որ Ռուբենը կվշտանա, կհանդիմանի: Նա մեղավոր չի, նա չկարողացավ զսպել ինքն իրան: Սկզբում Մելիք-Բարսեղյանը դուր եկավ նրան իբրև խելոք, կրթված, զարգացած երիտասարդ: Նա հարգեց նրան: Ռուբենի գովասանքները ավելի զորացրին այդ հարգանքը, բարձրացրին բժշկին Մարիամի աչքում:

Ես ուրախությամբ էի լսում քո գովասանքներդ, ես ցանկանում էի, որ դու ավելի հարգես, ավելի սիրես նրան: Երբ նա Թիֆլիսից հեռացավ վերջին անգամ, ես մի տեսակ տխրություն զգացի, կարծես, ինձ մի բան պակասեց: Դիլիջանում նրան հանդիպելով, չկարողացա ուրախությունս թաքցնել, դու նկատեցիր: Մի հարցնիլ, թե ինչպես նա օրից-օր գրավեց ինձ, մի հարցնիլ, ես ինքս էլ, չգիտեմ: Առաջ սա ինձ հետ սառն էր. ես տանջվում էի, եվ, վիրավորվում էի, միևնույն ժամանակ, սրտով ավելի ու ավելի մոտենում էի նրան: Ես չէի հուսահատվում, զգում էի, որ նա ինձ սիրում է, իսկ ես... Օօօ, եթե իմանայիր ինչքան գրավիչ էր մանավանդ այն ժամանակ, երբ վիճում էր քեզ հետ: Ես ագահությամբ էի լսում նրա ասածները: Ինձ թվում էր, որ նրա նման մի ուրիշ մահկանացու չկա ոչ խելքով, ոչ սրտով, ոչ զարգացումով և ոչ յուր արտաքին տեսքով: Նրա շարժվածքը, նրա ձայնը, մինչև անգամ հագուստը ինձ համար մի առանձին հրապույր ուներ...

Ահա մի մարդ, — շարունակեց Մարիամը, մի վայրկյան լռելուց հետո, — ահա մի մարդ, ասում էի ինքս՝ ինձ, որ կարող է սիրել այնպես, ինչպես հարկավոր է, ինչպես ես եմ երևակայում, սիրել ամբողջ սրտով, անհաշիվ սիրով: Նրա անցյալը, նրա կյանքի դժվար պայմանները, ինձ թվում էր, որ երաշխավոր կարող են լինել նրա հավատարմության: Ես ասում էի, նա չի խաբիլ ոչ ինքն իրան, ոչ ուրիշին, ոչ մանավանդ ինձ... Նա րոպեի մարդ չէ, նա շուտ ոգևորվող և շուտ սառչողներից չէ, երբ հափշտակվեց, երբ սիրեց, կմնա հավատարիմ: Այսպես էի մտածում նրա մասին: Շատ կարելի է ես չհավատայի ինքս ինձ, իմ զգացմունքներիս, եթե չտեսնեի նրա կողմից խրախուսանք: Լսո՞ւմ ես, Ռուբեն, նա երդվել է ինձ սիրել հավիտյան, այո, շատ անգամ, շատ անգամ...

Ռուբենը ակամա մի ցնցումն զգաց: Այլևս ավելորդ էին Մարիամի խոսքերը: Պարզվեց այն հանգամանքը, որի մասին թեև կասկածում էր, բայց համոզված չէրԲժիշկը սիրո խոստումն է արել:

Իսկ այժմ, այժմ, — կրկնեց Մարիամը, երեսը կսկիծից թե ամոթից ծածկելով, — ես տեսնում եմ, որ խաբված եմ:

Նրա դժգունացած շրթունքները աշնանային տերևների պես դողում էին, նա ցնցվում էր ամբողջ մարմնով: Նա մի անգամ ևս ճիգն արավ իրան զսպելու, սակայն իզուր... Նրա թուլացած գլուխը թեքվեց սեղանին, և լսվեց մի խուլ, խեղդուկ հեծկլտանք:

Եվ Ռուբենի ոչ մի մխիթարական խոսքը չամոքեց նրա վշտաբեկ սիրտը, և Ռուբենի ոչ մի հորդորը չդադարեցրեց նրա արտասուքը: Սիրտը դառնությամբ լի երիտասարդը մերթ համոզում էր, մերթ խնդրում, ձգտելով շարժել քրոջ սառն խոհականությունը, որ այդ րոպեին թմրել էր բուռն զգացումների ճնշման ներքո: Նա ինքն իրան մեղավոր էր զգում Մարիամի առաջ: — ՉԷ՞ որ նա խրախուսել է յուր քրոջ սիրույն, չէ՞ որ նրա գովասանքները ազդել են քրոջ կուսական անարատ սրտի վրա: Ի՞նչ, միթե նա սխալվո՞ւմ էր: Մի՞թե Մելիք-Բարսեղյանի մասին նա ծուռ և սխալ գաղափար է ունեցել տասներկու տարի շարունակ: Մի՞թե նա այդքան միամիտ, կույր և դյուրահավատ է եղել: Ոչ, դժվար է, դժվար է հավատալ այդ մարդու անազնվությանը, դժվար է, անկարելի է, վերջապես դառն է: Իսկ եթե ճիշտ է, եթե Մելիք-Բարսեղյանը մի անսիրտ, անգութ, մի եսամոլ մարդ է: Եթե նա մինչև այսօր դիմակ է ունեցել երեսին: Եթե Մարիամը չի կարող մոռանալ նրան, ատել, արհամարհել: Այն ժամանա՞կ...

IX

Հակառակ Ռուբենի սպասածին, հետևյալ օրը Մարիամը ավելի հանգիստ էր երևում, քան երբևէ եղել էր վերջին դեպքերից հետո: Առօրյա պարապմունքը նա սկսեց մի առանձին եռանդով: Չայի ժամանակ ասաց Ռուբենին, թե տնային տնտեսությունը նրան չի բավականացնում, թե ցանկունում է մի ուրիշ գործով էլ պարապվել:

Ի՞նչ գործով, — հարցրեց Ռուբենը:

Կար կարելով:

Դո՞ւ, կար կարելո՞վ:

Այո , ի՞նչ զարմանալի բան կա:

Ոչինչ: Բայց դու չգիտես կարել, դու ասեղ բանեցնել անգամ չգիտես:

Կսովորեմ, արդեն վճռել եմ սովորելու: Ես մի ծանոթ օրիորդ ունեմ, որ կարուձևի վարժուհի է, կդիմեմ նրան, կխնդրեմ, որ ինձ դաս տա:

Ռուբենը հակառակեց: Առանց այն էլ Մարիամի տնային գործերը ծանր են, ուրիշ պարապմունքի հետևից ընկնելը առայժմ ավելորդ է:

Երբեք ավելորդ չէ, — պնդեց Մարիամը: — Ես ազատ ժամանակ շատ ունեմ, այժմ տնային գործերը հեշտացել են ինձ համար, ցերեկները մի քանի ժամ ձեռներս ծալած նստած եմ: Այդ ինձ համար անտանելի է:

Այդ խոսքերի մեջ Ռուբենը զգաց քրոջ հաստատամտությունը: Նա իսկապես ուրախ էր Մարիամի մտադրությանը, ուրախ էր, որ նա գիտե արհամարհել ամեն մի նախապաշարմունք, մոռանալ յուր փարթամ անցյալը և գնալ մի հասարակ արհեստավոր դառնալ: Բայց և այնպես նա ընդդիմացավ լոկ այն պատճառով, որ խնայում էր քրոջ առողջությունը:

Դու կարող ես մի ուրիշ գործ ընտրել, մի ավելի հարմար գործ, — ասաց նա:

Ի՞նչ կարող եմ անել, ասա տեսնեմ, ի՞նչ, վարժուհությո՞ւն: Դրա համար առանձին պատրաստություն է հարկավոր: Իսկ ես ինչ որ սովորել եմ գիմնազիայում, մոռացել եմ: Վերջապես, վարժուհի դառնալու սեր չունեմ: Ուրիշ ի՞նչ է մնում: Ի՞նչ են սովորեցրել ինձ, որ անեմ, մի քանի ֆրանսերեն ֆրազնե՞ր, պարե՞լ, մի քանի կտորներ ածել դաշնամուրի վրա: Անպետք բաներ: Ոչ, Ռուբեն, արգելք մի լինիլ ինձ: Ես կսովորեմ կար անելը, գոնե եթե ուրիշների համար էլ չկարեմ, քեզ և ինձ համար ուրիշներին չենք դիմիլ:

Երկու օր անցած Մարիամը գնաց յուր ծանոթ վարժուհու մոտ: Վերջինը նախ կատակի տեղ ընդունեց նրա առաջարկությունը, հետո զարմացավ, երբ Մարիամը կրկնեց յուր խնդիրր լրջորեն:

Հոգիս, քեզ զրկե՞լ են, — գոչեց նա, ձեռը ձեռին խփելով, — հոգիս, դու աղքա՞տ ես:

Թողնենք այդ: Հանձն առնո՞ւմ ես ինձ դաս տալ:

Ի՞նչ ես ասում, ի՞նչ ես ասում, ուրախությունով, ուրախությունով:

Պայմա՞նը:

Եթե պայմանի մասին կխոսես, ինձ կվիրավորես, ինձ համար ոչինչ չարժե իմացածս քեզ սովորեցնել: Հոգիս, մոռացե՞լ ես, ինչքան մենք բոլորս քեզ սիրում էինք ուսումնարանում: Հոգիս, այդ ինչ դժբախտություն է պատահել քեզ: Երկար ախուվախից հետո, վարժուհին վերջապես վճռեց, որ Մարիամը այցելե նրան շաբաթական չորս անգամ, կեսօրից հետո:

Մարիամը հետևյալ օրից սկսեց դասերը: Նա գնում էր վարժուհու մոտ միայնակ: Երբեմն միայն Ռուբենը նրա հետ դուրս էր գալիս և մինչև կես ճանապարհ ուղեկցում:

Մի անգամ Մարիամը տուն վերադառնալիս, երբ փողոցի մի մայթից մյուսն էր անցնում, հանկարծ մի լանդո անցավ նրա առաջով: Նա գլուխը բարձրացրեց և տեսավ օրիորդ Նատալիային յուր մոր հետ նստած: Հանդիպումը այնպես էր, որ նրանք ևս անշուշտ պետք է տեսնեին նրան: Մարիամը գլուխը քաշ գցեց, խույս տալով նրանց հայացքից, և շտապով անցավ:

Մի ուրիշ անգամ նա տեսավ Մելիք-Բարսեղյանին, որ կառքով անցնում էր պրոսպեկտով: Բժիշկը գդակը վերցրեց, մինչև անգամ տեղից բարձրացավ և խորին հարգանքով գլուխ տվեց:

Կառքը սրընթալով անցավ:

Մարիամի ոտները դողացին ներքին հանկարծակի խռովությունից: Նա հազիվ կարողացավ տուն հասնել, և ամբողջ երեկո փակված մնաց սենյակում: Հետևյալ օրից նա յուր երթևեկության ճանապարհը փոխեց: Բայց այստեղ ևս նա ազատ չմնաց: Մի օր նա անցնում էր Սոլոլակի փողոցներից մեկով, հետևից լսեց.

Բարև ձեզ, օրիորդ:

Նա հետ նայեց, և երես առ երես հանդիպեց Հալաբյանին:

Երբեք նա չէր մտածել ամուրիի մասին և չէր էլ սպասում որևէ տեղ տեսնել նրան:

Հալաբյանը ձեռ տվեց համեստաբար, հարցրեց նրա առողջության մասին և աննկատելի կերպով սկսեց ընթանալ նրա հետ: Մարիամին ճնշում էր նրա ուղեկցությունը, բայց քաղաքավարության զգացմունքը թույլ չտվեց հեռանալ նրանից:

Իսկ ձեր եղբայրը առո՞ղջ է, լա՞վ է, — շարունակում էր խոսել Հալաբյանը, — ես նրան չեմ հանդիպում, ո՞րտեղ կարելի է տ՞եսնել: Դուք, կարծեմ, այժմ առանձին եք ապրում: Չէ՞:

Մարիամը սիրտ առավ: Ինչո՞ւ վախենալ մի մարդուց, որ այնքան համեստ է և այդքան հետաքրքրվում է Ռուբենի վիճակով: Ի՞նչ ամոթ, բան է նրա հետ միասին գնալը: Ամենը գիտեն, որ նա Մարիամի վաղուցվա ծանոթներից է և, վերջապես, ի՞նչ վատ մարդ է:

Սակայն չնայելով այս մտքերին, օրիորդը քանի մոտենում էր վարժուհու բնակարանին, այնքան կամենում էր ազատվել Հալաբյանի ուղեկցությունից: Փողոցի ծայրում նա ձեռ տվեց նրան և շտապեց հեռանալ, փոխելով յուր ճանապարհը:

Գիտե՞ս, Մարո, — ասաց հետևյալ օրը Ռուբենը, երբ Մարիամը հայտնեց, թե պատահել է Հալաբյանին, — ես կարծում եմ, որ նա վատ մարդ չէ: Ես էլ այսօր պատահեցի նրան: Այդ մարդը ավելի անկեղծ ցավակցություն հայտնեց ինձ, քան թե... ուրիշները: Նա ինձ շատ խնդրեց, որ ազատ ժամանակ գնամ յուր մոտ:

Եվ պիտի գնա՞ս:

Տեսնենք:

Մյուս օրը Ռուբենը ճաշից հետո, մի փոքր ուղեկցելով քրոջը, սկսեց միայնակ անցուդարձ անել պրոսպեկտի վրա: Նա հանդիպեց Հալաբյանին, որ Դվորցովայա փողոցի ծայրում կանգնած աննպատակ նայում էր դեսուդեն: Հենց որ տեսավ, ժպտալով մոտեցավ Ռուբենին: Նրանք մի փոքր զբոսնեցին:

Աշնանային օրը ամպամած էր, նոր-նոր անձրև էր սկսվում: Զբոսնողների թանձր բազմությունը հետզհետե ցրվում էր: Հալաբյանը անփույթ կերպով, շատ հասարակ ձևով, հրավիրեց Ռուբենին յուր մոտ:

Ամուրիի վերանորոգված բնակարանը այդ օրը մի առանձին շուք ուներ: Մոսիո Վախվախյանի շնորհիվ ավելացել էին շուք ուներ: Նա առաջնորդեց Ռուբենին յուր առանձնասենյակը: Թանկագին գրասեղանը ծածկված էր մի քանի գեղեցկակազմ գրքերով, զանազան լրագրներով, հաշվեմատյաններով: Մեջտեղ դրված էր պղնձյա թանաքամանը, մարմարյա պատվանդանով, շրջապատված յուր բոլոր պարագաներով: Սենյակը ընդարձակ էր, առաստաղը բարձր, լուսավոր, մաքուր, հրապուրիչ: Ռուբենը մի վայրկյան մտքում ակամա նախանձեց այդ բոլոր հարմարություններին և իսկույն դատապարտեց յուր թուլությունը:

Ամուրին գիտեր, որ այդ նախանձը պիտի զարթեցնի նրա մեջ և հենց դիտմամբ նրան առաջնորդեց այդտեղ: Նա աոաջարկեց յուր հյուրին ընտիր սիգարներ, ցույց տվեց յուր գրքերը, երևելի մարդկանց լուսանկարներից կազմած ալբոմը, խոսեց սրանց յուրաքանչյուրի մասին այն, ինչ որ լսել էր, և այն, ինչ որ կարդացել լրագրներում: Առհասարակ նա աշխատում էր իրան ներկայացնել ժամանակակից մարդ, լուսավորված, տեղյակ այն բաներին, որ կարող էին հետաքրքրել մի կրթված, թարմ երիտասարդի: Առանձին սեր արտահայտեց նա դեպի թատրոնը, մանավանդ դրաման: Պետերբուրգում նա լսել էր Պատտիի երգեցողությունը, Մոսկվայում տեսել էր Սառա Բեռնարի, Սալվինիի խաղը, տեսել էր և արտասահմանում մի քանի փայլուն բեմական աստղեր: Նա հիացած էր և Ադամյանով:

Այս խոսակցությամբ նա գրավեց Ռուբենին: ժամանակը անցնում էր աննկատելի կերպով: Երեկո էր արդեն, նրանք անցան հյուրասենյակ, սպասավորը թեյ բերեց: Հալաբյանը յուր ձեռքով սեղանի վրա դրեց մի ինչ-որ թանկագին ըմպելիքի շիշ: Քաղցրահամ, ոգելից ըմպելիքը ախորժելի ազդեցություն արավ Ռուբենի վրա:

Հալաբյանը, վերջապես, խոսք բաց արեց Սադափյանների մասին: Նիկողայոսը արդեն սնանկանալու վրա է:

Տան գրավի ժամանակը շուտով կլրանա, նա փող չունի բանկի տոկոսները վճարելու, տունը երևի կծախվի: Մյուս կողմից շրջապատել են մասնավոր պարտատերերը:

Իսկ ես լսեցի, որ դուք նրան օգնում եք, — ասաց Ռուբենը, անկեղծ ցավակցելով յուր հորեղբոր վիճակին:

Կօգնեի, եթե ինքը ավելի մարդավարի վարվեր յուր ազգականների հետ: Նա կարող էր ձեզ չղրկել, պարոն Ռուբեն...

Նա ինձ չի ղրկել, — պաշտպանեց Ռուբենը յուր հորեղբորը:

Թողեք, ի սեր աստուծո, խոմ ինձանից թաքցնել չեք կարող: Ձեր հանգուցյալ հոր գործերը ինձ ամենից ավելի էին հայտնի: Ես ամեն բան գիտեմ, ամեն բան:

Ռուբենը սկսեց ավելի պաշտպանել հորեղբորը: Նա վատ մարդ չի, նա չէր զրկիի եթե ունենար: Նա դարձյալ յուր պարտքերը կտա, եթե գործերը հաջողվին:

Երանի թե նա չխայտառակվի, — ավարտեց երիտասարդը ոգևորված:

Ձեզ ի՞նչ, թող խայտառակվի:

Ոչ, ոչ, մի ասեք, պարոն Հալաբյան, նա իմ հորեղբայրս է, մեր ազգանունը միևնույնն է:

Հալաբյանը լռեց, և սկսեց թեյը գդալով խառնել: Հարձակվելով Նիկողայոս Սադափյանի վրա, նա կարծում էր, թե այդպիսով կշահի Ռուբենի սիրտը: Երբ տեսավ, որ երիտասարդը անկեղծ է պաշտպանում յուր հորեղբորը, մտածության մեջ ընկավ...

Այնինչ Ռուբենի սրտում վառվել էր բնածին բարության և ներողամտության զգացմունքը: Նա ոգևորվել էր ինքն յուր ասածով: Ի՛նչ պատվական խրատ և ազնիվ պատիժ տված կլինի տիկին Սոփիոյին, եթե կարողանա յուր քրոջ զրկանքի փոխարենը բարեսրտությամբ հատուցանել:

Դուք շատ վեհանձն եք, — խոսեց Հալաբյանը, թիկն տալով բազկաթոռին: — Ես կարծում եմ, որ Նիկողայոսը արժանի չէ ձեզ պես ազգական ունենալու:

Ոչ, պարոն Հալաբյան, հավատացեք, նա արժանի է օգնության, — շարունակեց Ռուբենը ավելի եռանդով, — ինձ համար մի մեծ ամոթ կլինի, եթե նա սնանկանա:

Տվեք ինձ ձեր ձեռը, պարոն Ռուբեն, — գոչեց Հալաբյանը հանկարծ, — անկեղծ եմ ասում, դուք ինձ զարմացնում եք ձեր բարեսրտությունով: Դա հազվագյուտ բան է մեր ժամանակներում, հազվագյուտ բան է:

Նա դարձյալ մտածության մեջ ընկավ: Անշուշտ Մարիամն էլ այնքան վեհանձնաբար է վերաբերվում յուր հորեղբորը, որքան Ռուբենը: Անշուշտ նա էլ շնորհակալ կլինի այն մարդուց, որ կօգնի Նիկողայոսին: Ինչո՞ւ չարժանանալ նրա շնորհակալությանը, ինչպե՞ս չօգտվել հանգամանքից: Չէ որ այսպիսով մի քայլ մոտեցած կլինի յուր նվիրական նպատակին: Վերջապես, Սադափյանին կարելի է առանց մի մեծ գումար տալու էլ ազատել, բավական է նրա համար երաշխավոր լինել: Նա ճարպիկ մարդ է, ոտքի կկանգնի: Ոչ, նրան տվածըկորած չի:

Եվ շահասիրության զգացմունքը ավելի ու ավելի թուլացավ հարուստ ամուրիի մեջ, տեղի տալով մի այլ, ավելի զորեղ, ավելի անհաղթելի զգացմունքի: Դա Մարիամի դյութական ազդեցությունն էր: Ահա նա, որքան բարի է, համեստ, հրապուրիչ: Նա տեսնում է յուր հորեղբոր բարերարին, մոտենում է, ժպտում է և ձեռք մեկնում նրան: Այո, նա ինքը բարի է, սիրում է բարություն և ուրիշների կողմից, նա շնորհակալ է, գովում է Հալաբյանի արածը: Նա զգում է, անկարելի է, որ չզգա...

Մի վայրկյան ամուրիին թվաց, թե յուր դեմուդեմ նստած է ինքը Մարիամը: Նայելով եղբոր աչքերին, նրա առաջ պատկերացավ քույրը: Ինչ նման են միմյանց:

Ռուբենը նկատեց յուր խոսքերի ազդեցությունը նրա վրա: Ահա ինչու նա սիրտ առավ, վերջապես, արտասանելու.

Մեծ մարդասիրություն արած կլինեք, պարոն Հալաբյան, եթե վայր ընկնողին ձեռք մեկնեք: Մեր ժամանակի մարդիկ շատ նյութապաշտ են, ցույց տվեք ձեր բարությունը, օրինակ եղեք...

Այլևս ավելորդ էին վերջին խոսքերը: Հալաբյանը վճռել էր օգնել այն մարդուն, որին օգնելը մի քանի օր առաք «մեղք» էր համարում:

Չգիտեր ինչպես հայտներ յուր շնորհակալությունը Ռուբենը, այնքան զգացված էր, մանավանդ երբ լսեց.

Ձեր խաթրու, պարոն Ռուբեն, միայն ձեր խաթրու կօգնեմ:

Դռան ձայնը ազատեց երիտասարդին նեղ դրությունից:

Ներս մտավ մոսիո Վախվախյանը: Մոսիոն հուզված էր: Նա նստեց և, ծանր շունչ քաշելով, պատմեց մի քանի նորություններ: Ախշարումյանը պառկած է անկողնում. անցյալ օրը որկրամոլը ընթրիքի ժամանակ այնքան յուղալի և դժվարամարս կերակուրներ է կերել, որ չի մարսել ու հիվանդացել է:

Իշխան Սահարունին քաղաքային դումայում նիստից առաջ մեկի հետ կռվել է, ուզեցել է ապտակել յուր հակառակորդին:

Ռուբենը հրաժեշտ տվեց:

Խնդրեմ, շուտ-շուտ շնորհ բերեք, — ասաց Հալաբյանը, ուղեկցելով նրան մինչև նախասենյակ: — Շատ կպարտավորեք, եթե վաղը բարեհաճեք ինձ մոտ ճաշելու:

Ես ուրիշ տեղ չեմ ճաշում:

Կարծեմ, դուք այստեղից այնքան հեռու չեք բնակվում, այնպես չէ՞, — հարցրեց ամուրին:

Ռուբենը հայտնեց յուր բնակարանի տեղը:

Նա շտապեց տուն: Արդեն մութն էր, նա երեկոները մենակ չէր թողնում քրոջը: Նա տեսավ Մարիամին ավելի գունատված, ավելի մտազբաղ:

Նա պատմեց յուր այցելության մասին: Նա ուրախ էր և գոհ յուր արածով, զգում էր հոգեկան մի անսովոր թեթևություն: Հալաբյանը հափշտակել էր նրան յուր բարությամբ: Երբեք նա չէր սպասել այդ տեսակ վարմունք այն մարդուց, որին մինչև այն ժամանակ համարել էր խիստ գործնական, խիստ հաշվագետ:

Մեր շահասեր հասարակության մեջ դա հազվագյուտ մարդ է, — գովում էր նա ոգևորված: — Մտածիր, Մարո, և կտեսնես, որ ճիշտ եմ ասում: Մեր հորեղբայրը ծայրահեղ դրության մեջ է, ամենքը երես են դարձրել նրանից, ամենքը քչփչում են նրա սնանկության մասին, հանկարծ դուրս է գալիս մեկը և ասում է՝ «ես այդ մարդուն կազատեմ անպատվությունից»: Այո, անպատվությունից, դու չգիտես վաճառականի համար ինչքան ամոթաբեր բան է սնանկանալը: Ինչպես չգովել այդ մարդուն, ինչպես չուրախանալ: Ոչ, ոչ, ինչ ուզում ես ասա, Հալաբյանը արժանի է հարգանքի:

Մարիամը պատրաստ էր համաձայնվել եղբոր ասածների հետ, նրա սրտում արդեն ծագում էր մի տեսակ հարգանք դեպի Հալաբյանը: Բայց հանկարծ նա հիշեց այն օրը Սադափյանների տանը, երբ ամուրին առանձին ուշադրությամբ էր վարվում յուր հետ, հիշեց տիկին Սոփիոյի չար և օրիորդ Նատալիայի նախանձոտ հայացքները:

Եվ մի կասկած զսպեց նրա համակրությունը:

Ի՞նչ է պատճառը, — հարցրեց նա, — որ առաջ չէր ուզում օգնել, այժմ հանկարծ ուզում է օգնել:

Պատճառն այն է, որ ես խնդրեցի, որ նա տեսավ, թե ես ինչպես, ինքս զրկված լինելով իմ հորեղբորից, ներողամիտ եմ դեպի նա:

Հետո՞...

Հետո, ի՞նչ հետո, մարդ է, սիրտ ունե, զգաց մարդու նեղ դրությունը և ուզում է օգնել իմ խաթրու:

Քո խաթրո՞ւ, — կրկնեց Մարիամը:

Այո:

Ռուբեն, լավ բան է մի մարդուն համոզել մյուսին օգնելու, մանավանդ, երբ այդ մյուսը մեր մոտիկ ազգականն է: Բայց դու ի՞նչ կարող ես տալ նրա լավության փոխարենը, նա քեզ վրա բարոյական պարտք է դնում:

Ես սխալվեցի, նա ինքն էլ հենց ուզում էր օգնել: Ի՞նչ, միթե դու չե՞ս հավատում մարդկանց: Իրավունք ունես... Բայց համբերիր, սիրելիս, այդպես շուտ մի հիասթափվիր, աշխարհը միայն վատ մարդկանցով չէ լցրած...

Նա լռեց, դիտմամբ, իսկույն զգալով, որ կարող է Մարիամին հիշեցնել Մելիք-Բարսեղյանի վերաբերմունքը: Բայց այդ մի քանի խոսքերն ևս բավական էին Մարիամի սրտի ամենանուրբ, ամենացավագար թելը շարժելու համար: Անփորձ երիտասարդ, նա այնքան լավ էր տրամադրված, որ պատրաստ էր պաշտպանել ամենին, նույնիսկ յուր կատաղի թշնամուն: — Պաշտպանել լոկ մարդասիրությունից դրդված, առանց որոշ նպատակի, լոկ րոպեի ազդեցության տակ:

Այնինչ՝ բնազդումը ասում էր Մարիամին, որ Հալաբյանի վարմունքը առանց նպատակի չէ: Թե ինչ էր այդ նպատակը, նա պարզ չգիտեր, կամ գուցե չէր ուզում գիտենալ:

Կրկին Մելիք-Բարսեղյանը գրավեց նրա ուղեղն ու սիրտը, կրկին բուռն զորությամբ զարթնեց նրա դառն, անամոքելի վիշտը: Ինչո՞ւ իզուր պիտի ինքն իրան խաբի, ինչո՞ւ, քանի որ սիրտն ասում է, թե նա դժբախտ է, թե նա մոռացված է, արհամարհված, թե այլևս չպիտի վերականգնի նրա խորտակված երջանկությունը, որ այնքան կարճ տևեց: — Կարճ, որպես մի անցողիկ երազ, որպես մի քաղցր, թռուցիկ ցնորք...

Զգայուն, նրբացած, հիվանդության աստիճանին հասած սիրտը անհուն դառնությամբ լեցուն, օրիորդը այդ գիշեր երկար ժամանակ անքուն պտտում էր անկողնի մեջ: Մերթ նա ձգտում էր ինքն իրան խաբել տկար հույսերով, ստեղծում էր անթիվ պատճառներ բժշկի սառնությունը նպաստավոր կերպով բացատրելու համար: Մերթ ինքն այդ պատճառները երևակայական, նույնիսկ անբնական համարելով, հերքում էր, յուր թեթևամտության դեմ վրդովվելով: Եվ կրկին անձնատուր լինելով յուր սրտի անողոք ձայնին, աշխատում էր հեռու վանել այն չարագուշակ պատկերը, որ հալածում էր նրան գիշեր ու ցերեկ, որ պղտորում էր նրա երևակայությունը: Ահա նա, այդ պատկերը, որ հետևում է նրան ամեն տեղ, ամեն րոպե, քայլ առ քայլ: Նա շրջում է, խոսում է, նրա շնչառությամբ է լի այդ ննջարանը, նրա ոգին է տիրում այստեղ, այս սենյակում: Մարիամը զգում էր այդ սառն, անմատչելի, միևնույն ժամանակ կաշկանդող պատկերի անխուսափելի ուժը:

Ինչո՞ւ չի հեռանում նրա աչքից, եթե չի կամենում, մոտենալ, ինչո՞ւ այնպես կեղեքում է նրա սիրտը: Պետք է մոռացության տալ, պետք է աչք փակել նրան չտեսնելու, ականջ փակել նրան չլսելու համար, այո, փակել բոլոր զգայարանները:

Նա փորձեց գրգրել յուր մեջ մի խորին, մի կծու ատելություն և այդ ատելությունը, իբրև զենք, գործ ածել այն անգութ պատկերի դեմ: Սակայն ի՞նչպես հղացնել այդ ատելությունը: Նրա սիրտը չի հպատակվում խելքին: Նա տկար է, անզոր, ճնշված մի բոլորովին հակառակ զգացմունքով: Ի՞նչ է այդ: Գուցե այդ նույն ինքը ատելությունն է, որ ավելի բորբոքում է նրա վառվռուն հոգին, միայն այլ կերպ, այլ ուղղությամբ: Այն ժամանակ ո՞ւր է սիրո և ատելության մեջ այն անդունդը:

Ատել և սիրել, չկամենալ և ձգտել, փախչել և մղվելահա սոսկալի դրություն:

«Տեր աստված, տեր աստված, տո՛ւր ինձ սառնասրտություն, տո՛ւր ինձ համբերություն»…

X

Առավոտյան Մարիամը զարթնեց սովորականից ուշ: Նա ավելի գունատվել էր, նրա աչքերի տակը մի քիչ կապտած էին, կոպերը ուռած:

Ո՞ւշ ես քնել գիշերը, — հարցրեց Ռուբենը:

Այո:

Ինչո՞ւ:

Կարդում էի:

Ռուբենը զգաց, որ Մարիամը ստում է, որ նա գիշերը անքուն է անցկացրել, և գիտեր, որ այդ առաջին անքնությունը չէր: Ի՞նչ աներ, ինչո՞վ ամոքեր նրա վիրավորված սիրտը: Խոսե՞լ Մելիք-Բարսեղյանի հետ, բացատրությո՞ւն պահանջել: Բայց արդյոք Մարիամը կտա նրան իրավունք այդ մասին որևէ խոսք բանալու բժշկի հետ: Ոչ երբեք, նրա խորին ինքնասիրությունը բնավ չի թույլ տալ այդ:

Սիրո փորձությունները տակավին չճաշակած երիտասարդը, հարկավ, չէր կարող լիովին կշռել հագուրդ չստացած սրտի դառնության չափը: Բայց նա սիրում էր Մարիամին եղբայրական անձնվեր, անսահման սիրով, և այսքանը բավական էր, որ քրոջ ամենաթեթև վիշտն անգամ սուր արձագանք գտներ նրա զգայուն սրտում:

«Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ», — կրկնում էր նա մտքում ամեն անգամ, լսելով քրոջ լուռ, ծանր և սիրտ թափանցող հառաչանքները :

Այնինչ՝ օր-օրի վրա էր անցնում: Մելիք-Բարսեղյանը դարձյալ չէր երևում, Ռուբենը երբեմն պատահում էր նրան փողոցում, բարևում էր և անցնում: Նա չէր կամենում մոտենալ բժշկին, գիտեր, որ սառնարյուն չի կարող նրա հետ խոսել, գիտեր, որ կամա թե ակամա պետք է արտահայտի նրա մոտ յուր սրտի ատելությունը: — Մի բան, որ նա տակավին չէր ուզում ցույց տալ:

Իսկ Մարիամը. որքան ուզում էր չմտածել, որքան ուզում էր յուր վիշտը եթե ոչ մոռանալ, գեթ փոքր-ինչ մեղմացնել տնային գործերով և կարուձևի պարապմունքով, այնքան ավելի համառությամբ էին հալածում նրան անցյալ երջանկության հիշատակները:

Հոգյակս, դու հիվա՞նդ ես, — հարցրեց մի անգամ կարուձևի վարժուհին, որ վաղուց արդեն նկատել էր յուր ընկերուհու խորին թախիծը:

Ինչի՞ց ես եզրակացնում, որ հիվանդ եմ:

Նրանից, որ դու ուշադրությունով չես աշխատում: Որ ես քեզ բան եմ բացատրում, չես լսում, միշտ միտքդ ուրիշ տեղ է: Այո, դու հիվանդ ես, բայց չգիտեմ ինչ է հիվանդությունդ:

Մարիամի կրծքից ակամա մի հառաչանք դուրս թռավ և նա գլուխը թեքեց կրծքին տխուր ու տրտում:

Ես տեսնում եմ, հոգիս, որ դու մի վիշտ ունես, — խոսեց դարձյալ վարժուհին և, ձեռը դնելով նրա ուսի վրա, շարունակեց. — ամոթ չէ՞, որ ինձանից թաքցնում ես: Մոռացե՞լ ես մեր ընկերական սերը: Ասա, հոգիս, պատմիր, ով գիտե, կարելի է մի բանով կարող եմ օգնել քեզ: Ի՞նչ, դու, կարծես, ուզում ես արտասվել, հատ, այժմ համոզված եմ, որ քո վիշտը աղքատությունը չէ, մինչև որ չպատմես, ձեռք չեմ քաշի քեղանից: Մարո, սիրելի Մարո, հայտնիր սրտիդ ցավը քեզ սիրող ընկերուհուդ: Էէէ, այդ չեղավ, դու փոխանակ խոսելու, լաց ես լինում...

Եվ իրավ Մարիամը չկարողացավ զսպել յուր արտասուքը: Ընկերուհու անկեղծ կարեկցությունը շարժեց նրա սիրտը, Նա, զգացված, ձեռները փաթաթեց վարժուհու պարանոցին, գլուխը դրեց նրա ուսի վրա և սկսեց հեկեկալ: Անցան առաջին վայրկյանները, նրա սիրտը փոքր-ինչ հանդարտվեց: Նա արտասուքը սրբեց, նայեց ընկերուհու աչքերին և այլևս չկարողացավ թաքցնել այն, ինչ որ վաղուց մի հոգեկան պահանջ էր զգում պատմելու մի մտերիմ կնոջ և, ինչ որ ինքնասիրությունը մինչև այդ րոպե չէր թողնում պատմելու: Ոչ մի խոսքով, ոչ մի թույլ ակնարկով նա դժգոհություն չհայտնեց Մելիք-Բարսեղյանի դեմ: Նա բոլոր մեղադրանքը բարդեց յուր վրա, որ այնպես մոռացավ ինքն իրան, որ այնպես հափշտակվեց, և ահա այսօր այդքան տանջվում է:

Գիտես ինչ, սիրելիս, — ասաց վարժուհին խորին կարեկցությամբ, լսելով ընկերուհու համառոտ պատմությունը, — ես ինքս թեև չեմ սիրահարվել մինչև օրս, բայց զգում եմ քո դրությունդ:

Երանի քեզ, երանի, որ չես սիրահարվել, — գոչեց Մարիամը դողդոջուն ձայնով, — ա՛խ, որքա՛ն նախանձում եմ քեզ:

Նո՛ւ, նախանձելու բան, ասենք, չկա, ո՞վ էր ինձ սիրողը, որ ես էլ նրան սիրեի: Իմ տգեղությունը ինձ ազատ է պահում այդ տեսակ փորձանքներից:

Վերջին խոսքերը արտասանելիս վարժուհին, զսպելով յուր հառաչանքը, ծիծաղեց, յուր ընկերուհուն զվարճացնելու համար: Իսկապես նա արդարացի չէր յուր վերաբերմամբ, նա այնքան էլ տգեղ չէր, որքան վատաբանում էր ինքն իրան: Հասակով Մարիամից քիչ ցածր, դեմքով գուցե ավելի գեղեցիկ էր, եթե անգութ ծաղիկը տասը տարի առաջ այդ գեղեցկությունը հավիտյան արատավորած չլիներ յուր խոշոր հետքերով:

Следующая страница