Խնկոյան Աթաբեկ՝   Բանաստեղծություններ, պոեմներ, առակներ, հեքիաթներ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 Next Last

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՐՄԻՐ ԳԱՐՈԻՆ

Գարուն եկավ,
Կարմիր գարուն,
Մեծ գետ դարձավ
Փոքրիկ առուն,
Էլ չթողեց
Ճամփին ճահիճ,
Քշեց տարավ օձ ու կարիճ:
Դու չես տեսել էսպես գարուն,
Էլ չես թափի կարմիր արուն.

Էլ չես տեսնի սրտի մրմուռ,
Էլ չես չափի արցունք բուռ-բուռ.
Էլ չի ուտի օձը ձագիդ,
Ու չի խոցվի սիրտդ ու հոգիդ.
Կարմիր կակաչ սարի լանջին,
Կարմիր մորի թփի միջին,
Էսպես եկավ կարմիր գարուն.
Մեծ գետ դարձավ փոքրիկ առուն:

ԸՆԿԵՐ

Լուսացավ, ընկե՜ր,
Ե՜կ աշխատենք, ե՜կ,
Աշխատանք կուզի
Աշխարհը նորեկ:

Աշխատանք ձեռքի,
Աշխատանք մտքի,
Աշխատանք կուզի
Գիշեր ու ցերեկ:

Աշխատանքը մեր
Չի կորչի անհետ,
Անմահ կմնա
Վեհ մտքերի հետ:

Օգուտ տանք երկրին,
Օգուտ, ի՜մ ընկեր,
Ցանենք աշխարհում
Միշտ ազնիվ սերմեր:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻԿՆԵՐԻ ԵՐԹԸ

Ձորակի միջով,
Ոտի տակ կանաչ,
Հոկտեմբերիկներ
Գնում են առաջ:

Արևի լույսը
Լցվել է ձորակ,
Ֆռռում է քամուց
Կարմիր դրոշակ:

Վաղ են վերկացել,
Ընկել են ճամփա.
Թմբկահար, զա՜րկ, զա՜րկ,
Թմբուկդ թմբա:

Երգ, խաղ ու մարզանք
Սփռելով ճամփին,
Հյուր եկան նրանք
Պիոներներին:

ՄԱՅԻՍ

Գարնան ամիս
Սիրուն մայիս,
Նախշ ու նկար,
Բարով եկար:

Եկար, բերիր
Վարդը կարմիր,
Սուսան-սմբուլ,
Սիրուն բլբուլ:

ՄԵՂՈԻ

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

ԳԱՐՈԻՆ

Ձմեռն անցավ...
Եկավ գարուն...
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:

Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:

Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:

Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,
Աղբյուրն հանեց
Անուշ խոխոջ:

Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:

Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:

Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:

ԱՌԱՎՈՏԸ

Լույսը լույսով շողշողաց,
Երգը հնչեց սոխակի,
Շողը շողով դողդողաց,
Շուտով արև կծագի:

Արշալույսի ցոլքերը
Շապիկ հագան ծիրանի,
Տեսան, թռան հավքերը,
Նրանց հազա՛ր երանի:

Դաշտի քնքուշ ծաղիկը
Բացեց թերթեր բուրավետ,
Եվ վաղորդյան շաղիկը
Երկինք թռավ շողի հետ:

Ու բարձրացավ թանձր մեգ
Գետի փրփուր ջրերից,
Ջրին ասավ մի եղեգ.
Տե՛ս, լո՜ւյս ծագեց վերևից:

ԼՈԻՍԱԴԵՄԻՆ

Անուշ հովերն են փչում,
Ոսկի հասկերն են ծփում,
Մանր ուլունք շաղ տալով՝
Բարակ առուն կարկաչում:

Առվի կանաչ ափերին
Գառն ու ուլն են արածում,
Ծաղիկները թփերին
Անուշ բուրմունք տարածում:

Արշալույսը ոսկեզօծ
Ծագեց հեռվից շողալով,
Խոփը մտավ հողի ծոց,
Ակոս շարեց սողալով:

ԾԱՂԿԱՆՑ ԾՈՎԸ

Ծաղկունքն ամեն մեկ-մեկ բուսան
Հարյուր-հազար գույն-գույն ներկած,
Լեռ ու հովիտ ծաղիկ դարձան,
Ծաղկանց ծովը ծըփ-ծըփծըփաց:

Մանուշակը կապույտ գլխով
Թաք է կացել թփերի տակ,
Զանգակիկը մեղմ ճոճալով
Թերն է ներկել կապույտ-սպիտակ:

Ատամնավոր պսակ գլխին
Կարմրել է ցից մեխակը,
Իր բյուրավոր աչքը դեզին՝
Հոտ է բուրում բարձմենակը:

Սիպտակ հագած հեզ շուշանը
Փսփսում է զեփյուռի հետ,
Թերը փռած մարգարիտը
Օրորվում է առաջ ու ետ:

Կարմիր մախմուր, կուրծքը սևիկ,
Մեն-մենակ է ալ-կակաչը,
Սիպտակ փրփուր, լայնաթևիկ
Բոժոժ էլ կա ծաղկանց մեջը:

Զարմանազան, էն զանազան
Ծաղիկը իր վիզն է թեքել,
Շարշարուրիկ շարան, շարան
Ոտից գլուխ դեղին հագել:

Գյուլիսապահ մի ծաղիկ կա,
Որ չի բացվում օր ցերեկով,
Նա կբացվի ու հոտ կտա
Արևից ետ, մութ գիշերով:

Քաֆուր-վարդի գովքը մնաց,
Քնքուշ վարդի, կարմիր վարդի,
Փշերով է շրջապատված,
Փուշը սուր-սուր քաֆուր-վարդի:

Մի անթառամ ծաղիկ էլ կա
Ծաղիկների ծաղիկն է նա,
Նորի նման հինն անթառամ,
Ամառ, ձմեռ չի չորանա:

Սուսան, քրքում ու բալասան
Ոսկե պսակ սարի լանջին,
Ամեն ծաղիկ իր հոտն ունի,
Բույր ու բուրմունք դաշտի միջին:

ԾԻԾԵՌՆԱԿԻՆ

Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի.
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի

Արի՜, արի՜ , սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր:

Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի:

Արի՜, արի՜ , սիրուս ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր:

Ծիծեռնակով գարուն կգա,
Անծիծեռնակ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի:

Արի՜, արի՜, սիրուն ծիծեռ,
Արի,՜, արի՜, գարուն դու բեր:

ՔԱՄԻ

Քամի, քամի, դու ահեղ,
Էն երկնքի ամպերը
Հալածում ես ամեն տեղ,
Ալեկոծում ծովերը
Ու տարածում սար ու ձոր
Քո անուշիկ հովերը:

ԲԿԼԻԿ-ՁԿՆԻԿ

Ձկնիկ, լո՜ղ տուր, լո՜ղ արա,
Դրսի որսը թող արա.
Իջի՜ր ջրի հատակը,
Մինչև անցնի վտանգը:

Տե՛ս, փորձանք կա քո գլխին,
Մի լավ մտիկ երեխին.
Որդ է խփել իր կարթին
Չմոտենաս էդ որդին:

Ինձ չլսեց շեկլիկը,
Ինձ չլսեց բկլիկը,
Հո՜պ, կուլ տվեց նա որդը,
Կարթը մնաց կոկորդը:

ԼՈԻՍԻՆ

Լուսին, լուսին,
Լուսերես,
Ինչքան, ինչքան
Կլոր ես

Լույս ես տալիս
Գիշերով,
Քո վառվռուն
Թշերով:

ԳԻՇԵՐ

Իջնում է գիշեր
Սարերի ուսին,
Փայլում է վերից
Կաթնագույն լուսին:

Վերից նայում է
Երկինքը ուրախ,
Քնած է գյուղը
Անհոգ ու խաղաղ:

ԳԱՐՈւՆ

Զուգված, զարդարված
Թավիշ կանաչով,
Ցոլում է դաշտը
Ոսկե ճաճանչով:

Սիրուն մայիսը
Գոհար է մաղել,
Ծաղկանց թերթերը
Շողել ու շաղել:

Հազար տեսակի
Թռչուն է երգում.
Ալ-կանաչ դաշտը
Զընգում, զրընգում:

ԾԻԱԾԱՆ

Մթին ամպերից
Եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը,
Ծագեց ջինջ արև:
Կանաչ ու կարմիր
Կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն
Ալգոհար դարձան:
Քամին հանդարտեց.
Էլ չկա փոշի.
Հողը տաքացավ,
Ծխեց գոլորշի:

ՁՈԻԿԸ

Ձուկն է լողում
Վճիտ ջրում,
Վճիտ ջրում լճակի,
Վառ արևի շողերի տակ
Ցոլք է տալիս արծաթի:
Հա՜ սուրում է,
Հա՜ սուզվում է
Բյուրեղ ծոցը լճակի,
Բյուր նազանքով
Մեղմ փարվում է
Պուտ-պուտ թևին կոհակի:

ԱՅԳԻ
Կանաչիր, կանաչիր,
Իմ սիրուն այգի,
Կանաչ ու կարմիր
Նոր շորեր հագի:

Գարուն ու հավքեր
Եկան քեզ համար,
Կանաչիր, այգի՜,
Անշուք մի՜ մնար:

Կանաչն ու կարմիր
Նշան են կյանքի.
Գարունդ է եկել,
Կանաչիր, այգի՜:

ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿ

Թե գարուն է նախշ-նախշուն,
Նա ինչե՞ր է մեզ բաշխում.
Ծիլ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Ալ ու ալվան վարդ շաղոտ:

Թե ամառ է, շոգ ամառ,
Ի՞նչ է բերում մեզ համար.
Ցորեն, գարի ու հաճար՝
Ամեն հոգսի դեղ ու ճար:

Թե աշուն է պտղաբեր,
Ի՞նչ է բերում մեզ նվեր.
Նուռ, սերկևիլ, տանձ, խնձոր,
Դեղձ ու խաղող մեղրածոր:

Թե ձմեռ է ցրտաշունչ,
Ի՞նչ է թափում լուռումունջ.
Փաթիլ, փաթիլ փափուկ ձյուն՝
Արծաթի պես պսպղուն:

ԱՇՆԱՆ ԴԵՄ

Կապուտակ երկինք, լուսեղեն կամար,
Ամպերը մալանչ ու ճերմակ մարմար
Հավքերը երամ՝ տարագիր, չըվող,
Վերջին հրաժեշտի կարոտը երգող...
Ոսկեհուռ շողեր, դողդող հուրհուրան,
Ոսկեթել շըղարշ ջըրերի վրան...
Գետի կոհակներ մանրիկ օղերով,
Ողողած, ցողած դալուկ շողերով...
Դաշտերը գունատ, հերկերը սև-սև,
Եվ անտառն անխոս, ծառը անտերև...

ԵՂԵՎՆԻ

Գունատ աշուն է...
Էլ չկա թռչուն,
Քամու թևերին
Տերևն է թռչում:

Միայն եղևնին,
Այնտեղ, խոր հովտում
Կանաչ է հագել,
Աշնան դեմ ժպտում:

ԱՆՏԵՐԵՎ ԾԱՌ

Փչեց ցուրտ քամին,
Եկավ մեգ, մշուշ.
Թերթերը թափեց
Ծաղիկը քնքուշ:

Անտերև ծառը
Ճյուղերը ճոճեց.
Աշնան քամու հետ
Կանգնեց ու վիճեց.

Հե՞ր տերևներս
Մեկ-մեկ պոկեցիր
Ու աչքիս առաջ
Գետին ածեցիր:

ՁՄԵՌ

Ծառը մերկացավ
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից:

Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց.
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց:

Ձյունը ծնկահար
Նստեց մեր ճամփին,
Սիպտակ հյուսերը
Կիտեց գետափին:

ՄԱՍՏԱՆԸ

Կըտի-կըտի Մաստանը,
Կտիկ մտավ բոստանը,
Ոտով մարգը տրորեց,
Գլխով հողը փորփրեց,
Ծուլի-ծուլի վեր ելավ,
Իր պոչի հետ խաղ արավ:
Բոստանչին էլ դուրս թռավ
Չար այծիկին ձեռք առավ.
Տվեց, տվեց, տուր տվեց,
Ջանը վրեն քրքրեց,
Քամուն տվեց մազերը,
Տեղից հանեց պոզերը,
Հանած պոզերի տեղը
Լցրեց աղ ու տաքդեղը.
Քոլիկ դարձավ Մաստանը
Էլ չէր մտնում բոստանը:

ԲԶԵԶ

Բը՛զ, բը՛զ, բըզբըզան,
Բզեզն եկավ տըզտզան,
Եկավ-ընկավ թակարդը,
Նրան բռնեց չար սարդը:

ՄԻ ԷԾ ՈԻՆԵՄ

Մի էծ ունեմ
Հինգ վեց ուլով,
Կաթը կըթեմ
Կուժով, կուլով,
Մածուն մերեմ
Կճուճներով,
Եղը հանեմ
Լվի տկով,
Բառնամ սելին
Մեծ-մեծ ակով,
Քաղաք տանեմ
Յոթ լուծ մկով,
Հո՜, հո՜ անեմ
Ուղտի պոչով,
Ճամփեն երթա
Կատվի քուչով:
Թե չհասնի
Էդտեղ վնաս,
Քեռի Մինաս,
Ինձ հյուր կըգաս:

ԳԻՐՔ

Ասա տեսնեմ,
Իմ սիրուն գիրք,
Էս ինչե՞ր կան
Ծոցիդ միջին.
Ճստան մուկը,
Ոսկի ձուկը,
Թիթեռ, բզեզ
Գույն-գույն, պես-պես.
Բադն ու բուլիկ,
Գառն ու ուլիկ,
Կաքավ ու լոր,
Շլոր, սալոր:
Ասա՜, պատմի՜ր
Իմ ականջից,
Շատ բան գիտես
Ամեն ինչից:

Դե՛հ, շո՜ւտ պատմիր,
Իմ խելոք գի՜րք,
Մատաղ կանեմ
Քեզ խաղ ու միրգ:

ՈՍԿԵ ՁՎԻԿԸ
(Ռուսական)

Պապի, տատի չալ հավիկ
Ածեց ոսկե մի ձվիկ.
Տո՜ւր որ տվեց Պապիկը,
Բայց չկոտրեց ձվիկը.
Տո՜ւր որ տվեց Տատիկը,
Բայց չկոտրեց ձվիկը.
Մին էլ վազեց մկնիկը,
Պոչահարեց ձվիկը,
Ձվիկն ընկավ կոտրվեց:
Լաց է լինում Պապիկը,
Լաց է լինում Տատիկը,
Կըռկըռում է հավիկը.
Մի՜ լար, Պապի՜կ,
Մի՜ լար, Տատի՜կ,
Նորից կածեմ ես մի ձվիկ.
Ձվիկ, ձվիկ,
Ձվեղեն,
Էլ չի լինի ոսկեղեն:

ԳՈՐՏԵՐԻ ԽԱՂԸ
(Ռուսերենից)

Լուսնյակ գիշեր...
Լիճը խաղաղ...
Ուռած թշեր
Գորտերի խաղ:
Գորտի բանակ,
Գորտի նվագ...
Սրախոսում...
Զրախոսում
Քեռու մասին
Էս են ասում.
Քեռին մեռել ա՛
Քեռին մեռել ա՛...
Ե՞րբ, ե՞րբ, ե՞րբ, ե՞րբ,
Մե-կե-կել օ՜ր, մե-կե-կել օ՜ր,
Ղո՜րդ, ղո՜րդ, ղո՜րդ, ղո՜րդ:
Ուռել ա, մեռել ա, լռել ա,
Կը-կը-կա, մը-կը-կա, մեռել ա,
Կանչեք տատը գլխին լա...

Գորտ տատիկը բարկացավ,
Չուստերն հագավ, վերկացավ
Ճմբան ծերին թըփ, թըփ, թըփ
Գիժ թոռները չըփ, չըփ, չըփ,
Տոտ ու տոտիկ չռեցին,
Ջուրը չընկած՝ լռեցին:

ՊԱՊՆ ՈՒ ՇԱՂԳԱՄԸ
(Ռուսերենից)

Դռան առաջ
Մի անգամ,
Պապը ցանեց
Մի շաղգամ:
Շաղգամն աճեց,
Մեծացավ.
Պապը քաշեց,
Քաշքըշեց,
Շաղգամն հողից
Չհանեց:
Պապը կանչեց
Տատիկին.
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա՜ քաշեցին,
Քաշքըշեցին,
Շաղգամն հողից
Չհանեցին,
Տատը կանչեց
Թոռնիկին.
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա՜ քաշեցին,
Քաշքըշեցին,
Շաղգամն հողից
Չհանեցին:
Թոռը կանչեց
Շընիկին.
Շունը թոռից,
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա՜ քաշեցին,
Քաշքըշեցին,
Շաղգամն հողից
Չհանեցին:
Շունը կանչեց
Փիսոյին.
Փիսոն՝ շընից,
Շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա՜ քաշեցին
Քաշքըշեցին,
Շաղգամն հողից
Չհանեցին:
Փիսոն կանչեց
Մըկնիկին.
Մուկը՝ փիսոյից,
Փիսոն՝ շնից,
Շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից.
Որ քաշեցին,
Քաշքըշեցին,
Շաղգամն հողից
Հանեցին:

ՍՈԽԱԿԸ ՎԱՆԴԱԿՈԻՄ
(Ռուսերենից)

Ինչո՞ւ, ի՜մ սոխակ,
Չես ուտում կերդ.
Ինչո՞ւ չես ասում
Անուշ երգերդ:

Երգում էի ես
Սաղարթում դալար,
Ոսկե վանդակում
Լուռ եմ միալար:

Դալար ճղնիկը
Ասում է՝ ապրի՜ր.
Ոսկե վանդակը
Ասում է՝ մեռի՜ր:

Ընկերս ճյուղքից
Ինձ է ափսոսում,
Ձագերից զրկված
Ես երգ չե՜մ ասում:

Բաց կանեմ, սոխա՜կ,
Դուռը վանդակիդ.
Թևիդ տուր, թռի՜ր,
Հասիր ձագերիդ:

ԿՏԱԿ
(Տարաս Շեվչենկոյից)

Երբ ես մեռնեմ, ինձ թաղեցեք
Իմ սիրելի Ուկրայնում.
Գերեզմանիս հողաթումբը
Թող բարձրանա բաց դաշտում:

Եվ այնտեղից թող երևան
Լայն Դնեպրը, դաշտ ու ձոր.
Թող ես լսեմ վեհ Դնեպրի
Ահեղ ձայնը ամեն օր...

Գալ օրերի սիրով կապված
Ընտանիքում մեծանուն
Ինձ էլ հիշեք քաղցր խոսքով,
Ի՜մ եղբայրներ սիրասուն:

ՉՀՆՁԱԾ ԱՐՏԸ
(Նեկրասովից)

Աշուն է խորին,
Հավքերը չկան,
Ծառը մերկացավ,
Տերևներն ընկան:
Մերկ դաշտում միայն
Մի արտ կա անքաղ,
Կարծես անցնողից
Խնդրում է մանգաղ:
Հասկերը կարծես
Ասում են իրար.
Մեզ աշնան քամին
Արավ ցրտահար:
Հերիք է նա մեզ
Տա գետնեգետին.
Մեր հատիկները
Շաղ գան, փոշոտվին:
Նույնն է մեզ համար
Վաղը, թե այսօր,
Քամու առաջին
Դողում ենք անզոր:
Մուկն է մեզ կտրում
Գիշեր ու ցերեկ,
Ո՞ւր է մեր տերը,
Ձեն տվեք, բերեք:
Ո՞ւմ համար վարեց,
Ո՞ւմ համար ցանեց,
ՉԷ՞ որ մեզ քամին
Ցիրուցան արեց:
Պատասխան տվեց
Քամին այդ հարցին.
Ձեր տերն հիվանդ է,
Գլուխը բարձին:

ՏԵՐԵՎՆԵՐ
(Տյուտչևից)

Ծլում ենք, ծաղկում
Գարնան օրերին,
Ու հյուր ենք մնում
Կանաչ ճյուղերին:

Ամռան արևը
Գալիս է շողում,
Գոհար շողիկը
Մեր սիրտը ցողում:

Դաշտը մերկացավ,
Էլ ծաղիկ չկա,
Մեղմիկ զեփյուռը
Էլ չի շընկշընկա:

Ինչո՞ւ ճյուղերից
Կախվենք ու դեղնենք,
Լավ չէ՞, որ մենք էլ
Թև առնենք, թռչենք:

Եկեք, քամիներ,
Հեռու տեղերից,
Թերթեցեք, տարեք
Մեզ չոր ճյուղերից
Թերթեցեք, առեք
Մեզ ձեր թևերին,
Աշնան օրերը
Սև ու սուգ բերին:

ԲԼԲՈՒԼԸ ԴԱՏԱՐԿ ԹՓԻՆ

Ես բլբուլ եմ,
Մի բուն ունեմ,
Մի բուն ունեմ սարին է,
Սիրտս բոց է,
Սիրտս խոց է,
Միջին լիքը արին է:

Ես մի բլբուլ,
Սարի սմբուլ,
Արին կերթա իմ սրտից,
Վարդս քաղած,
Թուփը թողած,
Ինչպես չըլամ կարոտից:

Սիրտս կուլա,
Կը մղկտա,
Ցավը թափեց թևերս,
Վարդս քաղած,
Թուփը դատարկ,
Էլ ում անեմ երգերս:

ՈւՌԵՆԻ

Սիրուն ուռենի,
Կանաչ ուռենի,
Ճյուղերդ կախ-կախ,
Ինչու չես ուրախ:

Սի՞րտդ է ծարավել,
Արև՞ն է վառել,
Որ էդքան ջահել
Գլխիկդ ես ծռել,

Վշտոտ ես դառել,
Ծնկիդ ես խփում,
Արցունք ես թափում:

ՊՈԵՄՆԵՐ

ՄԻՍՏԸՐ ԹՎԻՍՏԸՐ

(Թարգմ. Ս. Մարշակից)

«Մի երկիր գնալիս՝ աշխատեցեք նրա
օրենքներն ու սովորությունները պահպանել՝
թյուրիմացություններից խուսափելու համար»:
(Կարլ Բեդեկերի 2-րդ ուղեցույցից)
Ուժեղ են նաև հայկական առածները.
«Մի տեղ գնալիս՝ տեսար մարդիկ կույր
են, դու էլ աչքերդ կապիր, կույր ձևացիր»:

«Չեմ-չում շատ արավ,
Բայց կակղեց-կերավ»:

I

Արտասահմանում
Գրասենյակ կա «Կուկ».
Եթե քեզ պատի
Ձանձրույթ, թե տաղտուկ
Եվ դու կամենաս
Ման գալ ամեն վայր, —
Շուրջ արար-աշխարհ,
Նաև, ո՞վ գիտի,
Կղզին Թաիթի,
Փարիզ և Պամիր՝
Դու Կուկին դիմիր:
Իսկույն ևեթ նա
Քեզ համար նավում
Լավ տեղ կբանա.
Կամ կհրամայի դեռ
Տալ քեզ ինքնաթիռ,
Կամ քո ետևից
Ամեն բան սարքի,
Ուղտ էլ կուղարկի:
Լավ հյուրանոցում
Սենյակ և վաննա,
Անգամ անկողնում
Նախաճաշ կտա:
Կուկը ցույց կտա՝
Սարեր և խորշեր,
Հյուսիս և հարավ,
Արմավենիներ,
Հսկա նոճիներ
Անսպառ, անբավ:

II

Միստըր
Թվիստըր՝
Նախկին մինիստր,
Միստըր
Թվիստըր՝
Մի հետաքրքիր
Ծակամուտ բանկիր,
Գործարանների,
Շոգենավերի,
Եվ տների տեր
Որոշեց ման գալ
Նա ամբողջ աշխարհ:
Բայց թե չիմանաք,
Ինքը մեն-մենակ:
Ո՜չ:
Կին ու աղջիկը
Եղան նրան պոչ:

III

Վաղ մի առավոտ
Զնգաց Կուկի մոտ
Խոսեց ապարատ.
Չորս նավասենյակ
Նյու-ՅորքԼենինգրադ:
Հյուրանոց,
Վաննա,
Այգի,
Շատրվան
Անշուշտ կունենա:
Միայն, տեսեք, ա՜յ,
Աչքիս չերևան
Նեգր, չինացի -
Չըլինեն հարևան
Միստըր Թվիստըրը
Չի սիրում իսկի
Որևէ խուժան
Գունավոր ազգի:
Լսվում է Կուկի
Խոսքը դրական.
Կլինի...
Եվ այն՝
Ձեր պատվին միայն:

IV

Տաս րոպե առաջ
Նավի մեկնելուց՝
Միստըրը կայմում
Հանեց իրեն ցույց:
Կողքին՝
Պառավը
Ճամփի ակնոցով,
Ապա
Աղջիկը՝
Անբաժան կապկով:
Իր գրկանոցով
Դեմքին է փչում
Դնչիկն է պաչում:
Հետքից գալիս են
Չորս հատ աժդահա՝
Ուղիղ քսան չորս
Ճամփի պայուսակ
Հենց իրենց վրա:

V

Մեծ շոգենավը
Ամերիկայից,
Օվկիանոսի
Ջրերն է ճղում,
Իր ճամփան ուղղած
Դեպի արևելք,
Դեպի մեզ լողում:
Միստըր
Թվիստըր՝
Նախկին մինիստր,
Մի մեծ ծակամուտ,
Ամեն տեղ պուպուստ,
Բանկիր շատ հարուստ.
Գործարանների,
Շոգենավերի
Եվ տների տեր,
Անտակ-անհատակ
Օվկիանի վրա
Իր համար անհոգ
Խաղում է գնդակ:
Զգում է իրեն
Ուրախ անսովոր՝
Ազգեր գունավոր՝
Նեգր ու չինացի
Չունի դրացի:
Այլ շոգենավ են
Ջրերն օրորում,
Նեգր ու չինացու
Առաջ են հրում:
Նրանց տեղերը
Ե՜վ խոնավ, և՜ շոգ...
Ալիք, բարկ օջախ
Տանջում են ջոկ-ջոկ:

VI

Միստըր
Թվիստըր
Հայտնի միլիոներ,
Շատ զբոսասեր,
Իբրև մի տուրիստ
Գալիս է մեզ մոտ,
Դեպի ԷՍԷՍԵՐ,
Լսվում է աղմուկ
Լենինգրադի
Նավահանգստից,
Քաղաքն է կանգնում
Իր ամբողջությամբ
Նավի աջ կողքից,
Գորշագույն ջրեր,
Սյուներ անհամար...
Գործարանների
Հիսն է մրոտում
Ջինջ երկնակամար:
Տեսեք միստըրին՝
Գլխարկը ձեռին,
Շավղով՝ անհանգիստ
Վազում է դեպի
Վեր, նավահանգիստ:
Թե ողջ է մարդը
Ականջը խոսի,
Դիտելով հեռվից
Պետրոս-Պողոսի
Ասեղը-շպիլ,
Սկսեց շտապել,
Նստեց ավտոմոբիլ:
Դարսվեցին իրեր
Աղջիկը, կապիկ, կին
Բազմեցին կարգին:
Ավտոն չարագույժ
Ճռճռոցով մի
Շարժվեց իր տեղից,
Վզզաց ոնց քամի.
Իր ճանապարհին
Սահեց ասֆալտով,
Պատվելով աջ, ձախ
Բենզինի հոտով:

VII

Միստըր
Թվիստըր՝
Նախկին մինիստր,
Միստըր
Թվիստըր՝
Հայտնի միլիոներ,
Գործարանների,
Շոգենավերի
Ու տների տեր:
Վստահ մտնում է
Մեծ հյուրանոցը,
Անունն «Անգլետեր».
Ոսկի սիգարը
Դրած բերանին՝
Հպարտ ասում է
Նա դռնապանին
Կա՞ն հյուրանոցում
Ազատ համարներ,
Հիշիր երեկվա
Հեռագիրը մեր:
Կան.
Երկու համար
Մեկ՝ իններորդը,
Մեկ՝ տասներորդը,
Շատ էլ ձեզ հարմար, —
Պատասխանում է
Դռնապանը նրան,
Զարմանքով չռած
Աչքերը վրան:

VIII

Հայելիների
Մոտով, մի նախշուն
Գորգի վրայով
Գնում են դեպի վեր՝
Նշած համարները,
Դանդաղ քայլերով:
Դռնապանն առաջից,
Հասակն ահագին,
Սերթուկը հագին,
Հետքից
Եկվորը՝
Պանամ գլխարկով,
Հետքից
Պառավը՝
Ճամփի ակնոցով.
Հետքից
Դստրիկը՝
Իր գրկանոցով:
Արտասահմանցիք
Կուչ ու ձիգ,
Հանկարծ՝
Մնացին բերնբաց.
Հայր Թվիստըրը հո՜
Կորավ քրտինքում
ԷՍԷՍԵՐ գալը
Անիծեց մտքում:
Գալիս էր մի մարդ՝
Սևամորթ հսկա,
Դեպի՝ ցած վերից,
Հարյուր իննսուն
Գլխի համարից:
Իր մի սև ձեռքը
Աստիճանների
Ճաղերին տալով՝
Գալիս էր հանգիստ,
Կարճլիկ չիբուխը
Անհոգ ծխելով:
Հայելիների
Միջով,
Առաջով
Եվ ահա այնպես,
Մեկը մեկի պես
Շարքով:
Երկար-ձիգ
Գալիս էին ցած
Սևամորթ անձինք...
Ամեն սևամորթ
Ձեռքը ճաղերին,
Իրեն համար ջոկ.
Ամեն սևամորթ
Կարճլիկ չիբուխը
Ծխում էր անհոգ:
Միստըրն ուտում է
Ինքն իրեն ներսից,
Եվ քիչ է մնում,
Որ ճաքի հերսից:
Նայում է նա աջ,
Նայում է նա ձախ,
Վա՛խ. վա՛խ,
Էս ինչ խաղ:
Եթե նեգրեր կան
Այս հյուրանոցում,
Մենք ապրողը չենք
Խուժանանոցում, —
Եկվորն է ասում
Ու սլանում վար
Աստիճաններով
Խիստ սարսափահար,
Լայն-լայն քայլերով,
Էնքան լայնեզր
Պանամ գլխարկով:
Հետքով
Պառավը՝
Ճամփի ակնոցով,
Հետքով
Դստրիկը՝
Իր գրկանոցով:

IX

Ե՜վ լուռ, և՜ շտապ,
Նստում մեքենա,
Մեքենավարին
Բոթում՝ թե գնա:
Նրանց ճամփելով
Դռնապանը խիստ,
Հեռախոսի մոտ
Կանչեց անհանգիստ:
Երկո՜ւ,
Քառասուներկո՜ւ,
Քառասունևութ,
«Աստորիա»,
Հեռախոսի մոտ,
Կանչեք խնդրեմ շո՜ւտ,
Դռնապան՝
Բանին
Ձեր էն Ստեփանին:

Լսի՜ր ինձ, Ստեփան,
Այ, էսպես մի բան.
Մի մեքենայով
Գալիս են ձեզ մոտ
Ամերիկացի
Անտես, անծանոթ
Երեք նոր տուրիստ.
Ազգը՝ Թվիստըր
Աշխարհում հայտնի
Իմպերիալիստը.
Այն էլ ոչ թե քիչ,
Այլ մեծ խառնակիչ:
Ասա՜ նրանց, հա՜ ,
Որ համար չկա,
Չզիջես հանկարծ,
Ստեփա՜ն, ողջ կաց:
Քսան մե՜կ,
Տասնո՜ւթ,
«Սիցիլիա».
Շուտ՝
Կանչել դռնապան
Վստահ Վասիլին
Հեռախոսի մոտ.
Վասի՜լ, ինձ լսիր,
Էլ մի՜ սպասիր.
Մեզնից դեպի ձեզ
Ուր, ուր չի, հրես
Մի մեքենայով
Շտապ գալիս են
Երեք նոր տուրիստ.
Ազգը Թվիստըր,
Աշխարհում հայտնի
Իմպերիալիստը.
Այն էլ ոչ թե քիչ,
Այլ մեծ խառնակիչ:
Կասես նրանց, հա՜ ,
Համար՝ աստված տա
Էլ բան չեմ ասիլ,
Է, ողջ կաց, Վասիլ:
Հի՜նգ,
Երեսունհի՜նգ,
Երեսունի՜նը,
«Իտալիա»,
Կարելի է՝ գա
Հեռախոսի մոտ
Դռնապանը ձեր՝
Ընկեր Վիտալիա.

Բարև, Վիտա՜լի,
Գալիս են... և այլն,
Լեզվին տալիս,
Կրկնում հինն էլի:
Փողոցն առել է
Մի փոշի բարակ,
Ավտոն է թռչում
Արագից արագ:
Փողոց Գոգոլի,
Մուտքը՝ հինգերորդ,
Պատասխանում են՝
Տեղ կա ոչ, ճամփո՜րդ:

Փողոց Պեստելի,
Մուտքը՝ առաջին.
Պատասխանոմ են.
Տրված է անգամ
Համարը վերջին:
Եվ հրապարակը
Ապստամբության,
Մուտք հինգերորդ.
Պատասխանում են.
Տեղ կա ոչ, ճամփորդ:

Էդ քիչ էր.
Էդ դեռ,
Ավտոն էլ նոր բեռ:
Հանկարծ ճաքում է
Հետին աջ շինը.
Վերշին շնչումն է
Նաև բենզինը:

X

Միստըր Թվիստըր.
Նախկին մինիստր.
Հայտնի միլիոներ.
Գործարանների,
Շոգենավերի
Լրագրերի տեր,
Վերադառնում է
Էլի «Անգլետեր».
Հետքով՝
Պառավը
Ճնճղկա քայլով,
Ճամփի ակնոցով.
Հետքով՝
Դստրիկն իր
Անբաժան կապկով՝
Իր գրկանոցով:
Զանգահարեցին
Փակ դուռը դրսից,
Եվ լուսավորվեց
Տան մուտքը ներսից:

Մին էլ դրսից դուրս
Խփեց գիշերվա
Ժամը տասներկուս.

Դռնապանն իսկույն
Բանալով մուտքը՝
Հենց դռան ճեղքից
Ասում է նրանց.
Ու՜շ է, ու՜շ արդեն,
Բայց թե ձեր մեղքից:

Ինը համարն էլ,
Տասը համարն էլ
Փակ են ձեզ համար.
Ճնշված ազգերը,
Հավաքված այնտեղ,
Հենց հիմա ունեն
Մեծ համագումար,

Ի՛նչ անեմ, ափսո՛ս
Մեր ջանք ու ճիգը,
Հոգնել եմ, հայրի՜կ, —
Փսփսաց աղջիկը.

Եթե այս գիշեր
Բան է՝ չգտանք
Քնելու անկյուն,
Միստըր, մեզ համար
Գուցե դու առնես
Որևէ մի տուն:
Առնե՛ս....
Նազելիս....

Ուզած տունը քո
Հասնենք Չիկագո, —
Հայր Թվիստըրն ասաց,
Եվ հառաչելով,
Եվ հորանջելով:

XI

Գիշերվա մթնում,
Կորած մոլորված
Մորն ու աղջկան
Սպասում էր կաթված,

Թե դռնապանը
Չառաջարկեր տեղ՝
Ծառայանոցում
Պրոլետարական,
Մի թախտի վրա
Նեղը, հո շա՛տ նեղ:
Իսկ հայր միստըրը՝
Փողալի քեռին
Նախասենյակում
Ընկավ աթոռին:
Բացականչելով
Օ, աստվա՛ծ, աստվա՛ծ...
Ու ձեռքից գնաց:

Ոչ ողջ, ոչ մեռած,
Հոգնած, բեզարած,
Լռիկ տազ արած
Գլուխը շեմքին
Քնեց մինչև լույս
Ընկած իր լենքին,
Գլուխ-ոտք ծոցում,
Այն խորհրդային
Մեծ հյուրանոցում,
Անունն՝ է «Անգլետեր».
Գիտե՞ք այն էլ ով՝
Մտքով.
Ծով խելքով
Միստըր Թվիստըր,
Նախկին մինիստր,
Միստըր Թվիստըր,
Հայտկի միլիոներ:

XII

Մարդը քնած է,
Քնի մեջ ժպտում
Եվ զարմանալի
Մի երազ տեսնում:
Նա տեսնում է, որ
Մութ փողոցներում
Անտուն, շրջմոլիկ
Ինքն է թափառում:

Հանկարծ ինքնաթիռ,
Հեռվից աղմուկը,
Երկնքից երկիր
Ընկնում է Կուկը:
Վազում սեղմում է
Նա Կուկի ձեռքը,
Նստում Կուկի մոտ
Մեծ ինքնաթիռը:

Մեկնելով կուռը,
Փակելով դուռը,
Երկինք է լողում
Դեպ Ամերիկա
Հայրենի հողում
Մեծ տուն մարմարյա,
Պարտեզը դռան.
Միստրին ասում է
Վաղեմի ծառան:
Մի ցցվիր այստեղ.
Հիմա ներկայում
Դու էլ տեղ չունես
Ամերիկայում:

Դռները կաղնի
Դրվեցին ընդհուպ,
Քնից վեր թռավ
Աչքերը կես-խուփ:

Ահի, սարսափի
Կնիքը դեմքին,
Զարթնեց շփոթված,
Գլուխը շեմքին,
Նույն խորհրդային
Մեծ հյուրանոցում,
Անունն «Անգլետեր»,
Էլ ո՞վ կար, էլ ո՞վ.
Անցած ցամաք, ծով
Միստըր Թվիստըր,
Նախկին մինիստր,
Միստըր Թվիստըր
Հայտնի միլիոներ:

XIII

Առավոտն եկավ
Մի ժիր պատանի,
Որ կոշիկները
Սրբելու տանի:
Կոկ վրձինի տակ
Առան գույն ու փայլ
Քանի զույգ կոշիկ՝
Ձևով այլ և այլ,
Թե լայն և թե նեղ,
Կարմիր ու դեղին,
Եվ շվեդական.
Եվ խորհրդային
Եվ գերմանական,
Եվ ֆրանսիական,
Ամենն իր տեղին,
Իր ժամանակին,
Վարժ ձեռքի տակին:

Հանկարծ ի՛նչ տեսնի...
Մանկան պես ժպտուն,
Կես քուն, կես-արթուն
Աչքերը բաց-խուփ,
Ձեռքին ծխատուփ
Մի օտարական,
Դիտելով շուրջը
Իջավ աթոռից:

Նույն ծառայողը
Գրասենյակից
Ասում է նրան.

Եթե ուզում եք, —
Ազատ տեղեր կան.
Մեկ-մեկից հարմար
Երկու կից համար:
Հետն էլ հյուրանոց.
Վաննա,
Շատրվան,
Այգի
Աննման:
Միայն խնդրում եմ,
Ձեր հրամանքը
Լավ հաշվի առնի
Այս հանգամանքը.

Սենյակին, աջից,
Ունենք չին դրկից.
Դրանից բացի,
Սենյակին ձախից՝
Մի սև մալայցի.

Ձեր գլխի վերև
Ապրում է ինդուս,
Ձեր տակին, ներքև՝
Աժդահա զուլուս:
Էն միլիոները
Դեռ քնից չսթափված,
Կայտառ մանկան պես
Ծիծաղեց գնաց:

Գլուխը թափ-թափ,
Ձեռքերով ծափ-ծափ
Ճչաց անգլերեն
Օ քե՛յ...
Այդ սենյակների
Բանալիները
Տվեք ինձ շուտ, հե՛յ:
Ու խլշկոտած,
Ու էնպես տաք-տաք
Դստերն ու կապկին
Տված թևատակ,
Թը՛ռ, տրտինգ տալով
Սլացավ վեր-վեր՝
Վերին համարներ
Մեծ հյուրանոցում,
Անունն «Անգլետեր».
Միստըր Թվիստըր,
Նախկին մինիստր,
Միստըր Թվիստըր,
Հայտնի միլիոներ:

Սրան ինչ կասեն,
Ասա՜, թե գիտես...
«Որ կակղես՝ կուտես»:

ՄԵԾՆ ՀՈԿՏԵՄԲԵՐ

Լեզուս արտույտ
Նորեկ գարնան՝
Ես քեզ համար
Աշուղ դառնամ,
Ասեմ՝ պատկոմ,
Սազի հնչյուն,
Հոգուս միջից
Խոսող թռչուն,
Նորեկ գարնան
Ծիլ ու ծաղիկ,
Լուսածեգի
Շող ու շաղիկ,
Քո ապերն եմ,
Ծով ու ծփանք,
Ինձ ականջ դիր,
Իմ սփոփանք:

Վաղուց արդեն
Հեքիաթ չի սա.
Իմ աչքերով
Ինքս տեսա,
Քանի՛ , քանի՛
Քաջ պատանի
Նոր-նորահարս,
Հեծած նժույգ,
Հեծած Պեգաս
Անմահական
Ջրի ճամփին,
Թե մեն-մենակ,
Թե խմբովին,
Մի անհոգի
Հրեշ, վիշապ,
Չար վհուկի
Կախարդական
Գավազանով
Ժեռ քար դարձան՝
Քարե արձան:
Էդ կռիվը
Միշտ կար ու կար.
Բորբոքվում էր
Հա՜ անդադար:
Պատանիներ
Ջահել-ջիվան,
Կանաչ-կարմիր
Վառ ծիածան՝
Էլի, էլի,
Ձիեր հեծան,
Անմահական
Ջրի համար
Հա՛ գնացին,
Հա՛ գնացին,
Էլ ետ չեկան,
Ու մնացին.
Անմահական
Ջուրն էլ մնաց,
Կյանքը ջահել
Էսպես գնաց:
Մնաց ծարավ
Խեղճ աշխարհը:
Ու չորացավ
Ինչպես քարը:

Եկավ տիրեց
Հոգու մի սով,
Արյուն, արցունք
Կարիքը՝ ծով,
Թագավորներ
Խենթ-խելագար...
Կրքի, դիրքի,
Փողի պայքար...
Պատերազմներ
Անվե՛րջ, անծե՛ր...
Ընկան, մեռան
Ջահել ու ծեր:
Ո՜չ բահ բանեց,
Եվ ո՜չ թիակ,
Սարեր-ձորեր
Անթաղ դիակ:
Արյուն հոսեց
Գետը վուշ-վո՛ւշ,
Արյունն հյուսեց
Մեգ ու մշուշ:
Մեգ ու մշուշն
Անգործ քաթան՝
Ընկածներին
Մահապատան:
Դաշտերն անտեր...
Չկա՜ր մանգաղ,
Հասուն արտեր,
Կծղան, անքաղ,
Թափեց հասկը
Հատիկն հատ-հատ,
Արցունք աչքի
Կաթեց կաթ-կաթ:
Պարտեզ, այգի
Ավեր-վերան...
Նախշուն հավքեր
Սևավորվան,
Բույն չտեսան
Ծառի վրան,
Ձագ չտեսան
Ծառի վրան,
Մըխմըխացին
Ու քրքրան,
Ու թափեցին
Ուրուն-ուրուն
Խաս-խաս փետուր,
Կուց-կուց արուն,
Ու թափեցին
Արցունք բուռ-բուռ
Ժեռ աշխարհի
Ժեռ քարերին:
Եկավ խղճի,
Հոգու անկում...
Սովից մեռան
Ներքին հարկում,
Փո՜ղը, փո՜ղը
Միայն կանգուն,
Էն էլ վերի,
Վերի հարկում,
Ուր արևն է
Պայծառ փայլում,
Ուր զեխություն,
Շռայլություն:
Աշխարհն էսպես
Սուգ ու շիվան,
Չկա՜ր օրենք,
Չկա՜ր դիվան:
Բայց թե վերջ կար
Նաև չարին:
Դեռ չէր անցել
Հինգ-վեց տարին,
Եկավ, կանգնեց
Մեջտեղ բարին,
Որ ծնվել էր
Լաց ու կոծից,
Ծով արցունքից.—
Սրտի հուրքից,
Հոգուս կրքից,
Ներքին հարկից,
Մուրճի զարկից,
Խոփի զորքից,
Էդ բոլորի
Երկ-երկունքից՝
Մի վիթխարի,
Հուժկու հսկա,
Նրա գովքը
Անել չկա:
Հասակը՝ է՛յ,
Ամպի մեջ սար,
Վեհ գլուխը՝
Սարին գագաթ,
Կուրծքը՝ աչքի
Լայն հորիզոն,
Սարալանջը՝
Նրան ճակատ:
Եկավ կանգնեց
Մուրճը ձեռքին
Ու հուր հայացք
Գցեց չորս դին,
Զարկեց մուրճով
Մեկ թե երկու,
Ու ձայն տվավ,
Ձայնն ահարկու,
Ինչպես ջրվեժ
Թև-թափ առած՝
Ճղեց օդը
Համատարած:

Ձե՜զ եմ ասում,
Մարդիկ սոված,
Ծարավ, բոբիկ,
Մերկ ու տկլոր,
Անտուն, անքուն,
Խեղճ ու մոլոր,
Անփորձ, անգործ,
Թափառական,
Հրից-սրից
Փախստական:
Ձե՜զ եմ ասում,
Գյուղացիներ,
Հողազուրկներ
Դառը դատող,
Դատարկ նստող:
Ձեզ եմ ասում,
Բնակիչներ
Նկուղների,
Բնակիչներ
Ներքին հարկի,
Բնակիչներ
Թացի-լացի,
Կեր-կերակուր
Աղտի, մրի,
Բուն բանվորներ
Զավոդների,
Նավթահանքի,
Ածխահանքի,
Ստորերկրյա
Մութ խորշերի,
Նեխված օդի.
Առավոտից
Մինչ առավոտ
Կանգնած ոտի,
Թոքախտիցը
Հյուծված թոքեր,
Մեքենայի
Լարված փոկեր,
Պրոլետարներ՝
Ողջ աշխարհի
Էսպես ապրել
Չի՜ լինի, չի՜:
Ձե՜զ եմ ասում,
Միանանք սերտ,
Զարկենք, փշրենք
Պարիսպ ու բերդ,
Հրեշ վիշապ
Չար վհուկին
Պոկենք, պռճկենք,
Անմահական
Ջուրը բերենք:
Խեղճ աշխարհին
Մի նոր կյանք տանք:
Դե՜հ, վեր կացեք,
Գնանք ու գանք:

Ձայնն ահարկու՝
Ամպի գոռոց,
Շունչը՝ այրող
Հրեղեն բոց,
Լեզուն՝ հատու,
Հավլունի թուր,
Խոսքը՝ ազդու,
Մահի սարսուռ...
Հոգու համար
Մի երկրաշարժ
Ցնցեց տեղից
Լեռներն անշարժ:
Ու կոչն հասավ
Քամու նման
Գյուղ ու քաղաք,
Շեն ու ավան:
Խեղճ գյուղացիք,
Քաղաքացիք,
Զավոդների
Բյուր բանվորներ,
Ածխահանքի
Մութ հորերում
Սև-սևացած
Գետնափորեր,
Ամեն չափի
Ու հասակի
Շահագործված՝
Ընչազուրկներ
Թևեր առան
Թևավորվան,
Ձի նստեցին՝
Ձիավորվան,
Զենք վերցըրին՝
Ձիավորվան:
Որը՝ մանգաղ
Ու գերանդի,
Որը՝ եղան,
Մահակ ու թի,
Որը՝ մուրճ, լոմ,
Քլունգ, փեդատ,
Որը՝ կացին,
Որը՝ ուրագ,
Որն հրացան,
Թուր ու դանակ,
Ոտի կանգնեց
Մի կուռ բանակ:
Ու աչքն արյուն,
Արնակալած,
Հոսանքն արճիճ
Կրքից հալած,
Թշնամու դեմ
Միշտ անսասան,
Էդ բանակը՝
Կրքոտ մասսան՝
Հազար լեզու,
Ջոկ ու տարբեր՝
«Կեցցե, կեցցե
Մեծն հոկտեմբեր»
Կանչ տալով, կանչ
Հոսեց առաջ:
Ոտքի ելած
Մասսաներին
Զսպել չկա,
Կուռ բանակը
Կրքոտ հսկա՝
Կալմեջ արավ
Չար վհուկին,
Շուրջ պաշարեց
Սարն ու բերդը
Ու մի գոռաց
Հոգուց ուժգին.

Էս հետ մե՜րն է,
Մե՜րն է հերթը,
Հրեշ-վհուկ,
Եկանք, թաքի
Հասկը կտրող
Դաշտի գող մուկ,
Դու բռնություն,
Դու չար հոգի.
Հերի՜ք ոսկի
Սինու միջին
Դու խաղ անես
Քո պոչի հետ,
Ու աշխարհին
Ջրի տեղակ
Միշտ ուղարկես
Արյունի գետ.
«Կամ թե ջուրը
Անմահական,
Կամ թե սև մահ»,
Էս երկուսից
Մեկը հո կա՞:
Ասավ՝ զարկեց,
Հասավ՝ զարկեց,
Թափով զարկեց,
Չափով զարկեց,
Գիշեր զարկեց,
Ցերեկ զարկեց,
Կրակ դարձավ,
Դարձավ՝ զարկեց,
Կրակ դարձավ
Անտառն այրեց,
Խանձեց, խանձվեց,
Զարկեց, զարկվեց,
Ու զարկելով
Խլեց սարը,
Անցավ բերդին:
Բայց վհուկը
Իրեն հերթին
Դուրս էր եկել
Նույնպես մարտի,
Հնարքը տես
Էն կախարդի:
Ճամփին բերդի՝
Համատարած
Սուր ածելի,
Դժվար ճամփա,
Քար ու քռա,
Մացառներով,
Կառ փշերով,
Տատասկով լի:
Մասսան տժժաց
Է՜լ ավելի,
Հառաջ բերին
Բահ ու փեդատ,
Մուրճ ու կացին,
Քլունգ, ուրագ,
Ով ինչ ուներ,
Հենց նրանով
Ճամփա բացին
Արագ, արագ,
Ճար ու ճարակ,
Ցուլ, ցուլաձագ,
Թևերն արձակ,
Թռիչքն արձակ,
Հենց երկնքից
Խլած կայծակ՝
Զարկին հասան
Պողպատ բերդին:
Ասին՝ զարկե՜ք.
Հասան՝ զարկին,
Տեսան՝ զարկին,
Չափով զարկին,
Թափով զարկին,
Ծնկով զարկին,
Լնգով զարկին,
Ցերեկ զարկին,
Գիշեր զարկին,
Ընկան՝ զարկին,
Ելան՝ զարկին,
Ուժգին զարկին,
Կրկի՜ն զարկին,
Էլի՜ զարկին,
Էլի զարկին,
Հազարներով
Զարկին, մեռան
Մեռան, զարկին
Ու զարկելով
Բերդն էլ առան:
Ու կատարվեց
Մի մեծ հրաշք,
Մի զարմանք բան.
Հենց որ թափվեց
Էն չար հրեշ
Չար վհուկի
Պիղծ արյունը
Գետնի վրան,
Հին քաջերը
Անմահական
Ջրի ճամփին
Ձիավորներ՝
Ձիանց թամբին
Էստեղ, էնտեղ
Դարձած արձան
Թե մեն-մենակ,
Թե խմբովին,
Շունչ ստացան
Ու վեր կացան:
Շունչ կենդանի
Բյուր պատանի
Բարով, խերով,
Խաղով, տաղով,
Երգ ու պարով
Բանակի հետ՝
Հրեշ-վիշապ
Չար վհուկի
Սիրտը շամփրած
Թրի ծերին՝
Անմահական
Ջուրը բերին:
Բերին փրկանք
Խեղճ աշխարհին,
Ծարավ, պապակ
Թշվառներին:
Ու էն ջուրը
Անմահական՝
Կենդանարար
Ու փրկարար՝
Հին դարերի
Շփոթից խառ
Կաղապարեց
Մի նոր աշխարհ:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 Next Last