Րաֆֆի՝   Հարեմ

Այո, բարի Հեյդար, ցերեկները հանգստություն չունի և ամբողջ գիշերը նրա աչքերին քունը մոտ չէ գալիս: Դևերը և ջիններն անդադար բզզում են նրա ականջներին, վախեցնում են ե ամենևին չեն հեռանում նրանից:

Նզո՛վք, շեյթանին, — բացականչեց ներքինապետը:

Պետք է շուտով կանչել ջինդարին (կախարդ):

Ես էլ այդպես եմ մտածում, Հեյդար: Ես ճանաչում եմ մի պառավ վհուկ, նա կոչվում է «ջինների մայր»: Նա իշխում է դևերի վրա, երկնքից աստղ է վեր բերում, ասում են, և փակյալ գանձերի դուռն է բաց անում: Այս առավոտ ես նրա մոտ էի, խոստացավ գիշերը գալ, երբ ավելի են հավաքվում իմ տիկնոջ շուրջը չար, ոգիները:

Ուրեմն կգա՞ նա:

Անպատճառ, այս գիշեր: Բայց գիտե՞ս, ի՜նչ ասաց կախարդը: Նա ասաց, խանումը պետք է միայնակ լինի յուր սենյակումն. ոչ ոք չհամարձակվի ներս մտնել նրա մոտ, որ նրա հմայքները չարգելեն:

Ես կհրամայեմ ամենին, մոտ չգալ այն ժամուն խանումի սենյակին:

Կախարդը կբերե յուր հետ դևերի իշխանին, — առաջ տարավ խափշիկը, — նա կհալածե ամրոցից բոլոր չար ոգիները. մեծ պատերազմ կլինի ոգիների մեջ և այդ միջոցին խանումի բակումն ոչ մի արարած պիտի չերևա, եթե ոչ կհանդիպի նրանց սրերին:

Այդպես ասում էր կախարդը:

Ես կկարգադրեմ բոլորը, որպես պահանջում է կախարդը, — պատասխանեց ներքինապետը: Բայց նույն րոպեին նա ամբողջ մարմնով դողում էր երկյուղից:

Միայն դու, Մարջան, այս գիշեր աշխատիր անպատճառ բերել նրան:

Խափշիկը հեռացավ ներքինապետից լի բավականությամբ որպես մի մարդ, որ կիսով չափ հասել էր յուր նպատակին: Նա գտավ չուր տիրուհին նույն գրության մեջ, որպես թողել էր: Զեյնաբ-խանումը, տակավին թիկն տված թավիշյա բարձերին, յուր սրտի ամենաքաղցր վրդովմունքի մեջ էր: Խափշիկի պատմածները հարեմական գաղտնիքների մասին քաջալերում էին նրա սիրտը, և նա հույս ուներ մյուս անգամ տեսնել նրան , և այդ բախտավոր րոպեին սպասում էր նա մեծ անհամբերությամբ: Տեսնելով Մարջանի ուրախ դեմքը, նա հավատացրեց իրան, թե խորամանկ խափշիկն արդեն կազմել էր յուր մեքենան: Եվ այդ կարծիքի մեջ չսխալվեցավ նա, երբ լսեց հետագա խոսքերը.

Իմ տիկնոջ աչքը թո՛ղ լուսավոր լինի, ամեն բան արդեն կարգադրած է:

Ո՞րպես, — հարցրուց Զեյնաբ-խանումը ուրախությամբ: Խափշիկը պատմեց այն ամենը, ինչ որ խոսել էր ներքինապետի հետ:

Դու կատարյալ սատանա ես, Մարջան, — խոսեց Զեյնաբ-խանումը ծիծաղելով. — ուրեմն նա կմտնի ինձ մոտ որպես կախա՞րդ:

Այո՜: Բայց լսեցեք, տիրուհի, այդ բոլորը չէ:

Այլևս ի՞նչ ունես ասելու:

Մենք չենք կարող այդ գաղտնիքը ծածուկ պահել Սայիդից, — նա պետք է գիտենա բոլորը:

Ի՞նչպես հավատալ նրան:

Ես երաշխավոր եմ լինում իմ գլխով: Տիկինը մտածության մեջ ընկավ:

Դու երևի ամենը պատմեցի՞ր նրան, — հարցրուց խանումը րոպեական խռովությունից հետո:

Բոլորը: Թո՜ղ իմ տիկինը չվրդովվի, Մարջանը լավ գիտե յուր գործը: Ես խոստացա Սայիդին, թե խանումը կշնորհե քեզ ազատություն, եթե դու լուռ պահես լեզուդ:

Նա ի՞նչ ասավ:

Նա խոստացավ ոչ միայն լուռ մնալ, այլև ամեն բանի մեջ օգնել մեզ: Եվ երղվեցավ սարսափելի երդումներով և իմ սիրով:

Քո սիրո՞վ, — կրկնեց տիկինը մի փոքր սիրտ առնելով:

Այո՜, իմ սիրով, — պատասխանեց Մարջանը ծանրությամբ: — Մենք մեր տիրուհուց գաղտնիք չունենք, Մարջանը և Սայիդը սիրում են մեկ-մեկու:

Թե՜ խափշիկը և թե՜ մալայեցի պատանին՜Զեյնաբ-խանումի սեփական ստրուկները լինելով, նա կատարյալ իրավունք ուներ նրանց ազատություն շնորհելու:

Այս օրից Սայիդն ազատ է, — խոսեց տիկինը գոհունակ կերպով, — բայց լսի՜ր, Մարջան, թե դու և թե քու սիրականը չպիտի հայտնեք ձեզ ազատված մինչև մի հարմար ժամանակ, մինչև դուք պսակված կլինեիք:

Հասկանում եմ... — ասաց խափշիկն ուրախալի ձայնով և համբուրեց յուր տիկնոջ ոտքերը ի նշան յուր շնորհակալության:

Ուրեմն դու մի՜ ուշացիր, Մարջան, շուտով ազանը կկանչեն:

Դուք միայն ասացեք, թե որտեղ է նրա բնակարանը:

Դու կգտնես նրան քաղաքիս Սար՜Ասքերի տանը, նրա կալվածքներն է կառավարում:

Այդքանը բավական է ինձ, — ասաց Մարջանը վեր կենալով: — Դուք կախարդին սպասեցեք գիշերվա տասներկու ժամին: Այս րոպեիս գնում եմ ես: Սայիդին կասեմ ոչ ոքի չթողնե ձեզ մոտ. դուք էլ կձևացնեք ձեզ այնպես, որպես ես հայտնել եմ Հեյդարին:

Շատ լավ: Տերին հանձնում եմ քեզ:

Զ

Քաղաքի ազնվապետական թաղերից մինի մեջ կանգնած էր փառավոր տուն, շրջապատված բարձր աշտարակներով և ատամնավոր պարիսպներով: Գլխավոր մուտքի հանդեպ շարած մի քանի հրացաններն և նրանց մոտ մի թումբի վրա նստած պահապան սարվազները ցույց էին տալիս, թե այդ ապարանքը պատկանում էր մի զինվորական աստիճանավորի: Եվ արդարև, այնտեղ կենում էր զորքի Սեր-Ասքերը:

Առավոտյան ժամն էր: Հոյակապ տան դահլիճներից մինի մեջ, որի լայն, գույնզգույն ապակիներով զարդարված լուսամուտները բացվում էին դեպի գեղեցիկ պարտեզը, նստած էին երկու ամուսիններ յուրյանց հասակի զառամյալ և պատկառելի տարիքում: Կինը թեյի մեքենայի կողքին չայ էր պատրաստում, իսկ այրը նրանից հեռու յուր վաղորդյան նամազն էր կատարում: Երբ վերջացրուց նա յուր աղոթքը, մոտեցավ կնոջը և նստեց նրա մոտ: Կինը լցրեց մի բաժակ թեյ և դրեց նրա առջև: Երբ վերջացրեց նա խմելը, սենեկասպաս փոքրավորներից մինը ներս բերավ ղեյլանը և դրեց յուր աղայի առջև: Նա սկսեց ծխել: Նրանք երկուսն էլ դեռ չէին փոփոխել իրանց մեջ ոչ մի խոսք: Բայց նրանց բազմահոգ դեմքերից երևում էր, թե երկուսի միտքն էլ զբաղված էր մի ծանրակշիռ ընտանեկան խնդրով:

Այրն առաջինն ընդհատեց տիրող լռությունը:

Կին, դու ո՞րտեղից գիտես, թե Մահին սիրում է Քերիմ-բեկին:

Մեհրին ինձ պատմեց բոլորը, — պատասխանեց տիկինը:

Բայց դու Մահրիի լեզվից ոչինչ չե՞ս լսել:

Ես նրանից հարցրի, բայց նա ոչինչ չպատասխանեց, միայն լաց էր լինում:

Ուրեմն այդ հաստա՞տ բան է:

Նա Մեհրիից թաքուն բան չունի, նա յուր աղախնին պատմել էր բոլորը և աղախինը հայտնեց ինձ:

Ալևոր զորապետի խորշոմած, բայց միևնույն ժամանակ պատկառելի դեմքն ընդունեց խիստ ծանր արտահայտություն, և նա առաջ տարավ յուր խոսքը:

Յուր սիրո մեջ չէ սխալվել Մահին: Քերիմ-բեկն արժան է նրան:

Տիկնոջ թառամած, բայց տակավին գեղեցիկ աչքերում փայլեցան ուրախության նշույլներ: Նա գոհ էր, որ ամուսնի համազգայությունը համապատասխանում էր յուրյան:

Այդ երիտասարդին, — առաջ տարավ զորապետը, — Գուրջիստանի Թիֆլիս քաղաքից ես բերեցի որպես գերի: Նա ազգով հայ էր, իսկ կրոնքով քրիստոնյա: Բայց շուտով ճանաչեց նա մեծ մարգարեի կրոնքի ճշմարտությունը և ընդունեց իսլամը: Այժմ նա ամենաբարեպաշտ մուսուլմաններից մինն է: Նա այսքան տարի յուր ծառայության մեջ միշտ հավատարիմ մնաց ինձ, այդ պատճառով ես սիրում եմ նրան որպես իմ աչքի լույսը: Վերջապես նա ազատեց ինձ մահից... և ես իմ կյանքով պարտական եմ նրան:

Նա ազատեց քեզ մահի՞ց, — կրկնեց կինն ուրախանալով:

Այո՜: Հերաթի կռվումը մենք հաղթվեցանք, իմ զորքը ցրվեցավ: Ավղանների և բելուջների սուրը անխնա խոտորում էր մեր սարվազներին նրանց հալածելու միջոցին: Ես նույնպես ստիպված էի խույս տալ կռվի դաշտից: Բայց հանկարծ իմ թուրքմենցի ձին գլխիցը գնդակ ընդունելով գլորվեցավ գետին: Ես թավալվեցա փոշիների մեջ: Մին էլ այն տեսա, մի ավղան արծվի արագությամբ չոքեց իմ կուրծքի վրա: Նրա դաշնակը փայլեց: Բայց հեռվից ծխաց մի հրացան և ավղանը մի ակնթարթում գլորվեցավ իմ մոտ: Ես տեսա իմ ազատիչը՝ Քերիմ-բեկը՝ վրա հասավ, ոտքով գլորեց դիակը դեպի մի կողմ և ինձ վեր բարձրացրեց: Նա տվեց ինձ յուր նժույգը, ասելով՝ «դուք փախեք, Սերթիփ, ես կարող եմ ինձ ազատել»: Ես համբուրեցի նրա ճակատը և այն րոպեից խոստացա նրան Մահիին...

Փառք քեզ, աստված, — բացականչեց կինն յուր աչքերը դեպի երկինք ուղղելով: — Մի՞թե այդքան քաջ է Քերիմ-բեկը:

Նրա մեջ փղի ուժ կա և առյուծի սիրտ, — պատասխանեց ծերունի զորապետը. — նա յուր թրի մի հարվածքով վայր է գցում մի ահագին գոմեշի գլուխը:

Մաշալլա՛... — գոչեց կինը: — Բայց ո՛րքան ազնիվ է նա որպես տղամարդ, չնայելով որ Մահին նրա համար հանգստություն չունի, նա մինչև այսօր ուղղակի աչքով չէ նայել մեր աղջկա երեսին:

Քերիմ-բեկը կատարյալ տղամարդ է, նա արժան է մեզ փեսա լինել և մեր բոլոր հարստության ժառանգ:

Բայց ինչո՞ւ չհայտնել նրան մեր նպատակը:

Ես այս րոպեիս գնում եմ դրսի տունը, նրան կկանչեմ ին մոտ և բոլորը կասեմ, — խոսեց Սեր-Ասքերը և վեր կացավ, վերարկուն գցեց ուսին և դուրս գնաց:

Սույն միջոցին ներս մտավ մի մանկահասակ աղջիկ հիանալի գեղեցկությամբ: Նրա սև գանգուրները խիտ օղակներով ծփում էին կիսամերկ թիկունքի վրա: Աղեղնաձև հոնքերն պատել էին երկայն թերթերունքներով հովանավորված աչքերը, որոնց մեջ մանկական կրակը վառվում էր յուր բոլոր արևելյան ջերմությամբ:

Դա Մահին էր: Մայրը պատմեց նրան հոր խոսքերը և յուրյանց նպատակը: Օրիորդն ոչինչ չպատասխանեց: Մի քանի կաթիլ արտասուք երևացին նրա սևորակ աչերի մեջ և հանդարտ կերպով գլորվեցան մուգ-վարդագույն թշերի վրա: — Այդ նրա համաձայնության արտահայտությունն էր:

Սեր-Ասքերը, դուրս գալով հարեմխանայից, առանձնացար դրսի տան սենյակներից մինի մեջ և իսկույն հրամայեց յուր մոտ կանչել Քերի-բեկին:

Քանի րոպեից հետո հայտնվեցավ մի տղամարդ վայելուչ կազմվածքով և համակրական դեմքով: Նա խորին մեծարանքով գլուխ տվեց ծերունի զարապետին և կանգնեց:

Նստի՜ր, Քերիմ-բեկ, — ասաց զորապետը: — Մոտ նստի՜ր: Երիտասարդը պահպանելով յուր պատշաճավոր համեստությունը, չոքեց զորապետից փոքր-ինչ հեռու խալիների վրա:

Լսի՜ր, բարեկամ, — խոսեց ծերունին, — ես այսօր պետք է հայտնեմ քեզ մի միտք, որ վաղուց դրած էր իմ սրտի մեջ: Դու տեսնում ես, որ ես արդեն հասակս առած եմ, գերեզմանը շատ հեռու չէ ինձանից, մահը կանգնած է իմ վզի ետնեն: Միակ ճրագն, որ պետք է վառ պահե իմ օջախը, է իմ սիրելի աղջիկՄահին: Բացի նրանից, դու գիտես, ես ուրիշ զավակ չունեմ: Մահին այժմ տասն և վեց տարեկան է, ուրեմն ես կարող եմ կատարել իմ խոսքը, որ տվեցի քեզ Հերաթի կռվի դաշտումն, երբ դու իմ կյանքն ազատեցիր մահից: Մահին քո կինը կլինի, Քերիմ-բեկ, իսկ դու իմ որդին: Եվ իմ բոլոր հարստությունը կմնա ձեզ ժառանգություն:

Այդ երկար մոնոլոգի միջոցին Քերիմ-բեկի դեմքն ավելի և ավելի մռայլվում էր: Կարծես թե նա սարսափելով սպասում էր ծերունի զորապետի վերչին խոսքերին:

Այժմ, իմ որդի, — ես այսուհետև այդպես պետք է կոչեմ քեզ, — ե՜կ ձեռքս համբուրիր, որ քեզ օրհնեմ:

Ներքին պատերազմն ամենասաստիկ կերպով խռովում էր երիտասարդի սիրտը: Մի քանի րոպե նա տարուբերվեցավ անվճռականության մեջ:

Աստված երկար կյանք տա ձեզ, իմ տե՜ր, — պատասխանեց նա շփոթվելով. — Ես պատրաստ եմ համբուրել ոչ թե ձեր ձեռքն, այլև ձեր հողաթափները: Բայց ինչ որ վերաբերում է Մահիին, այդպես շուտ չեմ կարող ընդունել մի այդպիսի առաջարկություն:

Զարմանցքը ծերունու մեջ սարսափի փոխվեցավ, լսելով մի այդպիսի անսպասելի պատասխանը, նա հարցրուց անհամբերությամբ.

Երևի դու չե՞ս սիրում Մահիին:

Երիտասարդը դարձյալ ընկղմվեցավ դժվարացուցիչ դրության մեջ: Նա չգիտեր, թե ինչ պատասխանն: Իսկույն ծագեցավ նրա գլխում մի միտք և նա վճռեց կեղծավորվիլ:

Ես սիրում եմ Մահիին, իմ տեր, բայց նրա սերից ավելի ես պատվում եմ իմ ուխտը:

Ո՞րպիսի ուխտը, — զարհուրելով հարցրուց ծերունին:

Հերաթի կռվի դաշտումն, երբ հայտնեցիք դուք ձեր խոստմունքը Մահիի մասին, միևնույն րոպեին ես երդվեցա մեծ մարգարեի առջև, որ չպսակվեմ՝ մինչև Մեքկա ուխտավորության չերթամ: Ես պետք է գնամ Մեքկա, ես պետք է մտնեմ Քաբայի տունը, համբուրեմ Մոլհամմեդի գերեզմանը և հաջի դառնամ, որպեսզի կարողանամ դրանով սրբել իմ ձեռքերն այնքան արյուններից, որ թափել եմ ես...

Այս խոսքերն երիտասարդն արտասանեց այնպիսի մի ջերմեռանդությամբ, մինչ ծերունու սրտում ամենևին կասկած չմնաց նրանց ճշտության մասին: Նոր իսլամը ընդունող այլակրոն երիտասարդի այդ մուսուլմանական զգացմունքն ավելի բարձր, ավելի վսեմ էր, քան թե Մահիի սերը և ամեն երկրային բան: Այդ պատճառով ծերունին խոնարհվեցավ երիտասարդի այդ սուրբ կրոնական պարտավորության առջև:

Երբ որ այդպես է, — խոսեց ծերունին, — ես չեմ շտապեցնի քո հարսանիքն, իմ որդի: Ես նախ և առաջ մեծ պատրաստությամբ կուղարկեմ քեզ Մեքկա, դու քեզ հետ կունենաս մի ամբողջ քարավան ծառաների և ստրուկների և կկատարես քո ուխտը:

Աստված թող երկար կյանք պարգևե քեզ, տեր իմ, — պատասխանեց երիտասարդը և մոտեցավ համբուրելու ծերունու աջը:

Բայց զորապետը բռնեց նրա ձեռքից. — Խոստանո՞ւմ ես, որդի, որ հաջի դառնալեդ հետո կկատարես իմ կամքը: Երիտասարդը կրկին շփոթվեցավ:

Ասա՜, մի՜ ամաչի:

Խոստանում եմ... — պատասխանեց Քերիմ՜բեկն, իսկ այդ խոսքը կարծես այրեց նրա շրթունքը...

Է

Մի քանի օր միայն անցել էր այդ խոսակցությունից:

Երեկոյան ժամն էր: Մեչիդների բարձր մինարեթների գլխից լսելի էին լինում հարյուրավոր մուազինների (քարոզների) ազանի ձայներ, մինը գոռում էր, մյուսը կլկլացնում էր յուր ձայնը: Այդ հնչումների ընդհանուր խռովության հետ` միախառնվելով քարանեյխանայի երեկոյան խոռոտոտոյի զռզռոցը, այգիներից յուրյանց բեռնով դարձող ավանակների անուշ մեղեդինկազմում էին մի անախորժ ներդաշնակություն:

Խանութպանները բազարից շտապում էին դեպի տուն: Նրանցից ոմանք յուրյանց թևքի տակին տանում էին մի քանի սանգակ, որը մի կտոր սառուց խոտով քարշ էր տված յուր ձեռքից, որն յուր քթի թաշկինակի մեջ կանաչի կամ միրգ էր տանում յուր երեխաներին:

Նույն ժամուն մի կին, ոտքից գլուխ փաթաթված կապույտ չարսավի մեջ, սպիտակ երեսկալով, մի մեծ կապոց թևքի տակին բռնած, միայնակ դիմում էր դեպի Ղազվինի-Դարվազեն: նա անցավ բազարից և կես ժամից հետո հասավ Սեր-Ասքերի տունը:

Ո՞վ ես դու, — հարցրուց դռնապանը խռպոտ ձայնով, երբ կամենում էր կինը ներս մտնել:

Քերիմ-բեկի համար լվացք եմ տանում, — պատասխանեց անծանոթը, ցույց տալով թևքի տակի կապոցը:

Անցե՜ք, բեկը այժմ յուր սենյակումն է, — ասաց դռնապանը:

Կինը ներս մտավ: Փոքրիկ սպասավորից, որ հանդիպեց նրան սրահակի մեջ, տեղեկացավ նա Քերիմ-բեկի կացարանի մասին և ուղղակի դիմեց այնտեղ: Կինը գտավ նրան միայնակ, յուր սենյակում թեյ էր խմում և ծխում էր:

Նա առանց բարձրացնելու երեսկալը, մոտեցավ երիտասարդին, բարևեց.

Խաղաղություն լինի քեզ:

Երիտասարդը սովորական կերպով ընդունեց ողջույնը, հրավիրելով նրան նստել: Կինը մոտեցավ նրան և հազիվ լսելի ձայնով ասաց.

Իմ տե՜ր, ձեզ հետ գաղտնի խոսելիք ունեմ:

Այդպիսի անակնկալ հյուրերը, մանավանդ անծանոթ կնիկներից ամուրի երիտասարդների մոտ, այն քաղաքում սովորական լինելով Քերիմ-բեկն ամենևին չկասկածեց յուր այցելուի մասին, և խիստ քաղաքավարի կերպով պատասխանեց նրան.

Այստեղ չեն արգելի ձեզ, միայն դուք հետ քաշեք ձեր երեսկալը:

Անծանոթն երեսից առեց դիմակը և հայտնվեցավ մի խափշիկի դեմք բավականին նուրբ գծագրությամբ: Երիտասարդը մտածեց, թե նա տարփավոր խանումների աղախիններից մինը պետք է լինի:

Ի՞նչպես թողեցին ձեզ ինձ մոտ:

Ես խաբեցի դռնապանին, ասեցի թե ձեզ համար լվացք եմ բերում, — պատասխանեց խափշիկը, ցույց տալով յուր կապոցը:

Օրիորդը նստեց երիտասարդից ոչ այնքան հեռու:

Բարի՜ լինի ձեր գալուստը... — հարցրուց Քերիմ-բեկը հետաքրքրությամբ:

Փա՜ռք աստուծու, բարի է, — ասաց աղախինը և, ավելի մոտենալով երիտասարդին, խոսեց նրա ականջին. — ինձ ձեզ մոտ ուղարկեց Զեյնաբ-խանումը:

Զարմացքը, հրճվանքը և սոսկումը փոփոխակի կերպով՝ մի րոպեում նկարվեցան Քերիմ-բեկի դեմքի վրա: Նա չկարողացավ իսկույն հավատալ խափշիկի խոսքին:

Ո՞վ է Զևյնաբ-խանումր, — հարցրուց նա փորձելու մտքով:

Իմ տերը լավ է ճանաչում նրան: Զեյնաբ-խանումն իմ տիկինն է, իսկ ձերսիրուհին: Դեռ Գուրջիստանի Թիֆլիս քաղաքում Մեխակը և Ալմաստը սիրում էին միմյանց: Այդպես կոչվում էր այնտեղ ձեր երկուսի անունները: Ներքինի թագավորը ձեզ այստեղ գերի բերավ և դուք բաժանվեցաք միմյանցից...

Մի երկբայական սարսուռ ցնցեց Քերիմ-բեկի բոլոր մարմինն այդ խոսքերը լսելու միջոցին:

Դո՜ւք, — հառաջ տարավ խափշիկը, — ձեր հայրենիքից զրկվելուց հետո մեկ-մեկից բնավ տեղեկություն չունեիք, մինչև քանի շաբաթ առաջ հանդիպեցաք միմյանց իմ տիկնոջ ամառանոցումը...

Նզո՛վք շեյթանին, — բացականչեց երիտասարդը սարսափելով, — մեր գաղտնիքը հայտնված է...

Հանգստացեք, իմ տեր, ես լրտես չեմ: Հավատացնում եմ ձեզ յոթն իմամների անունով, որ իմ խոսքերի մեջ կեղծավորություն չկա: Ձեր և Զեյնաբ-խանումի կյանքի պատմությունը բոլորն ինձ հայտնի է: Իմ տիրուհին Մարջանից գաղտնիք չունի, — այդպես է ձեր աղախնի անունը:

Խափշիկը, դուրս բերելով յուր ծոցից մի ոսկյա խաչ, ցույց տվեց երիտասարդին:

ճանաչո՞ւմ եք այդ բանը:

Տե՜ր աստված, այդ «նրանն» է... — բացականչեց Քերիմ-բեկն, յուր ձեռքն առնելով փոքրիկ խաչը:

Լսեցեք, իմ տեր, — շարունակեց խափշիկը, — Զեյնաբ-խանումն այդ նշանը տվավ ինձ, ձեզ ցույց տալու համար, որ դուք հավատաք իմ բոլոր ասածներին:

Ես այժմ հավատում եմ ձեզ:

Ուրեմն ականջ դրեցե՜ք: Զեյնախանումը սպասում է այս գիշեր տասներկու ժամին ձեզ յուր մոտ ընդունելու:

Ո՞րպես կարող եմ մտնել հարեմխանան:

Դուք կհագնեք այդ շորերն, որ ես բերել եմ հետս և կմտնեք հարեմխանան որպես մի կախարդ պառավ:

Խափշիկը ցույց տվեց նրան յուր բերած կապոցը և հայտնեց այն բոլորն, ինչ որ խոսեցել էր ներքինապետի հետ, և որպես կարգադրել էր նրա դերը հարեմխանան մտնելու համար: Քերիմ-բեկը լսելով այղ խոսքերը, չկարողացավ զսպել յուր ծիծաղը:

Մարջա՜ն, — ասաց նա, — դուք ուզում եք ինձ կախա՞րդ շինել:

Ուրիշ հնար չկա: Ժամանակը թանկ է մեզ համար: Իմ տիրուհին կսկիծից կմեռնի, եթե այս գիշեր ձեզ շտեսնե: Ամրոցում ամեն ինչ կարգի գրած է ձեզ ընդունելու համար: Այդ մասին միամիտ կացեք: Ահա ես գնում եմ և ձեզ մոտ եմ թողնում այդ հագուստը:

Ես ո՞րտեղ կարող եմ գտնել ձեզ:

Հա՜, մոռացա: Դուք կգտնեք ինձ Ջումա-մեչիդի մոտ: Այնտեղից մենք միասին ամրոցը կերթանք:

Շատ լավ, — պատասխանեց երիտասարդն ուրախությամբ, երկու ժամից հետո ես այնտեղ կլինեմ:

Խափշիկը վեր կացավ և, մնաք բարով ասելով, հեռացավ:

Ը

Մթին գիշեր էր: Շահզադեի հարեմխանայի գույնզգույն, ապակեզարդ լուսամուտները վառվում էին կախարդական լուսով: Ծառերի խորհրդական սոսափյունը, շատրվանների ներդաշնակ խոխոջմունքը, գիշերապահ զինվորների ազդարար նշանախոսումթյունները, նրանց համարհրոցը՝ տալիս էին այդ ցավերով ու զվարճությամբ լի բնակարանին մի դյութական բնավորություն...:

Ամեն մի հարեմի սենյակից լսելի էր լինում մի առանձին ձայն. մի տեղ մանկահասակ աղախինները հնչեցնում էին թմբուկ, դայիրա և քաման, և իրանց տիրուհուն պար էին ածում: Մի տեղ վշտալի հարեմը, միայնակ նստած յուր սենյակի լուսամուաի հանդեպ, փփուկ մատները վազեցնում էր թառի լարերի վրա և տխուր ձայնով երգում էր յուր կորսված սերը...: Մի այլ սենյակում ձայրը շարժում էր յուր զավակի օրորոցը և նանիկ էր կարդում: Մի այլ տեղ ավելի հասակավոր հարեմը՝ լի բարեպաշտական զգացմունքներով՝ յուր գիշերային նամազն էր կատարում: Մի խոսքով, ամեն ինչ շարժողության մեջ էր, ամեն տեղ եռ էր գալիս հարեմական կյանքն յուր ուրախ, տրտում, գեղածիծաղ և արտասվելի տրամադրության մեջ

Մի սենյակում միայն տիրել էր խորին լռություն և ազոտ լույսվ վառվում էր ճրագը: Ոչ ոք չէր համարձակվում մոտենալ այդ բնակարանին. ամբողջ ամրոցի մեջ տարածվել էր լուր, թե այնտեղ հավաքվել էին չար ոգիները:

Այդ Զեյնաբ-խանումի սենյակն էր:

Անհամբեր, լի հոգեկան քաղցր վրդովմունքով, «մինին» պասում էր նա այն ժամուն յուր նվիրական օթյակումը...: Հոլանի թևքը նեցուկ տված գեղեցիկ գլխին, նստած էր նա, և արձակ ծամերն ալիքավոր հոսանքով թափվել էին կիսամերկ կուրծքի վրա: Սենյակի մեջ տիրում էր խորին լռություն: Միայն ժամացույցի կանոնավոր չկչկոցը ներդաշնակում էր նրա սրտի ամեն մի զարկի հետ, երբ նա մտածում էր, թե երբ կլրանա տասներկու ժամը:

Վերջապես մտածեց նա յուր հոգեկան ամբոխմունքը մի փոքր ցրվել թամբաքուի ծխով: Այգ պատճառով ձայն տվեց, — Սայի՜դ:

Իսկույն դռները հետ գնացին, և եթովպացու սև կերպարանքը նկարվեցավ սենյակի մռայլի մեջ:

Մի ղեյլան:

Սայիդը գլուխ տալով հեռացավ:

Նա կանգնեցավ ոտքի վրա և ուզում էր մոտենալ բաց լուսամուտին մի փոքր թարմ օդ ծծել: Նրա կլասիկական հասակը նույն ժամուն նմանություն էր բերում մի հավերժահարսի, որ կարծես դեռ նոր վեր էր բարձրացել ծովային փրփուրներից: Ոսկի թելերով նխշած կարճլիկ չափքանը խիստ նեղ կերպով սեղմված էր նազուկ մեջքին: Եվ ամպի պես փքված շալվարները լայն բացվածքով հասնում էին մինչև բուորովին մերկ սրունքները: Թափանցիկ շապիկը հազիվ սքողում էր մարմարյա կուրծքը, որի վրա գոհարեղեն մանյակը վառվում էր աստղերի նման: Նա նստեց պատուհանի հանդեպ, երբ Սայիդը մատուց ղեյլանը:

Սայիդ, Մարջանն ասա՞ց քեզ, թե այս գիշեր մենք մի հյուր պետք է ընդունենք:

Ասաց, տիրուհի: Ես բոլորը գիտեմ, — պատասխանեց եթովպացին խորհրդավոր ձայնով:

Դու արթուն կաց, որ «նրա» գալուստը չարգելվի:

Ես հսկում եմ որպես սատանան: Քանի րոպե առաջ բոլոր հարեմխանան կատվի զգուշությամբ շրջագայեցի: Այս գիշեր չղջիկներն էլ կարծես չեն համարձակվում ձեր բակին մոտենալ; Չար ոգիների սարսափը տիրել է ամենի վրա: Ծերունի Հեյդարը բռնված է մի անասելի երկյուղով: Ես տեսա նրան, ա՛խ, ո՜րպես աղոթում էր նա յուր սենյակում...

Մի ուրախ ժպիտ շարժեց խանումի վարդագույն շրթունքը և մարգարտյա ատամները դուրս երևացին, որպես սադաֆը կարմիր բուստի միջից:

Այդ լա՜վ է... — խոսեց նա, — Մարջանը շատ խորամանկությամբ հնարել է յուր ֆենդուֆելը...

Նա շատ սատանա է, տիրուհի, — պատասխանեց Սայիդը, կամենալով այդ խոսքով արտասանել Մարջանի անսահման գիտությունը:

Դրա համար էլ գոլ սիրում ես նրան: Այդպես չէ՞:

Եթովպացին ոչինչ չպատասխանեց, բայց նրա խոշոր աչքերի սպիտակուցները շողացին, որպես մի զույգ աստղեր սև ամպերու ճեղքից:

Պատի ժամացույցը տասներկու անգամ զարկեց յուր մուրճը: Հանկարծ ամրոցի դրսից լսելի եղավ գիշերային բուի ձայնի հնչումները, որպես թե թռչունը մոտենում էր յուր որսին:

Մարջանն եկավ, — ասաց Սայիդը յուր լսելիքն ավելի լարելով:

Բուի ձայնը կրկնվեցավ:

Նա որսը յուր հետն է բերում, — ասաց Սայիդը և շուտով դուրս գնաց յուր տիրուհու սենյակից:

Նույն րոպեին Զեյնաբ-խանումի բակում լսելի եղավ մի այլ թռչունի ձայն, որ նմանում էր գիշերապահ կռունկի ձայնին: Առաջին ձայնը պատասխանեց նրան և իսկույն լռեց: Վերջինը Սայիդի սիգնալն էր:

Եթովպացի պատանին դուրս վազեց հարեմխանայից և շուտով հայտնվեցավ ամրոցի դռանը: Երկու ստվերներ դուրս երևացին խավարի միջից, մինը մոտեցավ Սայիդին և փոխեցին նրա հետ մի քանի խոսքեր նեգրյան լեզվով:

Նրանք երեքը միասին դիմեցին դեպի ամրոցը:

Ո՞վ է այդ կինը,— հարցրուց հարեմխանայի դռնապանը:

Կախարդը, — պատասխանեց Մարջանը:

Ներքինին ոչինչ չխոսեց և ներս թողեց:

Քանի րոպեից հետո «կախարդը» հայտնվեցավ Զեյնաբ-խանումի սենյակումը: Մարջանը իսկույն վայր թողեց լուսամուտների վարագույրները և հեռացավ:

Կախարդի արտաքին կերպարանքը բոլորովին համապատասխան էր յուր կոչմանը: Նրան չէր կարելի որոշել մի ցիգան պառավից յուր ֆալ բացելու բոլոր օտարոտի պարագաներով: Իսկ երբ նա ձգեց չարսավը և երեսկալը, որոնցով ծածկված էր, երևան եղավ մի վայելչակազմ տղամարդ, կողքից քարշ ընկած դաշույնով և գոտիումը խրած մի զույգ ատրճանակներով:

Զեյնաբ-խանումը տեսնելով յուր ցանկության առարկան, իսկույն վազեց և փաթաթվեցավ նրա վզով: Երկար այնպես գրկախառնված մնացին նրանք և լուռ ու մունջ վայելում էին իրանց սրտի բերկրությունը...

Թ

Երբ մի փոքր սթափվեցան նրանք յուրյանց հոգեզմայլությունից, նստեցին միմյանց մոտ, տիկինն առաջինը ընդհատեց տիրող լռությունը.

Ո՞վ կմտածեր, Մեխակ, որ այդքան անցքերից հետո մենք կրկին կտեսնեինք միմյանց:

Աստուծո ձեռքում ամեն ինչ հնարավոր է, Ալմաստ, — պատասխանեց երիտասարդը: — Բայց ինչպես լավ խոսում ես դու հայերեն, դու չես մոռացել մեր լեզուն:

Ես ոչինչ չեմ մոռացել, Մեխակ ջան, ես դեռ հիշում եմ Թիֆլիսն ու մեր Քուռը, ես դեռ հիշում եմ Խոջանց վանքն ու Համբարձման օրը, երբ աղջիկների հետ այնտեղ ջանգյուլումներ էինք երգում ու վիճակով մեր բախտը փորձում: Ես դեռ մտքումս ունեմ մի քանի ջանգյուլումներ: Կարծես թե հենց այս րոպեիս իմ աչքի առջև կանգնած են մեր տունը և մեր կտուրն, ուր ճյուղերով ծածկված չարդախի տակ, հիշո՞ւմ ես, Մեխակ, մենք անցուցանում էինք ամբողջ գիշերներ...

Հիշում եմ... — պատասխանեց երիտասարդը, և նրա ձայնը դողաց սրտի հուզմունքից: — Ես ուրախ եմ, Ալմաստ, որ այդ բոլորը չես մոռացել դու: Ես մտածում էի, թե հարեմական զվարճությունների մեջ դու մտահան կանեիր մեր բախտավոր անցյալըմեր սիրո և մանկության քաղցրիկ օրերը...

Ի՞նչ զվարճություն, իմ սիրելի, դու ինքդ լավ գիտես, թե ինչ բան է հարեմխանան և հարեմը: Այստեղ ոսկուց, արծաթից և թանկագին գոհարներից է կազմվում անբախտ հարեմի գերեզմանը... թիրմա շալերից է կարվում նրա պատանը... և նա թաղվում է զարդարված դահլիճների փակված պատերի մեջ...

Եվ նա մխիթարություն է գտնում, — ավելացրեց երիտասարդը, — խոսելով թթված ներքինիների և զզվելի դեմքով՝ սևամորթ ստրուկների հետ:

Այդ ուղիղ է, իմ սիրելի, — հառաջ տարավ Ալմաստը: — Դու չես կարող երևակայել, թե ի՛նչ ցավերով անցուցել եմ ես այստեղ իմ սև օրերը...: Ամբողջ հարեմխանան լցված է կնիկներով, ամեն ազգից և ամեն դասից: Նրանց ամեն մեկի կյանքի հետ կապված է մի սարսափելի պատմություն: Ներքինապետը միևնույն կերպով է վարվում յուր տիրոջ կնիկների հետ, ինչ կերպով որ վարվում է ախոռապետը նրա ձիաների հետ, երբ պատրաստում էր նրանցից մինը, որին նրա տերը բարեհաճել էր հեծնել և կատարել յուր զբոսանքը

Սարսափելի դրություն, — կոչեց երիտասարդը:

Ներքինապետը հերթով է բաժանում հարեմխանայի իշխանի սերը նրա կնիկների մեջ, — շարունակեց Ալմաստը ցավալի ձայնով: — Կնիկները ստիպված են կամ կաշառել իրանց անգութ պահապանին և կամ հաճոյամոլություններով գրավել ամուսնի սիրտը:

Երիտասարդը բոլոր ժամանակը լսում էր, թույլ տալով յուր սիրուհուն թափել սրտի ցավերը:

Շատ անգամ հուսահատությունը մինչ այն աստիճան տիրում էր ինձ, որ ես պատրաստվում էի ինձ խեղդեի կամ որևիցե թույնով հանգստացնել սրտիս դարդերը: Բայց միշտ մի աներևույթ ձեռք կարծես արգելում էր ինձ, երբ մտածում էի, թե ես քրիստոնյա եմ, թե իմ դիակը կդրվի մահմեդական գերեզմանատնում...

Բայց դու չէի՞ր մ տածում իմ վրա, — ընդհատեց երիտասարդը նրա խոսքը:

Մտածում էի, Մեխակ ջան, ի՜նչպես չէի մտածում: Ես կարծում էի, թե երկնքումը կգտնեմ քեզ և այնտեղ էլի կսիրենք մեկ-մեկու:

Վերջին խոսքերն արտասանելու միջոցին Ալմաստի աչքերը լցվեցան արտասուքով:

Ուրեմն դու չգիտեի՞ր, որ ես կենդանի եմ:

Ո՜չ, մինչև այն օրն, երբ քեզ առաջին անգամ տեսա մեր այգումը, երբ դու ասացիր թե «դեռ սիրում ես ինձ»:

Սիրում եմ, Ալմաստ, — պատասխանեց երիտասարդը:

Այնուհետև մի ըստ միոջե պատմեց նա, թե ինչ նշանակություն էր ստացել ինքը Սեր-Ասքերի տան մեջ: Հայտնեց նրա դստեր Մահիի սիրահարվիլն յուր վրա և նրա ծնողաց նպատակն յուրյան փեսայացնելու և ամբողջ հարստության ժառանգ շինելու: Պատմեց, թե ինչպես նրանց առժամանակ հանգստացնելու համար ստիպված էր ինքը կեղծավորվիլ, պատճառ բերելով Մեքկայի ուխտագնացությունը և այլն:

Երիտասարդի պատմության ժամանակ Ալմաստի դեմքը հետզհետե պայծառանում էր, նրա աչքերը լի հոգեկան կրակով` փայլում էին քնքուշ սրտի բոլոր զգացումներով: Երբ վերջացրեց նա յուր պատմությունը, տիկինը գրկեց նրան ասելով.

Այդ րոլորր ղու զոհեցի՜ր ինձ համար...

Ես զոհել եմ քեզ, սիրելի Ալմաստ, ոչ միայն իմ սիրտը, այլ իմ կյանքը և իմ ձեռքը, — պատասխանեց Քերի-բեկը, համբուրելով նրա թշերից:

Ուրեմն ազատի՜ր ինձ, Մեխակ ջան, ազատի՜ր այդ բանտից:

Ես կազատեմ քեզ, Ալմաստ, ես վաղուց մտածում եմ դրա վրա: Դեռ դու իմ գոյության մասին ոչինչ տեղեկություն չունեիր, դեռ դու չգիտեիր, թե ուր է Մեխակը, ես մտածում էի քո ազատության համար: Ես միշտ կարող էի թողնե՜լ այդ քաղաքը և փախչել դեպի իմ հայրենիքը: Սեր-Ասքերի բոլոր հարստությունը չէր կարոդ կապել իմ սիրտն ինձ համար մի ատելի երկրի հետ, որտեղ ես բերված էի որպես գերի: Բայց մի բան ստիպեց ինձ այսքան երկար ժամանակ այս քաղաքումս մնալ, երբ մտածում էի, թե այստեղ կթողնեմ մի սիրտ, որ գուցե դեռ զարկում էր իմ համար... — Այդ քո սիրտն էր, Սիրելի Ալմաստ:

Ա՛խ, ո՜րքան բարի ես դու, Մեխակ: Ազատի՜ր ինձ, ազատի՜ր, — կրկնեց Զեյնաբ՜խանումն արտասվելով:

Նպատակն արդեն վճռված է, սիրելի Ալմաստ, մնում է նրա գործադրությունը:

Ինչո՞ւ չպիտի շուտ լինի այդ:

Հարկավոր է մտածել, թե ի՞նչ հնար պետք էր գործ դնել:

Ա՛խ, այդ շատ ուշ կլինի... — կոչեց հուսահատությամբ զեյնաբ-խանում ը:

Մի՜ շտապիր, իմ հոգիս, — պատասխանեց երիտասարդը ծանրությամբ: — Գիտե՞ս մենք որտեղ ենք գտնվում, — Պարսկաստանի սրտումը և մեզանից ամեն մինն ամենահզոր իշխանի տան մեջ: Երկրի սահմանները հազարավոր մղոններով հեռու են դրած մեզանից: Մի փոքր անզգուշությունը կարող էր մեզ հավիտյան ղրկել միմյանցից...

Ա՛խ, աստված, — բացականչեց տիկինը տխուր ձայնով:

Լսի՜ր, Ալմաստ, այստեղ չէ կարելի մեզ երկար խորհրդակցել միմյանց հետ: Այդ անշունչ պատերը կարող են ականջ ունենալ, հարկավոր է նշանակել փոքր ի շատե ապահով տեղ:

Ես ոչ մի տեղ չեմ ճանաչում, սիրելի Մեխակ, մինչև այսօր այս չորս պատերն են եղել իմ աշխարհը:

Դու հիշո՞ւմ ես ձեր հարևան Սալոմեին:

Այո՜ , հիշո ւմ եմ, կախեթցի Գիորգիի աղջիկը, նա իմ լավ բարեկամս էր:

Սալոմեն այժմ այս քաղաքումն է: Մի պարսիկ տասնապետ գերի բերավ նրան այստեղ, հետո ամուսնացավ նրա հետ: Սալոմեն ունի մի զավակ միայն յուր տղամարդից: Նա շատ բարի կին է:

Առաջ էլ բարի աղջիկ էր, — կտրեց Զեյնաբ-խանումը Քերիմ-բեկի խոսքը:

Այո՜, բարի աղջիկ էր: Ես նրա միջնորդությամբ էի միշտ քեզ զանազան խաբարներ ուղարկում... Սալոմեն մեր գաղտնիքն այնպես ծածուկ պահում էր: Ես տակավին չեմ մոռացել նրան: Ես քեզ հետ տեսնվելուց առաջ շատ անգամ գնում էի նրա տունը, միշտ քեզ վրա էինք խոսում և նորոգում էինք վաղեմի հիշողությունները...: Նա դեռ սիրում է քեզ, Ալմաստ, դու կարող ես նրա տունը քեզ ապահով օթևան ընտրել, երբ կկամենայիր ինձ հետ տեսնվիր:

Հաջորդ էջ