Շիրվանզադե Ալեքսանդր՝ Եվգինե | |
ԵՎԳԻՆԵ
Գործող անձիք
ՄԻՀՐԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, քաղաքում հայտնի փաստաբան, 35 տարեկան
ԵՎԳԻՆԵ. ԱԼՎԵՐԴՅԱՆ, նրա կինը, 24 տարեկան
ՀՌԻՓՍԻՄԵ ՄԻՐՎԵԼՅԱՆ, Եվգինեյի մայրը, 50 տարեկան այրի:
ՄԱՐԹԱ ՏԵՐՏԵՐՅԱՆ, Միհրանի քույրը, 38 տարեկան այրի: Նախկին վարժուհի:
ՀԱՄԱԶԱՍՊ ՎԱՐՍԱՄՅԱՆ, Միհրանի մորեղբոր որդին և օգնականը, 28 տարեկան:
ԱԲԳԱՐ ՍՈՒԼԹԱՆՅԱՆ, ինժեներ-տեխնոլոգ, գործարանատեր: Միհրանի բարեկամն ու հասակակիցը:
ԱՐՇԱԿ ՍԱՐԱՖՅԱՆ, Եբգինեի մորեղբոր որդին: Նախկին սպա, այժմ անգործ, 36 տարեկան:
ԳԱՐԲՈ ԱԶԱՐՅԱՆ, 36 տարեկան:
ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ, 40 տարեկան:
ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ ԲԱՐՍԵՂ, 52 տարեկան:
ԵՐՄՈՆԵ, Ալավերդյանների աղախինը:
Գրագիր.
Գործողությունը կատարվում է նահանգական մեծ քաղաքում:
Արարված Ա.
Բեմը ներկայացնում է Ալավերդյանների բավական հարուստ զարդարված հյուրասենյակը: Դեպի ձախ երկու դուռ — խորքինը տանում է սեղանատուն, ավանսցենայի կողքինը — Եվգինեի ննջարանը: Այս երկու դռների միջև դրված է թախտ թանկագին մութաքաներով ու բարձերով: Խորքում նույնպես երկու դուռ, որոնցից ձախինը տանում է դեպի ննջասենյակ, աջինը` դեպի Միհրանի առանձնասենյակ: Աջ պատի վրա լուսամուտներ դեպի փողոց: Աջ պատի տակ դրված է դաշնամուր, մոտը մի սեղան, վրեն գեղարվեստական իրեր, լուսանկարներ դիտակով հանդերձ: Սեղանի մոտ բարձր պատվանդանով բրոնզյա լամպար ահագին մետաքսյա լուսամփոփով: Խորքի երկու դռների միջին ուղղությամբ բեմի մեջտեղում դրված է գահավորակ, շրջապատված շքեղ բազկաթոռներով: Աջ կողմում մի օրորվող բազկաթոռ (качалка): Ամենուրեք սենյակի ազատ և հարմար անկյուններում փոքրիկ, ցածր փափուկ նստարաններ: Պատերին կախված են յուղանկարներ և գրավյուրներ: Առհասարակ ամբողջ կահ — կարասին կրում է նոր ձեռք բերված հարստության դրոշմ: Ամեն ինչ նոր է ու ժամանակակից: Երեկոյան 8 ժամն է: Սենյակը լուսավորվում է գահավորակի առջև սեղանի վրա դրած և դաշնամուրի մոտ գտնվող բրանզյա լամպարներով:
Տեսիլ 1
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. և ԵՐՄՈՆԵ.
Վարագույրը բարձրանալիս ԵՐՄՈՆԵ..ն անձեռոցիկով մաքրում է բազկաթոռները, իսկ Տիկին Մարթան բրոնզյա լամպարի մոտ նստած կարդում է ինչ — ոչ գիրք.
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Շուտ արա, գործդ վերջացրու, ութ ժամից անց է, սամովարը կուշանա:
ԵՐՄՈՆԵ. Իսկի էլ չի ուշանա:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Էլի հակառակեցի՞ր, ախար հայ ես է:
ԵՐՄՈՆԵ. Հայն ի՞նչ է որ…
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Հայը գոռոզ է, կոպիտ է, հակաճառող:
ԵՐՄՈՆԵ.Իսկի էլ հակաճառող չէ:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. (Ժպտալով) Դե լավ, գնա սամովարի հոգս տես, թե չէ կբարկանամ:
ԵՐՄՈՆԵ. Իսկի էլ չես բարկանա, գնում եմ: (Գնում է ձախ կողմի խորքի դռներով սեղանատուն: Ձախ թևի ավանսցենայի կողմի դռներից, ննջարանից դուրս է գալիս Եվգինեն):
ՏԵՍԻԼ 2
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Երեխան քնե՞ց:
ԵՎԳԻՆԵ. Վերջապես քնեց (Նստում է դաշնամուրի մոտ երեսը դեպի Մարթան: Լռություն): Տեր աստված, ինչքան տխուր է առանց Միհրանի:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. (Գիրքը ծալելով և ծնկան վրա դնելով) ՄԻ կես ժամ ուշացավ, էլի տխրեցի՞ր: Ախ, սիրահարներ, սիրահարներ, շուտով ձեր ամուսնության տասնևչորս ամիսը կլրանա, էլի կարծես, երեկ եք պսակվել: Այդպես չի կարելի, մի քիչ պակասեցրեք ձեր կրակը: (ժպտում է ):
ԵՎԳԻՆԵ. Միթե ուրա՞խ չես, որ եղբայրդ սիրվում է:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Ընդհակառակը: Քեզ լավ հայտնի է, թե որքան թանկ է ինձ համար Միհրանի բախտավորությունը: Սիրիր նրան, Եվգինե, նա հազվագյուտ մարդ է:
ԵՎԳԻՆԵ. Այժմ ես նրան ճանաչում եմ ավելի, քան դու:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Ա՞յո: կնշանակե գիտես, եթե նրան վշտացնես — կդժբախտանա:
ԵՎԳԻՆԵ. (հառաչելով) Ինչ՞ու պիտի վշտանամ, քանի որ սիրում եմ:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Իսկ նա քեզ ուղղակի պաշտում է: Նա չի էլ կարող ուրիշ կերպ սիրել: Նրա բնավորությունն անխառն է, հաստատ և, այսպես ասած, ամբողջ: Այդ տեսակ մարդիկ, երբ սիրում են, սիրում են անկեղծ, խորը և անվերջ սիրով: Բայց շողոքորթություն չհամարես, դու էլ նրա նման ես: Դուք երկուքդ, իմ կարծիքով, միևնույն բնավորության տեր եք: Զարմանալի է, որ ասում են, թե միայն կոնտրաստներն են միմյանց սիրում:
ԵՎԳԻՆԵ. Չգիտե՞մ, կա իմ մեջ նրա արժանավորություններից որևէ մեկը, թե չէ, գիտեմ, որ ոչ միան սիրում եմ նրան, այլև հարգում: Նա այն մարդն է, որին վաղուց ստեղծել էր երևակայությունս և որին ես ուշ ճանաչեցի: Հարգում եմ նրա սրտի պարզությունը, խելքի կորովը, կամքի ուժը: Այո, նա զորեղ կամքի տեր է: Միմիայն յուր խելքին է պարտական այն դիրքը, որ նա ունի մեր քաղաքի հարյուրավոր փաստաբանների մեջ: (Վեր է կենում ու շրջում):
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Արի այդ խոսքերիդ համար քեզ համբուրեմ: (Վեր է կենում ու համբուրում): Այդ կարծիքը պատիվ է բերում քեզ, ԵՎԳԻՆԵ.: Նշանակում է, որ դու երախտագետ ես, իսկ երախտագիտությունը մեր ժամանակներում մեծ արժանիք է: Եվ ինչպե՞ս չլինել երախտագետ: Հակառակ ընդհանուր ախտի, նա չհափշտակվեց ոչ օժիտով, և ոչ կապերով և շատ հարսնացուների մեջ քեզ ընտրեց. Քեզ, որ համարյա ոչինչ չունեիր, բացի անձնական արժանապատվությունից: (Լսում է և նայելով Եվգինեին ժպտում): Միայն իմացիր , եթե մի օր դու նրան վշտացնես, կատեմ քեզ: Իսկ դու գիտես, թե որքան եմ ատում, երբ ատում եմ:
ԵՎԳԻՆԵ. (Նայում է աչքերին, աշխատելով ժպտալ): Գիտեմ... աչքերդ արտահայտում են: (Երմոնեն ներս է մտնում լրագրերը ձեռքին):
ԵՐՄՈՆԵ. (Տալով լրագրերը Տիկ. Մարթային) Խանջալովների աղախինը բերեց:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Այո, այո, ես էի խնդրել: (Կանգնելով լամպարի մոտ, շտապով բաց է անում համարներից մեկը ու նայում): Այն է որ կա:
ԵՎԳԻՆԵ. Այդ ի՞նչ է:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Արաբաջյանի ինքնասպանության գործի հաշիվը: (ԵՎԳԻՆԵ.ն ցնցվում է):
ԵՐՄՈՆԵ. Խնդրել է, որ էգուց առավոտ հետ ուղարկեք:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Ասա լավ: Ուրեմն այս երեկո պիտի կարդալ: Բայց ոչ հիմա, շաբաթ երեկո է, երևի հյուրեր կգան:
ԵՎԳԻՆԵ. Այդտեղ ամբո՞ղջ գործն է տպված:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Չգիտեմ, ինձ հետաքրքրում է մամուլի կարծիքը:
ԵՎԳԻՆԵ. (Խլելեով լրագրերը) Տուր ինձ, ես ուզում եմ կարդալ:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. (Զարմացած) Ինչո՞ւ այդպես խլեցիր: Ուզում ես — միասին կարդանք:
ԵՎԳԻՆԵ. Ոչ, ոչ, առանձին — առանձին …(Ուզում է գնալ):
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Ո՞ւր ես գնում:
ԵՎԳԻՆԵ. Իմ ննջարանը` կարդալու:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Ինչո՞ւ ես այդպես շտապում:
ԵՎԳԻՆԵ. (Շփոթվելով) Ոչինչ, հենց այնպես: (Զանգակի ձայն): Ահ, հյուր է գալիս: Դու զբաղեցրու, ես իսկույն...(Գնում է նույն դռներով, որտեղից եկել էր):
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. (Նայում է նրա հետևից զարմացած):
ՏԵՍԻԼ 3
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. և ՍԱՌԱՓՅԱՆ
ՍԱՌԱՓՅԱՆ. (Ներս մտնում ֆրակով: Նա մի փոքր հարբած էր, բայց իրան պահում էր խիստ կանոնավոր ): Քույր Մարթա, ամենախորի՜ն հարգանքներս…
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Հըմ, էլի քեփդ լավ եմ տեսնում: Այդ ո՞րտեղից:
ՍԱՌԱՓՅԱՆ. Բուրժուական ճաշից եմ գալիս: (Ըմկղմելով օրորվող բազկաթոռի վրա): Ներեցեք, քույր Մարթա, այս բազկաթոռը նպաստում է մարսողության: Միրզաջանովների տանն էի, իրանց փեսացվի ծնողներին ճաշ էին տալիս: Է՜է, քույր Մարթա, մեր հասարակությունը լուսավորվել է: Այժմ պահանջում են, որ ֆրակով գնանք ճաշի: Տասնուհինգ տարվա մեջ Միրզաջանովների տրեխները փոխվել են փայլուն կոշիկների, փափախը — ցիլինդրի, չուխան — ֆրակի:
(Հանելով ժիլետի գրպանից մի սիգար): Կարելի՞ է: (Մարթան գլխով նշան է անում , նստելով բազկաթոռներից մեկի վրա): Մերսի՛: Այո, այո մեծ հառաջադիմության մեջ է մեր ազգը: Պարոն Միրզաջանովը դեռ չի սովորել կերակուրը պատառաքաղով ուտել, լակեյին պարդոն¦ է ասում . տիկին Միրզաջանովն ասում է. աղջիկս կադը — պատր է սովորում, տղաս վալանչել է ածում: Հայերեն արժանի չի համարում խոսելու: Մի խոսքով շիլա — փլավ:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Ճաշը երկա՞ր տևեց:
ՍԱՌԱՓՅԱՆ. Այո: Հետո երիտասարդները նստեցին բակարա խաղալու, ես մի փոքր մտիկ արի, սիրտս պղտորվեր, փող չունեի, որ բախտս փորձեմ: Քույր Մարթա,տխուր է, շատ տխուր:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Ամուսնացեք…
ՍԱՌԱՓՅԱՆ. (Շուռ տալով ժիլետի դատարկ գրպանները): Սրանցո՞վ: Մինչև անգամ ժամացույց էլ չունիմ, գրավ եմ դրել հյեւրանոցի տիրոջ մոտ:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Ինչո՞ւ չեք ծառայում:
ՍԱՌԱՓՅԱՆ. Ով է պաշտոն տալիս,որ ծառայեմ: Ինձ հրավիրում են ճաշերի, ընթրիքների, երեկույթների, հյուրասիրում են Ռեդերերի շամպանիայով, Հանրի Կլեյնի կամ Ումպարի սիգարներով, իսկ պաշտոն չեն տալիս:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Երևի, անընդունակ են համարում:
ՍԱՌԱՓՅԱՆ. Անընդունա՞կ: Ես մի ամբողջ ռոտա եմ կառավարել, միքոսոտ Բաղդասարի կամ Մաթևոսի կոնտորա չե՞մ կարող: (Շրջում է ): Ոչ այդ չէ, քույր Մարթա, ընդունակ եմ, բայց լռել չգիտեմ: Օ՜օ, լռելու արհեստը շողոքորթելու արհեստից լ շահավետ է: Ես ճանաչում եմ մարդիկ, որոնք համարվում են խելոք, որովհետև գիտեն լռել և խորհրդավոր կերպով իրանց քիթը քորել: Քիթն քորելն երևի տաղանդ է: (Մարթան ծիծաղում է ): Բայց դուք ծիծաղում եք, (զանգի ձայն)ձեզ հետ լուրջ խոսել չի կարելի: Ահա, հյուրեր: Գրազ կգամ, որ Գալամքարյաններն են: Ով լինի — չլինի, նրանք ամեն շաբաթ երեկո այստեղ են: (Ներս են մտնում տիկին և պարոն Գալմաքարյանները: Կինը հագնված է շքեղ, մարդը հնամաշ սյուրտուկով է ): Տեսաք Ռոմեոն և Ջուլիետտա:
ՆՐԱՆՔ և ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆՆԵՐ, հետո ԵՎԳԻՆԵ.
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (Բարևելով, իսկ Մարթայի հետ համբուրվելով) Ա՜խ, Մարթա, եթե իմանաս ինչքան հոգնած եմ, կցավես: (Նստում է): Այսօր երեք նիստ եմ ունեցել, չորրորդն էլ բաց եմ թողել: Ամբողջ քաղաքն էլ չափչփել եմ: Անիծվի՜ այսպես քաղաքը, մի հատ բնակարան չեմ գտնում խեղճ տաճկահայ որբերի համար:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Էլի որբեր:
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Այո, այո, էլ մի՛ ասա:
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (նստում է սյուրտուկի փեշերը զգուշությամբ հետ քաշելով): Լո՜խ էլ եկել են մեր գլխին թափվել: (ժպտում է):
ՍԱՌԱՓՅԱՆ. Լո՜խ, (Մարթան հանդիմանաբար նայում է ՍԱՌԱՓՅԱՆին):
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Ըմբո, փռակդ նոր ըմ տեսնում, Էդ հինչ տեղ... (ժպտում է):
ՍԱՌԱՓՅԱՆ. (Սիգարի ծուխը հրճվանքով արձակելով գլխից վեր) Տենցևայլնի վեչեր ըմ քինիլական... (Մարթան, հազիվ ծիծաղը զսպելով, դարձյալ հանդիմանաբար նայում է նրան):
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Բայց ո՞րտեղ է տիկին ԵՎԳԻՆԵ.ն:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Մի քիչ զբաղված է:
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Երևի տնտեսությամբ: Ախ, երանի նրան: Հավատացնում եմ, ճաշելու ժամանակ չունիմ այդ տաճկահայերի ձեռքից:
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Էլ, տալուց նըղացանք, աղպեր, օզըմըն հա՜ օզըմ...
ՍԱՌԱՓՅԱՆ. Շատ ըն օզում: (Մարթան դարձյալ հանդիմանաբար նայում է նրան):
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Չկարծես, Մարթա, որ այսօր հյուր եմ եկել: Ձերոնց հետ գործ ունիմ: Ախ, գլուխս տրաքում է, չգիտեմ որն անեմ կամ որի մասին մտածեմ:
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Զորն ասեմ, զորը խոաոովանեմ, (Ծիծաղում է հազալով):
ՍԱՌԱՓՅԱՆ. Շատ դժվար է գործիչ կանանց դրությունը:
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Ասում ըմ, ձեռ եկալ ասկի գործերից, օղլուշաղովդ պերապիր. օ՛զըմ չի… (ժպտում է):
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Բարսեղ, մարդ մենակ իր համար չպիտի ապրի: Այսօրվա օրն ամբողջ քաղաքում ես եմ մենակ մնացել ու մեկ էլ տիկին Պամպադուրյանը, մյուսները հեռացել են ասպարեզից: Այժմ բոլոր հույսերս տիկին ԵՎԳԻՆԵ.ի վրա է: Մենք վճռել ենք նրան էլ լծի տակ քաշել: Երիտասարդ, խելոք, զարգացած. նա շատ օգտակար կլինի հասարակության համար: Ննջարանի դռներից դուրս է գալիս ԵՎԳԻՆԵ.ն գունատ և հուզված): Ահա ՛ և ինքը: (Համբուրվում է ԵՎԳԻՆԵ.ի հետ): Ես որ չգամ ձեր տուն, դուք իսկի չեք էլ հարցնիլ մեռած եմ, թե՛ կենդանի:
ՍԱՌԱՓՅԱՆ. (Աոանձին): Այդ մեկը Հուդայի համբույր էր:
ԵՎԳԻՆԵ.(Բարևելով մյուս հյուրերին) Ներեցեք, այս քանի օրերս տկար էի, թե չէ — վաղուց էի պատրաստվում ձեզ այցելելու:
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Տկար եք, Դուք այժմ էլ, կարծես, առողջ չեք. դուք գունատ եք, մինչև անգամ դողում եք:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Տիկինը ճիշտ է ասում, Եվգինե, դու գունատ ես: Ի՞նչ պատահեց:
ԵՎԳԻՆԵ.(Տիկ. Գալամքարյանի խորհրդավոր շփոթված) Ե՞ս... ճշմարիտ... ոչինչ. (Աշխատում է ժպտալ): Գլուխս մի քիչ պտտում է, սիրտս բաբախում:
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Արյան սակավությունից կլինի, այո, դրանից կարող է մարդու գլուխը պտտել: (Նայում է իր ամուսնուն խորհրդավոր):
ԵՎԳԻՆԵ. Ոչինչ, անցավ, նստեցեք խնդրեմ: (Նստում են): էհ, ասացեք, տիկին, ինչ նորություն, ինչով եք զբաղված.
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Միթե տիկին Գալամքարյանին հարցնել կարելի է, թե ինչով է զբաղված: Հենց հիմա այդ մասին էի գանգատվում: Ձեզ մոտ էլ գործով եմ եկել:
ԵՎԳԻՆԵ. Հրամայեցեք:
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Մի նոր ընկերություն ենք կազմել, դուք էլ պիտի անդամ գրվեք:
ՍԱՌԱՓՅԱՆ. Ընկերություն՝ ընկերական ոգին սպանելու համար — ահա բոլոր հայ ընկերությունների նպատակը:
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Դուք ամեն լուրջ բան կատակ եք դարձնում, պարոն ՍԱՌԱՓՅԱՆ:
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Կիրափառ ըս խոսըմ, Սռափով:
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (Եվգինեին) Իսկապես, ես սխալ ասացի, ընկերություն չէ, այլ շատ մոտիկ ծանոթներից մի փոքրիկ շրջան:
ԵՎԳԻՆԵ. Նպատակը:
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Աղքատ հարսնացուներին օժիտ տալ:
ՍԱՌԱՓՅԱՆ. Պարոն Բարսեղ, շնորհավորում եմ:
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Խիի՞...
ՍԱՌԱՓՅԱՆ. Նոր ընկերությունը ձեր մագազինի փտած ապրանքները կնաղդացնի: (Մարթան թաքուն ծիծաղում է):
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Ըմբո, ես հիբի եմ փտած ապրանք ծախալ…
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (Եվգինեին) Հուսով եմ, որ չեք մերժիլ: Անդամավճարը միանվագ երկու հարյուր ռուբլի:
ԵՎԳԻՆԵ.Չգիտեմ: Ամուսնուցս կհարցնեմ, հետո պատասխան կտամ:
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ, Ձեր ամուսնոց: Այդ ի՞նչ ասել է — խոնարհություն, սեր, թե երկյուղ:
ԵՎԳԻՆԵ. Ոչ մեկը, կամ գուցե երեքն էլ միասին:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Կեցցե՜ս, Եվգինե:
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Լսում ես, Ջարուհի, խոնարհութուն, սեր, երկյուղ, իրեքն էլ միասին, լյավ պեն ա հա՜ ա:
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Խոնարհությունն ու երկյուղը դեն գցեք, տիկին, սերը պահեցեք, որովհետև մենք քսաներորդ դարի սկզբումն ենք ապրում:
ՍԱՌԱՓՅԱՆ. Բրա՜վո, ազգը մեծ առաջադիմության մեջ է... (Տիկ. Գալամքարյանը Սառափյանի վրա ատելության հայացք է ձգում):
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Ով սիրում է, նա պետք է խոնարհվի և վախենա: Խոնարհվի սիրելուց, վախենա՝ սիրուց զրկվելուց:
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Մի քիչ խրթին էր, ամա քեփս կկավ, (Կնոջը): Դու էլ վըեր մի քիչ խոնարհվիս, փիս չինի, հաա: (Ծիծաղում ու հազում է):
ԵՎԳԻՆԵ. Ո՞րտեղ կկամենայիք թեյ խմել, այստե՞ղ, թե սեղանատանը: (Ուզում է գնալ):
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Իհարկե այստեղ: Սեղանատանը շատ տոթ է: Բայց դու մի գնար, ես ինքս կկարգադրեմ: (Գնում է սեղանատուն, ձեռով նշան անելով Եվգինեին՝ նստել: Նույն վայրկյանին ներս են մտնում նախասենյակի դռնից Միհրանը, Սուլթանյանը և Վարսամյանը):
ՏԵՍԻԼ 5.
ՆՐԱՆՔ, ՄԻՀՐԱՆ, ՍՈՒԼԹԱՆՅԱՆ և ՎԱՐՍԱՄՅԱՆ
ՄԻՀՐԱՆ. (Բարևելով ուրախ ու զվարթ) Հյուրե՜ր, ավելի թանկագին սյուրպրիզ չէր կարող լինել ինձ համար: (Սառափյանին): Սա, ֆրակով, հասկացա, Միրզաջանովների ճաշին ես եղել: (Գալամքարյաններին) Հուսով եմ, այս երեկոն լավ կանցկացնենք: Հազիվ կարողացա այս անպիտանին (ցույց տալով Սուլթանյանին) բերել այստեղ:
ԵՎԳԻՆԵ. Սուլթանյանին: Մի՞թե այդքան ձանձրանում եք մեր տանը, որ ուժով են բերում ձեզ:
ՍՈԻԼԹԱՆՅԱՆ. Օօ՜, ոչ տիկին: Ես միշտ հոգեպես հանգստանում եմ ձեր ընկերության մեջ: Եթե զբաղված չլինեի, ես ինքս կձանձրացննի ձեզ իմ այցելություններով: (Հյուրերը նստում են: Վարսամյանը բռնում է մի համեստ անկյուն):
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (Հեգնաբար) Արդյոք, ինչո՞վ է զբաղված մեր ինժեներ-տեխնոլոգը:
ՍՈԻԼԹԱՆՅԱՆ. (Ձեռ տալով) Նյութականով, տիկին, նյութականով:
ՄԻՀՐԱՆ. Եվգինե, մեզ թեյ տալու՞ են, թե չէ:
ԵՎԳԻՆԵ. Ախ, Մարթան ամեն բան ուշացնում է: (Մոտենում է սեղանատան դռներին, նայում ներս, հետ դառնում) Իսկույն:
ՄԻՀՐԱՆ. (Վարսամյանին) Համազասպ, ինչ ես այդ անկյունում թաքնվել. մոտեցիր, տիկիններին զբաղեցնելու, իսկ ես գնում եմ աղջկաս տեսնելու: Ամբողջ օրր չեմ տեսել նրան: (Գնում է):
ԵՎԳԻՆԵ. Քնած է, զգույշ որ չզարթնեցնես:
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (Եվգինեին) Ի՞նչ քնքուշ հայրիկ է: (Դաոնալով տղամարդկանց): Պարոններ, ինչո՞ւ օրինակ չեք վերցնում պարոն Միհրանից: Տեսնո՞ւմ եք ամուսնական կյանքի քաղցրությունը: (Երմոնեն թեյ է բերում և բաժանում):
ՍՈԻԼԹԱՆՅԱՆ. Ամուսնությունը, տիկին, վիճակախաղ է: Եթե Միհրանի տոմսակը տարել է ամենախոշոր գումարը, այդ չի նշանակում, որ մեր տոմսակները փուչ չեն դուրս գալ:
ՏԻԿ.ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Ինչպես Արաբաջյանի՞նը, ախ ի դեպս, կարդացել եք Թիֆլիսի լրագրներում այդ պատմությունը: (Նայում է Եվգինեին):
ՍՈԻԼԹԱՆՅԱՆ. Ինչպես չէ, ուր գնում եմ, այդ մասին եմ լսում: Դա մի սարսափելի դրամա է:
ՍԱՌԱՓՅԱՆ. (Որ դիտե տիկին Գալամքարյանի հետին միտքը): Այո, դա եղեռնագործություն է և անմիտ եղեռնագործություն:
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ, Հունցոր կարուհին ա ասըմ, թամամ բիաբուռչիթոն ա:
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Մի գործ, որ ամոթ է բերում մեր ինտելիգենցիային:
ՎԱՐՍԱՄՅԱՆ. (Որ գբաղված է գեղարվեստական իրերով ծաձկված սեղանի մոտ, լուսանկարները դիտակով նայելով) Ինտելիգենցիան, արդյոք, ի՞նչ դեր է կատարում այդտեղ:
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Պարոն Արաբաջյանը համարվում է իր կնոջ ինքնասպանության պատճառը, իսկ նա համալսարանական է:
ՎԱՐՍԱՄՅԱՆ. Եվ ի՛նչ: Մի՞թե մի մարդու մեղքը պիտի ամբողջ դասակարգի վզին փաթաթել:
ՍՈԻԼԹԱՆՅԱՆ. Իմ կարծիքով, այդ Արաբաջյանն այնքան էլ արժանի չէ այն հալածանքին, որին ենթարկել է նրան հասարակական կարծիքը:
ՄԻՀՐԱՆ. (Ներս է մտնում) Քնած է, հարբածի պես: (Նստում է Եվգինեի մոտ և սկսում ականջ դնել խոսակցությանը):
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Դուք արդեն չափազանց ներողամիտ եք դեպի Արաբաջյանը: Երևի գործին լավ ծանոթ չեք: (Ներս է մտնում Մարթան մի բաժակ թեյ ձեռին խառնելով):
ՍԱՌԱՓՅԱՆ. Ես էլ լավ ծանոթ չեմ այդ գործին:
ՄԻՀՐԱՆ. Այդ ի՞նչ է, Բաթումի դրամայի մասի՞ն եք խոսում: Օօ, ես շատ լավ գիտեմ: Թիֆլիս եղած ժամանակս մի օր մտա պալատը և կարդացի ամբողջ գործը: (Եվգինեին): Ես քեզ դեռ չե՞մ պատմել:
ԵՎԳԻՆԵ. Ոչ. բայց մի քանի րոպե առաջ կարդացի լրագրում:
ՄԻՀՐԱՆ. Օօ, ոչ, ես ավելի մանրամասն գիտեմ: Դա մի նշանավոր երևույթ է:
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Հապա, հապա, պատմեցեք, շատ հետաքրքրական է:
ՄԻՀՐԱՆ. Ես կպատմեմ միայն էականը: Այդ Առաքել Արաբաջյանը համառ կերպով, նախադրյալ միտումով և սիստեմատիկաբար հալածել է իր կնոջր: Հալածել է գիշեր -ցերեկ, անդադար, որպեսզի հուսահատեցնի նրան: Նա զրկել է կնոջն ամեն հաճույքից, երբեմն չի թույլլ տվել ուտել անգամ, հետը խոսել է՝ միշտ կոպիտ, շատ անգամ հայհոյանքներով: Ամեն քայլում հիշեցրել է նրան իր անցյալի տխուր սխալը և խայթել, խայթել է կարիճի պես: Եվ այս բոլորն այն օրից, երբ կինն անկեղծ, ազնվաբար, կարող եմ ասել նույնիսկ հերոսաբար, խոստովանել է իր անցյալի սխալը: Նա ներում է խնդրել մարդուց արտասուքն աչքերին, ոտներին ընկած: Մի մոռացեք, որ այդ սխալն անբախտ կինը գործել է գրեթե մանուկ հասակում: Մարդու սիրտը չի մեղմացե նա չի ներել: Նա, ընդհակառակը, պահանջել է թշվառից անձնասպանություն գործել: Նա թույն է բերել տուն, դիտմամբ թողել է կնոջ ննջարանում, սեղանի վրա: Նա ուզեցել է ազատվել կնոջից իր պատիվն իբրև մաքրելու համար: Եվ մաքրել է. տիկին Արաբաջյանը թունավորվել է, թունավորելով արգանդում և՛ մի անմեղ էակի: Ահա մռայլ եղելությունը: Հետաքրքրական է կնոջ տանջանքը, բայց այդ մի սարսափելի տրագեդիա է, որ ես չեմ նկարագրիլ, խնայելով ձեր ներվերը:
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (Նայելով Եվգինեին) Կարելի է երևակայել:
ՍՈԻԼԹԱՆՅԱն. Եվ մի՞թե այդ մարդը, որին դու գրեթե հրեշացրիր, ինքը չի՞ տանջվել:
ԵՎԳԻՆԵ. (Որ այս խոսակցության ամբողջ միջոցին, մի անկյունում, սակայն հասարակությանը նկատելի տեղ նստած, խորին ուշադրությամբ լսում է, երբեմն ցիցվելով): Տանջվե՜լ է:
ՄԻՀՐԱՆ. Այո, տանջվել է և այժմ էլ տանջվում է: Նրա Հոգեկան դրությունն էլ մի տրագեդիա է, բայց ի՞նչ է այդ տրագեդիան գործված հանցանքի համեմատ:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Եվ ի՞նչը պիտի տանջե նրան իսկապես: Ցանկալի է իմանալ:
ՍՈԻԼԹԱՆՅԱՆ. Խղճի խայթոցը:
ՎԱՐՍԱՄՅԱՆ. Խղճի խա՜յթոց …. (Հեգնաբար): էհ, պարոններ, ում չի հայտնի, թե ինչ է խիղճ ասված բանը ոմանց համար: Նեղն ընկած ժամանակ ամենազգայուն մարդն անգամ իր խղճի առջև դուրս է բերում այնպիսի ճարպիկ կոմպրոմիսներ, որոնք կամաց -կամաց հանգստացնում են նրան ու թմրեցնում:
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (Շարունակելով նայել Եվգինեին) Այո, ճիշտ է, բայց հասարակական կարծիքը:
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Լոխ էլ թքում ըն անաստվածի իըեսին:
ՍԱՌԱՓՅԱՆ. Լո՜խ: Ոչ, պարոն Բարսեղ, հասարակական կարծիքն օպերետային դատավոր է. ավազակին դատելով, նույն ավազակի հետ կանկան է պարում: (բոլորը ծիծաղում են, բացի Եվգինեից):
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (Հազալով և ծիծաղելով) Գյափդ ինի, Սռափով:
ՎԱՐՍԱՄՅԱՆ. Մենք գիտենք միայն վրդովվել, իսկ պատժել-երբեք: Կանցնի մեկ, շատ -շատ երկու տարի, ամեն ինչ կմոռացվի, և դուք, ես, բոլորս նորից կսկսենք սեղմել նույն Առաքել Արաբաջյանի ձեռքը, նորից հարգանք ցույց տալ նրան:
ՍԱՌԱՓՅԱՆ. Այդ Արաբաջյանր հիմար է, Եթե ես լինեի նրա տեղը, կստիպեի այն անպիտանին կնոջս հետ ամուսնանալ, ինքս էլ խաչեղբայր կլինեի: (Բոլորը ծիծաղում են, բացի Եվգինեից):
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (Ծիծաղելով ու հազալով) Վըեյ, մըեռա, Սռափռվ, մըեռա....
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Իսկ դուք, պ. Սուլթանյան, ի՞նչ կանեիք:
ՍՈԻԼԹԱՆՅԱՆ. Ես կարձակեի կնոջս, ապահովելով նրան նյութապես: (Երմոնեն գալիս է և բաժակները հավաքում):
ՏԻԿ. ՄԱՐԹԱ.Ո՞վ է էլի թեյ ցանկանում, (Բոլորը լուռ հրաժարվում են):
ՏԻԿ.ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Իսկ դուք ինչ կանեիք, պարոն Ալվերդյան, եթե այդ Արաբաջյանի տեղը լինեիք (Եվգինեն ցնցվելով ուշադրությունը լարում է):
ՍԱՌԱՓՅԱՆ. (Աոանձին) Օ՛ձ…
ՄԻՀՐԱՆ. Ե՞ս.., Կներեի:
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Ձեր կնոջ անպատվությունը…
ՄԻՀՐԱՆ. Այո:
ԵՎԳԻՆԵ., (Հանկարծ արձակում է թեթև ճիչ) Ա՜հ…
ԱՄԵՆՔԸ. Ի՞նչ պատահեց:
ՄԻՀՐԱՆ. (Վախեցած, ոտքի կանգնելով) Եվգինե.…
ԵՎԳԻՆԵ.Ոչինչ... (Աշխատում է ժպտալ): Կայծակը...
ՍԱԴԱՓՅԱՆ. (Մոտենալով լուսամուտին): Եվ ի՜նչ կայծակ: Ահա և սարսափելի որոտում: (Լսվում է որոտում):
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Եղիա մարգարեի քյուրքը ճղեցին:
ՍԱԴԱՓՅԱՆ. (Ծիծաղում է), Հա, հա, հա քյուրքը:
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (Մոտենում է Եվգինեին և սուր հայացքով նայում նրա երեսին): Դուք կայծակի՞ց եք ավելի վախենում, թե՝ փոթորիկից, (Եվգինեն տխուր ժպտում է): Ինչո՞ւ ընդհատեցիք հետաքրքրական խոսակցությունը: (Նստում են): Հա, ուրեմն, պարոն Միհրան, դուք կներեք:
ՍՈԻԼԹԱՆՅԱՆ. Այդ ինձ համար անհասկանալի է:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Միհրան, այդ ի՞նչ ես ասում,
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. էդ հո՞ւնց կներեիր, խելքս իսկի պեն չի կտրում:
ՍԱՌԱՓՅԱՆ. Այո, հունց:
ՎԱՐՍԱՄՅԱՆ. (Ոտքի է կանգնում, հանկարծ ոգևորվելով) Չեմ հասկանում, ինչու է ձեզ զարմացնում Միհրանի ասածը: Միթե տիկին Արարատյանն անբարոյական է եղել: Անպիտանի մեկը նրան մոլորեցրել է համարյա թե մանուկ հասակում — օրիորդը տասնուհինգ տարեկան է եղել: Մի՞թե դա այնպիսի մեծ հանցանք է, որի համար ամուսինը պիտի տանջեր նրան մինչև ինքնասպանություն: Ասացեք, խնդրեմ, ո՞ր տղամարդն է մինչև ամուսնությունը իրան մաքուր պահում: Կարո՞ղ եք ցույց տալ մի այդպիսի տղամարդ: Ինչո՞ւ կանայք ներում են մեր ամենազզվելի կեղտերը, իսկ մենք չենք ուզում ներել նրանց սխալը: Ես թույլ եմ տալիս, որ Արարաջյանր կարող էր չափազանց կատաղել կնոջ դեմ նրա անցյալի պատճառով: Թույլ եմ տալիս, որ նա պիտի իրան խայտառակված համարեր: Բայց ո՞ւր էր այդ մարդու ներքին դատավորը, որ հիշեցներ նրան իր սեփական անցյալը, ուր անշուշտ կան կեղտեր: Ինչո՞ւ թշվառ կինը ներել է նրան այդ կեղտերը, իսկ ինքը — ոչ: Որովհետև մեկը կին է, մյուսը տղամարդ. Որովհետև հասարակական կարծիքի ամբողջ լուծը կանանց վրա է ծանրացած: Բայց չէ՞որ այդ անարդարություն է, սոսկալի անարդարություն: ԵՎ ինչու գոնե մի անգամ չբողոքել անարդարության դեմ: (Տիրում է մի քանի վայրկյան լոություն: ԵՎԳԻՆԵ.ն, իր խռովաթյունը թաքցնելու համար, մոտենում է դաշնամուրին և սկսում կամացուկ, դողդողուն ձեոներով և ներվային քրքրել նոտաները: Տ. Գալամքարյանր շարունակ դիտում է նրան, իսկ Սասափյանը դիտում է տիկ. Գալամքարյանին: Միհրանը, լսելով Վարսամյանին, հավանության նշաններ է անում):
ՍՈԻԼԹԱՆՅԱՆ. Տարօրինա՜կ բողոք, Մոռանամ հարազատ կնոջս կեղտը, թե ինչ է բողոքում եմ անարդարության դեմ: Ազատի՛ր ինձ այդ տեսակ բողոքից:
ՎԱՐՍԱՄՅԱՆ. Սխալը, պարոն Սուլթանյան, և ոչ կեղտը, սխալը: Սակայն կարելի էր և կեղտը մոռանալ, եթե մեր աշխարհայացքն ավելի լայն լիներ: Ով գիտե, գուցե ապագայում հասկանանք, որ տղամարդի և կնոջ բարոյական պարտավորությունները հավասար են, հասկանանք նաև, որ հանցանք ներելը հանցանք գործել չէ: Իսկ սխալը, հափշտակվելը, անպիտաններից խաբվելն այժմ էլ կարող ենք ներել, պետք է ներենք, մինչև անգամ պարտավոր ենք ներել:
ՍՈԻԼԹԱՆՅԱՆ. Այդ մասին ես ձեզ հետ կվիճեմ հետո: Այժմ թողնենք, տիկին Եվգինեն ձանձրանում է:
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Ես այդ վաղուց եմ նկատում:
ՍԱՌԱՓՅԱՆ. Խնդրենք տիկնոջը, մեզ համար մի բան նվագի:
ՍՈԻԼԹԱՆՅԱՆ. Այ, այդ ես հասկանում եմ, Տիկին, մի՛ զրկեք մեզ հաճույքից:
ՍԱՌԱՓՅԱՆ. Եվգինեն նազ անողներից չէ:
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Ըմբո՜, խե պըտի նազ անի, խե, մունք հովընք:
ԵՎԳԻՆԵ.ն նստում է դաշնամուրի մոտ և նվագում է ձեոքին ընկած աոաջին նոտան: Վարսամյանր և Մարթան մի անկյունում վիճում են: Միհրանը ծխելով անցուդարձ է անում խորքի պատի տակ հանդարտ քայլերով:
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (Առանձին, ամուսնուն) Նկատեցի՞ր քանի անգամ գույնը փոխեց:
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Ա կնիկ, թողար տեսնենք, պեն չունիս..
ՍԱՌԱՓՅԱՆ. (Պաուզա: Լսում է, հետո) Հիանալի՜ է, հիանալի... Բայց այդ, կացեք, կացեք, այդ ծանոթ բան է…
ԵՎԳԻՆԵ.Շոպենի նոկտյուրն է «Կաթիլ» անունով. ես շատ եմ սիրում... ամբողջ օրը պյուպետրի վրա է… Ոչ — մելանխոլիա, ոչ — վիշտ, այլ հիվանդ հոգու տառապանք: (Կամաց-կամաց ձեոները թուլանում են, գլուխը թեքվում է կրծքին):
ՏԻԿ. ՄԱՐԹԱ.(Մոտենալով Եվգինեին) Ահ, ի՞նչ պատահեց, դու գունատվեցիր: (Եվգինեն նվագում է): Ուշքր գնում է... Ջո՜ւր... (Բոլորը շփոթվում են, շրշապատելով Եվգինեին: Սաոափյանը ջուր է մոտեցնում):
ՄԻՀՐԱՆ. (վախեցած) Եվգինե՛... (Չոքում է նրա աոջև):
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (Ամուսնուն) Լա՛վ ուշադրություն դարձրու, այդ բոլորը նրանից է…
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Փիե՛...
ԵՎԳԻՆԵ. (Ուշքի գալով) Ոչինչ, մի՛ վախենար: (Միհրանի օգնությամբ վեր է կենում, ճիգ անելով ժպտալ): Կայծակն ինձ վախեցրեց: (Հյուրերին) Ներեցեք, խնդրեմ, գլուխս պտտեց, ուրիշ ոչինչ... Անցավ, բոլորովին անցավ: Նստեցեք, ուրիշ բան կնվագեմ... (Սկսում է նվազել ուրախ բան: Բայց հյուրերն այնքան շփոթված են, որ չեն վստահանում ձանձրացնել տանտիրուհուն):
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. էդ մուզիկը որ կա մարդու արինը տակն ու վրա ա անըմ...
ՍՈՒԼԹԱՆՅԱՆ. (Պաուզա) Գոնե ես չէի կամենալ ձեզ ձանձրացնել, տիկին: Դուք, երևի, տկար եք կամ հոգնած, հանգստացեք...
ՄԻՀՐԱՆ. (Դաշնամուրի կափարիչը ծածկելով): Ես քեզ արգելում եմ...
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Բարսեղ, գնա՛նք,
ՄԻՀՐԱՆ. (Տիկ. Գալամքարյանին) Դուք կներե՛ք...
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Ի՞նչ ներելու բան կա, Ես առանց այդ էլ երկար մնալ չէի կարող, ես գործով էի եկել: (Եվգինեին, որ տակավին գունատ կանգնած է դաշնամուրի: Չմոռանաք իմ առաջարկության մասին պարոն Միհրանից թույլտվություն խնդրե:
ՄԻՀՐԱՆ. Այդ ինչ թույլտվություն է:
ՍԱՌԱՓՅԱՆ. (Հեգնաբար) Տիկինը մի նոր ընկերություն է հիմնել, առաջարկում է Եվգինեին անդամ դրվել: Մի խոսքով, երկու հարյուր ռուբլու գործ է:
ՄԻՀՐԱՆ. Իմ ամուսինն ազատ է անելու ինչ որ ցանկանում է, իսկ իմ գրպանը միշտ նրա տրամադրության տակ է:
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (Եվգինեին խորհրդավոր) Լսո՞ւմ եք, ազատ եք անելու, ինչ կամենում եք: Գնահատեցե՛ք, ցտեսություն:
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Ձեզ տեսությոն, Սռափով, թաթդ տոր տեսնեմ, քը մատաղ, (Սեղմում է ձեոքը):
(Հյուրերը գնում են. Միհրանն ու Մարթան ուղեկցում են նրանց մինչև, նախասենյակ):
ՍԱՌԱՓՅԱՆ. (Դռների մոտ, բոլորից թաքուն բռնելով Միհրանի թևը) Մոտդ հիսուն ռուբլի կա՞: (Միհրանը վարտիքի գրպանից հանում է ու տալիս երկու հատ ճխլտված 25-անոց): Մերսի՜... (Մոտենում է ԵՎԳԻՆԵ.ին, որ կանգնած է սենյակի մեջտեղում): Եվ շատ լավ ես անում, որ այդ խորամանկ տիկին Գալամքարյանին պատիվ չես անում մինչև նախասենյակ ճանապարհ դնելու: Հետո կասեմ պատճառը: Ցտեսություն: (Դռների մոտ հանդիպում է Միհրանին ու Մարթային) Ցտեսություն: (Գնում է):
ԳԼՈՒԽ 6
ԵՎԳԻՆԵ, ՄԻՀՐԱՆ ԵՎ ՏԻԿ. ՄԱՐԹԱ
Մինչև Միհրանի և Մարթայի վերադառնալն Եվգինեն ժողովում է ուշքը բոլորովին և ժպտում նրանց երեսին:
ՄԱՐԹԱ. Դու մեզ վախեցրիր, Եվգինե, մի՞թե կարելի է այդչափ ներվային լինել:
ԵՎԳԻՆԵ.Դատարկ բան էր, անցավ, չարժե մտածել.........
ՄԻՀՐԱՆ. Ես քեզ հարյուր անգամ խնդրել եմ, երբ տրամադիր չես — հյուրեր չընդունել: Ինձ համար քո հանգստությունն ամեն բանից թանկ է:
ՄԱՐԹԱ. Լրագրները ո՞րտեղ թողեցիր:
ԵՎԳԻՆԵ. Քո սենյակում, սեղանի վրա:
ՄԱՐԹԱ. Ընթրիքի չսպասեք ինձ: (Գնում է ձախ կողմի երկրորդ դռներով):
ՏԵՍԻԼ 7
ՄԻՀՐԱՆ և ԵՎԳԻՆԵ.
ՄԻՀՐԱՆ. (Պաուզա) Վերջապես, մենակ ենք: (համբուրում է) Նստի՛ր: Ես ուզում եմ մի բանի մասին խոսել քեզ հետ: (Նստում են բազկաթոռների վրա դեմ ու դեմ) Մի՛ վախենար, վախենալու ոչինչ չկա: Գիտես ինչ, Եվգինե ահա մհ քանի ամիս է քեզ փոխված եմ տեսնում: Կարծես, քեզ անհանգստացնում է ինչ-որ վիշտ, հոգս, վերջապես, մի միտք և քանի գնում է, այդ փոփոխությունն ավելի ու ավելի նկատելի է դառնում: Ասա, ի՞նչ է պատահել:
ԵՎԳԻՆԵ.(Վեր կենալով) Այդ մասին այսօր ոչինչ մի՛ հարցրու:
ՄԻՀՐԱՆ. Ներողություն, դու իրավունք ունիս: Դու տկար ես, գնա, ուրեմն հանգստացիր: (Վեր է կենում):
ԵՎԳԻՆԵ.(Քնքշաբար) Նեղացա՞ր: (ժպտալով) Ես տկար չեմ, անցավ, մի նեղանար:
ՄԻՀՐԱՆ. Բայց դու ինձ խաբել չես կարող, դու մի հոգս ունիս, մի կեղծիր, կեղծելը քեզ չի սազում:
ԵՎԳԻՆԵ.(Հառաչելով) Չի սազում… (Ճակատը շփելով) Թո՛ղ ինձ, ես ուզում եմ քեզ համար նվագել…
ՄԻՀՐԱՆ. Երաժշտությունը քեզ հուզում է:
ԵՎԳԻՆԵ.Երբ հյուրերի ներկայությամբ եմ նվագում, իսկ երբ հյուրեր չկան, հանգստություն է տալիս իմ ներվերին: (Նստում է դաշնամուրի քով: Միհրանը տարակուսած կանգնում է նրա մոտ: Եվգինեն սկսում է նվագել ինչ-որ մելամաղձոտ եղանակ, բայց շուտով թողնում է և. գլուխը թեքում կրծքին ու լռում: Պաուզա) Ոչ, չեմ կարող, ձեռներս չեն շարժվում: (Միհրանն ուսերը բարձրացնելով, տարակուսած նայում է նրան շարունակ) Օօ, ի՜նչ տոթ է, կարծես, օդ չկա: (Վեր է կենում, լուսամուտներից մեկի վարագույրը հետ քաշում, հետո փեղկը բաց անում) Ի՞նչ հիանալի երեկո է, անձրևից հետո լուսին: Ի՜նչ մաքուր է երկինքը: (Մոտենում է և պակասեցնում բրոնզյա լամպարի լույսը: Ներս է սփռվում լուսնի մեղմ կաթնագույն լույսը):
ՄԻՀՐԱՆ. Բայց ցուրտ է, կարող ես մրսել, հեռու կաց: (Բռնում է թևից և լուսամատից հեռացնում: Հետո լուսամուտը ծածկում է, լամպարի լույսն ավելացնում և նայում նրան ուշադիր):
Next page |