Շիրվանզադե Ալեքսանդր՝   Քաոս

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 Next Last

ՔԱՈՍ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

I

Մարկոս աղա Ալիմյանը ծանր հիվանդ էր:

Յոթ օր առաջ նա իր նոր կառուցվող տասնումեկերորդ տան վրա արհեստավորներին պատվերներ տալիս մարմնի մեջ զգաց անսովոր ցուրտ, եկավ տուն, պառկեց անկողին և այլևս չկարողացավ վեր կենալ: Բժիշկները մարդուն ուշադիր քննեցին և միաձայն հաստատեցին թոքերի բորբոքում:

Լուրը նույն ժամին տարածվեց ամբողջ քաղաքում: Ո՛վ չէր ճանաչում կալվածատեր և հանքատեր Մարկոս Ալիմյանինայդ վաթսունհինգ տարեկան, կլորիկ մարմնով, ուռած թշերով, եռանդուն ու աշխույժ ծերունուն և չէր լսել նրա բազմավաստակ կյանքի խրատական պատմությունը: Ուղիղ հիսուն տարի առաջ, թողնելով իր աննշան ծննդավայրը, եկել, հաստատվել էր այն փոքրիկ, աննշան ծովեզրյա քաղաքը, որին վիճակված էր մոտիկ ապագայում ստանալ համաշխարհային հռչակ իր ստորերկրյա գանձերի շնորհիվ:

Այժմ տասնուիններորդ դարի վերջին քառորդում նրա մասին կազմվել էին կատարյալ առասպելներ: Պատմում էին, որ նրա հոյակապ տան ներքնահարկում կա մի առանձին սենյակ` մթին ու սառն ինչպես շիրիմ: Ոչ մի հողեղեն էակ նրա երկաթե դռներով ներս չի մտել: Այնտեղ են դարսված Մարկոս Ալիմյանի ոսկիներով լի տոպրակները: Ասում էին, որ ամեն գիշեր մռայլ ծերունին մեն-մենակ, երկայն թավիշե խալաթը հագին, գիշերային սև թասակը գլխին ձեռին բռնած մի ճրագ, իջնում է վար, բաց է անում երկաթե դռները ժանգոտ բանալիով, համրում է տոպրակները և ավելացնում նոր ոսկիներ: Հավատացնում էին, թե այնտեղ մի պողպատե պահարանի մեշ փայփայելով պահում է այն տրեխները, որոնցով գաղթել էր իր ծննդավայրից տասնուհինգ տարեկան հասակում: Ասում էին նաև այն, որ զատիկ ու ջրօրհնեք տոների նախընթաց գիշերը, մի զույգ մոմ վառելով, աղոթում է պահարանի վրա չոքած և օրհնում է նվիրական տրեխները:

Նրա հոյակապ տները, որ հպարտ ճակատներով կանգնած էին քաղաքի կենտրոնական փողոցներում, մի-մի փուշ էին դարձել քաղաքացիների աչքում, նրա բազմաթիվ հողերից բխող նավթը խեղդում էր և գործարանի ծուխը կուրացնում նրանց աչքերը: Բայց մարդիկ գիտեին ինչպես զովացնել իրենց նախանձավառ սրտերը: Չէ որ Մարկոս Ալիմյանը եղել է ջրկիր, հետո դռնապան, հետո խոհարար, հետո մրգավաճառ, այնուհետև գինեվաճառ և այլն, և այլն... Եվ ոչ մի գործ նա չի վարել ազնվաբար: Գնալով Ռուսիա, նա այնտեղից բերել է կեղծ դրամներ և տգետների վրա սաղացրել: Նա խաբել է, գողացել է, գռփել ու կողոպտել է խեղճերին, նա նույնիսկ թունավորել է իր մի ընկերոջը: Սա ժլատ է, նրա ձեռները դողում են գրպանից դրամ դուրս բերելիս, ապրել չգիտե, դրամն է նրա հավատը, հոգին, աստվածը: Նրա ընդարձակ տունը, ուր ոչ մի օթյակ ծածկված չէ պաստառով, մռայլ բանտ է իր կնոջ ու զավակների համար: Այնտեղ կահ-կարասի չկա, ծառա չկա, խոհարար չկա: Նա իրեն տան համար պաշարեղեն ինքն է տուն բերում իր ձեռքով առավոտները կանուխ, որ ոչ ոք չտեսնե: նա գրպանում ունի երկաթաթելից շինած մի օղակ և միայն այն ձուն է գնում, որ այդ օղակով չի անցնում և շատ անգամ պտտում է ամբողջ շուկան այդ չափի ձվեր գտնելու համար:

Շատ շատերը գիտեին, որ այդ բոլորը մտացածին է, որ Ալիմյանի տանը ձառաներ էլ կան, խոհարար էլ, կահ-կարասի էլ, նույնիսկ փարթամ կահ-կարասի: Գիտեին, որ եթե Մարկոս աղան մի օղակ ունի, այդ այն է, որով անխնա սեղմում է իր պարտապանների կոկորդը: Բայց սև նախանձը կուրացրել էր մարդկանց և հնարում էին ամեն ինչ, որ կարող էր քիչ թե շատ հանգստացնել կյանքի անհաջողություններից ժանգոտված ու թթված սրտերը:

Սանձարձակ ծաղրում էին, զրպարտում, հայհոյում քաղաքի առաջին միլիոնատիրոջ, սակայն միայն հետևից: Իսկ երբ աղան, կլորիկ փորը դուրս ցցած, բադի պես աջ ու ձախ երերվելով, գնում էր փողոցով կամ անցնում էր խանութից խանութ և կամ կլուբ էր մտնում, ամենքն աշխատում էին որսալ նրա հայացքը, որպեսզի բարևեն խոնարհ և արժանանան նրա արհամարհական պատասխանին: Այնինչ Մարկոսը, այդ նախկին ջրկիրը, դռնապանը, ինքը ոչ ոքի բարևին չէր սպասում, բացի մեկից և այդ մեկը երկրի իշխանն էրնահանգապետը: Քսանուհինգ տարի էր, որ վերադարձնում էր իր ինքնասիրության և պատվի կորուստները, ընդունելով ուրիշներից այն, ինչ որ ինքը քսանուհինգ տարի շարունակ շռայլել էր իրենից մեծերին ու զորավորներին:

Եվ ահա այսօր մեռնում է անվանի քաղաքացին, խելացի մարդը, տոկուն վաճառականը, որ ամբողջ կյանքն անց է կացրել անդուլ գործունեությամբ, քրտինքը ճակատին, խիղճը հանձնած երկաթե սնդուկին և հոգին գրպանը դրած:

Նրա բնակարանը գտնվում էր քաղաքի կենտրոնում: Տունը, հարկավ, սեփական էր: Այդ մի երկհարկանի շինություն էր սրբատաշ քարից, տափած, կպրածածկ տանիքով: Ստորին հարկը բաղկացած էր խանութներից ու գրասենյակներից, վերինն ամբողջովին Ալիմյաններինն էր:

Օգոստոսի չոր և ջերմ օրերից մեկն էր: Արեգակը թեքվել էր դեպի մուտքը և նրա վերջին ճառագայթները ողողել էին բուսականությունից զուրկ, անհրապույր քաղաքը և նրա առջև տարածված ծովի մակերևույթը: Ծանր ու ճնշող է այդ քաղաքի արտաքին տպավորությունը: Հեռվից դիտողին նա իր տափակ տանիքներով, մերկ փողոցներով, պատկերանում է այնպես, որ կարծես մի սոսկալի հրդեհ լափել է բոլորը, ինչ որ կարող է լափվել կրակից, և թողել է մի վիթխարի կմախք: Շրջակայքն ավազուտ կամ նավթի լճերով ծածկված, այստեղ ոչինչ չի մեղմացնում արեգակի տրոպիկական տապը, նույնիսկ ծովը: Քարե պատերը շիկանում են կիզիչ ճառագայթներից, ավազը խանձվում է, օդը դառնում հեղձուցիչ: Բնակիչները շտապում են լողարանները և օրը մինչև երեկո ծովը լի է մերկ մարմիններով, որոնք մերթ փայլփլում են արեգակի տակ և մերթ սուզվում ջրի մեջ որպես դելփիններ:

Ալիմյանների բնակարանի լուսամուտները դրսի կողմից նայում էին դեպի արևմուտք: Ամառը, սկսած տասներկու ժամից նրանց փեղկերը միշտ ծածկված էին լինում մինչև մութ երեկո: Այսօր նրանք բաց էին, բաց էին նաև ապակե փեղկերը և փողոցի տոթն առատորեն հոսում էր ներս:

Այնտեղ տիրում էին անսովոր շարժում և իրարանցում: Ծառաներն ու գործակատարները շտապ-շտապ դուրս էին գալիս ու ներս մտնում, միմյանց հրամայում, միմյանց վրա բարկանում, զուր աշխատելով չաղմկել: Տան մուտքի առջև րոպե առ րոպե կանգ էին առնում կառքեր և նրանց միջից դուրս էին գալիս Ալիմյանների ազգականները, բարեկամները, ծանոթները կեղծ ու անկեղծ վշտակցության արտահայտությունը դեմքերի վրա:

Ամենքն շտապում էին մահամերձ միլիոնատիրոջ տունը, որ վերջին անգամ տեսնեն նրան և գուցե մի բան իմանան կտակի մասին: Այնինչ մահամերձի ննջարանի դռները փակ էին: Այնտեղ, մահճակալի շուրջը հավաքվել էին մեռնողի ընտանիքի անդամները, մի քանի մերձավորներ, ծխական քահանան և երկու-երեք բժիշկ: Մյուս այցելուները խմբվել էին հյուրասենյակում: Այդտեղ օդն այնքան խեղդուկ էր, որ մարդիկ հազիվ կարողանում էին շունչ քաշել և չնայելով դրան, եկողը չէր ուզում հեռանալ: Թանկագին պարսկական գորգերից բարձրացել էր նոսր փոշի: Լուսամուտների թանձր ասվյա վարագույրների միջով ներս սփռվող արեգակի շողերը ոսկեզօծում էին այդ փոշին, օդի մեջ գոյացնելով թեք սյուներ, որոնք հետզհետե երկայնանում էին և հորիզոնական ձև ստանում: Նրանցից մեկի ծայրը հասավ անկյունում մարմարյա վառարանի վրա դրած բրոնզե ժամացույցին: Փայլեց ձվաձև ապակե ծածկոցը և նրա տակ հրավառվեց գեղեցիկ կնոջ մի արձան վեհ ճակատով, թուրը ձեռին, մի ոտը դրած ամեհի առյուծի կոկորդին, որպես հաղթության աստվածուհի:

Այցելուների համբերությունը քանի գնում սպառվում էր: Սպասում էին մահամերձի մահին, իսկ նա դեռ չէր մեռնում: Ոմանք ստեպ-ստեպ թեքվում էին և փակ դռների բանալիի անցքով նայում դեպի մահամերձի սենյակը կամ ականջ էին դնում` ճգնելով մի բան տեսնել կամ լսել: Հետո հեռանում էին, շշնջում միմյանց ականջին և գաղտուկ կատաղի հայացքներ ձգում սրա ու նրա վրա: Բանն այն է, որ յուրաքանչյուրն իր սրտում գաղտնի աղոտ հույս ուներ` որևէ կերպ հիշված լինել Մարկոս աղայի կտակում:

Ննջարանի դռները հանդարտիկ բացվեցին, շշնջյունները վայրկենաբար ընդհատվեցին, ինչպես ագռավների կռկռոցը հրացանի ձայնից: Դուրս եկավ մի մարդ մոտ վաթսուն տարեկան, բարձրահասակ, առույգ ու խրոխտ: Նրա մաքուր սափրված երեսը, դեմքի խոշոր գծերը, աչքերի սուր արտահայտությունը, խիտ հոնքերը և մանավանդ թանձր ու ալեխառն ընչանցքը, որի ծայրերին միացած էին միրուքից մի-մի մաս և քունքերից քաշ ընկած բակերընիկողայոսյան զինվորականի տպավորություն էին գործում: Նա հագած էր ռուս քաղաքացիական աստիճանավորի հնամաշ ու գունատ մունդիրու կրծքի վրա քաշ արած մի կարմրագույն խաչաձև շքանշան:

Սրաֆիոն Գասպարիչը, — ասացին այս ու այն կողմից և անմիջապես շրջապատեցին ծերունուն, որ դարձավ մի տեսակ թիկնապահներով պաշտպանված գոռոզ հրամանատար:

Փո՛ւչ աշխարհ, փո՛ւչ աշխարհ, — արտասանեց աստիճանավորը, աչքերը շրջապատողների վրայով ուղղելով դեպի դիմացի պատն ու կրծք շքանշանն ուղղելով, — մարդը հոգին չի կարողանում աստծուն տալ որդուն չտեսած...

Բոլորը միաձայն զարմացած հարցրին: — Մի՞թե մահամերձ աղայի բոլոր զավակները այս խորհրդավոր պահին նրա մահճակալի քով չեն:

Խոսքս մեծ որդու մասին է, — հառաչեց Սրաֆիոն Գասպարիչը, գլուխը տխրորեն շարժելով:

Մեծ որդո՜ւն. Սմբատի՞ն, — հարցրին շրջապատողները, ավելի ու ավելի մոտենալով ծերունուն և իրարու հրելով:

Այո՛, Սմբատին, — պատասխանեց Գասպարիչը, — պիտի գա, րոպե առ րոպե սպասում ենք նրան: Մարդը մի շաբաթ առաջ նրա անունը լսելիս դեմքը թթվեցնում էր, հիմա հոգին չի տալիս չտեսած:

Հեռագրե՞լ եք:

Իհարկե: Այսօր սպասում ենք: Գնացքը ո՞ր ժամին է գալիս Մոսկվայից:

Հինգ ժամից քառասուն րոպե անցած...

Վեց ժամին հինգ րոպե է մնում, հիմա եկած պիտի լինի, — ասաց ծերունին, նայելով իր ծոցի ժամացույցին և խումբը ճեղքելով, մոտեցավ լուսամուտներից մեկին:

Բոլորը հետևեցին նրան, միշտ իրարու հրելով ու իրարու առաջելով:

Գալիս է, — գոչեց մեկը, որ ամենից թեթևաշարժը լինելով, ամենից արագ էր մոտեցել լուսամուտին:

Սրաֆիոն Գասպարիչը շտապեց նախասենյակ: Մի քանի րոպե անցած վերադարձավ` հասակով իրենից մի փոքր ցած, առողջադեմ մի երիտասարդ տղամարդու հետ: Բոլորը ճանապարհ տվեցին նորեկին, աջ ու ձախ բաժանվելով երկու շարքերի և շտապելով իրենց դեմքերին տալ ավելի տխուր արտահայտություն: Նորեկը, վերցնելով իր հարդե նեղ եզրերով գլխարկը, բարևեց աջ ու ձախ, քաղաքավարի, բայց շատ սառը և շտապ քայլերով գնաց հիվանդի ննջարանը: Ներկա եղողները նորից մերձեցան իրար` միանգամից վախելով իրենց դեմքերի տխուր արտահայտությունը մի տեսակ արհամարհականի:

Մահամերձի մահճակալը դրված էր պատի տակ, լուսամուտի առջև: Մի կողմում կանգնած էր մեռնողի կինն աղջկա հետ, մյուս կողմում` որդիները: Ինքը մահամերձը նստած էր անկողնի մեջ, հենված փափուկ բարձերին, ծնկները մետաքսե վերմակով ծածկած, ուսերն ու կուրծքը կիսով չափ մերկ, գլուխն անզոր վար թեքած: Բժիշկը նորից նրա կաշվի տակ մեջքի կողմից սրսկում էր ինչ-որ սթափեցուցիչ հեղուկ: Անհրաժեշտ էր քանի մի րոպե ևս պահպանել նրա կյանքը հյուծված ու քայքայված անոթի մեջ:

Մահամերձն աչքերը բաց արավ, գլուխը դանդաղորեն բարձրացրեց: Նրա դեմքն արդեն ընդունել էր մահանիշ հողագույն ստվերագծեր, բերանի անկյունների բնորոշ ակոսներն այժմ հարթվել էին, կլորիկ երեսը երկայնացել էր, մնում էր ինչ-որ անհանգստության մի թույլ ժպիտ թառամած շրթունքների վրա:

Բժիշկը կամացուկ հաղորդեց նրան որդու ժամանման լուրը: Նույն վայրկյանին եկվորը, մի կողմ ձգելով գլխարկն ու ճամփու պայուսակը, չոքեց ծերունու մահճակալի առջև և գլուխը թեքեց, որ համբուրե մեռնողի չոր, սառած ձեռը:

Կյանքի վերջին շողը լուսավորեց Մարկոս Ալիմյանի հողագույն դեմքը, աչքերը լայն բացվեցին, և մի անցողիկ ուրախություն վայրկենաբար պարզեց հոնեղ ճակատը, որ նրա վաթսունամյա գոյության ընթացքում երբեք չէր արտահայտել զվարթություն: Արյունաքամ շրթունքների միջից արձակելով մի խուլ մրմունջ, թույլ ձեռներով գրկեց որդու գանգրահեր գլուխը և սեղմեց կրծքին, որքան կարող էր ամուր:

Տիկին Ալիմյանն սկսեց հեկեկալ: Նրան հետևեց իր աղջիկը, հետո` որդիները: Այժմ ծերունին կարող էր իր հոգին ավանդել, օ՜օ, ոչ հանգիստ, ինչպես կփափագեր, այլ մի անջնջելի վիշտ սրտի մեջ, ութ տարի էր նա չէր տեսել որդուն, անդրանիկ որդուն, որի վրա այնքան հույսեր էր դրել, որին սիրել էր ամենից ավելի և որին պիտի հանձներ իր բոլոր գործերը: Եվ ոչ միայն չէր տեսել, այլև չէր ուզում տեսնել, նույնիսկ լսել անգամ նրա անունը: Ա՜հ, ո՛րքան հուսախաբ արավ նրան այդ սիրված որդին և ո՛րքան տանջանքներ պատճառեց, որպիսի՜ հոգեկան մորմոք, որը թշնամիներից և նախանձամիտներից գաղելու համար հարկավոր էր գերբնական կամքի զորություն: Անիծվի՛ այն օրը, երբ նա թույլ տվեց ի՛ր Սմբատին գնալ ուրիշ երկիր` ուսումը շարունակելու, անիծվի նա, որ կորզեց իրենից իր որդուն...

Մահամերձը ցանկանում էր դուրս թափել սրտի մեջ կուտակված դառը մաղձը, ասել բոլորը, բոլորը ինչ որ զգացել էր ութ տարվա ընթացքում: Ասել` արտասուքով ողողելով ճամփից շեղված որդու մոլի գլուխը: Բայց ուժերը դավաճանում էին: Բժշկի ջանքերն այլևս անզոր էին կենդանություն ներշնչել սառող մարմնին: Սակայն մի երկարատև, խորը, շատ խորը հայացք, որ գալիս էր գերեզմանի խորքից, ամեն ինչ պարզեց մեղսագործ որդու համար, որ այժմ ոտքի ելած, ճգնում էր զսպել իր արցունքը, որպեսզի ցույց չտա իր հոգու տկարությունը:

Մենա՞կ ես եկել, — կարողացավ միայն հարցնել մեռնողը:

Մենակ, — պատասխանեց որդին հակիրճ, հասկանալով թե ինչ իմաստով է տրվում իրեն այդ պարզ հարցը:

Մռայլ ժպիտը ծերունու դեմքի վրա մի ակնթարթ տեղի տվեց հուսո շողին մի՞թե նրա տանջանքները լուրջ պատճառ չեն ունեցել, մի՞թե անիրավաբար է անիծել որդուն: Բայց ահա ծերունու պղտոր հայացքն ընկավ որդու ոսկե մատանու վրա, որ նրա ամուսնության նշանն էր, և նրա անզոր գլուխն ընկավ բարձի վրա ու աչքերը փակվեցին:

Անցածը վերադարձնել չի կարելի, հա՛յր, օրհնի՛, — արտասանեց որդին մի տեսակ խուլ ձայնով, որի մեջ զգացվում էր դառը կսկիծ, և ոչ զղջում:

Ոչ ոք ներկա եղողներից չհասկացավ խոսքի բուն իմաստը և չըմբռնեց, թե ո՛րքան է մորմոքվում այդ պահին այդ առողջակազմ, ինքնավստահ դեմքով որդու վիշտը:

Հայրը ժողովեց վերջին ուժերը և արդեն սառչող շրթունքների միջից արձակեց.

Անիծվի՛ս, եթե վերջին կամքս չես կատարի՜լ...

Այդ վայրկյանին նա սոսկալի էր, ինչպես ինքը մահը, սոսկալի մեղսագործ որդու համար:

Տո՛ւր ինձ, — լսվեց դարձյալ ծերունու անդրգերեզմանային ձայնը և նրա սառցային հայացքը գամվեց կնոջ երեսին:

Կինը նրա բարձի տակից դուրս բերեց մի մեծ ծրար, որը կնքված էր կարմիր զմուռսով: Մեռնողն ապակյա աչքերով նշան արավ դեպի Սմբատը, և մայրը ծրարը տվեց որդուն:

Անիծվի՛ս, եթե չես կատարիլ:

Այս եղավ Մարկոս Ալիմյանի վերջին խոսքը, որ սակայն դուրս թռավ նրա բերանից, շատ պարզ և շատ որոշ: Չքացող կյանքի վերջին զորավոր ցնցումն էր այդ, սպառված աղբյուրի վերջին կաթիլները, որ մի առանձին թափով են ընկնում ցամաքած ավազանի մեջ: Ծերունու դեմքը, թեթևակի աղավաղվեց մահու ցուրտ սյուքից: Դառն, անհանգիստ ժպիտը, որ միայն մի քանի վայրկյան էր հեռացել, մնաց սառած բերանի անկյուններում: Միլիոնների տերը և ընդհանուր նախանձի առարկան մեռավ, իր հետ տանելով մի ծանր վիշտ, որից ազատվելու համար պատրաստ էր իր հարստության կեսը զոհել: Եվ այդ վիշտը նրա զավակներն էին:

Այրիացած Ոսկեհատն ազատություն տվեց հեկեկանքին, հարձակվելով ամուսնու սառչող դիակի վրա: Նրա հետևեց աղջիկըտիկին Մարթա Մարութխանյանը: Սրաֆիոն Գասպարիչը, որ Ոսկեհատի եղբայրն էր, բռնեց նրանց թևերից, հետ քաշեց: Հարկավոր է հանգուցյալին թողնել, որ հանգիստ փչե իր վերջին շունչը:

Խե՜ղճ մարդ, տանջվեցիր որդիներիդ ձեռքում, տանջվեցիր, — կրկնում էր Ոսկեհատը:

Նույնը կրկնում էր և նրա աղջիկը:

Սրաֆիոն Գասպարիչը գրեթե ուժով նրանց տարավ մյուս սենյակը: Այնտեղ նրանք կարող են ազատություն տալ իրենց լեզուներին ու արցունքներին: Հետո նա բոլորին խնդրեց անցնել այնտեղ: Սմբատը դուրս եկավ, թաշկինակն աչքերին սեղմած: Նրա հետևից գնացին մյուսները: Այնտեղ Ոսկեհատն հարձակվեց նորեկ որդու վրա և սկսեց համբուրել խանդավառությամբ: Վիշտը նրա մեջ խառնվել էր ուրախության հետ: Կորցնելով ամուսնուն, որի հետ քառասուն տարի ուրախացել էր ու տխրել, նա գտնում էր որդուն, որին ութ տարի էր կորած էր համարում:

Շատ տառապեց խեղճ, մարդը, շատ, — կրկնում էր նա հեծկլտանքով, — գիշեր-ցերեկ բերանի խոսքն էր. «որդիս մոռացավ իր պապերի հավատը, որդիս խայտառակեց ինձ»:

Սմբատը, մեջքը պատին հենած, գլուխը թեքած կրծքին, շրթունքները կրծոտում էր անխնա: «Անիծվի՛ս, եթե չկատարես», — հնչում էին նրա ականջին հոր վերջին խոսքերն այնքան ահեղ, որ նա ցնցվում էր ամբողջ մարմնով, աջ ձեռքի մեջ ամուր սեղմելով նվիրական ծրարը:

Բոլոր ներկա եղողների հայացքներն ուղղված էին դեպի այդ ծրարը, իսկ ամենից ավելի մեկինը: Դա հանգուցյալի երկրորդ որդին էր` Միքայելը, քսան և ութ տարեկան մի երիտասարդ, նուրբ կազմվածքով, նիհար, գունատ, ածխի պես սև մազերով և նորաձև սրուկ միրուքով: Նրա խոշոր, մուգ ընկուզեգույն աչքերն արտահայտիչ էին, խելացի և միևնույն ժամանակ, կարծես, անտարբեր դեպի ընտանեկան վիշտը: Արդարև նրա համար կորուստն այնքան մեծ չէր, որքան իր եղբորը հանձնված ծրարի բովանդակությունը: Գիտեր, որ այդ ծրարի մեջ ամփոփված է հանգուցյալի կտակը, բայց ի՜նչ կտակահա խորհրդավոր ժամի էականը, ահա այն, որ պիտի որոշե իր ճակատագիրն ու ապագան: Մերթ ընդ մերթ նա այնպիսի անհամբեր և ներվային շարժումներ էր անում, որ կարծես ուզում էր հարձակվել ավագ եղբոր վրա և խլել նրանից ծրարը, որ սպունգի պես ծծում էր նրա ամբողջ ուշադրությունը, նույնիսկ բոլոր զգացումները:

Չլինի՞ թե ծերունին խենթացավ և ինձ զրկեց ժառանգությունից, — դարձավ նա մոտ քառասուն տարեկան մի տղամարդի, որ քայլ առ քայլ հետևում էր նրան:

Դա հանգուցյալի փեսան էր, Մարթայի ամուսինը, քաղաքում բավական ականավոր գործարանատեր և միևնույն ժամանակ սպեկուլյանտ Իսահակ Մարութխանյանը: Արտաքինն այդ մարդուն պատկերացնում էր վերին աստիճանի անվրդով հոգու տեր, հաշվագետ, սառը, եսամոլ: Հագած էր երկայնափեշ սև ռեդինկոտ, մոխրագույն անդրավարտիք և սև մետաքսե խոշորագույն փողկապ: Միջահասակ էր, կարճ խուզած սև մազերով, փոքրիկ իսպանական ձևի մորուսով, խնամքով սանրած և վեր ցցած բավական թանձր բեղերով: Չնայելով իր տարիքին, նրա այտերը կարմիր էին, ինչպես տասնևմեկ տարեկան պատանու թշեր: Մինչդեռ պարզ ակնոցների տակից նայում էին մի զույգ կանաչ-դեղնավուն աչքեր, որոնց արտահայտությունը ոչ այնքան խելացի էր, որքան նենգամիտ ու հրող: Ուռած և նույնպես կարմիր շրթունքների վրա ծփում էր մի շինծու և անախորժ ժպիտ, որ կարծես ասում էր. «Մի կարծեք, որ ես հիմարի մեկն եմ»: Կանգնած էր նա հանդարտ, անվրդով, գլուխը միշտ բարձր պահած, այնպես որ, կարծես, պարանոցը դրված էր երկաթե սեղմիչի մեջ: Գուցե նրան նեղում էր խիստ մաքուր և խիստ փայլուն օսլայած շապկի բարձր և ամուր օձիքը: Նրա կանաչ դեղնագույն բիբերը ձվաձև շրշակակների մեջ դառնում էին այս ու այն կողմ անագից շինած խաղալիքի աչքերի պես նույն չափ մեքենայաբար, որչափ մեքենայական էին նրա բոլոր ձևերն ու շարժումները:

Պարզ էր, որ աներոջ մահը մազու չափ չէր խլրտում նրա ազգակցական զգացումների նիրհը: Պարզ էր նաև, որ եթե բոլոր ներկա եղողները րոպեաբար և տեղն ու տեղը մահանան, դարձյալ նրա աչքերը չպիտի թրջվի: Իսկ իր կնոջ հեկեկանքներին ու արցունքներին նա նայում էր արհամարհանքով: Այնինչ պճնազարդ Մարթան, թաշկինակն աչքերին սեղմած, շարունակ հեկեկում էր բավական վարպետորեն: Եվ Իսահակն ավելի, քան ուրիշ մեկը նրա որդիական ողբի մեջ զգում էր հոգու անսահման կեղծիք և տեսնում էր, որ կինը թաշկինակի տակից գաղտուկ դիտում է բոլորին, որ իմանա` ինչ ազդեցություն է գործում իր ողբը շրջապատողների ու մանավանդ այն եղբոր վրա, որի ձեռքումն էր հոր կտակը: Եվ ոչ ոք չէր լալիս անկեղծորեն, բացի այրիից, իսկ տասնուվեց տարեկան Արշակը, որ ընտանիքի մեջ ամենակրտսերն էր, անտարբեր աչքերով նայում էր մերթ մեկին, մերթ մյուսին, կարծես գիտնալու համար, թե ինչ է կատարվում իր շուրջը: Քիչ անցած սգալի տեսարանն սկսեց նրան ձանձրացնել, և նրա թուխ գույնի և խոշոր գծերով դեմքը, որի վրա նկատվում էր մի տեսակ անժամանակ զարգացում և նույնիսկ չափահաս տղամարդի հավակնություն, անկարող էր թաքցնել այդ ձանձրույթը:

Այրին և՛ լալիս էր, և՛ արտասվախառն ձայնով պատմում հանգուցյալի տանջանքները, նա գլխավորապես դառնում էր իր ավագ որդուն, և նրան հաղորդում բոլորը, ինչ որ անցել էր ութ տարվա ընթացքում: Խեղճ մարդ, նա չկամեցավ հիսուն տարվա արյուն-քրտինքով վաստակածը քամուն տալ, այսինքն` ձգել երկրորդ որդու` Միքայելի ձեռքը:

Մի՛ չարանար, — դարձավ այրին երկրորդ որդուն, որ մի կատաղի հայացք էր ձգել նրա վրա, — ես հորդ խոսքերն եմ կրկնում: Նա վախեցավ, որ դու մի տարի չանցած չոր տափի վրա կթողնես ամենքիս և կանչեց Մոսկվայից Սմբատին: Ասաց, «կասես նրան, որ շռայլ եղբորը ճանապարհի բերե, Արշակին լավ մտիկ անե, քեզ էլ մենակ չթողնե: Կասես, որ ինչքան ինձ տանջեցհերիք է, թո՛ղ գոնե քեզ խնայե, դու էլ խեղճ ես, դու էլ անուն ու պատիվ ունես»:

«Անուն ու պատիվ», կրկնեց իր մտքում Սմբատը, «այդ ես եմ, որ արատավորել եմ այդ անունն ու պատիվը մեր գերդաստանի»...

Այրին կանգ առավ, նոր հեծկլտանքը խեղդեց կոկորդի մեջ դառն խոսքերի հոսանքը: Մի քիչ զսպելով իրեն, նա կրկին դարձավ ավագ որդուն:

— «Ինչո՞ւ գնաց, կյանքը կապեց օտարազգի աղջկա հետ», կրկնում էր խեղճը: Տեսա՞ր, ո՛րդի. ինչպես նայեց ձեռիդ, ինչպես փոխվեց հանկարծ, այդ մատանին տեսնելով մատիդ: Նա գիտեր, որ օրենքով ամուսնացել ես ռուս եկեղեցում, գիտեր, որ երեխաներ ունես, բայց էլի չէր ուզում հավատալ այդ դժբախտությանը: «Չէ, ասում էր, չէ, խելքի կգա, կբաժանվի»: Այժմ, որդի, ահա դու և ահա հորդ կտակը... Արա, ինչ ուզում ես, բայց չլինի թե հորդ անեծքին արժանանաս: Լսեցի՞ր, լսեցի՞ր, «անիծվիս, եթե կամքս չկատարես»: Մեռնող հոր վերջին անեծքը երկնքից է գալիս, հոգին է, որ բերում է: Խեղճ մարդու միակ իղձն էր, որ թողես այնտեղ նրանց և գաս մտնես ծնողներիդ օջախը: Այժմ դու գիտես:

Սմբատը լուռ, անշարժ կանգնած էր միևնույն դիրքում, միշտ ծրարը ձեռքում բռնած, մոր խոսքերը ճնշում էին նրա հոգին և սիրտը մորմոքում: Նրանց մեջ զգում էր իր արած քայլի բոլոր պատասխանատվությունն իր համար և ծանր հետևանքները` իր ծնողների համար: Բայց ի՞նքը, մի՞թե նրա դառնությունը պակաս էր եղել, քան ծնողներինը:

Իսե եթե չկարողանա՞մ կատարել հանգուցյալի պահանջը, — հարցրեց նա գրեթե անգիտակցաբար և այնքան ցածր ձայնով, որ հազիվ լսվեց:

Եվ չես կարող կատարել, եթե ազնիվ մարդ ես, — ասաց հանկարծ Միքայելը զգալի չափով գրգռված ձայնով:

Երկու եղբայրները նայեցին միմյանց երեսի: Միքայելի աչքերը վառվել էին մի տարօրինակ չարախնդությամբ, և նա շարունակ կրծոտում էր բարակ, քնքուշ բեղերը:

Մայրն ապշած նայեց նրան: Ի՜նչ, մի՞թե ազնիվ որդին պարտավոր չէ կատարել իր հոր վերջին կամքը:

Միխա՛կ, — արտասանեց նա սպառնալից հանդիմանությամբ:

Այո՛, — բորբոքվեց Միքայելը, — դու կտակը գրել տվեցիր մեծ որդուդ անունով, բայց չզգացիր ի՛նչ մեծ պատասխանատվություն և ծանր պարտք ես դնում նրա վրա: Այժմ թո՛ղ նա վարվի ինչպես մի անազնիվ մարդ կամ ընդունե իր հոր անեծքը... նա ուրիշ ելք չունի:

Արտասանելով այս խոսքերը, նա շտապով դուրս գնաց: Նրան հետևեց Իսահակ Մարութխանյանը, մի սուր ու զննիչ հայացք ձգելով Սմբատի երեսին: Նրա քայլվածքն էլ նույնպես հանդարտ էր, ինչպես ձևերը:

Բաց արա ու կարդա հորդ կամքը, — ասաց այրին որդուն:

Ո՛չ վաղը կկարդանք, թո՛ղ առայժմ մնա իմ մոտ:

Նա ծրարը դրեց գրպանը և մի ծանր, երկարատև հառաչանք արձակելով անցավ հյուրասենյակ, ուր ոմանք այցելուներից դեռ սպասում էին, հուսալով որևէ բան իմանալ հանգուցյալի կտակի բովանդակության մասին:

II

Երեք երեկո շարունակ հոգեհանգիստ էր կատարվում: Հասարակության բոլոր խավերը գալիս էին իրենց վերջին հարգանքը մատուցանելու հանգուցյալին: Այլևս ոչ ոք չէր բամբասում, ոչ ոք չէր ասում, թե Մարկոս աղան եղել է խաբեբա, կողոպտիչ, ժլատ, բռնակալ իր ընտանիքի համար: Մահն ամենքին հաշտեցրել էր նրա հետ, և ամեն ոք շտապում էր իր վշտակցությունն արտահայտելու ժառանգներին:

Ուշադրության գլխավոր առարկան Սմբատն էր: Բոլորը նրա մասին էին խոսում թե՛ թեր և թե՛ դեմ: Շատերն ասում էին, թե ծերունին դեռ երկար կապրեր, եթե չունենար սրտում Սմբատի ցավը: Օ՜օ, մաշեց խեղճ մարդու հոգին ու մարմինը դավաճան որդու արարքը: Մեղադրանքն արտահայտվում էր շշնջյուններով: Ոչ ոք չէր համարձակվում բարձր խոսել: Յուրաքանչյուրը վախենում էր մի գուցե լուրը հասնի միլիոնների ժառանգին: Բանն այն է որ արդեն ամբողջ քաղաքը գիտեր, թե Ալիմյան առևտրական տան գործերի ղեկը Սմբատի ձեռքն է անցնում:

Կտակը բաց արին հանգուցյալի մահվան երկրորդ օրը, ինչպես ցանկացավ Սմբատը: Դա ավելի հանգուցյալի զգացումների զեղումն էր, քան չոր ու ցամաք գործնական թելադրություն: Ծերունին ասել էր, ծխական քահանա Տեր-Սիմոնն արձանագրել: Նախ հանգուցյալը հանձնարարում էր Սմբատին աշխատել Միքայելին ուղիղ ճանապարհի բերելու, դուրս բերելով նրան այն անբարոյական, շռայլ կենցաղից, որ կլանել էր նրան ամբողջովին: Հետո պատվիրում էր արթուն հսկողություն ունենալ Արշակի վրա, սիրել ու հարգել մորը, ապրել նրա հետ մի հարկի տակ, անբաժան: Այնուհետև նա խնդրում ու աղերսում էր «ուղղել» իր «սխալը»: Գալով գործնականին, հանգուցյալը, բացի մի քանի աննշան նվերներից իր չքավոր ազգականներին ու բարեգործական նպատակով, բոլոր իր շարժական ու անշարժ կայքերը և բանկային թղթերն ու ստանալիքները հանձնում էր Սմբատի իրավասությանը, այրիին նշանակում էր կրտսեր որդու խնամակալ մինչև չափահասություն:

Նշանավոր էր այն պայմանը, որ հանգուցյալը դնում էր Միքայելի ժառանգական իրավունքների վերաբերմամբ: Նշանակում էր նրան ամսական ընդամենը մի հարյուր ռուբլի գրպանի ծախք, բայց իրավունք էր տալիս իր բաժին Ժառանգությանը տիրանալու, եթե միայն կամուսնանա և անպատճառ «հայ-լուսավորչական» մի աղջկա հետ: Հակառակ դեպքում ցմահ պիտի բավականանար իր համեստ ամսականով: Իսկ ամուսնանալ կարող էր միայն իր շռայլ կենցաղը փոխելուց հետո:

Ավելի նշանավորը մի ուրիշ կետ էր: Սմբատն իրավունք չուներ իր բաժին ժառանգությունը կտակել ո՛չ իր «օտարազգի» կնոջը և ո՛չ իր զավակներին: Եթե կբաժանվի այժմյան կնոջից, իրավունք ձեռք կբերի ամուսնանալ մի հայ աղջկա հետ, այն ժամանակ նոր կնոջից եղած զավակները կհամարվեն նրա օրինական ժառանգները:

Կտակը ջարդուփշուր արավ շատ իրավացի և ապօրինի հույսեր: Շատերին դառնացրեց և ամենից ավելի Մարութխանյանին: Այս մարդը համոզված էր, որ ժառանգության մի որոշ մասը պիտի ստանա իր կինը: Նա կատաղեց, բայց իր ներսում. կտակը կարդացվելիս նրա դեմքի մկանունքը չշարժվեց, միայն կանաչ-դեղնագույն աչքերի մեջ փայլեց մի անսովոր չարամտություն: Թեքվելով կնոջ ականջին, նա շշնջաց.

Այդ կտակն ապօրինի է:

Կինը զարմացած նայեց նրա երեսին: Մարդը շարունակեց:

Հայրդ նրան գրել է տվել հոգեկան հիվանդության մեջ: Դա կտակ չէ, այլ խրատ մի ապուշ քահանայի ձեռքով: Դատարանը չի հաստատիլ նրան: Հեռանանք այս տնից: Այստեղ, բացի Միքայելից, ամենքը մեր թշնամիները կլինեն... շուտով կտեսնես...

Եվ կնոջը չսպասելով, Մարութխանյանը քայլերն ուղղեց դեպի դռները գլուխը բարձր պահած:

Ազգականների կեղծ վշտակցությունը, հարկավ, փոխվեց անկեղծ ատելության, ապա թշնամանքի: Բոլորը զինվեցին Սմբատի դեմ:

Պարզվեց, որ ներքնահարկում պահվող ոսկով լի տոպրակներն անգործ մարդկանց վառ երևակայության ծնունդ են եղել: Ծերունին զուտ դրամ է թողել միայն տոկոսաբեր թղթերի մեջ, այն էլ ընդամենը չորս-հինգ հարյուր հազար ռուբլի: Մնացյալ հարստությունը պարունակվում էր անշարժ կալվածքների, հանքերի, գործարանների և երկու շոգենավի մեջ: Տրեխների գոյությունը տակավին չէր երևում: Լուր տարածվեց, որ հանգուցյալը կտակել է դնել նրանց իր դագաղի մեջ և, հետը թաղել: Դյուրահավատ մարդիկ հոգեհանգստի Ժամանակ մոտենում էին աղայի դագաղին, որ տեսնեն նվիրական ոտնամանները: Սակայն այնտեղ ոչինչ չկար, բացի ծերունու մոմի գույն ընդունած դիակից սև ռեդինկոտի մեջ:

Կիրակի օրը վաղ առավոտից Ալիմյանների տանն ասեղ գցելու տեղ չկար: Հանգուցյալի դագաղն իրենց ուսերի վրա դուրս տանել ցանկացողների թիվը այնքան մեծ էր, որ թաղման հանդեսի գլխավոր կարգադրիչ Սրաֆիոն Գասպարիչին անգամ հերթ չհասավ: Նա կատաղեց մարդկային կեղծիքի դեմ և ասում էր բարձրաձայն.

Անիծվածնե՛ր, քանի մարդը կենդանի էր, բամբասում էիք, զրպարտում, հացը գլխին հարամ անում, հիմա ի՞նչ պատահեց, որ հանկարծ բարեկամացաք... Իշտահներդ կապեցեք. Սմբատը խելքը չի կորցրել...

Պատարագիչն ազատամիտ Տեր-Աշոտն էր, չոր-չոր դեմքով մի երիտասարդ քահանա, որ մի լրագրի աշխատակից էր և մի տեսակ փորձանք մյուս քահանաների գլխին: Թեմական առաջնորդ Եփրեմ եպիսկոպոս Փիրվերդյանը նույն առավոտ էր եկել թեմի կենտրոնից` թաղմանը ներկա լինելու համար: Սյուների մեկի առջև, փայտաշեն ամպհովանու տակ կանգնած, մտքում շարադրում էր «ավուրպատշաճի» քարոզ:

Մոմերով շրջապատված և պսակներով ծածկված դագաղի առջև կանգնած էին երեք եղբայրները` երեք տարբեր խոհերով և զգացումներով:

Արշակը, սուգի նշան սև լաթը թևին կապած, մոլոր հայացքով նայում էր աջ ու ձախ: Զգում էր մարմնական թուլություն ու քաղց, որովհետև գիշերը լավ չէր քնել և առավոտից էլ բան չէր կերել: Ձանձրալի էին նրա համար պատարագչի չոր ու զիլ ձայնը, ծանր հանդիսավոր շեշտերն ամեն բառի վրա, այդ միապաղաղ «ալելույաները» և «խաղաղություն ամենեցունները», տիրացուների աններդաշնակ ձայները, խուռն ամբոխի շշնջյունները, բուրվառից բարձրացող ծուխը, քշոցների ձնձղոցը, բազմաթիվ մոմերի լույսն ու մուխը: Հոր մահն այժմ նրան ուրախացնում էր, չէ՞ որ նա ազատվեց, վերջապես, մանրակրկիտ ժլատ և խստասիրտ վերահսկողից:

Միքայելի սիրտը ճնշվում էր, ներվերը թուլացել էին, երեսը երկայնացել, աչքերի տակերի խորշերը լայնացել և կապտել: Ամբողջ գիշերը չէր քնել: Այն պահից, երբ իմացավ հոր կտակի բովանդակությունը, դագաղը նրա համար դարձավ ատելի ու զազրելի: Այժմ նրան թվում էր, որ սառն ու քարացած դիակը ծաղրում է իրեն, ծիծաղում չարախինդ ու չարախնդիր` որպես մի անծանոթ աշխարհից եկած դևային ուրվական, որ խլել է նրա երջանկությունը: Եվ արդարև, մի՞թե ծայրեիծայր անամոթ ծաղր չէ ամբողջ կտակը: Դնել քսան և ութ տարեկան տղամարդին ուրիշի հրամանատարության տակմի՞թե կարող է մի հայր ավելի դաժանորեն պատժել իր հարազատ որդուն: Օ՜, անողո՛ք ծերուկ: Իսկ նա միամտաբար կարծում էր, թե այդ մարդու մահով կազատվի, վերջապես, ձանձրալի հսկողությունից, անտանելի կշտամբանքներից: կդառնա ինքնագլուխ, կապրե ինչպես ցանկանում է, կծախսե որքան կամենում է: Կանգնած ավագ եղբոր աջ կողմում թվում էր նրան, թե կանգնած է մի օտար, անկոչ հյուրի հետ, որ հեռու աշխարհից գալով, ուժով մտել է նրա սեփական տունը, տիրացել նրա իրավունքներին, ինչպես մի հրոսակ: Չէ՞ որ այդ մարդն ութ տարի գոյություն ուներ իր հոր կյանքում ոչ ուրիշ բանի համար, եթե ոչ կատաղության ու անեծքների, չէ՞ որ նա առմիշտ աքսորված էր ծնողների տնից, լքված ու թքված որպես գերդաստանի գերագույն արատ... Իսկ ա՜յժմ... նա եկել է ու կանգնել որպես տեր և իշխանավոր...

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 Next Last