Շիրվանզադե Ալեքսանդր՝   Մորգանի խնամին

Առանձին հարմար անկյուններ՝ էլեկտրական կարմիր ու դեղնագույն լամպարիկներով լուսավորված:

Երաժշտությունը նվագում է, պարերն ու երգեցողությունները տեղի են ունենում մեծ մասամբ կամարի մյուս կողմում: Կամարը, շատ լայն լինելով, ցուցադրում է տեսարանի ամբողջությունը, բացի նրա ետևում գտնվող հաճախորդներից:

Նվագելով եղանակները և երգված երգերը մեծ մասամբ ռուսական և ցիգանային են, իսկ պարերը հաջորդաբար խառը: Հաճախորդները մեծ մասամբ անգլիացիներ, ամերիկացիներ և ռուսներ են՝ երկու սեռերից:

ՏԵՍԻԼ 1

(Վարագույրը բացվելիս հաճախորդներ կան արդեն: Կամարի մյուս կողմում երաժշտություն: Երաժիշտները հագած են ռուսական կամ ցիգանային զգեստներ: Երևում են պարող-պարուհիներ նույն զգեստներով. մեկը միայն նրանցից հագած է կովկասյան լեռնականի զգեստ, մեջքին կապած դաշույն: Ուսերի վրա ունի կարմիր բաշլղ (գլխնոց):

ՆԱՏԱՇԱ. (Հագնված է ավեփ շքեղ, քան երկրորդ արարվածի մեջ): Այս գիշեր մենք կունենանք մի զվարճալի հյուր:

ՎԱՐԻՉ. (Շիկահեր մարդ է, մոտ 45 տարեկան, հագած է ֆրակ): Ո՞վ է:

ՆԱՏԱՇԱ. ԺորժՄինթոևի հայրը:

ՎԱՐԻՉ. Այդ հայտնի նավթարդյունաբերն ու կալվածատե՞րը, որի մասին ասում են, թե առաջ սայլապան է եղել:

ՆԱՏԱՇԱ. Սայլապան լինելն անեկդոտ է, բայց տգետի մեկն է: ,

ՎԱՐԻՉ. Աշխատիր լավ քամել: Այդ միլիոնատեր Էմիգրանտները ալյուրի տոպրակներ են, որքան թափ տաս, էլի անկյուններից մի բան կթափվի:

ՆԱՏԱՇԱ. Կաշխատեմ, միայն պայմանով, որ տոկոսս ավելացնես այս գիշեր:

ՎԱՐԻՉ. Շատ լավ:

ՆԱՏԱՇԱ. Մի ուրիշ պայման, այս գիշեր ես Նատաշա չեմ, այսինքն՝ ոչ պարուհի, ոչ երգչուհի:

ՎԱՐԻՉ. Հապա ի՞նչ ես:

ՆԱՏԱՇԱ. Նյու-Յորքից եկած մեծահարուստ ամերիկուհի, այն էլ հռչակավոր միլիարդեր Մորգանի քույրը:

ՎԱՐԻՉ. Tien!, այդ ինչ նոր կոմեդիա է:

ՆԱՏԱՇԱ. Հետո կբացատրեմ: (Նկատելով առաջին անծանոթին): Հյուր եկավ, գնա ընդանելու:

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ. (Նվագում է մի կարճ քայլերգ):

ՏԵՍԻԼ 2

ՆՈՒՅՆՔ և ԱՆԾԱՆՈԹ

Ա. ԱՆԾԱՆՈԹ. (Երկրորդ արարվածի ֆրանսիացին է, որ այժմ հագած է ֆրակ: Գալիս է աջ կողմի առաջին դռնով և նստում է աջ կողմի սեղաններից մեկի քով, մուտքին մոտիկ):

ՎԱՐԻՉ. (Շտապով կարգադրել է, որ սպասավորը ծառայե Անծանոթին և նորեն մոտեցել է Նատաշային): Գիտե՞ս ով է: (Թեքվելով ինչ-որ շշնջում է Նատաշայի ականջին):

ՆԱՏԱՇԱ. (Ցնցվելով): Մի՞թե: (Երկյուղով նայում է Անծանոթի կողմ) :

ՎԱՐԻՉ. Այո, ես նրան ճանաչում եմ: Հավատացնում եմ, որ առանց նպատակի չի եկել այստեղ: (Տեսնելով Ստյոպային): Ահա եկավ քո բարեկամներից մեկը: Ընդունիր ինքդ:

ՏԵՍԻԼ 3

ՆՈՒՅՆՔ և ՍՏՅՈՊԱ

ՍՏՅՈՊԱ. (Եկել է աջ կողմի առաջին դռնով, հագած է սմոկինգ):

ՆԱՏԱՇԱ. (Մոտեցել է Ստյոպային): Ինչո՞ւ ես մենակ:

ՍՏ3ՈՊԱ. Մյ ուսներն էլ կգան:

ՆԱՏԱՇԱ. Որ այդպես է, անցիր կամարի ետև:

ՍՏՅՈՊԱ. (Գնում է կամարի ետև):

ԱՆԾԱՆՈԹ. (Աչքերով ուղեկցում է Ստյոպային):

ՎԱՐԻՉ. (Նկատելով Անծանոթի Ստյոպային հետևելը, մոտենում է Նատաշային): Այս գիշեր քո բարեկամի այստեղ գալն ինձ դուր չի գալիս:

ՆԱՏԱՇԱ. Ինչո՞ւ:

ՎԱՐԻՉ. Տեսա՞ր, այդ մարդն ինչպես նայեց նրա ետևից:

ՆԱՏԱՇԱ. Թող նայե, մե՞զ ինչ: (Նկատելով Պետրոսին և ժորժին): Ահա, իմ հյուրն եկավ: Ընդունիր նրան մեծ հարգանքով, իսկ ես հետո կմոտենամ: (Շտապով գնում է կամարի ետև):

ՏԵՍԻԼ 4

ՆՈՒՅՆՔ, ՊԵՏՐՈՍ և ԺՈՐԺ

(Պետրոսը և ժորժը ներս են մտել աջ կողմի առաջին դռնով: Պետրոսն այժմ առօրյա հագուստով է, իսկ Ժորժը սմոկինգ է հագած):

ՊԵՏՐՈՍ. Էս ի՞նչ պայծառ լուսավորություն է. կասես հարսանիքի տուն է:

ԺՈՐԺ. Այստեղ ամեն գիշեր հարսանիք է, մի բան էլ ավելի:

ՎԱՐԻՉ. (Հարգանքով դիմավորելով Պետրոսին, ցույց է տալիս ձախ կողմի անկյուններից մեկը ավանսցենի կողմ):

ՊԵՏՐՈՍ. (Նստում է, ձեռը տանելով դեպի մեջքը): Ուֆ, զարումար մեջքացավս էլի սկսում է:

ԺՈՐԺ. Ի՞նչ կկամենաս խմել, պապա:

ՊԵՏՐՈՍ. Ես ծարավ չեմ:

ԺՈՐԺ. Ոչ, պապա, մի բան պետք է պատվիրել:

ՊԵՏՐՈՍ. Թող մի պիվա բերի:

ՎԱՐԻՉ. (Երեսը մի կողմ դարձնելով, ծիծաղում է):

ԺՈՐԺ. Այստեղ պիվո չեն խմում: (Սպասավորին, որ մոտեցել է): Cordon rouçe.

ՍՊԱՍԱՎՈՐ. (Անհապաղ բերում է մի շիշ շամպայն):

ՎԱՐԻՉ. (Շամպայնի շիշը բաց է անում իր ձեռքով):

ԺՈՐԺ. Պապա, դու մի քիչ զրույց արա դիրեկտորի հետ, ես տեսնեմ հարսնացվիս մորաքույրն եկե՞լ է, թե չէ: Գնում է կամարի ետև):

ԿԱՄԱՐԻ ԵՏԵՎՈՒՄ. (Երգեցողություն, բուռն ծափահարություններ: Բրավո, բրավո՜...):

ՏԵՍԻԼ 5

ՊԵՏՐՈՍ և ՎԱՐԻՉ

ՊԵՏՐՈՍ. (Վարիչին): По русски знаеш?

ՎԱՐԻՉ. Знаю.

ՊԵՏՐՈՍ. Мигрант?

ՎԱՐԻՉ. Да, я мигрант. (Շամպայն է ածում Պետրոսի համար):

ՊԵՏՐՈՍ. Бежал?

ՎԱՐԻՉ. Бежал.

ՊԵՏՐՈՍ. Откуда?

ՎԱՐԻՉ. Из Ростова-на-Дону.

ՊԵՏՐՈՍ. Служил?

ՎԱՐԻՉ. Нет, я был фабрикантом.

ՊԵՏՐՈՍ. Какой фабрику имел?

ՎԱՐԻՉ. Я имел фабрику сургуча и гильз для папирос.

ՊԵՏՐՈՍ. Հայ գիդի հա՜, все пропало.

ՎԱՐԻՉ. И все вернется вновь. (Շամպայն է ածում Պետրոսի համար):

ՊԵՏՐՈՍ. Держи карман шире.

ՎԱՐԻՉ. Вы не верите?

ՊԵՏՐՈՍ. Знаешь, земляк, армянски пословица говорит: пока канаву вода пойдет, лягушки глаза выскачит.

ՎԱՐԻՉ. (Ծիծաղում է): Я эту пословицу знаю. Я армянин.

ՊԵՏՐՈՍ. Ըմբո՜, армянин? А почему ты рыжий?

ՎԱՐԻՉ. Это уж я не знаю.

ՊԵՏՐՈՍ. Может быт мамаша знает.

ՎԱՐԻՉ. Виноват, гости. (Ծիծաղելով հեռանում է նոր հյուրերին ընդունելու):

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ. (Մի խումբ ամերիկացիներ ու ամերիկուհիներ, որ գալիս են աջ կողմի առաջին դռնով և տեղավորվում են խորքում:

ԿԱՄԱՐԻ ԵՏԵՎՈՒՄ. (Երաժշտություն, երգեցողություն, պարեր փոփոխաբար):

ՏԵՍԻԼ 6

ՊԵՏՐՈՍ, ԺՈՐԺ և ՆԱՏԱՇԱ

ԺՈՐԺ ԵՎ ՆԱՏԱՇԱ. (Թևանցուկ գալիս են կամարի ետևից):

ԺՈՐԺ. Խնդրեմ ծանոթանաք: Իմ հայրը: Պապա, իմ հարսնացվի մորաքույրը, միստրիսս Ալիս Ջերալդ, ծնյալն միսս Մորգան:

ՆԱՏԱՇԱ. (Հանդիսավոր): Անսահման երջանիկ կզգամ ինքզինքս, ծանոթանալով իմ ապագա փեսայի ազնվազարմ ծնողին հետ:

ՊԵՏՐՈՍ. (Ոտքի է կանգնել չափազանց շփոթված): Ես քեզանից էլ ավելի երջանիկ եմ, որ է... Պյոտր Իվանիչ Մինթոև բակինսկի-գռոզնսկիյ նեֆթապռոմիշնիկ, նստիր, քե մատաղ:

ՆԱՏԱՇԱ. (Նստելով): Շնորհակալ եմ մեծապես:

ՊԵՏՐՈՍ. Ա, տղա, հրամայիր մի մազա բերի: Բուտերբրոդ կուզե՞ս:

ՎԱՐԻՉ. (Երեսը դարձնելով, ծիծաղում է):

ՆԱՏԱՇԱ. Ոչ, շնորհակալ եմ: Ես ծարավ եմ: (Լցնում է իր և Պետրոսի բաժակները):

ՊԵՏՐՈՍ. Խմիր, մատաղ, խմիր, (Ժորժին): Դու կարող ես գնալ, մենք զրույց կանենք:

ԺՈՐԺ. (Նատաշաին առանձին): Չմոռանաս խնդրածս: (Բարձր): Պապա, ես գնում եմ իմ ընկերոջ մոտ: (Գնում է կամարի ետև):

ՏեՍԻԼ 7

ՊԵՏՐՈՍ և ՆԱՏԱՇԱ

ՊԵՏՐՈՍ. Հրամանքդ, ի՞նչ տեղ ես սովորել հայերեն խոսելը:

ՆԱՏԱՇԱ. Ստամբոլում: Մարդս հոն շատ տարիներ դեսպան եղած է: Մենք ամերիկացիքս շատ կսիրենք հայ ազգ ու կջանանք անոր լեզուն սովրել: Իմ ուսուցիչ հայ միսսիոներ մը եղած էԱրտաքսոս Բունգուլտաշյան: Ձեր կենացը: (Խմում է):

ՊԵՏՐՈՍ. Այ շնորհակալ եմ, շնորհակալ եմ: (Խմում է): Մարդդ հիմա ի՞նչ տեղ է:

ՆԱՏԱՇԱ. Մարդ չունիմ: (Պետրոսի բաժակը նորեն լեցնում է):

ՊԵՏՐՈՍ. Խե՞:

ՆԱՏԱՇԱ. Հինգ տարի առաջ մարդս կլորվեց:

ՊԵՏՐՈՍ. Ո՞նց թե կլորվեց:

ՆԱՏԱՇԱ. Այո, մենք այդպես կըսենք. երբ մեկը կմեռնե հանկարծ, առանց զգուշացնելու:

ՊԵՏՐՈՍ. Ուրեմն սիրտը տրաքե՞լ է, հե՞:

ՆԱՏԱՇԱ. Այո:

ՊԵՏՐՈՍ. Խե՞:

ՆԱՏԱՇԱ. Որովհետև հարբեցող էր:

ՊԵՏՐՈՍ. Ըմբո՞:

ՆԱՏԱՇԱ. Այո, հարբեցող, թուղթ խաղաղող, շառլատան, կռվարար, սրիկա, ապուշ, սկանդալիստ...

ՊԵՏՐՈՍ. Բո, բո, բո, Ամերիկայի պես մի մեծ պետության դեսպան ու սկանդալի՞ստ:

ՆԱՏԱՇԱ. (Շփոթված): Դեսպան, այո, իհարկե, դեսպան էր, օպերետտի հուշարար չէր, ներողություն, միտքս մի քիչ խառնվեց: (Բաժակը զարկելով Պետրոսի բաժակին): Խմենք:

ՊԵՏՐՈՍ. (Մեկուսի): Էս կնոջից խելքս բան չի կտրում, բայց թե ո՞վ գիտե, ամերիկուհի է:

ՆԱՏԱՇԱ. (Բաժակը նորեն զարկելով Պետրոսի բաժակին):

Այս էլ իմ կենացը:

ՊԵՏՐՈՍ. Ախ, ներողություն, հրամանոցդ կենացը: (Խմում է): Հա, էն էի ուզում ասել, խնամի: (Կողմ): Չգիտեմ, ո՞նց սկսել:

ՆԱՏԱՇԱ. Ասացեք, միստեր Մինթոև, իմ լսողություն ձեզի համար բաց է, կրնաք չզարնել անոր դռներ:

ՊԵՏՐՈՍ: Էդ ի՞նչ անուշ բան ասացիր, խնամի, ուրեմն կարող եմ համարձակ խոսել, չէ՞:

ՆԱՏԱՇԱ. Հարկավ, միստեր Մինթոև, հարկավ, մենք ամերիկացիքս կսիրենք ըլլալ պարզ, համարձակ, քիչ մալ ավելի: (Թեթևակի մերձենում է Պետրոսին): Քիչ մալ ավելի...

ՊԵՏՐՈՍ. (հաճելի ցնցումով): Աֆարիմ, բալեն կծեմ, աֆարիմ... հենց էդ է պատճառը, որ մենք էդքան սիրում ենք ձեզ: Հա, գիտես, ես ուզում էի մի քիչ խոսել գործի մասին:

ՆԱՏԱՏԱ. Ի՞նչ գործի:

ՊԵՏՐՈՍ. Դե գիտես էլի, խոսքս իմ որդու ու քո քրոջ աղջկա մասին է, խնամի...

ՆԱՏԱՇԱ. (Ընդհատելով): Հասկացա, միստեր Մինթոև, հասկացա, կամիք գիտնալ, թե իմ քրոջ դուստր ինչպիսի աղջիկ մըն է, այո՞:

ՊԵՏՐՈՍ. Հրամանքս, դե ամենից առաջ հենց էդ է հարկավոր իմանալ, հետո էլ...

ՆԱՏԱՇԱ. (Ընդհատելով): Ասեմ, շատ աղվոր օրիորդ մըն է, տանը երեսուն ու իննը տարեկան, դրսում քսաներկու, համեստ է ինչպես կատու, բարի է ինչպես կապիկ: Շատ աստվածապաշտ է, ավետարանն անգիր գիտե, պոռնոգրաֆիա շաբաթվա մեջ է միայն կարդում, կիրակի օրերը գնում է եկեղեցի, խմելը մեզնում արգելված է, բայց մեկ-մեկ թաքուն խմում է: Արտաքի՞նը կուզեք գիտնալ. ամեն գովասանքից բարձր է. ճերմակ է ինչպես կճեպած ձու, թշերը կարմիր են, հասակը բարձր է ինչպես տելեգրաֆի սյուն, կուրծքը տափակ է տախտակի պես, ծծերը փորի վրա են, ոտները գեղեցիկ են ինչպես Վենետիկի գոնդոլներ, ատամները երկար ինչպես ձիու ատամները... Մի խոսքով կատարյալ ամերիկուհի է...

ՊԵՏՐՈՍ. (Որ լսել է զարմացմամբ, հիսաթափված): Ըմբո, էդ ի՞նչ գովասանք է, խնամի:

ՆԱՏԱՇԱ. Մենք ամերիկացիքս գովելու շնորհք չունենք, մենք չգիտենք բարբառել, մենք գործնական ենք, գիտե՞ք գործնական: Խմենք: (Բաժակները նորեն լցնելով, աչքով նշան է անում ոչ հեռու կանգնած սպասավորին, նոր շիշ բերելու):

ՍՊԱՍԱՎՈՐ. (Ուզում է կիսատ շիշը վերցնել):

ՊԵՏՐՈՍ. (Շիշը բռնելով): Թողիր մնա, դեռ մեջը շատ կա:

ՍՊԱՍԱՎՈՐ. (Բերում է մի նոր շիշ և այնուամենայնիվ կիսատ շիշը տանում է):

ՊԵՏՐՈՍ. Խնամի, ես ուրախ կլինեի, եթե իմ հարսը տեսքով քեզ նման լիներ:

ՆԱՏԱՇԱ. Ինձ նմա՞ն... oh la la. Ես ի՞չ եմ նրա համեմատ: Ոչինչ: Նրա նման մի ուրիշը չկա աշխարհի երեսին:

ՊԵՏՐՈՍ. Դե հիմի ուրիշ բանի մասին խոսենք: Խնամի, հրամանքդ ասացիր, որ ամերիկացիներդ գործնական մարդիկ եք: Ես ինքս էլ համարյա թե մի ամերիկացի եմ, ծռտիպռտի բաներ չեմ սիրում: Ուզում եմ ասել, թե ինձ հետաքրքրողն օժիտը չէ: Փողն ի՞նչ բան է: Ոչինչ, ես ինքս հնձ համար մի Մորգան եմ: Բայց, դե մարդ ենք էլի, ինչ որ էլ լինի, բանը պիտի պարզենք:

ՆԱՏԱՇԱ. (Ընդհատելով): Միստեր Մինթոև, կամի՞ք լսել ապաշների երգ:

ՊԵՏՐՈՍ. Ցավդ առնեմ, ինչ որ դու սիրում ես, ես էլ եմ սիրում:

ՆԱՏԱՇԱ. Գնանք մոտիկ լսելու: (Պետրոսի թևը բռնած գնում են խորքը):

ՄԵՏՐ ԴՕՏԵԼ. (Օգտվելով Պետրոսի բացակայությունից. սպասավորին հրամայում է նրա սեղանի վրա դնել անանաս, բիսկվիտ և այլն):

ՊԵՏՐՈՍ, ՆԱՏԱՇԱ. (Երգը լսելուց հետո վերադառնում են. իրենց սեղանի քով):

ՆԱՏԱՇԱ. Հավանեցի՞ք ապաշների երգը:

ՊԵՏՐՈՍ. Շատ հավանեցի, շատ: Հա, էն էի ասում, խնամի: (Հանկարծ նկատել է սեղանի վրա ավելացվածը): Ըմբո, էդ ինչ է:

ՆԱՏԱՇԱ. Ուտելիք է, մազա, ուտենք:

ՊԵՏՐՈՍ. Հա, ուտենք: Դե, խնամի, ագահություն չկարծես, Հաա՞, լոխ աշխարհը գիտե, որ ես ագահ մարդ չեմՀասկացա՞ր:

ՆԱՏԱՇԱ. Հասկացա, խնամի, հասկացա, դուք ուզում եք բանը պարզել: Խնամի, պետք է ասեմ, որ քրոջս աղջկա օժիտը մի մեծ բան չէ:

ՊԵՏՐՈՍ. Օրինակ, ինչքա՞ն է:

ՆԱՏԱՇԱ. Ոչինչ, չորսից մինչև հինգ հարյուր միլիոն

ՊԵՏՐՈՍ. Չորսից մինչև հինգ հարյուր միլիոն ի՞նչ:

ՆԱՏԱՇԱ. Տանձի կորիզ:

ՊԵՏՐՈՍ. Տանձի կորի՞զ: (Վախեցած):

ՆԱՏԱՇԱ. Այո, միստեր Մինթոև, մենք ամերիկացիքս դոլլարին տանձի կորիզ ենք անվանում:

ՊԵՏՐՈՍ. (Թեթևության հառաչանք արձակելով): Հաա՜, էդպես ասա էէ, թե չէ... (Կողմ): Խնամիս շատ մազալու կնիկ է:

ՆԱՏԱՇԱ. Չորսից մինչև հինգ հարյուր միլիոն դոլլարը քիչ է, այսպես չէ՞:

ՊԵՏՐՈՍ. Չէ, էնքան էլ քիչ չէ, ջահելներ են, կարող են մի կերպ ապրել, դե, ես էլ մի բան կավելացնեմ: (Կողմ): Ոնց չէ, քո հորն օղորմի:

ՆԱՏԱՇԱ. Մի քիչ էլ ես կտամ: Մի հարյուր կամ հարյար հիսուն միլիոն տանձի կորիզ:

ՊԵՏՐՈՍ. Մարդդ մե՞ծ կարողություն է թողել քեզ համար:

ՆԱՏԱՇԱ. (Մեկուսի): Շատ մեծ: Մի կոտրած ածելի, երկու շիշ սմիրնովկա: (Բարձր): Իհարկե, հանգուցյալը շատ մեծ մարդ էր, նա Մորգանից էլ հարուստ էր: Հապա իմ կենացն էլ չե՞ք խմում: (Իր և Պետրոսի բաժակները լցնելուց հետո, կիսատ շիշը մի կողմն է դնում և սպասավորին գլխով նշան է անում):

ՍՊԱՍԱՎՈՐ. (Կիսատ շիշը տանում է և նորն է բերում):

ՊԵՏՐՈՍ. (Մի թշնամական հայացք է ձգել սպասավորի վրա): Ներողություն, խնամի, խոսքով եղա, էլի ձեր կենացը: (Խմում է):

ՆԱՏԱՇԱ. Thank you very much (Թենկ յոլ, վերի մաչ): Բայց, խնամի, մի լավ հարսանիք պիտի սարքեք, հե՞, կովկասյան հարսանիք: Մենք, ամերիկացիքս շատ կսիրենք ձեր հարսանիք: (Խմում է):

ՊԵՏՐՈՍ. Մին սհարի ածել տամ, որ ձենը ձեր Ամերիկա հասնի: (Կողմ) : Խնամիս փափուկ ապրանք է:

ՆԱՏԱՇԱ. Միստեր Մինթոև, պարել գիտե՞ք:

ՊԵՏՐՈՍ. Ի՞նչ պար:

ՆԱՏԱՇԱ. Տանգո, ֆոկստրոտ, չառլըստոն և այլն:

ՊԵՏՐՈՍ. Չէ, էդ փոքստրոտ-մոքստրոտն իմ խելքի բան չէ. ուրիշն ասա:

ՆԱՏԱՇԱ. Ռուսաց պարեր գիտե՞ք:

ՊԵՏՐՈՍ. Էդ էլ չգիտեմ: Ջահել ժամանակս շատ եմ պարել թարաքամա, թրինգի, ուզուն-դարա: Դու սիրո՞ւմ ես պարել:

ՆԱՏԱՇԱ. Օ՛օ, պաշտում եմ: Կամենաք, ձեզ համար կպարեմ մի ռուսաց պար:

ՊԵՏՐՈՍ. Ուզում եմ, բայց ավելի լավ կլինի, որ կշտիցս չհեռանաս: (Փորձի համար մի քիչ սեղմվում է Նատաշային):

ՆԱՏԱՇԱ. (Ինքն ևս սեղմվելով Պետրոսին). Ո՛չ, ո՛չ, ես այնքան սիրեցի ձեզ, որ պետք է անպատճառ պարեմ: Արդեն ոսկորներս պարում են: (Շտապով վեր է կենում, նշան է անում խորքի երաժիշտներին մի ռուս կամ կովկասյան պար նվագելու և պարում է):

ՊԵՏՐՈՍ. (Ոգևորված ծափ է տալիս): Մաշալլա՜հ, մաշալլա՜հ. աֆերի՛մ:

ՆԱՏԱՇԱ. (Մի քանի րոպե պարելով, նորեն նստում է և այս անգամ ինքն է սեղմվում Պետրոսին): Ահ, մինչև լույս պարեմչեմ կշտանալ:

ՊԵՏՐՈՍ. Ապրես, խնամի, ապրես, դու պարելում ուստաբաշի ես, էլի քո կենացը: (Ավելի է սեղմվում Նատաշային. կողմ): Տեր արեվը, կմշտելս գալիս է

ՆԱՏԱՇԱ. Thank you very much. (Խմում է):

ՊԵՏՐՈՍ: Էդ ի՞նչ ասացիր:

ՆԱՏԱՇԱ. Թենքիու վերի մեոչ, կնշանակե շատ շնորհակալ եմ, թենքիու վերի մեոչ...

ՊԵՏՐՈՍ. Հա՜ա. ես կարծեցի ուզում ես ասել մին պաչ...

ՆԱՏԱՇԱ. Մին պա՞չ: Ուզում ե՞ք, պաչեցեք: (Երեսը մոտեցնում է Պետրոսին): Մենք, ամերիկուհիքս սիրում ենք պաչվել...

ՊԵՏՐՈՍ. (Ուրախացած): Ա՜յ, օրհնվի ձեր ազգը: (Շրթունքներն անձեռոցիկով սրբելով, ամուր համբուրում է Նատաշային): Ուխա՜յ...

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ. (Ծիծաղում են և աղմկալի ծափահարում): Բրավո՜, բրավո՜...

ՊԵՏՐՈՍ. (Շփոթված ետ է նայում): Էդ ի՞նչ էր:

ՆԱՏԱՇԱ. Ոչինչ, ոչինչ, ուշադրություն մի դարձնեք: Ներեցեք, միստեր Մինթոև, դուք քանի՞ տարեկան եք:

ՊԵՏՐՈՍ. (Տատանվելով): Վալլահ, ծնվելուս օրը միտս չէ:

ՆԱՏԱՇԱ. Ես կարծում եմ, որ դուք պետք է լինեք մոտ քառասուն տարեկան:

ՊԵՏՐՈՍ. Չէ, դրուստն ասած, մի քիչ ավելի է, շատ քիչ է, շատ քիչ

ՆԱՏԱՇԱ. Ի՞նչ եք կարծում, ես քանի՞ տարեկան եմ:

ՊԵՏՐՈՍ. Իմ հաշվով դու պիտի լինես մոտ երեսուն տարեկան:

ՆԱՏԱՇԱ. Ի՞նչ եք ասում, ի՞նչ երեսուն, ի՞նչ քառասուն, ի՞նչ հիսուն, ես վաթսուն ու երկու տարեկան եմ:

ՊԵՏՐՈՍ. Ըմբո, ուրեմն իմ տարոքն ե՞ս: Չեմ հավատում:

ՆԱՏԱՇԱ. Մի զարմանաք, մենք, ամերիկուհիքս շատ ուշ ենք ծերանում: Մենք գիտենք մեր թարմությունը պահպանել...

ՊԵՏՐՈՍ. Էդ ո՞նց եք պահպանում:

ՆԱՏԱՇԱ. Ամեն օր ճաշից առաջ կանդալուպ ենք ուտում:

ՊԵՏՐՈՍ. Կանդալո՞ւպ... էդ ի՞նչ բան է:

ՆԱՏԱՇԱ. Կանդալուպը սեխի պես մի բան է, շատ համեղ:

ՊԵՏՐՈՍ. (Գրպանից դուրս բերելով հուշատետրն ու մատիտը, տալիս է Նատաշային): Գրիր այդտեղ այդ օրհնված պտուղի անունը: Մին կնոջս ասեմ, որ ամեն օր ուտե:

ՆԱՏԱՇԱ. (Ինչ-որ գրում է, հուշատետրը ետ է տալիս):

ՊԵՏՐՈՍ. Ես կփամփեմ էն մարդու գլխին, որը կասե, թե դու երեսնուհիգ տարեկանից ավելի ես:

ՆԱՏԱՇԱ. Խնամի, այս բաժակն էլ խմենք հարսնացվի և փեսացվի կենացը (Բաժակը բաժակի է զարկում և նորեն հպում է Պետրոսին): Ալահվերդին ձեզ մոտ:

ՊԵՏՐՈՍ. Այ ապրես, սրտիցս խոսեցիր: (Կողմ): Կմշտեմ, թե՞ չէ:

ՆԱՏԱՇԱ. (Նշանով կանչում է սպասավորին և ինչ-որ պատվիրում է նրան):

ՍՊԱՍԱՎՈՐ. (Շտապով գնում է խորքը):

ՆԱՏԱՇԱ. (Կրկնում է): Ալահվերդին ձեզ մոտ, խնամի: (Խմում է):

ԵՐԿՈՒ ԵՐԳԻՉ ԵՎ ՄԻ ԵՐԳՉՈԻՀԻ. (Գալիս են խորքից, երգելով):

К нам добро пожаловать,
Петр Иванович, Аллаверди.
Славный друг артистов бедных,
Аллаверди, аллаверди.
Минтоеву нет равного
Ни здесь, ни там, во всем мире,
Аллаверди, Аллаверди

ՆԱՏԱՇԱ. ($այնակցել է երգիչներին):

ԵՐԳՉՈՒՀԻ. (Սեղանի վրայից վերցրել է մի բաժակ շամպայն, դրել է ափսեի վրա և պահել է Պետրոսի աոջև, երգը շարունակելով):

ՆԱՏԱՇԱ. Ահ, կպաշտեմ ձեր երգեր, ձեր պարեր, ձեր բոլոր զվարճություններ: (Նորեն հպվելով Պետրոսին): Արտիստներին պիտի մի բան բաշխել: (Ձևացնում է, թե իբր իր քսակից դրամ է ուզում դուրս բերել):

ՊԵՏՐՈՍ. (Նատաշայի ձեռը բռնելով): Համբերիր, խնամի, ի՞նչ ես անում, ես չեմ թողնիլ: (Գրպանից դուրս է բերում մի թղթադրամ և ձգում է ափսեի վրա): Երգչուհի և երգիչները գլուխ են տալիս և վերադառնում են կամարի ետևը: Կամարի ետևում երգերը փոխվում են պարերի: Մի քանի ամերիկացի զույգեր, կամարի ետևից ֆոկստրոտ պարելով, գալիս են առաջին պլանի վրա և նորեն ետ գնում:

ՊԵՏՐՈՍ. (Արդեն բավական գինովցած): Էս էլ խմենք եղբորդ կենացը:

ՆԱՏԱՇԱ. Եղբայրս աքսորված է Կամչատկա:

ՊԵՏՐՈՍ. Ո՞նց թե աքսորված է, ո՞վ է համարձակվել ամերիկացի Մորգանին Սիբիր աքսորելու:

ՆԱՏԱՇԱ. Ա՜հ, մոռացա, ամերիկացի՞ եղբորս մասին եք խոսում: Yes, yes, նա կենդանի է, Նյու-Յորքումն է: Շնորհակալ եմ, միստեր Մինթոև, աղեկ, զեվզեկ, աղեկ, հոսհոս: Տեսեք, ինչ են պարում, այդ մեզ համար է:

ՊԵՏՐՈՍ.. (Նայելով դեպի խորքը): Էդ հո մեր լեզգավարն է, պարողն էլ մերոնցից է: (Ոգևորված ծափ է տալիս):

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԶԳԵՍՏՈՎ ՊԱՐՈՂ. («Նաուրսկի» պարելով գալիս է խորքից, դաշույնը խաղացնելով, անի պտույտներ է անում Պետրոսի առջև):

ՊԵՏՐՈՍ. (Բոլորովին հափշտակված): Մաշալլա, մաշալլա: Տեսնո՞ւմ ես, խնամի, մենք էդպես ենք այ, մենք, կովկասցիներս, կրակոտ, կրակոտ: Այ ղոչաաաղ: (Ուժգին ծափ տալով):

ՆԱՏԱՇԱ. Հիանալի է, սքանչելի, զմայլելի, մենք ամերիկացիքս կսիրենք էկզոտիկ պարեր:

(Կովկասյան զգեստով պարողը պարելով նանկարծ դաշույնը ուժգին թափով Պետրոսի և Նատաշայի սեղանի վրա ձգում է ցցված դիրքով):

ՊԵՏՐՈՍ. (Ցնցվելով, ետ է մղվել): Ըմբո, է՞դ ինչ օյինբազություն է:

ՆԱՏԱՇԱ. Դուք վախեցա՞ք դաշույնից:

ՊԵՏՐՈՍ. (Կազդուրվելով): Ի՞նչ... վախեցողի հերն եմ անիծել... Ես կովկասցի եմ, դաշույնը ինձ համար ի՞նչ է, ոնց որ ասեղը քեզ համար...

ՆԱՏԱՇԱ. Պետք է արտիստին մի բան բաշխել…. (Դարձյալ ձևացնում է, թե իբր քսակից դրամ է ուզում դուրս բերել):

ՊԵՏՐՈՍ. Չէ, խնամի, ես մեռնեմ, մի՛ արա, էս գիշեր ես եմ ղոնաղ անում, ոչ մի կոպեկ չպիտի ծախսես: (Պարողին տալիս է երկու թղթադրամ): Ա՜յ, էս ի՛նձ համար, էս էլ քե՛զ համար:

ՊԱՐՈՂ. (Գլուխ է տալիս, գնում է խորքը): Կամարի ետևում երգեցողություն:

ՆԱՏԱՇԱ. Միստեր Մինթոև, դուք շատ առատաձեռն մարդ մըն եք, մենք ամերիկացիքս շատ կսիրենք ձեզի պես ջենտլմեններ:

ՊԵՏՐՈՍ. Իմ ջենտլմենությունը լոխ աշխարհը գիտե. Բաքվում քանի-քանի անգամ զուռնաչու ճակատին հարյուրանոց եմ թխել:

ՆԱՏԱՇԱ. Երևի ձեր որդին էլ ձեզ նման է:

ՊԵՏՐՈՍ. Դե, ասլանի տղան ասլան պիտի լինի, չախկալ հո չի լինիլ: Ուզում ես, թող գա, փող տամ, որ նա էլ ծախսե:

ՆԱՏԱՇԱ. Իհարկե, լավ կլինի, որ մի երկու հազար ֆրանկ ունենա գրպանում:

ՊԵՏՐՈՍ. (Մեկուսի): Բա՛, քո տունը տերը շինի, լոբի՞ է:

ՆԱՏԱՇԱ. (Ասել է սպասավորին, որ ժորժին կանչե կամարի ետևից):

ՊԵՏՐՈՍ. Կտամ, խի՞ չեմ տալ...

ՆԱՏԱՇԱ. Եթե ձեզ մոտ չկա, ես կտամ: (Դարձյալ ձևացնում է, թե իբր ուզում է քսակից փող դուրս բերել):

ՊԵՏՐՈՍ. Թող, խնամի, ես փող ունեմ, ունեմ: (Մեկուսի): Հինգ հարյուր կտամ, կասեմ հազար է:

ԺՈՐԺ. (Գալիս է խորքից): Պապա, ի՞նչ ես հրամայում:

ՊԵՏՐՈՍ. (Տալով մի հինգ հարյուրանոց): Հը, առ քեզ հազար ֆրանկ, գնա, քեփ արա:

ԺՈՐԺ. (Նայելով թղթադրամին): Սխալվում ես, պապա, հազարանոց չէ, այլ հինգ հարյուրանոց:

ՊԵՏՐՈՍ. Որ լավ մտիկ անես, հազարանոց կերևա: (Աչքով նշան է անում ժորժին հեռանալու):

ԺՈՐԺ. Լավ, թող հազարանոց լինի, շնորհակալ եմ: (Նատաշային առանձին): Այժմ Օսման կլուբում խաղի լավ ժամանակն է: Ես հավատացած եմ, որ պիտի տանեմ:

ՆԱՏԱՇԱ. Հաջողություն:

ԺՈՐԺ. (Շտապ գնում է աջ կողմի առաջին դռնով):

ՊԵՏՐՈՍ. Ի՞նչ տեղ գնաց:

ՆԱՏԱՇԱ. Գնաց տելեֆոնով հարսնացվի հետ զրույց անելու: Իմ քրոջ աղջիկը գիշերները չի քնում, մինչև որ Ժորժը նրա հետ տելեֆոնով չխոսի:

ՊԵՏՐՈՍ. Երևում է, որ իրարու շատ են սիրում:

ՆԱՏԱՇԱ. Կպաշտեն կոր զիրար: Մի շիշ էլ խմե՞նք:

ՊԵՏՐՈՍ. Մեկն էլ, երկուսն էլ, երեքն էլ: Չալավեկ:

ՆԱՏԱՇԱ. Բայց արտիստներին էլ պիտի հյուրասիրել:

ՊԵՏՐՈՍ. Էդ էլ իմ աչքի վրա: (Գոռալով): Չալավեկ:

ՆԱՏԱՇԱ. Ես ինքս կկարգադրեմ: (Սպասավորին): Մի շիշ մեզ համար բերեք, երեք շիշ էլ տարեք արտիստների համար:

ՍՊԱՍԱՎՈՐ. (Շտապով հեռանում է պատվերը կատարելու):

ՏԵՍԻԼ 8

ՆՈՒՅՆՔ, ԼԻԴԻԱ, ՍԵՐՅՈԺԱ, որ գալիս են աջ կողմի առաջին դռնով

ԼԻԴԻԱ. Դուք կարծում եք, որ Ստյոպան այստե՞ղ է:

ՍԵՐՅՈԺԱ. Հավատացած եմ:

Բ. ԱՆԾԱՆՈԹ. (Ներս է մտնում Սերյոժայից և Լիդիայից հետո աջ կողմի դռնով, մոտենում է Ա. Անծանոթին, ինչ-որ ասում է նրան և շտապով անցնում է կամարի ետև):

ԼԻԴԻԱ. (Տեսնելով Պետրոսին, զարմացած մոտենում է): Դո՞ւ այստե՞ղ:

ՊԵՏՐՈՍ. Հրամանքս, ես այստեղ: Հըը, դո՞ւ ինչու ես եկել կես գիշերից անց:

ԼԻԴԻԱ. Ես եկել եմ Ստյոպային տուն տանելու:

ՊԵՏՐՈՍ. Ես էլ եկել եմ խնամուս հետ մի քիչ զրույց անելու: Դե, ծանոթացեք, խնամի, սա իմ աղջիկն է:

ՆԱՏԱՇԱ. (Տեղից չշարժվելով, շատ թեթև գլուխ է տալիս):

ԼԻԴԻԱ. Ի՞նչ ասացիր, պապա, խնամի՞: (Ուշադրություն չդարձնելով Նատաշայի վրա):

ՊԵՏՐՈՍ. Հրամանքս, թե ուզում ես, նստիր մի բաժակ շամպանսկիյ անուշ արա: (Սերյոժային): Հըը, մեր տղա, ո՞նց ես կոնծել, ածե՞մ:

ՍԵՐՅՈԺԱ. (Ծիծաղը զսպելով): Շնորհակալ եմ, նեղություն մի քաշեք:

ՊԵՏՐՈՍ. Խնամի, խե՞ լռեցիր, քեփ արա: Սուս կենալը չի սազում ամերիկուհուն:

ԼԻԴԻԱ. Պապա, ինչե՞ր ես ասում, ի՞նչ խնամի, ի՞նչ ամերիկուհի, դա այս ռեստորանի պարուհի ու երգչուհի Նատաշան է:

ՊԵՏՐՈՍ. Աղջի, տազ արա է: Նա իմ էլ խնամին է, քոնն էլ, մորդ էլ:

ԼԻԴԻԱ. (Սերյոժային): Լսո՞ւմ եք, Սերյոժա, հայրս կարծեմ, հարբել է: Պապա, ազատիր ինձ այդ տեսակ խնամիներից: Այդ կինն է, որ փչացրել է իմ մարդուն էլ, քո որդուն էլ: (Նատաշային): Այնպես չէ՞, ասա: Տեսեք ինչպես է փքվել:

ՆԱՏԱՇԱ. J dònt now you (Այ դոնտ նոու յուի)6:

ՊԵՏՐՈՍ. (Բարկանալով): Աղջի, քիչ խոսիր, թե չես ուզում բարեկամանալ, գնա բանիդ, թող մեզ մեր քեփին: Խնամի, ներողություն կանես, աղջկաս կատարը մի քիչ դատարկ է: (Բաժակը զարկելով Նատաշայի բաժակին): Մի անգամ էլ հարսնացվի ու փեսացվի կենացը:

ԼԻԴԻԱ. Սերյոժա, ես կխելագարվեմ, դուք խոսեցեք, այս ի՞նչ կոմեդիա է:

ՊԵՏՐՈՍ. Կոմեդիա-մոմեդիա չկա, ներողություն խնդրիր եղբորդ հարսնացվի մորաքրոջից: Հասկացիր է՜, հասկացի՜ր, դա բանկիրների թագավոր Մորգանի քույրն է:

ՆԱՏԱՇԱ. Yes, yes, միստրիս Ալիս Ջերայլդ...

ՍԵՐՅՈԺԱ. (Չկարողանալով ծիծաղը զսպել, փռթկում է):

ԼԻԴԻԱ. Տեսեք, տեսեք, ինչպես է փքվել հնդկահավի պես: Սերյոժա, ինչո՞ւ չեք խոսում, չե՞ք ճանաչում ձեր Նատաշային: Դուք լռո՞ւմ եք, ծիծաղո՞ւմ եք, ուրեմն դուք էլ խառն եք այդ կոմեդիայում: Բայց ահա Գրիշան. նա այդ մարդու աչքերը կբանա:

ՏԵՍԻԼ 9

ՆՈՒՅՆՔ, ԳՐԻՇԱ և ՇՊՈՒԼԵՆԿՈ

(Գրիշան և Շպուլենկոն գալիս են աջ կողմի առաջին դռնով, երկուսն էլ ծայրահեղ հարբած են):

ԳՐԻՇԱ. (Երերալով մոտենում է Նատաշային): Նատաշա, հոգյակս, ես կարոտել էի քեզ, եկա համբուրելու: (Հարձակվում է Նատաշայի վրա, ուզում է համբուրել):

ՆԱՏԱՇԱ. What a foll (վուատ է ֆուլ): (Հրում է Գրիշային):

ԳՐԻՇԱ. Ի՞նչ, չե՞ս ուզում, որ համբուրեմ: — Նորին Կայսերական մեծության լեյբ գվարդիայի օֆից... (Նորեն հարձակվում է և նորեն հրվում է):

ՇՊՈՒԼԵՆԿՈ. Իսկ ինձ չես կարող մերժել: (Գրկում է Նատաշային ետևից և համբուրում է):

ԼԻԴԻԱ. Տեսնո՞ւմ ես, պապա, հիմա ճանաչեցի՞ր քո խնամուն:

ՊԵՏՐՈՍ. (Ոտքի է կանգնել և ապշած նայում է):

ՆԱՏԱՇԱ. (Ազատվելով Շպուլենկոյի և Գրիշայի գրկից): Ну вас всех к чорту… (Վազում է կամարի ետև):

ՊԵՏՐՈՍ. Էդ ի՞նչ բան է, երազումս եմ, թե խելքս կորցրեք եմ:

Բ. ԱՆԾԱՆՈԹ. (Եկել է կամարի մյուս կողմից, ինչ-որ ասել է Ա. Անծանոթին. վերջինի հրամանով գնում է շտապով աջ կողմի դռնով և քիչ անցած վերադառնամ է):

2 ՈՍՏԻԿԱՆ. (Երևում են աջ կողմի առաջին դռների մեջ):

Ա. ԵՎ Բ. ԱՆԾԱՆՈԹ. (Գալիս են կամարի ետևից, մեկը նրանցից բռնել է Ստյոպայի թևը, մյուսը ձեռքում ունե այն թղթե կապոցը, որ Սերյոժան տվել էր Ստյոպային): Երաժշտությունը և երգեցողությունը դադարում են կամարի ետևում

ՍՏՅՈՊԱ. (Գունատվել է, դոդում է):

ԼԻԴԻԱ. (Տեսնելով Ստյոպային): Ստյոպա, Ստյոպա: (Ուզում է մոտենալ Ստյոպային):

Ա. ԱՆԾԱՆՈԹ. (Ձեռը բարձրացնելով): Madame, ne vouz approchez pas je vouz prie.

ՍԵՐՅՈԺԱ. (Ուզում է փախչել, ոստիկանները չեն թողնում):

Ա. ԱՆԾԱՆՈԹ. (Գրպանից դուրս է բերում բազկակալները և շղթայում է Ստյոպայի և Սերյոժայի ձեռները):

ԼԻԴԻԱ. Այդ ի՞նչ եք անում, ո՞ւր եք տանում իմ ամուսնուն: (Լալիս է և վազում է մյուսների ետևից): Ստյոպան և Սերյոժան Անծանոթների և ոստիկանների ուղեկցությամբ գնում են աջ կողմի դռնով, հաճախորդներն ու բոլոր արտիստները խմբված դիտում են տեսարանը:

ՎԱՐԻՉ. (Հաճախորդներին): Ոչինչ, ոչինչ, հանգստացեք, պարոններ: Էյ, երաժշաությո՜ւն...

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ. (Վերադառնում են իրենց տեղերը):

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ. (Նվագում է մի փոթորկալի եղանակ):

ՎԱՐԻՉ. (Նատաշային): Տեսա՞ր, ես չէի՞ ասում:

ՆԱՏԱՇԱ. Ինչո՞ւ նրանց ձերբակալեցին:

ՎԱՐԻՉ. Հետո կասեմ: (Մոտենում է Պետրոսին մի թուղթ ձեռքին): Monsieur, Iadditon: (Թուղթը տալիս է Պետրոսին):

ՊԵՏՐՈՍ. (Որ շփոթված վեր է կացել և խառնվել ամբոխին, առաջ է գալիս): Բա բա բա, ինչ խայտառակությո՜ւն:

(Թուլացած նստում է աթոռի վրա):

Վարագույր

ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ

Առաջին արարվածի սենյակը նույն կարասիով:

ՏԵՍԻԼ 1

ՊԵՏՐՈՍ և ՄԱԳԹԱՂԻՆԵ

ՊԵՏՐՈՍ. (Հագնված է պիժամա, չափազանց գրգռված անցուդարձ է անում): Էդպես էլ անամոթություն, էդպես էլ անօրինություն: Օրես դենն էլ ի՞նչ երեսով երևամ բարեկամներին ու չարակամներին: Կնիկ, չորանար քո արգանդը, որ էդ լակոտին լույս աշխարհ չձգեիր:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Տխուր դեմքով նստած է լուսամուտներից մեկի առջև): Լավ, բավական է, քիչ կատաղիր ու իմ արյունն էլ պղտորիր: (Ուսերի վրա ձգված է մի քիրմանի շալ):

ՊԵՏՐՈՍ. Քիչ կատաղիր, հեշտ է ասել: Անիրավը երեկ ցերեկով ինձ բարձրացրեց դրեց էն-էն-էն Էյփելի աշտարակի գլխին, գիշերով աքացի տվեց, գլորեց գետին: Բա՜, բա՜, բա՜, ինչ տեղ էի, ինչ տեղ ընկա, թյու... (Կանգ է առնում): Գիտե՜ս, Մաղդաշ, էդ բանի մեջ դու էլ մեղավոր ես:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ինչո՞վ եմ մեղավոր:

ՊԵՏՐՈՍ. Նրանով, որ երեկ իմ կուրացած աչքերը բաց չարեցիր: Ասենք, ես մի թյունի մարդ եմ, բա քո՛ խելքը ո՞րտեղ էր:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ես ի՞նչ գիտեի, լսել էի, որ ամերիկացի աղջիկները, աշխարհներ պտտելով, սիրուն-սիրուն ամուսնացուներ են փնտրում: Էհ, մտածեցի, ումից է պակաս մեր որդին իր տեսքով և ինչո՞ւ չի կարող թեկուզ քո Մորգանի աղջկան գրավել:

ՊԵՏՐՈՍ. Ափսոս էն փողերը, որ մի գիշերվա մեջ ծախսեցի: Ըհը, հաշիվը պահել եմ, որ աչքի մեջ խոթեմ: (Դուրս է բերում գրպանից ռեստորանի հաշիվը): Տես, երկու հազար հարյուր ութանասուն փռանկ, մի կողմ թողած սազանդարներին ու հողկաբազներին բաշխածս ու իրան էլ տված հինգ հարյուր փռանկը: Ափսո՜ս, ափսո՜ս: (Հաշիվը դնում է գրպանը):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ինչո՞ւ ափսոս, մինչև լույս զվարճացել ես մի գեղեցիկ պարուհու հետ: Ղեռ ով գիտե, գուցե գրկել ու համբուրել էլ ես:

ՊԵՏՐՈՍ. Էդ մեկը ճշմարիտ ասացիր, բայց ափսոս որ չկմշտեցի էդ Նատաշային: Կապիտալս կորցրի, գոնե տոկոսն առած կլինեի: (Մեկուսի): Բայց ինչ ապրանք էր, լյազաթ...

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Բարկացած ոտքի ելնելով): Անամո՛թ, գոնե ամաչիր կանդազ գլխիցդ:

ՊԵՏՐՈՍ. Ամաչիր դու, որ էգ լակոտին ծնել ես: Բայց տես, կնի՛կ, էլ նա իմ որդին չէ, հաա՜, իմացիր... հրամանքս, իմ որդին չէ...

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Օհո՛, երեկ ձեռիցս խլում էիր, այսօր հրաժարվո՞ւմ ես:

ՊԵՏՐՈՍ. Երեկ սխալվեցի: ժորժն իսկի նմանում չէ ինձ: Նա իսկ և իսկ քո պատկերն է: Մին լավ մտիկ արա քեզ ու նրանկտեսնես:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Որ այդպես է, ես էլ կասեմ, այո, ժորժը քեզանից չէ... Դե, գնա...

ՊԵՏՐՈՍ. Հե, հե, հե, տազ արա, թե չէ տեսնո՞ւմ ես: (Ցույց է տալիս բռունցքը):

ՄԱԳԹԱՂԻՆԵ.Լավ, բավական է ինչքան գլուխս ցավացրիր: Ժորժը մինչև հիմա տուն չի եկել, ես վախենում եմ:

ՊԵՏՐՈՍ. Երես ունի՞, որ տուն գա: (Կատաղելով): Ը՜ը, նրա քոքը կտրվի տակից, թյո՜ւ, կատաղությունից խեղդվում եմ: (Արագ-արագ անց ու դարձ է անում, ոտքով ու ձեռքով զարկելով բազկաթոռներին ու սեղաններին):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Հանդարտվիր, ի սեր աստծու: Ասա տեսնեմ, Ստյոպային ինչո՞ւ են տարել ոստիկանատուն:

ՊԵՏՐՈՍ. Հա, մի շան լակոտ էլ էդ քո Ստյոպան է: Ես ի՞նչ գիտեմ ինչու են տարել, ուշքս վրես էր, որ հարց ու փորձ անեի: (Զանգակ):

Следующая страница