Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ունե՞ր իրավունք

ՀԵՐՍԻԼԵ. (Դառն հեգնությամբ) Մա՜յր, իհարկե, մայր ես և շատ հոգատար, շատ սիրող մայր, ինչպես և բոլոր քեզ նման մայրերը:

ՆԱՏԱԼԻԱ. Այդ ի՞նչ լեզվով ես խոսում հետս: Չլինի ծաղրում ես ինձ

ՀԵՐՍԻԼԵ. Մամա բավական է, դու էլ մի՛ տանջիր ինձ:

ՆԱՏԱԼԻԱ. Ես եմ քեզ տանջում, թե՞ դու ինձ: Հերսիլե, ես չեմ հանգստանալ մինչև որ չիմանամ ինչ է պատահել այս տանը: Ես հենց դրա համար եմ եկել և ոտս այստեղիս դուրս չեմ դնիլ մինչև որ բոլորր չպատմես, լսո՞ւմ ես, բոլորը:

ՀԵՐՍԻԼԵ. (Մի քանի վայրկյան ինքն իր հետ լուո կռվելուց հետո մոտենում է մորը) Մամա, առաջ քան ամեն բան գիտենալը ասա ինձ. եթե մի օր թողնեմ այս տունն ու հեռանամ, կնդունե՞ս ինձ քեզ մոտ:

ՆԱՏԱԼԻԱ. Ցնցվում է: Թողնես այս տունն ու հեռանաս: Ինչո՞ւ պիտի թողնես:

ՀԵՐՍԻԼԵ. (Դառն հեգնությամբ) Ինչո՞ւ., հենց այնպես քեֆիս համար, չէ՞ որ մոդա է, քմահաճություն... (դառը ծիծաղ):

ՆԱՏԱԼԻԱ. (Ապշած) Դու կամ խելագարվել ես, կամ ծաղրում ես ինձ: Դու թե լուրջ ես խոսում և թե ինքդ ծիծաղում ես քո ասածի վրա, չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում:

ՀԵՐՍԻԼԵ. Ահ, դժվար է հասկանալ իմ դրությունը, դժվար: Զգալ է հարկավոր: Զգալ այն, ինչ որ ես եմ զգում և հետո դատապարտել այն կանանց, որոնք իբր թե առանց լուրջ պատճառի թողնում են իրենց ամուսիններին ու հեռանում:

ՆԱՏԱԼԻԱ. Քանի գնում, այնքան միտքս խառնվում է ու ամեն բան մթնում է աչքերիս առջև: Հերսիլե, աղաչում եմ, մի՛ տանջիր ինձ, ասա ցավդ:

ՀԵՐՍԻԼԵ. Կասեմ մամա, կասեմ, դանակն արդեն ոսկրին է հասել, բայց առայժմ թող ինձ ու հեռացիր: Նա շուտով դուրս կգա իր կաբինետից, իսկ ես չեմ ուզում, որ դուք հանդիպեք իրարու: Անցիր երեխաների սենյակը, նրանք մենակ են: Ահա կարծեմ գալիս է, գնա մամա...

ՆԱՏԱԼԻԱ. (Գլխարկը սեղանի վրայից վերցնելով) Տեր ողորմած աստված, դու մեզ փրկես փորձանքից: (Անցնում է բուդուար):

ՏԵՍԻԼ 2

ՀԵՐՍԻԼԵ և ԱՆՏՈՆ

ԱՆՏՈՆ. (Գալիս է առանձնասենյակից: Տխուր է ու գրգոված) Ես գնում եմ նոտարի մոտ, թե Մարմարյանը գա, խնդրեցեք որ ինձ սպասե այստեղ, շուտով կվերադառնամ:

ՀԵՐՍԻԼԵ. (Չնայելով Անտոնի կողմը) Լավ:

ԱՆՏՈՆ. Այնուհետև, բարի եղեք տիկին գոնե առավոտները չնվագել, գուք ինձ խանգարում եք պարապել իմ ոչ-բանաստեղծական հաշիվներով:

ՀԵՐՍԻԼԵ. Լավ:

ԱՆՏՈՆ. (Հազիվ գրգիռը զսպելով) Դայակը տնից հեռացել է, ո՞վ կա երեխաների մոտ:

ՀԵՐՍԻԼԵ. Մայրս:

ԱՆՏՈՆ. (Հեգնական ծիծաղով) Մոր պարտականությունները տատն է կատարում: Երևի, այդ նոր մոդան էլ այն ազատամիտ տիկին Ալիմբարյանից եք սովորել:

ՀԵՐՍԻԼԵ. Ուրիշ ասելիք չունի՞ք:

ԱՆՏՈՆ. Ունիմ:

ՀԵՐՍԻԼԵ. Լսում եմ:

ԱՆՏՈՆ. Հրամայում եմ, որ այդ կնոջ ոտքն այլևս իմ տանը չլինի: Բավական է, որքան նա ձեզ կրթեց,

ՀԵՐՍԻԼԵ. Ես չեմ կարող իմ տան դռները փակել իմ ընկերուհու առջև:

ԱՆՏՈՆ. «Իմ տա՜ն դռները»: Դուք տուն չունեք, տիկին, ոչ:

ՀԵՐՍԻԼԵ. Այո:

ԱՆՏՈՆ. Այո: Այն առաջ էր, երբ ես փափագելով տիրանալ ձեր սրտին, տվել էի ձեզ ամեն բան: Այժմ տունն իմն է և միայն իմը, իսկ դուք... դուք նրա մեջ... տնտեսուհի եք առանց իրավունքների: Եվ դեռ այդ պաշտոնն էլ ձեզ համար, ինչպես տեսնում եմ, շատ է:

ՀԵՐՍԻԼԵ. Խլեցեք այն էլ, եթե շատ եք համարում:

ԱՆՏՈՆ. Եվ ձեզ համար ոչի՞նչ, դատարկ բան է, ասա

ՀԵՐՍԻԼԵ. (Տատանվում է, հետո դրականորեն) Այո, ոչինչ

ԱՆՏՈՆ. Դուք կին չեք, այլ հրեշ...

ՀԵՐՍԻԼԵ. Ինչո՞ւ: Որովհետև չե՞մ ստում և չե՞մ կարող ստել: Որովհետև շրթունքներս չե՞ն դավաճանում իմ սրտին: Որովհետև հանուն քո հարստության չե՞մ պղծում անկեղծությունն ու ճշմարտությունը...

ԱՆՏՈՆ. Անկեղծությունն ու ճշմարտությունը չարիք են, երբ խորտակում են մի ամբողջ ընտանիքի կյանքը

ՀԵՐՍԻԼԵ. Այո, կեղծիքի, ստի և խաբեբայության վրա հիմնված կյանքը: Մի կյանք, որի արտաքինը ոսկեզօծ է, իսկ ներքինը՝ փտած...

ԱՆՏՈՆ. Կեցցեք, դուք բավական առաջադիմել եք ձեր անբարոյական աշակերտության մեջ: Դուք փտած եք համարում մի հիմունք, որ սրբագործված է աստվածային և մարդկային օրենքներով: Մի սկզբունք, որ միակ հաստատուն և ամուր պատվանդանն է մարդկային իմաստուն և բարոյական գոյության: Հապա ո՞րն է ձեր երևակայած կյանքի խարիսխը, ասացե՛ք:

ՀԵՐՍԻԼԵ. Սիրտը:

ԱՆՏՈՆ. Սի՜րտը, հահա-հա, սիրտը, որ հարյուրից իննսունուինը դեպքում թշնամի է առողջ բանականության:

ՀԵՐՍԻԼԵ. Եվ որը չի հպատակվում մարդկության շինծու օրենքներին և չի ենթարկվում նրանց բռնությանը:

ԱՆՏՈՆ. Կցանկանայի գիտենալ, ի՞նչ է թելադրում ձեզ ձեր սիրտն այսօր:

ՀԵՐՍԻԼԵ. Նա ինձ թելադրում է ասել, որ ներկա մեր դրությունը շարունակել այլևս անհնարին է և պետք է վերջապես, մի ելք գտնել ձեզ և ինձ ազատելու համար այս անվերջ գժտություններից:

ԱՆՏՈՆ. Բայց ո՞վ կամ ի՞նչը կտա ձեզ իրավունք ձեր կամքով խնդիրը լուծելու:

ՀԵՐՍԻԼԵ. Իմ անհատական ցանկությունը, իմ փափագը մարդկայնորեն ապրելու:

ԱՆՏՈՆ. Բայց չէ՞ որ ես ևս ունեմ անհատական ցանկության և մարդկայնորեն ապրելու փափագ:

ՀԵՐՍԻԼԵ. Ապրիր քո կամքով, ես քեզ չեմ խանգարում:

ԱՆՏՈՆ. (Բորբոքվելով) Հերսիլե, իմ սերը ձեզ վրա չազդեց, մի մոռանաք, որ կա մի ուժ, որ կարող է խորտակել ձեր ըմբոստությունը:

ՀԵՐՍԻԼԵ. Գիտեմ որն է այդ ուժը: Բռնությունը, որի օգնության արդեն սկսել եք դիմել:

ԱՆՏՈՆ. Ոչ, դեռ չեմ սկսել: Այն ինչ որ արել եմ մինչև այսօր ծաղիկներն են, իսկ պտուղը կճաշակեք շուտով:

ՀԵՐՍԻԼԵ. Արեք ինչ որ ուզում եք, այսուհետև ինձ համար բոլորը միևնույն է: (Ուզում է գնալ բուդուար):

ԱՆՏՈՆ. Սպասեցեք:

ՀԵՐՍԻԼԵ. (Կանգ առնելով) Ի՞նչ եք կամենում:

ԱՆՏՈՆ. (Գրգիռը զսպելով) Մոտեցեք ինձ: (Նայում է Հերսիլեին սուր հայացքով):

ՀԵՐՍԻԼԵ. (Նայելով Անտոնին) Ի՞նչ եք հրամայում, (Սարսափում է նրա հայացքից) Ա՜հ, (երեսը ձեոներով ծածկում է):

ԱՆՏՈՆ. Սարսափում եք այո: Այդ էիք կամենում, Սերն ատելի էր, այո, ծանր, անտանելի: Օ՜հ... (Գրգռվում է, զսպվում: Գրգիռը տեղի է տափս կրքին: Նայում է նրան մի քանի վայրկյան կրքոտ հայացքով, ապա կիրքը տեղի է տալիս ինքնասիրության) Անեծք քեզ, սատանա, ես վախենում եմ ինքս ինձնից: (Արագ քայլերով գնում է նախասենյակի դռներով):

ՀԵՐՍԻԼԵ. (Հանդարտ, բայց ուժասպառ ընկնում է գահավորակի վրա):

ՏԵՍԻԼ 3

ՀԵՐՍԻԼԵ և ՆԱՏԱԼԻԱ

ՆԱՏԱԼԻԱ. Այժմ ես գիտեմ ինչ է կատարվում այստեղ: Ես բոլորը լսեցի: Հերսիլե, դու նրան չե՞ս սիրում:

ՀԵՐՍԻԼԵ, Եվ դու դեռ հարցնում ես:

ՆԱՏԱԼԻԱ. Չգիտեի:

ՀԵՐՍԻԼԵ. Վեց տարի շարունակ կռվել եմ ինքս ինձ հետ, վեց տարի ստիպել եմ ինձ գոնե մի թույլ սեր զգալ դեպի նա, չեմ կարողացել: Ինչու խելքս կորցրի և կյանքս կապեցի նրա հետ: Ախ, մամա, մամա չէիր կարող գոնե մի երկու տարի էլ պահել քո տանը մինչև որ միտքս կբացվեր, և ես հիմարաբար չէի ընկնի այս գեհենի մեջ: Մի՞թե այնտեղ չկար ինձ համար մի կտոր հաց:

ՆԱՏԱԼԻԱ. Համբերիր, համբերիր, այդ այնքան անսպասելի է ինձ համար, որ չգիտեմ ինչ ասեմ: Ասա, Անտոնը վատ մարդ է: Ինչո՞վ:

ՀԵՐՍԻԼԵ. Ախ, մամա, մի՞թե ամուսինն անպատճառ վատ մարդ պիտի լինի, որ չսիրես նրան: Բավական չէ, որ ես ամեն մի ժամ, ամեն մի րոպե զգում եմ, որ նա իմ կյանքի ընկերը չէ, որ ես խաբված եմ: Բավական չէ, որ նրա հետ կենակցելն ինձ համար հոգեկան տանջանքների մի շղթա է: Եվ մի՞թե ինձնից պիտի պահանջեն, որ այս շղթան կրեմ մինչև գերեզման միայն այն պատճառով, որ նրա ծայրը սրտիս խորթ մի մարդու ձեռքումն է: Անտոնը վատ մարդ չէ, այո, բայց օտար է իմ սրտին, մամա, և ավելի, քան օտար...

ՆԱՏԱԼԻԱ. Լսիր, աղջիկս, այժմ ես միտքդ հասկանում եմ և գիտեմ ինչու ես քեզ անբախտ համարում: Ականջ դիր: Ես քսան տարեկան էի, քեզ նման գեղեցիկ, կրակոտ, երբ ամուսնացա հորդ հետ: Այն ժամանակվա երիտասարդության մեջ նա աչքի էր ընկնում իր ոչ միայն գրավիչ արտաքինով, այլև խելքով ու սրախոսություններով: Ես սիրեցի նրան և այնքան երջանիկ էի, որքան նոր օծված մի թագուհի: Բայց (հուզումը զսպելով) շուտով կյանքիս հարսանիքը փոխվեց սգո օրերի: Տարին չէր լրացել, երբ սկսվեցին ինձ համար այնպիսի սև օրեր, որոնց կարող է քաշել միայն խաբված, դավաճանված և ուրիշների ծաղրին ու ծանակին ենթարկված մի կին:

ՀԵՐՍԻԼԵ. (Զարմացած ու վշտացած) Մամա, մի՞թե հայրս:

ՆԱՏԱԼԻԱ Այո, սիրելիս, հայրդ, այդ իսկապես շատ բարի, բայց և շատ թուլամորթ մարդը: Հերսիլե, մի՞թե ես չգիտեմ ինչու չես հավանում Անտոնին: Այո, նա գեղեցիկ չէ, լեզվանի չէ, նաև մի քիչ հասակավոր քո համեմատ, մի խոսքով ոչ մարմնով, ոչ հոգով քո ընկերը չէ, բայց սիրելիս, այդ բոլորը դատարկ բաներ են համեմատած այն մեծ արժանավորության հետ, որ ունի Անտոնը: Հերսիլե, նա քո պատիվը ոտնատակ չի անում, նա քեզ չի դավաճանում, ծաղրելի չի դարձնում իր սիրուհիների աչքում, իսկ թե ինչ արժե այսես գիտեմ: Քանի -քանի անգամ տխուր գիշերները մեն-մենակ չորս պատերի մեջ նստած, արտասուք եմ թափել և ճակատագիրս անիծել: Ես հոգով ցանկացել եմ, որ իմ ամուսինը լիներ տգեղ, ծեր, մինչև անգամ հիմար, միայն թե ինձ և միմիայն ինձ ճանաչեր կանանց մեջ:

ՀԵՐՍԻԼԵ. Խե՜ղճ մամա, խե՜ղճ մամա:

ՆԱՏԱԼԻԱ. Եվ ահա մի այդպիսի գիշեր ես ուխտեցի տալ քեզ մի կոպիտ շինականի, մի հետին արհեստավորի, միայն թե գիտենամ, որ նա քեզ չի դավաճանիր: Ասում են, որ ես կաշառվել ու հրապուրվել եմ Բեգմուրյանի հարստությամբ, բայց երդվում եմ եղբորդ արևով, քո արևով, Հերսիլե, այդ ճիշտ չէ: Ես սիրել եմ նրա անձնավորությունը: Երբ առաջին անգամ նրան տեսա, սիրտս ինձ ասաց, «տուր այդ մարդուն քո աղջկան, նա լավ ընտանետեր կլինի, նա երբեք չի դավաճանի իր կնոջը»: Եվ այսօր ես կարծում եմ, որ չսխալվեցի: Այնպես է, թե՞ չէ: Վեց տարի է ամուսնացել ես. ասա, երբևէ Անտոնը դավաճանել է քեզ կամ հափշտակվել մի ուրիշ կնոջով:

ՀԵՐՍԻԼԵ. Օ՜օ եթե այդքանը միայն բավական լիներ նրան սիրելու համար, ես չէի ըմբոստանալ: Մամա, մամա ինչի՞ս է հարկավոր նրա հավատարմությունը, երբ ես չեմ սիրում նրան և չեմ կարող սիրել երբեք, երբեք:

ՆԱՏԱԼԻԱ. Ինչիդ է հարկավոր, օ՜օ, եթե հավատարիմ չլիներ, կիմանայիր ինչիդ է հարկավոր: Մարդ այն ժամանակ է միայն գնահատում իր ունեցածը, երբ զրկվում է նրանից:

ՀԵՐՍԻԼԵ. Գուցե այդպես է, չգիտեմ, բայց հավատա, մամա, երբեմն հոգուս խորքում ցանկանում եմ, որ նա իմ մեջ շարժի խանդի զգացում, գուցե այդպիսով կարողանա սիրտս տաքացնել, բայց վեց տարի է նա ինձ վրա սիրահարված է խելագարի պես և այդ սերն ինձ համար սեր չէ, այլ, այլ ինչպես ասեմ, մի տեսակ պատիժ, մի անտանելի բեռ հոգուս վրա:

ՆԱՏԱԼՒԱ. Հերսիլե, դու չգիտես ինչ ես ասում, դու խելքդ կորցրել ես: Առաջին անգամն եմ լսում, որ մի կին կարող է տանջվել իր ամուսնու սիրուց, այն էլ այնպիսի մարդու, որ նրան շրջապատել է կյանքի բոլոր բարիքներով: Հերսիլե, վախենում եմ ասել, չլինի թե աչքդ կշտացել է ամուսնական կյանքից և ուզում ես քեզ համար մի ռոման ստեղծել, ինչպես այդ անում են անբարո յա կան կանայք:

ՀԵՐՍԻԼԵ. (Զայրանալով) Մամա, լռիր: Ինչպես տեսնում եմ վերջապես, ստիպված եմ ասել քեզ այն, ինչ որ չէի կամենում ասել: (Ձայնը ցածրացնելով) Մամա, ես զզվում եմ Անտոնից, հասկացա՞ր, զզվում եմ:

ՆԱՏԱԼԻԱ. (Ցնցվելով) Զզվո՛ւմ ես:

ՀԵՐՍԻԼԵ. Այո, ես մարմնավոր զզվանք եմ զգում դեպի նա՛:

ՆԱՏԱԼԻՍ.Ահա թե ի՜նչ:

ՀԵՐՍԻԼԵ. Ամեն անգամ, երբ նա մոտենում է ինձ և շինականի պինդ ձեռներով գրկում է, երբ մանավանդ համբուրում է, մարմնովս սարսուռ է անցնում: Սկզբում դեռ ոչինչ, մի կերպ զսպում էի ինձ, իսկ հետո, հետո օհ, աստված՝ իմ... (Երեսը ծածկում է ձեռներով):

ՆԱՏԱԼԻԱ Բայց դու վեց տարի ապրել ես նրա հետ, դու նրանից երեխաներ ունես..,

ՀԵՐՍԻԼԵ. Ապրել եմ այո, ապրել եմ ուրիշների աչքում, իսկ ինձ համար դա ապրուստ՛ չի եղել, այլ զզվանք և տառապանք: (Հանդարտ լայիս է):

ՆԱՏԱԼԻԱ. (Մտատանջությամբ) Մարմնավոր զզվանք, այդ ուրիշ բան է, ես չեմ զգացել, բայց լսել եմ, որ դրա դեմ դեղ չկա: Լավ, Հերսիլե, մի լար, արտասուքը չի օգնիր: Գնանք երեխաների մոտ, նրանք քեզ կմխիթարեն, գնանք: (Զանգակի ձայն): Ահա, գալիս են... գնանք, երեսդ լվացիր, հագնվիր... Հերսիլեին զրկելով տանում է բուդուար:

ՏԵՍԻԼ 4

ԱՆՏՈՆ և ՄԱՐՄԱՐՅԱՆ

ԱՆՏՈՆ. (Գալիս է նախասենյակի դոներով Մարմարյանի հետ) Շարունակիր, ինչու լռեցիր: (նստում է գահավորակի վրա) Շարունակիր, այն ի՞նչ ճշմարտություն է, որի մասին իբր թե ես չեմ համարձակվում մտածել:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Նայելով շուրջը) Դա այն է, որ ով ուզում է իր ամուսնուց երջանկություն վայելել, պետք է նախ ինքը երջանկացնելու միջոց ունենա:

ԱՆՏՈՆ. Ասել է, ես չունեմ միջոցը, այո՞:

ՄԱՐՄԱՐՅԱՆ, (նսաում է) Գուցե ունես, բայց ոչ Հերսիլեի պես մի կնոջ համար:

ԱՆՏՈՆ. Ինչո՞ւ:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Այն հասարակ պատճառով, որ քո և նրա մեջ կա անանցանելի անդունդ:

ԱՆՏՈՆ. Դու ակնարկում ես իմ տարի՛քը: Այո, տասնութ տարով մեծ եմ նրանից, բայց մի՞թե դա կնոջ ու տղամարդու մեջ մի զարհուրելի անդունդ է:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Այդ չէ միայն, Անտոն, այդ չէ, Մենք սովորել ենք թութակի պես կրկնել թե կինը տղամարդուց հետ է մնացել բանականությամբ և ձգտումներով: Գուցե այդ ճիշտ է, բայց քո օրինակը հակառակն է ցույց տալիս: Նայիր քեզ. և տես ինչ ես: Որպեսզի մարդ հավատա, որ դու բարձր ուսում ստացած և կրթված մարդ ես, պետք է միշտ համալսարանական նշանը կրծքիդ վրա և դիպլոմը գրպանումդ ունենաս: Այնինչ Հերսիլեի մտավոր զարգացման և բանականության նշանը նրա ճակատին է դրոշմված: Ահա քանի տարի է քո ձեռքին չեմ տեսել մի լուրջ դիրք: Քո ընթերցանության սիրած նյութը կաոավարչիդ հաշիվներն են կամ զանազան պայմանագրերդ: Իսկ նանա շարունակ կարդում է, շարունակ մտածում և իր միտքը նրբացնում: Հաճախ ես վկա եմ եղել ձեր վեճերին, և միշտ հաղթությունը նա է տարել: Իսկ դու միայն մի զենք ես ունեցելծաղր: Նա միշտ թռել է դեպի վեր, դու՝ միշտ աշխատել ես նրա թևերը կտրել և երկրին կպած պահել: Ախ, Անտոն, Անտոն, գիտես, եթե ես լինեի քո տեղն ինչ կանեի: էվալլա, կտայի նրան կատարյալ ազատություն: Թոզ գնար, կրթեր ու զարգացներ իր երաժշտական ձիրքը: Երկուսից մեկը, կամ նա կդառնա երաժշտուհի, այն ժամանակ, ինչո՞ւ չէ, ես կխոնարհվեի նրա առջև, կամ ոչինչ չէր դառնալ, կհիասթափվեր, և այն ժամանակ նա ինքը կխոնարհվեր իմ վեհանձնության առջև և հավիտյան պարտական կզգար իրան:

ԱՆՏՈՆ. Շարունակիր, շարունակիր...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Բայց դու միշտ կրկնել ես և կրկնում ես մի տափակ միտք. «Կինը ծնված է ամուսին և մայր լինելու համար»: էհ, դիցուք թե այդպես է: Բայց ասա խնդրեմ, ի՞նչ է եղել այս վեց տարին քո դրությունը: Մի օր, գոնե մի ժամ համոզված եղե՞լ էս, որ Հերսիլեն քեզ է պատկանում հոգով ու սրտով, իր ամրողշ էությամբ, ասա՞: Ոչ: Դու ամեն վայրկյան դողալով մտածել ես, թե ահա, ահա պիտի գա ավելի արժանավորը և խլի նրան քո ձեռքից: էվալլա, և դու երևակայում էիր, որ դա ընտանեկան կյա՞նք է, երջանկություն: Ողորմելի մարդ, Իսկ ա՞յժմ, այժմ ի՞նչ ես անում, ասա խնդրեմ: Այդ ի՞նչ վարմունք է: Փակել ես մի նրբազգաց և խելոք կնոջ չորս պատերի մեջ և ինչպես բարբարոս, տանջում ես նրան... Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով:

ԱՆՏՈՆ. Ես նրա հետ խիստ եմ վարվում մեր փոխադարձ օգտի համար: Ահ, ես գիտեմ, որ դա ուղեղի ժամանակավոր շփոթություն է, շուտով կանցնի, և նա խելքի կգա...

ՄԱՐՄԱՐՅԱՆ, Եվ դու հավատո՞ւմ ես այդ բանին, հավատո՞ւմ ես, որ կգրավես երբևէ նրա սիրտը:

ԱՆՏՈՆ. Սիրտը գուցե ոչ, բայց միտքը կգրավեմ և կենթարկեմ իմ իշխանությանը, որովհետև խելքի գալով նա կհասկանա, որ երեխաների մայր է:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Երեխաներ, երեխաներ, Ահա թե ինչի վրա ես հույսդ դրել: Ախ, եսամոլներ: Դուք կուրացնում եք միամիտ աղջկանց, ամուսնանում եք նրանց հետ: Հետո շտապում եք նրանց վզին փաթաթել երեխաներ: Այնուհետև, երբ դեռահասը հասունանում է, աչքերը բաց է անում ուզում է ապրել իր խելքի ու սրտի թելադրությամբ, սկսում եք եզուիտաբար աղաղակել. «այդ աններելի է, ամոթալի, դու երեխաներ ուսիս, պատվի զգացոսմ, պարտականություններ»... չգիտեմ էլ ինչ: էվալլա, իսկ սեփական կյա՞նքը, հարցնում եմ քեզ, սեփական կյա՞նքը: Նա ոչինչ չարժե՞, ոչի՞նչ: Նա պետք է միշտ աղավաղվի՞, ոտնատակ լինի եսամոլների համար:

ԱՆՏՈՆ. Ահ, բավական է, թող ինձ, (Վեր է կենում) Դու չգիտես ինչ է կատարվում այստեղ. (Խփում է սրտի կողմին) Իլիա, չգիտես: Այո, ճիշտ է, որ Հերսիլեին ընտրելիս ես ղեկավարվել եմ էգոիստիկ զգացումով, ընտրել եմ նրա գեղեցկությունն ու երիտասարդությունը: Ես վաղօրոք մտքումս պարծեցել եմ ուրիշների առջև, որ պիտի ունենամ փայլուն կին: Բայց այժմ, այժմ, Իլիա, երդվում եմ պատվովս, կցանկանայի, որ նա լիներ տգեղ կամ ծեր: Այո, այո, կցանկանայի, որ մի աներևույթ ձեռք հանկարծ այդ սիրուն դեմքի վրա դներ մի բիծ, մի արատ, որպեսզի, որպեսզի...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Որպեսզի նա ոչ ոքի այլևս դուր չգար: Հասկանում եմ:

ԱՆՏՈՆ. Ո՛չ, ոչ, դու դեռ բոլորը չգիտես: Լսիր, Իլիա, (Բռնելով Մարմարյանի ձեռքը ձայնը ցածրացնում է) ես քեզ կհայտնեմ մի գաղտնիք: Սուս, թող ոչ ոք այս չիմանա: (Խորհրդավոր) Այդ դժոխային միտքը իմ գլխում ծագում է, գիտե՞ս երբ: — Խուլ գիշերները, երբ նրա ննջարանում տիրում է մեռելային լռություն, Սպասիր, այդ երբ էր, այո, երեկ չէ մեկէլ գիշերը: Ես մեն-մենակ անցուդարձ էի անում այստեղ, քնից զրկված: Նա այնտեղ էր: (Ցույց է տալիս բուդուարը) Ես մոտեցա դռներին, բաց արի կիսով չափ և մտիկ արի գողնովի, որովհետև, գիտես Իլիա, այժմ իմ կնոջը միայն գողնովի կարող եմ նայել: Նա պառկած էր դիվանի վրա սպիտակ հագուստով: Նրա շքեղ մազերը սիրուն գլխիկի շուրջըայո, այո, շատ սիրուն գլխիկ ունիկազմել էին սքանչելի պսակ: Բայց նա ինձ համար օտար էր, Իլիա, բոլորովին օտար: Ինձ թվում էր, որ ես նոր եմ տեսնում նրան, իմ օրինական կնոջը: Ես հիացած էի նրա գեղեցկությամբ այնպես, ինչպես երբեք հիացած չեմ եղել: Լսիր, լսիր: հանկարծ ինձ պաշարեց մի չար ոգի: (Զայնն ավելի ու ավելի ցածրացնում է): Նրա գեղեցկությունն ու երիտասարդությունը զարթեցրին իմ մեջ սարսափելի նախանձ (շարժելով նրա ձեռը) լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես: Այո, այո, նրա գեղեցկությունն ինձ թվաց մի չար ոսոխ: Այնտեղ, իմ կաբինետում, սեղանիս մեջ կա մի հեղուկ: Բավական է մի կտոր բամբակ թաթախել նրա մեջ, մի անգամ քսել նրա սիրուն ունքերին և... չար ոսոխն այլևս գոյություն չի ունեա Իլիա, հասկացա՞ր միտքս... (Բաց թողնելով Մարմարյանի ձեռքը վառ աչքերով նայում է նրան, ինքն իր ասածից սարսափած):

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Ապշած նրան է նայում ու սարսափում) Անտոն, քո մեջ նստած է մի սարսափելի գազան, լսել անգամ չեմ ուզում այդպիսի բաներ...

ԱՆՏՈՆ. (Շնչահատ) Այո, նա կամ ինձ պետք է պատկանի, կամ ոչ ոքի, լսո՞ւմ ես, ոչ ոքի...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Նա ոչ ոքի չի պատկանում և հազիվ թե երբևէ...

ԱՆՏՈՆ. Դու կարծում ես, դու համուվա՞ծ ես...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Կարող եմ կյանքովս և պատվովս երաշխավորել: Հերսիլեն այժմ պատկանում է միայն ինքն իրեն, իր հոգու խորությանը...

ԱՆՏՈՆ. Բայց այդ խորության մեջ նա կարող է գտնել իր բարոյականության գերեզմանը... Կինը հոգեկան այդ դրության մեջ վտանգավոր է իր ամուսնու պատվի համար... Իլիա, պետք է փրկել նրան անկման վտանգից...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Բայց մտածել այդպիսի մի վայրենի գործողության մասի՞ն, խլել նրանից աստվածային տո՞ւրքը, այլանղակել.,.. Դեհ, բավական է, ես տեսնում եմ, որ դու սկսում ես ցնորվել...

ԱՆՏՈՆ. Ցնորվե... Այո, կարող է պատահել: (Արտասվախառն ձայնով) Բայց նայիր այս գազանի հոգու հակառակ կողմին, Իլիա, և տես այնտեղ ինչ կա: Մի քանի րոպե անցած, ես գազանս, դարձա բոլորովին ուրիշ մարդ: Ես դարձա մի խեղճ, ողորմելի էակ, Իլիա: Եվ այն ժամանակ իմ մեջ հղացավ ցանկությունմոտենալ նրան, չոքել նրա առջև, ջերմ արտասուքով ներումն խնդրել: Ես նրանի՞ց. դա մինչև անգամ ծիծաղելի է, չէ՞. ներումն խնդրել նրանից, որի առջև մեղավոր եմ միայն իմ անհուն սիրով: Իլիա, Իլիա, լինել այսքան նրան մոտիկ և այսքան հեռու նրանից: Սիրել սեփական կնոջդ, որի հետ ապրել ես վեց տարի, սիրել խելագարի պես և չտիրել նրանդա ավելի քան դժբախտություն է, դա թշվառություն է: (Լռություն): Բայց ես տղամարդ եմ, չպիտի թույլ տամ ինձ ընկճվել:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Այսպես, թե այնպես, պետք է վերջ տալ այդ դրությանը, ապա թե ոչ, ինչպես տեսնում եմ, դու հոգեպես հիվանդանում ես.... Բայց առայժմ գնանք դուրս, անցնենք մի փոքր դեսուդեն, որ մտքերդ ցրվեն: Մաքուր օդը կազդի քեզ վրա բարերար կերպով:

ԱՆՏՈՆ. Ճիշտ ես ասում, գնանք... (Դիմում է նախասենյակ, — Մարմարյանը հետևում է նրան: Բուդուարից դուրս է գալիս Նատալիան):

ՏԵԱԻԼ 5

ՆՈւՅՆՔ և ՆԱՏԱԼԻԱ.

ՆԱՏԱԼԻԱ. Անտոն:

ԱՆՏՈՆ. (Կանգ է առնում) Ի՞նչ եք կամենում:

ՆԱՏԱԼԻԱ. Սպասիր, ես հիմա գիտեմ ինչ է պատահել, բայց բոլորը դատարկ բաներ են: Հաշտվեցեք:

ԱՆՏՈՆ. Ես նրա հետ չեմ կռվել:

ՆԱՏԱԼԻԱ. Գիտեմ, դու մեղավոր չես: Նա է մի քիչ ջահելություն անում: Երեխա է, ոչինչ: Ծիծաղիր նրա երեսին, ամեն բան կվերջանա:

ԱՆՏՈՆ. Լսո՞ւմ ես, Իլիա, ինձ առաջարկում են ծիծաղել, ինձ. որ ամբողջ վեց տարի աշխատել եմ նրա կյանքը ծիծաղ և ուրախություն դարձնել:

ՆԱՏԱԼԻԱ. (Դեպի բուդուարը) Հերսիլե, եկ այստեղ: Դուրս եկ, լավ, խնդրում եմ: (Անտոնին) Դե, արի, գնա ինքդ խնդրիր: (Անտոնը ինքնասիրությունից դրդված չի դնում): Չե՞ս ուզում: (Մարմարյանին) Դուք խնդրեցեք, Իլիա Մարտինիչ, նա ձեզ շատ է հարգում:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Մոտենում է բադուարին) Տիկին Հերսիլե, մի րոպե... (Հերսիլեն դուրս է գաիլս և Մարմարյանին բարևում է):

ՏԵՍԻԼ 6

ՆՈԻՅՆՔ և ՀԵՐՍԻԼԵ

ՀԵՐՍԻԼԵ. Ի՞նչ եք կամենում, Իլիա Մարտինիչ:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Թեև ես, իբրև երրորդ անձ, ավելորդ եմ, բայց ձեր մեջ տեղի ունեցող ընդհարումներն ինձ հայտնի են: Իբրև այս տան ակեղծ բարեկամ, կփափագեի այստեղ խռովություններ չտեսնել: Բարեկամս և ընկերս տանջվում է...

ԱՆՏՈՆ. Իլիա...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ինչո՞ւ չասել ճշմարիտը, մի՞թե ինքը չգիտե: Տիկին, կան դրություններ, որ մեզանից են կախված դարձնել նրանց կոմեդիա, թե դրամա:

ՀԵՐՍԻԼԵ. Ես այժմ կարո՞ղ եմ հեռանալ:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Զարմացած) Ո՞ւր:

ՀԵՐՍԻԼԵ. Այս տան բազմաթիվ սենյակներից մեկը: Փակվել այնտեղ, ոչ ոքի երեսը չտեսնել, ոչ ոքի հետ չխոսել, ոչ ոքի:

ԱՆՏՈՆ. Ա՞յդ է ձեր փափագը:

ՀԵՐՍԻԼԵ. Այո:

ԱՆՏՈՆ. Իլիա, անցիր մի րոպե իմ կաբինետը: Մայրիկ, հեռացեք խնդրեմ: (Մարմարյանն անցնում է առանձնասենյակ, Նատալիան բուդուար):

ՏԵՍԻԼ 7

ՀԵՐՍԻԼԵ և ԱՆՏՈՆ

ԱՆՏՈՆ. Ի՞նչ ես ցանկանում, վերջապես, ի՞նչ է քո պահանջը, ասա պարզ, կտրական, որ ես էլ իմանամ:

ՀԵՐՍԻԼ. Բաժանվել:

ԱՆՏՈՆ. Բաժանվե՞լ, Լավ: Բայց չէ՞ որ մի հայտնի պատճառ պետք է լինի: Դավաճանե՞լ եմ քեզ. արդյոք խաբե՞լ, քաղցա՞ծ պահել: Հարբեցող եմ արդյո՞ք, գո՞ղ, ավազա՞կ, անբարոյակա՞ն, թե չե՞մ կարողանում կերակրել ու պահել քեզ:

ՀԵՐՍԻԼԵ. Այդ բոլորը ոչինչ, այստեղ (խփելով սրտին) եղածի համեմատ:

ԱՆՏՈՆ. Բայց ի՞նչ կա այդտեղ, ասա, իմանամ...

ՀԵՐՍԻԼԵ. Ահ, եթե մինչև հիմա չես զգացել ու իմացել, այսուհետև բացատրելն ավելորդ է:

ԱՆՏՈՆ. Լավ, չես սիրում0, իմացա... Մի սիրիր, չեմ կարող ստիպել, բայց շարունակիր մնալ կինս, հասկանո՞ւմ ես, կինս, երեխաներիս մայրը: Ի՞նչ արած, հո բոլոր կանայք իրենց մարդուն չեն սիրում:

ՀԵՐՍԻԼԵ. Առաջ ես անտարբեր էի դեպի քեզ, հետո սկսեցի ատել, այնուհետև զզվել:

ԱՆՏՈՆ. (Ցնցվելով) Զզվե՞լ..

ՀԵՐՍԻԼԵ. Իսկ այժմ վախենում եմ քեզանից..

ԱնՏՈՆ. Վախենո՞ւմ ես...

ՀԵՐՍԻԼԵ. Այո: Մի՞թե մոռացել ես: Աստված իմ, այն ի՞նչ էր... Ես պառկած էի այնտեղ (Ցույց է տալիս բուդուարը) փակ աչքերով: Դու ներս մտար: Կարծում էիր թե քնած եմ: Նայեցի քո դեմքին: Աչքերդ վառվել էին ածուխի կտորների պես. շրթունքներդ կպել էին ատամներից և դողդողում էին: Քո ամբողջ կերպարանքն արտահայտում էր գազանություն: Ի՞նչ էիր մտածում անելչգիտեմ, բայց քո դեմքի վրա կարդացի սոսկալի դիտավորություն: Ես գոռալով ոտքի կանգնեցի, դու նայեցիր ինձ բռունցքներդ սեղմած. ատամներդ կրճտելով և հեռացար ուրվականի պես: Ոչ, ոչ, ես սարսափում եմ մտաբերելիս: Չեմ կարող, չեմ կարող, եթե մի շաբաթ էլ շարունակվի այս դրությունը, կխելագարվեմ: Իսկ ես չեմ ուզում այս, որովհետև կյանքը համարում եմ աստվածային անփոխարինելի պարգև:

ԱՆՏՈՆ. Դու վայելում էիր կյանքի բոլոր հրապույրները, միայն չգնահատեցիր ինձ: Հերսիլե, մի ստիպիր ինձ ավելի չար մարդ դառնալու, խելքի եկ:

ՀԵՐՍԻԼԵ Ես զզվում եմ կեղծիքից ու ստից:

ԱՆՏՈՆ. Դարձյ՞ալ նույնը:

ՀԵՐՍԻԼԵ. Այո, և միշտ:

ԱՆՏՈՆ. (Գրգռվելով) Ինչպես տեսնում եմ, անբարոյականության սերմը քո մեջ եղել է ի բնե, իսկ այդ լիբբ կինը միայն զարգացրել է նրան: (Հերսիլեն ուզում է հեռանալ բուդուար) Սպասիր, այդ չէ քո ճանապարհը (ցույց է տալիս նախասենյակը) ահա...

ՀԵՐՍԻԼԵ Առաջ եմ վճռել, (քայլերն ուղղում է դեպի բուդուար):

ԱՆՏՈՆ. Ոչ: Ես քեզ թույլ չեմ տա տեսնվել նրանց հետ:

ՀԵՐՍԻԼԵ (Նայելով նրան ատելությամբ): Զուր են քո բոլոր սպառնալիքները... (ուզում է գնալ դեպի բուդուար):

ԱՆՏՈՆ. (Միանգամայն ինքն իրեն կորցնելով) Ուրեմն ոչ այս է քո ճանապարհը, ոչ այն: Ահա նա, (ցույց է տալիս լուսամուտը) Ես կշպրտեմ քեզ փողոց, ինչպես մի կեղտոտ շոր: (հարձակվում է վրեն):

ՀԵՐՍԻԼԵ. (Աղաղակում է) Ահ...

ՆԱՏԱԼԻԱ. (Ներս է մտնում բուդուարից) Անտոն..:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. ( Ներս է մտնում նախասենյակից) Անտոն...

(Անտոնն ինքն իր իր դիտավորությունից սարսափած, կանգ է առնում, աշխատելով ուշքը ժողովել: Հերսիլեն ընկել է մոր գիրկը):

ԱՆՏՈՆ Տար, հեռացրու ինձ այստեղից, Իլիա: Ես հանցանք կգործեմ. (Մարմարյանը բռնում է նրա թևից և տանում նախասենյակ):

Վարագույր

ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ

Նույն հյուրասենյակը՝ նույն կահ-կարասիով; Դաշնամուրի վրա դրած է Անտոնի գլխարկը: Հետզհետե մթնում է: Վարագույրը բարձրանալիս Մարմարյանը նիհրած է բազկաթոոի վրա, երեսը դեպի ձախ պատը, ձեռնափայտը քովը դրած: Մի քանի վայրկյան անցած՝ ներս է մտնում Վիրժինեն, վառ լամպարը դնում է գահավորակի առջևի սեղանի վրա, պատրույգը բարձրացնում է: Բեմը լուսավորվում է:

ՏԵՍԻԼ 1

ՄԱՐՄԱՐՅԱՆ և ՎԻՐԺԻՆԵ

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Սթափվելով, գլուխը բարձրացնում է և աջ ու ձախ նայում, տեսնելով Վիրժինեին) Աա, այդ դո՞ւ ես: Լուսացել է արդեն:

ՎԻՐԺԻՆԵ. (ժպտում է) Մթնում է, ոչ թե լուսացել է:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Նայելով ժամացույցին) Աա, ճշմարիա, ես այնպես պինդ էի քնել, որ կարծում էի գիշեր է:

ՎԻՐԺԻՆԵ. Երեկոյան յոթ ժամն է:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Պարոնդ տնից չի՞ դուրս եկել:

ՎԻՐԺԻՆԵ. Ոչ, դեռ իր կաբինետումն է:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Բեր ինձ համար մի սիֆոն:

ՎԻՐԺԻՆԵ. Աչքիս վրա: (Գնում է սեղանատուն):

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Ձեռնափայտը վերցնելով, վեՐ է կենում, մոտենում է Անտոնի առանձնասենյակի դռներին, բաց է անում, զգույշ նայում է ներս, նորից ծածկում և. հետ դաոնում) Նա էլ ինձ պես բազկաթոռի վրա է քնել... Թող քնի, մի փոքր հանգստանա: Հիմար կյանք...

ՎԻՐԺԻՆԵ. (Բերում է սեղանատնից սիֆոն ու բաժակ և դնում սեղանի վրա) Լցնե՞մ բաժակը, Իլիա Մարտինիչ,..

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Իհարկե, (Վիրժինեն բաժակը լցնում է, տալիս է նրան, խմում է ու բաժակը դնում սեղանի վրա, տեսնելով, որ Վիրժինեն նայում է նրան հետաքրքիր դեմքով) Ինչո՞ւ ես այդպես մտիկ անում երեսիս:

ՎԻՐԺԻՆԵ. Իլիա Մարտինիչ... (Չի համարձակվում շարունակել):

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Նու:

ՎԻՐԺԻՆԵ. Սիրտս կտրատվում է նրան նայելիս...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ո՞ւմ,

ՎԻՐԺԻՆԵ. Տիրուհուս: Նստած իր սենյակում, մի գլուխ լաց է լինում ու համբուրում երեխաներին: Ոտքի վրա չորացել ու ցամաքել է, ոչինչ նրան չի հետաքրքրում... Էն աստվածը...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Կարծեմ, պարոնդ ավելի վատ դրության մեջ է...

ՎԻՐԺԻՆԵ. Ոչ, մի ասեք, Իլիա Մարտինիչ... ճշմարիտ է, պարոնս էլ տանջվում է, բայց տիրուհիս, ախ աստված... (արտասուքը սրբելով) Մի՞թե կարելի է, Իլիա Մարտինիչ, — պարոնն օր չի անցնում, որ. (նայում է աջ ու ձախ երկյուղով):

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ի՞նչ.

ՎԻՐԺԻՆԵ. Ծեծում է... Էն աստվածը...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Մեկուսի) Ես այդ չգիտեի... (Վիրժինեին ) սուտ մի ասա, անպիտան:

ՎԻՐԺԻՆԵ. Էն աստվածը, Իլիա Մարտինիչ, աչքերովս եմ տեսել...(Հանդարտ լալիս է):

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Լռիր, աղջի: Գնա, քո բանը չէ.. (նախասենյակից զանգակի ձայն) Զանգակ են տալիս, գնա դռները բաց արա... Բայց ոչ ոքի ոչ մի խոսք, հասկանմո՞ւմ ես, ոչ ոքի...

ՎԻՐԺԻՆԵ. Իհարկե, ուրիշներին չեմ ասիլ... (Գնում է նախասենյակ):

Մարմարյանը ընկնում է մտատանջության մեջ: Նախասենյակից ներս են մտնում Սոլոմոնն ու Նատալիան: Վիրժինեն գալիս է, սիֆոնն ու բաժակը տանում է սեղանատուն: Նատալիան տխուր դեմքով գլխով բարևում է Մարմարյանին և. անմիջապես անցնում է բուդուար:

ՏԵՍԻԼ 2

ՍՈԼՈՄՈՆ և ՄԱՐՄԱՐՅԱՆ

ԱՈԼՈՄՈՆ. (Սեղմելով Մարմարյանի ձեռքը, նստում է բազկթոռներից մեկի վրա, գլխարկը դնելով սեղանի վրա): Ի՞նչ նորություն կա:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ինչ պիտի լինի, որդը որոճում է երկուսի էլ սիրտը, իսկ ես հսկում եմ նրանց, ինչպես պահնորդ:

ՍՈԼՈՄՈՆ. Բայց այդպես շարունակել չի կարելի:

Следующая страница