Մուրացան՝   Ռուզան

Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last

ՌՈՒԶԱՆ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՀԱՍԱՆ -ՋԱԼԱԼ — Արցախի իշխանապետ

ՄԱՄՔԱՆ — Ջալալի կինը

ՌՈԻԶԱՆ — Ջալալի աղջիկը

ՆԵՐՍԵՀ — Ռուզանի նշանածը

ԶԱՔԱՐԵ — Ջալալի մեծ եղբայրը

ՈԻՄԵԿ — Ջալալի մեծ Փեսան

ՍՄԲԱՏ — Ներսեհի մտերիմը

ՀԱՄՏՈԻՆ — Սյունյաց իշխան

ՊԱՊԱՔ — Ձորափորի իշխան

ԹԵՆԻ — Ռուզանի դայակը

ՇԱՆՈԻՅՇ — Ռուզանի նաժիշտը

ԱՍՊՐԱՄ — պալատական սպասուհի

ՍՈԻՐԻԿ — Ներսեհի հավատարիմը

ՋՈԼԱ — թաթարաց զորապետ

ԲՈԻՐԱ-ՆՈԻԻՆ — Ջոլայի եղբորորդին

ԱԲՈՒ — թիկնապահ

ՋԱՓԱՐ — թիկնապահ

Դահճապետ, հայ գուժկան, թաթար գուժկան, փախստյա

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ

Ջալալ իշխանի պալատում սրբատաշ քարերից շինված մի սրահ կամարակապ առաստաղով, նեղ և սրածայր պատուհաններով, որոնք ագուցած են գույնզգույն ապակիներով: Սրահն ունի երկու հակադիր սրակամար դռներ: Պատերի մոտ դրված են հնատարազ աթոռակներ ու բազմոցներ. վերջինները ծածկված են մետաքսով: Սրահի հատակը ծածկված է գորգերով:

ՏԵՍԻԼ Ա

Ասպրամ եվ Սուրիկ

ԱՍՊՐԱՄ. — Ինչո՞ւ համար ես հետաքրքրվում, Սուրիկ:

ՍՈԻՐԻԿ. — Նրա համար, որ դու սովորություն չունիս օրիորդ Ռուզանի կացարանը հաճախելու, իսկ վերջին օրերս բոլոր ժամանակդ այս սրահներումն են անցնում:

ԱՍՊՐԱՄ. — Այդ դու արդեն նկատե՞լ ես:

ՍՈԻՐԻԿ. — Ոչ միայն ես, այլև պալատի ծառաները:

ԱՍՊՐԱՄ. — Օ՛, այդ լավ չէ: Ես չէի կամենալ, որ իմ քայլերը ուրիշները դիտեին:

ՍՈԻՐԻԿ. — Գիտե՞ս, Ասպրամ, փասյաններն էլ ճիշտ քեզ նման են մտածում, գլուխները խրում են ձյունի մեջ և կարծում են թե՝ որսորդի աչքերից ծածկվեցին:

ԱՍՊՐԱՄ. — Էհ, ի՛նչ անենք: Կինը հո փասյանից ավելի չի կարող մտածել:

ՍՈԻՐԻԿ. — Ինչո՞ւ չէ, երբեմն սատանայից ավելի:

ԱՍՊՐԱՄ. — Սատանայից ավելի՞. այդ ե՞րբ է լինում:

ՍՈԻՐԻԿ. — Երբ կամենում է մի գաղտնիք զինքը սիրողից ծածկել:

ԱՍՊՐԱՄ. — Ես ոչինչ չեմ ծածկում քեզանից:

ՍՈԻՐԻԿ. — Ուրեմն ասա՛, ինչի՞ համար ես այդքան այս կողմերը հաճախում:

ԱՍՊՐԱՄ. — (մտախոհ) Ինչի՞ համար:

ՍՈԻՐԻԿ. — Հա՛, ինչու համար:

ԱՍՊՐԱՄ. — Գիտե՞ս, ի՞նչ կա: Կամենում եմ հարստացնել թե՛ քեզ և թե՛ ինձ:

ՍՈԻՐԻԿ. — Հարստացնե՞լ:

ԱՍՊՐԱՄ. — Այո:

ՍՈԻՐԻԿ. — Ինչպե՞ս. ոսկու հա՞նք ես գտել:

ԱՍՊՐԱՄ. — Պապաք իշխանն արել է ինձ մի հանձնարարություն, որը եթե հաջողությամբ վերջացնեմ, հարյուր ոսկի պիտի ստանամ:

ՍՈԻՐԻԿ. — Հարյուր ոսկի՛...

ԱՍՊՐԱՄ. — Այո՛, հարյուր ոսկի, մի դանկ ոչ ավել և ոչ պակաս:

ՍՈԻՐԻԿ. — Ի՞նչ հանձնարարություն է այդ:

ԱՍՊՐԱՄ. — (զգուշությամբ այս ու այն կողմը նայելով) Իշխանը պատվիրել է ինձ՝ աշխատել, ինչ միջոցով ուզում է լինի, գրավել օրիորդ Ռուզանի սիրտը դեպի Համտուն իշխանը:

ՍՈԻՐԻԿ. — Ինչու՞ համար:

ԱՍՊՐԱՄ. — Որպեսզի Համտունը խլե Ներսեհից նրա հարսնացուն:

ՍՈԻՐԻԿ. — (զարմացած) Ինչպե՞ս:

ԱՍՊՐԱՄ. — Հենց այնպես ինչպես արծիվը խլում է բազեից նրա որսը:

ՍՈԻՐԻԿ. — Հասկանում եմ. բայց դու ի՞նչ կարող ես անել. չէ որ Ռուզանը Ներսեհին է սիրում:

ԱՍՊՐԱՄ. — Այդ նշանակություն չունի. Ռուզանը Համտունին էլ կսիրե, եթե սրա օգտին աշխատող լինի: Չէ՞ որ աղջիկները լավին սիրում են` քանի դեռ լավագույնը չկա, բայց հենց որ սա հայտնվում է, լավին մոռանում են:

ՍՈԻՐԻԿ. — (հեգնական ժպիտով) Մի՞թե, ես այդ չգիտեի: Ուրեմն գործդ հաջողեցրել ես:

ԱՍՊՐԱՄ. — Այնքան, որ կարող եմ ոսկիները ստանալ:

ՍՈԻՐԻԿ. — Այդ մեծ բան է: Կնշանակե անձամբ խոսել ես Ռուզանի հետ:

ԱՍՊՐԱՄ. — Այո՛:

ՍՈԻՐԻԿ . — Ի՞նչ էիր խոսում:

ԱՍՊՐԱՄ. — Ինչ որ Պապաք իշխանը թելադրում է ինձ:

ՍՈԻՐԻԿ. — Օրինա՞կ:

ԱՍՊՐԱՄ. — Գովում էի շարունակ Համտուն իշխանին՝ հիշելով նրա բարեմասնությունները, հռչակված անունը, նրա զորությունը, քաջատոհմությունը, հարստությունը, խելքը, գեղեցկությունը: Պատմում էի առասպելներ Սյունյաց օրիորդների մասին, որոնք, իբր թե, խելագարվելու չափ սիրահարվել են Համտունին, բայց որոնց հպարտ իշխանը մերժել է սառնությամբ: Ի վերջո հայտնեցի թե՝ Համտունը սիրում է միայն գեղեցիկ Ռուզանին, որից եթե մերժվի, անապատը պիտի քաշվի կուսակրոնություն ընդունելու:

ՍՈԻՐԻԿ. — Եվ ի՞նչ օգուտ այդ զրույցներից:

ԱՍՊՐԱՄ. — Նախ այն՝ որ Ռուզանն այսպիսով կընտելանա այն մտքին թե՝ Ներսեհից զատ կա և մի ուրիշ արժանավոր իշխան, որ հետամուտ է յուր սիրույն: Երկրորդ՝ նա ինքն իրեն կսկսե համեմատություններ անել Ներսեհի և Համտունի մեջ և վերջինին ավելի գերազանց գտնելով` նրան էլ կընտրե փեսա:

ՍՈԻՐԻԿ. — Բայց չէ՞ որ մեծ իշխանը Ռուզանի ձեռքը Ներսեհին է խոստացել:

ԱՍՊՐԱՄ. — Այդ նշանակություն չունի: Հենց որ Համտունն իմացավ, թե Ռուզանի սրտում բացվել է յուր համար մի փոքրիկ անկյուն, նա իսկույն փոխել կտա մեծ իշխանի որոշումը:

ՍՈԻՐԻԿ. — Բայց բացվե՞լ է այդ անկյունը:

ԱՍՊՐԱՄ. — Արդեն:

ՍՈԻՐԻԿ. — Ի՞նչ ապացույց ունիս:

ԱՍՊՐԱՄ. — Ահա՛, թե ինչ: Ներսեհ իշխանի բացակայության պատճառը մինչև այսօր ծածկել են Ռուզանից՝ վախենալով թե` միգուցե նա անհանգստանա իմանալով, որ յուր փեսացուն գնացել է թաթարների դեմ կռվելու: Պապաք իշխանի խորհրդով ես օրիորդին հայտնեցի թե՛ Ներսեհ իշխանը Խոխանաբերդ չէ գալիս այն պատճառով, որ մեծ իշխանը մերժել է նրան յուր ձեռը: Օրիորդն այս նորությունը լսեց անտարբերությամբ:

ՍՐԻՐԻԿ. — Եվ առանց հուզվելո՞ւ:

ԱՍՊՐԱՄ. — Առանց հուզվելու:

ՍՈԻՐԻԿ. — Օ՛, այդ չափազանց է:

ԱՍՊՐԱՄ. — Հապա, ի՞նչ էիր կարծում: Այժմ իմացիր թե՝ ի՞նչ փայտից են լինում տաշած այդ իշխանուհիները:

ՍՈԻՐԻԿ. — Եթե այդպես է, ուրեմն ոսկիները կստանաս:

ԱՍՊՐԱՄ. — Իհարկե: Բայց եթե ստանամ, իսկույն պիտի պսակվինք, այնպես չէ՞ :

ՍՈԻՐԻԿ. — Անշուշտ: Հարյուր ոսկու հետ ո՞վ չի պսակվիլ:

ԱՍՊՐԱՄ. — Հարյուր ոսկո՞ւ և ո՞չ Ասպրամի հետ:

ՍՈԻՐԻԿ. — Այսինքն ուզում էի ասել` հարուստ Ասպրամի հետ:

ԱՍՊՐԱՄ. — (ցուցամատով սպառնալով) Հա, զգույշ կաց, խելոք խոսիր: Այժմ մնաս բարով, ես շտապում եմ. վաղը կրկին կտեսնվենք:

(Դուրս է գնում)

ՍՈԻՐԻԿ. — Երթաս բարով:

ՏԵՍԻԼ Բ

Սուրիկ (միայնակ)

Վերջապես գաղտնիքը պարզվեցավ: Անպիտանը չէր ուզում հայտնել: Երևի խիստ են սաստել: Բայց ի՞նչ հիմարներն են. կարծես չգիտեն, որ կնոջ բերանում տաք ջուր չի մնալ: Եվ ումն են գործիք ընտրել. իմ Ասպրամին: Տատրակն ուզում են բազեով որսալ. լավ են սկսել, խոսք չունիմ. բայց տեսնենք ինչպես են վերջացնում:

ՏԵՍԻԼ Գ

Նույնն եվ Սմբատ

ՍՄԲԱՏ. — (մտնելով) Դու այստե՞ղ, Սուրիկ:

ՍՈԻՐԻԿ. — Քո հրամանով, տեր:

ՍՄԲԱՏ. — Մի բան իմացա՞ր:

ՍՈԻՐԻԿ. — Ավելի քան սպասում էի:

ՍՄԲԱՏ. — Այսի՞նքն:

ՍՈԻՐԻԿ. — Քո գուշակությունը ճիշտ էր: Պապաքն ու Համտունը, արդարև, աշխատում են խլել իմ տիրոջ հարսնացուն:

ՍՄԲԱՏ. — Հաստա՞տ տեղեկացար:

ՍՈԻՐԻԿ. — Այնպես հաստատ, ինչպես որ հաստատ է այն, թե ես մի գլուխ ունիմ և ոչ երկու:

ՍՄԲԱՏ. — Ապրես իմ քաջ. ուրեմն դու կերթաս Ներսեհի ետևից:

ՍՈԻՐԻԿ. — Իմ նժույգը, տեր, սրընթաց է քամու պես, երկու ժամվա մեջ նա կհասցնե ինձ Մռավ:

ՍՄԲԱՏ. — Կպատրաստվես և կսպասես իմ հրամանին: Այժմ պատմիր ինձ քո լսածները: (Կամենում է նստել, բայց մի ոտնաձայն գրավում է յուր ուշադրությունը): Ո՞վ է գալիս այստեղ:

ՍՈԻՐԻԿ. — (նայելով դռան կողմը) Պապաք իշխանը՝ օրիորդի դայակի հետ:

ՍՄԲԱՏ. — Որ այդպես է, հեռանանք, մենք կխոսենք իմ սենյակում:

(Դուրս են գալիս աջ դռնով):

ՏԵՍԻԼ Դ

Թենի եվ Պապաք

(Ներս են մտնում ձախ դռնով)

ԹԵՆԻ. — Այստեղ, Պապաք իշխան, կարող եմ մի փոքր հանգստանալ:

ՊԱՊԱՔ. — (աթոռը մոտեցնելով) Հրամմե, մայր Թենի, այս սրահի վերելքն, արդարև, շատ բարձր է:

ԹԵՆԻ. — Այո՛, ամեն անգամ երբ վերադառնում եմ եկեղեցուց, այս քարե սանդուղքները հոգնեցնում են ինձ: (Մի փոքր հանգստանալուց հետո շարունակում է): Հա, ա՛յն էի ասում. այդ միության ես դեմ եմ: Երբեք չէի կամենալ, որ իմ պահած ու պաշտած Ռուզանը այդ ձորոգետացուն գնար: Ի՞նչ մեղքս ծածկեմ. ատելով ատում եմ Ներսեհ իշխանին:

ՊԱՊԱՔ. — Եվ իրավունք ունիս: Ասում են թե՝ դրա մայրը մեծ թշնամություն է արել քեզ:

ԹԵՆԻ. — Օ՛, և ի՛նչ թշնամություն. նա ուղղակի դժբախտացրեց ինձ: Լսե՞լ ես այդ պատմությունը:

ՊԱՊԱՔ. — Լսել եմ. ասում են աղջիկ ժամանակդ շատ գեղեցիկ ես եղել. այնպես որ Հանդաբերդի Վախթանգ իշխանը տեսնելով քեզ` հրապուրվել է քո գեղեցկությամբ և հետդ նշանվել: Բայց նրա քույրը, որ այս Ներսեհի մայրն է եղել, չարախոսել է քո մասին, ասելով թե` Թենին տարիքով մեծ է և բարքով դաժան: Վախթանգը քրոջ զրպարտության հավատալով հրաժարվել է քեզնից:

ԹԵՆԻ. — Այո. և այդ չարաբաստիկ դեպքից հետո հայրս հիվանդացավ ու մեռավ: նա պատվասեր մարդ էր և չկարողացավ յուր դստեր անարգանքը տանել:

ՊԱՊԱՔ. — Երևակայում եմ թե՝ որքա՛ն կվշտանայիր:

ԹԵՆԻ. — Իմ վիշտն անսահման եղավ. որովհետև քիչ հետո մայրս էլ նույն բախտին հանդիպեց, սիրած ամուսնու մահը հարվածեց նրան ինչպես շանթ:

ՊԱՊԱՔ. — Օ՛, ի՛նչ դժբախտություն:

ԹԵՆԻ. — Այո՛, նա մեռավ թողնելով ինձ այս՝ (ցույց տալով մատի վրա ունեցած մատանին) իբրև միակ պաշտպան այս աշխարհի մեջ:

ՊԱՊԱՔ. — Այդ մատանի՞ն:

ԹԵՆԻ. — Այո:

ՊԱՊԱՔ. — Անշուշտ դա ունի թանկագին մի գոհար, որի արժեքը կարող է քեզ ապահովել:

ԹԵՆԻ. — Ոչ. նրա գոհարը չարժե ավելի՝ քան մի հատ երինջ, բայց նրա տակը պահված է զորավոր մահաթույն:

ՊԱՊԱՔ. — (զարմացած) Մահաթո՞ւյն:

ԹԵՆԻ. — Այո՛: Մայրս մեռնելուց առաջ տվավ ինձ այս՝ ասելով. — Թենի, քեզ այս աշխարհում թողնում եմ միայնակ: Եթե երբևիցե հանդիպես այնպիսի դժբախտության, որ մահը գերադաս համարես կյանքից, հանիր այս մատանու ակը և նրա տակ դրած թույնը ջրում լուծելով խմի՛ր. նա քեզ կբերե խաղաղ` բայց հավիտենական քուն:

ՊԱՊԱՔ. — Որպիսի՜ տարօրինակ կտակ:

ԹԵՆԻ. — Բայց և փրկարար: Քանի՛-քանի՛ անգամ ես կամեցել եմ դիմել այս քնաբեր մատանու օգնության:

ՊԱՊԱՔ. — Ի՛նչ տղայություն: Արժե՞ միթե այդ աստիճան ընկճվիլ չարության առաջ: Ընդհակառակը, պետք է աշխատել՝ պատժել հակառակորդին:

ԹԵՆԻ. — Օ՛, շատ կցանկանայի, բայց ի՞նչ կարող էի անել:

ՊԱՊԱՔ. — Այն, ինչ որ Ներսեհի մայրը քեզ արավ:

ԹԵՆԻ. — Այսի՞նքն:

ՊԱՊԱՔ. — Նրա շնորհիվ դու իշխանուհի լինելու փոխարեն` դարձել ես մի դայակ. հենց այդ պաշտոնիդ շնորհիվ դու կարող ես վրեժ լուծել քո թշնամուց:

ԹԵՆԻ. — Ինչպե՞ս:

ՊԱՊԱՔ. — Օգնելով ինձ` խանգարել Ներսեհի ամուսնությունը Ռուզանի հետ:

ԹԵՆԻ. — Օգնելով քե՞զ... Ուրեմն դու է՞լ դեմ ես այս միության:

ՊԱՊԱՔ. — Եվ ինչպե՞ս կարող եմ չլինել դեմ, քանի որ այդ միությունը պատճառ պիտի լինի իմ կործանման:

ԹԵՆԻ. — (վախեցած) Ինչպե՞ս:

ՊԱՊԱՔ. — Դու գիտես, որ յոթ երկար տարիներ ես գերի էի Թաթարստանում և միայն երկու տարի է, ինչ վերադարձել եմ մեր երկիրը:

ԹԵՆԻ. — Գիտեմ:

ՊԱՊԱՔ. — Իմ գերության միջոցին՝ Ներսեհի հայրը անիրավաբար խլել էր այրի մորս ձեռքից Ծոփափորի իմ կալվածները և մեռնելուց հետո թողել այն յուր որդուն՝ իբրև նրա սեփական ժառանգություն: Երբ ես վերադարձա` աշխատեցի համոզել Ներսեհին ճանաչել իմ իրավունքը և վերադարձնել ինձ և իմ կալվածները, բայց նա չլսեց և իմ խնդիրն ու բողոքը թողեց անուշադիր: Ինը տարի է՝ ինչ իմ տունը մի դանգ չէ ստացել այդ կալվածներից:

ԹԵՆԻ. — Իսկ այդ խնամությունը ի՞նչ կապ ունի քո զրկանքի հետ:

ՊԱՊԱՔ. — Իմ հույսը Ջալալ իշխանի վրա էր: Նա յուր ազդեցիկ միջնորդությամբ կարող էր վերադարձնել տալ ինձ իմ հայրենի ժառանգությունը: Բայց այժմ, երբ Ներսեհն առնում է Ռուզանին, Ջալալն այլևս չի ցանկանում յուր միջամտությամբ զրկանք պատճառել փեսային: Մյուս կողմից էլ Ներսեհն աներոջ զորության վրա վստահանալով՝ այսուհետև ավելի ևս համառությամբ պիտի դիմադրե ինձ: Այս պատճառով, ահա՛, ես դեմ եմ այդ միության:

ԹԵՆԻ. — Իրավունք ունիս. այս ամուսնությունը վնաս կբերե քեզ:

ՊԱՊԱՔ. — Բայց եթե դու ինձ օգնես, ես վնասից կազատվեմ, իսկ դու` քո ատելիից:

ԹԵՆԻ. — Ամենայն սիրով. բայց ի՞նչ կարող եմ անել:

ՊԱՊԱՔ. — Ահա՛ թե ինչ: Համտունը, ինչպես գիտես, եկել է Խոխանաբերդ Ռուզանի ձեռքը խնդրելու, բայց հայրը անպատճառ պիտի մերժե նրան, առարկելով, որ յուր դուստրը սիրում է Ներսեհին: Այս պատճառով, ահա՛, ես որոշեցի գործը կարգադրել այնպես, որ Ռուզանը ինքը ընտրե Համտունին իրեն փեսա: Եվ գործ դրած հնարներս հաջողվել են. Ռուզանի սիրտը այժմ գրավված է միայն Համտունով:

ԹԵՆԻ. — (ընդհատելով Պապաքին) Այդ մի ավետիք է, Պապաք իշխան. ո՞ւր էր թե Ներսեհը չերևար այլևս այս ամրոցում: Բայց ես Ռուզանի մեջ փոփոխություն չեմ նկատել. միգուցե սխալվում ես:

ՊԱՊԱՔ. — Ռուզանը ծածկամիտ է և չէր բացվիլ քո առաջ. բայց ես ապահով եմ, որ հմտությամբ եմ գործել:

ԹԵՆԻ. — Ի՞նչ ես արել իսկապես:

ՊԱՊԱՔ. — Պատմությունը երկար է, հետո կզրուցեմ: Այժմ ինձ հարկավոր է քո շուտափույթ օգնությունը:

ԹԵՆԻ. — Այսի՞նքն:

ՊԱՊԱՔ. — Քանի դեռ Ջալալը բացակա է ամրոցից, անհրաժեշտ է, որ Համտունը տեսնվի Ռուզանի հետ և յուր առաջարկությունը անե նրան անձամբ: Համտունը պերճախոս է և կգրավե օրիորդին: Բավական է աղջկա կողմից համաձայնության մի բառ և իշխանն այնուհետև կխլե նրան յուր հորից. դրա համար Համտունն ունի օրինական իրավունք: Արդ դու մի հնարով բեր Ռուզանին այս սրահը և միջոց տուր նրան՝ պատահել Համտունին և խոսել նրա հետ...

ԹԵՆԻ. — (ընդհատելով) Իմ ներկայությա՞մբ այդ անկարելի է:

ՊԱՊԱՔ. — Քո ներկայությա՞մբ. Իհարկե ոչ. միթ՞ե ես թույլ կտամ, որ իշխանուհու դայակը պատասխանատվության ենթարկվի:

ԹԵՆԻ. — Հապա՞:

ՊԱՊԱՔ. — Հենց որ իշխանն ու օրիորդը կսկսեն խոսել, մենք մի պատրվակով կհեռանանք այստեղից:

ԹԵՆԻ. — Եթե այդպես է, կարող ես հուսալ ինձ վրա:

ՊԱՊԱՔ. — Բայց պետք է շտապես, որովհետև Համտունը շուտ պիտի գա այստեղ:

ԹԵՆԻ. — (վեր կենալով տեղից) Հենց հիմա կերթամ Ռուզանի մոտ և մի պատրվակով կբերեմ նրան այս կողմը: Բայց մինչև այն՝ իշխանը թող պատրաստ լինի այստեղ: (Դուրս է գնում):

ՊԱՊԱՔ. — (ճանապարհ դնելով Թենիին) Նա պատրաստ կլինի անշուշտ:

ՏԵՍԻԼ Ե

Պապաք (վերադառնալով)

Այս էլ այսպես, ուրեմն հաջողվում է: (Ձեռքերը գոհությամբ շփելով): Այսուհետև Ներսեհը թող պինդ պահե յուր հարսնացուն: Իշխաններն, անշուշտ, կմեղադրեն ինձ, երբ իմանան, որ գործը խանգարվել է իմ ձեռքով: Բայց ինձ ի՞նչ: Ազնիվ կոչվելու համար ես հո չեմ կարող ցնցոտի հագնել կամ ծոմապահության վարժվիլ: Ես միջոց չունիմ, գեթ, հասարակ իշխանի վայել ապրուստ անելու, մինչ Ներսեհն իմ կալվածների եկամուտով բանակներ է կազմում և փառք ու հռչակ ստանալու համար թաթարաց դեմ արշավում: Կարո՞ղ եմ միթե այս անիրավությունը տանել:

ՏԵՍԻԼ Զ

Նույնն եվ Սմբատ

ՍՄԲԱՏ. — (մտնելով) Ողջույն, տյար Պապաք:

ՊԱՊԱՔ. — Ողջույն, իշխան:

ՍՄԲԱՏ. — Ես քեզ էի որոնում:

ՊԱՊԱՔ. — Ծառա եմ հրամանիդ:

ՍՄԲԱՏ. — Այս պալատում, բարեկամ, պատրաստվում է մի խռովություն, որի մեջ, կարծեմ, մատ ունիս և դու:

ՊԱՊԱՔ. — (իբր զարմանալով) Մի խռովություն, որի մեջ մատ ունիմ և ե՞ս:

ՍՄԲԱՏ. — Այո՛:

ՊԱՊԱՔ. — Ենթադրությանդ մեջ, Սմբատ իշխան, կարի համարձակ ես:

ՍՄԲԱՏ. — Ես համարձակ եմ լինում՝ երբ վտանգը տեսնում եմ վերահաս:

ՊԱՊԱՔ. — Քաջի պատասխան է, բայց ի՞նչ խռովության մասին է խոսքդ:

ՍՄԲԱՏ. — Այն, որ Համտունը պատրաստվում է հարուցանել:

ՊԱՊԱՔ. — Ես ոչինչ չգիտեմ:

ՍՄԲԱՏ. — Դու նրա խորհրդատուն ես և ոչինչ չգիտե՞ս:

ՊԱՊԱՔ. — Բարի գործի համար ես ամենքի խորհրդատուն եմ:

ՍՄԲԱՏ. — Բայց մի սիրահոդ միություն քանդելը մի՞թե բարի գործ է:

ՊԱՊԱՔ. — Միություն քանդե՞լը... Ոչինչ չեմ հասկանում, կարո՞ղ ես պարզ խոսել:

ՍՄԲԱՏ. — ինչու՞ չէ, այդ իմ թուլությունն է:

ՊԱՊԱՔ. — Ուրե՞մն:

ՍՄԲԱՏ. — Հասան-Ջալալ-Տոլան յուր Ռուզան աղջիկը մի՞ մարդու հետ պիտի ամուսնացնե, թե՞ երկու:

ՊԱՊԱՔ. — Եթե քրիստոնյա է՝ մեկ:

ՍՄԲԱՏ. — Իսկ եթե կռապաշտ լինե՞ր:

ՊԱՊԱՔ. — Դարձյալ մեկ:

ՍՄԲԱՏ. — Արդ, ամենքին հայտնի է, որ նա յուր դուստրը խոստացել է Ձորոգետի Ներսեհ իշխանին: Ինչո՞ւ ուրեմն Համտունը յուր երկիրը թողած՝ նստել է այստեղ և սպասում է Ջալալին՝ նրա աղջկա ձեռքը խնդրելու համար:

ՊԱՊԱՔ. — Ես Համտունի խնամակալը չեմ, իրենից հարցրու այդ:

ՍՄԲԱՏ. — Բայց Համտունը եկել է Խոխանաբերդ քո խորհրդով:

ՊԱՊԱՔ. — Ո՞վ ասաց քեզ այդ:

ՍՄԲԱՏ. — Նրանք, որ ուրիշի ասածովն են տեսնում, ոչինչ չեն տեսնում. ես վաղուց դիտում եմ քո քայլերը և հավատում եմ իմ աչքերին:

ՊԱՊԱՔ. — Քո աչքերը, բարեկամ, շատ վատ են ծառայում քեզ:

ՍՄԲԱՏ. — Ես կխլեմ նրանց, եթե կհաստատես թե՝ դու՛ չես այս բանում Համտունին դրդողը:

ՊԱՊԱՔ. — Ուրեմն խլիր, որովհետև Համտունին դրդողը ոչ թե Պապաքն է, այլ տոհմական օրենքը և յուր պատվասիրությունը: Ամենքին հայտնի է, որ իբրե Սյունյաց իշխանի, նրան կպատկանի Բագրատունյաց տոհմի աղջկա հետ ամուսնանալու առաջին իրավունքը: Եվ ահա նա եկել է այդ իրավունքին տիրանալու:

ՍՄԲԱՏ. — Եթե այդպես է, դու մի՛ խառնվիր գործին, իսկ ես կհամոզեմ Համտունին՝ զոհել այդ իրավունքը հասարակաց խաղաղության:

ՊԱՊԱՔ. — Համոզի՛ր, եթե կարող ես: Ես ուրախ կլինիմ, եթե նման կասկածներ հեռու լինին ինձնից: (Նայելով լուսամուտին) ի դեպ, ահա՛ իշխանը գալիս է այստեղ. փորձի՛ր խոսել հետը. աշխատիր ազդել վրան. ես առ ժամանակ միայնակ կթողնեմ ձեզ, որպեսզի հարկ եղածը բացատրեք նրան ազատորեն: Հետո կվերադառնամ, որ տեսնեմ՝ ի՞նչ եք շահել: (Առանձին): Թող խոսե ինչ կամենում է: Ես Համտունի սրտում այնպիսի թույն եմ կաթեցրել՝ որ սրա դեղթափը չի ազատիլ նրան: Թող սա այստեղ խոսե, իսկ ես կաշխատեմ գործը կարգադրելու:

(Դուրս է գնում)

ՏԵՍԻԼ Է

Սմբատ (միայնակ)

Շահը, անձնական շահը... Ամենքի աչքերն էլ դրանով են կուրացած: Ո՞վ է մտածում ժողովրդի համար. ո՞ւմ հոգն է թե` թշնամին նստած է երկրի սրտում, թե նրա հրոսակները ավերում են հայ գյուղերը: Վայ մեզ, սրանք են, ուրեմն, մեր երկրի պետերը, ժողովրդի պաշտպանները… փոխանակ միանալու և թշնամուն դիմադրելու` օրն ի բուն իրար ոտքի տակն են փորում:

ՏԵՍԻԼ Ը

Սմբատ եվ Համտուն

ՀԱՄՏՈՒՆ. — (մտնելով) Ողջույն, իշխան. ների՛ր, որ խանգարում եմ քո մենավոր մտածությունները:

ՍՄԲԱՏ. — Շնո՛րհ արա, տե՛ր Համտուն, ավելի լավ է քեզ հետ խոսակցել, քան միայնակ մտորել:

ՀԱՄՏՈՒՆ. — Այո՛, միայնությունը վատ է ազդում և ի՛նձ վրա. մանավանդ այս ամրոցում, ուր, կարծես, ինձ համար դարբնվում է մի դժբախտություն: Չգիտեմ ինչո՞ւ, ինձ այնպես է թվում թե՝ այս կամարները պիտի փլչեն իմ գլխին: Կարծես մինը շարունակ, արդյոք չար ոգի՞, թե՞ պահապան հրեշտակ՝ շշնջում է իմ ականջում թե` հեռացիր այս սրահներից, այստեղ ոչ մի բարիք չէ սպասում քեզ:

ՍՄԲԱՏ. — Բայց դու գտնվում ես մեր ամենից բարի և ամենից առաքինի իշխանի հարկի տակ:

ՀԱՄՏՈԻՆ. — Այդ ես գիտեմ, իմ կասկածը դրա մասին չէ. ինձ անհանգստացնում է քո երեկվա գուշակությունը:

ՍՄԲԱՏ. — Այն որ ասացի թե՝ իշխանը կմերժե՞ քեզ:

ՀԱՄՏՈՒՆ. — Այո՛: Եվ ինձ այժմ տանջում է ոչ միայն այն միտքը, թե չի պիտի կարենամ նպատակիս հասնել, այլև այն թե՝ ի՞նչ մեծ գանձ եմ կորցրել իմ անհոգության շնորհիվ:

ՍՄԲԱՏ. — Իշխան, իզուր ես մտածում կորստյան մասին ա՛յն գանձի, որն երբեք չես ունեցել:

ՀԱՄՏՈՒՆ. — Չեմ կարող չմտածել: Ես նմանում եմ ա՛յն անհոգ կալվածատիրոջ, որ յուր գետինը մի չնչին վաճառել է դրացուն, իսկ սա այդ գետնում գտել է ոսկու հանք: Քանի դեռ իմ երերումն էի, գիտեի որ Ջալալ-Տոլան ունի մի աղջիկ, որ գեղեցիկ է և որի հետ ամուսնանալու տոհմական իրավունք ունիմ ես: Այն ժամանակ, արդարև, չէի մտածում այդ աղջկա վրա: Բայց բարի մարդիկ նախանձ գրգռեցին իմ մեջ: Այդ նախանձն այժմ տոչորում է ինձ:

ՍՄԲԱՏ. — Մարդիկ ասացիր: Մի՞թե Պապաք իշխանից զատ մի ուրի՞շն էլ խոսել է քեզ Ռուզանի մասին:

ՀԱՄՏՈՒՆ. — Պապաք իշխանի՞ց... դու ուրեմն գիտե՞ս այդ մարդու անունը:

ՍՄԲԱՏ. — Գիտեի ավելի վաղ, քան ինքը կկարծեր:

ՀԱՄՏՈԻՆ. — Այո, բարեկամ, այդ Պապաքն էր, որ իմ իշխանական պատվասիրությունը գրգռեց: Նրա խորհրդով ես եկա մրցելու Ներսեհ իշխանի հետ, բայց շուտով էլ պատժվեցա: Իշխանական սին փառասիրությունը տեղի է տվել այժմ իմ մեջ սիրո տանջանքների:

ՍՄԲԱՏ. — Թույլ կտա՞ս ինձ` ազատել քեզ այդ տանջանքներից:

ՀԱՄՏՈԻՆ. — Օ՛, և ինչպիսի՛ շնորհակալությամբ կընդունեմ այդ օգնությունը: Պատրաստ եմ իմ երկրի ամենից բերրի գավառը նվիրել քեզ, միայն թե ասա՝ ինչո՞վ կարող ես օգնել ինձ:

ՍՄԲԱՏ. — Մի բարի խորհրդով:

ՀԱՄՏՈԻՆ. — Իսկ այդ խորհո՞ւրդը:

ՍՄԲԱՏ. — Հեռացիր այստեղից և մոռացիր այս խաչենցի օրիորդին:

ՀԱՄՏՈԻՆ. — (հուսահատաբար) Հեռանա՞լ այստեղից... օ՛, եթե միայն կարենայի, եթե ոտքերս հպատակվեին ինձ…

ՍՄԲԱՏ. — Քո սյունեցի նժույգը մի օրվա մեջ կարող է վերադարձնել քեզ քո երկիրը:

ՀԱՄՏՈԻՆ. — Իհարկե, նա իմ մարմինը կտանե, բայց հոգիս կմնա այստեղ. Հասան-Ջալալի աղջկան ես չեմ կարող մոռանալ:

ՍՄԲԱՏ. — Ով որ հեռանում է, նա էլ մոռանում է. լսի՛ր բարեկամիդ, որ խոսում է անկեղծությամբ:

ՀԱՄՏՈԻՆ. — Հավատում եմ քեզ, իմ բարի իշխան, բայց հեռանալ չեմ կարող:

ՍՄԲԱՏ. — Քո վիճակն ավելի կվատթարանա՝ եթե Ներսեհը վերադառնա այստեղ:

ՀԱՄՏՈԻՆ. — Գիտեմ: Նախանձը, որ այժմ իմ սրտում վառվում է իբրև զոհի հուր, այն ժամանակ կբորբոքի ինչպես մի հրդեհ:

ՍՄԲԱՏ. — Բավական չէ նախանձը: Կծագեն, նաև ուրիշ գժտություններ:

ՀԱՄՏՈԻՆ. — Գժտություններից չեմ վախենում, նույնիսկ եթե բոլորը զինվեն իմ դեմ. միայն թե նա՛ ... նա՛ լիներ ինձ հետ:

ՍՄԲԱՏ. — Ո՞վ, օրիո՞րդը:

ՀԱՄՏՈԻՆ. — Այո՛, իմ սրտի իշխանուհին...

ՍՄԲԱՏ. — Նա Ներսեհին է սիրում.

ՀԱՄՏՈԻՆ. — (հանկարծ հուզվելով) Մի՛ ասիր այդ, Սմբատ իշխան, այս ամրոցը ես կկործանեմ միայն այդ խոսքը չլսելու համար:

ՍՄԲԱՏ. — (զգաստանալով և ինքն իրեն) Սա կատակ չէ անում, ես իզուր եմ խոսում: (Համտունին) Ուրեմն ի՞նչ ես մտադիր անելու:

ՀԱՄՏՈԻՆ. — Չգիտեմ, շփոթված եմ: Ես եկա այստեղ Պապաքի հետ խոսելու, նա է կապել այս հանգույցը, նա ինքն էլ պիտի լուծե: Չգիտե՞ս ուր է նա:

ՍՄԲԱՏ. — Քիչ առաջ այստեղ էր և խոստացավ վերադառնալ:

ՀԱՄՏՈԻՆ. — Կխոսեմ նրա հետ առանձին:

ՍՄԲԱՏ. — Եթե այդպես է, ուրեմն չեմ խանգարիլ ձեզ: Խոսեցեք, ինչ կամենում եք: Միայն թե դու, ազնիվ իշխան, մի՛ մոռանար իմ խորհուրդը: Եթե քո սերն ու իրավունքը կարող ես զոհել հասարակաց բարվույն, ապա զոհիր քաջությամբ, և ամեն բերան կօրհնե քեզ սրտագին:

ՀԱՄՏՈԻՆ. — Կաշխատեմ, Սմբատ իշխան, ստանալ քո սիրտն ու զգացմունքը: Բայց եթե իմ ջանքն ապարդյուն անցնե և խելքը սրտիս վրա իշխել չկարենա՞…

ՍՄԲԱՏ. — Այն ժամանակ, իհարկե, կհաշտվիմ այն մտքի հետ թե` մարդը հրեշտակ չէ... թող աստված օգնե քո ջանքերին: Պետք է շտապել ճամփել Սուրիկին:

(Արագ դուրս է գնում)

ՏԵՍԻԼ Թ

Համտուն (միայնակ)

Ի՞նչ տարօրինակ զգացմունք է այս: (Ձեռքը դնելով սրտին): Ի՞նչ կա այստեղ, ինչո՞ւ չէ հանգստանում... Արդյոք մի աներևույթ ձեռք սեղմե՞լ է սրան յուր բռան մեջ, թե սեգ իշխանուհու աչքերն են հարվածել: Եվ ի՞նչ. մի՞թե սա է սերը... Օ՛, ոչ, սերը երկնքից է իջնում. նրան աստված է վառում. իսկ այստեղ հրդեհում է մի դժոխք, որ դևերը կարող են բորբոքել…

ՏԵՍԻԼ ժ

Նույնն եվ Պապաք

ՊԱՊԱՔ. — (մտնելով) Ի՞նչ է պատահել քեզ, իշխան, դու այսօր ավելի տխուր ես, քան երբևիցե տեսել եմ քեզ:

ՀԱՄՏՈԻՆ. — Հույսս արդեն հատել է. ինձ թվում է թե՝ երկար և ապարդյուն սպասեցի: Մնում է միայն հեռանալ:

ՊԱՊԱՔ. — Բայց մեր գործն արդեն հաջողվելու վրա՛ է:

ՀԱՄՏՈՒՆ. — Դու այդ միշտ ես ասում. ո՞ւր է ապա հաջողությունը:

ՊԱՊԱՔ. — Ամեն ինչ վերջացած է. մի քանի վայրկյանից Ռուզանն յուր դայակի հետ կգա այս սրահը:

ՀԱՄՏՈԻՆ. — Հետո՞:

ՊԱՊԱՔ. — Դու կներկայանաս նրան և քո առաջարկը կանես:

ՀԱՄՏՈՒՆ. — Բայց օրիորդը… կհոժարի՞ արդյոք լսել ինձ:

ՊԱՊԱՔ: — Անհոգ եղիր. նախապատրաստ է այնքան, որ կարող է լսել:

ՀԱՄՏՈԻՆ. — Քո հնարագիտությունը, Պապաք իշխան, հիացնում է ինձ:

ՊԱՊԱՔ. — Աստծո տված շնորհից պետք է միշտ օգտվել:

ՀԱՄՏՈԻՆ. — Շնորհակալ եմ, բարեկամ: Հենց ա՛յն միջոցին, որ հուսահատությունը ճնշում է իմ հոգին, դա նրան կազդուրում ես նորից: Եթե քո ջանքերը հաջողությամբ իսկ չպսակվին, այսուամենայնիվ, ես միշտ երախտապարտ պիտի մնամ քեզ:

ՊԱՊԱՔ. — Բարեկամական պարտքիցս ավելի ոչինչ չեմ արել:

ՏԵՍԻԼ ԺԱ

Առաջիններն եվ Ասպրամ

ԱՍՊՐԱՄ. — (մտնելով՝ հայտնում է Պապաքին իբր զգուշանալով) Իշխան, պատրաստվեցեք, մայր Թենին և Ռուզանը գալիս են այստեղ:

ՊԱՊԱՔ. — Հա՞, շատ բարի, ուրեմն ես կդիմավորեմ օրիորդին, իսկ դու մտածիր թե՝ ի՞նչ պիտի խոսիս հետը: Իմ կարծիքով ազատ ու անկեղծ խոսիլը ավելի լավ է:

ՀԱՄՏՈԻՆ. — Գնա՛, դիմավորի՛ր. խոսելու համար կարիք չունիմ պատրաստվելու:

ՊԱՊԱՔ. — Բարի: (Դուրս է գնում) :

ՏԵՍԻԼ ԺԲ

Համտուն (միայնակ)

Բախտը, ուրեմն, դեռ երեսը չէ դարձրել ինձանից, դեռ կարելի է հուսալ: Նախազգացումը, կարծես, շշնջում է իմ ակաջնին թե՝ նա իմը պիտի լինի: Օ՛, եթե այդ ճիշտ լիներ, եթե նա կարողանար ինձ սիրել, ինձ մտերմանալ և յուր սիրտն ու բախտը իմ ձեռքը հանձնել...

ՏԵՍԻԼ ԺԳ

Նույն, Պապաք, Ռուզան եվ Թենի

ՊԱՊԱՔ. — (մտնելով Ռազանի հետ) Այո՜, իշխանուհի, հենց իսկույն կամենում էի բարձրանալ քո դստիկոնը և խնդրել իշխանի կողմից՝ (ցույց տալով Համտունի վրա), որ հաճեիր թույլ տալ իրեն` ներկայանալ քեզ:

ՌՈԻԶԱՆ. — Ուրախ եմ, որ այդ նեղությունը չեմ պատճառել քեզ: (Համտունին դառնալով): Ինչո՞վ կարող եմ ծառայել իշխանին:

ՊԱՊԱՔ. — Տյար Համտունը, կարծեմ, կարիք ունի քո խորհրդին:

ՀԱՄՏՈԻՆ. — (Ռուզանին) Եթե մեծաշուք օրիորդը կհաճի նվիրել ինձ մի քանի վայրկյա՞ն...

ՌՈԻԶԱՆ. — Բարի խորհրդի համար պատրաստ եմ զոհել մի ժամ:

ԹԵՆԻ. — Իսկ ես, դստրիկս, մինչև դուք կխոսեք, կիջնեմ մատուռ մի փոքր աղոթելու... (Պապաքին): Պապաք իշխան, կարո՞ղ ես ինձ օգնել:

ՊԱՊԱՔ. — Սանդուղքներից իջնելո՞ւ, ամենայն սիրով: Ով որ հաճախ չէ աղոթում՝ նա պետք է մի բանով ծառայե աղոթողներին, որպեսզի նրանց աղոթքից շահվի և ինքը, տուր ինձ քո ձեռքը, մայր Թենի (Թենիի թևն առնելով՝ դուրս են գալիս):

ՏԵՍԻԼ ԺԴ

Համտուն եվ Ռուզան

ՌՈԻԶԱՆ. — (Թենիի ետևից նայելով) Բարեպա՛շտ կին: Օրը քանի՛ անգամ է սա մատուռ իջնում աղոթելու:

ՀԱՄՏՈԻՆ. — Երջանիկ է, ով հանգիստ խիղճ ունի և կարող է աղոթել:

ՌՈԻԶԱՆ. — Այո՛ , իմ դայակը բախտավոր է այդ կողմից: Բայց… ներողություն, ես իշխանի այցելության պատճառը չհարցրի:

ՀԱՄՏՈԻՆ. — Իմ այցելության պատճառը, ազնիվ օրիորդ, է իրավունքի մի բռնաբարումն, որի համար եկել եմ պաշտպանություն խնդրել քեզանից:

ՌՈԻԶԱՆ. — Իրավունքի բռնաբարո՞ւմ... տարօրինակ դարձված է այդ, տյա՛ր Համտուն: Եթե իրավունքը Սյունյաց իշխանինն է և բռնաբարողը նրանից հզոր մեկը, ապա դժվար թե մի կին կարողանա պաշտպանել քեզ:

ՀԱՄՏՈԻՆ. — Ազնիվ օրիորդ, գործ դրված բռնությունը զորություն է ստացել քո համաձայնությամբ: Եթե այդ համաձայնությունը դու վերապահես քեզ, այն ժամանակ բռնությունը կթուլանա ինքնիրեն:

ՌՈԻԶԱՆ. — (հուզվելով) Իշխան, ես իմ կյանքում չեմ քաջալերել ոչ մի անիրավ գործ:

ՀԱՄՏՈԻՆ. — Դու իսկապես չես մտածել քաջալերել մի անիրավություն: Բայց համաձայնվելով երջանկացնել մինին՝ զրկել ես բախտից մի ուրիշին:

ՌՈԻԶԱՆ . — Քո խորհրդավոր խոսքերը չեմ հասկանում, իշխան, հաճիր պարզ խոսել:

ՀԱՄՏՈԻՆ. — Թույլ կտա՞ս ինձ անկեղծ լինել:

ՌՈԻԶԱՆ. — Կխնդրեմ... թաքչող ճշմարտության արժեքը ստությունից ավելի չէ, ազնիվ մարդը չպետք է կեղծի:

ՀԱՄՏՈԻՆ. — Ուրեմն ես կխոսեմ քեզ հետ ինչպես իմ…

ՌՈԻԶԱՆ. — (ընդհատելով) Ինչպես քո քրոջ հետ:

ՀԱՄՏՈԻՆ. — Իշխանուհի, դու ինձ հրամայում ես անկեղծ լինել, բայց կաշկանդում ես իմ լեզուն:

ՌՈԻԶԱՆ. — Ինձ զարմացնում է քո վարանումը, իշխան. եթե չես կարող ազատորեն խոսել, ապա լավ է որ չխոսես. ես սովոր չեմ լսել այն, ինչ մարդիկ վախենալով են արտասանում:

ՀԱՄՏՈԻՆ. — Վախենալու և ակնածելու մեջ տարբերություն կա, օրիորդ, կատաղած առյուծի ժանիքները ինձ չեն վախեցնիլ. բայց քո հայացքը պատկառանք է ազդում:

ՌՈԻԶԱՆ. — Չկա աշխարհում մի ճշմարտություն, որն ազնիվ մարդն ամաչեր հայտնել: Խոսի՛ր այնպես ազատ, ինչպես վայել է մի ազատ իշխանի:

ՀԱՄՏՈԻՆ. — Բարի, ուրեմն, կխոսեմ: (Մի փոքր մտածելուց հետո): Դու գիտես, օրիորդ, որ մեր և ձեր իշխանական տների մեջ կա՛ն ավանդական սովորություններ, որոնք հարգվել են մեր արժանավոր նախահայրերից և որոնք պտի հարգվեն նրանց հետնորդներից:

ՌՈՒԶԱՆ. — Անշուշտ այդպիսի սովորություններ կան:

ՀԱՄՏՈԻՆ. — Դրանցից մինը այն է՝ որ Բագրատունյաց ցեղի աղջիկը Սյունյաց տոհմին էր հարսնանում, իսկ Սյունյաց օրիորդը` Բագրատունյաց տանը:

ՌՈԻԶԱՆ. — Գիտեմ. նույնիսկ հայրս, որ Բագրատունյաց ցեղի իշխան էր, Սյունյաց Գրիգոր իշխանի դստեր հետ ամուսնացավ: Բայց ինչի՞ համար են այդ հիշողությունները:

ՀԱՄՏՈԻՆ. — Ջալալ մեծ իշխանի աղջիկը, օրիորդ, Սյունյաց տան հարսը պիտի լիներ, բայց որի՞ն են նրա համար փեսացու ընտրել:

ՌՈԻԶԱՆ. — Իմ մասի՞ն է քո խոսքը:

ՀԱՄՏՈԻՆ. — Այո օրիորդ. Սյունյաց իշխանը տոհմական իրավունք ունի քեզ յուր հարսնացուն անվանելու:

ՌՈԻԶԱՆ. — Իրավո՞ւնք, տե՛ր աստված, իրավո՞ւնքն է ուրեմն ամուսնության շաղկապը:

ՀԱՄՏՈԻՆ. — Ոչ, իշխանուհի. ամենից առաջ` սրբազան սերը: Բայց երբ այդ սիրով լցված ազնիվ սիրտը մերժվում և արհամարհվում է, այն ժամանակ, արդեն, երևան է գալիս իրավունքի խնդիրը:

ՌՈԻԶԱՆ. — Եվ ո՞վ է իրավատերը:

ՀԱՄՏՈԻՆ. — Ես, որ միևնույն ժամանակ քո երկրպագուն եմ և ստրուկը:

ՌՈԻԶԱՆ. — Երկրպագիր միայն Կատարյալին. իսկ ստրկությունը անարգ արհեստ է: (Վսեմությամբ): Քեզ վրա, Համտուն իշխան, ավելի մեծ համարում ունեի:

ՀԱՄՏՈԻՆ. — Այդ համարումը չպետք է նվազի. որովհետև, անարգ մարդը չէր կարող քեզ պաշտել, որովհետև...

ՌՈԻԶԱՆ. — (ընդհատելով) Որպեսզի չնվազի, թույլ տուր, որ քո սիրո մասին ուրիշ բացատրություններ չլսեմ:

ՀԱՄՏՈԻՆ. — Իշխանուհի, թող որ խոսիմ, թող որ առ քեզ տածած իմ զգացմունքն արտահայտեմ, թող որ ասեմ թե՝ սիրում եմ քեզ...

ՌՈԻԶԱՆ. — (տեղից վեր կենալով) Իշխա՛ն, ների՛ր, որ ավելին չեմ կարող լսել: Գուցե իմ ընտանեկան կրթությունը, կամ կանացի երկչոտությունս է պատճառ, որ Սյունյաց իշխանի սիրո խոստովանությունը դողալով եմ լսում. բայց այդ այդպես է: Իմ ապագա բախտի տնօրինության իրավունքն իմ սիրելի ծնողներին է պատկանում. ես հնազանդում եմ նրանց հրամանին՝ ինչպես երկնառաք պատգամի. հետևապես ինքս իմ մասին որոշում անել չեմ կարող:

ՀԱՄՏՈԻՆ. — Բայց եթե քո հայրը ցանկանա յուր ընտրությամբ քեզ դժբախտացնել, միթե ոչ մի բողոք չի՞ պիտի բառնաս նրա դեմ:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last