Պատկանյան Ռաֆայել՝   Հոդվածներ, Հուշեր, Ճառեր և նամակներ

Փոքրիշատե հայի անցյալի հետ ծանոթ եղողներեն որի՞ն հայտնի չէ, որ հայ ազգը անդուստ-ի վերուստ արհեստագետ ազգ է եղել. իզուր հայի անունը վաճառական է. հայը որքան որ մեզ հայտնի է, թե Ասիո և թե Եվրոպայի մեջ նշանավոր է եղել ոչ այնքան յուր տարուբերիկ առուտուրով, որքան յուր ձեռքի արվեստով. Վենետիկ, Ալիկուռնա (Լիվոռնո), Մարսեյլ (Մարսիլիա), Ամստերդամ, Պետերբուրգ, Մոսկով, Խրիմ, Լեհաստան, Հունգարիա, Ավստրիա և այլն, և այլն, հայերը տարածեցին իրանց, Հայաստանի մեջ սովորած, արվեստները: Մետասաներոդ դարեն, այսինքն Խաչակրաց արշավանքի առաջին օրերեն, սկսած հայերը սերտ հարաբերություն կապեցին եվրոպացոց հետ, իրանց պետքին համեմատ, իմաստասիրեցին այն ժամանակվա նշանավոր պետությունները Եվրոպայի: Թամբագործություն, կաշեգործություն, ոսկերչություն, գոհարատաշություն, դերձակություն, դիպակագործություն, օճառագործություն, ճրագագործություն, կոշկակարություն և հազար ու բյուր այսպիսի արվեստներ կամ առաջին անգամ մտցուցին հայերը Եվրոպայի մեջ կամ այնտեղում կոպտատարազ պատրաստությանը տվին առավել շքեղություն և կանոնավորություն: Հայը առաջին նվագ այլազգիներու մեջ հռչակ, պատիվ և հարստություն ստացավ առավելապես յուր ձեռքի արվեստով, քան թե յուր առուտուրով: Հայ արվեստավորը յուր ձեռաշեն ապրանքը վաճառելով եվրոպացիին` ստացել է վաճառականի անուն: Հայը թեև ինչպես ընդունակ ազգ, առուտուրի մեջ ևս, ինչպես և ամեն յուր ձեռնարկումն հաջողակ է, բայց նորա արվեստի բնածին ընդունակությունը ոչ երկբայության է ենթարկվում և ոչ ապացուցի է կարոտ: Ես համառում եմ իմ կարծիքի մեջ «հայը առավելապես եղել է և է արվեստագետ, քան թե վաճառական ազգ»:

Եվրոպայի կրթության մեջ տեղի ունեցավ մեծ հեղափոխություն. գիտությունը ամենայն ինչ մարդկային գործունեություն յուր հավիտենական, անհողդողդ օրենքներին ենթարկելով` արվեստներն ևս առավ յուր հովանավորության տակ, վասն զի արվեստն ևս, ինչպես և ամենայն ուսումն, ենթարկված է օրենքների, որո իմաստասիրելը այնուհետև կարելի էր միայն գիտության միջոցով:

Առաջվա փոքրիկ ու նեղ արվեստանոցները դարձան լայնարձակ գործարաններ մարդու մկանունքի ուժը փոխարինեցավ շոգիով, թվաբանությունը, երկրաչափությունը, գծագրությունը, նկարչությունը, փոխարինեցին նախկին վարպետությունը, այն վարպետությունը, որն ինքը վարպետը (ուստա) միայն մահվան մահճի մեջ, ավետարանի վրա երդմնեցնելով, իբրև մեծ գաղտնիք, հաղորդում էր յուր որդոցմեն մինին կամ յուր ամենասիրելի և ամենահավատարիմ աշակերտին, և այդ գաղտնիքի բախտավոր ստացողը, իբրև անգնահատելի գանձ, թաքուն պահում էր նորան նմանապես մինչև յուր մահվան անկողին (մահիճ) մտնելը: Ուսումը և գիտությունը այդ ամեն գաղտնիքները բացին, և արվեստը դարձավ հասարակաց ստացված և մեր օրերը արվեստը ստացվում է ոչ ավետարանի վրա երդում անելով հոգեվարք վարպետեն, այլ ուսման միջոցով:

Բայց մեր արվեստագետ պապերը և հայրերը համառեցան, եվրոպական հառաջադիմության և կատարելագործությանը հաղորդակից չեղան և մնացին իրանց ավանդական պապենական վարպետության մեջ: Չկատարելագործեցին իրանց արվեստը, չընդունեցին նորահնար գործիքներ. չհետաքրքրվեցան նորաձևություններով և փոփոխություններով. նոցա ապրանքը կամ հարմար չէր նոր սերնդին, կամ բազմաժամանակյա աշխատանքի արդյունքը լինելով` յուր բարձր գնովն անձեռնահաս էր գնել ցանկացողին: Այսպես հայի ձեռագործ ապրանքը, քանի գնաց, մոդայե ընկավ և վերջապես բոլորովին կորուց յուր գնողներին:

Արվեստը, այդ «ոսկի ապարանջանը»3 այդ միջակ ժողովրդի հաց և ամենակարևոր պիտույք հայթայթողըփախավ հայերի ձեռքեն, և հանկարծ մի պատվական օր 3/4 մասը հայ ժողովրդին մնաց առանց հանապազօրյա հացի: Այս ցավալի անցքը տևեց (գոնե Ն. Նախիջևանի համար) 40 տարի:

Ժամի սանդուղքները լցվեցան մուրացկաններով. մի ժամանակվա փարթամ արվեստավորները աղքատության պարկը շալակած, ընկան դռնե-դուռ` օրվա հաց մուրալու. ամոթխած հայ տանտիկինը ի սեր յուր ընտանիքին երեսը պնդացուց, ավանդական պարկեշտությունը մոռացավ, նմանապես ընկավ տնե-տուն` մինին մյուսին հայտնելով յուր տան մեջի ալյուրի, եղի, հալավի, վառելիքի և այլն պակասությունը: Քանի մի հարյուր ունևորների տարեց-տարվա առատ զոհաբերությունը չբացվեց հազարավոր անգործ մարդոց բազմանդամ գերդաստանի պիտույքը լցնելու...

Տնանկություն, սնանկություն, չքավորություն և նոցա հետևանք հիվանդություն, տարափոխիկ ցավեր, երեխայոց մահ տարեց-տարի շատացան այն քաղաքի մեջ, որ մի ժամանակ պարծանքն էր ամեն հայերուն Նևային ափերեն բռնած մինչև Գանգեսի ափերը:

Բարեմիտ քաղաքացիները մտախոհության մեջ ընկան. սկսան փնտրելու այս ամեն տարաբախտությունների սկզբնապատճառը և... հիմնվեցավ Ն. Նախիջևանի «Արվեստական դպրոցը»:

Ճշմարտասիրությունը ստիպում է ասել, որ թեև արվեստական դպրոցի կարևորագույն գաղափարը և նորա հիմնելու ցանկությունը դեռևս շատ տասնյակ տարիներ կը մնային ինչպես գաղափար և ցանկություն (cia desideria), եթե այստեղ հասարակաց ցանկության և ակնկալության զորավիգն չի գային պ. Սերովբե Հարությունյանի4 աշխույժ և անխոնջ աշխատանքը, որն գրեթե գերմարդկային ուժ թափեց այս բարի գործին կյանք տալու համար: Պ. պ. նախիջևանցիներու հավիտենական երախտագիտությունը պիտի կապվի այս ազնիվ և հայասեր երիտասարդի անվան և հիշատակի հետ: Ոչ պակաս եռանդ և աշխատանք ցույց տվին այս Արվեստական Դպրոցի հաստատության նաև պ. պ. Գաբրիել Տրապիզոնցյանը և Հովհաննես Պապասինյանը, և մեր շնորհակալությունը դեպի այս պատվամեծար անձինքը ոչինչ պակաս չի պիտի լինե առաջինեն: Գործունյա և արթուն վաճառականին շաբաթներով և ամիսներով յուր սեփական գործն ու զբաղմունքը թողած, հասարակական գործով ձրի պարապել, ստեպ ստեպ արտաքո կարգի ժողովների ներկա գտնվիլ, ճշմարիտ պետք է ասես, ամեն մարդու գործ չէ. բայց ով որ անում է, իհարկե, մենք չենք կարող այդպիսի մարդու անվան չհարել առաքինի և բարեմիտ ածականը, կային և ուրիշ զոհեր, որ ես չեմ հիշում. այս կողմանե պ. պ. Տրապիզոնցյանի և Պապասինյանի երախտիքը անփոխարինելի և հավիտենական հիշատակի արժանի են:

Ներկա տարվույս սեպտեմբերի 28-ին քաղաքացվոց խուռն բազմությունը ժողովված էր բացվելու դպրոցի մեջ. դասարանները և արհեստանոցները այցելուներով ծփծփում էին, և ինչպես ասում են «ասեղ ձգելու տեղ չիկար»: Սպասում էին Արվեստական դպրոցի բացման հանդիսին:

Երբ որ հոգևորականաց դասը օրհնության կարգը կատարեց պրծավ, պարոն Հարությունյանը կարդաց ժողովրդի առջև մի ընդարձակ ճառ, որի մեջ ամփոփված է դպրոցի հիմնարկության գրեթե ամբողջ պատմությունը և նրա կանոնադրության հիմնավոր մասունքը: Հետո նույն պարոնը, խոսքը դարձնելով տեսչին, պ. պ. վարժապետներին և վարպետներին համառոտ, բայց ազդու կերպով ցույց տվեց5 այն շավիղը, որով հառաջ գնալով, մի օր Նոր-Նախիջևանը պիտի ունենա բարեկիրթ և հմուտ արվեստագետներ: Վերջապես պարոն Հ. Հ. Պապասինյանը սերտ բարեկամաց նեղ շրջանումն կարդաց մի համառոտ, բայց տեղացիներու սրտին մոտիկ ճառ:

Այս ամեն ճառերը և նույն իսկ Արվեստական Դպրոցի կանոնադրությունը յուր պարագաներով ընթերցողը կը գտնե ստորև, որոնք թերևս մի օր կարող լինին պետք գալ նոցա, որոնք կը կամենային ինչ ու ինչ մեր նորահաստատ դպրոցի նման մի բան ունենալ իրանց բնակած տեղումն:

Հազիվ թե հայերուս մեջ այժմ գտնվի մի մարդ, որ հերքե ուսման և գիտության կարևորությունը` մի որևէ ազգի մտավոր մակերևույթը բարձրացնելու համար. այնուամենայնիվ չէ կարելի ասել, որ ուսումը և գիտությունը որ աստիճանի և լինին մատակարարված մի անհատի` անշուշտ պիտի ապահովացնեն նորա ապրուստը: Տարրական և միջնակարգ ուսումը թեև շատ պետք ենմինը ժողովրդի բազմության և մյուսը` միջնակարգ դասին, բայց ոչ առաջինը, և ոչ վերջինը անմիջապես կարող են ապահովացնել նորա (ժողովրդի) կյանքը. միայն արվեստն է, որ առանց իրիք բացառության ոչ միայն ապահովացնում է ժողովրդի հանապազօրյա սնունդը, այլև հասցնում է նորան աղքատ կյանքի և շատ անգամ` անբավ հարստության. ասածիս հաստատություն` Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան և՛ մանավանդ Հյուսիս-Ամերիկայի Միացյալ Նահանգները:

Գիտեմ, անպատճառ ասողներ պիտի լինին. «Եթե այդպես է, ապա ինչո՞ւ մեր պապերը, որ ունեին արվեստներ, այդ երջանիկ վիճակին չի հասան»: Ես էլ նույնը կպատասխանեմ. «Այո, մեր պապերը թեև հմուտ էին իրանց ավանդական արվեստների մեջ (որն սովորել էին լոկ նմանությամբ և անդադրում կրկնությամբ և ոչ գիտակցաբար), բայց որովհետև ուսումե ու գիտությունե զուրկ էին, չէին կարող տեղի և ժամանակի պահանջմունքներին համաձայն կատարելագործել կամ հարմարեցնել իրանց արվեստը, որ դարի և ժամանակակից մարդոց պետքի հետ հավասար ընթանային, և այդ պատճառով նոցա արվեստը տևողական արդյունք չի տվեց նոցա»:

Միայն Արվեստական դպրոցն է, որ զույգ արվեստների հետ մատակարարելով տղայոց նաև ուսումն ու գիտություն, առհավիտյան հացատու արդյունաբեր կարող է անել նոցա հմտացած արվեստը:

Հային ուրիշ փրկություն չի կա, եթե ոչ արվեստի և լուսավորության միջոցներով հարթել և հորդել յուր ճանապարհը` կենցաղույս փշալից և տատասկոտ դաշտի մեջ: «Որ ունի ականջս լսելոյ` լուիցէ»:

Սրտի հրճվանքով հիշում եմ ուղիղ 14 ամիս առաջ Վեհափառ Կաթողիկոսի հետ ունեցած երկարատև խոսակցությունս այս մասին, երբ նա երիտասարդական աշխույժով և ժամանակակից գիտնականի համոզմամբ խոսում էր արվեստի արդինաբերության մասին և ցանկանալով ցանկանում էր յուր բարձր հովանավորության տակ գտնված ամեն դպրոցներումն մուծանել 4-5 արվեստ: Այսօր մենք նոր-նախիջևանցիքս ահա կատարեցինք նորա կամքը և ցանկությունը, սպասելով նորա սուրբ օրհնության, և ի բոլոր սրտե կը բաղձանք, որ մեր բարի օրինակին հետևեին մեր ամեն համազգիք, բնակված թե բուն Հայաստանումն և թե ցրված զանազան աշխարհներ, տերություններ և քաղաքներ:

Նոր-Նախիջևան, հոկտեմբերի 2. 1880:

ՄԵԾԱՊԱՏԻՎ ՊԱՐՈՆՆԵՐ

Լռենք, չհասկացող ձևացնենք այն մասին, թե ինչ էր ներքին, գաղտնի շարժառիթը, որ Ձեզ ընտրեցին քննիչք իբրև Արվեստական Դպրոցի բարեփոխության համար. թե դուք և թե ես միամտությամբ հավատանք, որ ընտրողները, առանց բացառության, ի նկատի ունեին միայն քաղաքացոց ընդհանուր օգուտը, իսկ վնաս ոչ ոքին, և այդ եղանակով նայենք դպրոցիս անցյալ գործունեության վրա և աշխատենք նորա առջև հարթելու առավել լավագույն ճանապարհ:

Ավելորդ իմն է ասելն, որ ենթալուսնյա աշխարհիս մեջ չիկա ոչինչ անթերի, կատարյալ. կատարյալը միայն աստված է. իսկ մահկանացուն միայն մի հատիկ հնար ունի առջևն, որ է մինչև աշխարհիս կատարը, միշտ ձգտել դեպի իդեալը:

Արևմտյան Եվրոպան հազար տարիեն ավելի է, որ ունի բարեկարգ դպրոցներ, և ամեն օր նորանոր կատարելագործություններ կմուծանե նոցա մեջ, նայելով ժամանակի պահանջին և յուր ձեռքը գտնված միջոցներին: Աններելի հանցանք և ծիծաղելի հիմարություն կլիներ, եթե մենք հայերս մեր ծխական ժողովրդական դպրոցներեն պահանջեինք որևէ անթերի վիճակ, մինչ մեր դպրոցների կյանքը 10-15 տարիեն ավելի չէ, և այն թշվառ կոպեկների գնով: Բծախնդրությունը դատողություն չէ:

Պարոններ, հայի ծխական դպրոցներեն շատ բան պահանջելը կնշանակե կամ ծայրագույն տգիտություն, կամ գիտակցական չարամտություն: Միջին ճանապարհ չիկա:

Ամեն դպրոցական գործող (թող լինի նա լիազոր վերատեսուչ, կամ համեստ վարժապետ) շատ լավ գիտե, որ դպրոցի ամենախիստ դատավորներն հատկապես նոքա են, որոնք ուսման և գիտության մասին ոչինչ գաղափար չունին, թե կարդալում և թե գրելում 2-3 տողի մեջ տասը-քսան սխալ կանեն, իսկ նա, որ կանոնավոր և իսկական լուսավորություն է ստացել, շատ լավ գիտե, որ մարդկային ստացական հմտությունների մեջ գիտությունը (наука) ամենադժվարին և ամենատաժանականն է, վասնզի նորան ձեռք բերելու համար շատ հաջողած պայմաններ են պետք:

Վարժարանի հառաջադիմության համար վարժապետի ամենագեղեցիկ հատկությունները տակավին ամենափոքրիկ պայմանն է, դորա համար պետք են աշակերտների բարուց մաքրությունը, ծնողաց ուշիմությունը, նոցա շրջանի բարոյականությունը, նոցա ապրուստի ապահովությունը և այլ անհամար բարեհաջող պայմաններ:

Այս ամենը տգետ ամբոխը (թեև լինի նա առաջնակարգ հարուստ) հասկանալ կարող չէ: Ամբոխը կկարծե թե` բավական է, որ երեխան 4-5 տարի դպրոց երթա ու գա, այնուհետև նա անպատճառ օրինավոր մարդ պիտի դառնա, թե՛ բարոյականությունով և թե՛ մտավոր զարգացմունքով: Եթե ամբոխի այսպիսի կարծիքը արդարացի լիներ, մի՞թե հզոր պետությունները չէին կարող (թեպետև ծանր զոհերով) մի պատվական օր իրենց երկրի մեջ գտնված բոլոր երեխաներին հավաքել և փակել դպրոցների մեջ և կարճ միջոցում (օրինակի համար 6-7 տարվա մեջ) ստանալ բարեկիրթ, իդեալական ժողովուրդ: Բայց, ավաղ, հազարավոր փորձերով ապացուցված է, որ այն շատ տխմար և անհեթեթ պահանջմունք է: Բնության մեջ այդպիսի ոստումներ չի կան: Ամենայն ինչ և ամեն ոք քայլ առ քայլ կատարելագործվում է, և շատ անգամ այդ քայլը մի փոքրիկ ճնճղուկի քայլ է: Առանց իմ ասելուն ալ դուք շատ լավ գիտեք, որ Պետրոս Մեծը յուր բոլոր հսկայական ուժը թափեց, որպեսզի կարճ միջոցում կարողանա լուսավորել յուր ազգը. փող, գավազան, հաստատուն կամք, եռանդուն սեր, բարի ցանկություն, մտաց հանճարամենայն ինչ ուներ. շատ բան ջարդեց, փշրեց, կործանեց, բայց ավա՛ղ, նորա փափագած ռուսաց մտավոր կանոնավոր զարգացումն սկսավ փոքր առ փոքր երևան գալու միայն մեր օրերը, այսինքն` դարուս վերջին քառորդում: Եվ այն, ինչ որ մենք այժմ կտեսնենք, ասացեք, խնդրեմ բարեխղճաբար մանկավարժության վերջին խոսքն է. երաշխավո՞ր եք, որ ներկա ձևը շարունակ հինգ տարի տևի:

Արվեստական դպրոցը Նախիջևանի մեջ ինն տարվա կյանք ունի: Արվեստական դպրոցը յուր տեսակում առաջին փորձն է մեր ազգի մեջ: Բնական է, որ նորա առաջին քայլափոխները չէին կարող այնպես համարձակ, հանձնապաստան լինել, ինչպես որ հարյուրավոր տարիներ կյանք ունեցող հասարակ ուսումնարաններու: Այս խոսքերս շատ հասկանալի է ամեն բարեխիղճ, լուսավորյալ մարդու, մանավանդ փորձված մանկավարժին:

Այնուամենայնիվ, Արվեստական դպրոցը, յուր նյութական հնարներին և աշակերտաց ընդունակության նայելով, արել է այն, ինչ որ ներելի էր ակնկալելն: Եվ եթե նա ունի ինչ ու ինչ թերությունք, այդ թերությունքը, ինչպես կտեսնեք, կառավարիչներեն անկախ պատճառներե են հառաջացած:

Ահա Արվեստական դպրոցի պիտույքը:

Նախ` կարի հարկավոր է, որ դպրոցի մեջի չքավոր աշակերտները փոքրիշատե սննդարար կերակուր ունենան: Պարոններ` մի՞թե կարիք ունիմ Ձեզ բացատրելու, որ քաղցած տղան ոչ սովորել է կարող և ոչ բանել (աշխատել): Խոսքիս բառական իմաստով հասկացեք, որ աշակերտացս 6%-ը յուր տանը մեջ սննդարար կերակուր չունի: Դպրոցիս չնչին հնարեն մենք կուտանք տղայոց մեկ աման թեյ, երկու կտոր շաքար և 1/2 ֆունտ հաց: Ինքներդ դատեցեք, կարող է 10-14 տարեկան տղա այս չնչին սնունդով ամբողջ օրը անցնելու և ընդ նմին աշխատելու: Արվեստական դպրոցի աշակերտներին սնուցանելու համար կարի հարկավոր է, որ քաղաքը ավելցնե այլևս 1000 ռ.:

Երկրորդ` Արվեստական դպրոցի աշակերտը 4 տարվա մեջ ավարտելով յուր ուսման և արվեստի ընթացքը` շատ անգամ 15 տարեկան եղած թողնում է դպրոցը: Ասացեք, կաղաչեմ Ձեզ, կարո՞ղ է 15 տարեկան տղան անկախորեն որևէ արվեստով պարապել և յուր վիճակը անխախտ պահել: Պետք չէ՞ր նորան այլևս 3 տարի առսակավը կատարելագործվել, հմտանալ: Ո՞ւր են այն արվեստանոցներն բարեխիղճ վարպետներով, ուր մեր տղայահասակ ուսումնավարտը կարողանար յուր սովորած արվեստի մեջ կատարելագործվել և միևնույն ժամանակ յուր բարոյականությունը մաքուր պահեր: Սուրբ պարտք չիկա՞ արդյոք Արվեստական դպրոցի վրա, գոնե, փոքրիկ ամսական տալով, 3 տարի պահել դպրոցիս մեջ, կատարելագործել, հմտացնել յուր արվեստի մեջ և այնպես արձակել աշխարհ: Այդ բանի համար ևս պետք է ուրիշ 1000 ռուբլի, որով դպրոցը կարող է պահպանել 16-17 ուսումնավարտներ:

Արվեստական դպրոցի երրորդ պիտույքն է շինվածքի վերանորոգությունը: Ուշադրությամբ նայեցեք, կաղաչեմ, այս կիսավեր, քայքայված պատերին, առաստաղին, այս մաշված, ծակծկած տախտակամածին, այս պատառոտած ծածկույթը կտրին, ուստի առանց արգելքի ներս կուգա անձրևի կաթիլը և ձյունի հալած ջուրը, այս հնացած, անպիտանացած հնոցները, որ ամբավ վառելիք կուլ կուտան, իսկ տաքություն ամենևին չեն տալ:

Ազնիվ և բարյացակամ պարոններ, ահա դպրոցի ներկա աննախանձելի վիճակը, նորա անհրաժեշտք պիտույքը և նորա բարեփոխության ամենահարկավոր կետերը: Եթե Ձեր մեջ կա բարյացկամության ամենափոքրիկ կայծ (որի մասին ես ամենևին չեմ կասկածում) դուք պարտավոր եք այս ամենը հասցնել այն մարդոց ականջը, որոնց տված է հնար և միջոց այս քանի մի անհրաժեշտ պիտույքը դպրոցիս լցնելու:

Ես լիահույս եմ, որ դուք թույլ չեք տալ, որ մի քանի չարամիտ անձինք Ձեզ խաղալիք դարձնեն իրենց կեղտոտ կրքերին և գործիք իրենց նենգժոտ խորհուրդներին:

Մի քանիսը խորհուրդ կուտան Արվեստական դպրոցի աշակերտներին, իբր թե նոցա հառաջադիմության համար, գիշերօթիկ դարձնել: Դուք, պարոններ, շատ լավ գիտեք փակ վարժարարների մարդկային բարք աղտեղող վնասները: Նմանապես Ձեզ անհայտ չէ, որ կոմս Առաքելը շատ բարի դիտավորություններ ուներ, երբ հիմնեց յուր զինվորական գաղթականությունները, որն փոխանակ երկրավոր դրախտ լինելու, ինչպես ինքը կհուսար, տաժանական դժոխք դարձավ ողորմելի զինվորների համար: Հիշեցեք Ֆրանսիայի կուսանաց վանքերը, նույնպես լատինադավան կրոնավորների մենաստանները. մի մոռանաք նաև Ռուսաստանի ոսթռոգները...

Հունիսի 13, 1889

ԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ

ԱՌ

ԿՈԿՈՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ՎԱՐԺԱՐԱՆ ՈՒՂԵՐՁ

Այս ուսումնարանը, որ վաղվան օրեն պետք է սկսե յուր գործունեությունը, մեկ օր կյանք պիտի տա ամբողջ քաղաքին: Անհնար է, ապագան մարգարեանալու, բայց մի քանի հայտնի երևույթների վերա հիմնված, կարելի է մոտավորապես ենթադրություններ անել, եթե ուշք դարձնենք հանգուցյալ բարերարի նպատակներին, եթե մտադրությամբ կարդանք նորա կտակը և եթե տեսնենք վարժատան կառավարիչների ուղղությունը, արդեն կարող էինք այս բացվելի վարժատան մասին գուշակություն անելու կանխավ: Հայերին ի՛նչ է պակաս. հայերիս շատ բան է պակաս, բայց գլխավորապես աշխատասեր և կրթված կանայք են պակաս: Մի՞թե հայք տակավին աշխատասեր կամ կրթյալ կնանիք ունեցած չեն, ո՛չ, ունեցել են, բայց և կրթված, և աշխատասեր ունեցել են շատ սակավ, այնքան սակավ, որ այն բազմության մեջ կարելի են այդպիսյաց ազգերը մատով համարել: Եթե մի ազգ կուզե կամ ընկած, կամ ստոր դիրքե ոտքի կանգնելու և բարձրանալու, անշուշտ յուր մեջ երկու առաքինություն պիտի զարգացնելուսավորություն և աշխատասիրություն: Լոկ լուսավորությունը, առանց աշխատասիրության, նույն արժեքն ունի, ինչ արժեք որ ունի թանկագին ակը տակավին հանքի (մադան) մեջ կեցած. աշխատանքը, առանց գիտակցության, շատ կնմանի ստրկի դառն տանջանքին:

Այս դպրոցը պիտի ընծայե ազգիս աշխատասեր լուսավոր կանայք, ո՞վ ավելի, քան տեղվույս Արվեստական դպրոցի գործունայք կարող են համակրել այսպիսի սփոփարար գործին, որ կատարվի Նոր-Նախիջևանի մեջ: Նույնիսկ Արվեստական դպրոցը յուր ծնունդը ստացավ ժողովրդի այն գիտակցությունեն թե` որևէ ազգ պահպանելու համար, պետք է նորա մեջ զարգացնել աշխատավոր բարեկիրթ ժողովուրդ:

Խնամատարը, ուսուցիչք, ուսանողք Կոկոյան վարժարանի` Արվեստական դպրոցը կուղարկե Ձեզ յուր բարեմաղթությունները, կցանկա Ձեզ ամեն կերպ հաջողություն, կհայտնե յուր բերկրությունը ըստ դիպաց բացման այնպիսի վարժարանի, որո նմանը և ինքն է, և կանվանե սոցա մեջ կրթվողներեն իրենց քույրերը. և ի՞նչ ավելի քաղցր անուն է աշխարհքի երեսին, քան թե քնքուշ խոսքը քույր, վասնզի ինքը Արվեստական դպրոցը եղբայրն է Կոկոյանց վարժարանին մեջ սովորողներուն: Արվեստական դպրոցի սաները կխնդրեն իրենց քույրերին` Կոկոյան վարժարանի սանուհիներին խորունկ արմատացնել իրանց մեջ բարեկրթությունը և աշխատասիրությունը, որպեսզի ժամանակն անցնելով, երբ երկուս ևս չափահաս, մարդիկ և քաղաքացիք կլինեն, իրենց կողմանե պարզերես և գիտակցաբար կարողանան հորդորելու իրենց ժամանակակից երեխայքին նույն առաքինությունքը:

Մեր քաղաքը ընկած է, ժողովուրդը բարոյապես և նյութապես աղքատացած է. այստեղ ոչինչ չի օգնիլ ժողովրդին վերստին ոտքի կանգնելու, բացի ժողովրդական ընդհանուր լուսավորությունեն որն ընդսմին ամուր կապված լինի աշխատանքի հետ: Իսկ աշխատանքի և բարեկրթության սերմնացաններն են Նախիջևանի համար Կոկոյան աղջկանց վարժարանը և Արվեստական դպրոցը. քանի որ այդ եղբայրք և քույրք ձեռք-ձեռքի տված կլինեն, Նախիջևանը ոչինչ ներքին և արտաքին վտանգներե երկյուղ չունի և նորա ապագան ապահոված է:

Օրհնություն, գովություն և փառաբանություն այդ երկու վարժարանների շինողքը, պահպանողքը և քաջալերողքը. եթե մենք իսկական ազգասերներ, հայասերներ կփնտրեինք, ահա սոքա են:

ՄԵԾԱՊԱՏԻՎ ՊԱՐՈՆ ՁԱՅՆԱՎՈՐՆԵՐ ՆՈՐ-ՆԱԽԻՋԵՎԱՆԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ

Ամենիդ շատ լավ հայտնի է մեր քաղաքի ընկած դրությունը, այն ևս հայտնի է ձեզ, թե ի՞նչ է պատճառը մեր քաղաքացվոց օրեօր հետ մնալը աշխարհին առաջադիմության մեջ և զրկվելը այն չափավոր բարեկեցությունեն որն կվայելեին մեր պապերը. այս ամեն ազգային տարաբախտության միակ և միակ պատճառն է մեր ժողովրդի բազմության տգիտությունը:

Սուտ չէ՛, այսօրվա օրս մենք 4-5 ավելի կամ պակաս բարեկարգ դպրոցներ ունենք, որոնք ժամանակով, իբր թե մեր ժողովրդի մտավոր զարգացումի մակերևույթը պիտի բարձրացնեն: Բայց ես ձեզ կասեմ, որ այդ առերևույթ ցոլքովը մի խաբվիք. մեր պապերն ալ ունեցել են դպրոցներ, մեր պապերն ալ ժամանակե ժամանակ ուղարկել են իրանց որդոց հեռավոր տեղեր ուսումն ստանալու: Բայց այդ ամենը հասուցած չէ մեր ժողովրդին այն աստիճանին որ լուսավորությունը ընդհանուր լիներ մեր քաղաքացոց մեջ. եթե մի փոքրիկ մասը ստացել է արտաքին ցոլք, մնացած մեծագույն մասը մնացել է խորին տգիտության մեջ:

Պատվական քաղաքացիներ, մեր ազգի թշվառության միակ պատճառն է ուրեմն տգիտությունը:

Մեր ժողովուրդը, սուտ խոսք պետք չէ, գրեթե ծայրեծայր, կարդալ գիտե, շատ քիչ մարդ կգտնվի քաղաքիս մեջ, որ մեկ օր դպրոց գնացած չլինի և կարդալ սովորեցած չլինի և եթե այդ գրակարդացությունը մնացել է մեր ժողովրդի համար անօգուտ, սորա պատճառը այն է, որ նա ունեցած չէ կարդալու բան:

Զեզ ամենիդ հայտնի է, որ հայ ազգը ունի երեք լեզու, մեկն է մեր գրաբարը, որ կգործե մեր ժամերուն մեջը. այդ լեզուն ժողովրդին համար միանգամայն մութ է: Մեր երկրորդ լեզուն, որ կասվի նոր գրականական, այն է, որով կգրվեն մեր օրերը զանազան լուսավորիչ երիտասարդներե զանազան գրքեր և լրագիրներ, նմանապես անհասկանալի է մեր տեղի ժողովրդի բազմությանը: Մեր երրորդ լեզուն այն է, որով կխոսե մեր ժողովուրդը. ահա այդ իսկ լեզվով մեր նախիջևանցին կարող է կարդալ և հասկանալ, ամեն օր օգուտ քաղել և տարաբախտաբար ոչ մի գրվածք չունի այդ լեզվով:

Ես ձեզ կառաջարկեի քաղաքիս մեջ ունենալ մի շաբաթական լրագիր այդ լեզվով գրած, որ մեր ժողովուրդը կարդար և նորա միտքը բացվեր զանազան օգտավետ գիտություններով: Այդպիսի լրագիրը եթե կյանք ունեցավ քաղաքիս մեջ 5 տարի, կարող եմ Ձեզ հավատացնել, որ այդ 5 տարին, լուսավորության կողմանե կհավասարվի ուրիշ հիսուն տարվա, եթե դուք միտք ունիք միայն դպրոցներով հառաջացնել մեր ժողովրդի մտքի զարգացումը:

Մեկ քանի մարդոց անխոնջ աշխատանքով ահա 18 տարի է, որ մեր քաղաքը ունի քլուպ, ահա մոտ 5 տարի է, որ այդ քլուպին մեջը 40-50 հոգի անդուլ կպարապին լրագիրներու ընթերցանությանց. և դուք արդեն կնկատեք, թե որքան բացված է մեր այդ 40-50 հոգու միտքը համեմատությամբ այն մարդոց, որոնք թեև պայմանի մեջ են, բայց նոցա պես չեն դադարած կարդալուց: Այս արդեն ձեզ ակներև ապացույց է, թե որքան օգտավետ է լրագիրը մեր ժողովրդի համար:

Ես կառաջարկեմ Ձեզ ունենալ քաղաքիս մեջ մեկ լրագիր, որ գրված լինի տեղական բարբառով, որ մշակե գլխավորապես տեղական խնդիրները և բովանդակե յուր մեջ այնպիսի գրվածքներ որ հետաքրքրելի լինի մեր ժողովրդին` թե՛ մեծ և թե՛ փոքր, թե՛ աղքատ և թե՛ հարուստ, թե՛ այր և թե՛ կին:

Կառաջարկեմ Ձեզ` այդ լրագրի բոլոր ծախքը առնուլ քաղաքի վրա, որն կարծեմ 1500 մանեթեն ավելի ծախք ունենալու չէ: Այդ լրագրի ստորագրության գինը պետք է նշանակել շատ աժան, որ ձեռնհաս լինի ամեն խեղճ մարդու, զորօրինակ տարեկան 2 կամ 3 մանեթ, իսկ երբեմն մինչև անգամ ձրի տրվի շատ խեղճերուն:

Ես կառաջարկեմ Ձեզ այս գործը գլուխ բերելու համար կազմեք քանի մի բան հասկացող անձինքներե մասնաժողով, որ մշակեն այդ խնդիրը, Ձեզ առաջարկեն ի հաստատություն և ի կարգադրություն իրենց մշակած ծրագիրը:

Պատվական քաղաքացիք, ահա՛ ես Ձեզ ցույց տվի մեր յարաներեն մեկը. կուզեն մեկ քաղաք շինելու, դեռևս իրենց համար տուներ չի շինած, նախ կհիմնեն մանկանց համար դպրոց, և ժողովրդի համար լրագիր. երբ այն բանը կավարտեն, հետո արդեն միտք կանեն պազար, քարվածք, տուներ, փողոցներ, ֆենեաներ, թատրոններ, խանութներ, և այլն, և այլն շինելու: Նախիջևանը 100 տարիեն ավելի է, որ արդեն կարոտ է և մինչև այսօր յուր ծոցի մեջ տեսած չէ տեղական լրագիր: Ինչո՞ւ կզորենք որ նա լուսավորության մեջ հետ մնացել է և ժողովուրդը հարստանալու տեղ օրեօր կաղքատանա: Դպրոցը շատ լավ բան է, ո՞վ կասե, բայց դպրոցի մեջ սովորածը տղան անպատճառ կմոռանա, եթե չափահաս ժամանակ լրագիրներու մեջ քաղվածք չանե:

Պատվական քաղաքացիք, ահա՛ ես ձեզ ցույց տվի մեր յարաներեն մեկը. Այժմ այդ յարան բժշկելը ձեր գործն է:

Նախիջևանին պետք է լրագիր և շատ պետք է, — ի՞նչ կասեք:

ՊԱՐՈՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ

Ես կկամենայի ձեզ մի անգամ առ միշտ հայտնել իմ դիտավորությունը և հայացքը այն լրագրի վրա, որն իմ կարծիքով, պետք էր հրատարակել Նախիջևանի մեջ, որն առավել օգտավետ կլինի մեր քաղաքակիցներուն, թեև հակառակ նոցա կամավոր ցանկությանը:

Մեր լրագիրը պիտի խոսի այն բաներու վրա, որ միայն և միմիայն նախիջևանցիներուս կենսական հարցերն է, այսինքն նոցա հրապարակական և առտնին կյանքը, նոցա ազդեցությունը յուր զավակաց, յուր ընտանյաց և յուր քաղաքակիցներու վրա. ուրիշ ազգերու սերը, ատելությունը և մեր ուրիշ քաղաքներ բնակող ազգակիցներու ունեցած կարծիքը և հույսը մեր նախիջևանցիներեն: Կարճ ասեմ` ես կկամենայի եթե ոչ ընդհանուր մարդկության անդամ դարձնել մեր առանձնացած հետ ընկած նախիջևանցիներու, գո՛նե, իմ կարողության չափ, ցույց տալ ճանապարհը դեպի այդ:

Ես քաջ գիտեմ, որ այդ բանը ինձ առավել դժվար է, քան թե որին ևիցե ձեր մեջեն, գիտեմ այդ մեծ գործի մեջ իմ ուժի բոլոր պակասությունը, գիտեմ և իմ ձեռնարկած գործի բոլոր դժվարությունը, այսուամենայնիվ ես միտք ունեմ գործը սկսելու. ինչո՞ւ, գիտեք, վասնզի ուրիշ մեկ մարդ չիկա, այս անպտուղ աշխատանքի համար ոչ մեկ մշակ չի գտնվում: Բայց, ասացե՛ք, խնդրեմ, կարելի՞ է թողնել 20 հազարյա ժողովուրդ անտեր, անօգնական, զրկած ամեն կերպ բարոյական վտանգի և շրջապատած հազար ձև թշնամիներով, որոնք առավելապես այն մասին վտանգավոր են, որ ամենախաբեբա կերպով կձևանան միամիտ և թեթևամիտ ժողովրդին անկեղծ բարեկամ, իհարկե, սրտերի խորքերու մեջ պահած իրենց նուրբ անձնային շահերը, որ միտք ունեն ստանալ ժողովրդի աղքատի տոպրակեն:

Դեռ գործը չի սկսած` ես ձեզ բացասիրտ կասեմ, «եթե դուք կարծիք կանեք և կտանեք, որ լրագրի հրատարակությունը կուտա որիդ ևիցե կա՛մ փողի շահ, կա՛մ ազգային փառք ու պարծանք, կա՛մ ժողովրդի հարգը, պատիվը և սերը», առե՛ք ինձնեն խմբագրչի և հրատարակչի իրավունքները և՛ ընդնմին վստահ եղեք, որ ես և՛ աշխատանքով, և՛ գրչովս, և՛ տպարանիս միջոցով ամեն հնարավոր օգուտս և նպաստաս կհասցնեմ: Կա՞ ձեր մեջ մի այդպիսի ցանկացող: Փնտրեցեք և գտեք: Իսկ եթե չեք գտնիլ, այն ժամանակ ես վրաս կառնում լրագրի բոլոր ծանրությունը, իսկ փառքը, պատիվը և նորամեն ստանալու ամեն արտոնությունքը կբաշխեմ ձեզ և ինձ պլիկ մատի ծայրով օգնողին:

Եթե համբերություն ունեք` լսեցեք, խնդրեմ իմ կարծիքը, թե ինչ եղանակով հառաջ պիտի տանենք մեր ձեռնարկությունը: Նախ և առաջ մենք միտքերիս մեջ հաստատ պիտի որոշենք, որ հայի թշնամիներուն (այսինքն տեղի քանի մի աղաներուն) շատ լավ հայտնի է լրագրի մի օր ունենալու ազդեցությունը ժողովրդի վրա. այդ պատճառով նոցա հոգին շատ լավ կվկայե, որ անշուշտ պետք էր չի ծլած` արմատախիլ անել նորան, որ նոցա ապօրինի ստացած մեծությանը մենք ական չի փորենք (подкопать): Ուրեմն մեր լրագիրը տակավին լույս չի տեսած` առջևը ունի հզոր թշնամիներ: (Клуб-ի մեջ նոր անցած անցքը ձեզ ապացույց տվեց, թե մինչև որ աստիճան շատ են տպած խոսքի բարեկամք և մինչև ո՞ր աստիճան հուսալի է հայոց jeunene dore-ն երիտասարդությունը): Դուք շատ լավ կհասկանաք, որ այն живые картины-ն վերջինը չէր, որ պիտի ելլե իմ գրչի տակեն, это еще цветочки: Ես հուսամ, դուք ինձ չեք ասել թե` պետք է չափավորել գրիչը, և այլն: Ազնիվ երիտասարդներ, դիցուք թե ժողովրդի մոլությանց դեմ լռելով` ես ստանամ նոցամեն պատիվ և շահ, դուք ինձ կգովե՞ք, եվրոպապես զարգացած մարդը ինձ կգովե, թե՞ ինձ կդնե ի թիվս ստոր ազգախաբի, մարդախաբի, վերջապես ասե՛ք, շողոքորթությունը կբերե ում ևիցե (բացի շողոքորթողինльстец) շահ: Ո՛չ: Ուրեմն ինձ իբր խոհեմ, իբր խելոք, իբր օգտավետ խրատներ և խորհուրդներ մի՛ տաք. ես արդեն 46 տարեկան եմ, ինձ 5 միլիոնավոր ժողովուրդ այնպես կճանաչե, ինչպես որ կամ. ես չեմ կարող և չուզեմ կյանքիս մնացորդը և այդ` մի քանի խելացնոր աղաներու խաթրին փոխվել: Խնդրեմ, աղաչեմ ձեզ, եթե ձեր աչքումն ուղղությունը, (направление) և համոզմունքը մի բարոյական նշանակություն ունիուրեմն մի՛ խոտորեցուք ինձ ոչ իմ ուղղությունեն և ոչ համոզմունքեն: Եթե ես կսխալիմ, գոնե` ասեք որ` այս մարդը կսխալի, բայց խարդախություն (фальш) չի գործածել: Կարճ կասեմ, ես լրագիրը կհասկանամ ոչ թե մի այնպիսի միջոց, որով ժողովուրդը ինչպես դպրոցի մեջ բան պիտի սովորի, այլ ես նորան կերևակայեմ մի арена, որի վրա համոզմունքի նահատակը ցմահ կպատերազմի յուր ախոյանի հետ:

Իմ բարոյական ուղղությունը մոտ ի մոտո դուք արդեն գիտեք. ի՞նչը ես բարի կճանչնամ և ի՞նչը չարայդ ձեզ արդեն հայտնի է մասամբ. ի՞նչ ես կատեմ, ինչի և որոնց ես պատերազմ հայտնել եմ և հայտնելու եմայդ ևս գիտեք: Ահա՛, կամ ձեր առջևը այնպես ինչպես որ եմ, եթե կզգաք, որ կարժեմ գլուխ կայնելու Նախիջևանի ազնիվ, բարի, օգտավետ նկատմունքինընտրեցե՛ք ինձ պայքարող (боец) եթե կզգաք իմ թուլությունը, իմ անկարողությունը, իմ տգիտությունը և կամ կգտնեք ձեր մեջ առավել ընտրյալին և արժանավորին, ընտրեցեք նորան պարագլուխ և մենք լինենք նորան օգնական և զինակից: Ժողովրդի համար աշխատելեն, կտեսնեք, ես չեմ փախչիլ:

Ինձի համար պետք է զենք, այդ զենքն է գրաշար, տպող, թուղթք, թանաք և տպած թերթերը բաժանող, եթե այդ անձնավորությունքը և նյութը փողի դարձնելու լինենք` ինձ պետք է ուղիղ 2000 մանեթ տարեկան փող, [որպեսզի] իմ իդեան շոշափելի բան դառնա:

Իմ բոլոր ունեցածս է մոտ ի մոտո 2500 մանեթ (տեղյակ չգիտեմ, մի փոքր ավելի, մի փոքր պակաս) որ պիտի դառնա քանի մի օրեն մամուլներ, տառեր և ուրիշ պիտույք տպարանական, ուրիշ փող չունիմ: Ինձմեն, հուսամ, չեք պահանջիլ, որ եթե մի քանի հարյուր մանեթ վաստակի տպարանս, տպելով կողմնակի գործեր, այդ ստացած փողն ևս դնեմ լրագրի վրա. ապա ես ի՞նչպես ապրեմ 6 զավակով, ես և կինս: Ուրեմն լրագիրը էացնելու համար պատրաստի պիտի ունենալ 2000 մանեթ փող, որն անհնար է 4-ական կամ 5-ական մանեթ ստորագրիչներե մուրալով գոյացնել: Այստեղ պետք է զոհ: Շատ կարելի է որ շողոքորթին մեկը, որ խոստանար մեր տղաներու դիմաց տարին տասներկու ամիս, խունկ ու զմուռս ծխելու, այդ գումարը զիարդ ևիցե ձեռք բերել. բայց ևս առջևեն կասեմ, որ իմ հրատարակելու լրագիրը պիտի լինի խամչի խղտրմիշ արած տամղա, позорный столб, կախաղան, эшафот, гильотина (իհարկե, այդ դուք բարոյապես պիտի հասկանք) մեր տեղի միլիոնչիք мироед-ներու, самадур-ներու, монополист-ներու, эксплуатотор-ներու համար:

Следующая страница