Չարենց Եղիշե՝   Տեսիլաժամեր, Ծիածան, Ողջակիզվող կրակ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last

Հմայում է ինձ լապտերը փողոցային,
Հմայում է փողոցների աղմուկը հին,
Հմայում է պատուհանի շահը թարթող,
Հմայում են հայելիները կախարդող. —
Ու փողոցում թերթեր ծախող փոքրիկ տղան.
Եվ կառքերն ու վազքը նրանց հավերժական,
Եվ շրջիկի երգը տխուր ու հոգեթով
Գո՛րշ առօրյան` իր ձանձրույթով ու հեքիաթով:

1916

*

Փողոցների մեջ կա մի անանուն,
Անըմբռնելի կարոտի ճախրում:
Լսում ես, զգում, բայց չես հասկանում
Եվ չես ըմբռնում կարոտը ճախրուն:
Կառքերի վազքում, դեմքերում օտար,
Անհասկանալի հայացքում կանանց
Թվում է հանկարծ, թե ահա գտար
Հավերժականի ուրվականն անանց:
Ճախրում է մեկը փողոցի վրա`
Հզոր ու անմահ, որպես ժամանակ. —
Իսկ ինքդ կարծես ստվե՜րն ես նրա`
Մի անմիտ ժպիտ, մի տխուր հանաք:

1916

*

Երգում է քաղաքն իր երգն առօրյա
Իսկ եսմտածկոտ, տրտում ու լռին
Կանգնել եմ ահա կամուրջի վրա
Եվ նայում եմ հորդ, հեռացող ջրին:
Նայում եմ տարված, մոռացված, անթարթ:
Վազում են, վազում ջրերը անվերջ:
Փրփուրի միջից ահա մի նայադ
Ինձ ձեռքով արավ և իր մոտ կանչեց:
Որպես մանկական կապույտ երազում
Խառնվեց ահա ճերմակ փրփուրին.
Եվ թվում է, թե կամուրջն է վազում,
Որ հասնի անդարձ հեռացող ջրին...

1916

*

Դուրսը, հեռվումդաշտեր ու դաշտեր:
Երկինքըկապույտ, արևոտ, անհուն:
Ամպի պես կախված օրորվում է դեռ
Կյանքը աշխարհում:

Դաշտեր ու դաշտեր: Ու արևըվառ:
Եվ կյանքըանտես: Զգում եմ, որ ես
Դուրս կգամ հիմա, կընկնեմ ճանապարհ:
Մի՞թե չգիտես:

Կգնամ մենակ: Կյանքում, աշխարհում:
Եվ մի իրիկուն կմթնի ուղին:
Ու կվերջանա երկրային հեռուն
Ճանապարհը հին:

1916

*

Ճանապարհըգորշ, փոշապատ, ոլոր:
Տերևթափ ծառեր:
Խամրել են գարնան գույները բոլոր:
Այդ ո՞վ է արել:
Պարզ, մարմանդ մշուշ: Նայում եմ հեռուն
Դաշտերին, ծովին:
Ինչո՞ւ է հոգին տրտմորեն լռում
Աշնան օրերին:

Ու գույներըգորշ, ու գունատ, ու պաղ,
Ու անմխիթար:
Եվ հոգի կրծող կսկիծը, որ` ա՛խ
Անդա՛րձ չգտար...

1916

*

Այս շենքի վրա ամպերն են թառել,
Քնել է քամին:
Մեկը սենյակում կրակ է վառել
Իրիկնաժամին:

Կրակ է վառել, իսկ ինքը չկա:
Դատարկ սենյակում
Կախված է պատկերն օտար աղջկա:
Լույսը չի հանգում:

Քնել է քամին: Ու ծառերը մունջ
Նիրհել են մուժում:
Իսկ կրակը դեռ վառվում է անխոնջ
Ներսըմշուշում:

1916

*

Կարինե Քոթանճյանին

Գիշերը հոգնած նստել սենյակում,
Նայել շորերիդ ծալքերին լուսե,
Ու լույսը լամպի տխրությամբ անհուն
Գուրգուրե հոգուս հոգնությունը սև:
Լուռ, անձայն նստել մի բաժակ թեյի:
Ձեռքերդ դնես հոգնած ծնկներիս:
Ու հին, փոշեպատ հայելիների
Մշուշում կորած՝ խոնջանա հոգիս:

Եվ սիրել բախտը` պարզ ու երկրային,
Ցանկություններդ մեղկ ու կամակոր
Եվ սիրել քո տան փոշապատ ուղին
Եվ սենյակներիդ տխրությունը գոլ...

1916

ՄԱՐՄՆԻՍ ԵՐԱԶԸ

Շոգ վերմակի տակ դողում է, տենդում մարմինս այս գիշեր:
Քնել չե՛մ կարող: Աչքերիս առաջ ցատկում են, պարում:
Աչքերիս վրա մի հրաբորբոք մշուշ է իջել
Իսկ նրանք գալիս ու դառնում են ցոփ, խայտառակ պարում:

Գալիս են նրանք, անվերջ շարքերով անցնում են նրանք,
Աչքերիս առաջ հոլովվում են գիրգ, տռփասեր ձևեր:
Մոտենում են ինձ, համբուրում են շոգ շրթերով կրակ
Ու կրկին-կրկին ոգի են դառնում ու ցատկում են վեր:

Եվ նորից, նորից մոտենում են ինձ ու գրկում են ինձ,
Երակներիս մեջ լցնում են գինի, մարմինս խանձում:
Եվ երբ դողացող ձեռքերով նրանց սեղմում եմ կրծքիս
Դառնում են կրկին անմարմին ոգիկրքերի ցանցում:

Եվ վերմակի տակ դողում, գալարվում ու տենդում է դեռ
Մարմինս` թաղված քրտինքում, ինչպես տիղմերում ճղճիմ:
Իսկ հոգուս խորքում աղոթում է դեռ մեկը, կարեվեր,
Որ չկատարվի՛ մարմինիս կարմիր երազը վերջին...

1916

*

Դուրսը քամին թափառում է, անմխիթար դեգերում,
Չի՜ մոռանա պոետը քեզ, չի մոռանա քո հեռուն:

Նա մենակ է ու ծեծում է փակ դռները հիմա նա.
Քեզ մոտ կգա, երբ էլ-ոչ-ոք իր դռները չբանա:

Ո՛ւ ո՛ւ... նվոցը աշնան քամու, որպես լացը ջութակի.
Կրկին կգա, քո մենավոր պատուհանը կթակի:

Կես գիշերին ո՞վ կբանա իր դռները քամու դեմ.
Դու գրկաբաց ինձ կընդունես, դու կընդունես, ես գիտեմ:

Լո՛ւռ... կուչ եկավ աշնան քամին պատերի տակ անկյունի.
Հոգնած սիրտս քո մեղավոր գգվանքներում կքնի...

1916

ՈւՐՎԱԿԱՆՍ ՆՈՐ

Չեմ ճանաչում ինքս ինձ,
Չգիտեմ ես էլ,
Թե ո՞վ խլեց ինձանից
Մի ոսկի տեսիլ:
Փողոցներումհեռավոր
Ու անմարդ, ու մութ,
Ես տեսնում եմ դեմքս նոր`
Անորոշ ու սուտ:
Ես տեսնում եմ` մշուշում
Մեկը, մոլորված,
Դեգերում է ու հիշում
Դարպասները բաց...
Դարպասները, որ երեկ
Փակվեցին մթում,
Որ շրջիկը, հուսաբեկ,
Չդառնա էլ տուն...

1916

*

Գիտեմ, որ մի օր կմեռնեմ ես էլ
Ու կվերջանա իմ կյանքի ուղին:
Մոռացած բոլոր երգերս լուսե՝
Կհանձնեն ինձ էլ արգավանդ հողին:

Արևը նորից անհոգ կխնդա՝
Փռելով չորս դին լուսավոր գանձեր:
Եվ մայրս անգամ էլ չի՜ հավատա,
Որ եղել եմ ես, ապրել ու անցել:

Եվ գերեզմանս երբ փակվի ինձ հետ
Մեղքս կմոռնան, սիրո խոսք կասեն, —
Եվ անցած կյանքս կդառնա լեգենդ՝
Օրերիս նման անդարձ ու վսեմ...

1916

ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ

Իմ աչքերի մեջ այնքա՛ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարիբայց երգս կա, կապրի դեռ:

Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում`
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս:
Երգերիս մեջդու գիտե՞սինձ ոչ-ոք չի ճանաչում`
Կարծես ուրի՛շն է երգում կապույտ կարոտը հոգուս:

Հավիտյան գոց ու անխոս` թափառել եմ ու լռել.
Ոչ-ոք, ոչ-ո՜ք չգիտե` արդյոք ի՞նչ է կյանքս, ես.
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ:

Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
Կյանքս թողած անհունումես երգել եմ սերը խոր
Ու կարոտը թևերիս, որ երբե՛ք քեզ չհասան...

Մոտենում է, քո՜ւյր իմ, ա՛խ, իրիկունս միգամած.
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից.
Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած,
Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՛ն ինձ:

Գուցե՛ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես,
Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան...
Ի՛նչ էլ լինի, քո՜ւյր իմ, քո՜ւյր, հեռանալիս չանիծե՛ս
Խե՛ղճ կարոտը թևերիս, որ երբե՛ք քեզ չհասան...

1917

ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ

Թողած Կարսում, գետի ափին, տուն` շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով
Ա՛նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում. շուրջսմարդիկ, շուրջս դեմքեր հազա՛ր-հազա՛ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. —
Եվ ո՞վ կասի` ինչո՞ւ ես դու, և ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես` կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացվածվերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համարէլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս` լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի
Եսհաշմանդամ ու խելագար ու հավիտյա՛ն վտարանդի`
Դեպի երկի՛նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի
Իմ բա՛րձր, հին ու աստղային երազների ճանապարհով...

Ու էլ ամե՜ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ` ա՜չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում
Ասե՜ք նրան՝ Չարենցն ասավմնաս բարո՛վ, մնաս բարո՛վ...

1919

*

Ոսկեփրփուր, ոսկեպուրպուր,
Փռեմ չորս դին, թափեմ բուռ-բուռ
Երգերը իմ հրահրան.
Երգով խնդամ թող բոլորին,
Որ մեռնելիս զգամ, որ իմ
Օրերն անցան ու չկորան:

1919

ԱՇՆԱՆԱՅԻՆ

I

Արևն արծաթել է ամպերը թիթեղ.
Լույսից սփրթնել են ամպերը տեղ-տեղ:

Դանդաղ բարձրանում է արևն արծաթե
Սառցի պես հալչում է երկինքը կաթե:

Ու պաղ հիացքով մի, կարծես թե իզուր,
Սահում են լույսերը սարսուռ առ սարսուռ:

1919

II

Աշունը թափում է թերթերս հիմա,
Ու թոնը թրջում է արտերս հիմա:

Օ, սի՜րտ իմ, դու լուռ ես ու երգդ տխո՛ւր է.
Բոլո՛ր իմ հույսերը ջարդել ես հիմա:

Գարնա՜ն պես, ծաղկա՜նց պես անցել է քո հուրը,
ՈՒ հովը քաղում է վարդերս հիմա...

1919

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Դոփո՜ւմ են, դոփո՜ւմ են, դոփո՜ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին. —
Անծա՛յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՛ւմ են, գնո՛ւմ են, գնո՛ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՜ս մեջ հիմա. —
Անհա՛յտ է աշխարհը` անցնում է ու մահ...

1919

*

Աշունը դեղնաթուխ նստել է դռանը:
Մրսած ու կծկըված՝ դողում է, վայում է:
Երկինքը թխպակալ կարծես մի բերան է՝
Ուզում է կլանել կանաչը, գարունը:

Մրսած ու կծկըված դողում է իմ շունը.
Փարվել է ոտքերիս` մենակ է, տխուր է:
Աչքերը լացկումած, քաղցած են ու խորը,
Աչքերը աչքերիս ասում են` աշո՛ւն է...

Աշո՛ւն է, օ, շո՜ւն իմ, աշո՛ւն է, աշո՛ւն է,
Գգվի՜ր, փաթաթվի՜ր իմ ոտքերին հիմա.
Քաղցած, ամեհի է գայլի պես աշունը
Աշունը մշո՛ւշ է, մորմո՛ք է ու մահ...

1919

*

Խավար է, գիշեր է: Մթում սպասում եմ:
Սենյակս անլույս է ու լուռ է գիշերը:
Գիշերը մթի մեջ հոսում ու խոսում է.
Կասկածը ու ահը իմ սիրտը մաշել են:

Լռել եմ: Լսում եմ: Անծա՛յր է գիշերը:
Իսկ մութը մանվում է, մանվում է, մանվում է:
Իսկ սիրտս բոլո՛ր այն ահերը հիշել է.
Ահով ու մահով, ախ, լցվել է իմ տունը:

Պոկում են ծերպերը: Մթում քրթմնջում են:
Անտես փսփսում ենու սիրտս լսում է:
Գաղտնիք է ու ահ է ամեն մի հնչյունը
Մահո՛ւ պես դժվար է անլույս սպասումը...

1919

*

Կարմիր են գալիքի լույսերը ու մուգ են. —
Կարմիր են, կրակե, — բայց, ախ, անամո՛ք են:
Եվ ո՞վ կկանչի նրանց, որ կյանքում այս
Մենակ են, տխուր են, տխուր ու անօ՛գ են...
Նվում է սրտիս մեջ ծանոթ մի մորմոք հին.
Լույսերը հեռո՛ւ են, անփո՛ւյթ են, անհո՜գ են...

1919

*

Ի՞նչ ես արդյոք՝ չգիտեմ, ես չգիտեմ մինչ հիմա,
Գիտեմ միայն, որ դու կաս՝ անհերքելի, որպես մահ,
Ու անխուսափ, որպես օր, որ բացվում է ու մարում
Եղել ես դու, այժմ կասու կլինես աշխարհում:
Օրերիս պես, որ անցանանմխիթար դու անցար,
Արևի պես այսօրվադու վառել ես իմ ներկան, —
Եվ ես գիտեմ, որ կգաս՝ մխիթարիչ ու պայծառ
Օրերի պես, որ դեռ նո՛ր պիտի բացվեն, պիտի գան:
Օրերի պես գույնզգույնբացվում ես դու ու մարում,
Նո՛ր ես ընդմիշտ ու անդարձ` հավերժորեն քաղցր, խոր.
Եվ ես գիտեմ` կլինես դու` պայծառ ու լուսավոր
Քանի ապրում եմ ես դեռ, քանի դեռ կամ աշխարհում:

1919

*

Աղմկում է իմ սրտում ամեն գիշեր մի կարոտ,
Աղմկում է, որպես խուլ ու հեռավոր մի քամի,
Աղմկում է մինչև լույս, գանգատվում է վարանոտ
Ու ժամերն է հաշվում իմ, վայրկյանները մի առ մի:

Գիշերի մեջ լռանիստ աղմկում է անորոշ,
Խո՛ւլ ծփում է իմ սրտում, և ուղեղում, և հոգում.
Ու թվում է, թե նրա երգը ուրի՛շ, մի՜ ուրի՛շ
Աշխարհից է մոտենում հեռուներին իմ հոգու:

Զարթնում է մեջս հանկարծ հազարամյա մի քաոս,
Ծփում է հորդ, տարուբեր, օվկիանի պես վարար,
Ժամանակի պես անդեմ, մշտահոլով, մշտահոս,
Զառանցանքի պես շփոթ, ու անհաստատ, ու խավար:

Հնչում է մերթ, որպես երգ անծայրածիր մշուշում,
Հիվանդ մանկան պես անօգ` մերթ գանգատվում է կամաց,
Ու ոռնում է մերթ տխուր, հուսակտուր, որպես շուն
Լուռ, լուսնկա ու անդորր գիշերի մեջ միգամած:

Եվ լսում է իմ հոգին երգը այդ մութ քաոսի,
Շփոթ աղմուկը նրա, ոռնոցները կատաղի. —
Եվ ես գիտեմ, որ այդպես պիտի իմ կյանքը հոսի
Մինչև մարի հավերժի օվկիանի մեջ աղի...

1919

ԿԱՐՈՏ

Մի ռուս աղջկա

I

Հիմա ես հեռու եմ, հիմա
Օրերը ուրիշ են արդեն.
Անցած դառնությունն էլ չկա,
Անցած տխրությունը այն թեն:
Ու փողոցները չկան,
Ու կրակները հիվանդ.
Կարմիր փոթորկվել է ներկան
Վառել է ա՜յլ կարոտ ու խանդ:
Բայց ես, քո սիրով օրորուն,
Հրեղեն օրերում այս անգին,
Հաճա՛խ երազում եմ քո հեռուն,
Քո գորշ հմայքները այն հին:
Երազում եմ փողոցները տամուկ,
Քո ծախվող հմայքներն անթով
Ու ճչում է հոգիս մանուկ`
Հուսահատ, շրջմոլիկ, անտուն...

lI

Կապույտ իրիկուն էր իջնում
Ելնում էի փողոց:
Գալիս էիր միշտ դու՝
Լուռ, հոգնաբեկ, անխոս:
Աչքերիդ մեջ միշտ մի
Մեղքի փայլ էր լինում.
Ու շորերդխամրած,
Ու թթված բույր գինու:
Ո՜չ խոսք էր պետք, ո՜չ վեճ,
Ո՜չ ակնարկներ զգույշ.
Շրջում էինք անվերջ.
Փողոցներում մշուշ:
Իսկ հոգնելիսէժան
Հյուրանոցում մի մութ
Քնում էինք մեկտեղ,
Որպես եղբայր ու քույր:
Մոռացե՞լ ես արդյոք
Գիշերները այն մեր...
Ես քեզ հիշում եմ միշտ,
Ես քեզ սիրում եմ դեռ:

1920

*

Գարունը սիրտ է հուզումհուր ու հրդեհ է վառել,
Ջինջ օրերի երազումհուր ու հրդեհ է վառել:

Փռել է բույր ու շշուկ ու զարկել է ծիածան`
Հորիզոնից-հորիզոն հուր ու հրդեհ է վառել:

Գարնան բույրի պես անուշ՝ անմխիթար իմ հոգում
Այսօր թովիչ քո լեզուն հուր ու հրդեհ է վառել:

Դու եկել ես գարնան պես ու զարկել ես ծիածան.
Սիրտդ իմ սիրտն է ուզումհուր ու հրդեհ է վառել:

1920

*

Դու իմ գարնան առավոտինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՛տ, սրտիս մոտինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:

Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթինչպես կանչեմ քեզ հիմա:

Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:

Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:

Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա...

1920

*

Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած,
Լուսազարդ ու թևավոր օրերս հին ու անցած:

Եվ թվում է, թե նոքա կարկաչելով պիտի գան
Մանուկների նման հուրօրերս հին ու անցած:

Բայց գալիս են նոքա լո՛ւռ, ու հոգնաբեկ, ու տխուր,
Անցորդների պես մոլորօրերս հին ու անցած:

Պանդուխտների նման այն, որ հեռացել են վաղուց
Տուն են դառնում նորից նորօրերս հին ու անցած:

Եվ նստում են, հոգնաբեկ, ահա սրտիս վրա ծեր
Ու հորանջում են տխուրօրերս հին ու անցած:

Եվ չեն կանչում ոչ-ոքի. մտորում են ու լռում. —
Քո՛ւն են փնտրում ու անդորրօրերս հին ու անցած:

1920

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին.
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն.
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց, —
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ու՞ր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՛յր իմ անուշ ու անգին...

1920

«ՔՈ ՎԱՐԴԱՐԱՆԸ»

Նվարդի համար

Քո աչքերի պես խոնավ ու լազուր լճի
Հեռուների նման բիլ իմ հոգում հիմա
Տխրություն է ու թախիծ, դառնություն ու մահ:

Եվ ես ուզում եմ, որ այդ տխրությունն աճի
Ու խտանա, մշուշի պես կապույտ ու թեն
Որ ես ոչի՜նչ չտեսնեմ մշուշից բացի...

Սակայն նստել եմ, տխուր, իրիկվա մեգին,
Ու տվել եմ մատներիս վարդարանը քո.
Մտորում է զանգերի հուսահատ հոգին

Հեռուներում` ամպերի տխրության ներքո:
Ու վարդարանը քո հին` հեռավոր հուշի
Ճառագայթի նման բիլ՝ իմ լազուր հոգում

Թափում է հի՛ն կարոտի մի կապույտ փոշի...
Ընկնում են, մեղկ ու մեկ-մեկ, հատիկները բիլ
Ու հոսում են մատներիս տխրության միջով
Ջրերի պես անձրևի` պարզ, կաթիլ-կաթիլ:
Ի՞նչ է ուզում մատներից իմ տխուր ու մեղկ
Քո վարդարանը հիմա, երբ հեռու ես դու,

Որպես անցած կարոտի մոռացված մի երգ:
Եվ ինչո՞ւ եմ ես նստել իրիկվա մեգին
Եվ ձեռքս առել հակինթե վարդարանը քո,

Երբ մտորում է հեռուն զանգերի հոգին
Իրիկնային մոխիրե ամպերի ներքո...
Ախ, թո՜ղ հոգուս լազուրե դառնությունն աճի

Ու խտանա, մշուշի պես խոնավ ու թեն,
Որ ես ոչի՛նչ չտեսնեմ մշուշից բացի:
Սակայն զանգերը հեռուն մտորում են դեռ

Հետզհետե ծանրացող ամպերի ներքո
Ու երգում է մատներիս կարոտի երգեր
Հնամենի՛, հակինթե վարդարանը քո...

1920

ՄԱՐԻՈՆԵՏԿԱ

Կամաց, կամաց, կամաց, կամաց,
Ոտքերն հողին, հողին, հողին`
Եկավ-գնաց, եկավ-գնաց,
Գունատ, դեղին, գունատ, դեղին:

Ձեռքը շարժեցմեկ վեր, մեկ վար,
Ոտքը խփեցմեռե՜լ, մեռե՜լ, —
Առաջ եկավ դժվա՛ր, դժվա՛ր,
Ձեռքը շարժեց մեկ վար, մեկ վեր:

Ահա՜, ահա՜թեքվե՛ց, թեքվե՛ց,
Կընկնի՜, կընկնի... բայց չէ՜, նայի՜.
Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց,
Մնաց մի պահ՝ աչքը մահի:

Ու սո՛ւր ճչաց՝ կարծես բռնի
Աչքերն, անշարժ, հեռուն գամած. —
Այդպես հոգի՜ս պիտի մեռնի
Կամա՛ց, կամա՛ց, կամա՛ց, կամա՛ց...

1920

ՊՐԻՆՑԵՍԱ ՄԱՀ

Նվարդին ու Գոհարին

Սպիտակ վարդեր կան շրթերի վրա քո,
Աչքերիդ լճի մեջմոռացման թերթեր:
Հավիտյան հանգել է աչքերիդ կրակը
Ու բացվել են տեղը սպիտակ վարդեր:

Դու խաղաղ նիրհել ես, հավիտյան լռել ես
Եվ այնպե՛ս է քաղցր լռությունը քո,
Որ մի պահ մարել եմ առաջվա հրերս
Ու խմում եմ նիրհդ` լուսավոր ու գոհ:

Ախ, կարծես թե սիրտս քեզ դարե՛ր սիրել է
Ու գտել է լույսդ դագաղում հիմա.
Քո գունատ աչքերը, քո մաքո՛ւր աչքերը
Իմ հոգին գերել են, օ, պրինցեսա Մահ...

Եվ ահա թեքվել եմ ու դողդոջ շրթերս
Համբուրում են կարծր քո ճակատը սառ
Համբույրով տալիս եմ կարոտի վարդերս՝
Քո լուսե հուշի հետ մոռացմա՜նը տար...

1921

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

I

Վահա՜ն Տերյան, ինչպե՞ս երգեմ հիշատակը քո
Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո:
Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա,
Քամին բերե թող մահվան բոթ ու անձրևը լա:
Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին
Եվ զարդարեն, Վահա՜ն Տերյան, քո անցած ուղին:
Ու մշուշում տխո՛ւր երգով բյուրավոր զանգեր
Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր...

II

Դու արդեն հեռացել ես, աշխարհում էլ չկաս դու,
Ու լռել է երգը քո արդեն հիմա,
Բայց զգում է սիրտս, որ նորից կգաս դու,
Երբ իջնի գիշերը ու անձրևը լա:

Երբ իջնի գիշերը ու անցած հուշերը,
Անցածի փշերը դառնորեն խոցեն
Ո՛րբ, մենակ կգաս դու և կերգես քո սերը,
Որ վերջի՛ն մեր սերն է աշխարհում գուցե:

Որբ, մենակ կգաս դու և նորից քո երգը
Կվառե սրտում մեր կարոտանք ու սեր,
Անարև սրտում մեր կվառե քո երգը
Երազներ անմար ու ցնորքներ լուսե:

Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մո՛տ ես,
Մորմոքող հրի՜ պես մեր հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է,
Օ, հեռու ընկեր իմ, օ, Վահան Տերյան...

IlI

Դուլուսե, անցար ու չկաս:
Դութեթև, անմարմին, անծիր:
Դու ուրի՛շ խնդության երազ:

Դու սրտում մեր ընդմիշտ վառեցիր
Կրակներ անմար ու թաքուն:
Փռեցիր լուսավոր գանձեր:

Եվ երբե՜ք, երբեք չի աղոտի
Քո կանթեղը խավար մեր հոգում, —
Քո կանթեղըհեռո՛ւ կարոտի:

16. V. 1920

«ԼՅՈւՍԻ ԹԱՌԱՅԱՆԻՆ» շարքից

*

Բրոնզե քո՜ւյր իմ, բրոնզե քո՜ւյր իմ, բրոնզե հարս,
Լուսավոր դու, հրասիրտ ու հրավարս,
Բրոնզե քո՜ւյր իմ, բրոնզե քո՜ւյր իմ, բրոնզե հարս:

Դու վառվել ես օրերի մեջ ու հրում,
Դու վառվել ես կարմրավառ այս օրերում,
Դու վառել ես գալիքները ու հեռուն:

Եվ քո սիրտըմի խարույկ է ճարճատուն,
Ու հրում քո այրվում ես հիմա դու,
Ու կարմիր են կրակները քո հատու:

Բայց գրկել է քեզ խավարը անսփոփ,
Արնոտել են կրակներդ հիմա որբ,
Օ, երկի՜ր իմ, բրոնզե քո՜ւյր իմ հրասուրբ:

Ու խավար է, շուրջդ ահ է ու մշուշ,
Արնոտել են կրակները քո անուշ
Շուրջդ ա՜հ է, շուրջդ մա՜հ է ու մշուշ:

Քեզ խաչել են ու թքել են երեսիդ,
Օ, երկի՜ր իմ, հրադեմ ու հրասիրտ
Բրոնզե քույր իմ, բրոնզե հարս իմ երազի:

Քեզ խաչել են ու թքել են երեսիդ,
Քրքջացել են լուսավոր քո երազին,
Բրոնզե քույր իմ, բրոնզե հարս իմ երազի:

Ու վերքերը կարմըրել են երեսիդ,
Արնոտել են շուշանները երազի, —
Բայց քո ճիչը Ամոքիչը կլսի:

Եվ հողմերը կճչան ու կշաչեն,
Եվ զենքերը մեր զվարթ կշառաչեն,
Որ հառնե քո երազանքը լուսաճեմ:

Ու հրում, հողմերում մեր երազի
Կկորչեն քո դահիճները, անբասիր,
Ոսոխները, ոսոխները քո զազիր:

Եվ նրանք, որ թքեցին քո երեսին
Պետք է մահը ու դժոխը երազեն
Գայլերի ու ցիների հետ միասին:

Եվ նրանք, որ լրբացել են էլ հիմա
Անկումից քո, խարխափից քո ակամա
Գտնելու են միայն մեգ ու միայն մահ:

Կհառնես դու, հրասիրտ ու հրավարս,
Կվառվես դու խնդասիրտ ու կխնդաս,
Օ, երկի՜ր իմ, բրոնզե քո՜ւյր իմ, բրոնզե հարս:

1920, հունիս

ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ

Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այս՝ վերջին քնար. —
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու:
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի:
Կանգնել են, լուռ, իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՛րբ հոգու:
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող:
Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա:
Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեցմի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտե՜ր երկու:
Գուցե այդ ե՜ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՜չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ո՜չ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի...

Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով, —
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ
Տա՛մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր...
Թող ո՜չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՜մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՜րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա, —
Թող ո՜չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՜չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա...

1920. 6. X.

ՏՐԻՈԼԵՏ Լ. Բ-ԻՆ

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի...

1921

ՆՐԲԱԿԻՐԹ Լ.-ԻՆ

Ձեր հոգիննուրբ, օսլայած,
Ձեր սիրտըգուրգուրած շնիկ:
Իսկ ես սովորել եմ, գիտե՞ք,
Որ հոգիս փողոցում քնի:

Ձեր հոգին նուրբ, օսլայած:
Ներեցեք... բայց կարող է նա
Հետևի ոտքերին նստած
Մինչև լույս կարոտից ոռնալ:

Կարո՞ղ է արդյոք փողոցում,
Ուր անգամ արգելվում է ծեծվել,
Առաջին հանդիպած շան հետ
Միանալ, այսինքնկցվել:

Ախ, օրիո՜րդ, ներեցե՜ք: Դե, ես
Որքան էլ բանաստեղծ լինեմ,
Բայց ձեզ պես բարեկիրթ, ձեզ պես...
Իմ հույզերը զսպել չգիտեմ:

Ես առանց քաշվելու, գիտե՞ք,
Վաղը, երբ գարուն բացվի,
Կթողնեմ, որ հոգիս շրջիկ
Ամենքի հետ միանակցվի:

Թեկուզ ես գիտեմ, որ նա
Երբ հետո հագեցած երգե
Իմ հոգու լնդերքի վրա
Կբացվեն կապո՛ւյտ վերքեր:

Բայց էլի, մայթերի վրա
Փնտրելով փշրանքներ հացի
Կվատնեմ իմ հոգին շռայլ,
Կտամ շներին փողոցի:

Պոռնիկները ինձ քույր կդառնան,
Շներըեղբայրներ անգին, —
Բայց ափսո՛ս որ օտար կմնա
Ձեր մաքուր, օսլայած հոգին...

1921

ԿԱՏՈԻՆԵՐՆ ՈՒ ԵՍ

Ինձ ասացին, որ ես իզուր եմ ապրում,
Որ ես իզուր վիրավորում եմ իմ խեղճ
Ու խայտառակ գոյությամբ
Վեհությունը աշխարհի...

Ինձ ասացին, որ ես իզուր եմ ապրում...
Եվ ո՞վ ասաց. մի կատու,
Որ գարնան դեմ, սիրակարոտ մլավելով,
Երազում էր տա՛ք գգվանքներ ու խնդում:
Նա նստել էր կտուրին,
Ուր իր մրսած կողերն հողին քսելով,
Մլավելով աղիողորմ,
Կանչում էր որձ կատուների, որ, ավա՛ղ,
Չկային...

Գարնան արևն իրիկնային
Գցել էր պաղ մի ճառագայթ կողերին,
Ու արևի տակ գարնան
Տաքանում էր կարոտը ո՛րբ կողերի...

Ու կատվային աչքերում,
Արդեն մարող ճառագայթի նման խեղճ,
Հուրհուրում էր վերջին տագնապը սիրո,
Որ դեռ մխում էր ցամաքած սրտի մեջ:

Երկա՛ր, երկա՛ր մլավում էր հուսահատ:
Եվ որպես սև դառնություն
Այդ աղեխարշ մլավյունը իրիկվա
Հոսում էր վար կտուրից,
Որպես թախիծ, որպես թույն...

Նայում էի ես երկա՛ր:
Լո՛ւռ էր այնպես: Ու միայն ջուրն էր կաթում, —
Երբ դիմացի կտուրից,
Գաղտագողի մոտենալով
Ցատկեց հանկարծ մի կատու:

Դեռ չէր տեսել: Բայց հանկարծ
Նա նկատեցու մլավյունը խղճուկ
Փոխվեց մի սուր, արնափրփուր խնդության:
Եվ իրարու մոտեցած,
Արդեն մարող լույսերի տակ արևի,
Նրանք իրար միացան,
Չիմանալով, որ նայում է մի չար աչք
Ներքևից...

Հետո... ների՜ր ինձ, երկի՜նք,
Որ հալհլոցը գարնան
Ու տեսարանը հեթանոս այդ սիրո
Մեջս շարժեց չար մի կիրք...
Եվ ես հանկարծ,
Ի՜նքս էլ դեռ լավ չհասկացած, թե ինչու,
Վերցրեցի մի բուռ ձյուն
Ու խփեցի կատուներին սիրարծարծ...

Եվ ա՜յդ պահուն միայն ես
Նկատեցի, որ եթե
Ես պատահմամբ այդ չար քայլը չանեի
Սիրով տարված կատուները կտուրից
Պիտի գետին ընկնեին...

Սակայն իմ թաց ձյունագնդից արթնացած,
Սուր զայրացած, որ չթողին որ խաղան
Նրանք ահեղ մլավեցին դեպի ցած
Ու փախան...

* * * * * * * *

Ո՛վ երկինք,
Ների՜ր, որ ես ոչնչի չե՛մ պետք եկել,
Որ կյանքս ողջ երգ է եղել ու քամի...
Բայց մի անգամ, միայն մի, —
Երբ գարուն էր, հալհլոց
Ես փրկել եմթեկուզ կամքիս հակառակ
Երկու կատվի... կտուրից վայր ընկնելուց...

1922

ԱՄԱՌ

Արդեն ամառ է շոգ, ջերմին,
Արդեն հասել է բերքը բորբ,
Ծաղկել է վառ պարտեզը իմ. —
Ինչո՞ւ եմ ես անօգ ու որբ:

Տվել է ինձ արևն ամռան
Ինչ որ միայն կարող էր տալ.
Սերմերն հասան ու չկորան. —
Ինչո՞ւ ես չե՛մ կարող խնդալ...

Ամառը ինձ բերք է բերել,
Տունս լցվի պիտի բերքով. —
Բայց սիրտս մութ ու զուրկ է դեռ
Եվ չի՛ լցվում ամռան երգով...

Ո՞վ գիտե, սի՜րտ, ուղին քո մութ
Ու խորհուրդները քո խավար.
Սի՜րտ իմ, անհաս կյանքի խորհուրդ,
Սի՜րտ իմ խավար...

1920

ԿԱՐՄԻՐ ՍՈՆԵՏ

Поэт всегда с людьми, когда шумит гроза.
БРЮСОВ

Որպես դաշույն՝ օրերի հնամենի պատյանից
Ելնում է, կարծր ու բոսոր, ու վառվում է ապագան.
Եվ չի մտնի նա հնի փոշոտ պատյանը նորից,
Ու չի թաղվի օրերում, որ վառվեցին ու չկան:

Ի՞նչ է ուզում էլ տաղտուկ հիմարությունը ձեր խեղճ
Եվ ձեր մեռնող աշխարհի տխրությունը հուսահատ.
Այն, որ օրերն ապրեցին և բանաստեղծը երգեց
Չի՜ խորտակվի տագնապից ու սարսափից ձեր վհատ:

Իմաստուն է օրերի վայրագ նահանջը հիմա.
Ինչպես փոշոտ պատյանի բիրտ հեռացումը սրից
Երբ ոսոխի հանդիպած՝ պիտի կռվես ակամա: —

Եվ ես, պոետ իմաստուն, ահա երգում եմ նորից.
Նահանջում են օրերն ետ, հեռանում են ու չկան
Ու թռչում է երգս՝ նետ՝ դեպի վառվող Ապագան...

1921

ԱՍՏՂԻԿ

Քնար չկա ձեռքիս և ոչ սրինգ անուշ,
Որ քեզ երգեմ, Աստղի՜կ, կին դու՝ հավերժ բեղուն,
Ցնորք դարձած դու կին, արդեն մեռած վաղուց,
Քարի՛ կոտրած բեկոր՝ անդարձ կորած հողում:

Աստղի՜կ, հեռու տեսիլ, ինչպես դարերն հեռու,
Ո՛վ թարմություն գարնան, անուշ կարկաչ առվի, —
Ինչո՞ւ ստվեր դարձար, ինչո՞ւ դարձար ուրու,
Եվ ե՞րբ պիտի նորից հմայքը քո վառվի:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last