Մուրացան՝   Պատմվածքներ

Իսկ Հռիփսիմեն, իհարկե, Անտոնի նման չէր: Մայրական սիրտը ամենայն տեղ միևնույն է. նա նույնչափ քնքուշ, նույնչափ գթոտ է աղքատի խրճիթում, որչափ և մեծատան սրահներում: Դեռ մի քանի տասնյակ քայլ իրենց տնից հեռու, երբ նա նկատում էր Ելենային, իսկույն վազում, փաթաթվում էր նրան, սեղմում էր կրծքին, համբուրում էր, կարծես թե երկար տարիներ էին անցել, ինչ որ նա չէր տեսել Ելենային, և ապա ձեռքիցը բռնած բերում էր տուն: Յուրաքանչյուր կյուրակե հյուսն Անտոնի տունը կերպարանափոխվում էր. Ելենայի ներկայությունը լցնում էր ամեն դատարկություն, տան թե՛ ներսը և թե՛ դուրսը մի առանձին կենդանություն էին ստանում: Շաբաթվա մեջ խնայածներն այդ օրը սեղանի վրա էին հանվում: Ելենայի ուրախությունը կատարյալ անելու համար հրավիրում էին դրացի աղջիկներից մի քանիսը, որոնք ճաշից հետո դահիրա էին ածում և Ելենայի հետ միասին երգում և պարում էին:

Միով բանիվ այդ օրն Անտոնի և Հռիփսիմեի աղքատիկ տնակը կատարյալ երջանկության մեջ էր լինում:

Մեր ուրախությունը ոչնչով պակաս չէ մեր հարուստ դրացիների ուրախությունից, — հաճախ կրկնում էին մարդ ու կին և երախտագետ սրտով փառք տալիս աստծուն:

Ահա՛ այս երջանիկ օրը վայելելու համար էր, որ Անտոնը եկեղեցուց շտապով վերադառնում էր տուն:

Ո՛ւր է Ելենան, դեռ չէ՛ եկել, — հարցրեց Անտոնը կնոջը՝ տուն մտնելով և «ողորմի աստված» ասելով:

Չէ, դեռ չէ եկել, չգիտեմ ինչո՞ւ այսօր այսքան ուշացավ:

Զարմանալի է, նա այս ժամին միշտ այստեղ է լինում:

Ի՞նչ զարմանալու բան կա. երևի այն անպիտան վարպետուհին էլի գործ է տվել շինելու: Խեղճ երեխաս ամբողջ շաբաթը տանջվում է բավական չէ, և դեռ կյուրակե օրն էլ հանգիստ չեն թողնում:

Չէ՛, ա՛յ կին, ես պետք է Ելենայիս հանեմ այդ կնոջ մոտից, նա նրան բոլորովին կմաշե:

Ես խո սկզբից էի ասում, թե Բերնարի համար լավ չեն խոսում, ասում էին, որ նա աղջկերանց միսն ուտում է, բայց դու ինձ չլսեցիր և աղջիկդ տվիր նրան:

Ոչինչ, թող այս ամիսն էլ անցնի, այն ժամանակ ես գիտեմ ինչ կանեմ, — ասաց Անտոնն սպառնացող եղանակով, և ապա դուրս եկավ բակը տեսնելու համար, թե արդյոք հեռվից չէ երևում Ելենան:

Նա երկար նայեց այստեղից դեպի ներքևի փողոցը, և ոչինչ չնշմարեց: Վերջապես կամաց-կամաց բարձրացավ դեպի քարափի բարձրությունը, այնտեղից ավելի լավ դիտելու համար: Երկար ժամանակ նա այդտեղ արձանացած կանգնած էր, բայց Ելենան չէր երևում: Անհանգստությունը սկսեց նրան տանջել, նա իջավ տուն:

Ա՛յ կին, ես գնում եմ դեպի կարանոցը., տեսնեմ երեխային ինչ պատճառով են այսքան ուշացնում, — ասաց նա Հռիփսիմեին, գլուխը սենյակի պատուհանից ներս մտցնելով:

Գնա՛, գնա՛, գուցե այն անզգամ կինը քեզ տեսնելով ամաչե, — պատասխանեց Հռիփսիմեն, — գնա և խնդրիր, որ երկրորդ անգամ այսքան երկար չպահե երեխային. թող միշտ առավոտը ղրկե:

Անտոնը շտապ-շտապ դիմեց դեպի տիկին Բերնարի կարանոցը:

Բակը մտնելով նա առաջին անգամ պատահեց Շուշանին:

Ինչո՞ւ քո տիկինը Ելենային այսքան ուշացնում է, ամոթ չէ՞, — ասաց նա նրան, — ամբողջ շաբաթ խեղճը տանջվում էր բավական չէ, դեռ կյուրակե օրերն էլ է բանեցնում:

Ի՞նչ եք խոսում դուք, — զարմացմամբ հարցրավ Շուշանը, — Ելենան երեկ երեկոյան է եկել ձեզ մոտ:

Գժվե՞լ ես, ի՞նչ է, ի՞նչպես թե երեկ երեկոյան է եկել մեզ մոտ. նա այստեղ է. նա... ո՞ւր է տիկինդ, ո՞ւր է Ելենան, — այս խոսքերով նա խելագարվածի նման վազեց դեպի տիկին Բերնարի առանձնարանը: Տիկինն այդ ժամանակ կանգած հայելու առաջ սանդրվում էր, նա հայելու մեջ տեսավ, թե ինչպես Անտոնը շփոթված ներս ընկավ յուր սենյակը. բայց նա այդ բանից բնավ չվրդովվեցավ:

Հա, ի՞նչ կա, Անտոն, բա՞ն ունիս ասելու, — հարցրեց, նա նրան կատարյալ հանգստությամբ և առանց երեսը շուռ տալու:

Տիկի՛ն, ո՞ւր է Ելենան, ինչու՞ մինչև այժմ պահել եք նրան:

Ելենա՞ն, — զարմացմամբ հարցրեց նա:

Այո՛, այո՛, Ելենան, ո՞ւր է, ինչու՞ է ուշանում:

Ի՞նչ եք ասում: Ելենան երեկ երեկոյան եկավ ձեզ մոտ:

Տիկի՛ն, դուք կատակ եք անում, — վայրենի ձայնով գոչեց Անտոնը, և նրա դեմքը կտավի գույն ստացավ...

Ի՞նչ կատակ, ի՞նչ բան, ձեզ ասում են, որ երեկ երեկոյան նա եկել է ձեզ մոտ: Ի՞նչ անեմ, շատ խնդրեց, ես էլ չկարողացա բացասել. մի՞թե վատություն եմ արել:

Անտոնի ոտքերը թուլացան: Նա երերվեցավ և քիչ էր մնում, որ գետին ընկնի, բայց իսկույն հենվեցավ պատուհանին:

Տիկի՛ն, դուք ինձ խելագարեցնում եք. նա մեզ մոտ չի եկել, ասացեք, ի սեր աստծո, ո՞ւր է նա...ո՞ւր է գնացել...

Ձեր հայերը միշտ այդպես կոպիտ են, պարոն, — կեղծ բարկությամբ նկատեց տիկին Բերնարը, — ես ձեզ սուտ չեմ ասում խո. ի՞նչ է, ինձ մոտ է և ես ծածկո՞ւմ եմ:

Բայց նա մեզ մոտ չի եկել տիկին, ո՞րտեղ է ուրեմն...

Գուցե ձեր բարեկամներից մեկի տանն է, ես ի՞նչ գիտեմ, ո՞րտեղ է. ես խո փողոցում էլ նրա պահապանը չեմ:

Անտոնը ոչինչ չպատասխանեց, նա երերվելով դուրս գնաց:

Աղջկերք, գուցե դուք գիտեք, ասացեք, ո՞ւր է Ելենան, — գրեթե շնչասպառ մոտեցավ նա մի քանի կարողուհիների, որոնք հավաքված էին պատշգամբի մի անկյունը:

Ի՞նչ է, չէ՞ եկել ձեզ մոտ, — զարմացմամբ հարցրեց նրանցից մինը:

Նա երեկ երեկոյան դուրս գնաց այստեղից, — հարեց մի ուրիշը:

Ի՞նչ է պատահել, մի՞թե իրենց տուն չէ գնացել, — մի երրորդը հարցնում էր իր ընկերուհուն:

Այ, չե՞ս տեսնում, հայրն ասում է, որ չէ գնացել, — պատասխանում էր նա:

Աստված իմ, ի՞նչ եք ասում, ուրեմն ո՞ւր պետք է գնացած լինի, — բացականչում էր Նինոն:

Գուցե ձեր քրոջ տանն է, պարոն, այնտեղ հանդիպեցեքվերջապես խորհուրդ էր տալիս Շուշանը:

Անտոնն այս բոլոր հարց ու պատասխաններից ոչինչ նոր բան չհասկացավ, նրա համար միայն այն տխուր լուրը հաստատվեցավ, որ Ելենան երեկ երեկոյան կարանոցից դուրս է գնացել, բայց թե ո՞ւր է գնացել, նա չէր կարողանում հասկանալ: Վերջապես նա շվարած դիմեց դեպի իր քրոջ՝ Եղիսաբեթի տունը, որը Բերնարի կարանոցից մոտ էր գտնվում:

Ճանապարհին մի նվազ հույս պահում էր նրան, նա ուզում էր հավատալ, որ Ելենան երևի իր քրոջ տունն է գնացել, որովհետև քաղաքի մեջ նա էր իրենց միակ ազգականը, թեպետ այդ բանը նա առանց ծնողներին իմացնելու չէր անիլ: Բայց չէ՞ որ խեղդվող մարդն ամեն անզոր ճյուղից էլ բռնում է, հուսալով, որ նա կազատե իրեն

Այստե՞ղ է Ելենան, — հարցրեց Անտոնը քրոջից բակի մեջ նրան պատահելով:

Ելենա՞ն, — զարմացմամբ հարցրավ քույրը:

Այո՛, ուրեմն այստե՞ղ չէկորե՞լ է... — էլ ոչինչ չկարողացավ շարունակել Անտոնը և սկսեց գլուխը ծեծել:

Ի՛նչ է պատահել, Անտոն, ոչինչ չեմ հասկանում, ասա, ի սեր աստծո, ի՞ նչ է պատահել...

Ելենա՛ն.,. Ելենա՛ն կորել է, երեկ երեկոյան դուրս է գնացել կարանոցից և այժմ չկա... — դողալով մրմնջում էր Անտոնը և գլուխն ու ծնկները հարվածում...

Ի՞նչ ասացիր այդ, Անտոն, — սարսափով բացականչեց Եղիսաբեթը և սկսավ բարձրաձայն հեկեկալ:

Գնանք, գնանք մոր մոտ, գնանք ասենք, որ Ելենան չկա, մեռել է... — խելագարի նման մրմնջում էր Անտոնը, — գնանք, նա սպասում է ինձ...

Եվ հեկեկալով ու վայ տալով քույր և եղբայր ճանապարհ ընկան դեպի տուն:

Հռիփսիմեն դեռ կանգնած բակի ծայրում անթարթ աչքերով նայում էր հեռու, դեպի փողոցը, նա սպասում էր իր գեղեցիկ ԵլենայինԵվ ահա` նկատեց փողոցի ծայրում Անտոնին, նրա հետ մի կին էլ կար, բայց հագուստները Ելենայի հագուստների նման չէին նա հետաքրքրությամբ դիտում էր նրանց, վերջապես ճանաչեց Եղիսաբեթին: Իսկ Ելենան ինչու՞ չկար, Եղիսաբեթը ու՞ր էր գալիս, նա ոչինչ չէր կարողանում հասկանալ:

Նրանք մոտեցան: Հռիփսիմեն նկատեց նրանց հուսահատ շարժումները, նա վերջապես տեսավ, որ Եղիսաբեթը լաց էր լինում, և ծնկները դողդողացին...

Ին՞չ է պատահել, ո՞ւր է Ելենան, ինչո՞ւ առանց նրան եք եկել… — իրար ետևից հարցրեց Հռիփսիմեն, առանց մի քայլ անգամ առաջ գնալ կարողանալու:

Ելենան... երեկ երեկոյան…— կակազեց Անտոնը և հեկեկանքը խեղդեցին նրա ձայնը:

Ի՞նչ, երեկ երեկոյան մեռա՞վ... — սարսափով գոչեց Հռիփսիմեն:

Ու՞ր էր թե մեռներ... երեկ երեկոյան կարանոցից դուրս է գնացել և էլ չկա... — դառն կսկիծով հարեց Եղիսաբեթը:

Ա՛հ, Ելենա՛ս, — սուր ձայնով ճչաց Հռիփսիմեն և ուշաթափ գլորվեցավ գետին:

Ի՞նչ արի՞ր դու, Եղիսաբեթ, ինչո՞ւ սրան էլ ես սպանում, — սոսկալով գոչեց Անտոնը և շտապով գրկեց դալկահար և ուշաթափ ամուսնուն:

Եղիսաբեթը դողալով վազեց տուն և ջրի սափորը քարշ տալով բերավ և սկսեց ջուր սրսկել Հռիփսիմեի վրա: Անտոնը որքան ուժ ուներ ձեռքերում, սկսավ շփել նրա մարմինը, քաշել ականջներից և կամ մատներն ատամների մեջ խրելով աշխատում էր զոռով բաժանել նրա միմյանց հետ կպած ծնոտները:

Անցան մի քանի վայրկյաններ, և Հռիփսիմեն աչքերը բացավ‘ «Ելենաս, ո՞ւր է Ելենաս...», — նվաղած ձայնով մրմնջաց նա, և կրկին թուլացավ:

Անտոնը և Եղիսաբեթը կրկնապատկեցին իրենց ջանքերը և մի քառորդ ժամից հետո հազիվ հաջողեցան ուշքի բերել Հռիփսիմեին, որն այժմ սկսել էր դառնապես լալ և մազերը փետել:

Անտո՛ն, ո՞ւր է Ելենաս, նրան տարել են, նրան սպանել են... ինչու՞ համար ես կանգնել, գնա՛, գնա՛ գտիր նրան... — անդադար հեծեծում էր խեղճ կինը և անխնայաբար գլուխը և ծնկները հարվածում:

Թշվառ ընտանիքի լաց ու կոծի վրա հավաքվել էին դրացիներից և դրացուհիներից մի քանիսը. նրանք սիրտ էին տալիս Հռիփսիմեին, հուսադրում էին նրան, բայց բոլորի ջանքերն էլ ապարդյուն էին անցնում. Հռիփսիմեն ոչինչ չէր, ուզում լսել, նա անդադար յուր անձը կոծում էր: Վերջապես խառատ Օսեփը, որ նրանց դրացիներից մինն էր, առաջարկեց Անտոնին յուր հետ միասին գնալ և ոստիկանության հայտնել, խուզարկություն անելու համար:

Խեղճ Անտոնը մինչև այն արձանացած կանգնած էր. արտասվաց կաթիլները սառել մնացել էին յուր ծնոտների վրա: Դրացու առաջարկությունը լսելուն պես, կարծես նա նորից արթնացավ, և յուր կորուստի սոսկալի ծանրությունն զգալով սկսավ դառնապես լալ: Հետո գլխակոր առաջ անցավ ոստիկանատունը գնալու համար:

Ո՞ւր ես գնում, ինձ էլ տար հետդ, — ճչաց Հռիփսիմեն նրա ետևից, — տար, ես չեմ կարող այստեղ մնալ, ես էլ եմ ուզում որոնել իմ Ելենային...

Շրջապատող կանայք շատ աշխատեցին պահել նրան, բայց հնար չեղավ. «Ես չեմ մնալ, ես կմեռնեմ...», — շարունակ կրկնում էր խեղճ կինը: Բայց նա չկարողացավ մի քանի քայլ անգամ փոխել, նրա ծնկներում ուժ չէր մնացել: Վերջապես կառք բերել տվին և նրանով չորս հոգի ուղղվեցան դեպի ոստիկանատունը՝ Անտոնը, Հռիփսիմեն, Եղիսաբեթը և խառատ Օսեփը:

Բայց դեռ ճանապարհի կեսը չանցած, Հռիփսիմեն կանգնեցրեց կառքը և պահանջեց, որ գնան առաջ Բերնարի կարանոցը, «Գնանք այնտեղ, Ելենան այնտեղ է, ես գիտեմ... — խելագարի նման խոսում էր նա, — գնանք, ես ինքս ուզում եմ ստուգել ամեն բան...»:

Կառքը ուղղվեցավ դեպի Բերնարի կարանոցը:

ԿՐԿԻՆ ՏԻԿԻՆ ԲԵՐՆԱՐԻ ԿԱՐԱՆՈՑՈՒՄ

Ժամը 12-ի մոտ էր. տիկին Բերնարը վաղուց արդեն հագնվել պատրաստվել էր: Այժմ նա հենված փափուկ բազկաթոռին լրագիր էր կարդում, իսկ առջևը գտնվող կոլորիկ սեղանի վերա դրված էր կաթով սուրճ և պաքսիմատ: Նրա դեմքը ոչինչ անհանգստություն չէր արտահայտում, նա նույնն էր, ինչ որ երեկ կամ անցյալ օրը: Յուր ամբողջ ընթերցանության ժամանակ նրա ճակատի կնճիռները միահավասար և անշարժ դրություն էին պահպանում. ամենահետաքրքիր գրվածքն անգամ նրա ուշադրությունը չէր լարում, ամենասրտաշարժ նկարագիրն անգամ նա կարդում էր անտարբերությամբ: Տիկին Բերնարը նմանում էր ա՛յն անձիքներից մինին, որ անցնելով աշխարհային կյանքի ամենաքաղցր և ամենադառն փորձերից, կանգնել է գործնական հողի վերա և յուր բոլոր առած դասերով հասել ա՞յն թշվառ եզրակացության, որ զգալը և կարեկցիլը առաջնորդում են մարդուն միմիայն դեպի թշվառություն, մինչդեռ անտարբերությունը բերում է նրան հանգիստ և խաղաղություն: Տիկին Բերնարը յուր գեղեցկությամբ հանդերձ, մի ամենօրյա կին էր, և կյանքի փորձերից պիտի հաներ այդ եզրակացությունը... մի բան, որ անում են ներքին արժանավորությունից և հոգվո մեծությունից զուրկ բոլոր մարդիկը:

Հազիվ նա վայր դրավ թերթը և պարզեց ձեռքը սուրճը առնելու, ահա կարողուհիներից մեկը ներս մտավ և հայտնեց, որ Ելենայի ծնողները և բարեկամները եկել են իրեն տեսնելու:

Ի՞նչ է պատահել, ի՞նչ ունին նրանք ինձ հետ, — դժգոհությամբ հարցրեց տիկին Բերնարը, — չե՞ ն կամենում մի օր հանգիստ տալ մեզ: — Բայց խոսքը դեռ չէր վերջացրել, երբ խելացնորի նման ներս ընկավ Հռիփսիմեն:

Տիկին, ո՞ւր է Ելենաս, — գոչեց նա Բերնարին դիմելով, — ինչո՞ւ նա մեզ մոտ չէ այսօր, ո՞րտեղ ես ղրկել նրան...

Ձեր աղջիկը երեկ ես ղրկեցի ձեր տուն, — սառնությամբ պատասխանեց տիկին Բերնարը, — ես միևնույնն ասացի՝ այսօր առավոտ ձեր մարդուն, ուրեմն էլ ի՞նչ հարկ կար կրկին հարցուփորձի գալ այստեղ:

Տիկի՛ն, իմ աղջիկը, իմ Ելենաս... նա մեզ մոտ չէ եկել... ես նրան ձեզ եմ տվել, ես պահանջում եմ իմ աղջիկը...

Ի սեր աստծո, ես ոչ ժամանակ և ոչ ցանկություն ունեմ ձեզ լսելու, ձեր աղջիկը ինքը խնդրել և դուրս է գնացել եմ կարանոցից, ի՞նչ մեղավոր եմ ես այստեղ, հանգիստ թողեցեք ինձ, — ասաց տիկին Բերնարը և կրկին թերթը ձեռքն առնելով սկսավ կարդալ:

Օ՛հ, տիկի՛ն, աղաչում եմ ձեզ, անգութ մի՞ լինեք, խղճացեք ինձ վրա... — այս խոսքերով նա ընկավ տիկին Բերնարի ոտքերը և նրա ծնկներին փարելով աղիողորմ ձայնով շարունակեց, — իմ Ելենան, տիկի՛ն, ասացեք, ի սեր աստծո, ո՞ւր է նա, ի՞նչպես հեռացավ նա ձեզանից, ո ՞վ գողացավ նրան, տիկին, այս բոլորը դուք կարող եք գիտենալ. դուք կարող եք նրան գտնել. դուք փորձված եք... օ՛հ, ես խելագարվում եմ, տիկին, օգնեցեք ինձ. տվեք ինձ իմ աղջիկըիմ Ելենան...

Դուք կարծես թե դիտմամբ ինձանի՞ց եք պահանջում ձեր աղջիկը, — բարկացած վեր թռավ սեղանից տիկին Բերնարը և մի կողմ հրեց Հռիփսիմեին:

Այո՛, տիկին, իմ աղջիկը ես ձեզանից եմ պահանջում, — հաստատ ձայնով գոչեց Հռիփսիմեն, — ես նրան ձեզ հանձնեցի, և դուք պիտի նրան իմ ձեռքը տաք... ես ոչ ոքին չեմ ճանաչում:

Այս միջոցին գրեթե բոլոր կարողները հավաքվել էին տիկին Բերնարի սենյակը, վերջինս բարկացած անցուդարձ էր անում նրանց մեջ: Հռիփսիմեի վերջին խոսքերը լսելով՝ «Կարոլի՛նա, — դարձավ նա աղջիկներից մինին, — կանչիր այստեղ ծառային, այս մարդկանցը ես խոսք չպիտի կարողանամ հասկացնել, թող ուրիշները այդ անեն»:

Կարոլինան իսկույն դուրս գնաց: Մի րոպեից հետո ծառան ներս մտավ:

Ա՛յ տղա, գնա՛ այս րոպեին կանչիր այստեղ ոստիկանական վերակացուին, — ասաց նրան տիկին Բերնարը, — թող նա գա և արձանագրություն կազմե մի փախստական աղջկա համար, որի պատճառով մեզ զրպարտում են այստեղ:

Ծառան դուրս գնաց:

Փախստակա՞ն... ուրեմն իմ Ելենան մի փախստակա՞ն է... — կսկծալով խոսեց Հռիփսիմեն, — ինչպես հեշտությամբ անպատվում են նրան... օ՛հ, ո՛չ, ես չեմ հավատում, այնպես չէ՞, Անտոն, չէ՞ որ մեր Ելենան մի անմեղ, մի սուրբ աղջիկ էր. իմ սիրտս վկայում է, որ նրան գողացել են, որ նրան ծախել են... նա ինքը չէր փախչիլ...

Այդ միջոցին Հռիփսիմեի աչքն ընկավ Նինոյի և Շուշանի վերա, նա իսկույն վեր թռավ տեղից և դիմեց դեպի նրանց:

Նինո՛, Շուշա՛ն, դուք այստե՞ղ եք. ի՞նչպես ես ձեզ չտեսի, ա՛խ, ինչպես ես ուրախ եմ, դուք կասեք ինձ, թե ո՞ւր է գնացել Ելենան, այնպես չէ՞, դուք նրա ընկերուհիներն եք.

Նա ձեզ սիրում էր... դուք անպատճառ կգիտենաք նրա տեղը ձեր տիկինը ինձ խաբում է. ասացեք սիրելիներս, ասացեք ո՞ւր է ձեր ընկերուհին... ո՞ւր է Ելենան, ասացեք, ես խելագարվոսմ եմ, ո՞ւր է իմ աղջիկը… — և նա բարձր ձայնով սկսեց հեկեկալ: Շուշանը և Նինոն չդիմացան այս աղիողորմ տեսարանին և փղձկալով ընկան Հռիփսիմեի գիրկը և սկսան լաց լինել: Բոլոր ներկա գտնվողները հետևեցին նրանց: Անտոնը սրտի կսկծից մորմոքելով կոտրատում է յուր մատները և խառատ Օսեփը սենյակի անկյունում կծկված լռիկ արտասվում էր...

Այս բոլորի մեջ անտարբեր և անողոք երեսով անց ու դարձ էր անում տիկին Բերնարը, լացի և մորմոքվելու ձայները ոչինչ չէին ազդում նրա կարծրացած սրտի վերա

Մի քառորդ ժամից հետո ներս մտավ ոստիկանական վերակացուն:

Ի՞նչ եք հրամայում, տիկին, — դարձավ նա Բերնարին:

Երեկ երեկոյան իմ գիշերօթիկ կարողուհիներից մինը, Ելենա անունով, այս պարոնի և այս տիկնոջ աղջիկը, — այս խոսքերով նա մատնացույց արավ Անտոնին և Հռիփսիմեին, — խնդրեց ինձանից, որ թույլ տամ իրեն գնալ յուր հոր տունը, ինչպես միշտ սովորություն ուներ տոն օրերին գնալու, և ես արձակեցի: Այդ աղջիկը դուրս գալով իմ կարանոցից, չգիտեմ ո՞ւր է գնացել, որովհետև ինչպես սրանք ասում են, իրենց տանը չէ. այժմ նրա այս հարգելի ծնողները եկել և ինձանից են պահանջում իրենց դուստրը, հազար մի տեսակ զրպարտող ակնարկություններ անելով ինձ դեմ: Խնդրում եմ այդ բանի մասին հարցուփորձեցեք բոլոր իմ կարողներին և հարկ եղած արձանագրությունը կազմելով, ազատեցեք ինձ այս մարդիկների անիրավ և ձանձրացուցիչ պահանջներից:

Այս փաստաբանական ճառից ետ տիկին Բերնարը բարկացած գնաց և նստեց բազկաթոռի վերա և յուր փղոսկրյա հովհարը վերցնելով, երեսը շուռ տվավ դեպի պատուհանը և սկսավ արագ-արագ հովհարել երեսը, որը, իբրև թե այրվում էր բարկության սաստկությունից:

Ոստիկանական վերակացուն, ինչպես որ սպասելի էր, օտարոտի գտավ Ելենայի ծնողների պահանջը: Նա երկար հարցուփորձեց թե՞ նրանց, թե՞ ներկա գտնվող աղջիկներին և թե՞ տան ծառային, և ապա ստանալով մանրամասն ցուցումներ տիկին Բերնարի կողմից, կազմեց կարևոր արձանագրությունը: Հետո դառնալով որդեկորույս ծնողներին ասաց.

Ձեր աղջկա կորուստի կամ փախստյան համար ամենից առաջ դուք պարտավոր էիք դիմել ոստիկանությանը. տիկին Բերնարին անհանգստացնելը բոլորովին անիրավացի է ձեր կողմից: Այսուամենայնիվ հույս ունեմ, որ նա կարեկցելով ձեր դրությանը կներե և ձեր այդ սխալմանցը, որը օրենքը կարող էր դատապարտել իբր զրպարտություն: Ինչ վերաբերում է ձեր աղջկա մասին լինելիք հետախուզությանը, այդ կկատարե ոստիկանությունը ամենայն աչալրջությամբ և եռանդով: Կարող եք հուսալ, որ նա շուտով կգտնե և կհանձնե ձեզ ձեր աղջիկը կամ գոնե կարելին եղած տեղեկությունները կհաղորդե ձեզ նրա ուր գտնվելու վերաբերությամբ: Այժմ դուք կարող եք հանգիստ թողնել տիկնոջը:

Անտոնը և Եղիսաբեթը վերցրին Հռիփսիմեին, որը ուժասպառ ընկած էր դեռ հատակի վրա, և նրա թևի տակը մտնելով, դուրս հանեցին սենյակից: Խառատ Օսեփը և ապա ոստիկանական վերակացուն հետևեցին նրանց:

ՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Առավոտյան ա՛յն ժամին, երբ Ելենայի ծնողներն անհամբերությամբ սպասում էին նրա գալստյանը, Ելենան զարթեցավ Փուլշատյանի առանձնարանում: Առաջին անգամ հենց որ աչքերը բացավ, վեր թռավ բացականչելով՝ «Աստվա՞ծ իմ, այս ո՞րտեղ եմ ես, այս ո՞ւմ տունն է...երազի մեջ եմ, թե՞ արթուն»: Եվ նա սկսավ ուշադրությամբ դիտել յուր չորս կողմը: Նա գտնվում էր մի գեղեցիկ ննջարանի մեջ, այդտեղ ոչ ոք չկար, ինքը միայնակ էր

— «Ճշմարիտ որ սա երազ է... — կամացուկ շշնջում էր նա ինքն իրեն, — ես ինչու՞ համար պետք է այս տան մեջ լինիմ... ո՞վ բերեց ինձ այստեղ... բայց չէ, ես չեմ հավատում... ես չեմ եկել այստեղ...»: Եվ յուր սևորակ, մեծ-մեծ աչքերը նա ծանր և մտախոհ դարձնում էր այս ու այն կողմը և կես զարմացման մեջ: Մի քառորդ ժամ այս թմրած դրության մեջ մնալուց հետո նա հանկարծ բացականչեց.

Ա՛հ, հասկանում եմ, հասկանում եմ... — և ապա կարծես ինքը յուր ձայնից սարսափելով, սկսավ կծել շրթունքները, խփել ճակատին և քաշել մազերը. — օ՛, օ՛ , այս ի՛նչ արի ես... ի՛նչ արի... և մի՞թե ճշմարիտ է... մի՞թե այս բոլորը երազ չէ... մի՞թե ես անպատված եմ.. — շարունակ հեծեծում էր խեղճ աղջիկը: Վերջապես նա դողալով ոտքի կանգնեց, մի քանի քայլ առաջ գնաց և կրկին կանգ առնելով, սկսավ ապուշ-ապուշ յուր շուրջը դիտել: Հետո հանկարծ աչքերը հառեց մի կետի վերա, որի մեջ կարծես որոնում էր մի բան, որ կորցրել էր... և մի րոպեից ետ սարսափահար շուռ տվավ երեսը, ճչաց և ուշաթափ փռվեցավ հատակի վրա:

Երևում էր, որ այդ տան մեջ ոչ ոք չլսեց խեղճ աղջկա ճիչը, որովհետև ոչ ոք էլ չմտավ նրա մոտ:

Թշվառ զոհը երկար ժամանակ զգայազուրկ ընկած էր հատակի վրա: Վերջապես նա կամաց-կամաց սթափվեցավ, բացավ աչքերը և բարձրացավ նստեց աթոռի վրա: Մի քանի վայրկյան ոգի առնելուց հետո նա արագ վեր թռավ տեղից. հագնվեցավ և դիմեց դեպի դուռը: Նա այնքան շփոթված էր, որ դռան փեղկը բանալու համար շարունակ դեպի հակառակ կողմն էր ձգում և հետո կարծելով, որ կողպված է, սկսավ ոտքերով հարվածել նրան: Այդ ձայնի վրա միայն երևեցավ տան աղախինը և բացավ դուռը: Երկու անծանոթ հայացքներ պատահեցին միմյանց և մի քանի րոպե սևեռվեցան դեպի իրար: Աղախնվո հայացքի մեջ պարզ կարդացվում էր կարեկցություն և խղճահարություն՝ անմեղ աղջկա դրության վրա, մինչդեռ Ելենայինը արտահայտում էր կատարյալ ապշություն:

Դուք կամենո՞ւմ եք լվացվել, — հարցրեց առաջին անգամ աղախինը:

Այո՛, կամենում եմ, — մեքենայաբար պատասխանեց Ելենան և հետևեց աղախնին, որը առաջնորդեց նրան դեպի ննջարանին կից լվացարանը: Այդտեղ լվացվելուց և վերիվերո պատրաստվելուց հետո Ելենան կիսաձայն հարցրեց աղախնուց:

Ո՞ւր է նա...

Ո՞վ, աղա Սամվե՞լը:

Այո՛:

Նա մյուս սենյակումն է և սպասում է ձեզ հետ միասին թեյ առնելու:

Ելենան լռեց:

Դուք կամենում եք գնալ նրա մոտ, այնպես չէ՞. գնանք, ես ձեզ ցույց կտամ նրա սենյակը: — Ելենան դարձյալ անխոս հետևեց աղախնուն:

Ահավասիկ, այստեղ է աղա Սամվելը, կարող եք մտնել: — Այս ասելով աղախինը հեռացավ:

Ելենան չհամարձակվեցավ դուռը բանալու, նա անշարժ կանգնել էր նրա մոտ: Բայց աղախնու խոսակցությունը լսել էր Սամվելը, ուստի և շտապով սենյակից դուրս եկավ:

Դու արդեն զարթել ե՞ս, ես դիտմամբ թույլ տվի քեզ երկար քնելու. ինչու՞ համար ես կանգնել այդտեղ, արի՛, արի՛ ներս, — և այս ասելով նա կամեցավ բռնել Ելենայի ձեռքը:

Հեռու, հեռու ինձանից, — ետ-ետ քաշվելով բացականչեց Ելենան, — ես սարսափում եմ ձեզանից...

Ելենա, հոգյակս, ի՞նչ է պատահել քեզ. մի՞թե դու տխուր ես, մի՞թե դու ինձ ատում ես...

Այո՛, ես ձեզ ատում եմ. ես ի՞նչ ունիմ այստեղ, ո՞վ եք դուք, ինչու՞ համար ես ձեր տան մեջ եմ, ինչու՞ համար ինձ խաբեցիք... ի՞նչ պիտի անեմ ես այսուհետև... — իրար ետևից հարցրեց Ելենան և սկսեց հեկեկալ: Նրա՝ ամոթից, երկյուղից և հոգեկան տանջանաց սաստկությունից կապված արտասուքներն սկսան առվի պես հոսել:

Ելենա՛, հոգյա՛կս, ինչու՞ համար ես այդպես նեղսրտում, ինչու՞ համար ես արտասվում, մի՞թե ես քեզ խաբել եմ, և մի՞թե ես կարող եմ խաբել: Ամոթ չէ՞, որ այդպես խոսք ես ասում ինձ: Գնա՛նք, գնա՛նք, հոգյակս: Այդպես հիմար մտածմունքներով մի նեղացնիլ քեզ. մի՞ թե դու մոռացար այն ամենն, ինչ որ ես քեզ հետ երեկ խոսեցի: Դու իմ նշանածն ես. մի քանի օրից հետո մենք կպսակվենք, մենք բախտավոր կլինենք... Եվ այս խոսքերի հետ նա Ելենային զոռով յուր թևն առավ և մտավ սենյակը:

Բայց ո՞ւր եք քարշ տալիս ինձ. ես պետք է իմ ծնողաց մոտ գնամ. նրանք այժմ ինձ սպասում են, նրանք կգան իմ ետևից և ինձ կարանոցում չգտնելով կշվարեն, կխելագարվեն... թողեք ինձ, որ ես գնամ նրանց մոտ. գոնե նրանցից կարողանամ ծածկել առայժմ իմ ամոթալի արարքը... իմ խայտառակությունը

Բայց Սամվելը չէր կարող նրան թողնել. Ելենան դեռ մի քանի ժամ էլ հարկավոր էր իրեն, — նա պետք է յուր խոստումը կատարեր, այսինքն յուր ընկեր Մարգարին պիտի ծանոթացներ Ելենայի հետ և երեքը միասին պիտի ճաշեին այսօր, ինչպես Սամվելը խոստացել էր այդ Մարգարին մի քանի օր առաջ:

Դու այժմ չես կարող գնալ, Ելենա, դու այսօր պիտի ճաշես այստեղ, — ասաց Սամվելը, — որովհետև

Ո՛չ, ո՛չ, մի՛ ասեք, ես չեմ կարող մնալ, — լալով ընդհատեց նրան Ելենան, — իմ ծնողներն այժմ ինձ պտրտում են, նրանք ցավից կմեռնեն, ես պետք է գնամ նրանց մոտ:

Լսի՞ր, սիրելի Ելենա, ես այսօր հրավիրել եմ այստեղ իմ բարեկամ և ընկեր Մարգարին, որը պետք է իմ և քո խաչեղբայրը լինի: Մեր պսակի մասին մենք այսօր միմյանց հետ կարևոր խոսելիք ունինք, և դու էլ անպատճառ ներկա պիտի լինիս այդ խոսակցությանը, ուրեմն քո ծնողներդ մի քանի ժամ առաջ տեսնելու պատճառով այդ կարևոր գործը մի խանգարիր, Մարգարը գուցե երկրորդ անգամ քեզ տեսնել չկարողացավ. իսկ ես կամենում եմ, որ մեր պսակը շատ շուտ կատարվի, հասկանո՞ւմ ես. բայց եթե դու թողնես գնաս, այն ժամանակ ամիսներով կուշանա մեր ամուսնության գործը: Դու ինքդ չպետք է ցանկանաս այդ բանը, որովհետև դրանով կդժբախտացնես թե՛ ինձ և թե՛ քեզ...

Ի՞նչ աներ Ելենան, այն խեղճ, անմեղ աղջիկը: Կամուրջն արդեն ետևից վերցված էր, ճանապարհի կիսից ետ դառնալն անհնարին էր... Բացի այդ, նա սիրում էր Սամվելին. նա հավատում էր նրան, և մի՞թե կարող էր ընդդիմանալ, մանավանդ, երբ հարցը օրինավոր ամուսնության էր վերաբերում:

Եվ նա համաձայնվեցավ մնալ:

ԽՈՍՏՈՒՄՍ ԿԱՏԱՐԵՑԻ

Կեսօրից երկու ժամ արդեն անցել էր: Սամվելը Ելենային յուր թևն առած զբոսնում էր առանձնարանի հովանավոր այգիում և զանազան խոսակցություններով ու սիրալիր կատակներով զբաղեցնում էր նրան, աշխատելով միառժամանակ ցրել նրա տխրությունը: Նրանք դեռ չէին ճաշել և սպասում էին իրենց ապագա խաչեղբայր Մարգարին: Վերջինս շատ էլ սպասեցնել չտվավ: Հազիվ երկու զույգերը մի փոքր հանգստանալու համար նստեցին շատրվանի մոտ գտնվող նստարանի վերա և, ահա, պարտիզի կանաչ վանդակադռան մեջ երևեցավ Մարգարը: Մոտենալով շատ քաղաքավարությամբ ողջունեց նա Ելենային և Սամվելին: Վերջինս ծանոթացրեց նրան յուր սիրուհվո հետ, յուր «ապագա հարսնացուն» անվանելով նրան:

Ամենից առաջ պատիվ ունեմ ձեր, թանկագին առողջության մասին հարցնել, օրիորդ: Ես ինձ բախտավոր եմ համարում այս րոպեին ձեր ընկերության մեջ գտնվելուս համար, — այս բերան արած հաճոյախոսությամբ դիմեց Մարգարը Ելենային:

Շնորհակալ եմ, պարոն, շատ լավ եմ, — ամաչկոտ ձայնով պատասխանեց Ելենան և աչքերը գցեց գետնին:

Իսկ հետո սրբազան պարտք եմ համարում խոստովանել ձեր առաջ, — դարձավ նա Սամվելին, — որ դուք մի շատ քաջ երիտասարդ եք, և արժե ձեզ հարգել, որովհետև ինչ որ խոստացաք, այն էլ կատարեցիք: Այսուհետև ես ձեզ կանվանեմ «ամենակարող»...

Դուք այն առևտրական գործի վերաբերությա՞մբ եք խոսում, — ընդհատեց նրան Սամվելը (տեսնելով, որ յուր բարեկամը քիչ է մնում, թե յուր հիմարությամբ ամեն գաղտնիք լույս աշխարհ հանե). — այո՞, այդ գործում ես շատ ճարպիկ շարժվեցա:

Մարգարն իսկույն հասկացավ յուր սխալը և խոսքը շուռ տվեց:

Այդ բոլորը թողնենք մյուս կողմը, դուք ա՞յն ասացեք, թե ե՞րբ եք հանձնում ինձ իմ պաշտոնը:

Խաչեղբայրությո՞ւն, — հարցրեց Սամվելը:

Իհարկե. ես այսօր հենց այդ բանն իմանալու համար եկա:

Շատ շուտ, մինչև երկու շաբաթը:

Օ՛, օ՛ , ոչ, ես համաձայն չեմ, այդ շատ է հեռի. միայն մի շաբաթ կարող եմ ես ժամանակ տալ ձեզ:

Դո՞ւք ինչ կասեք սրա համար, օրիորդ, արդյոք ես ավելի լավ չե՞մ խոսում:

Ելենան ոչինչ չպատասխանեց, այլ շառագունվելով աչքերը դարձրեց մյուս կողմը:

Սամվելը նրա շփոթությունը տեսնելով, նկատեց. — Այդ բանի համար մենք այսօր առանձին կխոսենք, օրիորդը երևի չէ ուզում մասնակցել մեր այդ զրույցին: Առայժմ երթանք ճաշելու, — հարեց նա, — ծառան ահա մեզ հրավիրելու է գալիս:

Եվ նրանք ուղղվեցան դեպի տուն:

Այսօր ճաշը փառավոր և բազմախորտիկ էր. և սակավաթիվ հյուրերին ծառայում էին երկու մաքուր հագնված սպասավորներ: Թանկագին գինիների և օշարակների թիվը նույնպես կատարյալ էր: Կենացներից առաջինը նվիրվեցավ Ելենային. երկրորդը Սամվելին և երրորդն ապագա խաչեղբայր Մարգարին, այնուհետև առաջ անցան ապագա նշանադրության, հարսանյաց, ծննդյան և այլ կենացներ, որոնք բոլորն էլ համեմվում էին ախորժելի երգերով: Այդ բոլորը մի փոքր ուրախացնում էր Ելենայի սիրտը և մոտալուտ երջանկության մի հույս պարուրում էր նրա ճնշված և կոտրված սիրտը...

Բայց ճաշից հետո երբ Սամվելը Մարգարի հետ առանձնացավ դահլիճը, իբր թե իրենց ամուսնության մասին նրա հետ խորհրդածելու համար, և Ելենան մնաց միայն, դարձյալ տխուր մտատանջությունները պաշարեցին նրան:

«Այս ո՞րտեղ եմ ես, այս ի՞նչ եմ անում... — մտածում էր նա ինքն իրեն, — փախստական իմ ընկերուհիների միջից, ես նստել եմ մի օտարի տանը, օտար տղաների հետ, և քեֆ եմ անում... գինի եմ խմում, կենացներ եմ դատարկում... բայց իմ մայրը, իմ հայրը... ո՞ւր են նրանք, ո՞րտեղ են, չէ որ ինձ են պտրտում... Եվ մի՞թե ես խելագարվել եմ, ո՞ւր եմ մնում այստեղ և մինչև ե՞րբ պիտի մնամ...»: Այս մտածմունքները նրան շատ վրդովեցին: Նա վեր կացավ տեղից և դիմեց դեպի դահլիճի դուռը՝ դուրս գնալու դիտավորությամբ: Հանկարծ նրա ականջին զարկեց Մարգարի ձայնը, նա այնպես բարձր էր խոսում, որ Ելենան որոշ կերպով լսեց հետևյալ խոսքերը.

Բայց գիտես ի՞նչ իրարանցում է եղել այսօր տիկին Բերնարի կարանոցում. Ելենայի ծնողները գնացել են այնտեղ, պահանջել են իրենց աղջիկը:

Տիկին Բերնարը նրանց հետ կռվել է. վերջը ոստիկանությունը հրավիրելով արձանագրություն է կազմել տվել իբր թե նրանց պատմելու համար, որովհետև իրեն զրպարտել են: Հենց այն ժամին, երբ ես անցնում էի կարանոցի առջևից, Ելենայի ծնողները նոր էին դուրս եկել տիկին Բերնարի մոտից. խեղճ մայրը այնպես էր լաց լինում, այնպես էր կոծում իրեն, որ ամբողջ փողոցը թափվել էր գլխին... — Ելենան այլևս սպասել չկարողացավ, նա արագությամբ բացավ դուռը և խելագարի նման ներս ընկավ դահլիճը:

Следующая страница