Նար-Դոս՝   Պայքար

Նրանով, որ դուք այնքան անկիրթ եք ու անբարեխիղճ, որ կարծում եք, թե իրավունք ունիք ուրիշի բարոյականության մասին դատավոր կանգնելու, և այնքան բռնակալ, այնպիսի վայրենի գաղափարների ու զգացումների տեր, որ կարծում եք, թե եղբայր կամ ամուսին լինելով իրավունք ունիք ճնշում գործ դնելու ձեր քրոջ կամ կնոջ խղճի վրա և թույլ չտալու, որ նա անի այն, ինչ որ բնական-անխարդախ զգացումն է նրան թելադրում:

Շատ սիրուն: Հավանում եմ: Բայց չէ՞ որ նույնը կարելի է ասել և ձեզ համար: Ես ճանաչում եմ իմ քրոջը, նա ավանդապահ, աստծուց և իր խղճից վախեցող կին էմի կին, որ հայ կնոջ լավագույն տիպարն է, իմ կարծիքով: Հանգամանքների, ինձ անծանոթ և ինձ համար անհասկակալի հանգամանքների բերումով նա սիրում է ձեզ, սիրում է, բայց սարսափում է այդ սիրուց, որովհետև մեղք է համարում այդ, որովհետև ամուսնացած է, ուրիշի կինն է: Բայց դուք, որ բոլորովին ուրիշ աշխարհայեցողության տեր մարդ եք, — ավանդապահ չեք, ազատամիտ եք, — ինչպես նկատում եմ, ամեն ճիգ գործ եք դնում փոխելու նրա աշխարհայացքը, խախտելու նրա հավատն ու հավատարմությունը իր ամուսնու վերաբերմամբ: Եվ սա, ձեր կարծիքով, անկրթության, անբարեխղճության և բռնակալության նշան չէ: Ձեր ասած բնական-անխարդախ զգացումը թելադրում է նրան հանցանք չգործել իր խղճի դեմ, հավատարիմ մնալ իր ամուսնուն, թե ինչպիսի ամուսնու, — այդ ձեր գործը չէ, այդ ոչ ոքի գործը չէ, այդ իր գործն է միայն: Նա այդպես է կամենում, և ինչո՞ւ դուք, որ այդքան զայրանում եք ուրիշի խիղճը բռնացողների դեմ, ինքներդ բռնանում եք, որ այդպես չկամենա:

Ոչ թե ինքն է այդպես կամենում, այլ դուք եք կամենում, որ այդպես կամենա, — նորից աղաղակեց Բադամյանը, գրգռված ոչ այնքան Վահանի խոսքերից, որքան նրա հանգիստ-անձնավստահ տոնից: — Եվ դուք այս գործի վերաբերմամբ կարող եք խոսել ամեն բանի մասին, բայց ո՛չ երբեք բնական-անխարդախ զգացման մասին, որովհետև հենց այդ զգացումն է, որ խարդախված է նրա մեջ և այդ զգացման հետ միասին խարդախված է նրա ամբողջ աշխարհայացքը: Օ՛, ես շատ լավ ուսումնասիրել, տեսել եմ, թե ի՛նչ եք արել դուք: Դուք կաշկանդել եք նրա միտքը հազար ու մի պառավական նախապաշարումների մեջ, ձեր ավանդական-շաբլոնական դաստիարակությամբ դուք այլանդակել եք նրա հոգեկան աշխարհը, ճզմել, հանել եք նրա միջից այն ամենը, ինչ հարազատբնական է, ինչ որ ազատ-մարդկային է, և ստրուկ եք դարձրել նրան ինչ-որ ընտանեկան-պայմանական, ողորմելի առաքինության, ինչ-որ բուրժուական տափակ բարոյականության, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի կեղծիք և կեղծիքներից ամենաանխիղճն ու ոճրալին, որովհետև նա տանջվում է չարաչար և վերջ ի վերջո պիտի զոհվի այդ կեղծիքին: Ասում եք սարսափում է: Ինչո՞ւ պիտի սարսափի իր սրտի բնական ազատ ձգտումից, եթե այդ սարսափը չեք ներշնչել նրան մոր կաթի հետ և այնուհետև ամրապնդող դպրոցում և հասարակության մեջ: Ինչո՞ւ թռչունը պիտի սարսափի ազատորեն թռչելուց, եթե նրա թևը չեք կոտրել: Ձեր ավանդական դաստիարակությամբ դուք ներշնչել եք նրան այնպիսի անխիղճ պարտավորություններ, որոնք պարզապես բարբարոսություններ են, քստմնելի բարբարոսություններ: Դուք հանել եք նրա կրծքից իր սեփական սիրտը, և տեղը ձեր սեփականն եք դրել. դուք հանել եք նրա գլխից իր սեփական ուղեղը և տեղը ձեր սեփականն եք դրել. դուք հիմն ի վեր այլանդակել և խարդախել եք նրա հոգեկան ու մտավոր աշխարհը. ո՛չ մի բան չեք թողել նրա մեջ, որ իրենը լինի, իր սեփականը, իր ինքնուրույնը, իր անկապտելին: Դուք նրան դարձրել եք մի մեքենա, որ յուրովին գործել անկարող է և պիտի գործի անպատճառ ձեր կամքով, նա պարտավոր է մտածել այնպես, ինչպես դուք եք մտածում, զգալ այնպես, ինչպես դուք եք զգում, անել այն, ինչ որ դուք եք թելադրում, համակրել ձեր համակրածը, հակակրել ձեր հակակրածը: Եվ դուք դեռ համարձակվում եք պնդել, թե նրա խիղճն ազատ է, թե նրա զգացումները խարդախված չե՞ն: Դուք ամենամեծ ոճրագործներն եք. դուք մեռցրել եք ինքնուրույն մարդը, դուք սպանել եք անհատի բարոյական ազատությունը, որից ավելի բարձր ու նվիրական ազատություն չկա աշխարհիս երեսին...

Վահանը հաստ փորը դուրս ցցած՝ լսում էր Բադամյանին իր սովորական բարեսիրտ-հեգնական ժպիտով և հանգիստ դիտում նրա աչքերը, որոնք այդ միջոցին վառվում էին անկեղծ բարկության կրակով: «Պետք է խոստովանած, աչքերը վատ չեն, — մտածում էր նա, — ինքն էլ տգեղ չէ առհասարակ... Չէ, լավ է, լավ էՍրա վրա անպատճառ կարելի է սիրահարվելև լավ էլ ոգևորում էՀիմար էլ չէ»: Նա մի սիգար հանեց, լուցկին հանգցրեց և տարավ շպրտեց լուսամուտից դուրս:

Բադամյանը լռեց, հինգ մատը կոխեց երկայն մազերի մեջ և, վերին աստիճանի հուզված, սկսեց անդուդարձ անել սենյակում ջղային արագ քայլվածքով:

Վերջացրի՞ք, — հարցրեց Վահանը: — Այժմ հաճեցեք խնդրեմ մի վայրկյան ունկնդրություն շնորհել ինձ: Ես կկամենայի ամենից առաջ ասել ձեզ, որ այն բոլորը, ինչ որ այս րոպեին ասացիք, միանգամայն հիանալի էր և արժեր ուղղակի գրի առնել և դնել ռեզոնյորի բերանը մի զորեղ դրամայի մեջ: Բայց ներեցեք խնդրում եմ. մի բան ես լավ չհասկացա և կկամենայի, որ եթե կարելի է, բարեհաճեիք բացատրել: Չհասկացածս ա՛յն է, որ ձեր ֆիլիպիկներն արտասանելիս դուք բառը շատ գործածեցիք, այդ չգիտեմ և համարձակվում եմ հարցնել՝ այդ դուքը հատկապես ի՞մ անձին էր ուղղված, թե այդ հոգնակի դերանվան տակ պիտի հասկանայի հավաքական մի մարմին, որի անունն է խավարամիտների բանակ: Ձեր բացատրությունն ինձ համար կարևոր է, որովհետև կկամենայի իմ համեստ կարծիքը հայտնել ձեր ֆիլիպիկների դեմ, եթե միայն, իհարկե, կբարեհաճեիք թույլ տալ որ ես, ունենամ իմ կարծիքը:

Բադամյանը քայլելիս հանկարծ շեղեց ճանապարհը, ուղղակի մոտեցավ Վահանին և կանգ առավ նրա առաջ:

Լսեցե՛ք, պարոն, — ասաց նա կատաղությունից հազիվ զսպած ձայնով, — եթե դուք կշարունակեք դարձյալ այդ տոնով խոսել ինձ հետ, ես... ապտակ կտամ ձեզ:

Վահանն ամենայն հանգստությամբ սիգարը հանեց բերանից և, երեսը դեմ անելով, ասաց.

Խնդրեմ:

Բադամյանի ատամները պինդ սեղմվեցին իրար, և ձեռքը կամաց ու ցնցողաբար սկսեց բարձրանալ երկաթի ծանրությամբ:

Վահանն ավելի մոտեցրեց իր չաղ թուշը:

Բայց Բադամյանի ձեռքը միայն բռունցք սեղմվեց և նույն ծանրությամբ իջավ:

Վահանը նայեց նրան և ծիծաղեց:

Բռա՛վո, — բացականչեց, նա: — Եթե դուք ասպիսի կրիտիկական մի վայրկյանին կարողացաք զսպել ձեզ, ուրեմն դուք տղամարդ եք: Կեցցե՛ք: Դա ավելի մեծ քաջություն է, քան թե ա՛յն, եթե իրագործեիք ձեր սպառնալիքը: Դա միևնույն ժամանակ խոհեմություն էր ձեր կողմից, որովհետև լինում են հարվածներ, որոնք երբեմն ավելի զորեղ հակահարվածներ են առաջացնում, մանավանդ որ ես վատ, քրիստոնյա. եմ և բոլորովին հակառակ դավանանք ունիմ ապտակին վերաբերյալ ավետարանական պատվիրանին:

Բադամյանը խեղդվում էր զսպած կատաղությունից: Նա մոտեցավ լուսամուտին, հուսալով, թե երեսին թարմ ու զովացուցիչ հով կդիպչի, բայց օդն այնքան ծանր էր ու տաք, որ ոչ մի թեթևություն չզգաց: Նա զղջում էր, որ վճռական րոպեն բաց թողեց, չապտակեց այդ «կլոունին», և այժմ խիստ նվաստացած էր զգում իրեն իր աչքում:

Եվ այդպես, պարոն Բադամյան, — ասաց Վահանը, — չէի՞ք բարեհաճիլ արդյոք բացատրել, թե ում էին վերաբերում ձեր դուք-երը, հատկապես ի՞մ անձիս, թե ամենամեծ ոճրագործներինանհատի բարոյական ազատությանը սպանող խավարամիտներին ընդհանրապես: Կրկնում եմ, ձեր բացատրությունն ինձ համար կարևոր է, որովհետև եթե ձեր դուք-երը ինձ են վերաբերում, ապա ևս կկամենայի ուղղել սխալ կարծիքը:

Եվ նա սիգարի ծուխը բերնից բաց թողնելով ու աջ ձեռքը կիսախուփ, սպասեց Բադամյանի, պատասխանին:

Բայց Բադամյանը լուռ էր և ջղային անհանգստությամբ սեղմում էր մատներով լուսամուտի տախտակը:

Դուք լայեղ չեք անում պատասխանել, — ասաց Վահանը: — Այնուամենայնիվ, ես կասեմ իմ ասելիքը: Իսկ ասելիքս ահա թե ինչ է, պարոն Բադամյան: Զեր մեղադրական ճառից ես այն տպավորությունը ստացա, որ դուք ձեր ֆիլիպիկները պետք է որ ուղղած լինեիք խավարամիտների դեմ ընդհանրապես, դրանց թվում, հարկավ, հաշվելով նաև նվաստիս: Ազատամիտներդ զարմանալի հատկություն ունիք դիմելու ամենքին և ոչ ոքի: Ձեր դուքը վերացական մի մարմին է, ձեր սեփական ազատ երևակայության արտադրած յոթնգլխյան մի դև, որն իրականություն մեջ գոյություն չունի, իհարկե, բայց որի դեմ կռվում եք զուտ պրոմեթեոսյան կրակով: Դուք տեսե՞լ եք ինչպես են վարժվում զինվորները թշնամուն սվինահարելու. չուլուփալասով լցված մի տոպրակ են կախում և հրացանի սվինով ծակում հա՛ ծակում. — ահա ձեր դուքը, ձեր թշնամին, ձեր յոթնգլխյան դևը: Չեմ հիշում Դոն Քիշոտի հողմաղացները, որպեսզի չվիրավորվեք, թեև Դոն Քիշոտը վերին աստիճանի անկեղծ և անպայման լավագույն ձգտումներով խելագարված ազնիվ մի ասպետ էր: Ես ձեզ ասում եմ, որ քույրս թեև, ճիշտ է, սիրում է ձեզ, բայց սարսափում է այդ սիրուց, որովհետև նրա կյանքը կապված է մի ուրիշ անձի հետ, որին թշվառացնելն իր խղճի դեմ է համարում: Իսկ դուք ինձ պատասխանում եք, թե մենք բռնակալներ ենք, բարբարոսներ ենք, ոճրագործներ ենք, թե մենք ճնշել մեռցրել ենք նրա անհատական ազատությունը, նախապաշարել ենք նրա միտքը, հանել ենք նրա ուղեղն ու սիրտը և տեղը մերը դրել և այլն: Ձեր այդ մեղադրանքները ցույց են տալիս, որ դուք չեք հասկացել և չեք կարողանում հասկանալ նրան, որին սիրում եք: Խնդրում եմ իմ այս նկատողությանը լուրջ ուշադրություն դարձրեք, պարոն Բադամյան, որովհետև այստեղից է, որ ծագում են ձեր բոլոր թյուրիմացությունները: Կարող եմ ձեզ հավատացնել, որ հայերիս մեջ շատ չեք գտնիլ այնպիսի աղջիկներ, որոնք մեծացած լինեն այնքան ազատ, որքան քույրս: Ես տասնհինգ, քույրս չորս թե հինգ տարեկան էր, որ զրկվեցինք ծնողներից, քույրս մեծացավ մորաքրոջ ձեռքի տակ, որին դուք էլ ճանաչում էիք. նա ուրիրշ կին էր, բավական կրթված և թեև մի բիլ խստաբարարո, բայց վերին աստիճանի անկեղծ, արդար և արդարադատ: Գիտեք, որ նա անզավակ էր և քրոջս սիրում էր հարազատ մոր պես: Իսկ որտեղ սեր կա, այնտեղ չի կարող ճնշում լինել: Անշուշտ այն էլ գիտեք, որ քույրս ամուսնացավ իր ազատ կամքով, առանց որևէ կողմնակի ազդեցության. գոնե նրանից ես ոչ մի գանգատ չեմ լսել այդ մասին: Իսկ նրա ամուսնուն դուք, իհարկե, ավելի լավ եք ճանաչում, քան թե ես, որովհետև նրան ազգական եք` որքան իմացել եմ: Սանթրոսյանին ես տեսել եմ մի քանի անգամ միայն, և նա ինձ վրա վատ տպավորություն չի թողել, թեև լուրջ մարդկանց ես առհասարակ չեմ սիրում: Սիրում է նա իր կնոջը, թե չէայդ ես չգիտեմ, բայց որ անպայման ազատություն է տվել նրանդրա ապացույցը կարող է լինել ա՛յն, որ նա տարվա մեծ մասը գրեթե դուրսն է անցկացնում և ոչ մի խնամակալ չի կարգել կնոջ վրա, բացի իր պառավ մորից, որն իր բարությամբ ու միամտությամբ կարող է մրցել, նույնիսկ հրեշտակների հետ: Եթե դուք, այս բոլորից հետո, դեռ մեղադրելու լինիք այն բանում, թե նա, այնուամեսայնիվ, դաստիարակվել է միակողմանի ուղղությամբ, ապա սխալ կլինի, որովհետև նա սովորել է միևնույն դպրոցում ինչ որ ձեր ազատամիտ օրիորդ Հեղինե Սոլիկյանը և նրանք մինչև օրս էլ, կարծեմ, շատ մտերիմ ընկերուհիներ են: Ինչ վերաբերում է մեր հասարակությանը, որին դուք մեղադրեցիք, ի՞նչ բան է մեր հասարակությունը: Մեր հասարակությունը այդ ես եմ, այդ դուք եք, այդ Նասիբյանն է, այդ օրիորդ Սոլիկյանն է, իսկ մենք ամենքս, կարծեմ, ինչ ուզում եք` ենք, նույնիսկ նիհիլիստ և անարխիստ, բայց ոչ երբեք ավանդապահ, այնպես որ մեզ նմաններից կազմած մի հասարակություն եթե որևէ ազդեցություն ունենար քրոջս վրա, այդ ազդեցությունը պետք է որ ձեր ցանկացած ուղղությունը լիներ, բայց ոչ երբեք հակառակը: Ուրեմն, ինչպես տեսնում եք, պարոն Բադամյան, այստեղ դուք-երը չեն եղել և չկան, ինչպես երևակայում եք դուք: Եթե մի դուք եղել է, այն էլ ազդեցություն ունենալու ամենազորեղ մի գրավականով, այդ դուք եք եղել միայն, բայց դուք էլ ոչինչ չեք կարողացել անել: Ինչո՞ւ: Որովհետև, կրկնում եմ, դուք չեք կարողացել ճանաչել նրան, որին սիրում եք, ուստի և կամ չեք նկատել, կամ ուշադրության չեք առել այն ահագին տարբերությունը, որ կա ձեր և քրոջս միջև: Քույրս իր բնավորությամբ և աշխարհայացքով քրիստոնյա է, դուք՝ հեթանոս: Նրա կուլտը հոգին է, ձերը՝ նյութը: Նա պատրաստ է զոհելու իր անձը մերձավորի համար, դուք մերձավորից զոհ եք պահանջում ձեր անձի համար: Եվ ահա այս երկու ծայրերի բախումից է առաջացել այն տրագեդիան, որի պատճառները դուք ուզում եք որոնել դուք-երի մեջ: Գալով մասնավորապես ինձ, կարող եմ հավատացնել ձեզ, որ ես ոչ մի ազդեցություն չեմ ունեցել և չունիմ քրոջս վրա, որովհետև տարիներ են անցել, որ նրա երեսը չեմ տեսել, նույնիսկ, խոստովանում եմ հանցանքս, շատ անգամ ամենևին չեմ հետաքրքրվել նրանով, այլ կյանքիս մեծ մասն անց եմ կացրել ծննդավայրիցս հեռու, մենակ անկախ, ուսման հետևից ընկած, նախ մեր երկրում, հետո Եվրոպայում, ուր, ի դեպ, հիշո՞ւմ եք, եկել էիք դուք և հարյուր ֆրանկ փող առաք ինձնից:

Բադամյանը ձեռքը խփեց ճակատին՝ հանկարծ անախորժ մի բան հիշողի նման և արագորեն դարձավ դեպի Վահանը:

Մի՞թե դեռ ես չեմ վճարել իմ պարտքը, — հարցրեց նա:

Հարկ չկա շտապելու. դեռևս վեց տարի է միայն անցել:

Բադամյանը շտապով մոտեցավ գրասեղանին, բաց արեց արկղիկներից մեկը, միջից հանեց մի կույտ թղթադրամներ և դողացող ձեռքերով սկսեց համարել:

Ինչո՞ւ հենց սկզբից չէիք ասում, թե եկել եք ձեր հարյուր ֆրանկը պահանջելու և ոչ թե... Ահա՛, շնորհակալ եմ, վերցրեք և հեռացեք:

Նա սեղանի ծայրին դրեց երեսունհինգ ռուբլի, մնացած փողը շպրտեց իր տեղը, արկղիկն ուժգնորեն փակեց և լի արժանապատվությամբ հեռացավ նորից դեպի լուսամուտը: Այժմ, կարծես, միանգամից թեթևացած զգաց իրեն այն անզոր կատաղությունից, որ մինչև այժմ խեղդում էր նրան: Վահանը կծու-հեգնական ժպիտով երկար նայեց նրա ետևից, հետո անվրդով մոտեցավ գրասեղանին, սիգարը դրեց բերանը, թղթադրամները վերցրեց և սկսեց համարել: Համարելուց հետո նայեց Բադամյանին և հարցրեց.

Դուք այս կուրսո՞վ հաշվեցիք, թե հենց այնպես: Այսօրվա կուրսով... (նա վերցրեց գրասեղանի վրա դրված այդ օրվա մի լրագիր, նայեց բորսային, հետո առավ մատիտը և սկսեց հաշվել նույն լրագրի լուսանցքի վրա): Այսօրվա կուրսով հարյուր ֆրանկն անում է ճիշտ երեսունհինգ ռուբլի Քառասունհինգ կոպեկ: Չե՞ք բարեհաճիլ արդյոք պակասը լրացնել:

Բադամյանը երեք մատը մեքենայաբար կոխեց ժիլետի գրպանը, հանեց մեջն եղած բոլոր փողերըմի քանի հատ սպիտակ ու սև դրամներև շպրտեց Վահանի կողմը: Դրամներն ընկան և գլորվելով ցրվեցին հատակի վրա:

Այս բանը կատարվեց այնքան արագ ու անակնկալ, որ Վահանը սկզբում չհասկացավ, թե ինչ պատահեց. հետո զգաց, որ բոլոր սառնասրտությունը կորցնում է և ձեռքերի մկանուքները լարվում են սարսափելի ուժգնությամբ: Նա վայր դրեց թղթադրամները, սիգարը զգուշորեն դրեց սեղանի ծայրին և դիմեց դեպի Բադամյանն այնպիսի ծանր ու հաստատուն քայլերով, որ կարծես բրոնզից ձուլված արձան էր քայլում: Նույն վայրկյանին բնազդական վախով շուռ եկավ դեպի նա Բադամյանը և ակամա պաշտպանողական դիրք բռնեց, պինդ կպչելով լուսամուտի տախտակին:

Բայց Վահանը հանկարծ կանգ առավ, նայեց նրա սարսափահար աչքերին և ժպտաց:

Խո՛սք չկա, գեղարվեստական շատ սիրուն ձևերով եք արտահայտում ձեր արհամարհանքը, — ասաց նա: — Դրամները չհանձնել ուղղակի պարտատիրոջ ձեռքը, այլ.. Ես ձեզ բարեկամաբար խորհուրդ եմ տալիս, որ այդպիսի ձևեր երբեք չգործադրեք ձեր վեպերի մեջ, որովհետև դրանք նույնքան հակագեղարվեստական կլինեն գեղեցիկ գրականության մեջ, որքան վտանգավոր են կյանքի մեջ: Հավատացած եմ, որ այս րոպեին դուք լիովին զգում եք այդ, ուստի վերջացնենք այս տխուր միջադեպն այսպես...

Նա մոտեցավ նախասենյակի դռանը, բաց արեց և սկսեց կանչել.

Կիրակո՛ս, Մարտիրո՛ս, Սերո՛բ, Քերո՛բ:

Ներս վազեց ծառան ինչ-որ ծամելով և մտնելիս կուլ տվեց շտապով:

Անունդ ի՞նչ է, — հարցրեց Վահանը:

Խաչի:

Խաչի, այս րոպեիս ջեբիցս մանր փող թափվեց. էգուց տունը որ սրբելու լինիս, հավաքիր, քեզ լինի:

Հըմի կըհավաքեմ, — ասաց ծառան, աչքն ուրախությամբ ման ածելով հատակի վրա:

Չէ, էգուց, հիմա գնա:

Ծառան կամաց դուրս գնաց, աչքը չհեռացնելով հատակից:

Վահանը մոտեցավ գրասեղանին, ծոցից հանեց իր ահագին թղթապանակը, երեսունհինգ ռուբլին մեջը դրեց, թղթապանակը նորից ծոցը կոխեց և վերցրեց սիգարը:

Ես ձեզ չեմ մեղադրում, — ասաց նա: — Պարտքի, մանավանդ հնացած պարտքի հատուցումը միշտ անախորժ է լինում: Բայց կարող էիք և չվճարել ես ձեզ չստիպեցի: Դուք կամեցաք ինձ վիրավորել և քիչ մնաց, որ հասնեիք ձեր նպատակին, թեև այդ բանը երեսունհինգ ռուբլուց շատ ավելի թանկ կնստեր ձեզ... Բայց ես ավելի լավ եմ համարում վիրավորելու տեղ շնորհակալ լինել ձեզնից, որ, վերջապես, վճարեցիք ինձ հասանելի գումարը, որից վաղուց արդեն ձեռք էի վերցրել: Այս էլ պետք է խոստովանեմ, որ չնայելով քիչ մնաց ինքս ինձ կորցնեի, դուք ինձ վրա շատ լավ տպավորություն թողիք, դուք լիովին ապացուցեցիք, թեև մի քիչ ոչ սիրուն ձևով, որ պատվասեր մարդ եք, իսկ պատվասեր մարդկանց չի կարելի չհարգել: Ես ձեզ հարգում եմ:

Բադամյանը լսում էր նրան կատարելապես ապշած և չէր հասկանում, թե ինչ է ասում նա այդքան երկար և այդքան հանգիստ ու անվրդով ձայնով: Նա միայն տեսնում էր իր առջև սարի պես կանգնած հսկայական մի մարմին, մի ժպտուն չաղ դեմք և հաստ մատների մեջ մի հաստ սիգար, որի ծուխը կամաց վերև էր բարձրանում և սենյակի օդն ապականում անտանելի ծանր հոտով: Նրան թվաց, թե այդ անտանելի հոտն է պատճառը, որ ինքն այդպես խեղդվում է:

Պարոն, մի՞թե դուք մտադիր չեք այս գիշեր ինձ հանգիստ թողնելու, — հարցրեց նա զարմացած:

Շատ ցավում եմ, պարոն Բադամյան, որ իմ հեռանալուց հետո էլ չպիտի կարողանաք հանգստանալ: Դուք հենց սկզբից սխալ տոն բռնեցիք, սկսեցիք բարձր նոտերից և հենց սկզբումն էլ ձեր ձայնը խզվեց, իսկ այժմ, երբ դուետը դեռ չենք վերջացրել, դուք արդեն հոգնել եք: Նշանակում է ծանոթ չեք վիճաբանության ձայնագրությանը:

Բադամյանն այլևս ոչ մի խոսք չարտասանեց և վճռական քայլերով դիմեց դեպի հարևան սենյակի դուռը:

Ո՞ւր եք գնում, — հարցրեց Վահանը և իր հսկայական մարմնով փակեց նրա ճանապարհը:

Բադամյանը կանգ առավ և նայեց նրա փորին այնպիսի մի ատելությամբ, որ եթե ձեռքին դաշույն ունենար, փորոտիքը կթափեր:

Մի՞թե ես ազատ չեմ իմ տանը, — հարցրեց նա զգալով, որ ջղային դողը նորից բռնում է իր մարմինը:

Դա ի՞նչ խոսք է, պարոն Բադամյան, ձեր տան մեջ դուք ինքնակալ թագավոր եք: Բայց այս բանը պետք է վերջացնե՞նք, թե ոչ:

Մենք արդեն վերջացրինք:

Փողի հաշի՞վը: Այո, վերջացրինք: Բայց ա՞յն, որի համար եկել եմ:

Ես ձեզ ասացի, որ ձեր միջամտությունը չեմ ընդունում: Լսո՞ւմ եք, չեմ ընդունում: Իսկ եթե ուզում եք ֆիզիկական ուժ գործ դնել ինձ վրա այստեղ, իմ տան մեջ, կարող եք. ես ձեզ արգելք չեմ լինիլ:

Է՛, պարոն Բադամյան, այդ չեղավ, այդ բանը չպետք է ասեիք ինձ: Թո՞ւրք եմ, ինչ է, որ եկել եմ բռնելու ձեր կոկորդից, թե ուզեք-չուզեք՝ պետք է երկրպագություն տաք Մահմեդին: Ֆիզիկական ուժս որ ուզենայի գործ դնել գործ կդնեի այն ժամանակ, երբ դուք կատարելապես իրավունք տվիք ինձ այդ անելու համար՝ դրամներն օդային ճանապարհով ուղղելով դեպի ինձ: Բայց տեսաք, որ ես զսպեցի ինձ, ուրեմն էլ ինչի՞ց եք վախենում:

Շատ սխալվում եք, որ կարծում եք, թե վախենում եմ: Ես միայն ուզում եմ հասկացնել ձեզ, որ դուք իրավունք չունիք խառնվելու այս գործին:

Պարոն Բադամյան, մի համառեք, թե չէ բանը որ համառության գա, ես ձեզ հավիտյան հանգիստ չեմ թողնիլ: Բայց ես չեմ ուզում ձեզ պես համառել և, իբրև բարեկամ, ասում եմ ձեզ, որ եթե քրոջիցս ձեռք չվերցնեք, մեծ աղետ կբերեք... ձեր գլխին:

Այդ իմ գիտենալու բանն է:

Հա, իհարկե: Բայց եթե այդ աղետը բերեք և նրա՞ գլխին:

Այդ թող ծանրանա իմ խղճի վրա:

Բայց այդ շատ քիչ չի՞ լինիլ...

Այդ այնքան շատ կլինի, որ դուք հասկանալ անգամ չեք կարող...

Դուք կարծո՞ւմ եք: Շատ բարի: Թող ձեր ասածը լինի ես հանգիստ կթողնեմ ձեզ: Բարի գիշեր: Ես կատարեցի իմ պարտքը:

Եվ Վահանը, լայն ու հաստատուն քայլերով դուրս գնաց: Մի-երկու րոպեից հետո Բադամյանը լսեց նրա ձայնը ներքևից, փողոցից:

Խաչի, փողերը հավաքես, հա՛, մոռանաս ոչ:

Էսա հվաքելու եմ, աղա, — լսվեց ծառայի ձայնը:

Կառքը շարժվեց և անիվներն ահագին դղրդյուն բարձրացրին քարած փողոցում գիշերային անդորրության մեջ:

Ծառան ներս պրծավ, բայց նույն րոպեին էլ քարացավ, դեմ առ դեմ հանդիպելով տիրոջ վառված աչքերին:

Դո՛ւրս կորիր, — հրամայեց Բադամյանը:

Ծառան տեղից անգամ չշարժվեց. ապուշ էր կտրել:

Բադամյանը բռնեց նրա ուսերից, շուռ տվեց և ձեռքերի ամբողջ թափով դուրս շպրտեց նրան նախասենյակ:

Եթե դու կհամարձակվես այս տեղերից մի կոպեկ անգամ վերցնել գլուխդ կջախջախեմ, — ասաց նա: — Էգուց հավաքիր և տար իրեն տուր, տեղը կասեմ. Ես քեզ ուրիշ փող կբախշեմ, — ավելացրեց նա ավելի հանգիստ ձայնով և դուռը փակեց:

12

Նա մոտեցավ լուսամուտին և նայեց վերև: Երկինքը մութն էր. ոչ մի աստղ չէր երևում: Օդն առաջվա պես ծանր էր ու հեղձուցիչ: Փողոցը լուռ էր: Հեռվից բավական որոշակի լսվեցին քաղաքային տան ժամացույցի հատու զարկերը: Բադամյանը սկսեց համարել մեքենայաբար: Ժամը տասնմեկն էր:

Մի թեթև շրշյուն գրավեց նրա ուշադրությունը, և նա շուռ եկավ ակամա: Հարևան սենյակի դուռը բացվեց, և ներս մտավ մի կին ասուեգործ մի սև շալ գլխին, որի մեջ երևում էին աչքերն ու քիթը միայն: Կինը մտավ կամաց և շալը վերցրեց: Բադամյանը հանկարծ ետ ընկավ և ձեքերով ամուր բռնեց լուսամուտի տախտակը: Նրա առջև կանգնած էր Մանեն բարձրահասակ ու նիհար: Մանեն նախ նայեց շուրջը, հետո նրան և հարցրեց.

Գնա՞ց:

Գնաց, — արձագանքեց Բադամյանը և մտածեց. «իհարկե, սա երազ է...»

Մանեն երկու ձեռքով ուղղեց մազերը, նստեց և նորից նայեց Բադամայնին: Նրա բոլոր շարժումների և հայացքի մեջ տարօրինակ հանգստություն էր նկատվում:

Այսօր ես նրան ասացի նույնը, ինչ որ այժմ դուք ասացիք, — խոսեց նա վերին աստիճանի խաղաղ ձայնով: — Ես նրան ասացի, որ նրա համար հարյուր ֆրանկն ավելի մեծ արժեք ունի, քան թե... նա անտանելի մարդ է, անտանելի մանավանդ այն ժամանակ, երբ ինքդ կատաղում ես, իսկ նա հանգիստ ժպտում է, ծխում իր զզվելի սիգարը և ոչ մի խոսքով չի ընդհատում քեզ. իսկ երբ որ վերջացնում ես, այնպիսի բան է ասում, որ կարծում ես, թե օձ խայթեց: Երբ նա պաշտպանում էր ինձ ձեր առաջ, քիչ էր մնում դուրս գայի և ասեի, որ ես ևս չեմ ընդունում իր միջամտությունը:

«Սա երազ է... անպատճառ երազ է, — մտքումը կրկնում էր Բադամյանը, կարծես լուսամուտի տախտակից գամված: — Այսօրվա դեպքից հետո սա ինձ մո՞տ... Անկարելի բան է..»:

Կառքը որ տեսա, մտա բակի դռնից, — շարունակեց Մանեն: — Ծառան ասաց, որ մարդ կա ձեզ մոտ և բերեց ինձ այն սենյակը: Ձայնից իմացա, որ նա է: Ուզում էի հեռանալ, բայց... ջգրու մնացի և, եթե մի քիչ էլ շարունակեր, դուրս կգայի անպատճառ:

«Անկարելի բան է, անկարելի բան է…», — մեքենայաբար կրկնում էր Բադամյանը մտքի մեջ, աչքը չկարողանալով հեռացնել նրա անվրդով դեմքից:

Ինչո՞ւ եք ինձ այդպես նայում, — հարցրեց Մանեն կամաց:

Որովհետև... չեմ հավատում, թե այդ դուք եք:

Մանեն աչքերը վայր թողեց և նկատելի կերպով կարմրեց:

Իրավունք ունիք: Ես էլ չեմ հավատում, թե այս ես եմ, — ասաց նա ավելի ևս կամաց և, կարճ լռությունից հետո ավելացրեց. — Այսօր ես վիրավորեցի ձեզ... Եկել եմ ներողություն խնդրելու:

Բադամյանը հանկարծ պոկ եկավ լուսամուտի տախտակից, կարծես մի բան ուժեղ թափով առաջ նետեց նրան, բայց նա առաջ գնալու տեղ դարձավ և լուսամուտից նայեց վերև, մութ երկնքին:

Ես հասկանում եմ ձեզ, — ասաց նա: — Ուզում եք հասկացնել, որ ե՛ս ներողություն խնդրեմ ձեզնից:

Մանեն նայեց նրան զարմացած:

Ի՞նչ բանի համար:

Այն նամակի...

Բայց չէ՞ որ դուք չեք այն նամակի հորինողը:

Բադամյանը դարձավ դեպի Մանեն և նայեց նրան մռայլ հայացքով:

Մի՞թե դեռևս կարծում եք, թե ես եմ, — հարցրեց նա խուլ ձայնով:

Մանեն վեր թռավ տեղից. շալն ընկավ նրա ոտների տակ:

Ո՛չ, աստված վկա, ո՛չ, Բադամյան, — կանչեց նա եռանդով: — Ճիշտ է, այսօր ես ձեզ ասացի այդ բանը, բայց այն րոպեին հաշիվ չէի տալիս ինձ, թե ինչ եմ ասում, թե որքան խոր վիրավորանք եմ հասցնում ձեզ այդպիսի մի մեղադրանքով: Ես չափազանց զգայուն եմ, շատ շուտ եմ բորբոքվում, երբ տեսնում եմ, որ շոշափել են զգացումներս, թեև շուտով էլ զգաստանում եմ, երբ տեսնում եմ, որ ես էլ չափն անցել եմ: Այն րոպեին, երբ վիրավորեցի ձեզ, գրեթե նույն րոպեին էլ զգացի, որ անարդար կերպով եմ վարվել ձեզ հետ: Եվ իմ ասած խոսքերի բոլոր ծանրությունն ավելի ու ավելի զգացի այն ժամանակ, երբ դուք արդեն գնացել էիք: Չեք կարող երևակայել թե ամբողջ օրն ի՛նչպես տանջվել եմ այդ գիտակցությունից: Վերջն այլևս չկարողացա դիմանալ և... ինչպես տեսնում եք, եկել եմ ներողություն խնդրելու:

Այդ մի՛ ասեք, Մանե, մի ասեք այդ, — բացականչեց Բադամյանը: — Ես էլ, աստված միայն գիտե, թե ինչպես եմ անցկացրել ամբողջ օրը, բայց մի րոպե անգամ չեմ կասկածել թե ես արժանի չեմ եղել ձեր խստությանը, իսկ այժմ առավել ևս զգում եմ, որ հանցավոր եմ ձեր առաջ: Նամակը գրված է այն ձևով, որ խամ մարդը դժվար թե չհավատա: Բայց բանն այն է, որ ես ճանաչում եմ ձեր ամուսնուն և գիտեմ, որ նա այդպիսի բաներ անողը չէ և չի կարող անել: Այդ բանին ես հաստատ համոզված էի և այն էլ գիտեի փորձով որ խմբագրությանն ուղղված նամակները մեծ մասամբ գրված են լինում անձնական հաշիվներից, հետևաբար, սուտ ու շինծու են լինում: Բայց և այնպես այդ բոլորը գիտենալով հանդերձ, ես թույլ տվի ինձ ձեր ամուսնուն ձեր առաջ անվանելու անբարոյական և հրեշ, և իբրև ապացույց ցույց տվի ձեզ մի նամակ, որի ստությանն առաջուց համոզված էի, կնշանակի՝ ես ուզում էի ձեզ խաբել: Սա այնպիսի մի գարշելի վարմունք էր իմ կողմից, որ եթե դուք ներեք, ես ինքս ներել չեմ կարող երբեք:

Բադամյանն ինքն իր դեմ զգացած զայրագին նողկանքով դեմքը շրջեց Մանեից, կարծես ամոթահար, և ավելացրեց.

Ես վա՛տ, անազնի՛վ, ցա՛ծ մարդ եմ

Մանեն արագորեն մոտեցավ նրան:

Իզուր եք ձեզ այդքան նվաստացնում, — շշնջաց նա զգացված: — Դուք վատ չեք, ո՛չ, չե՛ք: Եթե լինեիք, ես այդ վաղուց կզգայի: Լսո՞ւմ եք... լսո՞ւմ ես, Աշոտ, կզգայի որովհետև անկարելի է, որ վատությունը չզգամ:

Ինչպես գգացիք այսօր

Այսօր ուրիշ բան էր: Այսօր ես չափազանց վրդովված էի, որովհետև նամակն այնքա՛ն անխիղճ զրպարտություն էր բովանդակում, որ անկարող էի չվրդովվել: Քո կարծեցյալ վատությունը չէ պատճառը, որ ցույց տվիր ինձ այն նամակը, այլ ե՛ս եմ, ե՛ս, որ այնքան սիրում և միևնույն ժամանակ այսքան տանջում եմ քեզ իմ դժբախտ բնավորության պատճառով: Քո վարմունքն ես համարում եմ խելացնոր մի քայլ, որ դու արիր անշուշտ հուսահատությունից: Այսօր ես շատ եմ մտածել և այն եզրակացությանն եկա, որ դու այն նամակը դարձյալ ցույց չէիր տալ ինձ, եթե պատասխանս այնքան վճռական չլիներ: Այդպե՞ս է, թե ոչ: Ասա: Նա՛յիր ինձ:

Բադամյանը նայեց նրա աչքերինթախծալի աչքերին, որոնք, սակայն, այդ րոպեին շոյում, փայփայում էին նրան այնպիսի մի քնքշանքով, որպիսին Բադամյանն առաջին անգամն էր տեսնում Մանեի աչքերի մեջ: Նա ակամա ծունկ խոնարհեց այնքա՛ն տարօրինակ և այնքա՛ն սիրելի այդ կնոջ առաջ, առավ նրա ձեռքը և շրթունքները հպեց այդ նիհար, քնքուշ ձեռքի վրա անհուն երանությամբ, սրբազան երկյուղածությամբ, այնպես` ինչպես հավատացյալ մարդը համբուրում է հրաշագործ մի սուրբ պատկեր:

Մանեն նստեց, թեթևակի խոնարհվեց նրա գլխի վրա և, ազատ ձեռքով կարծես ինքնամոռացության մեջ, սկսեց շոշափել ու շոյել նրա փափուկ երկայն մազերը:

Այդ լուռ տեսարանը տևեց մի երկու րոպե: Վերջապես Բադամյանը բարձրացրեց գլուխը և նայեց վերևից իրեն նայող քնքշանքով լի թախծալի աչքերին:

Մինչև այժմ ես ձեզ չէի ճանաչում, — ասաց նա աղոթողի պես շշնջալով, — իսկ այժմ ինձ թվում է, թե ճանաչեցի միանգամից: Եղբայրդ ասում էր, թե դու քրիստոնյա ես: Ո՛չ, դու ավելի ես, քան քրիստոնյա, դու սուրբ ես, դու հրաշագործ ես, դու իմ կուռքն ես: Ես անհավատ մարդ եմ, բայց ոչ մի հավատացյալ մարդ չի կարող զգալ այն, ինչ որ ես եմ զգում այս րոպեին, այսպես, առաջդ չոքած, աչքերիդ նայելիս, այս խորհրդավոր ժամին, այստեղ, մենակ, իմ տան մեջ, այսօրվա խոսակցությունից հետո... Ես ոչ թե սիրում, այլ պաշտում եմ քեզ... պաշտո՛ւմ... պաշտում... Տուր ինձ, տուր ինձ ուրիշ ավելի զորեղ մի բառ, որի մեջ դնեմ հոգիս և վերջին շնչիս հետ փչեմ ոտներիդ առաջ...

Բադամյանը գրկեց Մանեի ոտները և սկսեց համբուրել նրա ծնկները ջերմորեն և կրքոտությամբ

Մանեն հանկարծ նայեց լուսամուտին և փորձեց հեռացնել նրա ձեռքերը:

Բավական է... վեր կաց, — շշնջաց նա:

Բադամյանն ավելի պինդ կպավ նրա ծնկներին:

Ոչ, թող մնամ այսպես... թող պաշտեմ քեզ... Ես ուզում եմ մեռնել ոտներիդ առաջ... այսպե՛ս... այսպե՜ս

Աղաչում եմ, վեր կաց: Լուսամուտը բաց է, մեզ նայող կարող է լինել:

Թեկուզ ամբողջ աշխարհը նայի: Դու ի՛մն ես, ի՛մն ես, ի՛մն ես... Ես կճղեմ կուրծքս, կնստեցնեմ քեզ հոգուս մեջ և հոգուս հետ էլ կարձակեմ...

Следующая страница