Րաֆֆի՝   Բանաստեղծություններ և պոեմներ, թարգմանություններ

Հայեվար դուք մեկ մեկուն
Չըլի վուր բարևներ տաք,
Ան ձիր մեռըլի հոգուն
Էդ լիզվով աղոթք կարթաք:

Չուն հայեվար աղոթքը
Աստուծ իսկի չի լսի,
Աստուծ ինքը վրացեվար
Միշտ կոսե ու կու խոսի:

Ձիր կնանիքը, տղամարդիք,
Թե մեռըլին կոնին սուք,
Վրացեվար վուխբ ասին,
Վուր ընդունվի արտըսուք:

Թե վուր Թելեթ, Խութեբա
Ձիր քուլփաթով ուխտ գնաք,
Վրացեվար սըրփերուն
Ձիր աղոթքնիրը կարթաք:

Վուր ձիր լեզուն հասկանան,
Ու կատարին ձիր մուրազ,
Հայոց լեզվի աղոթքով
Սըրփերուն կոնիք տնազ:

Դ

Ձիր տներումը հայերից
Դուք չըպահիք քոծ ու բիջ,
Թե վուր պահիք ձեր գլխին
Կուլի աստծու մինձ պատիժ:

Չունքի ձիր պստիկները
Կուլի վուր նրանցմեն սովրին
Հայուց լեզվի խոսիլը,
Կռո դառնան ու գըժվին:

Միշտ վրացի, իմերել,
Թուշ ու. խեվսուր, օսերուն,
Պահեցեք ձիր տներում,
Վուր լավ կռթին ձիր վուրթուն:

Ձիր դուքներու դավթարը
Չըլի դուք գրիք հայեվար,
Վրացեվար գըրեցեք,
Լավ շնուքով, մարթավար:

Թե հայեվար դուք գրիք,
Կուլի տուտուց մի հեքիաթ
Ու աստուծ ձիր առուտըրին
Չի տա խեր ու բարաքաթ:

Ձիզ, գեթաղվա, մի բան էլ
Միտս էբի սուրբ Թելեթ, —
Թե ուզում իք փուղ դադիլ`
Պիտի ծախիք ղալբ բիլեթ:

Շանփուրի տղեն, Բուրնութին
Հազարներով դադեցին,
Զագրանիցեմեն բերին
Շինովի ասիգնացին:

Չուն հալալ աշխատանքով
Ո՞վ դադի միլիոններ,
Հառամ փուղն էր, վուր շինից
Փաբրիկեք ու մինձ տընիր:

Ուխտ դրեցեք՝ ձիր կինքում
Տասն անգամ կուտր նընկնիլ,
ՈԼ հարյուր հազարներով
Ամեն գամին կըլանիլ:

Էն վուխտը դուք կու թողնիք
Ձիր տղերանցը, անգուման՝
Միլիոններով մանեթնիր
Ու հարուր հազար թուման:

Էստունցմեն մի ամանչիք,
Էս է հիմի ադաթը.
Հառամ փուղը հալալ է
Վունց վուր ձիր դեդի կաթը:

Նետավի, ինձի աստված
Ծիրութինս դարձըներ,
Ան իմ դեդեն՝ Կեկելոն
Ինձ նուրից վուրթի ծներ,

Մեկել կուտը ննգեք,
Մեկել փոդրաթ բռնեի,
Ու նրա էդնեն ուրախ,
Հանգիստ սրտով մեռնեի...

Կ

Բայց հիմի ջէր աշխըրքից
Չէ կշտացի իմ աչքը,
Երբ վուր ես փիքր իմ անում՝
Էն կինքումը բան չըկա...

Ասում ին, բաղ ու բաղչա
Ունի աստըծու դրախտը,
Թե ինձ էնտեղ կու տանին,
Ինչ լավ կուլի էն վախտը:

Ախ, միր օրթաճալի պես
Վո՞ւնց կուլի էն բաղն ու բախչեն,
Ո՞վ տըվի էնտեղ քեփ,
Զուռնա, դափն ու քամանչեն:

Ասում ին, արթարներուն
Գինի կու տան անպատճառ,
Բայց էն գինին վո՞ւնց կուլի
Կախեթու քաղցըր մաճառ:

Ասում ին, էն կինքումը
Մարդիկ վուչինչ չին ուտում,
Աստըծու փառքով կշտացած
Մարդն ուրախ է իր սրտում:

Դե՜, արի դու դիմացիր,
Ի՞նչ պիտ ըլի քու հալը,
Երփ սուփրում չունենաս
Գինի, զուրգել, խիզլալա:

Ասում ին, էն կինքումը
Մարդիք տընիր չին շինում,
Վուչ մշակնիր ին բանում
Միրզոևի մաշինում:

Թե վուր ղուրթ ըլի էստունք,
Վայի մե, էլ չի ըլի փոդրաթ,
Ինչո՞վ պիտի փուղ դադիս,
Տուն, տիղ պահիս ու քուլփաթ:

Ձիզ գեթաղվա, քաղկըցիք,
Էդ խոսքիրը միտը բերեք,
Քանի սաղ իք քեփ արեք,
Փուղ դադեք, անուն հանեք:

Արքայութենում ախպըրտիք,
Էնտեղ վունչինչ ձիզ չին տալ,
Վուչ Ստանիսլավ, վուչ Աննա,
Վուչ օսկեմեն մին մենդալ:

Արքայութենում, ախպըրտիք,
Փոդրաթ չըկա, փուղ չըկա,
Ինչո՞վ պիտի լիանա
Փուղի կարոտ միր աչքը:

Հրիշտըկնիրը էնտեղ
[Աղքատ, տկլուր] ին դիփուն,
Ումի՞ց պիտի փուղ գըջլինք,
Վայ միր օրին, միր հոքուսն...

ՄԵՐ ՀԵՐՈՍԸ

Ցնծա՜, ցնծա՜, Հայաստան,
Ահա՜ դարձավ քո որդին,
Քո մեծ հուսո առարկան,
Եվ անձկալին քո սրտին:

Մայրաքաղաքից յուր հետ
Բերել է մեր պատանին
Նոր սիրտ, նոր միտ, գիտություն,
Լուսավորել հայրենին:

Մայրաքաղաքից, գիտե՞ս,
Այդ չէ՜ թեթև ինչ կատակ,
Ուր յուր վարքին գերագույն
Թողեց անմահ հիշատակ:

«Որբիկներու տանումը»
(Մեր մեջ մնա այդ զրույց),
Բարոյական յուր կյանքին՝
Ունի մի ճիշտ ապացույց

Գուցե կանցնին շատ տարիք,
Դստերք Նեվյան պրոսպեքտի,
Թատրոնական դերուհիք,
Բաքոսուհիք՝ թույլ-լկտի:

Պանդոկապետ, վարսավիր,
Հարճ-աղախնյայք, սիրուհի՝
Կըհիշեն առատաձեռն
Որդին Հայոց աշխարհի...

Իսկ ճշմարիտն եթե
Պետք էր լինել խոստովան,
Թեև վատնեց նա յուր հոր
Մինչ հազար կարմիր թուման.

Բայց չէր իզուր այդ կորուստ,
Շահեց նա մեծ հատուցում՝
Ստուդենտի դիպլոմը
Ունե արդեն յուր ծոցում:

Թողյալ այդ, և ձև արտաքին
Ապացույց է բավական,
Թե չէ նա հասարակ մարդ,
Այլ խելացի գիտնական:

Տեսեք, արդյոք ո՞վ ունի
Մեր քաղաքում այդպես բան՝
Այնպես ֆրակ և բրյուկ,
Բայց հրա՛շք է շլյապան:

Ձեռնոցների րանգը
Չունե որոշ մի անուն,
Ծիածանի մեջ միայն
Կըգտնվի այնպես գույն:

Տե՜ս, նորա գանգուր մազեր
Դեմքին ինչ գեղ են բերում,
Ամբողջ անձը վարդի պես
Անուշ հոտով է բուրում:

Աչքը զինվորած է ակնոցով,
(Բայց չէ՜ զրկված նա լուսեն)
Այդ նշան է հատկապես,
Որ ուսյալ է նա արդեն:

Նա արհեստից չէ խոսում,
Դուք կարծում եք, չէ՞ գիտում,
Նա հերքում է բնավին
Ամեն հեղինակություն:

Ներկա դարուս գիտնականք
Համարում է խենթ-խելառ,
Մտածում է նոր գյուտով
Զարմացնել բոլոր աշխարհ:

Դեպի լուսինը ճանապարհ
Կամի հորդել օդային,
Թե զբաղմունք յուր բազում
Նորան միջոց կըտային:

Բայց ի՞նչ էր նա մտածում
Արդյոք խեղճ հայի համար,
Նորա սիրտը շարժո՞ւմ էր
Ազգի վիճակը թշվառ:

Նորա համար ազգություն
Չունի ինչ նշանակություն.
Կոսմոպոլիտ է սրտով,
Սիրում է ողջ մարդկություն (??):

Նա սիրում է կյանքի
Ճոխությունքը փառավոր,
Հոր դադած ոսկիներն
Են նորան նպաստավոր:

Լուսաճաճանչ բալերի
Նա հերոսն է գեղեցիկ,
Եվ աղջկերանց ցնորքը,
Նոցա երազը քաղցրիկ:

Նա է զարդը թատրոնի,
Եվ դերուհյաց բարեկամ,
Որոնց ընծայք թանկագին
Պարգևում էր շատ անգամ:

Նա է պաշտպան ֆեբոսի
Մուզիկական ակումբում,
Յուր բաժակը մի ռուբլով
Նա լիմոնատ է ըմպում:

Ազնվականաց կլուբում
Թղթախաղն է առաջին,
Հազարները նորա մոտ`
Այդ գումար է խիստ չնչին:

Նա առյուծն է տարփավոր
Քնքուշ, գեղեցիկ սեռի,
Աստղկական հեշտությունք
Երբեք նրանից չեն հեռի:

Երբ նստում է նա կառքը
Սան-Սուսի գնա ճաշել, —
(Նա երդվել է խիստ վաղուց
Հետևակ ոտք չըմաշել):

Նա գնում է, յուր հետքից
Աղջկերանց խումբը սիրուն
Ըշտապում են, որպես հունդ
Զգում է սիրտը հավերուն:

Երեկոյան թողնում է
Կախարդական Սան-Սուսին,
Դեպ Մուշտայիդ տանում է,
Յուր գեղեցիկ սիրուհին:

Անցնում է աննըկատ
Կես-գիշերից երկու ժամ,
Վայելում է նա այնտեղ
Յուր ընթրիքը համադամ:

Լուսաբացին հազիվ թե
Հոգնած, դառնում է նա տուն:
Մինչ երկուքը ցերեկին
Վայելում է անուշ քուն:

Էլ ի՞նչ է գործում մեր հերոս,
Չունի՞ ուրիշ պարապմունք,
Յուր ճակատի քրտինքով
Ունի՞ արդյոք մի շահմունք:

Հը՛մ... ճակատի քրտինքը
Այդ էր պակաս մեր ծույլին,
Նա յուր անձը չենթարկում
Ադամական անեծքին:

Յուր հոր նման բազարում
Կլանել փոշի և քրտինք,
Ուսումնական դիպլոմին
Համարեր մեծ նախատինք:

Եվ ազգային գործերը
Նորան չէին հետաքրքրում,
(Նա հայերեն չըգիտեր)
Նա ազգը չէր համակրում:

Նա ուներ յուր սրտումը
Միակ ևեթ նպատակ,
Թե երբ մահն յուր հորը
Կըտաներ մի օր հողի տակ:

Այնուհետև փառավոր
Նա կապրե, կյանք կըվարե,
Զի հոր դադած փողերու
Մսխելըն լավ սովոր է:

Ցնծա՜, ցնծա՜, Հայաստան,
Ահա կրթյալ քո որդին,
Թեև դեռ հին էշն է նա,
Բայց ներկված է յուր մորթին

Ոչինչ նրանից մի հուսա,
Իմ նազելի Հայաստան,
Նա քո կյանքի դահիճն է,
Օտարացած, անպիտան

ՄՈԴԱ

Էս ամսումը մեր քաղքում
Եկել է մի նոր մոդա,
Ի՛նչ գեղեցիկ, ի՛նչ սիրուն,
Հրաշք ասեմ, հավատա՜:

Քո արևը, է՜յ Նինո, —
Ասաց Նորան մեր Լիզեն,
Էդպիսի սիրուն մոդա
Ջեր չէ եկած Փարիզեն:

Կեկելն ու Նատաշան,
Էս նոր մոդի նոր շորով,
Էրեկ շիկով հագնված,
Պտըտում էին փողոցով:

Բայց ես տխուր, ամոթից
Տանիցը դուրս չեմ գնում,
Ջի իմ շորի տեսակը
Հիմա ո՜չ ով չէ հագնում:

Ա՛խ, մեռնում եմ նախանձից,
Երբ ուրիշն է հագնված,
Ես տընումն ընկած եմ,
Որպես մի խեղճ բանտարկված:

Դարդ մի՜ արա, իմ քույրիկ,
Ասաց Նինոն մեր Լիզին,
Գնա մարդեդ դու փող բե՜ր,
Դիմենք մոդնի մագազին:

Ո՞ւմ կնկանիցն ես պակաս,
Որ մոդիցը ետ մնաս,
Գործն այլ է, երբ որ դու
Մսխելու փող չունենաս:

Ա՛խ, անբախտ եմ ես, Նինո, —
Լիզեն տվեց պատասխան,
Թեև ունեմ ամուսին
Հարուստ, ծերուկ մի իշխան:

Գրո՛ղը տանե թո՜ղ նորան,
Գուցե ես էլ պրծընեմ,
Նա ինձ համար չէ առնում
Մոդնի շորեր, որ հագնեմ:

Ես էլ նրա ջիգրիցը
Մի ուրիշին կըսիրեմ,
Նա կառնե ինձի համար
Մոդնի շորեր, որ հագնիմ:

ՕՍԱՆ

Ինձ ասում ենՕսան,
Գոհ չեն մարդիք քո վարքից,
Թե դու քարշ ես ընկնում
Ջեհիլ տղորց շըլինքից:

Էդպես մարա, — ասում են,
Կոտրած աման կըդառնաս,
Ո՜չ ուրիշը կառնե քեզ,
Ո՜չ ձեր տանում պետք կըգաս:

Հողե՜մ գլուխն ասողին,
Միթե չե՞ս գիտում, աստված
Ջեհիլ տղեն ու աղջիկ
Միմյանց համար է ստեղծած:

Ման եմ գալիս բուլվարով,
«Օսան, — ասում է դեդեն,
Ամո՜թ է, ինչո՞ւ էդքան
Մտիկ կըտաս դես ու դեն:

Ուղիղ գնա քու ճամփան,
Դեմքդ ցույց տուր ամոթխած,
Որ նայողի աչքերուն
Պարկեշտ աղջիկ ձևանաս:

Ա՛խ, ի՞նչ անի Օսանը,
Նա ո՞ր ջուրն ընկընի,
Որ իր սրտի դարդերեն
Շուտով մեռնի, պրծնի...

Երբ որ ջեհիլ մի տղա
Անց է կենում իմ մոտեն,
Ո՞նց համբերի Օսանը,
Մտիկ չըտա դես ու դեն:

Չէ՜, քանի ես կյանք ունեմ,
Ջեհիլ տղա կըսիրեմ,
Առանց քեփի ո՞նց ապրեմ,
Ո՞նց իմ դարդին համբերեմ:

Թո՜ղ ողջ լինի իմ հերը,
Նըրա փողի սընդուկը,
Կը կատարե իմ սրտի
Խիստ ցանկալի փափագը.

Նա կըտա իմ օժիտը՝
Մանեթներ հազար քսան,
Ու կըգնե ինձ համար
Սրտիս ուզած լավ փեսան:

Աչքը տրաքի՜ Սոփոյին,
Նըրա հերը վաղ չունի,
Թող մոր տանումը պառավի,
Առանց սիրուն փեսայի:

Չէ՜, քանի ես կյանք ունեմ,
Ջեհիլ տղա կըսիրեմ,
Առանց քեփի ո՞նց ապրեմ,
Ո՞նց իմ դարդին համբերեմ:

Ջեհիլ տղա կըսիրե,
Ու քեֆ կանե միշտ Օսան,
Գլուխ քարին, որ մարդիք
Յու վերա վատ կըխոսան..

ԱՈՒՏՈ-ԴԱ-ՖԵ

Վաղ առավոտ զարթեցա
Ես անհանգիստ իմ քնից,
Աղախինս մոտ եկավ
Տխուր դեմքով հայտնեց:

Աղա, էսօր մենք չունենք
Ո՜չ վառելու ածխաքար,
Դուք կըմնաք առանց թեյ,
Ո՜չ չայ ունենք, ո՜չ շաքար:

Այդ բոթաբեր խաբարը
Ինձ պատճառեց վրդովմունք,
Եվ խռոված իմ սրտի
Սաստիկ եղավ խիստ հուզմունք:

Քանզի այսօր իմ գրպան
Փողից փարատ էր իսպառ,
Եվ չունեի ոչ մի բան
Ուղարկելու ես բազար:

Փայփայելով աղախնուս
Փափկիկ գիսակ շիկահեր,
Եվ գրկեցի նորա մեջք,
Համբուրեցի զույգ թշեր:

Առանց թեյի, ա՛խ, Մաշա,
Չէ կարելի, գնա՜ բազար,
Դու ծանոթներ շատ ունես,
Մի տեղից առ անվճար:

Վատ է, աղա, ժամանակ,
Հիմա անփող ի՞նչ կըտան,
Այժմ առանց գրավի
Հազիվ մարդի կըհավատան:

Ի՞նչ էր մնացել, էլ ի՞նչ կար,
Որ Մաշան բազար տանի,
Գրավված էին բոլորը՝
Ժամացույց, թանկ մատանին:

Ահա՜, Մաշա, իմ կայքից
Մնացորդն այդ վերջին,
Տա՜ր փողոցում վաճառե,
Թեև գին տան խիստ չնչին:

Այս ասելով տվեցի
Երգերիս ժողովածուն,
Գնաց շաքար գնելու
Իմ պայմանյալ հարսնացուն:

Բայց մեծ եղավ իմ զարմանք,
Երբ որ գիրքը թևքի տակ,
Առանց ոչինչ գնելու`
Մաշան ետ դարձավ դատարկ:

Ողջ բազարը ման եկա,
Ասաց նա ինձ վշտագին,
Գիրքդ ամենին ցույց տվի,
Մարդ չը տըվավ գրոշ գին:

Տարա մանդրուք ծախողին,
Ասաց՝ «Ինձ չէ պետքական,
Այդ մրոտած թղթերից
Ինձ մոտ այժմ խիստ շատ կան:

Թե թերթերը լինեին
Մի փոքր լայն և երկար,
Լոբի, փըլփիլ փաթթելու
Մեզի համար պետք կըգար:

Ասացի, հին դավթար չէ,
Այլ տաղեր են՝ կոկ, քնքուշ,
Հայոց անբախտ պոետի
Դոքա երգեր են անուշ:

Թըթվեցրուց ռեխը,
Պատասխանեց դուքանչին`
«Այժմ այդպիսի գրքերը
Անարգ լաթեր են չնչին»:

Կատաղության արյունը
Բորբոքվեցավ իմ գլխում,
Ես մոռացա իմ թեյը,
Նախաճաշիկ, կերուխում:

Ուղիղ է ասել, Մաշա,
Այն խելացի դուքանչին,
Այժմ մեր գրվածքներն
Այո՜, լաթեր են չնչին...

Քան թե շինել նրանց ջնջոց,
Լավ է վառել մեզ կրակ,
Գիտեմ, փայտդ էլ պրծել է,
Թող տաքանա գեթ սենյակ: —

Ես ձգեցի անխնա
Բոցերումը կրակին,
Իմ անքուն գիշերների
Ճգնաց ծնունդն անգին:

Եվ ես, նստած սառնասիրտ,
Նայում էի խարույկին,
Որտեղ ոսկի կայծերով
Խորովվում էր իմ հոգին

Խե՛ղճ, աուտո-դա-ֆե.
Ահա՜ մեր գործր, հայե՜ր,
Օղակ-օղակ ծուխի հետ,
Վերցնդում են դեպի այեր:

Երկար մարած մոխիրին
Նայում էի տխրագին,
Հանկարծ ինձ թեյ ներս բերավ
Սիրուն Մաշան իմ անգին:

Ուսկի՞ց բերար դու թեյը, —
Հարց արի ես, — Մաշա ջան,
Ասաց՝ — «Գրավ դրեցի
Իմ ոսկի ապարանջան»:

ՓՈՂ

Երբ շիշով ազնիվ գինին
Դրած է սեղանիս վերան,
Երբ արծաթով պարարտ է
Իմ փողերի պահապան,

Եվ թանկագին ցիգարը
Իմ բերնումը ծխում է,
Հրաբորբոք իմ սրտեն
Քանի՛ մտքեր բըխում է

Իմ գրիչը թունդ վազում է
Ոգևորված այդ պահուն,
Եվ երգերս տողվում են
Կոկ, հանգավոր և սահուն:

Բայց երբ որ գինի չըկա,
Երբ դատարկ է իմ գրպան,
Մտածում եմ, մտածում,
Մտքիս չէ գալիս մի բան:

Աշխատում եմ ակամա
Անհամ հանգեր կարկատել,
Իսկ սատանան նույն ժամուն
Սովոր է միշտ ընդհատել:

Դուռը ճռաց, դուքանչին
Պարտքի հաշիվ ներս բերավ,
Բոլոր մտքերս ցնդեցան,
Սրտիս աշխույժը կորավ:

Տեսանում եմ, իմ մուզան
Նա էլ հեռացավ իսկույն,
Երբ որ տեսավ նա ռեխը
Խանութպանին այն տժգույն:

Հա՜, վախեցավ խղճալին,
Չիցե ուզեմ իրմեն պարտք,
Ա՛խ, և քեզ մոտ, է՛յ թշվառ,
Կորուսե՞լ եմ ես իմ վարկ...

Ո՞ՒՐ է ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Հայրենիքին, քո սիրելի հայրենիքին
եղիր դու կից.
Այնտեղ են քո զորության քուն արմատները
ՇԻԼԼԵՐ

Ա

Կարծես կայենի անեծքով նախկին
Թափառում եմ ես քաղաքից քաղաք,
Եվ անգութ բախտն ուժգին և ուժգին
Հալածում է ինձ ընդ ծով և ցամաք:

Իսկ այժմ դեպ ո՞ւր: — Գնամ Պարսկաստան,
Օդն է քաղցրաշունչ, երկինքն պարզ և ջինջ,
Ուր անուշահոտ շնչե բուրաստան,
Եվ մշտագարուն ծաղկում է նարինջ:

Ուր մարմարիոն շատրվանի մոտ,
Սիրուն հարեմը չոքած առաջին,
Արբված ղեյլանի ծխովն ամբարհոտ,
Անուշ բերկրությամբ ապրում է հաջին:

Ո՜չ, չարժե բնակվել այնպիսի երկրում,
Ուր չկա օրենք, — չըկա և աստված,
Ուր բռնակալը միշտ թուր է կրում
Անմեղ զոհերի արյունով ներկված:

Քրիստոնյա հային խո՜րթ է Պարսկաստան,
Ուր ձայն զանգակի չէ հնչում ականջիս,
Որպես հնդկական պարիա-պինժ, խոտան,
Պարսիկը զզվանոք ինձ կոչե նաջիս...

Բ

Ուրեմն լավ է դիմել Տաճկաստան,
Դեպի տերությունն հզոր սուլթանի,
Կիսալուսնի տակ խնդրել ապաստան,
Անդ ապրել կարե ամեն կենդանի:

Հարուստ է երկիրն և դաշտ վարդենի
Ոռոգեն ջրով Տիգրիս և Եփրատ,
Անդ մշտականաչ ծաղկե ձիթենի,
Հացն և գինին` էժան են, առատ:

Անդ ճոխ հարեմում օսմանցի խաթուն
Սեր է գրգռում ամեն մի րոպե,
Իսկ լերկսևամորթ ներքինին արթուն
Հսկե հարեմին, որպես քերովբե:

Եվ զվարճասեր օսմանի որդին
Յուր օձապտույտ ծխե նարգիլեն,
Սերիցը սառած հեշտասեր սրտին
Բորբոք է տալիս՝ միշտ դառն ղահվեն:

Ո՜չ, Տաճկաստանում չունեմ ես դադար,
Ուր հալածասեր ոգին Ղորանի
Ճնշում է հայի իրավունքն արդար,
Կոչում է գյովուր, խնզըր յաբանի...

Գ

Դեպի Գաղիա ուրեմն դիմել,
Հեղափոխության բնիկ օրորան,
Արթուն կյանքի ճոխ վարդեր քաղել,
Ազատ իրավանց է անդ կայարան:

Անդ չըկա հարեմ, չըկա ներքինիք,
Այնտեղ է ջեննաթ, ժպտում են հուրիք,
Անդ մուզիկայի ձայնը չէ լռում,
Եվ անուշահոտ փրփրում են գինիք:

Ուր կախարդական Պարիզ գեղասեր
Համաշխարհական մոդայի օջախ,
Գեղեցիկ սեռին վառում է միշտ սեր,
Պչրանք պաճուճանք դարբնելով հաճախ:

Դեպի Գաղիա, Պարի՜զ սիրելիք,
Դեպ մուզաների նորոգ հայրենիք,
Սիրել գեղարվեստ, պաշտել կնանիք,
Մանուկ զորության քաղել թարմ դափնիք:

Իսկ այդ բերկրությունը չե՜ն, չե՜ն ինձ համար,
Նոքա հրճվանք չեն բերում սրտիս,
Երբ կաթոլիկը կոչե ինձ հիմար,
Հերետիկ բառը կնքե ճակատիս

Դ

Դեպի Գերմանիա էլ լավ է դիմել,
Արհեստ, գիտության է անդ կենտրոն,
Պրուսակների հետ գարեջուր քամել,
Անաղոտ լուսով փայլե անդ կրոն:

Անդ ակոսի մեջ երկրին արգավանդ
Հատու արորի խոփն է փայլում,
Ազատ մշակի երգեն ջերմեռանդ
Միշտ անցավորի հոգին է զմայլում:

Եվ հազարավոր գործատներում
Զորավոր շոգին դարձնում է չարխեր,
Օտար աշխարհից արծաթ է բերում
Արհեստով մշակած երկրին բերքեր:

Ուր պատվի պաշտպան՝ ահեղ հրացան,
Ազգասիրական վառվեց կրակով,
Աստղերից վերև, վերև բարձրացան
Դրոշի փառքն ազգին քաջագով:

Բայց ի՞նչ շատ ինձի փառքն օտարի,
Եվ գերմանացու միշտ թթված ռեխ,
Երբ նա ինձ չի տալ, անվարձ կամ ձրի՝
Յուր հոտած կալբաս՝ չորացած տրեխ:

Ե

Ռուսաստանում լավ է ինձ համար,
Հնարավոր է հանգիստ ապրուստի,
Կյանքն այնտեղ անհոգ է, հարմար,
Իսկ պետությունն՝ յուր փառքով հարուստ:

Այնտեղ միմյանց հետ գռեհիկ-մուժիկ
Ապրում են որպես սանահերսանիկ,
Եվ լիքը բաժակ թթված կըվասով
Ուրախ է մշակ և շատ երջանիկ:

Այնտեղ ոխ, նախանձ՝ ծանոթ չէ մարդկանց,
Հանկարծ հայհոյանք, ապտակ և կռիվ,
Իսկ երբ որ մեկը դեմ արեց վոդկան,
Հաշտվում են կրկին սիրո համբուրիվ:

Եվ ջինջկապուտակ աչերը ռուսալկի
Թովում են մարդի և սիրտ և հոգի,
Ա՛խ, որպես նոքա հնազանդվում են,
Եբր գրկում եմ նոցա մեջք սիրամարգի:

Զ

Գնամ Հայաստան՝ իմ բնիկ հայրենիք,
Մեր քաջ նախահարց արյունով սրբված,
Ուր ստեղծագործության առաջին կնիք
Արարիչ ձեռքով դրոշմեց աստված:

Անդ առավոտյան երգը սոխակին
Հիշեցնում է միշտ կորուսյալ Եդեմ,
Եվ տղամարդի կախարդե հոգին
Սևորակ աչերն կուսին լուսադեմ:

Անդ փլատակաց մեջ ավեր դրախտին
Դեռ անմահների հնչվում է քնար,
Կանաչ, ծաղկազարդ վառվում է գետին,
Վաղորդյան ցողը սփռում է գոհար:

Հարո՜ւստ բնություն, ջուրը՝ մեղրահամ:
Օդը՝ քաղցրաշունչ, մարդիքը՝ բարի,
Կանայքը՝ սիրուն, իսկ ժողովուրդը՝
Ժիր և գործունյա է ամբողջ տարի...

Տիրում է խավար և աղքատություն,
Մշակը թշվառ գործում է, գործում,
Աղան խլում է դառն աշխատանքը,
Նորա արյունը քամում է, ծծում...

Սիրո՛ւն Հայաստան, ուր Ադամ, Եվան,
Ադինյան Եդեմ՝ ստեղծեց Եհովան,
Ուսկից բխելով Փիսովն և Գեհուն
Ջրեր սառնորակ գլորեն անհուն:

Ուր ծաղիկների միջով Արաքսին,
Կուրի հետ գրկված, հոսեն միասին,
Ուր բարձրագագաթ հսկե Արարատ
Կանաչ դաշտերին՝ պտղատու, առատ:

Ուր չըկա դորշակ, չըկա բորեաս,
Բյուր ծաղիկներով փայլում է Արագած,
Եվ ֆշֆշալով գժված Հրազդան`
Ջրում է անհուն արտեր, անդաստան:

Այնտեղ ծերունի Նոյը՝ մեր նախկին՝
Իջուց յուր տապան Մասիսի գլխին,
Հիմնեց Ակոռին, բաշխեց մեզ գինի,
Որ հայաստանցին միշտ ուրախ լինի:

Այնտեղ Հայկ դյուցազն՝ հսկան մեր արի,
Սատակեց գոռոզ Բելին վիթխարի,
Եվ արյունովն որդվույն տիտանի
Կնքեց ղաբալան սուրբ Հայաստանի:

Ը

Այնտեղ քաջն Արամ մեխեց Նյուքարին՝
Հպարտ մետացուն՝ պարսպի քարին,
Անդ Արշակունին՝ միշտ հանապազօր`
Ջարդեր լեգեոն Պոմպեին հզոր:

Անդ սկզբաննե սերմունք սրբազան
Ավետարանի բուսնիլ սկսան,
Երբ արքայն Աբգար ինքն առաջին
Ի ճշմարտություն հավատաց փրկչին:

Եվ ջարդեց Տրդատ՝ հզոր թագավոր,
Մեր աստվածների արձաններ շատվոր,
Եվ Արմավիրի սոսիներիցը
Մեր դիցուհիքը գնացին աքսոր:

Էլ ծաղիկներով հայոց աղջիկներ
Չըզարդարեցին Անահտա տաճար,
Եվ աստղկական պարերգ և տոներ,
Ուրախ ցնծությունք լռեցին իսպառ:

Թողին Վահունիք Վահագնի պաշտոն,
Մեր քաջ դյուցազի ողջակեզ և տոն,
Եվ հերոսական մրցություններից
Յուր խաղերի մեջ՝ զրկվեցավ Տարոն:

Թ

Մայրի՛կ Հայաստան, սիրո՛ւն հայրենիք,
Ընդունի՜ր ծոցումդ տարագիր որդիդ,
Բա՜ց արա նորան քո հին վերքերը,
Պատմի՜ր թաքուցած դարդերը սրտիդ:

Բայց ի՛նչ խաժամուժ է աստ ժողովուրդ,
Ինձ բնակվելու չըկա մի անկյուն,
Թուրք և պարսիկ, ղզլբաշ և քուրդ`
Տիրած են երկրի ամեն մի կանգուն:

Զլանում է այստեղ հայի բաժակին
Յուր ազնիվ բերքը գինևետ Գողթան,
Եվ օրհասական նորա վիճակին
Ապառնում է մահ աղայի շղթան:

ԹԻՖԼԻՍԵՑՈՒ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Վա՜տ ադաթներ ներս բերավ
Միր քաղկումը Եվրոպեն,
Քեփն ու սափեն դիփ կորավ,
Փընացավ էսղանցոբեն...

Ո՞վ էր տեհի մե մանեթ
Կախեթու գինու թունգին,
Մե աբասով էր առաջ, —
Էն էլ շատ-շատ խիստ թանկ գին:

Դե՜ արի դուն, իմ պարուն,
Կուշտ փուրով խմե գինի,
Ո՞վ կու դիմնա էդ մխսին,
Շուտով կուդր չի նընգնի:

Ու էնպեսդ էլ է լոքոն,
Յոցխալ, փիչխուլն ու զութխին,
Արնի գնով ծախում ին,
Ի՞նչ ձեռք կու տա միր խալխին:

Թե առնում իս, — էդքան փուղ
Դուն ի՞նչ սրտով պիտի տաս,
Թե չիս առնում, — ուփրո վատ,
Ձուկիցը պաս կու մնաս:

Միտս է գալիս վաղօրոք,
Ճիպինիտղա Պոխրոն,
Ես, Ջանդակինց Թաթուխը,
Ի՞նչ մարդ էր էն օխերոն...

Մեկն էլ պաճո-Սոսիկոն,
Թուշինի-տղա Ճանճուրը,
Ու Կոճլո-Արտեմը՝
Մախոխի տղի պուճուրը:

Դիփ էլ ազնիվ քաղկըցիք,
Օջախի վուրթիք պատվավուր,
Չըկեր միր մեջ Շան-ճրաք,
Կռո կամ Ջոկ մոթրեվուլ:

Օրթաճալումը դիփունանքս
Նստիլ ինք Քռի ափին,
Ո՞վ կանա պատմել հիմա
Զողն ու սափեն միր քեփին

Սազանդարնիր ունեինք`
Ամենքը՝ լավ-լավ տղա,
Նրանց համն էս ըժուկում
Ո՞վ է տըվի, իմ աղա:

Քեչալ-Դառչոն էր մեկը,
Ամենքը լավ կըճանաչեն,
Ո՞վ կարա ածել հիմա
Նրա թառն ու քամանչեն:

Ու էնպեսդ էլ Գիգոլին,
Երբ կոծեր իր դայիրան,
Սաղ աշխարքն արմըցած
Մտիկ կոներ իր վրան:

Ա՜խ, քոռ-Գաբոյի զուռնի
Գիտե՞ս ձենն ո՜ւր էր էրթում,
Սոլոլակում կը լսեիր,
Երբ նա կոծեր Թելեթում:

Խոսրոենց Բաղդանոսի
Ո՞վ կոծե դիպըլիպիտոն,
Հեստի ղոչախ, մասխարա,
Օյինբազ էր էն կինտոն...

Չոփուրիտղա Ծատուրի
Ճիանուրն ու սազը...
Հիմա ի՞նչ աշըղ կոսե
Էն թուրքի մուխամբազը:

Մագրամ հիմա վուչ մեկը
Չեն մնացել էս աշխրքում
Աստված օղորմի նրանց
Ամենքի էլ լիս հոքուն:

Նստիլ ինք Քռի ափին,
Լոբու տղա Յագուլը
Ղամբ է գցում, նավեմեն
Դո՜ւրս է տալիս փիչխուլը...

Ափին կրակ ունինք վառած,
Վրեն պղինձն է դրած,
Մե կողմից չալաղաջին
Շամփրով անում խորոված:

Մեկ կողմից էլ պղնձի մեջ
Ածում ենք սաղ ցոցխալը,
Դուն տե՜ս հիմա մեր տղորց
Քեփի, զովղի դիփ հալը...

Տկճուրներով լավ գինին
Շարած ունինք չուրս կողմով,
Ամպա՜ր ասա՜, ի՞նչ գինի, —
Լավ ռանգով, լավ համով:

Հազար-փեշեն ձեռից ձեռ
Պտուտ է գալիս պլպլուն,
Խմե՜ ու խմե՜ գինին,
Վուրքան կուզես, իմ պարուն:

Ծափ ինք տալիս, դե՜ ծա՜փ տուր,
Հարա՛յ հրո՛ց ղիժինա՜ ...
Ո՞վ չի ուզի էդպես քեֆ,
Գինի խմե, գըժանա:

Սազանդարնիրը զոռ ին տալի
Իրանց սազին, չոնգուրին,
Թուշինի տղեն խաղում է
Հեստի ղոչաղ լեկուրին:

Ի՞նչ գլուխդ ցավացնիմ,
Կարճն ասիմ, իմ պարուն,
Էհենց մինք սաղ մե շաբաթ
Քեփ արինք Օրթաճալում:

Էնդու էդնեն քաղկումը
Միր մխսը հեսաբ արինք,
Մե մինալթուն կես շայի
Ամեն մեկս փըսոն տվինք:

Հիմա ո՞ւր է էն վուխտը,
Գնա՜ց... մեկ էլ յիդ չի գա,
Վուր էլ էնպեսդ քեփ անենք,
Ո՞ւր է էն գինին... էն ձուկը...

Վադ ադաթնիր ներս բերավ
Միր քաղկումը Եվրոպհն,
Քեփն ու սափեն դիփ կորավ,
Փըչացավ էսղանցոբեն...

ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆ

(Թիֆլիսեցու գանգատներ)

Ա

Վա՛տ ըժուկի ռաստ էկա
Ծեր հասակումս, իմ պարուն,
Կոսես Նեռը ծնվիլ է,
Մոտ է աշխարք քանդվելուն:

Էդ ի՞նչ բանիր չին տեհնում
Իմ մե ղավոր աչքերը,
Մեղքն ու մահը միր մեչում
Էրևնում ին աշքարա:

Վուչ ամոթ կա, վուչ նամուս,
Մարդն իր քեփովն է գնում,
Սատանի նընկրութենից
Նա իսկի չի՜ հեռանում:

Էդպես կի չէր վաօրոք
Քրիստոնի ադաթը,
Աստծու ահն իր սրտում
Ուներ կնիկն ու մարթը:

Ուշունցնիր էինք տալի,
Ծեծում էինք մենք կնկան,
Նրա լիզուն միշտ մունջ էր,
Նա չէր խոսում վուչ մի բան:

Հիմի կնանիքը մարդու
Գլխին դրիլ ին նոխտան,
Իշի նման ետևից
Վուրթենը կուզին, քաշ կու տան:

Աղջկերքը խո՜ ուրիշ բան
Իսկի փիքր չին անում,
Ջհել տղերանց սերեմեն
Նրանց խիլքն է միշտ գնում:

Էլ չին տնտղում տղամարդի
Էլած-չելածն ու հալը,
Իրենց քեփին մխսում են
Խեղճի դոլվաթն ու մալը:

Չին փիքր անում, թե մարթը
Ի՛նչ օրով է փուղ դադում,
Նա զրկում է իր կյանքը
Վուչ խմում է, վուչ ուտում:

Գազումը կարճ է նա չափում,
Քարումը՝ թեթև քշռում,
Կեխտուտ ստերն ու օրթում
Բոլ է մխսում բազարում:

Սատանեքին ծախում է
Նա իր հոգին փողոցում,
Ինչկլի քանի մե շայի
Ջլիվ իր ձեռքն է գցում:

Մագրամ, նրա էդ ամեն
Արնի, քրտինքի գի՜նը՝
Մաղազինում, խաղերում`
Դիփ մխսում է իր կինը:

Մեկ էլ տեհար, ասում ին
Ծղալոբը Կուտըր նընգավ,
Էլ չին ասում` կնիկը
Էն խեղճի տունը քանդավ:

Բ

Էդ անիծված չար մոդան
Էլ չէ տևում մե տարի,
Գելաքնուրի ծախողն
Էնքան չունի մուշտարի:

Մեկը, տեհնում իս, պոչը
Թրև է տալի ղայրաթով,
Կոսես, քուչեքի ավլելը
Վիր է կալի փոդրաթով:

Մեկելն՝ օխչարի նման`
Էդնեն կապիլ է դըմակ,
Կոսես, դարբնի մինծ փուքսով
Փրչած ըլին իր քամակ:

Մեկը՝ ձկնորսի դամբի պես՝
Լեն բացիչ է խաբարդոն,
Ճամփա տվեք, անցկենա
Միր քաղկի աղջիկ-պարոն:

Մեկն էլ՝ յուփկեքն էնքան
Հագած ունի իր վրան,
Կոսես, դաշտումը սալդթի
Դու տեհնում իս մինծ վրան:

Վո՞ւր մեկն ասիմ, ախպրտիք,
Անուննիրն էլ չիմ գիտում,
Սատանան ինքն է խաբար,
Ինչ վուր նրանք ին հաքնում...

Ա՜խ, էն հավի կուդիով
Գլխին դրած շլապկեն,
Թարաքամի մոթլի պես
Մուֆթն հաքիլ ին ձեռքեն,

Ա՛խ, էն դամբի պես գործած
Էրեսների էն քուղը,
Սապոկների ճռճռոցը
Քանդում են իմ ըղուղը...

Ու բերնումը ծխելով
Սատանայի փուրվարը,
Մեջքը կոտրած կատվի պես
Երբ չափում են բուլվարը:

Չիմ կանացի, հա՜խ աստծու,
Բարկութինն իմ սանձել,
Սկսում եմ վա՛յ տալով՝
Միր կնանիքն անիծել...

Երբ որ սիրտս էրվում է,
Ասում եմ, թե էդ թավուր
Ադաթնիրը խիստ վատ ին,
Ինձ շինում են մեղավուր:

Տեհար, մեկը՝ շլապով,
Քաշած ձեռին շան կաշին,
Շուշի կտորն աչքերին՝
Լուս նընկավ քո առաջին:

Պետրբուքում միթոմ
Ավարտիլ է իր ուսում,
Փիլիսոփա է, կոսես,
Խուրը տըկեմեն է խոսում:

Մե ձեռը նա փըքվելով
Ունի շալվարի ջիբում,
Կոտրատվելով` մյուս ձեռով
Յուղած մազերն է քոքում:

Աստուծ վուչ գիտի նրա
Գլուխն ու արևը,
Շառըշուռ է, մե խոսքով,
Էնդուր տված բարևը:

Չիս հասկանում՝ ի՜նչ լեզվով
Էդ մոթրեվուլ սարսաղը՝
Կոտրատվելով, փքվելով՝
Սկսում է իր խաղը:

Ծերուկ, կոսե, դու լուռ կա՜ց,
Անցավ արդեն ձեր դարը,
Մարդկությունն որոշեց
Կյանքի պատշաճն, արդարը:

Այժմ ազատ իրավունք
Վայելում է ամեն կին,
Չէ նա այլևս ամուսնի
Գերի, ստրուկը նախկին:

Նա ընկեր է հավասար
Այժմ յուր տղամարդին,
Նա ազատ է կատարել
Բաղձանքներն յուր սրտին:

Նորա շքեղ պաճուճանք,
Նորա գեղն և զարդը՝
Մեր բոլոր վայելչության`
Է հոտավետ թարմ վարդը:

Նորա թըշի մի համրույր,
Քաղցր ժպիտը դեմքին,
Են մեր բոլոր վշտերի
Եվ հոգսերի միակ գին:

Երբ տղամարդը նորա
Գրկում է մեջքը սիրուն,
Մոռանում է սրտամաշ
Դառնությունքը ցավերուն...

Ա՛խ, արժե նոցա սիրուն
Աշխարհ և երկինք զոհել,
Նորանց քնքուշ վարդի պես
Միշտ փայփայել ու պահել:

Ա՛խ, կանայք, կանայք, կանայք,
Հայոց սիրո՛ւն աղջիկներ,
Ձեզ մատա՛ղ իմ կյանքը,
Ձե՜զ, դրախտի հրեշտակներ:

Դուք եք սրտիս առարկան,
Դուք եք մտքիս ցնորքը,
Ես սիրում եմ ձեր բոլոր
Ճոխ, պճնազարդ շնորհքը:

Ես սիրում եմ օդային
Ձեր հագուստը թափանցիկ,
Ես պաշտող եմ մոդային,
Տարազների գեղեցիկ:

Ես սիրում եմ խշխշուն
Ձեր յուբկա և կրինոլին,
Տարի լալե... լա լալե...
Տարի լալե... տայ լալին...

Գ

Մեկ էլ տեհնիմ էն գժի
Իծաննիրը մոտ էլան,
Նա երգում էր, պարում էր
Ծռեց էշն իր փալան...

Տրտինկն էր տալիս, թռչկոտում,
Զռնչում էր ու զռնչում.
Ռսնակն էլ մե կողմից
Կապում էր խազի պոչում:

Պարտական եմ, թե մե խոսք
Ես կարացի հասկանալ,
Ո՞վ կարող է էն տուտուց
Փրանտի խոսքերն իմանալ:

Մագրամ էդքանը լուս ընկա,
Որ նա ասիլ էր ուզում
Կնկտիքն այլ տեղ ազատ ին,
Ինչո՞ւ գերվին Թիֆլիսում:

Ես էլ նրա խոսքերին
Էդպես տրվի պատասխան,
Բալքամ, կուլի պրծացնիմ
Էն սարսաղեն իմ յախան:

Լավ, էս իմ աչքիս վրան,
Խոսքդ շաքրով, իմ պարուն,
Մեզի համար պետքը չեն
Աղաթնիրն էս գարուն:

Թող կնկտիքն ըլին
Մեզնից մե բանով ավել,
Բայց մեզ գերի շինելու
Իրավունքն ո՞վ է տվել:

Թե վուր միզ հետ նրնկիր ին,
Ինչպես կոսես՝ հավասար,
Մեր գործերում թո՜ղ ըլին
Մարդի հետը բարեբար:

Մենք բարեբար փայ անենք
Մեր սև օրվա դարդերը,
Ու բարեբար մենք քաղենք
Ուրախության վարդերը:

Թո՜ղ նա նստի իր տանը,
Երեխերքին շոր կարե,
Նրանց լվացքը լվանա,
Բանելու միշտ գործ ճարե:

Կուխնից ըլի մուղայիթ,
Բան չըգողնան բըջերքը,
Շաքրի ղութին փակ պահե,
Վուր չուտին երեխերքը:

Իմ գուլբեքը կարկտնե,
Շուտ-շուտ նրանց չըփոխեմ,
Մի քանիսն էլ թո՜ղ գործի,
Իրա համա ես ծախեմ:

Առավոտը զարթնելիս,
Երբ որ գնում իմ ես ժամ,
Ինձ միշտ տաք ջուր պատրաստե,
Վուր երեսս լվանամ:

Հետո գթնե, ինձի տա
Սանդրն իմ մորուքին,
Վուր չար Կոլեն գողնալով`
Ջգրեցնում է իմ հոգին:

Երբ որ էհենց կնիկը
Կուլի ղոչաղ տանտիկին,
Փուղի ղադրը կիմանա,
Տունը կու պահե կարգին,

Ինչո՞ւ պետք է նրանից
Անենք իզուր մենք գանգատ,
Էն վախտ մարդն էլ կունենա
Իր խերն ու բարաքաթ:

Ե

Պետրբուրգի փրանտը
Էլ չը տրվեց ժամանակ,
Նա կտրեց իմ խոսքը
Իր խաղերովն ռսնակ`

Фу! Старичок какой!
Հետո կցեցГоспода,
Вы отсталый народ,
Ваша песня спета...

Տիկնանց գանգուր գիսակներ,
Նոցա ժպիտն անուշիկ,
Այդ հրա՜շք է, боже мой!
Նոցա հօգուտը՝ просто шик!

Ես հեռացա էն գըժեն,
Թող չըտվի վուր խոսե,
Վախում էի, չըլի թե
Տտրի լալեն սկսե...

ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻ ՊԵՏՈՆ

Տե՜ս, տե՜ս, եղբայր, ահա հեռվից
Սևին տվեց մի հրեշ,
Որ ծանրաքայլ, դանդաղ կերպով
Շարժվում է որպես գոմեշ:

Նա մոտ եկավ: Նշմարում եմ
Մարդու ձև և կերպարանք:
Բայց ինչո՞ւ է սիրտս զգում
Այսքան զզվանք, զարհուրանք:

Следующая страница