Շիրվանզադե Ալեքսանդր՝   Վարդան Ահրումյան

Երեկ դու, այսօր ես: Գնա գանգատվիր, ինչ որ օրենքը վճռի, այն կստանաս...

Երբ Աթանեսը տուն եկավ, Վարդանը, որ անհամբեր սպասում էր նրան, նայեց երեսին և ամեն բան հասկացավ առանց խոսքերի:

Որդի, — ասաց հայրը ներս մտնելուն պես, — նա չի ուզում ոչինչ տալ: Նա ինձ ավելի անարգեց, քան ես երեկ: Խփե՞լ: Ոչ, չհամարձակվեց: Եթե ձեռք բարձրացներ, երկուսիցս մեկը պիտի տեղն ու տեղը շանսատակ լիներ: Բայց այդ ոչինչ, բանն այդ չէ...

Եվ նա, մի փոքր շունչ առնելով, շարունակեց.

Լսիր, որդի, եթե դու իմ հարազատ զավակն ես, եթե քու արյունն իմ արյունից է, քո ոսկորն իմ ոսկորից, եթե քեզ կին է ծնել և ոչ թե շուն ցգնել, այսօրվա օրը չպիտի մոռանաս: Աստված գիտե, այս անպատվությունը կտանեմ, թե չէ, բայց վերջս այսպես թե այնպես մահ է: Ի հարկե, ես ձեռքիցս եկածը պիտի անեմ Աբրահամից վրեժս առնելու, բայց դա քիչ է, իմ մեծ հույսը քեզ վրա է: Հասկանո՞ւմ ես. խոսքս Աբրահամի զավակների մասին է: Դու կարող ես մի օր հարստանալ և անպատճառ կհարստանաս, ես այդ զգում եմ, նայելով քո աչքերին, տեսնելով քո վարք ու բարքը, քո խելքի զորությունը, քո համբերությունը, քո աչքաբացությունը: Երբ դու կմեծանաս, կզորանաս, երբ մարդիկ կսկսեն քո առաջ խոնարհվել, քեզ շողոքորթել, թող քո որդիական պարտականությունը լինի այսօրվա օրը միտդ բերել և քո հոր վրեժն առնել Աբրահամի որդիներից: Քո հարստության ուժով դու պիտի թոկ գցես նրանց վզին և խեղդես, խեղդես: Թող գոռան ցավից, թող աղաչեն, աղերսեն, բայց դու չպիտի խնայես նրանց: Դու պիտի այն օրին հասցնես նրանց, որ դռնեդուռ ման գան, մուրացկանություն անեն, և դու ծիծաղես նրանց երեսին, թքես նրանց վրա, մի քանի կոպեկ շպրտելով...

Բավական է, մարդ, մի՛ անիծիր որդուդ, — գոչեց Գյուլումը, որ ներկա էր և սարսափով էր լսում ամուսնու խոսքերը:

Դու լռիր, դա անեծք չէ, դա օրհնություն է:

Եվ նա նայեց որդու երեսին, որ գիտենա, թե ինչ տպավորություն գործեցին նրա վրա իր խոսքերը: Վարդանը լուռ էր: Ձեռները կրծքին դրած, գլուխը թեքած, նա անշարժ լսում էր հոր խոսքերը և ոչ միայն լսում, այլև նրա յուրաքանչյուր բառը դրոշմում էր մտքի մեջ: Եվ երբեք նրա դեռահաս գլուխը այնպես չէր գործել, որպես այժմ: Նա ապագայի համար դարբնում էր վրիժառության մեկը մյուսից սոսկալի մեքենաներ: Առանց հոր խոսքերի էլ նրա սիրտը լեցվել էր թունավոր կիրքով: Հրդեհված կրծքի մեջ հայրը միայն մի բուռ յուղ թափեց:

Նա չոքեց հոր առջև, բռնեց նրա ձեռքը, համբուրեց, դրեց ճակատին:

«Ես կկատարեմ քո ավանդը» — այս էր նրա համբույրի լուռ իմաստը...

Սափրիչ Պողոսի խանութը գտնվում էր Զիլզիլ քաղաքի կենտրոնում, մի կիսախարխուլ տան անկյունում: Դա մի ոչ այնքան ընդարձակ սրահ էր, պատերն անպաստառ, կիսավեր, առաստաղը թանձր մուխից սևացած, հատակը ծածկված ցեխի, մուրի և մարդկային մազերի զզվելի շաղախով: Միակ լուսամատի ապակիները վաղուց էին փշրվել, և այժմ նրանց փոխարինում էր յուղած թուղթը: Ջախջախված և տեղ-տեղ կարկատված դուռը հիշեցնում էր մուրացկանի ցնցոտին:

Այցելուների համար երեք պատերի երկայնությամբ շինված էր փայտյա միապաղաղ նստարան: Դա էր սափրատան ամբողջ կահ-կարասին, եթե չհաշվենք մի հնադարյան բազկաթոռ երկու փութ ծանրությամբ: Այդ եռանկյունի կազմող նստարանի վրա արվարձանի անգործ կամ ծույլ բնակիչները, որը ծալապատիկ նստած, որը ոտները կախած, որը կկզած, վերջապես կողքի վրա պառկած, քննում ու քննադատում էին քաղաքի խոշոր ու մանր դեպքերը սափրիչ Պողոսի մկրատի չխկչխկոցի ներդաշնակությամբ: Դա մի ինքնատիպ կլուբ էր, ուր շատ անգամ շոշափվում էին բարձր նյութերքաղաքական, պատերազմական, ավելի հաճախ՝ կրոնական: Իսկ երբ խոսելու նյութը սպառվում էր, կլուբի անդամները զվարճանում էին կատակներով, սրախոսություններով, փոխադարձ ծաղակոծությամբ, չարաճճի մանուկների պես միմյանց վրա ջուր թափելով, իրար բոթելով, կմշտելով և հըռհըռ բարձրաձայն քրքջալով:

Օրը կիրակի էր, եղանակը ցուրտ, խոնավ, անախորժ: Սափրատան մեջտեղում, աղյուսի հատակի վրա դրած «մանղալում» մխում էր ածուխը փայտի կտորների հետ, ծուխը զարնելով ներկա եղողների դեմքերին, և ոմանց աչքերից արտասուք կորզելով: Տիրում էր արտաքո կարգի աշխուժություն: Լուրը բերել էր ինքն ուստա Պողոսը: Դա վերին աստիճանի խոշոր, հետաքրքրական և միանգամայն անսպասելի ու չտեսնված նորություն էր Զիլզիլ քաղաքի համար:

Աբրահամ աղա Դալբաշյանը սնա՞նկքաղաքի աոաջին վաճառակա՞նը, ամենքի նախանձի առարկա՞ն, հարգանքի և ատելության կենտրո՞նը, հասարակության ամենամեծ սյուներից մե՞կը, վերջապես, տեղական հոգևորականության երկրորդ աստվա՞ծը: Ինչպե՞ս այդ «խելքի ծով» և զգաստության տիպար մարդը չկարողացավ տանել իր գործերը: «Ո՛չ, ո՛չ, այդ անհավատալի է, անշուշտ, մեջտեղ «մի «և» կա»:

Եվ այդ «և»-ի մասին առաջին կասկածը հայտնեց նախկին մանրավաճառ, այժմ անգործ Բունիաթը, որի ածականն էր «Հաբաշի տղա»:

Ուստա Պողոս, — դարձավ նա սափրիչին, — խոսքդ թամամցրու, տեսնենք:

Նա խորամանկ էր, զգում էր, որ Պողոսն ավելի գիտե, քան ցույց է տալիս, միայն չի կամենում բոլորը միանգամայն ասել: Ամբողջ ժողովն իր հայացքը հառեց ուստա Պողոսի բերնին: Եվ ուստան, ունկնդիրների հետաքրքրությունն ավելի գրգռելու համար, նախ հազաց, ծխից արտասվող աչքերը սրբեց, ապա դուրս բերեց գոտիից քաշ արած բազմաթիվ ածելիներից մեկն ու սկսեց սրել, քսելով մեջքին կապած կաշվե սրոցին:

Աբրահամ աղան, — արտասանեց նա վերջապես, կարելույն չափ իր բութ դեմքին խորհրդավոր լրջություն տալով, — այսօր չէ, որ կոտր է ընկնում: Մոտ մի տարի է, որ նրա ջուրը պղտորվել է, միայն շատ քչերն են, որ գիտեին այդ բանը, — ավելացրեց նա ինքնագոհ ժպիտով, որ կնշանակեր, թե մեկն էլ այդ քչերից ինքն է:

Պատճա՜ռը, պատճա՜ռն ասա, — գոչեցին այս ու այն կողմից:

Պատճա՞ռը, հըը, պատճա՞ռը: Մարդ է էլի, մեծ մարդ, ամեն մի մեծ մարդ իր կամքն ունի:

Օրինակ, ինչպե՞ս:

էհ, բան է էլի: — պատասխանեց Պողոսը, աչքի տակով խորամանկորեն նայելով նախկին մանրավաճառ Բունիաթի երեսին, որ նրա կարծիքով ամենից լավ հասկացող ժողովականն էր, — ասում են հիմա կոտր ընկնելն էլ մոդա է, ինչպես ֆոտոգենի ճրագը: Մոդան սկսվել է Թիֆլիսից ու եկել է մեր կողմերը Ղարաբաղի կողմերով: Գոհանամ զքեն, տեր, մարդ կա, որ իր մարդկությունը չի մոռանա հազար ոսկով էլ, մարդ էլ կա, որ փողի համար հոգին սադայելին կծախի...

Արտահայտելով այս խորին փիլիսոփայական միտքը, ուստա Պողոսն ածելին դրեց տոպրակի մեջ, դուրս բերեց երկրորդը և շարունակեց սրել ավելի մեծ եռանդով:

Ուստա Պողոս, խոսքիդ ջովհարն եմ հասկանում, — ասաց Բունիաթը, — մենք էլ վաճառական ենք եղել, քչից շատից խելք ունենք: Ասա, տեսնենք:

Նա վերցրեց երկաթյա խառնիչն ու մանղալի կրակը ցրեց: Ծուխը մի փոքր մեղմացավ, ուրախ կրակն ամենքին տրամադրեց զվարթ: Շերամապահ Անտոնն ամենից առաջ ըմբռնեց Պողոսի ու Բունիաթի խոսքերի բուն իմաստը:

Չլինի" թե, — ասաց նա, դառն թամբաքուի չիբուխը բերնից հանելով և բեղերի ծլլոցը սրբելով, — չլիսնի՞ թե Աբրահամ աղան ուրիշների կարողությունը տակովն է անում: Չը՜րթ, — թքեց նա ատամների արանքով մանղալի մեջ և չիբուխը նորից դրեց բերանը:

Ուստա Պողոսը ոչինչ չպատասխանեց, բայց և չհերքեց էլ շերամապահի հանդուգն ենթադրությունը: Մյուսները, բացի Բունիաթից, բողոքեցին, մանավանդ տիրացու Գալուստը: Սուտ կո՞տր, Աբրահամ աղան սուտ կո՞տր: Չէ՛: դա խելքի մոտիկ բան չէ: Աբրահամ աղան քաղաքի ամենաազնիվ վաճառականն ու ամենամաքուր մարդն է: Ահա տասներկու տարի է եկեղեցու երեսփոխ է և ինը տարի է քաղաքի դեպուտատն է: Մինչև այսօր ո՞վ է համարձակվել նրա անունին կեղտ կպցնել:

Տիրացու, — նկատեց շերամապահ Անտոնը, որ ատելով ատում էր տիրացու Գալուստին, — ինչպես տեսնում եմ, Աբրահամի դոլման ու փլավը շատ ես հավանել: Անուշ լինի, ո՞վ է ասում: Չը՜րթ, — թքեց նա դարձյալ մանղալի մեջ:

Ւհարկե, — ասաց ուստա Պողոսը, — մեզանից ո՞ր մեկը չէր խաբվի, եթե տանն ուներ մի չար սատանա: Գիշեր-ցերեկ սատանան կողքդ կբզբզե ու ականջիդ կփսփսա

«արա՛, արա՛», դու էլ կանես էլի, ի՞նչ զարմանալու բան է: «Քիի՜շ-չըը՜շ> չիի՜շ-չը՜շ», — շարունակեց նա սրել ածելին:

Ամառը որմնադիր, ձմեռն անգործ Հայրապետն իմաստուն եղանակով նկատեց, թե բարեպաշտ քրիստոնյային ոչ մի սատանա չի կարող շեղել աստծու ճանապարհից, եթե նրա մեջ չարության սերմ չկա:

Սատանա էլ կա, սատանա էլ, — հակաճառեց Բունիաթը: — Ուստա Պողոսը որ բերանը բաց արավ, իսկույն իմացա քամին որտեղից է փչում, չը՜րթ...

Աֆարի՜մ մարդ, — դոփեց նրան Պողոսը, — ուրեմն դու Աբրահամ աղայի եղբորը՝ Իսրայելին շատ լավ ես ճանաչում: Չի՜շ-չը՜շ, չի՜շ-չը՜շ:

Իսրայելի անունն ընդհանուր ատելություն և նողկանք շարժեց: Այդ տակավին երիտասարդ վաճառականը քաղաքի պահպանողականների աչքում վարկ չուներ իր նորմալության շնորհիվ: Ամեն տարի նա Մոսկվայից կամ Նիժնի-Նովգորոդից մի որևէ նորություն էր բերում: Այս անգամ նա այնտեղից վերադարձել էր բեղերը կռտած և արխալուղի փոխարեն օձլած շապիկ, ու կարճ բաճկոն հագած: Բավական չէր այդ, նա իր կնոջն էլ ստիպել էր տեղական հագուստի փոխարեն հագնել ռուսի «սարաֆան» և երեսը բաց փողոց դուրս գալ, այսպիսով մոլորեցնելով ուրիշների կանանց էլ:

Ա՜յ, աղա դու ես, հենց այդ լիրբ Իսրայելն է ամեն բան սարքողը, — վստահացավ, վերջապես, ասել ուստա Պողոսը, — թե չէ ինքն Աբրահամ աղան օրինավոր մարդ է: Չը՜շ-չի՜շ, չը՜շ-չի՜շ...

Բերանդ օրհնվի, ասա պրծիր էլի, — գոչեց Անտոնը: — Չը՜րթ, ումի փողերն է տակովն անում:

Մառոզովի...

Ամոթ չլինի հարցնելը, գումա՞րը, — հետաքրքրվեց նախկին մանրավաճառ և այժմ անգործ Բունիաթը...

Վաթսուն հազար մանեթ... Չի՜շ-չը՜շ, չի՜շ-չը՜շ: Ամբողջ ժողովարանն արձակեց մի ձայն, որ նման էր ագռավների կռիչքին:

Բա՜հ, բա՜հ, աֆարիմ մարդ, աֆարի՜մ, — գոչեց Բունիաթը որպես թե հեգնաբար, բայց հոգու խորքում նախանձելով Աբրահամին:

Մենակ Մառոզովը չէ վնասվողը, մեկն էլ մերոնցից է, — շարունակեց ուստա Պողոսը, ավելի լարելով ունկնդիրների հետաքրքրությունը:

Ո՞վ է, ո՞վ, — հարցրին ամենքը միաբերան:

Աթանեսը, չի՜շ-չը՜շ, չի՜շ-շը՜շ:

Չը՜ րթ... խոզ Աթանե՞սը:

Նա ինքը:

Ամբողջ ժողովարանում չգտնվեց մեկը, որ, այդ մարդու անունը լսելով, կարեկցություն արտահայտեր: Ընդհակառակը, ոմանք նույնիսկ ուրախացան առանց թաքցնելու իրենց ուրախությունը: Աթանեսը մի անխեր մարդ է, ոչ ոք մինչև օրս նրա տանը մի բաժակ թեյ չի խմել, ոչ ոքի մինչև օրս մի կոպեկի լավություն չի արել: Տնից խանութ է գնում, խանութից տուն, մինչև անգամ եկեղեցի էլ չի գալիս: Նա միայն մի բան գիտիհայհոյել ու հայհոյել:

Ժողովը տրամադիր էր Աթանեսին ավելի պարսավելու, բայց հանկարծ հևալով ու շնչասպառ ներս մտավ Վարդանը: Ամենքը լռեցին:

Ուստա Պողոս, հայրս քեզ կանչում է, — ասաց Վարդանը:

Ի՞նչ է պատահել, որդի:

Հիվանդացել է, արյուն պիտի առնել:

Խե՜ղճ մարդ, խե՜ղճ մարդ, — գոչեց ամբողջ ժողովարանը, մեկը մյուսի ետևից:

Պողոսը շտապով ժողովեց ինչ որ հարկավոր էր, դրեց կռնատակը ու Վարդանի հետ դուրս գնաց:

Տիրացու, — ասաց Անտոնը, — քացախ խմիր, որ ախորժակդ բացվի, քեզ համար հոգեճաշ է պատրաստվում:

Ուստա Պողոսը Աթանեսին գտավ անկողնու մեջ: Պատահել էր հետևյալը: Մի ժամ առաջ թշվառ մարդը գնում է Աբրահամի վերջնական խոսքն իմանալու և, շատ չանցած, վերադառնում է խելագար վագրի պես: Վերցնում է իր ժանգոտված դաշույնը, ուզում է գնալ Աբրահամին սպնելու: Գյուլումը փորձում է նրան թույլ չտալ գնալու: Աթանեսը հրում է նրան, գցում է գետնին ու դուրս է վազում: Դռների մոտ մարդու ձեռները թուլանում են, գլուխը թեքվում է կրծքին, դաշույնը ձեռքից ընկնում է: Նա թավալվում է և սկսում խռխռալ ընկնավորի պես: Գյուլումը շտապում է պատռել արխալուղի օձիքը ու երեսին ջուր սրսկել: Ոչինչ չի օգնում: Մայր ու որդի, Օսմանի օգնությամբ մարդուն պառկեցնում են անկողին, և ահա կես ժամ է պառկած է մեջքի

վրա, անիմաստ աչքերն առաստաղին հառած չի խոսում, չի շարժվում, չի հառաչում անգամ:

Ուստա Պողոսն անմիջապես սկսեց գործադրել իր գիտությունը: Նախ և առաջ նա Օսմանի օգնությամբ հիվանդին շուռ տվեց երեսի վրա ու մեջքը բաց արավ: Բամբակը թաթախելով սպիրտի մեջ, վառեց և, պահելով թիկունքների մեջտեղում, կավե բաժակը գլխիվայր դրեց վրեն: Կատարելով այս գործողությունը մի քանի անգամ հիվանդի մեջքի զանազան կողմերում, նա վերցրեց ածելին և սկսեց անխնա կտրատել ուռուցքները: Հետո հիվանդին շուռ տվեց, կողքի վրա և նրա կոկորդին կպցրեց տասնուհինգ տզրուկներ և թույլ տվեց, որ ծծեն Աթանեսի հիսնամյա արյունը: Քառորդ ժամում տզրուկները այնքան կշտացան, որ ուռան, կլորացան ու մեկիկ-մեկիկ պոկվելով, հասուն խարթութի պես, գլորվեցին հիվանդի թավամազ կրծքի վրա:

Հիվանդն իր հայացքը դարձրեց դեպի կինը: Եվ այդ հայացքը արտահայտեց այնպիսի խորը տանջանք, որ Գյուլումի սիրտն սկսեց մորմոքվել: Պարզ էր, որ թշվառն զգում էր իր վիճակի վտանգավորությունը ու ավելի տանջվում, որ անկարող է զգացածն ու ցանկացածն արտահայտել:

Գյուլումը նայում էր ամուսնուն դառը վշտակցությամբ և գլուխն անզոր երերում: Քսան տարի կենակցել էր այդ մարդու հետ, քսան տարի շարունակ գտնվել էր նրա պողպատյա բռնակալության տակ, որպես վաճառված ստրկուհի, ճանաչել էր միայն և միայն նրա կամքը, հպատակվել էր միայն և միայն նրա եսին, միշտ աշխատելով խեղդել իր մեջ իր կամքը, իր ցանկությունները, իր միտքն ու հոգին: Եվ ահա այժմ, երբ հարկավոր էր փոքր ի շատե ինքնուրույնություն, ինքն իրեն կորցրել էր և շվարած նայում էր բռնակալի երեսին, դարձյալ նրա բերնից սպասելով հրամաններ: Երբեք նա բախտավոր չէր եղել այդ մարդու հետ, երբեք, նույնիսկ առաջին ամիսներին իր ամուսնության, բայց և երբեք չէր երևակայել, թե կարող է բախտավորվել, նրանից զրկվելով: Երկար տարիների կենակցությամբ ամրացած սովորույթը նրա մեջ բռնել էր ամուսնական սիրո կամ հարգանքի զգացման տեղը: Եվ նա տանջվելով ու տառապելով հանդերձ բռնակալի ձեռքում, զգում էր իր հոգին ու սիրտը նրա հոգու ու սրտի հետ ձուլված ու միացած մինչև գերեզման:

Ի՞նչ ես ուզում, մարդ, ասա՛, — կրկնում էր նա կսկծալի եղանակով, ճիգ անելով զսպել իր հեկեկանքը, որ երկաթյա ունելիքի պես սեղմում էր նրա կոկորդը:

Եվ ոչ մի պատասխան բռնակալի փակ ու անշարժ շրթունքներից: Նա քարացած հայացքով նայում էր մերթ կնոջը, մերթ որդուն, կարծես պահանջելով, որ իրենք տան իրենց հարցերի պատասխանը: Կար ինչ-որ սոսկալի բան այդ նայվածքի մեջ, որ սառցնում էր արյունը Գյուլումի երակներում:

Ուստա Պողոսը գործադրեց իր վերջին կտրողական միջոցը, որից դենը չէր անցնում նրա հնարագիտությունը: Նա Օսմանին հրամայեց մորթել մի սև հավ, փորոտիքը թաղել հողում ու մարմինը առանց փետրելու բերել: Լեզգին իսկույն կատարեց նրա հրամանը: Պողոսը հավը բաց արավ և փորի կողմով դրեց հիվանդի կրծքի վրա: Սև հավը պիտի դուրս մղեր անհայտ ցավն այն խորհրդավոր զորությամբ, որ պարգևել էր նրան դարերի գռեհկությունն ու սնահավատությունը:

Ներս մտավ Մարիամն իր ամուսնու ուղեկցությամբ և, գլխի շալը մի կողմ շպրտելով, հարձակվեց հոր վրա: Արդեն դռներին չհասած նա սկսել էր բարձրաձայն լալ, ձեռները կրծքին զարնելով, որպես արտահայտություն բարձրագույն վշտի: Մի ծանր, երկարատև հառաչանք թռավ հիվանդի անսահման տանջվող կրծքից: Այսպես, ուրեմն, նա մեռնում է: Մի՞թե: Մեռնում է, չկարողանալով մի բառ անգամ արտասանել այն ժամանակ, երբ նա դեռ չի ասել իր վերջին խոսքը: Եվ հանկարծ նա արտասվեց, թույլ, խուլ և կցկտուր հեծկլտանքով:

Թողեք, թողեք լաց լինի, դա լավ նշան է, — ասաց Մարիամի ամուսինը, Ստեփան Փորսողյանը:

Նա բողոքեց ուստա Պողոսի գործադրած միջոցների դեմ: Այն օրից, երբ նա դեն էր ձգել ասիական քոշերն ու հագել էր եվրոպական կոշիկներ, յուրացրել էր կիսակիրթ քաղաքցու այն հավակնությունը, որ ավելի հակակրելի է, քան լիակատար գռեհկությունը:

Նա ասաց.

Մարդուն գցել եք, տավարի պես մորթել, կարծում եք դրանով կառողջացնե՞ք: Ժամանակ է դեն շպրտել այդ նշտարն ու ածելին, այդ տզրուկներնու ու սև հավերը: Բաց արեք աչքներդ, խեղճե՛ր աշխարհ ման եկեք, բան տեսեք: Բժիշկներ են դուրս եկել, որ գերեզմանից մեռելին դուրս են բերում, ոտքի կանգնեցնում, կյանք տալիս: Գիտություն է հարկավոր, ուսում, թե չէ... դալլա՜ք: Հըը, ի՞նչ ես երեսիս մտիկ անում, ուստա Պողոս, ասածս, քեֆիդ դիպչում է, հաա՞: Տնաքանդ, մարդուց երկու ոչխարի արյունս ես քամել, նա ոտքի կկանգնի՞: Ես իսկույն կգնամ, բժիշկ կբերեմ:

Ամբողջ օրը Աթանեսը մնաց միևնույն դրության մեջ և նույ դիրքում, — կողքի վրա անշարժ ձգված, ինչպես բունից սղոցված ծառ: Ոչինչ փոփոխություն, ոչ դեպի լավը, ոչ դեպի վատը, նույն սեղմված շուրթերը, նույն արյունալի աչքերը, նույն խուլ տանջանքը դեմքի վրա:

Իրիկնադեմին Ստեփան Փորսողյանը ներս մտավ Զիլզիլ քաղաքի միակ բժշկի հետ: Դա մի ծեր ու խուլ մարդ էր: Վաղեմի գիտության աղքատիկ պաշարը նրա ալեզարդ գլխում չորացել էր այնչափ, որչափ արյունն էր պաղել երակներում: Հարկավոր եղավ բավական երկար ժամանակ և մեծ ջանք Աթանեսի հանկարծակի հիվանդությունը և գործադրած միջոցները նրան բացատրելու համար: Այս բանը մանավանդ դժվար էր Ստեփանի համար, որ գործ էր ածում այնպիսի բառեր, որոնց զուր կլիներ փնտրել ռուս բառագրքի մեջ: Բժիշկը ոչինչ չհասկացավ և որովհետև չհասկացավ, ուստի դեղատոմս գրեց ու հեռացավ:

Հիվանդի գլխի մի կողմում նստած էր Գյուլումը, մյուս կողմում Մարիամը, երկուսն էլ ձեռները ծոցերին դրած: Մերթ ընդ մերթ Գյուլումը հառաչում էր կամ շալի ծայրով շարունակ հոսող արցունքը սրբում: Նա ոչինչ չգիտեր անել, բացի հառաչելուց, արտասվելուց, տանջվելուց, վասնզի միայն այդ բանում նրանից չէր պահանջվում կամքի ուժ: Համեմատաբար ավելի եռանդ էր ցույց տալիս Մարիամը: Նա փոխում էր հիվանդի կրծքի կոմպրեսը և յուրաքանչյուր ժամ ճշտությամբ դեղը գդալով ածում նրա բերանը, դժվարությամբ բանալով սեղմված շրթունքները: Մերթ ընդ մերթ ուղղում էր հիվանդի բարձը, վերմակը, կարծելով կամ ցույց տալով, թե դրանով թեթևացնում է նրա դրությունը: Նա ձգտում էր թշվառի աչքերի մեջ կարդալ նրա ցանկությունը և իզո՜ւր: Միևնույն ժամանակ, աշխատում էր հանգստացնել մորը, ոչինչ, կանցնի, կառողջանա: Գյուլումը թերահավատությամբ շարժում էր գլուխը. Նա երեխա՞ է, չգիտե՞, խելք չունի՞, մարդու լեզուն կապվել է, «դամլա» է:

Երեկոյան, վերջապես համարձակվեցին այցելության գալ Գյուլումի քույրերն իրենց ամուսինների հետ, նաև հարևաններից ոմանք և անօգուտ հարցերով ու կեղծ ախ ու վախերով կրկնապատկեցին Գյուլումի տառապանքը: Մեկը մինչև անգամ անքաղաքավարություն ունեցավ հետաքրքրվելու Աթանեսի ունեցած կարողությամբ. Արդյոք նրա մահից հետո, այրին ու որբը մի բան կժառանգե՞ն: Տեր աստված, Գյուլումը ոչինչ չգիտե, թողեք լուռ արտասվի ու տանջվի, նա միայն այս կարող է անել:

Դրացի կանանցից մեկը պնդում էր, թե Աթանեսին չար ոգիներն են կապկպել, հարկավոր է կախարդ կանչել, միայն նա կարող է բուժել թշվառին:

Այս առաջարկությունը շարժեց ներկա եղողներից միայն մեկի ծիծաղը: Դա Գյուլումի կրտսեր քրոջ` Զառիկի ամուսինն էրԴավիթ Դանիելյանը, մի վերին աստիճանի ջերմեռանդ լյութերական:

Քույր Շուշան, — ասաց նա չար ոգիների մասին խոսողին, — մեղք ես գործում, մեծ մեղք: Մեր ամենքի կյանքն ու մահը Հիսուսի ձեռքին է: Աղոթք արա, քույր Գյուլում, մենք ամենքս միայն աղոթքով կարող ենք փրկվել: «Տեր, օրհնիր մեզ», — աղոթեց նա ինքը, ձեռները իրարու կցելով, գլուխը թեքելով դեպի ուսը և աչքերը վեր ուղղելով, — «տեր, ներիր Աթանես եղբոր մեղքերը»:

Ապա դառնալով հիվանդին, ավելացրեց.

Եղբայր Աթանես, աղոթք արա մտքումդ, — Եհովան հայր Աբրահամի հավատը փորձեց, հետո որդու զոհը չընդունեց, Հովբ երանելին մինչև վերջը դիմացավ, եղբայր Աթանես, դու էլ դիմացիր, Իսրայելի և Հակոբի աստվածը Հիսուսի զորությամբ քեզ կօգնի, աղոթք արա...

Եվ ի՞նչ հրաշք: Հիվանդը, որ մինչև այդ վայրկյան լուռ էր, անշարժ, հանկարծ ցնցվեց, այլափոխվեց, աչքերը դարձրեց դեպի մոլեռանդ լյութերականը, նայեց երեսին սուր, երկար հայացքով և արտասանեց.

Ձայնդ կտրի՛ր, փարիսեցի:

Ոչ մի ազգականի նա այդքան չէր ատել, որքան Դավիթ Դանիելյանին. նա միշտ ասում էր, թե մի մարդ, որ դավաճանել է պապերի հավատին, կարող է հարազատ եղբորն անգամ ծախել փողի համար: Նա առհասարակ բողոքականությունը համարում էր անհավատություն և նա չէր քաշվում նույնիսկ շուկայում դեմառդեմ հայհոյել կրոնափոխներին:

Հիվանդի լեզվի անսպասելի բացվելն առաջացրեց իրարանցում: Մարիամն ուրախությունից ճչաց ու ոտքի կանգնեց: Գյուլումը հետևեց նրա օրինակին: Վարդանը սենյակի անկյունից վազեց մոտեցավ հոր անկողնին և աչքերը հառեց նրա երեսին: Հյուրերն ապշած միմյանց նայեցին: Միայն Դավիթ Դանիելյանը չշփոթվեց: Նա շարունակ արտասանում էր. «Հիսուս, սիրելի Հիսուս, օրհնյալ լինի քո զորությունը»:

Դուրս արեք անհավատին, դո՜ւրս, — գոռաց հիվանդը, որի աչքերը նմանվում էին արյունով լի պնակների:

Աթանես եղբայր, մեղք մի՛ գործիլ, — ասաց լյութերականը, — աղոթք արա, հիշի Հովբ երանելուն, նրա երեսը փտեց, բերանը որդերով լեցվեց, միսը թափվեց մարմնի վրայից, բայց նա էլի աղոթք էր անում, էլի օրհնում էր աստծուն: Տանջվիր, բայց աղոթք արա, հոգիդ դրախտ կգնա, Եհովայի գոգը, աղոթք արա...

Դարձյալ հրա՜շք, հիվանդը զարմանալի արագությամբ գլուխը բարձրացրեց, նստեց անկողնի մեջ: Այժմ նրա այտերը կապտել էին, կոկորդի երակները դուրս ցցվել երկաթի լարերի պես: Նրա լեզվի կապանքը խորտակվեց: Անեծքների ու հայհոյանքների մի հոսանք դուրս ժայթքեց նրա բերնից: Եվ ի՜նչ հայհոյանքներ: Ներկելով ոտքից մինչև գլուխ ատեցյալ կրոնափոխին, նա դարձավ մյուս հյուրերին, տվեց յուրաքանչյուրին պատշաճավոր ածական, հիշեց նրանց հայրերին, պապերին, չմոռանալով ազգականներին, ազգականուհիներին: Մի քանի վայրկյան կանգ առավ և հետո իր ամենաինքնատիպ, ամենակատաղի հիշոցներն ուղղեց Աբրահամին, նրա ընտանիքին և ամբողջ տոհմին: Նրա գրգիռն հասավ իր զենիթին, շունչը սպառվեց, կոկորդն սկսեց արձակել ինչ-որ գազանային մռնչյուններ, բերանը փրփրեց, երեսը կապտեց լեղակի պես, և նա, որպես գնդակահար, ընկավ մեջքի վրա...

Տե՛ր, ների ր այս մարդուն, — ասաց Դավիթ Դանիելյանը:

Ա կնիկ, մարդը մեռնում է, տերտեր կանչել տո՛ւր, — ասացին փորձառու կանայք:

Գդակը վերցնելով, Վարդանը դուրս վազեց:

Գիշերը ցուրտ էր և շատ մութ: Մի այլ դեպքում Վարդանը ոչ մի կերպ չէր համաձայնվի մենակ փողոց դուրս գալ: Այս անգամ նա չվախեցավ:

Ահա յոթ-ութ ժամ է նրա հոգին տառապում է ու սիրտը հեծում տեղի ունեցող դեպքի ծանրության ներքո: Այդպես, ուրեմն, նրա հայրը մահանում է. նա մնում է որբ, անպաշտպան: Աբրահամ աղան կեղծ բարեկամությամբ մոլորեցրեց աշխարհ չտեսած, մարդիկ չճանաչած միամիտ ծերունուն, առավ նրա փողերն ու կլանեց: Կերավ և Վարդանի փողերը, որոնց այնքան սիրել ու փայփայել և որոնց վրա այնքան հույսեր էր դրել: Դեռ մի քանի օր առաջ նա իր մտքում պես-պես ծրագրներ էր հորինում իր փոքրիկ դրամագլուխը կրկնապատկելու, եռապատկելու, տասնապատկելու համար: Եվ հանկարծ օդն են ցնդում նրա երազները: իսկ մա՞յրը, այդ թույլ, անկամք էակն յուր անզոր հառաչանքներով, իր կսկծալի ախ ու վախով ու արցունքներով ավելի է զորացնում նրա սրտի դառնությունը: Իր ամուսնո մահից հետո այդ կինն ընկնելու է որդու վզին, ինչպես մի ծանր, անտանելի լուծ: Արի ինքդ ապրիր, նրան կերակրիր և քեզ համար ապագա վաստակիր: Ահ, մայրե՜ր, մայրե՜ր, ինչի՞եք դուք պետք այն օրից հետո, երբ ծնել, սնել ու մեծացրել եք ձեր զավակներին: Ուրիշ ոչինչ, եթե ոչ նրանց հոգսերն ավելի բարդացնելու և կյանքն ավելի դժվարացնելու համար:

Այս վերջին միտքը Վարդանի գլխով անցավ վայրկյանաբար, որպես կայծակ: Նա կանգ առավ նրա վրա և աշխատեց վանել իր գլխից, նման ոճրագործին, որ խուսափում է ոճիրի երևույթից:

Դեռահաս, բայց արդեն բավական կարծրացած կրծքի տակ բարձրացել էր անսովոր փոթորիկ, վառպատանեկան, բայց արդեն բավական պիրկացած սիրտն ալեկոծվում էր: Նա մտածեց վրիժառության մասին և եղավ վայրկյան, երբ նա երկու ձեռներով ճանկեց գլխի մազերն ու ձգձգեց ամբողջ ուժով: Կարծես, այդ խիտ ու ձիու բաշի չափ կոշտ մազերի մեջ էր նստած Աբրահամն իր բոլոր մերձավորներով, իր նախնիքներով, իր ներկա և ապագա սերունդներով:

Հազիվ նա փողոց էր դուրս եկել, լսեց իր անունը: Դարպասի հետևից, թանձր մառախուղի միջից հայտնվեց մի նիհար կերպարանք:

Ես եմ, մի վախենար, — լսվեց մի պատանեկան մեղմ ձայն: Ձեռները ցրտից կռնատակներին դրած, ամբողշ մարմնով դողալով, Մինասը մոտեցավ Վարդանին:

Հայրդ ինչպե՞ս է, — հարցրեց նա:

Մեռնում է:

Մինասը մի ցավակցական ճիչ արձակելով, մի քայլ հետ կանգնեց: Խավարի մեջ մահվան լուրը նրան թվաց սարսափելի: Նա անկեղծորեն վշտացավ:

Օօ՜, դու մենակ կվախենաս, — ասաց նա կարեկցությամբ, — ես քեզ հետ կգամ տերտերի մոտ: Գիտես, մի ժամ կլինի կանգնած էի դարպասի մոտ, սպասում էի մի դուրս եկողի, որ հորդ դրության մասին հարցնեմ: Հայրս է ինձ ուղարկել:

Ինչո՞ւ ներս չմտար:

Վախենում էի, որ Օսմանը չթողնի: Ախ, ինչի՞ց է մեռնում հայրդ:

Սպանեցին, — պատասխանեց Վարդանը:

Սպանեցի՞ն: Ինչ ես ասում, ո՞վ: — Աբրահամ աղան:

Եվ Վարդանը պատմեց եղելությունը: Պատմեց, անխիղճ կողոպտիչին հայհոյելով այն հիշոցներով, որ հորից էր լսել մի քանի րոպե առաջ:

Մի , մի հայհոյի, — գոչեց Մինասը, — հայհոյանքը մեղք է: Դու սուս արա, աստված ինքը կպատժի Աբրահամ աղային:

Դու էլ թող է, աստված, աստված, եթե նա պատժող է, թող հենց հիմա, այս րոպեիս պատժի, որ սիրտս հովանա:

Գողերը, մարդասպանները, ավազակները, ուրիշներին կողոպտողները մյուս կյանքումն են պատժվում:

Տերտեր-վարդապետի պես ես խոսում: Մյուս կյանքս ո՞րն է, չեմ ուզում քո մյուս կյանքը: Թող այս աշխարհում լավ ապրեմ, հետո ուր ուզում են տանեն, գցեն հոգիս:

Բա՜ա, — բացականչեց Մինասը, ապշելով, — այս ինչե՜ր ես ասում, Վարդան, աստված քեզ կպատժի, մեղա եկ...

Դու հիմար ես, Մինաս, — արտասանեց Վարդանն արհամարհանքով, — հայրդ գլուխդ լցրել է ավետարանով ու աստվածաշնչով, խելքիդ համար տեղ չի թողել:

Այդ պահին նրանք անցնում էին Աբրահամ աղայի տան մոտով: Վարդանը մի քանի վայրկյան կանգ առավ, նայեց լուսամուտներին, որոնց միջով փողոց էր սփռվել նորամուծ ֆոտոգենի լամպարների լույսը: Դա երկու հարկանի մի շինություն էր՝ նորակառույց: Ստորին հարկի լուսամուտները փոքր էին և երկաթե ցանցերով պաշտպանված, վերին լուսամուտները առանց ցանցերի էին և ներսի կողմից չվարագուրված:

Աբրահամն ուներ երեք որդի ու երկու աղջիկ: Մեծ աղջիկն ամուսնացել էր մի տարի առաջ, փոքրը դեռ տանն էր: Ավագ որդին՝ Արշակը, վաղուց տեղական ռուս դպրոցն ավարտել էր և, այժմ օգնում էր հորը առևտրական գործերում, երկրորդը Դանիելն էր, նա, որ ուսումնարանում ասաց Վարդանին, թե երջանիկ հրեայի անունը Ուռշիդ չէ, այլ Ռոդշիլդ, երրորդ որդին, Սամվելը տասը տարեկան մանուկ էր:

Նայելով լուսամուտներին, Վարդանը երևակայեց ամբողջ ընտանիքը սեղանի շուրջը նստած հանգիստ ընթրելիս: Նրա ոխը գրգռվեց, մանավանդ դեպի իր հասակակիցները: Նրա գլխում ծագեց մի չար միտքվրիժառության մի սոսկալի միջոց: Ուշ գիշերին կոտրել ներքին հարկի լուսամուտները, թափել ներս ֆոտոգեն և վառել: Անշուշտ, այնտեղ է դարսված Մառոզովի մանուֆակտուրային ապրանքը: Քանի մի րոպեում կրակը կգրավի ամբարանոցը, հետո կանցնի վերին հարկը տնեցիների քնած պահին, և Աբրահամ աղան կայրվի իր ամբողջ ընտանիքի ու ամբողջ հարստության հետ: Եվ ոչ միայն նա, այլև Իսրայելն իր ընտանիքով, որ բնակվում է տան ներսի կողմում: Ի՜նչ հիանալի միտք: Բայց ո՞վ կարող է իրագործել այդ միտքը: Ի՞նքը, Վարդա՞նը: 0, ոչ, վտանգավոր է: Գուցե Օսմա՞նը: Ոչ, նա հիմար լեզգի է, բացի դաշույնից վրիժառության ուրիշ գործիք չի ճանաչում:

Ախ, որտե՞ղ է Մկիչը, — շշնջաց Վարդանը շարունակելով մտածել լսելի ձայնով, — նա անվախ տղա է, նա ճարպիկ է, կարող է անել:

Ի՞նչ անել, ի՞նչ ես խոսում, Վարդան, — հարցրեց Մինասը զարմացած, — գնանք, ինչո՞ւ կանգնեցիր, հայրդ կարող է մեռնել առանց սուրբ հաղորդության:

Կորիր, դու լավ ընկեր չես, վախկոտ ես:

Նա շարունակեց ուղին, բայց մի քանի քայլ անցած դարձյալ կանգ առավ: Թեքվեց և գետնից վերցրեց մի բռունցքաչափ քար, և առաջարկելով Մինասին, ասաց.

Վերցրու, Մինաս, դու ինձնից լավ քար գցող ես, փորձիր, կարո՞ղ ես այն մեջտեղի լուսամուտին խփել:

Ինչո՞ւ խփեմ:

Հենց այնպես, խնդրում եմ:

Ոչ, լավ չէ, ներսում մարդիկ կան, քարը կդիպչի նրանց:

Դու մարդ չես, մարդ, — գոչեց Վարդանը զայրացած և ամբողջ ուժով քարը նետեց դեպի վերին լուսամուտներից մեկը:

Լսվեց փշրվող ապակիների շառաչյունը, որ փողոցի ամայության մեջ առանձին ուժգնություն ուներ: Վարդանը սարսափահար փախավ առանց հետ նայելու:

Այդ ի՞նչ արիր, — գոչեց Մինասը, հազիվ նրան հասնելով, — դե լավ, էլ մի՛ վազիր, հետևող չկա:

Տեր-Համբարձումը ստիպված եղավ գինու մեջ թաթխած նշխարը Աթանեսի բերանն ուժով մտցնել: Ժայթքելով կատաղի հայհոյանքների բուռը հոսանքը, հիվանդը նորից զրկվել էր խոսելու ընդունակությունից և մինչև վերջին շունչը այլևս ոչ մի բառ չարտասանեց ...

Գյուլումն այրի է, Վարդանը որբ, խանութն անտեր: Այժմ, երբ մարդն իր հաշիվները վերջացրել է անցավոր կյանքի հետ, բոլորը ցավակցում են նրա կնոջն ու որդուն: Այժմ նույնիսկ ինքը Աթանեսը վատ մարդ չի թվում: Ճշմարիտ է, անօգուտ մարդ էր, բայց ո՞վ է նրանից մի վնաս տեսել:

Այսպես էր դատում Զիլզիլ քաղաքի հասարակական կարծիքը, որի գլխավոր բերանն էր ուստա Պողոսի սափրատունը: Այժմ այնտեղ անխնա դատապարտում էին Աբրահամ աղային, մանավանդ նրա «պրտկերես» եղբորը, Իսրայելին: Անխիղճ մարդիկ, կլանեցիք ուրիշի արյուն-քրտինքով վաստակած փողերը, իրան էլ գերեզման մտցրիք և այժմ ինքներդ ապրում եք հանգիստ, բախտավոր:

Բայց հասարակական կարծիքը սափրիչ Պողոսի արհեստանոցում չարաչար սխալվում էր: Աբրահամ աղան հանգիստ ապրելու բախտից տակավին շատ հեռու էր: Նա իր հաշիվները չէր վերջացրել Մառոզովի հետ: Նա վախենում էր, որ պարտատերը դատ կբանա Դալբաշյան եղբայրների դեմ, և հանդիմանում էր Իսրայելին, թե ինչու իրեն մոլորեցրեց և փորձանքի մեջ, ձգեց:

Следующая страница