Շիրվանզադե Ալեքսանդր՝   Վարդան Ահրումյան

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 Следующая Конец

Վերջին բառերն արտասանելով, Դանիելն իր խոշոր աչքերը իր տարիքին ոչ համապատասխան լայն ճակատի տակից հառեց ավագ եղբոր նիհար, նեղ ու երկայնաձև երեսին, որ գիտնա ինչ տպավորություն գործեցին նրա վրա: Արշակը, իր երկայն մատներով, հետ մղելով նեղ ճակատի վրա թափված նուրբ ու բարակ մազերը, ծիծաղեց, ցույց տալով իր երկայն ու խոշոր ատամները, որոնք նրա ցցուն դեմքին ձիու տեսք էին տալիս:

Հիմար ես, ահա թե ինչ, — ասաց նա, ուղղելով մեջքը, որ նիհարության և հասակի բարձրության պատճառով մի քիչ կոր էր, — երազը միայն պառավ կանանց կարող է վախեցնել: Բայց թողնենք այդ հիմարությունները: Ասա խնդրեմ, ինչո՞վ ես ուզում պարապել, քանի որ վաճառականությունից զզվում ես:

Չգիտեմ, չեմ կարող ասել, առայժմ այսքանն իմացիր, որ վաղվանից այլևս խանութ չեմ գալու:

Ահա թե ինչ, — գոչեց Արշակը, ավելի ու ավելի զայրանալով, — ուրեմն դու վճռել ես ձրիակեր դառնալ, այո՞: Ուզում ես շլնքիս նստել, այո՞, ուզում ես, որ ես աշխատեմ, դու լափես, հե՞... Եթե այդպես է, այսօրվանից դու այլևս իմ եղբայրը չես, գնա, կորի ուր ուզում ես:

Մի կատաղի, առանց այն էլ գնալու եմ:

Բայց ո՞ւր, ո՞ւր...

Չգիտեմ, երևի մի օր կգիտենաս, — արտասանեց Դանիելը իր տարիքին ոչ համապատասխան սառնասրտությամբ և անցավ առանձին սենյակը, ուր նա տեղավորվել էր իր կրտսեր եղբոր, Սամվելի հետ:

Այն բոլորն, ինչ որ նա ասաց այդ կարճ վիճաբանության ընթացքում, կատարյալ նորություն էր Արշակի համար և միանգամայն անսպասելի նորություն: Մինչև այդ երեկո նա բնավ չէր հետաքրքրվել Դանիելի տրամադրությամբ և առհասարակ չէր զբաղվել նրա հոգեբանությամբ: Նա ենթադրել էր, որ Դանիելն իր հոր կեղծ սնանկության վերաբերմամբ ավելի ներողամիտ է, քան ինքը, կամ կատարյալ հավանություն է տալիս նրան: Այժմ տեսնում էր, որ Դանիելը պարզապես պարսավում է իր հոր արարքը և այն էլ պարսավում է ոչ նրա նյութական արդյունքի փոքրության պատճառով, այլ ուղղակի բարոյական տեսակետից: Անհատական աշխարհայեցողությունների այդ խստորոշ տարբերությունը նորություն լինելով հանդերձ նվաստացուցիչ էր Արշակի համար: Եվ նա զգաց այս բանն ու ինքն իրան խոստովանեց: Հարկավոր էր մի տեսակ արդարացում իր համար, մի տեսակ հանգստություն հոգու խորքում վայրկենաբար առկայծյալ խղճի համար: Եվ նա գտավ այդ հանգստությունը, ինքն իրան ասելով. «Դանիելը պատանի է, նրա գլուխը դեռ տհաս է, կմեծանա, նա էլ ինձ պես կմտածե»:

Մի քանի օր անցած Դանիելը տնից փախավ, անհայտացավ: Մի շաբաթ նրան փնտրեցին, չգտան:

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 Следующая Конец