Մուրացան՝   Անդրեաս Երեց

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last

ԱՆԴՐԵԱՍ ԵՐԵՑ

ՊԱՏՄԱԿԱՆ ՎԻՊԱԿ

1601-1617

ՆԱԽԱԴՐՈԻԹՅՈԻՆ

Տասնևվեցերորդ դարու առաջին քառորդին Հայաստանի վրա ծանրացող թշվառությունները հասել էին իրենց գագաթնակետին: Պատճառը պարսից և օսմանցվոց անընդհատ պատերազմներն Էին, որոնց թատր էր դարձել մեր անբախտ աշխարհը:

1596 թվականին պարսից Շահաբաս Ա. թագավորը, որ նոր էր յուր Խուդաբանդ հոր գահը ժառանգել, տակավին անզոր լինելով և, մանավանդ թե, օսմանցիներից վախենալով, ոչ միայն հետամուտ չեղավ նրանց` յուր հորից հափշտակված` Հայաստանի այն նահանգները ետ տանելու, որոնք իրեն էին պատկանում, այլև պատանդներ տալով հաշտություն խոսեց սուլթան Մուրադի հետ: Եվ այսպիսով 16-րդ դարու վերջին քառորդին Հայաստանը գրեթե ամբողջապես անցավ օսմանցվոց ձեռքը:

Օսմանցի կուսակալները ազատ զգալով իրենց պարսից կողմից գալիք վտանգներից, սկսան ծանր և անտանելի հարկերով նեղել և տանջել հայ ժողովուրդը, որն արդեն բազմամյա հարստահարություններից վերջին աղքատության էր հասել: Նույնպիսի ծանր հարկերի ենթարկեցին նրանք նաև Էջմիածնի կաթողիկոսական աթոռը, որ նույնպես խեղճ վիճակումն էր:

Առաքել կաթողիկոսը, որ ազգի ցավերին ի սրտե կարեկցող և Աթոռի համար կարի հոգատար մի հովիվ էր, շատ ջանք գործ դրավ ժողովրդի և Էջմիածնի վրա ծանրացող հարկերը փոքր ի շատե թեթևացնելու, բայց երբ տեսավ թե յուր ջանքերն ի դերև են ելնում և թե այդ հարկերից առաջացած Աթոռի պարտքերը գնալով ծանրանում են, և, մանավանդ թե, ժամանակի դառնության դիմադրելու չափ ուժ պակասում է իրեն, երկու տարի կաթողիկոսություն անելուց հետո հրաժարվեց գահից և Դավիթ Էջմիածնեցուն կաթողիկոս ձեռնադրելով՝ Աթոռը հանձնեց նրան և ինքը քաշվեց մի վանք, յուր ազգի ցավերը լռության մեջ ողբալու:

Դավիթ կաթողիկոսը յուր նախորդից ավելի զորեղ չգտնվեցավ: Օսմանացի կուսակալները նոր կաթողիկոսի համար ոչ միայն զիջումներ չարին, այլև ուրիշ նոր հարկեր էլ Աթոռի վրա բարձելով՝ պահանջեցին որ նա, իբրև ընդհանուր ազգի գլուխ, ժողովե ժողովրդից այդ հարկերը և վճարե իրենց: Կաթողիկոսը շատ աշխատեց, չարչարվեց, յուր վիճակը պտտեց և, շատ անգամ արտասուքն աչքերին աղքատացած ժողովրդի վերջին փողերը հավաքելով տվավ կուսակալներին, բայց երբ տեսավ որ նրանց անիրավ պահանջները գոհացնել չի կարողանում, փախուստ տվավ Աթոռից և սկսավ անծանոթ վայրերում ու խորշերում թաքստյամբ ապրել: Իսկ հետո տեսնելով որ այդպիսով բոլորովին հեռանում է Աթոռից և Էջմիածինը ավերման է ենթարկվում, իսկ Աթոռի պարտքերը նվազելու փոխարեն ավելի ևս աճում են, ետ դարձավ Էջմիածին և յուր միաբանների հետ խորհրդակցելով՝ Գառնեցի Մելիքսեթ եպիսկոպոսին ձեռնադրեց կաթողիկոս, իբրև իրեն օգնական (1593 թ.):

Երկու կաթողիկոսների միասնական ջանքերն էլ ոչինչ օգուտ չբերին Աթոռին: Նրանց հավաքածը հազիվ պարտքի մի տասանորդը ծածկեց: Ուստի սկսան տոկոսով պարտքեր վերցնել օտարներից: Բայց այդ միջոցը ավելի ևս վատթարացրեց նրանց դրությունը: Որովհետև քիչ ժամանակից հետո տերության կուսակալների հետ միասին այդ պարտատերերն սկսան նեղել և հալածել նրանց: Երկու կաթողիկոսները ըստիպված էին դարձյալ փախուստ տալ, անծանոթ տեղեր թափառել, մինչև անգամ ցերեկով պտտել չէին համարձակվում, այլ գիշերներն էին շրջում գյուղից դեպի գյուղ, կամ մի վանքից դեպի մյուսը:

Այս տառապանքների օրերում վրա հասավ նաև մի սարսափելի սով, որ ավեր և ապականություն սփռեց ամբողջ Հայաստանի վրա:

Սովին հետևեց ժանտախտը, որ ճարակեց այդ երկրի բազմաթիվ գավառները:

Հազիվ այդ երկու բնական պատուհասները դադարեցին, և ահա՝ Ջելալիք կոչված ավազակախմբերը, որոնց առաջնորդում էին թուրք պաշտոնանկ փաշաներ և բդեշխներ, ողողեցին Հայաստանը և աննկարագրելի ավեր ու սրածություն սփռելով նրա մեջ՝ կողոպտեցին ու հափշտակեցին բնակիչների գույքն ու ստացվածքը և հարուստ ավարով ու բազմաթիվ գերիներով իրենց որջերը դարձան:

Այս ամենը շարունակվում էր մինչև 1602 թվականը: Եվ որովհետև այս արտաքո կարգի թշվառությունների հետ միասին Հայաստանը կառավարող օսմանյան պետական կուսակալներն իրենց հարստահարություններն էին շարունակում, ուստի ժողովրդի տառապանքների հետ միասին կրկնապատկվեցան նաև կաթողիկոսական Աթոռի պարտքերը, իսկ Դավիթ ու Մելիքսեթ կաթողիկոսները ավելի ծանր նեղությունների ու հալածանքի ենթարկվեցան: Ի վերջո տեսնելով նրանք որ ազատվելու հնար չունեն, հրավիրեցին իրենց մոտՋուղա քաղաքը, Սմդայի հաջորդ Սրապիոն վարդապետին, որը մի իմաստուն և առաքինի մարդ էր և հայրենական հարուստ ժառանգություններ ուներ, և առաջարկեցին նրան՝ հանձն առնել կաթողիկոսությունը և յուր ունեցած հարստությամբ ազատել Աթոռը պարտքից ու ավերմունքից:

Թեպետ սկզբում առաջարկված պայմանների հետ համաձայնել չկարողանալով՝ նրանք բաժանվեցան, բայց հետո, նույնիսկ Ջուղայի ժողովուրդը, առաջին երկու կաթողիկոսների Աթոռից հեռանալը անհրաժեշտ համարելով, ինքը Սրապիոնին տարավ Էջմիածին և կաթողրկոս օծել տալով, Աթոռը հանձնեց նրան:

Եվ ահա այդ ժամանակ, այն է՝ 1602 թվականին, ընդհանուր հայոց մեջ, վեց օծյալ կաթողիկոսներ կային, որոնցից երեքը նստում էին Արարատյան նահանգում, չորրորդը՝ Աղթամարում և մնացորդ երկուսը՝ Կիլիկիայում, որոնցից առաջինը Ադանայում, իսկ երկրորդը Սիսում:

Չնայելով որ ազգի ընդհանուր ցավերն էին այս տարօրինակ դրությունները ստեղծում, այսուամենայնիվ, օծյալ կաթողիկոսներից և ոչ մեկը կաթողիկոսական իրավունքներից զուրկ չէր համարում իրեն, այդ պատճառով և դրսից եկած նեղությունների վրա ավելացան նաև ներքին խռովություններն ու պառակտումները:

Այս զանազանակերպ թշվառությունների ու անկարգությունների շնորհիվ, ինչպես որ երկիրը հետզհետե սկսավ բնակիչներից դատարկվել, այնպես էլ անապատները ամայացան, վանքերը անշքացան, միաբանությունները ցրվեցան և այլևս ոչ մի տեղ չմնաց հայ ժողովրդի համար սփոփանք և մխիթարություն:

Սրա վրա էլ պետք է ավելացնել ունիթոր կամ միաբանող կոչված պապական արբանյակների սխրագործությունները, որոնք դեռ 13-րդ դարու կեսից մուտ էին գործել մեր աշխարհը և ամեն տեղ տարածվել, սկսած Ռուբինյան թագավորության երկրից մինչև Հայաստանի հեռավոր նահանգները: Անհավատներին քրիստոնեություն քարոզելու փոխարեն, դրանք նահատակ հայ ժողովրդի անդամներն էին որսում, հայրենի եկեղեցուց հեռացնում և միաբանող լինելու փոխարեն բաժանող ու պառակտող հանդիսանում: Հեռացնելով որդին ծնողից, եղբայրը եղբորից, կինը ամուսնուց՝ ընտանիքների ու հարազատների միջից սերն ու միությունը վերացնում էին: Այդպիսով մահմեդական հրեշների թողած պակասը դրանք էին լրացնում և դեռ մի բան էլ ավելի, որովհետև մահմեդականները նյութապես էին կեղեքում, իսկ դրանք հոգեպես և բարոյապես: Եվ ի՞նչ էր դրանց նպատակը, այն որ պապի հոգևոր ստրուկների թիվը մի քանի հազարով ավելացնեն, մի ձգտում, որ ժամանակակից բոլոր կաթոլիկ միաբանությունների միակ ու գերագույն նպատակն էր: Մի քանի դար շարունակ գործելով Հայաստանի մեջ, ունիթորները, ուր նրանց օգնում էին նաև հիսուսյանները և առաջնորդում հայ սրիկաներ, որպիսիք էին Հովհան Քռնեցի անարժան վարդապետը և յուր ընկերները, որոնք Հայաստանը ամբողջապես լցրին զանազան խռովություններով և չարիքներով և արժանացան հայության հայհոյանքին և նզովքին՝ սկսած վերջին հայից մինչև ընդհանրական կաթողիկոս և Ռուբինյան թագավորները. նրանք հաստատուն բնակավայր էին ընտրել Սյունյաց նահանգը: Նրա Ճահուկ, Երնջակ և Նախճվան գավառները գրեթե ամբողջապես իրենց ձեռքն էին անցել: Նախճվանում, մինչև անդամ, առաջնորդների կամ կարգապետների հաջորդություն էին հաստատել և «միաբանող» ժողովրդից տուրք էին առնում: Ժողովրդի անտերությունից օգտվելով՝ նրանք արձակ համարձակ մտնում էին ամեն տեղ, քարոզում էին նույնիսկ մեր վանքերում: Նրանցից մի քանիսի հանդգնությունը հասել էր մինչև այնտեղ, որ օր ցերեկով գալիս, բրում էին մեր եկեղեցիները և դրանց մեջ թաղված սրբոց մասունքները հափշտակում: Այդպես պատահեց սրբոց Հռիփսիմյանց վկայականի հետ, ուր երկու հիսուսյան վարդապետներ մտնելով՝ քանդել էին սրբուհու գերեզմանը և նրա նշխարները հափշտակել: Բայց Էջմիածնի միաբանությունը իրազեկ լինելով այդ անօրինակ սրբապղծության՝ հարձակվեց հափշտակիչների վրա և փառավոր ջարդ տալով նրանց, սրբուհու մասունքները ազատեց1: Բայց խայտառակությունն այն էր, որ քննություն անելու միջոցին պարզվեցավ, որ հիսուսյաններին ճանապարհ տվողը եղել է Մելիքսեդեկ կաթողիկոսը, որը յուր անթիվ պարտքերի պատճառով կաշառվել է հիսուսյաններից և ազատ մուտք տվել նրանց դեպի Ա. Հռիփսիմեանց վկայարանը:

Այս ծայրահեղ թշվառությունները և ընդհանուր հուսահատությունը հերոսական ոգի ներշնչեցին երեք տարագիր հայ հոգևորականների: Նրանցից մինը Սաղմոսավանքի առաջնորդ Պարոն մականվանյալ Սարգիս եպիսկոպոսն էր, մյուսը՝ Սյունեցի Մովսես վարդապետը և երրորդը՝ Տրապիզոնցի Կիրակոս երեցը, որոնք տարիներ առաջ հեռացել էին Հայաստանից և ճգնում էին Երուսաղեմում: Հայրենի երկրից հետզհետե հասնող տխուր լուրերը ճմլեցին, խոցոտեցին նրանց զգայուն սրտերը: — «Այստեղ Քրիստոսի գերեզմանի մոտ ճգնելով՝ մենք մեր հոգիների փրկության համար ենք մտածում, մինչդեռ այնտեղ, մեր հայրենիքում, բյուրավոր հոգիներ դժոխային տանջանքների տակ հեծում են. ավելի հաճո չէ՞ր լինիլ աստծուն, եթե մեր ճգնությունը մեր հայրենակիցների տանջանքները թեթևացնելու մեջ որոնեինք, և եթե չկարողանայինք իսկ օգնել նրանց, գոնե նրանց հետ միասին կտանջվեինք…», մտածեցին ազնվասիրտ և հայրենասեր հոգևորականները և վերադարձան Հայաստան:

Բայց ի՞նչ կարող էին անել նրանք այդ ժամանակ, զենք չունեին, զորք չունեին, ժողովրդի մեջ նյութական ու բարոյական ուժ չէր մնացել, ինչո՞վ կարող էին երկրի վրա ծանրացող թշվառության դառնությունը մեղմացնել:

Գիտեին միայն մի դեղ, որ այսպիսի ժամանակներում արդյունավոր ներգործություն է անում հիվանդ մարմնի վրա. այդ՝ մարդկային ոգին տանջանքների և հալածանքների դեմ զորացնելն էր, մարդուն ինքնօգնության, անձնվիրության սովորեցնելն էր:

Եվ ահա, այդ նպատակով, նրանք Սյունիք հասնելով, հիմը դրին Սյունյաց կամ Հարանց հռչակավոր անապատին, Ծղուկ գավառի Որոտնա ձորում, ժողովեցին այդտեղ հոգով և մտքով կորովի մարդիկ, կազմեցին բազմամարդ միաբանություն, որ կարող էր դիմագրավել ամեն տեսակ նեղության և սկսան միջոցներ որոնել ժամանակակից թշվառությանց առաջն առնելու համար, նրանց գլխավոր գործը հայ եկեղեցին ունիթորների ոտնձգություններից և նրանց բազմարվեստ մարդորսություններից ազատելն էր:

Մինչդեռ Սյունյաց անապատը այդ զբաղմունքների հետ էր և նրա միաբանության ամեն մի անդամ լռիկ-մնջիկ ապագայում ստանձնելիք պաշտոնի համար էր պատրաստվում, Էջմիածնի Աթոռից ժամանակավոր հրաժարված Դավիթ ու Մելիքսեթ կաթողիկոսները ուրիշ նպատակների էին ձգտում: Որովհետև Սրապիոնի կաթողիկոսանալովը դարձյալ նրանք պարտքից ու հալածանքից չազատվեցան, ըստ որում օսմանցի կուսակալները սրանցից հին պարտքերն էին պահանջում, իսկ Սրապիոնի վրա նորերը բարձում, ուստի մի կարի կորստաբեր խորհուրդ հղացան՝ այն է՝ դիմել պարսից Շահաբաս թագավորին, որը այդ ժամանակ հետզհետե զորանում էր յուր երկրում, և հրավիրել նրան Հայաստան, թե երկիրը գրավելու և թե անվերջ հարկերից ու պարտքերից իրենց ազատելու: Եվ շուտով էլ այս խորհուրդը գլուխ հանեցին: Մելիքսեթ կաթողիկոսը մի քանի եպիսկոպոսների հետ միասին գնալով Սպահան, ներկայացավ Շահաբասին և յուր պաշտոնակցի և հայ ժողովրդի կողմից Հայաստանը գրավելու խնդիրն առաջարկեց նրան:

Շահաբասը սիրով լսեց նրա խնդիրը, երկրի ամեն հանգամանքների մասին տեղեկություն առավ նրանից և ապա մեծամեծ խոստումներ անելով կաթողիկոսին, ծանր զորքով Հայաստան մտավ:

Այս առաջին արշավանքի ժամանակ, այն է՝ 1603 թվին նա գրավեց օսմանցիների՝ յուր հորից խլած բոլոր գավառները: Երկրորդ արշավանքի ժամանակ, այն է՝ 1605 թվին, օսմանցիների զորեղ հետապնդությունից խուսափելով, նա Հայաստանի մի քանի նահանգները դատարկեց բնակիչներից և նրանց բոլորին քշեց Պարսկաստան: Այդ բազմամբոխ ժողովրդի գրեթե կեսը նա խեղդեց Երասխի մեջ՝ նրանց այդ գետից շտապով անցնելու ժամանակ, և հազիվ կես մասը հասցրեց յուր երկիրը: 1606-ին կրկին վերադառնալով` Շահաբասը պաշարեց օսմանցիների գրաված Նախիջևան, Երևան, Գանձակ և այլ քաղաքները, և ամենին հետզհետե տիրելով, յուր Ամիրգունա նախարարը վերակացու կարգեց նրանց վրա: Ապա այնուհետև մինչև 1620 թվականը, 2 կամ 3 տարին մի անգամ, դարձյալ արշավում էր Հայաստան, օսմանցիների հետ պատերազմելու նպատակով և ամեն անգամ էլ մեծամեծ նեղություններ էր պատճառում թե հայ ժողովրդին և թե մանավանդ Էջմիածնա Աթոռին:

Ինչպես որ մի քանի դար առաջ պարսից և հունաց, այնպես էլ այժմ պարսից և օսմանցոց գահակալների համար Հայաստանը դարձել էր մի կռվախնձոր: Չնայելով որ նա բաժանված էր արդեն երկուսի մեջ, այնուամենայնիվ նրանցից ամեն մեկը «սահման քաջացն զենն յուրյանց» հին առածին հետևելով՝ խլում էր մյուսից նրա տիրապետած գավառները, երբ այդ իրեն համար հաճելի կամ հնարավոր էր լինում: Եվ այդ անում էր ոչ թե կանոնավոր պատերազմ մղելով յուր հակառակորդի դեմ, այլ ավեր և ապականություն սփռելով ընդհանուր երկրի մեջ, քաղաքներն ու գյուղերը քանդելով, բնակարանները կողոպտելով և հրդեհելով, ժողովուրդը կոտորելով կամ գերի վարելով: Եվ այս բոլորի համար տուժում էր Հայաստանի ապաբախտ ժողովուրդը թե արևելյան և թե արևմտյան մասերում: Մանավանդ այն պատճառսվ, որ երկու կողմից կռվող հակառակորդները՝ թյուրք թե պարսիկ, մանավանդ բերդեր ու ամրոցներ պաշարելու կամ առնելու ժամանակ, մեծ մասամբ հայ զինվորներ էին հավաքում իրար դեմ կանգնեցնում, ստիպելով խեղճերին, որ եղբայրները եղբայրներին կոտորեն:

Ահա այս տագնապալից ժամանակներում օգնության էր հասնում ժողովրդին Սյունյաց անապատը կամ վարդապետարանը: Նրա հայրենասեր միաբանությունը, որին գլուխ էր կանգնած Սարգիս եպիսկոպոսը և որի մեջ փայլում էին Մովսես վարդապետ Սյունեցին, Կիրակոս Վ. Տրապիզոնցին, Պողոս Վ. Մոկացին, Արիստակես Վ. Շամբեցին, Թովմաս եպիսկոպոս Տաթևացին, Դավիթ եպ. Շամխորեցին, Կարապետ եպ. Էջմիածնեցին, և այլն և այլն, դրանք ամենքը վերցնելով իրենց հետ նաև իրենց հասուն աշակերտները, ցրվել էին Հայաստանի զանազան կողմերը և գործում էին:

Ի՞նչ էին անում, — մինը շրջուն քարոզչի պաշտոն ստանձնելով՝ հուսադրում ու մխիթարում էր վհատյալ ժողովրդին և սովորեցնում նրան ժամանակի անցավոր նեղություններն արհամարհել: Մյուսը՝ գերի գնացող ազգակիցներին ընկերանալով և նրանց կրած տանջանքներին մասնակցելով յուր հայրական խրատներով կազդուրում և ամրապնդում էր նրանց հավատը և վառ պահում ազգային զգացումը: Երրորդը՝ երկրից գաղթել ուզող ժողովրդին հորդորում էր ժամանակավոր նեղություններից չընկճվել և հայրենական տունն ու անդաստանը օտարին չմատնել: Ոմանք քաղաքներում ու գյուղերում դպրոցներ հիմնելով նորանոր առաքելությունների համար աշակերտներ էին պատրաստում, իսկ ուրիշները՝ անշքացած ու ավերված վանքերը մտնելով՝ նոր միաբանություններ, նոր զինվորություններ էին հաստատում և դրանց հետ միացած հզորապես մրցում պապական մարդորսների դեմ, հալածելով նրանց գլխավոր կենտրոններից, կամ անվնաս դարձնելով նրանց թունավոր և ազգակործան քարոզությունները:

Դրանց բոլորին այդ ժամանակ ոգևորում էր միայն մի միտք. այն է թե՝ «հունձք բազուկն են և մշակք սակավ» և թե «պարտ է հանել զմշակս ի հունձս մեր...»

Այս նշանավոր անապատի միաբաններից Մովսես վարդապետ Սյունեցուն (որ անապատի հիմնադիրներից մինն էր և որ հետո արժանավոր կաթողիկոս դարձավ), իբր գործունեության միջավայր՝ վիճակված էր Գողթան գավառը: Այդտեղ նա Պողոս վարդապետ Մոկացու հետ միասին հիշատակաց արժանի շատ գործեր արավ, եկեղեցիներ շինեց, վանքեր նորոգեց, միաբանություններ հաստատեց, բայց որ ամենից գլխավորն էր՝ Աստապատ, Շոռոթ և Ագուլիս գյուղերում դպրոցներ բացավ, մի գործ, որ յուր ժամանակի համար ոչ միայն շահավետ, այլև կարի հառաջադիմական էր, որովհետև մինչև այն՝ միայն վանքերում ու անապատների մեջ էին ուսում ավանդում ցանկացողին:

Ագուլիսի դպրոցում Մովսես վարդապետը վերակացու և ուսուցիչ կարգեց յուր ձեռնասուն և Սյունյաց անապատի առաջադեմ աշակերտներից մեկին, — դա երիտասարդ և նորընծա Տեր-Անդրեասն էր, մի գործունյա, առաքինի և անձնվեր քահանա, որի հիշատակին, ահա, նվիրում ենք հետագա զրույցը:

Հովիվ քաջ զանձն յուր դնե ի
վերա ոչխարաց. իսկ որ վարձկանն է,
որ ոչ է հովիվ, որս ոչ յուր են ոչ
խարհքն, իբրև տեսանե զգայլն զի
գա, թողու զոչխարսն և փախչի և
գայլն հափշտակե զնոսա և ցրվե:
Ավետ. Հովհ.

Ա

1617 թվականի աշունն էր: Օքուզ-Ահմեդ փաշան հուսահատվել էր արդեն երկար և ապարդյուն պաշարումից: Մոտ երեք ամիս էր ինչ նա յուր բազմաթիվ զորքերով գտնվում էր Երևանա բերդի առաջ և սակայն նրա գնդերը դեռ չէին կարողացել նույնիսկ մի փոքր խրամատ բանալ սրա պարիսպների տակ: Շահաբասի զորքը, որ պաշտպանում էր բերդը, ոչ միայն քաջությամբ ետ էր մղում օսմանցիների հարձակումը, այլև պարսպից ու աշտարակներից կարկուտի նման տեղացող գնդակներով ու նետերով և, մանավանդ, դյուրավառ նյութերի հրահոսանով մեծ կոտորած էր անում նրանց մեջ: Վերջապես վրա հասան և աշնանավերջի ցուրտ ու բքաբեր օրերը: Օսմանցիք տանջվում էին որքան Արարատյան դաշտի դաժան ցրտերից, նույնչափ և վերահաս սովից: Օքուզ-Ահմեդը որոշեց վերցնել պաշարումը և հեռանալ Կարին, գոնե յուր զորքերը սովից ազատելու համար, որովհետև նման հանգամանքներում հաջողության ոչ մի հույս չէր մնում նրան:

Երբ օսմանյան գնդերը Շիրակը անցան, Շահաբասը նույնպես պատրաստվեց հեռանալ Երևանից: Բայց Պարսկաստան գնալուց առաջ, նա կամենում էր մի երկու շաբաթ անցցնել Նախիջևանում, հայերի հյուրասիրությունը վայելելու համար:

Ամիրգունա նախարարը, որին Շահաբասը դեռ 12 տարի առաջ ընդհանուր կառավարիչ էր նշանակել Պարսկական Հայաստանի վրա, և որը հայ ազգի հաշվին խիստ հաճոյական ծառայություններ էր անում շահին, օր առաջ արդեն սուրհանդակներ ղրկեց ամեն կողմ՝ որպեսզի նահանգի մեծամեծներն ու հարուստները ժողովվին Նախիջևան և, ըստ սովորության, փառավոր ընդունելություն անեն շահին:

Այդ ընդունելությունը կայանում էր նրանում, որ բացի հանդիսավոր թափորով, եկեղեցական ու գուսանական երգերով և աշխարհախումբ ժողովրդյան օվսաննաներով նրան դիմավորելը, պետք է, նաև, երկրի հարուստ ու կարող անձինք առատ պարգևներ ու ընծաներ բերեին շահին:

Այս պատճառով Ջուղայից, Որտուատից, Ագուլիսից, Ցղնայից և ուրիշ փոքր ի շատե նշանավոր ավաններից ու գյուղերից աճապարում էին Նախիջևան՝ հարուստ վաճառականներ, խոջաներ, ազնվականներ ու մելիքներ՝ յուրաքանչյուրն իրեն վայել ընծաներով: Ոչ ոք դրանցից խույս տալ չէր կարող, որովհետև Ամիրգունայի գործակալները հականե անվանե ճանաչում էին բոլորին, իսկ Շահաբասը նույնպես պակաս տեղեկություններ չուներ դրանց մասին, ըստ որում մոտ տասնևհինգ տարի էր ինչ նա շարունակ հարստահարում ու կեղեքում էր բոլոր կարող անձանց:

Բայց ահա անակնկալ հրաման դուրս եկավ թե՝ Շահը յուր նշանակած երկու շաբաթը պիտի անցցնե ոչ թե Նախիջևանում, այլ Ագուլիսում: Հետևապես Սիսականի ժողովուրդը այդտեղ պիտի սպասե արեգակնափայլ շահին:

Ամիրգունան ստիպված էր նոր սուրհանդակներ ղրկել Նախիջևան և Սիսականի ուրիշ հեռավոր կողմերը: Այդ, իհարկե, մի ծանր գործ չէր: Բայց նրան մեծ զարմանք պատճառեց շահի նոր կարգադրությունը, որովհետև Ագուլիսը, իբրև մի հասարակ ավան, ոչ մի գրավիչ հանգամանք չուներ, որով արժանացած լիներ յուր վեհապետի բարձր ուշադրության: Ի՞նչ նպատակ ուներ ուրեմն շահը՝ որ որոշել էր երկու շաբաթ անցցնել Ագուլիսի նման չոր և մերկ սարերով պատած մի ձորակում:

Այս մասին, իհարկե, նախարարը չէր համարձակիլ բացատրություն խնդրել շահից:

Բայց նա հանդիպելով Շահռուխ-բեկին, որ շահի առաջին իշխանը և փիշխտմատն (սենեկապանն) էր, հարցրեց նրանից այդ կարգադրության պատաճառը:

Շահռուխ-բեկը, որ մի հաստամարմին, ճարպալից, ածիլած դեմքով, սև ներկած բե դերով և վավաշոտ աչքերով պարսիկ էր, ծիծաղեց նախարարի հետաքրքրության վրա:

Ծիծաղելուդ պատճառը չեմ կարողանում գուշակել, — ասաց Ամիրգունան, — շատ գոհ կլինեիր եթե բեկը մասնակից աներ ինձ յուր ուրախ տրամադրության:

Շահին ինքս խորհուրդ տվի Ագուլիս գնալու, — հայտնեց Շահռուխ-բեկը, և նորից ձիծաղեց:

Անպատճառ նորին վեհափառությանը նորագույն հաճույք պատճառելու նպատակով, այնպես չէ՞, — հարցրեց Ամիրգունան:

Այո: Ես տեսնում եմ, որ Ամիրգունա-խանը շատ քիչ է հոգում այդ մասին:

Սիսականում ավելի գեղեցիկ տեղեր կան, ուր ես կարող էի առաջնորդել շահին, բայց նա այդպիսի ցանկություն չէ հայտնել ինձ, — նկատեց Ամիրգունան:

Այո, Սիսականում կան հրաշալի տեղեր, բայց միմիայն Ագուլիսումն են գեղեցիկ տղաներն ու աղջիկները…:

Նախարարը հասկացավ բեկի ակնարկությունը և ոչինչ չպատասխանեց:

Իսկ դու, խան, երբեք չես մտածում շահի զվարճության համար. Ագուլիսում մինչև անգամ, «մանկաժողով»2 չէ եղած մինչև այսօր, — հարեց Շահռուխ-բեկը այնպիսի լրջությամբ, որ կարծես մի շատ օրինական խնդրի մասին էր խոսում:

Արեգակնափայլ շահը մեզանից յուրաքանչյուրին իրեն արժանի պաշտոնն է տվել, նկատեց նախարարը և հեռացավ, արհամարհական հայացք ձգելով խոսակցի վրա:

Շահռուխ-բեկը խորը խոցվեցավ խանի այդ ակնարկությունից, բայց չպատասխանեց, որովհետև գիտեր, որ շահը համարում ունի նրա վրա: Այդ հանգամանքը թեպետ կապեց յուր լեզուն, բայց և այնպես նա որոշեց անվճար չթողնել այդ պարտքը:

Բ

Նոյեմբերի սկիզբն էր, Տամբրի ու Պլլուն սարերը, որոնք բարձրանում էին Ցղնա ավանի երկու կողմերից, ծածկվել էին մառախուղով, ձյունը անընդհատ փոթորկում էր և քամին շառաչում Ցղնայի ձորակի մեջ: Խոջա-Անձրևի տան առաջ պատրաստ կանգնած էր նրա ձին: Հետևորդ ծառան գոտեպնդված և սանձը ձեռին սպասում էր տիրոջը:

Խոջա-Անձրևը դուրս եկավ պատշգամբ, նայեց դեպի ձորակի տարածությունը և հարցրեց ծառային.

Ձյունը չի՞ դադարում:

Ոչ, տեր իմ, և երևի շուտ էլ չի դադարիլ, — պատասխանեց ծառան և յուր այծենակաճի3 փեշով սկսավ ձիու թամբի վրա իջած ձյունը սրբել:

Խոջա-Անձրևը, որ միջահասակ, գիրուկ մարմնով, բարեդեմ և թեպետ ալևոր, բայց դեռ ուժեղ և եռանդոտ մի մարդ էր, նորից կամենում էր մտնել տուն, երբ տեսավ Ցղնայի քահանային, որ շտապ քայլերով դիմում էր դեպ իրենց դարբասը:

Դեհ, որդի, էլ ուշանալու ժամանակ չէ, շուտ հեծիր ձիդ և ճանապարհվիր, — ասաց քահանան տան սանդուղքներից բարձրանալով և մի ծալծլած թուղթ խոջային ուղղելով: — Տես, խեղճ մարդը ածուխով է գրել, բանտի մեջ ո՞վ կտար նրան մելան ու գրիչ, բայց կարողացել է ժամանակին հասցնել:

Ո՞վ բերավ այս նամակը, — հարցրեց խոջան և թուղթը շտապով առավ քահանայից:

Իմ սարկավագը, ուղիղ կաթողիկոսի մոտից է գալիս:

Ի՞նչ է ասում, դեռ կապվա՞ծ է նա:

Այո՛, մեր մեղքից, այն էլ ծանր շղթաներով: Նախարարը միջնորդել է որ գոնե այդ շղթաներից ազատեն վեհին, բայց շահը մերժել է: Եվ այդ դրության մեջ էլ, ասում են, պիտի տանե Պարսկաստան, եթե չկարողանանք պարտքերի համար մի բան հոգալ:

Օ՛, ի՞նչ սև օրերի հասանք և արդյոք մեր որ մեղքերի համար, բացականչեց խոջան և ապա սկսեց կարդալ նամակը, որ բաղկացած էր հետևյալ տողերից.

«Բարեպաշտ որդիք.

Երկու օր առաջ իմ տանջանքները թեթևացրին, այսինքն, ոտքերս գելարանից հանելով՝ շղթաների մեջ դրին, ֆարրաշբաշին ասաց թե՝ շահը որոշել է գալ Ագուլիս, այդ պատճառով էլ հրամայել է շղթայել ինձ հետիոտն այդտեղ բերելու համար: Ինձ չի վշտացնում այս անարգանքը, որ կրում եմ Աթոռի վրա բարձած անիրավ պարտքերի համար: Գուցե ես ունեմ նաև հանցանքներ, որոնց համար պատժում է ինձ աստված, թող ուրեմն իմ բերանը տրտունջ չարտասանե նրա սուրբ կամքի դեմ: Բայց վշտանում եմ սաստիկ, որ շահի գալուստը նոր թշվառություն պիտի բերե ձեր գլխին: Նախարարը յուր հավատարիմի ձեռքով գաղտնի ինձ հայտնեց թե՝ շահը Ագուլիս հասնելուց «մանկաժողով» պիտի անեՈւրեմն շտապեցեք չարիքի առաջն առնել, քանի ավերող ոտքը չէ կոխել ձեր հողը:

Աշխատեցեք մանավանդ հեռացնել «փրանկներին»: Շատ բան նրանք են թելադրում: Օգուտ են քաղում մեր նեղ դրությունից, կարծես Մահմեդի սուրը բավական չէ՝ նրանք էլ մի կողմից են զենք տալիս բարբարոսների ձեռքը... Աշխատեցեք, ի սեր աստուծո, փառավոր ընդունելություն անել, գուցե նախախնամությունը մեղմացնե շահի սիրտը:

Մելիքսեդեկ

Մշտաչարչար կաթողիկոս»:

Խոջա-Անձրևը ընթերցումը վերջացնելով, գլուխը շարժեց և նամակը ծալելով ծոցը դրավ:

Պատրաստվիր, էլ սպասելու ժամանակ չէ, — հրամայեց նա ծառային և ներս մտավ:

Ծառան կապեց իսկույն պայուսակը ձիու գավակին, մաքրեց նորից տիրոջ ձիու թամբը և պատրաստ կեցավ:

Խոջան դուրս եկավ տանից շալե վերարկուն հագած և երկար արծաթապատ հրացանը ձեռին: Դա ժամանակվա նորահնար և խիստ հարգի զենքն էր և հայերից միայն ընտրյալներն ունեին իրավունք կրելու, այսինքն նրանք, որոնք արժանավոր ծառայություն էին արել շահին կամ նախարարին կամ որոնց վերջինս իբրև առանձին շնորհ՝ կթույլատրեր կրելու:

Խոջայի հետ դուրս եկավ նաև նրա ամուսին Սառա-խաթունը, որ թեպետ տարիքն առած, բայց տակավին գրավիչ, քաղցրահայաց, բարեսիրտ և կարի ժրագլուխ մի կին էր: Նա հայտնի էր ոչ միայն Գողթան գավառին, այլև նույնիսկ Շահ-աբասին: Վերջինս նրան տեսել էր առաջին անգամ Ջուղայում և այնքան հավանել իբրև ընտիր մոր և տանտիկնոջ, որ նրան յուր «մայր» էր անվանել:

Ասա որ տղաներին ու հասակավոր աղջկերանց օր առաջ գյուղերը ցրեն, — պատվիրում էր ամուսնուն Սառա-խաթունը: — Այստեղ ես կարող եմ հիսուն հոգու տեղ պատրաստել, յուրաքանչյուր երկու հոգուն կզետեղեմ մի ընտանիքում, բայց մյուս գյուղերը թող քսան-քսան հոգուց ավելի չուղարկեն և ամեն ընտանիքի չվստահանան, ամեն տեղ առաջուց մարդիկ ղրկեցեք, ամենքին զգուշացրեք:

Անպատճառ, անպատճառ, — ասաց խոջան և արագ-արագ սանդուղքներից իջնելով ուսն առավ հրացանը, հեծավ նժույգը և դուրս եկավ բակից:

Ծառան հետևեց տիրոջը:

Սառա-խաթունը և տեր-հայրը «բարի ճանապարհ» մաղթեցին նրանց:

Հեծյալները իջան դեպի Ցղնայի-ջուրը և նրա ուղղությամբ ձիավարելով, շուտով ծածկվեցան աչքից:

Գ

Վերին Ագուլիսի Խցաձոր անվանյալ թաղի վերջում, ուր գրեթե սպառվում էին բնակությունները, գտնվում էր սուրբ Հովհաննես անունով եկեղեցին: Նա կառուցած էր լեռան ստորոտում, նեղ ձորալանջի վրա և արևելյան ու հյուսիսային կողմերից փակված էր պարտեզներով: Ամառային ամիսներում, երբ կանաչում էր լեռնալանջը և ծառերը ծածկվում էին տերևով, այդ մենավոր եկեղեցու շուրջը տիրում էր կենդանություն: Ավանի զբոսասեր ժողովուրդը խռնվում էր պարտեզների մեջ և զվարճացողների երգն ու պարը գրավում էին նունիսկ Խցաձորի մենակյացներին:

Բայց այժմ, երբ ձյունը ծածկել էր լեռնալանջը և պարտեզները զրկվել էին կանաչից, ս. Հովհաննու շուրջը տիրում էր ամայություն: Նրա բարձր պարիսպները ծածկում էին եկեղեցին անցորդի աչքից և միայն սրածայր գմբեթն էր նրա գոյությունը հայտնում: Նույնիսկ եկեղեցու բակում շարժում չէր երևում և տիրող լռությունը ընդհատում էր միայն վճիտ աղբյուրակը, որ մերձակա ձորալանջից ելնելով՝ փողրակների միջով գալիս, մտնում էր եկեղեցու բակը և կարկաչելով թափվում քարաշեն ավազանի մեջ, որ պատած էր արդեն սառույցով:

Ամպամած երկինքը բացվեցավ: Արևը, որ դեպի մուտն էր խոնարհում, յուր անզոր ճառագայթները սփռեց ձյունապատ շրջակաների վրա՝ կամենալով, կարծես, մեղմել ցրտի խստությունը: Նրա շողերից մի քանիսը խաղում էին դեռ ս. Հովհաննու գմբեթի վրա, երբ ծերունի ժամհարը դուրս գալով յուր խցից` բարձրացավ դեպի եկեղեցու կտուրը և սկսավ հնչեցնել այդտեղ կախած փայտե կոչնակը:

Այդ կոր ու բարակ և մաքուր հղկված տախտակի ձայնը, որ թեպետ խուլ, բայց հաճելի մեղմությամբ հնչում էր թաղի մենավոր հեռավորության մեջ, հասավ Խցաձորի բարեպաշտ ժողովրդի ականջին: Շուտով ձյունապատ ճանապարհի վրա երևացին մարդկանց ու կանանց խմբակներ, որոնք շտապում էին դեպի աղոթարանը: Բայց դրանցից առաջ եկեղեցու սրահը լցվել էր արդեն մանուկ ժողովրդով: Դրանք ժամի բակում գտնվող դպրոցի սաներն էին, որոնք իրենց պարապմունքն ավարտելով՝ խռնվել էին այդտեղ երեկոյան ժամերգության մասնակցելու և ապա իրենց տները ցրվելու:

Աշակերտներից նրանք, որոնք դպիրներ կամ երգեցողներ, էին, փութացին ավանդատունը ժամաշապիկ հագնելու, իսկ մնացյալները եկան եկեղեցու դասերում կարգով շարվեցան: Դրանց հետևից ներս մտան երկու քահանաներ, մինը տեր-Սարգիսը, որ միջահասակ, նիհար մարմնով, փոքրադեմ և խորամանկ աչքերով, սուր քթով և հազիվ քառասունը անցրած մարդ էր, մյուսը՝ տեր-Հովսեփը, որ ներկայացնում էր առաջինի հակապատկերը, այն է՝ բարձրահասակ, հաստամարմին, սպիտակամորուս և բարի դեմքով ծերունի:

Վերջինս անցնելով աշակերտների մոտով՝ սիրով ողջունեց նրանց և կանգնեց յուր տեղը՝ աջակողմյան դասում. Մինչդեռ տեր-Սարգիսը այդքանով չգոհացավ, նա մոտեցավ ձախակողմյան դասի աշակերտներին, նայեց՝ նրանց վրա խոժոռ աչքերով և չհանդուրժելով, կարծես, որ տղաների խումբը՝ առանց որևէ վերակացուի կարգապահության, կանգնած էր այդտեղ հանգիստ կարգով, կոշտ ձայնով հարցրեց,

Ո՞ւր է ձեր վարժապետը:

Դպրոցումն է, — պատասխանեցին մի քանի ձայներ:

Ժամ օրհնելու ժամանակ է, ի՛նչ է շինում նա դպրոցում:

Խոսում է փրանկների կարգապետի հետ:

Հայր Երազմոսի՞, — հարցրեց տեր-Սարգիսը՝ աչքերը մեծ բանալով:

Այո, նա եկել էր մեր դպրոցը տեսնելու:

Հըմ... հասկանում եմ, — հարեց տեր-հայրը և գլուխը խորհրդավոր կերպով շարժելով մոտեցավ տեր-Հովսեփին:

Տեսնո՞ւմ ես, ժամ օրհնելու ժամանակ է և մեր «պատվելին» դեռ չկա, ասում են տեր-Մատթեոս Երազմոսի հետ զրույց է անում... Ի՞նչ ես կարծում, այդ փրանկը ի՞նչ ունի տեր-Անդրեասի հետ:

Աստծուն է հայտնի…-անհոգ կերպով պատասխանեց տեր Հովսեփը:

Այո, աստծուն է հայտնի, բայց ինձանից էլ ծածուկ չէ: Քեզ արդեն ասել եմ, և կտեսնես, որ իմ գուշակությունը կկատարվեի, նա այս աշակերտներին փրանկ է դարձնելու:

Էհ, տեր-Սարգիս, դու էլ խիստ չար մտքեր ես անում:

Հաստատ բան եմ ասում, կտեսնես:

— «Օրհնյալ տեր մեր Հիսուս Քրիստոս. ամեն: Հայր մեր որ երկինս...» երեսը խաչ հանելով տեր-Հովսեփը սկսավ ժամն օրհնել առանց տեր-Սարգսի խոսքերին պատասխանելու:

Վերջինս դժգոհությամբ հեռացավ յուր դասը:

Մի քանի վայրկյանից եկեղեցին ժողովրդով լցվեցավ: Բայց ժամերգությունն արդեն կիսած էին, երբ ներս մտավ տեր-Անդրեասը և դռան մոտ գտնված դարակից յուր սև փիլոնը հանելով՝ ձգեց ուսերին և եկավ կանգնեց տեր-Հովսեփի մոտ:

Սա տակավին երիտասարդ, նրբակազմ, բայց վայելուչ հասակով, գրավիչ դեմքով և խելոք աչքերով մի քահանա էր: Նրա համեստ շրթունքների վրա ծաղկում էր մի ժպիտ, որ ցոլացնում էր յուր մեջ սրտի բարությունը, իսկ աղու հայացքը արտահայտում էր սեր, խանդ ու գորով: Հարուստ, խարտիշագեղ մազերը, որոնք երկար գանգուրներով գալիս, փռվում էին նրա ուսերի վրա, նուրբ, մետաքսանման մորուքը, որ կարծես բուսել էր նրա ծնոտին՝ դեմքի չքնաղ գեղեցկությունը չար աչքերից ծածկելու համար, և սև զգեստի արտաքին տխրությունը, որին համակերպում էր նրա խաժակն աչքերի անուշ հայացքը, այդ երիտասարդ հոգևորականին տալիս էին նախնի դարերի հրեշտակակրոն մի սուրբի կերպարանք:

Երբ նա առաջացավ դեպի բեմը՝ հավուր պատշաճի քարոզը կարդալու, կարծես աղոթող ժողովրդի աչքերը գերեց յուր հետևից: Ամենքը սկսան նայել նրա վրա, ամենքի դեմքերը պայծառացան, իսկ կանանց սրտերը, ինչպես միշտ, սկսան նրա շուրջը թևապարել:

Այդ եկեղեցում, ինչպես տեսանք, տեր-Անդրեասից զատ կային և ուրիշ երկու քահանաներ, բայց ժողովուրդը խռնվում էր եկեղեցի, ասես թե առաջնի պատճառով, կամենում էր տեսնել միայն նրան, լսել միայն նրա ձայնը, աղոթել նրա հետ: Երբ նա յուր սաների ձայնակցությամբ սկսում էր երգել, ամենքը զմայլվում, հոգիանում էին. ամենքի մեջ էլ զարթնում էր ջերմեռանդություն, և այդ ոչ թե նրա համար որ նա երգում էր ավելի անուշ ու ախորժ ձայնով, այլ նրա համար, որ ժողովուրդը գիտեր, ճանաչում էր նրան, ճանաչում էր նրա սիրտը, հոգին, գործերըայդ պատճառով նրա աղոթքն ու երգը շարժում էր ժողովրդի սիրտը, հափշտակում էր հոգին:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next Last