Մուրացան՝   Չհաս է

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Next Last

Վեր կաց, Պետրե, դու ավելիին ես արժանի, որովհետև ես հավատում եմ քո անկեղծությանը. վեր կաց և գրկիր ինձ, Աստղիկը քո ստրկուհին էշշնջաց օրիորդը և երկու սիրահարները ջերմությամբ գրկախառնվեցին իրար...

Ինչու ուրեմն ամբողջ երկու օր տանջեցիր ինձ, Աստղիկ, — յուր հոգեկան զմայլմունքից սթափվելով հարցրեց Պետրոսը օրիորդին:

Ավելի լավ կլիներ հարցնել, թե ինչո՞ւ ինքդ քեզ տանջեցիր

Ինքդ քե՞զ:

Այո՛, ինքս ինձ. որովհետև անցյալ օրվա իմ լռությունով քեզ միայն մի վիշտ պատճառեցի ես, բայց ինձ՝ երկու:

Ես քեզ չեմ հասկանում:

Ես շատ պարզ խոսեցի, բայց էլի կբացատրեմ իմ ասածը: Այն օրից սկսած, որ դու հեռացար այստեղից, իմ սիրտը ու միտքը քեզ հետ էր: Իհարկե ես դեպի քեզ սեր չէի զգում, որովհետև սերը այն ժամանակ դեռ մի անծանոթ զգացմունք էր ինձ համար, բայց ես միշտ հիշում էի քեզ ինչպես իմ միակ և լավ ընկերին: Եվ որովհետև դու ճանապարհվելու ժամանակ ինձ հրաժեշտի ողջույն տալու չեկար, հենց այդ պատճառով էլ ես քո վարմունքը չկարողացա մոռանալ: Ես իմ մտքում դրի սպասել քեզ մինչև այն օրը, երբ դու կվերադառնայիր Թիֆլիսից ավելի խելոք ու մեծացած և ես քեզ կամաչեցնեի հիշեցնելով քեզ քո վարմունքը... Կարող էր պատահել, որ ժամանակի հետ ապրելով ես կամաց-կամաց մոռանայի քեզ. բայց քո գնալուց ետ մայրդ միայնակ մնալով սկսավ ստեպ-ստեպ հաճախել մեզ մոտ: Նա յուր միակ ուրախությունը գտնում էր իմ մոր ընկերակցության մեջ: Հետզհետե նա այնքան ազնիվ և այնքան բարի կին երևաց ինձ, որ ես կապվեցա նրա հետ ջերմ, որդիական սիրով, նա նույնպես յուր կողմից սկսավ սիրել ինձ մայրական քնքշությամբ: Հաճախ նա իմ մոր հետ խոսում էր քո մասին, քո նամակները բերում էր ինձ կարդացնելու, քեզ վերա նամակներ էր գրել տալիս ինձ և շատ անգամ խորհրդավոր ակնարկություններ էր անում այն երջանիկ միության առթիվ, որ ինքը կամենում էր պատրաստել մեր երկուսի համար:

Այս բոլորը հետզհետե ինձ վերա այն ազդեցությունն արին, որ մի գեղեցիկ օր ես սկսեցի հետաքրքրվել քեզանով ավելի, քան որքան իրավունք ունեի ես: Քո նամակները ես կարդում էի ուշադրությամբ, քո խոսքերը կշռում էի, քո բախտի համար ես աղոթում էի... ինչու համար էր այս բոլորը ինքս էլ չգիտեի:

Բայց այն օրը, որ դու ներս մտար մեր դպրոցի դռնով, առաջին անգամից իսկ քո հայացքը հանդիպեց իմ աչքերին, իմ սիրտը թունդ ելավ, ես իսկույն ճանաչեցի քեզ քո աչքերից, նրանք նույնպես գեղեցիկ, նույնպես կրակոտ էին ինչպես և առաջ, ես հազիվ կարողացա իմ շփոթությունը զսպել: Բայց ո՛րքան վշտացա, ո՛րքան վիրավորվեցի, որ դու չողջունեցիր ինձ. ես կարծում էի, թե դու ճանաչեցիր ինձ և դիտմամբ չկամեցար ինձ ողջունել...

Հետո երբ մենք ծանոթացանք, ես արդեն գրավվեցա քեզանով: Մինչև քո ինձ այցելության գալը, ես անդադար մտածում էի քեզ վերա և խոսում էի մորս հետ միայն քո մասին: Մեր տուն եկած օրդ իմ ուրախության չափ չկար, իմ սիրտը լցվել էր մի անծանոթ, մի անհանգստացնող, բայց միևնույն ժամանակ մի քաղցր զգացմունքով... ինչ էր այդ զգացմունքի անունը, ես դեռ չգիտեի: Երբ դուրս գնացիր դու մեր տնից, այն ժամանակ միայն մի կորուստ զգացի իմ սրտի մեջ, որի մասին երկար, շատ երկա՛ր սկսա մտածել:

Անցյալ օրը ես եկա քեզ մոտ, թե ի՞նչ նպատակով, այդ դու իսկույն գուշակեցիր, և ես իսկույն խոստովանեցի: Բայց քո այնքան շուտափույթ խոստովանքը քո սիրո զգացմանց մասին՝ ինձ շփոթեցին, ես քեզ լսեցի ոչ աներկյուղ սրտով, իմ ծնկները դողում էին քո խոսելու ժամանակ, այդ պատճառով էլ քո հարցերին ես չկարողացա պատասխանել...

Եվ ի՞նչ, միթե դու վշտացար, միթե դու իրավունք ունեիր պահանջելու ինձանից ավելի, քան ինչ որ ես կարող էի տալ քեզ այն ժամանակ... Այո , ես ասացի, որ քո մոր ներս գալով ես ուրախացա, բայց մոռացա նաև ասել, որ ես դուրս գնացի ձեր տնից և՛ շփոթված, և՛ վշտահար. քո հարցերին պատասխանել չկարողանալս ինձ տխրեցնում և հուսահատեցնում էր... որովհետև ես ինքս էի միջոցներ որոնում քեզ իմ սիրտը բանալու և սակայն այդ սրտի մասին ես մի բան անգամ արտասանել չկարողացա:

Երեկ ամբողջ օրը ես մտատանջության մեջ էի. իսկ այս գիշեր հանգստանալ չկարողացա: Երբ լուսինը հանեց յուր սկավառակը այս բարձրավանդակի ետևից և յուր պայծառ շողերը թափանցեց ննջարանիս մեջ, ես իսկույն վեր ցատկեցի իմ անկողնից և գիշերային լողիկով դուրս վազեցի այստեղ, ուր երկար, շատ երկար մտածում էի քեզ վերա և ուր ահա գտնում ես դու ինձ:

Այժմ երբ այլևս մեզ ոչ ոք չէ լսում, ես համարձակ կխոստովանիմ քեզ իմ մեծ զաղտնիքը, Պետրե, ես քեզ սիրում եմ...

Երիտասարդը ոչինչ չկարողացավ պատասխանել, նա տարածեց յուր գիրկը և սիրաշունչ կրծքի վերա ամուր, ամուր սեղմեց յուր սիրուհուն:

Քիչ ժամանակից ետ սիրահարներից յուրաքանչյուրը հանգիստ սրտով պառկած էր յուր ննջարանում:

ԺԸ

ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ

ՄԻ ԳԼՈԻԽ, ՈՐԻՑ ՀԵՏՈ ՍԿՍՎՈԻՄ է ԸՆԴՀԱՏՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Այժմ ավելորդ է շարունակել Պետրոսի և Աստղիկի սիրահարության մանրամասն պատմությունը, նրանց տեսակցությունները, նրանց սիրակցությունները և այլն: Ով որ մի անգամ սիրել է յուր կյանքում, առանց մեր ասելուն էլ կիմանա, թե ի՞նչ կյանք և ի՞նչ հարաբերություն կարող են ունենալ միմյանց հետ երկու սիրող երիտասարդ սրտեր, իսկ ով որ չէ սիրել կամ գոնե չգիտե թե ի՞նչ բան է սիրելը, նրա համար մեր բոլոր պատմությունն էլ մի փող չարժե: Բայց այսքան միայն հարկավոր է հիշել, որ Պետրոսը շատ շուտով հայտնեց մորը յուր և Աստղիկի դեպի միմյանց ունեցած անհուն սերը, պատմեց նրան մանրամասնաբար իրենց բոլոր տեսակացությունները, սիրակցությունները և այլն: Տիկին Հռիփսիմեն ուրախությունից չգիտեր ինչ աներ, նա գրկեց որդուն, համբուրեց ճակատը և ուրախության արտասուքը աչքերում ասաց.

Սիրելի Պետրե, դու լցրիր իմ բոլոր ակնկալությունները, և ես ուրախ եմ: Այն օրից սկսած, որ դու հեռացար այստեղից, Աստղիկը իմ սիրելի աղջիկն էր և նա փոխարինում էր Պետրեին: Նրա մայրը իմ միակ բարեկամուհին էր և ես սիրում էի նրան: Այն օրից սկսած, որ իմ սիրտը մտերմացավ նրանց հետ, ես իմ մտքումս դրի անպատճառ առնել Աստղիկին քեզ համար, որովհետև նա մի հրեշտակ էր, որ կարող էր քեզ երջանիկ անել... Իմ միտքը ես հայտնեցի Եղիսաբեթին, որ նույնպես չափազանց ուրախացավ: Շատ անգամ երկու մայր միասին նստած խոսում էինք ձեր ապագա միության և երջանկության համար և մխիթարվում էինք մեր հույսերով: Բայց երբեմն էլ ես տխուր էի շատ, մտածելով, թե գուցե մի որևէ աղջիկ կգրավեր քեզ Թիֆլիսում և դու էլ չէիր մտածիլ քո մորդ ուրախացնելու վերա... օ, ինչպես տխուր էի լինում ես այդպիսի ժամանակ. Աստղիկից զրկվել՝ այդ միևնույն էր, թե քեզանից զրկվել, բայց ես երկուսիդ էլ սիրում էի իմ աչքերի լույսից ավելի... Այժմ իմ ուրախությանը չափ չկա, Պետրե, օրհնյալ լինիս դու, որ այդքան մեծ ուրախություն ես պատճառում քո մորը, որ քեզանից զատ ուրիշ ուրախություն չունի... — Այս ասելով նա կրկին անգամ գրկեց որդուն և ջերմաջերմ համբուրեց նրան: Պետրոսը, որ այդքան չէր սպասում յուր մորից, ուրախության յոթներորդ երկինքն համբարձավ, նա այժմ ապահովված էր, որ Աստղիկը իրենն է և երկրային ոչ մի ուժ էլ չէր կարող հափշտակել նրան յուր գրկից:

Իսկ Հռիփսիմեն այս ուրախ նորությունը լսելուց ետ էլ տանը նստել չկարողացավ, նա շտապեց յուր սիրելի բարեկամուհու մոտ և հայտնեց նրան ամեն բան մանրամասնաբար: Տիկին Եղիսաբեթը մի քանի աստիճան ավելի ուրախացավ տ. Հռիփսիմեից, և այդ բնական էր, որովհետև միշտ փորձված է, որ ավելի դժվար է լավ փեսացու ընտրել աղջկա համար, քան լավ հարսնացու` փեսացուի համար: Եղիսաբեթը, իհարկե, շատ պատճառներ ուներ, որոնք պետք է ավելի ուրախացնեին նրան: Առաջին և գլխավորը այն էր, որ Աստղիկը սիրում էր Պետրեին, և այդ մի սիրող մոր համար մեծ ուրախություն էր, երկրորդ՝ որ Աստղիկը պիտի հարսնանար մի երիտասարդ, խելոք և զարգացած տղայի, որ կարող էր բախտավորացնել նրան, երրորդ՝ որ Աստղիկի սկեսրը տիկին Հռիփսիմեն էր, մի բարի, ազնիվ և առաքինի կին, որի յուրաքանչյուր խոսքից սեր և քաղցրություն էր բուրում: Մեր մեջ, մանավանդ, ուր երիտասարդներին չեն թողնում իրենց համար ապրելու և սկեսրները իրենց պառաված ուրախությունը հարսներին ճնշելու մեջ են գտնում, մեծ արժեք ուներ, իհարկե, տ. Հռիփսիմեի բարի և առաքինի սիրտը: Վերջապես չորրորդ պատճառը այն էր, որ Պետրոսը միակ ժառանգն էր Թովմաս Մարալյանի մեծ հարստության և այս պատճառը ավելի քան հարգելի էր...

Մի ժամից հետո Պետրոսը եկավ յուր ապագա զոքանչի մոտ: Տիկին Եղիսաբեթը հայտնեց յուր անկեղծ ուրախությունը այն նորության համար, որ նա հայտնել էր յուր մորը և նրա միջոցով էլ իրեն: Նա կանչեց Աստղիկին, որ այդ ժամանակ պարապում էր յուր առանձնարանում և չգիտեր, թե ինչ է գործվում իրենց տան մեջ, և քնքշությամբ հանդիմանեց նրան, որ նա ծածկել էր յուր մորից յուր սիրակցությունը Պետրոսի հետ: Օրիորդը շփոթվեցավ և շառագունեց, նա մեկ Պետրոսի վերա էր նայում, մեկ յուր մոր վերա և չէր կարողանում հասկանալ, թե այս ինչ տարօրինակ հայտարարություն էր, որ արին իրեն: Բայց տ. Հռիփսիմեն չկարողացավ երկար տանել օրիորդի անհանգստությունը, նա կարճ խոսքերով բացատրեց նրան գործի էությունը և գրկելով յուր հարսնացուին, ջերմագին սեղմեց նրան յուր կրծքի վերա և սիրաշունչ համբույրներով ծածկեց նրա երեսը:

Հետո երբ ամեն ինչ խաղաղ կերպարանք առավ, տիկին Հռիփսիմեն հանեց մի թանկագին մատանի, տվավ այն յուր որդուն և հանդիսավոր եղանակով ասաց.

Պետրե, այս մատանին առաջին անգամ ես նվեր ստացա քո հորից, սա նրա սիրո միակ գրավականն է, որ մինչև այսօր մնացել է ինձ մոտ իբրև թանկագին հիշատակ, հանձնիր նրան իմ սիրելի հարսին և թող այդ մատանու հետ միասին իջնե նրա վերա և քո հոր օրհնությունը, որի հոգին ներկա է այստեղ իբրև մեր ուրախության մասնակից...

Պետրոսը վերցրեց մատանին, համբուրեց նրան ջերմեռանդությամբ, բայց երկու խոշոր արտասուքներ գլորվեցան նրա աչքերից նշանադրության մատանու վերա... նա հիշեց յուր հորը, որին ավաղ նա երբեք չէր ճանաչել...

Երբ նա մատանին հագցրեց յուր հարսնացուի ձեռքը և դրոշմեց նրա շրթունքներին պաշտոնական համբույրը, Աստղիկը սրտաշարժ ձայնով շշնջաց նրա ականջին. «Պետրե, ինչու առաջին անգամ արտասուքով լվացիր դու իմ նշանադրության մատանին...»: Պետրոսը ցնցվեցավ ամբողջ մարմնով և զղջման հայացք ձգեց յուր սիրուհու վերա: Սակայն շուտով երկու մոր գրկախառնությունն ու համբույրները մոռացնել տվին նրանց տխուր նախազգացմունքի ազդեցությունը և մի ընտանեկան փոքրիկ ուրախություն պսակեց նշանադրության պարզ և անպաճույճ հանդեսը:

Այդ օրից սկսած Պետրոսն ու Աստղիկը գրեթե ամեն օր միմյանց մոտ էին լինում, միասին խոսում, դատում, կամ կարդում էին, ծիծաղում և ուրախանում էին, իսկ շատ անգամ էլ իրենց մայրերի հետ միասին զբոսանքի էին գնում, որի ժամանակ նրանք հաճությամբ զանազան փիլիսոփայություններ էին անում սիրո, կյանքի մասին: Այս պատճառով էլ երկու երիտասարդ սրտերի մեջ օրըստօրե ավելի աճում ու զորանում էր այդ սիրո նվիրական զգացմունքը: Մի օր սարսափելով տեսան նրանք, որ էլ միմյանցից անբաժան ապրել չեն կարողանում և չգիտեին ինչ հնար գործ գնել՝ կրակի ջերմությունը մի քանի աստիճան պակասեցնելու համար:

Եվ այդ, իհարկե, անհրաժեշտ էր, որովհետև Պետրոսը պետք է վերադառնար Թիֆլիս. նրան մնում էր դեռ էլի մի երկու տարի գիմնազիոնը ավարտելու համար: Եվ եթե նրանք աստիճանաբար չվարժեցնեն իրենց միմյանցից անջատ ապրելուն, այդ հանգամանքը կարող էր արգելք լինել Պետրոսի առաջադիմության, մանավանդ որ բացի գիմնազիական կուրսը, Պետրոսը դեռ պետք է համալսարան էլ գնար: Աստղիկը նրան ասել էր, որ չի ամուսնանալ նրա հետ, մինչև որ համալսարանից ավարտման վկայականը ձեռքին չվերադառնա հայրենիք: Այս խոսքը, թեպետ կատակով արտասանված, բայց նա չէր կարող առանց ազդեցության անցնել Պետրոսի նման զգայուն և պատվասեր երիտասարդի համար: Այս պատճառով նա առաջինը օրինակ տվավ յուր սիրուհուն զգացմունքների ջերմությունը չափավորելու համար:

Որովհետև արձակուրդի ժամանակ մոտենում էր վերջանալուն, ուստի Պետրոսը երբեմն ամբողջ օրով տանից դուրս չէր գալիս և զբաղվում էր դասերի կրկնությամբ. Աստղիկն էլ իր կողմից զգուշանում էր նրան խանգարելու, այսպիսով երկու սիրահարները հետզհետե վարժվում էին միմյանցից հեռու մնալուն:

Վերջապես հասավ վերջնական բաժանման օրը: Պետրոսը ջերմությամբ գրկեց յուր սիրուհուն, համբուրեց նրան և հեռացավ, բայց նրա կառքը դեռ չէր անհետացել, երբ երկու սիրահարներն էլ գրեթե միաժամանակ զգացին, թե որքան ապարդյուն էր արհեստական ճանապարհով զգացմունքների ջերմությունը չափավորելու աշխատանքը:

Առաջիկա ուսումնական տարին Պետրոսը Թիֆլիսում մնալով, ավելի եռանդով սկսավ աշխատել յուր ուսման գործում, և չնայելով, որ նա այժմ սիրահարական կյանքով էր ապրում և յուր Աստղիկին անընդհատ նամակներ գրելը նրանից շատ ժամանակ էր խլում, այսուամենայնիվ քննությունների ժամանակ նա դարձյալ պատվավոր մրցանակով փոխեց դասատունը և կրկնակի ուրախությամբ կրկին վերադարձավ հայրենիք յուր սիրեցյալ Աստղիկի մոտ:

ԱԿԱՄԱ ՎԵՐԱԴԱՐՁ

Վերջին տարին Պետրոսը եկավ Թիֆլիս մի որոշ ժամանակ հայրենիք չվերադառնալու պայմանավ: Գիմնազիոնը ավարտելուց ետ նա պիտի ուղևորվեր Պետերբուրգ համալսարան մտնելու համար: Այս գիտեր Աստղիկը, գիտեր տ. Հռիփսիմեն, բայց երբ պ. Թովմասը հայտնեց վերջինիս, թե արդեն հեռագրել է Պետրոսին Թիֆլիսից վերադառնալու, նա ուրախացավ, որովհետև ինքը միայն յուր որդու տեսնելու վերա էր մտածում, բայց Աստղիկը, ինչպես գիտեք, ընդդեմ իր Պետրոսի վերադարձին, որովհետև նա չէր կամենում, որ Պետրոսը համալսարան գնալու համար որոշած ժամանակը զոհեր յուր հորեղբոր հաճույքին, ինչպես գրել էր նա յուր նամակում:

Պետրոսը Աստղիկի նամակը յուր առջև դրած երկար ժամանակ մտածում էր իսկապես նրա մտատանջության գլխավոր պատճառը այն էր, թե ինչու համար է հորեղբայրը կանչում իրեն, բայց այդ պատճառի բացատրության մասին մի բառ անգամ չկար Աստղիկի նամակում, նա միայն գրում էր, որ ինքը ընդդեմ է Պետրոսի վերադարձին, բայց թե ինչպես կարելի էր անուշադիր թողնել հորեղբոր հրամանը, և արդյոք մի միջոց կար դրա համար, այդ մասին նա ոչինչ չէր գրում: Պետրոսը երկար, շատ երկար մտածեց, սակայն ոչ մի եզրակացության գալ չկարողանալով, յուր թեյը խմեց, գդակը ծածկեց և տանից դուրս եկավ: Շուտով նա գտավ յուր ընկերակիցներից մի քանիսին, որոնց և պատմեց յուր գլխին եկած անակնկալ փորձանքը: Նրանցից մի քանիսը խորհուրդ տվին նրան հեռագրով բացատրություն խնդրելու յուր հորեղբորից և հայտնել նրան յուր վերադարձի անհնարավորությունը, իսկ ուրիշները, որոնց Պետրոսը ծանոթացրել էր յուր հորեղբոր համառության հետ, խորհուրդ տվին նրան ժամանակ չկորցնելու համար շուտափույթ վերադառնալ հայրենիք, անձամբ տեսնվել հորեղբոր հետ, տեղեկանալ նրա դիտավորության և համոզելով նրան, կրկին վերադառնալ Թիֆլիս և ճանապարհվել Պետերբուրգ:

Այս խորհուրդը ավելի բանավոր թվեցավ Պետրոսին և նա պատրաստվելով՝ ակամա ճանապարհ ընկավ դեպի յուր հայրենիք:

Ճանապարհի ամբողջ երկարությամբ նրա միտքը զբաղված էր միշտ միևնույն հարցով. «Ինչու համար է ինձ իմ հորեղբայրը կանչում»: Այդ պատճառով էլ ուշադրության արժանի դեպքերը, հանդիպող ճանապարհորդները, բնության զանազան երևույթները երբեք և ոչ մի պայմանով նրա ուշադրությունը չգրավեցին: Նույնիսկ պոստային կայարանների մեջ պատահող անախորժությունները, որոնք միշտ համբերությունից հանում են ճանապարհորդին, դարձյալ չգրգռեցին և չզայրացրին Պետրոսին և հենց այդ էր պատճառը, որ երեք օրվա ճանապարհը նա ստիպված էր չորս օրվա մեջ գալու: Կայարաններում ծառայողները թեպետ միշտ անխիղճ և աներկյուղ են լինում, և ճանապարհորդի բողոքելու միջոցից զարկ լինելը նրանց ավելի է քաջալերում կոպտությամբ և անքաղաքավարությամբ վարվելու անցորդի հետ, այսուամենայնիվ գոռալու և որոտալու շնորհք ունեցող մարդիկ երբեմն կարողանում են ազդել նրանց վերա: Բայց որովհետև Պետրոսը այդ շնորհքից զուրկ էր, հետևապես նա պարտավոր էր մի օր ավելի ապրել ճանապարհին:

Մի գեղեցիկ և հովաշունչ առավոտ էր, երբ Պետրոսը մոտեցավ յուր հայրենի քաղաքին: Առաջին անգամ, որ նա տեսավ հեռվից նրա սպիտակ պարիսպները իրենց բոլորշի աշտարակներով, յուր սիրտը լցվեցավ ակամա ուրախությամբ և նրա հոգին, որ մինչև այն ճնշված էր հոգսերի ծանրության տակ, ազատություն առնելով սլացավ դեպի այն հարկերը, ուր յուր մայրը և Աստղիկն էին բնակվում: Հասնելով մի փոքրիկ գետակի, որ քաղաքի բարձրավանդակի ստորոտն էր ոռոգում, — նա ցած իջավ կառքից, մոտեցավ նրան և չոքելով ջրի ծփանքներով լվացված սալաքարի վերա, ախորժանոք խմեց և լվացվեցավ: Հետո կանգ առավ մի քանի րոպե գետակի ափում, ուշադրությամբ դիտեց նրա ականակիտ ալիքները և զմայլեցավ նրանցով: Ամբողջ տասներկու ամիս Քռի պղտոր և տգեղ երեսը տեսնող գավառացու վերա հարկավ գրավիչ և զմայլեցնող ազդեցություն պիտի աներ հարազատ հայրենյաց վճիտ գետակը յուր կարկաչահոս ալիքներով... ով որ ապրել է բնության հարստության մեջ, նա ճանաչում է առվակի մրմունջը, ծառերի շրշյունը, զեփյուռի շունչը, ով որ գիտե, թե ինչ է անտառը, հովիտն ու արոտը, լեռան ստորոտը և գնահատում է ապականությունից ազատ կուսական օրերը, նա կհասկանա, իհարկե, նաև Պետրոսի զմայմունքի պատճառը:

Վերջապես մի ժամից հետո մեր ճանապարհորդը հասավ տուն: Պ. Թովմասը առաջինն էր, որ պատահեց եղբորորդուն հենց տան բակի մեջ, գրկեց նրան և սիրով համբուրեց: Բայց որովհետև շտապում էր խանութ, ուստի նորեկով երկար զբաղվել չկարողացավ: Նա գնաց խանութ, խոստանալով, որ կաշխատե շուտով վերադառնալ:

Տիկին Հռիփսիմեն տան պատշգամբից տեսավ որդուն և քիչ էր մնում, որ շտապելուց գլորվեր սանդուղքների վերա: Պետրոսը վազեց դեպի նրան և յուր զորեղ բազուկների մեջ առնելով գրկեց մորը, որ արդեն թուլանում էր ուրախությունից:

— «Պետրե, իմ քաղցր, իմ անուշիկ որդի...» — այսքան միայն արտասանեց գորովագութ մայրը և ուրախության արտասուքները հորդեցին նրա աչքերից:

Նրանք ներս մտան տուն: Մայր և որդի դեմուդեմ նստած դեռ մի քանի րոպե շարունակ նայում էին իրար վերա առանց մի խոսք արտասանելու: Վերջապես Պետրոսը սկսավ խոսացնել մորը զանազան հարցեր առաջարկելով նրան:

Մինչև որ տ. Հռիփսիմեի հոգեկան հուզմունքը կանցներ, ծիծաղադեմ ներս մտավ նրանց մոտ օրիորդ Աստղիկը, որ նույնպես Պետրոսի գալուստը տեսել էր իրենց պատշգամբից:

Երիտասարդը արագությամբ վեր թռավ տեղից և վազեց դեպի սիրուհին: Երկու սիրահարները առանց մի րոպե կանգ առնելու գրկախառնվեցան և ջերմաջերմ համբուրեցին իրար:

Ես բոլորովին չէի սպասում քեզ և հավատացած էի, որ ոչ մի հրավեր չէր կարող քո մտադրությունը խանգարել, — խոսեց օրիորդը առաջին անգամ. — ինչպես եղավ ուրեմն, որ դու որոշեցիր գալ այստեղ:

Դու չէիր սպասում, ճշմարիտ է, այդպես էլ գրել էիր քո նամակում. Բայց դու միևնույն ժամանակ գրել էիր և այն, որ դու չես արգիլում ինձ հանգամանքներին հնազանդելու:

Ինչ էիր ուրեմն հասկանում դու այդ խոսքից:

Այն՝ որ ուրեմն կային հանգամանքներ, որոնց ես պետք է հնազանդեի, որովհետև ուրիշ կերպ վարվելու ես ուժ չունեի:

Ցավալի է... բայց և այնպես ես ուրախ եմ. դու այժմ այստեղ մեզ մոտ ես...

Բայց ինչո՞ւ համար եմ ես այստեղ, մի՞թե այժմ գոնե չեք կարող ասել ինձ:

Ես ոչինչ չգիտեմ:

Դու էլ, մայրիկ ոչինչ չգիտես:

Ինչ որդի:

Թե ինչո՞ւ համար է ինձ հորեղբայրս կանչել:

Գիտեմ, ինչպես չէ, հոգիս, գիտեմ, հորեղբայրդ մեծ կապալ է վերցրել, ասում է, որ մեծ փողեր է աշխատելու այս գործի մեջ. քեզ էլ կանչել է, որ համ ամառը մեզ մոտ անցնես, համ էլ յուր բախտավորությամբ ուրախանաս:

Պետրոսը մոր միամիտ բացատրությունը լսելով սկսավ ուրախ-ուրախ ծիծաղել: Աստղիկը, որ երկրորդ անգամ էր այս բացատրությունը լսում, նույնպես ընկերացավ Պետրոսին: Իսկ տիկին Հռիփսիմեն, որ չէր կարողանում նրանց ծիծաղելու պատճառը հասկանալ, առաջ զարմացմամբ սկսավ նայել նրանց վերա, բայց հետո սիրելիների խաթրը չկոտրելու համար ինքն էլ սկսավ ծիծաղել:

Ուրախությունը ընդհանրացավ, բայց գաղտնիքի լուծումը մնաց անորոշ:

Ի

ԳԱՂՏՆԻՔԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԼՈԻԾՎՈԻՄ է

Ինչպես գիտեք, պ. Թովմասը առավոտները շատ վաղ էր զարթնում, որպեսզի սովորական ժամանակին դիմե յուր գործին: Պետրոսը, որ յուր տարտամ և անորոշ վիճակի պատճառով անհանգիստ էր և աշխատում էր ժամ առաջ իմանալ, թե ինչով պիտի վերջանա յուր վերադարձի խորհրդավոր պատմությունը, հետևյալ օրը նույնպես վառ զարթնեց, պատրաստվեցավ և դիմեց հորեղբոր մոտ:

Առանց կողմնակի հարցեր շոշափելու՝ նա ուղղակի յուր գործից սկսավ:

Սիրելի Հորեղբայր, ինչպես ձեզ նամակով գրած էի, գիմնազիոնը ավարտելուց ետ ես պետք է գնայի համալսարան: Դրա համար ես ձեզանից փող խնդրեցի, բայց դուք հեռագրեցիք ինձ վերադառնալ ձեզ մոտ, որովհետև, ինչպես գրում էիք, «կարևոր և անհետաձգելի նորություն» ունեիք ինձ հաղորդելու, և սպասում էիք ինձ: Ձեր հրամանը ես կատարեցի, և այժմ, ինչպես տեսնում եք, ես ահա ձեզ մոտ եմ: Հայտնեցեք խնդրեմ, ինչ կարևոր և անհետաձգելի նորություն ունիք ինձ հաղորդելու:

Հորեղբայր Թովմասը ծանր կերպով շարժվեցավ բազկաթոռի մեջ, ոլորեց մի անգամ յուր շնորհալի ընչանցքը և ծանրությամբ պատասխանեց.

Շատ շնորհակալ եմ, Պետրե, որ դու լսել ես իմ հրամանը և վերադարձել այստեղ: Ես էլ, որդի, միայն քեզանով եմ ուրախ, և այնքան որ չարչարվում, տանջվում եմ, բոլորը քեզ համար է: Այժմ ես կբացատրեմ, թե ինչու համար եմ կանչել քեզ այստեղ:

Տեսնում ես, որդի, ես արդեն ծերացել եմ. մազերիս մեծ մասը սպիտակել է, և այսօր կամ վաղը գերեզման պիտի իջնեմ: Հիսունից ավել տարիք ունեցողը ծեր է համարվում, իսկ ես արդեն վաթսունի մոտ եմ: Ցանկանալով քանի աչքս բաց է քեզ բախտավոր տեսնել, ես քեզ կանչեցի այստեղ ամուսնացնելու համար...

Ինչպես, ամուսնացնելու համար... — զարմացած հարցրեց Պետրոսը:

Այո, որդի, ամուսնացնելու համար, և ինչ, մի՞թե շնորհակալ չես:

Ձեզանից ես միշտ եմ շնորհակալ, սիրելի հորեղբայր, բայց ամուսնանալը ինձ համար դեռ շատ վաղ է. ես դեռ երեխա եմ, ես դեռ իմ ուսումը չեմ ավարտել...

Դրանք դատարկ բաներ են, դու ոչ միայն երեխա չես, այլ մինչև անգամ մի քիչ էլ ավելի ես մեծացել, իսկ շատ ուսում առնելը քո ինչին է հարկավոր: Ուսումը թող նրանք առնեն, որոնք ստիպված են ուսման միջոցով փող աշխատելու, իսկ դու, փառք աստուծո, այնպիսի հարստություն ունիս, որ կարող է քեզ առանց ուսման էլ անկարոտ ապրեցնել: Եվ վերջապես ինչիդ է հարկավոր համալսարանը, գիմնազիոնական ուսումն էլ մեծ ուսում է:

Չէ, հորեղբայր, այդպիսի դիտավորությունը իմ մասին վաղաժամ է. ես մինչև որ իմ ուսումը չավարտեմ համալսարանում, ամուսնանալ չեմ կարող:

Անկարելի է, Պետրե, դու պետք է ամուսնանաս, որովհետև ես արդեն աղջիկն ընտրել եմ և աղջկա հորը ամենապատվավոր խոսք եմ տվել, դու չպետք է ստիպես քո հորեղբորը դրժել յուր խոստմանը:

Ես ամեն բան կանեմ ձեր պատիվը բարձր պահելու համար, բայց ամուսնանալ այս հասակում, ես չեմ կարող:

Բայց ես քեզ ասում եմ, թե աղջիկն արդեն ընտրել եմ:

Ես այդ լսեցի:

Թե աղջկա հորը պատվավոր խոսք եմ տվել:

Այդ էլ լսեցի:

Ուրե՞մն:

Ես չեմ կարող ձեր առաջարկությունն ընդունել:

Գժվե՞լ ես, թե կատակ ես անում:

Շատ լրջությամբ եմ խոսում:

Չէ, որդի, չէ դեռ անփորձ ես, դեռ խելքդ բան չէ կտրում, ես ինչ որ կասեմ քեզ, դու էլ այն կանես:

Տեսնում եք, դուք ինքներդ եք ասում, որ ես անփորձ եմ, որ խելքս բան չէ կտրում, ուրեմն սպասեցեք դեռ մի քանի տարի էլ, երբ իմ ուսումը ես կավարտեմ, այն ժամանակ արեք ինձ հետ, ինչ որ կամենում եք:

Չէ, որդի, հիմա ամենալավ ժամանակդ է. ես էլ էսօր-էգուց արի, որ այս հասակին հասա, քանի ջահիլ ես, շուտ արա պսակվիր, թե չէ երկու տարի չի անցնիլ, մեկ էլ կտեսնես, որ ինձ նման վաթսուն տարեկան դարձար... Պսակվելը լավ բան է, որդի, պսակվիր և չես փոշմանիլ:

Այդ բոլորը ես հասկանում եմ, բայց դեռ իմ ժամանակը չէ. ես ավելի լավ կհամարեմ իմ ամբողջ կյանքում ամուրի մնալ, քան թե ուսումս չավարտած ամուսնանալ:

Տո մարդ աստծո, դեռ մի հարցրու, թե ինչ մարդու աղջիկ եմ ուզում քեզ համար:

Այդ միևնույն է, երբ որ ես ամուսնանալու կամք չունիմ, թեկուզ թագավորի աղջիկ լինի ուզածդ:

Երեխա-երեխա մի խոսիլ. քո հարսնացուն Մելքոն-աղա Խալաթյանի աղջիկն է, գիտես, մեր քաղաքի ամենաառաջին հարստի աղջիկը:

Հավատացեք, սիրելի հորեղբայր, որ այդ էլ ինձ համար նշանակություն չունի:

Գժվե՞լ ես, ի՞նչ է. հարյուր հազարից ավելի օժիտ կտա աղջկանը:

Թեկուզ յուր բոլոր կարողությունը տա. ես այս միջոցում աղջիկ չեմ ուզում:

Բայց գիտե՞ս ինչ աղջիկ է. գեղեցիկ, սիրուն հասակով, մեծ ուսումով, քեզանից տասն անգամ ավելի լավ կխոսի ռուսերեն, ֆրանսերեն, և էլ չգիտեմ ինչերեն:

Պետրոսը ծիծաղեց:

Հապա, դեռ եթե իմանաս, ինչ խելոք, ինչ բարի աղջիկ է նա:

Եթե մինչև անգամ երկնքից իջած հրեշտակ լինի նա, հորեղբայր, դարձյալ կրկնում եմ, որ ես ամուսնանալ չեմ կարող:

Եթե ուսմանդ պատճառով չես ամուսնանում, լավ, ամուսնացիր, հետո գնա էլի շարունակիր քո ուսումը:

Այդ ավելի ծիծաղելի կլինի:

Ուրեմն ինչպե՞ս ես ուզում, որ անենք:

Պիտի գնամ ուսումս շարունակելու, ուրիշ ոչինչ:

Բայց ես պատվավոր խոսք եմ տվել նրա հորը. ես մինչև անգամ մատանի եմ տվել նրան:

Բոլորովին իզուր:

Կնշանակե, ես ոչինչ իրավունք չունեի քեզ վերա, հա, կնշանակե ես իզուր էի այսքան ժամանակ փող վատնում, կնշանակե ես մի օձ էի սնուցանում իմ ծոցում, որ վերջ ի վերջո ինձ պիտի շանթեր և սպաներ:

Ինչու համար եք ինձ այդ աստիճան ստորացնում, սիրելի հորեղբայր, մի՞թե ես մինչև այսօր մի բանում հակառակած եմ ձեզ, կամ մի հանցանք ունիմ գործած ձեր դեմ:

Ինչ որ այսօր ես անում, դա ամենածանր անպատվությունն է, որ հասցնում ես ինձ: Ինչպե՞ս եք ուրեմն հրամայում, որ ես գործեմ:

Ամուսնացիր Մելքոն-աղայի աղջկա հետ, նստիր իմ տանը և վայելիր իմ բոլոր կարողությունը, ահա իմ խնդիրը քեզանից: Միթե սրա կատարելը մի դժվար գործ է:

Չեմ կարող:

Եթե այդպես է, ես էլ չեմ կարող պահել ոչ քեզ և ոչ էլ քո մորը, այսօր ևեթ դուք կարող եք թողնել իմ տունը:

Այս խոսքերը արտասանվեցան այնպիսի մի վճռական ձայնով, որ խեղճ Պետրոսի արյունը սառեցավ երակներում: Երկու րոպեի մեջ նա պատկերացրեց յուր առաջ այն կործանված դրությունը, որ կարող էր պատրաստել նրանց համար հորեղբոր անողոք վճիռը: Առանց այդ մարդու օգնության մայր և որդի քաղցությունից կարող էին մեռնել, սա այնպիսի ճշմարտություն էր, որի հետ կատակ անել չէր կարելի:

Այս պատճառով Պետրոսը մտածեց խորամանկություն բանեցնել, մինչև որ տեսներ, թե բանը ինչո՞վ է վերջանում:

Եթե մինչև անգամ ես հոժարվիմ ամուսնանալ, դեռ պետք է աղջկանը տեսնեմ, քննեմ նրան և ուսումնասիրեմ, — սկսավ խոսել Պետրոսը. — եթե կարողացա հավանել նրան, ինչ խոսք ունիմ՝ կամուսնանամ, բայց եթե չհավանեցի, դուք խո չեք կամենալ, որ ես ինձ դժբախտացնեմ:

Հա՛, ես քեզ կտանեմ Խալաթյանի տունը, կծանոթացնեմ նրանց ընտանիքի հետ. նստիր այն աղջկա մոտ, ժամերով խոսիր նրա հետ, քննիր նրան ինչպես որ դու կամենաս, և ի վերջո եթե կհավանես, խո լավ, եթե չես հավանիլ, ինչ խոսք ունիմ, կարող ես թողնել նրան և դարձյալ քո ուսման ետևից գնալ:

Պետրոսի սիրտը մի փոքր ուրախացավ: Նա խոստացավ հորեղբորը հետևյալ առավոտ գնալ նրա հետ Խալաթյանի տունը՝ յուր հարսնացուն տեսնելու համար:

Այս համաձայնությունից հետո պ. Թովմասը գնաց յուր գործին, իսկ Պետրոսը վերադարձավ յուր մոր մոտ:

ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Իմացա՞ր, Պետրե, ինչո՞ւ համար է Թովմասը բերել տվել քեզ, — հետաքրքրությամբ հարցրեց տ. Հռիփսիմեն որդուն, երբ վերջինս ներս մտավ յուր սենյակը:

Իմացա, մայրիկ, իմացա, պատճառը մի տարօրինակ պատճառ է, — տխրությամբ պատասխանեց Պետրոսը:

Այսինքն ի՞նչ:

Հորեղբայրս շատ է մտածում իմ մասին, նա բերել է տվել ինձ ամուսնացնելու համար:

Ի՞նչ ես ասում, երևի քո և Աստղիկի բանը հասել է նրա ականջին, — միամտությամբ հարցրեց Հռիփսիմեն:

Չէ, մայրիկ, իմ հորեղբոր ընտրած հարսնացուն Աստղիկի նման խեղճ աղջիկ չէ, նա քաղաքիս ամենահարուստ մարդու աղջիկն է, մեծ փողով, մեծ օժիտով

Եվ դու հավանո՞ւմ ես նրա ընտրությանը:

Ինչո՞ւ չէ. և ո՞վ չի հավանիլ Խալաթյանի աղջկան:

Որ հարստությունից զատ էլ մի ուրիշ արժանիք չունի՛:

Եվ դու կարծում ես, թե այդ փո՞քր արժանիք է:

Պետրե, Պետրե, այդ ինչե՛ր ես խոսում, հապա իմ Աստղի՞կը, իմ խելոք, իմ գեղեցիկ հարսնացուն...

Նա էլ կմնա իրենց տանը:

Իրե՞նց տանը:

Կամ ինձանից մի լավ տղայի հետ կամուսնանա:

Իսկ ես առանց նրան կմեռնեմ, առանց իմ Աստղիկին ես չեմ ապրիլ, դու առաջ քո մորը պիտի սպանես, Պետրե, և ապա թե Աստղիկին թողնես...

Այս խոսքի վերա տ. Հռիփսիմեի աչքերը արտասուքով լցվեցան:

Իմ խեղճ, իմ բարի մայր, և դու կարծում ես, թե ես ճշմարտությո՞ւն եմ խոսում... Ո՞վ անմեղություն, որ նույնչափ դժբախտ ես, որչափ և երջանիկ... Չէ, մայրիկ, չէ. առաջ աշխարհը պիտի փուլ գա և հետո Պետրոսը Աստղիկին թողնե:

Այդպես խոսի՛ր, Պետրե, ապա թե ոչ, ես կխելագարվիմ:

Հանգիստ եղիր, մայրիկս, երիտասարդները նրա համար չեն սիրում, որ ծերուկների քմահաճությանը զոհեն իրենց բախտը... հանգիստ եղիր, այդպիսի հիմարություն ես չեմ անիլ:

Այս խոսքի վերա ներս մտավ Աստղիկը ուրախ և ժպտադեմ:

Դուք հո չեք բարկանում, որ ես այսպես վաղ ձեր տուն եմ գալիս, — ծիծաղելով հարցրեց օրիորդը և սիրով ողջունեց բարեկամներին:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Next Last