Թումանյան Հովհաննես՝   Պատմվածքներ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 Next Last

Это тамдалеко, — ձեռը թափ տալով, իբրև պատասխանեց հայրը և շարունակեց «ղնջռտալով» նայել աղքատ սրնգահարին, որ, զանազան ոստումներ ու ծամածռություններ անելով, պար էր գալիս ներքև` բակում:

Զվարթ էր նրա սրնգի ձայնը, պարի եղանակը, աշխույժ էր և պարը, միայն տխուր էին նրա թուխ, կրակոտ աչքերը, որ երբեմնակի նայում էին վերև...

Եվ այսպես պար էր գալիս հայրենիքից հալածված, ոչխարը խլած Սասունի լեռների հովիվը: Նրա հնամաշ շորերի ձորձերը թռչկոտելով դիպչում էին բարձր ազդրերին ու բաց սրունքներին, հորինելով մի ցավալի տեսարան:

ՔԱՋԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

«...Քաջ լոռեցիք էլ որ իմացան, էլ դինջություն չունեին, սրանք էլ էին ուզում նրանց իրանց մեջը բերեն, պատիվ տան: Մեկ ամսաչափ էլ էստեղ մնաց (Աղասին)...»

«Վերք Հայաստանի»

I

182... թվականին բացվեց Երևանի պատերազմը: Ռուսաց զորքը դեռ չէր հասել պատերազմի բեմը, և սանձարձակ պարսիկներն ասպատակելով, կողոպտելով Շիրակը, Փամբակն ու Աբարանը, առաջ էին գալիս:

Հասան խանի խաժամուժ հրոսակներն արդեն Խըլղարաքիլիսեն քանդել, Ղշլաղը կրակել, Մեծ Ղարաքիլիսեն ավերել, ռուսաց սակավաթիվ զորքը ջարդել, Լոռու ձորերի բերանն էին հասել:

Նրանց առաջից փախչում էր զարհուրած հայոց ժողովուրդը. փախչում էր ամեն բան թողած, յուր չոր գլուխն առած, որ ետևից եկող թշնամուց ու մահից պատսպարվելու մի տեղ գտնի:

Պարսիկների այս բարբարոսական շարժումը ոգևորեց, ոտի կանգնեցրեց իրանց կրոնակից ՂազախԲորչալվի թուրք ցեղերին, ուր դեռ չէր հասել Հասան խանը: Այս կողմերից էլ հալածվեցան, տեղից ու գեղից պոկ եկան, փախստական դարձան հայերը, և Փամբակ, Շորագյալ, Աբարան, Ղազախ, Բորչալու տակնուվրա եղան, դատարկվեցան մի քանի օրում:

Այս բոլոր հալածականներն ամեն կողմից փախչում-թափվում էին Լոռու ամուր ձորերը, մինչև կհասնեին Դսեղ:

II

Դսեղը յուր անառիկ ու չքնաղ դիրքով նման է մի բնակերտ ամրոցի: Նրա փոքրիկ հարթավայրը շրջափակված ու ամրացած է հարավից անտառապատ սարերով, իսկ մնացած երեք կողմից` խոր ձորերով:

Նրա հանդի սահմանները հարավից սկսվում են հովասուն, բարձր լեռներով, հյուսիսում վերջանում անդնդախոր ձորերով: Նրա հարավային սահմանում` Քոշաքարի ժեռատ կատարին թռչկոտում է քոշը և բուսնում ղանձիլ, իսկ հյուսիսում` Ձաղի ձորում` ապրում է կարիճ և հասնում խաղող:

Այս երկու սահմանների մեջ կան թանձրախիտ, կուսական անտառներ, որ կացնի ձայն չեն լսած, ուր ծառերի փչակներում բուն է դնում մեղուն, թալաներում ապահով վխտում են երեները, մոռուտներում ինքնիշխան թագավորում է արջը, և շամբուտներում հանգիստ ապրում է վարազը: Կան ժայռեր, ուր բուն է դնում արծիվը և թռչկոտում այծյամը...

Բայց մենակ հրաշալի բնության համար չեն խելոք ճանապարհորդներն այս գյուղը կոչել «փոքրիկ Զեյթուն», կամ դիրքի ամրությունը չէր պատճառը, որ թշնամու ոտքը չէր ծեծում այստեղ:

Հին ժամանակներից ի վեր Դսեղը պարծեցել է յուր քաջերով: Առած է դարձել, թե «Դսեղա իգիթների անունը Դաղստան է հասել»:

Դսեղա ձորերը լիքն են ավերակ տնակներով: Այդ բոլորը ժամանակավոր բնակարան ու օթևան են եղել զանազան տեղերի ժողովուրդների, որ ահ ու փախի ժամանակ ապաստանել են այս տեղերը, մինչև անցել է երկյուղն ու թշնամին:

Այս այն Դսեղն է, որ մեծազոր Մամիկոնյանները, Արշակունյաց փառքի վերջալույսին, երեսուն տարի ևս մեն-մենակ հաղթանակներով ճակատ ճակատի զարկելով պարսիկների ու արաբների հետ, ձանձրացած, X դարում թողին իրանց հայրենի սրբազան Տարոնը, եկան բնակվեցին այստեղ:

Դեռ մնում են նրանց շիրիմները, նրանց կանգնած խաչարձաններն ու մատուռները, դեռ մնում է նրանց կառուցած ճերմակ տաճարը-Բարձրաքաշ սուրբ Գրիգորի վանքը, և դեռ կանգուն Սիրուն Խաչի վրա կարդացվում է «Յիշխանութեան տանն Մամիկոնեան...»:

Դեռ ժողովուրդն ավանդորեն պատմում է, թե այստեղ ապրեցին այն լավերը, այստեղ կռվեցին և այստեղ մեռան.

III

Ինչպես ղրղին հանկարծ վրա է տալիս և ճնճղուկները ահաբեկված այս ու այն կողմից փախչում-լցվում են մի թփի մեջ, որ ազատվեն, ինչպես ուրուրը պտտվում է երկնքում և հավի ճուտերը լեղապատառ հավաքվում են մոր թևի տակը, — այնպես էր Հասան խանի ահից հալածված` Փամբակա, Շորագյալի, Աբարանու, Ղազախու, Բորչալվի, Լոռու ժողովուրդը փախել, լցվել Դսեղա ձորը:

Դսեղեցի Օվագիմ յուզբաշին, քառասուն աժդահա տղամարդ հետն առած, անքուն, անդադար ոտի տակ էր տալիս Սիսի բերդից մինչև ՀաղբատՍանահին, Լոռու ձորերի մի ծայրից մինչև մյուսը, թևատարած արծվի նման պտտվում էր յուր ձորերի գլխին և սիրտ էր տալիս քարանձավներում, քարափների տակ կուչ եկած, իրան թևի տակը մտած ժողովուրդներին:

Վա՜խիլ միք, — սրտապնդում էր նա, — քա՞նի գլխանի կըլի էն ղզլբաշը, էն դուշմանը, որ էս ձորերը ոտ կոխի... բաս էլ ընչի համար ենք մեր գլխին տղամարդի գդակ դնում, էլ ընչի համար ենք թուր ու թվանք վեր անում...

Իրա նման էին և իրա բոլոր ընկերները: Հասան խանի չափաուլներըասպատակները առաջին անգամ սրան պատահեցին Գյուլլադագանա կիրճում, Լոռու ձորերի նեղ բերանում, և գլուխները կորցրած ետ նահանջեցին. երկրորդ անգամ ջարդվեցին Շահալվի ձորում, որը մինչև օրս էլ «Կռվատեղ» է կոչվում, իսկ երրորդ անգամ Հնեվանա ձորում քանդած Ուզունլարի թալանը խլել տվեցին գիշերով:

Այսպես անպարտելի կռվում էր, մի նոր գայլ Վահանի նման, այս «Լոռու ձորերի աստվածը» յուր առյուծ ընկերներով:

IV

Ծերունի Մեհրաբը, Օվագիմի հայրը, Լոռու ձորերի նահապետը, ըսկի չէր էլ մտածում, թե հարյուր տարին անց է կացրել: Նրա վիթխարի, բարձր հասակը կորացել էր, նորից ամրացել ճերմակ մազ ու միրուքը բռնել կուրծք ու երես, և աժդահայի ահավորության հետ խառնել, միացրել ծերության պատկառանքը:

Թշնամու անունը նոր ույժ ու եռանդ տվեց նրան, որդու և յուրայինների սխրագործությունները նոր սիրտ, նոր ուրախություն, և, մինչդեռ աշխարքը լողում էր արյան ծովում, այս ծեր արծիվը, յուր ժայռերի գլխին նստած, թշնամու վրա ծիծաղում ու իրանց պապերիցն էր պատմում:

Մեր պապերն էս թավուր մարդիկ են էլել, — ասում էր նա, — մենք նրանց թոռներն ենք, նրանց սիրտն ու նրանց արինն ունենք... Ղուշն իրան թևովը, օձն իրան պորտովըթշնամի անունով չպետք է մեր ձորերովն անց կենա: Մեր ճամփեքը թշնամու համար փակ ու կապ պետք է լինեն. — մեր տան դուռն ու մեր սիրտը բարեկամի համար ա բաց... Նամարդի համար մենք թուր ու թվանք ունենք, տղամարդի համար` աղուհաց...

V

Այս ժամանակներում ամեն մի քաջ տղամարդի համբավ ու գործ կայծակի արագությամբ տարածվում էր երկրե-երկիր, բերանե-բերան: Սաստիկ ճնշումն ու հալածանքը կատաղեցրեց, դուրս կանչեց ժողովրդի քաջերին, և ամեն տեղ հոգով արի տղամարդը մռնչաց, աղաղակեց, զենք առավ, սուր բարձրացրեց ղզլբաշի դեմ: Տառապած, պաշտպանության կարոտ ժողովուրդը ոգևորությամբ նկատում ու հռչակում է այս սակավաթիվ հերոսներին:

Փամբակա, Շորագյալի, Աբարանու փախածներից ով գալիս, Քանաքեռցի Աղասու գովասանքն էր բերում հետը: — «Աղասին, իգիթ Աղասին... ղզլբաշի հոգին հանեց... քրդի արյունով քար ու հող լվաց Աղասին... Ալագյազու վրա պատահեցհաղթեց... Անի քաղաքում կռվեցկոտորեց Աղասին... Մի տեղ առաջը կտրեցին, — ջարդեց անցավ Աղասին... Մի տեղ ուզեցին բռնել, փշրեց փախավ Աղասին...»:

Այս լուրը ոգևորեց Դսեղա իգիթներին և հայտնեցին Մեհրաբ յուզբաշուն:

— «Աֆֆարի՛մ իգիթ, — բացականչեց հիացած ծերունին Աղասու պատմությունը լսելուց հետո. — որտեղ որ լինի, մի բերե՛ք տեսնեմ, ճակատիցը պաչեմ, քանի չեմ մեռել»:

Եվ կատարվեցավ ծերունու իղձը:

VI

Աղասին Ղարաքիլիսու սարերից հրավիրված էր Դսեղ:

Հին սովորությամբ անվանի հյուրի պատվին, ինչպես Աղասին էր, խաղեր, հանդեսներ էին սարքվում: Ջիրիդ (ձիարշավ) էին խաղում «ղոնախի» հետ, թագավորաորս էին անում, և ուրիշ դյուցազնական խաղեր էին հորինում: Բացի պատիվը, դրա մեջ կար և մի ուրիշ միտք. — այդ հանդեսներում ճանաչում էին իրանց «ղոնախին», թե ինչ շնորհքի տեր մարդ է նա:

Մարդիկ էր ուղարկել ուրախացած Մեհրաբ յուզբաշին և շրջակա տեղերի հայտնի քաջերին հրավիրել, հավաքել Դսեղ: Եկել էր ճոճկանեցի Խուդին, որ ասլանի սիրտ ուներ, Գյուլլուբաղցի Դոնղուզ Ղռանը, որ լեգզու արյուն էր խմում, Արդվեցի լեգզի Պետոն, որ մազը մազից ջոկում էր գյուլլով, Սանահնեցի Արութինը, որ ձին աստղերի հետ էր խաղացնում, Շնողնեցի վիթխարի Վերանը, Հաղբատեցի աժդահա Պրանը և ուրիշ անվանի քաջ մարդիկ: Եկել էին և զանազան տեղերից փախած ժողովուրդների մեծերն ու տանուտերերը:

Այս բոլորին հավաքել էր Մեհրաբ յուզբաշին Աղասու պատվին լինելիք խնջույքն ու հանդեսը փառավոր անելու համար:

Սրա համար էր, որ առավոտը վաղ Մեհրաբ յուզբաշու ծաղրածու Ղազոն, որ միևնույն ժամանակ լավ քարագնաց էր, կատվի նման մագլցելով բարձրացավ, յուզբաշու տան դիմացը, մի բարձր խոտի չարդախի աջի ծայրին ամրացրեց մի ընկույզ:

Ժողովուրդը հավաքվել, դառն ու կտուր բռնել, թամաշավոր էր կանգնել:

Դուրս եկան տանից հրացանավորները, և արծաթաբանդ հրացանները փայլատակեցին արևի շողերից:

Էդ ինչ եքքա (ահագին) նշան ես դրել, է՛յ Ղազո, քարով տալու համար խո չի... — զվարճախոսելով ու նշանն արհամարհելով առաջ անցավ ծերունի Մեհրաբը: Բոլորը հանկարծ լռեցին. ծիծաղ ու աղմուկ դադարեց, շունչները պահած ընկույզին էին նայում:

Հրացանը որոտաց, ընկույզը կորավ:

Ո՞նց էր, — կրծքին զարկելով ետ դարձավ ծերունին. — չըլնի թե միրքիս եք մտիկ անում, էս շատ մածուն ուտելուց ա սիպտակել. բա՛ս դուք ի՞նչ եք մտածում... դե՛հ, առաջ արի մի հունարդ տեսնեմ, հենց արա չամաչես իմ ծերությունից, — և հրացանը տվեց Աղասուն:

Նորից բարձրացավ Ղազոն, նոր նշան դրեց, բայց դեռ չէր իջել աջից, որ Աղասու գնդակը նշանը թռցրեց: Այդպես և մյուսները:

Էդ չելավ, ես դրան թվանք չեմ գցիլ... տարեք հեռու մի խանչալ տնկեցեք, կողքին էլ մի հաստ տախտակ, որ գյուլլեն պահի: Նշան դնենք խանչալի սուր բերանին, էնպես, որ գյուլլեն երկու հավասար մասի բաժանվի. եթե մի մասը մյուսից ծանր էլավկնշանակի չի դիպել, — ձայն տվեց Օվագիմ յուզբաշին, և համաձայնվեցին սրա հետ:

Այս նշանին առաջին անգամ առաջարկողը հրացան արձակեց, և, որքան ձեռքերում ծանր ու թեթև արին, չկարողացան գնդակի երկու մասերի ծանրությունն իրարից որոշել:

Պակաս չէր և Հաղբատեցի Պրանի արածը, որ տախտակում տված առաջին գնդակի ծակով անցկացրեց հետևյալ գնդակները: Բայց ոչ ոք չհամաձայնվեց կանգնելու Արդվեցի լեգզի Պետոյի առաջ, որ առաջարկում էր, թե մեկը հեռու կանգնի, գլխին մի խնձոր դնի, որ ինքը հրացան արձակի խնձորին:

Եվ այսպես մեկը մյուսից գերազանց հանդիսացան:

Ժողովուրդը ցնծաց. գովեց յուզբաշիներին, գովեց Աղասուն ու յուր ընկերներին և հրավիրված բոլոր քաջերին:

Իսկ իրիկնադեմ ջիրիդ էր նշանակված:

Զուռնի զիլ ձայնն ու դհոլի դրմբոցը իմացրին, թե պատրաստ է ձիարշավի դաշտը, և ժողովուրդն անհամբեր սպասում էր գյուղից վերև:

Եկա՛ն, եկա՜ն...-հանկարծ ժողովուրդն աղաղակեց, միաժամանակ շների հաչոցն ու ձիաների խրխինջը բարձրացավ, և ահա երևաց դյուցազնական ժամանակներին վայել մի հեծելախումբ: Հսկա ծերունին` Մեհրաբ յուզբաշին, վառվում էր կատարյալ զինավառության մեջ: Գդակը թեքած ականջի վրա, նա տաքացնում էր յուր ամեհի ձին, և, սպիտակ միրուքը քամու հետ խաղալով, մերթ ուսովն էր անցնում, մերթ կռան տակովը: Նրան շրջապատած գալիս էին յուրայինները, Աղասին յուր ընկերներով և մյուս հրավիրվածները, բոլորն էլ հզոր, զենք ու զրահի մեջ կորած:

Այսպես երևացին նրանք ձիարշավի տեղը: Զուռնեն սաստկացավ, ամբոխն անհանգիստ իրար խռնվեց, ամեն մեկն աշխատում էր, որ շատ հիանա այս ահավոր գեղեցկության վրա:

Հանկարծ փոշին բարձրացավ սև ամպի նման, բռնեց բոլորի աչքի առաջը, և ահագին տրոփյունը գետինը շարժեց:

Նրանք երբեմն-երբեմն ջոկվում էին, իրար հետ մրցում, ջիրիդ արձակում կամ խաբսն էին տալիս, փախչում իրար առաջից, խաղ անում ձիու մեջքին ու փորի տակին, ձին չափ գցած ժամանակ իրար գլխարկ էին փախցնում, կավ գետնից բան էին վերցնում, և, ընկերախաղի տալով, աշխատում էին իրանց շնորհքը ցույց տալ, առանց իրար ջիրիդով վնասելու կամ հաղթելու:

Մի ժամից հետո ամբողջ դաշտը կարծես վարած էր գութանով, կամ հազարավոր խոզեր քանդ էին արել:

Ուրախության աղմուկներով հիացած ժողովուրդը փոշեղեն ամպերում նկատում էր յուր ծերունի նահապետի ճերմակ միրուքն ու ճերմակ ձին, նրա կողքին փայլականման Աղասուն, առյուծանման Օվագիմին, և բոլորին միասին, որպես մի բազմագլխանի մարմին, մի փախած վիշապ: Ժողովուրդը չէր իմանում, թե որն է որին խնայում...

Այդ չէր իմանում և ցնծության աղաղակներով գովում էր մեկին ու մյուսին, գովում էր ալևոր Մեհրաբին, նրա կորյուններին, քաջ Աղասուն և նրա ռաշիդ ընկերներին և մյուսներին: Այսպիսի հանդիսից հետո տուն վերադարձան:

Մեհրաբ յուզբաշին պատվիրեց, որ առավոտը գիշերով թոռչիներ (ձկնորսներ) գնան ձորը, ձուկը բռնելու, որսորդներ գնան, որս անելու, և ամեն տեսակ պատրաստություն տեսնեն, որ յուր «ղոնախների» հետ քեֆ է անելու Ձորագետի ափերին:

VII

Ահա սրընթաց Ձորագետը արյուն է տանում2: Մութը ճալիցն, երկու ժայռերի արանքից դուրս պրծած, սելավաջրի նման պղտոր, արարած ու փրփրած, տակռապոկ արած ծառ ու մացառ, քար ու քոթուկ իրար խառնած, առաջն արած, գոռալով, թշշալով, վշվշալով, տեղ-տեղ, ուզած տեղը թևերը փռելով, արջախնդռուկի անելով3, կրկին իրան հավաքելով, ուռչելով ու քարերի գլխովը թռչելով, արթուրմա խաղալով, ցալքուն տալով, գալիս է Մազմանա գյոլումը կանգնում, պտիտ գալիս, շունչ առնում, դարան մտնում, և հանկարծ վերկենում, իրան թոփ արած, թափ առած, ղրղու նման հասնում, զարկում չոքած Ավանաքարի ապառաժ ծնկներին ու քինթը ջարդած, լացակնքած, գլուխը քորելով, թոնթորելով, գալիս է սուրբ Նշանի դիմացն երեսին խաչակնքում, սիրտը վեր նստացնում ու շարական ասելով աջ կողմի վրա պտտվում, մտնում ՀաղբատՍանահնա ձորերը:

VIII

Ձորագետի ափերին` բոլոր ծառերից բարձր մի խումբ ընկուզենիներ են բարձրանում. ծուխը բարձրանում է նրանց միջից վերև, և քաջերի խումբն աղմկալի ուրախանում, քեֆ է անում այն հսկայական հովանու տակ:

Ծառատակերին, կանաչ խոտերում կարմիր խալիչաները տարածել, մի մեծ շրջան են կազմել անխնա լցրած մավի սուփրաների շուրջը: Ալևոր Մեհրաբն էր յուր հարազատներով, Օվագիմն ու յուր խումբը, Աղասին և յուր ընկերները, Արութինը, Խուդին, լեգզի Պետոն, Դոնղազ Ղռանը, Վերանը, Պրանը և զանազան տեղերից պատսպարված ժողովուրդների մեծերն ու տանուտերերը: Ուրախությունից բացվել, ծիծաղում են նրանց խոժոռ դեմքերը, ինչպես առավոտյան արևի տակ այն սև ժայռերը:

Այստեղ եկան ուղարկած որսկանները, սպանած պախրա բերին իշխանների լիքը սուփրեն, ձկնորսները թազաթազա ձուկն եփեցին Ձորագետի ջրովն ու շուռ տվին տերևի վրա, և քեֆն ավելի թեժացավ:

Զվարթ աղմուկի ու ծիծաղի մեջ հնչում էր Օձնեցի հռչակավոր ուստա Յանըղի զուռնեն և թմբուկի հետ դրմբում էին քարերն ու քարանձավները: Ասողները ճգնում էին իրանց հուժկու ձայներով խլացնել աղմուկն ու զուռնեն, բայց Մեհրաբ յուզբաշու ծաղրածու Ղազոն տանում էր բոլորի ուշքը: Մատռվակները (սաղի) մեծ-մեծ գավեր ձեռքներին, սպասավորում էին շրջանի մեջտեղը պտտվելով. շարունակ հոսում էր Շուլավերի կարմիր գինին, երկայնակոթ հազարփեշաները անցնում էին ձեռքից ձեռք, և, ավելի ևս տաքանալով, աղաղակում էին նրանք` մերթ-մերթ նստած տեղերից դատարկելով հրացանները. գնդակները շառաչում էին բարձրաբերձ ժայռերի կրծքերին, և ձորերը բազմապատկում, տանում հեռացնում էին նրանց որոտը դեպի հեռու ձորեր: Տեր Մելիքսեթ պարթև քահանան էլ երբեմն-երբեմն մի հոգեբուխ մեղեդի էր վառում կամ ոգևորվելով թնդացնում էր Մամիկոնյան մեծ նախարար Սմբատի անվան երգը` «Առյո՜ւծ, արի՛ անպարտելի. ե՛կ, սեր իմ, ե՛կ...»: Ձորագետն էլ մյուս կողմից զանազան եղանակներով, հարբած ալևորի նման, հազար ու մի տեսակ ձայնը փոխելով, երգում էր ի պատիվ թանկագին հյուրերի... և այս բոլորը միախառնված իմացնում, ազդարարում էին, թե քաջերը զվարճանում են:

IX

Ուրախության այս թունդ միջոցին ծերունի Մեհրաբը վերցրեց գինով լիքը հազաբփեշեն, և բոլորը ուշք դարձրին նրան:

Աղասի՛, — ձայն տվեց նա, — ես ուզում եմ օխնել էն ծառը, որ քեզ նման բար ա տվել... ո՞նց օխնեմ. աջողություն մաղթե՞նք, թե՞ ողորմաթասը խմենք...

Այս որ ասաց Մեհրաբ յուզբաշին` Աղասու պայծառ դեմքը մթնեց, ինչպես մի սև ամպ հանկարծ ծածկում է գարնան արևի երեսը. նա լուռ խոնարհեց գլուխը կրծքին. նրա հետ տխրեցին և յուր ընկերները:

Բոլոր սեղանակիցները իրար երեսի մտիկ տվին հոնքերի տակից, ուզեցին ասելերևի տխուր բան հիշեցրին իրանց հյուրերին:

Ուրեմն աստված հոգին լուսավորի, աստված նրա դատաստանը քաղցր անի... — մեղմ կարեկցությամբ խոսքն հառաջ տարավ ծերունին:

Աղասու հերը մեռած չի, յուզբաշի, — գլուխը վեր քաշելով ընդհատեց Աղասու ընկերներից մեկը:

Բաս ընչի տխրեցիք. ընչի՞ չեք խոսում, Կա՛րո, ի՞նչ կա...

Տխրացրիր, ո՞նց չի տխրենք, յուզբաշի, — հառաչեց Կարոն:

Աղասու հերը Երևանու բերդումը եսիր ա... Քանաքեռից աղջիկ փախցնելիս Աղասին ֆարրաշին սպանեց ու փախավ, չոլերն ընկավ, իրան տեղակ հորը բռնեցին... Պառավ մերը, ջահել կնիկն ու երեխաներն էլ...

Կարոյի պատմության հետ մռայլանում էր ծերունի նահապետի դեմքը, որպես Լալվարի սարը աշնան վերջերում, և թավամազ գորշ հոնքերի տակից աչքերը բարկությամբ վառվում էին, որպես կայծակը Լալվարի ամպերում: Սևագնում էին և մյուսները, որպես միասին ամպում են այն սարերը...

Կարոն շարունակում էր.

Պառավ մերը, ջահել կնիկն ու երեխաներն էլ մնացել են Քանաքեռ-թշնամու հողում, ղզլբաշի բերանում... տանջվում են, կանչում են, ձեռքներս հասնում չի... ո՞նց չի տխրենք...

Է՛ հե՜... — բացականչեց ծերունի Մեհրաբը այնպիսի եղանակով, որպես թե մի անսպասելի չար գաղտնիք էր գտել. — սա էլ իգիթի նման ման ա գալիս սարերում... — և, խեթ-խեթ ակնարկելով գունատված Աղասուն, մի դառը ծիծաղով աղաղակեց, — հա՜, հա՜, հա՜, հա՜, իգի՛թ... Բոլորը լուռ էին:

Ափսո՜ս, — մռնչաց ալևորը:

Նստողները գլուխները կախ արին:

Ափսո՛ս, — կրկնեց նա և գինու թասը դրեց ներքև, — ափսո՛ս իմ հաց... ափսո՜ս իմ օջախ... ափսո՜ս, որ ես պաչեցի քո ճակատից... — Ապա թե ձայնը բարձրացնելով, գոռաց. — Մենք սրա՞ն ենք իգիթ ասում... Ոչ ոք ձայն չհանեց:

Մենք նրան ենք իգիթ ասում, որ իրան վառած կրակում ուրիշին թողանի էրվելիս, ինքը գլուխն ազատի, փախչի սարերն ընկնի... իրան նամուսըծնողը, կնիկը, երեխեքը վեր գցի թշնամու առաջին...

Դարձյալ ոչ ոք չխոսաց, թեև բոլորը համաձայն էին:

Ափսո՜ս իգիթ անունը... ափսո՜ս իմ օջախ... ափսո՛՛ս...

Այսպես աղաղակելով տեղիցը վեր կացավ ծերունին, հեռացավ սուփրից. վեր կացան յուրայինները, վեր կացան կանչած հյուրերը, լռեց զուռնի ձայնը, երգը վերջացավ:

Մի քանի վայրկյանից հետո դարձյալ ահագին ձորը մնաց մենակ Ձորագետի գոռոցներին, որոնք միացած, կարծես, մռնչում էին «ափսո՜ս...»:

1895

ԳԻՔՈՐԸ

1

Գյուղացի Համբոյի տանը կռիվ էր ընկել:

Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի: Կինը չէր համաձայնում:

Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էն անիրավ աշխարքը մի գցիլ, չեմ ուզում, — լալիս էր կինը:

Բայց Համբոն չլսեց:

Մի խաղաղ առավոտ էր. մի տխուր առավոտ: Տանըցիք ու հարևանները եկան մինչև գյուղի ծերը, Գիքորի թշերը պաչեցին ու ճամփա դրին:

Քույրը` Զանին, լաց էր լինում, իսկ փոքրիկ Գալոն մոր գրկից ձայն էր տալի. «Գիքո՜լ, էդ ո՞ւլ ես գնում, հե՜ Գիքո՜լ»:

Գիքորը շուտ-շուտ ետ էր նայում: Տեսնում էր դեռ գյուղի ծերին կանգնած են նրանք, ու մայրը գոգնոցով սրբում է աչքերը: Դարձյալ հոր կողքով վազում կամ առաջն էր ընկնում: Մին էլ ետ նայեց. գյուղը ծածկվել էր բլուրի ետև:

Այնուհետև Գիքորը ետ էր ընկնում:

Արի հա՛, Գիքոր ջան, արի հա՛, հասանք հա՛, — որդուն կանչելով գնում էր Համբոն, շալակին մի խուրջին, մեջը մի քանի հաց ու պանիր ու մի երկու դաստա թութան:

Իրիկնապահին, երբ անց էին կենում սարերը, մի անգամ էլ երևաց գյուղը հեռո՛ւ մշուշում:

Ա՛յ, ապի, մեր տունն էն ա հա՛, — ցույց տվավ Գիքորը` մատը մեկնելով դեպի գյուղը, թեև տունը իսկի չէր երևում, ու անցան:

Առաջին իրիկունը ղոնախ ընկան մի գյուղում: Տանտերը Համբոյի հին ծանոթն էր:

Դեղին սամովարը թշշում էր տախտի ծերին: Մի ջահել աղջիկ շրըխկշրըխկացնելով բաժակները լվանում ու թեյ էր շինում: Նա մի կարմիր սիրուն շոր ուներ հագին: Գիքորն էնտեղ մտքումը դրեց, որ երբ քաղաքում փող աշխատի, իրենց Զաննի համար մի էն տեսակ շոր ղարկի:

Իրիկնահացից ետը տանտերն ու Համբոն թինկը տված, չիբուխ քաշելով զրուց էին անում: Խոսեցին Գիքորի մասին: Տանտերը գովեց Համբոյին, որ չարչարվում էր որդուն մարդ շինի: Հետո սկսեցին խոսել կովի վրա, հացի թանգության վրա, բայց Գիքորը շատ էր հոգնած, քունը տարավ:

Մյուս օրը քաղաք մտան: Գնացին ծերունի թավլաչու մոտ: Առավոտը բազարն իջան:

Բիձա, էդ էրեխին ծառա ես տալո՞ւ, — խանութի ներսից հարցրեց մի վաճառական:

Հրամանք ես, — ասավ Համբոն ու Գիքորին էն կողմը հրեց:

Բեր ինձ տուր, ես կբռնեմ, — առաջարկեց վաճառականը:

Նրան ասում էին բազազ Արտեմ:

2

Համբոն քաղաքում Գիքորին ծառա տվավ բազազ Արտեմի տանը: Պայմանն էն էր, որ Գիքորը պետք է տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր, դուքանը բաժին տաներ, ու էս տեսակ մանր ծառայություններ, մինչև մի տարի:

Մի տարուց ետը բազազը նրան պետք է տաներ դուքան, շիներ դուքանի «աշկերտ», ու էսպես Գիքորը պետք է բարձրանար:

Հինգ տարի դեռ փող չեմ տալ, — ասավ բազազը պայմանը կապելիս: — Թե դրուստը կուզես, դեռ դու պետք է տաս, որ քու որդին բան է սովորելու: Ախար իսկի բան չգիտի...

Որտեղից գիտենա, խազեին ջան, — պատասխանեց Համբոն, — որ գիտենար, էլ ո՞ւր կբերեի, ես էլ բերել եմ, որ բան սովորի...

Կսովորի, ամեն բան կսովորի: Էնպես սովորի ո՜ր... Ձեր կողմերից էն Նիկոլն ինչ է, որ իրեն համար դուքան ունի բաց արած, նա էլ ինձ մոտ է մարդ դառել: Ամա վերջում մի ջուխտ չայի գդալ ու մի քանի բան գողացավ

Չէ, խազեին ջան, սա գողանալ չի: Որ էդպես բան անի, կգամ կռնիցը կբռնեմ, էն Քուռը կգցեմ:

Հա՜, որ ձեռը հալալ է` մարդ կդառնա1:

Իմ դարդն էլ էն ա, աղա ջան, որ մարդ դառնա. լեզու սովորի, գրիլ-կարդալ սովորի, նստիլվերկենալ սովորի, մարդ ճանաչի, որ աշխարքումն ինձ նման խեղճ ու զուրկ չմնա... Ինքն էլ աչքաբաց էրեխա ա, մեր գեղական շկոլումն էլ գրաճանանչ ա էլել, գրի սևն ու սպիտակը ջոկում ա: Ամա աղաչանքս էն ա, որ լավ մտիկ անեք, ղարիբ էրեխա ա, քորփա ա

Բազազը Համբոյին միամտացրեց, ու դուրս գնաց, բարձր ձենով հրամայելովՉայ բերեք, հաց բերեք սրանց համար...»:

3

Հեր ու որդի նստած էին բազազ Արտեմի խոհանոցում:

Դե, հիմի դու գիտես, Գիքոր ջան, տեսնեմ` ինչ տեսակ տղա ես դուրս գալի... Հենց պետք է անեմ, որ... ես ի՞նչ գիտեմ... ո՜վ տեր աստոծ... — մռնչաց Համբոն չիբուխը լցրեց:

Այնինչ Գիքորը չորս կողմն էր դիտում:

Ապի, սրանք բուխարի չունե՞ն:

Չէ, սրանցը փեչն ա, ա՛յ էն ա փեչը

Կալ էլ չունե՞ն:

Սրանք քաղաքացի են, գեղացի հո չեն, որ կալ կասեն:

Բա ո՞րտեղից են հաց ուտում:

Փողով առնում են ուտում: Հացն էլ են փողով առնում, եղն էլ, կաթն էլ, մածունն էլ, փետն էլ, ջուրն էլ...

Վա՜...

Բա՜, սրան Թիֆլիզ կասեն: Դու հլա ղոչաղ կաց, դեռ շատ բան կիմանաս:

Ապի, սրանք ժամ ունե՞ն...

Ունեն բա՛ս, սրանք էլ մեզ նման հայ քրիստոնյա են: Մտիկ արա հա՛-ձեռնաքաշություն չանես: Կարելի ա քեզ փորձելու համար փող վեր կգցեն, մոտենաս ոչ: Թե վերցնես էլ, տար ասա– «խանո՛ւմ, էս ի՞նչ փող ա, էստեղ վեր ընկած էր. աղա՜ էս բանն էստեղ գտա», թե չէ...

Էստեղ էլ պրիստավ կա՞ որ...

Կա բա՞ս... Վախտ ու անվախտ դես-դեն չընկնես, ձեռդ ընկած փողը քոռուփուչ չանես, հազար ու մի պակասություն ունենք: Քեզ էլ լավ պահի, գիշերները բաց չըլես, մրսես ոչ... Միմին եկողի հետ գիր ղարկի... — մերթ-մերթ չիբուխը բերանից հանելով որդուն խրատում էր Համբոն: Այնինչ Գիքորը ննջում էր:

Հացի կտորտանքն ու քարթուն կտան, կերակուրի թերմացքը կտան, շատ անգամ էլ իրենք կուտեն, քեզ տալ չեն, բան չկա, ծառայի կարգն էդ ա... Օրեր են, կմթնեն անց կկենան

Շարունակում էր հերն իր խրատը, բայց Գիքորը հորը թինկը տված քնել էր արդեն:

Էն երկու օրը նա էնքան բան էր տեսել, էս ու էն կողմը նայել, որ հոգնել էր բոլորովին:

Մրգով լիքը խանութները, դեզերի նման դարսած գույնզգույն չթերը, տեսակ-տեսակ խաղալիքները, ուսումնարան գնացող կամ դարձող երեխաների խմբերը, իրար ետևից սլացող կառքերը, ուղտերի շարքերը, կանանչի բարձած ավանակները, թաբախները գլխներին կինտոները... էս ամենի գոռոցն ու զնգոցը, աղմուկն ու աղաղակը իրար խառնված ղժվժում էր նրա գլխում: Եվ նա հոգնել էր ու հորը թինկը տված քնել:

Էս ժամանակ բազազն ու իր կինը վիճում էին ներսը: Կինը տրտնջում էր, որ ծառան խամ էր, նոր սարիցն եկած, վայրենի, իսկ մարդն ուրախ էր, որ մի քանի տարով անվարձ ծառա էր գտել:

Կսովորի, հո էդպես չի մնալ, — ասում էր նա կնոջը:

Կսովորի, որդի, սիրտդ շուռ մի՜ բերի, — խնդրում էր բազազի պառավ մայրը:

Բայց տիկին Նատոն չէր համոզվում: Նա արտասվելով անիծում էր իր բախտը:

4

Գիքորը մենակ նստած էր բազազ Արտեմի խոհանոցում: Նա արդեն ծառայության մեջ էր:

Խազեինի հին գլխարկը մինչև ականջները կոխած գլուխը, հին ոտնամանները ոտներին, մի մավի բլուզ էլ հագին, էսպես ոտից գլուխ փոխված, նա նստած էր խոհանոցում ու միտք էր անում, թե ընչի եկավ իրենց գյուղից, որտեղ է ընկել, հիմի ինչ պետք է անի...

Էս ժամանակ ներս մտավ տիկին Նատոն:

Գիքորը տեղը նստած էր:

Տիկինը մի բան ասավ: Գիքորը լավ չլսեց, թե չհասկացավ:

Քե՞զ չեմ ասում, տո արջի քոթոթ:

Գիքորը շփոթվեց, քրտնեց. մին ուզեց հարցնի, թե ինչ է ասում, մին էլ սիրտ չարավ: Աղջիկ պարոնը բարկացած դուրս գնաց:

Ը՜հ, հողեմ ձեր գլուխը, որ վայրենի եք ու գալիս եք մարդի գլխի խաթա դառնում... Ես բան եմ ասում, սա տեղիցն էլ ժաժ չի գալի, ձեն էլ չի հանում...

Վերջացավ, — անցավ Գիքորի մտքովը: — Բայց ի՜նչ շուտ վերջացավ... ի՜նչ վատ վերջացավ... Հիմի ես ի՞նչ անեմ... հերս էլ գնաց...

Եվ ամեն բան նա վերջացած էր համարում, երբ իրեն-իրեն խոսելով ներս մտավ սև շորերով բարի պառավը` բազազի մերը:

Որ աղջիկ պարոնը ներս է գալի, տեղիցդ ը՞նչի չես կանգնում, որդի, — խրատում էր նա Գիքորին. — որ բան են հարցնում, ձեն հանի... ո՞նց կըլի էդպես...

Պառավին դեդի էին ասում:

Դեդին սովորեցնում էր Գիքորին, թե ինչ պետք է անի, ինչպէս սամովարը գցի, ոտնամանները սրբի, չոտկը բռնի, ամանները լվանա...

Բացի պառավ դեդին, ամենքը նեղացնում էին նրան:

Բազազի «դուքանի աշկերտներն» էլ շարունակ ծաղրում էին նրան, «քիքի» էին կանչում, քիթը քաշում, գլխին խփում, գլխարկը կոխում ականջները:

Բայց էս բոլորը տանելի բաներ էին:

Անտանելին էն էր, որ նա չէր կարողանում քաղցին դիմանա: Իրենց տանը, երբ սովում էր, գնում էր տաշտիցը հաց էր առնում, կճաճիցը պանիր էր հանում, ուտելով գնում խաղալու, կամ թե չէ` փեշն էր դնում, գնում հանդը: Երբ ուզում էր` մի ծառի տակի կամ աղբրի վրա նստում էր ուտում:

Հիմի էստեղ ուրիշ տեսակ էր: Ինչքան էլ սոված լիներ` պետք է սպասեր մինչև ճաշի ժամանակը գար, էն էլ ամենքն ուտեին, հետո ինքը: Էդ անիծած ժամանակն էլ էնքան ուշ էր գալի, որ խեղճի սիրտը քամ էր ընկնում, թրթռում:

Մին, երկու, տասը համբերելուց ետը նա սկսեց չորս կողմն աչք ածել խոհանոցում, թե արդյոք մի բան չի գտնիլ ուտելու, որ սիրտը կանգնեցնի, մինչև ճաշի ժամանակը գա:

Սկզբում ինչ գտնում էրչոր հացի փշրանք, կրծած ոսկոր թե ուրիշ բան, գցում էր բերանը: Մի քիչ հետո մտածեց խոհանոցի պահարանները որոնել: Ապա թե սովորեց կերակուրի պղնձից կիսեփ մսի կտոր դուրս քաշել...

Բայց եթե նկատեի՜ն...

Ինչ վատ բան դուրս կգա՜ր...

Եթե նկատեի՛ն...

Հապա ի՞նչ անես...

Թողնե՞ս, փախչե՞ս...

Եվ Գիքորն սկսեց մտածել փախչելու մասին: Բայց ո՞նց փախչես, ո՞ր կողմը փախչես. մենա՜կ, ճամփա չգիտես, մարդ չես ճանաչում... իսկ հերը...

Էնքան չարչարվեց, խոսեց, խրատեց` «Օրեր են, որդի, կմթնեն, անց կկենան...»:

Եվ ահա Գիքորի գլխում հնչում է հոր խանձված ձենը. — «Օրեր են, կմթնեն, անց կկենա՜ն... անց կկենա՜ն...»:

5

Զանգը տվին:

Գիքորը վեր թռավ: Ասել էին, թե երբ զանգը տալիս են, գնա տեսնի` ով է, ինչ է ուզում: Նա դուրս եկավ, պատշգամբից նայեց, տեսավ` մի պարոն ու մի քանի տիկին դռան առաջ կանգնած:

Էդ ո՞վ եք, հե՜յ, — ձայն տվավ վերևից:

Ներքևից վերև նայեցին:

Տիկինները ծիծաղեցին, իսկ պարոնը, ակնոցներն ուղղելով, հարցրեց:

Աղջիկ պարոնը տա՞նն է:

Ի՞նչ եք անում, — հարցրեց Գիքորը:

Ներքև ծիծաղն ավելի սաստկացավ:

Քեզ հարցնում են` տա՞նն է, թե չէ, — բարկացավ պարոնը:

Բան ունե՞ք:

Էս աղմուկի վրա տիկինը դուրս եկավ:

Քրքրվես դու, գնա դուռը բաց արա, շո՛ւտ, — ճչաց ու սկսեց անիծել Գիքորին և իր ամուսնուն: Բայց շուտով հյուրերն երևացին, և նա ժպտալով դիմավորեց:

Ա՜ բարև, բարև... էս ո՞ր խաչիցն էր, ի՞նչպես է որ մտաբերեցիք...

Էս ո՞րտեղից եք գտել, — ոտից գլուխը Գիքորին չափելով հարցրեց պարոնը, իսկ տիկինները շարունակ ծիծաղում էին:

Ի՞նչ եք նախանձում, կուզեք ձեզ տանք, — կատակի տվավ տիկինն, ու հյուրերը խնդալով ներս մտան:

Գիքորին շտապով մի տեղ ուղարկեց ու նրանց ետևից իսկույն ներս մտավ և տիկին Նատոն:

Իրար առողջության հարցնելուց ետը հյուրերն սկսեցին պատմել իրենց ներս մտնելու պատմությունը, և դուրս եկավ մի ահագին պատմություն:

Օ՜ֆ, սիրտս մաշել է, — գանգատվում էր տիկին Նատոն. — թե իմանաք` ինչ եմ քաշում ես դրա ձեռիցը: Ասում եմ` դուրս անենք կորչի, բայց դե Արտեմի բնավորությունը գիտեք էլի, ասում է` մեղք է, գեղացի երեխա է, թող կենա, մի կտոր հաց է, ուտի, կսովորի... Ախր էլ ե՞րբ... սիրտս մաշեց...

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 Next Last