Թումանյան Հովհաննես՝   Պատմվածքներ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 Next Last

Ասացեք խնդրեմ, ի՞նչով է տանից պակաս: Ինքն էլ համ հիանալի նվագում է, համ էսպես տուն է շինում. ինչո՞վ է մարդուց պակաս: Գլխին էլ որ լավ մտիկ անեք, պառավ մարդի գլխի նման է: Երևի էդ շնորհքի ու էդ գլխի պատճառով էս տեսակ մի ավանդություն էլ կա: Ասում է. «Ծղրիդը մի ժամանակով մարդ է եղել: Շատ ուրախ ու կյանքը սիրող մարդ է եղել: Աստծուն խնդրել է, որ իրեն հավիտենական կյանք տա, բայց մոռացել է հավիտենական կյանք խնդրելիս էն էլ խնդրի, որ միշտ ջահել մնա: Աստված նրա կիսատ խնդիրքը կատարել է: Էս մարդն ապրել է, ծերացել, ծերացել, էնքան ծերացել, կորացել, չորացել ու կուչ եկել, փոքրացել, որ վերջը ծղրիդ է դարձել»:

Ինչպես բոլոր արտիստ մարդիկծղրիդն էլ ատում է ամբոխը և սիրում է մենակությունը: Մենակ ապրում է իր գեղեցիկ տանը ու շատ էլ ծույլ է, ինչպես առհասարակ երգիչները: Մայիսը գալիս է թե չէտուն ու տեղը սարքում է թե չէսկսում է երգել: Եվ միշտ իր շեմքում: Իրիկնապահերին դուրս է գալիս վերջալույսի դիմաց կամ խաղաղ լուսնյակ գիշերները լուսնի լուսի տակ, իր մաքուր շեմքում նվագում, կամ ինչպես ընդունված է ասել` երգում-ճը՛ռռ... ճը՜ռռ...

Սկզբում երգում է իրեն համար, փառաբանում է գարնան գիշերների գեղեցկությունը, նոր կյանքի քաղցրությունը: Մի քիչ հետո սկսում է սեր երգել ու քնքշալով կանչել իր դրկից հարևանուհուն` տան առջևը կախած ծաղկի կամ խոտի փնջի տակ գտնվող մաքուր բակում-լուսնյակի լուսի տակ ժամանակ անցկացնելու:

Հարևանուհին երգել չգիտի ու երբեք չի երգում, սակայն սիրում է երգը, մանավանդ երբ երգում իրեն են գովում ու կանչում: Լսում է երգչին, և լսում է իր առաջին ծնկներով, ու էդ ձենի վրա գալիս է հրավերքին:

Գալիս է, գուրգուրում, գգվում են իրար, սիրում են իրար, սիրելով էլ իրար հետ կապում են իրենց կյանքը: Բայց շատ կարճատև ու դժբախտ է լինում առհասարակ նրանց էդ բարեկամությունը: Մի տասը տեսակցությունից հետո հաճախ մեռնում է մեր ուժասպառ երգիչը: Էն էլ է պատահում, որ էս ամենից հետո իր նախկին ընկերուհին է վրեն հարձակվում, ծեծում, ծվատում, ուտում, դեն շպրտելով անբախտ երգչի փալաս դարձած ջութակը: Էն ջութակը, որ էնքան սրտառուչ եղանակներ էր նվագել իրեն համար:

Եթե կերպարանափոխության շրջանումն է պատահում, որ ծղրիդը կորցնի իր մարմնի որևէ մասը, նորից պոկված անդամը դուրս է գալի, ինչպես բույսի կտրած ճյուղը դուրս գա:

Տան ծղրիդը իր ապահով տեղը, իր տաք անկյունում սովորաբար երկար է ապրում, իսկ հանդինը ենթակա է հազար ու մի փորձանքի: Քարաթոթոշ կա, մողես կա, մեղու կա, վերջապես էն չարաճճի ծտերը կան, որ անդադար թռչկոտում են չորս կողմը, մին էլ տեսար մինը մոտակա թփի վրից պը՛ժժ զարկեց, կտցեց մեր տկար երգչին ու տարավ շամփրեց մամխի թփի փշերին-իրեն համար ձմեռվա պաշար:

Բայց եթե դրանից էլ ազատվիբնությունից ո՞ւր պիտի փախչի:

Հասնում են աշնան ցրտերը: Հոկտեմբերյան մի ցուրտ օր էլ, վերջին անգամ իր շեմքի առաջ, աշնան սառը վերջալոաի դեմ, երգում է ծղրիդն իր վերջին երգն ու քնում հավիտենական քնով: Սառը քամին չորացած խոտերով ու թառամած ծաղիկներով ծածկում է նրա անհայտ գերեզմանը, իսկ մի քիչ հետո, անհետ թաղում է ձյունի տակ և վրեն սուլում է ձմռան բուքըՎո՜ւ, ո՜ւ էսպես է բնության կարգը: Ծնվեց, ապրեց ու մեռավ, ետևից թողնելով իր սերունդը` 300-600 ծղրիդ, ինչպես ասում են գիտնականները:

Մարիկ ծղրիդը էսքան ձու է ածել մի էն տեսակ հարմար ու ապահով տեղ, որ համ վտանգից ու փորձանքից ազատ լինեն ձվանը, համ էլ, երբ ձագերը դուրս գան, հենց տեղն ու տեղը կերակուր լինի նրանց համար:

Զարմանում են գիտնականները, թե ո՞րտեղից է ծղրիդին էսքան խելք ու բանականություն, որ առաջուց ամեն բան հոգում է իր ձագերի համար: Չէ որ ինքը` ծղրիդը երբեք ոչ մեր է տեսնում, ոչ ձագ, որ սովորած լինի, փորձով գիտենա: Երբ որ գարնանը ձվից աշխարհք է դուրս գալիս-մերն արդեն մեռած է լինում անցյալ աշնանը, ինքն էլ երբ ձու է ածում-դրանից հետո մեռնում է նույն աշնանը, ու չի տեսում, թե էն ձվից ինչ է դուրս գալիս եկող գարնանը: Հապա ինչպես է, որ ամեն բան հասկանում է, նախատեսում ու հոգում: Եվ դրան մի պատասխան են տալի, թե դա կյանքի, բնության անգիտակից թելադրությունն է, բնազդն է, ինստինկտն է:

Բայց ով գիտի, մի՞թե չի կարող պատահել, որ բացի բնազդից ուրիշ ընդունակություն էլ ունենա մեր փոքրիկ երգիչը, օրինակ` գիտակցություն, դատողություն: Հեշտ կարող է պատահել, որ էդպես լինի, թեև ինքը բնազդն արդեն շատ մեծ բան է, և շատ կենդանիների մեջ ավելի է զարգացած, քան թե մարդու մեջ:

Ահա էսպես հոգում է ծղրիդն իր ապագա սերունդի համար, ապահովում է նրա ծնունդն ու ապրուստը և նոր գարունքին հայտնվում են նրա ձագերը: Նորելուկ ձագերը ձվից դուրս գալուց հետո չորս անգամ իրենց կաշին ու կերպարանքը փոխում են ու չորրորդ կերպարանափոխությանը դուրս են գալիս կատարյալ ծղրիդներ: Անմիջապես իրենց բնակարանի հոգսն են քաշում, իրար հետ կռվում են ծնողական օջախին տիրելու համար, որն էս կռվում մեռնում է անժամանակ, որը տիրում է, մյուսներն էլ գնում են իրենց աշխատանքով նոր բնակարան են շինում, և դարձյալ նույն կապույտ, ժպտուն երկնքի տակ, նոր կանաչ ծաղկոտ դաշտերի մեջ խնդալով ու թնդալով շարունակվում է նույն կյանքն ու նույն երգըճը՛ռ՛ռ... ճը՜ռ՛ռ...

Կարծես թե ոչինչ չի փոխվել:

ԳԵԼԸ

1

Խորն աշունքին Լոռու սարերով անցկենալիս մի գյուղում մութը վրա հասավ: Հյուր ընկա Անդրիաս քեռու տանը, որ մի հին ու փորձված հովիվ էր:

Սարերում սովորություն կա, որ տեսան մեկի տունը հյուր եկավ` հարևանները կհավաքվեն եկվորի գլխին, կհետաքրքրվեն, հարցուփորձ կանեն` իմանան ի՛նչ կա, ի՛նչ չկա աշխարհքում: Եվ ահա հետզհետե գյուղացիք հավաքվեցին Անդրիաս քեռու օթախը:

Տանտերը բուխարին թեժ արավ, մենք էլ, ով ինչպես ուզեց, տեղավորվեցինք լեն ու արձակ տախտերի վրա ու սկսեցինք զրույց անել:

Էս խոսակցության միջոցին գյուղի շներն սկսեցին անհանգիստ հաչել ու ոռնալ:

Գել է, — միաբերան բացականչեցին գյուղացիք:

Ընչի՞ց եք իմանում, — հարցրի ես:

Գիլա՜հաչ են տալի, աղա:

Գիլահաչը ո՞րն է: Մի՞թե շները միշտ մի տեսակ չեն հաչում:

Չէ, աղա, գիլի վրա ուրիշ տեսակ են հաչում, մարդի վրա` ուրիշ: Մարդկանցից էլ` գողի վրա ուրիշ տեսակ են հաչում, անցորդի վրա` ուրիշԽմբի վրա ուրիշ տեսակ են հաչում, կենդու մարդի վրա` ուրիշ...

Հենց էս խոսքի մեջն էինք, որ մի հրացան տրաքեց, շների հաչոցը սաստկացավ ու միաժամանակ մի աղմուկ բարձրացավ:

Հասեք հե՜յ... տարա՜վ, տարա՜վ, հեյ.... Գյուղացիք դուրս թափեցին:

2

Գյուղիցը դուրս գիշերվա մթնում լսվում էր խուլ աղմուկ:

Ես մենակ էի մնացել: Տան կնանիքն էին միայն դռան առջև հավաքված վաշ ու վիշ անում: Միջների պառավն անիծում էր.

Վո՜ւյ, անտեր մնաս դու, անտեր:

Ու մրմնջում էր «Գիլկապի» աղոթքը:

«Ալալոս,
Գալալոս,
Գելը կապեմ երկու բըթով,
Երկու բըթով, երկու մատով,
Աստվածածնա քաղցր կաթով,
Սուրբ Սարգսի ձիու ձարով,

Նահատակաց կարմիր քարով:
Գիլի ճամփեն մոլոր անեմ,
Գիլի ատամ խըմոր անեմ,
Ոտները թուլ,
Ականջը խուլ...»
Ու կրկնում էր.

Վո՜ւյ, անտեր մնաս դու, անտեր...

Էն ի՞նչ է, նանի, — հարցրի ես, թեև համոզված էի, որ գել էր:

Գել է, որդի, գել: Ոչխարը սարից գեղն են բերել-ետևիցն եկել է:

3

Վերջապես խառնիխուռն բարձր-բարձր խոսելով ու ծիծաղելով եկան գյուղացիք:

Աղա, բա որ ասի՞նք:

Ուրեմն գե՞լ էր:

Ինձ պատասխան տալու փոխարեն առաջ բերին մի թխադեմ 17-18 տարեկան պատանու:

Այ տղա, Սիմոն, էդ ո՞նց էլավ:

Այ տղա, դե էն ա ոչխարը բերում էի տուն անեմ: Բերի գեղին մոտեցրի, մին էլ տեսնեմ ոչխարը դես ու դեն խախալ-խախալ է անում. շունն էլ հա է անում, թե ոչխարի մեջն ընկնի: Հենց էս ժամանակը շները թփի տակիցը մի գիլի վեր կալան ու ետևիցը լարվեցին:

Հասի՛ հա հասի՛, բռնի՛ հա բռնի...

Մին էլ տեսնեմ ոչխարը կտրկան էլավ ու փախս առավ: Ետ մտիկ տամ, որ մի անտեր գել էլ մի ոչխարի բռնել է, հետը կողք-կողքի ընկել ու պոչով ետևիցը քշում է, ոչխարն էլ հետը չափ ընկած գնում է, ոնց որ հարսանիքի ձիավոր ըլի...

Հա՜յ հա հա՜յ... շուռ եկա դեսը: Թվանքը որ տրաքեց, սա ոչխարը թող արավ փախավ:

Անտերը ոչխարի միջին տապ արած է էլել հա՜, — նկատեց քեռի Անդրիասն ու դարձավ դեպի ինձ:

Էդպես է դրանց սովորությունն, ա՜ղա: Էգ ու որձ գնում են: Մինը ոչխարիցը մոտիկ տապ է անում, կամ եթե աջողեցնում է` հենց ոչխարի միջին է տապ անում, մյուսը գալիս է երևութք ըլում, խաբսը տալիս, շանն ու չոբանին առնում փախչում: Տապ արած ընկերը ետևիցն էս խառնակ ժամանակը ոչխարը տանում է: Շատ անգամ էլ ոչխարը տանում է պահում ու ետ գալիս ընկերին օգնության: Ուստա չոբանը փախած գիլի ետևից գնալ չի, գիտի որ ետնուց վտանգ կա պատրաստած:

Սա էլ է լավ ժաժ եկել, — գովեցի ես պատանի հովվին, — կարողացել է գիլի բերանից անփորձանք ազատել ոչխարը:

Գիլի բերանից անփորձանք ոչխար ազատիլն ինչպես կլինի, աղա, — խոսեց պատանին: — Գելը տեսավ, որ ոչխարը ձեռիցը գնում է, մինչև իմ հասնելը մի ռխելում ոչխարի դմակը պոկեց տարավ:

Հա՛, էդպես է, — դարձյալ մեջ մտավ տանտերս: — Գելը ոչխարին հասավ թե չէ, եթե տանելու հնար չկա, դմակին կտա ու մի տալումը դմակը կպոկի:

Տավարին էլ հասավ թե չէ` բողազիցը կբռնի, քեռի Անդրիաս, — մեջ մտավ մի տավարած:

Տավարին էնքան էլ հեշտ չի, — պատասխանեց քեռի Անդրիասը: — Տավարիցը մինը գոռաց թե չէ, ամբողջ տավարը հասկանում է բանն ընչումն է, որովհետև գիլի գոռացնելն ուրիշ տեսակ է. իսկույն բոլորը հավաքվում են, քամակ քամակի տալիս ու պոչները դեմ անում, կանգնում...

Տավարը հեշտ է շաղվում, քեռի Անդրիաս, ու հեշտ էլ գիլի փայ է դառնում: Էն, ինչ ձի՜ն է անում գիլի հետ, ոչ մի անասուն չի անիլ:

Ձին գիլի հոտն առավ թե չէ, ականջները սրում է, փռռացնում, փնչացնում ու ձեռաց բոլոր ձիերը հավաքվում են մի տեղ: Մադիանները իրենց քուռակները մեջտեղն են առնում ու նրանց շրջապատում կանգնում, երեսները դեպի ներս, քամակները դեպի դուրս-գելերի կողմն արած` քացիները պատրաստի: Ու աստոծ հեռու տանի, թե մի գել մոտեցավ: Բայց կռվում գիլի համար ամենավտանգավորը որձ ձին է: Որձ ձին մադիանների հետ շրջանի մեջ չի մտնում: Բաշը թափ տալով ու փռռացնելով կատաղի պտտվում է շրջանի չորս կողմը, հարձակվում է գելերի վրա ու առաջն ընկած գելին տրորում, ջարդում առաջի ոտներով կամ քացու մի զարկով փռում գետին:

Եթե մադիանը մենակ է, քուռակը դոշի տակն է առնում ու կանգնում:

Մենակ ձիու էս կողմն էն կողմն է թռչում գելը ու հանկարծ վրա է թռչում բողազիցը բռնում կամ մի զարկով փորը պատռում: Երբեմն քնթիցն էլ է բռնում, շունչը կտրացնում: Երբեմն էլ ձիու առաջն է ընկնում ու փախսը տալիսիբրև թե վախենում է. ձին էլ դունչը տնկած ետևիցն է ընկնում, իբրև թե հալածում է: Հանկարծ ետ է դառնում ու բռնում:

Էդ հո էշն է, — խոսեց քեռի Անդրիասը: — Գելն էշի հետ խաղում է, խաղում, ու ականջներն իրեն քաշում, առաջը փախսը հարում: Էշն ընկնում է ետևիցը, իբրև թե հալածում է: Էսպես հեռացնում է, հասցնում մի ապահով տեղ ու ետ դառնում ուտում... Դրա համար էլ ասում են` «Իշի գերեզմանը գիլի փորն է»:

Ոչխարն էլ է գիլի ետևիցն ընկնում. — նկատեց մի ուրիշը:

Հենց գելն էլ էդ երկուսին-իշին ու ոչխարին ամենից շատ է սիրում:

Իսկ ամենից քիչ մոտենում է խոզին ու գոմշին:

Բա իծի՞ն:

Պա՛, իծի բանը ծիծաղ է: Խամ գելն իծին բռնած ժամանակը` էծը էնպես է ճղըղում, որ գելը թող է անում, փախչում:

Բայց մի՞թե գելն էդքան անվախ ու համարձակ մոտենում է գյուղին, — հարց տվի ես:

Գելը, երբ որ կուշտ է, շատ վախկոտ կենդանի է, աղա, — պատասխանեց քեռի Անդրիասը: — Բայց հիմի սկսվում է գիլի դժար ժամանակը: Ձմեռը գալիս է, անտառի որսը դժարանում է, ապրանքը սարից ցած է գալիստուն է մտնում: Գիլի ապրուստը կտրվում է: Սովը որ նեղացնի` գեղ էլ կմտնի, դեռ տուն էլ: Սովի ձեռիցը ձմեռը գալիս է շեմքիցը շուն է տանում լափում: Մուկն է որսում: Ծառի փթռակ է ուտում, իր լակոտն է ուտում... Դե սովն է պատճառն էլի, որ ձմեռը միանում են, բոլուկ են (ոհմակ) կազմում, որ ուժեղ լինեն, միասին հարձակվեն...

Ձմեռը դեռ էլի մեզանում, մեր սարերում, մեր անտառներում մի բան է ճարվում. նապաստակներ են կամ ուրիշ մանր-մունր կենդանիներ: Վերջապես եղնիկների ու եղջերուների ետևից են ընկնում, քշում են դեպի սառած գետերը: Տանում են սառույցի վրա ճղատում-ու վրա են հասնում խեղդում, ուտում: Բայց էն ինչ դաշտ տեղերն են, որ դրանք էլ չկան, գելը սովից ավելի համարձակ ու վտանգավոր է դառնում: Շատ անգամ կատաղում է: Ու դաշտ տեղերը մարդկանց վրա էլ է հարձակվում ու վնասում:

Տղեք, դե խոսքն էստեղ ինձ տվեք, — էն կողմից խոսեց Շորագյալցի Ավոն ու սկսեց իր պատմությունը:

Մեզանում, դաշտ տեղերում, գելը շատ ավելի վտանգվոր է, քան սար տեղերում: Մեզանում գելերը ձմեռվան գիշերը գալիս են գեղի մեջը ման գալիս: Շներին պահում ենք, որ չտանենչուտեն: Ձմեռները մեզանում շատ վտանգավոր է մենակ ճանապարհորդելը. մանավանդ, եթե մութն էլ վրա հասավ: Այ ձեզ պատմեմ իմ գլխին եկած մի դեպք:

Ծիրան անունով մի եզն ունեինք: Մի ձմեռ էս եզը կորավ: Ախպերս ինձ ղրկեց ման գալու: Ես էլ էսպես 16-17 տարեկան ջահել տղա եմ: Գնացի գեղի չորս կողմը ման եկա ման-չգտա: Գոմահանդ ունենք, էնքան էլ գեղիցը հեռու չի: Ասի` եզը սովոր է, կարելի է էդ կողմն ըլի գնացած: Գնացի էդ գոմահանդը: Գնացի, էս գոմը նայեցի, էն գոմը նայեցի, վերջը տեսնեմ` դրուստ որ եզը մի գոմումն է: Եզը դուրս արի. դուրս գամ տեսնեմ արդեն մութն ընկնելու վրա է: Սիրտս մի ահ ընկավ: Տեսնում եմ, որ լուսով չեմ կարող գեղը հասնեմ: Մտածում եմ` գնա՛մ-չգնա՛մ:

Ի՞նչ անեմ...

Չորս կողմս ամայի ձյունապատ դաշտ, շեն չկա, ձեն չկա. ձեռիս էլ մի ճիպոտ ու մի դանակ:

Ի՞նչ պետք է անեմ: Աստծու անունը տվի, եզն առաջս արի քշեցի: Մի քիչ տեղ անց էի կացել. հանկարծ իրիկվան էն դառը քամու հետ մի տխուր ձեն ընկավ ականջովս: Կանգնեցի, ականջ դրի

Տեսնեմ գիլի ոռնոց է. — ո՜ւո՜ւ...

Ո՜ւ... էս ոռնոցին միացավ ամբողջ խումբը ու սարսափով լցվեց դաշտը: Մտիկ տամ` որ աջ կողմս, հեռվում, մթան մեջ, ջուխտ-ջուխտ վառված ճրագների մի բազմություն է շարժվում... էլ ի՞նչ. ձեռաց հասկացա, որ գելերի աչքերն են-սոված բոլուկ է... Եզը ետ տվի դեպի գոմերն ու քշում եմ, ո՛նց եմ քշում, վազում եմ, ո՛նց եմ վազում... Ետ նայեմ, որ արդեն գալիս են: Եզը թող արի փախա, ընկա գոմը: Ընկա գոմը, բարձրացա սների գլխներին գերանների վրա դատարկ տեղեր են լինում է՛...

Հա՛, իմանում ենք, կոնդերի վրա:

Հա՛, էդ կոնդերից մեկին վեր էլա: Դեռ չէի տեղավորվել-մին էլ տեսնեմ եզանս գոռոցը բարձրացավ: Զարմանք բան է, թե էնքան տարածությունը ինչպես մի երկու րոպեումը կտրեցին ու հասան:

Վա՜հ, գիլի ոտին ինչը կհասնի, — խոսեց քեռի Անդրիասը: — Էն սարի գլխիցը որ մի բան նկատեց` մին էլ կտեսնես կողքիդ դուրս եկավ: Դրա համար են ասում էլի, թե` գելն ազրեիլ է:

Հա՛, էն էի ասում, — շարունակեց Շորագյալցի Ավոն: — Եզանս գոռոցը բարձրացավ ու իսկույն էլ կտրեց, խռխռոցն ընկավ: Խռխռոցն էլ կտրեց, միայն գելերի ժընգժընգոցն եմ լսում, ու լսում եմ` ոնց են լափում...

Վա՜յ Ծիրան ջան... դուրս թռավ սրտիցս: Բայց ի՛նչ Ծիրանի ժամանակն է: Ես իմ գլուխն եմ լաց ըլում: Մտածում եմ թե` էս լավ էր, եզնովը կըլեն, մինչև կլուսանա, կամ կկշտանան ու կգնան, կամ, ասում եմ, ինձ չեն գտնիլ... Դու մի ասիլ` սոված գիլի բոլո՛ւկ, ես հիսուն ասեմ, դու հարյուր իմացի, ձեռաց հախռել են, ու մին էլ տեսնեմ, մութը գոմը լցվեցին էն ջուխտ-ջուխտ վառած ճրագները ռեխները բաց արած...

Գտան...

Եկել են լցվել, ներքևից ագահ-ագահ ինձ են մտիկ անում: Ես էլ չորացել եմ մնացել վերևը գերանին կպած: Մտիկ արին, մտիկ ու թող արին դուրս գնացին:

Շունչս ետ եկավ: Ասի` «փառքդ շատ ըլի աստոծ, էս էր` ազատվեցի...»:

Դեռ աստծու փառքը բերանումս, մին էլ ինչ եմ լսում: Իմ ուղղությամբ վերևից կտուրը քանդում են, չանգերովը հողը ետ են տալի: Արդեն լսում եմ չանգերը կոճերին է դիպչում...

Սառը քրտինքը վրա տվեց... Շտապեցի տեղս փոխեցի, անց կացա մյուս կոնդի վրա կուչ եկա:

Բաց արին, կոճը վեր կալան, տեսան տակին չկամ:

Էլի եկան ներքև: Մտիկ արին, որ մյուս կոնդի վրա եմ. ետ դուրս գնացին: Հիմի էս կոնդի վերևից սկսեցին քանդել կտուրը:

Դարձյալ տեղս փոխեցի: Էսպեսով` նրանք քանդելով, ես տեղս փոխելով` հասանք վերջին կոնդին:

Էլ ո՞ւր գնամ:

Եկան մտիկ արին կատաղած ու ետ գնացին: Քանդում են, ո՜նց են քանդում...

Մի սուր դանակ ունեի գրպանումս, հանեցի, բաց արի ու ձեռիս բռնած` մտքումս աղոթք եմ անում. — Տեր աստոծ, դու ինձ ազատ անես էս նեղ տեղիցը...

Իսկ հենց անգաճիս վերևը քանդում են: Քանդելով հասան կոճերին: Հասան կոճերին. մինը կոճերի արանքովը թաթը մեկնեց, որ կոճը ետ քաշի: Թաթը բռնեցի ու էն սուր դանակովը ղըռթ կտրեցի... Թաթը փախցրեց, ոռնալով, կոնձկոնձալով ետ գնաց, ու կտերն իրարով անցան: Իմացել էի, որ գելերի մինը եթե վիրավորվեց` մյուսները վրա են թափում նրան ուտում: Ասի` ուրեմն սրան ուտում են: Հիմի սպասում եմ, որ սրան կուտեն կպրծնեն ետ կգան: Էլի դանակս ձեռիս պատրաստ սպասում եմ:

Ականջս ձենի է: Գիշերվա մի ժամին, ոնց որ երազում` մի բարակ ձեն եմ լսում. – Ավո հե՜յ...

Ինձ են կանչում...

Տեր աստոծ, մի՞թե ինձ են կանչում... մի՞թե ախպերս է... Միթե մերոնք են... Գոմից ձեն եմ տալիս, գոռում եմ.

Աղանիկ հե՜յ... Էստեղ ե՛մ... Գոմերումն ե՛մ... Գելերն ինձ ուտում ե՛ն... Օգնեցեք հե՜յ...

Էլի նրանք ձեն են տալի, իմ ձենը չեն լսում, թեև ես շարունակ կանչում եմ:

Մին էլ տեսնեմ հրացանները տրաքեցին, ետևից լսվեցին հեռացող գելերի կաղկանձն ու մարդկանց հարահրոցը: Պարզ ճանաչեցի ախպորս ու մեր գեղացի տղերանց ամեն մեկի ձենը:

Ավո հե՜յ...

Էստեղ ե՛մ... էստեղ ե՛մ... կենդանի ե՛մ...

Ներս թափեցին գոմը:

Փառք քեզ աստոծ... Փառք քեզ աստոծ, — ուրախացած ու զարմացած կանչում են ամենքը: Ցած եկա վերջին կոնդի վրից: Ախպորս գիրկն ընկա ու սկսեցի հեկեկալ:

Էլ լաց մի ըլի, գնա աստծուն փառք տուր, որ էսօր նոր մորից ծնվեցիր, — կանչեցին էս ու էն կողմից ու ինձ դուրս բերին դուռը, ուր թափված էին մեր Ծիրան եզան ոսկորները:

Դեռ լուսը չէր բացվել:

Հեռվից լսվում էր գելերի ոռնոցը:

4

Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի վրա:

Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում, բացատրում էին գյուղացիք:

Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՜ հարձակվելու և թե հարձակման դիմադրելու ժամանակ:

Ամեն մինը մենակ հեշտ կհաղթվի ձմեռն ու կկորչի, քան թե խմբով, և ամեն մինը չի կարող էն ճանկել, ինչ որ կճանկի խումբը:

Եվ հավաքվում են հիսունով, հարյուրով, մի քանի հարյուրով:

Սարսափելի բան է գիլի ոհմակը. մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, երբ շատ անգամ գելը քաղցից կատաղում է: Էդ ժամանակ, ասում են, գելերը իրենք էլ են իրարից վախենում: Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու` շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու: Վախում են իրար ուտեն: Բայց ոմանք էլ ասում են` նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին:

Գիլի համար մութը, ճամփի դժվարությունը, հեռավորությունը-ոչ մի նշանակություն չունեն:

Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք-չորս օրվա ձիու ճամփա կկտրի: Իսկ գիլի սրատեսության վրա էսպես մի զրույց կա ժողովրդի մեջ:

Ասում են: Մի անգամ արծիվն ու գելը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՜րն է ավելի սրատես: Գելն ասավ` մի ամպոտ օր ես սարի գլուխն ելա, ամպի միջով մտիկ արի տեսա` հեռու մի դաշտում մի սև ցելի (վարած հողի) մեջ մի ակոսում մի սև գառն է նստած:

Արծիվն էլ թե` ես էլ երկնքի երեսն ելա, ներքև մտիկ արի, մի ծխնելույզի միջից տեսա կրակի վրա դրած մի պղինձ խուփը վրեն: Խփան ճեղքիցը նայեցի, տեսա պղնձի միջին կաթը, կաթնի երեսին էլ մի սիպտակ մազ:

Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը: Եվ էս ամենի հետ միասին` շատ խորամանկ:

Նա մինչև լավ չիմանա, որ հարձակումն ապահով է-չի հարձակվիլ: Ուրիշ բան է, եթե սովից խելագար մի գել իրեն կորցրած գցի ափաշկարա վտանգի մեջ. բայց սովորաբար գելը շատ է զգույշ ու խորամանկ:

Մի գյուղացի էսպես պատմություն արավ: Ասում էր. մի տարի թակարդ էի սարել: Առավոտը վաղ վեր կացա գնացի տեսա մի գել է ընկել մեջը: Միայն ոտիցն է ընկել ու ոտը փշրվել է, սատկել է: Վեր կալա թակարդիցը հանեցի, էն կողմը գցեցի: Մինչև գլուխս կախ ես թակարդովն էի էղած, մին էլ տեսնեմ վեր կացավ կաղին տալով փախավ: Հա՜յ հա հա՜յ, էլ ո՞րտեղ, իրեն տվեց անտառը: Դու մի՜ ասիլ անտերը ստամեռնուկ է տված եղել:

Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում-ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում: Եվ սա երկու հարմարություն ունի նրանց համար: Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց անում, ետևից եկողների համար բաց-պատրաստ ճամփա է լինում, մին էլ` որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել: Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը:

Աստված հեռու տանի, թե ոհմակի աչքովը մի որս ընկավ: Ուրիշ գազան լինի, թե ընտանի կենդանի, իսկույն չորս կողմից շրջապատում են ու էլ փրկություն չկա: Իսկ կճղակավորներին, հատկապես եղնիկներին ու եղջերուներին, քշում են դեպի սառած գետերը, սառույցի վրա ճղատում ու վրա թափում, կամ քշում են դեպի բարձր ժայռերը, ժայռերից թռցնում ու իջնում ներքև լափում:

Ոհմակը վտանգավոր է և մարդու համար: Եթե բազմություն չեղավ` մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան: Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է: Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն: Հիմի կասեք` հապա ինչի՞ց է վախենում գելը:

Էս մասին գյուղացիք մի քանի պատմություն արին:

5

Գելը ոչ մի բանից էնպես չի վախենալ, ինչպես կրակից, — առաջինը խոսեց իմ տանտերը, քեռի Անդրիասը:

Մեր կողմերը, դե գիտեք, որ գել շատ կա: Էնպես տեղ ունենք, որ հենց գիլի բուն է, որ կա: Մի մեծ ծմակ ունենք, Մոտկորա ծմակ ենք ասում: Էդ ծմակամը մի թալա (անտառումը բաց տեղ, բացատ) կա: էդ թալումը էնքան գել կա, որ անունը դրել են Գիլի թալա:

Մի ձմեռնամուտ իրիկուն սարիգոմերիցը տուն եմ գալի: Հակառակին էլ էս Ստեփան տղես էլ հետս է. իննը-տասը տարեկան էրեխա է: Որ եկանք էդ թալի դիմացը, մի շան ձեն ընկավ ականջովս: Ասի` ով գիտի ոչխար են բերել էս կողմերը, չոբանի շունն է հաչում: Ձեն տվի.

Ա՛յ չոբան, հե՛յ...

Էս ձեն տալն էր, էլի:

Շան հաչոցը կտրեց ու, ձեզ մատաղ, մին էլ էն տեսնեմ` էդ ծմակիցը գիլի տուտը բաց էլավ, ռեխները բաց արած գալիս են, ո՜նց են գալիս, աչքերս սևացան...

Դու մի ասիլ, հաչողը գել է եղել: Ախր չէ որ գելը ոռնում է, բայց շանից հաչել է սովորում ու շատ անգամ էլ հաչում է:

Ձեռիս թվանք կա, միայն լավ գիտեմ, որ գիլի բոլուկի վրա թվանք չեն գցիլ. թվանք գցես թե չէ` ավելի կատաղի վրա կտան: Էրեխեն թե` ապի, էն ի՞նչ են:

Ասի` վախիլ մ՜ի, քեզ մատաղ, ղոչաղ կաց: Արի օգնի էս խաշամն (չոր տերև) ու չոր ճյուղերը հավաքենք: Չորս կողմից խաշամն ու չոր ճյուղերը ձեռաց կիտեցի ու կրակ տվի, բոցը ծուխ ելավ: Մոտկորա ծմակը լիքը փետ: Մինչև սրանց հասնելը վրա տվի, թեժ արի. բոցն էլավ ծառերի ծերը:

Սրանք եկել են, ի՜նչքան են եկել. չորս կողմներս կտրել են.հեռու կանգնոտել ժընգժընգում են ու ատամները չխկչխկացնում: Աչքները ծմակի մթան մեջ քուքուրթի (ծծումբի) բոցի նման ջուխտ-ջուխտ վառվում են: Մարդ մտիկ տալիս զարզանդում է:

Էրեխեն կպել է փեշիցս ու լաց է լինում:

Վախիլ մի՛, Ստեփան ջան, վախիլ մի՛, ես էստեղ եմ... լաց մի՛ ըլի, որ լաց ըլեսկգան մեզ կուտեն...

Էրեխեն ձենը փորն է գցել ու փեշիցս կպած դողում է, ո՜նց է դողում...

Տեր աստված, ասում եմ, դու ազատես էս նեղ տեղիցը: Ի՞նչ անեմ: Հույսս դրել եմ կրակի վրա: Էն էլ փետը հատնում է, էրեխեն էլ փեշիցս պինդ բռնել է, թողնում չի մի քիչ հեռանամ, փետ բերեմ, կրակին վրա տամ:

Մոտիկ մի ցըցչորի ծառ կար: Կրակը բոթեցի սրա տակը, սրա կողքին էլ մի կոտրած ծառի չոր բլուլ (կատար) կար, էն էլ քաշեցի վրեն, թեժացավ, ոնց թեժացավ, կարմիր լույսն ընկել է ամբողջ ձորը:

Դիմացի սարիցը չոբանները նկատում են, որ, ախպեր, էս ձորումը, էս ժամանակին, էս ի՞նչ կրակ պետք է լինի, որ քիչ է մնում ծմակը կրակի:

Մտածում են, մտածում ու ձեն են տալի:

Ականջ դնեմ, որ էս մեր Շամիրի ձենն է:

Ուրախանաք, ինչ որ մենք ուրախացանք:

Ձեն տվի.

Շամիր հե՜յ... գիլի բոլուկ է. չորս կողմս կտրել են... էրեխեն հետս է... օգնեցեք հե՜յ...

Հենց էս կանչելն էր: Մի քանի չոբան իրար հետ ձեն տվին. — Վախիլ մի՜ք, վախիլ մի՛ք, գալիս ենք հե՜յ... Ու պարզ լսում ենք, ոնց են իրար ձեն տալիս շտապեցնում, ոնց են շներին կանչում:

Թոբլան հե՜յ, Ղայթար հե՜յ, Չամբար հե՛յ, Չալակ հե՛յ...

Շների կլանչոցը վեր էլավ ու մտավ ձորը:

Էստեղ էրեխեն նորից սկսեց հեկեկալ ու լաց ըլիլ:

Վախիլ մի՛, Ստեփան ջան, վախիլ մի՛, հրես կգան:

Տղե՜ք, էս մեր Շամըրին Թոբլան անունով մի գելխեղդ շուն ուներ: Մին էլ տեսա էս շան ձենը մոտիկ ծմակում զրնգաց: Սրա ետևից մնացած շները, շների ետևից կրնկակոխ չոբանները: Չոբանների ղչըրղուն ու շների հաչոցը ծմակը դրմբացնում է: Մին էլ Ստեփանս թե` «ապի, գելերը փախչում են»:

Ասավ, ու ուրախությունը խառնվեց սարսափին, սկսեց աղաղակել ու առաջն ընկած փետի կտոր, քար, հող շպրտել գելերի ետևից:

Էլ գելն ո՞վ կտա: Ծմակի մթնումը կորան, գնացին:

Տղեքն եկան:

Ա՛յ տղա, էս ի՞նչ բան էր:

Բանն էլ որն է, ձեր տունը չքանդվի, հապա էսպես, էսպես...

Էստեղից վեր կացանք գնացինք չոբանների մոտ, մինչև լուսացավ, առավոտը խմբով եկանք տուն:

Էս բանն, ախպեր, իմ գլուխն եկավ: Կրակը մեզ ազատեց, — վերջացրեց խոսքը քեռի Անդրիասը:

6

Ուստա Սարգիս, հիմի քո պատմությունն արա, — էս ու էն կողմից ձեն տվին գյուղացիք. — Շորագյալից գալիս ոնց էլա՞վ:

Էլ ի՞նչ ասեմ, դե գիտեք էլի, — պատասխանեց ուստա Սարգիսը:

Մենք գիտենք, ամա աղեն գիտի ոչ:

Պա՜տմի, ուստա Սարգիս, պա՜տմի լսենք, տեսնենք Շորագյալի ճամփին քեզ հետ ի՞նչ է պատահել, — խնդրեցի ես:

Ուստա Սարգիսը զուռնաչի էր: Թինկը տված չիբուխ էր քաշում, վրա նստեց ու սկսեց պատմությունը.

Շորագյալի ճամփին պատահած պատմությունն էսպես է, աղա ջան:

Մի հացապակաս տարի վեր կացանք ես, դամքաշ (զուռնի ձեն պահող) Ակոփն ու դհոլչի (թմբկահար) Դավիթը մեր զուռնադհոլը վեր կալանք, ասինք գնանք Շորագյալ գեղերը հարսանիքներ անենք, հացահատիկ հավաքենք բերենք ձմեռը կառավարվենք:

Դե գիտեք էլի, որ Շորագյալա հացը համ լավն է լինում, համ առատ, իսկ մեզանում, սարերում, սակավ է լինում, եղածն էլ շատ անգամ կարկուտը տանում է:

Գնացինք զուռնա ածելով, հարսանիք անելով գեղեգեղ ման եկանք: Բավական ցորեն-գարի հավաքեցինք, մի ծանոթի պահ տվինք, մենք ետ ճամփա ընկանք դեպի մեր տները:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 Next Last