ԱՐԵՎԱԿ-ի նպատակը

Ներկայումս հայերենագիտությունը կարիք ունի նոր և ժամանակակից լեզվաբանական մեթոդների և մոտեցումների, որոնք թույլ կտան հիմնավորել մի շարք լեզվաբանական վարկածներ, ինչպես նաև հասնել նոր կարևոր արդյունքների: Նման հարցերի վերանայումը զգալի կերպով հեշտանում է լեզվաբանական կորպուսի առկայության դեպքում:

Արևելահայերենի ազգային կորպուսը (ԱՐԵՎԱԿ), որպես ժամանակակից լեզվաբանական գործիք, ստեղծված է լրացնելու այդ բացը` լեզվաբաններին տրամադրելով արևելահայերենի ծանոթագրական նոթերով որոնվող տվյալների բազա, որն իր մեջ ընդգրկում է էմպիրիկ լեզվաբանական նյութեր` արևելահայերենի դասական գրականությունից մինչև 2008 թ. ձայնագրված երևանյան առօրյա կենցաղային խոսակցությունները:

ԱՐԵՎԱԿ-ի առաջնահերթ նպատակն է օգնել լեզվաբաններին արևելահայերեն տեքստերում գտնել և ուսումնասիրել որոշակի չափանիշներին բավարարող համատեքստեր: Մասնավորապես ԱՐԵՎԱԿ-ը թույլ է տալիս որոնել՝

  • բառաձևեր և բառույթներ,
  • խոսքի մասեր, ձևաբանական հատկանիշներ և բառաթեքման տեսակներ,
  • կետադրություն,
  • համատեքստային հարցումներ ու բառակապակցություններ:

Բացի այդ, ԱՐԵՎԱԿ-ը հնարավորություն է տալիս ստեղծել գործածողի կողմից սահմանված ենթակորպուս. օրինակ` առանձին հեղինակի ենթակորպուս կամ որոշակի ժանրերի և ժամանակաշրջանների ենթակորպուս:

Քանի որ ԱՐԵՎԱԿ-ը ներկայացնում է արևելահայերենի իրական օրինակներ, որոնք քաղված են տարբեր ժամանակաշրջանների ու ժանրերի տեքստերից, այն կարող է ծառայել նաև որպես արևելահայերենի դասավանդման գործիք: Ոչ լեզվակիր հայերեն ուսումնասիրողների համար կորպուսից օգտվելը հեշտացնելու նպատակով ավելացվել են բառանիշների համապատասխան անգլերեն թարգմանությունները: ԱՐԵՎԱԿ-ը կարող է օգտագործվել նաև գրականագիտական, բանասիրական, պատմականև մշակութային ուսումնասիրությունների նպատակով:

ԱՐԵՎԱԿ-ի «ազգային կորպուս» անվանումը զուտ պայմանական է, որը ծագում է կորպուսային լեզվաբանության առաջնեկ Բրիտանական ազգային կորպուս-ի անվանումից: ԱՐԵՎԱԿ-ի նպատակն է կորպուսային լեզվաբանության միջոցներով ներկայացնել արևելահայերենը հնարավորինս ամբողջական և տարբերակված ձևով: Մշակութային և լեզվաբանական տեսանկյունից կարևոր արևելահայերեն տեքստերի հիմնական մասը ընդգրկված է ԱՐԵՎԱԿ-ում:

Հատկանշական է, որ ԱՐԵՎԱԿ-ը հավասարապես առնչվում է ինչպես կորպուսային լեզվաբանությանը, այնպես և հայերենագիտությանը: ԱՐԵՎԱԿ-ի խմբի նպատակն է ստեղծել լեզվաբանական ժամանակակից ճկուն տվյալների բազա, որը կարող է հիմք հանդիսանալ այլ լեզուների կորպուսներ ստեղծելու համար, ինչպես նաև վիճակագրական մոտեցումներով ներկայացնել լեզվի նկարագրությունը և բնական լեզվի մշակման մեթոդները: