Րաֆֆի՝   Զահրումար

Կատակելով, նրա խոսքը կտրեց Քաջբերունին.

Ծառերի սոսափյուն, ջրերի խոխոջմունք, ոսկի արև, կապուտակ երկինք, վարդագեղ արշալույս, հովաշունչ զեփյուռ... դե՛, բանաստեղծե, պոետ, — ասաց նա դարձյալ ծիծաղելով:

Արամյանը մի փոքր կարմրեց և բռնելով նրա ձեոքը` ասաց.

Է՜հ, Սմբատ, դու կատակում ես, բայց ես անպատճառ պիտի տանեմ քեզ:

Չէ՛, հոգիս, ես չեմ կարող հեռանալ այս անկյունից, — պատասխանեց Քաջբերունին անկեղծությամբ, — իմ միջոցներս չեն թույլատրում ինձ վայելել ոսկի օրեր:

Ինչո՞ւ:

Դու արդեն գիտես, որ ես աղքատ մարդ եմ:

Ի՞նչ ես խոսում, — դեմքը մի փոքր խոժոոելով կրկնեց Արամյանը, — ես ասում եմ քեզ, թե ես վարձել եմ այնտեղ կացարան, և մեզ համար պատրաստ են այնտեղ կենալու ամենայն հարմարություններ:

Ես չեմ կարող ավելորդ բեռ լինել քեզ վրա:

Քո խոսքերն ինձ զարմացնում են, Սմբատ. մինչև այսօր ոչինչ խտրություն չէ եղել մեր մեջ. մենք սկսած մեր համալսարանական կյանքից՝ ապրել ենք միասին որպես եղբայրներ, բայց այժմ կամենում ես իմ ու քոյություն դնել մեր մեջ:

Այլ է համալսարանական կյանքը, հոգիս, և այլ բուն կյանքը, — պատասխանեց Քաջբերունին ծանրությամբ: — Այնտեղ ուսանողն ապրում է մի այլ երկնակամարի տակ, այնտեղ նա պատրաստ է ոչ միայն յուր վերջին լուման պահել յուր եղբոր համար, այլև յուր կյանքը: Բայց երբ որ ուսանողը մտնում է այս աշխարհ, երբ որ նա ծանոթանում է մամոնայի հետ, արդեն համալսարանի երազական գաղափարները շոգիների նման ցնդում են նրա գլխից:

Մի՞թե մենք ևս պատկանում ենք այդպիսի ուսանողների թվին, — մի փոքր վշտանալով ասաց Արամյանը:

Ինչո՞ւ չէ. միտքդ գալի՞ս է, որ մենք քանի Պետերբուրգումն էինք, մեր հայրենիքի համար ինչե՛ր էինք ուխտում, ինչե՛ր էինք երդվում, բայց այժմ ի՞նչ շինեցինք:

Այդ իրավ է, որ մենք՝ հայերս, մեր հայրենիքը ավելի ենք սիրում, դեռ քանի որ նրանից հեռու ենք, — պատասխանեց Արամյանը: — Բայց այժմ թող մնան դրանք. իմ կարծիքով մենք միևնույն հոգին ունենք, ինչ որ ունեինք համալսարանում. բայց դու ասա՛ , գալո՞ւ ես Կոջոր թե ո՛չ:

Ես ասացի թե ո՛չ:

Սմբատ, դու վշտացնում ես ինձ, — նրան գրկելով ասաց Արամյանը: — Ես չեմ թողնիլ, որ դու այստեղ մնաս:

Քաջբերունի ոչինչ չխոսեց:

Ասա, գալո՞ւ ես ինձ հետ:

Ի՞նչ ես այդքան թախանձում ինձ, Թաթոս:

Թաթոս անունը նրանց մեջ ընդունած անուն էր, որով նրանք կոչում էին հիմար ուսանողներին:

Լա՛վ, ասա՛, կգա՞ս թե ոչ:

Ես արդեն ասացի. բայց դու պատմի՛ր փոքրինչ, թե ի՛նչպես ես անցկացնում այնտեղ:

Ես քեզ մի լավ պատմություն կանեմ, միայն խոստացիր:

Դե ասա՛:

Արամյանը ժպտալով խոսեց րոպեական լռությունից հետո:

Սմբատ, Կոջորում ես բարեկամացա մի այնպիսի սիրուն աղջկա հետ, որ կատարյալ հրաշք է. ի՜նչ սիրաբորբոք աչքեր, ի՜նչ քաղցրությամբ լի շրթունք, ի՜նչ վարդագեղ երես, մի խոսքով, կատարյալ հրեշտակ...:

Քաջբերունին ժպտալով լսում էր յուր մանուկ ընկերի նկարագրությունները:

Այլևս ի՞նչպես, շարունակի՛ր, — ասաց նա:

Նրա խոսակցությունը ամբողջ պոեզիա է, նրա ժպիտը հիանալի է, նրա շրթունքների մեջ թաքուցած է երկնային համբույր, իսկ նրա ծոցում անմահ կյանք...:

Բավական է, գլուխս մի՛ տանիր, այժմ հասկացա, որ սիրահարված ես, — նրա խոսքը կտրեց Քաջբերունին:

Ոչ՛ , այդպես մի՛ կարծիր, միայն դու գիտես, որ ես գեղեցկասեր ճաշակ ունիմ:

Այո՛, ես գիտեմ... Միայն ասա՛, ի՞նչ ազգից է քո նկարագրած հավերժահարսը:

Նա հայ է: Բայց, Սմբատ, եթե ես լինեի պատկերահան և կամենայի ընծայել աշխարհին գեղեցկության դիցուհու կատարելատիպը, ես միայն նրան գաղափար կընտրեի իմ գործին:

Այդ արդեն չափազանցություն է:

Ո՛չ, Սմբատ, քանի որ չես տեսել, կարելի է այդպես կարծել, բայց դու արդեն խոստացար գալ ամառանոց, ես կծանոթացնեմ քեզ նրա հետ, և դու անտարակույս կգովես նրա գեղեցկությունը:

Կրթվա՞ծ է:

Այդ մասին լեզուս կարճ է ... այո՛, նա կրթված է, որքան կարող է կրթվել մի հայ աղջիկ այստեղի դպրոցներում: Գիտե ռուսերեն, ֆրանսերեն, վրացերեն, հիանալի երգում և նվագում է:

Իսկ հայերե՞ն:

Հայերեն չգիտե, հայությունը նրա դավթարումը գրված չէ:

Ի՞նչ գրքեր է շատ կարդացել:

Ռոմաններ:

Պրծավ գնաց... արդեն հայտնի է, թե նա ի՛նչ պտուղ պիտի լինի:

Խոսակցությունը նրանց մեջ ընղհատվեցավ, երթ Քաջբերունին ոկսավ վառել յուր ծխամորճը:

Ճշմարիտ զարմանալի է, թե դու ի՛նչպես ես անցկացնում այստեղ միայնակ, — հարցրեց Քաջբեբունուն Արամյանը:

Հապա ի՞նչպես պետք է անցկացնել, — պատասխանեց Քաջբերունին անփույթ կերպով. — պարապում եմ քանի չեմ հոգնել, բայց երբ հոգնում եմ, նստում եմ այս լուսամուաի հանդեպ և նայում եմ պարտեզին:

Բայց դու ավարտեցի՞ր քո «Հայկական կյանքը»:

Ավարտեցի:

Ո՞ւր է:

Քաջբերունին ցույց տվավ պահարանում մի քանի հատ տետրակներ: Արամյանը մոտեցավ, վեր առավ նրանցից մինը, որ գրված էր խոշոր և խառն գրչով, և սկսավ նայել:

Ե՞րբ պիտի տպագրության տաս այս աշխատությունդ, — հարցրեց Արամյանը:

Ո՞րտեղ և n՞ւմ համար:

Արդարև, այստեղ չի տպվի, բայց ինչո՞ւ ո՛ւմ համար:

Ո՞վ պիտի կարդա:

Դու կարծում ես մերայինք ուշադրություն չե՞ն դարձնիլ մի այսպիսի գրքի վրա:

Ամենևի՜ն:

Ուրեմն էլ չե՞ս գրում:

Ո՛չ:

Այստեղ տաղտկալի չէ՞ քեզ միայնակ:

Ես միշտ միայնակ չեմ մնում, այլ լինում են ինձ մոտ և հուրեր, — պատասխանեց Քաջբերունին ծանրությամբ: — Գիշերները շատ անգամ գալիս է ինձ մոտ տանտիկին գերմանուհի պառավը, նստում է և ամբողջ ժամերով սկսում է շատախոսել. նա պատմում է յուր մանկությունից, յուր հանգուցյալ ամուսնուց, իրանց հայրենիքից, նա պատմում է ինձ և այլ զանազան դատարկ բաներ: Եվ ամեն առավոտ վիզիտով մտնում է ինձ մոտ տանտիրոջ կատուն, նա մռռալով պտտվում է իմ չորս կողմը, որպես թե կամենում է ինձ հետ պարել, պոչը կամարաձև բոլորում է մեջքի վրա, մի քանի անգամ քսմսվում է իմ ոտներին և հեռանում: Բայց նորահաս գերմանուհի աղջիկը, որ ծառայում է ինձ, մի քանի րոպե է միայն ինձ մոտ մնու. մայրը վախենում է նրան երկար ինձ մոտ թողնել:

Երկու ընկերների մեջ այդպես կես ժամ ևս տևեց խոսակցությունը, մինչև Արամյանը վեր կացավ և ասաց.

Այսօր ես մի քանի տեղ ունիմ գնալու. դու պատրաստվիր, Սմբատ, երեկոյան հովին ճանապարհ կընկնենք:

Ես կգամ, միայն մի քանի օրով:

Այդ ոչինչ, միայն պատրաստ եղիր երեկոյան:

Արամյանը հեռացավ:

ԻԵ

Ինչ որ Ճանճուր Իվանիչի ընտանիքը գնացել էր Կոջոր, նա գոնե մի անգամ չէր եղել նրանց մոտ: Բայց քաղաքում խորովվելով հուլիսյան արևի տաքությունից, փոշի կուլ տալով, յուր հաստ փափախը գլխին, քարշ էր գալիս յուր գործերի ետևից: Սպասավորնեից նրա մոտ մնացել էր միայն իմերել Քիտեսը: Նա Ճանճուր Իվանիչի համար և՛ թեյ էր պատրաստում, և՛ խորոված էր խորովում, և՛ նրա չաքմեքն էր մաքրում, հարկավոր ժամանակ նաև փոստը նամակ էր տանում:

Մի օր երեկոյան պահուն, Ճանճուր Իվանիչը, փողոցից տուն վսրդառնալով, միայնակ նստած էր պատշգամբի վրա, նրա առջև հենարանի վրա դրած էր մի բաժակ թեյ, նրա մոտ մի կտոր շաքար: Բայց տաք ըմպելին վաղուց սառել էր, և ճանձուր Իվանիչը, պաշարված խառն մտածություններով, մոռացել էր խմել:

Հանկարծ երևան եկավ Սամիլ Պետրովիչը:

Տեսնելով մոցիքուլին, Ճանճուր Իվանիչի թխպամած դեմքը մի փոքր պարզվեցավ, ինչպես մինը, որ հեռվից նշմարում է յուր ավետաբերը:

Բարով, բարով, Սամիլ Պետրովիչ, — գոչեց Ճանճուր Իվանիչը: — Հե՛ր օրհնած, ո՞ւր իս, էսքան վուխտ չիս էրևում, աչքիրս տրաքեցան քու ճամփեն մտիկ տալով:

Բարով, — կրկնեց Սամիլ Պետրովիչը` ձեռք տալով Ճանճուր Իվանիչին, ապա կարտուզը վեր առավ գլխիծ և նստեց:

Ո՞ւր իս, էսքան վուխտ է չիս էրևում, — դարձյալ հարցրեց Ճանճուր Իվանիչը:

Ո՞ւր պտիմ ըլի, քիզ համա չալիշ իմ գալի, — պատասխանեց Սամիլ Պետրովիչը: — Դուն քու գուրծերի էտնեն իս, իսկի խաբար չունիս, էլ չիս ասում, վուր Սամիլ Պետրովիչի հոգին դուս էկավ դես ու դեն ման գալով, վուր քիզ համա փեսա ճարե:

Դե՛ լավ, մունաթ մի՛ դնի. մաշ վո՞ւնց, դանա իմ աղբեր չի՞ս դուն, վուր իմ փիքրը չքաշիս, մաշ ո՞վ պիտի քաշե, — պատասխանեց Ճանճուր Ւվանիչը կեղծավորելով: — Ա՜յ, տղա, Քիտես, չա՛յ:

Քիտեսը շուտով մատուցարանի վրա բերավ թեյ: Սամիլ Պետրովիչը մի քանի կում ընդունելով ասաց.

Ի՛նչ լավ չայ է, ի՛նչ լավ համ ու հուտ ունե:

Հա, խիստ լավն է, — պատասխանեց Ճանճուր Ւվանիչը. — Խալաթովի քարվանսարի թուրքի ղազազներեմեն գրվանքեն վեց աբասով իմ առի:

Բայց թեյը ամենաանպիտան թեյ էր, ո՛չ համ ուներ և ո՛չ հոտ, մանավանդ որ պատրաստված էր իմերել Քիտեսի ձեռքով:

Բայց, ինչպես մեր ընթերցողին հայտնի է, Ճանճուր Իվանիչը գիտեր կեղծավորվել, նա, ինչպես ասում են, սատանային կնալեր:

Այգում մանուկ տղամարդու անհաջող առաջարկության օրից սկսած Սամիլ Պետրովիչն անդադար այս կողմ այն կողմն էր ընկնում, գուցե Ճանճուր Իվանիչի համար մի փեսա գտնե, և իբրև մի դալալ մարդ, նրա ապրանքի սովդան բարիշացներ մի անբախտի հետ, որպեսզի յուր համար մի քանի մանեթ մեջտեղից որսա: Բայց Սամիլ Պետրովիչի ջանքերը բոլորն իզուր անցան մի քանի պատճառներով. մին որ՝ Ճանճուր Իվանիչը այնքան փող չէր տալիս, որ գոնյա փեսաները, փողի առավելությանը նայելով, իրանց ամուսնացվի բարոյական արատները հաշվի չառնեին, մին էլ` Ճանճուր Իվանիչը կամք չուներ օտարազգի չինովնիկի տալ, որի վրա դյուրությամբ կարելի էր մսխել մի այնպիսի օրիորդ, որպիսին Սոֆին էր: Բայց Ճանճուր Իվանիչը կամք ուներ, ինչպես մտածում էր, երկու բարիք միասին վայելել, մին՝ հինգ հարյուր թումանով աղջիկը յուր գլխից ռադ անել, մին էլ՝ վաճառական և հարուստ փեսա ունենալ:

Այղ հանգամանքներն ավելի ճշտությամբ հայտնի լինելով Սամիլ Պետրովիչին, նա գիտեր, որ չէր կարող կատարել Ճանճուր Իվանիչի պահանջմունքները: Այդ պատճառով նա խիստ տհաճությամբ պատասխանեց, երբ Ճանճուր Իվանիչը հարցրեց, թե ի՞նչ շինեցիր:

Քու բանը, Ճանճուր Իվանիչ, դժար գլուխ գալու բան է, — պատասխանեց Սամիլ Պետրովիչը՝ գործագետ մարդու եղանակով: — Առաջին վուր, քու արշինը կարճ է, քու սովդան չի ըլի շինիլ. դուն ուզում իս, մե հինգ հարուր թումնով լավ փեսա ճարիս, էտ մեր քաղքում վո՞ւնց կուլի: Հենց ասում իս, թե ուսում առած աղջիկ է, պտի առանց փուղի մարդու տամ. մագրամ չիս իմանում, էս անիծած ուսումը աղջկերանց մազանդան վունց կոտրից: Սրամեն առաջ եփոր ըշկոլեմեն դուս էկած մե աղջկա սովդեն էի շինում, ու եփ վուր տղին թամահ քցելու համա ասում էի, աղջիկը էսքան փուղ ունե, էսքան բաժինք ունե, էսպես սիրուն է, ու եփոր ավելացնում էի, թե ուսում էլ ունե, ըշկոլոլմը օխտը տարի կարթացիլ է, ռսնակ, փրանցուզնակ ջրի նման խոսում է, ու` ի՞նչ միղքս պահիմ, եփոր մե քանի սուտ էլ պոչին էի կպցնում, էտունք տղեն լսելիս ուրախութենից խիլքը գնում էր: Ամա հիմի եփոր տղին ասում իս, թե աղջիկը էսքան փուղ ունե, էսպես է, էնպես է, գովում իս, ու իժում ասում իս, թե ըշկոլեմեն դուս է էկի, կուրսը պրծիլ է, տղեն էն նմուտին ժնգիրթը կախում է, ու քիզ ասում է, թե էտ փուղը նրա մե տարվա թեատրի, վեչերի, դուխի ու պոմադի միսխը չի դուս բերի: Հիմի իմացա՞ր, Ճանճուր Իվանիչ, ուսումն էլ մոդից ննգավ:

Ճանճուր Իվանիչը դրանից ավելի լավ էր հասկացել. նա վաղուց էր ասել՝ «էդ զահրումար ուսումը աղջկաս ղալբ փուղ շինից. ում վուր տալիս իմ, չին առնում»: Բայց նա միտք չուներ յուր սիրտը միանգամայն բաց անել Սամիլ Պետրովիչի առջև: Այդ պատճառով յուր ապրանքի արժանավորությունը չկոտրելով, նա ասավ թուրքի առածը.

Փիքր չկա, Սամիլ Պետրովիչ «զառ ղադրի զարգյալ բիլար» — (ոսկու կշիռը, հարգը, ոսկերիչը կիմանա), Իմ Սոֆին էնպես ապրանք չէ, վուր նրան մուշտարի չճարվի: Ի՞նչ իմ հոգում ջեր նրա ի՞նչ մարդու տալու վուխտն է, թող մե քանի տարի էլ մնա, մինչև բախտը բաց կուլի:

Սամիլ Պետրովիչը, նկատելով, որ յուր անկեղծությամբ խոսելը լավ հետևանք չունեցավ, միառժամանակ ևս Ճանճուր Իվանիչի սեղանից ձրի ճաշ կամ ընթրիք որսալու համար մտածեց նրա գլուխը փչել մի քանի դատարկ հույսերով:

Գիդի՞ս ինչ կա, — ասաց նա, — թե ղարիբ օմքնու կուտաս, մե լավ մուշտարի կա:

Վո՞ւրղանցի է, — հարցրեց Ճանճուր Իվանիչը՝ մի փոքր հանգստանալով:

Ստամբոլեմեն է, — պատասխանեց մոցիքուլը:

Անունը ինչպե՞ս է:

Նրա անունը Անուշիկաղա Թութունջյան է:

Էստեղ ի՞նչ է շինում, — կրկնեց Ճանճուր Իվանիչը՝ բոլորովին չհավատալով յուր ականջներին: — Ո՞վ գիտե ի՛նչ թոկից փախած կռո կուլի:

Ի՞նչ իս խոսում, հերը միլիոնչիկ է, ինքն էլ էկիլ է միր քաղքում միտք ունի մահուդի ֆաբրիկա բաց անի: Մե ջահել, սիրուն տղա է, ուսում առած, տասներկու լիզու խոսել է իմանում:

Միլիոնի և մահուդի ֆաբրիկայի անունը խիստ հաճելի եկավ Ճանճուր Իվանիչի ականջներին, և նա հարցրեց.

Ուզում է պսակվի ու էստի մնա՞, թե կու գնա իրա երկիրը:

Ո՞ւր կու գնա, մարդն ուզում է էստեղ ֆաբրիկա բաց անէ:

Կարա՞ս միր տուն բերի:

Ջեր տուն բերել դժվար է, նրա համա վուր աղջիկը տան չէ, — պատասխանեց մոցիքուլը: — Բայց թե գուզիս, աոուտեհան գնանք. նա կենում է Արծրունու քարվանսարումը, բուլվարի վրա, էնտեղ քիզ նշանց կուտամ:

Շատ լավ, ամա ասա՝ տեհնիմ, փուղ խոմ շատ չե ուզում:

Նա մե կապեկ փուղ չէ ուզում. ասում է փուղն ի՞նչ կոնիմ, ասում է, աղջիկը սիրուն ըլի, կոսե, խելոք ըլի, ուսում ունենա, հերիք է, ասում է:

Իմ հոգին գիդենա, մարդավարի օքմին է էլի էտ տղեն, — խոսեց Ճանճուր Իվանիչը ուրախությամբ, — ես իմ աղջիկը կուտամ դրան:

Օրինավուր մարդ իմ ասում. հատը սաղ քաղքումը չկա:

Մագրամ, ասա՛, տեհնիմ, Սամիլ Պետրովիչ, նա միր Սոֆիին տեհի՞լ է:

Մե օր բաղումը տեհիլ է ու հավնիլ է. մե խոսքով Սոֆիի համա գժված է:

Ճանճուր Իվանիչը նկատելի կերպով հրճվեցավ:

Քիտես, — ձայն տվավ ծառային, — արաղ բե:

Արաղն ի՞նչ կոնինք, — հարցրեց Սամիլ Պետրովիչը:

Պունշ կու շինինք. գիդի՞ս, Սամիլ Պետրովիչ, առանց պունշի չայը էնենց է, վունց վուր խաշը առանց սխտուրի:

Սամիլ Պետրովիչը ծիծաղեցավ:

Քիտեսն արաղը բերավ, նրանք միմի բաժակ խմեցին թեյի հետ խառնած:

Այդ հանկարծահաս լուրը մինչև այն աստիճան ուրախացրեց Ճանճուր Իվանիչին, որ նա չկարողացավ պահել յուր սրտի հրճվանքը. նա խնդրեց Սամիլ Պետրովիչին՝ մնալ այն գիշեր յուր մոտ՝ մի լավ քեֆ անելու համար: Սամիլ Պետրովիչը հոժարությամբ ընդունեց: Ճանճուր Իվանիչը հրամայեց ծառային, որ գնա բազարից խորովածացու միս առնե: Նրանք այն գիշեր մի փառավոր ուրախություն արին:

Հիմի ասա՛, տեհնիմ, Սամիլ Պետրովիչ, առուտեհան մինք էն մարդուն վո՞ւրդի կանանք տեհնի, — հարցրեց Ճանճուր Իվանիչը՝ գիշերվա երկու ժամին մոցիքուլին ճանապարհ գցելու ժամանակ:

Առուտեհան ես կանգնած կուլիմ Թամամշովի քարվանսարի առաջ, դուն կուգաս էնտեղ, ինձ կու գտնիս. իժում մինք միասին կեհանք Արծրունու քարվանսարա, ես էն տղին կու գտնիմ, դուն հեռվից մտիկ կոնիս, ի՛նչ տղի հիդ վուր խոսացի, ու իրեք անգամ հազացի, իմացի վուր նա է. հիմի իմացա՞ր:

Իմացա, մագրամ մե քիչ ղայիմ հազա, վուր կանենամ լսի:

Շատ լավ, ղայիմ կու հազամ, հիմի բարի գիշեր, — ասաց Սամիլ Պետրովիչը և գլորվելով սկսավ հեռանալ Հացի-Գելենց տնից:

«Լավ էրազ է... թե աստուծ բարին կատարե... » — ասաց յուր մտքում Ճանճուր Իվանիչը՝ մոցիքուլին ճանապարհ գցելուց հետո:

ԻԶ

Նույն երեկո, երբ Ճանճուր Իվանիչը, ոգևորված ապագա հույսերով, Սամիլ Պետրովիչի հետ խոսում էին Թութունջյանի վրա, Կոջորում, Հացի-Գելենց կացարանի մոտից գռռալով անցավ ճանապարհորդական մի կառք, որ շուտով կանգնեց ոչ այնքան հեռու նրանց բնակարանից. կառքից դուրս եկան երկու մանուկ տղամարդ: Դրանցից մինը Քաջբերունին էր, մյուսը Արամյանը:

Մյուս օրվա առավոտյան Արամյանը վաղ վեր կենալով մահճից` պատրաստվում էր հոգալ յուր հյուրի համար նախաճաշիկ, մինչև նա կզարթեր քնից, բայց նա զարմացավ՝ տեսնելով Քաջբերունուն բոլորովին հագնված, դրսից ներս մտնելիս: նա նայեց նրա կոշիկներին, տեսավ, որ նրանք թրջված էին առավոտյան ցողով:

Բարի լույս, — ասաց Արամյանը ժպտալով, — ես կարծում էի, թե դու քնած կլինիս. լավ շուտ ես զարթե՜լ:

Այո՛, ես այժմ սովորել եմ առավոտները վաղ զարթել, — պատասխանեց Քաջբերունին:

Բայց դու դրսից ես գալիս:

Ես գնացել էի պտտելու և դիտելու ձեր ամառանոցի շրջակայքը, — պատասխանեց Քաջբերունին և նստեց լուսամուտի հանդեպ, իսկ Արամյանը դուրս գնաց սենյակից:

Երկար այնպես նայում էր Քաջբերունին դեպի կանաչազարդ հեռուն և հրճվում էր գեղեցիկ տեսարաններով: Եվ մեկ էլ մի գաղտնի ոգևորությամբ բացականչեց հազիվ լսելի ձայնով. «հրաշալի՜ Կովկաս, հայրենի՜ք գեղեցկության, բայց ափսո՜ս...», և նրա երեսի գույնը փոխվեցավ ներքին վրդովմունքից:

Ներս մտավ Արամյանը՝ արդեն հագնված և լվացված:

Դու թեյը կաթնո՞վ ես սիրում, — հարցրեց նա:

Այո՛, — պատասխանեց Քաջբերունին, — միայն ասա՛ շուտ տան, մի քիչ կարագի և հացի հետ. ես այժմ գայլի պես սոված եմ:

Երևի առավոտյան զբոսանքը և լեռնային օդը գրգռել են քո ախորժակը. ահա ամառանոցի զանազանությունը քաղաքի ապականված մթնոլորտից, — կրկնեց Արամյանը՝ ձայն տալով ծա ռային, որ շուտ բերե:

Ծառան ներս բերավ հեշտաեռը, և մի քանի րոպեից հետո նրանց առջև պատրաստվեցավ թեև չափավոր, բայց ախորժելի նախաճաշիկը:

Նախաճաշիկից հետո նրանք սկսեցին ծխել:

Քաջբերունին յուր սովորության համեմատ նստեց լուսամուտի առջև, Արամյանը նույնպես նստեց նրա հանդեպ:

Ինչո՞վ ես պարապում այժմ, Վահե, — հարցրեց Քաջբերունին;

Համարյա թե ոչնչով, — պատասխանեց Արամյանը:

Մի՞ թե ծուլացել ես:

Ո՛չ, միայն այն, ինչ որ ես ցանկանում եմ, ժամանակի է կարոտ և պահանջում է շատ գործել, բայց այժմ ես դեռ ոչինչ չեմ կարող անել:

Ինչո՞ւ:

Որովհետև որպեսզի կարելի լինի արվեստականապես բացատրել հայոց լեզվի ծագումը և նրա պատմական և գործնական ձևակերպությունը, պետք է հիմնավորապես ծանոթ լինել այն լեզուներին, որոնցից մեր լեզուն ծագումն է առել, այդ պատճառով ես հարկավոր եմ համարում հիմնովին ուսանել պարսից և սանսկրիտ լեզուները:

Քաջբերունի ժպտաց:

Ո՞րտեղ պիտի սովորես այդ լեզուները, — հարցրեց նա:

Ես միտք ունիմ գնալ հնդկաստան, — պատասխանեց Արամյանը:

Լավ, մինչև գնալդ անգործ պիտի մնա՞ս:

Ես այժմ բոլորովին անգործ չեմ, այլ քերականություն եմ պատրաստում մեր նոր աշխարհաբար լեզվի, այլև պատրաստում եմ մի համառոտ բառարան եվրոպական ուսումնական և աևվեստական բառերի, որպեսզի մեր գրողները ստիպված չլինեն հունական, լատինական կամ այլ ազգի բառեր մուրալ:

Մի այդպիսի աշխատություն անօգուտ չի լինիլ մեր այժմյան գրականության համար, — պատասխանեց Քաջբերունին: — Թեև առաջին անգամից այդ հայերեն թարգմանված տերմինները խորթ կթվան, բայց, հետզհետե գործածության մեջ մտնելով, քաղաքացիություն և իրենց բուն նշանակությունը կստանան:

Բայց մեզ մի ուրիշ բառարան ևս պետք է, — խոսեց Արամյանը, — այսինքն մի բառարան մեր նոր և կենդանի լեզվի: Մեր գրաբար բառարանները պարունակում են իրանց մեջ ըստ մեծի մասին Աստվածաշունչ գրքի և մեր հին գրականության բառերը. այդ պատճառով նրանք խիստ աղքատ են նոր լեզվի կենդանի բառերով: Այդպիսի բառեր մենք նորից հնարելու կարոտություն չունինք, որովհետև կյանքն ինքն ստեղծում է բառերը: Այդ պատճառով մեր այժմյան կենդանի լեզուն ունի յուր մեջ այնպիսի բառեր, որոնք չկան մեր հին լեզվի մեջ, որ մնացել է մեզ թղթի կամ մագաղաթի վրա: Օրինակի համար՝ մի հայ, որ բնակվում է անտառի մոտ, նա գիտե այդ անտառի բոլոր ծառերի, տունկերի, պտուղների, խոտերի և ծաղիկների անունները, որոնք չկան մեր գրքերում կամ բառարաններում: Այդպես էլ հայ երկրագործը գիտե յուր արհեստին վերաբերյալ բոլոր գործիքների և պարագաների անունները, որոնք ըստ մեծի մասին մեզ անծանոթ են. մի խոսքով` հայ մարդը յուր գյուղական և հովվական կյանքում հնարել է իրան համար շատ բառեր, որոնք նույնպես պետք են մեր նոր լեզվի ճոխության համար: Առհասարակ մենք՝ քաղաքացիներս, չգիտենք այնքան տնտեսական բառեր, որքան գիտեն գյուղացիք: Նրանք առավել, քան անշունչ մագաղաթը՝ հավատարմությամբ կարողացել են պահպանել իրանց հայրենական բարբառը: Բայց եթե այդպիսի բառեր չհավաքվեն, նրանք անտարակույս կկորչեն, երբ գյուղացիների կյանքը այլ կերպարանք ու ձև ստանա:

Այո՛, պետք է հավաքել, — պատասխանեց Քաջբերունին, — բայց ո՞վ պիտի հավաքե:

Ես մտադիր եմ այդ նպատակով մի ճանապարհորդություն անել, — պատասխանեց Արամյանը:

Դուք շատ դատարկ բաներ եք մտադիր անելու, — նրանց խոսքը կտրեց մի երրորդ ձայն, և նույն րոպեին երևեցավ մի կարճլիկ, մանուկ տղամարդ, երեսը շան ռեխի նման, դեղին երկգույն մորուքով և փոքրիկ աչքերով:

«Անուն հոր և որդու » , — երեսը խաչակնքելով ասաց Արամյանը, — Թաթոս, այս ո՞րտեղից հայտնվեցար:

Բայց նորեկ պարոնի անունը Թաթոս չէր, նա կոչվում էր Քրիստափոր Դիաչկով. միայն այդ անունով նորահաս ուսանողները կատակի համար կոչում էին հիմար ուսանողներին՝ իրանց համալսարանական կյանքում:

Նորեկ պարոնին թեև հայտնի էր մի այդպիսի կոչման նշանակությունը, բայց նա ամենևին չվշտացավ և շատ սիրալիր կերպով մոտեցավ, ողջունեց նրանց և նստեց նրանց մոտ:

Դե՛, Հոմերոս, այժմ շարունակի՛ր քո ճառը, — խոսեց Դիաչկովը ռուսաց լեզվով` ուղղակի Արամյանի երեսին նայելով:

Ի՞նչ հարկավոր է, քանի որ իմ ճառը չի կարող քեզ գրավել, — պատասխանեց Արամյանը:

Այդ իրավ է, որովհետև ես վաղուց արդեն վճռել եմ չհավատալ հրաշքներին, այդ պատճառով գիտեմ, որ մեռելին կրկին կյանք տալ անկարելի է, ահա այդ դրության մեջ են հայոց ազգը և լեզուն: Այդպես չէ՞, Պղատոն, — նա դարձավ դեպի Քաջբերունին:

Բայց Քաջբերունին ոչինչ չպատասխանեց, միայն ծիծաղեցավ նրա թեթևամտության վրա:

Վահե, սակայն ներողություն, պետք է ասել՝ արքա հայոց, չէ՞ որ Վահեն հայոց թագավոր էր: — Գիտե՞ք ես ի՛նչ պատճառով եմ եկել ձեզ մոտ. դու էլ լսիր, Սմբատ, ես եկել եմ հայտնելու ձեզ`կամ համաձայնեցեք որոշել ինձ մի անկյուն ձեր կացարանում և կամ ես վարձը բարձրացնելով ձեզ կարտաքսեմ այստեղից:

Ի՞նչն է ստիպում քեզ այդ անել, — հարցրեց Արամյանը:

Ներեցե ք, ի՞նչպես կարելի է դուք միայն բնակվիք այստեղ և հրճվիք մի այնպիսի հրաշագեղ դրացուհիով, իսկ ես հեռվից սառն աչքերով նայեմ ձեր բախտավորության վրա: Ճշմարիտն ասած, նախանձը խեղդում է ինձ:

Արամյանը ծիծաղեցավ:

Սմբատ, դու տեսե՞լ ես նրան, — հարցրեց Դիաչկովը Քաջբերունուց:

Ո՛չ, ես երեկոյան եմ եկել այստեղ, — պատասխանեց Քաջբերունին:

Լավ է, որ չես տեսել, եթե ոչ՝ քո խելքն էլ նույնպես կտաներ գեղեցկուհին, ինչպես տարել է իմը, — խոսեց Դիաչկովը:

Մի՞թե քո գլխում գոնե քիչ խելք կար, որ տաներ, — հարցրեց Քաջբերունին ծիծաղելով:

Ինչպես չէ, ինձ արդեն կոչում են մեր քաղաքի Ռոշֆորը:

Կարճլիկ տղամարդը փաստաբան էր:

Երկու ընկերները ծիծաղեցին Դիաչկովի պարծենկոտության վրա:

Գիտես, Սմբատ, հրաշագեղ օրիորդը, ասում են, խելքից գնացած է Վահեի համար:

Չեմ կարծում, — պատասխանեց Քաջբերունին:

Վերջապես, այդ հարցը ինքնըստինքյան կլուծվի ապագայում, միայն դուք այս րոպեիս վճռեցեք` տալի՞ս եք ինձ մի անկյուն ձեր կացարանում, — կրկնեց Դիաչկովը:

Մանուկ տղամարդիկը նշմարելով, որ Դիաչկովի առաջարկությունը կատակ չէ, այդ պատճառով Արամյանը պատասխանեց.

Մենք չենք կարող համաձայնել քեզ հետ, մին` որ մեր կացարանում ավելորդ տեղ չկա, երկրորդ եթե տեղ ևս լիներ, քեզ չենք կարող ընդունել մեզ մոտ, որովհետև դու կարգելես մեզ պարապել:

Այսինքն ես կարգելեի ձեզ դատարկ պարապմունքներից, որպիսիք են քո հայկական քերականությունը, աշխարհաբար բառարանը և Սմբատի՝ «Հայկական կյանքը», հը՛, այնպե՞ս էկրկնեց Դիաչկովը երգիծաբանելով:

Արամյանը բարկությամբ նայեց նրա երեսին:

Դու շատ անխիղճ ես, Վահե, գոնյա թույլ տուր երբեմն գալ այստեղ և լուսամուտից նայել դեպի նվիրական բնակարանը, — խոսեց Դիաչկովը և մոտեցավ լուսամուտին, որտեղից ուղղակի երևում էր Հացի-Գելենց կացարանը:

Չի կարելի, — դարձյալ պատասխանեց Արամյանը:

Պարոններ, նայեցե՛ք, ահա՛ երևեցավ գեղեցկության դիցուհին, — գոչեց Դիաչկովը ուրախությամբ:

Մանուկ տղամարդիկը վազեցին լուսամուտի հանդեպ, ուր կանգնած էր Դիաչկովը:

Եվ, արդարև, երևեցավ օրիորդ Սոֆին ամառային թեթև և սպիտակ հագուստով. նա յուր եղբոր հետ գնում էր առավոտյան զբոսանքի: Օրիորդն անցավ նրանց լուսամուտի առջևից, մի կողմնակի հայացք ձգելով դեպի մանուկ տղամարդիկը: Բայց Դիաչկովը չկարողացավ համբերել և, առանց մնաք բարյավ ասելու, առավ գլխարկը, դուրս վազեց և սկսավ հեռվից հետևել գնացողներին:

Հիմար, — ասաց նրա գնալուց հետո Արամյանը, — այս ևս մեր նոր սերունդը...

Նա առավել բախտավոր է, քան թե մենք, — պատասխանեց Քաջբերունին:

Ինչո՞վ:

Նրանով, որ նա թեև թերուսի մեկն է, բայց ուղիղ ասաց նա, թե այժմ կոչվում է Ռոշֆորը յուր քաղաքի և դրանով շահել է իրան համար ավելի քան քսան, երեսուն հազար մանեթ. բայց ես ու դու, մեր մագիստրի ու դոկտորի դիպլոմներով, ծախսի փող էլ չունինք:

Այդ ինչի՞ց է:

Պատճառը խիստ պարզ է. նա տիրացու Սաքոյի որդի Խաչատուրն է, բայց այժմ կոչվում է Խրիստաֆոր Դիաչկով, կին բերեց յուր հետ մայրաքաղաքից և պարտավոր է կուռքի նման նրան պաշտե... բայց մեր ճակատին կարդացվում է ուրիշ բառ, և մենք պարապում ենք, որպես նա ճշտությամբ արտասանեց, դատարկ բաներով` դու քո հայոց քերականությամբ և բառարանով, իսկ ես իմ՝ «Հայկական կյանքով»...:

Մի այդպիսի բախտ, որ ժառանգել է նա, ամենևին նախանձելի չէ, — պատասխանեց Արամյանը, — որովհետև Վասակները միշտ շահում են ոսկի:

Իրավ նախանձելի չէ, բայց մի...

Մի՞թե... այլապես չէր կարելի ապրել:

Այո՛ , մենք կարող էինք ապրել, եթե ուսած լինեինք կոշկակարություն կամ դերձակություն, բայց մենք սպառեցինք մեր առողջությունը և լցրինք մեր գլուխը չոր ու ցամաք ուսմամբ...

Բայց մենք երբեք չենք ցանկանալ վասակություն գործել` մեծաքանակ ռոճիկ ստանալու համար. մենք կմնանք ճշմարիտ հայ, որպես ենք, կսիրենք մեր ազգը և կկերակրվենք նրա սեղանից, — պատասխանեց Արամյանը դրականապես:

Այդ կլիներ, եթեն հայ ազգը կատարեր յուր փրկչի խոսքը, թե «պետք չէ յուր մանուկների հացը ձգել օտարներին»: Բայց դժբախտաբար մենք մեր ազգի սեղանի փշրանքներից էլ զուրկ ենք մնում:

Ի՞նչ ենք գործում մենք ազգի համար, որ նա պարտավորվի մեզ հաց տալ:

Իրավ, մենք դեռ ոչինչ չենք գործել, և իմ ցանկությունս այդ չէ, որ մենք Կոջորում, մեր սենյակում սիգար ծխենք և ազգից ձրի հաց պահանջենք. այո՛, հարկավոր է նախ և առաջ գործել: Բայց գլխավոր հարցն այստեղ այն է, որ մեր ազգը այնպիսի սարսափելի կերպով մոլորված է դեպի օտարազգիք, որ յուր օգուտը տալիս է օտարներին: Օրինակի համար՝ դու բաց արա ուսումնարան օրիորաց համար, որի մասին շատ անգամ հայտնել ես քո ցանկությունը. հավատացնում եմ քեզ, որ ոչ ոք չի հոժարիլ քեզ աշակերտուհի հանձնել, թեկուզ հոգին սուրբ էլ լինիս և մի րոպեում նրանց գլուխը ուսմամբ լցնես: Բայց մի մադամ Ջիվարոզին հարյուրներով աղջիկ կհանձնեն, թեև նրա ուսումնարանում աղջիկները մտնում և դուրս են գալիս դատարկ գլխով: Բայց գլխավոր բանն այն է, որ այս դեպքում ևս ծնողները իրանց ծուռը հաշվի մեջ դարձյալ չեն սխալվում. նրանց ցանկությունը իրանց աղջկերանց բան սովորեցնելը չէ, այլ նրանք միայն մի քանի հաշիվներ աչքի առջև ունին. մին` որ մադամի անունը նրանց ականջներին դյուր է գալիս, մին էլ` որ իրանց աղջիկը մարդու տալու միջոցին մոցիքուլը փեսին գրավելու համար յուր բոլոր ճարպկությունը գործ դնելուց հետո, թե «էհենց սիրուն է աղջիկը, էհենց խելոք է աղջիկը, էսքան փուղ ունե, էսքան բաժինք ունե» — հետո կավելացնե — «մադամ Ջիվարոզի մոտ ուսում է առի, տանցովատ, պիանո, ռսնակ ջրի պես սերտած ունե...»:

Ուրեմն ի՞նչ պետք է արած, — հարցրեց մի փոքր համոզվելով Արամյանը:

Պետք է ազգի աչքերը բաց անել, նա դեռ կույր է, մինչև որ նա ճանաչե, թե ո՛վ է յուր արժանավոր մշակը, որի աշխատությունները պարտավոր է վարձատրել:

ԻԷ

Նույն օրվա երեկոյան պահուն Արամյանը միայնակ գնաց Հացի-Գելենց մոտ. նրան ընդունեցին խիստ քաղցրությամբ, մանավանդ օրիորդ Սոֆին մի քանի նոր ցույցով հայտնեց յուր բարեկամական անկեղծությունը դեպի նա: Բայց Արամյանը երկար չմնաց նրանց մոտ և հայտնելով, թե յուր ընկերը միայնակ է, շուտով հեռացավ: Տիկին Բարբարեն և օրիորդ Սոֆին նրանից խնդրեցին, որ մյուս օրվա առավոտը յուր ընկերոջը բերե իրանց հետ ծանոթացնելու: Արամյանը խոստացավ:

Մյուս օրվան առավոտյան պահուն Քաջբերունին և Արամյանը հասարակ ամառային հագուստով գնացին Հացի-Գելենց տուն: Նոր հյուրի ներկայանալու և ծանոթանալու ծեսը մի քանի սովորական բառերով, աջ ու ահյակ գլուխ տալը վերջանալուց հետո, նրանք նստեցին:

Օրիորդ Սոֆին այդ օրը հագնված էր պարզ, բայց շատ ճաշակով և վայելուչ: Նա համեստությամբ նստած էր յուր մոր մոտ:

Տեսնելով Քաջբերունուն օրիորդ Սոֆին զգաց յուր սխալը: Արամյանից լսելով փիլիսոփայության և իրավաբանության մագիստրոսի անունը, նա հույս ուներ տեսնել մի որևէ գերբնական էակ: Բայց Քաջբերունու դեմքի կոշտ գծագրությունը, նրա սառն և անփույթ վարվեցողությունը, որոնք մանուկ կուսի աչքում հասնում էին մինչև անքաղաքավարության, հաճելի տպավորություն չգործեցին նրա սրտին: Այնուամենայնիվ, նա չէր կարողանում հասկանալ, թե ի՛նչ կարող էր գտնվել մի այդպիսի տարապայման գոյության մեջ այնպես հրաշալի, որ պատճառ էր տվել Արամյանին, ինչպես հայտնի էր, պաշտել նրան, որպես մի գերբնական էակի:

Նրանց աոաջին խոսակցությունը եղավ, ինչպես սովորաբար լինում է, ոչ այնքան նշանավոր: Տիկին Բարբարեն հարցրեց Քաջբերունուց քաղաքի տոթի և զովության մասին և ժողովուրդի զվարճություններից և նոր ու հին լուրերից: Քաջբերունին տաղտկությամբ մի քանի հատ ու կտոր պատասխաններ տվավ:

Օրիորդ Սոֆին թեյի սեղանի մոտ յուր հյուրերին թեյ էր մատակարարում:

Արամյանը, որպես այս տան նախածանոթը, ավելի ընտանեբար էր վարվում. նա մյուսներից ծածուկ մի քանի նկատողություններ արավ օրիորդին, որով կամենում էր ուղղել նրա սխալը: Երևում էր, որ նա ցանկանում էր Հացի-Գելենց գերդաստանական շրջանը ներկայացնել յուր ընկերին ավելի գեղահարմար կերպարանքով:

Թեյ խմելը վերջացավ:

Следующая страница