Թումանյան Հովհաննես՝   Թարգմանություններ և փոխադրություններ

Առավոտը Վասիլիսան գանգը հողումը թաղում է, տան դուռն ամուր կողպում, ինքը գնում է քաղաք, մի անորդի պառավի խնդրում է, որ մոտը կենա, մինչև իրեն հերը օտարությունից գա: Պառավը սիրով ընդունում է իր աղջկա նման, Վասիլիսան էլ նրան սիրում, պատվում է իր մոր պես, մոտը ապրում է ու սպասում: Պարապությունից որ հոգնում է, մի օր էլ պառավին ասում է.

Էսպես պարապ-սարապ նստելուց հոգնում եմ, նա՛նի ջան, ի՛նչ կլինի գնաս վուշ առնես բերես, մանած անեմ: — Պառավը գնում է, վուշ է առնում բերում: Վասիլիսան նստում է մանած անում, էնքան բարակ ու նուրբ, ոնց որ մազ: Մանածն անում է պրծնում, հիմի պետք է գործի: Բայց էն տեսակ տորք չի գտնվում, որ էն մանածին գա, ոչով էլ չի կարողանում շինի: Վասիլիսան էլ ետ իր տիկնիկին է խնդրում:

Տիկնիկն ասում է.

Գնա՛ ինձ համար մի հին տորք բեր ու մի մաքուք, մին էլ մի քիչ ձիու ձար, ես քեզ համար ամեն բան շինեմ:

Վասիլիսան գնում է գտնում ինչ որ հարկավոր է, տալիս է տիկնիկին, ինքը քնում: Առավոտը վեր է կենում, տեսնում` տիկնիկը մի հիանալի տորք է շինել:

Վասիլիսան կտավը հինում է, նստում գործում ու ձմեռվա վերջը արդեն պատրաստ է լինում մի կտավ, որ ասեղի ծակովն անց կկենար: Գարունքը կտավը ճերմակացնում են, ու Վասիլիսան պառավին ասում է.

Նանի ջան, տար էս կտավը ծախի, փողը բեր-քեզ լինի:

Պառավը կտավին մտիկ է անում` մնում է բերանը բաց:

Ասում է.

Աղջիկ ջան, էս կտավը թագավորին վայել կտավ է: Արի տանեմ պալատը` տեսնեմ:

Էս կտավն առնում է պառավը, գնում թագավորի պալատի մոտերքը պտտվում: Թագավորը նկատում է, որ մի պառավ իր պալատի մոտերքը պտտվում է, ասում է.

Ի՞նչ ես ուզում, ա՛յ նանի:

Պառավը թե` թագավորն ապրած կենա, ես քեզ վայել մի էն տեսակ ապրանք եմ բերել, որ ուզում եմ դու տեսնես:

Թագավորը հրամայում է պառավին ներս բերեն: Պառավին որ ներս են բերում, թագավորը կտավը տեսնում է` էստեղ էլ սրա բերանն է մնում բաց: Ասում է.

Ի՞նչ է սրա գինը, ա՛յ նանի:

Թե` սրան գին չունի, թագավորն ապրած կենա, քեզ նվեր եմ բերել:

Թագավորը շնորհակալություն է անում, ինքն էլ իր կողմից պառավին է նվերներ տալիս ու արձակում:

Ուզում են էս կտավիցը թագավորի համար շապիկ կարեն. բերում են ձևում, բայց էնպես կարող չեն գտնում, որ կարի:

Ման են գալիս ման, վերջը թագավորն էլ ետ էն պառավին է կանչում թե`

Ա՛յ նանի, ոնց որ էս կտավը գործել ես, էնպես էլ պետք է կարես, թե չէ ուրիշ կարող չկա:

Պառավն ասում է.

Թագավորն ապրած կենա, ոչ ես եմ մանել ու գործել էս կտավը, ոչ էլ ես կարող եմ կարել: Մի որդեգրուհի ունեմ տանը, էս նրա ձեռքի գործն է:

Լավ, որդեգրուհիդ լինի: Տար տուր նրան, թո՛ղ նա կարի:

Պառավը վերադառնում է տուն, Վասիլիսային պատմում ինչ որ պատահել էր:

Ես էլ գիտեի, որ էս գործը վերջը ինձ էր հասնելու, — ասում է Վասիլիսան: Փակվում է իր սենյակում ու սկսում է կարել: Գիշեր-ցերեկ է անում, կարում, պատրաստում, տալիս է պառավին, թե` դե տար տուր թագավորին:

Պառավը շապիկն առնում է տանում պալատը, տալիս թագավորին, իսկ Վասիլիսան երեսը լվանում է, գլուխը սանրում, հագնվում, զուգվում, նստում լուսամուտի առաջն ու սպասում: Սպասում է թե տեսնի ի՛նչ պետք է լինի:

Մին էլ էն է տեսնում, որ թագավորի մարդիկը գալիս են դեպի պառավի տունը: Գալիս են, ներս են մտնում ու հայտնում, թե ո՞վ է կարել թագավորի շապիկը, թագավորն ուզում է նրան տեսնի ու ինքը իր ձեռքով վարձատրի:

Վասիլիսան վեր է կենում, գնում թագավորի առաջին կանգնում: Թագավորի տեսնելն ու սիրահարվելը մին է լինում:

Էլ ես քեզանից ձեռը քաշողը չեմ, սիրուն Վասիլիսա, — ասում է թագավորը: Էսօրվանից դու իմն ես, ես էլ քոնը, էսօրվանից իմ կյանքի ընկերն ու իմ աշխարհքի թագուհին ես դու...

Ասում է, ձեռիցը բռնում, բարձրացնում, նստեցնում իր կողքին ու սկսվում է հարսանիքը: Վասիլիսայի հերն էլ վրա է հասնում, աղջկա բախտավորությունը տեսնում է` ուրախանում, աշխարհքովը մին է լինում, ու էն մնալն է, որ մնում է աղջկա մոտ: Իր մերացու պառավին էլ չի մոռանում Վասիլիսան. բերում է պալատ, պահում է իրեն մոտ, իսկ տիկնիկից չի բաժանվում մինչև մահը ու միշտ, ամեն տեղ պահում է իր գրպանում:

ԱՍՏՂԵՐԻՑ ԻՋԱԾ ԿԻՆԸ

Հին ժամանակները, երբ դեռ Հնդկաստանում չէին երևացել սիպտակ մարդիկ իրենց հրացաններով, երբ դեռ նրա ճոխ ու ընդարձակ հովիտներում խաղաղ արածում էին գոմեշների երամակները, երբ դեռ աստղերն էլ մոտ էին երկրին ու չքնաղ, կենդանի արարածներ էին, և հաճախ իջնում էին մարդկանց մոտ. ահա էն ժամանակներից եմ պատմում:

Էն ժամանակները Կռվի գետի ափին ապրում էր մի ջահել որսկան: Նա սիրում էր կարմիր ծաղիկներն ու կապույտ երկինքը: Եվ մինչդեռ ուրիշները կաշվե բաճկոններով էին որսի գնում, նա կարմիր հուլունքներով զարդարած կոշիկներ էր հագնում, երեսը նախշում էր կարմիր շերտերով ու շրջանակներով, ինքն էլ էնպես վառ ու նախշուն զուգվում-զարդարվում, ինչպես վառ ու նախշուն զուգված են երկինքն ու երկիրը: Մազերի մեջ էլ միշտ կրում էր կարմիր կարապի փետուր, դրա համար էլ նրան կանչում էին Բարձր փետրավոր:

Մի անգամ իր նետ ու աղեղով զինված Բարձր փետրավորը գնում էր անտառով: Մի կանաչ բացատում նկատեց մի հետք-մանր ոտնատեղեր, որ երբեք չէր տեսել իր կյանքում: — Ի՛նչ արարած է սա արդյոք, ո՞րտեղից է եկել և ո՞ւր է գնացել, — զարմացած հարց տվեց իրեն ջահել որսկանը: Էն հետքը բռնեց ու գնաց: Ավելի զարմանքը մեծացավ, երբ տեսավ հետքը շրջան անելով եկավ էլի էնտեղ, որտեղից սկսել էր ու գնացել:

Ինչ ուզում է լինի, պետք է իմանամ ինչ արարած է սա, վճռեց ու պառկեց էն շրջանի մեջ բարձր խոտերում ու ծաղիկներում և մտածում էր անհայտ արարածի ու նրա ոտատեղերի վրա` հայացքով խորասուզված կապույտ երկնքի մեջ:

Մին էլ նկատեց հենց իր վերևում, երկնքի խորքում, մի փոքրիկ կետ: Սկզբում արծվի տեղ ընդունեց, բայց հետզհետե իջնելով մեծացավ, մեծացավ կետը, ու մին էլ տեսավ` մի զամբյուղ իջավ երկնքից: Թփերի ետևից նայեց. զամբյուղից դուրս եկան տասներկու հրեղեն-փարեղեն աղջիկներ` հագած երկնակապուտ ծփծփուն թափանցիկ հագուստներ: Զամբյուղից դուրս եկան մինը մյուսի ետևից և դալարի ու ծաղիկների մեջ սկսեցին պարել ու երգել, երգել էն տեսակ հրաշալի երգեր, որ Բարձր փետրավորը իր օրում երբեք չէր լսել:

Էստեղ Բարձր փետրավորը էլ չկարաց համբերի, իր թաքստից դուրս թռավ, ընկավ նրանց շրջանը ու բացականչեց.

Թողե՜ք, թողե՜ք, ես էլ երգեմ ու պարեմ ձեզ հետ...

Աղջիկները վախից ճչացին, վազեցին դեպի իրենց զամբյուղը, իրար ետևից թռան զամբյուղի մեջ, ու զամբյուղը արագությամբ վերացավ դեպի երկնքի խորքը, ու հետզհետե փոքրանալով, անհետացավ, կորավ երիտասարդ որսկանի աչքից:

Երիտասարդը վերադարձավ իրենց խրճիթը: Մերը նրա համար գոմշի միս էր խորովել, բայց չկարաց ուտի. ուշք ու միտքը էն տասներկու աղջիկների հետ գնացել էր դեպի երկինք:

Շատ խնդրեց մերը, որ պատմե, թե ինչ է պատահել: Սկզբում չէր ուզում, բայց վերջը պատմեց ամեն բան ու հայտնեց, որ չի հանգստանալ, մինչև էն աղջիկներից մինը կին չբերի իրեն:

Դրանք անպատճառ աստղաբնակներից են, — ասավ որսկանի մերը, որ նշանավոր կախարդ էր: — Դու ավելի լավ կանես մեզանից մի հնդիկ աղջիկ ուզես քեզ համար կին: Էլ մի՛ մտածիր աստղաբնակ աղջիկների վրա, թե չէ գլխիդ մի փորձանք կբերես:

Ոչ մի դժբախտություն ու ոչ մի դժվարություն ինձ չեն վախեցնում, միայն թե կարենամ Աստղաբնակ աղջկանը ինձ կին առնեմ, — պատասխանեց որդին: — Եվ ես պետք է հասնեմ նրան, թեկուզ էդ քաշի մինչև աշխարհքի վերջը:

Եթե հաստատ էդպես ես վճռել, թո՛ղ քո ասածը լինի, — ասավ մերը ու մյուս առավոտը մի կտոր արշամկան մորթի կարեց տղի գլխի փետուրին, խրատ տվեց ու էնպես ճանապարհ դրեց դեպի կախարդական շրջանը:

Շրջանը մտնելուն պես երիտասարդը դարձավ արջամուկն ու խոտերի մեջ տապ արավ, սպասեց:

Մի ժամանակ դարձյալ նկատեց նույն կետը երկնքի խորքում: Հետզհետե մեծացավ կետը, իջավ, իջավ ու վերջապես իջավ գետնին, էլի նույն տեղը:

Աղջիկներից մեծը ուշադրությամբ դիտեց չորս կողմը-արեվելք, արևմուտք, հյուսիս ու հարավ:

Կարծես էսօր էստեղ մարդ չկա, — ասավ նա ու բոլորը զամբյուղից դուրս թռան: Հենց ուզում էին սկսեն իրենց պարը, որ փոքր աղջիկը արջամկանը նկատեց ու ցույց տվեց մեծին:

Շո՜ւտ, շո՜ւտ, փախե՜ք էստեղից, — ճչաց մեծը. — հասարակ արջամուկը երբեք չէր համարձակվի մտնել մեր նվիրական շրջանը: Արջամկան կերպարանքի տակ անշուշտ մի կախարդ է թաքնված:

Բարձր փետրավորը վրա չհասցրեց գոնե մի խոսք ասի կամ իրենից ձգի արջամկան մորթին, որ զամբյուղն արդեն թռչում էր երկնքում:

Երիտասարդը տուն վերադարձավ սաստիկ տխուր ու կոտրված:

Մի՛ հուսահատվիր, ո՜րդիս, — ասավ մերը: — Մսեղեն մի՛ ուտիլ, էդ շատ է վնասում մեզ ու փչացնում է մեր հմայքները: Գնա՛, եթե սով զգաս` մորի կեր միայն:

Ապա թե մի մկան բեխի ծեր կարեց որդու գլխի կարմիր փետուրին ու ճանապարհ դրեց:

Սոված, ճանապարհին մորի ուտելով հասավ ու կախարդական շրջանը մտավ երիտասարդը: Մտավ թե չէ-մուկ դարձավ, բարեկամացավ մի մկան ընտանիքի հետ ու իջավ նրանց բունը: Մկների մերը խոստացավ ամեն բանում օգնել նրան:

Ահա նորից երկնքից իջավ խորհրդավոր զամբյուղը: Մեծ քույրը դարձյալ դուրս մեկնվեց զամբյուղից ու սկսեց դիտել չորս կողմը. հարավ նայեց, հյուսիս նայեց, արևելք նայեց, արևմուտք նայեց, ներքև-գետնին նայեց:

Էստեղ մարդ չկա, — ասավ. — արջամուկն էլ չեմ տեսնում, բայց դարձյալ պիտի զգույշ լինենք:

Եվ ահա դուրս եկան նրանք ամենքը, պար բռնեցին ու սկսեցին երգել ու զարկել փոքրիկ թմբուկները, որ օձի կաշվից էին շինած: Էսպեսով հասան հենց մկան բնին. մեծ քույրը ձեռքը վեր բարձրացրեց, բոլորը միասին կանգ առան ու շունչները պահեցին: Ապա թե ոտով գետնին զարկեց, ականջ դրեց ու ասավ.

Էստեղ առաջվա նման խուլ չի հնչում: Երևի էսօր օտար հյուր կա մկների մոտ: — Նորից գետինը դոփեց ու կանչեց.

Դո՛ւրս եկեք, երևացեք դո՜ւք, փոքրիկ դավաճաննե՜ր, թե չէ ձեր բունը կքանդենք:

Բայց մեր մուկը արդեն անցք էր փորել, որ դուրս էր գալիս ուղիղ հենց շրջանագծի մյուս կողմը: Եվ մինչդեռ աղջիկները նրան շրջանի ներսն էին որոնում, նա իր ճուտերով արդեն փախչում էր շրջանից դուրս մարգերում:

Աղջիկները վազեցին ետևներից, որ սպանեն մկներին. ամենքը վազեցին, բացի փոքրը, որ չէր կարող սպանել` ինչ ուզում էր լիներ: Էս ժամանակ Բարձր փետրավորը դուրս եկավ մկան բնից, առավ իր մարդկային կերպարանքը, մոտեցավ աղջկանը, բռնեց նրա երկու ձեռքից ու ասավ.

Արի գնանք մեր տունը, սիրուն աղջիկ, ու եղիր իմ կինը: Էնտեղ պար կբռնես հնդիկ աղջիկների հետ, ես որս կանեմ, կբերեմ քեզ համար, մերս կեփի ու տունը կկառավարի, և դու մեզ մոտ ավելի երջանիկ կլինես, քան էնտեղ-երկնքում:

Աղջիկը կամավորվում էր:

Երկնային աղջիկները եկան հավաքվեցին, շրջապատեցին իրենց քրոջը, սկսեցին աղաչել, որ էնպես բան չանի, նորից իրենց հետ գնա վերև երկինք-իրենց տունը. բայց նա նայեց, նայեց երիտասարդին ու ասավ.

Կգամ քեզ հետ, գնանք, ուր որ ուզում ես:

Մնացած քույրերը ցավալի լացով ու սուգով բարձրացան դեպի երկինք, անհետացան կապուտակ երկնքում, իսկ Բարձր փետրավորը իր Աստղ-կնոջը բերեց իրենց վրանը Կռվի գետի ափերին: Իր երկնային հարսին տեսնելով, շատ ուրախացավ երիտասարդ որսկանի մերը, բայց որդու ականջին շշնջաց.

Երբեք չհեռանաս քո կնոջից, եթե ուզում ես դրան պահես, ուր որ գնաս, հետդ տար անբաժան:

Էնպես էլ արավ երիտասարդ որսկանը: Իր կնոջ համար էլ նետ ու աղեղ շինեց ու միշտ հետը որսի էր տանում. բայց կինը երբեք չէր հոժարում նետ արձակելու, երբեք չէր ուզում սպանի, ինչ շունչ կենդանի ուզում էր լիներ, և երբեք որսի միս չէր ուտում, եթե սպանում Էին ուրիշները: Նա անտառներում ու մարգագետիններում միայն մոռ, մորի, հաղարջ և ուրիշ պտուղներ էր քաղում ուտում, մին էլ բրինձ: Էսպես էր ապրում:

Մի անգամ էլ, երբ ջահել կինը զբաղված էր իր ձեռագործով և փետուրներից ասղարուր աստղեր էր շինում իր տոնական զգեստի վրա, իսկ որսկանի մերը գյուղի մյուս ծերին զրույց էր անում իր ծանոթների վրանում, որտեղից որ էր ներս թռավ մի փոքրիկ դեղին թռչնակ, վեր եկավ Բարձր փետրավորի ուսին ու ականջին ծլվլաց.

Ձեր մոտիկ լճի վրա վեր է եկել վայրի կարապների երամը: Եթե չուշանաս, շուտ հասնես և զգույշ մոտենաս, կարող ես նրանցից բռնել, թե չէ` ուր որ է կթռչեն: Միայն կնոջդ չիմացնես: Կարմիր կարապները կանանց տանել չեն կարող: Ձեռաց հոտը կառնեն, թեկուզ մի մղոնի վրա, ու կթռչեն:

Բարձր փետրավորը ոչ թե կարմիր կարապ չէր տեսել իր օրում, այլ չէր էլ լսել, թե կարմիր կարապ կլինի: Իր գլխի կարապի կարմիր փետուրն էլ ինքն է ներկել: Մտիկ արավ, տեսավ, կինը զբաղված է իր ձեռագործով ու գլուխը քաշ արած աստղեր է ասեղնագործում, կամաց դուրս սահեց, մտածելով, թե էնպես շուտ կվերադառնա, որ նա իսկի չի իմանալ` թե երբ գնաց, երբ եկավ: Բայց դուրս գնաց թե չէ, վրանը ներս թռավ էն դեղին թռչնակը, թառ եղավ կնոջ ուսին ու ականջի տակին սկսեց երգել մի հրաշալի երգ, թե ինչպես են ապրում նրա քույրերն էնտեղ երկնքում: Ու չքնաղ կինը, որ մի ժամանակ աստղերի վրա էր ապրել, հիշեց երկնային կյանքն ու իր անցած երջանկությունները, մոռացավ երկրային ամեն բան, վեր կացավ, քամու նման թռավ դեպի նվիրական շրջանը, հենց էնտեղ հասավ, որ քույրերը իջնում էին երկիրը: Տեսնելով իրենց քրոջը` շրջապատեցին ու սկսեցին աղաչել, որ իրենց հետ վերադառնա երկինք-տուն:

Բայց Բարձր փետրավորը լավ մարդ է ու ինձ շատ է սիրում, ի՞նչպես թողնեմ նրան, — ասավ աղջիկը:

Մեծ քույրը տեսնելով, որ փոքրը դժարանում է թողնել ամուսնուն, ասավ.

Դե մնա՛, եթե չես կարող բաժանվել նրանից. բայց խնդրում եմ, գոնե մի ժամով մեզ հետ երկինք բարձրացիր մեր հորը տեսության: Էն օրվանից ինչ դու հեռացել, իջել ես երկիր, նա շարունակ դարդ է անում:

Չէր կամենում գնալ փոքր քույրը, բայց էնքան էր հորը կարոտել, որ անունը լսելուն պես մտավ խորհրդավոր զամբյուղը` մի անգամ էլ նրան տեսնելու համար: Հեր ու աղջիկ որ իրար տեսան, երկուսն էլ շատ ուրախացան, ու խոսեցին, խոսեցին, էնքան խոսեցին, որ կապուտակ երկինքը մթնաժոռեց, ու աղջիկը հիշեց, որ ուշացել էր, պետք է նորից իջներ երկիր, իր ամուսնու մոտ:

Էդ երբեք չի լինի, — ասավ հերն աղջկանը. փակեց նրան մի մեծ սպիտակ ամպի մեջ, ու հայտնեց, թե դուրս չի թողնելու էն ամպից, մինչև չի խոստանա, որ էլ չի վերադառնալ երկիր: Աղաչեց, պաղատեց աղջիկը, բայց իզուր: Ապա թե լաց եղավ, ու սկսեց արտասվել, արտասուք թափել էնքան առատ, որ սպիտակ ամպն էլ մթնեց ու սկսեց արտասուք թափել նրա հետ: Հերը տեսավ, որ եթե շարունակի փակած պահել-աղջիկն արտասուքով կողողի երկիրը, բաց թողեց:

Ի՞նչ անեմ, — ասավ, — որ մնաս մեզ մոտ որ երջանիկ ապրես:

Իմ ամուսնուն էլ բեր երկինք, — պատասխանեց աղջիկը:

Ու երկիր իջեցրեց նվիրական զամբյուղը երկնային ծերունին:

Բայց ի՞նչ եղավ Բարձր փետրավորը:

Լճի ափը գնաց Բարձր փետրավորը, տեսավ կարմիր-կարմիր կարապների մի գեղեցիկ բազմություն: Երկուսին սպանեց, մնացածը փախան: Սպանած կարապներն առավ, շտապեց վրանը: Եկավ տեսավ ձեռագործը կիսատ ընկած ու կինը չկա: Սկսեց կանչել, պատասխան չկա: Սպանած կարմիր կարապներն ուսով գցած վրանից դուրս վազեց դեպի խորհրդավոր շրջանըէնտեղ էլ չկար:

Վճռեց հենց էնտեղ էլ մնալ ու սպասել նրա վերադարձին, թեկուզ մինչև աշխարհքի վերջը: Ընկավ գետին, խոտերի մեջ պառկեց ու հայացքը աստղերին սևեռած նայեց, նայեց մինչև հոգնեց, քունը տարավ:

Առավոտը վաղ աչքը բաց արավ, խոտերի մեջ լսեց մի շրշյուն. մտիկ տվեցկողքին ծանոթ զամբյուղը: Վեր թռավ ու խենթի նման, սպանած կարապներն էլ ուսին, ընկավ զամբյուղը: Տեսավ զամբյուղը դատարկ, մեջը ոչ ոք չկա, ու մինչև ուզեց դուրս գա, արդեն անցել էր երկնքի ու երկրի մեջտեղը ու արագ սլանում էր դեպի վեր: Սլացավ, սլացավ, վերջապես հասավ Աստղերի աշխարհքը, որտեղ սպասում էր իրեն սիրելի կինը: Կնոջ հերը նրանց մի սքանչելի կապույտ վրան նվիրեց: Էն կապույտ վրանում նրանք ապրում էին երջանիկ: Բարձր փետրավորը միառժամանակ հարբած երկնային վայելքներով ու իր հրեղեն կնոջ սիրով` կատարելապես երջանիկ էր, բայց կամաց-կամաց սկսեց ձանձրանալ ամպեղեն պտուղներից, որոնցով սնվում էին Աստղերի աշխարհքում` նրանց բնակիչները, սկսեց կարոտել հաստատուն կանաչ դաշտերին, որսերին, ու թախանձեց կնոջ հորը, որ բաց թողնի իրեն իր կնոջ հետ միասին նորից դեպի երկիր:

Ոչ, անկարելի է, — պատասխանեց կնոջ հերը, — թե թողնեմ, էլ երբեք չեմ տեսնիլ նրան: Դու էլ մնա՛ մեզ մոտ ու շուտով կմոռանաս ձեր տխուր երկիրը:

Երիտասարդ որսկանը պատասխանի փոխարեն հագավ իր սպանած կարմիր կարապներից մի զույգի թևերը, մյուս զույգի թևերն էլ կնոջը տվեց ու վար ճախրեցին Աստղերի աշխարհքից դեպի ցած, նորից իջան երկիր, իրենց դաշտերը, իրենց վրանը, ուր Բարձր փետրավորի պառավ մերը ողբում էր իրեն կորուստը:

Երբ տեսավ վերադարձան, անսահման ուրախացավ պառավ մերը, ուրախացան ամենքը գյուղում, մեծ խնջույք սարքեցին, ուրախություն արին ու երկար-երկար երգեցին ու պարեցին:

Որսկանի Աստղ կինն էլ վերջացրեց իր ասղարուր աստեղազարդ տոնական զգեստը, հագավ, մտավ հնդիկների շարքը և պարում, երգում էր նրանց հետ: Էլ երբեք չվերադարձավ էն շրջանը, ուր իջնում էին իր հրեղեն քույրերը: Ապրում էր պտուղներով ու հացահատիկներով, որովհետև չէր սիրում սպանել, բացի մեկից, էն փոքրիկ դեղին թռչնակից:

Մի անգամ էլ, երբ ուրիշ կողմ էր Բարձր փետրավորի ուշքը, նորից ներս թռավ էն փոքրիկ դեղին թռչնակը, թառեց կնոջ ուսերին ու սկսեց շշնջալ, բայց կինը բռնեց, նրա վիզը ոլորեց: Էն էր ու էն, էն օրվանից էլ չեկավ, չերևաց թևավոր փորձիչը: Եվ էն ճոխ հովտում, Կռվի գետի ափին, իրենց խաղաղ վրանում, անբաժան ու երջանիկ իրար հետ ապրում էին ջահել որսկանն ու աստղերից իջած կինը:

1914

ԿԱԽԱՐԴԻ ՔՍԱԿԸ

Լինում են, չեն լինում, լինում են մի պառավ մարդ ու կնիկ, ունենում են երեք աղջիկ: Օրերից մի օր մարդը մեռնում է, արևը ձեզ է բաշխում, մնում է կնիկը: Էս կնիկը գիտենում է, որ իր մարդը ոսկով ու արծաթով լիքը մի մեծ քսակ է թողել, ու մտքումը մխիթարվում է, ասում է. «Հերները մեռավ, գոնե աղջիկներս քաղցած չեն մնալ»: Բայց ինչպես կարգն ու օրենքն է` մեռելը դեռ հողավորած, թաղած չեն լինում, որ աղքատի կերպ մտած մի կախարդ գալիս է, իբրև թե ողորմություն է խնդրում, աջողեցնում է` քսակը ձեռք է գցում ու ծլկում, էնպես, որ չեն կարողանում իմանան, թե որ կողմից եկավ ու որ կողմը չքացավ:

Էսպես, խեղճ կնիկը երեք որբ աղջկանով աղքատանում է ու, ճարը կտրած, օր ու գիշեր է անում, աշխատում, որ կարողանա իր երեխանցը պահի, մեծացնի:

Ժամանակ է անցկենում, էս աղջիկները մեծանում են, ու մի օր էլ մեծ աղջիկն ասում է.

Ա՛յ մեր, ես էս է մեծացել, մեծ աղջիկ եմ դարձել, ամոթ է ինձ համար էսպես անբան ու անգործ տանը նստեմ: Մի բաղաճ թխիր, տուր ինձ, գնամ աշխարհքե աշխարհք ման գամ, իմ բախտը գտնեմ:

Մերը բերում է մի բաղաճ է թխում ու աղջկանը հարցնում, թե ի՞նչպես է ուզում. կես բաղա՞ճն է ուզում մոր օրհնանքը հետը, թե՞ ամբողջն է ուզում` առանց մոր օրհնանքի: Աղջիկը ամբողջ բաղաճն է ուզում` առանց մոր օրհնանքի:

Բաղաճն առնում է ճամփա ընկնում: Ասում է. «Մի տարուց ու մի օրից ետը թե եկա-եկա, թե հո չեկա, իմացեք, որ ողջ ու առողջ եմ ու իմ բախտը գտել եմ»:

Գնում է, գնում է, դուրս է գալիս մի անծանոթ երկիր: Մի ճամփի վրա մի տնակ է լինում:

Էս տնակին մոտենում է, տեսնում է շեմքումը նստած մի պառավ-զառամ կախարդ կնիկ: Էս կախարդը հարցնում է, թե` ո՞ւր ես գնում: — Թե` գնում եմ բախտս գտնելու:

Ինձ էլ հենց էդպես մի ծառայող է հարկավոր, արի ինձ մոտ մնա, — առաջարկում է կախարդը:

Որ քեզ մոտ մնամ` ի՞նչ պետք է անեմ:

Պետք է ձեռիս ջուր ածես, շորերս հագցնես, ավլես, սրբես, վառարանը վառես, բայց վայն եկել է քեզ տարել, եթե ծխնելույզի մեջը նայել ես:

Աղջիկն ասում է` համաձայն եմ:

Առավոտը կախարդը որ վեր է կենում, էս աղջիկը ձեռին ջուր է ածում, շորերը հագցնում, կախարդի դուրս գնալուց հետո էլ վառարանը սրբում է, բայց սրբելիս մտքովն անց է կենում, թե` ինչ պետք է լինի, մի մեծ բան հո չի լինելու, եթե մի աչքի պոչով ծխնելույզի մեջը նայեմ: Նայում է, ի՜նչ է տեսնում. տեսնում է իր մորից գողացած ոսկով ու արծաթով լիքը քսակը հրես ծխնելույզի մեջը կախ արած: Իսկույն հանում է, ուսը գցում ու թռչում դեպի տուն:

ճամփին մի ձի է պատահում, առաջը կտրում է ու խնդրում, ասում է.

Ա՛ղչի ջան, ա՜ղչի, ի՛նչ կլինի ինձ քորես. էս օխտը տարի է` ոչով ինձ քորել չի:

Աղջիկը ձեռի փետովը ձիուն տալիս է, ճամփիցը դենն է անում ու անց կենում, գնում:

Առաջն է գալիս մի ոչխար: Ասում է.

Ա՛ղչի ջան, ա՛ղչի, ի՜նչ կլինի ինձ խուզես. էս օխտը տարի է` ոչով ինձ խուզել չի:

Աղջիկը սրան էլ է զարկում, ճամփիցը դենն անում ու անց կենում:

Մի քիչ էլ գնում է, տեսնում է մի օրիգած էծ: Էս օրիգած էծն աղաչում է. ասում է.

Ա՜ղչի ջան, ա՜ղչի, ի՛նչ կլինի ինձ տեղփոխ անես: Էս օխտը տարի է` ինձ տեղփոխ չեն արել:

Աղջիկն իծի վրա քար է շպրտում ու իր ճամփեն շարունակում:

Գնում է պատահում մի խափան ջաղացի: Էս խափան ջաղացը խնդրում է. ասում է.

Ա՜ղչի ջան, ա՜ղչի, ի՜նչ կլինի բան գցես ինձ. էս օխտը տարի է խավոտն եմ, ոչով ինձ բան չի գցում:

Աղջիկը սրան էլ չի լսում, ներս է մտնում, դռան ետևը ձգվում, քնում:

Կախարդը վերադառնում է տուն, — տեսնում է` աղջիկը փախել է: Ակն է տալի ծխնելույզին, տեսնում է էնտեղ էլ քսակը չկա: Կատաղում է, ընկնում է աղջկա ետևից:

Ճամփին պատահում է ձիուն:

Ա՛յ ձի, — ասում է, — ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին արդյոք չե՞ս տեսել:

Հենց նոր էստեղից փախած անց կացավ, — պատասխանում է ձին:

Կախարդը վազում է: Պատահում է ոչխարը:

Ա՛յ ոչխար, — ասում է, — ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին արդյոք չե՞ս տեսել:

Տեսել եմ, — պատասխանում է ոչխարը: — Մի քիչ առաջ դեսը վազելով անց կացավ:

Գնում և պատահում է իծին:

Ա՛յ էծ, — ասում է, — ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին արդյոք չե՞ս տեսել:

Ի՞նչպես չէ, տեսել եմ, — պատասխանում է էծը. — հենց նոր դեսը անց կացավ, դեպի էն խափան ջաղացը:

Գնում է խափան ջաղացի մոտ:

Ա՛յ խափան ջաղաց, ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին արդյոք չե՞ս տեսել:

Ի՞նչպես չեմ տեսել. ներս արի, հրես իմ դռան ետևը քնած է, — պատասխանում է խափան ջաղացը:

Կախարդը ներս է մտնում, տեսնում է` աղջիկը հրես` քսակը գլխի տակին` դռան ետևը քնած: Ձեռքի կախարդական գավազանով զարկում է քնած աղջկանը, դարձնում է քար, իր ոսկով ու արծաթով լիքը քսակն առնում, ետ գնում իր տունը:

Սրա վրա մի տարին ու մի օրն անց է կենում. միջնակ աղջիկը տեսնում է, որ քույրը ետ չեկավ, մորն ասում է.

Ինչպես երևում է, քույրս բախտավորվել է ու լավ է ապրում. ամոթ չի՞, որ հենց ես տանը նստեմ պարապ-սարապ: Մի բաղաճ թխի՛ր, տուր ինձ, գնամ աշխարհե-աշխարհ ման գամ, իմ բախտը գտնեմ:

Մերը հարցնում է, թե` ո՞րն ես ուզում, բաղաճի կեսն ես ուզում իմ օրհնանքի հե՞տ, թե՞ ամբողջ բաղաճն ես ուզում առանց իմ օրհնանքի:

Ամբողջ բաղաճն եմ ուզում` առանց քո օրհնանքի, — պատասխանում է աղջիկը, ամբողջ բաղաճն առնում է ու ճամփա ընկնում. ասում է.

Մի տարուց ու մի օրից ետը թե եկա-եկա, թե հո չեկա, իմացեք, որ ողջ ու առողջ եմ ու իմ բախտը գտել եմ:

Գնում է: Սա էլ մեծ քրոջ նման է վարվում ու նրա բախտին է արժանանում:

Մի տարին ու մի օրն անց են կենումետ չի գալիս: Փոքր աղջիկն ասում է.

Իմ քույրերն արդեն հասան իրենց մուրազին. մի՞թե հենց ես պետք է մնամ էսպես անբան ու անգործ նստած, անպետք` ինձ համար էլ, ուրիշների համար էլ: Մի բաղաճ թխիր, մա՜յրիկ, ես էլ գնամ իմ բախտի ետևից ման գամ:

Մերը հարցնում է, թե` ո՞րն ես ուզում. կես բաղաճն ես ուզում իմ օրհնանքի հե՞տ, թե՞ ամբողջ բաղաճն` առանց իմ օրհնանքի:

Փոքր աղջիկը, թե` կես բաղաճն եմ ուզում, քո օրհնանքը հետը:

Մերը կես բաղաճը տալիս է իրեն, օրհնում ու ճանապարհ դնում:

Իր քույրերի նման սա էլ երկար դես ու դեն թափառելուց հետո գալիս է հասնում կախարդի կացարանին ու աղախին է մտնում նրա մոտ: Ու հենց նրանց պես սա էլ մի օր ծխնելույզի մեջ նկատում է ոսկով ու արծաթով լիքը քսակը, առնում է ու դուրս պրծնում դեպի իրենց տունը:

Ճամփին պատահում է ձիուն: Ձին աղաչում է.

Ա՛ղչի ջան, ա՛ղչի, ի՜նչ կլինի ինձ քորես, օխտը տարի է՝ ինձ քորել չեն:

Վա՜յ, խեղճ ձի, — ասում է աղջիկը, քսակը մի կողմն է դնում ու քորիչով քորում է ձիուն:

Մի քիչ անց է կենում, ոչխարն է խնդրում.

Ա՛ղչի ջան, ա՛ղչի, ի՛նչ կլինի ինձ խուզես. էս օխտը տարի է` ինձ խուզել չեն:

Վա՜յ, խեղճ ոչխար, — ասում է աղջիկը, հանում է մկրատն ու խուզում է ոչխարին:

Մի քիչ էլ գնում է, օրիգած էծն է կանչում.

Ա՛ղչի ջան, ա՛ղչի, ի՜նչ կլինի տեղփոխ անես ինձ. էս օխտը տարի է մի տեղ օրիգած եմ, ոչով ինձ տեղփոխ չի անում:

Վա՜յ, խեղճ էծ, — ասում է աղջիկը ու տեղփոխ է անում սոված իծին:

Վերջը հասնում է խափան ջաղացին:

Ա՛ղչի ջան, ա՛ղչի, ի՜նչ կլինի բան գցես ինձ. — խնդրում է խափան ջաղացը, — էս օխտը տարի է էսպես կանգնած եմ, ոչով բան չի գցում ինձ:

Վա՜յ, խեղճ ջաղաց, — կանչում է աղջիկը, ջուրը բաց է թողնում, ու ջաղացը գըռռում է:

Եվ որովհետև օրը հատել էր, մութն ընկնում էր, մտնում է ջաղացն ու դռան ետևը պառկում քնում:

Կախարդը վերադառնում է տուն, տեսնում է` աղջիկը չկա: Ծխնելույզին ակն է տալիս, տեսնում է քսակն էլ չկա: Կատաղում, փրփրում է, ընկնում է աղջկա ետևից:

Հասնում է ձիուն, ձիուն հարցնում է.

Ա՜յ ձի, — ասում է, — ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին չե՞ս տեսել:

Դուն էլ հենց իմանում ես` ես էլ բան ու գործ չունեմբան ու գործս էն է, որ քո աղախիններին հսկեմ, — պատասխանում է ձին: — Ես ի՞նչ գիտեմ` ո՛րտեղ է քո աղախինը՜ գնա, մա՜ն արի, գտիր:

Գնում է հերթով հասնում է ոչխարին, իծին, նրանք էլ նույն պատասխանն են տալիս: Վերջը հասնում է ջաղացին:

Ա՛յ ջաղաց, — ասում է, — ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին չե՞ս տեսել:

Ի՞նչ ես ասում, էս գոռոցի մեջ լավ չեմ լսում, — պատասխանում է ջաղացը. — մոտիկ արի, ականջումս ասա:

Կախարդը մոտենում է ջաղացին, որ ջաղացի ականջումս ասի, ջաղացը նրան բռնում է, պտտում, կոլորում, տակովն անում, շինում ալուր-աղցան ու շպրտում, ցրում դես ու դեն:

Կախարդը վեր ընկնելիս ձեռքի գավազանը վեր գցած է լինում: Ջաղացն աղջկանն ասում է. «Էդ գավազանը վերցրո՛ւ, դրանով զարկի՛ր, դռան տակի երկու քարին»: Աղջիկը կախարդական գավազանով զարկում է դռան տակի երկու քարին, մին էլ տեսնում է` առաջը կանգնեցին իր երկու կորած քույրերը: Փաթաթվում են իրար, համբուրվում, ու ոսկով, արծաթով լիքը քսակն առնում, ճամփա ընկնում դեպի տուն, իրենց պառավ մոր մոտ:

Տանը պառավ մերը իր աղջիկներին կորած էր համարում ու նստած սուգ անելիս է լինում, որ հանկարծ ներս են մտնում երեքն էլ, ողջ ու առողջ, հետներն էլ ոսկով ու արծաթով լիքը քսակը-ուրախանում, աշխարհքով մին են լինում, ու էն օրվանից ապրում են ուրախ ու ապահով:

ԱՆԳԻՆ ՔԱՐԸ

Следующая страница