Մուրացան՝   Առաքյալը

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Next Last

Առաքյալը

Ել այլն անկաւ յապառաժի, ուր ոչ
գոյր հող բազում, և վաղվաղակի բուսաւ
առ ի չգոյէ հիւթոյ երկրին, ի ծագել արևու
տապացաւ, և զի ոչ գոյին արմատք, չորացաւ:

Աւետ. Մատթ.

Ա.

Օդը մեղմ էր և տաքուկ, երկինքը պարզ և աստղազարդ: Տների ներս չէր գրավում մարդկանց, ուստի ժողովուրդը լցված էր դուրսը և զբոսնում էր սալած մայթերի վրա, կամ նոր կանաչող ծառուղիներում: Շառագույն լուսինը, որ նոր էր բարձրանում մթնացող հորիզոնում, խոստանում է գեղեցիկ, լուսնկա գիշեր: Այդ պատճառով փողոցներում աջ ու ձախ սլացող կառքերի թվին հետզհետե ավելանում էին և այն դեսպակները, որոնք իրենց մեջ խնամքով ծածկում էին հեռավոր զբոսարանների խորհրդավոր հաճախորդներին: Այդպիսով դրսի աղմուկը գնալով սաստկանում էր և կենդանությունը տիրում ամեն տեղ:

Միայն ծերուկ փիլիսոփան, կամ գեղեցկուհուց մերժված սիրահարը կարող էին այդպիսի ախորժելի երեկոյին փակվել տան խորշերում և մտածել մինը` աշխարհի ունայնության և մյուսը` յուր վշտի ծանրության վրա: Բայց կյանքի արժեքը մեծագրել գիտցող մարդը, մանավանդ եթե դա երիտասարդ էր կամ երիտասարդուհի, չէր կարող այդպիսի գրավիչ ժամերին չգտնվիլ զբոսնողների ընդհանուր ժխորի մեջ:

Սակայն արի՛ տե՛ս, որ հենց այդպիսի մի ժամանակ` ներքին հարկի մի ցածուն, բայց և ընդարձակ սենյակի մեջ ժողովված էին մի խումբ աշխույժ երիտասարդներ, որոնք չէին մտածում ոչ նորեկ գարնան, ոչ սիրուն լուսնի և ոչ ճեմելիքներում զբոսնող գեղեցկուհիների մասին: Նրանք զբաղված էին ավելի արժանավոր, կամ ինչպես իրենք կասեին` «ազնվական» գործով: Դրանք հայ ուսանողներ էին` համալսարանի կամ այլ բարձրագույն դպրոցների վերջին կուրսերից, որոնք հաճախ ժողովվում էին այդտեղ միմյանց հետ տեսնվելու, մտերմապես զրուցելու, մայրենի լեզվով կարդալու, կամ հեռավոր հայրենիքից ստացված նորությունները միմյանց հաղորղելու, երբեմն էլ իրենց ցավերի մասին միմյանցից կարծիք կամ խորհուրդ հարցնելու:

Այդ քաղաքում կային և ուրիշ հայ ուսանողներ, որոնք իրենց ազատ ժամանակը տնօրինում էին այլ կերպ: Ոմանք սիրում էին չափել փողոցները, աշխարհի չար ու բարին այդ տեղերում միայն ուսումնասիրելու նպատակով ոմանք զբաղվում էին սովորական թղթախաղով` ժամանակի ձանձրույթը մեղմելու համար. ուրիշներն այցելում էին հարուստ ընտանիքներին` նրանց տիրուհիներին զբաղեցնելու կամ օրիորդներին գրավելու հուսով և երբ նրանց չէր հաջողվում ոչ մինը և ոչ մյուսը, շատանում էին համեղ ընթրիք վայելելով: Մի մասն էլ էպիկուրյան փիլիսոփայության հետևելով` ազատ ժամերը նվիրում էր հաճության` աղջիկների ընկերակցության, մտածելով թե` այդպիսով ավելի լավ է ծառայում մարդ արարածի իսկական կոչման:

Բայց ներքնահարկի ցածուն առաստաղով սենյակում ժողովվածները չէին պատկանում հիշյալների թվին: Նրանք ուսանողության ամենաընտիր մասը, կամ բանաստեղծորեն ասած` ծաղիկներն էին, որոնք իրենց կոչման նշանակությունն ըմբռնելով, ժողովվել էին այնտեղ, ինչպես ասացինք, լավագույն մի գործով զբաղվելու համար:

Եվ նրանց այսօրվա պարապմունքի առարկան նշանավոր էր շատ կողմերից: Այսօր քննվում էր այն կարևոր հարցը, թե` նրանցից ո՞րը ի՞նչպես պիտի գործե կյանքի ասպարեզը մանելուց հետո:

Այդպիսի հարցեր, ինչպես հայտնի է, փորձված մարդիկ չեն տալիս իրար, միշտ մտածելով թե` «բանը բան ցույց կտա». իսկ փորձված հոգևորականը մինչև անգամ ասում է` «Օր աւուր բղխէ զբան և գիշեր գիշերի ցուցանէ զգիտութիւն», ուստի և երբեք խոստում չէ անում: Բայց ուսանողն, հո գիտեք, անձնիշխան է ամեն դեպքում, հետևապես և կարող է նման հարցեր քննելու: Անփորձությունն էլ, անշուշտ, մի արտոնություն է, որից մարդիկ երբեմն օգտվում են հաջողությամբ: Եվ քիչ չէ պատահում, որ բախտն ավելի ժպտում է նրանց, որոնք գործում են առանց երկար մտածելու:

Ինչևէ, առաջադրյալ խնդրի մասին երկար խոսել ու վիճել էին ուսանողները, երբ նախագահը, որ մի առողջ, զվարթաձայն և կոպիտ արտաքինով երիտասարդ էր, ուժգին զանգահարելով` ժողովականների ուշադրությունը հրավիրեց յուր վրա:

Դահլիճում լռություն տիրեց:

Խնդիրը մենք քննեցինք ամեն կողմից, — ասաց նախագահը, — մինչև անգամ ավելորդ մանրամասնությունների մեջ մտանք. այժմ արդեն ժամանակ է ամփոփել մեր մտքերը, ձևակերպելով այսպես:

Քարտուղարն իսկույն լարեց ուշադրությունը նախագահի խոսքերը գրի առնելու համար:

Մենք որդիք ու անդամներ ենք այնպիսի մի ազգի, — շարունակեց նախագահը, — որ ունի կարիքներ ու ցավեր: Այդ ազգն իրավունքով սպասում է մեզ, յուր հարազատ որդիներին, որովհետև գիտե, որ մենք բարձր ուսում ու կրթություն ստանալով, ձեռք ենք բերում այն ուժը, որով պիտի կարենանք յուր կարիքները լցնել և ցավերը դարմանել: Հետեվապես, մեզ վրա դրվում է սրբազան պարտք` ի դերև չհանել սպասող ազգի հույսն ու ակնկալությունը: Մեզանից յուրաքանչյուրը պիտի համարե իրեն մի պարտապան, որ ունի վճարելիք յուր պարտատիրոջ, այսինքն ազգին, ուստի և մտածե այդ պարտքը վճարելու եղանակի վրա, և վճարե սիրով, համարելով այդ պարտքը ո՛չ թե բեռն ու ծանրություն, այլ յուր սրտին հանգիստ և հոգվույն հաճույք բերող մի գործ: Մի երկու ամիս ևս և մենք կթողնենք այն տաճարները, որոնց հարկերի տակ մեր սրտերում ցանեցին գիտության ու բարվո, ճշմարտի և գեղեցկի լավագույն սերմերը. մի երկու ամիս ևս և մենք կբաժանվինք իրարից, ո՞վ գիտե, գուցե հավիտյան: Արդ, քանի միասին ենք, քանի տեսնում և լսում ենք իրար, ահա՛ խոստանում ենք միմյանց` ընկերի և ուսանողի ազնվագույն խոստումով, որ մեր սրտերում ցանված սերմերը պիտի աճեցնենք կյանքում հիսնապատիկ, հարյուրապատիկ, և այդ սերմերից ելած պտուղները վայելել տանք նախ` այն ազգին ու ժողովրդին, որին պատկանելու պատիվն ունինք և ապա թե դրանից բաժին հանենք մեզ: Չենք որոշում, իհարկե, թե ո՞վ մեզանից ի՞նչ չափով է պարտավոր ծառայել ազգին, բայց հավատում ենք թե մեզանից յուրաքանչյուրը սիրով պիտի լսե այն ձայնը, որ կանչում է` «հունձք» բազում են և մշակք սակաւ...»: Հետևապես և պիտի շտապե դառնալ «մշակ» այդ «հունձերի» համար և աշխատել ու քրտնել ազգի անդաստանում: Խոստանում ենք, որ ոչ ոք մեզանից պիտի ետ քաշվի վատաբար, կամ ասե թե իմ ուժն անկարող է ազգի կարիքները լցնելու, այլ պիտի աշխատե ըստ յուր կարողության, հիշելով այն առածը թե` «ուր կամք կա, այնտեղ կա և ճանապարհ»: Եվ իրավ, եթե ջուրը յուր կաթիլներով ծակում է ապառաժը, մի՞թե մեր կամքը այդ չի կարող անել: «Ամենալավ իմաստությունը հաստատ որոշումն է», ասում էր Նապոլեոնը: Եվ ես կարծում եմ, եթե մենք ևս կյանքի մեջ հետեվինք այդ իմաստուն խրատին, անշուշտ կգործենք ավելի հաջողությամբ, քան կարող ենք այժմ երևակայել: Մեր ժողովուրդն, իրավ, կարիքներ շատ ունի և այդ ամենը մենք չենք կարող դարմանել: Բայց եթե այսօր մենք մի մասը դարմանենք և վաղն ուրիշները մի ուրիշ մասը, և այսպես գործը շարունակվի անընդհատ, կարիքները կդարմանվին կարճ ժամանակում և ցավերը կվերանան անզգայապես: Աշխատող ձեռքը, պարոններ, չի պտրիլ երբեք վարդալիր պարտեզ, այլ կերթա այնտեղ, ուր հողն անմշակ է և դաշտերը խոպան, նա յուր քրտինքը կթափե այդ հողում, որպեսզի ապագայում մխիթարվի այն մտքով թե ինքն իրավամբ կրում է արարչի պատկերը, վասնզի կարողացավ «ինչն ստեղծել ոչնչից»: Պատմության մեջ հայտնի բազմաթիվ անձինք նշանավոր են դարձել և ազգերի ու սերունդների սերն ու սիրտը գրավել ոչ այն պատճառով, որ իրենց անձն են սիրել, կամ շահը խնամել, այլ որովհետև նվիրվել են հասարակաց բարվույն, ժողովրդին ու հայրենիքին: Դրանցից շատերը սկսել են գործել ամենաաննպաստ պայմաններում, շարունակ արգելքների ու հալածանքների հանդիպելով. բայց որովհետև ունեցել են հաստատուն կամք, որովհետև անկեղծորեն սիրել են ժողովուրդը, ուստի և հաղթել են ամեն արգելքների և ստեղծել աշխարհում հոյակապ գործեր: Մենք էլ, ուրեմն, գործելու ժամանակ առաջնորդ ունենանք պատմության հերոսներին և ինչ աննպաստ պայմանում էլ որ սկսենք մեր գործը, հիշենք այն իմաստուն նշանաբանը, որ փորված է եղել մի հին կացնի վրա` «կամ կգտնեմ ճանապարհը և կամ ինքս բաց կանեմ»: Այսպիսի որոշումով գործել ցանկացող մարդուն արգելքը չի վհատեցնիլ, այսպիսի մարդու առաջ ժայռերն անգամ կհալվին...»:

Այս եղանակով դեռ երկար խոսեց նախագահը, որ ճեմարանի նախկին սան լինելով վարժ էր հայ լեզվով ճառ արտասանելուն, ուստի երբ ավարտեց, ուսանողները ոգևորված ծափահարեցին նրան: Ապա սկսան ամեն կողմից հանդիսավոր խոստումներ անել այն մասին թե` արդարև, կյանքի մեջ մտնելուց հետո պիտի նվիրվին հասարակաց շահին: Երիտասարդներից ոմանք, մինչև անգամ, իրենց ապագա գործունեության ծրագիրն առաջարկեցին, ոմանք էլ այդ ծրագիրը պակասավոր գտնելով, ավելի ընդարձակ խոստումներ արին: Գտնվեցան իհարկե և այնպիսիներ, որոնք համեստությամբ խույս տվին թե՛ ծրագիր առաջարկելուց և թե՛ այն քննադատելուց:

Բայց բոլոր խոսողների մեջ ավելի դրական և կշիռ ունեցող խոստումն արավ Պետրոս Կամսարյանը, որ մի բարեկազմ և գեղեցիկ արտաքինով երիտասարդ էր: Լինելով հարուստի զավակ, նա միևնույն ժամանակ բարեսիրտ էր և դյուրազգաց, կարիքի ժամանակ օգնում էր ընկերներին և ուսանողական աշխատությանց մասնակցում սիրով: Բայց լինելով ի բնե զգույշ և կարգապահ, ամեն ինչ անում էր չափով ու կանոնով: Նույնիսկ օգնության կամ աշխատությանց վերաբերյալ գործերում, նա յուր համար ուներ որոշ չափ ու կշիռ: Ատում էր ինչպես անհոգություն, նույնպես և ամեն ծայրահեղություն, ուստի և խույս էր տալիս այնպիսի ընկերներից, որոնք ներկայացնում էին իսկական ուսանողի տիպ. այսինքն, լինում էին անփույթ` վաղվա պարտքի նկատմամբ, անհաշիվ` իրենց ծախսերի մեջ, անտարբեր` դեպի կարգ ու կանոնը, մաքրասիրությունը և ճշտապահությունը: Եվ թեպետ այս պատճառով նա ընկերներից ստացել էր պեդանտ մականունը, այսուամենայնիվ, այդ բանից նա չէր վիրավորվում, որովհետև փորձով գիտեր, որ անկարգ ու անկանոն եղանակով ապրողները միշտ այդ անունով են մկրտում կարգապահ մարդկանց, որպեսզի դրանով իրենց թերությունը ծածկեն:

Այս իսկ պատճառով ուսանողներն ապշեցան, երբ Կամսարյանը հանդիսաբար հայտնեց թե որոշել է քննություններից հետո վերադառնալ հայրենիք և իրեն նվիրել յուր ազգակիցների ամենից ավելի օգնության կարոտ դասակարգին, այսինքն` մտնել գյուղը և այնտեղ հիմնել օգնության մեծ գործ, հատկացնելով այդ նպատակին` յուր հարուստ հորից իրեն հասանելիք ժառանգությունը:

Սկզբում ընկերները, կարծես, չհասկացան այդ հայտարարության միտքը և նայում էին իրար հարցական հայացքներով: Բայց երբ երիտասարդը կրկնեց յուր որոշումը ավելի մեկին և հաստատապես, ներքնահարկի դահլիճը թնդաց կեցցեների որոտընդոստ ձայներից և մի քանի ուժեղ ձեռքեր բարձրացրին Կամսարյանին դեպի առաստաղը և սկսան շրջեցնել դահլիճի շուրջը` շարունակ «կեցցե» գոռալով և «Հերիք, ընկերք» երգելով: Աղմուկը դադարելուց հետո Պետրոս Կամսարյանի հայտարարությունն ընդունվեց ուսանողների պաշտոնական գովեստով և իսկույն էլ մուծվեցավ արձանագրությանց տետրակը:

Բ.

Ամառ է, քննությունները վերջացել են: Կամսարյանն ստացել է ավարտման վկայական: Այժմ նա իրավաբան է, կարող է ապրել քաղաքում և շրջապատել իրեն հարմարություններով, այսինքն կահավորել մի փառավոր տուն` համաձայն յուր նուրբ ճաշակի պահանջներին, ապա ընդարձակել ծանոթությունների շրջանը, այցելել բարձր դասակարգի անձանց, կապեր հաստատել, խնդրարկուներ ընդունել, դատեր պաշտպանել և յուր հասարակական գործունեությամբ` անուն ու հռչակ վաստակել:

Բայց մի՞թե այդ պիտի լինի երիտասարդ Կամսարյանի կյանքի նպատակը: Երբեք. նա ավելի արժանավոր, բարձր և սուրբ նպատակ ունի աչքի առաջ. նա այժմ իրեն չէ պատկանում, հետևապես, և չէ կարող ծառայել յուր անձին: Նա պիտի նվիրվի յուր տկար ազգակիցներին, շինականին ու գյուղացուն, նրանց համար պիտի հոգա, նրանց համար պիտի մտածե՛:

Եվ այդ պիտի անե ո՛չ թե նրա համար, որ հանդիսաբար խոստացել է ընկեր ուսանողներին, ոչ, այլ որովհետև ինքն այդ կամենում է սրտանց, որովհետև ամեն անգամ, երբ խոսք է եղել այդ ազգակիցների մասին, յուր սիրտը թունդ է առել և թռել դեպի նրանց, որովհետև ինքը միշտ մի առանձին սեր, մի թաքուն գորով է տածել դեպի այդ հեռավոր եղբայրները: Եվ թեպետ անձամբ չէ տեսել նրանց, բայց միշտ լսել ու կարդացել է թե` բարի մարդիկ են, ազնիվ և աշխատասեր, թե սեփական շահի համար ոչ ոքի չեն վնասում, այլ ապրում են իրենց ճակատի արդար քրտինքով: Բայց թե, որովհետև տգետ են և անուսում, ուստի մնում են անզոր` աշխարհի չարիքների առաջ, որով և մի կողմից բնությունն է նրանց զրկում, իսկ մյուս կողմից չար մարդիկն են կեղեքում, այդ պատճառով էլ նա վարում է դառն ու չարքաշ կյանք և մնում կարոտ բարի մարդկանց օգնության: Բայց միևնույն ժամանակ նա լսել ու կարդացել է և այն, թե յուր այդ ազգակիցները կարող են ազատվել կյանքի դառնություններից և հասնել մի օր երջանիկ դրության, եթե խելոք գլուխները մտածեն նրանց մասին և կարող ձեռքերն աջակցեն նրանց աշխատության:

Եվ ահա՛ Կամսարյանն ունի թե՛ խելոք գլուխ և թե՛ կարող ձեռքեր. ինչո՞ւ, ուրեմն, չերթա չորոնե այդ սիրելի ազգակիցներին, չապրե նրանց հետ, չսովորեցնե նրանց իրենց դրությունը բարվոքելու և մարդավայել կերպով ապրելու եղանակը:

Այս մտածությունները ոգևորում էին երիտասարդ իրավաբանին, այն երկար ճանապարհին, որ հյուսիսից տանում էր նրան հարավ: Այդտեղ նա շարունակ ծրագիրներ էր կազմում յուր ապագա գործունեության համար և նրանցով հիանում: Այդ ծրագիրների մեջ մտնում էին նախ գյուղական հասարակության իրավունքների պաշտպանությունը, որ արդեն վերաբերում էր յուր մասնագիտության և ամփոփում յուր մեջ գյուղացու կալվածները հափշտակությունից ազատելու, հարկահանության ժամանակ տեղի ունեցող անարդարություններն արգելելու, գյուղացուց հաճախ անտեղի կերպով պահանջվող կոռն ու ձրի մշակությունը մերժել տալու և պաշտոնի մեջ, ի վնաս գյուղացու զեղծումներ կատարող և արդարադատության աչքից խուսափող պաշտոնյաների արարքը մերկացնելու կարևոր խնդիրները. երկրորդ` լուսավորության գործի հիմնադրությունը, որ կայանում էր կանոնավոր դպրոցներ հաստատելու, գեղջուկ մանուկներին ձրի ուսում մատակարարելու, մանկականժողովրդական գրադարան հիմնելու և հասակավոր գյուղացիներին ազատ ժամերում և, մանավանդ, ձմեռ ժամանակ օդաներում, կամ եկեղեցիներում դասեր խոսելու և աշխարհի չար ու բարիի հետ նրանց ծանոթացնելու մեջ, երրորդ` գյուղացու տնտեսական դրության բարվոքումն, որ կախումն ուներ նրա երկրագործական, այգեպանական, անասնապահական, հավաբուծական և այլ այսպիսի աշխատությունները կանոնավորելուց, իսկ այդ նպատակին հասնելու համար պետք է սովորեցնել գեղջուկին գիտության մշակած ձևերով տնկելու և պատվաստելու, հերկելու և ցանելու, հնձելու և կալսելու, անասուն, հավ և մեղու դարմանելու, պարտեզ ու բանջարանոց մշակելու դյուրին եղանակները: Տնտեսական դրությունը բարվոքելուն էր վերաբերում նաև փոխատու գանձարան հիմնելու դիտավորությունը, որ եթե հաջողեր նրան իրագործել, դրանով ոչ միայն վաշխառությունը կհալածվեր գյուղերից, այլև կստեղծվեր բարության մի գործ, որ կօգներ գյուղացուն յուր աշխատությունն ու արդյունքը ոչ թե կեղեքիչների ձեռքը, այլ յուր հարկի տակ ժողովելու:

Բոլոր այս ծրագիրներն այնքան ընդարձակ էին, որ նույնիսկ նրանց համառոտ կազմությունը խլեց Կամսարյանի` Մոսկվայից մինչև Կովկաս հասնելու միջոցում ունեցած ազատ ժամերը: Եվ երբ նա վերջին անգամ նայեց յուր noteերի տետրին և տեսավ նրա ծայրեիծայր լիքը յուր ապագա գործունեության վերաբերյալ դիտողություններով, զգաց յուր սրտում մի թաքուն ուրախություն, որ բխում էր երբևիցե «առաքյալի» փառք ու հռչակ ստանալու հաստատուն հույսից:

Վերջապես երիտասարդը հասավ Թիֆլիս: Հարկ չկա նկարագրելու այն ընդունելությունը, որին հանդիպեց նա հոր տանը: Ամենքդ արդեն գիտեք թե պանդխտությունից վերադարձող որդուն ի՞նչպես են ընդունում կարոտակեզ ծնողները, կամ նորատի քույրերն ու եղբայրները: Որքա՛ն ջերմ համբույրներ, որպիսի՛ գրկախառնություն, խանդաղատանք, ուրախության արցունքներ և ապա ինչպիսի՛ քաղցր ու երջանիկ ժպիտներ շրջապատում են նորեկին: Եթե դրա վրան էլ ավելացնենք այն, որ այդ բոլորը տեղի էր ունենում մի հարուստ տան մեջ, ուր մեծ թե փոքր, աղջիկ թե տղա չգիտեին թե ի՞նչ է կարոտությունը, որ աղքատի տան մեջ յուր ներկայությունը զգալ է տալիս նույնիսկ այն վայրկյանին, երբ մայրը ողջագուրում է պանդխտությունից վերադարձող որդուն, որ հաճախ ցրտացնում է համբույրի ջերմությունը և շուրթերի վրա ժպիտը սառեցնում, այն ժամանակ կհասկացվի թե որպիսի՛ երանությամբ էր շրջապատված նորավարտ, գեղեցիկ արտաքինով և դեռ ամենքին սիրելի Պետրոս Կամսարյանը:

Թողնենք ուրեմն նրան զվարճանալ առայժմ յուրայինների հետ:

Գ.

Անցավ մի շաբաթ և այդ միջոցին խոսք ու զրուց չեղան երիտասարդի սկսելիք պարապմունքի մասին, որովհետև ամենքի համար էլ պարզ էր թե ինչո՞վ կարող է զբաղվել մի երիտասարդ իրավաբան: Նրա առաջ բաց էին թե՛ պետական պաշտոնների և թե՛ մասնավոր պարապմունքի արդյունավոր ճանապարհները: Եթե առաջինը չհաջողվեր, երկրորդի համար բավական էր երկու տող հայտարարություն և, ահա՛, հաճախորդները իրար թևակոխելով` կլցվեին փաստաբանի նորաբաց ընդունարանը:

Այս էին մտածում Կամսարյանի ծնողները և ցանկանում, որ Պետրոսը առժամանակ հանգստանա և մանավանդ թե կազդուրվի զովարար ամառանոցում, ուր մտադիր էին տեղափոխվել քիչ ժամանակից հետո:

Սակայն մի օր զարմանքով տեսան նրանք, որ իրենց որդին ինչ որ պատրաստություններ է տեսնում: Նա գնել էր ճանապարհի նոր հագուստ, երկարաճիտ կոշիկներ, ձիու թամբ, նոր տեսակի պայուսակ, որսորդական հրացան և այլ այնպիսի իրեր, որոնք կարող էին հարկավորվել միայն վայրենի տեղերում, ուստի հետաքրքրվեցան իմանալ թե ինչո՞ւ համար են դրանք:

Պիտի ճանապարհորդեմ, — ասաց նա ծնողներին:

Պիտի ճանապարհորդե՞ս... ի՞նչպես, ուրեմն ամառանոց չի՞ պիտի գաս, — հարցրեց երիտասարդի մայրը անհանգստությամբ:

Ոչ, պիտի գնամ դեպի հեռավոր հայ գյուղերը և՛, ո՞վ գիտե, գուցե շատ ուշ վերադառնամ, կամ... (ուզում էր ասել «բոլորովին չվերադառնամ», բայց զգալով, որ լավ չէ վախեցնել ծնողներին, խոսքն ընդհատեց):

Այդ անկարելի է, — ճչաց իսկույն տիկին Կամսարյանը, կամ յուր լեզվով ասած` Լիդիա Պավլովնան, որ մի պարարտ, կլորիկ և թեպետ հիսունը անցած, բայց դեռ գրավչադեմ և հաճելի լինելու առավելություններով օժտված կին էր, — այո՛, անկարելի է... այսքան ժամանակ հուսով սպասել եմ քո դարձին, որ գոնե ամառվա ամիսները միասին անցնենք, իսկ դու ասում ես թե պիտի ճանապարհորդե՞ս, ոչ, այդ չի լինիլ, — ասաց տիկինը վճռաբար և մեջքը թիկնաթոռին տալով` աշխատեց պարարտ մարմինը զետեղել նրա վրա կարելվույն չափ հանգիստ:

Տիկին Կամսարյանի «Ո՛չ, այդ չի լինիր վճիռն ուներ յուր հարգելի պատճառները: Բացի այն, որ նա իբրև սիրող մայր, կցանկանար անշուշտ ամառն անցնել յուր որդու հետ, կար և մի ուրիշ հանգամանք, որ դրդում էր նրան չհամաձայնել որդու հետ: Դա մոր փառասիրությունն էր, ա՛յն թաքուն զգացմունքը, որ շատերը խնամքով փայփայում են սրտի խորքում, բայց որի գոյությունն ուրանում են մարդկանց առաջ:

Լիդիա Պավլովնան առաջին անգամ չէր գնում ամառանոց, ուստի գիտեր, որ ամեն ամառ այնտեղ ստեղծվում է ծանոթների ու բարեկամների հետաքրքրական շրջան, տեղի են ունենում նոր տեսակի ընդունելություններ ու այցելություններ, սարքվում են փայլուն զբոսանքներ, ճաշեր ու պիկնիկներ, երբեմն և երեկույթներ: Արդ, չէ՞ որ մեծ փառք էր ամեն մոր համար այդ բոլոր տեղերում երևալ նորավարտ, գեղեցիկ արտաքինով, հաճելի ձևերով և տակավին ամուրի երիտասարդ որդու հետ... այդպիսի մայրն, առհասարակ, ամառանոցի սիրած ու փայփայած անձն է լինում: Բոլորը (խոսքս իհարկե հարսնացու աղջիկ ունեցող մայրերի, կամ փեսացու փնտրող հարսնացուների մասին է, իսկ եթե դրանց թվում ընթերցողները դասեն, նաև, նորատի այրիներին, դրա դեմ էլ ոչինչ չունիմ), շրջապատում են նրան սիրով, քնքշությամբ, ամենաանկեղծ բարեկամությամբ: Այդպիսի մորը, բնականաբար, այցելում են հաճախ, և այն` միշտ երկուսով կամ երեքով (նայելով թե այցելողը քանի հարսնացու աղջիկ ունի), հրավիրում են շատ տեղերից, նույնիսկ այնպիսի տներից: ուր այդ մայրը երբեք ոտք դրած չէ եղել, բայց ծանոթացել է նրանց տիրուհիներին այսինչ պիկնիկում կամ պարահանդեսում: Բացի այդ, հանդիսավոր ճաշերի ժամանակ, ամենից պատվավոր տեղը առաջարկում են այդպիսի մորը և ամենից համեղ պատառը հրամցնում նրան: Հարկ չկա ասել, որ զբոսարաններում էլ ամենից սիրելի ու քնքուշ խոսակիցները շրջապատում են նրան, թե երիտասարդ որդին էլ զբոսնում է նրա հետ: Միով բանիվ, ամեն տեղ կատարվում է այն, ինչ որ հայկական առածն է բնորոշում, այսինքն «ձուաձեղի համար թավի կոթը պաչում են»:

Այս ամենը գիտեր տիկին Կամսարյանը. այս ամենի մասին նա մտածել, երազել էր և այն` երկար ամիսներով... այժմ հանկարծ լսել թե իրեն զրկում են քաղցր հույսերից, իհարկե, նա չէր կարող, հետևապես և չի պիտի թույլ տար որդուն իրագործել այդպիսի մի անհեթեթ որոշում:

Դժբախտաբար, երիտասարդն էլ յուր կամքի տերն էր (գոնե ինքը հաճախ այդպես էր ասում), ուրեմն և հեշտ չէր ետ կեցնել նրան յուր ընտրած ճանապարհից: Այդ պատճառով մոր «ոչ, այդ չի լինիլ» վճռին, նա պատասխանեց խստությամբ:

Ամառանոցում զվարճանալուց առաջ ես պարտք ունիմ կատարելու, մայրի՛կ, մի՛ հուսար թե ես կհետաձգեմ իմ գործը քեզ ընկերանալու համար:

Պետյա՛, Պետյա՛, մեկ մտածիր թե ի՞նչ ես ասում... ամբողջ տարի աչքներս ջուր կտրած սպասել ենք քեզ, կարոտից հալվել... (կամենում էր ասել «հալվել ու մաշվել ենք», բայց մեկ էլ մտածելով թե ինքը խիստ պարարտ է, ասաց) մաշվել է սրտներս, այժմ դու նորեն կամենում ես մեզ թողնե՞լ... Ուրեմն դու սիրտ չունիս, դու հայր, մայր, եղբայր ու քույր չե՞ս ճանաչում...

Վերջին բառի վրա տիկինը հեկեկալու նման մի սրտաշարժ ձայն հանեց, հետո հուպ տվավ աչքերը, հուսալով թե նրանցից մեկն ու մեկը արտասուք կգլորե յուր սպիտակ ու փափուկ այտերի վրա (որ իհարկե շատ տեղին կլիներ), բայց տեսնելով որ այդ չեղավ, ընդհատեց խոսքը...

Երիտասարդին այնպես թվաց թե դյուրազգաց մայրը սրտի նեղությունից չի կարողանում այլևս խոսել, ուստի որպեսզի չհաղթահարվի այդ սրտաշարժ տեսարանից, իսկույն ծոցից հանեց յուր հուշատետրը և սկսավ թերթել... Այո՛, բավական էր նայել այդ հուշատետրի էջերին, կարդալ գոնե կեսը «մեծ գործերի» այն ցանկին, որ նա կազմել էր մայրաքաղաքից վերադառնալիս, որպեսզի նա նորեն ոգևորվեր և առ ոչինչ գրեր մոր թախանձանքն ու արտասուքը, կամ արհամարհեր ամառանոցի հանգստությունն ու զվարճությունները:

Եվ այդպես էլ եղավ: Երբ Պետրոսը հուշատետրը դրավ նորեն ծոցը, նրա սիրտն արդեն այնքան էր ամրացել, որ նա ուղղակի ասաց.

Դու, մա՛յրիկ, բախտավոր կին ես. ունիս ամուսին, առողջ զավակներ, մեծ հարստություն, սեփական ապարանք, գեղեցիկ ամառանոց, ապրում ես գոհ ու երջանիկ և, միևնույն ժամանակ, չես կամենում զրկել քեզ նույնիսկ մի ավելորդ զվարճությունից, այսինքն, որ ամառվա ամիսներում ընկերանա քեզ որդիդ... Բայց կան աշխարհում մարդիկ, որոնք շատ անհրաժեշտ բաներից են զրկված. ա՛յ, ես գնում եմ նրանց մոտ, որպեսզի կարողանամ նրանց մի փոքր մխիթարել, կամ նրանց կարիքներից մինը կամ երկուսը լցնել:

Լիդիա Պավլովնան որդու այս ճառից ոչինչ չհասկացավ, բայց Կիրիլ Կարպիչը (հայր Կամսարյանը), որի անունը Ճիպին Տեր Օվանեսի ձեռքով չափաբերական մատյանում նշանակված էր «Կարապետի վուրթի Կիրակուս» և որը դեռ խալաթով նստած էր բազմոցի վրա և երկար ծխափողը ձեռքին թե՛ ծխում և թե՛ լսում էր հիշյալ վիճաբանությունը, որդու վերջին խոսքերի վրա մի անհանգիստ շարժումն արավ: Քաղցր ժպիտը, որ մինչև այն փայլում էր նրա ածիլած ու գիրությունից փայլող դեմքի, կրկնածալ ծնոտի և գորշ ընչացքով հովանավորված հաստ շրթունքի վրա, չքացավ իսկույն. թավամազ հոնքերը կարծես վայր իջան աչքերի սուր հայացքը ավելի խստացնելու համար. իսկ անխառն հայկական քիթը, որ պատկառելի տեղ էր բռնած խոշոր դեմքի վրա, զգալի կերպով կախվեցավ, որպեսզի տիրոջ դժգոհությունը մարմնացնե յուր մեջ ամբողջովին:

Ինչո՞ւ անհանգստացավ Կիրիլ Կարպիչը, — դրա պատ ճառը բոլորովին այլ էր: Նա, իհարկե, չէր մտածում ոչ Լիդիա Պավլովնայի մայրական փառասիրությունը գոհացնելու և ոչ էլ որդու ամառային հանգստության մասին. նրան հետաքրքրում էր ավելի լուրջ ու դրական խնդիր. այսինքն այն, որ յուր որդին տասներկու տարի շարունակ ուսման համար իրենից հազարներ ստանալուց հետո, այսօր, երբ արդեն ուսումն ավարտած վերադարձել է, փոխանակ լրջորեն գործի կպչելու և հորից ստացած փողերի գեթ մի մասը յուր ձեռքի աշխատանքով հորը վերադարձնելու և դրանով նրան ուրախացնելու, ընդհակառակն, դեռ նոր ծախսեր է անում և ինչ որ ճանապարհորդության կամ հեռավոր ազգակիցների վրա է մտածում:

Անհանգիստ շարժումն անելով հանդերձ, Կիրիլ Կարպիչը մի կողմը դրավ ծխափողը և ձեռքերը խրելով խալաթի գրպանները, որոնք գտնվում էին տկի պես ուռած և խալաթի փնջազարդ ժապավենով հազիվ սանձահարված փորի աջ ու ձախ կողմերում, հարցրեց որդուն.

Պե՛տո, չլինի՞ թե քո գլխումն էլ հոպոպներ են լույս ընկել:

Երիտասարդ Կամսարյանը, որ այսպիսի մի հարց ընկերներից լսելուց կարող էր նրանց մենամարտի հրավիրել (որպեսզի ապացուցանե թե որքա՛ն պատվասեր է), հորից լսեց այդ խոսքը նույնիսկ առանց բարկանալու, համոզված լինելով, որ նա ուրիշ կերպ հաճոյախոսել չի կարող:

Ի՞նչ ես կամենում դրանով ասել, հա՛յրիկ: — հարցրեց նա:

Այն, որ ուսումը խելքահան է արել քեզ, որդի՛... ախար մի գնա դատարան և տե՛ս թե քեզանից մի տարով առաջ ավարտողները ի՞նչպես են այնտեղ գործեր պաշտպանում, ժամերով վիճում կամ ճառեր խոսում և դրա համար նրանք հարյուրներ, հազարներ են ստանում, իսկ դու դեռ «կռոների» մասին ես մտածում, կամ նրանց հոտած գյուղերում ապրելու պլաններ քաշում: — Սա ինչի՞ նման է:

Կիրիլ Կարպիչը նորեն ձեռքն առավ ծխափողը և հաստ (շրթունքները կպցնելով երկար բնի ծայրին, երկու անգամ առատորեն ներս քաշեց ախորժելի ծուխը և ապա արտաշնչելով այն, վեր կացավ տեղից:

Գործի վրա մտածիր, որդի, գործի վրա, թե չէ կռոներից շահ չի լինելու քեզ: — Այս ասելով նա դուրս գնաց սենյակից, չկամենալով ավելի ձանձրացնել որդուն: Որովհետև, իբրև փորձառու մարդ, գիտեր որ խելքի հասած երիտասարդին անօգուտ է երկար խրատներ կարդալը: Բավական է, որ մարդ երկու խոսքով հայտնի նրան յուր դժգոհությունը և ապա թողնե նրան մտածել ու որոշել անելիքը:

Մինչդեռ Լիդիա Պավլովնան այդ կարծիքին չէր, նա, իբրև կին, միշտ յուր ուզածն անել էր տվել երկար խոսելով, թախանձելով, հետևապես հավատում էր շատախոսելու փրկարար զորությանը: Այդ պատճառով էլ, երբ ամուսինը հեռացավ, նա մոտ քաշեց որդուն (որ դարձյալ ձեռքն էր առել յուր հուշատետրը, անշուշտ հոր խոսքերի ազդեցությունը իրենից հեռացնելու նպատակով) և իբրև մի մեծ նորություն, հաղորդեց նրան հետևյալը:

Ես որ քեզ ասում եմ գնանք միասին ամառանոց, հո նրա համար չեմ ասում, որ միայն քաղաքի շոգերից ազատեմ քեզ, ոչ. ես ուրիշ միտք էլ ունիմ և դրա համար է, որ չեմ ուզում քեզ թողնել...

Ի՞նչ միտք, — հարցրեց երիտասարդը:

Մարկոսովենց տուն հո գնացի՛ր, Ադելինին տեսա՞ր, — հարցրեց մայրը խորհրդավոր եղանակով:

Այո, գնացի, Ադելինին էլ տեսա, հետո՞:

Իբրև թե չգիտես ինչո՞ւ համար եմ հարցնում, — նկատեց մայրը խորամանկ ժպիտով:

Ո՛չ:

Չէ՞ որ մի օր հավանում էիր նրան:

Հենց հիմա էլ հավանում եմ:

Հո տեսնում ես թե ի՞նչ է դառել... ինչպես մեծացել, գեղեցկացել է:

Այո՛, շատ է գեղեցկացել:

Է, այդպիսի աղջիկը, որ քեզ սիրում լինի և քո պատճառով էլ Բորժոմ լինի գալիս, ի՞նչ կասես դրան:

Երիտասարդը նայեց մոր աչքերին և ուսերը վեր քաշեց:

Գեղեցկությունը կա, ուսումը կա, քառասուն հազար էլ բաժինք... Այս ամառ անպատճառ բանը կվերջանա, որովհետև ծնողները համաձայն են, աղջիկն էլ համաձայն է համաձայն. հարցը մնում է քեզ վրա: Ի՞նչ ես ասում դու:

Երիտասարդը, կարծես, տատանվում էր: Ադելինի անունը մի փոքր պղտորեց նրա միտքը. եթե երևակայությանը ևս թույլ տար յուր առաջ պատկերացնելու գեղանի օրիորդին, այն ժամանակ արդեն հոսանքը կտաներ իրեն: Այդ պատճառով, կարծես, յուր թուլությունը զգալով, վեր կացավ տեղից և «դեռ տեսնենք, մտածենք, ժամանակ շատ ունենք» ասելով` դուրս գնաց պատշգամբ:

Դ.

Բայց բախտը շատ անգամ կատակներ է անում և դրանցից զվարճալին լինում է այն, երբ նա չարիքից փախչող մահկանացուին` հենց նրա փախստյան ճանապարհի վրա, բերում հանդիպեցնում է նույն չարիքին, որից սա խույս է տալիս: Այդպես պատահեց և Կամսարյանին: Հազիվ նա ելել էր պատշգամբ և ձեռքը տարել ծոցը, որպեսզի հուշատետրը հանե, և ահա՛ տան մուտքի հնչակը քաշեցին: Սպասուհին վազեց դուռը բանալու: Եվ որովհետև Պետրոսն ևս մոտեցել էր սանդուղին, ուստի հետաքրքրվեց իմանալ թե` ո՞վ է եկողը: Եվ ո՞րքան մեծ եղավ նրա հուզմունքը, երբ տեսավ թե` գեղանի Ադելինան է յուր մոր հետ: Անշուշտ նրանք գալիս Էին երիտասարդի այցելությունը փոխարինելու և սրա մորն իրենց խնդակցությունը հայտնելու: Կամսարյանն իսկույն ծոցը դրավ հուշատետրը, որ նոր էր հանել և վայրկենաբար համոզվելով, որ «հայոց ազգը խիստ դժբախտ ազգ է», որովհետև, նման արգելքներ խանգարում Էին իրեն նրա վրա մտածել, քնքուշ ժպիտը դեմքին, դիմավորեց հյուրերին և սիրալիր կերպով ողջունելով նրանց, առաջնորդեց դեպի ընդունարանը, ուր գտնվում էր արդեն Լիդիա Պավլովնան:

Չափ...չըփ, չըփ, չափ համբուրվեցան բարեկամուհիները և սկսան իսկույն մի սիրալիր զրույց, որն առհասարակ սկզբում լինում է աղմկալի և ապա հետզհետե մեղմանում, կանոնավորվում:

Ամենից առաջ Լիդիա Պավլովնան մեղադրեց բարեկամուհուն` իրենց ա՛յդքան ուշ այցելելու համար, և հավատացրեց, որ ամեն օր սպասում է եղել նրանց:

Տիկին Մարկոսյանը ներողություն խնդրեց յուր ակամա զանցառության համար, առարկելով թե` չափազանց զբաղված են թե՛ ինքը և թե՛ դուստրը, ընդ նմին և հավատացրեց (ավելի՛ ջերմ խոսքերով, քան տան տիկինը), որ իրենց բոլոր բարեկամուհիների մեջ Լիդիա Պավլովնան միակն է, որին ցանկանալով ցանկանում են տեսնել թե՛ ինքը, թե՛ աղջիկը, հենց որ ազատ են լինում զբաղմունքից: Դժբախտաբար, ազատ ժամեր քիչ են ունենում:

Լիդիա Պավլովնան, իհարկե, գիտեր թե ի՛նչ զբաղմունք կարող էր ունենալ տիկին Մարկոսյանը, իբրև բազմանդամ ընտանիքի մայր, բայց ցանկացավ լսել մի բան նաև օրիորդ Ադելինայի մասին, մանավանդ, յուր որդու, Պետրոսի ներկայությամբ:

Տիկին Մարկոսյանը, որ մի քիչ ավելի տարիքով էր, քան Լիդիա Պավլովնան և մի քիչ էլ պակաս գեղեցիկ, քան թե նա, բայց որը նազելու մեջ գերազանցում էր բարեկամուհուն, նազելով էլ պատասխանեց.

Ա՛խ, սիրելիս, չես կարող երևակայել, թե որքա՞ն գործ ունի խեղճ երեխաս: Առավոտից մինչև ճաշը ձրի դասեր է տալիս «որբերի» ուսումնարանում. ճաշից հետո` մեր չարաճճիների դասերն է սովորեցնում. երեկոյան փոքրիկ աղջկաս դաշնամուրի վրա վարժություն է անել տալիս: Դրա վրան էլ ավելացրու այն, որ բարեգործական նպատակով տրվող ներկայացումներին ու նվագահանդեսներին մասնակցում է անխտիր, որովհետև խնդրում, աղաչում են: Իսկ իմ Ադելինան, հո գիտեք, փափուկ սիրտ ունի և չէ կարող մերժել...

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Next Last