ԱՐԵՎԱԿ-ի գիտական նախագծերի հակիրճ ամփոփում

Կապերը արևելահայերենում (Օլեգ Բելյաև, Նելլի Մաթևոսյան)
Մի շարք լեզվական միավորներում, որոնք ավանդաբար դիտարկվում են որպես կապեր, կարելի է գտնել անվանական և մակբայական ծագման հետքեր: Նույնիսկ եթե սկզբնական լեզվական միավորները դուրս են եկել կիրառությունից, նման կապերը շարունակում են ցուցաբերել որոշակի ձևաբանական-շարահյուսական առանձնահատկություններ, որոնք ժառանգվել են սկզբնական միավորներից, օրինակ՝ հոլովի, թվի կամ ստացականության կարգերը անվանական ծագում ունեցող կապերի համար: Ուսումնասիրության արդյունքում առաջ կքաշվի ձևաբանական-շարահյուսական հատկանիշների որոշակի խումբ, որը թույլ կտա տարբերակել կապերը այլ խոսքի մասերից:

Ներգոյական հոլովը արևելահայերենում (Տիմոֆեյ Արխանգելսկի, Քսենյա Սեմյոնովա)
Արևելահայերենում տարածական իմաստ արտահայտելու համար գոյություն ունեն մի քանի անվանական միջոցներ, օրինակ՝ ներգոյական, բացառական կամ տրական հոլովի կամ տարբեր կապերի միջոցով: Չնայաց տարածական իմաստը հիմնականում արտահայտվում է ներգոյական հոլովի միջոցով, ոչ բոլոր գոյականներն ունեն համապատասխան հոլովական ձևը: Ուսումնասիրության նպատակն է գտնել, թե որ անվանական դասերը կարող են ունենալ ներգոյական ձև և ինչ այլ միջոցներով կարելի է արտահայտել տարածական իմաստներ:

Աֆֆիքսոիդները արևելահայերենում (Կիրիլլ Կորչագին)
Արևելահայերենի բառակազմությանը բնորոշ է բառաբարդումը և ածանցումը: Աֆֆիքսոիդները (տերմինը ներմուծվել է Վ. Լոպատինի կողմից) միջանկյալ դիրք են գրավում լիարժեք ածանցների և բարդ բառերի անկախ «բառային» բաղադրիչների միջև: Մի կողմից նրանք հանդես են գալիս որպես անկախ բառային միավորներ, մյուս կողմից՝ իմաստաբանական տեսանկյունից, նրանց կիրառումը գործառական բառակազմական կաղապարներում շատ ավելի ընդհանրական է և զգալիորեն տարբերվում է իրենց սկզբնական բառային իմաստից: Ներկա ուսումնասիրությունը նպատակ ունի հավաքել արևելահայերենի աֆֆիքսոիդները և յուրաքանչյուր միավորի համար ներկայացնել ձևային և իմաստաբանական նկարագրություն: