Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արամբին

Այո, կարող ես, ես երաշխավորում եմ, որ կարող ես:

Ախ, պա՛պա, պա՛պա:

Ի՞նչ, միթե ինձ չե՞ս հավատում, Վարիա:

Ես շատ հավատալուց հոգնեցի, պապա, և ինձ համար շատ ցավալի է, որ դուք եք այժմ հավատում նրա խոսքերին: Ի՞նչ հարկավոր է, որ ես նրա նամակը կարդամ, առանց այն էլ, ես գիտեմ թե ինչ է գրում: Բայց, ինքներդ ասացեք, պապա, քանի՞երորդ անգամն է, որ նա այդպես զղջում է և քանի՞ անգամ եմ ես ներել նրան: Եվ ինչ, պահե՞ց նա յուր երդումներր մինչև այժմ:

Մի անգամ էլ ներիր, Վարիա, մի անգամ, ինձ համար, հասկանո՞ւմ ես, ինձ համար:

Վարվառեն, որ մինչև այժմ դեռ նայում էր դեպի դուրս, երեսը դարձրեց հոր կողմը:

Ներե՞մ, պապա, ներե՞մ, ի՞նչը ներեմ... — գոչեց նա վրդովված: — Մի՞թե նա կարող է ազատվել մի հիվանդությունից, որ նրա մարմնի և արյունի մեջ արմատացած է մշտնջենապես: Դուք նրան չեք ճանաչում, պապա, և ես ցավում եմ, որ դարձյալ խաբվում եք նրա խոսքերից: Ես նրա սանձը կկարողանա՞մ պահել, ե՞ս ... Ո՛չ, պապա, այդ իմ կարողությունից բարձր է: Ի՞նչ օգուտ, եթե կարողանայի էլ մինչև անգամ նրան հպատակեցնել իմ կամքին, ի՞նչ օգուտ, քանի որ իմ կյանքը դարձյալ ինձ համար տանջանք պիտի լինի: Միթե նա երեխա՞ է, իսկ եսմայր, որ գիշեր-ցերեկ արթուն հսկեմ նրա վրա, ամեն օր, ամեն ժամ աչքս նրանից չհեռացնեմ, որ նա մի ծուռ քայլ չանի: Եվ ո՞ւմ համար պիտի այդպես տանջվեմ: Միզանդրոնցովի համա՞ր, որին ատում եմ, որից զզվում եմ, որին տեսնելն անգամ ինձ համար սարսափելի տանջանք է: Ոչ, մի ստիպեք ինձ, պապա, ես նրան լավ ճանաչեցի: Ես ուզում էի, որ նա յուր կամքով ապրեր, աներ այն, ինչ որ յուր սիրտն ու խելքն էր ուզում: Ուզում էի, րր նա ինքը կառավարեր յուր զգացմունքները, զսպեր յուր թուլությունները: Չեղավ, նա արավ այն, ինչ որ կարող էր: Ուրեմն, թող ես էլ անեմ այն, ինչ որ կարող եմ:

Խելոք ես խոսում, Վարիա, շատ խելոք ես խոսում: Բայց այդ ասածներդ գիտեմ ինչ տեղից ես սովորել: Շատ կարելի է, որ քո կարդացած գրքերը ճշմարիտ են ասում, բայց այդպես չէ, Վարիա, գրքերի ասածն ուրիշ է, կյանքի ասածնուրիշ: Միթե չե՞ս հասկանում, որ հասարակություն կա, խոսողներ կան, թշնամիներ ու բարեկամներ կան:

Պապա, համաձայն եմ ձեզ հետ, գիտեմ, որ հասարակությունն ինձ բամբասում է: Բայց մի թե նա իրավունք ունի պահանջելու, որ կրկին մտնեմ այն դժոխքը, որտեղից դուրս եմ եկել...

Գոնե ի՛նձ խնայիր, սիրելի Վարիա, տեսնո՞ւմ ես, — հուզված ձայնով պատասխանեց Մինաս Կիրիլլիչը, ձեոով դարձյալ ցույց տալով ալեզարդ գլուխը:

Վարվառեն երեսը շուռ տվեց, որ թաքցնի յուր արտասուքը: Հայրը խրախուսվելով, առաջ տարավ յուր հորդորանքը:

Եթե ուրիշներն իսկական պատճառներն իմանային և հետո խոսեին, ես այսքան չէի տանջվիլ, հասկացի՛ր, Վարիա: Բայց ո՞ր մեկին հավատացնեմ, ո՞ր մեկին, թե Միզանդրոնցովը վատ մարդ է, թե մեղավորը միմիայն նա է, թե նա քո մի եղունգին չարժե: Ո՞վ է ուշադրություն դարձնողը, ո՞վ: Դու ասում ես, թե հասարակությունն իրավունք չունի քեզ ստիպելու, որ կրկին այն դժոխքը մտնես: Հասկանում եմ, Վարիա, քո ասածը, շատ լավ եմ հասկանում: Բայց ո՞ւմ կարող ես համոզել, թե ոչ ոք իրավունք չունի ուրիշի վրա, թե ոչ ոքի իրավունքը չէ ուրիշների ընտանեկան գործերի մեջ խառնվիլը: Հասարակությունն ասում է. ահա աստծու հրամանը, քրիստոնեական պատվերը և մարդկային օրենքները, հպատակվիր նրանց, իրավունք չունիս չհպատակվելու, կին ես, ասում է, պիտի ապրես եկեղեցական օրենքով պսակված մարդուդ հետ: Ահա, Վարիա, մարդիկ ինչ են պահանջում, և ուրիշ ոչինչ, ոչինչ չեն ուզում լսել. դու ես մեղավորը, թե Միզանդրոնցովըայդ միևնույնն է...

Բավական է, պապա, ես շատ ցավում եմ միայն նրա համար, որ դուք իմ պատճառով ամեն օր ինքներդ ձեզ այդպես տանջում եք: Երանի թե ես էլ իմ մյուս քույրերի և եղբայրների հետ մանուկ հասակումս մեռնեի, կամ ծնված չլինեի: Գոնե ա յժմ թող աստված ձեզ ինձանից ազատի:

Լռի՛ր, Վարիա, այդ խոսքերով դու ինձ ավելի վշտացնում ես...

Մինաս Կիրիլլիչը սկսեց հուզված անցուդարձ անել սենյակի մեջ: Մի քանի րոպե հայր ու աղջիկ լուռ էին: Հետո հայրը նորից սկսեց հորդորել աղջկան և, երբ տեսավ, որ այլևս Վարվառեն ոչինչ չի խոսում, հայտնեց, թե ինքը մտադիր է այսօր անպատճառ պատասխանել Միզանդրոնցովին: Թող Վարվառեն շուտով մի պատասխան տա, եթե ինքը չի ուզում գրել, թող ասի, Մինաս Կրիլլիչն ինքը կգրի Միզանդրոնցովին:

Ես երբեք գրիչ չեմ վերցնիլ նրա անունով, — պատասխանեց Վարվառեն հակիրճ:

Ուրեմն, ես կգրեմ, — ասաց Մինաս Կիրիլլիչը:

Իզու՛ր:

Ի՞նչ գրեմ, ասա՛, — գոչեց ծերունին, վերջապես, համբերությունը կորցրած:

Ոչի՛նչ:

Անկարելի է: Ես կգրեմ, որ դու համաձայն ես հաշտվել Ակիմ Աբրոսիմիչ Միզանդրոնցովի, այսինքն քո օրինական ամուսնու հետ:

Պապա, — արտասանեց Վարվառեն աղերսալի ձայնով: Մինաս Կիրիլլիչը մի աթոռ վերցրեց, նստեց Վարվառեի մոտ և նայեց նրա երեսին լուռ:

Վարիա, ների՛ր, — ասաց նա, ձայնը ցածրացնելով, — դու մայր չունես, ես քեզ համար և՛ հայր եմ, և՛ մայր, ուրեմն թող պարզ խոսեմ հետդ: Առանց ամուսնու, Վարիա, մարդու կյանքը... կյանք չէ, հասկանո՞ւմ ես: Տղամարդի և կնոջ համար աստված օրենքներ է դրել... հասկանո՞ւմ ես: Վարիա, դու երիտասարդ ես, քսանուվեց տարիդ նոր է լրացել:

Վարվառեն, երեսը ձեռներով ծածկեց և հազիվ լսելի ձայնով շշնջաց.

Բավական է, պապա, մի խոսեք այդ մասին... ես... թույլ արարած չեմ...

Մինաս Կիրիլլիչը դարձյալ ոտքի կանգնեց:

Վարիա, խնդրում եմ, տեսնո՞ւմ ես, նրա անունով եմ խնդրում:

Այս ասելով, նա ձեռը մեկնեց դեպի սենյակի պատն, ուր քաշ արած էր նրա հանգուցյալ ամուսնի մեծադիր լուսանկարը:

Վարվառեն կրկին երեսը ծածկեց, որ թաքցնի աչքերի մեջ փայլող արտասուքն, և ոչինչ չասաց: Այնինչ՝ Մինաս Կիրիլլիչը, տեսնելով, որ թանկագին մոր հիշատակն անգամ չի ազդում ղստեր վրա, հուսահատվեց:

Վարվառա Մինաևնա, — գոչեց նա սրտմտությամբ, — վերջապես, ես հայր եմ, դուք որդի, պարտավո՞ր եք հարգել իմ աղաչանքը, թե՞ չէ:

Այսպես հոգնակի դեմքով սովորաբար ծերունին յուր ղստեր հետ խոսում էր այն ժամանակ, երբ արդեն բարկացած էր լինում:

Պապա, սպանեցեք ինձ, բայց մի՛ ստիպեք նրա երեսը տեսնել, — ասաց Վարվառեն, հուսահատությամբ ձեռներն ուժգին սեղմելով իրարու:

Ապերա՛խտ աղջիկ, դուք ինձ անպատվում եք, — գոռաց ծերունին բարձրաձայն, ոտներն ուժգին զարկելով հատակին:

Հա՜յր...

Լռի՛ր, հանդուգն:

Այլևս համառ դուստրը չկարողացավ զսպել իրան: Նա վեր թռավ աթոռի վրայից, մոլոր քայլերով մոտեցավ և երեսնիվայր ընկավ գահավորակի վրա: Նա սկսեց սաստիկ արտասվել: Նրա գեղակազմ թիկունքն ուժգին հեկեկանքից բարձրանում ու ցածրանում էին: Եվ այդ րոպևին նրա ճնշված կրծքից հատ -հատ դուրս էին բխում հետևյալ խոսքերր.

Ես ձեզ ձանձրացրել եմ, գիտեմ: Բայց ժամանակ տվեք... ես մի պաշտոն կգտնեմ... Վարժուհի կդառնամ...կար անել կսովորեմ... իմ ձեռքի աշխատանքով կապրեմ: Միայն, ի սեր աստուծո, մի՛ ստիպեք ինձ նրա հետ ապրել... ես սարսափում եմ... ես չեմ կարողանում սառնարյուն մտաբերել նրա հետ անցկացրած օրերս... Ոչ... անկարելի է... իմ ուժից վեր է... ես չեմ կարող հաշտվել:

Մինաս Կիրիլլիչը մի տեղ արձանացած, լսում էր վշտացած սրտից հնչող այս դառն խոսքերը: Նա գիտեր, որ այդ լոկ խոսքեր չեն, որ յուր դուստրն ընդունակ է գործելու այն, ինչ որ ասում է:

Երբ Վարվառեի ձայնը խեղդվեց հետզհետե զորանող հեկեկանքից, հանկարծ ծերունին ձեռով օդի մեջ մի հուսահատական շարժում գործեց: Մի վայրկյանում բարկության արտահայտությունը ջնջվեց նրա դեմքից: Ծնողական խորին սերը պատերազմում էր հասարակական պատվասիրության հետ: Եվ առաջինը հաղթեց: Հայրն արագ քայլերով մոտեցավ հեկեկող աղջկան և գրկեց:

Վարիա, Վարինկա, այդպես մի՛ անիլ, դու երեխա չես, որ լալիս ես... Բավական է. գիտես որ քո արտասուքը տեսնելու սիրտ չունիմ... քո լացն արտասվել է տալիս և խեղճ մորդ յուր գերեզմանի մեջ: Վե՛ր կաց, Վարինկա, ների՛ր, լա՛վ, տեսնո՞ւմ ես, որ ես այլևս չեմ խոսում: Ե՞ս, ե՞ս քեզանից ձանձրանամ... — Հավիտյան: Ո՛վ է մնացել ինձ համար այս աշխարհի երեսին, որ քեզանից էլ զրկվեմ...

Նա երկու ձեռներով զգուշությամբ բարձրացրեց դստեր գլուխր, գրկեց ու մի քանի ջերմ համբույրներ դրոշմեց նրա ճակատին և արտասվաբուխ աչքերին:

Հանգստացի՛ր, որդի, տեսնում ես, որ հայրդ աղաչում է քեղ: Լա՛վ, ի՞նչ անեմ, հետո ինքդ կմտածես և ինչ որ խելքդ դասի, այն կանես: Դեհ, այժմ գնա, երեսդ սառը ջրով լվացիր... գլույխդ կցավի դու ջղային ես, կհիվանդանաս:

Վարվառեն, աչքերր սրբելով, հանդարտությամբ ազատվեց հոր գրկից, վեր կացավ տեղից և տխուր նստեց աթոռի վրա:

Այդպես, սիրելիս, հանգստացի՛ր. մի՞թե ես քո թշնամին եմ, որ վատդ ցանկանամ: Ո՛չ, Վարվառե, ինձ դու դեռ չես ճանաչում:

Այս սրտաշարժ տեսարանից հետո, Մինաս Կիրիլլիչն, արդարև, մի առ ժամանակ հանգիստ թողեց աղջկան և ոչինչ չէր խոսում Միզանղրոնցովի վերաբերությամբ: Սակայն Վարվառեն նկատում էր, որ հայրն, այդ օրից սկսած, ավելի մտախոհ է դարձել, թեև նրա հարաբերությունը տակավին չէր փոխվում: Ծերունին միայն առաջվանից ավելի հաճախ էր տնից դուրս դալիս և ստեպ-ստեպ Վ արվառեին ևս թախանձում էր` յուր հետ միասին գնալ զբոսնելու: Նա տանը միայնակ մնալ չէր կարողանում, լրագրերն անգամ առաջվա նման չէին զբաղեցնում նրան: Սիրում էր նա Վարվառեի հետ խոսել յուր անցյալի մասին, երիտասարդությունից զանաղան անցքեր էր պատմում, թե ինչպես յուր հասարակ կրթությամբ նա սկսել է օրըստօրե առաջ գնալ կյանքի մեջ, թե ինչպես ինքն իրան համար ուժով ճանապարհ է հարթել: Նա եղել է առաջ մի հասարակ գրագիր, հետո մի փոքրիկ գումարով տերունական մի փոքրիկ կապալ է վերցրել, հետզհետե հարստացել է, հետո դարձյալ աղքատացել է և դարձյալ աստուծո կարողությամբ, ոտքի է կանգնել: Թե հարյուր մանեթ փող է ունեցել, կեսը ծախսել է հարսանիքի համար, մյուս կիսով գործերն է շարունակել: Թե հետո ինչպես ամենքը սիրելիս են եղել նրան, օգնել են, բարձրացրել են նրա առևտրական վարկը նախ Մոզդոկում, ապա Մոսկվայում: Ընտանեկան դժբախտություններըկնոջ և զավակների վաղաժամ մահընրան հուսահատեցրել են. նա սկսել է զզվել յուր գործերից և թողել է փող վաստակելու պարապմունքը: Այժմ, թեև նա հարուստ չէ, բայց ինչ է անում հարստությունը. Մոզդոկում երկու տուն ունի և նրանց եկամուտը բավական է, որ նա անգործ ապրի յուր աղջկա հետ, միայն թե... աղջիկը...

Բայց այստեղ Մինաս Կիրիլլիչը կանգ էր առնում և չէր շարունակում: Երբեմն նա միայնակ գնում էր այրիի մոտ, երկար ժամանակ մնում էր այնտեղ: Եվ Վարվառեն զգում էր, որ նա յուր ցավերը պատմում է Նատալիա Պետրովնային, ըստ որում Մինաս Կիրիլլիչը միշտ այրիի մոտից վերադառնում էր ավելի թեթևացած սրտով, զվարթ դեմքով, աչկունքը բաց:

VI

Նույն օրերը Ռոստամյանը, սեղանի մոտ նստած, զուր ճգնում էր յուր մտատանջությունը մոռանալ աշխատության մեջ: Չարագուշակ գիշերից հետո, նա հանգստություն չուներ: Զուր նա վճռեց, Նատալիա Պետրովնայի պատմությունը լսելուց հետո, վերջ տալ յուր հոգեկան պատերազմին, զուր երդվեց հավիտյան մոռացության տալ Վարվառեին: Ընդհակառակը, վերջինի կերպարանքն, անբաժան ստվերի պես, հետևում էր նրան ամեն տեղ և ամեն վայրկյան: Նա ոչ միայն գործելու ուժ և ցանկություն չէր զգում յուր մեջ, այլև մի տեղ խաղաղ նստել չէր կարողանում: Սենյակների սւռաստաղը, կարծես, ճնշում էր նրա հոգին, ստեպ-ստեպ նա դուրս էր գալուս պատշգամբ կամ փողոց և շուտով վերադառնում: Մի ցանկություն նրա մեջ օրըստօրե զորանում էրինչպես ևիցե, ուրևիցե, առանձին տեսնվել Վարվառեի հետ: Եվ նա հուսով էր, որ քաջություն կունենա երես առ երես խոսակցել անբախտ կնոջ հետ նրա արդի վիճակի մասին և յուր «անկեղծ, եղբայրական» ցավակցությամբ մխիթարել նրան: Դարձյալ երիտասարդական կույր ինքնախաբեություն:

Բայց ո՞րտեղ Ռոստամյանը կարող էր առանձին տեսնել Վարվառեին: Անմիջապես այցելել նրան, երբ հայրը տանը չէկլիներ հանդգնություն, գոնե այսպես էր կարծում Ռոստամյանը: Օրական մի քանի անգամ նա պատշգամբի վրա տեսնում էր Վարվառեի տխուր և խոհուն կերպարանքր: Արդյոք, կամենո՞ւմ է նա վերջ տալ յուր երկդիմի կացությանը, արդյոք չի՞ մտածում, որ մի չափազանց համարձակ քայլ է գործել հասարակական նախապաշարմունքների դեմ կամ մի գուցե արդեն, զղջալով յուր արածի մասին, մտադիր էր կրկին ընդունել ատելի լուծը:

Այս խորհրդածությունների մեջ Ռոստամյանր մի օր, տուն վերադառնալու ժամանակ, պատահեց Մինաս Կիրիլ լիչին: Ծերունին կանգնած էր Դվարցովայա փողոցի մագազիններից մեկի առջև և, կարծես նայում էր դեպի ներս:

Դրացի, բարև, — ասաց Մինաս Կիրիլլիչը, ձեռը մեկնելով Ռոստամյանին: — Այս հայտարարությունն էի կարդում, — ավելացրեց նա, մատով ցույց տալով մի տպագիր մեծ թերթ, որ դրած էր մագազինի պատուհանում: — Վաղը բարեգործական նպատակով նվագահանդես է, ուզում եմ Վարվառեի համար տոմսակ վերցնել, մեծ պաս է, թատրոն չկա, իսկ նա երաժշտություն շատ է սիրում: Դուք գնալո՞ եք:

Այո, — արտասանեց անգիտակցաբար Ռոստամյանը, որ մտադիր չէր որևէ նվագահանդես գնալու:

Նրանք միասին մտան մագազին, ուր սովորաբար վաճառվում էին բարեգործական ներկայացումների համար տոմսակներ: Ծերունին վերցրեց առաջին կարգից երկու բազկաթոռ, իսկ Ռոստամյանն յուր համար վերցրեց հետին աթոռներից մեկը: Դուրս գալու ժամանակ, տոմսավաճառ պարոնը, որի հետ Ռոստամյանը հեռավոր ծանոթություն ուներ, մի քանի վայրկյան պահեց նրան:

Ո՞վ է այդ ծեր մարդը, — հարցրեց պարոնը, հետաքրքրվելով:

Ռոստամյանն ասաց ծերունու ազգանունը:

Մոզդոկցի չէ՞, Մոզդոկցի է:

Ասա, — ձգձգելով արտասանեց տոմսավաճառը, ապա դառնալով խանութում կանգնած երկու կարմրադեմ պարոններին, ավելացրեց. — չասացի՞ որ դա այն Քիրիշչիևն է:

Ավելորդ հարցերից ազատվելու համար, Ռոստամյանը շտապեց դուրս գալ խանութից: «Անշուշտ հայր ու աղջիկ խոսակցության առարկա են դարձել բամբասասեր Ռիֆլիսում», ասաց նա յուր մտքում, հասնելով Մինաս Կիրիլլիչին, որ հանդարտ քայլերով դիմում էր առաջ:

Հետևյալ օրն երեկոյան Ռոստամյանը, մի թեթև զբոսանք կատարելուց հետո, մտավ հասարակական ժողովարան, ուր պիտի կայանար նվագահանդեսը: Հասարակությունն արդեն հավաքվել էր, իսկ Մինաս Կիրիլլիչն և Վարվառեն բազմաթիվ հանդիսականների մեչ դեռ չէին երևում: Նվագահանդեսը սկսվեց, դուրս եկավ մի գեր օրիորդ, ինչ որ սկսեց նվագել երկար ժամանակ: Դահլիճը լիքն էր, շատերը կանգնած էին ոտքի վրա և, որը թմրած դեմքով, որը կեղծ ուշադրությամբ, որը ձանձրությամբլսում էին նվագածությունը: Իսկ Ռոստամյանը ոչ նայում էր դեպի բեմ և ոչ լսում էր: Նա անդադար մտիկ էր անում աջ ու ձախ, դռների կողմը:

Վերջապես առաջին ձախակողմյան դռներից ներս մտավ Վարվառեն, ապա հայրը: Անցքերի մոտ հավաքված հանդիսականների միջից նրանք աշխատում էին դուրս գալ և հասնել բազկաթոռների առաջին կարգին: Շատերն իրանց հայացքր դարձրին դեպի Վարվառեի կողմը և, երբ նա անցավ առաջ, առաջին կարգերի կանայք ու օրիորդները աջ ու ձախ կողմից դիտակներն ուղղեցին նրա վրա:

Ինչ խաղացին և ո՛վ խաղացՌոստամյանը չիմացավ: Նա անհամբեր սպասում էր խաղամիջոցին, աչքերը դարձրած դեպի առաջին կարգն, ուր նստած էին հայր ու աղջիկ: Դժբախտաբար գլուխների բազմության միջից, նա չէր տեսնում ո՛չ աղջկան և ո՛չ հորը:

Նվագահանդիսի առաջին բաժինն ավարտվեց, հանդիսականներն անցան մյուս դահլիճները: Նախագավիթի մեջ Ռոստամյանը պատահեց Քիրիշչիևներին:

Մինաս Կիրիլիչը հետաքրքիր աչքերով դիտում էր հասարակությունը: Վարվառեն կանգնած էր նրա մոտ: Ռոստամյանը մոտեցավ, բարևեց և սկսեց խուռն բազմության մեջ շրջել նրանց հետ: Նրանք անցան սեղանատուն, և այստեղ ծերունին անհայտացավ:

Առանձնանալով Վարվառեի հետ, Ռոստամյանին տիրեց սովորական ամոթխածությունը: Քանի մի հասարակ հարցերից հետո նվագողների և երգողների մասին, նա վհատվեց և լռեց: Արդյոք, անծանոթ լինե՞լն էր պատճառո, ընտանեկան գաղտնի՞քը, թե՞ մի այլ բան, հայտնի չէր, բայց ամենքի ուշադրությունը գրավել էր Վարվառեն: Եվ այս ավելի պղտորում էր Ռոստամյանին: Աջ ու ձախ նայելով, նա ամաչում էր այն հետաքրքիր աչքերից, որ, չար ոսոխի պես, դիտում էին չորս կողմից:

Վի՞ն արիս:

Կտո՞ տակա յա:

Ո՞վ է:

Վատ չէ:

Ընդհակառակը, համակրելի է:

Ես հավանում եմ:

Դատարկ բան է:

Ահա թե անդադար ինչ էր լսում Ռոստամյանը: Հասարակության մեջ երևեցավ Նատալիա Պետրովնայի աղջիկըԿատոն: Ռոստամյանը բարևեց նրան հեռվից, և մոռանալով գլխաբաց լինելը, ձեռը տարավ դեպի վեր՝ իբր գդակը վերցնելու և ավելի շվաթվեց: Կատոն հազիվ-հազ յուր փոքրիկ և գոռոզ գլուխը շարժեց ի պատասխան Ռոստամյանի խոնարհ և Վարվառեի քաղաքավարի ու հպարտ բարևին:

Քանի մի հեռավոր ծանոթ երիտասարդներ, որոնց ուրիշ ժամանակ Ռոստամյանն հանդիպելիս կամ բարևում էր կամոչ, աշխատում էին նրա ուշադրությունն իրանց վրա դարձնել: Նրանք կանգ էին առնում, գլուխ էին տալիս և, կարծես, ուզում էին անամոթաբար մոտենալ: Այնինչ՝ Վարվառեն միանգամայն անտարբեր էր թե՛ դեպի շրջապատող հասարակությունն և թե՛ դեպի հետաքրքրվող աչքերը: Սառն, անվրղով, հպարտ գլուխը բարձր պահած, նա անց ու դարձ էր անում, զանազան անկապ հարցեր տալով Ռոստամյանին Թիֆլիսի մասին: Հանկարծ նա կանգնեց սեղանատան մի անկյունում, ուր ոչ ոք չկար, և անսպասելի կերպով հարցրեց.

Ինչո՞ւ դուք այսօր տխուր եք, պարոն Ռոստամյան:

Նույնն ես էի կամենում հարցնել ձեզ ձեր մասին, — պատասխանեց Ռոստամյանը:

Ի՞մ մասին:

Այո: Եվ ոչ միայն այսօր եք տխուր, այլև՛, ներեցեք, դուք միշտ այդպես եք: Մինաս Կիրիլլիչն երեկ ասում էր, թե դուք սիրում եք երաժշտություն և հասարակություն, այնինչ ես հակառակն եմ տեսնում:

Հասարակությունայո, սիրում էի մի ժամանակ... — պատասխանեց Վարվառեն թախծալի ձայնով և, ապա, հայացքր մի կողմ դարձնելով, հազիվ լսելի ձայնով ավելացրեց., բայց այդ վաղուց էր...

Այդ րոպեին մի նորաձև հագնված երիտասարդ և մի ճաղատ գլխով ու տգեղ դեմքով տղամարդ անցան նրանց առջևից, խիստ ուշադրությամբ մտիկ արին մի քանի վայրկյան և հեռացան, ծիծաղելով և իրար բոթելով: Ռոստամյանը ճանաչեց ճաղատ գլխով տղամարղին: Դա Նատալիա Պետրովնայի փեսանԿատոյի ամուսինն էր:

Բավական հետաքրքիր են ձեր թիֆլիսեցիները, — ասաց Վարվառեն:

Նույնիսկ չափից դուրս, այդ պատճառով էլ նրանք շատերին ատելի են, — պատասխանեց Ռոստամյանը:

Գուցե հենց այդ պատճառով դուք հեռու եք պահում ձեզ նրանցից, այսպե՞ս է, — հարեց Վարվառեն, ժպտալով: — Չէ՞ որ դուք կամավոր բանտարկյալի կյանք եք վարում: Ես Մոսկվայում ծանոթ էի մի հայ ուսանողի հետ, որն իսկ և իսկ ձեզ պես ատում էր հասարակությունը:

Ինձ պե՞ս, Վարվառա Մինաևնա... միթե ես երբևիցե ասե՞լ եմ, թե ատում եմ հասարակությունը:

Գոնե շատ էլ չեք սիրում: Բայց ինչ փույթ, քանի որ առանց հասարակության ևս կարողանում եք ավելի օգտավետ կյանք վարել:

Ռոստամյանը ժպտաց և, գլուխը մի փոքր ինչ ցած թեքելով արտասանեց:

Ես չեմ հանդգնիլ այդ ասել, Վարվառա Մինաևնա: Միայն ուղիղն այն է, որ հասարակությունն ինձ ճնշում է. անսովոր եմ նրան, ես ինքս ինձ կորցնում եմ ամբոխի մեջ: Հավատացնում են, որ այսեսական և կիսավայրենի մարդկանց հատկությունն է: Գուցե ճիշտ է...

Զանգակը հնչեց, հանդիսականները ծանր քայլերով գնացին դահլիճ, սեղանատունը փոքր առ փոքր դատարկվեի վարվառեն և Ռոստամյանը հապաղում էին գնալ: Երկուսն էլ գանկանում էին միասին մնալ և շարունակել խոսակցությունր: Ռոստամյանր նոր էր միայն համարձակություն ստացել մտերմաբար խոսելու, նա միայն նոր էր մտադիր ակնարկություն անելու Վարվառեի դրության մասին: Եվ նա անպատճառ կամենում էր, որ Վարվառեն այսօր իմանա, թե յուր գաղտնիքը հայտնի է նրան: Ո՛րպիսի սիրով նա մտածում էր խրախուսել նրան, ուժ ներշնչել, պաշտպանել հասարակական նախապաշարմունքների դեմ, արդարացնել նրա համարձակ քայլը:

Բայց ահա՛ ծերունին, ահա՛ նրա բարի և պատկառելի դեմքը: Զարմանալի՛ փոփոխություն. երբ Ռոստամյանր երես առ երես հանդիպում էր Մինաս Կիրիլլիչին, մոռանում էր վերջինի հայրական բռնակալությունը, որ այն գիշեր այնչափ վրդովեցնում էր իրան: Միթե այս պատկառելի, բարեդեմ մարդը կարո՞ղ է բռնակալ հայր լինել: Կարո՞ղ է, արդյոք, քանի որ նրա հարաբերության մեջ դեպի յուր դուստրը զգացվում է այնքան խորին սեր ու գգվանք: Ո՛չ, չպիտի շտապել մեղադրելու այդ ծերունուն, առանց տեղյակ լինելու եղելության մանրամասն հանգամանքներին:

Ռոստամյանն, որ բոլորից ուշ մտավ դահլիճ, հասարակության ուշադրությունը չխանգարելու համար, յուր տեղը չգնաց, այլ ամբողջ ժամանակ կանգնած մնաց դռների առջև: Այս անգամ ջութակի վրա նվագում էր մի երիտասարդ: Հետո դուրս եկավ մի ուրիշը, կուրծքը դուրս ցցեց, գլուխը բարձրացրեց և սկսեց անգիր կարդալ մի ինչ-որ ոտանավոր տխուր բովանդակությամբ: Նա ոգևորվեց, ձեռը զարկեց կրծքին և աղերսալի դեմքով դարձավ հասարակությանը, ցածր ձայնով մի քանի խոսք արտասանեց, գլուխ տվեց և հեռացավ:

Բեմը դատարկվեց, դահլիճում դղրդոցը հանդարտվեց, տիրեց մի խուլ շշնջյուն: Երևեցավ մի ամրակազմ, բարձրահասակ կին, սպիտակ հագուստով և գլուխը զարդարած երկու մեծ սպիտակ արվեստական գեղեցիկ ծաղիկներով: Բարձրացան միահամուռ ծափահարություններ, լսվեցին «bravo»-ներ: Դա մի բավական նշանավոր օտար երգչուհի էր, ժամանակավորապես եկել էր Թիֆլիս և այգ օրը բարեհաճել էր մասնակցել բարեգործական երեկույթին:

Երեկույթի կարգադրիչներից մեկն երգչուհուն նվիրեց թարմ ծաղիկների մի ահագին փունջ: Տիրեց խորին լռություն: Ռոստամյանը նայեց գլուխների այդ խիտ բազմության վրաճաղատ գագաթներ, սևամազ, տափակ ծոծրակով հայկական գլուխներ, կանացի զարղեր, անընդհատ շարժվող հովհարներ և այլնայս բոլորը հարյուրավոր մոմերի լուսավորության ներքո, նրա աչքում ներկայացնում էր մի անընդմեջ խառնուրդ:

Դաշնամուրի մի թեթև նախերգանքից հետո, երգչուհին գլուխը հետ թեքեց և աչքերր հառեց առաստաղին:

Նրա ձայնը հնչեց նախ, կարծես, կոշտ եղանակով, ապա մեղմ, ներդաշնակ, հետո բարձր ու բարձր: Եվ նրա առողջակազմ ու լայն կրծքից սկսեցին բխել մետաղաձայն խառն հնչյուններ, որ անլսելի էին դարձնում դաշնամուրի ձայնը:

Այս անգամ միայն Ռոսաամյանի ուշագրությունր գրավվեց դեպի բեմ: Սկզբում երգչուհու ձայնը նրա վրա ոչինչ ազդեցություն չէր անում: Հետո նա աշխատեց այդ անկանոն հնչյունների մեջ գտնել այն դյութական զորությունը, որ նույն րոպեին գրեթե կաշկանդել էր հարյուրավոր ամբոխի լսելիքը: Հանկարծ երգչուհին մի ձեռը գրեց կրծքին, գլուխը մեղմիկ ծռեց դեպի աջ ուսն, և աչքերը դարձնելով դահլիճի ծայրը, աղերսալի դեմքով արտասանեց մի տխուր մեղեդի. «Օ՛հ, անքուն գիշերներ, դառն արցունքներ...» Այստեղ Ռոստամյանն յուր կրծքի տակ զգաց մի բաբախում: Կարծես, երգչուհին այս խոսքերն արտասանում էր Ռոստամյանի համար, կարծես այգ ազդու ձայնի յուրաքանչյոլր ելևէջը բխում էր նրա սրտից:

«Անքուն գիշերներ... դառն արցունքներ...» կրկնեց երգչուհին:

Եվ այս անգամ Ռոստամյանին թվաց, թե երգչուհին ինքն ևս անբախտ է և թե նա ողբում է յուր կորցրած երջանկությունն, և խղճաց նրան:

Երգն ավարտվեց, դահլիճը կրկին դղրդաց ծափահարություններով և բարձրաձայն bravo և bisգոչյուններով: Երգչուհին դուրս եկավ, գլուխ տվեց, ամբոխն ավելի բարձր գոռաց և ստիպեց նրան մի կարճ կտոր ևս երգել: Այնուհետև, որքան հրավիրեցին, այլևս ոչինչ չերգեց, միայն ուրախ և հպարտ ժպտալով, աջ ու ձախ գլուխ էր տալիս ու գնում: Նրա ուրախ ժպիտը Ռոստամյանին խիստ անախորժ թվաց: Ի՞նչպես... նա, որ մի քանի վայրկյան առաջ այնպիսի զգացմունքով ողբում էր յուր «անքուն գիշերներն ու դռան արցունքները», հանկարծ ծիծաղո՞ւմ է.., կե՛ղծ ոգևորություն, մեքենա դարձա ծ սիրտ:

Նվագահանդեսը վերջացավ, բայց երեկույթը դեռ ոչ: Հասարակության մեծագույն մասը մնաց, ոմանք դաշնամուրի նվագածությամբ պարելու, ոմանք պարողներին նայելու, ոմանք ընթրելու, իսկ շատերը... հենց այնպես:

Կկամենա՞ս ընթրել, — հարցրեց Մինաս Կիրիլլիչը յուր աղջկան:

Տանը կարող ենք ընթրել, — պատասխանեց Վարվառեն:

Ռոստամյանը խուռն բազմության մեջ, նեղ նախագավթում կանգնած, աչքերով որոնում էր Վարվառեին:

Ստեփան Գրիգորիչ, — լսեց նա մի կանացի ձայն և հետ նայեց:

Դա Կատոն էր, որ մի երիտասարդի հետ կանգնած էր պատի մոտ:

Բարև, — ասաց Կատոն, մի խորամանկ ժպիտ խաղացնելով յուր բարակ և հրող շրթունքների վրա, — այս ո՞ր քամին է ձեզ այսօր այստեղ բերել:

Իմ սեփական ցանկությունը, — ասաց Ռոստամյանը բավական սառն եղանակով:

Բայց ո՞րտեղ էր մինչև այժմ ձեր այդ սեփական ցանկությունը, պարոն Ռոստամյան, — շարունակեց Կատոն հեգնորեն, — ո՞րտեղ էր, որ դուք ամբողջ բարեկենդանին տնից դուրս չէիք գալիս: Հիմա, խոմ, մեծ պաս է, ճգնավորների համար ապաշխարելու օրեր են:

Ես կարծում եմ, տիկին, իմ բացակայությունն այնքան աննշան մի հանգամանք է, որ ոչ ոքի համար նկատելի չէ, ուրեմն և՛ իմ ներկայությունն էլ չի կարող հետաքրքրելի լինել, — պատասխանեց Ռոստամյանը, ներքուստ վիրավորված խորամանկ Կատոյի արհամարհական ակնարկությունից:

Բայց տեսնում եք, ինձ համար խիստ հետաքրքրելի է ձեր ներկայությունն այստեղ: Ո՞րտեղ է ձեր «դամա»-ն:

Ո՞ւմ մասին եք հարցնում, տիկին:

Իբր թե չեք հասկանում... ձեր հարևանի մասին եմ հարցնում... ա խ, ինչպես է նրա ազգանո՞ւնր... Սպասեցե՛ք, սպասեցե ք, ես շատերի անունները չեմ կարողանում հիշել, ե. հարկավոր էլ չէ, բայց ազգանունը, ա՛խ, մադամ... մադամ, ի՞նչպես է, տեր աստված, նրա մարդու ազգանունը, հա մադամ Միզանդրոնցով... Ահա, նա ինքն յուր հոր հետ: Գնանք նրանց մոտ. ինչպես երևում է, նրանք, առանց Ստեփան Գրիգորիչի, տխրում են:

Բայց Ռոստամյանը չմոտեցավ Վարվառեին: Կատոն, թողնելով նրան, գնաց վերջինի մոտ, հետևից քաշելով և յուր կավալերին: Դա այն նորաձև հագնված երիտասարդն էր, որ Կատոյի ամուսնու հետ առաջին խաղամիջոցում անցավ և Վարվառեի վրա խեթխեթ նայեց:

Կատոն բարևելով Մինաս Կիրիլլիչին ու «մադամ Միզանդրոնցովին», հարցրեց, արդյոք, չեն տխրում «մեծպասման» երեկույթում: Նորաձև հագնված պարոնը սկսեց միջամտել խոսակցությանր, աշխատելով Վարվառեի ուշադրությունը յուր վրա դարձնել, զանազան հրապուրիչ ձևեր տալով յութ կրծքին, դեմքին, նույնպես և անդադար ոլորելով յուր բարակ ընչացքը: Նա ձգտում էր ծանոթանալ նորեկների հետ: Սակայն «անգութ» Կատոն նրա լուռ խնդիրն անուշադիր թողեց, այնպես որ նորաձև երիտասարդը չհասավ յուր նպատակին: Նրա բարկությունն ավելի գրգռվեց, երբ Կատոյի մարդը մոտեցավ, և կինը ծանոթացրեց նրան ծերունու ու սրա աղջկա հետ: Վարվառեն ակամա յուր մատների ծայրերը միայն տվեց Կատոյի ամուսնուն: Իսկ Մինաս Կիրիլլիչը թեև սեղմեց նրա ձեռն արտաքին քաղաքավարությամբ, բայց ներքուստնույնպես ակամա: Թե՛ հոր և թե՛ աղջկա վրա Կատոյի կողակիցը հենց առաջին անգամից անախորժ տպավորություն գործեց:

Կատոն հարցնում էր Վարվառեի կարծիքը հայտնի երգչուհու մասին, կանխապես ինքը պարսավելով նրան, որպեսզի ցույց տա յուր «գեղարվեստական» ճաշակի նրբությունը: Նորաձև երիտասարդը, տեսնելով, որ Վարվառեն միանգամայն իրան անուշադիր է թողնում, հեռացավ խմբից: Նա մոտեցավ մի երիտասարդ տիկնոջթե օրիորդի, — և սկսեց քաղցրախոսել ժպտալով ու ծիծաղելով: Կատոն նայեց նրա վրա, հովհարի ծայրն ատամներով թեթև կրծեց և հետո, թողնելով Վարվառեին, մոտեցավ յուր կավալերին: Իսկ ամուսինը վազեց Կատոյի հետևից...

Խոմ չե՞ս ձանձրանում, Վարիա, — հարցրեց Մինաս Կիրիլլիչը:

Առայժմ ոչ, — պատասխանեց Վարվառեն:

Շատ ուրախ եմ:

Մոտեցավ Ռոստամյանն, և նրանք, երեքը միասին, անցան ժողովարանի հյուրասենյակը, որ զարդարված էր արևվելյան ճաշակով: Ծերունին հետաքրքրությունից դրդված, մտավ հյուրասենյակին կից ընթերցարանը, Վարվառեին թողնելով Ռոստամյանի հետ:

Վարվառեն նստեց տաճկական բազմոցներից մեկի վրա, Ռոստամյանընույնպես, մի քայլ տարածությամբ նրանից հեռու: Դահլիճում պարում էին, լսվում էր դաշնամուրի ձայնն և պարողների ոտների տրոփյունը: Հյուրասենյակում, բացի ժողովարանի մշտական հաճախորդ մի քանի ծերերից, կային և՛ մի քանի երիտասարդ կանայք ու տղամարդիկ:

Երևեցավ դարձյալ Կատոյի ամուսինն, այս անգամ միայնակ, և կրկին անցավ Վարվառեի ու Ռոստամյանի առջևից: Ռոստամյանն երեսը դարձրեց մյուս կողմ, կարծելով, թե նա կամենում է մոտենալ իրան: Իսկ նա մի քանի քայլ հեռու կանգնեց և սկսեց, իբրև թե, մտիկ անել կանթեղի մոտ, պատի վրա քաշ արած յուղանկարին:

Վարվառեն բավական ուրախ էր երևում: Նա սկսեց հաղորդել Ռոստամյանին յուր տպավորությունր, որ ստացել էր երեկույթից: Ռոստամյանր լսում էր արտաքուստ ուշադրությամբ, բայց ներքուստ նրա միտքր զբաղված էր միմիայն յուր խոսակցի դրությամբ: Երբեմն նա յուր վրդովված հայացքը դարձնում էր Կատոյի ամուսնու վրա, որ աննշմարելի կերպով փոքր առ վւոքր մոտենում էր նրանց:

Այդ մարդն ի՛նչ երկար ժամանակ նայում է նկարին, — նկատեց Վարվառեն, ակամա ուշադրություն դարձնելով Կատոյի ամուսնու վրա:

Ա՛խ, նա նկարին չի նայում, Վարվառա Մինաևնա, — պատասխանեց Ռոստամյանը:

Բայց ինչո՞ւ է կանգնել այդտեղ, նայեցե՝ք, մոտենում է մեզ:

Մոտենում է, և գիտե՞ք ինչու:

Ինչո՞ւ:

Որ ականջ դնի մեր խոսակցությանր:

Մի՞թե հետաքրքրելի է նրա համար ուրիշների խոսակցությունը:

Յուր համարչեմ կարծում, բայց նա ուղարկված է յուր կնոջ կողմից:

Կնոջ կողմի՞ց:

Այո՛:

Ուրեմն նա մեզ լրտեսո՞ւմ է յուր կնոջ հրամանով:

Ինչպես տեսնում եք, այո , — պատասխանեց Ռոստամյանր, — նա ինքն հավատարիմ ամուսին է, — ավելացրեց նա իսկույն օգտվելով առիթից, որ մի քայլ մոտենա Խոսակցության ցանկալի առարկային:

Տերը նրա հետ, թո՛ղ լրտեսի, բայց ի՞նչ պետք է լրտեսի ...

Այստեղ մի քանի վայրկյան խոսակցությունն ընդհատվեց:

Իրավունք ունի... — արտասանեց հանկարծ Վարվառեն խուլ ձայնով, — ես արժանի եմ բամբասանքի:

Ինչո՞ւ, — հարցրեց Ռոստամյանր, տակավին այնպես ձևանալով, որ իբր չհասկացավ Վարվառեի ասածը:

Նրա համար, որ ամեն տեղ բամբասում են ինձ, — պատասխանեց Վարվառեն, — չէ՞ որ, պարոն Ռոստամյան, ես թողել եմ իմ օրինավոր ամուսնուն...

Այդ րոպեին Կատոյի ամուսինը մի քայլ ևս մոտեցավ: Բայց Ռոստամյանը և Վարվառեն խոսում էին ոչ այնքան բարձր ձայնով, որ նա կարողանար պարզ մի բան լսել: Տիրեց այն րոպեն, երբ ամենահարմարն էր Ռոստամյանի համար արտահայտելու յուր ցավակցությունր Վարվառեին: Բայց հանկարծ նա ակամա կորցրեց յուր սառնությունր, հետևաբար և չկարողացավ ասել այն, ինչ որ հոգեկան համեմատաբար խաղաղ դրության ժամանակ խորհել էր: Եվ նա միայն կարողացավ արտասանել.

Թող բամբասեն, Վարվառա Մինաևնա, այո՛ ես էլ եմ լսել, ձեր կյանքի տխուր եղելությունը ինձ էլ հայտնի է: Բայց միթե այդպիսիները կարո՞ղ են հասկանալ ձեր արդարացուցիչ պատճառները...

Следующая страница