Շիրվանզադե Ալեքսանդր՝   Նամուս

Շըպպանիկը գրպանից հանեց և Գյուլնազին տվավ մի մեծ կարմրափայլ նուռ, որ զարդարված էր ոսկյա թերթիկներով և վրան մի քանի մեխակներ ցցած: Բացի դրանից նա թաքուն Գյուլնազի ձեռը դրեց և՛ մի ճերմակ լաթի կտոր, որի վրա Գյուլնազը, մի խորհրդավոր հայացք ձգելով, իսկույն թաքցրեց փեշի տակ:

Աս շալը կնկանդ խալաթը, բաս քո՛ւնը, ա մարդ, — դարձավ Շըպպանիկը Բարխուդարին, համարձակորեն երկու ձեռներով բռնելով նրա օձիքից:

Բարխուդարը ձեռը տարավ յուր գրպանը, հանեց մի հինգ մանեթանոց թղթադրամ և խփեց Շըպպանիկի ճակատին, մի խորը հառաչանք արձակելով կրծքից: Այդ վայրկյանին, կարծես, վշտացյալ հոր կրծքից վայր ընկավ մի ահագին ժայռ, և նրա նիհար ու դալկացած ծերունական դեմքը փայլեց քաղցր ժպիտով:

Տեսնում ե՛ս, Բարխուդար, ե՛ս քեզ ասում էի, որ իմ երեխան հրեշտակի պես անմեղ է, — ասաց Գյուլնազը, ուրախությունից դողալով:

Բարխուդարը քեզանից լավ էր իմանում, որ անմեղ է, թող մարդկանց լեզուները չորանան: Օրես դեն էլ ես պարզերես եմ աշխարհում, — բացականչեց Բարխուդարը և սկսեց ծխախոտի չոր տերևները ափերի մեջ տրորել, որ չիբուխը նորից լեցնի:

Կուժ ծախողանց Սեյրանի բիբիկը ջուր իլի, թո՛ղ հիմի դյուշմանները ճաքեն, տրաքեն, — բղավեց Շըպպանիկը, կրծքին երկու ձեռներով խփելով:

Դեհ, Շըպպանիկ, գնանք, — հրավիրեց Գյուլնազը:

Քինա՛նք, քինանք, հա՛նց աս մընութիս քինա՛նք, խնամիանք քեզ ան սպասըմ:

Գյուլնազն անցավ մյուս սենյակը, հագուստը փոխեց և Շըպպանիկի հետ շտապով գնաց Սանամանց տուն:

Բարխուդարը մնաց միայնակ: Նա մոտեցավ մյուս սենյակի դռներին, բաց արավ, նայեց ներս և կրկին փակեց: Հետո նա հետ դարձավ, արխալուղի թևի միջից դուրս հանեց մի բավական երկայն պարան, որը շատ սապոնված լինելուց փայլում էր: Հետո գդակը գլխից վերցրեց, դրավ մի կողմ և պարանը ձգեց հատակի վրա յուր ոտների տակ: Նայելով աջ ու ձախ, Բարխուդարը չոքեց պարանի առաջ, երեսը դեպի արևելք, ձեռները խաչաձև դարսեց կրծքին և, գլուխը քիչ թեքելով դեպի աջ ուսը, աչքերը հառեց սենյակի առաստաղին: Նա աղոթում էր: — «Տեր, ամենակարող աստված, տեր ամենակարող աստված, շնորհակալ եմ, հազար անգամ շնորհակալ եմ, որ դու քո կարող զորությունով ազատեցիր ինձ էս չար մտքից: Փառք քեզ, մեծ է քո զորությունը: Դու չթողիր, որ իմ մեղավոր հոգին սատանաների բաժին լինի: Բաշխիր, տեր աստված, բաշխիր, չար սաթայելը ինձ մոլորեցրել էր, աչքերս սևացրել էր, ես քեզ մոռացել էի: Երեխաս անմեղ էր, անմեղ էր, ես էլ հավատում էի մտքումս, բայց էլի չարը ինձ մի քանի սհաթ համբերությունից հանեց, մոլորեցրեց: Ումուդ եմ, ողորմած աստված, որ հիմա կբաշխես, մեղա եմ գալիս, առաջիդ չոքած աղոթք եմ անում, ոտներդ լիզում եմ»:

Բարխուդարը գլուխը թեքեց կրծքին և արխալուղի թևով սրբեց աչքի արտասուքը: Այնուհետև նա կրկին գլուխը բարձրացրեց և մի րոպե ևս փնթփնթաց քթի տակ և, գդակը ծածկելով, բարձրացավ տեղից: Նրա դեմքն այժմ խաղաղ և հանգիստ էր: Նա պարանը շպրտեց մի անկյուն:

IX

Նորապսակների տանը հյուրերն արդեն հավաքվել էին: Դրանք Ռուստամի ամենամոտիկ բարեկամներն ու ազգականներն էին, որոնք Սանամի հրավերով եկել էին հարսանիքն ավարտելու: Չնայելով որ առավոտյան դեռ տասնումեկ ժամն էր, սեղանն արդեն պատրաստ էր, և հյուրերը շարվել էին նրա շուրջը: Ռուստամն այժմ ևս ոտքի վրա ծառայում էր հյուրերին: Իսկ Սուսանը մյուս սենյակումն էր, ուր ժողոված էին կանայք:

Գյուլնազը Շըպպանիկի հետ մտավ կանանց բաժանմունքը. Սուսանն երեսն հաստ քողով ծածկած նստած էր սենյակի մի ծայրում, հանդիսականներից բավական հեռու: Նրա մոտ նստած էր Սուսամբարը: Երբ Գյուլնազը ներս մտավ, Սուսամբարը քչփչաց Սուսանի ականջին, և վերջինն յուր հագուստն ուղղելով, հանդիսավոր կերպով ոտքի կանգնեց: Ուրախ ժպիտն երեսին, Գյուլնազը մոտեցավ նրան և մի ջերմ համբույր դրոշմեց յուր սիրելի աղջկա ճակատին:

Շաննոոր իլի, շաննոոր իլի, ուրախութենով ապրեն, աճեն, բազմանան, — բացականչեցին հանդիսականները գրեթե միաբերան:

Շոբո՜շ, այ շոբոշ, դյուշմանն գյոզի քյոռ օլսուն1, — մեջ մտավ Շըպպանիկը, որ յուր դերը երբեք չէր մոռանում:

Գյուլնազը մի թղթադրամ խփեց Շըպպանիկի ճակատին, հանդիսականները հետևեցին նրա օրինակին:

Ներս մտավ Ռուստամը: Գյուլնազը դիմավորեց և նրա ճակատը նույնպես համբուրեց: Ռուստամն ամաչելով և կարմրելով թեքեց յուր գլուխը և հարգանքով համբուրեց Գյուլնազի աջ ձեռը: Դա մի հանդիսավոր րոպե էր, որ անցավ խորհրդավոր լռությամբ: Շըպպանիկն էր, որ յուր սովորական երգով ընդհատեց այդ լռությունը:

Սկսեցին ճաշել: Ռուստամն անցավ տղամարդկանց բաժանմունքը: Այժմ նա ուրախ էր, նրա երեսին այլևս չէր նշմարվում անհանգիստ մռայլությունը, ինչպես հարսանիքի գիշերը: — «Ախ, չար լեզուներ, չար մարդիկ, ինչ բաներ էիք հնարում մի անմեղ արարածի անունը կեղտոտելու համար», — կրկնում էր նա ինքն իրան:

Շըպպանիկի ուրախությունն անսահման էր: Նա իրան համարում էր օրվա հերոսուհի, որովհետև խիղճը հանգիստ էր: Անդադար մոտենում էր Սանամին և ուրախ-ուրախ քչփչում: Ինչ էին խոսում նրանք, — այդ միայն իրանք գիտեին: Սակայն Սանամի հարաբերության մեջ նշմարվում էր խորին շնորհակալություն դեպի Շըպպանիկը: Հանգիստ էր նույնպես և Գյուլնազը: Նա մի առանձին քնքշությամբ էր նայում Սուսանին:

Բայց ամենից ուրախ, գոնե ըստ երևույթին, էր Սուսամբարը: Նա անընդհատ ծիծաղում էր, երբեմն ծափահարում, զանազան սրախոսություններ անում և հանդիսականներից սրան ու նրան ծաղրում: Իսկ մանավանդ նա ակնարկում էր Շըպպանիկին, որ չէր կարողանում, ինչպես ինքն էր ասում, «լպստածի օֆտից գալ»:

Շըպպանիկը որ կա, մի մեռել լվանող ժամհար է, — ասում էր Սուսամբարը, — ինչ մեռել որ ասեք, լողացնում է: Մեռելն արքայություն կգնա, թե դժոխք, այդ նրա գործը չէ, միայն թե մեռելահախը ստանա: Չէ՞, Շըպպանիկ:

Լվացած մեռալներս չիմ արքայություն ան քինամ, — պատասխանեց Շըպպանիկը:

Ինչպես չէ, հըմ, հիմա այնքան աներեսն ես, որ կասես թե Սուսամբարին էլ արքայություն ես ուղարկել:

Հանց միջումն ես նստած քի, ա բախտավար: Հիչ ա իլալ, մարդդ էլ փող, էլ դոլվաթ, էլ տուն, էլ տեղ, շիր ու շնորհք, ի՞նչն ա պակաս յարաբ:

Մարդս հարուստ է, բայց մի կտոր բան կա, որ չի կարողանում առնել: Դրան ի՞նչ կասես:

Յարաբ նա հի՞նչ բան ա:

Այ, այստեղ որ կա:

Սուսամբարն այդ ասելով, աջ ձեռը դրավ յուր ձախ կրծքին:

Սիրտը՞դ:

Հա, մի կտոր միս, որ մարդս չի կարողանում առնել ինձանից:

Հալբաթ շատ թանկ ես ծախում:

էժան, բայց մարդս շատ ժլատ մարդ է: Նա օրական տասն անգամ բարկանալուց և ամեն առավոտ քացախած երեսը վրաս ծռելուց ավելի ոչինչ չի տալիս: Շատ էժան չի՞, Շըպպանիկ: Քո իմանալով, քանիսի՞ն ուղարկած կլինես այդ արքայությունը:

Սուսամբարի այդ խոսքը հանդիսականների մեջ ձգեց մի փոքրիկ աղմուկ: Այս ու այն կողմից սկսեցին ծաղրել, ծիծաղել, բարկանալ և հանդիմանել Սուսամբարին:

Նոր-նոր հավեր են դուրս եկել, երկաթի ձվեր են ածում, — ասաց մեկը:

Ով է տեսել ինչրյու օրս, որ կնիկը մարդին ուրիշների մոտ բամբասի, — ավելացրեց մի ուրիշը:

Ախար դե կարդացած ա, բաս շնորհքը շանց չտա՞, վիշշ, երեսիդ մեռունը թափվի, հալլա, — մեջ մտավ երրորդը, քիթ ու պռունգը մի կողմ շուռ տալով:

Դա Սանամի տալոջ աղջիկն էր, մի բավական չափահաս կին:

Ես դրուստն եմ ասում, — շարունակեց Սուսամբարը: — Դուք ձեր ցավերը ինչքան ուզում եք թաքցրեք ձեր կրծքի տակ, որ այնտեղ սիրտներդ մըղմըղ ուտի հա ուտի: Դու էլ, խնամիդարձավ նա Սանամի տալոջ աղջկան, — դու էլ Շըպպանիկի լվացած մեռելներից ես, ասա՛ տեսնենք, օրական քանի՞ անգամ է ազրահիլը մեջքիդ վրա փլավ ուտում: Մի վախենար, ես շատ լավ եմ իմանում, գլխիդ մազերի չափ մարմնիդ վրա ճիպոտի կապույտ զոլեր կան: Բայց դու հենց էլի դրան ու նրան ասաչէ: Ումը որ հավատացնես, ինձ հո չես կարող:

Ես իմ մարդիս ապրանքն ամ, ղուլն ամ, նա իմ գլխիս տերն ա, հինչ որ ուզում ա, անըմ ա, քեզ հի՞նչ զոռ ա հասնըմ: Թե որ նա ինձ թակըմ ալ ա, սիրելուցն ա թակըմ:

Խոսք չկա, սիրելուցն է թակում, բա՛ս: Հըմ, թքեմ էն սերի վրա, որ ճպոտի լեզվովն է խոսում. տար, տար այդ սերը, քեզ լինի ոտքով ու գլխով, խնամի ջան: Կնոջ ապրուստը, օրը ինչ է, որ յուր մարդու աչքում մին ձիու պատիվ էլ չունի: Մարդդ ձիուն օրական այնքան թումարում է, խոշբեշ անում, ճակատից ու աչքերից պաչում, ինչքան որ ճիպոտն է քո մեջքդ պաչում: Թաքցրու, թաքցրու ինչքան ուզում ես, էլի ճոթը դրսումն է:

Հը՛մ, խրատողիդ երեսին կպչես հալլա, ախր ղարափալթար կույսից ի՛նչ էիր սովորելու: Առա էէ՛:

Այս ասելով Սանամի տալոջ աղջիկը բարկացած, աջ ձեռքի հինգ մատները չռեց և Սուսամբարին ճանգ արավ: Հայտնի չէր ինչպես կվերջանար այս վիճաբանությունը, գուցե կռիվ դառնար, եթե Շըպպանիկը չընդհատեր:

Լավ ա, ա կնանիք, լյուզյուներդ փորներդ քաշեցեք, ձեզի չան կանչալ, քի մարդի ուրախությունը հարամ անեք, — ասաց Շըպպանիկը և, դահիրան վերցնելով, սկսեց ածել ու երգել. Սուսամբարն այժմ թեքվեց դեպի Սուսանի ականջը և սկսեց քչփչալ.

Հիմա դրանք կասեն, թե դու էլ բախտավոր կնիկ ես: Չեն իմանում, որ սիրտդ ու հոգիդ նրա մոտն է, մարմինդ են տվել Ռուստամին, որ չարչարվես ու տանջվես:

Խոցոտված սրտիս աղ մի՛ շաղ տուր, Սուսամբար:

Սիրտս կսկծալուց եմ ասում, մի՛ վախենար: է՛հ, հինչ պիտի արած, ճարդ կտրված պիտի վիզդ ծռես ու տանես ինչ որ ճակատիդ գրած է, հո աստուծո հետ չես կարող կռիվ անել:

Ուզո՞ւմ ես դրուստն ասեմ, Սուսամբար:

Ասա:

Ես է՛լ առաջվա պես չեմ տանջվում: — Ճարդ ինչ, պիտի սովորես էլի:

Չեմ սովորիլ, բայց որ ասում եմ չեմ տանջվում, ինձ համար չեմ ասում, իմ բանը պրծած է:

Ո՞ւմ համար ես ուրախ:

Ծնողներիս համար, հենց որ նրանց ազատեցի, էլ, կարծես, ես ցավ չունիմ: Տեսնում ես, մայրս այսօր ինչպես ուրախ է, տես, հենց նրա ուրախ լինելն է ինձ հանգստացնում: Խեղճ կնիկ, մի տարի էր, որ հալված ու պշկած երեսդ ծիծաղ չէր տեսնում:

Այս խոսքերն արտասանելու միջոցին Սուսանի աչքերից կրկին ընկան արտասուքի մի քանի կաթիլներ և թրջեցին նրա այտերը: Նա հանեց արխալուղի գրպանից մետաքսյա թաշկինակը և սրբեց երեսն ու աչքերը: Թեպետ նա արտասվում էր, բայց չէր հեկեկում, և նրա մաշված կուրծքը չէր բարձրանում ու ցածրանում, ինչպես հարսանիքի երեկո:

Հերիք է, Սուսան, արտասուքիդ կաթիլները ասեղների պես ծակոտում են կոտրված սիրտս: Օրես դեն լացդ անօգուտ է, հիմա զոռով քեզ համար պիտի ուրախություն ստեղծես:

Սուսամբար, մի բան խնդրեմ:

Հրամայիր:

Շաբաթը մի քանի անգամ կգնաս մեր տուն, որ մորս ժամանակը ուրախ անց կենա:

Ալքիս վրա:

Հորս մասին էլ տեղեկություններ կբերես ինձ:

Լավ:

Մի բան էլ եմ ուզում ասել, քաշվում եմ:

Ինձ հետ էլ ես նազ ու բազ անո՞ւմ, Սուսան:

Լավ, կասեմ: Հարսանիքի գիշեր, որ ես ուշաթափվեցի, Սմբատը վազ է տալիս մի մոտիկ գինետուն ինձ համար ջուր բերելու: Այնտեղ նա պատահում է Սեյրանին, կռվում են, Սմբատը թակում է Սեյրանին: Այս բանն երեկ ինքը, Սմբատը պատմեց ինձ: Սուսամբար, եթե ինձ սիրում ես, հենց այսօր գնա նրանց տուն ու Սեյրանի մասին ինձ համար տեղեկություն բեր: Սեյրանին թաքուն տես, ինձանից բարևիր և ասա, որ ես էլի առաջվա Սուսանն եմ: Աշխատիր սիրտ տալ, կարելի է մոռանա ինձ և մի կերպ ճանապարհի գա, թեպետ խելքս չի կտրում, որ նա փոխվի: Ասա, թող ինձ ների, որ ես այսքան չարչարեցի իրան: Իմացա՞ր: Այս իմ վերջին խնդիրն է, Սուսամբար:

Սուսանը թեև շշնջալով, բայց յուր խոսքերը արտասանում էր ծանր ու անհողդողդ եղանակով, ամեն մի բառ առանձին շեշտելով և երբեմն խոր հառաչելով: Եվ թեպետ արտաքուստ խաղաղ էր, սակայն նրա աչքերի մեջ երևում էր խորին հուսահատություն: Նա թաշկինակը տարավ դեպի աչքերը և սրբեց տամուկ թերթերունքները: Հանդիսականները չէին նկատում, թե Սուսանի երեսքողի տակ ինչ է կատարվում: Նրանք զբաղված էին ճաշով:

Դեհ, Սուսամբար, էլ ուրիշ խոսք չունիմ, — շարունակեց Սուսանը, — ինչ որ խնդրեցիկկատարես, աղաչում եմ: Հիմա մի քիչ կերակուր տուր, որ մորս մոտ ուտեմ:

Սուսամբարը վեր կացավ տեղից և ոտնավորին հրամայեց մի ափսե փլավ բերելու: Սուսանը քողի տակ սկսեց ճաշել:

Վերջապես, ճաշն ավարտվեց: Հանդիսականները վերջին անգամ շնորհավորեցին նորապսակներին և հարյուր տեսակ աղոթքներով մաղթեցին նրանց բախտավորություն ու ցրվեցին իրանց տները:

—————

Մեղրամիսն անցավ, Ռուստամը ճանապարհ ընկավ Թեյմուր-խան-Շուրա յուր առևտրական գործերով:

X

Ձմեռն էր, հյուսիսային քամին կատաղությամբ ձյունի խոշոր ու չորթ քուլաները սրահից հավաքելով, զարնում էր Հայրապետանց տան դռներին ու պատուհաններին: Երեկո էր: Մարիամ բաջին մինչև մեջքը քրսինի տակ խրված, առջևը մի սկուտեղ դրած, բրինձ էր մաքրում: Նա ընթրիքի համար պիտի փլավ պատրաստեր, որ դեռ առավոտյան բազար գնալիս պատվիրել էր Հայրապետը: Չնայելով, որ օրը բավական մթնել էր, Մարիամ բաջին ճրագը վառել չէր: Նա ուզում էր բրինձը ընտրել, վերջացնել ու հետո տեղից վեր կենալ: Սենյակում բացի նրանից ոչ ոք չկար: Դռան ճեղքերից ձյունի կարկտանման հատիկները, ներս սրնթալով, կիտվում էին կիսամաշ կարպետներով և փսիաթներով ծածկված հատակի վրա: Երբեմն-երբեմն քամին այնպես սաստկանում էր, որ վզզալով, կարծես, ուզում էր սենյակի դռները դուրս հանել կրունկից:

Վերջին ամիսները Մարիամ բաջին բավական փոխվել էր: Ծերությունը այդ կարճ ժամանակում նրան միանգամայն հաղթել էր: Նրա նիհար բազուկները հալվել էին ու կպել կողքերին, երեսի գունասպառ կաշին խորշոմել, կուչ-կուչվել էր աչքերի տակ, պնչերի շուրջը և ծնոտի վրա:

Մի տարուց ավելի էր, որ նա դադարել էր գլուխը հինայով ներկելուց: Նրա գլխի մազերը այժմ երկու գույն ունեինարմատից սկսած մի մատնաչափ` ճերմակ, իսկ այս տեղից մինչև ծայրը` կարմիր: Այդ մի տեսակ դաժանություն էր տալիս նրա դեմքին: Նա մտածում էր յուր միակ զավակի մասին, մտածում էր, և նրա սիրտը կսկծում, որովհետև երկար մտածողությունից հետո ոչ մի ուրախալի եզրակացության չէր հասնում:

էսօր դրուստ վեց շաբաթ է, որ նա գլուխ է վերցրել ու գնացել ղարիբություն, — ասում էր ինքն իրան Մարիամ բաջին հառաչելով: — Ո՞րտեղ է գնացել, — ոչ ես գիտեմ, ոչ Հայրապետը, ոչ էլ մի ուրիշը: Սեյրան, Սեյրան, թարթափիլ անեն բախտավոր մերերը, նրանք էլ տղա ունեն ղարիբ տեղերում, ես էլ ասում եմ, որ ունիմ: է՜է, կյանքս մաշվել է, մի մազ դառել, էսօր էգուց նա էլ կկտրվի: Երկնային թագավոր, արևս մայր է մտնում, էլի դու ինձ չես խնայում: Ի՞նչ անեմ, էլի փառք քո զորութենին, էլի թող քո կամքը լինի:

Մարիամ բաջին մի հայացք ձգեց սենյակի առաստաղին և երեսին խաչակնքեց: Հետո նա մի քիչ իրանից հեռացրեց բրինձի սկուտեղը, ձեռները ծալեց, դրավ քրսինի ծայրում և գլուխը դրեց կռների վրա: Անցավ մի րոպե, նա գլուխը բարձրացրեց, սկուտեղը առաջ քաշեց և դարձյալ սկսեց ինքն իրան խոսել:

Տերևը ծառից, մազը մարդու գլխից առանց քո հրամանի չի ընկնում, տեր աստված: Ինչ լինում է, քո կամքովն է լինում, օրհնյալ լինիս դու և օրհնյալ լինի քո կամքը: Ամենքին էլ բախտավորեցրիր, ամենքի բանն էլ դրստեցիր, ինչո՞ւ, յարաբ, ես ի՞նչ մեղավոր էի, որ դու ինձ էս օրին հասցրիր: Ինչո՞ւ համար` յարաբ աստված, իմ տղին հեռացրիր ինձանից, գցեցիր չոլերը, քամ բախտացրիր: Ասա, ո՞րտեղ է նա, ի՞նչ գործի է: Ինքն ասաց, թե մի տղի հետ ընկերացել է ու նրա հետ գնում է Ղուբա, որ լազգու շալեր առնի ու բերի էստեղ ծախելու: Ի՞նչով է առնելու: Հայրապետը փող չի տվել նրան, ինքն էլ տափ դատարկ էր, մին սև ղրուշ էլ մոտը չուներ: Ինչքան ֆիքր եմ անումբան չեմ հասկանում: Ինքն ասում էր, որ Ղուբա է գնում, հիմա մեկն ասում է, Դերբենդումն է, մյուսը` Շուրումն է, մի ուրիշը` Պետրովսկումն է, էլ չգիտեմ ինչ: Յարաբ, ումի՞ց կարող եմ մի դրուստ խաբար իմանալ, ո՞վ կասի ինձ: Հայրապետին խոսեցնել չի լինում, Սեյրանի անունը տալիս նրա ջիները հավաքվում են: էհ, յարադան աստված, էլի դու, էլի քո փեշիցն եմ բռնում, դու հախը նահախին չես տալ: Իմ երեխաս մեղավոր չէր, նրանք փչացրին, խելքից հանեցին: Սաբաբի տունը քանդվի յուր գլխին հա՛, քանդվի Սաբաբի տուն ու տեղը:

Եվ Մարիամ բաջին վերջին խոսքերն արտասանելու ժամանակ գլուխը կրկին բարձրացրեց, նայեց առաստաղին և աջ ձեռով մի քանի անգամ կրծքին զարկեց: Այդ րոպեին նրա աչքերը, դեմքն ու առհասարակ բոլոր շարժվածքը լցված էին խորին սրտմտությամբ: Քանի որ Սեյրանը Շամախումն էր, քանի որ նա Մարիամ բաջու աչքի առաջն էրՄարիամ բաջին սակավ անգամ էր դժթախտության հանցանքը ուրիշների վրա ձգում: Նա մեղադրում էր յուր որդուն, նրան էր համարում բոլոր անցքերի գլխավոր պատճառը: Իսկ եթե պատահում էր, որ Մարիամ բաջին մի ուրիշին մեղադրեր, այդ լինում էր այն ժամանակ, երբ Սեյրանին հանդիպած էր լինում մի նոր դժբախտություն, ինչպես այն առավոտ, երբ Սեյրանը գիշերով գինետանը թակվել էր: Այժմ, երբ Սեյրանն օտարության մեջ էր, այժմ Մարիամ բաջին յուր որդուն անմեղ էր համարում և գրեթե անպայման անմեղ: Այժմ նա հավատացած էր, որ Սեյրանը անբախտացել է ոչ յուր «գժությունների», այլ ուրիշների պատճառով:

Ուֆ, Բարխուդար, — շարունակեց Մարիամ բաջին, կրծքին խփելով, — Բարխուդար, էս ժամաժամքին կուրծք եմ թակում ու աստված կանչում, որ նա քո հախին գա: Հա, Բարխուդար, կնիկդ օրս ընկնի: Հա, տափը փուշ դառնա, դու ոտաբաց լինես, ինչտեղ ոտ կոխես, քեզ ծակծակի: Հա, կսկծալի հարայդ, դադ ու բիդադդ, աման ալլահդ երկինք բարձրանա, աստծու ականթին չհասնի: Դու, դու, քյաֆթառ, դու էս օրին հասցրիր բալիս: Հըմ, հիմա ի՛նչ ցավ է կպել քեզ: Իսկի: Հիմա բախտավոր աներ ես, փեսա ունես, կնիկդ պապար-պապար է անում առաջիդ, աղջիկդ զառ զառբոֆի, ոսկր ու արծաթի մեջ է ապրում: Աղջկադ մի ձեռը եղում, մյուսը` մեղրումն է, էսօր էգուց էլ մինը կըցգնի, բաներդ էլ լավ կդրստվին:

Ավարտելով այս մենախոսությունը, Մարիամ բաջին կրկին լռեց և խորասուզվեց մտածողության մեջ: Այդ ժամանակ քամին ավելի սաստկացավ, պատուհանի ապակիները սկսեցին շարժվել իրանց տեղերում: Դռները բացվեցին և ուժգին թափով փակվեցին, ներս թողնելով ձյունի ալիքները:

Ուֆ, աշխարհը քարուքանդ իլավ: Երկնքի փարդան ճղվել է, աստծու բարկությունը գլխներս է թափվում: Ի՞նչ տեղ մնաց էս մարդն, յարաբ: Կիրակի գիշեր է, երևի ժամ է գնացել աղոթք անելու: Յարաբ ո՞ւմ համար ես աղոթք անում: Անխղճմտանք մարդ, սիրտդ խաշխաշ հարելու քարի պես պնդացել է ու սև սևացել, չի ցավում մինիկ երեխիդ համար:

Մարիամ բաջին մի քանի վայրկյան ևս լռեց:

Երեկ երեկոյան Սուսամբարը էստեղ էր: Լավ կնիկ է, խեղճը ինքն էլ լաց իլավ: Նա ինձ սիրտ էր տալիս, բայց ինչքան հարցրի, նա էլ մի դրուստ խաբար չկարողացավ ասել Սեյրանիս մասին: Ի՞նչ կպատահի, յարաբ, եթե Սեյրանը Շուրայումն է: Հակառակի պես, էն գյուլլախորով Ռուստամն էլ է Շուրայում: Յարաբ, Սեյրանս ինչ կասի նրան, էն մեռածն էլ, թիկնամեջը տափին կպածն էլ ինչ կանի: Սեյրանս տաքարյուն տղա, Ռուստամն էլ հյուրսաթափ ազրահիլի ճուտ է, ով է իմանում, ղարիբ քաղաքում երեխիս գլխին ինչ օյին կբերի:

Մարիամ բաջին բրինձը վերջացրեց, սկուտեղը մի փոքրը իրանից հեռացրեց և քրսինի երեսը ձեռով մաքրեց բրնձի հատիկներից: Հետո նա մի ձեռը սենյակի հատակին, մյուսը քրսինի ծայրին հենելով, ուզում էր բարձրանալ, երբ դուռը հանկարծ բացվեց և զգուշությամբ ներս մտավ ձյունով սպիտակացած չարշովի մեջ փաթաթված մի բարձրահասակ կին:

Օղորմի աստված:

Մարիամ բաջին զարմացած հետ նայեց և կրկին նստեց տեղը: Ներս մտնողը Գյուլնազն էր: Մի քանի վայրկյան երկու բարեկամները նայեցին միմյանց, թեև մութը թույլ չէր տալիս պարզ որոշելու իրարու դեմքը: Մարիամ բաջին ճանաչեց Գյուլնազին:

Օղորմի աստված, — կրկնեց Գյուլնազը, չարշովը գլխից հանեց և ձյունը թափ տվավ:

Մարիամ բաջին զարմացական հայացքով նայեց նրան ոտից ցգլուխ և կոպիտ ձայնով պատասխանեց.

Ոչօղորմի ծնողացդ:

Այս ասելով, նա բրնձի սկուտեղեր առաջ քաշեց և ինքն իրան տմտմաց, «յարաբ, ո՞ր քամին է աներեսին էս կողմ քշել»:

Մի զարմանար, Մարիամ բաջի, քույրդ եկել է քեզանից հալ-օվհալ իմանալու, — շարունակեց Գյուլնազը ուշադրություն չդարձնելով Մարիամ բաջու կոպիտ պատասխանի վրա:

Նա չարշովը մի կողմ ձգեց և, առանց հրավիրվելու, նստեց քրսինի ծայրին:

Տափին դիպչեն յարաբ քույր ունեցողները, ես քույր չունեմ, — ասաց Մարիամ բաջին, երեսը Գյուլնազից շուռ տալով և մազերն ուղղելով:

Մի հուրսոտվիլ, վեր կաց, ճրագը վառիր, որ երեսդ տեսնեմ, քանի Ժամանակ է կարոտել եմ:

Դուրս եկ, բանիդ գնա, ես բայղուշ եմ, սիրում եմ մեն-մենակ խավար տեղում նստել: Խավարած սրտիս, սևացած օրիս ճրագի լույսից ինչ ճար: Թող ճրագը ջուխտջուխտ վառի նա, որի սիրտն էլ ճրագի պես վառ է, իմը շտուց է խավարվել:

Մարիամ բաջի, դու լինիսմինիկ Աեյրանիդ արևը, կծված մի խոսիր: Լսիր, մտիկ տուր ինձ, տես իմ սիրտը ուրախ է, հետո ինձ նախատիր:

Յարաբ ա՞ղդ է պակաս, թե մա՞ղդ: Ինչ կա, եկել ես գլխիս, չեմ իմանում, մի տարուց հետո ի՞նչպես իլավ, որ միտդ ընկանք:

Ոչ աղս է պակաս, ոչ մաղս, ինձ պակաս է քո բարեկամությունը, — պատասխանեց Գյուլնազը, ավելի ու ավելի մեղմ եղանակով: — Աստծուն է հայտնի, էս քամբախտ տարին ինձ ինչ է նստել: Մարիամ բաջի, ասելն ավելորդ է, առանց քեզ ոչ կերածս եմ իմացել, ոչ խմածս: Քունս աղի ու լեղի է իլել, գիշեր ու ցերեկս ախուվախով եմ անցկացրել:

Իմացանք, կարճ կտրիր:

Ես եկել եմ, Մարիամ բաջի, աղաչելու քեզ, որ դու նահլաթ տաս չար սատանին ու ինձ հետ հաշտվես:

Ի՛նչ, հրես վազ կտամ:

Իմանում եմ, դու շատ նեղացած ես, Մարիամ բաջի, բայց...

Զեռ քաշիր, աստված սիրես, ձեռ քաշիր: Չեմ իմանում, էլ Մարիամի ինչն է մնացել, որ դու նրա հետ բարեկամություն անես: Գնա մտիր աղջկադ ծոցը ու բախտավոր ապրի, ինչ գործ ունես մեզ պես աստծու ու մարդու աչքից ընկածների հետ:

Դուշմանս չլինի էնպես բախտավոր, ինչպես որ իմ աղջիկն է: Հըմ, ցավերս չես իմանում: Աղջիկս օրեցօր մոմի պես հալվում է, վախս նա է, որ շուտով ձեռքիցս դուրս գա:

Մի վախիր, չի մեռնիլ աղջիկդ, հալա շատ ու շատ կապրի, տիզ կլինի ու պատին կկպչի, — պատասխանեց Մարիամ բաջին դառն հեգնությամբ: — Կարելի է նշանածի ֆիքրն է անում. գրել տուր, որ գա, աղջկադ քեֆը կբացվի, — ավարտեց նա արհամարհական եղանակով:

Հերիք է, Մարիամ բաջի, էդ խոսքերովդ էրված սրտիս աղ ես շաղ տալիս: Խնայիր ինձ, ես իմանում եմ, որ դու կսկծալուց ես էդպես խոսում, բայց մեր օվհալն էլ իմացիր:

Գյուղնազն այս խոսքերն արտասանեց այնպիսի դառն և խղճալի ձայնով և այնպիսի վշտալի հառաչանք արձակեց, որ Մարիամ բաջու խիղճը մի վայրկյան արթնացավ:

Մարիամ բաջին ճրագը վառեց և մեջտեղ դրավ: Մոմի աղոտ լույսը լուսավորեց Գյուլնազի ոսկրացած երեսը, սփրթնած այտերը, ցրտից կապտած շրթունքները և նիհարությունից ավելի ներս թաղված աչքերը: Մարիամ բաջին մի քանի վայրկյան նայեց նրա երեսին, լուռ ու մունջ վերցրեց բրնձի սկուտեղը և գնաց խոհանոց: Շատ չքաշեց, նա կրկին վերադարձավ, նստեց յուր առաջվա տեղը:

Երեք օր է Սուսանս ինձ տանջում է յուր աղաչանք ու պաղատանքով, — սկսեց դարձյալ Գյուլնազը, — խնդրում է, որ քեզ մոտ գամ: Մարիամ բաջի, երեսս չէր պատում, քաշվում էի: Երեխաս ասում է. «Թող բաշխի ինձ Մարիամ բաջին, որ ես նրան էդքան չարչարանք եմ տվել: էհ, չեմ իմանում, ինչ երեսով պիտի աստծու առաջ դուրս գամ»: Տեսնում ե՞ս, Մարիամ բաջի, հիմակվանից էն կյանքի համար է ֆիքր անում երեխաս, այս բախտավոր լինել է՞:

էրված սրտիս էդ էր պակաս: Գնա, էդ խոսքերը ասա էն մարդուն, որի սիրտը փիհ է կոխած, իմը շտուց է հալվել, ես ի՛նչ կարող եմ անել աղջկադ համար:

Մարիամ բաջի, դու շատ բան կարող ես անել երեխիս համար: Հենց որ նրա աչքն ընկնի աչքիդ, հենց որ դու առաջվա պես նրա երեսին մի ուրախ ծիծաղեցիր, իմացիր, որ վարդի պես կբացվի ու ծտի պես փար վազ կանի: Երեք օր է, ինքը հենց քեզ վրա է խոսում, քեզ է ցանկանում տեսնել:

Ասի՞լդ:

Ասիլս, որ նահլաթ տաս չար սատանին, չարշով գցես ու ինձ հետ միասին...

Նրա ղուլլուղին վազ տամ, հա՞: Լավ աչքիս վրա, հրես էս սհաթիս, ըմ, ամաչես վարսիցդ, ամաչե՛ս, — ասաց Մարիամ բաջին կես հեգնորեն և կես բարկացած:

Գու լինես Սեյրանիդ արևը, երեխիս մի՛ սպանիր:

Ինչ ես դատարկ-դատարկ դուրս տալիս, ես հո երեխիդ ազրահիլը չեմ, վա՛յ, կրակ-ալովի մեջ ընկա էլի, տեե՜ր աստված:

Դու ու քո աստվածը, Մարիամ բաջի, հենց մի սհաթով գնանք:

Ձեռ քաշիր, դուէս ժամաժամքը:

Օրհնյալ լինի քո ողորմությունը, աստված, — բացականչեց Գյուլնազը, մի աղերսող հայացք ձգելով Մարիամ բաջու երեսին:

Այդ ժամանակ դռները կրկին բացվեցին, և ներս մտավ Հայրապետը ձյունի մեջ կորած:

Բարի երեկո, օղորմի աստված, — ասաց նա, Գյուլնազին չնկատելով և փափախը գլխից հանելով, որ ձյունը թափ տա:

Գյուլնազը շալը քաշեց բերանին, վեր կացավ և հարգանքով գլուխ տվավ Հայրապետին:

Օղորմի ծնողացդ, — պատասխանեց Մարիամ բաջին և նույնպես ոտքի կանգնեց:

Հայրապետն, աչքերը կուչ բերելով, նայեց Գյուլնազին:

Բարով, ա կնիկ, լույսը քեզ տեսնողին, — ասաց նա մի այնպիսի բարեկամական եղանակով, որ, կարծես, ոչինչ չէր անցել նրանց միջով:

Գյուլնազը գլուխը շարժեց ի նշան շնորհակալության:

Նստիր, նստիր, տեսնենք: էհ, փառք քեզ աստված: Քեչան գյունա-գյուն չաթմազ, ջալասոն գյուն գյունա: (Անցած օրին օր չի հասնի, եթե օրերը իրարու կապես):

Հըմ, էդ ո՞ր աստծուց է, որ մեզ միտդ ես գցել, Գյուլնազ խանում, — շարունակեց նա, նստելով քրսինի կողքին և Գյուլնազին նույնպես հրավիրելով, որ նստի:

Հըմ, ասա տեսնենք, ի՞նչպես է եղել, որ մեզ միտդ ես գցել, — կրկնեց Հայրապետը:

Մենք ձեզ իսկի մտքներիցս չենք հանել, որ մեկ էլ նորից միտք գցենք, — համարձակվեց շշնջալ Գյուլնազը:

Հետո նա շալը քաշեց երեսին, մի ծնկան վրա նստեց քրսինի մյուս անկյունում:

Բաս էդպես, — ասաց Հայրապետը և արխալուղի գրպանից հանեց թամբաքոլի քիսան, գոտիից դուրս քաշելով չիբուխը, որ լեցնի:

Օրհնյալ լինի աստված: Գյուլնազ ջան, անցավ գնաց մեր առաջվա բարեկամությունը, այ հայ, հայ: Հիմա էլ որ միտս է ընկնում, ծուխը քթիցս է դուրս գալիս:

Արխային կաց, եկել է, որ բարեկամություն հաստատի նորից: Չէ, էլ անցածն անցավ, կոտրված շուշան սաղացնել չի լինի, — մեջ մտավ Մարիամ բաջին:

Դրո՞ւստ ես ասում, Մարիամ, բայց էլի մարդու սրտին հովություն է ժամանակ-ժամանակ հին բարեկամներին տեսնելը: Ինչ անեմ, թուրքի խոսքը օրինավոր է, ասում է. «աթանն բիր օղլի, օդա քյոռ օղլի»... (հորը միակ տղան, այն էլ փուչ): Սեյրանն իրան էլ փչացրեց, ձեր անունն էլ սաղ քաղաքով չով արավ զուր տեղը, մեզ էլ, հո տեսնում ես, Գյուլնազ, ինչ օրի գցեց:

Օղուլը իսկի մեղավոր չէ, աստված Սաբաբի գլխին քար գցի:

Քո բանը չէ, Մարիամ, դու լեզուդ կծած պահիր: Հերիք է, հերիք է, ինչքան ինձ փչացրիր, այ կնիկ:

Մարիամ բաջին դրուստ է ասում, — մեջ մտավ Գյուլնազը, — մեղավորը Սեյրանը չէ, մենք ենք: էհ, դե անցած բան է, մոռացեք, բաշխեցեք:

Ոչ դուք եք մեղավոր, ոչ էլ մենք: Աստված էդպես էր ուզում ու էդպես էլ արավ, հիմա բանը բանից անցել է, բախտավոր լինեք: Թող Սուսանդ գարնան ծառի պես ծաղկի, կանաչի:

Շնորհակալ եմ, բարով Սեյրանիդ էլ պսակենք: էգուց թող Մարիամ բաջուն հետս տանեմ աղջկաս մոտ:

Աչքիս վրա, ուզում եսես էլ կգամ, — համաձայնվեց Հայրապետը:

Ըհ, առսըզի տղա առսըզ, — բացականչեց Մարիամ բաջին, աչքերը չռելով և մի սպառնական հայացք ձգելով յուր ամուսնու վրա:

Արյունս մի պղտորիլ, քեզ ասում եմ, այ կնիկ, թե չէ, նահլաթ չար սատանին հա: — Գյուլնազ ջան, ինձանից բարևիր Բարխուդարին ու ասա, որ ես էլի նրան բարեկամս եմ համարում:

Սմբատիս արևը վկա, որ հենց ինքն էլ ձեր ֆիքրն է քաշում: Վերջին ժամանակները խեղճ մարդը ձեր հոգսից ոտքի վրա չորացել է:

Իմանում եմ, իմանում եմ, ինչպես չէ, օօ՛օ, Բարխուդարին ես լավ եմ ճանաչում, նրա սիրտը շատ բարի է:

Տեսնում ե՞ս, Մարիամ կնիկ, ես քեզ ասում էի, որ նա կակուղ մարդ է, հենց դու հակառակվում էիր, թե չէ, չէ, չէ:

Հայրապետն ոգևորվեց:

Գյուլնազ ջան, ասա Բարխուդարին, որ հենց էգուց մեր տուն շնորհ բերի: Թող գա, որ մեր հին մեղքերը քավենք:

Յարաբ, աստված, էս մարգի խելքը ինչո՞ւ քամուն տվիր, կրկին մեշ մտավ Մարիամ բաջին, երեսը դեպի առաստաղը դարձնելով.

Յաղի է գլխիս էլի, յաղի. մին էս լեզուդ ներս քաշես, այ իժ օձի զավակ. մեղա քեզ, սատանան ասում է, ոտներիդ տակը գցիր ու շանսատակ արա էլի:

Թեկուզ մորթես, էլի սուս չեմ անելու:

Լեզուդ տակռիկից կհանեմ:

Հանի՛ր, բայց քանի որ բերանումս է, խոսելու եմ: Բաս ես սուս անեմ, էլ ով պիտի խոսի, այ մարդ, հը՞մ: Տունս քանդեցին, բալիս չոլերը գցեցին, ավարա արին վաթանից, մեզ էլ էս օրին հասցրին: Հիմա չարշով է գցել ու եկել գլխներիս, կեղծավորություն է անում, բաս ես սուս անե՞մ: Չէ, ես էդպես բարեկամներին չեմ ուզում: Գնա՛, գնա ինքդ էլի առաջվա պես Բարխուդարի ոտները ջուր արա ու խմիր: Գնա, էլի մի բաժակ արաղով խաբվիր: Ինչ ուզում ես արա, ես երես չեմ դարձնիլ նրանց, թե որ վզիցս էլ քաշեն:

Следующая страница