Շիրվանզադե Ալեքսանդր՝   Նամուս

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Следующая Конец

Դու հեռացիր մյուս սենյակը, — ասաց նա Սանամին:

Ի՞նչ, ի՞նչ ասացիր, հեռանա՞մ, — հարցրեց Սանամը զարմացած, որպես թե նրան մի անկարելի բան էին առաջարկում:

Գնա, թող քիչ հանգստանամ, էգուց կխոսենք:

Չէ, գլուխդ ցավո՞ւմ է, ցո՞ւրտ է կպել, բեր տեսնեմ, դու ինձանի՛ց թաքցնո՞ւմ ես:

Սանամը մոտեցավ Ռուստամին և ձեռը դրավ նրա ճակատին:

Զեռ քաշիր, ասում եմ, — բացականչեց Ռուստամը, հրելով մոր կրծքին:

Տաքացած ես, բեր, խալդար կապենք վզիդ, — շարունակեց Սանամը, ինքն էլ չհասկանալով, թե ինչ է խոսում: — Տեսա՞ր, տեսա՞ր, Սուսան, էս առավոտ ասացի՞, որ երազ եմ տեսել, ասացի՞, որ կամ երեխաս գալու է, կամ գիր ենք ստանալու: Ռուստամ, քեզ էս գիշեր երազումս մի ճերմակ ձիու վրա նստած տեսա, ճերմակ ձին դովլաթ է: Հա՛, դու չափացնում էիր, ես էլ հետևիցդ...

Լավ է, լավ, էգուց, էգուց կպատմես, ձեռ քաշիր, — ընդհատեց Ռուստամը մոր շատախոսությունը:

Ինչ անեմ, ուրախությունից ինքս էլ չեմ իմանում ինչեր եմ դուրս տալիս: Մուրաբա կուզե՞ս:

Չէ, եթե ինձ սիրում ես, այս գիշեր մի խոսեցնի:

Հա, հոգնած ես, բալաս, հա, թող տեղերդ պատրաստեմ, — ասաց Սանամը և մոտեցավ անկողնին, որ Ռուստամի համար անկողին պատրաստի:

Ամբողջ այդ խոսակցության ժամանակ Սուսանը ինքնաեռի քով կանգնած, ձեռները ծոցում ծալած, մտիկ էր անում մերթ Ռուստամին, մերթ Սանամին: Երբ Ռուստամը նայում էր, Սուսանը իսկույն աչքերը ցած էր գցում:

Սանամը պատրաստեց անկողինը և երկու բաժակ թեյ խմեց, անդադար նայելով յուր որդու երեսին և չհամարձակվելով որևէ հարց առաջարկել նրան: Սուսանը թեյ չէր խմում. շարունակ նայում էր ամուսնուն, կարծես, ձգտելով նրա դեմքի վրա կարդալ այն, ինչ մտածում էր Ռուստամը:

Սանամը մի անգամ ևս փորձեց որդուն մոտենալ և խոսեցնել, բայց այս անգամ Ռուստամը նրան վճռողաբար հրամայեց, որ իրան հանգիստ թողնի ու հեռանա մյուս սենյակ:

Դառն էր Սանամի համար այդպես շուտով բաժանվել յուր որդուց, բայց տեսնելով, որ հնար չկա հակառակվելու, վախենալով, որ միգուցե ավելի բարկացնի Ռուստամին, հնազանդվեց և տհաճությամբ հեռացավ յուր սենյակը: Սանամի և Ռուստամի սենյակները իրարուց բաժանվում էին մի բավական ընդարձակ նախագավթով:

XVI

Առանձնանալով Սուսանի հետ, Ռուստամը դուռը կողպեց և հրամայեց Սուսանին ինքնաեռը մի կողմ դնել: Սուսանը կատարեց նրա հրամանը և, քաշվելով սենյակի մի անկյունը, ձեռները խաչաձև ծալեց կրծքին և դարձյալ սկսեց նայել յուր ամուսնուն: Մի ժամի չափ Ռուստամը լուռ ու մունջ շրջեց սենյակում: Սուսանը կամենում էր խոսել, հարցնել Ռուստամին նրա տխրության պատճառը, բայց ամեն անգամ, երբ հայացքը ձգում էր նրա երեսին, լեզուն կապվում էր: Վերջապես, Ռուստամը դադարեց հետ ու առաջ շրջելուց և հանկարծ շորերով և դաշույնը մեջքին պառկեց անկողնի վրա:

Մոտեցի՛ր ինձ, — հրամայեց նա Սուսանին:

Սուսանը գողալով մոտեցավ անկողնին և կանգնեց նրա առջև, գլուխը խոնարհած:

Ձիուն գարի ու դարման տվի՞ր:

Տվի:

Շա՞տ:

Շատ:

Հը՜մ, — ասաց Ռուստամը և լռեց:

Ինչ փափուկ անկողին է, Սուսան: Այդ ո՞ւմ համար է: Սուսանին այնքան զարմացրեց այդ տարօրինակ հարցը, որ չիմացավ ինչ պատասխանե:

Չես լսո՞ւմ:

Հը՞մ, — հարցրեց Սուսանը, ավելի ու ավելի զարմանալով:

Ո՞ւմ համար է, ասում եմ, այս անկողինը:

Քեզ համար:

Ինձ համա՞ր: Շատ շնորհակալ եմ... հապա... անեծք քեզ չար սատանա:

Սուսանը դողալով մի քայլ հետ քաշվեց:

Ինձ համա՞ր է:

Քեզ համար:

Հապա մյո՞ւսը:

Ի՞նչ մյուսը:

Մյուս անկողինը՞:

Սուսանը այս ու այն կողմ նայեց, աշխատելով խույս տալ Ռուստամի զննող հայացքից:

Չե՞ս իմանում:

Ի՞նչ:

Ես քեզ հարցնում եմ, թե... ըմ... անեծք քեզ չար սատանա... հարցնում եմ, ո՞րտեղ է երկրորդ անկողինդ:

Սուսանը լուռ էր:

Չե՞ս լսում:

Ի՛նչ ես ասում, — հարցրեց Սուսանը դողդոջուն ձայնով, միևնույն Ժամանակ ապշած նայելով Ռուստամի ուսերին:

Ես հարցնում եմ, ո՞ւր է երկրորդ անկողինդ, — կրկնեց Ռուստամը:

Չեմ հասկանում:

Չե՞ս հասկանում ինչ եմ ասում... այն մյուսը, որ, որ...

Ռուստամը չկարողացավ ավարտել յուր խոսքը: Բարկությունից նրա շունչը սպառվում էր: Նա նորից սկսեց շրջել հետ ու առաջ: Նա մտածում էր. «սատանա, ինչպես կարողանում է անմեղ ձևանալ իմ առաջ, իբրև թե ոչինչ չի հասկանում»:

Մի քանի րոպե Ռուստամը շրջեց, հետո մոտեցավ անկողնին և պառկեց, առանց հանվելու, այնպես ինչպես ներս էր մտել: «Անեծք քեզ չար սատանա, անեծք» — կրկնում էր նա մտքումեթե խալը տեսնեմ... հետո՞, տեր աստված, հետո՞: Կարելի է նա տեսել է երեխայության Ժամանակ, կարելի է նա երկրաշարժի օրն է տեսել, երբ նրանք միասին հողի տակ են մնացել: Կարելի է ինքը չի տեսել, այլ լսել է յուր մորից, որ նկատած կլինի բաղնիքում կամ մի ուրիշ տեղ, մերկ Ժամանակ: Չէ, չէ, հապա հարսանիքի գիշերվա անցքը, հապա այն երկու ջահիլների խոսակցությո՞ւնը: Օրիորդ ժամանակ, հըմ... Այս մեկը սուտ է, ես իմացա: Ինչ որ պատահել է, պսակվելուց հետո է եղել: Ես ի՞նչ գիտեմ, յոթը սարի հետևում, թե նա այստեղ ինչեր է արել: Իսկ մայրս, մայրս հիմար պառավ է, տանը չի նստել: Ուֆ...

Եվ Ռուստամը արձակեց կրծքից մի դառն հառաչանք: Քառորդ Ժամ նա այդ դրության մեջ մնաց, անդադար հառաչելով:

Սուսանը նրա երեսը չէր տեսնում, միայն պատի տակ կանգնած, ձեռները ծոցում ծալած, լուռ ու մունջ, անորոշ հայացքով նայում էր սենյակի պատերին, առաստաղին, հատակին:

Հանկարծ Ռուստամը բարձրացավ տեղից:

Նստի՛ր, — հրամայեց նա Սուսանին:

Սուսանը անշարժ էր:

Նստի՛ր, քեզ ասում եմ:

Սուսանը նստեց:

«Հարկավոր է քիչ էլ համբերել», — ասաց ինքն իրան Ռուստամը և սկսեց կրկին հետ ու առաջ շրջել:

Մի ժամի չափ ևս նա շրջեց, հետո մոտեցավ սենյակի դռներին, բաց արավ և, աջ ու ձախ նայելով, կրկին փակեց դռները և հետ դարձավ: Նա մոտեցավ թախտին և նստեց, ոտները քարշ ձգելով:

Չե՞ս պատասխանում, — դարձավ նա Սուսանին, որ դեռ նստած էր թախտի վրա մի քիչ հեռու յուր ամուսնուց:

Ի՞նչ:

Ասա, ո՞րտեղ է մյուս անկողինդ:

Ի՞նչ անկողին:

Որի վրա, անառակ կնիկ, դու քնում ես Սեյրանի հետ:

Սուսանը վեր թռավ տեղից և ապշած նայեց նրա երեսին:

Սեյրանը, — կարողացավ միայն արտասանել նա և մնաց տեղն ու տեղը կանգնած:

Հա, Սեյրանը: Դու նրան չե՞ս ճանաչում, չե՞ս ճանաչում կուժ ծախող Հայրապետի տղա Սեյրանին:

Սուսանը լուռ էր:

Պատասխանիր, լիրբ, շան զավակ, պատասխանի՛ր, ճանաչո՞ւմ ես, — կրկնեց Ռուստամը, աշխատելով ձայնը շատ էլ չբարձրացնել:

Նա վեր թռավ տեղից և, բռնելով Սուսանի թևից, կրկնեց մի քանի անգամ. «չե՞ս ճանաչում, չե՞ս ճանաչում»:

Սեյրանին ճանաչում եմ, — վերջապես շշնջաց Սուսանը թույլ կերպով:

Ո՞վ է նա:

Մեր հարևանի տղան:

Հարևանիդ տղան և քո, և քո, և քո երկրորդ մարդր, չէ՞...

Ռուստամի շնչառությունը քանի գնում, այնքան սաստկանում էր, իսկ ձայնը խեղդվում:

Ի՞նչ ես խոսում, — մրմնջաց Սուսանը, ապշած նայելով Ռուստամին, որ նրա թևը բռնել էր ձախ ձեռով:

Ես ո՞վ եմ, — հարցրեց Ռուստամը, ուղիղ Սուսանի աչքերին նայելով:

Դու Ռուստամն ես: Քո ի՞նչն եմ:

Իմ մարդը:

Սուտ ես ասում, անիծված կնիկ, քո մարդը Սեյրանն է, Սեյրանը, Սեյրանը: Խոստովանիր, ասում եմ, թե չէ...

Այս ասելով նա բաց թողավ Սուսանի թևը, դաշույնը մերկացրեց, մի երկու քայլ հեռացավ և կանգնելով նրա դեմ ու դեմ, ասաց. — տեսնո՞ւմ ես:

Կանթեղի լուսավորության տակ դաշույնը փայլեց ինչպես կայծակ:

Սուսանի մարմնով մի սարսուռ անցավ, բայց հանկարծ նա, կարծես, մի բան մտաբերելով, ուշքի եկավ և ասաց.

Հիմա հասկացա: Ռուստամ, քեզ չար լեզուները խաբել են: Սեյրանին ես ճանաչում եմ, նա իմ առաջվա փեսացուն էր, ծնողներս քեզանից առաջ նրա հետ էին ուզում պսակել:

Գու նրան սիրել ես, անիծված, խոստովանվիր, ողջ քաղաքն է ասում:

Սիրել եմ և այժմ էլ սիրում եմ: Բայց, Ռուստամ, ես անմեղ եմ, անմեղ եմ անկողնիդ առաջ, ինչպես այս ճրագի լույսը:

Սիրում ես, բայց անմեղ ես, լռիր, լիրբ, դու նրա հետ գործ ես ունեցել, խոստովանվիր, թե չէես կհաստատեմ:

Թող իմ հոգին դժոխքի կերակուր դառնա, եթե ես սուտ եմ ասում: Ես Սեյրանին սիրում եմ, բայց նրա հետ գործ չեմ ունեցել, — պատասխանեց Սուսանն ավելի և ավելի անհողդողդ ձայնով:

Ինքը Սեյրանն է ասում:

Անկարելի է:

Սուտ չեմ ասում, անիծված, ինքը Սեյրանն է ասում:

Սեյրա՜նը, ախ տեր աստված, նա սուտ է ասել:

Սուտ չի ասում: Բա՛ց արա կուրծքդ:

Սուսանը չհասկացավ Ռուստամի միտքը:

Հետ քաշիր շապիկդ, բաց արա կուրծքդ, ասում եմ, թե չէ` արյունս գլխովս է տալիս:

Սուսանը անզգայաբար, դողդոջուն ձեռներով հեռացրեց իրարուց շապկի եզրերը: Կանթեղի լույսը ընկավ Սուսանի կրծքին և լուսավորեց նրա բամբակի պես սպիտակ ստինքը:

Ռուստամը դաշույնը ձեռում, կողքին քարշ գցած, մոտեցավ Սուսանին և գլուխը թեքելով նրա կրծքին, նայեց:

Խալը, խալը, նա ճշմարիտ է ասում, ահա խալը...

Բացականչելով այս խոսքերը, ատամները կրճտելով, նա հարձակվեց Սուսանի վրա, սեղմեց նրա իրանը յուր ամուր բազկով, բերանը կպցրավ կրծքին և տզրուկի պես բոլոր շնչով սկսեց ծծել նրա մարմինը:

Սուսանը զգաց սաստիկ կսկիծ: Նա ձեռները բարձրացրեց, որ պաշտպանվի, բայց աջ ձեռը ամուր դիպավ դաշույնի սուր բերանին և վիրավորվեց: Լսվեց մի թեթև ճիչ, և Սուսանի անշնչացած դիակը դուրս պրծնելով Ռուստամի գրկից, գլորվեց հատակի վրա: Մի ձեռում արյունոտ դաշույնը բռնած, իսկ մյուս ձեռը օդի մեջ տարածած, Ռուստամը նայում էր Սուսանի անշնչացած դիակին: Զարհուրելի էր նրա դեմքը, արյունալի աչքերը վառվում էին այրվող ածուխի կտորների պես: Նրա հաստ շրթունքներից կաթում էին Սուսանի կրծքից ծծած արյունի կաթիլները:

Այդ դրության մեջ Ռուստամը նմանվում էր սովածությունից կատաղած մի գայլի, որ առաջին հարվածով անշնչացնելով գառնուկին, պատրաստվում է նորից հարձակվելու, որ յուր սուր ժանիքներով հոշոտե ողորմելի զոհը: Անցան մի քանի վայրկյաններ: Ռուստամը դաշույնը մի կողմ շպրտելով, չոքեց Սուսանի դիակի մոտ և գլուխը թեքելով, սկսեց զննել նրա կուրծքը: Կարմիր արյունը դուրս բխելով նրա կծած տեղից, ողողում էր Սուսանի մարմարիոնի պես ճերմակ կուրծքը: Ռուստամը գրպանից հանեց թաշկինակը և արյունը սրբեց:

Խա՛լը, խալը, կրծքի խա՛լը, ահա՛: Ես սխալվեցի, խալը այստեղ է, ես մյուս կողմն եմ կրծոտել:

Այդ ժամանակ Սուսանը թեթև կերպով շարժվեց: Նրա աչքերի ծանրացած կոպերը հետ քաշվեցին և բիբերը բացվեցան:

Անմեղ եմ, անմեղ եմ, աստված, քեզ հայտնի է, ներիր իմ մեղքերը և հետո ա՛ռ հոգիս:

Սուսանի աչքերը փակվեցին, և նա մնաց անշարժ:

Ռուստամը նայում էր նրա դեմքին: Հանկարծ նա արագությամբ վեր թռավ տեղից և, դաշույնը հատակից վերցնելով, որոտաց.

Ճանաչի՛ր, անիրավ, լեզգի Ռուստամն եմ ես, տես ոոմն ես խաբում, չար Հուլիանոս: Ես Ռուստամն եմ, Ռուստամը, բենամուս չեմ, նամուս ունիմ:

Դուրս թռավ ողորմելի զոհի կրծքից մի ահարկու ձայն, և այնուհետև տիրեց լռություն:

Սենյակի դռները դղրդացին և գոռալով ներս թռավ Սանամը:

XVII

Առավոտ էր: Շամախու ամբողջ հայ բնակչությունը խուռն բազմությամբ դիմում էր դեպի արևմտյան կողմը: Քաղաքի այն փողոցը, ուր գտնվում էր Սանամի տունը, արդեն բոլորովին լիքն էր խառնիճաղանջ ամբոխով: Մեծ թե փոքր, կին թե տղամարդ, ամենքը դիմում էին դեպի Սանամի տունը, որ այդ ժամանակ ներկայացնում էր սիրտ մորմոքող տեսարան:

Ոստիկանները աշխատում էին հետ մղել ամբոխը, բայց ամենքը ձգտում էին մի կերպ առաջ շարժվել:

Հայիֆ, հայիֆ էն գյոզալը, — լսվում էր այս ու այն կողմերից:

Ասում են, որ ինչքան` գյոզալ էր, էնքան էլ լավ հոգի ուներ:

Խեղճ ողորմելին անմեղ տեղը փչացավ գազանի ձեռքին:

Ռուստամը իսկի մեղավոր չէ, — մեջ մտավ մոտ քսան ու երկու տարեկան մի երիտասարդ եվրոպական ձևով հագնված:

Հապա՞:

Մեղավորը մեր քաղաքի վատ սովորությունն է: Երեսը կապած աղջկան տալիս են մի անծանոթ տղայի: Տղան ուրիշների խոսքին հավատալով, ուրիշների խոսքերով էլ կարծիք է կազմում յուր կնոջ մասին: Եթե մեկը մի ծուռ բան է ասում, թեև սուտ, նրա աչքերը արյունով լցվում են, խելքը կորցնում է և ահա այդպես է անում:

էհ, աստված ինչ որ գրել է մեր ճակատին, պիտի կատարվի, մնացյալը դատարկ բան է, — ընդհատեց երիտասարդին մի քառասուն տարեկան մարդ:

Հայիի՜ֆ, հայի՜ֆ:

Այսպիսի և ուրիշ նման ցավակցական դարձվածներ էին լսվում անդադար ամբոխի միջից:

Սենյակներից մեկում հատակի վրա ձգված էր Սուսանի արյունաշաղախ և արյունաքամ դիակը: Պատուհանի վերին ապակիներից առավոտյան լուսո ճառագայթները խուռն ամբոխի վրայով հազիվ ներս սահելով, լուսավորում էին դիակի բաց երեսը: Խաղաղության հրեշտակը յուր թևերը տարածելով այդ պայծառ երեսի վրա, հովանավորում էր նրան մի տեսակ մռայլ ստվերով: Պարսկական շքեղանկար գորգը, որ սփռված էր դիակի տակ, ծածկվել էր Սուսանի արյունով: Դիակի շուրջը հավաքվել էին Սուսանի ծնողները, ազգականները, բարեկամները և մոտակա հարևանները: Գյուլնազը, անսպասելի տարաբախտության հարվածով փշրված մայրը, չոքել էր յուր զավակի անշունչ դիակի գլխի կողմում և ողբում էր: Նա փետտում էր յուր ալեխառն մազերը և կեղեքում կուրծքը եղունգներով: Երբեմն դուրս էր թռչում կրծքից մի կատաղի վայրենի գոռոց, և ամբոխը սարսռում էր այդ ձայնից: Դիակի աջ կողմում կանգնած էր Ծերունի Բարխուդարը ձեռները ծոցում խաչաձև ծալած: Նրա լունասպառ դեմքի վրա կենդանության եթե մի նշան կար, այդ նրա խոցոտված սրտի կսկիծը արտահայտող աչքերն էին, որոնք բևեռված էին Սուսանի խաղաղ և հանգիստ դեմքի վրա:

Դիակի ձախ կողմում նստած էր Սուսամբարը: Ի՞նչ էր անում Սուսամբարը, — այդ ոչ ոք չէր կարող հասկանար: Նա մերթ կատաղաբար համբուրում էր յուր դժբախտ ընկերուհու երեսը, մերթ անհագությամբ լիզում էր նրա փակ աչքերը, երեսը, ձեռները, գլուխը և մերթ հեռու քաշվելով, փետտում էր յուր մազերը և սուր եղունգներով կեղեքում մերկացած կուրծքը:

Սուսամբարի հետևից երկու երիտասարդներ աշխատում էին հետ մղել Սուսանի դիակից Սմբատին: Սմբատի դեմքը ահռելի էր: Նրա կուրծքը բաց էր և մազերը խճճված ու ճակատին թափված: Նրա վառված աչքերը փայլում էին կատաղի հրով, և նա անդադար գոռում էր.

Բա՛ց թողեք, անիծվածներ, բա՛ց թողեք, ես պիտի խեղդեմ, պիտի շանսատակ անեմ, Ռուստա՛մ... Ռուստա՛մ...

Բայց երիտասարդները Սմբատին իրանց գրկում սեղմած, աշխատում էին մի կողմ քաշել նրան:

Սուսանի դիակի ոտների կողմում չոքած էր Մարիամ բաջին: Արտասուքի բուռն կաթիլները դուրս թափվելով աչքերից, ողողում էին նրա նիհար ու պշկած երեսը: Նա անդադար ոսկրացած ձեռները բարձրացնելով, մերթ ծնկներին էր խփում, մերթ մերկացած կրծքին:

Մարիամ բաջու հետևից պտույտ էր գալիս Հայրապետը: Միամիտ ծերունին, կարծես, չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում և ինչ է պատահել: Նա զանազան տարօրինակ շարժումներ էր անում: Նա շարժում էր յուր ալեխառն գլուխը, ձեռները տարածում օդի մեջ, շրջում էր այս ու այն կողմ, սրան ու նրան զանազան անհասկանալի հարցեր առաջարկելով: Նա գոռում էր, գոչում, և ոչ ոք նրա վրա ուշադրություն չէր դարձնում:

Մինչ դիակի շուրջը կատարվում էր այդ տեսարանը, Սանամի ննջարանում տեղի ուներ մի ուրիշը: Երկու ոստիկանները սենյակի դռներում կանգնած, հետ էին մղում Սանամին, որ գոռալով, մազերը փետտելով, կուրծքը ճանկռտելով, գլխամոլոր ձզտում էր ներս: Նրա հետևից խռնվում էր ամբոխը մեծ բազմությամբ:

Անիծվեք, գյուլլախորով իլիք, բաց թողեք, բալիս երեսը տեսնեմ, նրան տանում են...

Իսկ ի՞նչ էր անում ողբերգության գլխավոր դերակատարը, Ռուստամը: Նրա ճակատագիրը պարզ էր: Ռուստամի աջ կողմում կանգնած էր ոստիկանապետը, ձախ կողմում մի փոքրիկ սեղանի շուրջը նստած էր քննիչը: Ստեպ-ստեպ ակնոցները ուղղելով, քննիչը խոժոռ դեմքով նայում էր հանցավորին և զանազան հարցեր առաջարկում:

Ռուստամը լուռ էր և գլուխը քարշ ձգած: Նա, կարծես, քննիչի հարցերը չէր լսում: Քննիչը տեսնելով, որ Ռուստամը համառությամբ լռում է և բացի «ես եմ սպանել»-ից, ոչինչ չի ուզում պատասխանել, գրիչը դրավ սեղանի վրա և ասաց ոստիկանապետին.

Տարեք բանտը, պահեցեք մի առանձին տեղ մինչև իմ գալը:

Ռուստամին դուրս տարան: Բայց նա հենց նոր էր ոտը դրել պատշգամբի վրա, ամբոխի միջից հանկարծ լսվեց մի աղաղակ, և նույն վայրկյանին ճանապարհի հագուստով մի երիտասարդ առաջ վազեց:

Սեյրանը, ախ, դու Հուլիանոս, թողեք շանսատակ անեմ, — գոռաց Ռուստամը, կամենալով վազել դեպի երիտասարդը:

Ոստիկանները նրան պահեցին: Սեյրանը բացականչում էր.

Բռնեցեք Ռուստամին, մի թողեք մոտենալ Սուսանին: Ես սուտ եմ ասել, սուտ, խաբել եմ: Սուսանը անմեղ է, անմեղ է հրեշտակի պես. խալը մայրս է տեսել բաղնիքում, ես չեմ տեսել:

Նա անմեղ էր, հոգիս էլ կորավ, — բացականչեց Ռուստամը և թուլացած ընկավ ոստիկանների գիրկը:

Ամբոխը Սեյրանին ճանապարհ տվավ, Սեյրանը վազեց ներս, ուր ձգած էր նրա անմեղ սիրեկանի արյունաքամ դիակը:

Անցավ մի րոպե, և դրսում եղողները լսեցին մի թնդյուն:

Այդ ատրճանակի ձայնն էր:

Բալաս վա՛յ, բալաս վա՛յ:

Այդ Մարիամ բաջու ձայնն էր:

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Следующая Конец