Շիրվանզադե Ալեքսանդր՝   Նամուս

Այ օլմիշ, անամոթ, անմեռուն, ալի հի՞նչ ես մահրաքա սարքալ, վե՛ր կաց տուն կորի, բղավում էր Շըպպանիկը և, յուր ամուսնու կռնից բռնելով, շպրտում մի կողմ ինչպես մի կեղտոտ լաթ:

Ալի ալի, ալի, ա կնիկ, յանի, յանի... տեր մեղա, տեր... յանի հինչ ա՞մ անըմ, այ օձի ճուտ, չե՛ս թողնելու, որ քյասիբությունս անեմ, — երկյուղածությամբ փնթփնթում է Տատունը, փափախը թափ տալով:

Բայց Շըպպանիկը չի թողնում նրան երկար խոսելու: նա մի ձեռով բռնում է ամուսնու չուխայի փեշերից, իսկ մյուս ձեռում զուռնան բռնած, նրա գլխին տալով, քաշում է ուղիղ մինչև տուն:

Այստեղ սկսվում է մի ուրիշ տեսարան:

Շըպպանիկը սեղմում է Տատունին սենյակի մի անկյունում և, փափախը սեղմելով բերանին կարկտի պես թափում է նրա գլխին հարված հարվածի հետևից: Փոքրիկ մարդն ուզում էր գոռալ, օգնություն կանչել, բայց չէր կարողանում, որովհետև նրա բերանը փափախով սեղմված էր: Նա ուժ էր անում ազատվելու կնոջ ճանկերից, դարձյալ չէր կարողանում: Ճարահատյալ մի կերպ ձեռքն էր առնում Շըպպանիկի մազերը, ամբողջ մարմնով նա կախ էր ընկնում նրանց վրա և խեղդված ձայնով, շնչասպառ ասում էր. «աթա՛նց, աթա՛նց, հա՛ լոո՛ոլի, սիրտս էրվեց»:

Բրա՛խ տուր, — գոռում էր Շըպպանիկը, գլուխը թափահարելով և ոտներով աքացի տալով Տատունի փորին:

Դու բրախ տուր, ես ալ բրախ տամ, — պատասխանում է Տատունը, ավելի պինդ քաշելով կնոջ մազերը:

Եվ այսպես շարունակվում էր, մինչև որ երկուսն էլ հոգնում էին և իրարու ազատում: Երբ Շըպպանիկին հարցնում էին, թե ինչու է այդչափ անգութ վարվում յուր ամուսնու հետ, որին պիտի իսկապես ուրիշ կանանց պես հպատակվի, նա պատասխանում էր.

Հինչ անամ, ա քյուր, ա մեր, գիշեր ցերեկ լակըմ ա, աշխատածը գինի-արաղի յա տամ, տուն մին կոպեկ չի պերըմ: Ես ալ բախտավար ախր կնիկ ամ, տուն ու տեղ ունամ, իմ աշխատածս ալ հերիք չի անըմ:

Նշանավոր դեր էր կատարում Շըպպանիկը քաղաքում: Նա հայտնի էր ամենքին, ծերունիներից սկսած մինչև ամենափոքր մանուկները: Առանց հարցնելու, համարձակորեն նա մտնում էր ամեն տուն, ամեն ընտանիք և, պիտի ասած, ոչ ոք, ծանոթ թե անծանոթ, նրան չէր արգելում:

Շըպպանիկը, ինչպես քաղաքի մեջ ամենահայտնի «զարանգիզի» (միջնորդ), ամենքին հարկավոր էր, և ամենքի համար որևէ բանով նա պիտանի էր: Մեկը տղա ունի նշանելու, մյուսը հասած աղջիկ, փեսացու է որոնում, երրորդը հարսանիք ունի, կանայք պիտի հրավիրի, չորրորդը կնունք ու հինգերորդը մեռելատեր է: Թե՛ ուրախության, թե՛ տխրության դեպքում Շըպպանիկը հարկավոր մարդ է: Ինքը Շըպպանիկը ամենից ավելի էր զգում յուր կարևորությունը և միշտ աշխատում էր, որ ուրիշներին ևս հասկացներ յուր արժանավորությունը: Նա ամենքի հետ անխտիր վարվում էր համարձակ, ոչ ոքից չէր վախենում, չէր ամաչում, ոչ ոքի առաջ չէր լռում: Իսկ եթե պատահում էր, որ վախենում էր, ամաչում էր կամ լռում էր, խորամանկությամբ էր անում այդ և անշուշտ, ոչ առանց նպատակի:

Բայց շատերն էին վախենում Շըպպանիկից, մանավանդ այնպիսիները, որոնք տանը չափահաս օրիորդներ ունեին: Այդպիսիների աչքում Շըպպանիկը կարծես մի տեսակ չաստվածուհի էր, որի գերբնական ուժը կարող էր յուր կամքի համեմատ ստորացնել կամ բարձրացնել քաղաքի աչքում աղջկերանց անունը: Եթե Շըպպանիկն ուզում էր մի աղջկա վարկը վայր գցել քաղաքում, նրա համար շատ դժվար չէր այդ անելու, թեկուզ աղջիկը լիներ անմեղ, անարատ:

«Ես նրան մին մատ արախութունան ամ ճընանչըմ, կապը կտրածն ա, որ թայը չկա: Սախկզի պես ա կըփչըմ մեծերի երեսին: Իրեսի մեռունը գեդաները լպստալ ան»:

Ահա ինչ խոսքերով էր Շըպպանիկը մրոտում խեղճ աղջկան: Դե՛հ, օրիորդի քարը ծովի հատակը գլորվեց, էլ ոչ մի տղա չի վստահանալ նրան մոտենալու, և աղջիկը ստիպված է երկար տարիներ ապրել յուր ծնողների մոտ կուսական կյանքով: Սրա հակառակ, եթե Շըպպանիկն ուզում էր մեկի վարկը բարձրացնելթեկուզ աղջիկը լիներ հաշմանդամ, տգեղնա այնքան կգովեր նրա գեղեցկությունը, «շիրուշնորհքը», «բոյուբուսաթը», մինչև որ զոռով կբանար նրա համար բախտի դուռը: Մի խոսքով, Շըպպանիկի լեզուն մեծ նշանակություն ուներ քաղաքի աղջկերանց համար: Ահա ինչու նրան այդքան պատվում էին ընտանիքներում: Ահա ինչու, երբ նա մեկի դռներից ներս էր մտնում, տանտիկինը նախ և առաջ անհրաժեշտ էր համարում նախազգուշացնել յուր աղջկերանց, որ դրանք համեստ և զգույշ վարվեն Շըպպանիկի ներկայությամբ:

Սանամը նրա համար պատրաստեց ձվածեղ և ինքն էլ նստեց նրա հետ միասին ուտելու:

Տղադ հի՞նչ ա գիրիմ, — հարցրեց Շըպպանիկը, ձվածեղի պատառներն ագահությամբ կլանելով:

Սաղ սալամաթ է, ջանիդ դուա կանի:

Հե՞փ ա գալու, նրան պսակենք, ա ես նրա չինար բոյին մեռնամ:

Պիտի գրող լինի, որ գա, չէ՞:

Հինչի՞ չես գիրիմ:

Ի՛նչ երեսով գրեմ, սաղ քաղաքը չորացել է, մի աղջիկ չի ճարվում երեխիս համար:

Սանամը հետաքրքրությամբ նայեց Շըպպանիկի երեսին, մի բավարար լուրի սպասելով նրանից:

Չի չորացել. — պատասխանեց Շըպպանիկը, հոնքերը վեր քաշելով և կրկին ցած գցելով:

էհ, — արտասանեց Սանամը, հառաչելով:

Շըպպանիկը մի քանի պատառներ ևս կլանելով, անձեռոցիկով սրբեց բերանը ու հետ քաշվեց:

Շնորհակալություն:

Անուշ լինի:

Դե՛հ, շյուտ արա, սյուֆրան հավաքիր, կողքիս նստիր, պան ունամ քեզ հետ, — ասաց Շըպպանիկը հրամայական եղանակով:

Սանամը իսկույն հավաքեց սեղանը, տարավ մյուս սենյակ, շուտով վերադարձավ ու նստեց Շըպպանիկի մոտ:

III

Ասա տեսնեմ ի՞նչ բան է, խեր լինի, — ասաց Սանամը, հետաքրքրությամբ նայելով Շըպպանիկի երեսին:

Շըպպանիկը մազերը երեսից հեռացրեց, գլուխը քիչ թեքեց դեպի ուսը և, ուղիղ Սանամի երեսին ժպտալով, ասաց.

Աղջիկը ճարվալ ա:

Ղորթ ես ասո՞ւմ, Շըպպանիկ, ո՞վ է, ո՞ւմ աղջիկն է, — հարցրեց Սանամը, ուրախությունից ուսերը վեր քաշելով և յուր հաստ իրանը ծռելով դեպի Շըպպանիկը:

Դունիա գոզալին, խաների-բեգերի թոռնը, սաղ քաղաքի աչքը, ջին-ջավահիր, մարալի պես գոկչակ, խանըմ խաթուն, օ՛ վդար...

Ով է, ո՞վ է:

Մի խեղճ, անըմով, պատվով հորումոր աղջիկ: Մի թառլան ղուշ մի գյոզալ, քիիի... ալ հինչ ասամ:

Սիրտդ ճաքի, տրաքի, ա՛յ Շըպպանիկ: Ո՞վ է, ումի՞ աղջիկն է, անուն չունի՞:

Բյուլբյուլ, բյուլբյուլ, բյուլբյուլ...

Ո՛ւֆ, կրակ բռնես, հերիք է, — վերջապես համբերությունից դուրս գալով, բղավեց Սանամը, աջ ձեռը զարկելով Շըպպանիկի ուսին:

Ասա՞ամ, — հարցրեց Շըպպանիկը, խորամանկորեն նայելով Սանամի երեսին:

Ասա՛, ասա՛:

Հի՞նչ կտաս:

Ինչ որ խոստացել եմ:

Ալի նա՛:

Ո՞վ:

Հայալու, աբըռռլու, Գյուլնազի աղջիկ...

Սուսա՞նը, — ընդհատեց Սանամը:

Հա՛, հանց Սուսանը:

Հանաքներդ մի կողմ դիր, օղորմի հորդ, հանաքի ժամանակ չէ, Շըպպանիկ, ասա, տեսնեմ, ո՞վ է գոված աղջիկդ:

Հանաք չամ անըմ, մինիկ տղիդ արևը վկա:

Խելքդ տեղը չի, Շըպպանիկ:

Քալաֆիդ ճոնդը կորցուրալ ես, պան ամ ասըմ, դու հանց էշըդ ես քշում: Իմ խելքս գլխըմս ա: Չիմ մացա, չիմին հարց ու փորձ արի, սուտ, սուտ, լափ սուտ:

Սուտս ո՞րն է, սաղ քաղաքն է խոսում:

Բարըբադ իլի մեր քաղաքը, հինչպես քի հանց բարըբադ ա իլիմ: Հախ միայն տերը քանդի դյուշմանի տունը, որ խեղճ աղջկան անըմը նահախտան կոտրալ ա:

Ո՞վ է դուշմանը:

Կուժ ծախողի տղան, ան մին վիժա բոյի տեր մեռածը: Սեյրանը, Սեյրանը, Սեյրանը: Ան դալուն տափին կպած Սեյրանն ա նահախ տեղան չով արալ սաղ քաղաքում, քիի «Բաբխուդարի աղջիկը իմ հարսնացուս ա, աթանց ա, անանց ա, ֆլան ա, բեշմաքան ա»:

Նահախս ո՞րն է: Սուսանը Սեյրանի հարսնացուն է: Ասում են մի մատ երեխերք են եղել, որ ծնողները նշանել են:

Դե, հենց պանն ալ տա յա ալի: Հենց Սեյրանի ցավն ալ տա յա, քիի առաջ բեշիգքյարթմանա ան արալ, հիմի չան տաամ, պրծավ քինաաց:

Պատճառն ի՞նչ է, որ հիմա չեն տալիս:

Հի՞նչ պիտի իլի: Սաբաբը նա յա, քի Հայրապետի տղան, ան մեռած Սեյրանը, հիմիկվանան, որ մին վիժա բոյ ունի, էնքան շառլատանացալ ա քի, որմեռալ ամ արարիչ ասսու բոյինյա ինքը մինին կսպանի, Սիբիր կիքինա, յա ալ յուրան կսպանեն: Բարխուդարը, Գյուլնազը գի՞ժ ան, քի նրա պես հեյվարին աղջիկ տաա՞ն: Օխտը քաչալ աղջիկս իլի մինի մաղը նրան չեմ տալ ես, դու հի՞նչ ես խոսըմ, չամ մանըմ իսկի:

Չեմ իմանում, էլի խելքս բան չի կտրում:

Հի՞նչ խելքի պան ա, շատ պարզ, շատ աշկարա նաղլ ա: Մեկէլ օրը քիշերվա կեսին մտալ ա շիրաչիխանա, այնքան կոնծալ ա, որ ճանբալակուկուշ ա դառալ: Ետով ընկերների հետնան կռիվ ա արալ, գլոխ-մլոխը չախչախ ան արալ, հիմի տունումը ընկած տընքտընքըմ ա:

Խե՛ղճ տղա, խեղճ հեր ու մեր:

Խեղճ օձ կծի խեղճ տղին:

Այ ախչի, այ ախչի, ինչպես ես ղմիշ անում, որ հոր ու մոր մինիկ տղի համար անեծք ես անում:

Հըմ, գյուլլախորով իլի նա, որ խեղճ աղջկան անըմը սաղ քաղաքի բերանն ա քիցալ: Նա յալ հի՞նչ աղջկան որ ասօրվա լյուսի պես լյուս ա, երկնքի հրեշտակի պես սուրբ ա:

Ախար Հայրապետի տղան ի՞նչ միտք ունի, որ նահախ տեղից Բարխուդարի աղջկան խայտառակ է անում: Չէ՛, Շըպպանիկ, մեջ տեղ էլի մին փուտ կա:

Աղջիկն իսկի փուտ չունի: Ասըմ ես, Սեյրանը հի՞նչ միտք ունի. միտքը նա յա իլալ, քի որ անմեղ աղջկան անըմը չով անի քաղաքում, հինչ ա, քի մին դանա տղա ջուլիաթ չանի նրան ուզիլ, որ վերջը յուրան վիզին մնա: Իմացա՞ր: Առա էէ՛, հիմի անկոջիդ քամակը թե տեսնես, Սուսանին ալ կտեսնես, առա է՛է՛, առ էյ...

Վերջին խոսքերն արտասանելու ժամանակ Շըպպանիկը երկու ձեռների մատերը չռեց և ճանգ արավ դեպի դուրս, Սեյրանին վերաբերելով:

Հիմա ի՞նչ անենք, Շըպպանիկ, սուտ թե ղորթ, էս ձայնը դուրս է եկել էն մարդու աղջկա վրա: Ես էլ, դրուստն ասեմ, իսկի ինքս չեմ էլ հավատում, որ էն հոր ու մոր աղջիկը վատ-վատ բաներ անի, ինչու որ նրան զնդանի մեջ են պահում: Տանից չեն դուրս բերում, որ աստուծո լույսն էլ է տեսնի, ինչպե՞ս կարող էր Սեյրանի երեսը տեսնել: Դրուստն ասեմ, Շըպպանիկ, ղորթ է, ես նրանից ձեռ եմ վերցրել, բայց սիրտս իսկի չի կտրվում: Գիշեր ու ցերեկ նրա պատկերը հենց աչքիս առաջ կանգնած է: Ախար էն բոյ ու բոլսաթը, էն շիր ու շնորհքը, էն գեղեցկությունը ո՞ր աղջիկն ունի:

Իսկ հո՞վ, իսկի հո՞վ, մին դանա յա, թայը չկա: Ես ալ հենց անդյուր ամ ասըմ քի ցեքա պաց չթողնանք ալի: Ախար, ասի տեսնամ, անանց աղջիկ հի՞նչ տեղան ես կարով քիթանալ, հո՞վ ունի: — Իսկի հով, իսկի հով: Սաղ քաղաքի աղջկերանց ճրնանչըմամ, մին-մին դընդըղալամ, ուզում ես չիմին մին-մին մատներովս համբըրամ: Առա՛, դա քեզ Շավալիի թոռըթամբալ, այբեժառ, դա քեզ Եղյանց Խանմի աղջիկըմեջքան ղաթված, կարճ, որ հենց իմանաս հաջյուջ-մաջյուջներան իլի: Հաջյուջ-մաջյուջը նա յա, որ աշխարհքի վերչըմը պիտի կյա: Հա՛, դա քեզ Ագրիփաչանց Մամառի աղջիկ Սապանըհի՞նչ ա, իսկի երեսին թիքիլի ալ չի: Ալ հո՞ր մինը ասամ, — առա՛, դա քեզ..,

Շըպպանիկն երկար ժամանակ մի առ մի թվեց Շամախու չափահաս աղջկերանց անունները առանձին-առանձին: Բանից դուրս եկավ, որ միակ բացառությունը կազմում էր Սուսանը:

Ալի, ալի Սուսանը, ալի Գյուլնազի աղջիկը: Քաղաքը չորացալ ա, նրանից սվա ուրիշը չկա ու չկա: Ա կնիկ, ցեքա բաց մի թողնիլ, — կնքեց Շըպպանիկը յուր ատենաբանությունը, մի սպառնողական հայացք ձգելով Սանամի երեսին:

Այդ հայացքը նշանակում էր, թե եթե վերջինը հրաժարվի Սուսանին յուր որդու համար ուզելուց, հետո շատ ու շատ կափսոսի:

Սանամը գլուխը թեքեց կրծքին և ընկավ մտածողության մեջ: Շըպպանիկը լռեց և սկսեց աչքերի տակով խորամանկությամբ նայել նրա երեսին, կարծես կամենալով թափանցել նրա միտքը: Մի քանի րոպե շարունակվեց այդ լռությունը: Վերջապես, Սանամը գլուխը բարձրացրեց, ծռեց դեպի աջ ուսը, ձեռները իրարու վրա դարսեց և դրավ կրծքին:

Չէ, Շըպպանիկ, ինչքան ֆիքր եմ անում, էլի տեսնում եմ, որ բանը գլուխ եկող չի, — ասաց նա խորհրդավոր կերպով:

Սաբա՞բը, — հարցրեց Շըպպանիկն յուր դեմքի վրա խաղացնելով մի կեղծ զարմացական ժպիտ:

Ես ինքս, ինչպես ասացի, չեմ հավատում, որ Գյուլնազի աղջիկն էս բաներն արած լինի Սեյրանի հետ: Բայց...

Հը՛ը:

Դժվար է աղջկա կոտրված անունը սաղացնել: Հախնահախ` Սուսանը ընկել է քաղաքի աչքում, ես թե որ ուզեմ նրան, խալխը աչքերս թքով կհանի: Դու գիտես, որ ազգականներ, բարեկամներ կան: Չէ՛, Շըպպանիկ, չեմ կարող ես էս վարսս նրանց ձեռքից ազատել, — վերջացրեց Սանամը, աջ ձեռով առաջ քաշելով գիսակներից մինը և ցույց տալով Շըպպանիկին:

Ես ալ կասամհինչ ես ասիլյու: Ղեյիղդ կտրվի, ազգականներ, բարեկամներ, ֆլան-բեշմաքան: Քյանդյուկ-Մանանը չի՞ բարեկամիդ մինը: Հըմ, ես նրա բարեկամ աչքը հանամ, հալլա: Մի՛ ինջիմիշ իլիլ ինձանա, Սանամ խանըմ, որ բարեկամիդ աթանց ուշունց ամ տամ, չունքի ես իմանըմ ամհով ա բարեկամդ, հով ա չարակամդ: ՔյանդյուկՄանան, Թուխիկ-Մոլխիկ, ֆլան-ֆստան, դրանք չիմ, ա կնիկ, դյուշմաններդ ան, դյուշմաններդ: Տակադ բիշտի ան տամ, հայ մի ուզիլ Գյուլնազի աղջկան, հայ բիաբուռ կիլես, աթանց, հայ անանց: Ականջներդ լա՛վ բացիր, լա՛վ լիսի, նրանք չիմ քու փիսիդ ան ուզում, իրանց գլոխն ան քորըմ: Թուխիկը քեզ բիթիմ ա, որ չուզես Սուսանին, ամա ինքը տական ջուհթա անըմ, քի յուրան տղի հետի ուզի: Հըմ, հի՞նչ կա, զարմանո՞ւմ ես: Բա՛ս, բա՛աս, աթանց ան քու բարեկամներդ:

Բայց ինչպե՞ս կկապեմ նրանց բերանը:

Դա Շըպպանիկի վրա քիցիր, չիմ վիզիս դիր, չի՛մ: Տես ես հինչպես կկապեմ յա Քյանդյուկ-Մանանի, յա Թուխիկ-Մուխիկի, սաղ քաղաքի բերանը: Չիմի, չիմի ռեխը կցեխամ, դու բանիդ կաց: Ինձ ճընանչըմ ես քի, փառք ասսու, Շամախին մին ղազան ա, ես ալ շիրեփ, խառնի հա խառնի:

Շըպպանիկ, ես շատ եմ վախենում, որ մեր իստակ անունը...

Հյունչրու ասօր Շըպպանիկի ցեքով փիս բան չի եկալ, ումուդ ամ, որ օրաս դանն ալ չի կյալ: Սաչ ամ աղարթմիշ արալ աթանց բաները, դյու ինձ մին ցեքով ես փռնալ հի՞նչ ա: Ալ չաթուն մի երկարացնիլ, ես հինչ քի ասմամ, ինձի լիսի, ետով թող մեղքը իմ վիզիս մնա:

Շըպպանիկ, բա Ռուստա՞մը

Հը՞մ:

Կրակի կտոր է, որ իմանաա, օօ՛օ, թիքա-թիքա կանի մեզ:

Այ ես նրա կրակի կտոր բոյին մեռնեմ, հալլա: Ախչի, ախչի, նա հի՞նչ ա մանըմ օխտը սարի ետըմը, քի իստեղ Սեյրանի պես հեյվարաները հի՛նչ ան խոսըմ յուրան հարսնացվի վրա: Մին ալ, քի ախըր հանց ասըմանք, քի սաղ «քաղաքն ա իմանըմ, սաղ քաղաքն ա իմանըմ»: Հո՞վ ա ասըմ: Ես ասքան շուռ ամ կյամ, իսկի մին տեղ չի լիսեցի Սուսանի անըմը: Մինիկ Քյանդյուկ-Մանանը, Թուխիկ-Մուխիկներն ան խոսըմ, մին ալ մին քանի հայվարաներ, ալ հո՞վ ա խոսըմ:

Ես ի՛նչ գիտեմ, ոչինչ չեմ հասկանում, ես թավաքալի կնիկ եմ: Շըպպանիկ, դու քո աստվածը, իմացիր, որ հոգի ունես ահեղ դատաստանի առաջ տալու:

Թող Շըպպանիկի հոգին քառասուն հազար սատանաների փայ իլի, եթե նա քեզ մուխանաթություն ա ուզում անի :

Թող լինի:

Հառուր հզար սատանի գլուխ կըճըճեխամ, չամ թողնիլ, քի ձեր մատը փուշ մտնի: Դե, վեր կաց մին քիչ մրաբա բեր, որ բերանս քաղցրացունամ, ետով քինամ, բանը վերջացունամ:

Ի՞նչ ես վռազում, մի քիչ համբերի, որ ֆիքր անեմ:

Ալ ֆիքր անելի տեղը չի, քանի տաք-տաք ա, բանը վերջացրու քինա: Ես երեկ ասօր Բարխուդարանց տանումն ամ իլալ, ղորթը ասամ, իսկի ինքը, Բարխուդարը, ռազի չէր իլիմ, որ տղիդ աղջիկ տա: Աղաչանք, պաղատանք արի, ախըրը մին թահար խոսկ առի...

Ի՞նչ, աղաչել-պաղատելս ո՞րն է: Ասում է. «փուսոսնիկին դրին խալիի վրա, թոլ իլավ»: Հիմա ես Բարխուդարի աղջիկն ուզեցի, մնաց նրա նազ անելը, այ էրի հա՛:

էրի հա չի, Սանամ խանըմ, մի՛ նեղանալ, դե Բարխուդարն ալ մարդ ա, ախըր չի ասիլյու, քի «հը՛, առա՛, վիզովդ ամ քիցիմ աղջկանս, տա՛ր»: Մին քիչ նազը-բազ կանի ալի, բաս հի՞նչ: Ամա դու արխային իլիր. ես թանը քութահ ամ արալ: Դյու հանց ասօր նշանի մատանիքը հազիր արա, մին ալ տղիդ գիր գրի, որ շուտով կյա, ալ չյետանա: Գիրի՛ր էէ, որ չյետանա, ասիր «իրեսդ թրջած ա, եկ իստեղ վեր արա»: Ամա լավ կանես, Սանամ խանըմ, որ նա հի՛նչ ա, ան զահրմարի անըմը, որ թելով քինյամ ա: Նա ալի, որ աս տարի ան շինալ:

Տեպե՞շ:

Հա, հա, ան սատանի քյարխանան, որ ասըմ ան մին սահաթըմ համխաբար ա տանըմ, համ բերըմ: Դե լա՛վ, ինչպես ուզում ես, անանց արա: Ամա հանց ասօր վերջացրու բանը հա: Դեհ, ախըր ասացի, վեր կաց մըրաբա բեր, որ բողազս քաղցրացունամ:

Ո՛ւֆ, բողազդ որդնը դնի:

Սանամը բարձրացավ տեղից, գնաց մյուս սենյակը: Մի քանի րոպեից հետո նա վերադարձավ մատուցարանը ձեռին, որի վրա փոքրիկ ափսեներով դրված էին երկու տեսակ մուրաբաներ և մի բաժակ օղի:

Աստոծ շաննո՛որ անի, դյուշմանի աչքը քոռանա, — բացականչեց Շըպպանիկը, դատարկելով օղիի բաժակը և իրարու հետևից մի քանի գդալ մուրաբա կուլ տալով:

Ես ի՛նչ գիտեմ, տա աստված, որ վերջներս խեր լինի, — արտասանեց Սանամը, հառաչելով:

Դե՛հ, հալալիգա, մնաս բարով: Ես վազ տամ Գյուլնազի գլխին, որ նրա հետնան ալ բանը քյութահ անամ: Դյու, հինչպես ասացի, Սանամ խանըմ, մին կտոր գիր գրիր, ան ստանի թելով խըրկիր տղիդ, որ ալբա ալ յըղի ընկնի: Մնաս բարով:

Շըպպանիկը շալը ձգեց գլխին և դուրս եկավ: Սանամը մուրաբաները տարավ մյուս սենյակը, հետո եկավ թախտի վրա նստեց և մտածողության մեջ ընկավ:

IV

Այդ օրից ուղիղ հինգ շաբաթ էր անցել: Աշնանային մի ուշ երեկո էր: Հոկտեմբերի հորդառատ անձրևներից կիսախարխուլ Շամախու լայն, բայց կեղտոտ փողոցներում գոյացել էին անտանելի ցեխ և բազմաթիվ մանր ճահիճներ: Եղանակը բավական ցուրտ էր: Թանձր մառախուղը, հասնելով մինչև երկրի մակերևույթը, քաղաքը պատել էր անթափանցելի խավարով: Ամեն ինչ խաղաղ էր, բնակիչները արդեն վաղուց քնած էին: Փողոցներում տիրում էր լռություն, որ ընդհատվում էր գիշերային պահապանների քնաթաթախ ձայներով: Այդ Ժամանակ քաղաքի կենտրոնում գտնվող գինետներից մեկում հավաքված էր երիտասարդական մի խումբ: Սրանք, թվով մինչև ութ հոգի, մի կիսամաշ և կեղտոտ սեղանի շուրջը նստած «քեֆ էին անում», այսինքն արաղ ու գինի էին խմում և խորոված ուտում: Տիրում էր մի այնպիսի խառնաշփոթ և խլացուցիչ աղմուկ, որ, կարծես, այստեղ մի ահագին բազմություն կար: Մեկը, բուխարու գդակը բերանին պահած, երգում էր ինչ-որ պարսկական երգ: Մյուսը երկու ձեռներով խփում էր սեղանին և բերանով շվացնում, իբրև թե երգեցողի հետ ներդաշնակություն պահելով: Երրորդը կարմրած դեմքով, վառված աչքերով, գինով լի բաժակը ձեռին, ոտքի կանգնած, գոռում էր ինչքան ձայնում ուժ կար, ինչ-որ «կենաց» առաջարկելով: Մի ուրիշը տաքացած վիճաբանում էր յուր մոտը նստած ընկերոջ հետ այնպիսի ձայնով, որ, կարծես, խոսակիցը կես վերստ հեռու լիներ:

Այս բոլոր խառնաշփոթ, անճոռնի և այլանդակ ձայները միանալով ծխախոտի և խորովածի թանձր ծխով և ըմպելիքների շոգով տոգորված խոնավ մթնոլորտի մեջ, անախորժ ազդեցություն էին անում մարդու վրա: Իսկ միջահասակ, հաստափոր, աչքերը ճարպ կոխած գինեվաճառը մի առանձին զորություն էր տալիս այդ աղմուկին: Կեղտոտ գոգնոցը փորին կապած, նա գինետան մի անկյունում խորովածի շամփուրները պտտեցնում էր ճզվըզող կրակի վրա և հաստ ու խռպոտ ձայնով անդադար գոռում. «փահ, փա՛հ, ի՛նչ քյաբաբ ա, քեֆ արեք, մեռնեմ ձեզ պես ջահի՛լների դամաղին, հափ-հափ, ադա, հուռռա՜: Եվ գինեվաճառի զորեղ ձայնը, սրընթաց անցնելով գինետան կամարաձև առաստաղի տակով, ճնշում էր մյուս ձայները:

Այս ընդհանուր խառնաշփոթությանը չէր մասնակցում միայն մի երիտասարդ: Նա արմունկները սեղանի մի անկյունին հենած, գլուխը ձեռների ափերի մեջ դրած, անշարժ նստած էր: Գինետունը լուսավորվում էր առաստաղից քարշ արած մի կանթեղով, որ ծածկված էր հարյուրավոր ճանճերով: Կանթեղի դեղնագույն լույսը, հազիվ թափանցելով թանձր մթնոլորտը, երիտասարդի կռների արանքով ընկել էր նրա նիհար և դեղնած դեմքի վրա: Նա աչքերը սեղանին հառած` ինչ-որ մտածողության մեջ էր: Ընկերների աղմուկը, կարծես, նրա ականջներին չէր հասնում:

Ադա, Ենգիբար, մի բաժակ գինի թափիր էդ նամարդի գլխին, ինչու է մռափըմ, էս գիշեր մեր քեֆը նա հարամ արավ, — գոռաց բեղերը ոլորած մի երիտասարդ, դառնալով դեպի մի ուրիշը:

Բացվի՛ր, ադա, Սեյրան, բացվիր բահարվա վարդի պես, իսկի ֆիքր մի՛ անիլ, հորես նրանք կգան, մի քիչ կոնծիր, որ սիրտդ պնդանա, — ասելով դարձավ Ենգիբարը Սեյրանին և, բռնելով նրա գլխի մազերից, գլուխը վեր բարձրացրեց:

Մի բաժակ գինի, մեծը, մեծը ածեցե՛ք, տվե՛ք Սեյրանին, ես, ինչպես թամադա, հրամայում եմ, — շարունակեց սրած բեղերով երիտասարդը, ինքն ևս յուր բաժակը նորից լցնելով:

Քանի մի վայրկյանում Սեյրանի առջև շարվեցին գինով լի մի քանի բաժակներ: Սեյրանը մտիկ տվավ նրանց և գլուխը շուռ տվեց:

Խմի՛ր, ասում եմ, թե չէ գլխիդ ածել կտամ, — հրամայեց թամադան:

Չեմ ուզում, — մրմնջաց Սեյրանը, բաժակները իրանից հեռու գնելով:

Ինչո՞ւ:

Սիրտս խառնում է, — պատասխանեց նա թույլ ձայնով:

Դատարկիր, ասում եմ, թե չէ ձեռքիցս չես պրծնիլ, հը՛մ:

Սեյրանը մի բաժակ դատարկեց:

Աթանց, քամի՛ր, բաժակդ էլ թարս պարանի՛ր, ա՛յ ջան: Դա իմ կենացը, դե մինն էլ վե՛րցրու, ասում եմ քեզ, կուժը գլխիդ եկավ հա՛ա:

Սեյրանը երկրորդ բաժակը դատարկեց:

Հա, էդպես, այ ղոչաղ Սեյրան, տղամարդ ես, տղամարդ, հափ հափ, հուռռա՜:

Սեյրանը, բաժակները զզվանքով մի կողմ դնելով, դարձյալ գլուխը թեքեց կրծքին:

Նրա կարմրած աչքերի արագությամբ խաղացող բիբերից, ծռմռվող շրթունքներից, կակազող լեզվից երևում էր, որ գլուխը խիստ տաքացած է: Պակաս չէին հարբած և մյուսները: Բայց դրանք դեռ մեծ հաճությամբ շարունակում էին բաժակները գատարկել, այն ինչ` Սեյրանը վերջին բաժակը խմեց այնպիսի տհաճությամբ, յուր դեմքն այնպես թթվացրեց, որ, կարծես, քինաքինա էր խմում:

Աղմուկը քանի գնում այնքան զորեղանում էր: Ամենաչնչին պատճառներից սկսվում էին տաք վիճաբանություններ: Թամադան անդադար կենացներ էր առաջարկում և, միևնույն ժամանակ, աշխատում էր հանգստացնել վիճաբանողներին: Բայց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նրա վրա, ամեն մեկը յուր ձայնն էր լսում և յուր համար խոսում: Գինե տան դռները հանկարծ բացվեցին, և ներս մտավ մի բարձրահասակ երիտասարդ, որ բռնած էր աջ ձեռում մի երկայն փայտ: Նա գլխին դրած էր ձմերուկաձև, կարմրագույն մորթյա գդակ, որի ծայրը հասնում էր նրա փոքրիկ և խորամանկ աչքերին:

Շուտ արեցե՛ք, ադա՛, — ներս մտավ թե չէ գոչեց երիտասարդը շնչասպառ ձայնով:

Դուրս եկա՞ն, — հարցրին գրեթե միաբերան բոլոր հանդիսականները:

Հա՛, հա՛, փետներդ վերցրեք, — պատասխանեց երիտասարդը, ձեռի փայտը անհամբերությամբ զարկելով գինետան հատակին:

Մի րոպե տիրեց լռություն: Ամենքը տարակուսությամբ նայում էին իրարու երեսին:

Սեյրանն արագությամբ վեր թռավ տեղից և, շուռ ու մուռ գալով, սրան ու նրան դիպչելով, դիմեց դեպի դռները: Լրաբեր երիտասարդը վազեց դռների առաջ, ձեռները աջ ու ձախ տարածեց և, կուրծքը դուրս ցցելով, կտրեց նրա ճանապարհը:

Կանգնի՛ր:

Հեռո՛ւ, — բացակաչնեց Սեյրանը, երկու ձեռներով հրելով երիտասարդի կրծքին:

Մի՛ վռազիր:

Բաց թո՛ղ:

Համբերիր, միասին դուրս կգանք, — հակառակեց լրաբերը, յուր ուժեղ ձեռներով պահելով գինու զորությունից թուլացած Սեյրանին:

Սեյրանը շուռ եկավ և մի հայացք ձգեց յուր ընկերակիցների վրա: Ոչ ոք չէր շարժվում յուր տեղից: Լրաբերը կրկին փայտով զարկեց հատակին և գոռաց:

Շուտ արեք դե, թե չէ տուն կհասնեն, հետո էլ բանը բանից անց կկենա:

Անցան մի քանի լուռ վայրկյաններ ևս: Վերջապես, թամադի դեր կատարող երիտասարդը բարձրացավ տեղից, վազեց գինետան մի անկյունը, վերցրեց մի երկայն փայտ և փափախը սեղմեց գլխին: Հետո նա կանգնեց գինետան մեջտեղում և հանդիսավոր եղանակով արտասանեց հետևյալ խոսքերը.

Տղերք, դուքձեր նամուսը, ղոչաղ պահեցեք ձեզ, սրտներդ գայլի նման: Վայ էն նամարդի գլխին, որը երես շուռ կտա նրանցից. ասում եմ, փախչողի թափան-թիրիքը կթափեմ... տեսնում ե՛ք, դրանով հաա՛:

Այս ասելով, նա չուխայի փեշը հետ ծալեց, մեջքը շուռ տվավ երիտասարդներին և ցույց տվավ գոտիից քարշ արած դաշույնը:

Դեհ, վերցրեք փետներդ, հայդա, — ավարտեց նա յուր խոսքը և գռռալով դուրս վազեց:

Բարձրացավ մի խառնաշփոթ աղմուկ: Ամենքը մի-մի փայտ խլեցին: Մի քանի րոպեում խումբը, շուռ ու մուռ գալով, իրարու դիպչելով, դուրս թափվեց: Գինետունը դատարկվեց:

Սեյրանն ամենից առաջ էր դուրս եկել:

V

Մառախուղն ավելի թանձրացել էր: Փողոցների անկյուններում ցցված լապտերների լույսը, հազիվ թափանցելով գիշերային խավարը, սփռվել էր ցեխոտ ճահիճների վրա և փայլեցնում էր նրանց կեղտոտ մակերևույթը:

Քաղաքի կենտրոնում գտնվող «հին ժամ» անվանված եկեղեցուց քիչ հեռու, փողոցի ծայրում երևցավ մի զորեղ լույս, լսվեցին զուռնայի և նաղարայի (թմբուկ) խլացուցիչ ձայներ: Այս լույսի և երաժշտության հետ միասին դիմում էր առաջ կանանց, տղամարդկանց և մանուկների մի բավական մեծ խումբ: Ժամանակ-ժամանակ զուռնայի ձայնը խլանում էր բարձրաձայն կրկնվող ուրախ բացականչումներով, շվոցներով և ծափահարությունով: Խումբն ընթանում էր առաջ ծանր և հանդիսավոր քայլերով:

Սուսանի հարսանիքի հանդեսն էր: Նորահարսը ոտից ցգլուխ փաթաթված էր մետաքսյա խայտաճամուկ չարշովի մեջ: Նրա երեսն ամբողջապես ծածկված էր թանձր քողով, տեղական սովորության համեմատ: Մոտ քսան ու հինգ տարեկան մի միջահասակ երիտասարդ գալիս էր նրա ձախ կողմով: Նա հագնված էր ո՛չ եվրոպական և ոչ ասիական եղանակով կամ պարզ ասած, նրա իրանն ասիացի էր, իսկ ոտներն ու գլուխը եվրոպացի: Մոխրագույն ատլասյա նորակար արխալուղ, ոսկյա բարակ գոտի, նուրբ սևագույն մահուդից կարած վենգերկա, մեծ ֆուրաշկա, նեղ անդրավարտիք և ճռճռան կոշիկներ, — այս էր նրա հագուստը: Նրա լայն թիկունքից, բարձր և բավական դուրս ցցված կրծքից հաստոսկոր երեսից, սուր այտերից, ամուր բազուկներից երևում էր ֆիզիկական ուժ և առողջություն: Իսկ արեգակի տաքությունից նրա այրված թուխ դեմքը, հաստ և քիչ տափակ քիթը, խորը խորշերի մեջ թաքնված մեխակագույն բոլորակ աչքերը և խոշոր սև ունքերը մի քիչ անախորժ և օտարոտի տպավորություն էին անում մարդու վրա: Նրա երեսը մաքուր սափրված էր, նորաբույս, բարակ սևագույն բեղերը խնամքով սրած: Առհասարակ տխուր, դաժան մարդու բավական տգեղ մի կերպարանք էր:

Սանամի որդի Ռուստամն էր, Սուսանի նշանածը: Երկար չենք պատմիլ, թե՛ ինչպես գլուխ եկավ Սուսանի և Ռուստամի նշանվելը և, վերջապես, հարսանիքը: Միայն այսքանը հարկավոր է ասել, որ այս բանում գլխավոր դեր կատարողը դարձյալ «զարան գիզի» Շըպպանիկն էր:

Կիսով չափ համոզելով Սանամին, որ սա յուր որդու համար Սուսանին ուզի, Շըպպանիկը հենց նույն օրից սկսեց գործ դնել բոլոր յուր հնարները, որպեսզի բանն անհապաղ վերջացնե: Նախ և առաջ նա գնաց Սանամի ազգականների և բարեկամների, «Թուխիկ-Մուխիկի» մոտ, որ ամենքի առաջ Սուսանին արդարացնի: Թեև Բարխուդարը նրան չէր խնդրել, որ այդքան աշխատի յուր աղջկա մասին և միայն կիսաբերան մի թեթև ակնարկություն էր արել, սակայն այսքանն էլ հերիք էր Շըպպանիկին: Նա շատ էր լսել, ինքն էլ անձամբ փոքր ինչ ծանոթ էր Բարխուդարի բնավորությանը և գիտեր, թե ինչ նշանակություն ունի մի թեթև ակնարկ Բարխուդարի պես մարդու կողմից: Այս պատճառով Շըպպանիկը հանգստություն չուներ, ամբողջ երեք շաբաթ այստեղ ոը այնտեղ, սրա ու նրա մոտ վազեց, գործ դրեց ամբողջ խորամանկությունը, սպառեց բոլոր հնարագիտությունը, լեզվի բոլոր ուժերը, մինչև որ բանը հաջողացրեց: Մի քանի կողմնակի հանգամանքներ ևս քիչ չնպաստեցին Շըպպանիկին: Բանն այն է, որ այդ ժամանակները Շամախի եկել էր մի օտարաքաղաքացի երիտասարդ վաճառական: Հայտնի չէր ինչպես, Շըպպանիկի գլուխը մտել էր, որ իբր այդ երիտասարդը եկել է «Շամախու գյոզալներան մինին ղափմիշ» անելու, այսինքն պսակվելու նպատակով և փնտրում է մի գեղեցիկ ու խելոք աղջիկ: Շըպպանիկը մի օր ձեռները հինայով ներկեց, մազերը կարգին սանրեց, երեսը Ղազանի սապոնով լվացավ, սնդուկից դուրս բերեց նոր շալը, ձգեց գլխին ու, հայդա, երիտասարդի մոտ:

Նա ծանոթացավ վերջինի հետ, մի քանի բաժակ թեյ խմեց նրա մոտ, զննեց, քննեց, հարց ու փորձ արավ նրան, թե ո՛վ է, ինչ տեղացի է, ինչ գործի է, որքան կարողություն ունի և այլն: Բանից երևեցավ, որ երիտասարդը գանձակեցի է, պարապում է մետաքսի առևտուրով և բավական կարողություն ունի: Թե նա Շամախի է եկել առևտրական գործերով և ոչ թե պսակվելու, թե ինքն արդեն պսակված է և երբեք մտադրության չի ունեցել երկրորդ կին ունենալու, «չունքի առաջին կնիկը կռիվ կանի, համ էլ, դեհ, հայ քրիստոնյայի օրենքով մի մարդ երկու կնիկ չի կարող պահել» և այլն, և այլն:

Տեղեկանալով այս բոլոր մանրամասնություններին, Շըպպանիկը քիթը քաշ, «քյոռ ու փոշման» դուրս եկավ երիտասարդի մոտից, բայց առ ժամանակ վճռեց ոչ մի մարդու չհայտնել, թե ինքը սխալված է եղել: Նա նպատակ ուներ: Անմիջապես Շըպպանիկը վազեց Սանամի գլխին և սուտ-սուտ, շունչը փորը գցելով, հաղորդեց նրան: — «Ա կնիկ, հանց աս սահաթին ան գենջեցի տղի մոտան ամ գամ: Փող, դովլաթ, սելի պես: Ինքն ալ մի գյոզալ ա, մին գյոզալ ա, մի բոյ բուսաթ ունի, քիիի որ դյու ալ, պառավ տեղովդ, տեսնես քեֆդ կգա, կսիրահարվես: Ինձի թափշուր արավ, որ մին լավ աղջիկ ճարեմ նրա համար: Հիթսուն դանա ջնգալի նիկոլայներ խոստացավ ինձ: Ես նրա մոտ Գյուլնազի աղջկան թարիֆ արի, խեղճ մարդու բերանը բաց մնաց, ասեց. «հենց նա ինքն ա իմ ուզած աղջիկը»: Հիմի, ա կնիկ, ալ ինձ խոսացնել չի իլիլ, ասիր, տեսնամ, ագյամ ուղում ես տղիդ հետի Սուսանինուզիր, ագյամ չես ուզում - ալ ան մարդու աղջկան բանդուվանի մի քիցիլ, թող քինամ ան տղի հետի քյութահ անամ, բանը քինա»:

Следующая страница