Մուրացան՝   Պատմվածքներ

Ահա հենց այս տեսակետից նայելով ես ա՛յն կարծիքին եմ, որ թույլ բնավորությունները մանավանդ, որպիսիք են կանանցը, պետք ունին ավելի քաջալերության և խրախուսանքի, երբ նրանց մեջ երևան է գալիս գործունեության ուժը և պարտաճանաչության արդյունավոր զգացմունքը: Այն կինը, որ ըմբռնում է յուր կոչումը և բարձր է պահում նրանարժանի է հարգանքի և քաջալերության, իմաստակ անտարբերությունը կարող է վհատեցնել նրան, իսկ մի վհատյալ կինը անպետք է իր ընտանիքի համար:

Պարզ է ուրեմն, թե ինչու համար ես ուրախանում էի քրոջս աշխատասիրությունը տեսնելով և թե ինչու ես իրավունք էի տալիս նրան պարծենալու յուր պարտաճանաչ տանտիկնությամբ:

Բոլոր տունը շրջագայելուց հետ մենք դուրս եկանք այն պատշգամբը, որը նայում էր ծովի և նավահանգստի վերա: Այստեղ մաքուր սփռոցով ծածկված սեղանի վերա արդեն պատրաստ էր փայլուն ինքնաեռը, թեյի բոլոր պարագաներով: Քույրս իսկույն ձեռք առավ յուր պաշտոնը մի առանձին ուրախությամբ և հրճվանքով: Նրա շրթունքների վերա ամբողջ ժամանակ փայլում էր մի քաղցր ժպիտ, որ նշան էր յուր սրտի անսահման գոհունակության: Իսկ իմ բարի Փեսան, որ շատ քիչ բան էր կարդում յուր կնոջ հայացքների մեջ, և իբր այր մարդ, ընդունակ չէր նույնչափ քնքշությամբ յուր սրտի ուրախությունը արտահայտելու, շատանում էր միայն զանազան ծառայություններ անելով ինձ: Նա ինքն էր անձամբ թեյ բերում ինձ համար, ինքն էր առաջարկում կաթ կամ սեր և ընտրելով շաքարահացերից լավագույնները անընդհատ հրամեցնում ինձ: Այդ միջոցին ես վայելում էի կենցաղասեր մարդկանց սիրելի բոլոր գրգանքները, իրենց կատարյալ քաղցրություններով:

Արեգակը արդեն մայր էր մտել և երեկոն կամաց կամաց տարածում էր յուր գորշագույն մթությունը: Մի քաղցր հովիկ շարունակ փչելով ծովի կողմից դեպի մեզ խիստ ախորժելի էր կացուցանում ամառային երեկոն, իսկ լուսնի եղջյուրը, որ արդեն բարձրացել էր երկնակամարի վերա, ուղղակի նայում էր դեպի մեզ և ձրի լուսավորություն էր խոստանում մեր պատշգամին:

Այժմս արդեն հանգիստ զրուցատրության ժամանակն էր: Քույրս և փեսաս սկսել էին սովորական հարցափորձը, ե՞րբ արդյոք դուրս եկա տնից, քանի՞ օր ճանապարհորդեցի. արդյոք չհիվանդացա կամ մի որևէ վտանգ չպատահե՞ց ճանապարհին: Հետո թե ի՞նչպես էր մայրս, առո՞ղջ էին մեր երեխաները, ո՞րչափ են մնացել նրանք, ի՞նչ ապսպարեցին ինձ իրենց հաղորդելու համար. և կամ ի՞նչ են շինում մեր մյուս ազգականները, հորաքույր, մորաքույր, նրանց աղջկերքը, տղաները, արդյոք բոլորն էլ առո՞ղջ են. բոլորն էլ լավ ապրում են. վերջապես թե ո՞վ ինչպես պսակվեց, ո՞վ ինչ զավակ ունի, ո՞ վ Աբրահամու գոգը գնաց և այլն, և այլն, և այլն:

Այս բոլոր հարցերին ես մի առ մի պատասխանում էի՝ աշխատելով որքան կարելի է տխուր կամ անմխիթարական ոչինչ չհաղորդել: Որովհետև թեպետ իմ հայրենիքում շատ բան իմ պատմածներից տարբեր դրության մեջ էր գտնվում, սակայն ես չէի կամենում իմ տխուր հայտնություններով խանգարել այն ուրախությունը, որ նույն միջոցին տիրում էր իմ քրոջ ընտանիքում, ճշմարիտ խոսելու համար ես դեռ ժամանակ շատ ունեի:

Գիշերից մի քանի ժամ արդեն անցել էր, երբ ես իմ համարատվությունը վերջացրի, և բոլորս միասին ընթրիքի նստանք: Այստեղ արդեն մեր խոսակցությունը ոչինչ կապ չուներ յուր մեջ. մենք խոսում էինք ամեն բանից և կերակրից, և՛ ծառաներից, և՛ դրացիներից, և կամ կատակներ էինք, անում, երգում էինք և ծիծաղում: Միայն ընթրիքի վերջում չգիտեմ ինչպես պատահեց, որ մենք դարձյալ հիշեցինք օրիորդ կոլսինյանին և մի փոքր ժամանակ էլ նրա անվանը նվիրեցինք մեր խոսակցությունը: Թեպետ ես կկամենայի ավելի երկար զբաղվիլ այդ վերջին զրուցատրությամբ, որովհետև զգալի կերպով հետաքրքրել էր ինձ այդ օրիորդի անձնավորությունը, բայց որովհետև ճանապարհի հոգնածությունից արդեն ծանրանում էին իմ աչքերը, ուստի բարի գիշեր մաղթելով սեղանակիցներիս խույս տվի ինձ համար պատրաստված ննջարանը իմ բախտը Մորփեոսին հանձնելու համար:

Ե

ՆՈՐ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հետևյալ առավոտ ես շատ ուշ զարթեցի: Քույրս ինձ հայտնեց, որ այդ օրը մենք հրավիրված էինք քաղաքից դուրս ոչ շատ հեռու գտնվող այգիներից մինում ճաշի, և պետք է շտապեինք ըստ սովորութան մի փոքր վաղ այնտեղ գտնվելու: Այդ լուրը ինձ ուրախացրեց, որովհետև ես սիրում էի բացօթյա զվարճությունները, բայց ավելի մեծ եղավ իմ ուրախությունը, երբ իմացա, որ մեզ հրավիրողը Լուսինյանների ընտանիքն է:

Այսօր Մարգարիտայի ծննդյան օրն է, — ասաց քույրս, — այդ պատճառով և նրա ծնողները ըստ սովորության ճաշկերույթ են պատրաստել իրենց սեփական այգում:

Ուրեմն այստեղ ուրիշ շատերը կլինին, — հարցրեցի ես:

Գրեթե քաղաքիս մեջ գտնված հայ ընտանիքների մեծ մասը, — պատասխանեց քույրս, — այստեղ մեծ քաղաք չէ, այդ պատճառով էլ բոլորը գրեթե միմյանց հետ բարեկամական հարաբերություն ունին:

Ես իսկույն լվացվեցա և շտապշտապ սկսա հագնիլ: Երեկվա օրիորդի և նրա բարեկամների հետ մի ժամ առաջ ծանոթանալու փափագս այնքան մեծ էր, որ ես չուշանալու համար չէի կամենում մինչև անգամ մի բաժակ թեյ առնել: Բայց քույրս ստիպեց, որ ես անոթի դուրս չգամ տանից: Ես նրան հնազանդվեցա և հանգստություն կեղծելով դատարկեցի մի բաժակ: Կառքը արդեն պատրաստ էր, երբ մենք դուրս եկանք:

Իմ քրոջ տունը գտնվում էր գրեթե քաղաքի մի ծայրում, ծովափից ոչ շատ հեռու, այնպես որ նշանակյալ այգին հասնելու համար մենք պետք է ամբողջ քաղաքը պտտեինք: Այդ հանգամանքը օգնեց ինձ մի հարևանցի կերպով ծանոթանալ նրա դիրքի, տարածության և շինությունների հետ:

Այդ փոքրիկ քաղաքը գտնվում էր ծովեզրին շատ մոտիկ մի մեծ բլրի ստորոտում: Շինությունների մեծ մասը տարածված էր ծովեզրը պարփակող դաշտավայրի վերա, իսկ փոքր մասը գտնվում էր բլրի լանջերի և նրա բարձրավանդակի վերա: Քաղաքի տարածությունը մեծ չէր և ծածկված էր գեղեցիկ և աչքերը պարուրող կանաչությամբ: Փողոցները գրեթե ամեն տեղ էլ գեղեցիկ և լայն էին եզերված ուղղաձիգ ծառերով և ոչ շատ հարուստ, բայց կոկիկ և մաքուր տներով: Այստեղ չկար մեծ քաղաքների ո՛չ շշուկը, և ո՛չ խառնիճաղանճ անցուդարձը: Երևում էր, որ կարելի էր այս քաղաքում հանգիստ և սակավապետ կյանք վարել առանց դրացիների և դրացուհիների ծաղրի և բամբասանաց առարկա դառնալու:

Ամբողջ ժամանակ, որ մենք անցնում էինք քաղաքի միջով, ես զանազան հարցեր էի անում քրոջս և փեսայիս, և նրանք լիուլի գոհացնում էին իմ հետաքրքրությունը, ծանոթացնելով ինձ զանազան շինությանց, կրպակների և խանութների հետ և կամ պատմելով նրանց տերերին և առհասարակ մյուս քաղաքացիներին վերաբերյալ շատ հետաքրքիր բաներ:

Կես ժամ դեռ չէր անցել, որ մենք արդեն գտնվում էինք, քաղաքից դուրս, և մեր կառքը սլանում էր կանաչազարդ դաշտի մեջ. մի փոքր հետո նա սկսավ բարձրանալ սիզավետ բլրի վերա, որի ծայրը հասնելուն պես մեր առաջև բացվեցավ մի շարք գեղեցիկ այգիներ, որոնք գրաված էին բավական ընդարձակ տարածություն հանդիպակաց լեռան ստորոտի վերա:

Ահա Լուսինյանների այգին, — մատնացույց արավ ինձ քույրս մոտիկ այգիներից մեկի վերա, — սա ամենից գեղեցիկն է, դու, անշո՛ւշտ, կհավանես նրան...

Բայց նա դեռ չէր վերջացրել խոսքը, երբ Լուսինյան հայր և աղջիկ դուրս եկան այգվո մեծ դռնից, նրանք հեռվից տեսնելով մեր գալուստը շտապել էին այգուց դուրս մեզ դիմավորելու:

Քույրս այդ ընտանիքի ամենասիրելի բարեկամուհին էր, այդ պատճառով նրանք ցանկացել էին ուրիշներից մի փոքր տարբեր եղանակով ընդունել մեզ: Սրտագին ուրախությամբ ողջունեցին մեզ հայր և աղջիկ: Քույրս ներկայացրեց ինձ նրանց, մենք ծանոթացանք և ապա բոլորս միասին խոսակցելով դիմեցինք դեպի այգին:

Պ. Լուսինյանը մոտ քառասուն և հինգ տարեկան միջին հասակով և առողջ կազմվածքով մի մարդ էր: Նրա դեմքը համակրական էր և ակնածելի, բայց ըստ երևույթին, անծանոթ կյանքի դառնություններին: Ճակատը պարզ և զվարթ իսկ գոհության ժպիտը չէր բաժանվում յուր շրթունքներից: Նա գտնվում էր մի տեսակ ուրախ անհանգստության մեջ և զանազան հարցերով անընդհատ դիմում էր մերթ ինձ և մերթ քրոջս ու փեսայիս:

Մտնելով այգին մենք անցնում էինք մի գեղեցիկ ծառուղիով, որին երկուստեք հովանավորում էին ուղղաձիգ ակացիներ բեռնավորված ձյունաթույր ծաղկափնջերով, որոնց անուշ բուրմունքը տոգորել էր ճեմելիքի ամբողջ տարածության օդը: Ճանապարհի երկու կողմից հոսում էին հեզասահ առուներ կանաչ դալարիներով եզերված, և նրանց ամբողջ երկարությամբ շինված էին մանր ու խոշոր ածուներ՝ ծածկված երփներանգ ծաղիկներով:

Ինչպե՞ս եք հավանում մեր այգին, — հարցրեց ինձ վերջապես պ. Լուսինյանը, որ ըստ երևույթին ավելի վաղ էր սպասում լսել այդ մասին իմ կարծիքը:

Պարոնը երևի այնքան շատ գեղեցիկ այգիներ է տեսել, որ մերը շատ հասարակ բան է երևում յուր աչքում, ընդհատեց հորը Մարգարիտան:

Ընդհակառակը, օրիո՛րդ, ես առաջին անգամն եմ տեսնում այսքան գեղեցիկ ճաշակով տնկագործված մի այգի, ես հիացած եմ, նա կատարյալ բուրաստանի է նմանում, — պատասխանեցի ես:

Այս բոլորը ես իմ ձեռքով եմ շինել, ինքնաբավական եղանակով հարեց պ. Լուսինյանը, — այս ածուները, այս բուրակները, այս փոքրիկ ուղիները, բոլորը, բոլորը իմ ձեռքով եմ ակոսել և կարգավորել: Մինչև անգամ այս կալմարները և այս փոքրիկ հովանոցները իմ ձեռակերտներն են, — շարունակում էր նա, հետզհետե հառաջանալով և ցույց տալով մեզ յուր ստեղծագործությունները, որոնք արդարև մեծ աշխատասիրության և նուրբ ճաշակի արդյունքներ էին: Երեվում էր, որ պ. Լուսինյանը դաշտային աշխատանքներին սիրահար ոմն էր:

Շուտով մենք հասանք մի երկար և լայն ճեմելիքի, որը տանում էր մեզ դեպի այգվո տունը: Նրա երկու կողմից տնկված էին վարսագեղ ուռիներ՝ միամեջ շարված խաղողի որթերով, որոնց ճապուկ ոստերը փաթաթվելով ուռենիների կանաչ ճյուղերի հետ, կազմում էին մի գեղեցիկ և արեգակից անթափանց կամարակապամբողջ ճեմելիքի երկարությամբ:

Երբ առաջին անգամ մենք ոտք դրինք այդտեղ, ես հիացմամբ բացականչեցի.

Ահա հրաշալի գործ, սա գերազանցում է բոլորին:

Այս ճեմելիքը շինված է Վատիկանի այգվո գլխավոր ճեմելիքի օրինակով, — նորեն խոսեց պ. Լուսինյանը, — այս օրինակը ես ինքս եմ Հռովմում նկարել և այստեղ բերելով շինել նրա նմանողությամբ այս կամարակապը և ճեմելիքը:

Ինչպե՞ս, մի՞թե դուք Հռովմում եղել եք, — հարցրի ես:

Այո, — ես այնտեղ մի ամբողջ ամիս մնացի:

Բայց ինչու՞ համար էիք Հռովմ գնացել:

Ճանապարհորդելու նպատակով, — հարեց իսկույն օր. Լուսինյանը, կասկածելով կարծես, որ յուր հայրը ինձ համար անախորժ մի խոսք կհաներ բերանից:

Պ. Լուսինյանը ոչինչ չխոսաց, բայց մի զարմացական հայացք ձգեց օրիորդի վերա, որով կարծես ուզում էր իմանալ սրանից թե՝ ինչու համար նա ծածկում է ճշմարտությունը:

Շուտով մենք հասանք այգվո տանը, որը մի գեղեցիկ և միահարկ շինություն էր, շրջապատված միակարգ հովանավոր ծառերով: Նրա առաջև շինված էր փոքրիկ կիսաբոլոր բուրաստան՝ ծածկված ծաղկեթուփերով և նրա մեջտեղը փոքրիկ ավազան սրբատաշ քարերից և սյունաձև շատրվանով:

Ոչ շատ ընդարձակ մի դահլիճի մեջ, որպիսին կվայելեր մի ամառանոցի տանը, վայելուչ հարգանքով ընդունեց մեզ տիկին Լուսինյանը:

Սա միջին տարիքով մի կին էր, առողջակազմ ինչպես յուր ամուսինը և հասակով գրեթե նրան հավասար: Բայց նրա դեմքը ավելի կայտառ և ավելի երիտասարդ էր երևում, ըստ որում տարիքը շատ փոքր էր ազդել յուր գեղեցկության վերա: Առաջին անգամից իսկ նրա քաղցր և ամոք հայացքի մեջ նկատեցի ես անսահման բարություն:

Ծանոթանալով ինձ հետ՝ տիկին Լուսինյանը ներկայացրեց ինձ և յուր հյուրերին, որոնք մեզանից առաջ էին եկել և ապա քրոջս հետ միասին ինձ էլ նստեցնելով յուր կողքին դիվանի վերա, սկսավ սովորական հարց ու զրույցը:

Ես, ինչպես նորեկ, ստիպված էի ամենից շատ խոսել, որովհետև ամենից ավելի ինձ էին հարցեր առաջարկում: Տիկին և պարոն Լուսինյանները արդեն ի պաշտոնե հետաքրքրվում էին իմ ընտանիքի և ազգականների առողջությամբ, կենցաղավարությամբ և նրանց վերաբերյալ ուրիշ հարցերով: Հյուրերից մի քանիսին էլ հետաքրքրում էին իմ հայրենիքի օդը, ջուրը, ապրուստի եղանակը, ընտանեկան սովորությունները և այլն, իսկ մի քանիսը իրենց քաղաքի մասին էին ինձ հարցեր առաջարկում, թե ո՞րքան եմ ես հավանում նրան կամ ո՞րքան եմ գերադասում իմ տեսած ուրիշ քաղաքներից:

Այս բոլոր հարցերին իհարկե պետք էր պատասխանել, և ես հնազանդվում էի իմ ճակատագրին:

Սուրճ առնելուց հետ տիկինը առաջարկեց յուր հյուրերին դուրս գալ այգիում շրջագայելու: Բոլորս ուրախությամբ ընդունեցինք այդ առաջարկությունը, ցանկանալով միջոց տալ տիկնոջը հսկել յուր հյուրասիրական պատրաստությանց:

Օրիորդ Լուսինյանը, որ չէր մասնակցում դահլիճի մեջ մեր խոսակցությանը, ընկերացավ ինձ և քրոջս պարտիզի մեջ զբոսնելու համար: Այդտեղ, նա ինձ ծանոթացրեց յուր երկու օրիորդ ընկերուհիների, այն է Վարվարա Սիլիկյանի, Վարդուհի Մարանջյանի հետ: Նրանք երկուսն էլ բարեկազմ և գեղեցկադեմ աղջիկներ էին, մոտավորապես տասնութ և տասինը տարեկան: Վարվարա Սիլիկյանը մի գնդապետի աղջիկ էր, և նրա հայրը ծառայում էր տեղական զորքերի մեջ: Իսկ Վարդուհի Մարանջյանը՝ սույն քաղաքի հայ քահանայի, երկուսն էլ բուն թիֆլիսցիներ:

Այժմ ես լավ ընկերություն ունեի և կարող էի մի քանի ժամ թե՛ ուրախ և թե՛ օգտավետ անցկացնել: Աղջկերանց ընկերությունը առհասարակ ախորժելի է ամենին. նույնիսկ մարդատյաց Կատոն պետք է որ նրանց մոտ մեղմեր յուր կոպտությունը, եթե երբևիցէ պատահել է նրանց հետ: Ինչ վերաբերում է ինձ, ես մտնելով այդպիսի ընկերությանց մեջ` ուրախանում էի ավելի նրա համար, որ առիթ էի ունենում կարելվույն չափ ուսումնասիրելու կնոջայդ խորհրդավոր արարածի բնավորությունները, բնավորություններ, որոնք ոչ միայն չեն ենթարկվում որոշ օրենքների, այլև քանդում են նրանց չշփոթելով ամենից փորձառու ուղեղներն անգամ: Այսպիսի զբաղմունքը ինձ չափից դուրս զվարճացնում էր:

Բայց հազիվ թե մենք մի քանի խոսք փոխանակեցինք միմյանց հետ և ահա օր. Լուսինյանը ստիպված էր մեզ թողնելու:

Ներեցեք ինձ մի քանի րոպե, ես պետք է պատվելիին դիմավորեմ, հայրս երևի չէ տեսնում նրա գալուստը, — ասաց նա շառագունելով և շտապշտապ դիմեց դեպի Հռովմեական ծառուղին:

Ես առաջին անգամ լավ չհասկացա նրա խոսքերը, բայց նրա շառագունելը ինձ հետաքրքրեց: Մի քանի քայլ հառաջ անցնելով իմ ընկերներից ես նկատեցի իմ երեկվա տարօրինակ ծանոթին, սա պատերՍիմոն էր, որ ծիծաղադեմ և քաջալանջ դիմում էր դեպի օրիորդը:

Չգիտեմ ինչու համար այդ մարդու պատկերը, որ երեկ նավակում ինձ զվարճություն էր պատճառում, այսօր չափից դուրս հակակրական և ատելի երևաց: Մի ներքին նախազգացմունք վրդովեց իմ ուրախ տրամադրությունը:

Սա ինչո՞ւ համար է այստեղ գալիս, — մի տեսակ տանուտիրական եղանակով հարցրի ես իմ ընկերուհիներից:

Ի՞նչպես թե ինչու համար, նա հրավիրված է, — նկատեց քույրս:

Ուրեմն Լուսինյանների հետ ծանո՞թ է:

Նա նրանց քահանան է: Մի՞թե այդ չգիտեք դուք, — պատասխանեց օր. Մարանջյանը և ծիծաղեց:

Վարդուհի, դու էլի՝ պատերի վերա ծիծաղում ես, և չե՞ս վախենում, — նկատեց օր. Վարվարան, և երկուսը միասին սկսան ծիծաղել:

Ա՛խ, դուք դեռ հիշո՞ւմ եք ձմեռվան անցքը, — խոսեց քույրս, և նրանց հետ միասին ինքն էլ սկսավ ծիծաղել:

Ես ոչինչ չէի հասկանում նրանց ծիծաղելուց և խորհրդավոր ակնարկություններից, բայց և չէի հետաքրքրվում իմանալու: Ես հանկարծ հիշեցի այն կանանց խմբակը, որը երեկ նավահանգստի մոտ շրջապատել էր պատերՍիմոնին և որի միջից դուրս եկավ օր. Լուսինյանը և շնորհավորեց քրոջս իմ գալուստը, հիշեցի որ երեկ մի քանի անգամ ցանկացել էի հարցնել քրոջս, թե ինչ ունեին այն կանայքը կաթոլիկ քահանայի հետ. և ամեն անգամ էլ մոռացել էի հարցնելու:

Բայց այժմ ամեն բան պարզվեցավ ինձ համար, երեկվա կանանց խմբակը հայկաթոլիկուհիներից էր կազմված, և նրանք իրենց քահանային դիմավորելու էին գնացել, ուրեմն Լուսինյանները հայկաթոլիկներ են, ահա բոլորը:

Դուք ինչի՞ վերա եք մտածում, պարոն, — ծիծաղելով սկսավ խոսել օր. Մարանջյանը, — նրա վերա, թե ինչու օր. Մարգարիտան կաթոլիկ է, հա՞:

Բնավ, ի՞նչ կա դրա վերա մտածելու:

Ինչպե՞ս չէ, մի՞թե դուք չէիք կամենալ, որ նրա նման մի բարի և գեղեցիկ աղջիկը հայ լիներ:

Առանց իմ կամենալուն էլ նա հայ է:

Ընդհակառակը, ձեր կամենալով էլ դարձյալ նա հայ չէ:

Այդ դու՞ք եք ասում:

Ո՛չ, այդ ինքն է ասում:

Սխալվո՛ւմ եք, — ընդհատեց Վարդուհուն օր. Վարվարան, — այդ յուր ծնողներն են ասում:

Դուք երկուսդ էլ սխալվում եք, — հարեց քույրս, — ոչ Մարգարիտան և ոչ նրա ծնողները այդպես բան երբեք չեն ասել, դա պատերՍիմոնի խոսքն է:

Այդ ավելի հավանական է, — նկատեցի ես, — օր. Մարգարիտան իմ աչքում այնքան զարգացած է երևում, որ նա յուր մասին այդպիսի բան չէր ասի:

Բայց եթե ասեր անգամ, մի՞թե նա կստեր, չէ որ նա կաթոլիկ է և ո՛չ հայ, — խոսեց օր, Վարվարան:

Իհարկե՞ ոչ, — ձայնակցեց նրան Վարդուհին, — նա կաթոլիկ է:

Ես իսկույն տեսի, որ ինձ շրջապատող ընկերությունը շատ սահմանափակ հասկացողություն ունի կրոնի և ազգության գաղափարները միմյանցից որոշելու համար, ուստի հարկ չհամարեցի այդ խնդրի վերա առ ժամն խոսելու: Բայց պատերՍիմոնի և նրա հոտի մասին մի քանի տեղեկություններ կամեցա իմանալ:

Այդ պատերը միշտ այս քաղաքումն է մնում, — հարցրի ես:

Ո՛չ, նա տարեն չորս անգամ է միայն այցելում այս քաղաքին և յուրաքանչյուր անգամ մի մի ամիս այստեղ մնալուց հետո հեռանում է, — պատասխանեց քույրս:

Իսկ նա շա՞տ ժողովուրդ ունի այստեղ, — կրկին հարցրի ես:

Ոչ, ընդամենը երեք տուն սակավաթիվ անձինքներից բաղկացած, որոնք Թիֆլիսից են գաղթած այստեղ իրենց առևտրական գործերով, — պատասխանեց նա:

«Երեք տուն ժողովուրդ, մի հեռավոր անկյունում, — մտածեցի ինքս ինձ, — և նրա համար տարվա մեջ չորս անգամ այցելություն: Ահա թե ո՞րտեղ պետք է որոնել կաթոլիկության ուժը: Երեք տուն բնակիչ, որոնք կարող էին շատանալ ամբողջ տարվա մեջ քահանայի մի շաբաթվա այցելությամբ միայն: Բայց նրանց ձեռքից չեն թողնում, նրանց այցելում են տարին չորս անգամ և այն չորս երկար ամիսներ: Կաթոլիկ եկեղեցին հսկում է յուր ժողովրդի վերա և գիտե, թե ինչու՞ համար է հսկում: Իսկ մեզ մոտ շատ անգամ ամբողջ գյուղեր և ավաններ տարիներով առանց քահանայի են մնում: Շատ գաղթականությանց մեջ մեռելները թաղվում են առանց վերջին անգամ հոգեկան մխիթարություն ստանալու, ծնվածները տարիներով մնում են առանց մկրտության, պսակվողները թափառում են մի գյուղից մյուսը, մի քաղաքից երկրորդը: Ո՞վ է հարցնում, թե երեկ որքա՞ն ժողովուրդ կար այստեղ և այսօր որքան է մնացել, ո՞վ գիտե, թե ո՞ր անկյունում հարյուրավոր մարդիկ աղքատության երեսից փախչելով ուռկանավորների ցանցերումն են անհայտանում: Ո՞վ է հաշվում, թե քանի քանի գերդաստաններ Պարսկաստանի և Թուրքիայի անծանոթ խորշերում բռնության երեսից սարսափահար՝ իրենց լեզուն և կրոնը մոռանում են:

Եվ դեռ զարմանում ենք, որ այս աստիճան անխնամ թողնված մի ժողովրդի մեջ հավատորսը յուր ժողովարանն է հիմնում: Հռովմը՝ յուր քավարանը...»:

Այս տխուր մտածմունքները ինձ այնպես էին զբաղեցրել, որ ես չէի տեսել Մարգարիտայի կրկին մեզ մոտ գալը: Օր. Մարանջյանի ձայնը միայն ինձ սթափեցրեց, երբ նա ուրախուրախ բացականչեց դեպի նրան.

Հը՞, ի՞նչ արիր, տեղավորեցի՞ր պատերՍիմոնին:

Այո, ես նրան հանձնեցի իմ հոր խնամակալության, — ժպտալով պատասխանեց Մարգարիտան և ապա մոտենալով ինձ հարցրեց, — դուք արդեն ամեն բան գիտեք, այնպես չէ՞:

Ի՞նչ բան, — զարմացմամբ հարցրի ես, — չգիտեմ ի՞նչ բանի մասին է ձեր խոսքը:

Այն, որ պատերՍիմոնը մեր քահանան է, — պատասխանեց օրիորդը շառագունելով:

Նրա վրդովմունքի պատճառը ես չկարողացա հասկանալ, եւ այդ միջոցին հարմարություն չունենալով նրա հետ ավելի երկար խոսելու, կամ նրա սրտի մեջ թափանցելու, ցանկացա առանց մի առանձին նշանակություն տալու նրա ասածներին, վերջավորել մեր խոսակցությունը: Այդպես էլ եղավ: Մի քանի աննշան խոսակցություններից և կատակներից հետո մենք հրավիրվեցանք ճաշի:

Աղջկերանց ընկերությունը այս անգամ ուսումնասիրելու համար ինձ ոչինչ նյութ չտվավ:

Զ

ՊԱՏԵՐՍԻՄՈՆԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

Փորձված մարդիկներից շատերը մեծ նշանակություն են տալիս նախազգացմանը, խորհրդավոր բաներ պատմելով նրա մասին: Ճշմարտությո՞ւն են դրանք, թե՞ նախապաշարման արգասիք, չգիտեմ, միայն ես առհասարակ շատ չեմ հավատացել նրան և՝ այդ օրը նախազգացման նշանակությունը հերքող մի փորձ տեսի ինձ վերա: Ինչպես գիտեք ես պարտեզի մեջ առաջին անգամ պատերՍիմոնին նշմարելով, նախազգամամբ մի ատելություն և հակակրություն զգացի դեպի նրան, և խոստովանում եմ, որ ինքս էլ մեծ նշանակություն տվի նույն րոպեին իմ մեջ ներշնչված այդ տրամադրությանը, բայց ընկերուհիներիս հետ տուն հասնելով իսկույն ևեթ փոխվեցավ իմ մեջ նրա մասին ունեցած գաղափարս:

Դահլիճի դռնից ներս մտա թե չէ, պատերՍիմոնը այնպիսի մի հանդիսավոր ընդունելություն արավ ինձ, որ կարծես դրանով պատրաստվում էր յուր տասնամյա պանդխտութեն են վերադարձած հարազատ որդուն գրկելու:

O՛, իմ սիրելի բարեկամ, վերջապես ձեզ էլ տեսնում եմ այստեղ, — բացականչեց նա, — որքան գոհ եմ. և եթե գիտենայիք, թե երեկվանից դեսը որքան շատ ցանկացել եմ ձեզ հետ տեսնվելու...

Այս անսպաս մտերմական խոսքերով, (որոնց նպատակը ես չգիտեի) մոտեցավ ինձ պատվելին և ջերմջերմ սեղմեց իմ ձեռքը: Ապա դառնալով քրոջս, խորին հարգանքով ողջունեց նրան համեստությամբ թույլտվություն խնդրելով՝ որ շնորհավորե նրան յուր եղբոր գալուստը:

Քույրս մատույց պատվելիին յուր անկեղծ շնորհակալությունը ընդ նմին և ուրախություն հայտնելով, որ նա բարեհաճել էր յուր այցելությամբ իրենց քաղաքը պատվելու:

Բանից երևաց, որ պատվելին այս փոքրիկ քաղաքի բոլոր հայ ընտանիքներից սիրված մի անձնավորություն էր, բացի նորատի աղջիկներից, որոնք, ինչպես ինձ օրիորդ Մարանջյանը ասաց, շատ չէին ախորժում նրա հոգևորական զգացմունքներով տոգորված կավալերությունից, որը նա ի դեպ և տարադեպ առաջարկում էր նրանց:

Սեղանը արդեն պատրաստ էր և մենք պետք է ճաշի նստեինք:

Դուք, անշո՞ւշտ, կներեք մեզ, տիկիննե՞ր և պարոննե՞ր, — ասաց պատեր-Սիմոնը հրավիրյալներին, — որ մենք երկու նորեկ հյուրերս միասին նստենք:

Այս ասելով նա բռնեց իմ ձեռքից և տարավ նստեցրեց ինձ յուր համար պատրաստված բազկաթոռի կողքին:

Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին և ամեն ոք յուր շրջապատով սկսեց զբաղվիլ, պատեր-Սիմոնը շարունակեց խոսել ինձ հետ, բայց այնպես կամացուկ որ, մեր դրացիներից ոչ ոք նրան լսել չէր կարող:

Գիտե՞ք, սիրելիս, երբ ես այսօր ձեզ առաջին անգամ մեր օրիորդների հետ տեսա, մի փոքր վախեցա. դուք մի վիրավորվիր այս խոսքից, խնդրեմ, բայց խոստովանեցեք, որ կարող էի վախենալ:

Ինչո՞ւ համար, պատվելի՞, — զարմացմամբ հարցրի ես:

Ա, դուք խո չե՞ք մոռացել երեկվա պատմությունը: Ես որքան էլ որ անբնական դրության մեջ էի, այսուամենայնիվ լավ հիշում եմ, որ ձեզ հետ շատ անվայել վարվեցա: Ես հազար անգամ ներողություն եմ խնդրում:

Թողեք, աղաչում եմ. այդքան փոքրոգի մարդ մի կարծեք ինձ, — պատասխանեցի ես, — դուք ինձ ոչնչով չեք վիրավորել, Ինչո՞ւ համար եք ներողություն խնդրում:

Օ՛, ինչպե՞ս չէ. մի հարգելի երիտասարդի առաջ նստել արբած դրության մեջ... անտեղի կատակներ անել... սա իհարկե անվայել բան է իմ աստիճանի համար, դուք ինձ պետք է ներեք...

Այս խոսքերից հետ պատվելին խոնարհեց աչքերը և այնպիսի մի արտահայտություն տվավ յուր երեսին, որ ես կամա ակամա մի խորին պատկառանք զգացի դեպի նրա համեստ և իրավամբ հոգևոր անձնավորությունը:

Ես երեկվա անցքերից ոչինչ չեմ հիշում, պատվելի, և շատ խնդրում եմ, որ չանհանգստանաք իզուր տեղը. դրանով արդարև դուք ինձ վիրավորում եք: Ես ինքս երիտասարդ մարդ եմ և սիրում եմ ուրախ բնավորությունները: Մի՞թե դուք այդքան ծանրաչքով կնայեիք ինձ վերա եթե ուրախության ժամանակ ինձ արբած տեսնեիք:

Երբե՛ք, երբե՛ք, սիրելիս: Ես բծախնդրությունը չեմ սիրում:

Ուրեմն միևնույնը կարծեք և ինձ. մանավանդ որ ես հին սերունդին չեմ պատկանում:

Այո՛, այդ վերջին հանգամանքը չպետք էր մոռանալ, — հարեց պատվելին և յուր անձեռոցի ծայրը սկսավ ամրացնել օձիքի մեջ: Ապա դառնալով դեպի ինձ շշնջաց ավելի ցած ձայնով.

Բայց դուք գիտե՞ք, թե ես ինչու համար էի ասում, թե` «վախեցա երբ ձեզ մեր օրիորդների հետ տեսա»:

Ո՞ չ, ես այդ կամենում էի հարցնել ձեզանից:

Այ թե ինչո՞ւ համար: Դուք չեք ճանաչում այստեղի աղջկերանց: Համեստությունը նրանց համար անծանոթ բան է: Ինձ տեսնելով նրանք կարող էին կատակաբանել իմ մասին, իբրև թե ձեզ զվարճացնելու համար, և դուք կարող էիք երեկվան իմ դրությունը անգիտությամբ նկարագրել նրանց առաջ: Այդ իհարկե լավ չէր լինիլ: Նրանք կսկսեին հազար ու մի բաներ ավելացնելով ձեր խոսածների վրա տարածել քաղաքում:

Բնա՛վ, բնա՛վ, և ո՛չ իսկ մի բառ հիշված է ձեր մասին, — ասացի ես, — անհոգ եղեք, և թե նրանք խոսեին անգամ, ես դարձյալ չէի ինձ թեթևացնիլ այնքան, որ ընկերանայի նրանց:

Կեցջի՛ք, խելոք երիտասարդ եք. դուք կատարելապես գրավեցիք իմ համակրությունը, — գովեց ինձ պատվելին և գոհ սրտով ձեռք առավ ստամոքսի բարերար գործիքները:

Ես նկատեցի, որ մեր բոլոր խոսակցության ժամանակ Մարգարիտան դիտում էր մեզ և յուր հետաքրքիր հայացքով կարծես ուզում էր թափանցել մեր սրտի խոսքերը, իմանալու համար, թե ինչ ընդհանուր միտք կարող էր զբաղեցնել ինձ և պատեր-Սիմոնին:

Այս հանգամանքը ինձ չափից դուրս հետաքրքրեց, մանավանդ որ սկզբումն էլ նա կասկածոտ հարցեր էր անում ինձ պատերի վերաբերությամբ, ուստի վճռեցի այդ մասին անպատճառ մի բացատրություն խնդրել օրիորդից, երբ մենք միայնակ կլինեինք:

Բայց պ. Լուսինյանը նկատում էր, որ յուր հյուրերը վանական միաբանության վայել լռություն են պահպանում սեղանի վերա, ուստի սկսավ մեղադրել պատեր-Սիմոնին, որ նա չԷ մտածում ժամ առաջ այդ մեծ չարիքի առաջը առնելու:

Մեր շիշերը բողոքում են ձեր դեմ, պատվելի, — ասաց նա, — կամ դուք հանձն առեք սեղանապետությունը և կամ հանձնեցեք այն այս երիտասարդներից մեկին:

Ներեցե՛ք, ես չգիտեի, թե ինձ է վերապահված կարգադրելու իրավունքը, — պատասխանեց պատվելին, — բայց որովհետև դուք ինձ եք տալիս այդ պատիվը, ուստի ես էլ իմ կողմից սեղանապետության պաշտոնը հանձնում եմ մեր ամենասիրելի բարեկամ Բյուրատյանին:

Բոլոր հրավիրյալները նայեցին ինձ վերա: Նրանցից շատերը սկսան ծափահարել, շնորհավորելով իմ ընտրությունը: Բայց և մի քանի ինձ անծանոթ երիտասարդներ խոժոռեցին իրենց դեմքերը, որոնք այսուամենայնիվ կրկին զվարթացան, երբ ես բացե ի բաց մերժեցի ընդունել այդ պատիվը՝ իբրև կառավարելու անընդունակ և անսովոր, այնուհետև խոսելու ասպարեզը բացված լինելով սկսան մի քանի ընտրելիներ առաջարկել և վերջնական ընտրությունը մնաց կոկիկ հագնված մի երիտասարդ վաճառականի վերա, որը նստած էր օրիորդների խմբին շատ մոտիկ և զբաղված էր յուր դրացուհիների հետ հաճոյախոսություններ անելով:

Այս անգամ դուք կատարելապես գրավեցիք իմ համակրությունը, — կրկնեց յուր հաճոյախոսությունը պատվելին կամացուկ ձայնով, — մի երիտասարդ, որ ձեր հասակում այդքան հեռու է ցուցամոլությունից, նա արժանի է ամենայն հարգանքի:

Ես այդպես էլ սպասում էի:

Բայց եթե առաջին անգամ ձեզ առաջարկեցի սեղանապետությունը, այդ նրա համար էր միայն, որ ես մի արժանավորի վերա մատնացույց անեիիմ պարտքս բարեխղճաբար կատարած լինելու համար:

Ես շնորհակալ եղա պատվելիից նրա իմ մասին ունեցած լավ կարծիքի համար. Եվ ինքս ինձ ասում էի. «Այսուամենայնիվ, սատանան այնքան տգեղ չէ, որքան մարդիկ նկարում են նրան»:

Բայց մեր երիտասարդ սեղանապետը, որ Մարտին Պալտազարյան էր կոչվում, արդեն սկսել էր հառաջադիմական քայլերը, և օրիորդների փոքրիկ աշխարհը թողած թագավորում էր հրավիրյալների ընդհանուր տիեզերքի վերա:

Պարոն Բյուրատյանը չափից դուրս լուռ է, իսկ պատվելի պատեր-Սիմոնը շատախոսում է, — բացականչում էր նա, — երկուսն էլ արժանի են մի մի բաժակ պատիժ կրելու:

Մենք ակամա կեղծեցինք որ հնազանդվում ենք պարոնին, և բաժակները մոտեցրինք բերաններիս:

Տիկին Սամուրյանը եռանդով չէ դատարկում բաժակը, իսկ օրիորդ Վարվարա Սիլիկյանը անտարբեր է դեպի իմ հրամանները, — կրկին լսվեցավ Մարտին Պալտազարյանի ձայնը, և երկու մեղապարտուհիները ճակնդեղի պես կարմրեցան:

Օրիորդ Մարանջյան, ձեր բաժակը երբեք չԷ դատարկվում, և դուք ոչնչով չեք ապացուցում ձեր քահանայի դուստր լինելը, — առաջինների լռությունից խրախուսված անվայել սրախոսությամբ խոսեց նա վերջապես օր. Վարդուհու հետ:

Բայց վերջինս կարմրելու հարկ չտեսնելով` անվրդով նկատեց.

Իսկ դուք, պարոն, շատ լավ ապացուցանում եք ձեր կոշկակարի որդի լինելը. ամենքը ձեզ չափ շնորհքով լինել չեն կարող:

Բոլոր հրավիրյալները կարծես ուրախացած նրա ճարպիկ պատասխանով միաբերան աղաղակեցինկեցցե օրիորդը» և խմեցին նրա կենացը:

Մարտին Պալտազարյանը զայրույթից գունատվել էր:

Ես հրաժարվում եմ սեղանապետության պաշտոնից, — ասաց նա բարկությամբ և ձեռքի բաժակը դրեց սեղանի վերա:

Ոչ ոք չի տխրիլ, — կամացուկ նկատեց պատերՍիմոնը, և երկուսս միասին ծիծաղեցինք մեզ համար:

Բայց պատվելին որովհետև Պալտազարյանից «շատախոս» մականուն ստանալով վիրավորվել էր, ուստի նրա անկումը կատարյալ անելու համար առաջարկեց բազմականներին կրկին ինձ ընտրել սեղանապետ, և նրանք մեծ ուրախությամբ ընդունեցին նրա առաջարկությունը:

Դուք չկամեցաք առաջին անգամ ընդունել իմ խնդիրը, — ասաց նա բարձր ձայնով, — այն ժամանակ դուք իրավունք ունեիք ազատ լինելու, իսկ այժմ պարտավոր եք ընդունել:

Ես չմերժեցի, և, չնայելով, որ երբեք այդ պաշտոնին հրավիրված չէի, այսուամենայնիվ արդարացրի պատեր-Սիմոնի ինձ վերա ունեցած վստահությունը: Կարճ ժամանակի մեջ հուզված կիրքերը հանդարտեցրի, հաշտեցնելով միմյանց հետ պ. Պալտազարյանին և օր. Մարանջյանին և ապա սկսա ընդհատված կենացները շարունակել. ամեն մեկի վերա հարմար, բայց համառոտ ճառեր խոսելով:

Նկատում էի, որ հրավիրյալները գոհ էին մնում ինձանից, ըստ որում իմ առաջարկությունները ամենամեծ ուրախությամբ էին կատարում: Իսկ պարոն և տիկին Լուսինյանների կենացի վերա պատեր-Սիմոնը այնքան ախորժեց իմ ճառախոսությունը, որ մինչև անգամ մի սիրուն երգ երգեց:

Դժբախտաբար պատվելիի կենացը նախկին սեղանապետի օրով արդեն խմել էին, բայց ես առիթ առնելով նրա գեղեցիկ երգի մեզ պատճառած զվարճությունը, կրկին անգամ առաջարկեցի խմել: Հյուրերը առանձին ուրախությամբ հարգեցին այս առաջարկությունը, որը ես արտահայտեցի մի հաճոյախոս ճառի մեջ: Իսկ պատեր-Սիմոնի ջենտլմեն սարկավագը ի պատիվ յուր պատերին երգեց երկու հատ գողտրիկ երգեր:

Պատեր-Սիմոնի և իմ բարեկամությունը այժմ անխզելի էր. նրա իմ մասին շռայլված գովությունները վերջ չունեին:

Բոլոր գործը հաջողությամբ էր վերջացել. մնում էր միայն մի կենաց, որով հացկերույթը պիտի պսակվեր: — Այդ կենացը օրիորդ Մարգարիտայինն էր, որը ես ոտի վերա կանգնած առաջարկեցի հյուրերին, կցելով նրան օրիորդի անձնավորության և նրա ծննդյան տոնին արժանավայել մի ճառ: Օրիորդի վերաբերությամբ իմ քրոջից ստացած մի քանի տեղեկությունները այժմ ծառայեցին ինձ նրա մասին խոսած ճառս ավելի փառավոր անելու: Խոստովանում եմ, որ բոլոր կենացների մեջ այդ առաջին կենացն էր, որը ես անկեղծ սրտով առաջարկում էի հյուրերին և առաջին ճառը՝ որ ես զգացմամբ թաթախուն բառերով արտասանեցի:

Next page