Չարենց Եղիշե՝   Երկեր

1929. 22. X. Լենինգրադ

ԼԻՐԻՔԱԿԱՆ ԱՆՏՐԱԿՏ

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Մանկություն իմ ոսկեծամ

ԳՈԻՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ

I

Օ, մանկության մասին գրել են շատ-շատերը.
Մի կողմ թողնենք եթե մենք հներին
Պիտի թվենք նրանց, որ գրքերում գրել են
Ողջ պատմությունն իրենց այդ օրերի:
Ես էլ ահա փորձում եմ իմ մանկության օրերը
Ուրիշների նման առնել գրի: —
Ո՛ւժ տուր, Մուսա, գրչիս, որ կարենամ հիմա
Մանկությունս երգել ուրիշների նման: —

II

Տոլստո՛յ, ժան-ժակ-Ռոլսսո՛ , Ֆլոբե՛ր, դե-Ամիչի՛ս,
Բալզա՛կ, Ռեդյարդ Կիպլի՛նգ, Զորյան ու Մահարի՛
Օ, չհուզի քեզ թող, իմ ընթերցո՛ղ, որ ես
Վերջին երկու անունը դրանց շարքում դրի: —
Խաբուսիկ է հաճախ գրական բախտն այդպես,
Գրողներին եթե ըստ նյութերի
Մենք դատելու լինենք... Բայց չե՞ն անում արդյոք
Միևնույնըմեր նոր քննադատներն այսօր:

III

Եթե նայենք նրանցայսօր ունենք արդեն
Մենք թե՛ Շեքսպիր, թե՛ Դանտ, թե՛ Էսքիլես, թե՛ Պո: —
Բավական է երգես երկաթաթերթ վարդեր
եվ քննադատն արդեն մի ամեհի խանդով
Կըհռչակե քեզ մեծ ու հանճարեղ վարպետ:
Չե՞ք հավատում: — Ինչո՞ւԴեռ երեկ չէ՞ր արդյոք,
Որ Վերհարեն դարձավ ծերուկ պոետը մեր,
Քանզի, ինչպես և նա, պոեմներ էր գրել:

IV

Քաղաքների մասին... (Օ, ալեհեր Պոե՛տ,
Քեզ չեմ անշուշտ այստեղ դատապարտում, թեկուզ
Գրել ես դու, ավա՜ղ, ութ տողանոց սոնետ
Եվ քորեյը յամբից դու դժվար ես ջոկում) —
Մեծարում եմ ես քո քննադատին, որ էդ
Մեծ տիտղոսով գուցե քո ամեհի ոգուն
Կամեցել է ձոնել մի վայելուչ ներբող
Հափշտակված անշուշտ քո բոցավառ երգով...

V

Սակայն անցնենք նյութին: — Բայց ի՞նչ հանգով արդյոք
Հարկավոր է գրել, որպեսզի երգը մեր
Լինի զգաստ, ինչպես մի երկաթյա արդուկ,
Լինի հաճո ինչպես մտերմական նվեր: —
Ես չեմ ուզում հիմա, օ, ընթերցո՛ղ, որ դու
Անտանելի ռիթմով դեպի ձանձրույթ չվես:
Օ, վիթխարի Վոլթե՛ր, օ, Բուալո՛, օ, Գի՛լ,
Ինձ օգնության հասե՛ք ինձ փրկեցե՛ք կրկին...

VI

Գրել ենք մենք անթիվ երգերև երգերում,
Մեր երգերում բազում գործածել ենք չափեր,
Որ նվում են հաճախ, հաճախ ականջ քերում,
Շշմեցնում հաճախ անսանձ թափով,—
Այսօր գերում է ինձ օկտավների հեռուն, —
Որ զուսպ է, սեղմ, ինչպես կազմակերպված թափոր,
Ինչպես երթի ելած զինվորների շարան,
Ուր տողն իր տեղն ունի, ուր չե՛ն հրում իրար:

VII

Տողերն, ինչպես ցուլեր,
մերձավորման մամին...
Ուզում եմ ես երգել իմ օրերի հեռուն,
Բայց ո՛չ այնպես, ինչպես անտառների քամին,
Որ ճչում է, փնչում, կամ զայրույթից եռում: —,
Օ, մանկությո՛ւն իմ, պարզ պատմություն ես դու մի,
Դու քնքշություն, դու մեղմ թովչություն
Չե՛ս բուրում
Փռվում է դեմս ահա քո գորշագույն կտավը
Եվ իմ երգի համար ես ընտրում եմ օկտավը: -

VIII

Բացվում է դեմս ահա մի մոխրագույն հեռու,
Մի մոխրագույն քաղաք զարմանալի անթով...
Կոկորդս մի խեղդող զգացմունք է քերում
Եվ պատրաստվում եմ ես երգել անուշ խանդով
Քաղցրությունը, որ կար այդ օրերում,
Այդ օրերի չքնաղ մեղմությունը բանտող, —
Բայցբայց ինչու հանկարծ, էլեգիական երգի
Փոխարեն մեջս ահա մի խեղկատակ քրքիջ:

IX

Խլրտում է, ինչպես մի աներես տղա...
Այո՛Չքնաղ օրեր, զարմանալի անհոգ...
Աշխարհի ծայրն ընկած մի գորշագորշ քաղաք...
Հայրս՝ դաժան մի մարդ՝ բարբարոս ու անոգ.
Եվ շրջապատս ահա, զարմանալի խաղաղ,
Օ, ավելի խաղաղ, քան շարունակ քնող
Մարդն է լինում՝ անճառ իր բերկրանքին հլու
Երբ չի կծում նրան մի չափազանց չար լու

X

Օ, որպիսի չքնաղ, դրախտային օրեր...
Սիրտս պատում է մի էլեգիական թախիծ,
Անգամ կապույտ թախիծ, անգամ զորեղ
Մեր Մահարու երգած ախուվախից...
Ահա տեսնում եմ ինձ՝ գարնանային շորեր,
Կապույտ շապիկ հագած, հայացքս ջինջ: —
Դեմս փռվում է լուրթ մի առավոտ
Եվ հասնում է քթիսանմահական մի հոտ: —

XI

(Ո՛վ ընթերցող, վերջին բազմակետը, որ ես
Վերը դրի՛ «քթիս» բառից հետո
Չմոռանա՛ս: — Դրա ամբողջ իմաստը քեզ՝
Իր մորալով հանդերձ կպարզըվի շուտով):
Ուրեմն, հա՛ահա սկսում եմ ես հեզ
Մանկությունս երգել հանգով դյութող: —
Եվ դու ներող եղիր, ո՛վ ընթերցող, եթե
Քեզ դուր չգա հանկարծ այս նովելս թեթև: —

XII

Մեղավոր եմ արդյոք, որ չեմ կարող ես է՛լ
Իմ մանկությունն հյուսել գույներից լուրթ,
Որ շողում են, ինչպես դրախտային տեսիլ,
Ինչպես անդարձ կյանքի անհաս խորհուրդ: —
Թող թույլ տրվի իմ պարզ այս պատմությունն ասել՝
Սկսելով դեպքից մի փոքր մութ...
Ուրիշները երգեն թող մայրական համբույրը, —
Իսկ եսերգում եմ ես... անհրապույր այն բույրը: —

XIII

Չե՛մ մոռանա երբեք այն առավոտը ես
Երկինքը ջինջ, ինչպես լվացվելուց հետո...
Օդը մաքուր, բուրյան, ողողված է ասես
Գարնան, վարդի, բախտի, կամ մանկության հոտով:
Մի տասնամյա մանուկ՝ հագած մի նոր զգեստ`
Անցնում եմ ես ահա պատուհանի մոտով
Մեր տանտիրոջ, որի փոքրիկ տղան տգեղ
Միշտ պարծենում էր իր զգեստներով շքեղ:

XIV

Ձեզանից ո՞վ արդյոք չի զգացել բերկրանք,
Երբ առաջին անգամ նոր զգեստ է հագել,
Երբ աշխարհը ամբողջ քեզ թվում է ներկած,
Ոսկեզօծած, ինչպես գարնանային կրոկետ
Ո՞ր երեխան արդյոք շաբաթներով երկար
Չի երազել այդ օրը և սիրտը չի թակել,
Երբ առաջին անգամ՝ իսկական իր չափին`
Հագցըրել է նրան մայրը մի նոր շապիկ: —

XV

Այդպես ուրեմն, — նոր, կապույտ շապիկն հագիս,
Ամբողջովին լցված երջանկությամբ այդ իմ`
Ես կանգնեցի այն բարձր պատուհանի տակին,
Որ տանտիրոջ տղան նախանձանքից պայթի...
Ախ, որքա՛ն էր նա ինձ մեր բազմամարդ բակում
Իր շորերով և իր հիշոցներով խայթել:
Նա ինձ տեսավ վերից, նայեց մի պահ վրաս,
Ասաց — «Մի փոքր կաց» — ու մի վայրկյան կորավ: —

XVI

Ես մնացի ներքևը՝ հպարտությամբ լցված,
Նա երևի գնաց, որ քրոջը կանչե: —
Նայում էի ես ինձ` հիացմունքից հուզված,
Երբ վերևից մի ձայն ինձ բարձրաձայն կանչեց:
Ես նայեցի վերև... Եվ այդ պահին հանկարծ
Ինչ-որ դեղին հեղուկ դեմքս թրջեց...
Ես հասկացա, բայց ուշ էր, շոշափեցի հագինս, —
Ողողված էր ավա՛ղ... իմ ոսկեզօծ շապիկը:

XVII

Էլ ի՞նչ: — Հարկ կա՞ արդյոք շարունակել
Այս պատմությունն իմ ջինջ այգաբացի մասին. —
Հարկավո՞ր է ասել, որ մայրս ինձ թակեց,
Երբ պատմեցի նրան փորձությունը ես իմ.
Հետո մեզ դուրս արին այդ բարեկիրթ բակից,
Երբ փորձեցի՝ մանուկ ըմբոստությամբ վսեմ`
Վրեժխնդիր լինել հարվածներով համառ
Վերից գլխիս թափած այդ բուրմունքի համար

XVIII

Տոլստո՛յ, Ժան-Ժակ-Ռուսսո՛ , Ֆլոբե՛ր ու Ամիչի՛ս,
Ու Մահարի Գուրգեն, — ինձ օգնության եկե՛ք,
Որ կարենամ երգել իմ մանկությունը ջինջ
Իր առաջին քայլից նա ողողվեց թեպետ
Մի հեղուկով, որի բուրմունքների միջից
Օ, դժվար է մի քիչ քնքշություններ բեկել...
Մինչև օրս, երբ ինձ մանկություն են ասում
Ես, չգիտեմ ինչուայդ բուրմունքն եմ հիշում: —

XIX

Ահա՛ և իմ ամբողջ մանկությունը: — Էլ ի՞նչ,
Էլ ի՞նչ կարող եմ ես հիշել ավելի վառ. —
Այսպես թափվել է միշտ մի քնքշություն վերից,
Եվ երբ փորձել եմ ես ըմբոստանալ
Մայրս սարսափահար կշտամբել է միշտ ինձ
Եվ խրատել է՝ լուռ, խոնարհ մնալ,
Եվ ընդունել վերից թափվող ամեն մի բույր,
Որպես վերուստ տրված երջանկության համբույր...

XX

Եվ իսկապեսայդ բո՛ւյրը: — Իմ ուղեղի մուժից.
Որ կոչում են մարդիկ հիշողություն, —
Նա ելնում է ահա և իմ սիրտը խուժում,
Որպես անցած կյանքից բարձրացած թույն,
Եվ չգիտեմ հիմա, թե ես ի՛նչ եմ հիշում.
Իմ մանկությո՞ւնն արդյոք, թե այն անթով.
Այն գարշահոտ անցյալը, որ մեզ համար միայն
Նողկալի բույր ուներ, ու անարգանք, ու մահ: —

XXI

Փառ՛ք քեզ, ուրեմն, ո՜վ դրախտային բուրմունք. —
Օ, մանկությո՛ւն, այդ քո բուրմունքը չէ՞ միթե,
Այդ չե՞ն արդյոք հաճախ պոետները երգում,
Այդ չի՞ արդյոք բազում պոետների դյութել...
Եվ Մահարին արդյոք իր ոսկեբառ գրքում
Չի՞ փռում բույրայդքան, այդքան հյութեղ
Եվ եթե մենք մի քիչ զգաստ նայենք հեռուն
Ո՞ւմ մանկությունն է այդ, որ այդպես չի՛ բուրում: —

XXII

Ուրեմն փառ՛ք կրկին այդ բուրմունքին հրե...
Բայցնայելով այդ գորշ առավոտին ես իմ
Այլևս չեմ ուզում և ո՛չ մի բառ գրել
Իմ մանկության, իմ «վառ արշալույսի» մասին: —
Եվ դու, Գուրգե՛ն, իզո՛ւր ես քո քանքարը դրել,
Որ համոզես, թե քոնը եղել է ջինջ լուսին. —
Օ, ո՛չ, Գուրգե՛ն. — քան գորշ մանկությունը ներկենք
Լավ չէվաղվա մեր վառծերությունը երգենք: —

1930

ARS POETICA

I

Ողջույն ձեզ, ողջու՛յն ձեզ, Լենի՛ն, Մա՛րքս,
Ու գո՛րծ, ու փորձությո՛ւն, ու երգեր նո՛ր: —
Էլ չես վերադառնա երբեք դու Կարս՝
Տերյանի, Մահարու, կամ քո երգի հունով:
Ողջո՛ւյն ձեզ, ողջու՛յն ձեզ, Լենի՛ն, Մա՛րքս,
Ու Շեքսպի՛ր, ու Դա՛նտ, ու վեհություն: —
Օ, ժամեր, հոսեցե՛ք դուք հիմա պարզ
Ու բախե՛ք, ու բախե՛ք բյուրավոր դուռ...

1928

II

Թե ուզում ես, որ խոսքդ կտրի հորիզոններ, դաշտեր, —
Պիտի վարպետ լինես անօրինակ թափի,
Ինչպես Լենինըապստամբության, ինչպես Էյնշտեյնը
Թվի, տարածության, ձգողության, չափի: —

1928

III

Երբ այնքան ճանաչես դու հույզերը մեր,
Որքան մժեղի մկանը ծանոթ էր Ֆաբրին
Այնժամ դու բաց կանես պոեմների ֆաբրիկ
Եվ եթե եփվես էպոքումկդառնաս Դա՛նտ, Հոմե՛ր: —

1928

IV

Քո ամպլուանտարերքն էր... Այս լենինյան դարում
Թեկուզ, ճիշտ է, երբեմն տարերքն էլ է ազդում,
Բայց կա այսօր մի ա՛յլ իմաստություն՝
Համառ, սիստեմատիկ, խստաբարո,
Ինչպես ինքը՝ Լենի՛նը, ինչպես դիսցիպլինը,
Որ սաստում է թե՛ կամք, թե՛ ինտելեկտ
Եվ ձգում է գանգից քո դեպի հինը
Եվ դեպի դեռ չեկած ապագանհազարավոր թելեր...

1928

V

Դու նկատե՞լ ես, որ շատ անգամ
Մի հնչյուն, մի հանգ, մի մելոդի,
Անգամ մի ասոնանս, անգամ մի հանգ
Երգդ փոխում է հանկարծ անկամ կարոտի:
Կան դավաճան շեշտեր, կան ռիթմեր, կան բառեր:
Երբ քաշում է դակտիլըըմբոստացի՛ր: —
Պոե՞տ եսդու այսօր պիտի մաքառես
Եվ չի օգնի այստեղ քեզ գնդացիրը:
Չի օգնի սվինը: — Հինը հաճախ
Հանճարեղ անցքեր է ճարում, —
Եվ չկոտրե՛ս եթե այդ ռիթմը դավաճան
Քեզ չի օգնի Լենինըայս լենինյան դարում...

1929

VI

Ես վախենում եմ, ինչպես Նեկրոման, Կես-գիշերային ժամից,
Երբ ելնում է լուսինը դագաղից ու մեռնում է անգամ քամին:
Այդ ժամին, թե արթուն եմ լինում, զգում եմ սարսափով,
Որ ահա կգա Բոդլերը, կերևա Էդգար Պոն:
Ծերունի Վերլենը կգա ու ֆավնի ձայնով երգեցիկ
Կերգե աշուն, թախիծ, գիշերվա լապտեր, ակացի:
Եվ դեմը խշշացող բարդին, կթվա կրկին, թե Հայնե՛ն է
Եվ լուսինը կրկին վերևում կթերթե իմ տխուր «Ռուբայները»…

1928

ԿԵՍ-ԳԻՇԵՐԱՅԻն ԷՍՔԻԶ

VII

Ինչպես սեմինարիստ պոետը նստել էր
Պատուհանի առաջ: — Նայում էր աստղերին:
Հեռվում ծխնելույզի ծուխը, որ բարակ ձգվում էր վեր`
Նրան թվում էր անիրական փերի:
Եվ այդ սենտիմենտալ կես-գիշերին,
Որի մեջ ձայներն էին աննշմար աճում,
Լուսինը կանչում էր նրան իր մեռած ափերից,
Եվ պոետի հոգում հոսում էր սիրազեղ վարդաջուր:
Իսկ հետո, երբ հեռուն ժամացույցը ցնցեց
Իր հատու զարկերով լռությունը
Նա արդեն դանդաղ մռթմռթում էր
Տերյանի երգերից ինչ-որ մի տող
հնչեղ.
Հետո կինը նրան սենյակներից կանչեց,
Նա ցնցեց մազերը և մտավ ներս: —
Այս ամենը կատարվում էր կես-գիշերին, երբ
Լուսինը գծում էր երկնքում իր էլիպսիսն անշեղ: —

1928

VIII

Դու ճամփա ելար մի առավոտ,
Երբ մութ էր, ամպ էր ու մառախուղ.
Թողիր ետևըդ մի խարխուլ խուղ
Ու մանկություն մի արյունահոտ:
Որպես տկլոր մի թափառական,
Մեջքիդ մաղա՛խ մի ու ձեռքիդ ցուպ
Ընկար ուղի՛ն քո և՛ մութ, և՛ ցուրտ,
Եվ կյանքդ տենդ էր անիրական
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Եվ առաջինը, որ հանդիպեց
Քեզ ճանապարհին քո ահավոր
Այն խեղճ պոետն էր, այն սրտաբեկ,
Տխուր պոետը արևավոր:
Նա տխուր երգեր սրտիդ երգեց,
Եվ այդ երգերը հրատոչոր
Ծծեց հոգին քո շրթերով չոր...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Դու դեռ քայլում ես: — Ու դեռ երկա՛ր,
Դեռ երկա՜ր պիտի այսպես քայլես,
Մինչև երգերը քո դեռ չերգած,
Մինչև մոխիրը սիրտդ այրեն:
Մինչև սրտում քո չմնա էլ
Հույզի, կրքի ու հրի մի կայծ,
Մինչև մարի՛ հար ու դառնա քար
Քո սի՛րտը, սի՛րտը...

1928

IX

Դու աճում էիր, ինչպես խոտը: — Դու
Լուսնի նման էիր` սենտիմենտալ:
Եվ լուսնի լորձունք էր կաթկթում
Քո շրթերից հաճախ: Խնդալ
Չգիտեիր բնավ: — Քո երգը
Մերթ հոսում էր, որպես հորձանք,
Բարձրանում էր, որպես հանդի բերքը
Անտեր: — Մերթ, տեսար, որոտաց
Ինչպես թիթեղաձայն թնդյուն: —
Դու խարխափում էիր ու փնտրում,
Բայց ի՞նչանհայտ էր քեզ: — Հիմա
Դու անփորձ ես ահա աշակերտի նման.
Այս նոր հերկը, որ ուզում ես ցանել
Օ, իհարկե, կարող է քեզ կործանել:
Բայց պիտի համառես, որպես եզ: Պիտի
Իմանաս, որ լուսինը քեզ
Էլ դժվա՛ր թե փրկե: —
Լուսադեմին, վաղ առավոտին,
Երբ արևը ելնում է, որպես ճարպագունդ,
Ու փռում է իր ճարպը արոտների վրա
Դու բարձրանաս պիտի ու հունդդ
Ժլատորեն փռես: — Ահա՛:
Պիտի տքնես, քրտնաթոր, — պիտի դեմքդ
Քրտինքը ողողե, ինչպես բալզամ, —
Մինչև գիշերը իջնի ու տարածվի քո դեմ.
Գիշեր, վերջին խավար, մենություն, մա՛հ տարաժամ
Ահա՛: —

1928

X

Քո անկումները եղել են միշտ
Եղանակի պես պատահական,
Այդպես երկինքն է թափում հանկարծ
Թե՛ կարկուտ, թե՛ ձյուն, թե՛ փոթորիկ.
Բայց հետո, հետո, — հետո կրկին
Բացվում է օրըև վերևից
Պայծառ արև՛ն է ժպտում էլի
Հրով սրբած ու մաքո՛ւր երկրին: —

1928

XI

Օ, դո ւ, կարո՞ղ եմ արդյոք երբեք
Մոռանալ ես քեզ, քանի իմ մեջ
Հնչում է թեկուզ չնչին մի էջ
Մեր կյանքից՝ անցած այնքա՛ն բեկբեկ: —

1929

XII

Դու շա՛տ ես ցրել, տվել քամուն
Քո գանձը, որպես շռայլ տղա, —
Դրա համա՞ր էր արդյոք տրված
Այս վսեմ բախտը քեզ աշխարհում:

1929

XIII

Նրանք ասում են, որ ես հոգնել եմ.
Որ ես շեղել եմ ուղիս ուղիղ,
Որ մեր պայքարը հոգիս լքել է,
Եվ ես ընտրել եմ ուրիշ ուղի:
Նրանք ծամում են այդ ցուրտ խոսքերը,
Զառամ շրթերը քսում իրար,
Կարծես շրշում են դեղին հասկերը,
Կարծես մեռնում են այնտեղ նրանք: —

1919

XIV

Նա մի աղջիկ էր, մի դիցուհի՛,
Որ օրերո՛ւմ այն տրտմաթախիծ
Քեզ նայեց նազով ու ծիծաղեց
Մի գավառական գեղեցկուհի
Նա խոստացա՛վ քեզ երգեր երգել,
Բերել կարոտներ ու անմար փառք, —
Բայց երբե՛ք, երբե՛ք նա քնքշաբար
Չփարվեց կրծքիդ ու չգերեց:
Այդ գեղեցկուհին... Մուսա՛դ էր նա,
Որ այնտեղ, Կարսում, այն գետափին
Նվիրեց մի օր քեզ գո՛րշ մի շապիկ
Ու գավառական մի խեղճ քնար...

1929

XV

Դու բա՛րձր ես, մե՛ծ ես, դու վիթխարի.
Արյո՛ւն, արյո՛ւն է եղել միշտ քո
Ամե՛ն մի տողը: — Դու քո երգով
Ընդմիշտ կապված ես այս մեծ դարին.
Եվ ինչպես օրը օրացույցից
Անհնարին է նետել մի կողմ
Այդպես անունը քո աղմըկող
Հա՛ր մնալու է օրերին կից, —
Այս օրերի՛ն, այս տարիների՛ն,
Այս տարիների հրին, սրին: —

1929

XVI

Քայլի՛ր, քայլի՛ր քո ճանապարհով.
Դու ո՛չ Գյոթե ես, ո՛չ Վերհարեն.
Մեր Վերհարենընայի՛ր, հրեն
Քաշում է փառքը իր պարանով...

Քայլի՛ր,քայլի՛ր քո ճանապարհով.
Դու ո՛չ Գյոթե ես, ո՛չ Վերհարեն
Դու լոկ Չարե՛նց ես, միայն Չարենց՝
. . . . . . . . . . . . . . . . . .ու վարանոտ

1929

XVII

Լե՛նին, այո՛, — Լե՛նին: — Բայց ո՛չ միտինգային,
Բայց ո՛չ թմբուկ թեթև, բայց ո՛չ պլակատ:
Լե՛նինայսօր արդեն ասել էգագաթ,
Ասել էներքի՛ն կառուցում քո նոր թեմայի:
Այդ թեմա՛ն ուռճանում է այսօր քո մեջ,
Աճում է, բայց ո՛չ այնպես, ինչպես խոտը.
Նա աճում է կամքո՛վ, երկաթո՛վ, — նա կյանքի՛ առավոտ է՝
Մտքի, խորքի, կառուցման անհուն ելևէջ...

1929

XVIII

Քեզ ժպտում է արևը: — Քեզ կյանքը
Թվում է արյան պես տաք:
Քեզ թովում է աշխատանքդ,
Քեզ թովում է այս հա՛նգդ անգամ:
Բայց այս թովչանքը թանկ է
Քեզ համար ավելի, քան կյանքը, —
Քանի որ, քանի որ դո՛ւ ես
Կառուցում քո այս խնդումը:

1929

XIX

Նյութը դիմադրո՛ւմ է, դիմադրո՛ւմ է միշտ, —
Լինի երկաթ, կղմինդր, լինի մարմար:
Դիմադրում է բառը: — Ահա դեմից
Արդեն վազում է հանգը — «հարմար»:
Դահնի՛ ճանապարհն է, հեշտի, բնազդի,
Օ, հնի հո՛ւնն է դա, սովորության հունդը, —
Այնինչ արևը, լուսինը և մեր երկրագունդը
Անվերջ կարծրանում են իրենց անեզրական վազքից:

1929

XX

Ո՛չ մի ձագ, ո՛չ մի ձագ ձվի կեղևից
Չի բաժանվում ողբով:
Ողբով չի՛ բաժանվում արյունը վարակից:
Այլպայքարո՛վ միայն:
Այդպես էլ քանա՛կն է ահա փոխվում որակի,
Այդպես էլ ե՛րգն է դառնում կարմի՛ր բողբոջ:

1929

XXI

Կարող են անցնել փոթորիկներ մեծ,
Անցել են ինչպես մրրիկներ բազում, —
Անխախտ կմնա կառուցումն այս մեծ
Գալիք օրերի անջինջ երազում:
Կառուցումն այս վեհ մտքի ու ոգու,
Կյանքը տեսնելու ընթացքն այս ուղիղ,
Կյանքը փոխելու ձգտումն այս տոկուն,
Խոհի, պայքարի այս անծայր ուղին...

1929

էՊԻԳՐԱՄՆԵՐ ԵՎ ՍԱՏԻՐԱԿԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵՖԻՍՏՈՖԵԼ

Եվ ասաց նա ինձ. «Լսի՛ր, լսի՛ր: —

Ափերիցդ հորդող քո էներժին,
Որ տալիս ես դու գինու, կանանց, —
Տո՛ւր անպարտելի խոսքիդ, գրչիդ:
Դարձրու այն մաղձ, թույն ու թանաք...» —
Եվ ես ասացի. — Լսո՛ւմ եմ, սի՛ր: —

1929

ՆԱ

Նա ո՛չ պոետ է, ո՛չ քննադատ,
Ո՛չ վիպագիր է, ո՛չ մտածող,
Բայց ունի գլուխ, ունի ճակատ
Եվ բավական է ունեցածով:
Եվ երազում է նա անընդհատ
Ուղեղով իր ծույլ ու բթացող,
Որ թե՛ պոետ է, թե՛ քննադատ,
Թե՛ վիպագիր է, թե՛ մտածող:

1929

ՄՈՆՈԻՄԵՆՏ

(Հեկզամետր)

Կանգնած է ահա մետաղե այս մոնումենտը, նայի՛ր. —
Մի մարդ է աչքերր հառած դեպի հեռուները. դեմքին
Նստել է մի խոհ հանճարեղ, կերպարանքը խրոխտ է ու վե՛հ, —
Բայց ինչ է կյանքում նա արելանհայտ է այսօր ամենքին:
Մարդիկ կան այդպես մեր կյանքում: — Քայլում են հպարտ, ամբոխում
Կանգնում են, որպես մոնումենտ, իսկ թե ի՞նչ են արելչգիտես: —
Քո դատարկ գլո՛ւխն է միայն այդ մարդկանց միակ պատվանդանը,
Հիմարությո՛ւնդ է միայն դարձնում նրանց մոնումենտ: —

1929

ՀԱՐՑ Ո Ի ՊԱՏԱՍԽԱՆ

Ճանաչում եք դուք այդ մարդուն, հանճարին այդ մեր ալեհեր,
Դժվար է այսօր աշխարհում այդպիսի հանճար մի ճարել.
Տեսնում եք խոհը ճակատի, կեցվածքը խրոխտ, անվեհեր...
Բայց ինչ է արդյոք նա արել: — Մի փոքրիկ հոդված է գրել:

1928

«ՀԱՆԴԵՐՁ»

Ահա՛ քննադատ, որ եվրոպացի
Եվ ինտելիգենտ լինելով հանդերձ՝
Ջոկել չգիտե դեռ չորը թացից
Եվ ամե՛ն ինչից դողում է անդեմ: —

1929

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Կար մի քննադատ: — Նա երեկ, ահեղ փրփուրը բերնին,
Ինձ գովք էր կարդում և պատառոտում թշնամիներիս,
Այսօր նրա՛նց է համոզում ահա, որ պիտի մեռնի
Իր հերոսական դիրքերի վրա, հայհոյելով ինձ: —
Էի, մեռնի թող նա ո՛ր դիրքերում էլ ուզում է լինի,
Միայն թեմեռնի...

1919

N.N.

Նա մեջ է ընկնում տեղի-անտեղի,
Սխալվում է միշտ ու կարծիք փոխում,
Նման է նա քիչ այն ծծկեր տղին,
Որ մատն ուզում է բերանը կոխի,
Բայց միշտ անպատեհ տեղեր է կոխում:

1929

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Ների՛ր դու, պոետ, քո փոփոխական քննադատներին,
Իսկ նրանց... նրանց... Էհ, ալլահը թող այդ մարդկանց ների

1928

Գ. ԵՎ Ա.

Գովում է Գ-ն Ա-ին,
Գովում է Ա-ն Գ-ին,
Երկուսն էլ գրքային
Հերոսներ են, —
Դրվատո՛ւմ են նրանց
Գործերը չգրած
Եվ փայլում են նրանց
Երեսները...

1928

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Նա մի պոեմ պիտի գրեր
Ու մի պիես, ու մի վեպ.
Գրի առավ, թղթեր գրեց
Եվ հայացքը հառեց վեր.
Նայեց, նայեց առաստաղին,
Հանճարի տեսք ընդունեց,
Դեմքին իջավ խորը թախիծ,
Քունը տարավ... ու քնեց:
Երկա՛ր քնեց: — Եվ աչքերը
Խորը քնից բացեց երբ
Թերթում կարդաց, որ գրել է
Նա մի պիես ու մի վեպ: —

1928

էՊԻՏԱՖԻԱ

Աստ հանգչի — (անուն): — Նաիրյան երկրի քննադատը մեծ.
Որ երկա՛ր ապրեց, բայց հերոսաբար ոչինչ չգրեց: —
Խոնարհի՛ր գլուխդ, օտարակա՛ն, այս քարի առաջ. —
Այստեղ նաիրյան հանճարն է հանգչում կրկնակի մեռած: —

1929

ԼՈՒՍԱՆԿԱՐ

Կանգնած է ահա, մազերը խռիվ, ջրվեժի ափին
Մի երիտասարդ: — Ողջունում է նա, գլխարկը ձեռին,
Շաչող ջրերին: —
Քնարն է միայն պակասում նրան... Օ, հասի՛ր, Մուսա,
Եվ հանձնիր նրան քնար դողդոջուն, որ դառնա պոետ: —

1927

ՖԱՈՒՍՏ

(Թեմա: Սևագրություն)

Չէի՛ր ձանձրանա դու գիտությունից,
Չէի՛ր ձանձրանա սիրուց ու կյանքից,
Թե ունենայիր թշնամիներ մեծ,
Թե նրանց շարքում գեթ մեկը լիներ
Մտքիդ հավասար... Այժմ դու ես լոկ
Միակ թշնամիդ... Ու ձանձրանում ես:

1928

ԱԼԵՀԵՐ ԲԱՐԵԿԱՄԻՍ

(Տխուր էպիգրամ նրա մի
գրական ելույթի առթիվ)

Օ, դո՛ւ, ալեհեր իմ բարեկա՛մ,
Ուշացած, տխուր փիլիսոփա,
Եղանակի պես փոփոխական,
Քմահաճ, բեկբեկ, որպես նոպա. —
Օ, հին բարեկամ դու Հեգելի,
Մարքսի վրայով հապճեպ անցած, —
Ես ներո՛ւմ եմ քեզ, ներո՛ւմ էլի,
Քանզիխե՛ղճ ես դու, և ո՛չ թե չար...

1929

ՍԱԱԴԻ

Կանցնենք մենք էլ այս աշխարհում,
Ինչպես ծովում՝ ջրի կաթիլ,
Ծուխ կդառնա ամեն գարուն,
Ինչպես ասել է Սաադին, —
Բայց չի ասել դժբախտաբար
Բանաստեղծը այդ հանճարեղ,
Որ քանի դեռ ապրում է մարդ
Էպիգրամներ պիտի գրե:

1929

ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ՍԵՆՏԵՆՑ

Այս քաղաքում, որ ցուրտ, մառախլապատ է միշտ,
Ուր արեգակն անգամ բարձրանում է միգոտ, —
Ճաշակեցիր դու մի զարմանալի հանգիստ,
Օ, անհանգիստ՛իմ սիրտ, անհանգրվան ճամփորդ:
Դու ծանրախոհ դարձար, ինչպես այս գորշ Նևան,
Ինչպես այս գորշ Նևան դարձար անշեղ, —
Եվ երբ դառնաս կրկին դու Երևան
Էլ դժվար թե նա քեզ իր փոքրությամբ ճնշե....

1929. Լենինգրադ

ՆՄԱՆՈՒԹՅՈԻՆ ՌԻԼԵԵՎԻՆ

Ախ, ուր են հիմա այն
Փողոցները մեր լայն
Ու տները.
Ուր վազում են արագ
Ու երգում են բարակ
Առուները...
Ուր Փ.-ի երգերից
Շառաչում է ջրի
Խարազանը
Եվ, նստած ջրերում,
Պոեմներ է գրում
Ալազանը...

1929

ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

Այսինչի մասին ինչու չեք մի սուր էպիգրամ հյուսել: —
Օ, ես չե՛մ սիրում ձեռքերս կեղտոտ բաների քսել: —

1929

N.N.

Կոճղանման գլուխ: Մոնումենտալ ճակատ:
Երկրագնդի նման կլոր նստուկ: —
Ա՛յ թե ինչո՛ւ է նա, որպես մտքի գագաթ,
Թե՛ վեհություն, թե՛ ահ, թե՛ պատկառանք ազդում: —

1929

EX UNGUE LEONEM

(Պուշկինից)

Լույս ընծայեցի մի անգամ ես իմ
Ոտանավորը անստորագիր:
Մեկն հոդված տպեց թերթում այդ մասին`
Նույնպես թաքցրած ազգանունը իր:

Բայց ի՞նչ... Չմնաց գաղտնիք մեզանից
Ո՛չ անունը իմ և ո՛չ էլ նրա. —
Իմ սուր ճանկերից ճանաչեց նա ինձ,
Ես ականջներից իմացա նրան: —

1928

ՄԻ ԱՆՊՏՈՒՂ ԻՄԱՍՏԱՍԵՐԻ

Քեզ հարց եմ տալիս, ո՛վ իմաստասեր,
Որ բազմապիսի գրքեր ես կարդում. —
Դու կարդացածդ գլխո՞ւմդ ես բարդում,
Թեդրանի՛ց է նստուկդ հաստացել,..

1928

ՆԱԻՐՅԱՆ ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅՈՒՆ

(Հին էպիգրամներից)

Մի անգամ մտա թանգարանը մեր հեղափոխական,
Նստած էր այնտեղ վարիչը և դինջ ցույց էր անում
Մի շատ անվանի խմբապետի հետ: — Երբ դուրս եկա ես
Գնա՛, — ասացի իմ բարեկամին, — մտի՛ր թանգարան.
Հեղափոխական մեր թանգարանում անվրդով նստած
Զրույց են անում Դանը նաիրյան և քեռի Մախնո՛ն: —

1927

էՔՍՊՐՈՄՏ, ԳՐՎԱԾ ՀՈՂՄԻ

ԺԱՄԱՆԱԿ

(Գրական նավապետին)

Սանձե՛լ է ուզում հողմերին
Այս... ողորմելին: —

1928

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՅՈԹԵԻՑ

ԵՐԳ ԼՎԻ ՄԱՍԻՆ

(Առաջին վարիանտ)

Կար-չկար` բարի մի արքա՛ կար,
Ապրում էր նրա մոտ մի լու:
Սիրում էր նրան այդ արքան,
Ինչպես իր հարազատ որդուն:
Կանչում է նա մի օր դերձակին,
Տալիս է շտապ հրաման,
Որ լվին զգեստներ կարի
Եվ շքեղ հագցընի նրան:

Եվ ահամետաքս ու թավիշ
Զգեստներ ունի նա հագած,
Եվ կրծքին ունի ժապավեն
Եվ արծաթ շքանշան:
Դառնում է ահա նա մինիստր,
Փայլում է իր կրծքի աստղի պե՛ս
Պալատում ամբո՛ղջ նրա ցեղը
Դառնում է թե՛ հայտնի, թե՛ մեծ:

Կծում են նրանք ու խայթում
Պալատում հիմա ամենքին,
Կծում են անգամ թագուհուն
Եվ չեն խնայում ոչ-ոքի՛:
Եվ չունի ոչոք իրավունք
Կծած տե՛ղն անգամ քորելու, —
Այնինչ մենք իսկույն սպանում ենք,
Թե փորձի մեզ կծել մի լու...

(Երկրորդ վարիանտ)
Մի ծեր, մի լավ արքա կար.
Ուներ իր մոտ մի լու:
Արքան նրան սիրում էր,
Ինչպես իրա որդուն:
Դերձակ կանչեց մի օր նա,
Գոռաց հրաման տալով. —
Կարիր լվին շորեր նոր
Թե ֆրաք, թե պանտալոն:

Հագավ մեր լուն շորեր նոր,
Թավիշ, մետաքս հագավ,
Կապեց կրծքին նա լենտ ու
Արծաթ շքանշան:
Դարձավ մեր լուն մինիստր
Կրծքին մի աստղ պայծառ, —
Նրա ամբողջ սերունդը
Ազնվազարմ դարձավ:

Կծում, խայթում, խոցում են
Սրանք հիմա անկանգ
Եվ դուքսերին, որ մեծ են,
Եվ թագուհուն անգամ:
Քորել կծած մարմինդ
Կարող ես փորձ անել...
Իսկ մենք, — իսկ մենք սովոր ենք
Լվին իսկույն սպանել...

1932

Ուոտ Ուիտմենից

ԵՎՐՈՊԱ

ճորտի խեղդող որջից
Շանթի պես նա թռավ՝ ինքն իրմով հիացած.
Ոտքերով նա կոխոտում է մոխիրն ու ցնցոտիները,
Իսկ ձեռքերով սեղմում կոկորդն արքաների:
Օ, հույս և սպասում:
Օ, տանջանքը քշված ազատասերների, որ մաքրում են իրենց ըմբոստ հոգին օտար
հեռաստաններում, —
Օ, որքան սրտեր կան հիմա տխրությունով հիվանդ.
Վերադարձե՛ք այսօր ձեր տները, թող նոր կյանքը բացվի ձեզ համար:
Իսկ դուք, որ ոսկի էիք առնում, որպեսզի ժողովրդին արատավորեք,
Իմացե՛ք, ստախոսներ և վաշխառուներ, որ ձեր բոլոր կառափնատների, ձեր մոլության,
Եվ նրա համար, որ դուք, որպես որդեր, ծծում էիք միամիտ ու բարի մուրացկաններին,
Եվ նրա, որ խոստանալով, խաբում էին շուրթերն արքայական
Եվ, դրժելով երդումը, քրքջում էին
Այս բոլորի համար ներումով կպատժե ձեզ ժողովուրդը, նրան
պետք չեն ձեր գլուխները.
Զզվելի՛ է նրան դաժան ոխակալությունն արքաների:
Բայց հեզ ներողամտությունը ծնում է կորուստ անողոք, — և
սարսափահար արքաները ահա դառնում են ետ
Անցնում են հպարտ ու հանդիսավոր, և ամեն մեկին
շրջապատում է շքախումբը. — տերտեր, բռնաբարող, դահիճ, բանտապետ, դատավոր, վաճառական, զինվոր ու լրտես:
Իսկ բոլորի ետևից, տե՛ս, ինչ-որ ուրվական է սողում գաղտագողի ինչպես մառախլապատ գիշեր.
Ամբողջովին կարմիր, ճակատը, գլուխը և մարմինը արնավառ ծալքերով ծածկած:
Չեն երևում ո՛չ դեմքը, ո՛չ աչքերը:
Բայց իր այդ ալ-կարմիր զգեստների տակից, որ վեր են
բարձրացվում ինչ-որ անհայտ ձեռքով,
Ահավասի՛կ մի մատ, որ ցույց է տալիս հեռուն,
հորիզոններըգալարվում է, ինչպես օձի գլուխ:
Իսկ թարմ գերեզմաններում պառկած են, արնաթաթախ,
երիտասարդ մարմիններ,
Եվ ձգված են պարանները կախաղանների, և շաչում են
տերերի գնդակները,
Եվ բռնակալները քրքջում են բարձրբայց այս ամենը
կտան պտուղներ, և առատ կլինի նրանց հունձը:
Այդ դիերը պատանիների,
Այդ նահատակները, օղակներից կախված, գորշ արճիճով
ծածկված այդ սրտերը, —
Նրանք անշարժ են և պաղ, բայց և այնպես ապրում են նրանք
հավիտյան, և անհնարին է նրանց սպանելը.
Նրանք ապրում են, օ, արքանե՛ր, մնացած իրենց պես ջահել
սրտերում:
Մնացած եղբայրներում են ապրում նրանք, նրանցում, որ
պատրաստ են ձեր դեմ կրկին ապստամբելու,
Նրանք մաքրվեցին, սրբացան նրանք մահով, մահը մեծացրեց
նրանց և իմաստավորեց:
Ազատության համար ամեն մի մեռածի վրա, ամեն մի գերեզմանից կծլի ազատության սերմը, իսկ նրանիցնորը.
Հեռո՛ւ-հեռո՛ւ կտանեն քամիները նրան՝ գալիք սերունդների համար,
Կգուրգուրեն նրան անձրևներն ու ձյուները:
Օ , ամե՛ն մի հոգի, որ թողել է մարմինը՝ բռնակալ դահիճներից զարկված
Անտեսանելի ճախրում է աշխարհի վրայով, շշնջում է, կանչում, հսկում:
Ազատությո՛ւն. թող հուսալքվեն ուրիշները, ես չեմ հուսալքվի
երբեք:
Ի՞նչ: Այս տունը գամվա՞ծ է. տերը տե՞ղ է գնացել.—
Ոչի՛նչ, շուտով նա կգա. Սպասեցե՛ք նրան:
Պատրաստվեցե՛ք դիմավորելու նրան. արդեն գալիս են նրա համբավաբերները:

1923

Էմիլ Վերհարնից

ԲԱՆԿԻՐ

Նամակներով ծածկված գրասեղանի առաջ,
Թիկնաթոռում թաղված, դողդոջուն ու մռայլ,
Նա գրում է ճերմակ թղթիկների վրա՝
Միտքը հեռո՛ւ-հեռուն՝ երկրի ծայրերն հառած:

Տեսնում է նա Կափը, Ցեյլոնը ու Ճավա՛ն,
Եվ օվկիանոսն Հնդիկ, ուր իր նավերն հազար
Դեպի չորս կողմն հողի, դեպի հազար կայան,
Առագաստները բաց նավարկում են ազատ:

Կայարաններն իրա ու ռելսերը կարմիր,
Որ ուղարկե պիտի անապատներն անթուխպ,
Ուր արևն է միայն շարժվում մեռյալ տոթում
Եբենոսի, սաթի աշխարհները անծիր:

Իր հանքերը, նավթի շատրվաններն անթիվ,
Իր բանկերի մոլի եռուզեռը հնչուն,
Որ խեղդում է, լափում, զառանցանքով տանջում
Եվ իր տենդը նետում օվկիանոսից անդին:

Ժողովուրդներ, որոնց սենատները դահիճ
Եվ օրենքները խեղճ հպատակ են իրեն
Նա կարող է մատնել նրանց հողմին հրե,
Թե օգտակար լինի հաշիվներին դա իր:

Պատերազմներ՝, արյուն, մոլեգնություն ու ոխ,
Որոնց միակ արքանինքըկրծում է հար
Պաղ թվերի անկիրք ատամներովհազար
Հանգույցներ ու հարցեր արյունոտ ու այրող:

Եվ նա գիտե, որ հին թիկնաթոռում բազմած,
Իր մատյանում երբ նա խծբծում է դողդոջ
Իր քաղքենի ոգուն կապում է կյանքը ողջ,
Ուր տիրում է թախիծ ու սպիտակ սարսափ:

Օ, ոսկի՛ն, իր ոսկի՜ն, որ ցանում է հեռու,
Բազմապատկում այնտեղմոլի քաղաքներում,
Այնտեղխրճիթներում ու խուցերում տխուր,
Ու լույսերում, օդում, ամենո՛ւր:

Իր թևավոր ոսկի՛ն, հեռուներով հարբած,
Իր սավառնող ոսկի՜ն, իր գիշատիչ ոսկի՛ն,
Ոսկի՛ն շնչող ու վառ
Ոսկի՜ն:

Իր ոսկի՜ն, որով փայլում են բորբ ամեն քամի ու հով,
Իր ոսկին, որ հողն է ծծում
Թշվառության անթիվ շրթունքներով:
Իր ոսկի՜ն հուրհրատող, իր ոսկի՛ն խորամանկ, խաբող առա՛նց խոսքի,
Լույսի ու արևի բեկորիր ոսկի՛ն:

Следующая страница