Չարենց Եղիշե՝   Երկեր

Էն ո՞նց եղավ քշեց հորըդ նա գեղից,
Եկավ, քշեց քաջ ախպո՛րդ նա գեղից,
Կրակ տվեց, ավար հանեց նա գեղից
Քիչ էր մնում` քեզ էլ տաներ նա գեղից...

Էդ էն կրակ, ցավ տարին էր մեր գեղում,
Երբ սև կրակ ու արին էր մեր գեղում,
Ըռանչպարը թվանք առավ մեր գեղում,
Էն սև տղեն մի հավ դառավ մեր գեղում:

Հետո էն սև Սեպուն էկավ մեր գեղում,
Էկավ, փռեց կրակ ու ցավ մեր գեղում,
Ըռանչպարին գերի առավ մեր գեղում,
Արունն էլավսելավ դառավ մեր գեղում...
Թվանք առած՝ փախավ հերըս մեր գեղից,
Հետը փախավ քաջ ախպերըս մեր գեղից,
Ինչքան ռանչպար-տղամարդ կարմեր գեղից
Ելան գացին Ղասախու սար մեր գեղից...

Հետո էկավ, գեղը տիրեց էն տղեն,
Շեկ մազերիս աչքը չռեց էն տղեն,
Արնոտ աչքը վրես ածեց էն տղեն
Մաուզերից կրակ բացեց էն տղեն,
Ալևորիկ մորս ծեծեց էն տղեն,
Ջահել սրտես արուն ծծեց էն տղեն...
Հետո էկան վառման օրեր, հետո կռվի օրեր էկան,
Գեղից գացած իմ ախպերներ պոպոզավոր, հուրհեր էկան.
Ալևորիկ իմ հե՛րն էկավ...
Իմ բայլշևիկ ախպե՛րն էկավ...

Էն օրվանից, երբ ախպերս էկավ գեղ,
Երբ բալյշևիկ, ռանչպար հերս էկավ գեղ
Կարմիր գարուն, կանաչ արև էկավ գեղ,
Բանվոր տղից, քաղքից բարև էկավ գեղ
Մաշին նստած` բանվոր տղեն էկավ գեղ, —
Ոնց որ գարուն մի հրեղենէկավ գեղ

Ընչի համար էլ ես սիրեմ էն տղին
Մազերը սև, աչքերը սև էն տղին,
Հոնքը կիտած, բեղը սրած էն տղին,
Գլխին սև-սև փափախ դրած էն տղին,
Մաուզերը կողքից կախած էն տղին,
Մեր հանդերից հեռու փախած էն տղին...
Իմ ուզածն է քաղքից էկած էն տղեն,
Աչքերը բաց ու սիրտը բաց էն տղեն,
Գլխին կաշվե գլխարկ դրած էն տղեն,
Ըռնչպարի սրտով սիրած էն տղեն...

Ես էն տղի տեսքն եմ սիրում աշխարհում,
Մաշին քշող ձեռքն եմ սիրում աշխարհում,
Նրա անուշ երգն եմ սիրում աշխարհում,
Սավետական էս մեր սիրուն աշխարհում...

1928

ԲԱԼԼԱԴ ԳՆԴԱՊԵՏ ՏՈՄՍՈՆԻ,ԿՈՄԵՐԻՏ ՏՂԻ ԵՎ ԳՈՐԾԱԴՈՒԼԻ

ՄԱՍԻՆ

Քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ, քաղա՛ք իմԲաքու
Որքա՛ն հեքիաթնե՛ր կան այս գորշ քաղաքում...

Ես ունեմ ընկեր մի, ընկեր մի մոտիկ,
Նա մեջքին կապում է մի բարակ գոտի,
Նա գլխին դնում է հասարակ կեպի
Իսկական մի հերոս է չգրված վեպի,
Հասարակ բանվոր է նա Բալախանում
Փորում է նա հողը ու նավթ է հանում:

Քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ, քաղա՛ք իմԲաքու, —
Որքա՛ն հեքիաթնե՛ր կան այս գորշքաղաքում...

Այս վտիտ բանվորը, այս վտիտ տղան
Այն տարին եղել է համարյա խոխա:
Այդ այն մութ տարին էր, երբ ծովի բացից
Գրավեց քաղաքը մերանգլիացին:
Երբ եկավ, նստեց նա ու հպեց պատին
Մեր ըմբոստ քաղաքն ու պրոլետարիատին:
Տոմսոնի կոշիկն էր քաղաքում տիրում. —
Թշնամին դաժան էր, բարեկամնհեռու...
Բայց ե՛րբ է բանվորը լռել աշխարհում, —
Նա խուլ պայքարո՜ւմ էր, անդո՛ւլ պայքարում:

Քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ, քաղա՛ք իմԲաքու, —
Որքա՛ն հեքիաթնե՛ր կան այս գորշ քաղաքում...

Այդ մութ օրերին էր, երբ մի օր բերին
Լցրեցին բանտերը մեր ընկերներին:
Եվ վաղ առավոտը, հանկարծ, դեմուդեմ
Մեր վտիտ տղին այս կանչեց Կոմիտեն:
Գաղտնի Կոմիտեն մեր կանչեց ու ասաց.
« — Դու քաջ կոմերիտ ես` հասակդ առած,
Քո հայրը բանվոր է, ինքդ պրոլետար.
Տեսնո՛ւմ ես թղթերը. — վերցրո՛ւ ու տա՛ր:
Մերոնք գործադուլ են պատրաստում արդեն.
Այս խոզ գնդապետը ելել է մեր դեմ
Ուզում է ողջի՛ն նա դարձնի գերի.
Կտանես այս թղթերը նրա զորքերին,
Կմտնես փողոցներր խռիվ ու բանուկ
Իբրև թե աֆիշ ես հանգիստ բաժանում»: —

Քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ, քաղա՛ք իմԲաքու, —
Որքա՛ն հեքիաթներ կան այս գորշ քաղաքում...

Հրճվանքից շողաց մեր քաջ տղի հոգին,
Կարծես թե նա տերը դարձավ քաղաքի.
Աչքերում ցոլաց մի խնդություն անհուն. —
Տեսեք` ինչ գործեր են նրան վստահում...
Ճերմակ թերթիկները գրպանը խոթեց. —
Իսկի չվախի՛ թող գաղտնի Կոմիտեն:
Ու վազե՛ց, վազե՛ց նա սրտի դողոցով.
Դիմացից՝ մի վաշտ էր անցնում փողոցով, —
Զսպելով սրտում իր մի կրծող, մութ բան
Մոտեցավ նրանց նա ու ասաց «Գուդբայ»...
Ասաց, ծիծաղեց նա կամաց, ինքնիրեն
Ու հանեց թերթիկները, սկսեց ցրել...

Քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ, քաղա՛ք իմԲաքու, —
Որքա՛ն հեքիաթներ կան այս գորշ քաղաքում...

Այս ի նչ քաջ տղա՛ է, այս ինչ լավ ցրիչ...
Բոլոր զինվորները մեկ-մեկ վերցրին:
Սակայն հայհոյանքը կոկորդում զսպած՝
Մեր տղի գլուխը արնոտեց սպան:
Հարվածից, գլուխը արնոտեց աղի
Կարմիր կաթիլները թափվեցին հողին...
Բայց երկրորդ հարվածը երբ օդում շողաց
Արդեն չքացել էր, կորել էր տղան...

Քաղաք իմ, քաղա՛ք իմ, քաղա՛ք իմԲաքու, —
Որքա՛ն հեքիաթնե՛ր կան այս գորշ քաղաքում...

Հևիհև հասավ մեր Կոմիտեն տղան.
Արնոտած երեսը հրճվանքից շողաց.
Կապեցին գլուխը, դրին անկողին.
Ուղարկող ընկերը համբուրեց տղին...
Հետո գործադուլ մեծ եղավ քաղաքում
Ելան բանվորներըու հաղթեց Բաքուն:
Ամբողջ պրոլետարը կանգնեց դեմուդեմ
Խոզուկ Տոմսոնին այն հաղթեց Կոմիտեն...

Հաղթեց գործադուլը ինգլիշ զորքերին
Բաքվի պրոլետարը չդարձավ գերի.
Սարսեց գնդապետը մեր ուժից անթիվ
Եվ ելան ընկերները Բայիլի բանտից...

Քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ, քա՛ղաք իմԲաքու, —
Որքա՛ն հեքիաթնե՛ր կան այս գորշ քաղաքում...

Կեցցե՛ գործադուլը, կեցցե Կոմիտեն,
Կեցցե՛ և փոքրիկ այն, կոմերիտ տղեն,
Կեցցե՛ մեր պայքարը ու կամքը արի
Կեցցե՛ն բանվորները համայն աշխարհի...

Քաղա՛ք իմ, քաղա՛ք իմ, քա՛ղաք իմԲաքու, —
Որքա՛ն հեքիաթնե՛ր կան այս գորշ քաղաքում...

1928

ԲԱԼԼԱԴ ՔՍԱՆԸՎԵՑԻ ՄԱՍԻՆ

I

Ամեն առավոտ ծեգին,
Երբ քնից զարթնում է Բաքուն,
Երբ, ելած գիշերվա մեգից,
Արթնանում է կյանքը քաղաքում, —
Երբ ձայնով աշխույժ ու հնչուն,
Քաղաքի բոլոր մասերից
Շչակները գործի են կանչում
Պրոլետարներին, —
Քաղաքի ծայրերից բոլոր
Ձգվելով երբ շարան-շարան
Բանվորները հոծ խմբերով
Շտապում են դեպ գործարան, —
Ամեն առավոտ ծեգին,
Այդ ժամին գորշ, մխերանգ
Ձուլվելով երթին ամենքի
Քաղաքից անցնում են և նրանք:

II

Քսանըվեց հոգի են նրանք
Եվ խոհուն, մտազբաղ են բոլորը: —
Առջևից գնում է նա
Երկաթյա Կարմիր Կոմանդորը:
Քայլերով հաստատ, համաչափ.
Հետևում են նրան ընկերները,
Ընթանում են քայլերով շտապ,
Շտապում են դեպի վիշկաները:
Աննկատ, ձուլված ամենքին,
Քայլում են նրանք դեպի ծովը.
Ողջունում են ջրերը դեմից,
Համբուրում է հովը:
Համբուրում է դեմքերը քամին,
Շշնջում է խոսքեր հյուսիսի.
Երկաթյա շքախումբ է դա մի
Գնում է զորահանդեսի: —

III

Քայլերով հաստատ, համաչափ
Ընթանում են նրանք խմբովին,
Անցնում են բուլվարի միջով,
Մոտենում են ծովին:
Խփում է ծովը ափերին,
Երկինքը գորշ է, կապար,
Ճոճվում են նավերը սևերիզ`
Շղթայով ափին կապած:
Իսկ հեռունուրիշ նավեր,
Կողերով ծանր նստած՝
Սահելով գնում են վեր
Դեպի Պարսկաստան...
Գնում են դեպի Էնզելի,
Գնում են դեպի Իրան:
Տանում են երկրից Լենինի
Մի հեղուկ ալ-հուրհուրան:
Նայում են նրանք նավերին
Եվ իրենց շրթերով անբառ,
Անսահման խինդը դեմքերին`
Շշնջում են. — Բարի ճամփա...

IV

Տեսնում են ապա հեռևում
Եվ ուրիշ նավեր նրանք.
Մշուշում նրանց երևում,
Արևում են ափեր հուրհուրան:
Տեսնում են նավեր ծանրակող,
Որ ջրերը խորունկ արխած՝
Գնում են դեպի Կրասնովոդսկ,
Գնում են դեպի Հաշտարխան...
Նայում են կարոտով անդուլ
Այդ հեռու ափերին նրանք.
Մի երգ է այնտեղից թնդում,
Խնդալով ողջունում նրանց:
Դաշտերում անբեր ու ամա
Տեսնում են հազար նվաճում
Երկաթե անտառի նման
Սերունդնե՜ր են ելնում ու աճում:
Հասնում են նրանց ականջին
Վիթխարի մուրճերի ձայներ.
Շչակնե՛ր են թնդալով կանչում.
Աշխատանքն է հնչում այնտեղ:
Լսում են նրանք այնտեղից
Բյուրավոր ոտքերի դոփյուն.
Քրտի՛նք է բարձրանում հանդերից,
Մի կուրծք է անդուլ տրոփում:
Նայում են հրճվանքով անհուն
Ու խնդուն եռանդով ջամբած
Կոմանդորը ձեռքով է անում
Ու թեքում են նրանք ճամփան...

V

Ու, կրկին հեռուն նայելով,
Քայլերով հաստատ, համաչափ,
Անցնում են նրանք Բայիլով,
Մտնում են քաղաքը նվաճած...
Տարիներ են անցել կորովի,
Սուրացել, գնացել անդարձ
Ու ելել է նահանջող ծովից
Մի ամբողջ նո՛ր նավթանտառ:
Ուր ծովն էր առաջ շառաչում
Եփվելով զուր եռանդից
Վիշկաներ են հիմա աճում,
Վիշկաներ անծայր, անթիվ:
Թնդում է երկիրը նվաճած,
Շնչում է եռանդ ու կրակ,
Անցնում են քայլերով համաչափ,
Երկաթե քայլերով նրանք:
Դեմքերով՝ վառված արևից,
Մազութով, մրով ծեփած
Վիշկաները կեցած բարևի
Ասում են. — Բարև՛, Ստեփան...
Աշխատում են, եռում են բոլորը.
Մրոտած դեմքեր ու ձեռներ: —
Հիացած՝ Կարմիր Կոմանդորը
Շշնջում է, — Բարև՛ , ընկերնե՛ր: —
Ու մտնում են նրանք վիշկաները,
Երկաթե քայլերով շրջում.—
Դառնում են փոկերն, անիվները,
Եռանդի ձայնով շշնջում:
Շշնջում է Կարմիր Կոմանդորը
Փոկերի աղմուկի միջից
Եվ լսում են, լսում են բոլորը
Նրա ձայնը ջինջ ու վճիտ:

VI

Եվ ասում է նաԿոմանդորը. —
«Տոկացե՛ք, ընկերնե՛ր անգին.
Ձեր ամեն մի փորած նավթահորը
Մի քա՛յլ է ցանկալի կյանքին:
Բացվել է հորիզոնը լուսե,
Պայքարով ակոսել մի կյանք.
Ձեզ համա՛ր գիշերով մի սև
Ավազե դաշտերում մենք ընկանք:
Քսանըվեց էինք մենք, քսանըվեց,
Բայց անթի՛վ, անթի՛վ է մեր անունը.
Ոչ գնդակը մեզ սպանեց
Եվ ո՛չ էլ կսպանե հոգնությունը:
Քանի կաք, ընկերնե՛ր, քանի կաք,
Քանի կա աշխատանքը անդուլ
Մեր երթինվախճան չկա,
Մեր պայծառ գործինպարտություն:
Տոկացե՛ք, ընկերնե՛ր, մենք ձեզ հետ
Տոկացե՛ք, ընկերնե՛ր անգին,
Որ անցնենք այս նեղ արահետը
Եվ հասնենք ցանկալի կյանքին...»:

VII

Շշնջում է Կարմիր Կոմանդորը
Փոկերի աղմուկի միջից
Եվ լսում են, լսում են բոլորը
Նրա ձայնը ջինջ ու վճիտ:
Ու անտես ամենքին, ինչպես ռիթմը,
Այնտեղից ելնում են նրանք,
Թողնելով սրտերում հուր շռինդ մի,
Վառելով անմար մի եռանդ:
Ու կրկին, հրճվանքով անհուն,
Գլուխը բարձր ու ուղիղ`
Կոմանդորը ձեռքով է անում
Եվ փոխում են նրանք ուղին:
Հռնդում է դեմից քամին,
Բայց անշեղ քայլերով նրանք
Անցնում են Բալախանի,
Մտնում են գործարան ու հանք:
Շրջում են այդպես ամենուր,
Մտնում են գործարան, զավոդ,
Դեմքերին իջնում է մուր,
Շորերին նստում է նավթի հոտ:
Եվ մինչև բարձրանում է օրը,
Դառնում է թնդացող ցերեկ
Շրջում է Կարմիր Կոմանդորը,
Լինում է ամենուրեք:
Սուլվելով դարձող փոկերին,
Աղմըկող ռիթմերի միջից
Խոսում է ընկերներին
Իր ձայնով հաստատ ու վճիտ:
Ու, ռիթմի նման անտես.
Ձուլվելով սրտերին նրանց
Շշնջում է, շնչում է անվերջ,
Անդադար ավյուն ու եռանդ:

VIII

Եվ ապա, երբ դառնում է օրը
Շառաչուն, թնդացող ցերեկ
Իրարից բաժանվում են բոլորը,
Ցրվում են ամենուրեք:
Մտազբաղ, գլուխը թեքած,
Քայլերի համաչափ զարկով
Ստեփանը դնում է
Ցեկա, Ջափարիձենդեպի
Սովնարկոմ:
Գնում են և մյուս ընկերները,
Ամենքին անտես քայլերով
Անցնում են բոլոր փողոցները,
Մտնում են հիմնարկները բոլոր:
Սրտերում անբոց մի կրակ,
Պայքարում կոփված խոսքերով
Ամենուր շնչում են նրանք
Անդադար եռանդ ու կորով:
Աշխատանքը անտակ է, մեծ է,
Թշնամին անտես ու դժնի
Եվ շրջում են այդպես Քսանըվեցը
Մինչև իրիկունը իջնի:
Շրջում են անվերջ, շշնջում են,
Առօրյա աշխատանքը հսկում,
Մինչև իրիկունը իջնում է
Ու վառում կրակներ ոսկուն:
Եվ իջնում է երբ իրիկունը,
Որ հոգնած սրտերին նստի
Քսանըվեցը անխոս հեռանում են,
Գնում են հանգստի:

IX

Եվ ամեն առավոտ, երբ օրը
Բարձրանում է՝ հոգսը թևին
Շրջում է Կարմիր Կոմանդորը
Քսանհինգ ընկերներ ետևից:
Շրջում են բոլոր վիշկաները,
Մտնում են գործարան ու հանք
Քսանըվեց կարմիր ընկերնե՛ր են,
Քսանըվեց մարտիկներ նրանք:
Ձուլվելով դարձող փոկերին,
Աղմըկող ռիթմերի միջից
Խոսում են ընկերներին
Ձայներով հաստատ ու վճիտ:
Ասում են նրանք. — Տոկացե՛ք,
Տոկացե՛ք, ընկերնե՛ր անգին,
Վառվել է հորիզոնը լուսե,
Առավոտը ցանկալի կյանքի:
Քանի կաք, ընկերնե՛ր, քանի կաք,
Քանի կա աշխատանքը անդուլ
Մեր երթինվախճան չկա,
Մեր պայծառ գործինպարտություն

1928

ԽՄԲԱՊԵՏ ՇԱՎԱՐՇԸ

I

Փողոցում լռություն էր ու թանձր խավար,
Առավոտը մոտ էր, բայց դեռ չէր բացվում
Իսկ հյուրանոցում խմբապետ Շավարշը
Խմում էր, խմում էր ու մուժով լցվում:
Խմբապետ Շավարշը: — Մի հաղթ տղամարդ:
Երեսին՝ վերից վար՝ դաշույնի հարված.
Այդ հարվածն համարում էր իր դեմքի զարդը`
Մանավանդ, երբ դժգոհ էր ու մի քիչ հարբած:
Այդ հարվածնու բեղերը: — Դեղին ոլորած,
Երկու խուրձ հրեղեն, երկու առու,
Որ, ծանր, իջնելով կզակի վրա
Նրան տալիս էին «քաջի» համարում:
Եվ մռայլ աչքերը բիբերում արյուն,
Եվ խիտ հոնքերի գերանդին...
Նա իրեն համարում էրանհաղթ արու,
Որպես հրաշք՝ ելած հայ ցեղի արգանդից:
Շավարշը խմում էր: — Լուռ, մռայլ բազմած,
Սեղանի գլուխը, որպես ամպ՝ ծանր.
Եվ ամեն մի բաժակը քամած
Նրան դարձնում էր ավելի համր:
Մենակ չէր Շավարշը: — Նրա հետ նստած
Նրա քաջ խոխեքը, իր խմբի տղերքը՝
Իրենց խմբապետի հռչակին վստահ՝
Անվերջ խմում էինու հոսում էր երգը:
Իգդիրցի Եգորը, Ղարսեցի Հարոն,
Մշեցի Թաթիկը ու Սաքոն Ղաչաղ,
Որոնցից վախենում էր անգամ ինքըԴրոն,
Որ իրենց կանչել էր առավոտը վաղ:
Նա նրանց կանչել էր առավոտ վեցին,
Շավարշին կարգադրել էր, որ բերի իր խումբը.
Գիտեին, որ ուզում է ուղարկի գործի, —
Եվ ահա Շավարշը մինչև այդխմում էր:
Շավարշը մռայլ էր: Մի մթին կասկած
Օձի պես կրծում էր նրա սիրտը.
Սեղանի գլուխը մութ, մռայլ բազմած
Անդադար խմում էր ու հայացքըբիրտ էր:
Կանչել է Դրոն առավոտ վեցին, —
Մտածում էր Շավարշը, — բայց ինչու է կանչել
Ասաց՝ ղրկելու է կարևոր գործի
Եվ թողեց, որ կասկածը մինչև լույս տանջե
Եվ ուտի իր սիրտը: — Ինչո՞ւ չասաց,
Թե այդ ի՞նչ գործի է ուղարկում նա.
Ուղեղում վխտում էր կասկած հազար.
Մտածում էր՝ գնա՞, թե չգնա:
Ո՞վ գիտե Դրոյին: Այո: Ո՞վ գիտե:
Կարող է սարքել հազար դավ: Դրոն:
Դժվար է կռվել հետը:
Չուզեց խաթրով անիկանի զոռով:
Կհանի իր վրեժը: — Երեկ չէ՞ր միթե,
Որ Շավարշն սպառնաց շտաբը քանդել:
Ինչո՞ւ: — Որովհետև
Ռուսահայ սպաներն են իշխում այնտեղ:
Ռսացած սպաները: —
Օսլայած տղերք,
Ձեռքերին ձեռնոցներ, դեմքերին՝ պուդրա:
Ո՛չ զենք են տեսել, ո՛չ կռիվ: — Մերկ
Աղջիկներ են միայն տեսել դրանք..
Եվ դրանք ահա, այդ լակոտները,
Որոնց ինքը կարող է տանել բաղանիք
Ուզում են, որ խմբապետները
Իրենց ձեռքին դառնան կույր խաղալիք:
Ուզում են տիրանան երկրին, բանակին,
Հաստատեն ռսացած մի իշխանություն.
Բայց ոնց նա կռանա դրանց տակին.
Կնի՞կ է ինքը, թե կատու...
Իսկ Դրոն, իգդիրցի այդ խմբապետը,
Որ եղել է հերոս, անվախ տեռորիստ
Դրոննրանց հետ է
Եվ ուզում է դառնա մինիստր:
Ռազմական մինիստր: — Լա՛վ Լա՛վ:
Հետո՞: Ի՞նչ պիտի անի հետո նա:
Դե, որ մինիստր դառավ
Կարող է բոլորին տա գետնովը:
Կարող է հավարի իգդիրցիներին,
Բռնոտի բոլորին, զինաթափի,
Սպանի, ջանդակները շներին քցի,
Որ ծաղկի իր շտաբը...
Խռնվեցին մտքերը Շավարշի գլխում.
Գլուխը ծանրացավ, լցրեց ու խմեց:
Սրտում մռմռացող կասկածը խուլ
Դառնում էր հետզհետե մեծ:
Դե, Դրոնթագավոր է: — Դեռ երեկ էր
Սպանեց իր տղերքից երկուսին,
Որովհետև այդ տղերքը
Հարբած՝ թքել էին մեկի երեսին:
Կառքից իջեցրել էին ու դեմքին թքել.
Հետո դուրս էր եկել, որ մինիստր է...
Դե, տղերքըհարբած են եղել.
Հարբածինէլ ի՞նչ մինիստր:
Թքել էին դեմքին ու նստել նրա կառքը,
Մինիստրի կառքը, — վա՛յ, հարամզադե՛ք..
Բայց հո չկործանվե՛ց աշխարքը.
Մինիստրը աշխա՞րք էր ազատել...
Իհարկե, սխալ էր: Իհարկե, Դրոն
Վարվել էր անվայել, վարվել էր տմարդի.
Խաբելով կանչել էր նրանց միլիցիատուն
Այդպես չի վարվի տղամարդը:
Խաբելով կանչել էր, թե կների.
Տղերքն էլ եկել էին, — և ահա միամիտ
Նրանց հանել էին կամերից
Ու կռնակից խփել... Միայն մի
Ինչ-որ հարբած մարդու ներկայությամբ...
Սուս ու փուս: Գաղտագողի: Անձեն:
Ո՞վ գիտե Դրոյին... Ինչքա՛ն է նա
Այդպես գաղտագողի հնձել...
ՄեկըԹևիկն էր, Եգորի եղբայրը.
Եգորը Դրոյին կների՞: — Ոչ: —
Ահա նստել իր մոտխմում է անդադար
Ու հարբած՝ համբուրում է ընկերոջը
Ղարսեցի Հարոյին: — Լա՛վ: Լա՛վ:
Եգորը իր մարդն է այսուհետև:
Եղբոր պես լինելու է մոտիկ, հալալ.
Նույնիսկ կռվեն եթե:
Ա՛յ քեզ մինիստր... Ա՛յ քեզ Դրո:
Ա՛յ քեզ խմբապետ քաջ...
Ձեռքը խփեց սեղանին Շավարշը
Հողը դողաց:
Խփեց ու խմեց: Նորից խմեց: Մռայլ:
Ու ոչ մի բառ չասաց: Գլուխը
Ծանր՝ դրեց կրկին իր բռունցքի վրա.
Այդպես անշարժմնաց: Իսկ շուրջը աղմուկ էր:
Երգում էր Ղաչաղը: — Բայաթի՞ էր, թե երգ:
Թուրքերեն, որ լսել էր Շավարշը. — ե՞րբ:
Գլխում ծանրացել էր մի թանձր մեգ.
Սրտում խլրտում էր կասկածը դեռ:
Ուզում էր բարձրանա, թքի հացին,
Իրենց կերած հացին, շուռ տա սեղանը: —
Արդեն մոտենում էր լուսաբացը.
Իսկ նա դեռ տատանվում էր. չգիտեր,
Թե կատարի՛ արդյոք Դրոյի հրամանը:
Ուզում էր տասնոցը հանի, կրակի,
Բայց իրեն զսպում էր. մտածում էր:
Վերջապես տղամարդի վարտիք է հագին,
Երակներումարյուն է, և ոչ թեմածուն է
Դե, Դրոն թագավոր է: — Ու թո՛ղ լինի:
Բայց հո չի կարող այդ մարդը
Ինչ ուզենաանի. —
Բա իրա՛Շավարշի՞աշիրա՞թը:
Իր հետ է աշիրաթը: — Շավարշը հիշեց.
Ուղեղում բացվեց լայնանիստ
Ալագյազը... դուման... անաստղ գիշեր...
Շների ոռնոց անհանգիստ...
Անցնում են գյուղերից: Առջևիցտավարը`
Հայկական, թուրքական գյուղերից քշած:
Գյուղերումընկել է հավարը.
Լաչա՞կ էր էդ գյուղերի գլխին քաշած...
Ճռճռում են սայլերը, ձիերը դոփում:
Սայլերիներեխեք, կնանիք. բեռ...
Դումանը շոյող է, ինչպես զեփյուռ,
Ձիերի դոփյունը, ինչպես երգ...
Առջևիցտավարը, հետևիցաշիրաթը`
Շավարշի աշիրաթը. — խնուսցիներ,
Որոնց տեղահան էր արել
Պատերազմի թաթը
Ու աշխարհում ցրել:
Շատերը՝ կորցրած տուն, տեղ,
Ընտանիք, երեխեք, հայր, մայր, —
Այժմ պատրաստ էին ամեն ինչ քանդել
Մի լավ ձիու, կամ մի բեռ ալյուրի համար:
Ով էլ հանդիպեր, ումն էլ լիներ.
Ռսի, թուրքի, հայիմիևնույն չէ՞:
Միայն թե քաղցից չոռնար կինը
Միայն թե երեխեն շունչը չփչեր:
ԽնուսիցԱլաշկերտ: Հետո Ղարս:
Ցուրտ, մերկ, սով, տիֆ:
Ինչքա՛ն, ինչքա՛ն մեռան,
Քաղցից, կամ ետ չեկան ֆրոնտից:
Ամբողջ ճանապարհըդիակներ, մահ:
Ով որ մնաց` մնաց: Հասան վերջապես
Այն ռսի երկիրը, որի համար
Այնքան արյուն էին իրենք թափել...
Հասան: Թափվեցին կիսամերկ:
Եվ ի՞նչ. Մնացին երկնքի տակ բաց,
Ցուրտը հետևից, քաղցն առջևից
Ոչ օգնություն, ոչ բան:
«Ռուսահայ եղբայրներր»... հա՛հա՛...
Ընդունեցինթուրքից էլ վատ, այո՛.
«Ռուսահայ եղբայրնե՜րը»... «Հայրենիք». «Հայր»
Կուշտ, ականջները դինջ, ապահով:
Բայց ինչո՞ւ ընդունեցին այդքան վա՛տ, վա՛տ,
Օտարի, թշնամու, գրողի պես.
Դե, հայեր են լիրբ, մուխաննաթ, —
Մտածում էր Շավարշըհայեր են գեշ,
Այլասերված հայեր, ռսացած. — ոչ
Կովի երես տեսած, ոչ կռվի ահ.
Եվ դա չէ՛ր պատճառը, որ
Ոչխարների նման սարսափահար,
Նրանք փախան ֆրոնտից, տվին Էրզրումը,
Հետո Ղարսն, Ալեքպոլը... վա՛յ ձեզ, հայե՛ր...
Շավարշի գլուխը մտքերից եռում էր.
Շավարշը դառը ծիծաղեց.
Խմեց. ու հոսեցին կրկին մտքերը
Իրարից ավելի պղտոր ու ծանր, —
Իսկ Ղաչաղը երգում էր, դեռ երգում էր,
Հոսում էր դառնությունը համր...
Եվ հանկարծ Շավարշըայնքա՛ն պարզ
Կարծես դեմը լիներ, կարծես կենդանի
Հիշեց. — առավոտը բացվում էր, թարմ, —
Շրջապատել էին թուրքական Թալինը:
Երեք օր էր արդենկռվում էին.
Շրջապատել էին գյուղը չորս կողմից խիտ.
Մարմանդ լուսաբաց էր, երբ
Գյուղը զարթնեց հանկարծ թանձր ծխից. —
Շավարշի տղերքը գիշերը
Վառել էին գյուղը մի ծերիցու հիմա
Չորս կողմից խուժեցին նրանք ներս՝
Փռելով իրենց շուրջը ահ, մա՛հ, մա՛հ:
Աղմուկ, ճիչ, լաց, սմբակների շռինդ.
Ինքը, նստած սև ձին, ձեռին մաուզեր,
Փափախը թեք դրած, մի ձեռով պինդ
Գրկած ձիու բաշը՝ արշավում էր...
Եվ հանկարծ... ծառս եղավ Շավարշի ձին. ի՞նչ:
Ի՞նչ զարմանալի հրաշք, Շավա՛րշ...
Դիմացից դուրս թռավ մի հրեշտակ, չէ՛, կի՛ն.
Ձին սանձեց Շավարշըու մնաց:
Ջաննաթի փերի էր, կին չէ՛ր, չէ՛
Չէր տեսել Շավարշը այդպիսի կին.
Սարսափած աչքերով կինը նայեց շուրջը
Աչքերը սև էին, սև ու ջինջ:
Սև մազերը թափված ուսերին, կուրծքը բաց,
Ալաբաստրե, ճերմակ ձյուների նման
Շողշողում էր կուրծքը, ինչպես լուսաբացին
Ալագյազը, երբ ցնդում է դումանը:
Շավարշը սանձել էր ձին, քարացել.
Ազդեցիկ էր տեսքը` հագի
Կաշվե սև զգեստը, ձին տակի,
Որ սարսափահար ծառացել`
Խփում էր մի ոտքը հողին, վրնջում էր,
Աչքերից թափում էր բոց, շանթ, ադամանդ, ծուխ, —
Շավարշը լսում էր իր ձիու վրնջյունը
Եվ ուռչում էր կուրծքը, ուռչո՛ւմ, ուռչո՛ւմ, ուռլո՛ւմ...
Տեսարանը շքեղ էր. ինքըզարհուրելի,
Ծառացած կնոջ առջև, ինչպես սուրբ Գևորգ.
Ու կնոջ աչքերը սարսափով լի,
Աչքերը, որպես գիշեր: Ու թվում էրցնորք է:
Մի վայրկյան էր միայն, որ տևեց
Երկար, ինչպես դարը: — Շավարշը մի պահ միայն
Ուզում էր բաց թողնել ձին հետևից,
Վախենալով, որ կինը կանէանա,
Կտեսլանա հանկարծ, կցնդի,
Կդառնա գարնանային մշուշ, ամպ, ցող
Ու կմնա լոկ ինքը ու ձին՝
Գյուղամիջին ահից խրխնջացող. —
Բայց պատահեց հանկարծ զարմանալի.
Զարմանալի մի բան.-Կինը, հևիհև,
Ինչպես ճերմակ փրփուր, ճերմակ ալիք
Փլվեց, փռվեց Շավարշի նժույգի առջևը. —
«Կուրբա՛ն», — կանչեց կինը. — «կուրբան սյանի,
Սյա՛ն մյանըմ իգիթըմ, սյա՛ն մյանի ալ.
Մյան սյավարըմ սյանի, իգիթ էրմյանի» —
Ձայնը՝ աղբրի՛ նման, աղբրի՛ նման զուլալ...
Ի՞նչ էր, ի՞նչ էր. Ի՞նչ էրցնո՞րք էր, զառանցա՞նք, տե՞նդ.
(Քրտինքի մեջ կորած ձին
Լիզում էր թաց լնդերքը
Եվ հազիվ էր դիմանում սանձին) —
Երբ դիմացից հանկարծ, դիմացի խրճիթից
Դուրս թռավ մի զինվոր ձեռքին դաշույն, —
Հետո հիշում է Շավարշը մի զարհուրելի ճիչ.
Հետո մշո՛ւշ, մշո՛ւշ, մշո՛ւշ...
Չե՛մ տա, — գոռաց զինվորը, — չեմ տա, Շավարշ, իմն է. —
Իմ ձեռքերից փախավ շան քածը...
Վրա պրծավ մռայլ, — ու շողշողաց դաշույնը,
Ու Շավարշին թվաց, թե հարբած է: —
Ու հիշում է ՇավարշըԿինը՝ վերքը կողքին՝
Թավալվում է իր կարմիր արյան մեջև
Իր մաուզերի շո՛ղքը, իր մաուզերի շո՛ղքը,
Ու զինվորի դիակըիր ձիու սմբակների առջև...
. . . . . . . . . . . . . . . . . .
Այն ի՞նչ էր, ի՞նչ էր, ի՞նչ էր, ցնո՞րք էր, զառանցա՞նք, տե՞նդ.
Խենթի պես, նրանց դիակների վրայով, քշեց իր ձին,
Այրեց, ջարդեց, թափեց, քանդեց, քանդեց,
Գյուղը դաշտ դարձրեց կարմիր հնձի:
Կոտորեց, չհարցրեց ծեր, կին, աղջիկ, մանուկ, —
Մինչև ուշ գիշեր, մինչև ուշ գիշեր ասպատակեց.
Հետո լուսինը կարծես արյան մեջ էր լողանում,
Իսկ գյուղը դիակ էր կարծես՝ կապված իր ձիու ասպանդակից:
Ուղեղում մշուշ էրկարմիր, ալ, արյունարբու,
Ուղեղում թուրք կնոջ մարմինը վառվում էր, որպես վերք.
Հետո հարբեց Շավարշը, գայլը արյունով է հարբում,
Իսկ Շավարշըմի գայլ էր, որ կորցրել էր մի էգ
Մի սպիտակ, մի մաքուր, մի հրաշալի...
. . . . . . . . . . . . . . Շավարշը
Բռունցքը խփեց սեղանին, խմեց, և երբ
Սրբեց բեղերը բռունցքովհիշեց իր ձիու բաշը,
Իսկ Ղաչաղը երգում էր դեռ:

II

Արդեն փողոցում ցրվում էր խավարը,
Մոտենում էր առավոտը, պղտոր բացվում, —
Իսկ խմբապետ Շավարշը
Դեռ խմում էր, խմում էր ու մուժով լցվում:
Տղերքն հարբել էին: — Թաթիկը՝
Սիրեկանի նման գրկած Հարոյին՝
Համբուրում էր նրան հարյուրապատիկ
Իսկ Եգորը հայհոյում էր Դրոյին:
Շավարշը մտածում էր: — Մտքերի թելը,
Որ այնպես տարածվել էր Ղաչաղի երգից`
Թողնելով հիշողության, անցյալի ելը`
Դրոյի շուրջը ոլորվեց կրկին:
Արդեն բացվում էր առավոտը. — արդեն
Բաց-կարմիր թանաքի նման Երևանի վրա
Թափվում էր հորանջող ու մգլած այգը
Եվ Եգորի հայհոյանքն էր ողջունում նրան,
Միայն այդ հայհոյանքը: — Քաղաքում դեռ
Մարդիկ քնած էին ծանր, տագնապալի քնով,
Եվ բացվող առավոտը անտանելի մի բեռ էր,
Որ իջնում էր կրկին իր անմխիթար հունով.—
Քաղաքը դեռ քնած էր լուռ, համր, ծանր,
Ներքևը միայն, հյուրանոցի առջևը, փողոցում
Կանացի՞, մանկակա՞ն, թե՞ պառավային մի ձայն
Վնգստալով օդն էր սղոցում. —
Շավարշը մտածում էր. հարկավոր էր իսկույն որոշել
Հարկավոր էր գնալ, կամ չգնալ, մնում էր
Մի-երկու ժամ միայն: — Եվ նա որոշեց.—
Նա կգնա, բայց մենակ, խումբը՝
Կազմ, պատրաստ կսպասի քաղաքից դուրս,
Փարաքարի մոտի այգիներում, հետո
Հետո հայտնի կանի: — Զինվորներից լոկ չորսը
Կգնան իր հետ առավոտուն. —
Եգորը, Ղաչաղը, Թաթիկը, Հարոն. —
Հենց սրանքբավական են կարող է՝
Թող հարձակվի Դրոն.—
Բայց ո՞վ է... նրա ձեռքը... պահողը...
Կարող է բանտարկի: Կարող է հանկարծ
Սպանի տղերքից սրան, կամ նրան:
Ոլորեց Շավարշը իր պղտոր հայացքը
Հիշեց արյունոտ այն տեսարանը
Միլիցիատան բակում, ավազին,
Իրար կողքի ընկածերկու դիակ.
Իգդիրցի Թևիկը և Աղասին՝
Լուռ, արնաշաղախ. միայն
Ծոծրակների վրափոքրիկ վերքեր.
Խփված էր կռնակից... Այդպե՛ս: —
Դեպի մաուզերը տարավ
Շավարշը իր ձեռքը.
Արյունը գլուխը խփեց
Հարբեց...
Դա ո՛չ թե քամին է փողոցում շաչում,
Եվ ոչ էլ հրթիռը հրդեհում խավարը, —
Իր խմբի տղերանց հետ դա հյուրանոցում
Խմում, աղմկում է խմբապետ Շավարշը:
Այդ նա էր, որ տարավ ձեռքը մաուզերին,
Հանեց, քաշեց. — և վաղ առավոտվա մեջ
Չարագուշակ, դաժան երգեց մաուզերը
Արյան, մուժի, մահի, ասպատակի երգ...
Հետո ձայնակցեցին նրան մյուսները՝
Եգորը, Թաթիկը, Ղաչաղ Սաքոն, —
Իսկ քաղաքը, սմքած, դեռ քնել էր
Ու զառանցում էր մաուզերի կրակոց:
Ինչպես տիֆով հիվանդի զառանցանքում հրե,
Նախճիրի պես բացվող առավոտվա ֆոնին
Գծելով տագնապի հնչնագրեր
Երգում էր մաուզերի սիմֆոնին:
Կրակում էին տղերքըբայց պատուհանից.
Իրար կողքի կանգնած, հայացքները դեպի լուսաբացը.
Համազարկը թռչում էր տանիքիցտանիք,
Առավոտվա միջով, որ նրանց պես հարբած էր:
Պղտոր առավոտվա միջով, առավոտվա մեգին,
Քաղաքի վրայով, որ զառանցում էր, —
Սավառնում էր խմբապետ Շավարշի հոգին,
Հարբած, մռայլ, դաժան, ինչպես ձյունը,
Որ բուք դարձած՝ խեղդում է տրորում,
Դարձնում աշխարհը, կյանքը, ամեն ինչտենդ.
Կրակում էր խումբը ու նայում հեռուն՝ աչքերում
Արյան, մեգի, մահի, տագնապի նախճիրներ...
Շուռ եկավ հետո Շավարշը, մաուզերը ձեռին
Գնա՛նք, — գոռաց տղերքին, — ու պրծավ դուրս.
Խռպոտ` հորդեց կոկորդից քրքիջը:
Հետոհայհոյանքը. հետո
Եգո՛ր, — կանչեց, — լսո՞ւմ ես. մեզ Դրոն ուզել է,
Զղջում է ուղարկի երկինք՝ եղբայրներիդ քով...
Ու կրկին շառաչեց Շավարշի Մաուզերը
Ասպատակի, մահի, արյան երգով:
Ահռելի էր Շավարշը, ձեռքին մաուզեր
Օրորվելով, գնում էր մեգի միջից.
Հետևիցիր տղերքը, բոլորի ձեռքինզենք,
Բոլորն էլիր նման հարբած: — Առաջից
Քայլում էր, որպես սպառնալիք, ինքը, կողքեկողք
Ընկնեյովգնում էր. այրում էր սիրտը տապը.
Հետո բռնեց նրան մի խեղդող դող.
Գլուխը շուռ եկավ, սիրտը թափեց
Հենց այնտեղ, փողոցի մայթերին: — Տղերքը
Բռնել էին նրան: — Փողոցում,
Ու դադարել էր արդեն մաուզերների երգը
Մի ծանր խռպոց էր միայն օդը սղոցում: —
Մեկը, մոտիկ ընկած, մեռնում էր երևի.
Կի՞ն էր, տղամա՞րդ էր, երեխա՞, — անհայտ էր,
Ո՞ւմ ինչ, թե նաիրյան ծագող արևին
Խռպոցով էր դիմավորում այդ մարդը:
Հանգստացավ Շավարշը: — Եվ երբ,
Բեղերը սրբելով, անցավ առաջ երկու
Զառանցանքի նման երեխաներ,
Աչքերով ամեհի, ահարկու
Ինչպես շները սովամահ, դաշտում դեգերող,
Հղի կանանց նման փորներն ուռած,
Մագիլների նման ձեռքերով
Հարձակվեցին Շավարշի փսխածի վրա
Եվ սկսեցին լափել ագահաբար` ընկած
Երեսնիվայր մայթին, ինչպես շներ, —
Ու նրանց աչքերում պսպղում էր քաղցը՝
Անասնական, անեզրական, անեզր...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Գնում էր փողոցով խմբապետ Շավարշը,
Հետևիցտղերքը, իր նման հարբած:
Արդեն արթնանում էր զառանցող քաղաքը,
Արդեն առավոտ էր դառնում լուսաբացը:
Տներից ելնելով հետզհետե՝ մարդիկ
Անխոս գնում էին՝ դեմքերին հոգս: —
Անցնում էր Շավարշը, իր խմբով, մայթից,
Տարածում էր շուրջը զարհուրանք, դող:
Եվ հանկարծկրկին նա քաշեց մաուզերը,
Առաջին հանդիպած մարդուն հրամայեց
Դեպի պա՛տը ռեխդ, դե շո՛ւռ տուր երեսդ,
Տեսնո՞ւմ ես՝ անցնում են մայթիցահա ե՛ս: —
Շավա՛րշն է անցնողը: — Տղերքը զվարթ
Հռհռացին բարձր, հայհոյեց Հարոն, —
Ու շուռ եկավ մարդը, նայեց դեպի պատը,
Եվ անցավ Շավարշը հայացքը արյուն:
Եվ հետոինչքան նա հանդիպեց մարդու`
Բոլորին հրամայեց նայել պատին.
Բոլորի դեմքերին նա վախ էր կարդում
Եվ դա համարում էրբարձր պատիվ,
Եվ այդ պատճառով էլչափազանց հպարտ էր:
Մի ամբողջ փողոց նա այդպես անցավ,
Մինչև հանդիպեց մի մարդու,
Որ երեսը շրջել չկամեցավ
Երե՛սդ, — գոռաց Շավարշը, — դեպի պատը,
Թե չէ ռեխ-մռեխդ հիմի կջարդեմ... —
Բայց այդ զարմանալի մարդը
Մաուզերը քաշեցու կանգնեց նրա դեմ:
Շավարշը շվարեց, երա՞զ էր, տենդ, —
Ուզեց մաուզերի բլթակը քաշի,
Երբ հանկարծ հետևից մի ծանր ձեռք
Բռունցքով խփեց Շավարշին:
Շավարշը օրորվեց, ընկավ մայթին.
Փողոցը երերաց, աչքերում, մթնեց.
Ու թվաց Շավարշին, թե այդ մարդը
Քաշեց իր ուղեղում երկաթե պատնեշ...
Չլսեց էլ Շավարշը իր խմբի տղերանց
Մաուզերների ձայնը և չզգաց անգամ,
Թե ինչպես Եգորը հանկարծ
Քարի պես ծանրածանրիր վրա ընկավ:
Չտեսավ Շավարշը և այն, թե հետո
Իր խմբի մնացորդը ոնց նահանջեց.
Լոկ թվում էր նրան, թե մեկը երկաթով
Այրում է իր ականջը:
Եվ տանը միայն, երբ աչքերը բացեց,
Ուշքի եկավ մի քիչհասկացավ, որ այդ մարդը
Որին հանդիպել էրեղել է իր մեծ
Խաչեղբայրխմբապետ Սմբատը:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. .

1928

ԶԱՆԱԶԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՔԱՄԻՆ

Քամին,
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:

Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է ի մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:
Քամին,
Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:

Քամին,
Աշնան քամին...
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է
Հիմի՛,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

Փողոցները երկար,
Ու ձանձրալի, աշնան անձրևների նման,

Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները՝ դաժա՛ն, անհրապույր, չարկամ,—
Որքա՛ն, որքա՛ն, որքա՛ն ահավոր են հիմա:

Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է այստեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
Ու կարող է հիմա ամե՛ն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին...

Следующая страница