Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

Նրանք սիրում են... վրդովվում են... ոգևորվում են... և ամեն կիրք իրանց սրտի մեջն է մնում: Նրանք ազգը գտնում են իրանց սենյակի չորս պատերի մեջ. դրսում նրա հետ հարաբերություն չունեն: Որպես մեր երևակայական սիրահարը իր սիրուհին իր գլխի մեջն ունի:

Այս տեսակ «ազգասերներին» ծանոթ չէ «գործը»: Բայց նրանք մեծ բարիք գործած են համարում ազգին, երբ խոսում են նրա վրա, և խոսում են միշտ իրանց նմանների հետ. նրանց ձայնը օտարը չէ լսում: Նրանք չունեն մինչև անգամ այն բանը, որ կոչվում է ցանկություն. որովհետև մի բան ցանկանալու համար պետք է մի բան պահանջել. բայց նրանք պահանջմունք ևս չունեն: Նրանք բավական են այն բոլորով, ինչ որ կա արդեն, ինչ որ թողել են մեր պապերը: Իսկ մի նոր բան անելու համար դեռ սպասում են...

Նրանց խոսքըգովասանությունն է: Գովել, ոգևորվել. ուրախանալ ազգի չունեցած կատարելություններով, — այդ է նրանց սիրո երևակայական առարկան: Եվ միշտ վրդովվում են, դավաճան, ուրացող են համարում այն մարդուն, որ համարձակվում է ազգի այս և այն թերությունները նկատել, կամ նրա նախապաշարմունքի դեմ խոսել: «Դու մեր ունեցածը քանդում ես» ասում են:

Այս տեսակ «ազգասերներ» կան, գոյություն ունեն, բայց աչքի չեն երևում: Նրանք ըստ մեծի մասին առանձնական կյանք են վարում: Նրանք քուրմերի բնավորություն ունեն, սիրում են վարագույրի ետևում թաքնված մնալ և երբեմն պատգամներ խոսել: Նրանց խոսքերի մեջ իմաստ չկա, բայց միևնույն ժամանակ բազմիմաստ են, որպես մարգարեի խոսք, որ միշտ մեկնության կարոտ է…:

Նրանք չեն սիրում ազգային գործերի մեջ մտնել, որովհետև միշտ երևակայում են, որ իրանք մի «մեծ» բան պիտի անեն, որի ժամանակը չէ հասելև միշտ իրանց աչքի առջև արգելքներ են տեսնում: Այլև արհամարհում են այժմյան գործիչների գործը, համարելով երեխայական խաղ: Լուռ ժպիտը նրանց երեսից պակաս չէ: Երբ լսում են որևիցե դատողություն մի նորելուկից, և նայում են նրա վրա, որպես մի զարգացած մարդ նայում է փոքրիկ մանուկի ծուռ ու սխալ թոթովանքին: Իրանք միշտ լուռ են, շատ բան գիտեն, բայց չեն խոսում...:

Նրանք միշտ ոգևորվում են անցյալով. Վարդանը, Ավարայրի դաշտը, Անին նրանց խոսակցության նյութն է: Թուրքիայում և Կ. Պոլսի ազգային սահմանադրության մեջ տեսնում են մեծ ապագա, և հայոց փրկությունը գտնում են հայոց եկեղեցու մեջ:

Այս «ազգասերները» իրանց տեսակի կատարելագործված տիպն են, որոնք հանճարներ են համարվում: Նրանք բարի մարդիկ են, բայց վտանգավոր են: Կույր սերը միշտ վնասակար է լինում. որովհետև միշտ լավն է տեսնում, վատը չէ նկատում:

Բայց կա և երկրորդական տեսակը, որն առաջինի կեղծ պատճենն է: Դրանք խարդախ մարդիկ են, որ ազգասիրական դիմակի ներքո թաքցնում են շահեկան նպատակներ: Այսպիսիները խառնվում են գործի մեջ: Նրանք լինում են` դպրոցների հոգաբարձուներ, եկեղեցիների գանձապետներ, հարուստ որբերի խնամակալներ, բարեգործական նպատակով նվիրված գումարների կտակակատարներ, առաջնորդ-սրբազանների խնկարկուներ, աղքատ դերասանների պաշտպաններ, միևնույն դպրոցի մեջ մշտական և ժառանգական վարժապետներ, և երբեմն լրագիրների և ամսագիրների խմբագիրներ: Այս տեսակ ազգասերների թվումն են և այն բարերարները, որոնք միշտ կողոպտել են, հափշտակել են և հազարումեկ կերպ ավազակությամբ հարստություն են դիզել.- և վերջ ի վերջո ցանկանում են լավ մարդ ձևանալ, և իրանց կեղտոտ անցյալը ծածկել ազգասիրական քողով:

Այս տեսակ «ազգասերը» սիրում է ազգը նրան կողոպտելու համար, որպես վամպիրը թմրեցնելով է ծծում իր զոհի արյունը: Նա կխոսի քեզ հետ միշտ հայերեն լեզվով, կաշխատե հեռու մնալ օտարազգի բառերից, և միշտ (բայց խոսքերով միայն) բարի ցանկություններ կհայտնե իր «սիրելի» և «պատվական» ազգի մասին: Ա՛խ ու ո՛հը նրա բերանից պակաս չեն, երբ լսում է ազգի թշվառությունը, և շատ անգամ արտասուք է երևում նրա աչքերում, երբ կարդում է «Վերք Հայաստանին»: Նրա բարկությանը չափ չկա, երբ ազգի մասին թշնամանք և հայհոյանք է լսում, և ատում է այն բոլորին, որոնք հայ չեն: — Այս բոլորը անում է նա, բայց եթե գիտենա, թե Հայկի ոսկորներին մի քանի կոպեկ փող կտան, իսկույն գերեզմանից կհանե ու կծախե…:

* * *

Ընթերցող, դու բավական ծանոթացար մեր նկարած երկու տիպերի հետփտած և կեղծ ազգասերների հետ. — կամենում ե՞ս այժմ քեզ անձնապես ծանոթացնեմ նրանց մեկի հետ, և դու քեզ բոլորին ճանաչած համարիր, որովհետև ամենքը շատ քիչ տարբերությամբ միմյանց նման են:

Դա վերջին տեսակիցն է:

Ահա՛ մտնում ենք նրա մենարանը, այստեղ է գործում ազգի երևելի մտածողը: Մեծ գրասեղանի հանդեպ, նույնպես մեծ բազկաթոռի վրա նստած է նա: Նա մի հաստլիկ մարդ է, խոսում է նույնպես հաստլիկ ձայնով. թշերը նույնպես հաստլիկ են և թունդ-կարմիր գույն ունեն: Երևում է, ազգասերի փորը միշտ կուշտ է եղել. նա շատ առողջ է, թեև գլխի մազերը սպիտակել են:

Գրասեղանի դեմ ու դեմ (ազգասերի աչքի առջև) սև շրջանակի մեջ, կախված է մի խորհրդավոր պատկեր, որ ներկայացնում է մի հերարձակ կույս, որ նստած է փլատակների վրա: Նրա շուրջը թափված են խորտակված գավազաններ, փոշեթաղ թագեր, փշրված դրոշներ և զանազան զենքեր: Իսկ ինքը` կույսը, ծնոտին նեցուկ տված, գեղեցիկ գլուխը մի կողմ թեքած, տխուր կերպով նայում է Հայաստանի ավերակներին…: Այս պատկերից փոքր-ինչ հեռու, ազգասերի աջ ու ձախ կողմերում, պատից քաշ են ընկած երկու ուրիշ պատկերներ ոսկեզօծ շրջանակներով: Դրանցից մեկը Հայկն է, իսկ մյուսը` Վարդան Մամիկոնյանը: Հայկի պատկերի ներքև պատի վրա մեխած է հին Հայաստանի քարտեզը:

Գրասեղանի վրա ածած են շատ թղթեր, որոնց վրա, քամին չցրվելու համար, դրած է մի աղյուսանման բան. դա մոզայիկներով զարդարած մի կրային բաղադրություն է, որ բերած է Անիի ավերակներից:

Մի անկյունում մեծ պահարանի մեջ շարած են գրքեր Վենետիկի ոսկեզօծ կազմերով, կարծես. շնորհքի համար դարսված լինեն: Սենյակը զարդարած է արևելյան ճաշակով. փռած են գորգեր, դրած է թախտ և երևում են մութաքաներ:

Ազգասերը լուռ է. նրա բազմահոգ դեմքը ցույց է տալիս, որ զբաղված է:

Ահա՜ ներս վազեցին սենյակի մեջ երկու հրեշտակի նման փոքրիկ երեխաներ: «Պապաշա, պապաշա», կոչելով, նրանցից մեկը թռավ հոր ծնկների վրա և փաթաթվեցավ նրա վզովը: Իսկ մյուս մանուկը փորձ փորձեց հետևել եղբորը, բայց գլորվեցավ հատակի վրա: Հայրը բարձրացրեց նրան և համբուրեց:

Երեխաներից մեկի անունը Լևոն է, մյուսինը` Ռուբեն: Հայրը մեծ ծառայություն է արել ազգին, որ կենդանացրել է այդ պատմական անունները…:

Ինչո՞ւ հայերեն չեն խոսում, — հարցնում ես ազգասերից:

Մայրերի ու աղախինների հետ այսպես են սորված... ես էլ ժամանակ չունեմ դրանցով զբաղվելու, — պատասխանում է նա:

Երեխաները խլում են գրասեղանի վրայից «Մեղուի» վերջին համարը, որ տանեն իրանց համար «փռռան» շինեն: Հայրը կոչում է, որ ետ բերեն, բայց չարաճճիները անհայտանում են:

* * *

Ընթերցող, այս բոլորը քեզ վրա կարծեմ լավ տպավորություն գործեց. արտաքին ցույցերը բավական գրավիչ տեսար. այժմ մտնենք ազգասերի ներսըսրտի մեջ:

Ես կսկսեմ խոսակցությունը, դու միայն լսիր:

Դուք, երևի, «Մշակ» չե՞ք ստանում, — հարցնում եմ ես:

Մի՞թե արժե փող կորցնել... — պատասխանում է նա արհամարհական ձայնով: — Այս լրագրի վրա թքել միայն կարելի է և ոչ կարդալ:

Երևի, դուք կարդում ե՞ք, — իսկույն հարցնում է նա:

Այո՛, և շատ սիրով:

Այդ ձեզանից չէ՛ի սպասում

Ինչո՞ւ:

Եղբա՛յր պատվական, էլ ի՞նչ մնաց, որ չխայտառակեց նա. — ընտանիք, կրոն, եկեղեցի: — Նա ուրացավ մեր ազգի բոլոր ազնիվ կողմերը. էլ մուր չմնաց, որ չքսեց նրա վրա: Նա մեզ խայտառակեց, իսպառ խայտառակեց...:

Ինչո՞ւ չխայտառակել, երբ խայտառակելու բաներ կան:

Մի՞թե կարելի է այդ: Ասենք թե լինեին մեր մեջ թերություններ, մի՞թե կարելի է ամեն ինչ հրապարակ հանել:

Այսպես վարվում են միայն այն հիմար հիվանդները, որ թաքցնելով իրանց ցավերը, աշխատում են առողջ ձևանալ: Մեր թերությունները ծածկելով ի՞նչ շինեցինք մինչև այսօր:

Գոնյա մեր պատիվը պահեցինք: Օտարներն մեր պակասությունները չհասկացան:

Օտարներն մեզ նման կույր չեն...

Նա սկսեց թղթերի մեջ մի բան որոնել:

Ահա՛ ձեզ ցույց կտամ Ս. Պետերբուրգից ստացած պ. Կովյանի նամակը... ի՛նչ պատվական դատողություններ, ի՛նչ պատվական խորհրդածություն... Որտե՞ղ կորավ... Սաշա, — կոչեց նա ծառային:

Նեղություն մի կրեք. Ս. Պետերբուրգի «պատվական խորհրդածությունները» ինձ պետք չեն. առանց ձեր կարդալու, ես կարող եմ ասել, թե ինչ գրված կլինի այն նամակի մեջ:

Նա դառնում է դեպի ինձ:

Ուրեմն ասացեք, խնդրեմ, պետք չէ՞ թքել մի այսպիսի լրագրի վրա, որ բացասում է մեր լավ կողմերը, հերքում է և ամեն ինչ քանդում է, տակնուվրա է անում: Այդ ո՞ւմ դուր է գալիս, ո՞վ չէ բարկանում:

Դա շատ բնական է. փորձեցեք երկու աչքերով կույր մեկին ասել` դուք կույր եք. նա իսկույն կբարկանա, թեև հայտնեցիք մի անհերքելի ճշմարտություն:

Նա տաքացավ:

Դա զզվելի էմիշտ գովել պետք է, խրախուսել պետք է, քաջալերել պետք է. դուք միայն հուսահատեցնում եք... դուք ամեն բան սև գունով եք տեսնում... կյանք, ուժ ուրանում եք ազգի մեջ...:

Կրթության այդ հին և փտած եղանակը արդեն ցույց տվեց իր արդյունքը: Կ. Պոլսի հոսհոսների լրագրությունը մինչև այսօր այդ ձևին էր հետևում, նա միշտ գովում էր, նա միշտ ոգևորվում էր, ցույց տալով, թե ամեն բան ունեն, ամեն բան պատրաստ է: Բայց հանգամանքները ցույց տվեցին, թե նրանք ինչ տեսակ ժողովուրդ պատրաստեցին: Տաճկահայոց ոչնչությունը հայտնվեցավ:

Ազգասերի նետը, կարծես, քարին դիպավ. նա կանգ առավ և սկսեց մտածել:

Ես շարունակեցի.

Նույնը անում էին մեզանում և մինչև այսօր. «ինչ որ հայկական է, այն լավ է». — այս էր մեր ազգ սիրողների սկզբունքը: — Հայ վաճառականը խաբեբայությամբ է վարում իր առևտուրը: — Պետք է գովել նրան, այդ գողություն չէ, որովհետև գործողը հայ է: Հայ ընտանիքը օրըստօրե քայքայվում է բարոյական փտության մեջ: — Վնաս չունի. որովհետև մեր ազգի ընտանիքն է, նրան վատ ասել չի լինի: Հայ եկեղեցականները դարձել են ավազակներ: — Պետք է գովել նրանց, որովհետև մեր հոգևոր հայրերն են, մեր կրոնի ավանդապահներն են...: Ի՞նչ խոսքս երկարացնեմ, դուք ամեն աղբ, ամեն կեղտ, ամեն ապականություն գովում էիք, և գովում եք, որովհետև հայի աղբ է...

Ի՞նչ վնաս տվեցինք մեր գովություններով:

Այն վնասը, որ դուք խաբեցիք ազգը և գովաբանելով նրա հիմարությունները, նրա անպիտանությունները, առիթ տվեցիք անպիտանությանը մնալ միշտ անպիտանություն: Դուք ազգի աչքերը փակեցիք իր այլանդակությունը չտեսնելու համար:

Իսկ դուք, որ պախարակում եք, քանդում եք, ոչնչացնում եք, նրա տեղը ի՞նչ եք դնում:

Մենք այգեպանի պաշտոն ենք կատարում: Այգեպանը, երբ անխնա կտրում է ծառի չորացած, փտած և ավելորդ ճղները, չէ մտածում նրանց տեղը մի նոր ճյուղ կպցնել. որովհետև գիտե, որ նորը ինքն իրան կբուսնի, եթե ծառի մեջ կյանք կա, ուժ կա և հողի մեջ արմատ ունի...:

Խոսակցությունը ընդհատվում է: Դատարանի ծառան ներս է բերում մի հրավիրաթուղթ և ստորագրել է տալիս:

Ի՞նչ գործերի համար եք կանչված:

Դարձյալ այն անիծված կտակի համար է

Ազգասերը մոռացավ սերն էլ, ազգն էլ, Վարդանն էլ, Հայկն էլ: Նա կանգնեց այս խոսքերով.

Ներողություն, ես փաստաբանիս մոտ պետք է գնամ:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՊԵՏՆԵՐ

Վերջին տասը տարվա ընթացքում դպրոցները մեզանում զարմանալի արագությամբ աճել սկսան. նորերը ավելցան, իսկ հները աշխատեցին փոքր ի շատե կանոնավոր կերպարանք ստանալ: Եվ մինչև անգամ աղքատ գյուղացին իր որդիքը տիրացուների և տերտերների տներից հեռացրեց, և մտածեց իր եկեղեցուն կից փոքրիկ վարժարան ունենալ75:

Դա գեղեցիկ երևույթ էր. դա ժողովրդի մտավոր շարժողության նշան էր, որ աշխատում էր ժամանակի պահանջների համեմատ վարվել:

Բայց մյուս կողմից, աչքի է զարկում մի շատ տխուր երևույթ:

Երբ որ քննում ենք «Մշակի» և «Մեղուի» մեջ վերջին տարիներում տպված բազմաթիվ թղթակցությունները դպրոցների մասին, տեսնում ենք, որ ամեն տեղ, ամեն դպրոցներում, միևնույն անախորժ և վնասակար երևույթները կրկնվում են անդադար: Ի՞նչ: — Անհամաձայնություն դպրոցների հոգաբարձության և տեղային հոգևոր իշխանության ներկայացուցչի մեջ, անհամաձայնություն տեսչի և հոգաբարձության մեջ. անհամաձայնություն վարժապետների և տեսչի մեջ. անհամաձայնություն հոգաբարձուների և վարժապետների մեջ. — մի խոսքով դպրոցների չորս գործիչները, այսինքն` հոգևոր իշխանության ներկայացուցիչը, ժողովրդի կողմից ընտրված հոգաբարձությունը, տեսուչը և վարժապետները` անդադար կռվում են միմյանց հետ և առիթ են տալիս անվերջ խռովությունների, որոնք դպրոցի գավթից անցնում են ժողովրդի մեջ և հարուցանում են կուսակցությունների միմյանց դեմ հուզմունքը...

Դրանք շատ ցավալի երևույթներ են, որոնց մասին մեր լրագրությունը ավելի պարապվել է անցքերի նկարագրություններով, քան թե նրանց արտադրիչ պատճառների քննություններով:

Եվ հիշյալ խռովությունների ու անհամաձայնությունների մեջ պետք է որոնել մեր դպրոցների հետամնացությունը, որ նրանք ամենևին չեն հասնում նպատակի, և չեն կարողանում տալ ժողովրդին այն, ինչ որ նրան պետք է. և ժողովուրդը ստիպված է դարձյալ իր որդիների մտավոր սնունդը որոնել օտար աղբյուրներում:

Հայտնի բան է, դպրոցների կյանքում մի այնպիսի նշանավոր փոփոխություն, որ եղավ վերջին տարիների ընթացքում, չէր կարող անցնել առանց ներքին կռիվների և առանց աղմուկի: Բայց ցավալին այն է, որ կռիվը, աղմուկը ավելի կրքերի և դրա ու նրա շահերին են ծառայել, քան թե որևիցե գաղափարի, որ վերաբերում էր բուն հիմնարկության բարեկարգությանը:

Այս գործին ավելի ձեռնհաս եղող անձինքների վրա, որպիսի են մեր պ.պ. թեմական տեսուչները, պարտավորություն դնելով պարզել վերոհիշյալ տխուր երևույթների պատճառները, մենք կվեր առնենք մի ճյուղը միայն, այսինքն վարժապետներին, և կխոսենք նրանց մասին:

* * *

Մեր խոսքը գավառական վարժապետների մասին է:

Գավառական վարժապետները ըստ մեծի մասին կանչվում են Թիֆլիսից դպրոցների հոգաբարձության հրավերքով: Հոգաբարձուները վաճառական մարդիկ լինելով, վարժապետների ընտրության մեջ վարվում են ճիշտ այն կերպով, ինչ կերպով որ վարվում են իրանց առևտուրի մեջ: Օրինակ, նրանց մեկին պետք է շաքար, գրում է իր Թիֆլիսի գործակատարին, թե 100 պուդ շաքար ա՛ռ և ուղարկիր: Գործակատարը գնում է այնքան արկղներ, որոնք պարունակում են իրանց մեջ շաքարի պահանջված քանակությունը, և ուղարկում է, առանց յուրաքանչյուր արկղը առանձին-առանձին նայելու, որովհետև վստահություն ունի ծախողի հավատարմության վրա:

Հոգաբարձուն գրում է իր գործակատարին կամ ծանոթ մեկ վաճառականին, թե մի վարժապետ ուղարկիր (կարծես, դա էլ բազարում ծախվող մթերք է): Ի՞նչ անե խեղճ վաճառականը. իրա խելքի բան չէ. իրան անծանոթ մի ապրանք է վարժապետը, — այստեղ է հարցնում, այնտեղ է հարցնում, և շատ-շատ մի հայտարարություն է տպել տալիս «Մեղուի» կամ «Մշակի» մեջ:

Քարվանսարաների պուճախները պտրելով, հայտնվում է վաճառականի մոտ մի անծանոթ պարոն: — Ես վարժապետ եմ, — լինում է նրա առաջին խոսքը: — Հա՛, ինձ էլ մի վարժապետ է պետք, — ասում է վաճառականը և խնդրում է նստել: Վաճառականը հայտնում է, թե ինչ առարկայի համար է պահանջվում վարժապետը: Իսկ պարոն ցանկացողը ցույց է տալիս, թե ինքը ոչ միայն պահանջված առարկան, այլ «ամեն բան» կարող է դաս տալ և ավելացնում է մի քանի հրաշալիք իր անցյալ գործունեությունից: Պայմանների մեջ հաշտվում են և պարոն վարժապետը կանխիկ ստանում է մի գումար, իր պատառոտած կոշիկները և մաշված հագուստը փոխում է, և ճանապարհ է ընկնում:

Նա հասնում է նշանակված տեղը: Հոգաբարձությունը մի քանի ամսից հետո կամ տարվա կեսին հասկանում է պարոնի անընդունակությունը: Բայց ի՞նչ կարող է անել. պ. խաբեբան մի կամ երկու տարով հաստատ պայման է կապել. տուգանք է նշանակել, կանխիկ փող է ստացել, ի՞նչպես արտաքսել նրան, և կամ ո՞ւմը դնել նրա տեղ...: Դպրոցը ստիպված է քաշ գալ մի անպիտանի հետ, մինչև ժամանակի լրանալը...

Վարժապետների մեծ մասը այսպես են ընտրվում:

* * *

Իսկ այն դպրոցներում, որ ունեն տեսուչներ, վարժապետներ հրավիրվում են ավելի տեսչի ընտրությամբ: Չխոսելով տեսուչների ի՛նչ տեսակ մարդիկ լինելու վրա, այսքանը միայն կասենք, որ այս պարոնները իրանց հանձնված դպրոցների վրա կատարելապես տիրելու համար աշխատում են շրջապատվել իրանց սրտին մոտ եղող մարդիկներովկույր հնազանդներով: Այնքան վնաս չուներ, եթե ընտրեին իրենց գաղափարակիցները, այսպիսով գոնյա դպրոցը կպահպաներ իր ուղղությունը և միակերպությունը: Բայց այստեղ ուսումնական նպատակը կուլ է գնում վարչականի մեջ, — տեսուչը վարվում է դպրոցի հետ այնպես, որպես մի պաշտոնական անձն, որ աշխատում է իր ստորադրյալները իր շահերին համապատասխանող մարդիկ լինեն...: Եվ նա շուտով հավաքում է իր թևի տակ հին ծանոթներին, բարեկամներին, և դպրոցը դառնում է զանազան շահախնդիրների համար հացի գործարան:

Իհարկե, այդ նպատակների մեջ չէ կարող օրինավոր ընտրություն լինել, քանի որ ցանկացող վարժապետների մեջ ազատ մրցություն չէ լինում. և տեսչի ընտրած վարժապետը նույնը կլինի, ինչ որ էր պարոն հոգաբարձուի գործակալի ուղարկածը և գուցե ավելի վատ, և ավելի խարդախ մեկը:

Եվ վնասակարն այն է, որ տեսուչները շատ անգամ իրանց այս ինչ բարեկամին, որպես հարմար գործիք, ձեռքի տակ ունենալու մտքով և կամ նրա համար ապրուստի մի աղբյուր բաց անելու համար, մտցնում են դպրոցի մեջ նոր-նոր առարկաներ, որ ավելորդ են, և այսպիսով դպրոցի պրոգրաման հարմարեցնում են ոչ թե դպրոցի պահանջներին, այլ իրանց ցանկացած մարդիկների ընդունակությանը: Եվ այսպես էլ է պատահում, որ տեսուչը մի նոր վարժապետի համար տեղ բաց անելու մտքով, շատ անգամ ստիպված է հեռացնել մի հին վարժապետ, որ գուցե ավելի ընդունակ էր իր գործին: Նա մի կերպով հաջողեցնում է: Բայց նոր մտնողը չգիտե այն առարկան, ինչ որ հինն էր դաս տալիս, փույթ չէ, նա կարող է պարապել այն առարկայով, ինչ որ ինքը գիտե, — և հին առարկան դուրս է ընկնում դպրոցի պրոգրամայից...:

Եվ այսպեսով, տեսչի իր պաշտոնի մեջ մտած օրից, նրա և հին վարժապետների մեջ սկսվում է մի ներքին կռիվ, որ պատճառ է տալիս անվերջ խռովությունների, որովհետև հներն էլ ունեն իրանց հին կապերը` կամ մի քանի ձայն ունեցող հոգաբարձուների հետ, կամ սրբազանի հետ, և կամ ժողովրդի մեջ նշանավոր, ու միևնույն ժամանակ դպրոցի վրա ազդեցություն ունեցող անձինքների հետ: Այս տեսակ վարժապետները հին ծառեր են, թեև ծերացած, բայց հողի մեջ խորին արմատ ունեն ձգած, նրանց տեղից շարժելը հեշտ բան չէ:

Բայց որովհետև մեր տեսուչների կյանքը շատ կարճ է լինում, նրանց հեռացնելուց հետո` հեռացվում է և նրանց կուսակիցների ամբողջ խումբը: Դպրոցը ենթարկվում է նոր փոփոխությունների...

* * *

Շատ անգամ հոգաբարձուները կամ նրանց մի մասը, նույնն են անում, ինչ որ անում է տեսուչը, այսինքն` մտցնում են դպրոցի մեջ մի մարդ, որ իրանց ավելի մոտ էր, որ կարողացել էր կողմնակի միջոցներով նրանց հաճությունը գրավել: Այստեղից առաջ է գալիս նույնպես անհաշտություն, կամ հոգաբարձուների միմյանց դեմ և կամ նրանց ու տեսչի մեջ, եթե վերջինս առաջինների հետ համաձայն չէր:

Շատ անգամ տեղային հոգևոր իշխանության ներկայացուցիչն է անում միևնույն բանը, աշխատելով մտցնել դպրոցի մեջ մի մարդ, որ նրան ամենայն ջերմեռանդությամբ խնկարկում է, և այս ու այն լրագրում, կեղծ անուններով, գովասանական նամակներ է հրատարակում սրբազանի, կամ գերապատիվ հայր-սուրբի չգործած ազգօգուտ գործերի մասին: — Դարձյալ խռովություններ են ծագում…:

Շատ անգամ նույնը անում է մի «աղա», որն ամենևին դպրոցի վարչության հետ կապ չունի, բայց ժողովրդի մեջ մեծ համարում և ազդեցություն ունի: Նա իր աղքատ բարեկամի համար հաց գտնելու մտքով, իսկույն խրում է նրան դպրոցի մեջ: Եվ կամ ցած շողոքորթի մեկը կարողանում է «աղայի» փառասիրությունը հրապուրել և նրա մեջ պաշտպանություն գտնել: «Աղան» ամեն ինչ կքանդե, դպրոցը տակնուվրա կանե, եթե իր ցույց տված մարդուն չընդունեն իբրև վարժապետ: Թող նա լիներ հիմար և անընդունակ մեկը, բայց ո՞վ կարող է ընդդիմանալ, երբ որ «աղան» հրամայում է…: Դարձյա՛լ խռովություններ... Որովհետև «աղաները» միշտ ունենում են ուրիշ «աղաներ» որպես հակառակորդներ:

Հիշյալ կրքերից ազատ չեն մնում և լրագիրների76 ու ամսագրերի խմբագիրները և դասագրքերի հեղինակները: Շատ անգամ գավառներից դրանց են դիմում վարժապետների համար. և այդ պարոնները գավառներում գործակալներ և թղթակիցներ ունենալու համար` իսկույն խրում են պահանջված տեղում իրանց ցանկացած մարդը:

* * *

Վարժապետների վերաբերությամբ դպրոցների գործը ոչ սակավ խառնում են և քահանաները, որոնք իրանց բազմամյա խարդախություններով մի տեսակ համարում են ստացել ժողովրդի մեջ: Դրանք միշտ ունենում են իրանց ձեռքի տակ մի զորեղ կուսակցություն: Ամեն տեղ դրանք նման են միմյանց և ծառայում են որպես հարմար գործիք «աղաների» և հոգևոր իշխանության ներկայացուցչի ձեռքում: Վերջինը կարոտություն ունի նրանց մեջ, որովհետև հմուտ որսորդներ են...: Իսկ առաջինները կարոտություն ունեն, որովհետև լավ լրտեսներ են...: Որպես ժողովրդի մոտ մարդիկ, որպես ամեն ծակ մտնողներ, այս քահանաները կարողանում են ամեն տեղից խաբարներ բերել և մեծ ինտրիգներ սարքել: Իսկ շատ տեղերում նրանք այն աստիճան բռնանում են և ազդեցության տեր են դառնում, մինչև նույնիսկ առաջնորդը կամ փոխ-առաջնորդը մի տեսակ կախումն են ստանում նրանցից, և ստիպված են նրանց կամքով վարվել, — հակառակ դեպքում տեր-հայրը պատրաստ է ժողովրդի մեջ մի մեծ փոթորիկ հարուցանել և հետո առաջնորդին Էջմիածնի ճանապարհը ցույց տալ...

* * *

Ես նպատակ չունեմ մատնանիշ անել որևէ անձի վրա, փառք աստուծո, այսպիսի քահանաների թիվը այնքան շատ է մեզանում, որ փաստերի կարոտություն չկա: Բայց այսքանը կասեմ, որ ոչ ոք այնքան վտանգավոր չէ ժողովրդի համար, որպես խորամանկ և խռովարար քահանան: Եթե այս հատկությունները լինեին մի «աղայի» մեջ, ժողովուրդը կարող էր իր հարաբերությունները կտրել նրա հետ, բայց ի՞նչ անե նա քահանայի հետ, քանի որ կապված է նրա հետ կրոնական կապերով և միշտ նրա մեջ կարոտություն ունի: Եվ շատ անգամ անկարելի է լինում հեռացնել այսպիսիներին, որովհետև նրանք, որպես ասացինք, ունեն իրանց ձեռքի տակ մի զորեղ կուսակցություն, և բացի սրանից, ունեն ծածուկ կապեր Էջմիածնի այս ու այն սրբազանի հետ... Նրանց կապերի մասին չէ մեր խոսքը, մենք պետք է խոսենք, թե որպես խառնում են դպրոցների գործերը:

Այս տարի, իմ Թիֆլիսում եղած ժամանակ, գավառական ուսուցիչների մեծ մասը հավաքվել էին այնտեղ, որովհետև արձակուրդի ժամանակ էր: Մենք շատ անգամ հանդիպում էինք «Եվրոպա» հյուրանոցում կամ Շենինգի մոտ: Համարյա ամենի բերանից միևնույն գանգատներն էին լսվում. — ամեն տեղ բռնացել է մի չարագործ քահանա և դպրոցի վերաբերությամբ ինչ անկարգություններ ասես, անում է: Նա վարժապետներ է դնում, վարժապետներ է փոխում, չնայելով, որ ինքը դպրոցի կառավարության մեջ գործ չունեցող մի մարդ է: Եթե ուրիշ կերպով նրան չհաջողվի, այն ժամանակ նա ունի իր ձեռքում մի հեշտ միջոց հեռացնելու իր ուզած վարժապետին, — բավական է, որ տարածե ժողովրդի մեջ, թե այս մարդը անկրոն է, խաչին կամ պասին չէ հավատումպրծա՛վ գնաց...

Մի քանիսի համար պատմում էին, թե սովորություն ունեն վարժապետի ռոճիկից ծածուկ «տասնորդ» վեր առնել, եթե վերջինս չհոժարվի վճարել, պետք է թողնե դպրոցը: Հակառակ դեպքում, տեր-հայրը կարող է նրան հազար ու մեկ կերպով վնասել: Մեկի համար ասում էին, թե մինչև անգամ իր ձեռքի տակ ունի սրիկաներ, որոնք պատրաստ են տեր հոր ամեն տեսակ հրամանները կատարելու, որքան և ավազակային կամ եղեռնական լինեին:

Մենք լսել էինք, թե քահանաները մոցիքուլություն են անում, և թե՛ աղջկա, թե՛ տղայի կողմից առատ «աջահամբույր» են ստանում. մենք լսել էինք, որ քահանաները մինչև անգամ կավատություն են անում, բայց չէինք լսել, որ քահանան մի վարժապետի պաշտոն գտնելու համար աչք դներ նրա ողորմելի ռոճիկին:

Մենք մեր ընթերցողին ցույց տվեցինք, թե որպես են վարվում վարժապետների ընտրության մեջ դպրոցների կառավարության հինգ գլխավոր գործիչներն, — այսինքն` հոգաբարձությունը, տեսուչը, հոգևոր իշխանության ներկայացուցիչը, «աղաները» և խռովարար քահանաները: Այժմ խոսենք այն բանի վրա, թե ի՞նչ հետևանք են ունենում այս տեսակ ընտրությունները:

Շա՛տ հասկանալի է, թե ի՛նչ. — նախ, դպրոցը չէ ծառայում իր բուն նշանակությանը, իր իսկական նպատակին, այլ նա դառնում է զանազան կրքերի խաղալիք. նա դառնում է մի հիմնարկություն, որի միջից կռիվը, խռովությունը անպակաս են լինում: Երկրորդ, տարակույս չկա, որ շահեկան նպատակներով ընտրված վարժապետներ չեն կարող իրանց պաշտոնին ընդունակ մարդիկ լինել. — Բայց այս վարժապետները առաջ են բերում ուրիշ շատ անկարգություններ ևս: Ի՞նչ:

Ինձ պատահել է քննել մի քանի դպրոցների ծրագիրները. ի՞նչ եք կարծում, այդ ողորմելի ծրագիրները յուրաքանչյուր տարվա ընթացքում, և երբեմն միևնույն տարվա մեջ երկու անգամ փոխվել են: Ծրագիրները անդադար փոխվել են, որքան անգամ փոխվել են վերոհիշյալ հանգամանքներով վարժապետները: Նոր մտած վարժապետները, իրանց նախորդների անընդունակությունը ցույց տալու համար, սկսել են իրանց խելքին զոռ տալ մի նոր ձև և մի նոր պրոգրամա մտցնել: Եվ այսպես. հին վարժապետների հիմնածը միշտ նորերն քանդելով, առիթ են տվել անվերջ փոփոխությունների: Վարժապետները չեն ենթարկվել դպրոցի մեջ ընդունված մի որոշ պրոգրամայի կանոններին, այլ միշտ պրոգրաման է ենթարկվել վարժապետների կամայականությանը: — Այսպիսի դեպքերում, հայտնի բան է, դպրոցը կկորցնե իր նշանակությունը և մի որոշ նպատակի ծառայել կարող չէ:

Այս դրության մեջ շատ հասկանալի է և աշակերտների վիճակը, նրանք անդադար պետք է փոխեն իրանց ուսանելի առարկաները, — մեկը պետք է կիսատ թողնեն և մյուսը սկսեն, և շատ անգամ ստիպված պիտի լինին միևնույն առարկան զանազան վարժապետից զանազան կերպով սովորել: Նոր վարժապետը, ասելով, թե իր նախորդը չէ հասկացել, վատ է դաս տվել, — միշտ սկսում է գլխից, և սկսում է բոլորովին ուրիշ եղանակով: Որքա՞ն դժվար է աշակերտին մոռանալ տալ մի առարկա, որի վրա տարիներով տանջվել է, և նույնը նորից սկսել նոր ձևով:

Նոր վարժապետը չէ շարունակում հնի սկսածը, այլ միշտ վերադառնում է սկզբին: Այդ առաջանում է վարժապետների տարբեր կրթութենից, որոնք չեն ենթարկվում մի որոշ մանկավարժական եղանակի, այլ ամեն մեկը ուսուցանում է որպես ինքն է սովորել: Եվ չէր կարող լինել նրանց դասատվության եղանակների մեջ միակերպություն, որովհետև չեն պատկանում մի որոշ շկոլայի:

Վարժապետների այս տեսակ վարմունքը առաջանում է շատ անգամ նրանից, որ երբեմն ինքը վարժապետը չգիտե իր առարկան և կամենում է շառլատանությամբ անցկացնել. — նրան հեշտ է մի առարկա գլխից սկսել, քան թե շարունակել, որովհետև, երբ գլխից է սկսում, ինքն փոքր առ փոքր սովորելով, կարողանում է դաս տալ: Այս տեսակ վարժապետները, որպես ռամկորեն ասում են, իրանց «դալլաքությունը» ողորմելի դպրոցի գլխի վրա են սկսում սովորել. և կարողանում են շարունակել, որովհետև նրանց վրա կոնտրոլ չկա. նրանք դպրոցի վարչության մեջ պաշտպաններ ունեն, և իրանց «խաթրի» համար են պաշտոն տվել...

Եվ այսպես, նոր վարժապետը միշտ հնի աշխատությունը մերժում է և ուսման ընթացքը խանգարում է: Աշակերտի հավատարմությունը և սերը դեպի իր ուսանելի առարկան կորչում է, որովհետև նրան անդադար ասում են, թե քեզ ծուռն են սովորեցրել, պետք է նորից սովորես: Եվ յուրաքանչյուր վարժապետ, մի կամ երկու տարի մի դպրոցում մնալով, ամեն ինչ քանդում է, տակնուվրա է անում, և վերջը զզվեցնելով, թողնում և հեռանում է: Եվ եթե նրանից հետո եկողը մի խղճմտանքով մարդ է լինում, նա հազիվ թե կարողանում է իր նախորդի քանդածները շինել

* * *

Վերոհիշյալ հանգամանքների մեջ, իհարկե, դպրոցներում ոչ միայն ուսանելի առարկաների համակարգություն և մինը մյուսին համապատասխան ներդաշնակություն չէ կարող լինել, — այլ դպրոցները մինչև անգամ չեն կարող տալ ժողովրդին և այն բանը, որ կոչվում է հասարակ դպրություն կամ գրագիտություն (грамотность): Այսպիսի դպրոցները միշտ զուրկ կմնան որոշ ուղղությունից, և ուսանելի առարկաների մեջ ներքին կապ չէ կարող լինել, այլ նրանք այնպես խառնիխուռն կերպով ածված կլինեն ողորմելի աշակերտների գլխում, որպես անկապ մթերք: Այլևս չեմ խոսում վարդապետների մանկավարժական եղանակների վրա, որոց ամեն մինը իր էշը իր եղանակովն է քշում...

Մեզանում մի առած կա, թե «ագռավն ուզեց կաքավի երիշով (ընթացքով) գնալ, իր երիշն էլ կորցրեց»: — Միշտ այդպես է լինում, երբ մարդ իր սովորականը թողնում է, և նախ քան սովորելու օտարի վարմունքի ձևերը, սկսում է ինքն էլ նույն ձևերով ընթանալ: Նա ծիծաղ է շարժում և ավելի ոչինչ:

Նոր, եվրոպական կոչված մանկավարժական արհեստի մեջ մեր վարժապետները միևնույնն են անում. — իրանք դեռ սովորելու կարոտ ուսուցչի պաշտոն են հանձն առնում: Եվ արտաքին ցույցերով միայն կամենում են նմանվել, թե հմուտ մանկավարժներ են. իսկ նմանվելն ցած կապիկություն է, որ միայն կարող է ծիծաղ շարժել:

Խոսելով առհասարակ մեր վարժապետների վրա, չէ կարելի չնկատել մի խոշոր երևույթ, որը խիստ անմխիթար տպավորություն է գործում: Մեր մեջ մինչև այսօր հայտնված, և իրանց գործին փոքր ի շատե հմուտ ու խղճմտանքով վարժապետների թիվը այնքան փոքր է, որ կարելի է մատներով համբարել. — Բեգնազարյանց, Աղայանց, Ղուկասյանց, Տեր-Ղևոնդյանց, Պռոշյանց, Պալասանյանց, Բարխուդարյանց, Շահվերդյանց, Չիգիանյանց, Մ. Սիմոնյանց և մի քանի ուրիշներ: Այդ պարոնները, բացի երկուսից, ո՛չ մասնագետներ են և ո՛չ բարձր ուսում ստացած համալսարանականներ. — դրանք ավելի ժողովրդական թերուսներ են: Եվ զարմանալին այն է, որ գրականության մեջ դարձյալ միևնույն անձինքն են հայտնվում. — ունեն ինքնուրույն և թարգմանական աշխատություններ, գրում են լրագիրների և ամսագիրների մեջ, և իրանք ոչ այս և ոչ այն մանկավարժ-արհեստագետի աշակերտ լինելով, տվեցին մեր դպրոցներին մի քանի դասագրքեր: Որո հակառակ, բարձր ուսում ստացած մանկավարժ-մասնագետներից մինչև այսօր ոչ մեկը չհայտնվեցավ ոչ վարժապետական ասպարեզում և ոչ գրականության մեջ: Այստեղ ճշմարտվում է «Մշակի» այն կարծիքը, որ ժողովրդական թերուսների մեջ գտնվում է ուժ, եռանդ և ապագա…: Ցույց տալու համար, թե այդ այդպես է, մենք հարկավոր ենք համարում փոքր-ինչ պարզել, թե ի՞նչ է մասնագետը և ի՞նչ է թերուսը:

Следующая страница