Մուրացան՝   Գևորգ Մարզպետունի

Իզո՜ւր. դու նրանց աչքերը փակել չէիր կարող... Բայց դու, Սե՛դա, ինչո՞ւ նույնիսկ այդ ժամին չհայտնեցիր ինձ այդ գաղտնիքը: Եթե ես գիտենայի, թե ինձանից զատ ուրիշներն էլ են նկատել այդ բանը, այն ժամանակ ես դաշույն կցցեի նախ այդ անզգամի և ապա իմ սիրտը. այն ժամանակ Աշոտ-Երկաթի իշխանությունը չէր վտանգվիլ, Սահակ Սևադան և յուր որդին չէին կուրանալ...

Ինչպե՞ս, թագուհի՛, մի՞թե դու էլ այդ բանը Տավուշ բերդում իմացար:

Այո՛, Սեդա. նույնիսկ այն անզգամի ապարանքում, մեր այնտեղ հասնելուց մի քանի օր հետո:

Ինչպե՞ս:

Այն օրը, որ մենք հյուր էինք Ամրամի մոտ, և այդ իշխանը գինով ոգևորված մոռացել էր յուր կոչումը և հաճոյական զրույցներ էր անում ինձ հետ եղող իշխանուհիների հետ, հիշո՞ւմ ես, հեռացա ես նրա դահլիճից: Մի ինչ-որ տխրություն պաշարել էր հանկարծ իմ սիրտը չգիտեի ինչո՛վ փարատել այն, իշխանուհիներից ոչ մեկին չէի կամենում ընկերացնել ինձ: Ուստի միայնակ ելա և սկսա Ամրամի ապարանքը շրջել: Հույս ունեի պատահել մի տեղ թագավորին, որովհետև նա առանձնացել էր` Ոստանից հասած նամակները կարդալու համար: Մի նրբանցքից անցնելու ժամանակ հանկարծ իմ ականջին հասավ թագավորի ձայնը. ես ուրախությամբ դիմեցի դեպի հանդիպակաց դուռը, որ Ասպրամ տիկնոջ դստիկոնն էր հանում: Այդտեղ լսեցի նրա ձայնը: Ասպրամին յուր տանտիկնության հոգսերով զբաղված էի կարծում, բայց զարմացա, որ նա այստեղ խոսակցում է թագավորի հետ: Մի տխուր նախազգացում պաշարեց իմ սիրտը. շունչս կարծես բռնվում էր. առաջ անցա հուսո և երկյուղի մեջ, բացի այն դուռը, որտեղից զրույցի ձայնն էր գալիս... և ի՞նչ տեսա, Սե՛դա... Օ՛, ինչպե՜ս այդ ժամին շնչասպառ չեղա ես, ինչպե՜ս չմեռա... Ասպրամ իշխանուհին, Սեդա... թագավորի գրկում...

Աստվա՜ծ իմ...

Այո՛, իմ Աշոտը, իմ անսահման սիրո և երջանկության թագավորը գրկախառն Ցլիկ-Ամրամի կնոջ հետ... Ա՜խ, Սեդա, զգո՞ւմ ես արդյոք, թե ի՛նչ հարված էր սա ինձ համար... Ո՞ր շանթը, ո՞ր կայծակը կարող էր մարդկային սիրտն ավելի անողորմ կերպով հարվածել...

Եվ հետո ի՞նչ արիր:

Ոչինչ: Նրանք երկուսն էլ մեռելի գույն առան. իսկ ես համր ու անխոս դուրս եկա այդտեղից և ապաստանեցի մոտիկ սենյակներից մինին:

Այդ երևի այն ժամանակն էր, որ դու հիվանդացար:

Այո՛, հիվանդացա հենց այդ չարագուշակ դեպքի պատճառած ցավից... երկու ամիս շարունակ տանջվեցա իմ այդ ծանր վշտի գաղտնի վերքերից...

Զարմանալի է. և մեզանից ոչ ոքի չհայտնեցիր:

Չհայտնեցի, որովհետև չկամեցա հայոց թագավորի ընտանիքը կործանել. չկամեցա Սահակ Սևադայի դստեր ձեռքով հայոց թագին ու գահին անարգանք դրոշմել և... ա՜խ, ինչո՞ւ թաքցնեմ, Սե՛դա, չհայտնեցի, որպեսզի իմ հակառակորդուհիները չուրախանան, որպեսզի հաչաղկոտ իշխանուհիները ցնծության տոն չկատարեն և իմ նախկին փեսացուները իմ հպարտությունը չծաղրեն...

Իմ խեղճ տիրուհի... — շշնջաց Սեդան ինքն իրան:

Եվ սակայն իմ հպարտությունն ինձ չարաչար պատժեց...

Աստված ողորմած է, տիրուհի՛. դու, որ այդպես հերոսաբար տարել ես այդ ցավերը, անկարելի է, որ նախկին երջանկությունը նորեն չճաշակես:

Խե՛ղճ Սեդա, ինչքա՜ն բարի ես դու... Բայց մի՞թե լսած կաս, որ մեր օրերում մեռելները հարություն առնեն... Վե՛ր կաց, մայր Սեդա, վե՛ր կաց և գնա՛ հանգստացիր, քեզ շատ հոգնեցրի. պիտի ներես ինձ...

Սեդան, որ վաղուց սպասում էր այդ հրամանին, մոտեցավ թագուհուն, հանեց նրա մնացորդ շորերը, ուղղեց մահճի անհարթությունները և «բարի գիշեր» մաղթելով նրան՝ քաշվեցավ քնարանի մոտ գտնվող խուցը:

Թագուհին նույնպես պառկեց քնելու: Բայց տխուր մտածմունքները երկար տանջեցին նրան: Լույսը բացվելու մոտ էր, որ նրա աչքերը ծանրացան, մինչդեռ Սեդան վաղուց վայելում էր խաղաղության հրեշտակի բարիքը:

Ժ

ԿՈԻՅՐ ՎՐԻԺԱՌՈԻՆ

Արևը մայր մտնելու վրա էր: Երկու հեծյալներ արշավասույր անցնում էին Գանձակու դաշտից: Նրանցից մինը տարիքավոր և ազնվական դեմքով տղամարդ էր, ծածկած պղնձե թեթև սաղավարտ և զինված արծաթապատ սրով ու փոքրիկ, փայլուն վահանակով. մյուսը՝ զրահազգեստ, պողպատե գլխանոցով, ծանր ասպարով, վաղակավորն ազդրին և երկար նիզակը ձեռին հաղթանդամ մի երիտասարդ: Տարիքավոր տղամարդը, որ ըստ երևույթին իշխան էր, ընթանում էր առաջից, իսկ երիտասարդը, որ նրա թիկնապահն էր, հետևում էր նրան: Երկուսի ձիաներն էլ սաստիկ քրտնած էին և փրփուրով ծածկված: Երևում էր, որ նրանք երկար ճանապարհ էին կտրել:

Երբ հեծյալներն ընդարձակ դաշտն անցնելով Գարդմանա ձորը մտան, իշխանը թիկնապահին դառնալով ասաց.

Ե՛զնիկ, արևն արդեն մայր մտավ, պետք է շտապել հասնել ամրոց դեռ մութը չկոխած. ես չեմ կամենում, որ բերդապահներն աղմուկ հանեն դռները բանալու պատճառով:

Ինչի՞ց ես քաշվում, տեր, — հարցրեց թիկնապահը:

Չեմ կամենում, որ, մեր այստեղ գալը Սահակ իշխանն իմանա, մտադիր եմ ներկայանալ նրան իբրև՝ մի անծանոթ:

Բայց մի՞թե նրա դղյակում ոչ ոք չի ճանաչում քեզ:

Կարծեմ՝ ոչ ոք: Ութ տարուց ավելի է ինչ ես Գարդման չեմ մտել: Նույնիսկ թագավորի հարսանիքին չկարողացա ներկա լինել: Ո՞վ կարող է ուրեմն ինձ հիշել: Իշխանի տան հին ծառայողներից մեկը Սեդան է, որ մեզ մոտ Գառնիումն է: Ինձ կճանաչեր իշխանուհին, բայց նա էլ կենդանի չէ: Իշխանի Դավիթ որդին Ամրամի բանակումն է. մնում է ինքը իշխանը և յուր Գրիգոր որդին: Իսկ նրանք երկուսն էլ կույր են, հետևապես չեն կարող ճանաչել ինձ, թե ես ո՞վ լինելս ծածկեմ նրանցից:

Եթե այդպես է, ուրեմն ես չպետք է բերդը բարձրանամ, այլ պետք է գիշերեմ ավանում:

Ինչո՞ւ, -հարցրեց իշխանը:

Որովհետև ինձ ճանաչում են ոչ միայն Սևադա իշխանի ծառաները, այլև բերդապահ զինվորները:

Ի՞նչ վնաս:

Նրանք գիտեն, որ ես ծառայում եմ իշխան Մարզպետունուն, ուրեմն և իմ պատճառով կճանաչեն նաև քեզ:

Եթե այդպես է, մնա՛ ավանում:

Ծառա եմ հրամանիդ:

Այդ լավ է. գուցե քեզ հաջողվի նաև տեղեկություններ հավաքել Սևադա իշխանի մասին, թե ի՞նչ չափով նա մասնակից է այս ապստամբության գործին:

Անշուշտ. Եզնիկը չի հանգստանալ, մինչև որ ամեն բան տեղն ու տեղը չիմանա: Այստեղի քահանան շատախոսի մեկն է, ես նրա մոտ կիջնեմ:

Բայց քի՛չ խոսիր և շա՛տ լսիր:

Կարող եմ բոլորովին չխոսել, սակայն առատ աջհամբույր կտամ:

Այդ էլ լավ է. պատրաստ արծաթ ունի՞ս:

Գեղջուկ քահանային պղնձե դրամներով էլ կգոհացնեմ:

Հեծյալները խոսակցելով հասան Գարդմանա վտակին:

Դե՛հ, է՛լ մի՛ ուշանար. անցի՛ր գետակը, — հրամայեց իշխանը:

Թիկնապահը ողջունեց տիրոջը և մտրակելով ձին՝ անցավ վտակը և ուղղվեցավ դեպի ձախ, Գարդման ավանը գնալու համար, իսկ իշխանը բռնեց ամրոցի ճանապարհը: Երբ հասավ բերդասարի ստորոտին, երևաց Գարդմանը յուր սպիտակ պարիսպներով և հզոր աշտարակներով, որոնք ամբառնում էին բերդի արևմտյան կողմից և աջ ու ձախ ձգվելով` միանում հյուսիսային մասի անմատչելի լեռնալանջին և հարավային ու արևմտյան կողմերի վիմահերձ ժայռերի բնական պատնեշներին:

Լեռան գագաթին թառած այդ անառիկ ամրոցը, որ մութը կոխելու վրա, մանավանդ, ահարկու տպավորություն էր անում ամեն մի անցորդի վրա, մոտեցող իշխանի սիրտը տխրությամբ համակեց: Նա հիշեց ութ տարի առաջ յուր և արքայորդի Աշոտի մուտքն այս ամրոցը: Այդ ժամանակ, արդարև, նույնպես ուրախ չէր յուր սիրտը. հայոց թագավորը նահատակված, իշխաններն անմիաբան, արքայորդին անօգնական, ինքը վիրավոր... հարկավ, ուրախ լինել չէր կարող: Բայց Գարդմանն այդ ժամանակ հույս ու հոգի էր ներշնչում մոտեցողին. Սահակ Սևադան հսկում էր այդտեղ ինչպես մի հզոր առյուծ. նրա համբավը ահաբեկում էր թշնամիներին և խրախուսում լքվածների սիրտը: Իսկ այժմ... այժմ կարծես թե ամրոցը սուգ էր մտել և նրա արտաքին պատկերը ոչ թե զորություն, այլ լքումն ու հուսահատություն էր արտահայտում:

Օրը տարաժամել էր: Չնայելով որ իշխանի նժույգը հոգնած, և ճանապարհը զառիվայր էր, այսուամենայնիվ նա շտապեցնում էր խեղճ կենդանուն, որպեսզի ամրոց հասնե մի քանի վայրկյան առաջ:

Չնայելով իշխանի այդ ջանքերին, բայց դեռ ամրոցի ստորոտին չհասած, նա լսեց, որ միջնաբերդից փողը փչեցին: Այդ արդեն ամրոցի դռները փակելու նշանն էր: Ուրեմն էլ շտապելու հարկ չէր մնում: — «Անիծյալնե՛ր, ի՞նչ դռնփակի ժամանակ է...»-քրթմնջաց ինքն իրան իշխանը, և ձիու սանձը ձգեց: Կենդանին կարծես զգաց, որ տիրոջ եռանդը մարեց, ուստի ինքն էլ իր ծանր քայլափոխն սկսավ:

Դղյակում արդեն ճրագները վառել էին, երբ իշխանը հասավ ամրոցի դռանը, որ գտնվում էր արևմտյան կողմից բարձրացող երկու աշտարակների մեջտեղը:

Իջնելով ձիուց, նա մոտեցավ աշտարակի դրսի պահարանին և վերցնելով այդտեղ պահվող փայտե մեծ մուրճը, երեք անգամ ամուր զարկեց պատի վրա ամրացրած տախտակե կոչնակին:

Ո՞վ է, — խռպոտ ձայնով հարցրեց մի պահապան:

Իշխանը վարանեց պատասխանելու, որովհետև չէր մտածել, թե ի՞նչ անուն պիտի տա իրան:

Ո՞վ է կոչ անողը,-հարցրեց կրկին պահապանը փոքր ինչ զայրացած և այս անգամ աշտարակի նեղ պատուհանից դուրս հանեց իր ահագին գլուխը:

Արքայի բանբերը ... — պատասխանեց իշխանը առանց մտածելու:

Արքայի բանբերը չի կարող մտնել մեր ամրոցը, — զայրացած պատասխանեց պահապանը.-մի՞թե թագավորը չգիտե, որ Գարդմանն արդեն իր հին տիրոջն է պատկանում: — Այս ասելով նա իր գլուխը ներս տարավ դեպի աշտարակը և լռեց:

Իշխանը մնաց շվարած: Նա չէր սպասում, որ գարդմանացիք միաբանած լինեին ուտիացիների հետ: Թեպետ հաստատ գիտեր, որ Ցլիկ-Ամրամի ապստամբության գործում խառն է նաև Սահակ Սևադան, մանավանդ որ նրա Դավիթ որդին հայտնի կերպով միացած էր Ամրամի հետ, այսուամենայնիվ հույս ուներ, որ Գարդմանա ամրոցի բերդակալը, որ կարգված էր թագավորից, չի դավաճանիլ յուր տիրոջը, որովհետև նրա բազմամյա հավատարիմներից մինն էր: Բայց երբ պահապանի պատասխանը լսեց, համոզվեցավ, որ բոլոր երկիրն ուրեմն Ամրամի հետ է:

«Ի՞նչ անել այժմ», — մտածեց ինքն իրան իշխանը և ապա որոշեց խորամանկության դիմել: Նա կրկին մուրճը առավ և առաջվանից ավելի ամուր զարկեց կոչնակին:

Բարեկամ, երևի քո թագավորի սպասավորները սիրում են աշտարակներից կախվել, — հանդգնությամբ գոչեց վերևից պահապանը և գլուխը կրկին պատուհանից հանելով` ավելացրեց, — ցանկանո՞ւմ ես որ մի փքին ուղղեմ կրծքիդ:

Հիմա՛ր, քեզ փորձում էի, քեզ նման անասունը միայն կարող է անօրեն թագավորին սպասավորել:

Ո՞վ ես դու ուրեմն, — հարցրեց պահապանը ձայնը մեղմացնելով:

Ամրամ իշխանի համհարզը: Սևադա իշխանին կարևոր լուր եմ բերել:

Իսկ եթե սուտ լինի այդ:

Տխմար. ձեր բերդն ուրեմն մի զորակա՞ն էլ կարող է առնել. ինչի՞ց ես վախենում:

Սպասի՛ր, պետք է բերդակալից հրաման առնենք, — այս ասելով պահապանը հեռացավ:

Մի քառորդ ժամից ետ աշտարակի պատուհանից կախեցին մի վառած ղամբար, տեսնելու համար, թե արդյոք ուրիշ մարդիկ չկա՞ն դռան առաջ, և երբ ստուգեցին, որ սպասողը միայն մի հեծյալ է, եկան և ամրոցի դուռը բացին:

Պահապանները տեսնելով, որ ներս մտնողը իշխան է և ոչ հասարակ զինվոր, պատշաճ հարգանք մատուցին նրան, բայց միևնույն ժամանակ խնդրեցին, որ բարեհաճե նախ բերդակալին ներկայանալ որովհետև իրանց այդպես էր հրամայված:

Իշխանի նպատակն էլ այդ էր: Նա կամենում էր ստուգել, թե արդյոք բերդակալն իսկապես միացա՞ծ է ապստամբների հետ, թե՞ ստիպված և առերես է հպատակում նրանց ճնշումներին:

Պահապաններն առաջնորդեցին իշխանին դեպի մոտիկ դիտանոցներից մինը, որի վերնահարկում սպասում էր նրան բերդակալը: Փոքրիկ և ցածր դռնից ներս մտնելով՝ նա սկսավ բարձրանալ քարյա նեղ և օձապտույտ սանդուղքներով: Առաջնորդ պահապանը կանգ առավ վերնահարկի մուտքի առաջ և խնդրեց իշխանին, որ բարեհաճե նախ հանձնել իրան յուր սուրը և ապա մտնե ներս:

Իշխանը հնազանդվեցավ զգուշության համար ընդունված այդ սովորությանը և հանձնելով զինվորին յուր սուրն ու վահանակը, մտավ բերդակալի մոտ: Վերջինս մի բարձրահասակ, խոշորադեմ, խելոք աչքերով և ըստ երևույթին բարեսիրտ տղամարդ էր, որ փոքրիկ, կամարակապ սենյակի մեջտեղը կանգնած սպասում էր յուր խորհրդավոր հյուրին:

Հենց որ իշխանը ներս մտավ, բերդակալը գրկաբաց վազեց դեպի նրան և բացականչեց.

Գևորգ իշխան, այս դո՞ւ ես, ի՞նչ հողմ, ի՞նչ դիպված: — Այս ասելով, նա գրկախառնվեցավ իշխան Մարզպետունուն և համբուրվեցավ նրա հետ:

Իշխանն այս սիրալիր ընդունելությունից արդեն գուշակեց, որ բերդակալն ապստամբների հետ չէ, ուստի նշանացի հայտնեց նրան, որ պահապանը կանգնած է դռան առաջ, և խնդրեց, որ հեռացնե նրան:

Ո՞վ կա այդտեղ, — գոչեց բերդակալը դեպի դուռը գնալով:

Ես եմ, տեր, — պատասխանեց պահապանը և ներս մտավ:

Դի՛ր այստեղ իշխանի սուրն ու վահանակը և իջի՛ր ներքև, — հրամայեց բերդակալը և պահապանը կատարելով նրա հրամանը՝ հեռացավ:

Երբ նրանք միայնակ մնացին, բերդակալն առաջինն սկսավ խոսիլ.

Չէի կասկածում, որ այստեղ եկողը արքայի մարդկանցից է, պահապաններն ասացին, որ դու քեզ նախ արքայական և ապա Ցլիկ-Ամրամի համհարզն ես անվանել: Սկզբում շփոթվեցի, կարծելով, թե եկողը Ամրամի մարդկանցից է, բայց հետո իմացա, որ մեր պահապանի՝ արքայի հասցեին ուղղած անզգույշ խոսքերից հետո ես խոսքդ փոխել, իսկույն գուշակեցի, որ մեր հավատարիմներից մինն է եկողը:

Այժմ ասա՛, որտեղի՞ց և ինչպե՞ս հասար այստեղ, ինչո՞ւ միայնակ ես, ո՞ւր են թիկնապահներդ. ինչ լուր ունիս արքայից. արդյոք եգերացիներից հույս կա՞, թե՞ Ոստանում պետք է զորաժողով անել... — շտապով և իրար ետևից հարցեր արավ բերդակալը:

Մարզպետունի իշխանը, ըստ երևույթին, հեղինակավոր անձն էր բերդակալի համար: Վերջինի հարցերին նա չշտապեց պատասխանել, այլ նստելով տախտակե աթոռակի վրա, որ այդտեղի միակ կարասին էր, առաջարկեց խոսակցին նույնպես նստել յուր հանդեպ՝ դիտանոցի պատուհանին:

Դու դեռ երիտասարդ ես, Վահրամ, իսկ ես տարիքս անցրած: Ճանապարհի երկարությունն ինձ հոգնեցրել է, թող որ մի փոքր հանգստանամ և ապա խոսեմ,— նկատեց Մարզպետունին:

Ա՜խ, ների՛ր ինձ, իշխան, քո ներս մտնելով ես այնպես ուրախացա, որ մինչև անգամ շփոթվեցա և տանուտիրական պարտավորությունս մոռացա... նույնիսկ նստել չառաջարկեցի քեզ... Ների՛ր ինձ, աղաչում եմ: Բայց մենք ինչո՞ւ այստեղ ուշանանք. շնորհ արա ինձ, ե՛կ իմ տուն, այնտեղ հոգնությունդ կառնես և ավելի հանգիստ կխոսակցես:

Այս ասելով բերդակալը վեր կացավ և կամենում էր առաջնորդել իշխանին: Բայց նա տեղից չշարժվելով, նրան էլ առաջարկեց նստել:

Վահրամ, ես քո տունը գալ չեմ կարող, — ասաց իշխանը, — ինձ չպետք է տեսնեն քո տանը: Մի քանի տեղեկություններ ունիմ քեզանից առնելու և փոխարենը քեզ հաղորդելու. այդ վերջացնենք, և այնուհետև ես պիտի գնամ Սևադա իշխանի մոտ: Մենք այժմ այնպիսի տագնապի մեջ ենք, որ հյուրասիրական իրավանց պարտավորությանց ուշադիր լինել չենք կարող:

Շատ լավ, արա՛, ինչ որ հաճելի է քեզ, — պատասխանեց բերդակալը և տեղը նստեց:

Մարզպետունի իշխանը հառեց աչքերը բերդակալի վրա և մի խորհրդավոր հայացքով նայելով նրան ոտքից մինչև գլուխ, լուրջ ձայնով հարցրեց.

Վահրամ իշխա՛ն, կարելի՞ է այժմ վստահանալ քեզ վրա այնպես, ինչպես վստահանում էինք տարիներ առաջ Վահրամ սեպուհի վրա:

Իշխան, շնորհակալ եմ այդ անկեղծ հարցի համար: Այժմ այնպիսի ժամանակում ենք ապրում, որ Մարզպետունի իշխանն իրավունք ունի կարծելու, թե նախկին Վահրամ սեպուհը դարձել է արդեն մատնիչ, մի տիրադրուժ, մանավանդ որ այժմ ծառայում է ապստամբների դրոշակի տակ: Բայց ես կարող եմ հավատացնել քեզ, որ ո՛չ տարիները և ո՛չ հանգամանքները չեն փոխել իմ մեջ ոչինչ: Արքայի նախկին հավատարիմը այսօր էլ նրա հավատարմագույն ծառան է: Թե ինչու ապստամբների հետ եմ այժմ, դրա պատճառը ոչ թե իմ, այլ արքայի շահն է, որ ես չկարողացա անտեսել:

Ինչպե՞ս, բացատրի՛ր ինձ:

Երբ լուր հասավ այստեղ, թե Ցլիկ-Ամրամը ապստամբության դրոշ է պարզել, Սևադա իշխանը հարմար առիթ համարեց օգուտ քաղել այդ դեպքից՝ յուր վաղուց գուրգուրած նպատակն իրագործելու համար: Անմիջապես նա հրավիրեց յուր մոտ Գարդմանա ազնվականները և ժողովրդի գլխավորները: Հրավիրվածների մեջ էի և ես: Իշխանն այնպիսի ճառ խոսեց մեր առաջ, որ գարդմանացի հայրենասերները բոլորովին խելագարվեցան...

Ի՞նչ էր ասում:

Չեմ կարող բոլորը հիշել, բայց ինչ որ չեմ մոռացել, այն կհաղորդեմ: Ազնվականները խմբված էին իշխանի պատշգամում, իսկ ժողովրդի գլխավորները ապարանքի բակում: Երկու ծառաներ թևերից բռնած դուրս բերին Սևադա իշխանին. երկու ուրիշ ծառաներ էլ՝ Գրիգոր իշխանին: Ծանր, սարսափելի ծանր տպավորություն արավ մեր վրա կույր հոր ու որդու երևալը: Դեռ Սևադա իշխանը բերանը չբացած, բակում խռնված ժողովրդի մեջ թագավորի անվան ուղղված անեծքներ լսվեցան: Սևադա իշխանը դեպի պատշգամբի եզերքը հառաջանալով, հենվեցավ գավազանի վրա և մոտավորապես հետևյալը խոսեց.

Իշխաննե՛ր և ժողովու՛րդ. ձեր աչքերով ահա՛ տեսնում եք, որ հզոր Սևադան, գարդմանացոց պարծանքը և թշնամիների սարսափը, ապիրատ փեսայից կուրացած` յուր ծառաների շնորհիվն է միայն ձեր աչքին երևում: Չէի կամենալ, որ իմ ժողովրդի ամենից սինլքոր անդամը հանդիպեր այսպիսի դժբախտության, որ ծերունի հոր և երիտասարդ որդու համար ստեղծեց հարազատի ձեռքը: Ծանրատար մի վիշտ է այս: Դուք տեսնում եք Գարդմանը. նրա երկինքն ու արևը, լեռներն ու դաշտերը, նրա ծաղիկն ու գարունը... Ես զրկված եմ այդ բոլորից, բայց այդ չէ միայն իմ ցավը: Ես չեմ կարողանում իմ ժողովուրդն անձամբ խնամել, նրա վշտերն ամոքել, իմ հիվանդներին այցելել, իմ որբերին պատսպարել, իմ այրիների արտասուքը սրբել, իմ գերյալներին վերադարձնել... Սևադան կարոտ է այժմ յուր ծառաների շնորհին. եթե նրանք չկամենան, ո՛վ գարդմանացիք, ես չեմ կարող մինչև անգամ արևի ճառագայթներով իմ սառած մարմինը ջերմացնել... Իմ տունը, որ մի օր կենդանության հնոց էր, այժմ կույր բվիճակների կացարան է դարձել: Այս ամենը տանում եմ ես, որովհետև զրկված եմ աստուծո լույսը տեսնելու կարողությունից: Բայց դուք, գարդմանացի քաջեր, դուք, որ առողջ աչքեր, զորեղ բազուկներ, աննկուն կորով ունեիք և ունիք, ինչպե՞ս եք կարողանում տանել այն անարգանքը, որ Աշոտ-Երկաթը դրոշմեց ձեր ճակատին, ձեր հայրն ու առաջնորդը կուրացնելով, ձեր ազատությունը շղթայելով...

«Ժողովո՛ւրդ Գարդմանա,-բացականչեց իշխանը, — ես բարձրացրի քո անունը իմ հաղթություններով, դու ստորացրիր նրան քո անմռունչ հպատակությամբ... Եթե քաջություն չունիս դեն ձգել այդ անարգանաց լուծը, քաջություն ունեցիր գոնե մի սուր ցցել իմ կրծքին, որպեսզի Սահակ Սևադայի վշտերը գոնե նրա մահվամբ անհետանան աշխարհից, որպեսզի քո որդիները Սևադայի բողոքը չլսեն և քեզ չանիծեն...»:

Իշխանը դեռ չէր վերջացրել խոսքը, որ բոլոր ավագանին և նրա հետ էլ ժողովուրդը միաբերան աղաղակեց.

«Կորչի՜ բռնավորը, Գարդմանն ազատ է այս վայրկյանից և մեր իշխանն է Սահակ Սևադան...»:

Մի քանի րոպեից հետո ամբողջ ամրոցը խռովյալ ծովի կերպարանք առավ. ժողովուրդը դուրս եկավ զենքերը ձեռին, կարծես թե թագավորի բանակը պաշարել էր նրան: Պատնեշներից դուրս վռնդեցին վանանդացի պահապաններին, սպառնալով կոտորել բոլորին, եթե չէին հնազանդիլ Սևադայի հրամանին: Իսկ կատաղած ամբոխը դղյակի բարձունքից հափշտակելով արքայական դրոշը, նրա տեղ Գարդմանա վիշապանիշը պարզեց ...

Օ՛, այդ արդեն չափազանց է, — բացականչեց Մարզպետունին:

Այո՛, և ուրիշ մեծամեծ ավերումներ կանեին, եթե ես իսկույն իմ պահնորդների խումբը հավաքելով՝ հպատակության երդում չերդվեի Սևադային:

Ավելի լավ չէ՞ր լինիլ, եթե քո խմբով հեռանայիր ամրոցից, քան հպատակություն երդվեիր:

Ոչ, այն ժամանակ արքայի օգտին գործելու կամ ուտիացոց շարժումները դիտելու հնարավորությունից կզրկվեի: Իսկ այժմ ապստամբների մեջ գտնվելով՝ կարողանում եմ շատ բան տեսնել և իմանալ:

Բերդակալի պատմածները ծանր տպավորություն արին Մարզպետունու վրա. նա գլուխը կախեց և ընկավ մտածության մեջ:

Մի՞թե դու ինձ մեղադրում ես, — հարցրեց բերդակալը փոքր լռությունից հետո:

Այո՛, մեղադրում եմ, — պատասխանեց իշխանը գլուխը վեր բարձրացնելով:

Բայց չէ՞ որ ես տեղի եմ տվել ստիպողական հանգամանքներին:

Միշտ և ամեն տեղ լինում են այդպիսի հանգամանքներ: Եթե ամեն մի բերդակալ տեղի տա ստիպողական հանգամանքներին, այն ժամանակ բոլոր պետական ամրոցները թշնամու ձեռը կանցնեն:

Ես տեղի եմ տվել ոչ թե արտաքին, այլ ներքին թշնամիներին: Ես չէի կարող իմ փոքրիկ գնդով դեմ դնել բազմաթիվ ամրոցականներին. չէի կարող նաև եղբայրասպան կռիվ մղել իմ հարազատների դեմ, բավական է, որքան միմյանց արյուն թափեցինք...:

Բերդակալը վերջին խոսքերն արտասանեց ջերմությամբ:

Մարզպետունին նայեց նրան մի խորհրդավոր հայացքով և գլուխը շարժեց:

Մի՞թե ինձ վրա բարկանում ես դու, կամ, գուցե, անկեղծ չե՞ս գտնում իմ պատասխանը:

Ընդհակառակը, շատ անկեղծ եմ գտնում. ինքս լավ ըմբռնում եմ մեր դրության ծանրությունը: Թշնամին աչքերը հառած սպասում է հարմար առիթի՝ մեր երկիրն արշավելու, մենք էլ մեր ձեռքով պատրաստում ենք այդ առիթը: Դու, բարեկա՛մ, չես կամենում եղբայրասպան կռիվ մղել հարազատիդ դեմ, մի՞թե ես կարող եմ այդ արդար իրավանց հակառակիլ. չէ՞ որ եղբայրասպանությունը նույնիսկ անձնասպանություն է...

Շնորհակալ եմ, որ հասկանում ես ինձ: Ես իրավունք կտայի քեզ սուր ցցել իմ կրծքի մեջ, եթե այդպիսի թուլություն արտաքին թշնամու դեմ անեի. բայց ի՜նչ մեղքս թաքցնեմ, հարազատի վրա ձեռք բարձրացնել չեմ կարող:

Եվ երբեք էլ չպիտի բարձրացնես... Բայց գուցե կարողանայիր խոհեմության ճանապարհով այս պառակտման առաջն առնել: Պետության ամբողջությունը պահպանելու համար, այո, չպետք երբեք հարազատի արյուն թափել, բայց ապստամբ հարազատին զինաթափ անելու նպատակով կարելի է խորամանկել: Ամբոխն ամեն տեղ էլ նման է այն ոչխարներին, որոնք գայլի խոսքերից խաբվելով՝ նրա ձեռքն են մատնել պահապան շներին, որպեսզի այդպիսով գայլի բարեկամությունը վաստակեն. իսկ վերջինս, պահապան շները խեղդելուց, ետ, սկսել է հիմար ոչխարները կոտորել: Կախելու արժանի են այն իշխանները, որոնք հարստահարում են ամբոխի այդ անմտությունը: Մեզանից ամեն մինը յուր բոլոր զորությամբ պիտի զինվի այդ դավաճանների դեմ: Ով որ հայրենական գահի թշնամին է, նրան ամեն մի հայ յուր իսկ անձի թշնամին պիտի համարել: Որովհետև այնքան ծանր զոհաբերություններով ձեռք բերած այս հարստությունը կորցնելուց ետ, մեզ դարձյալ գերություն և ստրկություն են սպասում:

Այդ ամենը գիտեմ. բայց ես խորամանկելու էլ ճանապարհ չունեի, սիրելի՛ իշխան:

Լավ, քեզ չեմ մեղադրում. անցածն անցել է: Այժմ ինչպե՞ս, ի՞նչ ձևով միացնենք մեր այս պառակտումները. մտածե՞լ ես երբևիցե սրա մասին, չէ՞ որ շարունակ դեպի կործանումն ենք գնում:

Մտածել եմ, այն էլ երկար ժամանակ: Մինչև անգամ որոշ ծրագիրներ եմ կազմել, թե ի՞նչ դեպքում ինչ ձևով պիտի գործենք: Բայց դու, իշխան, ամենից առաջ պատմիր ինձ, թե ի՞նչ դրության մեջ է այժմ Ոստանը. ովքեր են թագավորի հետ միաբան. որքա՛ն զորք կարելի է անջատել բերդերից և հետո, թե ինչո՛ւ դու միայնակ գտնվում ես այժմ այստեղ. միով բանիվ, ծանոթացրու ինձ մանրամասնորեն մեր արդի դրության հետ, որովհետև այս հեռավոր անկյունում ես շատ քիչ տեղեկություն եմ առնում ձեր կողմերից, և այնուհետև ես իմ խորհուրդները կհայտնեմ քեզ. եթե բանավոր կգտնես նրանց, կգործադրենք միասին, եթե ոչ, կանեմ այն, ինչ որ դու կհրամայես:

Բերդակալի հետաքրքրությունն ու արած հարցերը կարծես տարակուսանքի մեջ ձգեցին Մարզպետունի իշխանին, նա կասկածում էր, թե չլինի՞ յուր ծրագիրները խանգարելու նպատակով է բերդակալն այդ հարցերն ուղղում իրան:

Այս մտքերն ստիպեցին իշխանին լռել մի քանի վայրկյան:

Բերդակալը գուշակեց նրա լռության պատճառը և ժպտալով նկատեց.

Թող կասկածները սիրտդ չպղտորեն, սիրելի իշխան. իմ հավատարմությունը մի՛ չափիր այն դրությունից, որի մեջ գտնում ես ինձ, այլ չափիր ա՛յն անցյալից, որ ծանոթ է քեզ և արքային: Ասացի, որ խոնարհել եմ Սևադային` իմ թագավորի շահն ունենալով ի նկատի, և այս է միակ ճշմարտությունը, որ հայտնեցի քեզ. ուրիշ դիտումներ մի որոնիր վարմունքիս մեջ: Եթե ամբողջ գարդմանն ինձ նվիրելու լինեին, դարձյալ այդ նվերը իմ աչքում չէր գերակշռիլ այն անարգանքին, որին ես արժանի կհամարեի ինձ, եթե իսկապես դավաճանած լինեի իմ արքային...

Այս խոսքերն արտասանվեցան այնքան անկեղծորեն, որ Մարզպետունի իշխանի կասկածները փարատեցան:

Այո՛, Վահրամ, չեմ ծածկում քեզանից իմ կասկածը. վախենում եմ ամեն բան հայտնել: Ժամանակը և մարդիկ կործանել են իմ հավատը: Բայց քեզ վրա, այս վայրկյանից սկսած, տածում եմ արդեն մեծ վստահություն: Այսուամենայնիվ, շատ բան չպիտի խոսեմ քեզ հետ, որովհետև ժամանակը կարճ է. պետք է շտապել Սևադայի մոտ: Կաշխատեմ կրկին վերադառնալ այստեղ, իսկ եթե այդ չհաջողի, այսուամենայնիվ պիտի հավատամ, որ Գարդմանի մեջ արքան յուր հավատարիմն ունի:

Ամենաանձնվեր հավատարիմը:

Շնորհակալ եմ, լսի՛ր: Ոստանն այժմ խաղաղ է: Ինչպես գիտես, թագավորը վաղուց հաշտված է Աբաս եղբոր հետ՝ շնորհիվ Սյունյաց Վասակ իշխանի: Միակ չարիքը Աշոտ սպարապետի գժտությունն էր, այդ էլ մեջտեղից վերացավ: Ես և կաթողիկոսը ամեն հնար գործ դրինք, մինչև որ հաշտեցրինք նրան թագավորի հետ: Երկուսը միասին մինչև անգամ Դվինը պաշարելով` գրավեցին և հագարացիներին դուրս քշեցին նրա սահմաններից: Սպասում էինք, որ երկար ժամանակ այլևս ոչ մի խռովություն չի ծագիլ մեր սահմաններում: Մինչև անգամ տոնախմբություններ սարքեցինք Դվինում և քանի օր էր, որ դրանով էինք զբաղված: Եվ ահա` հանկարծ Ցլիկ-Ամրամի ապստամբության լուրն առանք: Թագավորը չէր հավատում, թե ապստամբությունն այդքան մեծ ծավալ կլիներ ստացած, ուստի միայն յուր թիկնապահների խմբով դուրս եկավ Շիրակից: Նա այն կարծիքին էր, թե Ուտիք հասնելով` տեղական բանակի գլուխը կանցներ և, գուցե առանց արյունահեղության, ապստամբը կնվաճեր: Բայց գնալով այդտեղ, գտնում է ամբողջ նահանգն ապստամբած: Երբ նա լուր տվավ ինձ այդ մասին, ես արդեն թագավորական ընտանիքը բերած էի Գառնի, որովհետև Երազգավորսի ամրությանն այլևս վստահանալ չի կարելի: Աբասն ու ափխազաց Գուրգենը բավական անխղճորեն, ավերել են նրան: Այդտեղ, սակայն, ես թագուհուն չհայտնեցի ապստամբության վտանգավոր կերպարանք առնելու լուրը, որպեսզի չանհանգստացնեմ նրան, բայց բանն այնպես սարքեցի, որ նա ինքն առաջարկեց ինձ գնալ Ուտիք` թագավորի արշավանքի մասին տեղեկություն առնելու և, եթե հարկավոր էր, օգնական զորք հասցնելու նրան: Եվ ես եկա: Բայց ի՞նչ տեսա. ոչ միայն ամբողջ Ուտիքը, այլև Արցախու և Գուգարաց մեծ մասը ապստամբած: Արքային հանդիպեցի Գարգարացոց ձորում: Նա հուսահատված էր և կամենում էր վերադառնալ Ոստան: Բայց այս մի վտանգավոր ձեռնարկություն էր: Եթե առանց Ցլիկ-Ամրամը նվաճելու նա մտներ Շիրակ, հավատացած եմ, ապստամբությունն ավելի լայն ծավալ կստանար, և պետության ամբողջությունն անդարմանելի կերպով կքայքայվեր: Բայց ի՞նչ անեինք, զորք չկար. երկրի բերդերն ու ամրությունները փակած էին թագավորի առաջ. հավատարիմ ճանաչվածներն անգամ միաբանել էին Ամրամի հետ: Այսուամենայնիվ, հարկավոր էր ցույց տալ, թե թագավորն անօգնական չէ Ուտիքում, և ապստամբին պետք էր տեղն ու տեղը նվաճել: Ահա այս նպատակին հասնելու համար խորհուրդ արինք, որ թագավորը շարունակե յուր ճանապարհը դեպի եգերացոց աշխարհը է ցույց տալու համար, թե այցելության է գնում նրանց թագավորին և թե Ուտիքում կանգ առնելու նպատակ բնավ չէ ունեցել: Իսկ եգերացոց թագավորը, հավատացած էինք, օգնական զորք կտար արքային, որովհետև նա շնորհապարտ էր նրան այն բարության համար, որ նա արավ իրան, ափխազաց Գուրգեն իշխանը եգերացոց սահմաններից հալածելով և նրա ասպատակները ցրելով:

Թագավորը յուր թիկնապահներով ճանապարհ ընկավ: Իսկ ես սկսա Ուտիքը շրջել իմ մի հավատարմի հետ միասին: Բոլոր շեներն ու ավաններն անցա, բերդերը դիտեցի, ապստամբության սահմանները քննեցի և եկա այն եզրակացության, որ չկա այս կողմերում մի կետ, որին ապաստանել կարողանայինք, գործը խաղաղության միջոցներով ավարտելու համար: Մնում էր ուրեմն հայտնի պատերազմ մղել ապստամբի դեմ: Այս միջոցում ահա եգերացոց աշխարհից արքայի սուրհանդակը հասավ, որ ավետում էր ինձ, թե եգերացոց թագավորը մեծ զորք է հանձնել նրան, և թե ինքը շուտով կճանապարհվի այս կողմերը:

Ուրեմն թագավորը գալիս է եգերացոց զորքերո՞վ, — ուրախացած հարցրեց բերդակալը:

Այո: Եվ ես հենց մի քանի օր առաջ սուրհանդակ ուղարկեցի թագուհուն, հայտնելով նրան, թե շուտով Ամրամի ապստամբությունը պիտի ճնշենք. բայց չհայտնեցի նրան, թե դիմել ենք եգերացոց օգնության:

Կարիք էլ չկար: Բայց շո՞ւտ կհասնե այստեղ թագավորը:

Անշուշտ մի քանի օրից, բայց ինձ հարկավոր էր` մինչև նրա հասնելը` մի վերջին գաղտնիք ևս բանալ. այն է, թե ի՞նչը դրդեց Ցլիկ-Ամրամին ապստամբել արքայի՝ յուր բարերարի դեմ: Չէ՞ որ Աշոտ-Երկաթի աննախանձ բարության շնորհիվ է, որ նա այսօր Ուտյաց աշխարհի կուսակալը և հյուսիսային բանակի հրամանատարն է: Ինչո՞ ւ նա չարությամբ է փոխարինում բարությունը:

Այո՛, Ամրամի այդ վարմունքը զարմացրել է նաև ինձ:

Դու ոչ մի պատճառ չգիտե՞ս, — հարցրեց Մարզպետունի իշխանը մի տեսակ կեղծ պարզությամբ:

Ո՛չ:

Ինձ թվում է, թե նա ապստամբել է Սևադայի խորհրդով:

Իսկ ես ընդհակառակը կարծում եմ, որ Սևադան ապստամբեցրեց գարդմանացիներին` միմիայն Ամրամի համարձակությունից խրախուսվելով:

Եվ չե՞ս սխալվում

Ինձ թվում է թե՝ չեմ սխալվում: Սևադան նրան գրգռել չէր կարող:

Բայց ես հենց այդ հանելուկը լուծելու համար եկա այստեղ. ես կասկածում էի Սևադայի վրա. և մի քանի տեղեկություններ էլ, որ քաղեցի իմ ճանապարհորդության ժամանակ, հաստատեցին իմ կասկածները: Ես տակավին չգիտեի, թե նա գարդմանն էլ է արքայից ապստամբեցրել, որովհետև, ի՛նչ մեղքս ծածկեմ, չէի կարող հավատալ, թե Վահրամ բերդակալը թույլ կտար նրան այդ քայլն անել...

Ես բացատրեցի քեզ, թե ի՛նչ հանգամանքներ ստիպեցին ինձ վարվել այդպես...

Մի՛ ընդհատիր. ես քեզ չեմ մեղադրում. արդեն ծանոթացա այդ հանգամանքներին և տեսնում եմ, որ Գարդմանն էլ ապստամբների հետ է. և որ մեզ մնում է բարեկամ միայն Վահրամ բերդակալը:

Որի վրա կարող է թագավորը վստահանալ ամեն դեպքում:

Անշուշտ: Այժմ ուրեմն դու մնա այստեղ և հրամայիր, որ պահապաններիցդ մինն առաջնորդե ինձ դեպի Սևադայի ապարանքը: Ես նրան պիտի ներկայանամ իբրև մի անծանոթ կամ օտարական. և ամեն հնար գործ պիտի դնեմ ինձ համար այդ անհայտ գաղտնիքը պարզելու:

Բայց դրանից ի՞նչ օգուտ: Միևնույն չէ՞ քեզ համար, թե ո՛վ ո՛ւմն է գրգռել. ապստամբությունն ակներև է. դրա դեմ պետք է գործել:

Դրա դեմ, Այո՛, պետք է գործել եռանդով. բայց կարևոր է նաև այս գաղտնիքը լուծել, որպեսզի չարիքը կարողանանք արմատից խլել:

Ավելին հարցնելու իրավունք չունիմ. արա՛, ինչ որ հաճելի է քեզ: Հարկավ, քո փորձառությունը չի կարոտում իմ խորհրդին, — պատասխանեց բերդակալը, և պահապաններից մինին կանչելով` հրամայեց առաջնորդել իշխանին մինչև Սևադա իշխանի ապարանքը:

Next page