Րաֆֆի՝   Դավիթ Բեկ

Եթե երկինքն էլ փուլ գալու լինի իմ վրա, եթե դժոխքի բոլոր ոգիները իրանց զենքերը իմ դեմ դարձնելու լինեն, ես դարձյալ անձնատուր չեմ լինի:

Բոլորովին հավատում եմ, — պատասխանեց վեզիրը սառնությամբ. — դուք անձնատուր չեք լինի: Բայց առավոտյան, երբ թշնամին կկատարե հենց առաջին հարձակումը, ձեր զորապետները իրանց ձեռքով կբաց անեն բերդի դռները թշնամու առջև:

Երբ որ իմ զորապետները այս աստիճան ցած կլինեն, ինձ կմնա այնուհետև մի բան անել. — այդ ամրոցը կթռչի օդի մեջ... Ես թույլ չեմ տա, որ իմ կնիկները, իմ զավակները ընկնեն անհավատների ձեռքը:

Վեզիրը ոչինչ չպատասխանեց: Նա գիտեր, որ ամրոցի ներքնահարկում դրած էին հարյուրավոր տոպրակներ, լցրած վառոդով: Մի փոքրիկ կայծ բավական էր, որ կատարվեր խանի բաղձանքը:

Խանը վեր կացավ. վեր կացավ և վեզիրը: Նրա դեմքը սաստիկ զայրացած էր. բայց զսպելով իր խորին վրդովմունքը, մի առանձին անսովոր մեղմությամբ դարձավ դեպի վեզիրը, ասելով.

Ես ձեզանից մի բան եմ խնդրում, վեզիր, թույլ տվեցեք ինձ կարգադրել գործը այնպես, որպես ինքս ցանկանում եմ: Ձեր կարծիքը, ձեր համոզմունքը ձեզ համար պահեցեք: Ես ձեզանից միայն լռություն են պահանջում: Այն խոսքերը, որոնցմով աշխատում էիք հուսահատեցնել ինձ, թեև չհաջողվեցավ ձեզ, — կարող են ավելի հեշտությամբ հուսահատեցնել իմ զորապետներին: Նրանց մոտ ոչինչ մի խոսեցեք:

Նա դուրս եկավ սենյակից: Վշտացած վեզիրը լուռ մտախոհության մեջ հետևում էր նրան: Ամրոցի բակում մի խումբ ծառաներ, վառած ջահերը ձեռներին բռնած, սպասում էին նրան: Երբ տեսան իրանց տիրոջ հայտնվելը, կարգով շարվեցան նրա առջև, լուսավորեցին նրա ուղին: Խանը դիմեց դեպի մեծ դահլիճը, ուր այդ միջոցին հավաքված էին նրա զորապետները և նշանավոր պաշտոնակալները: Բոլորը ընդունեցին նրան ընդհանուր երկրպագությամբ: Նա նստեց իր պատշաճավոր տեղը, մնացածները ոտքի վրա կանգնած, լռությամբ,սպասում էին լսել նրա հրամանը: Նա հանդիսավոր կերպով սկսեց խոսել, թե ի՜նչ եզրակացությունների հասցրեց իր և վեզիրի հետ ունեցած համաձայն խորհուրդը: Եվ սկսեց հրահանգներ տալ, իհարկե, բոլորովին հակառակ վեզիրի կարծիքին: Իր փոքրիկ ճառը նա վերջացրեց այս խոսքերով.

Առավոտյան նամազը կատարելուց հտո, մենք կսկսենք կռիվը նրանով, որ այդ բերդում գտնված բոլոր հայ բնակիչների գլուխները կդնենք մեր թնդանոթների մեջ և կարձակենք դեպի թշնամու բանակը...

Բոլորը ուրախությամբ ընդունեցին խանի հրամանը, և մինչև գետին երկրպագելով, սկսեցին օրհնել նրա կյանքը:

Վեզիրը լուռ կացավ. ոչինչ չխոսեց:

ԺԷ

Գիշերային խավարը սկսել էր թանձրանալ: Աստղերը այլևս չէին երևում: Սյունյաց աշխարհի քմահաճ երկինքը, սյունեցի ամոթխած կնոջ նման, սիրում է շուտ-շուտ իր գեղեցիկ դեմքը թաքցնել: Սպիտակ ամպերը նուրբ քողի նման ծածկել էին երկնքի երեսը: Աստղերի փոխարեն վառվում էին հայոց բանակատեղերում զինվորների բացօթյա խարույկները: Նրանք սփռում էին իրանց շուրջը խիստ ախորժ լուսավորություն, որով կարելի էր տեսնել զինվորների ուրախ դեմքերը, որոնք կրակի շուրջը նստած կամ երգում էին, կամ զրուցում էին և կամ ծառերի ճյուղերից պատրաստած շամփուրների վրա միս էին խորովում: Այնօրվա ավարի առած ոչխարների շնորհիվ բանակի մեջ տիրում էր մսի կատարյալ առատություն: Մի այսպիսի առատություն չունեցավ մինչև անգամ Մովսեսի բանակը, երբ Իսրայելի աստվածը նրա զինվորներին լորամարգիներ էր ուղարկում:

Թե որ մեր տեր Հարութը այստեղ լիներ, ի՜նչքան երիներ ու մորթիներ կհավաքեր, — ասաց զինվորներից մեկը իր ընկերին, սաստիկ ծիծաղելով իր սրախոսության վրա: — Խաչը վկա, մեր Տաթևի վանքի ուխտի օրն էլ այսքան մատաներ չեն մորթվում:

Մեր մորթածները մատաղներ չեն, ապա ի՞նչ են, — պատասխանեց նրան մի այլ զինվոր, նույնպես ծիծաղելով: — Միայն տերտեր է պակաս, որ աղը օրհնե:

Ես կօրհնեմ, զավակներս, — լսելի եղավ խավարի միջից մի ձայն: Մատաղ է, ապա ի՞նչ է, աստծուն շատ ընդունելի մատաղ:

Զինվորները կրակի շուրջը նստած լինելով, նրա լույսը թույլ չէր տալիս նկատել խավարի մեջ միայնակ կանգնած բարձրահասակ մարդուն, որ փաթաթված էր իր լայն վերարկուի մեջ: Բայց հենց որ նրա ձայնը լսեցին, բոլորը պատկառանքով ոտքի ելան, ասելով.

Ա՜խ, սրբազան, դո՞ւ ես...

Ես եմ, զավակներս, նստեցեք, — ասաց բարձրահասակ մարդը մոտենալով. — նստեցեք և ձեր քեֆին կացեք, ես վաղուց արդեն օրհնել եմ ձեր զոհաբերությունները:

Զինվորները կրկին շարվեցան կրակի շուրջը, իսկ բարձրահասակ մարդը չքացավ գիշերային խավարի մեջ: Դա ամբողջ Սյունյաց աշխարհի առաջնորդը` Ներսես եպիսկոպոսն էր, որ միայնակ շրջում էր բանակների մեջ, դիտելու զինվորների դրությունը:

Նա միշտ ման է գալիս, — ասաց զինվորներից մեկը:

Գիշերները քուն չունի, — ավելացրեց մյուսը:

Ասում են, տարենը միայն մի անգամ է քնում, զատկի ավագ շաբաթ օրը, — խոսեց երրորդը:

Ինչո՞ւ անպատճառ զատկի ավագ շաբաթ օրը:

Նրա համար, որ աստված վեց օրում այս աշխարհը ստեղձեց, իսկ յոթներորդ օրում, որ շաբաթ էր, ինքն էլ քնեց, հանգստացավ:

Զինվորի բացատրությունը բոլորին հավանական թվեց: Նա գրից տեղյակ մարդ էր, փոքր հասակից վարդապետների մոտ սպասավորություն էր արել: Իսկ ո՞րքան ճիշտ էր նրա ասածը, հասկանալի է, միայն այսքանը ճշմարիտ էր, որ Ներսես սրբազանը շատ փոքր էր քնում, երբեմն անցնում էին օրեր, որ ամենևին չէր քնում: Նրա մի այսպիսի խստակեցությունը առիթ տվեց ժողովրդի մեջ իր վերաբերությամբ զանազան լեգենդաների ստեղծվելուն:

Բարձրահասակ մարդը դանդաղ քայլելով անցավ բանակի միջից, մոտեցավ մի առնձնացած վրանի, որ լուսավորված էր փոքրիկ լապտերով: Այստեղ պառկած էին մի քանի հիվանդներ, որոնք նույն օրվա կռվի դաշտում վերք էին ստացել: Մի քանի կնիկներ, հավաքված հայոց մերձակա օբանորից§§§§§§§§§§§§§§§§§§§§§, խմանք էին տանում վիրավորներին:

Հայոց բանակները, ինչպես հիշեցինք, տեղավորված էին երեք կետերի վրա: Այդ երեք կետերից, որպես երեք դռներից, բացվում էին երեք մուտքեր, որ տանում էին դեպի բերդը: Բանակներից մեկը գտնվում էր Գեղվա գետի ձորամիջում. այստեղ էին Բայինդուր իշխանը, Մելիք-Փարսադանը և Ավթանդիլ գնդապետը: Երկրորդ բանակը գտնվում էր Հալիձորի գետի վերին կողմի վրա, այստեղ էր Մխիթար սպարապետը իր զորապետների հետ: Իսկ երրորդ բանակը գտնվում էր Հալիձորի գետի ներքին կողմի վրա. այստեղ էր Դավիթ բեկը իր զորապետների հետ: Հալիձորի գետը և Գեղվա գետը, կտրելով միմյանց, կազմում էին մի եռանկյունի, որի մեջ դրած էր բերդը: Իսկ երեք բանակների յուրաքանչյուրը զետեղված էր այդ եռանկյունին կազմող գծերի վրա, որոնք ուրիշ ոչինչ չէին, եթե ոչ, խոր ընկած և անտառախիտ լեռներով պատսպարված ձորեր, որոնց միջոց անցնում էին հիշյալ երկու գետերը: Այսպիսով բերդից ելքը դեպի ամեն կողմ փակված էր: Ասլամազ-Կուլի խանը իր ամրոցում պաշարված էր, որպես մի գազան իր որջի մեջ: Որսորդները սովորաբար գազանների որջի մուտքի առջև մուխ են դնում, որ նրանք դուրս գան իրանց դարանից: Այդ միջոցի փոխարեն ծառայում էր հայոց թնդանոթների ծուխը, որ ավելի թանձրացնում էր գիշերային մթությունը:

Դավիթ բեկի վրանի վարագույրները իջեցրած էին: Նա միայնակ էր իր վրանում, որպես մի օտարական հյուր, որ խնդրել էր իրան չխանգարեն: Ճանապարհորդական փոքրիկ, ծալովի լապտերը լուսավորում էր վրանի ներսը: Նա փաթաթված էր իր հաստ վերարկուի մեջ, որ ծառայում էր նրան և՜ որպես օթոց, և՜ որպես վերմակ: Ձեռքը ծնոտին դրած, թեք էր ընկած թանձր թաղիքի վրա, որ տարածված էր ճախնային ցամաք բույսերի վրա: Մի քանի պահապաններ շրջապատել էին նրա վրանը, և հեռու նստած, ծխում էին: Իսկ թիկնապահները քնած էին առանձին վրանում, մի քանի քայլ հեռավորության վրա. այստեղ ճրագ չէր վառվում:

Կոշտ, խստասիրտ զինվորը այս գիշեր դարձել էր փափկասիրտ, զգայուն, երևակայող: Նրա հիշողության մեջ, մինը մյուսից հետո, զարթնում էին այն օրվա տխուր տպավորությունները, և լցնում էին նրա սիրտը ցավալի զգացմունքներով: Հաղթության աջողությունը չէր ուրախացնում նրան. նա հաղթություններ շատ էր արած: Նրան տխրեցնում էր իր հայրենիքի խորտակված փառքը և ներկա թշվառությունը:

Մինչև Զեվու բերդը հասնելը, նա իր զորքով անցել էր Հալիձորի միջով, որտեղից հոսում է նույն անունով գետը: Այդ խուլ, անդնդախոր ձորը կարելի է նմանեցնել մի երկայն, անվերջանալի նեղ փողոցի, որի աջ և ձախ կողմերից, հսկայական բարձրությամբ, կանգնած են պատի պես ուղղաձիգ, անտառապատ լեռներ: Այդ վիթխարի լեռների վրա նայելիս, մարդ կարծում է, թե ծառերը բուսել են ամպերի վրա: Այդ նեղ փողոցը, այդ մթին ձորը, այն անցքն է, որ տանում է դեպի Սյունյաց աշխարհի ներսը: — Դա Սյունյաց մեծ տան ահագին դալանն (կորիդոր) է: Մեր նախնիքը նրան կոչում էին Կապան********************** և այդ անունով կոչվում էր ամբողջ անտառապատ գավառը, ուր բնակվում էին հայ մարդիկ, որ շատ չէին զանազանվում իրանց ծմակներում բնակվող վագրներից:

Կապա՜ն, այդ փոխաբերական բառի մեջ ամփոփվում է նրա սարսափելի նշանակությունը: Կապա՜ն, նշանակում է` կապված, փակված անցք: Կապա՜ն, դա անդնդախոր խոխոմների մի ցանց է, դա մի հրեշավոր ծուղակ է, որի մեջ Սյունյաց աշխարհի իշխանները կաշկանդում էին թշնամու լեգեոնները;

Բայց ի՞նչ էին այդ ահարկու ձորի փականքները, նրա կապանները: — Այդ բոլորը այնօր տեսավ Դավիթ բեկը և այժմ նրանց վրա էր մտածում:

Նա տեսավ Հալիձորի բերդը, իսկ նրա հանդեպ` Աչաղու բերդը††††††††††††††††††††††: Այդ երկու բերդերը, որպես երկու վիթխարի պահակներ, կանգնած նեղ ձորի աջ և ձախ կողմերում, լեռների բարձրությունից մահ էին սպառնում հանդուգն թշնամուն, եթե կհամարձակվեր այնտեղից անցնել: Բայց այդ երկու բերդերի սոսկալի ավերակներն էին միայն մնացել: Զանազան վասակները, Սահակը, Բաբկենը, հսկա Գդիհոնը, Գրիգոր «քաջաց նվիրակ» կոչվածը, — որոնք մի ժամանակ նրանց միջից կրակ էին թափում պարսիկների, մոնղոլների, արաբների վրա, — Բաղաց թագավորության այդ հերոսները այժմ չկային...

Հիշյալ երկու բերդերի միջով անցնելով, նա մտավ Բաղաբերդ քաղաքի ավերակների մեջ: Դա Բաղաց թագավորների մայրաքաղաքն էր: Բնությունը հազիվ երբեք հրաշակերտել է մի այսպիսի ամրություն մարդկանց ապահովության համար: Այդ ահռելի քաղաքը նմանում էր մի վիթխարի քարեղեն սնդուկի, որի մեջ կողքերի փոխարեն ծառայում են ահագին պարսպաձև լեռները: Բայց ի՞նչ էր մնացել այնտեղ: Թագավորների, իշխանների խորտակված պալատները, հոյակապ եկեղեցիները, ամրոցների կիսավեր աշտարակները,-բոլորը, ինչ որ հիշեցնում էր հին փառքը և մեծությունը, — ծածկված էին խուլ, մթին անտառի տակ: Տաճարների միջից բուսել էին ահագին կաղնիներ, վեհապետների արքունիքի փշրանքները, խառնվելով քարափների կուրծքից պոկված, ցած գլորված ժայռերի հետ, ներկայացնում էին մի սարսափելի զանգված:

Քարեղեն սնդուկը, որի մեջ անմատչելի կերպով պահվում էր Բաղակի հռչակավոր քաղաքը, այժմ ներկայացնում էր մի տխուր, քարեղեն դագաղ, որի մեջ վաղուց արդեն թաղված էր Սյունյաց աշխարհի մեռած մայրաքաղաքը...

Դավիթ բեկին հիացնում էր հին հայերի պատերազմական և ռազմագիտական հանճարը: Նա զարմանում էր, տեսնելով, թե ո՜ր աստիճան նրանք օգուտ քաղել գիտեին իրանց աշխարհի բնական ամրություններից: Ուր որ բնությունը մի բան թերի էր թողել, նրանք լրացնում էին արհեստական ամրություններով: Բայց ի՞նչ էր պատճառը, որ նույնիսկ ամրությունները նրանց գերեզմանը դարձան: — Ահա այդ հանելուկի վրա էր մտածում նա:

Բաղաբերդը‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡ իսկապես դրած էր մի քարեղեն սնդուկի մեջ, ահագին լեռներից և ապառաժներից կազմված սնդուկի մեջ: Երկու ծայրերից երկու նեղ փապարներ միայն կարող էին տանել դեպի սնդուկի ներսը, այսինքն դեպի քաղաքը: Այդ նեղ փապարներից մեկը, ինչպես տեսանք, ամրացրած էր երկու բերդերով` Աչտղու-բերդով և Հալիձորի բերդով: Երկուսն էլ կանգնած էին միմյանց հանդեպ, լեռնային բարձրավանդակների վրա: Քաղաքի մյուս ծայրերի անցքը նույնպես ամրացրած էր երկու բերդերով. մինը կոչվում էր Բաղակա-քար, մյուսը` Շլորուտ: Այդ երկու բերդերը նույնպես կանգնած էին մինը մյուսի հանդեպ, մեջտեղից թողնելով նեղ փապարը, որտեղից միայն կարելի էր մտնել քաղաքը: Այստեղ էր իսկական Կապանը, — այն վիթխարի փականքը, որ արգելում էր թշնամու մուտքը§§§§§§§§§§§§§§§§§§§§§§:

Բաղակա-քա՛ր, խիստ հեշտ արտասանելի բառեր են: Բայց նա բնության հրեշավոր ստեղծագործություններից մեկն է. — մի ամեհի, սեպացած, միապաղաղ քար ձորի խորքից վեր է բարձրացել դեպի երկինքը, և իր հպարտ գլխի վրա, որպես մի գեղեցիկ պսակ, դրել է Բաղակ իշխանի ահռելի ամրոցը, զարդարած բարձր աշտարակներոն և անքակտելի պարիսպներով:

Այստեղ սարսափելի Անդոկ իշխանը, Բաղակի տոհմի հսկա ներկայացուցիչներից մեկը, բերեց պարսից Շապուհ թագավորի գանձերը: Այստեղ նա վայելում էր Տիսբոնի հարուստ ավարը, երբ հաղթությամբ վերադարձավ սասանյանների աշխարհից: Այդ սոսկալի բերդի ապառաժներին զարկվելով, փշրվեցավ պարսից ահագին գունդերը:

Բայց ի՞նչ էր տեսնում այնտեղ այժմ Դավիթ բեկը: Բաղակաքարի բարձր աշտարակները և հզոր պարիսպները դեռ մնացել էին: Դարերով պատերազմելով ժամանակի և թշնամու բարբարոս ձեռքերի հետ, այդ ամրությունները դեռ պահպանել էին իրանց վաղեմի վեհությունը: Բայց նրանց բերանից լսում էր Բեկը մի խուլ բողոք, մի դառն նախատինք դեպի հսկա նախորդների թզուկ հաջորդները: «Մենք, ասում էին այդ ավերակները, շատ անգամ պահեցինք ձեզ, շատ անգամ պահպանեցինք թշնամու հարվածներից, իսկ դուք այնքան թույլ գտնվեցաք, որ մեզ պահել չկարողացաք...»:

Նախատինքը իրավացի էր: Կապանի յոթն բերդերից***********************, որոնք յոթն կողպեքների նման դրած էին զանազան անցքերի վրա, շեն մնացել էր մեկը միայն` Գեղվա բերդը կամ Զեվուն, այն ևս մի թյուրքի ձեռքում: Այդ բերդն էր, որ պաշարել էր Դավիթ բեկը:

Այդ տխուր մտածությունների մեջ էր Բեկը, երբ բարձրահասակ մարդը, բանակների մեջ շրջելուց հետո, մտավ նրա վրանը:

Ես ձեզ սպասում էի, սրբազան, — ասաց Բեկը իր տեղից շարժվելով և նրան տեղ տալով: — Նստեցեք:

Սրբազանը տեղավորվեցավ նրա մոտ, բայց չկարողացավ զսպել իր հետաքրքրությունը, երբ նկատեց Բեկի գունաթափ դեմքը:

Դուք, երևի, պաշարման ընթացքի վրա էիք մտածում, — ասաց նրան. — գործերը փառք աստուծո, հաջող են գնում:

Ոչ, ես ամենևին այդ մասին չէի մտածում... — պատասխանեց Բեկը հայտնի տհաճությամբ. — միայն ինձ փոքր-ինչ ձանձրացնում է մեր արշավանքի կանգ առնելը:

Օրհնած, — ասաց սրբազանը իր ուրախ ծիծաղով. — Գեղվա բերդը այն ամրությունն է, որ ամիսներով իր շուրջը պահել է տվել պաշարողներին, մեծ բան չէ, որ մի երկու օր էլ մեզ սպասել տա: — Առավոտյան նա իր դռները կբացանե մեր առջև:

Ի՞նչ գիտեք:

Գիտեմ: Ինչպես երևում է, տեր Ավետիքը, Խորեն սրբազանը, Ստեփաննոս իշխանը և Բալի զորապետը հասել են իրանց նպատակին: Ես այս րոպեիս նրանցից մի փոքրիկ տոմսակ ստացա և շտապեցի ձեզ մոտ:

Տեսնեմ:

Սրբազանը տվեց Բեկին մի հատ ընկույզ:

Բեկը իսկույն հասկացավ խորամանկությունը, և ժպտելով, ասաց.

Վատ չեն հնարել. տոմսակը ծրարել ընկույզի կեղևի մեջ: Երևի, այդ ընկույզի միջուկի տեղ ես կգտնեմ տոմսակը:

Նա հուպ տվեց ընկույզը, կեղևը երկու մասի բաժանվեցավ և միջից ցած ընկավ մի թղթի կտոր: Նրա վրա մանր, նոտր գրով կարդացվում էր հետևյալ տողերը.

«Գործերը հաջող են գնում: Շուտով բերդի զինարանը մեր ձեռքում կլինի. նրանով կզինավորենք տեղացի հայերին: Խանի ամրոցի բանալիները նույնպես մեր ձեռքումն են. մենք նրան ողջ կբռնենք: Բերդի արևմտյան պարսպի տակից փորված է մի ական. գրաբերիս ծանոթ է տեղը. այստեղից կարող եք համարձակ մուտք գործել: Երբ կնկատեք մի ֆշանք, բերդից բարձրացած օդի մեջ, — դա հարձակման ճիշտ նշանն է»: Ստորագրված էր` տեր Ավետիք:

Ո՞վ բերեց այդ թուղթը, — հարցրեց Բեկը, երբ վերջացրեց կարդալը:

Տեղացի երիտասարդներից մեկը, — պատասխանեց սրբազանը: — Որը դուրս էր եկած ականի միջով, որի մասին խոսվում է տոմսակի մեջ:

Դուք նրան մի բանով վարձատրեցի՞ք:

Ոչի՜նչ չահանջեց:

Իսկ մերոնք պատրա՞ստ են:

Ես սպասում էի, թե ինչ հրահանգ կտաք դուք. դրա համար ոչինչ չհայտնեցի:

Ուրեմն գնանք միասին, ես կտամ հարկավոր հրամանները:

Բեկը և եպիսկոպոսը դուրս գնացին վրանից: Նրանց հետևեցին երկու զինվորներ միայն:

Ճանապարհին Բեկը ասաց սրբազանին.

Երևում է, որ այդ տեր Ավետիքը շատ ճարպիկ է:

Եվ քաջ է, — պատասխանեց եպիսկոպոսը:

ԺԸ

Զեվու բերդի մեջ բնակվող, գինեվաճառ տիկին Սառայի ներքնատան սենյակներից այս գիշեր միայն մեկը լուսավորված էր: Բայց դրսից լույս ամենևին չէր երևում: Նրա երկու հատիկ նեղ լուսամուտները, որ բացված էին դեպի բակը, այնքան ցած էին, որ հավասարվում էին բակի հատակի մակերևույթին: Այդ լուսամուտները պատած էին հաստ, կապտագույն թղթով, այնպես որ, դրսից անկարելի էր մի բան նշմարել ներքնատան մեջ, առանց թուղթը պատռելու:

Այդ գերեզմանի պես լուռ, մունջ, խոնավ սենյակը, որ հոտում էր գինու ու արաղի կծու արտաշնչությամբ, այս գիշեր այն տեսարանը չէր ներկայացնում, ինչ որ տեսանք այստեղ նախընթաց գիշերում: Ոչ տեր Ավետիքը, որ Խորեն հայր սուրբը, ոչ Ստեփաննոս իշխանը և ոչ էլ Մելիք-Փարսադանի որդի Բալի զորավարը, դրանցից և ոչ մեկը չէր երևում: Չէր երևում և տանտիկինը, որ նախընթաց գիշերը իր ձեռքով խորովածի շամփուրները ներս էր բերում և իր հյուրերին պատվում էր իր պահած ամենապատվական խմիչքներով: Տան փոքրիկ երեխան անգամ տանը չէր, նրա ձայնը չէր լսվում:

Միայն աշտանակի վրա դրած խեցեղեն ճրագը, որ իր ձևով նմանում էր աղավնու, և որի կտուցի միջից դուրս թողած պատրույգը յուղի պակասության պատճառով աղոտ կերպով վառվում էր, — միայն այդ ճրագը ցույց էր տալիս փոքր ի շատե կյանքի նշույլ, բայց հայտնի չէր, թե ումն էր սպասում նա:

Վերջապես բակի դռան փականքը շարժվեցավ, փեղկերից մեկը կամաց բացվեցավ, մի մարդ լռությամբ ներս մտավ: Նա զգուշությամբ կողպեց իր ետևից դուռը և դիմեց դեպի ներքնատունը: Սենյակի դատարկությունը, երևի, վատ տպավորություն գործեց նրա վրա, որ կարելի էր իսկույն նկատել այն մռայլ տհաճությունից, որ սև ամպի նման անցավ նրա գեղեցիկ դեմքի վրա: Նա մի կողմ ձգեց լայն վերարկուն, որի մեջ փաթաթված էր, և ճակատից բարձրացրեց ահագին մորթե գտակը, որ իջել էր մինչև աչքերը: Նրա զենքերը բաղկանում էին մի զույգ ատրճանակից և ծանր խենջարից միայն, որոնք իսկույն հայտնվեցան, երբ նա վերարկուն մի կողմ ձգեց:

Նա աշտանակի վրայից առեց աղավնաձև ճրագը և շտապով դիմեց դեպի տանտիրուհու սենյակը: Այստեղ նույնպես ոչ ոք չկար: Տհաճությունը, որ սկզբում առաջ եկավ նրա մեջ անհամբերությունից, այժմ երկյուղի փոխվեցավ: «Ի՞նչ եղավ, ո՞ւր մնաց, ի՞նչ պատահեց նրա հետ», — այդ հարցերն էին կարդացվում նրա տխրամած դեմքի վրա:

Եղել են ժամանակներ, երիտասարդական ջերմ, սիրաբորբոք հասակում, որ այդ մարդը ժամերով սպասել է նրան, որին այժմ անհամբերությամբ կամենում էր տեսնել: — Սպասել է անտառի լռության մեջ, թավուտ ծմակներում, ժայռերի քարանձավներում: Եվ նա, մի գյուղական դեռահաս աղջիկ, իր ծնողներից գաղտնի, շատ անգամ այցելել է նրան և իր կուսական անմեղ համբույրներով քաղցրացրել է նրա առանձնության րոպեները: Բայց երբեք նրա սիրտը այսպես սաստիկ չէր բաբախել այն արարածի համար, որին այժմ մեծ անհամբերությամբ սպասում էր: Դա սիրո բորբոքը չէր, որ այնպես սաստիկ հուզում էր, ալեկոծում էր նրա սիրտը: Նա մինչև անգամ այդ րոպեում մոռացել էր, որ մի ժամանակ սիրել էր նրան: Դա մի մեծ ձեռնարկության այն դրությունն էր, երբ մի մազից էր կախված նրա հաջողությունը կամ անհաջողությունը: Եվ այդ ձեռնարկությունը պիտի կատարվեր այն կնոջ ձեռքով, որին մի ժամանակ սիրել էր նա:

Երիտասարդը կրկին դիմեց դեպի ներքնատունը: Այստեղից ավելի մոտ էր բակի դուռը, կարելի էր իսկույն լսել, եթե ամենաթույլ կերպով անգամ բախելու լինեին: Դեռ չմտած ներքնատունը, նայեց դեպի երկինքը, տեսնելու, թե գիշերվա որ ժամն էր: Երկինքը պատած էր նուրբ, սպիտակ շղարշի նման մառախուղով. աստղեր չէին երևում: Այդ ավելի զայրացրեց նրան, աստղերից կարող էր գիտենալ ժամանակը: Այդ միջոցին սկսեցին խոսել աքաղաղները: Նա բարկությունից ամբողջ մարմնով դողաց: Գիշերը թռչում էր...

Նա մտավ ներքնատունը, ճրագը դրեց իր առաջվա տեղում, սկսեց անհանգիստ կերպով անցուդարձ անել նեղ, խեղդող սենյակի մեջ: «Ոչ, նա կկատարե.. անպատճառ կկատարե... — մտածում էր նա: Նա ինձ մինչև այսօր էլ սիրում է. այդ սերը նրան ուժ, եռանդ և վստահություն կներշնչե: Նա ինձ համար ամեն բան կանե, միայն թե կրկին կարողանա գրավել իմ սերը: Ա՛խ, եթե կարողանար կատարել... ես նրան կրկին կսկսեի սիրել: Մինչ հսկաները վառոդով և սրով են գործում, թույլ կինը կարող է այլ տեսակ հրաշքներ գործել.. Եվ այդ բանին ընդունակ է Սառան: Որքա՛ն ուրախացավ նա, որքա՛ն անհուն եղավ նրա հրճվանքը, երբ լսեց իմ առաջարկությունը.. Կարծես, սպասում էր մի մեծ զոհաբերություն հանձն առնել, միայն թե կարողանա ինձ մի որևիցե ծառայություն անել: Բայց նա այնքան պաշտելի չէր լինի, եթե այդ ծառայությունը կատարեր միայն իմ սերի համար: Նրա մեջ անգիտակցաբար եռ էր գալիս և մի բարձր, ավելի վսեմ սեր, — ազգի սերը: Ո՞վ մտցրեց նրա մեջ այդ զգացմունքը: Կարծում եմ, ոչ ոք: Նա տեսավ, որ իր սիրած տղամարդը նվիրված է մի գաղափարի, ինչո՞ւ ինքը չմատուցանե միևնուն զոհը, երբ այդ կարող էր հաճելի լինել սիրած տղամարդին: Կինը սիրում է հաճոյանալ. և սերը, ճշմարիտ սերը կարող է առաջնորդել նրան դեպի ամեն ինչ, որ բարձր է: Մի լավ գործ կատարելու համար նա անպատճառ պետք է սիրե. սերի համար նա ամեն բան կանի: Իսկ տղամարդից է կախված ուղղել նրա ճանապարահը թե դեպի վատը և թե դեպի լավը...»:

Կարծես, բակի դռանը մի ձեռք դիպավ: Նա ուրախությամբ դուրս վազեց: Մոտեցավ դռանը:

Ո՞վ ես, — հարցրեց ներսից:

— «Նետ»... — լսելի եղավ դրսից:

Երիտասարդը բաց արեց դուռը: Երկուսը միասին խավարի միջով անցավ դեպի խորին ներքնատունը: Նոր եկվորը նույնպես փաթաթված էր լայն վերարկուի մեջ: Նա դարձավ դեպի առաջինը, հարցնելով.

Դու մենա՞կ ես այստեղ, Խորեն հայր սուրբ:

Մենակ եմ, իշխան, — պատասխանեց Խորեն հայր սուրբը:

Իշխանը երիտասարդ Ստեփաննոս Շահումյանն էր:

Դեռ չի՞ վերադարձել տիկինը:

Ես նրան սպասում եմ, — պատասխանեց աբեղան, և նրա ձայնի մեջ լսվում էր սրտի խորին անձկությունը: — Կարծում եմ, նա շատ չի ուշանա, որտեղ որ է, շուտով կհայտնվի:

Այսուամենայնիվ, ես երկար սպասել չեմ կարող, ժամանակը թռչում է, — պատասխանեց իշխանը: — Դուք ինձ միայն այն ասեցեք, վստա՞հ եք, որ նա կարող է կատարել...

Վստահ եմ:

Այն աղախինը չի՞ խաբի նրան:

Երբեք:

Ի՞նչ հիմք ունեք այսպես կարծելու:

Այն աղախինը, որին կոչում են Փարիշան, ազգով հայ է, բռնությամբ մահմեդական են դարձրել: Նա շատ բարեկամ է Սառայի հետ, չեմ կարծում, որ նրան խաբե: Նա սաստիկ տանջված է եղել հարեմի մեջ, այժմ, եթե ոչ ընդհանուր գործի օգուտը, շատ հավանական է, որ վրեժխնդրության զգացմունքը կդրդե նրան Սառայի խորհուրդը կատարելու: Ես կհաղորդեմ ձեզ մանրամասները, միայն խնդրեմ մի քանի րոպեով նստեցեք:

Իշխանը, թեև շատ շտապում էր, բայց հետաքրքրվեցավ լսել մանրամասնությունները, որովհետև նրանք միևնույն գործին էին վերաբերում, որի համար շտապում էր նա:

Խորեն հայր սուրբը պատմեց խանի ամենասիրելի հարեմներից մեկի որդու ունեցած հիվանդությունը. պատմեց Փարիշանի գործ դրած խորամանկությունը հիվանդի կոկորդի վրա, որ նրանով ստիպեցնե իր տիկնոջը անմիջապես կոչել տալ Սառային որպես բժիշկ: Պատմեց Փարիշանի միայնակ գալը Սառայի տունը և նրան իր հետ տանելը խանի ամրոցը:

Դուք այստե՞ղ էիք, երբ Փարիշանը եկավ, — կտրեց իշխանը Խորեն հայր սուրբի պատմությունը:

Այստեղ էի. ես որոշեցի թե Սառայի և թե Փարիշանի դերերը, թե յուրաքանչյուրը ինչպես պիտի գործե:

Ինչպե՞ս պիտի գործեն, — հարցրեց իշխանը:

Փարիշան կկատարե այն, ինչ որ մենք մեր մեջ վճռեցինք... Իսկ Սառան կբերե ինձ զենքի պահեստի բանալիները:

Նրանք գիտե՞ն մեր պայմանները:

Գիտեն: Գործողությունները կկատարվեն ճիշտ այն րոպեում, երբ կտեսնեն բերդից օդի մեջ բարձրացած ֆշանքը:

Շատ գեղեցիկ, — ասաց իշխանը և միևնույն ժամանակ նրա սառն դեմքի վրա երևաց մի տեսակ ինքնաբավական ցնծություն: — Մենք էլ այսպես իմացում տվեցինք Բեկին, — ասաց նա, վեր կենալով տեղից:

Ի՞նչ միջոցով, — հարցրեց հայր սուրբը զարմանալով:

Տեր Ավետիքը տոմսակ գրեց:

Տոմսա՞կ, ո՞վ տարավ:

Մի երիտասարդ, ականի միջով:

Ականը արդեն պատրա՞ստ է:

Պատրաստ է: Ավելի քան հիսուն հոգի աշխատում էին նրա վրա:

Իշխանը ավելի պինդ կերպով փաթաթվելով իր վերարկուի մեջ, ահագին մորթե գտակը քարշեց աչքերի վրա, և իր քայլերը ուղղեց դեպի բակի դուռը:

Մենք այլևս չե՞նք տեսնվի, — հարցրեց հայր սուրբը նրան ճանապարհ դնելու ժամանակ:

Տեսնվելու հարկ չկա, — պատասխանեց նա շտապելով. — մեզանից ամեն մեկը գիտե, թե ինչ պիտի անե: Ես այժմ գնում եմ տեր Ավետիքի մոտ` հաղորդելու նրան ձեզանից ստացած տեղեկությունները, իսկ դուք կսպասեք այստեղ մինչև Սառայի վերադարձը:

Տեր Ավետիքը այժմ ո՞րտեղ է:

Յուզբաշի Սարգսի տանը. այնտեղ մարդիկ է պատրաստում...

Յուզբաշի Սարգիսը բերդի մեջ բնակվող հայերի տանուտերն էր:

Իշխանը դեռ չդուրս եկած ներքնատնից, կրկին դարձավ դեպի հայր սուրբը, ասելով.

Ի նկատի ունեցեք, հայր սուրբ, այստեղի հայ բնակիչների կյանքը կոտորածից ազատելու համար և մեր գործը դյուրացնելու համար անպատճառ պետք է գրավել զենքերի պահեստը: Մենք կհարձակվենք պահեստի վրա այն ժամանակ, երբ ամրոցի մեջ կհայտնվի հրդեհը:

Իսկ ես այդ միջոցին կբաց անեմ ձեր առջև դռները...

Ձեզ ծանո՞թ է ամրոցի դիրքը:

Սառան կառաջնորդե ինձ, նա բավական ծանոթ է:

Մնում է մի բան. մենք պետք է գիտենանք ձեր գնալու րոպեն:

Ես սպասում եմ Սառային, եկածին պես ճանապարհ կընկնենք. և նույն րոպեում մարդ կուղարկենք ձեզ իմացում տալու: Ձեր տեղը ինձ արդեն հայտնի է` յուզբաշի Սարգսի տունը:

Հենց այնտեղ: Բարի գիշեր:

Հայր սուրբը նրան ճանապարհ դրեց մինչև բակի դուռը և ետևից դուռը կրկին կողպեց:

Այս գիշեր, ինչպես երևում է, ես անդադար դռնապանի պաշտոն պիտի կատարեմ... — ասաց նա իր մտքում, երբ կրկին վերադարձավ ներքնատունը: — Կարծես ճակատագիրը դրա համար է ստեղծել ինձ...

Եվ իրավ, նա Տաթևի միաբանության մեջ նույնպես դռնապանի պաշտոն էր կատարում. վանքի լուսարարն էր, բանալիները նրա մոտ էին պահվում:

Նա մի առանձին բավականությամբ սկսեց անցուդարձ անել սենյակում, շարունակելով իր խոսքը.

Մինչև այսօր, ամեն առավոտ, ամեն երեկո, բաց էի անում վանքի տաճարի դռները, ժամասեր միաբանությունը, մտնելով այնտեղ, աղոթում էր: Իսկ այս գիշեր կբացանեմ խանի ամրոցի դռները, և իմ ընկերները կմտնեն այնտեղ կոտորելու համար...

Ահա քեզ բանալիները... — լսելի եղավ մի ձայն նրա ետևից:

Հայր սուրբը շուռ եկավ, տեսավ իր առջև Սառային: Ուրախությունը և զարմացումը փոփոխակի կերպով տիրեցին նրա սրտին:

Դու ո՞րտեղից եկար, բակի դուռը փակ էր:

Երևում էր, Սառան շատ վազվզել էր. նրա ձայնը սաստիկ շնչառությունից կտրատվում էր:

Մեր կտուրի վրայով եկա, — ասաց նա. — այնտեղից ճանապարհ կա: Առաջ մտա մեր հարևանի տունը, երեխաս տեսնելու. նրանց մոտ պահ էի տված: Խե՛ղճ տղա, ինչպես հանգիստ քնած էր: Նա չգիտե, թե քանի րոպեից հետո ինչե՞ր կպատահեն... Չուզեցի զարթեցնել, թողեցի այնպես քնած: Հետո շտապեցի այստեղ, գիտեի, որ դու ինձ սպասելիս կլինես:

Արագ շարժումը մի կողմից, ուրախությունը մյուս կողմից, տվել էին տիկնոջ դեմքին խիստ զվարթ պայծառություն: Նա մի առանձին քնքշությամբ բանալիները մեկնեց դեպի հայր սուրբը, ասելով.

Ա՜ռ, ինչ որ ցանկանում էիր:

Հայր սուրբը ընդունեց բանալիները, հարցնելով.

Ինչո՞վ կարող եմ վարձատրել քեզ:

Նրանով, որ դու թույլ տաս ինձ ասել` գրկի՜ր ինձ: — Այդ ասելու իրավունքը ինձ համար մեծ վարձատրություն է: Մեր հին, դժբախտ անցքերից հետո ես կորցրել էի այդ իրավունքը, իսկ այժմ, կրկին արժանացրու քո սերին:

Վերջին խոսքերը արտասանելու միջոցին գեղեցիկ կնոջ աչքերում երևացին արտասուքի կաթիլներ: Այդ սրտաշարժ խոստովանությունը աբեղային մոռանալ տվեց բոլոր անցյալը... Նա գրկեց նրան, սկսեց ջերմ կերպով համբուրել:

Ես մոռանում եմ, Սառա, մոռանում եմ բոլորը, թե որքան ցավ, որքան դառնություն պատճառեցիր ինձ քո անհավատարիմ վարմունքով: Ոչինչ ապաշխարություն չէր կարող քավել այդ հանցանքը. ոչինչ սպեղանի չէր կարող բժշկել իմ սրտի վերքը, իսկ այս գիշեր բոլորը անցավ: Դու ապացուցիր, որ արժանի ես սիրվելու, և ես իմ հոգու բոլոր զորությամբ կսիրեմ քեզ:

Տիկինը ոչինչ չպատասխանեց: Սաստիկ ուրախությունը և սաստիկ երկյուղը միօրինակ կապում են մարդու լեզուն: Նա բավական էր, որ կրկին գտնվում է իր մի ժամանակ սիրած տղամարդի գրկում. դրանով բախտավոր էր, դրանով երջանիկ էր համարում իրան:

Հիմա դառնանք դեպի գործը, — ասաց երիտասարդը. — դրանք ո՞ր դռների բանալիներն են:

Այդ մեկը դրսի դռան բանալին է, որ տանում է դեպի մի փոքրիկ քառակուսի բակ, որի յուրաքանչյուր անկյունում գտնվում են մի-մի ահագին չինարիներ և հովանավորում են ամբողջ բակը: Այդ բակի միջից մի նեղ դուռ տանում է դեպի զենքերի պահեստի ամբարանոցը, իսկ մի մեծ դուռ տանում է դեպի խանի դիվանատան ընդարձակ բակը:

Ի՞նչ ես կարծում, ես չէ՞ի մոլորվի այդ լաբիրինթոսի մեջ:

Ես քեզ հետ կլինեմ, ինձ բոլոր ծակուծակերը հայտնի են, ես քեզ միայնակ չեմ թողնի:

Փոխանակ պատասխանի, երիտասարդը մյուս անգամ գրկեց իր հերոսուհուն և սեղմեց իր կուրծքի վրա:

Դու երբեք ինձ այդքան քաղցր չես եղել, որպես այս գիշեր, նազելիս, — ասաց նա խորին հոգեզմայլության մեջ: — Հիմա պատրատվենք գնալու:

Ես շատ չեմ ուշացնի քեզ, — պատասխանեց տիկինը, նրա գրկից դուրս պրծնելով. — ինձ հարկավոր է միայն փոխել հագուստս:

Նա վազեց իր սենյակը և մի քանի րոպեից հետո վերադարձավ տղամարդի հագուստով:

Պետք է մարդու հագուստը սազ գա իր գործին, այդպես չէ՞, սիրելիս, — ասաց նա ծիծաղելով: — Հիմա գնանք:

Սպասի՜ր, — ասաց աբեղան նրան կանգնեցնելով. — ես մոռացա քեզ հարցնել, թե ինչպե՞ս հաջողվեցավ քեզ ձեռք բերել այդ բանալիները:

Դա մի ամբողջ պատմություն է, լավ է, որ չհարցնեք, — պատասխանեց Սառան հրաժարվելով:

Ինչո՞ւ:

Կարելի է Փարիշանը բարկանա, եթե քեզ պատմելու լինեմ:

Երևի, մի գաղտնիք կա. բայց դու գիտես, որ մենք հոգևորականներս իրավունք ունենք ամեն մարդու գաղտնիքները գիտենալու, — ասաց երիտասարդը ծիծաղելով: — Փարիշանը չի բարկանա, պատմի՜ր, սիրելիս:

Հաջորդ էջ