Րաֆֆի՝   Կայծեր, մաս 1

Ես չեմ մեղադրում ավազակներին, որոնք կողոպտել են ձեզ, նրանք հավատարիմ են մնում իրանց արհեստին, — ասում է Կարոն վրդովվելով: — Ես մեղադրում եմ ձեզ, որ դուք չգիտեք պահպանել ձեր կայքը: Շատ ուղիղ է ասում քուրդը, թե «հայրը մի կույր հավի սիրտ չունի»...

Տղերք, — դառնում է նա դեպի իր ընկերները, — գնանք մենք և ցույց տանք քրդերին, թե ամեն հայ այնպես չէ, որպես նրանք կարծում են:

Կարոն հայտնում է իր ընկերներին, թե ավազակները մինչև իրանց տեղը հասնելը, անպատճառ պետք է անցնեին այնինչ կիրճը. թե նրանք ոչխարների համրաշարժ ընթացքով հազիվ թե մինչև կեսօր կհասնեին այնտեղ, ուրեմն ժամանակ դեռ շատ կար: Իրանք կարող էին մի ուրիշ, ավելի կարճ ճանապարհով, կեսօրից կես ժամ առաջ հասնել հիշյալ կիրճի մոտ և փակել անցքը. այդ կլիներ միևնույնը, որպես փակել որսը որոգայթի մեջ:

Եվ իրավ, Կարոյի տարած ճանապարհը լինում է ավելի կտրուկ, թեև նա անցնում էր ամենավտանգավոր սարավանդների և դժվարին քարժայռերի միջով: Այն ճանապարհով անհնար է ձիավոր մարդուն անցնել, ուր մնաց ավազակներին իրանց ավարով, այդ պատճառով նրանք զանց էին արել մոտավոր ուղին:

Ճիշտ Կարոյի նշանակած ժամին տղերքը հասնում են հիշյալ կիրճի մոտ. նա լինում է մի նեղ փապար, որի միջով հազիվ կարող էր անց կենալ մի ձիավոր: Փապարի մի կողմում բարձրանում էր ապառաժյա ահագին պատ, մյուս կողմում ընկած էր խորին անդունդ, մի սխալ քայլ բավական էր գլորվելու ճանապարհորդին դեպի այն վիհը: Ավազակները թվով ավելի քան հիսուն ձիավոր, հասնում են այնտեղ: Կարոն իր խումբը բաժանում է երկու մասի, ինքը Ասլանի հետ կտրում են կիրճի մուտքը, իսկ ծերունի որսորդը Սագոյի հետ բռնում են նրա ելքը: Կարոն պատվիրում է իր ընկերներին սպանություն չգործել, միայն երկյուղ տալ ավազակներին, որ նրանք թողնեն ավարը: Որովհետև սպանությունը կարող էր ենթարկել խեղճ գյուղացիներին ավազակների վրեժխնդրությանը:

Եվ այսպես էլ լինում է:

Կարոն իր դարանից ձայն է տալիս ավազակների գլխավորին, որ թողնեն ավարը, եթե ցանկանում էին կենդանի անցկենալ կիրճից: Նա պատասխանում է արհամարհանքով և հրամայում է քշել հոտերը:

Կարոն կրկին ձայն է տալիս` թե նա դեռևս խնայում է պարոն ավազակապետի գոռոզ գլխին և փորձում է իր գնդակի զորությունը նրա գդակի վրա: Այդ խոսքերի հետ Կարոյի հրացանը որոտում է, և ավազկապետի գդակը թռչում է գլխից:

Նա դարձյալ մնում է իր համառության մեջ:

Կարոն մյուս անգամ ձայն է տալիս` երևի պարոն ավազակապետի գդակը մեծ կորուստ չէր իր համար, բայց նա դարձյալ խնայում է նրա անձին, և այս անգամին իր գնդակը դիպցնում է նրա ձիու աջ ականջին: Հրացանը երկրորդ անգամ որոտում է և ավազակապետի ձին գլորվում է գետին, իր տիրոջն ևս իր տակովն առնելով:

Կարոյի օրինակին հետևում են նրա և մյուս ընկերները. Ասլանը իր հրացանի գնդակին նպատակ է ընտրում մեկի մտրակը, որ վայր էր դնում առանց տիրոջ ձեռքը վնասելու: Սագոն խփում է մեկի ձիու թամքի դաշին: Ծերունի որսորդը խիստ ճարպիկ կերպով թռցնում է մեկի նիզակի ծայրը: Ավազակների կողմից ամենայն ջանք անցնում է իզուր, որովհետև Կարոն իր ընկերների հետ պատսպարված են լինում ժայռերի ետևում, որոնք բարձր կանգնած էին կիրճի վրա: Կռիվը տևում է կես ժամ: Ավազակները դեռ չեն կամենում անձնատուր լինել:

Տղերք, — ասում է Կարոն, — պետք է մի փոքր ճանկռտել դրանց:

Եվ սկսում են այնուհետև իրանց գնդակները դիպցնել մեկի ձեռքին, մյուսի ոտին, երրորդի ականջին, մի խոսքով, մարմնի այն մասերին, որոնց վերքը մահացուցիչ չէր կարող լինել:

Ավազակները ստիպվում են թողնել ավարը:

Կարոն հայտնում է` թե նրանք պետք է թողնեն իրանց ձիերից չորսը, որովհետև ինքն իր ընկերների հետ ոտով եկած են և բավականին հոգնած են, և թե, ոչխարներն իրանց տերերին հասցնելեն հետո, ինքը Կարոն խոստանում է ետ դարձնել նրանց ձիերը, որոնց կգտնեն այնինչ տեղում, որ նշանակում է Կարոն: Ավազակները հոժարվում են և այդ առաջարկությանը:

Այնուհետև Կարոն հայտնում է` թե ավազակները պետք է այնքան ժամանակ մնան կիրճի մեջ, մինչև իր ընկերները հոտերը կդարձնեին և բավականին կհեռացնեին այնտեղից: Ավազակներն ընդունում են և վերջին պայմանը:

Կարոն ծերունի որսորդի հետ մնում են պահելու կիրճի ելքը, իսկ Ասլանը Սագոյի հետ հեծնում են ավազակների թողած ձիաները և դարձնում են հոտերը: Երբ նրանք բավականին հեռացած են լինում, Կարոն բաց է թողնում ավազակներին:

Հոտերը հասցնում են գյուղը այն ժամանակ, երբ բոլորովին մթնած է լինում: Գյուղացիք անպատմելի ուրախությամբ վազում են նրանց առաջ և զանազան օրհնություններով հայտնում են իրանց շնորհակալությունը: Կնիկները համբուրում են նրանց զենքերը, ասելով.

Ձեր ոտերի հողը թո՛ղ մեր տղամարդերի գլխի՜ն լինի...

Որքան խնդրում են, որ տղերքը այն գիշերը մնան գյուղում, հյուր լինեն, նրանք չեն ընդունում, միայն Կարոն պատվիրում է, որ առավոտյան իրանց նստած ձիերը տանեն և կապեն այնինչ տեղում, որովհետև ձիերը պատկանում են ավազակներին:

Ավարտելով իր պատմությունը, ծերունի որսորդը ավելացրուց.

Տեսնո՞ւմ ես, որդի, «մարդ կա, որ հազար մարդու արժե. հազար մարդ կա, որ մի մարդ չարժե»: Կարոն, Ասլանը և Սագոն էլ մարդիկ են, այն գյուղացիքն էլ մարդիկ են: Բայց ի՞նչպես: Երկուսի մեջ այնքան զանազանություն կա, որքան առյուծի և կատվի մեջ: Հայ գյուղացին մի քուրդ տեսնելիս փախչում է, իր տունն է մտնում, դռները փակում է, որ գոնյա իր գլուխն ազատե. ապրանքը թողնում է դրսում, թշնամին թալանում ու տանում է: Իսկ Կարոն իր երկու ընկերների հետ ապրանքը ետ են խլում: Այդ ինչի՞ց է: Չէ՞ որ երկուսն էլ մի հոր զավակներ են. չէ՞ որ երկուսի դամարներումը միևնույն արյունն է վազում:

Ասում են, այստեղ մեղավոր է ստրկությունը, — առաջ տարավ որսորդը: — Ո՞վ կարող է մարդից խլել նրա ազատությունը, ո՞վ կարող է ստրկացնել նրան, եթե ինքը, մարդը, ցանկություն չունի, եթե նա չէ պատրաստել իրան մի այսպիսի անբախտ վիճակի համար: Մարդն ինքն է թույլ տալիս ուրիշներին նստել իր շլինքի վրա: Եվ այդ շատ ձեռնտու է բռնավորի համար. նա էլ այդ է ցանկանում: Այո՛, մարդն ինքն է պատրաստում իր համար ստրկությունը, և նրա արմատը դրած է ընտանիքի մեջ: Այն օրից, երբ երեխան աչք է բացում, նրա ձեռքը, ոտքը կապում են և դնում օրորոցի մեջ, — այդ ստրկության սկիզբն է: Առաջին խոսքերը, որ մայրը խառնում է օրորոցի երգերի մեջ, լինում են հոգին թուլացնող, եռանդը մաշող, կամքը և միտքը սպանող, և նախապաշարմունքներով լի խոսքեր, — դա ստրկության առաջին դասն է: Հետո մեծանում է մանուկը, նա միշտ ընդունում է ծնողների ապտակը, միշտ զգում է նրանց կոպիտ վարմունքը, միշտ լսում է նրանցից սպառնալիք, սարսափեցնող, բթամտացնող և մանուկի ուժը, զորությունը խլող խոսքեր: Դպրոցի մասին ես չեմ խոսում, որովհետև այդ դու ինքդ փորձել ես, սիրելի որդի: Բայց ավելի քան դպրոցը, մեծ չարիք է գործում քահանան, այն ևս աստուծո անունով: Ի՞նչ մեղք ունի խեղճ գյուղացին, նրան սովորեցնում են լինել ստրուկ: Նա ամեն օր տերտերից այդ խոսքերն է լսում` «ով որ քեզ կծեծե, դու նրան խոնարհություն արա, ով որ քո վերարկուն կխլե, դուն շապիկդ էլ տուր. եթե ձախ երեսիդ զարկեն, աջն էլ դարձրու, ամենևին սուր չբանեցնես, որովհետև սուր բարձրացնողը սրով կմեռնի, դրա համար էլ մեր տերը Պետրոսի ձեռքից սուրը խլեց»: Ո՞վ է իմանում, հազար ու մեկ այսպիսի հիմարություններով լցնում են խեղճ մարդու զլուխը, և նա դառնում է ոչ թե մարդ, այլ «կույր հավ», որպես քուրդն է ասում:

Իսկ մեր կարդացվորներն այդ հիմարությունները կոչում են կրթություն, դաստիարակություն...

Բայց քուրդը, պարսիկը, թուրքը, որոնք մեր հացը մեր ձեռքից խլում են, որոնք մեր արյունը ծծում են, նրանք բոլորովին ուրիշ եղանակով են դաստիարակվում: Ընտանիքի մեջ աճում, զարգանում են նրանք, ինչպես վայրենի ծառը մայր հողի վրա արմատ է գցում, ազատ, արձակ ճյուղեր է բարձրացնում, և ոչինչ չէ ճնշում, ոչինչ չէ նվազեցնում նրա աճելությունը: Ղպրոցի մեջ նրանք կարդացած գրքերը մեր Այսմավուրքը և Նարեկը չեն. նրանք սովորում են իրանց ազգի հերոսների պատմությունը, ոգևորվում են իրանց բանաստեղծություններով, որը մեծ մասամբ նվիրված է զանազան հսկաների, փեհլեվանների քաջագործություններին: Նրանց կրոնքը և կրոնական գրքերը մինչև անգամ բանաստեղծություն են, որոնց մեջ շնչում է պատերազմական ոգին: Որովհետև սկսյալ Մուհամմեդից մինչև խալիֆաները, իմամները և այլն, — բոլորը պատերազմող մարդիկ էին: Լսի՛ր, ի՞նչ է քարոզում մահմեդականի մոլլանով որ քեզ կծեծե, դու էլ նրան ծեծիր. նա, որ քեզանից չէ, նրա ապրանքը քեզ հալալ է, կռիվ տո՛ւր թշնամուդ հետ, այն կռվի մեջ թե սպանես, դրախտը կերթաս, թե սպանվես, դարձյալ դրախտը կերթաս»: Բոլորովին հակառակն է խոսում նա, ինչ որ ասում է հայի տերտերը մեզ:

Մուհամմեդը տվեց իր ժողովրդին սուր, բայց Քրիստո՛սխաչը. ահա զանազանությունը մեր և մահմեդականների մեջ:

Արյուն թափելը, ուրիշի ապրանք խլելը` վատ բաներ են.բայց շատ հաճելի էլ չէ, որ մարդ թույլ տա իր արյունը թափեն, իր ապրանքը խլեն, իր զավակները հացից զրկեն: Ամբողջ աշխարհը մեկ կռվի դաշտ է, ուր զորեղն անզորին կլանում է, ոչնչացնում է. թե ուզում ես ուրիշի կերակուր չդառնաս, պետք է քո գլուխը պահելու ճարը գիտենաս: Մի՞թե գայլի հետ կարելի է գառն դառնալ. — գազանի հետ պետք է գազան լինել, որ կարողանաս գլուխդ պահել: Շունը, որ շուն է, երբ նրան փոքր-ինչ նեղացնում ես, կծում է: Կատուն, որ կատու է, թե նեղացնես, կճանկռտե, նրա համար, որ նրանց հայրն ու մայրը, նրանց վարժապետները չեն սովորեցրել համբերել: Բայց մեր գյուղացիներին այսքան նեղացնում են, կաշին մաշում են, հոգին հանում են, նրանք դարձյալ համբերում են, որովհետև երեխայությունից սովորել են համբերել...

Բայց Կարոն և իր ընկերներն ուրիշ տեսակ մարդիկ են, իստակ այնպիսի մարդիկ, որպես պետք է լինի մարդը: Նրանք հորից և մորից որբ են մնացել, այդ պատճառով ընտանիքը չէ փչացրել նրանց: Քահանա-վարժապետից շուտ հեռացան, և դպրոցը չկարողացավ բոլորովին մեռցնել նրանց մեջ մանկության կենդանությունը: Ընկնելով այլ շրջանի մեջ, օրինավոր մարդկանց ազդեցության տակ, տարբերվելով աշխարհի փոթորիկների մեջ, նրանք ստացան բոլորովին այլ բնավորություն: Եթե հայոց զավակների գոնյա մի փոքր մասը այնպես լիներ, որպես Կարոն և սրա ընկերները, այդ ազգը շատ բախտավոր կլիներ...

Հայերը այս երկրի ազգաբնակչության մեջ բազմություն են կազմում.բայց քուրդը, որ ավելի սակավ է թվով, տուն-տեղ չունեցող, թափառական քուրդը տիրում է հային, նրա վրա աղայության է անում: Ի՞նչ է պատճառը, — այն, որ քուրդը կենդանի մարդ է, իսկ հայը մեռած: Բանը շատության ու քչության մեջը չէ, գլխավոր բանը սրտի մեջն է. ի՞նչ կարող է շինել մի մարդ, երբ որ սիրտ չունի: Այսօր ես իմ աչքով տեսա, թե որպես երեք հոդի հայ տղերք կռվեցան ավելի քան հիսուն ձիավորի հետ. բայց ես այն ավազակներին ճանաչում եմ, նրանց գլխավորը Մուրադբեկն էր, որ իր խումբով մի ամբողջ երկիր կարող է թալանել:

Հիմա լսիր, որդի, — ծերունի որսորդը խոսքը դարձրուց դեպի ինձ. — թե ուղում ես այս աշխարհում ապրել, պետք է գայլի հետ գայլ դառնաս. գառան հետ` գառն. գլուխդ մի՛ խոնարհեցրու, թե չէ, ծեծողներ շատ կգտնվեն, ողորմած եղիր դեպի քեզնից տկարները, բայց թշնամուդ մի՛ խնայիր. սրբիր անբախտի արտասուքը, մխիթարե նրան, եթե այդ կպահանջեր մինչև անգամ քո կյանքը, քո արյունը:

Ծերունի որսորդի այս երկար քարոզի միջոցին ես ոչ այնքան լսում էի նրա խոսքերը, որքան նայում էի Մարոյի վրա. իմ բոլոր ուշադրությունը գրավել էր նրա երեսը իր շարժուն և զգայուն բացատրություններով: Հոր խոսքերը, երևում էր, թափանցում էին նրա սրտի խորքի մեջ, որպես բարեբեր սերմը պատրաստված հողի մեջ: Նրա աչքերն ավելի և ավելի վառվում էին, բարակ շրթունքները դողում էին. թշերի կարմրությունը բոլորովին թռավ, մնաց միայն մուգ-դեղնությունը, որ տալիս էր նրա դեմքին պղնձի գույն: Ի՞նչ էր, որ այնպես վրդովեց կիսավայրենի աղջկա սիրտը: Մի՞թե նրան ևս տանջում էր հայի թշվառությունը...

ԻԵ

Ի՞ՆՉ Է ՔՈՒՐԴԸ ԵՎ Ի՞ՆՉ Է ԹՈՒՐՔԸ

Ծերունի որորդի վարդապետությունը որքան և անմարդասիրական լիներ, որքան և ունենար վայրենի, անխաղաղասեր բնավորություն, դարձյալ նա մի բողոք էր իր ժամանակի բարբարոսության և հարստահարության դեմ: Մի մարդ, որպես էր ծերունի որսորդը, բռնության կոպիտ ձեռքից այնքան դառն հարվածներ կրած մարդ, չէր կարող այլապես մտածել: Ինքը կյանքը, իրան շրջապատող հանգամանքները մտցրել էին նրա մեջ այն սարսափելի վրեժխնդրությունը դեպի ամեն անարդարություն, որ խլում է խաղաղասեր երկրագործի բարին, որ զրկում է նրան օրական ապրուստից, և մինչև անգամ սրբապղծում է նրա ընտանեկան պատիվը:

Ծերունի որսորդի տնակը կանգնած էր այն լեռնագոտիի վրա, որ կազմում էր բնական սահման, բաժանելով Տաճկաստանը Պարսկաստանից: Յուրաքանչյուր բաժինը պարունակում էր իր մեջ երկրի ընդարձակ տարածություն, բնակեցրած մեծ մասամբ հայերով: Պարսկաստանի մասնում գտնվում էր Ատրպատական նահանգը իր զանազան գավառներով. իսկ Տաճկաստանի մասնում` Վասպուրականի, Տարոնի և Արզրումի նահանգներն իրանց գավառներով: Ես կգրեմ յուրաքանչյուրի մասին որքան հիշում եմ, որքան վերաբերում է իմ պատմությանը:

Սարսափելի՜ էին այն ժամանկները...

Այդ այն ժամանակն էր, երբ Տարոնը և Վասպուրականը թեև Տաճկաստանի մի մասն էին կազմում, բայց քրդերի զանազան ցեղերը, օգուտ քաղելով սուլթանի պետության թուլությունից, տիրում էին Հայաստանի այդ երկու ամենամեծ նահանգներին, սկսյալ Սև ծովի հարավա-արևելյան եզերքից, Եփրատ գետից, մինչև Միջագետքի և Պարսկաստանի սահմանները:

Հիշյալ նահանգները պարունակում էին նրանց մեջ հետևյալ գավառները` Հաքարի, Բայազեդ, Հաղբակ, Վան, Բաղեշ (Բիթլիս), Մուշ, Շատախ, Սասուն, Խիզան, Մոգաց երկիր, Չարսանջակ, Քեղու և այլն-այդ գավառներին տիրում էին քրդերը:

Մնացյալ ազգաբնակչությունները, բացի քրդերից, էին` հայեր, ասորիներ, հրեաներ, թուրքեր, եզիդիներ, և զանազան թափառաշրջիկ ցեղեր: Հայերն իրանց թվով բազմություն էին կազմում և, համարյա, բաղկացնում էին ամբողջ ազգաբնակչության կեսից ավելի մասը:

Որպեսզի գիտենալ, թե ինչ դրության մեջ էին այն ժամանակ հայերը, պետք է նախ ծանոթանալ տիրող ազգի` քրդերի բնավորության և նրանց քաղաքական կազմակերպության հետ:

Քրդերը բաժանված էին զանազան ցեղերի, որոնց գլուխներն էին` Մուքուրի, Թակուրի, Միլանցի, Հայտարանլի, Շավի, Ջալալի, Ռավանդ, Բիլբաստ, Մամըքանի, Հարթոշի, Շիկակ, Հարքի, Եզիդի: Դրանք շատ քիչ էին զանազանվում հատկություններով և սովորությունով. խոսում էին մեդական լեզվով, որ յուրաքանչյուր ցեղի մեջ որոշվում էր բարբառների առանձնահատկությամբ: Կրոնով մահմեդական էին` սուննի աղանդից: Եզիդիները միայն բաժանված էին կրոնով, որոնք պաշտում էին չար և բարի ոգիները, երկրպագություն էին տալիս տնային օջախին: Դրանք գուցե մնացորդներ էին Արամազդի և Արհմնի հին երկրպագուներից, որոնց մեջ մինչև այսօր երևում են մոգական ծեսեր:

Քրդերը չունեին գիր և գրականություն. շեյխերը (դենպետները) միայն գիտեին արաբերեն կարդալ, որով ավանդում էին ժողովրդին իրանց կրոնի հրահանգները, որոնք բովանդակվում էին մի քանի պարզ և թեթև, արտաքին ծիսակատարությունների մեջ: Միակ բանը, որ գիտեր ամեն քուրդ իր հավատքի հանգանակից, էր նամազը, որը նա մեքենաբար և ճիշտ կերպով կատարում էր նշանակյալ ժամերում, առանց հասկանալու, թե ինչ էին նշանակում իր այնքան ջերմեռանդությամբ արտասանած արաբական բառերը: Բացի դրանից, քուրդը գիտեր մեծ մարգարեի-Մուհամմեդի անունը, և նրա նախկին խալիֆաների` Օմարի, Օսմանի, Առու-Բաքիրի անունները և ավելի ոչինչ:

Բայց ժողովրդական անգիր բանաստեղծությունը կենդանի էր քրդերի մեջ. նա ծագելով ամբոխի իսկական կյանքից, ուներ նույն բնավորությունը և ոգին, որով ապրում էր ինքը ամբոխը: Հովվերգությունը և քաջազնական հանգերգությունը գլխավոր տեղն էին բռնում նրանց բանաստեղծության մեջ, առաջինը, որպես մի խաշնարած ցեղի կյանքի առշնչություն, երկրորդը, որպես նրա պատերազմական ոգու արտահայտություն: Հովվական երգերը տխուր էին և մելամաղձոտ, նրանք խիստ մեղմ կերպով ներդաշնակվում էին հովիվի սրինգի խուլ և ձգական հնչյունների հետ: Իսկ պատերազմական երգերը կրակոտ, վառվռուն և խրոխտ էին, նրանք լիահնչյուն համարձակությամբ որոտում էին թմբուկների ձայնի հետ:

Ոչ մի նշանավոր երևույթ չէր կորցնում իր հետքը քուրդի կյանքի մեջ. ժողովրդական ոգին իր տաղերով կամ փառաբանում էր մեկի քաջագործությունը, կամ պարսավում էր մյուսի թուլասրտությունը: Ծածկվեցավ մեկը թշնամուց կամ խույս տվեց նա կռվի դաշտից, մյուս օր կանայքը և աղջիկները հորինում էին նրա մասին զանազան կծու պարսավներ, և երգը արագ թռչում էր ամեն երեխայի, ամեն չափահասի բերանից:

Թուրը, մի ջուխտ ատրճանակ, վահանը և նիզակը քրդի մարմնի անդամներն են, որոնք միշտ մնում են նրանից անբաժան. հրացանը նա գործ է ածում մեծ կռիվների մեջ: Թամքած ձին, որ միշտ պատրաստ է նրա չադրի առջև, քրդի հավատարիմ ընկերն է. նրան սիրում է տերը ավելի, քան իր կնոջից, ավելի, քան իր որդիներից: Քուրդը իր չադրի մեջ հյուրասեր էր որպես Աբրահամ, բայց նա չի խնայելու կողոպտել նույն հյուրին, եթե նա կհանդիպեր մեկ մղոն հեռու իր չադրից: Արյան վրեժխնդրությունը, որպես ամեն կիսավայրենի ցեղերի մեջ, նույնպես քրդի մեջ, անցնում է սերնդից սերունդ: Սպանվածը հանգիստ չէ իր գերեզմանի մեջ, քանի որ նրա արյան փոխարենը չէր առնվել սպանողից կամ նրա մոտ ազգականներից: Սպանողը այն ժամանակ միայն ազատ է մնում վրեժխնդրությունից, երբ գնում էր իր ոսոխի տունը, իր սուրը գցում է նրա ոտքի տակ և ներողություն է խնդրում: Բայց հազիվ կգտնվեր մի քուրդ, որ խոնարհվեր մինչ այն աստիճան ստորության: Քուրդը քինախնդիր է և ոխերիմ. նա մինչև մահ չէ մոռանում վիրավորանքը կամ անպատվությունը, քանի որ դեռ լիակատար բավականություն չէր ստացել: Նա միևնույն ժամանակ շատ հանգամանքներումհպարտ է և ազնիվ: Քուրդը դադարեցնում է իր կռիվը, երբ հակառակ կողմից միջամտություն են գործում կանայք: Նա իրան չէ ստորացնում, պատերազմելով իրանից թույլ արարածների հետ. թեև քրդի կինը կռվի ասպարեզում նույնքան կատաղի է և քաջասիրտ, որքան իր ամուսինը:

Կրկին անգամ ամուսնանալը, մեռած կամ սպանված տղամարդից հետո, քուրդ կնոջ համար համարվում է նախատինք: Նա մնում է միշտ այրի, մխիթարում է իրան այն քաղցր հիշողություններով, թե իր այրը մի «լավ ավազակ» էր, թե նա մնաց միշտ մաքուր երկչոտության արատից, թե նա երբեք իր թիկունքը չդարձրուց թշնամու դեմ, թե նա սիրում էր իր ամուսնին, որքան սիրում էր իր արաբական նժույգին, և երբեք նրա սիրտը չգրավեց ամենագեղեցիկը իր ցեղի աղջիկներից: Եվ մայրն երեխայությունից պատմում էր իր զավակներին հոր գործքերը, խրատում էր հետևող լինել նրան և կրկին բարձրացնել հանգուցյալի հիշատակը խոր գերեզմանից:

Մանկությունից քուրդը կրթվում է ձիան սանձ կառավարելու, զենք գործածելու, մարմնամարզության և այլ ճարպկությունների մեջ: Նա քաջագոր-ծություն է համարում գողանալ, հափշտակել ամեն ինչ, որ պետք էր իր ապրուստի համար: Նա մինչև անգամ գողանում էր իր հարսնացվին: Բախտավոր է համարվում ամուսնությունը, երբ տղամարդ-հերոսը առևանգել էր իր սիրուհին հոր ընտանիքից: Կինը այսպիսի դեպքերում մի առանձին հպարտությամբ է նայում իր ընկերուհիների վրա:

Քրդի ամենամեծ երդումը թալախի վրա է լինում. նա առնում է մի քար և նետում է, ասելով` «թող իմ թալախին այս քարի պես գցած լինի, եթե այսպես, կամ այնպես անեմ»: Թալախը նրա ամուսնական կապն է, նա լուծված է համարվում, երբ նրանով երդում ուտողը երդմնազանց է լինում: Այսպիսի երդումները պահանջվում են, երբ պետք էր որևիցե գործի մեջ ամենահաստատ գրավական մի մարդու հավատարմության մասին: Եվ այդ լինում է այն ժամանակ, երբ գործը վերաբերում էր ընդհանրության ամենակարևոր մեկ հարցին:

Որպես բնության ազատ որդի, նվիրելով իրան անհոգ և պարզ կյանքի, քուրդը բավականանում է իր անասուններով: Նա հովիվ է: Նա չունի տուն և հաստատ բնակություն. նրա օթևանը իր չադրն է, որը կազմում է այնտեղ, ուր կարող է իր անասունների համար ճարակ գտնել: Ձմեռային ձյուները միայն քշում են քուրդին իր սիրելի սարերից, այն ժամանակ ևս մի հայի տուն միշտ պատրաստ է ընդունել ինքնակոչ հյուրին: Այնտեղ քուրդն իր անասունների հետ անցուցանում է ձմեռը, մինչև գարունը կրկին կոչում է նրան դեպի լեռների գիրկը:

Քրդի կերակուրն է` իր անասունների կաթը, մածունը, պանիրը, սերը, կարագը և յուղը. նա չէ դիպչում նրանց մսին: Քրդի հագուստն, ոտքից մինչև գլուխ, կազմված է իր անասունների բուրդից և կաշուց, իսկ այդ բոլորը պատրաստում է նրա կինը: Տղամարդը տնտեսության մեջ ավելի չէ խառնվում. նա պատե-րազմական մարդ է: Երկրագործությունը, արհեստը քրդի համար ստոր պարապմունքներ են, որոնց նա արհամարհում է, համարելով ռայայի գործ: Վաճառականությունը նրա մեջ դեռ պահպանել է իր հին նահապետական ձևը: Նա տալիս է, օրինակ, քսան ոչխար և գնում է մի ձի. նա փոխում է իր յուղը, պանիրը, բուրդը երկրագործի ալյուրի հետ կամ արհեստավորի շինած այս և այն գործիքի հետ: Եվ այս բոլորը կատարում է նա չափազանց միամտությամբ. ամեն առևտուրի մեջ խաբվում է նա. ամեն փոխարինության մեջ որսում է նրանից հայ կամ հրեա մանրավաճառը իր շահերը: Որովհետև այսպիսի հարաբերությունների մեջ քուրդը գործ չէ դնում իր սուրը և մարմնական ուժը, որ նրա մեջ շատ զարգացած են, այլ նա բանեցնում է իր հմտությունը և խելքը, որոնք նրա մեջ խիստ թույլ են:

Քուրդը խաբեբա չէ. նա հավատարիմ է իր խոստմունքը կատարելու մեջ: Նա մնում է միշտ ճիշտ իր պարտքը վճարելու մեջ: Վճարել այն, ինչ որ պարտքով էր առած, և կողոպտել ուրիշի սեփականությունըերկուսն էլ միօրինակ սուրբ են նրա համար: Առաջինի մեջ նա պահպանում է իր պատիվը և խոսքը, իսկ, երկրորդի մեջ` իրավունքը և արդարությունը: Որովհետև քրդի համար ոչինչ ընդդեմ չէ իրավունքի և արդարության, երբ նա սեփականացուցած էր սրի և հաղթության ուժով: Սուրը և հաղթությունը արդարության կշիռն է նրա և իր հակառակորդի մեջ:

Այսպես է վարվում ամեն մի ավազակ. այսպես է վարվում ամեն մի հասարակություն, որ նույն բնավորությունն ունի. այսպես է վարվում մի ամբողջ պետություն, որ ավազակի դեր է խաղում...

Այսքանը բավական համարելով քրդի բնավորության և ընտանեկան կենցաղավարության մասին, դառնանք այժմ դեպի նրա քաղաքական կյանքի կազմակերպությունը:

Քրդերի ցեղերը կառավարվում էին իրանց էլ-աղասիների (ցեղապետների) և շեյխերի (դենպետների) գլխավորությամբ:

Ցեղապետը, որ կոչվում է «միրե» (տեր), չէ նշանակվում ընտրողական սկիզբներով. նա, որպես ցեղի նահապետը, սերունդից սերունդ, տիրում է ժառանգաբար: Ամբողջ ցեղը հպատակվում է նրա իշխանությանը խոնարհ, որդիական հնազանդությամբ. նրա սուրը, նրա ձեռքը, նրա կյանքը միշտ պատրաստ են ծառայելու պետի կամքին և հաճույքին, որքան և չար կամ բարբարոսական լինեին նրանք: Ցեղապետն է վճռում իր ժողովրդի վեճերը, նա է բաժանում ավարը հափշտակողների մեջ, նա է առաջնորդում իր ցեղին կռվի ժամանակ, նա է ուղարկում խումբերը ավարառության համար: Ցեղապետը ամեն առավոտ իր չադրի մեջ նստած, ընդունում է ցեղի նշանավոր տղամարդերին, որոնք իրանց զինվորական ամբողջ կազմվածքով, ներկայանում են նրան, լսելու պետի պատվերները: Այնտեղ ծխում են հյուրասիրության չիբուխը, խմում են մի-մի ֆինջան դառն զահվե: Մի այսպիսի «սալամը» կատարվում է ամեն առավոտ իր բոլոր ճշտությամբ:

Իսկ շեյխերը նշանակվում են գլխավոր դենպետից. նրանք ունեն իրանց մուֆթիները և ղազիները: Շեյխերը կատարում են ցեղի կրոնական պահանջները, որպիսի են` ամուսնություն, թլպատություն և հրապարակական նամազ: Իսկ կռիվների մեջ նրանք մասնակցում են որպես զինվոր, բայց ավարառությանց մեջ` որպես ավազակապետ: Այսուամենայնիվ նրանք վայելում են ցեղի համակրութ-յունը նույն չափով, որքան ջերմ էր կրոնական զգացմունքը մի պարզ և կիսավայրենի ժողովրդի մեջ, որպես էր քուրդը:

Տարոնի և Վասպուրականի ամբողջ նահանգները բաժանված էին քրդերի զանազան ցեղերի մեջ: Իսկ յուրաքանչյուր ցեղի մեջ երկրի բաժանմունքը ամենախոշոր մասներից հասնում էր իր ամենափոքր մանրերորդին: Այսինքն, սկսյալ մի գավառից, մի փոքրիկ վիճակից և մինչև անգամ մի գյուղից և մի ընտանիքից, յուրաքանչյուրն առանձին-առանձին տերեր ունեին, և յուրաքանչյուր բաժինը հավասարվում էր տիրողի զորության բարձր կամ ստոր աստիճաններին:

Ռայանհպատակը, վճարում էր այլևայլ հարկեր հողի մշակության համար, իր անասունների համար, իր արհեստի համար, իր բնակության տեղի համար, իր գլխի համար, մի խոսքով, ամեն բանի համար, որ վերաբերում էին նրա կյանքի և ապրուստի անհրաժեշտություններին: Հարկերի չափը և նրանց քանակությունը ոչ կշիռ ունեին և ոչ սահման. դա կախված էր առնողի խղճմտանքից: Ռայայի տեր լինելու և հարկեր պահանջելու արտոնություն վայելողները կոչվում էին խաֆիր կամ դարաբեյիններ: Դրանք ցեղի մեջ որևիցե նշանակություն ունեցող ազնվական մարդիկ էին: Օրինակ, գլխավոր ցեղապետը ունի իր ազգակիցները կամ պաշտոնակալները, նրանց ապրուստի համար տալիս է մի կամ ավելի գյուղեր, որոնց հասույթով պետք է կառավարվեն նրանք. այսպիսիները ստանում են խաֆիրության իրավունք: Նույնիսկ պաշտոնականները կամ ցեղապետի ազգակիցներն ունեն ծառաներ կամ սպասավորներ. նրանց ռոճիկի փոխարեն տալիս են իրանց ստացած գյուղերից մի կամ շատ ընտանիքներ որպես ծուխ, և այն ծառան վարվում է նույն ընտանիքների հետ, որպես իր սեփականության կամ հպատակների հետ: Ահա՛ պատճառը, որ երկրի բաժանմունքը, սկսյալ ամենախոշոր կտորներից, հասնում էր մի ընտանիքի:

Որպես իշխանությունը, սկսյալ ցեղապետից, աստիճանաբար իջնում էր մինչև վերջին սպասավորը, նույնպես և սեփականության իրավունքը, սկսյալ երկրի խոշոր կտորներից, հասնում էր նրա ամենափոքր մասին:

Բայց երկիրը աղաների (խաֆիրների) տոհմային կամ կալվածական ժառանգությունը չէր, այլ նա սեփականացուցած էր սրի ուժով. այս պատճառով, նա անդադար անցնում էր մի տիրապետողից դեպի մյուսը, որի սուրն ավելի զորություն էր ստանում:

Եվ այսպես, պատերազմը տիրողների մեջ դառնում էր մշտական, անընդհատելի:

Պատերազմների ժամանակ, յուրաքանչյուր հակառակ կողմերի, թե հաղթության և թե հաղթվելու միջոցին, բնակիչների վիճակը սարսափելի էր: Օրինակ, մի ցեղ կամենում է խլել մյուս ցեղի ձեռքից երկրի այս կամ այն մասը նա կամ հաղթելով տիրում է, կամ ավար առնելով, թալանելով ամեն հանդիպածը, ետ է դառնում: Այսպիսի դեպքերում ժողովուրդը թողնում է իր տունը, տեղը, մշակության դաշտերը, և իր գլուխը միայն ազատելու համար, պատսպարվում է լեռների անմատչելի տեղերում: Կռիվը տևում է երկար: Անասունները, անտեր մնալով, թշնամին կողոպտում է. հունձքը, անխնամ մնալով, չորանում է, ոչնչանում է, և կռիվներից հետո վրա է հասնում մի նոր, ամենասարսափելի թշնամի-սովը:

Ժողովուրդը միշտ գտնվում էր անվերջ երկյուղի և հուսահատության մեջ: Նա չգիտեր, թե էգուց կարո՞ղ է հանգիստ լինել, որովհետև թշնամին միշտ կանգնած էր որպես ասում են` նրա քամակին: Կռիվների փոթորիկների մեջ եթե մի անգամ զրկվեցան նրա մշակությունները բերքից, մյուս օրը նա ուտելու հաց չուներ: Որովհետև նա ապագայի համար պաշար չէ պահում, նախ, որ ապահով տեղ չունի պահելու, երկրորդ, ավելորդ ծանրությունը միշտ արգելում է նրա փախուստը թշնամու ձեռքից, երբ նա աշխատում է ազատել իր գլուխը միայն:

Կռիվները, ժողովրդի անդադար անցնելը մեկ տիրապետողից դեպի մյուսը, սպառում էին բնակիչների կյանքը սրով, կրակով և սովով:

Հանկարծ երկրի նախկին տիրապետողն իրան հաղթված է համարում. որպեսզի նա հաղթողի համար շահվելու ոչինչ չթողնե, հրդեհում է ամբողջ գյուղորայք, ավերում է քաղաքները, կրակ է տալիս հասունացած հունձքերին, և բոլորովին անապատ դարձնելով երկիրը, որ պատկանում էր իրան, այնպես թողնում է և հեռանում: Այսպիսի հանգամանքներում քուրդը կորցնելու ոչինչ չուներ, որովհետև նա մի ժամանակավոր հյուր էր. իսկ այն բոլոր կրակի նյութ դարձած շինությունները պատկանում են հայ կամ օտարազգի բնակիչներին. այն բոլոր մշակությանց արդյունաբերությունը նրանց ձեռքերի վաստակն է: Նույն բարբարոսությամբ վարվում էր և հարձակվողը, երբ տեսնում էր թե տիրելու անկարող է: Նա խույս էր տալիս կռվի դաշտից, իր հետքից թողնելով ավերակներ և ամայություն:

Ժողովուրդը միշտ գտնվում էր նույն դրության մեջ, որպես մի թռչուն, որի բույնը քանդված էր չար երեխայի ձեռքով. նա նստած է միշտ օրորվող տերևի վրա և չգիտե ի՞նչ անե: Բնակիչը սիրտ չուներ կրկին նորոգելու իր խրճիթը, որովհետև մտածում էր` արդյոք երկա՞ր կարող է բնակվել նրա մեջ. սիրտ չուներ մյուս անգամ ցանել իր արտը, որովհետև հույս չուներ, թե կհաջողվի՞ իրան քաղել իր հունձքը: Նրա տան շարժական իրեղենները միշտ թաղված էին հողի մեջ կամ նրանց համար հատուկ շինված ստորերկրյա պահարաններում, որպեսզի, փախուստների ժամանակ թշնամու ձեռքը չընկնեն: Բայց հաջողվո՞ւմ էր նրան մյուս անգամ դուրս բերել իր կայքը գերեզմանից, — խիստ հազիվ, որովհետև շատ անգամ թաքցնողը, հանդիպելով թշնամուն, զրկվում էր կյանքից և իր պահարանի գաղտնիքը տանում էր դեպի մյուս աշխարհը: Այս է պատճառը, որ Հայաստանում մինչև այսօր գետինը փորելու ժամանակ գտնվում են այնքան շատ պղնձե, երկաթե իրեղեններ, կանանց զարդեր. դրանք պատերազմների միջոցներում թաքցրած կայքեր են, որոնց տերերն իրանց հետ իջել էին գերեզման:

Այսպես էր այն ժամանակ հայի վիճակը Տարոնի և Վասպուրականի մեջ, նրա դժբախտությունն ավելի նրանումն էր կայանում, որ տիրող բռնավորը-քուրդըերկրի տերը չէր, այլ զանազան թափառական ցեղերից բաղկացած մի ամբոխ, որ կատաղի մրրիկի նման, տարուբերվում էր երկրի մի կողմից դեպի մյուսը, ոչնչացնելով ամեն կենդանություն, ամեն ինչ, որ արդյունաբերել էր արհեստը և մարդու աշխատասեր ձեռքը:

Քուրդը պետական փառասիրություն չուներ, և ոչ հասկանալի էր նրան աշխարհակալության հպարտությունը: Նա նայում էր իր նվաճած ժողովրդի վրա, որպես այն սարերի խոտերի վրա, ուր արածում էին նրա անասունները: Մեկըժողովուրդը-մատակարարում էր իրա` քրդի պիտույքները, մյուսը-սարերի խոտերը ճարակ էին տալիս նրա հոտերին, որպես վերջինի աճեցնելու և մշակելու համար նա հոգ չէր տանում, նույնպես և ժողովուրդը խնամելու մասին նա չէր մտածում: Քուրդը վստահ էր, թե աշխարհի մեջ ամեն տեղ բաց է նրա ասպարեզը, ամեն տեղ կարող է գտնել այս տեսակ արոտներ, քանի իր սուրը կտրում է, քանի իր թևքը շարժվում է:

Հաջորդ էջ