Րաֆֆի՝   Կայծեր, մաս 1

Կարծես, մի այսպիսի հասարակության մեջ էի ընկել ես: Ինձանից էլ խոստում առին, որ ամեն բան, ինչ որ կտեսնեմ, ինչ որ կլսեմ, մոռացության տամ: Ես կատարեցի իմ խոստմունքը: Իսկ այս տողերը, որ գրում եմ այժմ, — գրում եմ ուղիղ հիսուն տարուց հետո, երբ այն անձինքը այլևս աշխարհի երեսին չեն մնացած, երբ նրանց գործունեությունը հայտնվեցավ և անհետացավ մի կարճատև փոթորիկի նման...

ԺԴ

ՁԻ

Դեռ երեխայությունից ես ձի նստելու սաստիկ սեր ունեի. այն ժամանակ այս ցանկությունը լցուցանում էի, հեծնելով փայտյա երկայն ձողի վրա, և ամբողջ ժամերով վազեցնում էի մեր բակում: Հետո, երբ փոքր-ինչ մեծացա, իմ փայտյա նժույգին փոխարինեցին կենդանի արարածներ: Մեր հորթերը հանգստություն չունեին ինձանից, և մինչև անգամ ահագին գայլանման Մըրոնմեր շունըերբեմն ստիպված էր ծառայել իմ զվարճություններին: Ես բռնում էի նրա երկայն ականջներից, թռչում էի մեջքի վրա, և խեղճ շունը բարեսրտությամբ ներում էր իմ հիմարություններին, գնում էր դեպի այն կողմը, ուր որ ես շուռ էի տալիս:

Երբ տասն տարեկան էի, ամեն երեկո անհամբերությամբ սպասում էի տավարների նախիրի արոտից վերադառնալուն: Հենց որ հեռվից նկատում էի մեծ ճանապարհի վրա փոշու ամպերի բարձրանալը, վազում էի նախիրի առջև, բռնում էի ավանակներից մեկին, նստում էի նրա մեջքի վրա: Ա՜խ, ո՛րքան ուրախանում էի ես, երբ իմ Պեգասը վազում էր հեռու և հեռու դաշտերի մեջ...: Իսկ հետո ավանակներին փոխարինեցին մատակ ձիաները: Առանց սարսափելու չէր կարելի նայել ինձ վրա, երբ ես դևի նման բռնած վայրենի մատակի բաշից, մրրիկի պես պտտեցնում էի մերկ և առանց սանձի ձիուն: Հովիվները բարկանում էին, զգուշացնում էին ինձ, բայց ի՞նչ ուշադրություն կդարձներ նրանց խոսքերին հանդուգն և զվարճասեր մանուկը...

Բայց ո՜րքան անգամ վեր ընկա ես... ո՜րքան անգամ ձեռքս, ոտքս կոտրեցի... ո՜րքան անգամ երեսս ջարդված, արյունաթաթախ տուն են բերել ինձ...: Մայրս լաց էր լինում, ասում էր` «ուր ես ադամորդու զարմ չեմ», թե ես «սատանայի ծնունդ եմ», թե ես «մի փորձանքով պիտի մեռնեմ», կամ գետի մեջ կխեղդվեմ, կամ ծառից, կամ ժայռից վեր կընկնեմ և կամ դաշտի գազանները կուտեն ինձ... Մայրս գնում էր, վարդապետիս պատմում էր իմ անկարգությունները, բայց ոչ նրա «ֆալախկան», ոչ նրա «խրատը» և ոչ «աղյուսի կտորտանքը» — ոչ մեկը չկարողացան զսպել ինձ մանկական խաղերից, որոնք այնպես սաստիկ կերպով արգելված էին աշակերտներին:

Նույնպիսի սեր ունեի ես դեպի հրացան գործիքները: Երևակայեցեք այն ուրախությունը, երբ իմ մանկական երկու ամենագլխավոր բաղձանքները իրագործվեցան. — ես այժմ ունեի ձի և զենքեր:

Նույն ավուր երեկոյան պահուն, որի առավոտյան ժամանակ ես ավերակների մեջ հանդիպեցի բոշա կնոջ հետ, կրկին հայտնվեցան երկու զեյթունցիները, որոնց մեկին կոչում էին Մուրադ, մյուսին Ջալլադ: Նրանք բերեցին իրանց հետ չորս գեղեցիկ ձիաներ: Երևում էր, այդ ձիաները մեզանից փոքր-ինչ հեռու գտնված լեռների մեջ պահում էին, որովհետև ավերակների մոտ արոտ չկար: Կարոն ինձ իր մոտ կանչեց, և հանձնելով ձիերից մեկի սանձը, ասաց.

Ահա քո ձին, ես գիտեմ, որ դու անվարժ չես լինի դրան զսպելու մեջ:

Հետո, տալով ինձ մի հրացան, մի զույգ ատրճանակ և մի թուր, ավելացրեց.

Ահա քո զենքերը, դրանց բանեցնելու մեջ դու նույնպես անվարժ չես մնա:

Ես ուրախությունից այն աստիճան շփոթվեցա, որ մի խոսք անգամ չգտա շնորհակալությունս հայտնելու միայն երեխայի նման փաթաթվեցա նրա վզովը և սկսեցի համբուրել: Ես երևակայում էի, թե աշխարհի բոլոր թագավորությունները ինձ են տված:

Կարոն տվեց ինձ և մի ձեռք շոր, պատվիրեց հագուստս փոխել: Իմ նոր հագուստի մեջ ոչ թե մայրս, ոչ թե տեր Թոդիկը, այլ սատանան ևս չէր կարող ճանաչել ինձ: Ես այժմ իմ հագուստով բոլորովին նման էի ընկերներիս:

Դե՛, նստիր, — ասաց Կարոն, ինքն նույնպես իր ձին հեծնելով:

Ասլանը և Սագոն արդեն ձիավորված էին: Մենք ճանապարհ ընկանք: Երկու զեյթունցիները մնացին մինարեթի մեջ, երևի, այն պատերազմական մթերքը պահելու համար, որը ես ցերեկով տեսել էի աշտարակի վերին հարկում:

Արեգակի վերջին շառավիղները դեռ խաղ էին անում մինարեթի կապույտ մոզայիկների հետ, երբ մենք բաժանվեցանք այդ հսկա շինվածքից: Ես իմ ստացած նոր ընծաներով այնքան գրավված էի, մինչև անգամ ընկերներիցս չհարցրի, թե ո՞ւր ենք գնում: Իմ գեղեցիկ նժույգը ընթանում էր արագ, որպես մարդու միտքը. իմ զենքերը շողշողում էին փառավոր, սպառնական լուսով:

Կարոն չսխալվեցավ իր կարծիքի մեջ, այո՛, ես այնքան հմուտ էի զենքերի գործածության մեջ, որքան ձի հեծնելում: Շատ քիչ էր պատահում, որ իմ գնդակը շեղվեր նպատակից, որովհետև ես որսորդ Ավոյի թեև փոքրիկ, բայց լավ աշակերտն էի, — աշակերտը այն մարդու, որի անվան հետ կապված էին այնքան սարսափելի պատմություններ...: Բայց նա մնաց միշտ բարի դեպի ինձ և դեպի մեր ընտանիքը: Նրա տնում միշտ գտնվում էր իմ համար մի ավելորդ հրացան, որով ես փորձեր էի անում: Առաջին փորձը արեցի մեր հավերի վրա. մայրս ինձ շատ անիծեց, երբ տեսավ, որ իր սիրելի վառեկներից մեկը թավալվում էր մեր բակի մեջ: Նա իսկույն վազեց վարժապետի մոտ բողոքելու...

Իսկ երբ որսորդը իր ընտանիքով թողեց մեր քաղաքը, մայրս մասամբ ուրախ էր, որ ազատվեցավ մի այսպիսի դրացուց, որը նրա կարծիքով, իր որդուն փչացնում էր, խելքից հանում էր: Բայց ես երկար չէի կարող մոռանալ բարեսիրտ Ավոյին, որի պատմություններն իր որսորդական կյանքից այնքան հետաքրքրում էին, այնքան ոգևորում էին ինձ...

Բայց ո՜րքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ ճանապարհին Սագոն դարձավ ինձ այս խոսքերով.

Գիտե՞ս, ուր ենք գնում, Ֆարհատ:

Ինձ ոչինչ չէ ասել Կարոն, — պատասխանեցի ես:

Դու հիշո՞ւմ ես որսորդ Ավոյին, այն լուռ, միշտ խոժոռ մարդուն, որ մի ժամանակ ձեր դրացին էր. մենք գնում ենք նրա տունը: Տե՛ս, այն սարերի մեջն է բնակվում նա:

Սագոն ձեռքը մեկնեց դեպի արևմուտք, կարծես, ես գիշերային խավարի մեջ կարող էի տեսնել նրա ցույց տված տեղը:

Հիշում եմ, — պատասխանեցի ես մի առանձին բավականությամբ: — Հիմա բոլորովին ծերացած կլինի Ավոն, տասներկու տարի է, որ չեմ տեսել նրան:

Հին վիշապները շուտ չեն պառավում: Դու կտեսնես նրան շատ քիչ փոխված, — ասաց Սագոն իր սովորական հեգնական եղանակով: — Բայց մի՛տդ է, Ֆարհատ, Ավոյի որդեգիրը` Հասոն, որին մենք դպրոցում կոչում էինք «էշի փալան»:

Որին մեր վարժապետը կոչում էր «սատկած», — ավելացրի ես, — որը ոչինչ չէր սովորում և շուտ հոգնում էր, երբ ման գալու էինք գնում. աշակերտները շատ անգամ ստիպված էին շալակել նրան և ետ բերել դաշտից:

Հենց նա, գտար. բայց հիմա որ տեսնես, չես ճանաչի, այնքան հաստացել է, սարի արջ է դարձել. երևի, վրա եկավ լեռնային օդը:

Ի՞նչ է շինում:

Գրողը տանի նրան, հիմա տուն ու տեղի տեր է դարձել, վար է վարում, ցանք է անում. կնիկ ունի. ամեն տարի երկու հատ ծնվում են. տունը լիքն է երեխաներով. ճանճերի նման վժվժում են:

Էլի այնպես մաղձո՞տ է, որպես առաջ:

Հիմա օրինավոր մարդ է դարձել. իստակ հոգի է տալիս, երբ նրա տունն ես մտնում. ուզում է` ինչ որ ունե, ինչ որ չունե, քեզ ուտացնել ու այնպես ճանապարհ դնե:

Ուրեմն հարո՞ւստ է:

Գութան ունի, անասուններ ունի. հենց ես ու դուն մնացինք առանց ոչնչի, Ֆարհատ:

Ինձ ամենից ավելի հետաքրքրում էր Մարոն, որսորդի աղջիկը, ցանկանում էի նախքան տեսնելս նրա մասին որևիցե տեղեկություն ստանալ:

Բայց Մարո՞ն, — հարցրի ես:

Մարո՜ն... — կրկնեց Սագոն մի առանձին ոգևորությամբ, — այժմ այդ սև դևիկը իր թուխ աչքերով բոլորովին խելքից հանում է մարդուն...: Սատանա՜ն տանի նրան, էլի այնպես կծում է... էլի այնպես ճանկռտում է, որպես առաջ...

Նա միշտ կատվի բնավորություն ուներ:

Չգիտեմ ինչո՞ւ Սագոն ընկավ խորին տրտմության մեջ, երբ Մարոյի անունը մեջ մտավ: Նա վառեց իր ծխաքարշը, սկսեց ծխել: Հետո, երևի, առաջին խոսակցությունը մոռացության տալու համար, առաջարկեց ինձ ծխաքարշը ասելով.

Առ, ծխի՛ր այդ «սատանայի բուրվառը»:

Ես հայտնեցի, թե ծխելու սովորություն չունեմ:

— «Ղարաչիների օբաներում ճգնավորություն չեն անում»... — պատասխանեց նա ծիծաղելով:

Ես չհասկացա, թե ինչ էր ուզում ասել:

Շատ հասկանալի է, — ասաց նա, — սոֆիները, որ սկզբում չեն ծխում, հետո սկսում են ծխախոտ ծամել. ավելացնում են դրա վրա և աֆիոն ուտելը: Այսպես է լինում ամեն պահեցողների վերջը:

Ես ընդունեցի նրա ձեռքից ծխաքարշը, ճշմարիտ, նա դուր եկավ ինձ, թեև առաջին անգամն էր, որ ծխում էի:

Հա՛, այդպես, — ասաց նա մի առանձին հաճությամբ, — օրինավոր բան տեսար, մարդուն էլ է դուր գալիս, նրա ստեղծողին էլ:

Սագոն իր ծխաքարշը ընծայեց ինձ, ասելով թե ինքը երկու հատ ունի, և խնդրեց, իջևան հասնելու ժամանակ նրան հիշեցնեմ, որ ինձ ծխախոտ տա: Նա հավատացնում էր, որ առանց ծխախոտի, առանց արաղի ճանապարհորդությունը կյանք չունի: Այդ պատճառով, ես չդժվարացա ընդունել նրա ձեռքից արաղի շիշը, որ մի փոքր խուրջինի մեջ դրած, քարշ էր տվել իր ձիու թամքի ղաշից: Թեև իմ կյանքում ամենևին արաղ խմած չէի, բայց մի քանի կաթիլ կուլ տալով, շիշը ետ տվեցի. ինձ երևաց, թե բերանս կրակով այրեցին: Սագոն բավական խմեց:

Տաքացնում է, — ասաց նա, — այնտեղ, այն սարերի բարձրավանդակների վրա ցուրտ կլինի:

Եվ իրավ, քանի վեր էինք բարձրանում դեպի լեռան զառիվերը, գիշերային հովությունը այնքան զգալի էր դառնում: Մեր փոքրիկ քարավանը առաջ էր գնում ամենայն եռանդով: Ձիերը այն աստիճան սովորած էին լեռնային անցքերին, որոնց միջով վայրենի այծերը դժվարությամբ կարող էին անց կենալ: Մեր ճանապարհն ընկած էր նեղ կիրճերի միջով, ուր անհավասար, ալիքավոր դարուփոսերի և սարսափելի ելևէջների պատճառով, երբեմն ստիպված էինք ցած իջնել ձիերից: Այդ սաստիկ հոգնեցրեց ինձ: Բայց Սագոն հոգնություն չէր զգում. կարծես, ժայռերը, ապառաժներն իրանց սոսկալի պտույտներով ավելի ոգևորում էին նրան: Կարոն և Ասլանը գնում էին մեզանից քանի քայլ առաջ: Նրանք ինչ-որ բանի մասին տաք-տաք խոսում էին: Քամին, որ սկսեց փլել բարձրավանդակների վրա, չէր թողնում, որ նրանց ձայնը լսելի լիներ: Սագոն խոսում էր ինձ հետ, առանց լռելու, զանազան խառն և անկապ առարկաների վրա: Բայց որքան ես աշխատեցի նրանից որևիցե տեղեկություն դուրս քաշել իրանց անցյալ կյանքի մասին, օտար երկրներում, — նա մնաց միշտ զգույշ և ոչինչ չհաղորդեց ինձ:

Բայց ո՜րքան դյութական ազդեցություն ունի լեռը, այն ևս հայկական ահավոր, սքանչելի լեռը: Այդ ազդեցության ոգևորությունը ես իսկույն նկատեցի Սագոյի մեջ, երբ նա սկսեց իր գեղեցիկ ձայնով եղանակել մի փոքրիկ երգ:

ԺԵ

ՈՐՍՈՐԴԻ ՏՆԱԿԸ

Գիշերը մոտենում էր իր վախճանին, երբ հասանք Կ... գյուղը, որ գտնվում էր Դուշմանա լեռների մեջ: Անդադար հարձակումները այդ լեռներից Սալմաստ գավառի վրա` առիթ էր ավել տեղացիներին այսպես կոչել նրանց: Դուշմանա լեռներ նշանակում է թշնամու լեռներ:

Գյուղից դուրս, բլուրի վրա, միայնակ կանգնած էր փոքրիկ տնակ, որի պատուհաններից մեկը այն ուշ գիշերային պահուն լուսավորված էր մռայլ լուսով: Աղոտ լույսը քաշեց մեր քարավանը դեպի իր կողմը: Մենք կանգնեցանք մի քանի քայլ հեռու, միայն Կարոն մոտեցավ տնակին: Չգիտեմ նա ի՞նչ խոսեց, ի՞նչ ասաց, միայն այն տեսա, քանի րոպեից հետո բակի դռները բացվեցան, շեմքի վրա հայտնվեցավ մի ահագին կերպարանք ճրագը ձեռին: Որքան և նսեմացած լիներ իմ հիշողությունը, դարձյալ ես այն կերպարանքի մեջ ճանաչեցի որսորդ Ավոյին:

Կարոն նշան արեց իր ընկերներին, բոլորը մոտեցան: Մեր առաջին հոգսը եղավ հանգստացնել ձիաները: Ախոռատան քնաթաթախ սպասավորին, երևի, շատ հաճելի չեղավ տարաժամ հյուրերի այցելությունը. նա մրթմրթալով դուրս եկավ իր դարանից, — «Ո՞ր սատանան էս վախտը դուրս կգա իր բունից» — խոսեց քնթի տակից և սկսեց ձիաները ներս քաշել դեպի փարախը: Դա իմ նախածանոթ Մըհեն էր, որ առաջ աջակցում էր Ավոյին նրա որսորդությունների մեջ, իսկ այժմ մի աստիճան ևս բարձրացել էր իր պաշտոնի մեջ, դառնալով անասունների վերակացու: Տղերքը այն աստիճան սովորած էին նրան, որ ամենևին ուշադրություն չդարձրին նրա դժգոհությանը և պատվիրեցին շատ գարի և դարման տա ձիաներին:

Մըհեն գիտե, ասել պետք չէ, քսան տարի է, Մըհեն ձիաների հետ գործ ունի, — պատասխանեց նա խռպոտ ձայնով և դիմեց դեպի մարագը:

Որսորդի տնակը, բացի ախոռատնից, բաղկանում էր մի քանի փոքրիկ սենյակներից, որոնցից մեկը պատրաստված էր հյուրերի համար. երբ ճրագ վառեցին, ամենքը հավաքվեցան այնտեղ: Շուտով հայտնվեցավ և տանուտերը, որ բակում Կարոյի հետ մեզ անլսելի ձայնով խոսում էր:

Դ՛ե , շուտ, Ավո, տղերքը ուտել են ուզում, — դարձավ դեպի նա Կարոն:

Գայլի նման, — վրա բերեց Սագոն, — ինչ «հոգու բաժին» ունես, ամենը, ամենը բե՛ր:

— «Տարաժամ հյուրը իր բախտից պետք է գանգատվի», — պատասխանեց որսորդը թուրքերեն առածով: — Աստուծո տվածից ինչ ունեմ, կբերեմ:

Ո՞ւր են, ոչ մեկը չէ երևում, — հարցրեց Ասլանը:

Հասոն դաշտումն է, նա իր անասուններն է պահում. անիծված քրդերը իստակ կատաղել են, հենց որ աչքդ հեռացնում ես, էլ ապրանքիդ տերը չես: Մարոն քնած է, ես նրան կզարթեցնեմ:

Նա դուրս գնաց ընթրիք պատրաստել տալու:

Ես մնացի աննկատելի: Ընկերներիցս ոչ ոք չխոսեց որսորդի հետ իմ մասին. իսկ ես ամաչում էի, որ մոտենամ, նրա ձեռքը համբուրեմ ու ասեմ` ես քո Ֆարհատն եմ, դու միշտ սիրել ես ինձ:

Բայց ինչո՞ւ ես .այնքան ուրախացա, երբ նա խոստացավ զարթեցնել Մարոյին, ինչո՞ւ իմ աչքերն այնպես անհամբերությամբ նայում էին դեպի դուռը, որտեղից նա պետք է ներս մտներ: Ա՜խ, ո՛րքան սիրելի է լինում մանկության ընկերը, մանկության անմեղ բարեկամը:

Տղերքը մի կողմ դրեցին իրանց զենքերը, նստեցին բուրդից գործած թանձր օթոցների վրա, որոնցով ծածկված էր սենյակի հատակը: Շատ չանցավ, ներս մտավ մի աղջիկ, որ ձեռքով երկու կողմից բռնած, բերում էր մի մեծ պղնձե սինի, որի վրա դրած էին` լավաշ, պանիր, եղջերուի սառը միս, մածուն, կարագ և լեռնային զանազան բանջարներ: Նա լուռ մոտեցավ, դրեց սինին հյուրերի առջև և նույնպես լռությամբ հեռացավ, առանց աչքերը այս կողմ կամ այն կողմ դարձնելու: Տղերքը բարևեցին նրան մի քանի սրախոսություններով, բայց նա ոչ մեկին չպատասխանեց:

Նա Մարոն էր:

Ամբողջ տասներկու տարի էր, որ չէի տեսել նրան: Ո՜րքան մեծացել էր նա, ո՜րպիսի ծանր կերպարանք էր ստացել այն մշտազվարթ, պայծառ դեմքը, որից մանկական ժպիտը երբեք պակաս չէր լինում: Տարիները փոխել էին նրան, փոխել էին դեպի ավելի գեղեցիկը և ավելի սքանչելին: Մարոն կրկին վերադարձավ. այս անգամ բերեց մի ահագին խեցեղեն ամանով գինի: Նրա աչքերը հանդիպեցան իմ աչքերին և խաղաղ դեմքի վրա երևաց խռովության նման մի բան: Նա իսկույն դուրս վազեց, երևի, հորը իմացում տալու իմ մասին:

Իմ ընկերները դեռ ինձ «մարդի» տեղ չէին դնում և այս պատճառով նրանցից ոչ մեկը չմտածեց ներկայացնել ինձ: Իսկ որսորդը այն աստիճան զբաղված էր իր հյուրերով, որ կամ չնկատեց ինձ, կամ տեսավ և չճանաչեց: Վերջինը ավելի հավանական էր:

Ո՞ւր է, — ձայն տվեց նա, շփոթված ներս մտնելով: — Ո՞ւր է Ֆարհատը:

Ես մոտեցա նրան:

Ֆարհատ ջան, դո՞ւն ես, քո հոգուն մատաղ, — բացականչեց նա ինձ գրկելով, և ուրախության արտասուքը ցողվեցավ ալեխառն մորուքի վրա: — Տղա՜ս, աստծու աչքը վրադ լինի, ո՛րքան մեծացել ես դու... ի՞նչ շնորհալի տղա ես դարձել... Կարո,որտեղի՞ց գտար դրան: Ես չէի ճանաչելու, եթե Մարոն չասեր:

Կարոն կարճ կերպով պատմեց, թե որտեղ և ինչ դրության մեք գտավ ինձ: Որսորդը սկսեց ծիծաղել:

Ես այդ սպասում էի, որ դու կփախչես այն անպիտանի մոտից, — ասաց նա, — բայց ափսո՜ս, որ երկար մնացիր այն «դժոխքի» մեջ:

Դժոխք կոչում էր որսորդը տեր Թոդիկի դպրոցին: Այդ խոսքը կրկին հիշեցրեց ինձ վաղեմի տանջանքները, որ առժամանակ մոռացության էի տվել:

Գեղեցիկ Մարոն հեռվից նայում էր հոր գգվանքին, կարծես, նա էլ ուզում էր մոտենալ ինձ, կարծես նրա փակված շրթունքի մեջ պահված էին ինձ համար մի քանի քաղցրիկ խոսքեր — «ես էլ ուրախ եմ, Ֆարհատ, շա՛տ ուրախ, քեզ տեսնելու համար»...: Բայց ոչ, հայ աղջկա ամոթխածությունը երկաթի փականք էր դրել նրա լեզվին, ես այս խոսքերը կարդում էի նրա ուրախությունից պայծառացած երեսի վրա:

Որսորդը սկսեց այնուհետև հարցնել մորս մասին, քույրերիս մասին, թե որպես ապրում են նրանք, ինչ վիճակի մեջ են գտնվում, ով է հոգ տանում նրանց անբախտությանը: Քաջալերեց ինձ, թե ես կարող էի օգնել նրանց, մխիթարել մորս և մտածել քույրերիս բախտավորության մասին: Նա ավելացրեց, թե շատ ուրախ է, տեսնելով, որ ես ընկել եմ Կարոյի հասարակության մեջ և թե այդ ընկերությունը կարող էր օգտավետ վախճանի հասցնել ինձ: Հետո նա դարձավ դեպի Մարոն.

Դու ինչո՞ւ մոտ չես գալիս, չես հարցնում Մարիամի, Մագթաղի մասին: Չէ՞ որ նրանք քո հին քույրիկներն էին. ամեն օր մեկմեկու ծամեր էիք փետտում, մեկ-մեկու երես էիք ծվատում էլի բարիշում էիք: Այդպես չէ՞, իմ կատվիկ, մոռացե՞լ ես, հա՛:

Ես հիշեցի այն գիշերը, այն ձմեռային սարսափելի գիշերը, երբ մրրիկը դրսում կատաղաբար մռնչում էր և ձյունը առատորեն մաղվում էր երկնքից: Մենք նստած էինք գերեզմանի պես ցուրտ խրճիթի մեջ: Մայրս կարում էր, ես վառարանի մոտ քրքրում էր հանգած կրակը: Մարիամը և Մագթաղը քնած էին: Աշտանակի վրա յուղը սպառված ճրագը պլպլում էր, որպես մի շնչավոր, որ հոգեվարքի մեջ է գտնվում: Հանկարծ դևի նման ներս վազեց Մարոն, ճարպիկ, աշխուժով լի մի երեխա, որի անմեղ չարություններն անգամ սիրելի էին մեզ: Ես հիշեցի, թե որպես քարշ ընկած մորս պարանոցին, հիմար-հիմար շատախոսում էր նա և տաք-տաք համբուրում էր մորս երեսը: Նա ուրախանում էր, որ ձյուն է գալիս, և մի առանձին երեխայական ոգևորությամբ ասում էր, վաղ առավոտյան կվազվզե նրա մեջ: Ես հիշեցի, թե որպես նա հարձակվեցավ քնած Մարիամի վրա, իր փոքրիկ ճանկերով բռնեց նրա կոկորդից, և կրկին կայծակի արագությամբ դուրս փախավ մեր խրճիթից:

Կրկին տեսնում էի այն կյանքով լի, վայրենի երեխային, այժմ հասուն, վայեչուչ կազմվածքով, կանգնած էր իմ առջև որպես մի լեռնային հրեշտակ: Նույն հրեղեն աչքերը և այժմ վառվում էին լի գեղեցիկ վրդովմունքով, նույն սևուկ երեսը իր դիվական ժպիտով և այժմ կախարդիչ էր:

Չնայելով հոր խոսքերին, Մարոն չմոտեցավ ինձ. միայն ծիծաղեց և սենյակից դուրս գնաց, հյուրերի համար մի նոր բան բերելու: Ամոթխածությունը ավելի իմ կողմի՞ց էր, թե նրա կողմից, — չեմ հիշում, միայն երկուսիս լեզուն էլ պապանձված էր: Ես չգիտեի, ինչ խոսել նրա հետ, դրա համար շատ ուրախացա, երբ Մարոն իր հեռանալով դուրս բերեց ինձ իմ նեղ դրությունից: Ես այն ժամանակ միայն զգացի իմ անշնորհքությունը, թե ո՛ր աստիճան անկիրթ էի, թե որքան կոշտ և կոպիտ պատրաստել էր ինձ դպրոցը:

Տղերքը հավաքվեցան ընթրիքի սեղանի շուրջը: Ավոն նույնպես նստեց մեզ մոտ: Մարոն սպասավորություն էր անում, անդադար ուտելիքներ և ըմպելիքներ ներս բերելով և դուրս տանելով: Երևում էր, որ տանուտերը առաջուց գիտեր իր հյուրերի գալուստը և կանխապես պատրաստություններ էր տեսել նրանց համար: Գյուղական ամեն տեսակ բարիքներից, ինչ որ կարող է մատակարարել երկրագործի և խաշնարածի տնտեսությունը, գտնվում էր սեղանի վրա:

Ընթրիքի ժամանակ ես դեռ նոր զննեցի ծերունի որսորդի, խորշոմներով պատած դեմքը, նրա գլխի և մորուքի ալևորած մազերը, որոնք առաջ, իմ տեսած ժամանակը, բոլորովին թուխ էին, իսկ այժմ այն երկաթի մարդը ծերացել, շատ և շատ փոխվել էր: Նա պահպանել էր միայն իր վաղեմի աշխույժը, եռանդի կենդանությունը և հոգու ազնվությունը, որպես մի բույս, որ թառամած, ցամաքած դրության մեջ ևս պահպանում է իր անուշահոտությունը:

Ֆարհատ, — ասաց նա ինձ, — երբ առավոտյան լույսը կծագի, կասեմ Մարոյին քեզ տանե մեր լեռների վրա ման ածե, և դու կտեսնես, թե ո՜րքան գեղեցիկ են մեր լեռները:

Իմ սիրտը թնդաց ուրախությունից, ես շատ էի սիրում լեռը. որպես դաշտային երկրի բնակիչ, լեռը միշտ ինձ վրա մի առանձին դյութական տպավորություն էր գործում: Բայց իմ ուրախությունը կրկնապատիկ եղավ, երբ մտածում էի, թե Մարոն պիտի առաջնորդե ինձ իմ լեռնային զբոսանքի ժամանակ: Ա՜խ, ե՛րբ պիտի լուսանար այդ գեղեցիկ առավոտը: Համոզված էի, որ Մարոն երկար պիտի խոսեր ինձ հետ, շատ բաներ պիտի հարցներ քույրերիս մասին, մորս մասին, իր բոլոր հին ծանոթների մասին: Բայց դեռ բավական ժամանակ կար մինչև առավոտը. աքաղաղները դեռ նոր էին սկսել երկրորդ անգամ կանչել:

Կ. գյուղը, ուր բնակվում էր ծերունի որսորդը, գտնվում էր Դուշմանա լեռների վրա, որոնք կազմում էին մի շղթա, որ բաժանում էլ Սալմաստը Հաղբակից: Վասպուրականի սարոտ գավառներից մեկն է Հաղբակը, որ իր երկարատև ձմեռով և հովասուն ամառով, թեև ավելի հարմարություն չունի երկրագործության, բայց իր խոտավետ արոտներով խիստ նպաստավոր է անասնապահության, որը ժողովրդի գլխավոր պարապմունքն է: Ամենաջերմ ամառները միայն կարող են հալել մշտական ձյունը սարերի գագաթից. օդը տոգորված է կազդուրիչ խոնավությամբ, և ձորերի միջով վազող վտակները և աղբյուրները երբեք չեն ցամաքում:

Հաղբակա սարերի վրա և ձորերի մեջ ցրված են հայոց բազմաթիվ գյուղեր, որոնք ներկայացնում են մարդու կեցության խորին-նախնական դրությունը: Գետնափոր տները` զանազան ոլորմոլոր ուղղությամբ` տարված են հողի տակով և ձևացնում են կատարյալ լաբիրինթոս. նրանց մեջ իրանց անասունների հետ բնակվում են մարդիկ պարզ, խաղաղական կյանքով: Ամենափորձյալ աչքն անգամ չէ կարող որոշել գետնափոր խրճիթները հողի տափարակ մակերևույթից, միայն վաղորդյան ծուխը, երթիկների ծակերից դուրս հոսվող ծուխը հիշեցնում է` թե այն ստորերկրյա խորշերի մեջ ապրում են մարդիկ...

Գարնան սկզբից բնակիչները իրանց հոտերի հետ գաղթում են դեպի հեռավոր սարերի արոտները, այնտեղ ապրում են վրանների տակ մինչև աշնան վերջը: Գյուղերը համարյա թե դատարակվում են տղամարդերից, գերդաստանի ծերունիքը միայն մնում են հսկելու տներին, որ ազատ պահեն նրանց չար ձեռքերի հրդեհելուց:

Բացի հայերից, Հաղբակա սարերի վրա թափառում են քրդերի զանազան խաշնարած ցեղեր, որոնք չունեն հաստատ բնակություն, այլ տարվա տաք ամիսները անցուցանում են բաց օդի տակ, իսկ ձմեռը զետեղվում են հայերի գյուղերում, և ամեն մի հայ ընտանիք պարտավորված է պահել մի քանի քուրդ գերդաստան նրանց անասունների հետ: Ծանրությունը և նեղությունը, որ կրում են հայերը այդ ինքնակոչ հյուրերից, հասնում է վերին աստիճանի անախոոժության: Թողնենք այն, որ տանտիրոջ կացարանն իր համար ևս նեղ և անբավական է, ուր մնաց որ նա ավելորդ մարդիկ ընդուներ յուր խրճիթի մեջ: Բայց անտանելին այն է, որ շատ անգամ ձմեռը տևում է ավելի երկար քան թե սովորականը, քուրդը սպառնում է իր պաշարը, այն ժամանակ հյուրընկալը պարտավոր է խնամել նորան և նրա անասուններին, մինչև սարերից ձյունը բարձրանա, խոտերը բուսնեն, և նա կարողանա այնուհետև ապրել աստուծո սեղանից: Տանուտիրոջ մի փոքր ընդդիմադրությունը կարող է նրա կյանքը վտանգի մեջ գցել հյուրի կողմից, որի զենքերը մարմնի անբաժան մասն են կազմում, և նրանց իր կրքերին համաձայն գործածելը` չէ արգելում ոչ մի օրենք և ոչ մի իրավունք:

Այս կիսավայրենի ազգը, որ կառավարվում է իր բեկերով և շեյխերով, պահպանել է բոլոր բարբարոսական հատկությունները մի ժողովրդի, որ չէ խոնարհվում ոչ մի իշխանության, և իր ազատությունը գտնում է իր սրի և իր կոպիտ բռնակալական ուժի մեջ: Իսկ նույն բռնության անբախտ զոհը է մի ազգ, որ վաղուց կորցրել է իր սուրը, որի մեջ վաղուց սպանվել է ազատության և ինքնապաշտպանության ոգին, որ իր գլուխը ամենայն հնազանդությամբ խոնարհեցնում է ամեն մի անիրավ ձեռքի ներքո...

ԺԶ

ՍԻՐԱՀԱՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ

Մյուս օրը ես զարթեցա խիստ ուշ: Ճանապարհի հոգնածությունը, որ առաջին անգամն էր իմ կյանքում, բաշխել էր ինձ հանգիստ և երկարատև քուն: Ընկերներիցս ոչ մեկը չկար այնտեղ, ես մենակ էի մնացել քնարանում: Իսկույն հագնվեցա և դուրս եկա, որ տեսնեմ ո՞ւր են գնացել նրանք:

Գեղեցի՜կ էր լեռնային առավոտը. ճնճղուկները տակավին չըկչըկում էին վարսագեղ ուռիների վրա, որոնցմով հովանավորված էր որսորդի տնակը, և արևի առաջին ճառագայթներով լուսավորված բակում հավերն ախորժանոք քաղում էին գետնից հունդերի հատիկները, որ ցրվում էր Մարոն:

Դուրս գալով իմ սենեկից, ես առաջին անգամ նկատեցի, որ Ավոյի տնակը թե իր շինվածքով և թե մաքրությամբ համարյա մի պալատ էր, գյուղի մյուս խրճիթների հետ համեմատելով: Նա կանգնած էր գետնի մակերևույթից բավականին բարձր. պարունակում էր իր մեջ մի քանի փոքրիկ սենյակներ, նեղ պատուհաններով, ուր ապակու փոխարեն լուսամուտները պատած էին թղթով: Պատերը թե ներսից և թե դրսից ծեփած էին սպիտակ կավով, որոնք շատ կոկելուց մի առանձին փայլ էին ստացել: Խրճթի մեկ մասը բաժանած էր անասունների համար, այնտեղ զետեղված էին` ախոռը, մարագը և ոչխարների գոմը:

Մարոն ինձ տեսնելով, մոտ վազեց և հեգնական ժպիտը երեսին, ասաց.

Տե՛ս, նրանք գնացին, քեզ այստեղ թողեցին, ի՜նչ տղա ես, այսքան էլ կքնե՞ն. կասես թե, շատ ճանապարհ է եկել, — մի օր և կես, այն էլ ձիով, — դրա համար հոգնել է... Ծո՛ւյլ: — Ես ոտով մինչև Բարդուղիմեոս գնացի, ինչքան հայրիկն ասաց, ձին չնստեցի, ուխտ էի արած: Երբ այնտեղ հասանք, չես հավատա Ֆարհատ, ողջ գիշերը չքնեցի, հենց պար էի գալիս և թռչկոտում...: Ա՜խ, ի՜նչ լավ էր այն գիշերը, ափսոս այնտեղ չէիր, Ֆարհատ: Ուխտավորները հենց ածում էին, ածում, «ջան գյուլում» ասում, ու խաղում էին մինչև լույս...:

Որքան ինձ ախորժելի էր լսել Մարոյից նրա ուխտագնացության ուրախալի, միևնույն ժամանակ անկապ պատմությունը, այսուամենայնիվ ես անհամբերությամբ նրա խոսքը կտրեցի, հարցնելով, թե ո՞ւր գնացին տղերքը և ինչո՞ւ ինձ թողեցին:

Նա ասաց, թե տղերքը տեսնելով, ես քնած եմ, թողեցին հանգստանալ, իրանք գնացին որսորդության. թե նրանք պատվիրեցին Մարոյին հայտնել ինձ` եթե ես ցանկություն կունենայի մասնակցել որսորդությանը, կարող էի գտնել նրանց Խանա-Սորի ձորի մեջ:

Կուզե՞ս ասեմ, որ Մըհեն քո ձին թամքե, — հարցրեց Մարոն: — Դու մի բան չե՞ս ուտի, ճանապարհը հեռու է, մինչև Խանա-Սորի ձորը, շատ հեռու է, կքաղցես: Ես հիմա կաթը տաքացրի, սերը քեզ համար պահեցի: Կուտե՞ս բերեմ:

«Քեզ համար պահեցի»... — այս խոսքերը հնչեցին իմ ականջին, որպես քրոջ խոսքեր իրանց բոլոր անուշահոտությամբ: Նա դեռ մտերիմ էր ինձ հետ, որպես առաջ, երբ դեռ երեխա էր, երբ իրանց տանից կերակուր էր բերում մեզ, որը բարի որսորդը բաժանում է իր աղքատ դրացու հետ:

Բե՛ր, կուտեմ, — պատասխանեցի ես: — Ինչո՞ւ հենց «ինձ համար» սերը, — հարցրի հետո:

— «Լավ է նոր սատանան, քան հին քահանան», — ասաց նա ծիծաղելով: — Կարոն և Ասլանը էլ այնքան երեսի տեղ չունեն, Սագոն խո զահլա է տանում. ես նրան համբերել չեմ կարող: Բայց մենք վաղվա ընկերներ ենք, այդպես չէ՞, Ֆարհատ:

Ես այդպես չէի մտածում, ես մտածում էի, երբ Մարոն ինձ տեսնե, կասե, դու իմ ընկերը չես, դու ինձ ծեծում էիր, երբ երեխա էի:

Ի՞նչ անենք, ես էլ Մարիամին ծեծում էի, մի օր երեսը ճանկռտեցի, արյուն դուրս եկավ. հիմա այնքա՜ն ուզում եմ, այնքան ուզում եմ, որ նրան տեսնեմ: Նա հիմա ինձ չի կանչի «բոշա». նա հիմա խելոքացել է, չէ՞, Ֆարհատ:

Ավելի, քան Մագթաղը: Բայց դու Մագթաղին շատ էիր սիրում:

Մագթաղը խեղճ երեխա էր, Մարիամը գազան էր. ա՜խ, աստված, մեկ օր չէր անցնի, որ մենք մեկ մեկու պատահելիս` չկռվենք: Ի՜նչքան հիմարներ էինք մենք...:

Վաղեմի հիշողությունները զարթնեցրին նրա մեջ տխուր զգացմունքներ, և ուրախ աղջկա պայծառ երեսը մռայլվեցավ սև թախիծներով:

Ա՜խ, ի՜նչ լավ էր Սալմաստը, Ֆարհատ, այն այգիները, այն պարտեզները... Այստեղ, այս սարերի մեջ մանր թուփերից ավելի ոչինչ չես տեսնի: Ա՜խ, ի՜նչ լավ էր այնտեղ:

Օ՜հ, ես իստակ մոռացա քո նախաճաշիկը... — ասաց նա և վազեց դեպի մերձակա սենյակը:

Ես մտա քնարանը, որ միևնույն ժամանակ տանուտիրոջ հյուրանոցն էր: Խաթունը, ծերունի որսորդի տնակալուչ պառավը, արդեն հավաքել էր իմ քնաշորերը և սենյակը սարքել էր: Պառավի հնացած աչքերը չկարողացան ճանաչել ինձ. նա խիստ կարճատես կերպով նայեց իմ երեսին, ինչ-որ փնթփնթաց քթի տակից, և դողդոջուն քայլերով դուրս գնաց:

Քանի րոպեից հետո, փոքրիկ փայտյա մատուցարանի վրա դրած, Մարոն ներս բերավ իմ նախաճաշիկը, որ բաղկանում էր սերից խառն մեղրի հետ. ես սկսեցի ուտել սպիտակ լավաշներով: Մարոն կանգնած էր իմ մոտ և պտտեցնում էր յուր «թեշին»: Կարծես, այն գեղեցիկ մատները չէին սովորել անգործ մնալ:

Ֆարհատ, դու շուտով չես գնա մեր տանից. այդպես չէ՞, — հարցրեց նա շարունակելով «թեշին» պտտեցնելը: — Ի՜նչ վատ բուրդ է, սատանան տանե, որքան աշխատում ես բարակ մանել, գլուխ չէ գալիս:

Դու ուզո՞ւմ ես, ձեզ մոտ մնամ:

Ինչո՞ւ չեմ ուզում: Բայց այստեղ լավ չէ գյուղումը. ես հայրիկին կասեմ մեզ տանե «օբան», այնտեղ լավ է, շա՜տ լավ է չադրների մեջ: Առավոտյան վեր ես կենում, մտիկ ես տալիս չորս կողմդ, ամեն տեղ կանաչ է, ծաղիկները վառվում են ուլունքների նման, գառները, ոչխարները թրթռում են դեպի արոտները...:

Սույն միջոցին հայտնվեցավ Մըհեի վիթխարի կերպարանքը, նա կիսով չափ կռանալով, անցավ դռնից և կանգնելով շեմքի մոտ, ասաց.

Ձին հազիր է, — և ծուռը կերպով նայելով Մարոյի երեսին, դուրս գնաց:

Հաջորդ էջ